Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների հանրապետությունում 2014 թվականի հունվար-մայիս ամիսներին գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 160.8 մլրդ դրամ, որը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 5.4 %-ով:
2014 թվականի մայիս ամսվա գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 49.5 մլրդ դրամ, որը գերազանցել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 8.6 %-ով, իսկ ընթացիկ տարվա մայիս ամսվա արտադրանքը գերազանցել է ապրիլ ամսվա արտադրանքի ծավալները 38.3 %-ով:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին
Կարծում եմ՝ կարիք չկա պարոն Արծվիկ Մինասյանին մեզնից պաշտպանելու. Էդուարդ Շարմազանով
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ԱԺ-ում Կուտակային կենսաթոշակների նասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու և կից ներկայացված նախագծերի փաթեթն ընդունելու մասին հարցի քննարկումների ժամանակ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն անդրադարձավ երեկվա նիստում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի արած հայտարարությանը, թե ՛՛ՀԱԿ որոշ ներկայացուցիչներ փչացնում են Արծվիկ Մինասյանի նման գյոզալ տղուն՛՛: Նա, մասնավորապես, թե ՀՀԿ-ն խոսելու իրավունք կունենա, եթե իր 70 հոգիանոց խմբակցությունում պեղի և գտնի գոնե հինգ պատգամավոր, ովքեր իրենց բանիմացությամբ, սրտացավությամբ, աշխասիրությամբ, էս պետության հանդեպ մտահոգությամբ կարող են համեմատվել Արծվիկ Մինասյանի հետ:
Աղվան Վարդանյանի ելույթից հետո նիստը վարող, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հարկ համարեց նշել. ՛՛Կարծում եմ՝ կարիք չկա պարոն Արծվիկ Մինասյանին մեզնից պաշտպանելու: Արծվիկ Մինասյանը մեզնից մեկն է, ինչպես մեզնից յուրաքանչյուրը. երեկ նիստը վարել եմ, և եթեխոսքը վերաբերում է Վահրամ Բաղդասարյանին, ապա նա որևէ անհարգալից վերաբերմունք Արծվիկ Մինասյանի նկատմամբ թույլ չի տվել՛՛:
«Փարկինգ Սիթի Սերվիս»-ը կվաճառի՞ իր բաժնետոմսերը
“Փարկինգ Սիթի Սերվիս” ՓԲ ընկերությունը իր գործունեության առաջին իսկ օրվանից իր առջև նպատակ է դրել, ներգրավվելով հանրապետության լավագույն մասնագետները և համաշխարհային շուկայում առկա արդի տեղեկատվակատ տեխնոլոգիաները, կառուցել էլեկտրոնային համակարգ, որը մաքսիմալ ավտոմատացված կերպով կսպասարկի Երևան քաղաքի վճարովի ավտոկայանատեղերը: Համաձայն՝ 04 ապրիլի 2013թ. Երևան քաղաքում ավտոկայանատեղերի կազմակերպման ծառայությունների մատուցման գնման պայմանագրի, ընկերությունը պարտավոր էր իրականացնել Երևան քաղաքի ավագանու կողմից սահմանված համայնքային սեփականություն հանդիսացող փողոցներում և հրապարակներում վճարովի ավտոկայանատեղերի պարտադիր կահավորում, էլեկտրոնային համակարգերի միջոցով կահավորում, ավտոկայանատեղի տուրքի նկատմամբ հսկողության իրականացում, կարգավարի և շրջիկ կարգավարի գործառույթների իրականացում, համաշխարհային շուկայում առկա լավագույն տեսախցիկների տեսահսկմամբ Երևան քաղաքի վճարովի ավտոկայանատեղերում կայանած տրանսպորտային միջոցների անվտանգության ապահովում: Նշված գործառույթների իրականացման համար 2013-2014թթ. ընթացքում “Փարկինգ Սիթի Սերվիս”ՓԲ ընկերությունը իրականացրել է հսկայածավալ ներդրումներ, ինչը հստակ կարելի է տեսնել ընկերության հաշվետվությններում և զեկույցներում:
“Փարկինգ Սիթի Սերվիս” ՓԲ ընկերությունը, հաշվի առնելով վերջին ժանանակշրջանում ընկերության գործունեությանը վերաբերող մամուլում տեղ գտած շահարկումերը, բազմաթիվ քաղաքական և ոչ քաղաքական գործիչների՝ հավաքագրված ավտոկայանատեղի տուրքի 70%-ը ընկերությանը հանձնելու արդյունքում ընկերության գեր շահույթ ստանալու հետ կապված տարբեր քաղաքական հարթակներում և ամբիոններում հնչեցրած իրականությանը չհամապատասխանող կարծիքները և տեսակետները, հայտարարում է ընկերության բաժնետոմսերի վաճառքի մասին: “Փարկինգ Սիթի Սերվիս” ՓԲ ընկերությունը պատրաստ է վաճառել իր բաժնետոմսերի 100%-ը բոլոր շահագրգռված, տարաբնույթ կարծիքներ և տեսակետներ արտահայտող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց՝ ընկերության կողմից արդեն իսկ իրականացրած ներդրումային գումարների չափով:
“Փարկինգ Սիթի Սերվիս” ՓԲԸ
Տնօրեն Վազգեն Հարությունյան
Երևանի Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ ԼՂՀ Մարդակերտի շրջանի «Ջրաբերդ» թերթի շնորհանդեսը
Սույն թվականի հունիսի 20-ին,Երևանի Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարդակերտի շրջանի «Ջրաբերդ» թերթի շնորհանդեսը: Շնորհանդեսին մասնակցում էին տարբեր խավերի ներկայացուցիչներ`Երևանի քաղաքապետարանի ներակայացուցիչներ,քաղաքագետներ,պատմաբաններ,նկարիչներ և այլք:
Բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ պատմաբան ,լրագրող Գևորգ Յազըճյանը: Նա մի քանի խոսքով ներկայացրեց տպագիր մամուլի անցած ուղին ու հեռանկարները,իսկ այնուհետև խմբագրությանն առաջարկեց սերտոորեն համագործակցել մտավորական խավի , սփյուռքի ,ինչպես նաև տեղի մտավորականության հետ`թերթը պարբերաբար հասցնելով նրանց: Նա նաև մեծ մտահոգություն հայտնեց,որ այսօրվա դժվար ու ինտերնետային պայմաններում քչերին է հաջողվում ծանոթանալ օրվա մամուլի ու լրատվության հետ,իսկ վերջում հույս հայտնեց,որ սերտորեն համագործակցելու է թերթի հետ`պարբերաբար իր աշխատություններն ու դրանց մասին նորություններն ուղարկելով խմբագրություն:
Այնուհետև ելույթ ունեցավ Իսահակյան կենտրոնական գրադարանի փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանն,ով բարի երթ մաղթեց թերթին ու շնորհավորեց անձնակազմին,նշելով ,որ այսուհետև գրադարանի ու խմբագրության միջև կապերն ավելի կսերտանան ,գրադարանի մամուլի բաժնում թերթի յուրաքանչյուր համարի համալրումով:
Հետո խոսեց Հայաստանի Առևտրա-Արդյունաբերական պալատի մամուլի բաժնի պետ Վրեժ Սարուխանյանն,ով իր խոսքում նշեց,որ հարկավոր է թերթում տեղադրել ինչպես տեղի ,այնպես էլ Հայաստանի բոլոր մտավորականների մասին տեղեկություններ:
Վերջում շնորհակալական խոսքով հանդես եկավ թերթի Հայաստանի արտահաստիքային թղթակից Գարիկ Ավետիսյանն,ով երախտագիտություն հայտնեց բոլորից ու հույս հայտնեց,որ այսուհետ կշարունակվեն խմբագրության կապերը մտավորական խավի ու գրադարանի միջև:
Մի քանի խոսքով ներկայացնենք թերթը` ԼՂՀ Մարտակերտի շրջանի «Ջրաբերդ» վարչակազմի պաշտոնաթերթը լույս է տեսնում 1932-ից (մինչև 1966-ը՝ «Սոցիալիզմի» ուղիով,1966-86-ին՝ «Բարեկամություն», 1986-ից «Ջրաբերդ):1992-93-ին բռնագաղթի պատճառով թերթը լույս է տեսել որոշակի ընդհատումներով:Թերթի էջերում լուսաբանվել են շրջանի սոցիալ-տնտեսական,կրթական, մշակույթային խնդիրները:«Արցախյան պատերազմի» տարիներին և հետագայում տպագրվել է նյութեր ինքնապաշտպանական և ազատագրական մարտերի,զոհված ազատամարտիկների,հերոսների, հրամանատարների, բռնագաղթի,շրջանի բնակավայրերի վերաբնակեցման, տնտեսության վերականգման և այլնի մասին:
Թերթի գլխավոր խմբագիրն է Լուսինե Զաքարյանը ,ով ջանք չխնայելով նպաստում է նրա կատարելագործելու ու զարգացնելու ուղղությամբ: Նա այնպիսի փութաջանությամբ ու եռանդով է աշխատում թերթի վրա,որ կարծես յուրաքանչյուր էջ տեղադրելիս մոտենա սրտացավով ու եռանդով:
«Ջրաբերդ» պաշտոնաթերթի գործունեությունը գաղափարական, հասարակական եւ քաղաքական ուղղվածություն ունի, որն իր ուշադրության կենտրոնում է պահում շրջանի քաղաքային եւ գյուղական համայնքների ու բնակիչների խնդիրները եւ նպատակները: Որպես շրջվարչակազմի պաշտոնաթերթ` «Ջրաբերդ»-ը յուրահատուկ խոսափող է շրջանի ղեկավարության եւ հասարակության համար:
Խմբագրի խոսքերով ձգտում են թերթը դարձնել շրջանի կյանքը լիարժեք արտացոլող ավելի բարձրորակ տպագիր արտադրանք, որը սպասելի կլինի ընթերցողների համար: Կարծում ենք թերթն արդեն սպասելի է ընթերցողներին, որովհետեւ տպագրության օրերին թե Հայսատանի Հանրապետությունից, թե´ Ստեփանակերտից եւ թե´ մեր շրջանից հաճախակի են զանգահարում խմբագրություն եւ հետաքրքրվում թերթի հերթական համարի լույս ընծայումով: Այս տարվանից թերթի գլխամասը տպագրվում է գունավոր, որը կարծում ենք, դրական փոփոխություն է տալիս թերթի որակին` արտաքին տեսքի առումով:
Աշխատանքներ են տարվել ստեղծագործական կազմի ունակությունները համապատասխանեցնելու ժամանակակից լրագրողին ներկայացվող պահանջներին, տեխնիկական միջոցներին կատարելապես տիրապետելով, լրատվամիջոցի թողարկման գործընթացի տեխնոլոգիային կամ «խոհանոցին» տեղյակ լինելով եւ գործընկերների աշխատանքն անաչառ գնահատելով:
Աշխատակազմը ձգտում է հասնել նրան, որ ընթերցողը հնարավորություն ունենա արագ եւ առանց որեւէ խնդրի գտնել այն, ինչ իրեն հետաքրքրում է, կարծում ենք` դա հաջողվում է:
Այսպիսով եկեք բարի երթ մաղթենք թերթին`ցանկանալով նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ:
Գարիկ Ավետիսյան
Յու. Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը Սոֆիայում է
Հունիսի 17-19-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մասնակցել է Հյուսիսատլանտյան Դաշինքի Վերափոխումների ռազմավարական հրամանատարության հովանու ներքո անցկացված ՆԱՏՕ-ի ռազմական գործընկերների ամենամյա ռազմավարական համաժողովին:
«ՆԱՏՕ և Գործընկերներ» խորագրով համաժողովը, որը նախագահել է ՆԱՏ-ի Վերափոխումների դաշնակցային հրամանատար, գեներալ Ժան Պոլ Պալոմերոսը (Ֆրանսիայի ՌՕՈւ), նպատակաուղղված է ինչպես ՆԱՏՕ-ի և Գործընկեր երկրների միջև համագործակցության ամրապնդման հարցերի քննարկմանը, այնպես էլ միջազգային անվտանգության նորահայտ մարտահրավերների և դրանց համատեղ լուծումների որոնման շուրջ կարծիքների փոխանակմանը:
ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհային մրցույթին ներկայացվել է 42 հայտ
Հունիսի 20-ին տեղի ունեցավ ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրերի մրցութային հանձնաժողովի նիստը, որի ընթացքում բացվեցին 2014թ. 2-րդ կիսամյակի համար հայտարարված դրամաշնորհային մրցույթին հասարակական կազմակերպությունների ներկայացրած հայտերը։ ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհային մրցույթին 21 անվանակարգում ներկայացվել է 42 հայտ։
Նշենք, որ այս մրցույթում ավելացել են բնապահպանության ոլորտին առնչվող անվանակարգեր։ Նվազեցվել է ծխելու դեմ պայքարին ուղղված անվանակարգերի համար հատկացվող գումարի չափը՝ 5 միլիոն դրամից դառնալով մինչև 2,5 միլիոն դրամ։ Հատկացվող գումարի առավելագույն չափը սահմանվել է Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին ուղղված անվանակարգերում՝ 3 միլիոն դրամ։
Մրցույթի արդյունքները պարզ կդառնան հանձնաժողովի անդամների կողմից հայտերն ուսումնասիրելուց հետո։
Նշենք, որ մրցութային հանձնաժողովում ընդգրկված են ՀՀ նախագահի աշխատակազմի, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի, ոլորտային գերատեսչությունների, հասարակական սեկտորի ներկայացուցիչներ։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն
Գյումրու փոխքաղաքապետ է նշանակվել Վաղարշակ Մխիթարյանը
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը որոշում է ստորագրել, Գյումրու փոխքաղաքապետի պաշտոնում Վաղարշակ Արամայիսի Մխիթարյանին նշանակվելու մասին:
Վաղարշակ Արամայիսի Մխիթարյան
Ծնվել է 1960թ. օգոստոսի 6-ին, Գյումրի քաղաքում: 1979-1984թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:
1976-1979թթ. աշխատել է Գյումրու «Տաքսոմոտորային ավտոտրանսպորտային ձեռնարկությունում»
1984-1986թթ. աշխատել է Արթիկի շրջանի դատախազությունում
1986-1991թթ. աշխատանքի է անցել Շիրակի մարզի Լենինական քաղաքի դատախազությում՝ որպես ավագ քննիչ, իսկ 1991-1993թթ.՝ Գյումրի քաղաքի ավագ քննիչ:
1993-1994թթ. աշխատել է Գյումրի քաղաքի դատախազի օգնական,1994-1999թթ.՝ Գյումրի քաղաքի դատախազի տեղակալ, իսկ 1999-2013թթ. Շիրակի մարզի դատախազի տեղակալ: Տիրապետում է ռուսերեն և ֆրանսերեն լեզուներին:
Ամուսնացած է՝ ունի երկու զավակ և երկու թոռ:
Ձեր 70 հոգիանոց խմբակցությունում պեղեք և գտնեք Արծվիկ Մինասյանի հետ համեմատվելիք 5 պատգամավոր.Աղվան Վարդանյան
ԱԺ-ում Կուտակային կենսաթոշակների նասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու և կից ներկայացված նախագծերի փաթեթն ընդունելու մասին հարցի քննարկումների ժամանակ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն անդրադարձավ երեկվա նիստում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի արած հայտարարությանը, թե ՛՛ՀԱԿ որոշ ներկայացուցիչներ փչացնում են Արծվիկ Մինասյանի նման գյոզալ տղուն՛՛:
Աղվան Վարդանյանը կոչ արեց քաղաքական մեծամասնությանը սոցհարցումների միջոցով պարզել հասարակության կարծիքն ու վերաբերմունքը և՛ Արծվիկ Մինասյանի, և՛ ՀՀԿ-ական պատգամավորների մասին, ապա հավելեց. ՛՛Հարգելի՛ քաղաքական մեծամասնություն, եթե ձեր 70 հոգիանոց խմբակցությունում պեղեք և գտնեք գոնե հինգ պատգամավոր, ովքեր իրենց բանիմացությամբ, սրտացավությամբ, աշխասիրությամբ, էս պետության հանդեպ մտահոգությամբ կարող են համեմատվել Արծվիկ Մինասյանի հետ, այդ ժամանակ իրավունք կունենաք խոսելու՛՛:
Խորհրդակցություն Հայաստանի անտառային տնտեսությանն առնչվող հիմնախնդիրների մասին
Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի մոտ կայացած ընդլայնված խորհրդակցության հիմնական թեման Հայաստանի անտառային տնտեսությանն առնչվող հիմնախնդիրներն էին: Նախարարության պատասխանատուներից և համապատասխան ծառայությունների մասնագետներից բացի, խորհրդակցությանը մասնակցում էին նաև բնապահպանության ոլորտում գործող հասարակական և միջազգային մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնց քննարկմանն էին ներկայացված «ՀՀ անտառային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի, անտառային տնտեսության վարման արդի վիճակի և խնդիրների, 2014 թվականի առաջին կիսամյակում «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն»-ի կողմից կատարված աշխատանքների արդյունքների մասին հարցերը:
Վերջիններիս վերաբերյալ ՀՀ ԳՆ անտառաբուծության բաժնի պետ Արթուր Պետրոսյանի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանի և «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտաշես Հովհաննիսյանի ներկայացրած զեկուցումների շահագրգիռ քննարկման արդյունքում խորհրդակցության մասնակիցները դրականորեն արձագանքեցին հասարակական կազմակերպությունների հետ նման հանդիպումներ կազմակերպելու միջոցով ոլորտային խնդիրներին լուծում տալու ՀՀ գյուղատնտեսության նախարարության որդեգրած քաղաքականությանը:
ՀՀ անտառային օրենսգրքում նախատեսվող փոփոխություններն ու լրացումները գնահատվեցին որպես հիմնավորված և անհրաժեշտ:
Ամփոփելով անտառային տնտեսության վարման արդի վիճակի մասին հնչած կարծիքներն ու տեսակետները, նախարար Սերգո Կարապետյանը նշեց, որ չնայած վերջին մի քանի տարիներին որոշակի աշխատանքներ են կատարվել անտառների պահպանության և վերականգնման ուղղությամբ, մասնավորապես կրկնակի նվազել են ապօրինի անտառահատումնրը, սակայն այս բնագավառում դեռ շատ են օրախնդիր հարցերը, որոնց լուծման գործում ակնկալվում է հասարարակական կազմակերպությունների գործուն աջակցությունը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին
Դոլարի գինը բորսայում`409,07 դրամ
Եթե երեկ լիներ, պետք է հարցնեի՝ գիշերները լա՞վ քնում եք, թե՞՝ ոչ, բայց, քանի որ այսօր է, հարցերիս քանակը մեծացել է. Արծվիկ Մինասյանը՝ Արտեմ Ասատրյանին
ԱԺ-ում շարունակվում են Կուտակային կենսաթոշակների նասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու և կից ներկայացված նախագծերի փաթեթն ընդունելու մասին հարցի քննարկումները: ՛՛Պարտադիր՛՛ տերմինին փոխարինած ՛՛նպատակային՛՛ տերմինը օրվա թեժ թեման է: ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, դիմելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին, իր հարցը հենց այս դրույթի վրա կառուցեց. ՛՛Եթե երեկ լիներ, մի հարց ունեի ընդամենը, պետք է հարցնեի՝ գիշերները լա՞վ քնում եք, թե՞՝ ոչ, բայց, քանի որ այսօր է, հարցերիս քանակը մեծացել է: Դուք իսկապե՞ս կարծում եք, որ, եթե պարտադիր կուտակային վճար բառը փոխվել է սոցիալական նպատակային վճար բառով, դրանից պարունակությունը փոխվում է: ՍԴ-ի որոշման համաձայն իրավական դիրքորոշումներում շատ հստակ ամրագրված է, որ կայուն սոցիալական պաշտպանության համակարգը անրաժեշտություն է ձևավորում պետություն, գործատու, աշխատող եռամիասնությամբ ապահովել անձի կենսաթոշակային իրավունքը: Այս փաթեթում բացի նվազագույնի դեպքից, որտե՞ղ է գործատուն մասնակցում և ինչ պարտավորություններ ունի՛՛:
Արտեմ Ասատրյանը որոշեց պատասխանն սկսել հանգիստ քնելու մասին հարցից. ՛՛Պետք է ասեմ, որ մեր աշխատանքը օրվա ընթացում տևում է 8-10 ժամ և դրանից հետո իսկապես դժվար է լինում չլուծված խնդիրների պատճառով հանգիստ քուն ունենալ: Ինչ վերաբերում է պարտադիր և նպատակային սոցիալական վճարի տարբերությանը, ասեմ, որ, եթե մարդիկ չեն ուզում տեսնել ադ երկու նախագծերի տարբերությունները, երբեք չեք տեսնի, իսկ եթե ցանկություն կա, ապա ես ևս մեկ անգամ կբացատրեմ: Պարտադիր կուտակային վճարը գանձվում էր անհատի աշխատավարձից և առանց պետական բյուջե մտնելու գնում էր ակտիվները կառավարողին: ՍԴ-ի որոշումը հենց այս դրույթին է անդրադարձել, որ այն փոխանցումը, որը չի մտնում պետական բյուջե չի կարող դիտարկվել, որպես պարտադիր սոցիալական վճար և այդ առումով սահմանադրությանը հակասում է, քանի որ սեփականության իրավունքի նկատմամաբ տեղի է ունենում տնօրինման սահմանափակում: Նոր նախագծով ամեն ինչ համապատասխանեցվել է ՍԴ-ի որոշմանը՛՛:
Արծվիկ Մինասյանը իրոք չհասկացավ, թե այդ ինչ համապատասխանության մասին է խոսքը, և նախարարը թեթևակի նշեց, որ քննարկումներից հետո կարող է առանձին զրուցել պատգամավորի հետ:
Մեկնարկեց 7-րդ ամենամյա միջազգային ԴիջիԹեք Բիզնես ֆորումը
Այսօր` հունիսի 20-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում մեկնարկեց «Խելացի լուծումներ` խելացի բիզնեսի համար» խորագիրը կրող 7-րդ ամենամյա ԴիջիԹեք Բիզնես ֆորումը: Այս տարի Ֆորումին մասնակցում են և իրենց տեխնոլոգիական լուծումները բիզնեսի արդյունավետության բարձրացման համար ներկայացնում են 64 կազմակերպություններ, որից 51-ը` տեղական, իսկ 13-ը` արտասահմանյան: Գործարար համայնքը հնարավորություն կունենա ծանոթանալ տեխնոլոգիական լուծումների ֆինանսաբանկային, կրթության, առողջապահության, գյուղատնտեսության, շինարարության, էլեկտրոնային կառավարման բնագավառներում:
Միջոցառումը բաղկացած է ցուցահանդեսային հատվածից, գործարար ներկայացումներից և սեմինարներից, պլենար նիստերից: Ֆորումի շրջանակներում կկայանան նաև հայ-հոլանդական և հայ-ռուսական բիզնես ֆորումներ, որոնց ընթացքում կքննարկվեն հոլանդական, ռուսական և հայկական ՏՀՏ ոլորտների համագործակցության հնարավորությունները հետևյալ հիմնական ուղղություններով` նոր շուկաներ մուտք, օտարերկրյա կապիտալի ներգրավում, կրթության ոլորտում նախաձեռնություններ և այլն: Ֆորումների օրակարգին ծանոթանալու համար կարող եք հետևել այս հղմանը:
Բիզնես Ֆորումի մուտքն ազատ է: Աշխատանքային ժամերն են`10:30-18:00: Ֆորումը կտևի 2 օր` հունիսի 20-21-ը: Միջոցառման օրակարգին կարող եք ծանոթանալ հետևելով այս հղմանը:
Միջոցառման կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ), գլխավոր հովանավորն է «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline): Միջոցառումն ավանդաբար անց է կացվում ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Ֆորումի հովանավորներն են Կոնվերս բանկը և ռուսական «ԱՌինտեգ» ընկերությունը:
ԴիջիԹեք Բիզնես Ֆորումի գլխավոր ինֆորմացիոն հովանավորն է Լրատվական ռադիոն, գործընկերներն են` telecom.arka.am, itechnology.am, armef.com, panorama.am, panarmenian.net, ittrend.am, mwnews.am, network.am, erit.am, tesadasht.am լրատվական կայքերը, «Իրատես դե ֆակտո», «Հայոց Աշխարհ», «168 ժամ», «Դելովոյ Էքսպրես», «Ռեսպուբլիկա Արմենիա», «Ինֆո-Մարկետ» թերթերը, Yerevan Events հավելվածը:
Դուք անհանդուրժողականություն եք սերմանում` մասնավոր և պետական սեկտորի աշխատակիցներին թելադրելով անհավասար խաղի կանոններ. Լյուդմիլա Սարգսյան
ԱԺ-ում շարունակվում են Կուտակային կենսաթոշակների նասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու և կից ներկայացված նախագծերի փաթեթն ընդունելու մասին հարցի քննարկումները: Քիչ առաջ, դիմելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր ԼյուդմիլաՍարգսյանը հարցրեց. ՛՛Ամիսներ շարունակ Կառավարությունը փորձում է հակասահմանադրական ճանաչված դրույթները համապատասխանեցնել Սահմանադրությանը, սակայն, ըստ էության, նոր փոփոխություններով դուք խախտում եք ոչ միայն սերունդների, այլև սերնդակիցների միջև համերաշխության սկզբունքը: Ստացվում է` դուք անհանդուրժողականություն եք սերմանում` մասնավոր և պետական սեկտորի աշխատակիցներին թելադրելով անհավասար խաղի կանոններ: Ի՞նչ տարբերություն եք տեսնում Սահմանադրության համապատասխանեցված օրենքով քաղաքացու կամքից անկախ նրա սեփականության տնօրինման և հակառակի միջև: Ըստ էության` պետությունը շորթում է քաղաքացու միջոցները՛՛:
Ի պատասխան՝ Արտեմ Աստրյանն ասաց. ՛՛Տարբերակված պայմաններ սահմանելու հիմքը հստակ է: Մենք ունենք աշխատանքային օրենսգիրք, որի 7-րդ հոդվածով ամրագրված է, որ պետական աշխատողների համար կարող են սահմանվել օրենքներով համապատասխան իրավահարաբերություններ, որոնք չեն կանոնակարգվում աշխատանքային օրենսդրությամբ: Արհեստական տարբերակման խնդիր չկա: Այս համակարգի ներդրմամբ ամբողջանում են աշխատանքի վարձատրության ու սոցիալ աշխատանքային նոր համակարգը: Ինչ վերաբերում է ՍԴ որոշմանը, ապա ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել անձի սեփականության տնօրինման իրավունքի սահմանափակումը, բացի այդ խնդրահարույց էր համարել երաշխիքների համակարգը, քանի որ այդ գումարները դուրս են մնում պետական հսկողության տիրույթներից: Նոր օրենսդրական համակարգը տալիս է այս հարցերի լուծումները՛՛:
Եթե նոր Կառավարությունն այսպես է սկսում իր գործունեությունը, հին կառավարության ճակատագրին է արժանանալու. Արմեն Ռուստամյան
ԱԺ-ում շարունակվում են Կուտակային կենսաթոշակների նասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու և կից ներկայացված նախագծերի փաթեթն ընդունելու մասին հարցի քննարկումները: Մտքերի փոխանակման ժամին, խոսելով նպատակային սոցիալական վճարի փաթեթի մասին, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն արձանագրեց. ՛՛Տիգրան Սարգսյանի Կառավարությունը փոխվեց հայտնի իրադարձություններից հետո, պատճառներից մեկն էլ Կուտակային կենսաթոշակային համակարգն էր, սակայն ներկայիս Կառավարության բերած ու նախկին օրենքներում առանձնապես տարբերություններ չկան: Հույսերը, որ առաջացել էին, կամաց-կամաց մարում են ու կվերանան մի որոշ ժամանակ հետո: Այս համակարգի, մյուս օրենքների, համակարգերի հետ կապված մի կարևոր հարց անտեսում ենք՝ ինչու է ութսուն տոկոսը միշտ դեմ: Ժողովուրդը հաշվում է իր եկամուտները, տեսնում է, որ դրանք նվազում են, առանց այն էլ ծանր վիճակում է գտնվում: Այս ամենը հիշեցնում է հայտնի ասացվածքը՝ էշ մի մեռի, գարուն կգա, յոնջա կուտես: Իշխանություններին թվում է, որ աշխատավարձ բարձրացնելով այս խնդիրը լուծում են, բայց դա այդպես չէ, քանի որ պետական աշխատողների աշխատավարձերն էլ բավական չեն այս պայմաններում գոյատևելու համար: Մարդիկ այսօր չեն վստահում իշխանություններին, ոչ իշխանական ուժերն ու ընդդիմությունը դա էին ցանկանում վերականգնել, որ հույսը լինի, վստահություն առաջանա իշխանությունների նկատմամբ, որովհետև եթե կործանվում ենք, կործանվում ենք բոլորս: Բայց առաջին քայլերը, այդ վստահության արմատները ցանկանում են խարխլել: Ինչու փոխվեց կառավարությունը, եթե այս Կառավարությունը նույն քաղաքականությունն է շարունակում, նման կերպ ինչ իմաստ ունի օրենքը փոխելը, եթե բովանդակությունը չի փոխվում: Մեզ ասում են՝ ձեզ ինչ էլ ներկայացնեինք, դեմ էիք լինելու, լավ չի կարելի չէ՞ այդ աստիճանի աղավաղել իրականությունը, ներկայացնել գլխիվայր, մենք քառյակի հայտարարությամբ ասել ենք՝ ինչ անեք: Հասկացեք՝ նպատական սոցիալական վճարը վճար է ու այն վճարելու է ժողովուրդը: Նպատակը նպաստը չէ, սուտ եք ասում, սա ներդրվում է՝ ֆինանսական խնդիր լուծելու համար, ի՞նչի ենք խաբում մեր ժողովրդին, սա սոցիալական հարցի հետ կապ չունի: Հիմա մի դառը բանի անունը շաքար դնենք, դրանից այն չի քաղցրանալու, չէ՞: Լուծված չի խտրականության խնդիրը, համերաշխության սկզբունքը պահպանված չի, սա է մեր ամբողջ քաղաքական դիևքորոշումների հիմքում ընկած: Եվ եթե նոր Կառավարությունն այսպես է սկսում իր գործունեությունը, հին կառավարության ճակատագրին է արժանանալու՛՛, – եզրափակեց Արմեն Ռուստամյանը:
Քննարկվել են Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի ընթացքին վերաբերող հարցեր
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, քաղաքային կայուն զարգացման ներդրումային և հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրի կառավարման խորհրդի նիստ:
Նիստում քննարկվել և հաստատվել են Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 1-ի վերանայված գնումների պլանը, ինչպես նաև Տրանշ 1-ի շրջանակում իրականացվող Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի Նոր Շիրակ փողոցի ու Արտաշատի խճուղու վերակառուցման շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցութային փաստաթղթերի փաթեթը: Վարչապետ Աբրահամյանը հանձնարարել է «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ին սկսել համապատասխան մրցութային գործընթացը:
Ընդունելության անցումային շեմը չի նվազեցվի. Ա. Աշոտյան
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Երևանի Ստարովոյտովայի անվան թիվ 177 դպրոցում տեղակայված քննական կենտրոնում այսօր ներկա է գտնվել “Հայոց պատմություն” առարկայի միասնական քննության մեկնարկին: Նախարարը շրջել է քննասենյակներում, հաջողություն մաղթել դիմորդներին, զրուցել քննական թեստերի և քննությունների կազմակերպման ընթացքի մասին:
Դիմորդները նշել են, որ քննություններն անցել են բնակոնոն, և գիտելիք ունեցող դիմորդը քննասենյակում որևէ խնդիր չի ունեցել: Նախարար Ա. Աշոտյանը զրուցել է նաև քննական կենտրոնի մոտ հավաքված դիմորդների ծնողների հետ, լսել նրանց առաջարկությունները՝ քննական թեստերի, դպրոցական դասագրքերի և այլ խնդիրների վերաբերյալ:
Լրագրողների հետ զրույցում Ա. Աշոտյանը, անդրադառնալով միասնական քննությունների ընթացքին, նշել է, որ ավարտական և միասնական քննությունների կազմակերպման գործընթացում երկու առաջնային խնդիր կա՝ քննություններն անցկացնել ընթացակարգերին համաձայն և ապահովել գնահատման անաչառությունը և բացառել քննական թեստերի հետ կապված դժգոհությունները: “Առաջին փուլը, որն արդեն ավարտին է մոտենում, ես համարում եմ հաջողված. դիտարկումները ցույց են տալիս, որ քննություններն անցել են կազմակերպված, և քաղաքացիների բարձրացրած հարցերը ևս ցույց են տալիս, որ հանրության ուշադրությունը կենտրոնացված է ավելի շատ քննությունների արդյունքների, այսինքն՝ բովանդակության, քան թե ընթացակարգերի վրա: Ամենակարևորը, իհարկե, դիմորդների ցուցաբերած առաջադիմությունն է: Պետք է նշել, որ աշակերտները, հատկապես այն առարկաներից, որոնք քննական չեն, թերանում են և այստեղ գնահատման օբյեկտիվության հետ կապված դպրոցներում կան որոշակի խնդիրներ: Ակնհայտ է, որ քննական կենտրոնում կազմակերպված ընդունելության քննություններն անցնում են շատ ավելի բարձր մակարդակով, քան դպրոցների ավարտական քննությունները: Հիմնական դպրոցներում 9-րդ դասարանցիների ավարտական քննությունները ևս առավել անաչառ կազմակերպելու խնդիր ունենք: Միասնական քննությունների ընթացքը հիմնականում գոհացուցիչ է, և Գնահատման և թեստավորման կենտրոնն իր առաքելությունը կատարել է՝ օպերատիվ արձագանքելով անգամ ամենահազվադեպ հանդիպող դժգոհություններին ու քննադատություններին“,- նշել է նախարարը: Ի պատասխան հարցին, թե հնարավո՞ր է, որ Հայաստանում ևս քննական միավորի շեմը, ինչպես դա արվեց Ռուսաստանի Դաշնությունում, իջեցվի, Ա. Աշոտյանը պատասխանել է. “Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի մեզ մոտ անցումային շեմի նվազեցում չի եղել. այն շարունակում է մնալ 7,5 միավորը: ՌԴ-ում, այո, երկու հիմանկան առարկաներից,՝ռուսաց լեզվից ու մաթեմատիկայից, ընդունելության շեմը իջեցվել է, որպեսզի շրջանավարտների շուրջ 20-25 տոկոսը չզրկվի ավարտական փաստաթուղթ ստանալուց: Մենք նման խնդիր չունենք, անցումային շեմը չի փոխվել ու չի էլ փոխվելու: Տեղակացնեմ նաև, որ ունենք բավական հետաքրքիր նախամրցութային տվյալներ, որոնք հրակպարակելը դեռևս վաղ է: Այն քաղաքականությունը, որ որդեգրել ենք տարիներ առաջ, այն է՝ բուհ ընդունվելը հեշտացնել, իսկ ավարտական պահանջներն առավել խստացնել, ընդունելության քննությունների խճանկարում արդեն տեսանելի է: Քննությունների արդյունքններն անգամ մաթեմատիկական մոդելավորման տրամաբանությամբ բնական են“,- նշել է Ա. Աշոտյանը: Ինչ վերաբերում է թեստերի առաջադրանքների որակին, ապա, ըստ նախարարի, քննական թեստաբանությունը մասնագիտություն է, և քննական թեստերը կազմել են մասնագետները, ովքեր այդ ոլորտում առավել արհեստավարժ են:
Ա. Աշոտյանը նշել է նաև, որ առաջիկայում հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ կհրավիրվի, որտեղ կքննարկվեն նաև պահուստային տեղերի հարցերը, իսկ միջազգային օլիմպիադաներում և մրցույթներում հաղթած աշակերտների ընդունելության հարցը կքննարկվի առանձին:
Ընդունելության արդյունքները կամփոփվեն մինչև հուլիսի 15-ը:
Զինծառայող է զոհվել
Ստացված օպերատիվ տեղեկության համաձայն` հունիսի 20-ին, հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Գրիշա Մուրադի Խաչատրյանը (ծնվ. 1994թ., Սիսիանի զ/կ, 2013-1 զորակոչ): Միջադեպի մանրամասները ճշտվում են:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն է հայտնում ՀՀ սահմանների անվտանգությունն ապահովելու ընթացքում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
«Զվարթնոցում» փարթի կազմակերպելու համար Հասմիկ Պողոսյանը հայտարարել է խիստ նկատողություն եւ ազատել աշխատանքից.NEWS.am
Հաշվի առնելով, որ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում կազմակերպված միջոցառումների ընթացքում պատշաճ չեն վերահսկվել պայմանագրերում կնքված կետերը՝ ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանի հրամանով «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վ. Պողոսյանին հայտարարվել է խիստ նկատողությունհաղորդում է NEWS.am:
«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի մասնաճյուղի վարիչ Վ. Գրիգորյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Զվարթնոցի տաճարի տարածքում հունիսի 14-ին «ընտրյալների խնջույք» էր կայացել: «Հաստատությունը» վարձակալել էր «Տեմպ վենչուրս» ընկերությունը, մասնակցել էին հայ եւ ռուս գործարարներ, կայացել էր մրցույթ, վերջում էլ ֆուրշետ: Սակայն, ըստ մամուլի. Կազմակերպիչը եղել է «Տրոյկա դիալոգ» ընկերությունը: Ըստ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ղեկավար Վլադիմիր Պողոսյանի ՝ ՀՀ օրենսդրությունը թույլ է տալիս վճարովի հիմունքներով պատմամշակութային հուշարձանների տարածքում կորպորատիվ միջոցառումների անցկացումը: Հուշարձանի վարձակալման վճարը մեկ օրվա համար կազմում է 200-ից 700 հազար դրամ:
Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում:
Հանրային խորհուրդը քննարկել է մի շարք խնդրահարույց հարցեր
Հունիսի 19-ին ՀՀ Հանրային խորհրդի փոքր խորհրդի օրակարգը հագեցած էր մի շարք հարցերով:
ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը նախ տեղեկացրեց, որ ՀԽ պատվիրակությունն իր գլխավորությամբ մասնակցելու է հունիսի 25-28-ը Բուխարեստում կայանալիք ՀԽ միջազգային կառույցի (Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման ինստիտուտների միջազգային ասոցիացիա) գլխավոր ասամբլեային, որի օրակարգի գլխավոր հարցը կոռուպցիայի դեմ պայքարում հանրային խորհուրդների դերն է: Մանուկյանը հայտնեց, որ ասոցիացիան, որի անդամ է նաև Հայաստանը, նախատեսում է ընդլայնել իր գործունեությունը, ուստի նախաձեռնել է տարբեր երկրներում հանրային խորհուրդների ստեղծման գործընթաց: Այդ երկրների մեջ են նաև Ադրբեջանն ու Թուրքիան: Վերջինս արդեն Հանրային խորհրդի մասին օրենք է ընդունել:
ՀԽ անդամները ողջունեցին նոր երկրներում հանրային խորհուրդների ստեղծման և ասոցիացիային անդամակցելու հնարավորությունը: Ինչ վերաբերում է Ադրբեջանի հնարավոր անդամակցությանը, ապա մեծ մասի կարծիքով՝ դա դրական կարող է լինել Հայաստանի համար, քանի որ հաճախ ադրբեջանցի գործիչները տեղեկատվության պակաս ունեն շատ հարցերի նկատմամբ հայկական կողմի դիրքորոշումների վերաբերյալ, իսկ նման հարթակները ադրբեջանցիների մտածողության վրա ազդելու լավ հնարավորություն են:
Օրակարգի հաջորդ հարցը վերաբերում էր քեսաբահայության խնդիրներն ուսումնասիրելու նպատակով ստեղծված ՀԽ աշխատանքային խմբի գործունեությանը, որում ներառված են Հանրային խորհրդի անդամներ Ռուբեն Սաֆրաստյանը, Վլադիմիր Մովսիսյանը, Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, Հայկ Դեմոյանն ու Գագիկ Մանասյանը: Վերջինս ներկայացրեց Հայ Առաքելական եկեղեցու կողմից կազմակերպված “Ճգնաժամը Սիրիայում. մարտահրավերներ հավատքի համայնքների համար” միջազգային խորհրդակցությանը աշխատանքային խմբի մասնակցության և Սիրիայում ՀՀ նախկին դեսպան, ներկայումս հատուկ հանձնարարականներով դեսպան Լևոն Սարգսյանի հետ հանդիպման արդյունքները, ինչպես նաև առաջիկա հանդիպումների օրակարգը՝ խնդրով զբաղվող պետական համապատասխան կառույցների ներկայացուցիչների հետ:
Փոքր խորհրդի օրակարգի հաջորդ հարցը բուռն քննարկումների առիթ դարձավ: Այն վերաբերում էր երթևեկության կանոնների խախտման համար նախատեսված տուգանքներին, դրանց փոփոխմանը, ինչպես նաև ԴԱՀԿ ծառայության կողմից քաղաքացիների անձնական հաշիվների վրա կալանք դնելու խնդրին, ինչը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել հանրության շրջանում:
ՀԽ անդամ Վազգեն Սաֆարյանը տեղեկացրեց, որ բարձրացված հարցերը քննարկվել են ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի համապատասխան ենթահանձնաժողովում, որի ներկայացուցիչները նաև մասնակցել են այդ հարցերի վերաբերյալ այլ կառույցների կողմից կազմակերպված տարբեր քննարկումների:
ՀԽ անդամ, փաստաբան Արմեն Տեր-Տաճատյանի կարծիքով՝ քաղաքացիների հաշիվների վրա արգելանք դնելը լուրջ խնդիր է իրավունքի տեսանկյունից, քանի որ օրենքով նախատեսված չէ արգելանք դնել ողջ հաշվի վրա, այլ մատնանշված է տուգանքի չափը: Նրա կարծիքով՝ կա համաչափության խնդիր, և պետք է հանրային ու մասնավոր շահը հավասարակշռված լինի: Մինչդեռ, այս դեպքում, հանրային շահը տուժում է՝ հանուն մասնավորի: Ըստ նրա, իրավական խնդիր է նաև այն, որ քաղաքացին, փաստորեն, հնարավորություն չունի իրեն վերաբերող խնդիրը դատական կարգով վիճարկել:
Հնչեց տեսակետ, որ օրենքը, որով ԴԱՀԿ ծառայությունն իրականացնում է այդ գործընթացը, հակասում է ՀՀ Սահմանադրությանն ու միջազգային օրենքներին:
Ինչ վերաբերում է «կարմիր գծերի» խնդրին, ՀԽ անդամները դեմ արտահայտվեցին ոլորտը շահեկան համամասնությամբ մասնավորին տրամադրելու իրողությանը՝ կարևորելով ոլորտում պետության կողմից հնարավորինս մեծ վերահսկողական գործառույթներ ունենալու անհրաժեշտությունը: ՀԽ անդամ Հովհաննես Հովհաննիսյանը կարևորեց նաև այս հարցերում հասարակական ակտիվությունն ու քաղաքացիական շարժումների դերը, ինչը կարող է զսպիչ գործոն լինել:
ՀԽ նախագահը խորհրդում ընդգրկված իրավաբաններին հանձնարարեց պատրաստել առաջարկների և դիտողությունների փաթեթ՝ առաջիկա հանդիպման ժամանակ Հանրապետության նախագահին ներկայացնելու նպատակով:
Վերջին շրջանում հանրությանը հուզող էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը նույնպես ներառված էր ՀԽ օրակարգում:
ՀԽ անդամ Արշակ Սադոյանը ներկայացրեց օրեր առաջ ՀԽ համապատասխան հանձնաժողովում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած քննարկման արդյունքները՝ տեղեկացնելով, որ ՀԽ հանձնաժողովի առաջարկներն ուղարկվել են ՀԾԿՀ:
Առաջարկներից մեկն էլ այն է, որպեսզի ՀԾԿՀ-ն իր վերջնական որոշման մեջ ամրագրի, որ սակագնի բարձրացումը ժամանակավոր է, քանի որ, ըստ ներկայացված հիմնավորումների, ծախսերի մի մասը, որի պատճառով տեղի է ունենալու թանկացումը, ժամանակի ընթացքում մարվելու է, հետևաբար, հնարավորություն է լինելու նաև սակագինը վերանայելու:
ՀԽ անդամ Վազգեն Սաֆարյանը տեղեկացրեց, որ մասնակցել է Ազգային ժողովում հարցի վերաբերյալ տեղի ունեցած խորհրդարանական լսումներին և ներկայացրել է առաջարկներ, որոնցից մեկն էլ վերաբերում է “Երևան ՋԷԿ-ի” երկրորդ էներգաբլոկի կառուցման անհրաժեշտությանը: Ըստ Սաֆարյանի՝ դա հնարավորություն կտա Հայաստանում էապես նվազեցնելու էլեկտրաէներգիայի սակագինը:
ՀԽ անդամները բարձրացրեցին նաև էներգետիկայի ոլորտում անկախ աուդիտի անցկացման անհրաժեշտությունը:
Նիստի օրակարգի շրջանակներում քննարկվեց նաև ՀԽ հետագա գործունեության և ժամկետների փոփոխման վերաբերյալ հարցը, ըստ որի ՀԽ-ն նույն կազմով, բայց որոշակի հանձնաժողովների ընդլայնմամբ կշարունակի իր գործունեությունը, մինչև այն կամրագրվի ՀՀ Սահմանադրության մեջ:
Թավջութակահար Դոմինիկ դե Վիլենկուրը Հայաստանում կնվագի 18-րդ դարի թավջութակով
Ֆրանսիացի թավջութակահար և կոմպոզիտոր Դոմինիկ դե Վիլենկուրը հունիսի 22-ին ժամը 19.00-ին առանձին համերգով հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Համերգի ընթացքում կհնչեն Էդվարդ Գրիգի «Հոլբերգ սյուիտ» ստեղծագործությունը, Ռոբերտ Շումանի «Թավջութակի կոնցերտը» (փոխադրումը` Դոմինիկ դե Վիլենկուրի) և Դոմինիկ դե Վիլենկուրի «EMTO» թավջութակի և լարայինների համար ստեղծագործությունները:
«Լինելով նրբաճաշակ և բարձրարվեստ վիրտուոզ՝ Դոմինիկ դե Վիլենկուրն իր համերգներում աչքի է ընկնում անկեղծությամբ, թավջութակի թավշյա հնչյուններով և կատարման նրբագեղությամբ», երաժիշտի մասին գրել են քննադատները: 2000 թվականից ի վեր Դոմինիկ դե Վիլենկուրը նվագում է Յոզեֆ Գալիանոյի 1754 թվականին պատրաստված բացառիկ թավջութակով և Ֆրանսուա Տուրտի 1825 թվականին աղեղով: Հայաստանում ևս նա կնվագի իր գործիքներով՝ հնչեցնելով բառաիկ նրբության և մաքրության հնչյուններ:
Դոմինիկ դե Վիլենկուրը համերգներով հանդես է եկել աշխարհի ավելի քան քառասուն երկրներում: Միայն վերջին մի քանի տարիներին ելույթ է ունեցել Ավստրիայում, Կոլումբիայում, Հարավային Կորեայում, Ռումինիայում և Ռուսաստանում: Մասնակցել է այնպիսի հեղինակավոր փառատոներին, ինչպիսիք են Կուհմոյի (Ֆինլանդիա), Պորտոգրուարոյի (Իտալիա), Յոկոհամայի և Կիոտոյի (Ճապոնիա) փառատոները:
Բորոդինի անվան կվարտետի հիմնադիր անդամ Վալենտին Բեռլինսկին Դոմինիկ դե Վիլենկուրին հրավիրվել է հանդես գալու Մոսկվայի ֆիլհարմոնիայում, ինչպես նաև որպես ժյուրի ներկա գտնվելու Շոստակովիչի անվան մոսկովյան միջազգային մրցույթում:
Սահարա, Եմեն, Կովկաս, Կենտրոնական Ասիա և Հնդկաստան կատարած ճանապարհորդությունները ոգեշնչել են Վիլենկուրին ստեղծագործելու հայկական և տիբեթյան թեմաներով:
«Մեցցո» հեռուստաալիքի համար Դոմինիկ դե Վիլենկուրը պատրաստել է վավերագրական ֆիլմ՝ ներկայացնելով ստեղծագործական այն բացահայտումները, որոնք նա կատարել է անապատներում իր գործիքով շրջելու ընթացքում: Թողարկվել է թավջութակահարի ստեղծագործությունների առաջին մենագրային ձայնասկավառակը, ինչպես նաև «Բախն անապատում» վերնագրով տեսասկավառակը, որը ներկայացնում է նրա շրջագայությունները Սահարայի սրտում:
Թավջութակահարը նաև հանդիսանում է Europe & Art երաժշտական ընկերության գեղարվեստական ղեկավարը և 1994 թվականից ի վեր կազմակերպում է երաժշտական շրջագայություններ այնպիսի մեծանուն երաժիշտների հետ, ինչպիսիք էին Լորդ Յեհուդի Մենուհինը, Յուրի Բաշմետը:

