Կրթությունը XXI դարում. խնդիրներ եվ մարտահրավերներ

06-12-2014 GitxorurdԿրթական ոլորտի խնդիրները համախմբել էին հայաստանյան և արտասահմանյան մի շարք հեղինակավոր բուհերի պրոֆեսորներին:

Այսօր ԵՊՀ 95-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակներում գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Կրթությունը XXI դարում. խնդիրներ և մարտահրավերներ» խորագրով միջազգային գիտաժողով, որին, բացի հայաստանյան բուհերից, մասնակցում էին նաև Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի, Բուլղարիայի, Վրաստանի, Գերմանիայի, ԱՄՆ-ի և Շվեյցարիայի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները:

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ով, կարևորելով նմանաբնույթ միջազգային գիտաժողովները, ընդգծեց, որ փորձի փոխանակումն ու ոլորտի հիմնախնդիրների համատեղ վերլուծությունները կօգնեն առավել արդյունավետ հաղթահարել կրթական համակարգում առկա խոչընդոտները:

«Իհարկե, այս գիտաժողովի արդյունքները բոլոր հարցերի պատասխանները չեն տան, սակայն կարծում եմ, որ այն լավ հիմք կդառնա մեր հետագա անելիքները և ծրագրերը ուղենշելու համար: Որքան հաճախ համախմբվենք ոլորտի հիմնախնդիրների շուրջ, այնքան արդյունավետ կիրականացնենք ակադեմիական կրթության զարգացմանը նպաստող ծրագրերը»,- ասաց Արամ Սիմոնյանը:

Գիտաժողովի հանդիսավոր բացման արարողությունից անմիջապես հետո մեկնարկեց պլենար նիստը, որը ղեկավարում էին ռեկտոր Արամ Սիմոնյանը և Բելգորոդի պետական ազգային հետազոտական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Օլեգ Պոլուխինը:

Պլենար նիստի առաջին զեկույցը ներկայացրեց Արամ Սիմոնյանը, ով խոսեց ՀՀ-ում համալսարանական կառավարման առանձնահատկություններից:

«Ներկայումս բարձրագույն կրթական ոլորտը, ինչպես նաև ակադեմիական հասարակությունը լուրջ մարտահրավերների և բարեփոխումների շեմին է կանգնած: Դրանք պայմանավորված են քաղաքական, ժողովրդագրական, տնտեսական, տեխնոլոգիական, սոցիալական և մշակութային մի շարք հանգամանքներով: Այս բարդ ժամանակաշրջանում, երբ ամեն գնով պետք է կայուն զարգացում և մրցակցություն ապահովել, առավել կարևորվում է բուհերի կառավարման ռազմավարության նշանակությունը»,- իր ելույթում նշեց ԵՊՀ ռեկտորը:

Արամ Սիմոնյանն անդրադարձավ նաև բուհի կառավարման որոշ ասպեկտներին, որոնք ապահովում են միջազգային չափանիշներին համապատասխան շարունակական զարգացում՝ ընդգծելով բուհի գիտահետազոտական կառույց լինելու անհրաժեշտությունը:

Բելգորոդի պետական ազգային հետազոտական համալսարանի ռեկտոր Օլեգ Պոլուխինը նախ շնորհակալություն հայտնեց գիտաժողովի նախաձեռնողներին և նշեց, որ ԵՊՀ-ի հետ համագործակցության ընդլայնումն ու ամրապնդումը շատ կարևոր են իրենց համար:

Պարոն Պոլուխինը իր՝ «Համալսարանի ինովացիոն զարգացումը 21-րդ դարում. Բելգորոդի պետական ազգային հետազոտական համալսարանի փորձը» վերտառությամբ զեկույցում նախ ներկայացրեց համալսարանի ստեղծման և զարգացման որոշ պատմական տվյալներ, որից հետո անդրադարձ կատարեց համալսարանի ներկայիս զարգացման փուլերին և նախատեսված ներդրումային ծրագրերին:

Բուլղարիայի միջազգային համալսարանական քոլեջի ներկայացուցիչ Տոդոր Ռադևի զեկույցն էլ վերաբերում էր կրկնակի դիպլոմով ծրագրերի դասավանդման գործընթացին: Մասնավորապես բուլղարացի պրոֆեսորը խոսեց քոլեջում առկա հեռավար ուսուցման համակարգը բարելավող ծրագրերի, ինչպես նաև ուսանողների արտերկյա ուսման մասին:

Վիրտուալ ուսուցման, կառավարման և որակի վերահսկման լուծումներին և ԵՊՀ-ում նոր տեխնոլոգիաների միջոցով դասավանդման առանձնահատկություններին անդրադարձավ ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնի գիտական ղեկավար Սամվել Շուքուրյանը:

«Երբ խոսում ենք կրթական համակարգի զարգացման նոր փուլի մասին, պետք է կանգ առնել հեռավար ուսուցման վրա, քանի որ այսօրվա տեխնոլոգիաները թույլ են տալիս կազմակերպել որակյալ վիրտուալ ուսուցում: Ներկայումս մեր կենտրոնի սաները բավականին հաջող են հանդես գալիս միջազգային գիտաժողովներում, ինչը վկայում է այն մասին, որ նորագույն տեխնոլոգիաները ծառայում են իրենց նպատակին»,- ասաց Սամվել Շուքուրյանը և որպես հաջողված օրինակ՝ ներկայացրեց գերմանական Ռոստոկի համալսարանի հետ իրականացրած կրթական ծրագիրը:

Բավականին հետաքրքիր զեկույց կարդաց Մյունխենի տեխնիկական համալսարանի և Թբիլիսիի պետական համալսարանի ներկայացուցիչ Գեորգի Խուբուան, ով խոսեց անցումային հասարակություններում համալսարանական կառավարման բարեփոխումների փորձի և հեռանկարների մասին:

«Անկասկած, անցումային հասարակություններում բոլոր բարեփոխումներն էլ ընդգծված առանձնահատկություններ ունեն, և բացառություն չէ նաև կրթության բնագավառը: Ինքնին «բարեփոխում» բառն արդեն վրդովմունք և դրժողական վերաբերմունք է առաջացնում համալսարանական հասարակությունում, քանի որ ակադեմիական կրթությունն ավանդական հիմքեր ունի: Այո՛, այդ հիմքերը պետք է ամուր պահել, սակայն ժամանակի մարտահրավերներին դիմակայելու համար առանց բարեփոխումների զարգացում պարզապես չի լինի: Չկա բարեփոխում, չկա նաև զարգացում»,- նշեց Գեորգի Խուբուան:

Պրոֆեսորը հավելեց նաև, որ ակադեմիական կրթությունն էլիտար բնույթ պետք է կրի, քանի որ մասսայականությունը ենթադրում է միջակություն, հետևաբար միջակ համալսարանում անհատ ու իսկական քաղաքացի չես դաստիարակի. «Համալսարանի առաքելությունը պարզապես մասնագետ պատրաստելու մեջ չէ, ուստի ուսանողների ընտրության հարցում նույնպես նրբանկատություն է հարկավոր»:

Հայաստանյան կրթական համակարգի խնդիրներին, ձեռքբերումներին ու ապագա ծրագրերին անդրադարձան ոչ միայն ԵՊՀ-ի, այլև Հայաստանի պետական ինժեներական, Հայ-ռուսական (Սլավոնական), Հայաստանի պետական տնտեսագիտական, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական, Հայաստանի ազգային ագրարային համալսարանների, Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի, ինչպես նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ներկայացուցիչները:

 

 

X դասի երկու հզոր բռնկումները սպառնում են երկրաբնակներին

o_966925Վաղը երկրի վրա մագնիսական փոթորիկներ են սպասվում: Դրանք հունիսի 9-10-ին արձանագրված Արեգակի վրա 2 հզոր բռնկումների հետևանքով կառաջանան: Արեգակնային մասնիկների արտանետումները X դասին են պատկանում` ռենտգենյան   ճառագայթման աստիճանով` ամենաուժեղը:

Հիմնական հոսքը մեր մոլորակի կողքով կանցնի, սակայն մի ոչ մեծ մաս, այնուամենայնիվ կդիպչի Երկրագնդին, հաղորդում է “Россия 24”-ը: Բժիշկները զգուշացնում են, որ մեծ թվով մարդիկ անքնություն կունենան, հաճախասրտություն ու ճնշման տատանումներ:

Անկախ

Անհրաժեշտ է ունենալ գորգի թանգարան. Աշխունջ Պողոսյան

23159«Պատմական Հայաստանը գորգագործության մշակույթի խոշորագույն բնօրաններից է: Սա հռետորական հայտարարություն չէ. կան բազմաթիվ փաստեր, որոնք ապացուցում են այս պնդումը: Մասնագետները ամենահինը համարում են մ.թ.ա 3-րդ դարում ստեղծված գորգը, որը պատրաստվել է Հայաստանում, հավանաբար Վանա լճի ափին», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պատմական գիտությունների թեկնածու, գորգագետ Աշխունջ Պողոսյանը:

Գորգագործությունը մեր երկրում հատկապես զարգացած է եղել միջնադարում մինչև 13-14 դարերը և նորից սկսել է վերելք ապրել 1820-ականների վերջին.սա ուղիղ կապ ունի պատմական իրադարձությունների հետ:

«Միջնադարյան օտարալեզու, հատկապես արաբալեզու աղբյուրները գրում են, որ ամբողջ Արաբական խալիֆաթի տարածքում հռչակված էին հայկական գորգերը: Այժմ մենք ի՞նչ ունենք. հասկանալի է, ոչինչ չունենք, նման բան գոյություն չունի», -ասաց գորգագետը:

Նա հայտնեց, որ ներկայումս Հայաստանում գորգագործության 3 խոշոր ձեռարկություն կա, որից մեկը` Արցախում: «Որոշ բաներ արվում է այդ երեք ձեռնարկությունների միջոցով: Տեխնիկական, տեխնոլոգիական առումով այդ գործարանները առաջնակարգ են, արտադրանքի մեծ մասը գործվում է բնական ներկանյութերով»,- նշեց մասնագետը` շեշտելով, որ մեզ մոտ գորգի ինքնարժեքը չափազանց բարձր է. այդ պատճառով արտերկրում դրա վաճառքի կազմակերպումը շատ դժվար է, իսկ մեր երկրում առավել ևս չափազանց սահմանափակ է պահանջարկը:

«Ամբողջ աշխարհում ընդունված է տարանջատել գորգերը `կովկասյան, թուրքական, ադրբեջանական, սակայն հայկական գորգի մասին հայ ժողովուրդը՝ որպես գորգագործության մշակույթի  կրող ազգ, շատ հազվադեպ է հիշատակվում: Հայաստանի իշխանությունները  պետք է որ շահագրգռված լինեին, որպեսզի գորգագործությունը զարգանար, սակայն, ինչպես տեսնում ենք, այն մեր իշխանությունների խելքի բանը չէ, սակայն անհրաժեշտ է ունենալ գորգի թանգարան»,- ասաց պարոն Պողոսյանը` փաստելով, որ անգամ Առաջին Հանրապետության օրոք գորգագործության ավանդները պահպանելու համար ավելի լուրջ քայլեր էին անում, քանի հիմա:

Դոլարի գինը բորսայում`412 դրամ

դոլարՀունիսի 12-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 3,250,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 412.04 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 412 դրամ:

NASDAQ OMX Armenia

Վիկտոր Համբարձումյանի հիշատակին նվիրված հուշատախտակի բացման արարողություն Թբիլիսիում

g_imageՀունիսի 12-ին Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Թբիլիսիի քաղաքապետարանի աջակցությամբ Թբիլիսի քաղաքի Լադո Ասաթյանի 42 հասցեում տեղի ունեցավ հայազգի աշխարհահռչակ գիտնական, ակադեմիկոս և անվանի աստղագետ Վիկտոր Համբարձումյանի հիշատակին նվիրված հուշատախտակի բացման արարողությունը:

Հանդիսավոր արարողությանը ներկա էին Վրաստանում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Վահագն Աֆյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ռուսլան Պողոսյանը, Վրաստան թերթի գլխավոր խմբագիր Վան Բայբուրթյանը, թբիլիսաբնակ գրող-թարգմանիչ Գիվի Շահնազարին, վրաց մտավորականներ, հայ համայնքի մշակութային ու հասարակական գործիչներ:

Հուշատախտակի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Վրաստանում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Վահագն Աֆյանը, ով բարձր գնահատեց Թբիլիսիի քաղաքապետարանի պատասխանատու պաշտոնատար անձանց հետ Վրաստանում ՀՀ դեսպանության համագործակցության շնորհիվ իրականություն դարձած, համաշխարհային աստղագիտության բնագավառում մեծ ներդրում ունեցող ակադեմիկոսի հիշատակը հավերժացնող հուշատախտակի բացումը Թբիլիսիում:

Միջոցառմանը ելույթով հանդես եկավ նաև Թբիլիսիի քաղաքապետարանի ներկայացուցիչ, Մշակույթի և սոցիալան հարցերի քաղաքային ծառայության վարչության պետ Մամուկա Քացարավան, ով կարևորեց հուշատախտակի բացման փաստը Թբիլիսի քաղաքում՝ նշելով, որ հպարտ և ուրախ է, որ թբիլիսաբնակ հայազգի անվանի անձանց հիշատակին նվիրված հուշատախտակները տեղադրվում են Վրաստանի մայրաքաղաքում` միևնույն ժամանակ հայտնելով, որ այդ գործընթացը կրելու է շարունակական բնույթ:

Շնորհակալական և դրվատանքի խոսքեր ուղղվեցին նաև թբիլիսաբնակ հայ մտավորականներին և բոլոր այն անհատներին, ովքեր իրենց ներդրումն են ունեցել Վիկտոր Համբարձումյանի հուշատախտակի ստեղծման և տեղադրման գործում:

Մշակույթի նախարարությունը համալիրի գործով ոչ մի քայլ չի ձեռնարկում. համալիրի աշխատակից

համալիր«Հրապարակային սակարկությունների օրենքի համաձայն պետք է նշված լիներ, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը պատմամշակութային արժեք է, սակայն այդ մասին ավելացվել է, երբ հայց ենք ներկայացրել: Մշակույթի նախարարությունն  ոչինչ չի անում, ոչ մի քայլ չի ձեռնարկում այս հարցի վերաբերյալ», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց համալիրի աշխատակից Կորյուն Գրիգորյանը:

Նա  նշեց, որ իրենք շատ պատահական են իմացել, որ ֆինանսների նախարարությունը դիմել է դատարան, և համալիրը պետք է աճուրդի հանվի: Նրանք դիմել են նախարարություն խնդրելով, որ որոշ ժամանակով երակարձգվի վարկի մարման ժամկետը, «Մեզ ասացին, որ գործը արդեն դատարանում է: Եթե մեզ տային  մեկ կամ երկու տարի, համալիրը կմարեր ողջ պարտքը»,- ասաց նա

Գրիգորյանը հայտարարեց, որ իրենք նոր նախաձեռնություն են սկսում և իրավական ծանրակշիռ փաստարկներ են հավաքելու ԴԱՀԿ-ին ոչ իրավասու կառույց ճանաչելու համար: Այստեղ արդեն խոսքը վերաբերելու է ոչ միայն համալիրին, այլև Երևանի բնակիչներին: «ԴԱՀԿ-ը շատ անօրինական գործեր է արել: Հաշիվը, որը պետք է ղեկավարեր բաժնի պետը, այսօր տնօրինում է պարոն Պողոսյանի օգնականը, այսինքն՝ հաշիվները տնօրինվում են իրենց հայեցողությամբ»,- նշեց Գրիգորյանը:

Նա հավելեց, որ սեփականատերը փորձում է լավագույն ձևով լուծում տալ այս խնդրին, ցանկանում է ամեն ինչ անել միայն իրավական դաշտում և չտալ գործին քաղաքական երանգ:   2005 թվականին, երբ ներկայիս սեփականատերը ձեռք է բերել պատմամշակութային կառույցը, շենքը ոչ բարվոք վիճակում է եղել. «Այն արդեն փլուզվում էր, երբ ձեռք բերեցինք: Մարզահամերգային համալիրի ձեռքբերման նախապայման է եղել, որ այն մենք պետք է վերազինենք: Եղել է պայմանավորածություն, որպեսզի անենք ներդրում և մենք արել ենք: Երկու տարվա ընթացքում կատարվել է 42 մլն դրամի ներդրում»:

Համալիրի փաստաբան Արմինե Հակոբյանն իր հերթին լրագրողներին տեղեկացրեց, որ հրաժարվել է մասնակցել երեկ կայացած դռնփակ նիստին. «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի աճուրդի վերաբերյալ հարուցված գործը գտնվում է վերաքննիչ դատարանում: Երեկ դռնփակ նիստ է կայացել, որին ես հրաժարվել եմ մասնակցել: Միջնորդություն է արվել, որպեսզի գործը կասեցվի և  ուղարկվի Սահմանադրական դատարան: Սակայն տեղյակ չեմ, թե դատարանն ինչ որոշում է կայացրել, քանի որ չեմ մասնակցել»,- նշեց նա:

 

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին

12.06.2014ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիին:
Ողջունելով հյուրին, նախարար Սերգո Կարապետյանն անդրադարձել է գյուղատնտեսության բնագավառում հայ-իրանական համագործակցությանը, նշելով, որ, ցավոք, կողմերի միջև ստորագրված երկկողմ համագործակցության փաստաթղթերի պահանջների կատարման բնագավառում դեռևս մեծ են չօգտագործված հնարավորություններ, և որ ինքը լիահույս է պարոն դեսպանի աջակցությամբ հնարավորինս ակտիվացնել ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը: Որպես առաջին քայլ՝ նախարարն անդրադարձել է Հայաստանում Հալալ մակնշմամբ սպանդանոցների շահագործումն արագացնելու խնդրին:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և ներկայացված տեղեկատվության համար` դեսպանը պատրաստակամություն է հայտնել հետևողականորեն շարունակել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն աջակցելը և նպաստել երկկողմ համագործակցության հետագա խորացմանը:
Նախարարը դեսպանին տեղեկացրել է նաև Իրանի գյուղատնտեսության նախարարին այս տարի աշնանը Հայաստան հրավիրելու մտադրության մասին, որը հնարավորություն կընձեռի առավել մանրամասն քննարկել առաջիկա անելիքները և հստակ մոտեցումներ ցուցաբերել կոնկրետ ծրագրերի իրականացման ուղղությամբ:
Ի պատասխան իրանցի գործարարների կողմից Հայաստանում եգիպտացորենի արտադրությամբ զբաղվելու հետաքրքրություն ունենալու մասին պարոն Ռեյիսիի բարձրացրած հարցի, նախարարը պատրաստակամություն է հայտնել աջակցելու նման նախաձեռնություն ունեցող իրանցի բոլոր գործարարներին:
Այնուհետև նախարարն առաջարկեց իրանական կողմին քննարկել նաև իրանական ներդրումներով Հայաստանում կաթիլային ոռոգման սարքավորումների, կարկտապաշտպան ցանցերի արտադրություն կազմակերպելու հարցը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Նախագահը հանդիպում է ունեցել Վիեննայի արքեպիսկոպոս, Ավստրիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ կարդինալ Քրիստոֆ Շոնբորնի հետ

6809Ավստրիայի Հանրապետություն պաշտոնական այցի երկրորդ օրը՝ հունիսի 12-ին, Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Վիեննայի արքեպիսկոպոս, Ավստրիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ կարդինալ Քրիստոֆ Շոնբորնի հետ:

Զրուցակիցները գոհունակությամբ են արձանագրել, որ Հայ Առաքելական և Կաթոլիկ եկեղեցու հարաբերությունները մշտապես եղել են բարձր մակարդակի վրա և ՀՀ անկախությունից հետո դրանք նոր բովանդակություն են ստացել: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես շահագրգռված է Ավստրիայի հետ բազմաբովանդակ փոխգործակցության զարգացմամբ և երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում կարևորել է Հայ Առաքելական և Կաթոլիկ եկեղեցիների համագործակցությունը:

Նախագահը նշել է, որ լինելով քրիստոնեությունն առաջինը որպես պետական կրոն ճանաչած երկրի նախագահ` իր արտասահմանյան այցերի ժամանակ փորձում է բաց չթողնել տեղի հոգևոր առաջնորդների հետ հանդիպելու հնարավորությունը։ Սերժ Սարգսյանի խոսքով, հայ ժողովրդի հիշողության մեջ վառ են սրբադասված Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Բ-ի՝ 2001թ. ՀՀ այցելությունից ստացած անկրկնելի տպավորությունները, երբ հայ ժողովուրդը նշում էր ՀՀ-ում քրիստոնեության ընդունման 1700-ամյակը։ Նախագահը նշել է, որ հայերի համար թանկ է և կարևոր, որ երջանկահիշատակ Հովհաննես Պողոս Բ պապը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց Ցեղասպանությունը (2000թ. Վատիկանում և 2001թ. Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն Հայոց հայրապետի հետ համատեղ հայտարարություններով):

Հայ Առաքելական և Կաթոլիկ եկեղեցիների հարաբերությունների զարգացման գործում զրուցակիցները մեծապես կարևորել են նաև Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանության բացումը:

ՀՀ Նախագահը և Վիեննայի արքեպիսկոպոս, Ավստրիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ կարդինալ Քրիստոֆ Շոնբորնը գոհունակությամբ են փաստել, որ սերտ կապեր են ձևավորվել Ավստրիայի կաթոլիկ եկեղեցու հետ, որոնց շրջանակներում համատեղ իրականացվում են կրթական ու մշակութային ծրագրեր:

Հանդիպման ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Վիեննայի արքեպիսկոպոսին և Ավստրիայի կառավարությանը հայ համայնքի նկատմամբ ցուցաբերած ջերմ վերաբերմունքի և աջակցության համար:

Վիենայում Նախագահ Սերժ Սարգսյանը նաև հարգանքի տուրք է մատուցել ավստրիացի գրող և հումանիստ Ֆրանց Վերֆելի հիշատակին՝ ծաղկեպսակ դնելով նրա հուշարձանին:

Արտաշես Նազարյանը նշանակվել է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ

արտաշես նազարյանՀայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արտաշես Նազարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ։

***
Արտաշես Նազարյան

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1947 թ. 28 հունիսի, Վրաստան, ք. Թբիլիսի

Կրթություն
1970 թ. ավարտել է բարձրագույն, ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը՝ ֆիզիկական կուլտուրա և սպորտ մասնագիտությամբ:

Աշխատանքային գործունեություն
1968 – 1978 թթ. – Երևանի անասնաբուժական ինստիտուտի ֆիզիկական դաստիարակության ամբիոնի դասախոս, բասկետբոլի թիմի մարզիչ
1971 – 1972 թթ. – Վրաստանի անասնաբուժական ինստիտուտի ֆիզիկական դաստիարակության ամբիոնի դասախոս
1973 թ. – 26 կոմիսարների անվան մանկապատանեկան մարզադպրոց, մարզիչ
1973 – 1977 թթ. – Վրաստանի մանկապատանեկան մարզադպրոց, մարզիչ
1977 – 1982 թթ. – ՀՍՍՀ Մինիստրների սովետին առընթեր ֆիզիկական կուլտուրայի
և սպորտի կոմիտե, ՀՄԲՎԴ խաղային ձևեր, մարզիչ-մեթոդիստ
1982 – 1988 թթ. – ՀՍՍՀ Մինիստրների սովետին առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կոմիտե, մարզիչ
1988 – 2001 թթ. – Սպորտային թեքումով գիշերօթիկ դպրոցի փոխտնօրեն
2001 – 2004 թթ. – ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության վարչության պետի տեղակալ
2004 – 2007 թթ. – ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի բաժնի պետ, վարչության պետ
2007 – 2011 թթ. – ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության վարչության պետ
2011 – 2013 թթ. – «Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ
2011 թ. – Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի գլխավոր խորհրդական
2012 – 2013 թթ. – ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախարարի խորհրդական
2014 թ. հունիսի 12-ից՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ

Այլ տվյալներ
Զինապարտ է, ավագ: Տիրապետում է ռուսերենի և վրացերենի:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու դուստր:

«Иди гуляй, Вася…». Ռոբերտ Մելքոնյանը՝ Կիսելյովին

165629Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

««Ռուսաստանն այսօր» լրատվական գործակալության գլխավոր տնօրեն, Կրեմլի «գլխավոր խոսափող» Դմիտրի Կիսելյովը երեկ ԱԺ-ում հայ-ռուսական խորհրդարանական ակումբի հերթական նիստի ժամանակ ասել է, որ Երևանում տաքսի է նստել և երիտասարդ վարորդը ռուսերեն չի կարողացել խոսել: Այնուհետև, Կրեմլի այս ամենակարկառուն քարոզիչն ու խոսափողը ոչ ավել, ոչ պակաս խիստ տոնով ասել է, որ ռուսերենը պետք է Հայաստանի երկրորդ պետական լեզուն լինի…

Ուրեմն, ի գիտություն բոլոր կիսելյովների և նաև արևմտյան «բարեգործների». Հայաստանում մեկ պետական լեզու կա, ու դա հայերենն է, ու մնացածդ փախեք գրողի ծոցը…
Հայաստանը ոչ ռուսամետ է և ոչ էլ արևմտամետ, ու դուք բոլորդ այնքանով պետք կլինեք մեզ, որքանով այն կբխի մեր շահերից…

Դմիտրի Կիսելյով, իսկ Դուք գիտե՞ք, թե ես որքան վատ եմ զգում Ռուսաստանում, երբ տաքսիստներն ինձ հետ հայերեն չեն խոսում, երբ բռի, մեծամիտ, լկտի, արհամարհական պատասխանններ են տալիս օդանավակայաններում, խանութներում, հյուրանոցներում և ամենուր…Շատ ահավոր վատ ու ծանր եմ տանում…

Այնպես որ, Ձեր էժանագին լրագրողական տրյուկը պահեք Ձեզ, Դուք Հայաստանում տաքսի նստելու կարիք հաստատ չէիք ունենա, որովհետև «թանկագին» հյուրի կարգավիճակում եք եղել՝ շրջապատված արարողակարգի ծառայողներով և նրանց համակ ուշադրությամբ:
Դույզն-իսկ չեմ կասկածում դրանում: Այնպես որ, иди гуляй, Вася…”:

 

Անկախ

«Դ!ԵՄ ԵՄ». Պահանջներ կուտակային կենսաթոշակային համակարգին

դեմ եմ«Դ!ԵՄ ԵՄ» թիմն, ընկալելով կենսաթոշակային բարեփոխումների կարևորությունն ու անհրաժեշտությունը, լինելով արժանապատիվ ծերություն ապահովելու ճանապարհին և, միևնույն ժամանակ, գերակա ճանաչելով մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, գտնում է, որ կուտակային կենսաթոշակային նոր համակարգը կարող է կյանքի կոչվել միմիայն կամավոր սկզբունքով:

Որպես Հայաստանի Հանրապետության ներկայով և ապագայով մտահոգ քաղաքացիներ, մենք մնում ենք այն դիրքորոշման մեջ, որ ներդրվող կուտակային նոր համակարգը պետք է բխի միայն և միայն մարդու շահերից և սահմանադրական սկզբունքներից:

Ուստի մենք գտնում ենք, որ Կուտակային Կենսաթոշակային նոր համակարգը պետք է բավարարի հետևյալ պահանջներին՝

1. Համակարգին մասնակցությունը պետք է լինի միայն կամավոր։
2. Համակարգի յուրաքանչյուր մասնակից կարող է ցանկացած պահի դուրս գալ համակարգից։
3. Համակարգի ներդրումը չպետք է պարտադիր կերպով ավելացնի գործատուի և/կամ աշխատողի ֆինանսական բեռը։

Նոր օրենքի նախագիծը մինչեւ Ազգային ժողովի օրակարգ մտնելը, պետք է ներկայացվի հանրության դատին, ունենա լայն հանրային քննարկում, որի ժամանակ հանրության մտավախություները և առաջարկները պետք է անպայմանորեն հաշվի առնվեն:

 

«Դ!ԵՄ ԵՄ» թիմ

«Կիսելյովը հերթական անգամ ցույց տվեց, որ ինքը լրագրող չի, այլ՝ տապոռ քարոզիչ». Տիգրան Քոչարյան

կիսիլյով-180x180

Բլոգեր Տիգրան Քոչարյանը գրել է.

“Ավարտելով Կիսելյով-տաքսիստ հասարակության թեման՝ ասեմ:

Կիսելյովը հերթական անգամ ցույց տվեց, որ ինքը լրագրող չի, այլ՝ տապոռ քարոզիչ: Դա, մեղմ ասած, գլոբալ առումով` դասական ապուշ:
ա) Եթե դու տաքսի չես նստել ու Համմերով ֆռացել, բարի եղիր ասել, որ քեզ դա պատմել են:
բ) Եթե դու անընդհատ ստեղի սապոնների հետ ես հանդիպում, ապա չարժե կարծիք կազմել մի կողմի ասածով, հանդիպի և հակառակ կարիք ունեցողների հետ:
գ) Եթե դու լավ գիտես, որ քո երկիրը այստեղ մատը մատին չի տալիս, որ հասարակական կարծիք ձևավորի, ապա մի բան ասելու, մի քիչ քցի-բռնի, նոր քաք մեջ արա:

Կիսելոյվին կամ դրա տիպի մարդ կանչելուց առաջ, կանչող կողմ, գոնե մի քիչ աշխատեք նախօրոք, մարդուն բացատրեք տեղական առանձնահատկությունները, Հայաստանը Ուկրաինա չի, Հայաստանը Կրասնոդար չի, որը որից հետո ա, ու նոր մեյդան գցեք: Տարրական բաներ են”:

 

Անկախ

«Առաջարկում եմ փակել ռուսական պրոպագանդայի այդ ալիքը». Պետրոս Ղազարյան

загруженное

Հեռուստահաղորդավար Պետրոս Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

“Ինչո՞ւ Կիսելյովը պետք է գա Հայաստան, մեզ արհամարհական ու ցինիկ ձևով խորհուրդներ նետի, իսկ մենք մեր մետրային ալիքով հեռարձակենք այն ալիքը, որի գլխավոր դեմքը հենց սույն պերսոնաժն է:
Թասիբ, նամուս կա՞, թե՞ սեպտեմբերի 3-ին պրծել է:
Առաջարկում եմ փակել ռուսական պրոպագանդայի այդ ալիքը”:

 

Անկախ

Նախագահի չկատարված որոշում՝ սա աբսուրդ է. Արմեն Պողոսյան

  “Մեր երկրի նախագահը որոշում էր ընդունել, որով հանձնարարում էր գերատեսչություններին միջոցներ հայթաթել “ՀայՌուսգազարդի” հայկական մասնաբաժինն ավելացնելու համար, իսկ այժմ ոչ մի տոկոս չունենք: Սա նշանակում է նախագահի չկատարված որոշում, ինչն ուղղակի աբսուրդ է”,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման, դրա պատճառների, հետևանքների մասին՝ նշեց «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը:

Արմեն Պողոսյան

“Ցավոք, այս մահակը պատրաստվում է կրկին սպառողի գլխին իջնել,  այս թանկացումները վերջ չունեն, և ես խոսում եմ ոչ միայն այս պահի թանկացման մասին, այլ ընդհանրապես սա խոսում է արատավոր տնտեսական քաղաքականության մասին”,-նշեց Արմեն Պողոսյանը:

Թեև, ըստ բանախոսի, էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումն օբյեկտիվ կողմ ունի, սակայն խնդիրն այն է, որ չկա  տնտեսական քաղաքականություն, չի ուրվագծում այն ուղիները, որով սպառողը կկոմպենսացնի այս թանկացումներն ու այդ հարցում ինչ քայլեր պետք է անի պետությունը:

Արմեն Պողոսյանի կարծիքով Հանրային հարցերը կարգավորող հանձանժողովին է վստահված այս թանկացումների գործառութը, սակայն բանախոսը էլեկտրաէներգիայի սակագնի սահմանման մեջ նկատում է որոշ կասկածելի կետեր, անտեղի շռայլություն:

Իսկ «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանի կարծիքով թանկացումը ժամանակին չէր. դեռ մեկ տարի առաջ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացավ  մեծ թռիչքով՝ 27%-ով, ինչն այլ երկրերում մեծ բողոքի ալիք կբարձրացներ, իսկ Հայաստանում թանկացումը պատճառաբաենցին ծառայությունների որակի բարելավմամբ, ինչը սակայն, գոյություն չունի:

 “Էլեկտրացանցը խայտառակ վիճակում է, հատկապես մարզերում վիճակն անմխիթար է”,-նշեց Կարեն Չիլինգարյանը:

Բանախոսն առաջարկում է հետևել այլ պետությունների օրինակին ու էլեկտրաէներգիայի համար վճարումը համարժեք դարձնել ծախսածի ծավալին, այսինք՝ որքան շատ է օգտագործում, այնքան ավելի է թանկ գնով է վճարելու: Պետք է քայլեր ձեռնարկել, օպտիմալ դարձնել Հայաստանի էլեկտրաէներգիայի օգտագործումը, իսկ Հայաստանի տնտեսությունն, ըստ բանախոսների, ելքեր չի որոնում, չի շնչում:

Վարչապետն ընդունել է Կարլ Լամերսին

11374_am_1Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր, ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախկին նախագահ Կարլ Լամերսին:
Կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել հայ-գերմանական հարաբերությունների ներկայիս մակարդակից և կարևորել երկկողմ գործակցության շարունակական զարգացումը: Ընդգծելով, որ ԵՄ պետությունների շարքում Գերմանիան Հայաստանի առաջին առևտրային գործընկերն է, Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել անկախացումից ի վեր Գերմանիայի կառավարության կողմից շուրջ 464 մլն եվրոյին համարժեք ֆինանսական և տեխնիկական օգնության տրամադրումը: Վարչապետը նաև նշել է, որ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ջերմ հարաբերություններ են ձևավորվել Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտի հետ և ընդհանրապես, առկա է միջխորհրդարանական բարձր մակարդակի արդյունավետ համագործակցություն:
Իր հերթին Կարլ Լամերսը շնորհավորել է Հովիկ Աբրահամյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ և մաղթել բեղմնավոր աշխատանք: Բունդեսթագի պատգամավորը նշել է, որ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում մեր երկիրը միշտ բարձր մակարդակով է ներկայացված եղել և ի դեմս Հայաստանի նա տեսնում է լավ բարեկամի, հուսալի գործընկերոջ:
Հանդիպման ընթացքում պարոն Լամերսի խնդրանքով վարչապետ Աբրահամյանն անդրադարձել է ինտեգրացիոն գործընթացներին (Մաքսային միություն, Եվրոպական միություն) Հայաստանի մասնակցության հեռանկարներին, ներկայացրել տարածաշրջանում ձևավորված աշխարհաքաղաքական իրավիճակը, հարևան երկրների հետ հարաբերությունների ընթացքը և զարգացումները: Երկուստեք կարևորվել է խաղաղ բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ՀՀ – ԵՄ հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարների շուրջ: Վարչապետ Աբրահամյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է պահպանել և էլ ավելի բարձրացնել Եվրամիության հետ հարաբերություններում ձեռք բերված որակն ու դինամիկան: Դա հնարավորություն կտա շարունակել տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումները և հասնել գործակցության ավելի բարձր մակարդակի: Պարոն Լամերսը հավաստիացրել է, որ Գերմանիան պատրաստակամ է աջակցել մեր երկրին ԵՄ-ի հետ համագործակցությունը խորացնելու և ընդլայնելու գործում:

Հուլիսի 15-ից սեպտեմբերի 1-ը ավտոտրանսպորտային երթևեկությունը կդադարեցվի Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունելի սկիզբն ընկած ճանապարհահատվածում

ճանապարհ

2014 թ. ՀՀ պետական բյուջեի պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրով կհիմնանորոգվի Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 73.2- 83.12 կմ ՝

Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունելի սկիզբն ընկած ճանապարհահատվածը։

Նախատեսված հիմնանորոգման աշխատանքների ընթացքում երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի  11.06.2014թ. թիվ N 226-Ա հրամանով ս.թ. հուլիսի 15-ի ժամը 09:00-ից մինչև սեպտեմբերի 1-ի ժամը 09:00-ն այդ ճանապարհահատվածում ավտոտրանսպորտային երթևեկությունը կդադարեցվի:
Սահմանվել է տրանսպորտային երթևեկության հետևյալ այլընտրանքային երթուղին՝ Երևանից Մ-4 միջպետական ճանապարհով Դիլիջան, Իջևան ուղևորվելու համար՝ Մ-4-Մ-14-Ծովագյուղ-Սեմյոնովկա-Մ-4:

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն

 

Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին

MHM88569Հայաստանի նախկին վարչապետ, երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվա կապակցությամբ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Կոմիտասի անվան պանթեոն:
Վարչապետը և ՀՀ բարձրագույն ղեկավարությունը ծաղիկներ են դրել Անդրանիկ Մարգարյանի շիրիմին՝ հարգանքի տուրք մատուցելով պետական, քաղաքական գործչի հիշատակին:
Հայ Առաքելական Եկեղեցու սպասավորների կողմից մատուցվել է հոգեհանգստյան կարգ:

Քաղաքացին կրակել է ոստիկանների ուղղությամբ. կան վիրավորներ (տեսանյութ)

231856491395744102Հունիսի 12-ին՝ ժամը 12.10-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչ, 1983 թ. ծնված Հայկ Կ.-ն Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարչական շենքի դիմաց բարձրացել է կայանված ավտոմեքենաներից մեկի վրա և հայտարարել, որ մեքենայում ռումբ կա: Կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին` Հայկ Կ.-ն իր մոտ եղած ատրճանակից  կրակոցներ է արձակել  տեղում  ծառայություն կատարող ոստիկանների ուղղությամբ: Կան վիրավոր ոստիկաններ, որոնք տեղափոխվել են հիվանդանոց: Հայկ Կ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի  բաժին: Ատրճանակն առգրավվել է: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն:

 

Անկախ

«Պահանջում ենք՝ հետայսու զերծ պահեք հայոց խորհրդարանը նման հաչոցներից». Ալ. Արզումանյան

B7F221A8-A989-47EB-BBD3-9768AFDDACA0_mw1024_n_sԱզգային ժողովի այս նստաշրջանի վերջին քառօրյայի վերջին նիստը մեկնարկեց պատգամավորների լեզվակռվով: Վարման կարգով ելույթ ունեցավ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և գործընկերների ուշադրությունը հրավիրեց նախօրեին Ազգային ժողովում տեղակայված հայ-ռուսական ակումբի նիստում ռուսաստանցի լրագրող Դմիտրի Կիսիլյովի հանդիպմանը և այդ հանդիպմանը նրա հնչեցրած մտքերին: <<Երեկ անթույլատրելի իրադարձություն է տեղի ունեցել Հայաստանի խորհրդարանում: Ռուսաստանցի լրագրող Դմիտրի Կիսիլյովը հայ-ռուսական ակումբի նիստի ժամանակ անհարգալից տոնով և ենթատեքստով հայտարարություններ է արել ՀՀ-ի, հայ ժողովրդի, հայ ժողովրդի նահատակների և հայոց լեզվի հասցեին: Կարծում եմ՝ ՀՀ ԱԳՆ-ն պետք է քննարկի Կիսիլյովին ՀՀ տարածքում «պերսոնա նոն գրատա»՝ անցանկալի անձ հայտարարելու մասին հարցը: Խստորեն դատապարտում եմ նաև նիստին ներկա ՀՀ պատգամավորների պահվածքը, որոնք չեն գտնվել անհրաժեշտ բարձրության վրա: Կարծում եմ, որ Հայաստանը օտարերկրյա հյուրերին պետք է հստակ ուղերձ հղի, որ նման պահվածք ունեցող յուրաքանչյուր օտարերկրացի արժանանալու է հստակ հակահարվածի>>,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ազգային ժողովի նախագահը նշեց, որ Հայաստանը, հայոց լեզուն հայ ժողովրդի համար հոգևոր արժեք են, ուստի, եթե նման իրողություններ կան, կքննարկվեն: Անյուհետև վարման կարգով ելույթ խնդրեց ՀՀԿ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, որը երեկվա հանդիպմանը ներկա է գտնվել: Նա հակադարձեց Նիկոլ Փաշինյանին՝ ասելով. <<Նման բան, ինչ որ ասաց պարոն Նիկոլը/կողքի պատգամավորին հարցնում է՝ ինչ էր ազգանունը/, հա, պարոն Փաշինյան, նման բան տեղի չի ունեցել ընդհանրապես: Որևէ վիրավորական արտահայտություն մեր ներկայությամբ, իսկ ես այնտեղ ներկա եմ եղել, չի եղել, դա չի համապատասխանում իրականությանը: Եղել է քննարկում, որը վերաբերել է բազմաթիվ հարցերի՝ հարգալից մթնոլորտում, և պատգամավորները, լսելով կարծիքը, ներկայացրել են իրենց կարծիքը>>:

Ազգային ժողովի նախագահը հայտարարեց, որ այլևս չի պատրաստվում որևէ մեկին վարման կարգով ելույթի իրավունք տրամադրել, քանի որ ծավալվում է քննարկում՝ նշելով, որ անհրաժեշտության դեպքում խնդիրը նիստից դուրս լրացուցիչ կքննարկվի:

Այնուհետև Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը արտահերթ ելույթի իրավունքով ասաց, որ ցանկանում է փարատել թե՛ Նիկոլ Փաշինյանի, թե՛ բոլորի, այդ թվում՝ «լրատվական կորպուսի» ներկայացուցիչների անհանգստությունը: <<Ակումբային հարթակը բանավիճային է, որտեղ պոլեմիկայի, տարբեր կարծիքներ լսելու, այլ արգումենտներ հնչեցնելու հնարավորություն պիտի լինի, և կա այդ հնարավորությունը: Ներկա պատգամավորները, լրատվական ներկայացուցիչները շատ ակտիվ են եղել, այնտեղ չի եղել վիրավորական որևէ խոսք նահատակների հասցեին, վստահ եղեք: Եթե նման լիներ, ապա ինչպես Դուք, այնպես էլ բոլոր ներկաները թույլ չէր տա: Այնտեղ են եղել պարոն Բաբուխանյանը, Տաճատ Վարդապետյանը, Կարինե Աճեմյանը, և բոլորը, պարոն Փաշինյան, իրենց բարձունքի վրա են գտնվել>>:

Վարման կարգով ելույթ ունեցավ նաև ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը. <<ՀՀ-ում պետական լեզուն հայերենն է, խնդրում և պահանջում եմ հետայսու ԱԺ-ում տեղի ունեցող որևէ քննարկման ժամանակ պահպանել պետական լեզվի կարգավիճակը՝ ապահովելով թարգմանություն: Եվ հաջորդը. եթե ԱԺ փոխնախագահի ղեկավարած պատվիրակությունը Մոսկվայում օդակայանից հասնում է հյուրանոց երկուսուկես ժամում, բոլորովին այլ կարգի պատվիրակությունը կարող է Դեմիրճյան փողոցից ոտքով հասնել ԱԺ շենք, սա խնդրում եմ՝ նկատի ունեցեք>>:

Պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն էլ, անդրադառնալով նախօրեի քննարկմանը, ասաց, որ բազմակարծություն ապահովելու ահմարա նհրաժեշտ էր հրավիրել տարբերվող կարծիքներով պատգամավորների: <<Որպեսզի եթե վիրավորեն մեր ժողովրդին, կարողանանք պաշտպանել: Պարոն Բաբուխանյանն ուղղակի ստում է: Հանդիպումն ամբողջությամբ համացանցում է, որտեղ հստակ երևում է, որ մեր ժողովրդի հասցեին, մեր պետությանը սպառնացող ցինիկ արտահայտություններ են արվել: Հիշեցման կարգով՝ ցինիկ և կինիկ բառերի արմատը շուն բառն է: Հին Հունաստանում ցինիկ էին անվանում մարդկանց, որոնք շան պես հաշչում էին հասարակության վրա՝ վիրավորելով վերջինիս: Պահանջում ենք՝ հետայսու զերծ պահեք հայոց խորհրդարանը նման հաչոցներից>>:

Ազգային ժողովի նախագահը հայտարարեց, որ այսուհետև խորհրդարանական յուրաքանչյուր միջոցառում կընթանա հայոց լեզվով: Արձագանքելով արդեն խոսափողն անջատած, բայց լեզվակռիվը շարունակող պատգամավորներին՝  Գալուստ Սահակյանը ասաց. <<Էստեղ արդեն պատերազմ չենք հայտարարում: Ուշադիր, ուշադիր, կարծում եմ՝ էստեղից է գալիս, որ մեր ժողովուրդը երբեմն մեզ չի ընդունում: Սա խորհրդարանի դահլիճն է, արդեն ասացի, եթե անհրաժեշտ է, ևս մեկ անգամ կքննարկենք իրողությունը>>:

Աֆրիկյանների 130-ամյա շենքն ու «Հռոմի պապից ավելի կաթոլիկ» ակտիվիստների պայքարը

268862_120426344714718_4552640_n«Պետք է համախմբվել: Քանդվում է 130 տարվա պատմություն ունեցող Աֆրիկյանների ակումբի շենքը: Մենք պահանջում ենք դադարեցնել քաղաքապետարանի նախաձեռնած քանդման աշխատանքները և վերականգնել ակումբի ճարտարապետական ողջ կառույցը»:

Օրերս այս հայտարարությամբ հանդես եկան «Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» նախաձեռնության անդամները, որոնք արդեն մի քանի օր է՝ բողոքի տարբեր ակցիաներով հանրության և պետական կառույցների ուշադրությունն են հրավիրում շենքի ապամոնտաժման աշխատանքների վրա:

10447074_627887340635280_3184625121968529795_nՇենքն ապամոնտաժելուց հետո նախատեսվում է տեղափոխել ապագայում կառուցվելիք «Հին Երևան» պատմաճարտարապետական թաղամաս, իսկ Տերյան ու Զաքյան փողոցները միացնել իրար: Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը հայտարարել է, որ հուշարձան-շենքը 4 մետրով գտնվում է Տերյան փողոցի երթևեկելի մասում՝ խախտելով կառուցապատման գիծը:

big_1402292340_4105747Ակտիվիստները չեն վստահում իշխանություններին և չեն հավատում, որ շենքն ապամոնտաժվելուց հետո նույնությամբ կվերականգնվի, քանի որ «Հին Երևան» պատմաճարտարապետական թաղամասի գաղափարը դեռևս թղթի, ավելի ճիշտ՝ մակետի վրա է: Իսկ մինչ այն կյանքի կկոչվի, Աստված գիտի, թե ինչ տեղի կունենա, ինչպես որ եղել է շատ պատմամշակութային շենքերի ապամոնտաժման դեպքում, երբ քարերը համարակալվել են, ապամոնտաժվել և տարվել անհայտ ուղղությամբ, իսկ շենքի վերականգնում այդպես էլ տեղի չի ունեցել:

Բացի այդ, նրանք համոզված են, որ խնդիրն ամենևին էլ կառուցապատումը չէ, այլ շենքի տեղում 12-հարկանի հյուրանոցի կառուցումը:

IMG_4326

Հին Երևան պատմամշակութային թաղամասի մանրակերտը

Սակայն «Հին Երևան» ծրագրի հեղինակ, ճարտարապետ Լևոն Վարդանյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ակտիվիստների մտահոգությունը տեղին չէ: Ավելին, նա չթաքցրեց իր վրդովմունքը նրանց գործունեության նկատմամբ՝ նշելով, որ դրանով նրանք խոչընդոտում են «Հին Երևան» ծրագրի իրականացումը, որի հետևանքով տուժում են նաև հուշարձան-շենքերը:

«Այս ծրագիրը երկար տարիների աշխատանք է: Այն առաջ է եկել այն հանգամանքից, որ տեղում գոյություն ունեն մի շարք հուշարձան շենքեր և հուշարձաններ, որոնք ժամանակին ապամոնտաժվել են, և դրանց համար մի ընդհանուր լուծում պետք է գտնվի: Այս ծրագրով հնարավորություն է տրվում, կանգուն հուշարձանների մասում ավելացնելով ապամոնտաժված հուշարձանները, ունենալ հին Երևանի մի կտոր»,- ասում է նա:

Նշում է, որ Տերյան 11 հասցեում գտնվող Աֆրիկյանների շենքը Երևանի գլխավոր հատակագծի վերջին հաստատված տարբերակում հատկացվել է «Հին Երևան» ծրագիրն իրականացնելու համար, իսկ հուշարձան շենքը մտել է տեղափոխվող հուշարձանների ցուցակը:

IMG_4338

Աջից՝ Գիլանյանցի լիմոնադի գործարանը, ձախից՝ Աֆրիկյանների ակումբի շենքը

Նրա խոսքով՝ սա այն հազվագյուտ շենքերից է, որ ոչ թե ուղղակի քանդվել է ինչ-որ օլիգարխի կողմից այդ տարածքում այլ շենք կառուցելու համար, այլ որովհետև դրա համար կա օբյեկտիվ պատճառ. այն մտած է երթևկելի գոտու մեջ: Վարդանյանը նաև հայտնեց, որ Բյուզանդի 26 հասցեում գտնվող հուշարձան շենքը նույնպես հանվելու և տեղափոխվելու է «Հին Երևան» նախագծի տարածք:
«Աֆրիկյանների շենքի ապամոնտաժումը դեռևս երկու տարի առաջ պետք է տեղի ունենար,- ասում է նա,- և եթե չլիներ այդ ակտիվիստների աղմուկը, մշակույթի նախարարությունն էլ չվախենար, ապա այն ժամանակ շենքը ապամոնտաժված կլիներ, դարբնի գործերն ու փայտի էլեմենտները գողացված չէին լինի, իսկ քարերն ապահով կտանեինք, մի տարածքում կհավաքեինք մինչև վերակառուցելը»:

Նա նաև կարծում է, որ սա միակ կառույցն է, որի դեպքում արվել է ապամոնտաժման պրոֆեսիոնալ նախագիծ. «Էն գլխից պատվիրատուի առաջ ես ինքս հարց եմ դրել, թե ով պիտի քարերն ապամոնտաժի, ով պիտի բերի, նոր տեղում շարի. Շիրինյան Գագիկը, որը կրթությամբ ճարտարապետ է և էն մարդն է, որն ամեն ինչ շատ լավ գիտակցում է: Այսինքն` ամեն ինչ արել ենք, որ գոնե 99 տոկոսով էս ամբողջը վերականգնվի»:

Ինչ վերաբերում է շենքի տարածքում հյուրանոցի կառուցմանը, ապա Վարդանյանը հիշեցնում է, որ հուշարձան-շենքի ապամոնտաժման հարցը դրվել է դեռևս 2005 թվականին, իսկ հյուրանոցի կառուցման ծրագիրն ի հայտ է եկել 2012-ին: «Դա դրա հետ որևէ կապ չունի: Շենքի ապամոնտաժման հիմնական նպատակը Տերյան փողոցը լայնացնելն է»,- ասում է նա:

IMG_4342Լևոն Վարդանյանն իր «Հին Երևան» ծրագրի մակետը արվեստանոցից մի քանի օրով տեղափոխել է Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ: Այս օրերին նախագծի տարածքի սեփականատերերը, որոնց միջոցներով պետք է իրականանա ծրագիրը, արտասահմանյան ներդրողներ են հրավիրել, որպեսզի նախագիծը տեսնեն և հավանության դեպքում ներդրումներ անեն: Մակետը տեսնելու ցանկություն է հայտնել նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ուստի այն դեռևս մի քանի օր էլ կմնա այնտեղ:

Ճարտարապետն ասում է, որ իր դռները միշտ բաց են բոլորի առջև, և դեռևս երկու տարի առաջ, երբ ինքը նոր էր սկսել մակետի կառուցումը, իր արվեստանոց է հրավիրել նաև քաղաքի պատմամշակութային հուշարձանների ճակատագրով մտահոգ ակտիվիստներին ՝ միասին քննարկելու նախագիծը և միասին էլ այն կյանքի կոչելու: Ցավոք, ոչ բոլորն են ոգևորվել ծրագրով:

IMG_4336

Աֆրիկյանների ակումբի շենքը բակի կողմից

«Վերջապես, երբ գործը սկսել է առաջ գնալ, փորձում են խանգարել»,- ասում է նա,- փոխանակ իմ կողքին լինեն, ինձ հետ միասին պահանջեն պետությունից, որ ծրագիրը, որ Վարդանյան Լևոնը տասնյակ տարիներ համառորեն պնդում է, արագ իրականանա, դեռ մի բան էլ խանգարում են և փչացնում եղած հուշարձանները՝ իրենք էլ չհասկանալով, թե ինչ են ուզում»:

Ի դեպ, Վարդանյանը չի կարծում, որ այդ շենքերը պարտադիր պետք է վերականգնվեն նույն քարերով. «Խնդիրն ուրիշ է. մենք վերականգնում ենք մշակութային մի շերտ, միջավայր: Կներեք, եթե ողջ Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այդ ամբողջ քաղաքները ֆոտոներով են վերականգնել, ոչ թե գծագրերով, ինչպե՞ս են նույն լեհերն ու գերմանացիները հպարտ քայլում իրենց քաղաքով՝ առանց նույնիսկ խորանալու՝ դրանք ֆոտոյով են վերականգնվել, թե ինչպես: Թիֆլիսը նույնը արեց 75 թվականից սկսած, և էսօր ոչ ոք չգիտի՝ Թիֆլիսի շենքերից որն է տեղում կանգնած եղել, որն է ավելացել: Հիմա նույն բանը փորձում ենք մենք անել, բայց Հռոմի Պապից ավելի կաթոլիկ մեր հայերը պայքարում են դրա դեմ»:

Ճարտարապետ Դավիթ Քեթմենջյանը, որը «Հին Երևան» ծրագրի նկատմամբ բավականին դրական է տրամադրված, համարում է, որ այդ ծրագրում ներառված են նոր դասականության շենքեր, իսկ Աֆրիկյանների շենքն իր մտահղացմամբ բոլորովին այլ կառույց է և պետք է մնա իր տեղում՝ զարդարելով իր միջավայրը. «Քաղաքն իր պատմությունն ունի, այդ շենքն ամեն տեսակի բնակելի տուն չէ, այն հին Երևանի ունիկալ հուշարձաններից է, և ճիշտ կլինի, որ մնա իր տեղում՝ դառնալով թանգարան»:

աֆրիկյաններ

Ինչ վերաբերում է բերվող փաստարկին, որ շենքը հայտնվել է փողոցի երթևեկելի մասում, ապա ճարտարապետը կարծում է, որ այդ խնդրի լուծման համար հնարավոր էր գտնել այլ տարբերակներ:

Հիշեցնենք, որ Աֆրիկյանները հին Երևանի անվանի ընտանիքներից են եղել և լուրջ ներդրում են ունեցել քաղաքի զարգացման գործում: Մասնավորապես, նրանց շնորհիվ է 1911 թ. առաջին անգամ խմելու ջուրը բերվել Երևան: Սակայն խորհրդային կարգերի հաստատումից հետո Աֆրիկյանների ունեցվածքն ազգայնացվել է, իսկ նրանց շենքերն ընդգրկվել են Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում:

 

Անի Գասպարյան

 

Անկախ