«Պատմական Հայաստանը գորգագործության մշակույթի խոշորագույն բնօրաններից է: Սա հռետորական հայտարարություն չէ. կան բազմաթիվ փաստեր, որոնք ապացուցում են այս պնդումը: Մասնագետները ամենահինը համարում են մ.թ.ա 3-րդ դարում ստեղծված գորգը, որը պատրաստվել է Հայաստանում, հավանաբար Վանա լճի ափին», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պատմական գիտությունների թեկնածու, գորգագետ Աշխունջ Պողոսյանը:
Գորգագործությունը մեր երկրում հատկապես զարգացած է եղել միջնադարում մինչև 13-14 դարերը և նորից սկսել է վերելք ապրել 1820-ականների վերջին.սա ուղիղ կապ ունի պատմական իրադարձությունների հետ:
«Միջնադարյան օտարալեզու, հատկապես արաբալեզու աղբյուրները գրում են, որ ամբողջ Արաբական խալիֆաթի տարածքում հռչակված էին հայկական գորգերը: Այժմ մենք ի՞նչ ունենք. հասկանալի է, ոչինչ չունենք, նման բան գոյություն չունի», -ասաց գորգագետը:
Նա հայտնեց, որ ներկայումս Հայաստանում գորգագործության 3 խոշոր ձեռարկություն կա, որից մեկը` Արցախում: «Որոշ բաներ արվում է այդ երեք ձեռնարկությունների միջոցով: Տեխնիկական, տեխնոլոգիական առումով այդ գործարանները առաջնակարգ են, արտադրանքի մեծ մասը գործվում է բնական ներկանյութերով»,- նշեց մասնագետը` շեշտելով, որ մեզ մոտ գորգի ինքնարժեքը չափազանց բարձր է. այդ պատճառով արտերկրում դրա վաճառքի կազմակերպումը շատ դժվար է, իսկ մեր երկրում առավել ևս չափազանց սահմանափակ է պահանջարկը:
«Ամբողջ աշխարհում ընդունված է տարանջատել գորգերը `կովկասյան, թուրքական, ադրբեջանական, սակայն հայկական գորգի մասին հայ ժողովուրդը՝ որպես գորգագործության մշակույթի կրող ազգ, շատ հազվադեպ է հիշատակվում: Հայաստանի իշխանությունները պետք է որ շահագրգռված լինեին, որպեսզի գորգագործությունը զարգանար, սակայն, ինչպես տեսնում ենք, այն մեր իշխանությունների խելքի բանը չէ, սակայն անհրաժեշտ է ունենալ գորգի թանգարան»,- ասաց պարոն Պողոսյանը` փաստելով, որ անգամ Առաջին Հանրապետության օրոք գորգագործության ավանդները պահպանելու համար ավելի լուրջ քայլեր էին անում, քանի հիմա:
Tags: գորգագործություն, մշակույթ