Հայաստանում էր ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի համատեղ խորհրդատվական խումբը

30 (1)Հունիսի 2-ից 7-ը Երևանում էր գտնվում Հայաստանի Հանրապետությունում պաշտպանության ռազմավարական երկրորդ վերանայմանն աջակցող ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի համատեղ խորհրդատվական խումբը:

Այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան մասնագետների հետ հանդիպումների ժամանակ քննարկվել է ռազմավարական վերանայման շրջանակներում պլանավորման նկատառումների մշակման մեթոդաբանությունը:

Այցի արդյունքներն ամփոփելու և փորձագիտական աջակցության հետագա ուղղությունները նախանշելու նպատակով հունիսի 6-ին խորհրդատվական խմբին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:

ՀՀ պաշտպանության ռազմավարական երկրորդ վերանայման գործընթացն իրականացվելու է մինչև 2015թ․ ավարտը և նպատակաուղղված է անվտանգության միջավայրի համակողմանի գնահատման, սպառնալիքների չեզոքացման եղանակների բացահայտման, անհրաժեշտ ռեսուրսների պլանավորման և դրանց գործադրման ուղիների որոշման միջոցով մինչև 2020թ․ ՀՀ պաշտպանության և անվտանգության համակարգի կայուն զարգացմանը:

 

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում

կրակոցՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունիսի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 700 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 6000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Պորոշենկոն երդվել է որպես Ուկրաինայի նախագահ

petro-poroshenkoՇաբաթ օրը տեղի ունեցավ Պյոտ Պորոշենկոյի երդմնակալության արարողությունը որպես Ուկրաինայի նախագահ:

Պորոշենկոն խոստացել է պաշտոնը զբաղեցնելուց անմիջապես հետո ամբողջական նախագիծ ներկայացնել երկրում տիրող թշնամական վիճակը վերջացնելու համար՝ ներառյալ ապստամբներին ներում շնորհելը, ինչպես նաև արտահերթ շրջանային ընտրությունների կազմակերպում արևելքում:

Պուտինը մերժել էր Կիևի և Արևմուտքի պնդումները, որ Ռուսաստանը ապստամբություններ է հրահրում Ուկրաինայի արևելյան շրջաններում և ուրբաթ օրը հայտնել է, որ Պորոշենկոն պետք է առանց միջնորդների բանակցի արևելքի ներկայացուցիչների հետ:

Պորոշենկոն հայտարարել է, որ ինքը հույս ունի, որ Ռուսաստանի խորհրդարանը չեղյալ կհամարի Ուկրաինայի տարածքում ռազմական ուժ կիրառելու վերաբերյալ Պուտինին տրված թույլտվությունը:

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի հիմնադրման 20-ամյակի առթիվ

լոգո-ակադեմիաՀայաստանի Հանրապետությունը երկու տասնամյակ առաջ թևակոխեց իր պատմության նոր շրջափուլերից մեկը, որտեղ կարևորվում էր ժամանակի գլոբալ մարտահրավերներին, երկրի առջև ծառացող խնդիրներին, նոր աշխարհի իրողություններին պատրաստ լինելու կարողությունը:

Մենք ունենք երկրի զարգացման հստակ և իրականանալի տեսլական, որին հնարավոր է հասնել` ստեղծելով ժամանակի պահանջներին համահունչ հանրային ծառայության համակարգ: Պետական ծառայության համակարգում երկրորդ սերնդի բարեփոխումներն անհնարին է իրականացնել առանց արդյունավետ կառավարման համակարգի ձևավորման, առանց անհրաժեշտ կադրային բազայի: Այս առումով կարևորում եմ պետական կառավարման ակադեմիայի գործունեությունը, որն ի սկզբանե կոչված էր նորանկախ Հայաստանի պետական կառավարման համակարգին անհրաժեշտ նոր, թարմ մտածողություն, հարուստ գիտելիքներ ունեցող, նախաձեռնող կառավարիչներ պատրաստելուն:

Հասարակության յուրաքանչյուր անդամ Հայաստանի Հանրապետությունում իրեն պետք է զգա պաշտպանված և հարգված, որը մեծապես պայմանավորված է պետական և տեղական ինքնակառավարման ինստիտուտների կողմից մատուցվող ծառայությունների որակով: Բոլորիս նպատակն է ունենալ հանրային որակյալ ծառայություն, սակայն դա հնարավոր չէ իրականացնել, եթե չունենանք որակյալ հանրային ծառայող: Այսօր հանրային ծառայության համակարգում մեծ թիվ են կազմում կառավարման ակադեմիայի շրջանավարտները, ովքեր իրենց արդյունավետ գործունեությամբ ապացուցել են այս կրթօջախի գոյության անհրաժեշտությունը:

Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի ղեկավարությանը, պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողությանը ակադեմիայի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ, մաղթում արգասաբեր գործունեություն:

 

ՀՅԴ անդամ. Ռուսաստանը պետք է կողմնորոշվի Հարավային Կովկասում ռազմավարական գործընկերոջ հարցում

Giro-Manoyan-14Ռուսաստանը պետք է կողմնորոշվի Հարավային Կովկասում ռազմավարական գործընկերոջ հարցում: Նման կարծիք NEWS.am-ի թղթակցին հայտնել է «Հայ դատի» գրասենյակի և քաղաքական հարցերով ՀՅԴ ղեկավար Կիրո Մանոյանը՝ մեկնաբանելով Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Ալեքսանդր Լուկաշևիչի հայտարարությունը:

«Սա և նախկինում արված բազմաթիվ հայտարարություններ անհանգստացնում են Երևանին, քանի որ պետք է տրամաբանություն լինի Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ միևնույն մոտեցման մեջ»,- ընդգծել է Մանոյանը՝ հավելելով, որ Երևանը Մոսկվայի հետ հարցը պետք է քննարկման բարձրացնի: Մանոյանն ուշադրություն է դարձրել, որ 2008թ.-ին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի այցի ընթացքում Բաքվում երկու երկրների միջև ստորագրվեց Բարեկամության և ռազմավարական համագործակցության մասին հռչակագիր:

Նշենք, որ Ռուսաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Ալեքսանդր Լուկաշևիչը հայտարարել էր Ադրբեջանի՝ Հարավային Կովկասում Ռուսաստանի ռազմավարական գործընկեր լինելու մասին: Միևնույն ժամանակ պաշտոնական անձինք բազմիցս նշել են Մոսկվայի և Երևանի միջև հարաբերությունների ռազմավարական բնույթի մասին:

 

Քաղցը տղամարդկանց սովորեցրել է սիրել չաղլիկներին

pic_4e9e6b975fcadacd44d327feaaf4a1b8Բրիտանացի հոգեբանները պարզել են կապը քաղցի ու գեր մարդկանց սեքսուալ գրավչության միջև: Ինչպես գրում է  The Daily Telegraph,-ը մասնագետներին հաջողվել է պարզել, որ մարդը, որն ուտել է ուզում,   խոշոր ու «ախորժալի զուգընկեր» է ընտրում:

Նման եզրահանգումներ են կատարել փորձագետները 266 տղամարդու մասնակցությամբ փորձերի արդյունքում: Թեստի ժամանակ քաղցած ու կուշտ տղամարդկանց ցույց են տվել կանանց նկարներ ու հետազոտվողներից նրանք, ովքեր այդ պահին ուտելու ցանկություն ունեին, գրավիչ են համարել փարթամ մարմնամասերով կանանց: Նման հետաքրքիր   ընտրություն են արել նաև  քաղցած կանայք:

Հոգեբաների կարծիքով, հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ սեքսն ու սնունդը կապված են.»Պատահական չէ, որ ռոմանտիկ ընթրիքից հետո սիրով զբաղվելու ցանկություն է առաջանում»,-հայտնել է Էդինբուրգի համալսարանի պրոֆեսոր Հարեթ Լենգը: Նրա կարծիքով, քաղցի ժամանակ ու սեքսուալ գրգռվածության դեպքում ուղեղի միևնույն հատվածներն են ակտիվ աշխաում:

Ընդ որում, Վեսթմիստերյան համալսարանից հոգեբանության դոկտոր Վիրեն Սուամին այն կարծիքն է հայտնել, որ քաղցած  մարդիկ պոտենցիալ  ավելի խոշոր զուգընկերների վրա են ուշադրություն դարձնում ոչ թե այն պատճառով, որ նրանք իրենց ավելի սեքսուալ են թվում, այլ նրա համար, որ ավելի հաջողակ որսորդներ են ընկալվում, որոնք ունակ են իրենց երկրորդ կեսին ապահովել սնունդով:

Անկախ

Անտոնիո Բանդերասն ու Մելանի Գրիֆիթն ամուսնալուծվում են

o_652694Հոլիվուդյան աստղային զույգը որոշել է ամուսնալուծվել: Նման որոշումը կայացվել է 18 տարվա ամուսնական կյանքից հետո: Նախնական տեղեկության համաձայն, որոշումը երկկողմանի համաձայնության արդյունք է:

РИА Новости-ն էլ հայտնում է, որ ամուսնալուծության նախաձեռնությունը Մելանի Գրիֆիթինն է.56-ամյա դերասանուհին որպես պատճառ նշել է «անհաղթահարելի տարաձայնությունները»: Գրիֆիթը պահանջում է իրեն հանձնել դստեր` Ստելայի դաստիարակությունը, որը սեպտեմբերին կդառնա  չափահաս: Դերսանուհին նաև 53-ամյա Բանդերասից ալիմենտ  ստանալու հույս ունի:

Ի դեպ, Բանդերասի համար սա երկրորդ ամուսնալուծությունն է, իսկ Գրիֆիթի համար` չորրորդը: Զույգը դեռևս բաժանության մասին պաշտոնական մեկնաբանություններ չի արել:

Անկախ

Ոստիկանությունը հրավիրում է

ՈստիկանությունՈստիկանությունը նախաձեռնում է հանդիպումների, քննարկումների, կլոր սեղանների շարք` իրավական դաշտում աշխատող հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ: Նպատակը` ոստիկանություն-հասարակություն փոխգործակցության ամրապնդումն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հիմնախնդիրների հստակեցումն է:
Առաջին հանդիպումը, որի ընթացքում կքննարկվեն համագործակցության առաջիկա ծրագրերը, տեղի կունենա ՀՀ ոստիկանության /Նալբանդյան, 130/ նիստերի դահլիճում, հունիսի 11-ին, ժամը 15:00-ին:
Մասնակցության հայտերը կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին, մինչև հունիսի 9-ը:

 

Աշխատանքային խորհրդակցություն ՀՀ ոստիկանությունում

06062014_06Հունիսի 6-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության ներքին անվտանգության վարչության անձնակազմի հետ։ Օրակարգում 2014 թվականի առաջին կիսամյակի ամփոփման, աշխատանքային խնդիրներին և պայմաններին, ծառայողների մասնագիտական ու բարոյական որակներին վերաբերող հարցեր էին:
Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ ներքին անվտանգության վարչության գործունեության առանձնահատկություններին, ընդգծեց աշխատանքի յուրահատկությունը և այն դերը, որ ունի ծառայությունը ոստիկանությունում ընթացող բարեփոխումների արդյունավետությունն ապահովելու գործում:
Ոստիկանության պետը, միևնույն ժամանակ, ընդգծեց ծառայության աշխատանքի երկրորդ ուղղությունը` ոստիկանության ծառայողին պաշտպանել ամեն կարգի զրպարտանքից ու բանսարկությունից, անաչառ ու հետևողական աշխատանքով վեր հանել ճշմարտությունն ու իրողություններին տալ համարժեք գնահատական։
Ներքին անվտանգության վարչության պետ Արմեն Հակոբյանը ներկայացրեց ծառայության կառուցվածքն ու գործունեությունը։
Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ 2014 և 2013 թվականների արդյունքների համեմատական վերլուծությանը, ծանոթացավ վարչության ստորաբաժանումների ծառայողներին, անդրադարձավ նրանց աշխատանքային ու սոցիալական պայմանների բարելավման, ծանրաբեռնվածության նվազեցման, ծառայության տեխնիկական հագեցման և այլ խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքներին և կրկին հիշեցրեց ոստիկանության ներքին անվտանգության վարչության գերխնդիրը:
Խորհրդակցության ավարտին Վլադիմիր Գասպարյանը կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ տվեց` վարչության անձնակազմից պահանջելով չբավարարվել զուտ ծառայական քննություններով, այլև վերլուծել, հասկանալ ու գնահատել հիմնախնդիրները, ինչը արատավոր երևույթների նվազեցման գրավականներից է:

 

Կրակոցներ վիճաբանության ժամանակ

ատրճանակՀունիսի 6-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Պ. Սևակի և Կ. Ուլնեցու փողոցների խաչմերուկում կրակում են:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 22.50-ին Կ. ՈՒլնեցու փողոցի թիվ 74 շենքի բակում, անհայտ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, դեռևս չպարզված անձը ատրճանակից մի քանի անգամ կրակել է օդ, ինչից հետո վիճաբանողները դիմել են փախուստի:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 9 մմ տրամաչափի ատրճանակի 3 պարկուճ և 1 գնդակ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է նախաքննություն:

Առաջիկա օրերին անձրևն ու ապրոպը կշարունակվեն

եղանակը հայաստանումՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին հայտնեցին, որ

հանրապետության տարածքում՝
հունիսի 7-ին և 11-ին շրջանների մեծ մասում, 8-10-ին առավելապես հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ:
Քամին հարավային 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 7-8-ին կբարձրանա 2-4 աստիճանով, 11-ին նույքան կնվազի:
Երևանում՝

Հունիսի 7-ին, 11-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ, 08-10-ին երեկոյան ժամերին՝ ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է:

Երևանի հունիսի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 35.60C (1966թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 7.00C (2002թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 21.00C:
Անկախ

Ռազմաբժշկական ֆակուլտետը 20 տարեկան է

IMG_6002 copyՀունիսի 6-ին Մ. Հերացու անվան բժշկական համալսարանում հանդիսավորությամբ նշվել է ռազմաբժշկական ֆակուլտետի կազմավորման 20-րդ տարեդարձը:

Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, նորաստեղծ «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի», համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, պաշտպանության և առողջապահության ոլորտի մի շարք այլ ներկայացուցիչներ:

Երևանի պետական բժշկական համալսարանի` 1994 թվականին կազմավորված ռազմաբժշկական ֆակուլտետը տարիների հոլովույթում հաջողությամբ է կատարել իր առջև դրված խնդիրը, այն է` զինված ուժերի համար պատրաստել գիտակ ու հմուտ ռազմական բժիշկներ:

SIP_6723 copyՊաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր ելույթում ևս մեկ անգամ արժևորեց բուժծառայողների դերն ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ խաղաղ պայմաններում£

Ռազմական բժիշկների աշխատանքը կրկնակի պատասխանատու է, քանի որ նրանց վիճակված է բուժօգնություն ցույց տալ հայոց բանակի զինվորին, բարձր պահել նրա մարտական վիճակը:

Դիմելով ռազմաբժշկական ֆակուլտետի սաներին, Սեյրան Օհանյանը հորդորեց, որ նրանք արդյունավետ օգտագործեն ուսման տարիների ընձեռած հնարավորությունները, յուրացնեն այն ամենը, ինչ անհրաժեշտ է լինելու գործունեության հետագա տարիներին:

Ռազմաբժշկական ֆակուլտետի կազմավորման 20-րդ տարեդարձի կապակցությամբ ոլորտի մի խումբ ներկայացուցիչների պաշտպանական գերատեսչության ղեկավարը պարգևատրել է գերատեսչական մեդալներով, պատվոգրերով և արժեքավոր նվերներով:

Դեսպան Սեյրանյանի հանդիպումը Չեխիայի մշակույթի նախարարի հետ

g_imageՀունիսի 5-ին Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպում ունեցավ Չեխիայի մշակույթի նախարար Դանիել Հերմանի հետ, որը միաժամանակ Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի պատգամավոր է քրիստոնյա-դեմոկրատական կուսակցությունից և ստանձնել է մշակույթի նախարարի պաշտոնը 2014թ. հունվարի 29-ին:

Ողջունելով ՀՀ դեսպանին` նախարարը համառոտ ներկայացրեց Չեխիայում մշակույթի բնագավառում գոյություն ունեցող վիճակը, խնդիրները և առաջիկայի ծրագրերը:

Դեսպանն իր հերթին ներկայացրեց հայ-չեխական մշակութային կապերի զարգացման ներկա վիճակը` նշելով, որ վերջին երկու տարում հայկական մշակույթը բավականաչափ ներկայացվել է Չեխիայում, և ցանկալի կլիներ, որպեսզի չեխական մշակույթը ևս ավելի ակտիվորեն ներկայացվի Հայաստանում: Կողմերը մեծ գոհունակություն հայտնեցին երկու երկրների Ազգային գրադարանների արդյունավետ համագործակցության համար:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին մշակույթի ոլորտում հայ-չեխական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում մշակույթի օրերի, ցուցահանդեսների, համերգների և փառատոնների կազմակերպան ոլորտներում, երկրի հայ համայնքի խնդիրները:

Դեսպանը խոսեց հետագայի ծրագրերի մասին` մասնավորապես անդրադառնալով հայ արվեստագետների մասնակցությանը 2015թ. Պրահայի «Կվադրիենալե»-ին (թատերական արվեստի և թատերական ճարտարապետության ցուցահանդես), հանրահայտ չեխ նկարիչ Յիրժի Նոսեկի Հայաստանին նվիրված կտավների ցուցահանդեսին` Հայաստանի Ազգային պատկերասրահում, համերգներին և այլ միջոցառումների կազմակերպմանը:

Նախարար Հերմանն իր հերթին պատրաստակամություն հայտնեց համագործակցելու դեսպանության հետ բոլոր մշակութային ձեռնարկների կազմակերպման հարցում, նաև առաջարկեց մշակույթի նախարարության պատմական շենքի ցուցասրահը տրամադրել ցուցադրումների համար:

Նախարարը նշեց, որ շատ բարձր է գնահատում հայ մշակութային ժառանգությունն, ինչպես նաև հայ-չեխական մշակութային կապերը, իսկ մայրաքաղաքներում դեսպանությունների բացման փաստը պետք է էլ ավելի զարգացնի արդեն իսկ գոյություն ունեցող կապերը և համագործակցությունը:

Երկու կողմերն էլ անդրադարձան Լիդիցեի հուշահամալիրի և Երևանի` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գործակցության հեռանկարներին: Լիդիցեի հուշահամալիր-թանգարանն անց է կացնում ամենամյա միջազգային մանկական ցուցահանդեսներ, որին ավանդաբար, նաև 2014թ. մասնակցել և մրցանակներ են շահել Հայաստանը ներկայացնող երեխաները:

Հանդիպման ավարտին Չեխիայի մշակույթի նախարարը տեղեկացրեց, որ մոտ ապագայում պատրաստվում է պատասխան այցով Չեխիա հրավիրելու իր հայաստանցի գործընկերոջը (Չեխիայի մշակույթի նախկին նախարար Ալենա Հանակովան Հայաստան է այցելել 2013թ. ապրիլին):

Անկախ

Միանձնուհին “Իտալիայի ձայն” հեռուստաշոուի հաղթող է ճանաչվել

o_963980Իտալիայում երգի մրցույթի հաղթող է ճանաչվել կաթոլիկ միանձնուհին: Իր հաղթանակի մասին իմանալով, քույր Քրիստինա Սկուչիան, որը միանձնուհու հանդերձանքով է եղել. կրծքին խաչելություն, շնորհակալություն է հայտնել Աստծուն ու հատված մեջբերել “Հայր մերից”, մի քանի րոպե շփոթության մեջ գցելով ժյուրիին:

Նա Սիցիլիայում է ծնվել, իսկ հիմա բնակվում է Միլանում` միանձնուհիների օթյակի հետ: Նա որպես  պարգև ստացել է  Universal ստուդիայի հետ պայմանագիր կնքելու հնարավորություն: Նա ակնարկել է, որ չի կամենում երաժշտական կարիերայով զբաղվել: Քրիստինայի քրոջ խոսքով, նա հեռուստաշոուին այլ նպատակով է մասնակցել.նա  Հռոմի պապ Ֆրանցիսկոսի համապատասխան կոչին հետևելով` “եկեղեցին ժողովրդին մոտեցնելու կարևոր առաքելություն է կատարել”:

Նա այդ առաքելության շրջանակներում երգել է այնպիսի աստղերի հետ, ինչպես օրինակ` Քայլի Մինոուգն է, Ռիկի Մարտինը: Ալիշա Կիզի երգով առաջնելույթը հավաքել է 50 մլն դիտում  YouTube-ում: Ինքն այդ ելույթն անվանել է “մաքուր էներգիա”:

Իր անհավանական հաջողությունը նա բացատրում է նրանով, որ հեռուստադիտողները պարզապես “կարոտ են ուրախության”:

Իսկ համեստ միանձնուհու ճանաչումը ԶԼՄ-ներին ստիպել է նրա անցյալի մանրամասները պարզել: Նրանք զրուցել են աղջկա նախկին ընկերոջ հետ ու այն երաժշտական ակադեմիայի տնօերնի, որտեղ նա սովորել է: Տնօրենն ասել է.”Քրիստինան որպես արտիստ կայացել է ինչ որ հանելուկային ուժի շնորհիվ: Աստծուն նվիրվելով, նա հասել է վարպետության”:

25-ամյա աղջիկը խոստովանել է, որ դեռահասության տարիներին կրոնի հակառակորդ է եղել: Այն ժամանակ երգել է  երաժշտական կոլեկտիվում ու մի անգամ հայտնվել է մի լսման, որտեղ Ուսրուլինուհիների օթյակի մասին մյուզիքլին պետք է մասնակցեր: Այն ժամանակ էլ նա ցանկացավ միանձնուհի դառնալ: 2009-ին նա դարձել է  միանձնուհի, աշխատել Բրազիլիայում.օգնել չքավոր ընտանիքների երեխաներին: Եվ միայն դրանից հետո են նրան օթյալ ընդունել:

Իր ապագայի պլանների մասին խոսելով, նա նշել է, որ մտադիր է վերադառնալ աշխարհիկ կյանք, իսկ եթե երգի էլ, ապա”եկեղեցում` երիտասարդների հետ ու դպրոցներում”: “Ես կշարունակեմ երգել, եթե դա Աստծուն հաճո է”,-ասել է նա:

Անկախ

«Ինչպե՞ս կարող էր Միկոյանը փրկել Թումանյանի որդիներին, երբ իր երկու սեփական որդիներն էին բանտում». Առավոտ

with_dad_artem_gai_aschen_1940Ասում է Անաստաս Միկոյանի թոռը՝ Վլադիմիր Սերգեյի Միկոյանը, որը Ռուսաստանի առեւտրաարդյունաբերական պալատի Տարածաշրջանային ներկայացուցիչն է Արեւելյան Եվրոպայում:Անկախը ներկայացնում է Առավոտ պարբերականի զրույցը Սերգեյի Միկոյանի հետ:

Սկիզբը

– Դուք ծանո՞թ եք այն նամակին, որը հրապարակվել է պրոֆեսոր Բարսեղովի գրքում, որտեղ Միկոյանը խոսում է Հայոց ցեղասպանության մասին ու նաեւ գրում. «Թուրքահայաստանի եւ ընդհանրապես Միացյալ եւ անկախ Հայաստանի մասին գաղափարը վնասակար, հանցավոր եւ ռեակցիոն քիմեր է, որի դեմ պետք է պայքարի մեր կուսակցությունը»: Ի՞նչ կասեք այս առնչությամբ:

– Ես կարդացել եմ նամակը, որտեղ խոսքն Արեւմտյան Հայաստանի մասին է: Եղեռնի մասին նա տեղեկացնում է Լենինին. «…Թուրքական կառավարությունն անդադար իրականացնում էր Թուրքահայաստանի տարածքում հայերի լիակատար ֆիզիկական ոչնչացման եւ բնաջնջման քաղաքականություն՝ բառացիորեն հրի եւ սրի մատնելով ավելի քան 1 մլն մարդու»: Բայց պետք չէ պարզունակացնել ինքնին խնդիրը եւ դրա շուրջ այդ ժամանակի իրավիճակը: Ա. Միկոյանի այդ կարծիքի վերաբերյալ կան եւ «կողմ», եւ «դեմ» փաստարկներ: Ես ընդունում եմ, որ երիտասարդ, սկսնակ եւ բոցավառ հեղափոխականը (իսկ նա այդ ժամանակ ընդամենը 24 տարեկան էր) կարող էր անել նաեւ սխալ դիտարկում: Նա, ինչպես ինձ է թվում՝ դատել է իրականության սկզբնակետից, որ պահը կորսված է, անհնար է որեւէ բան անել: Սակայն դիտարկումը՝ նույնիսկ սխալ, դեռեւս հանցագործություն չէ: Այդ Ստալինն էր առաջնորդվում հակառակ դիրքորոշմամբ, ուստի չնմանվենք նրան:

Եվ ընդհանրապես՝ սա պետք է լինի խորը պրոֆեսիոնալ-պատմական քննարկում, բայց, իհարկե, ոչ քաղաքականացված՝ ըստ ներկայիս ժամանակների: Իմ կարծիքով՝ այս կտրուկ արտահայտությամբ նա նկատի է ունեցել, որ Արեւմտյան Հայաստանի հայկական հողերի վերադարձն անիրական երազանք է, ինչպես ինքն է գրում՝ «քիմեր», քանի որ դա կարելի էր անել միայն ուժով, բայց ո՞ւմ: Հայերն իրենց ուժն այլեւս չունեին, Ռուսաստանը ներգրավված էր քաղաքացիական պատերազմում: Բացի այդ՝ դաշնակցականները բարեկամաբար չէին տրամադրված խորհրդային կառավարության նկատմամբ՝ ինչո՞ւ պետք է Ռուսաստանը կռվեր նրանց փոխարեն: Իսկ Քեմալ Աթաթուրքն ընդհակառակը՝ Լենինի գլուխը ֆռռացրել էր՝ Թուրքիան ներկայացնելով իբրեւ «հեղափոխական կենտրոն Արեւելքում», Ռուսաստանի դաշնակից: Իրադարձությունների, անձանց եւ շահերի բարդ կծիկ է: Իհարկե, ցավալի է, որ չվերականգնվեց պատմական արդարությունը, բայց վստահ չեմ, թե հանգամանքները դրա օգտին էին: Հնարավոր է, որ ես էլ եմ սխալվում այս հարցում, ինչպես եւ իմ պապը: Բայց պետք չէ ինձ դրա համար գնդակահարել: Ի դեպ, Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին, երբ հետախուզությանը հայտնի դարձավ, որ Թուրքիան իր զորքերը սահմանից հեռացրել է 200 կմ՝ զգուշանալով խորհրդային ներխուժումից, Միկոյանն առաջարկեց Ստալինին օգտվել այդ բարենպաստ հնարավորությունից: Նա հրաժարվեց՝ պատճառաբանելով, որ անցանկալի է զորքերը շեղել Գերմանիայում հիմնական ճակատից:

– Ձեզ, հավանաբար, ծանոթ են պատմությունները, որոնք պատմում են այդ տարիների ականատեսները: Օրինակ՝ Միկոյանի հուշարձանի դեմ հանդես եկավ Եղիշե Չարենցի թոռնուհին՝ Հասմիկ Չարենցը, ամբողջ ընտանիքի անունից, քանի որ Չարենցի այրին՝ Իզաբելլան, ժամանակին նամակ էր գրել Միկոյանին՝ խնդրելով չաքսորել իր որդիներին, սակայն ոչ մի պատասխան չէր ստացել: Հրապարակվել է նաեւ, որ Հովհաննես Թումանյանի այրին՝ տիկին Օլգան, տեսնելով Անաստաս Միկոյանին, կանգնել է դռան դիմաց` փակելով մուտքը, ասելով. «Անաստված Անաստաս, երբ բռնադատված տղաներիս համար եկա Մոսկվա` քեզ հանդիպելու, ինձ ներս չթողեցիր քո տուն, ես էլ քեզ Օհաննեսի տուն չեմ թողնի»:

– Նա ոչ թե չէր թողել ներս մտնել, այլ խուսափել էր հանդիպումից. սրանք տարբեր բաներ են: Եվ պատասխանի փոխարեն ուզում եմ հարց տալ՝ իսկ ինչպե՞ս կարող էր Միկոյանն ազատել նրանց:

– Նա վերջին մարդը չէր Ստալինի շրջապատում…

Mikoyan6– Այո, դա այդպես է, բայց կար Քաղբյուրոյի որոշումը, որով արգելվում էր Քաղբյուրոյի անդամներին միջամտել НКВД-ի գործունեությանը, որն անձամբ վերահսկում էր Ստալինը: Լինել Ստալինի կողքին՝ չի նշանակում լինել նրա պատճենը: Միկոյանն ուներ տնտեսական, տնտեսվարման գործառույթներ, նա ամենազոր չէր: Նա իրավունք չուներ միջամտելու, չնայած երբեմն եւ փորձում էր՝ խնդրելով Ստալինին մեկ մի գործչի համար, մեկ մյուսի, բայց հարկ էր խորամանկել, խելացի հիմնավորել, գտնել պահը: Բայց նման դեպքերը եզակի են: Չէ՞ որ Ստալինը չէր խղճահարվում: Առանց նրա համաձայնության անհնար էր փրկել մարդուն: Առանձին մարդկանց Միկոյանն, այսուհանդերձ, հաջողեց փրկել: Օրինակ՝ Բաղրամյանին. սա հայտնի պատմություն է:

– Դերենիկ Դեմիրճյանին…

– Այո, նա փրկեց նաեւ Կարո Հալաբյանին, որը Մոսկվայի գլխավոր ճարտարապետն էր, եւ Բերիան որոշեց նրան փտեցնել բանտում: Նաեւ Ավետիք Իսահակյանին զերծ պահեց ծառացած սպառնալիքից: Ստալինը Միկոյանի խնդրանքից հետո նույնիսկ գրեց. «Այս ծերունուն չդիպչել» (տեղի խնայողության նպատակով չենք մեջբերի գնդակահարված եւ աքսորված հայ մտավորականների անունները, որոնց շարքում են, մասնավորապես, Ակսել Բակունցը եւ Զապել Եսայանը.- Ա. Ի.):

Նա փրկում էր նույնիսկ հասարակ մարդկանց: Ես անձամբ ներկա եմ եղել մի մարդու պատմության, որին հենց բանտային խցից բերել էին Միկոյանի առանձնասենյակ՝ «խորհրդատվությունների համար», եւ նրան թողեցին այնտեղ ապրել մի քանի ամիս՝ հենց քարտուղարությունում, որ փրկեն ձերբակալության շարունակությունից: Սրանք, իհարկե, եզակի դրվագներ են, եւ նա չէր կարող կանգնեցնել բռնաճնշումների ալիքը: Ստալինն ուղղակի չէր ընձեռել նման ազատություն Միկոյանին: Այդպիսին էր միայն «մեծ առաջնորդ ընկեր Ստալինը», եւ նա ակնառու դա հասկացնում էր:

Եվ եթե խոսենք Թումանյանի որդիների մասին՝ ինչպե՞ս կարող էր փրկել նրանց, երբ իր երկու սեփական որդիներն էին բանտում: Ընդ որում՝ մեկը 14 տարեկան էր, իսկ մյուսը՝ 16: Նրանցից մեկը՝ 14-ամյան, իմ հայրն էր: Նա Լուբյանկայում նստեց վեց ամիս եւ աքսորվեց Տաջիկստան՝ մեղադրվելով մանկական, ես ընդգծում եմ՝ մանկական հակակառավարական կազմակերպությանը մասնակցության մեջ, որը նպատակ ուներ տապալել պետական կարգերը:

Ավելի ապուշ եւ ֆանտաստիկ մեղադրանք երեխաներին անհնար է հորինել: Իսկ երեխաներին, ի դեպ, այն ժամանակ կարելի էր գնդակահարել 12 տարեկանից: Եվ նրա երկու որդիները նստած էին, ընդ որում՝ Ստալինը նրան այդ մասին բառ իսկ չէր ասել: Կարծում էին, թե մեկը խեղդվել է՝ նրան ողջ օրը փնտրում էին գետում, եւ միայն դրանից հետո պարզվեց, որ բանտում է: Սրանք որդիներն են, ինչպես այժմ են փորձում ներկայացնել՝ «ամենազոր» Միկոյանի: Այդպիսին էր միայն «մեծ առաջնորդ ընկեր Ստալինը», եւ նա հստակ ցուցադրում էր դա: Ստալինը ցուցադրում էր Միկոյանին, որ նա նման հարցերում պետք է «ջրից լուռ ու խոտից ցածր» մնա: Նա գիտեր, որ Միկոյանը բռնաճնշումների հակառակորդ է:

Ահա հենց այսպես Ստալինը թափանցիկ ակնարկեց, որ Միկոյանն իմանա իր տեղը: Շատ դաժան ժամանակներ էին:   Ես, իհարկե, ցավակցում եմ Թումանյանի ընտանիքին (հիշեցնենք, որ բանաստեղծի երեք որդիներն էլ գնդակահարվեցին.- Ա. Ի.): Ինչպես եւ ցանկացած այլ ընտանիքի: Բայց իմ ընտանիքին էլ դժբախտությունը չի շրջանցել. մորական պապս՝ ԽՍՀՄ Կոմկուսի կենտկոմի քարտուղար Ա. Կուզնեցովը, պաշարված Լենինգրադի հերոսը եւ Ստալինի սիրելին, գնդակահարվեց, իսկ տատիկս 4 տարի անցկացրեց բանտում՝ մինչեւ Ստալինի մահը: Բայց Ա. Միկոյանը կտրականապես հրաժարվեց իրեն մատուցված գաղափարից՝ կանխել ծնողներիս հարսանիքը, գնաց անհատական ռիսկի, խիզախություն ցույց տվեց: Մեկ տարով իր ամառանոցում բնակեցրեց մորս դեռահաս եղբորը, որ նրան չտանեն:

Կամ նման պերճախոս դրվագ Միկոյանի մասին: Երբ Ստալինը սկսեց պնդել, որ Միկոյանը վերադառնա Արտաքին առեւտրի ժողովրդական կոմիսարի պաշտոնին, Միկոյանը պայման դրեց, որ դադարեցվեն ձերբակալությունները այդ նախարարությունում: Եվ Ստալինը համաձայնեց: 10 տարվա ընթացքում սա անվտանգության օազիս էր իր աշխատակիցների համար. նրանցից ոչ մեկը չձերբակալվեց: Ամեն տեղ ձերբակալություններ էին՝ բացի այս կառույցից, որը ղեկավարում էր իմ պապը: Այս մասին էլ վատ չի լինի հիշել: Եվ ոչ թե Միկոյանին պատկերել իբրեւ մի արյունռուշտ ստահակի, որը միայն այն մասին էր մտածում, թե ինչպես մարդկանց խցկի բանտերը:

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում:

Անկախ

ՏՏ ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են Արցախի վարչապետին

Արա ՀարությունյանԱյսօր Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը ընդունել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանին և «Արմթաբ թեքնոլոջիս» ընկերության նախագահ Վահան Շաքարյանին:

Հյուրերը վարչապետին են ներկայացրել տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի ստեղծման իրենց նախագիծը, որը, նրանց խոսքով, նպատակ ունի դառնալ ոչ միայն գիտակրթական, այլ նաև մշակութային ու ժամանցային հանգույց: Ա. Հարությունյանը ողջունել է ներկայացվող առաջարկները՝ կարևորելով դրանց նշանակությունը Արցախում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում:

Ըստ նախագծի՝ Արցախի համար այդ աննախադեպ կենտրոնի տեխնիկական ու շենքային պայմանները հնարավորություն են տալու աշակերտներին գործնական հմտություններ ստանալ ՏՏ բնագավառում, ինչպես նաև ստեղծել նոր աշխատատեղեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել նախագծային աշխատանքները, և կոնկրետ քայլեր ձեռնարկել դրա իրագործման ուղղությամբ:

ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս շաբաթ բորսայում իրականացվել է 1,95 մլն դոլարի առք և վաճառք

դոլարՀունիսի 2-6-ը ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 75,163,554 ԱՄՆ դոլար 412.84 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 85,270,338 ԱՄՆ դոլար 413.94 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 6,550,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 413.68 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 1,950,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 413.87 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 4,463,366 EUR 560.74 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 9,648,619 EUR 564,51 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: եւ վաճառք … դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 716,929,935 ՌԴ ռուբլի 11.74 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 99,746,813 ՌԴ ռուբլի 11,9 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Մայիսի 26-ից հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 42.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 83 մլն ԱՄՆ դոլար:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Երևանի քաղաքապետարանը կաջակցի հաշմանդամների շրջանում սպորտի տարածմանը

ասուլիսԵրևանի քաղաքապետարանի աջակցությամբ Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միությունն ու Գյումրիի «Ագաթ» հատուկ կարիքներով կանանց կենտրոն ՀԿ-ն ամերիկյան «Մոբիլիթի ինթերնեյշնլ» (MIUSA) կազմակերպության հետ համատեղ կիրականացնի «Սպորտը հանուն հաջողության» ծրագիրը: Ծրագրի հիմնական նպատակը հաշմանդամ մարդկանց ներգրավելն է մարզական կյանքում, սպորտը նրանց շրջանում տարածելը, ինչպես նաև այդ ոլորտում  փորձի փոխանակումը:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով նախաձեռնությունը՝  քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը նշել է, որ քաղաքապետարնն ակտիվորեն համագործակցում է հաշմանդամների խնդիրներով զբաղվող տարբեր կազմակերպություննեի հետ, որի շնորհիվ կյանքի են կոչվում մի շարք կաևոր նախագծեր և այդ համատեքստում առանձնացրել հաշմանդմների շրջանում սպորտի տարածմանն ուղղված գործակցությունը:

«Քաղաքային ծրագրերում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում հաշմանդամություն ունեցող անձանց համար իրականացվող ծրագրերը: «Սպորտը հանուն հաջողության» ծրագիրը բազմակողմանի համագործակցության հնարավորություն է ընձեռում, ինչը, միանշանակ, ողջունելի է մեր կողմից»,-նշել է Սամվել Մերթարջյանը:

Միացյալ Նահագներից ժամանած մասնագետներն առաջիկա տասը օրերի ընթացքում հայ գործընկերների հետ կփոխանակեն առկա փորձը՝ նպաստելով մարզական և վերականգնողական ծրագրերում հաշմանդամություն ունեցող  անձանց ավելի ակտիվ ներգրավածությանը, ինչպես նաև կներկայացնեն ներառական սպորտի ամերիկյան փորձը, ինչը հնարավորություն կտա բարելավելու հաշմանդամություն ունեցող անձանց կյանքը: Կկազմակերպվեն նաև ինտերակտիվ սեմինարներ և քննարկումներ: Հայ մարզիկներն էլ կվերապատրաստվեն ջրային, ձեռքի հեծանվավազքի, ծանրամարտի, սեղանի թենիսի և սայլակով բասկետբոլ մարզաձևերից:

ԱՄՆ պատվիրակությունը գլխավորող, «Մոբիլիթի ինթերնեյշնլ» կազմակերպության խորհրդատու Սյուզի Գրիմսը շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետարանին աջակցելու պատրաստակամության համար և համոզմունք հայտնել, որ ծրագիրն արդյունավետ կլինի: «Վստահ եմ, որ քաղաքային իշխանության հետ մեր համագործակցությունը կստացվի և հետագայում էլ ավելի կընդլայնվի: Երևանը դրա համար ստեղծում է անհրաժեշտ նախադրյալներ»,-նշել է Սյուզի Գրիմսը:

Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության նախագահ Հակոբ Աբրահամյանն իր հերթին տեղեկացրել է, որ դիմել են Երևանի քաղաքապետարան՝ մայրաքաղաքում նոր մարզադպրոց հիմնելու համար: «Երևանի քաղաքապետարանի կողմից վերջին երկու տարիների ընթացքում հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների նկատմամբ մոտեցումը միանշանակ տարբերվում է և իրականացվող ծրագրերն իսկապես աննախադեպ են: Այդ է վկայում թեքահարթակ կառուցելու ծրագիրը, որում ակտիվորեն ներգրավված են  շահառու կազմակերպությունները, ինչի համար մեր խորին շնորհակալությունը պետք է հայտնենք քաղաքապետ Տարոն Մարգարյանին»,-նշել է Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության նախագահ Հակոբ Աբրահամյանը:

Ասուլիսում հյուրերից յուրաքանչյուրը ևս հնարավորություն է ունեցել ներկայացրելու հետագա գործակցության հետ կապված իր մոտեցումներն ու առաջարկները:

Ծրագրի երկրորդ փուլում փորձի փոխանակման նպատակով հայաստանյան պատվիրակությունը կմեկնի ԱՄՆ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն