«Ինչպե՞ս կարող էր Միկոյանը փրկել Թումանյանի որդիներին, երբ իր երկու սեփական որդիներն էին բանտում». Առավոտ

with_dad_artem_gai_aschen_1940Ասում է Անաստաս Միկոյանի թոռը՝ Վլադիմիր Սերգեյի Միկոյանը, որը Ռուսաստանի առեւտրաարդյունաբերական պալատի Տարածաշրջանային ներկայացուցիչն է Արեւելյան Եվրոպայում:Անկախը ներկայացնում է Առավոտ պարբերականի զրույցը Սերգեյի Միկոյանի հետ:

Սկիզբը

- Դուք ծանո՞թ եք այն նամակին, որը հրապարակվել է պրոֆեսոր Բարսեղովի գրքում, որտեղ Միկոյանը խոսում է Հայոց ցեղասպանության մասին ու նաեւ գրում. «Թուրքահայաստանի եւ ընդհանրապես Միացյալ եւ անկախ Հայաստանի մասին գաղափարը վնասակար, հանցավոր եւ ռեակցիոն քիմեր է, որի դեմ պետք է պայքարի մեր կուսակցությունը»: Ի՞նչ կասեք այս առնչությամբ:

- Ես կարդացել եմ նամակը, որտեղ խոսքն Արեւմտյան Հայաստանի մասին է: Եղեռնի մասին նա տեղեկացնում է Լենինին. «…Թուրքական կառավարությունն անդադար իրականացնում էր Թուրքահայաստանի տարածքում հայերի լիակատար ֆիզիկական ոչնչացման եւ բնաջնջման քաղաքականություն՝ բառացիորեն հրի եւ սրի մատնելով ավելի քան 1 մլն մարդու»: Բայց պետք չէ պարզունակացնել ինքնին խնդիրը եւ դրա շուրջ այդ ժամանակի իրավիճակը: Ա. Միկոյանի այդ կարծիքի վերաբերյալ կան եւ «կողմ», եւ «դեմ» փաստարկներ: Ես ընդունում եմ, որ երիտասարդ, սկսնակ եւ բոցավառ հեղափոխականը (իսկ նա այդ ժամանակ ընդամենը 24 տարեկան էր) կարող էր անել նաեւ սխալ դիտարկում: Նա, ինչպես ինձ է թվում՝ դատել է իրականության սկզբնակետից, որ պահը կորսված է, անհնար է որեւէ բան անել: Սակայն դիտարկումը՝ նույնիսկ սխալ, դեռեւս հանցագործություն չէ: Այդ Ստալինն էր առաջնորդվում հակառակ դիրքորոշմամբ, ուստի չնմանվենք նրան:

Եվ ընդհանրապես՝ սա պետք է լինի խորը պրոֆեսիոնալ-պատմական քննարկում, բայց, իհարկե, ոչ քաղաքականացված՝ ըստ ներկայիս ժամանակների: Իմ կարծիքով՝ այս կտրուկ արտահայտությամբ նա նկատի է ունեցել, որ Արեւմտյան Հայաստանի հայկական հողերի վերադարձն անիրական երազանք է, ինչպես ինքն է գրում՝ «քիմեր», քանի որ դա կարելի էր անել միայն ուժով, բայց ո՞ւմ: Հայերն իրենց ուժն այլեւս չունեին, Ռուսաստանը ներգրավված էր քաղաքացիական պատերազմում: Բացի այդ՝ դաշնակցականները բարեկամաբար չէին տրամադրված խորհրդային կառավարության նկատմամբ՝ ինչո՞ւ պետք է Ռուսաստանը կռվեր նրանց փոխարեն: Իսկ Քեմալ Աթաթուրքն ընդհակառակը՝ Լենինի գլուխը ֆռռացրել էր՝ Թուրքիան ներկայացնելով իբրեւ «հեղափոխական կենտրոն Արեւելքում», Ռուսաստանի դաշնակից: Իրադարձությունների, անձանց եւ շահերի բարդ կծիկ է: Իհարկե, ցավալի է, որ չվերականգնվեց պատմական արդարությունը, բայց վստահ չեմ, թե հանգամանքները դրա օգտին էին: Հնարավոր է, որ ես էլ եմ սխալվում այս հարցում, ինչպես եւ իմ պապը: Բայց պետք չէ ինձ դրա համար գնդակահարել: Ի դեպ, Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին, երբ հետախուզությանը հայտնի դարձավ, որ Թուրքիան իր զորքերը սահմանից հեռացրել է 200 կմ՝ զգուշանալով խորհրդային ներխուժումից, Միկոյանն առաջարկեց Ստալինին օգտվել այդ բարենպաստ հնարավորությունից: Նա հրաժարվեց՝ պատճառաբանելով, որ անցանկալի է զորքերը շեղել Գերմանիայում հիմնական ճակատից:

– Ձեզ, հավանաբար, ծանոթ են պատմությունները, որոնք պատմում են այդ տարիների ականատեսները: Օրինակ՝ Միկոյանի հուշարձանի դեմ հանդես եկավ Եղիշե Չարենցի թոռնուհին՝ Հասմիկ Չարենցը, ամբողջ ընտանիքի անունից, քանի որ Չարենցի այրին՝ Իզաբելլան, ժամանակին նամակ էր գրել Միկոյանին՝ խնդրելով չաքսորել իր որդիներին, սակայն ոչ մի պատասխան չէր ստացել: Հրապարակվել է նաեւ, որ Հովհաննես Թումանյանի այրին՝ տիկին Օլգան, տեսնելով Անաստաս Միկոյանին, կանգնել է դռան դիմաց` փակելով մուտքը, ասելով. «Անաստված Անաստաս, երբ բռնադատված տղաներիս համար եկա Մոսկվա` քեզ հանդիպելու, ինձ ներս չթողեցիր քո տուն, ես էլ քեզ Օհաննեսի տուն չեմ թողնի»:

- Նա ոչ թե չէր թողել ներս մտնել, այլ խուսափել էր հանդիպումից. սրանք տարբեր բաներ են: Եվ պատասխանի փոխարեն ուզում եմ հարց տալ՝ իսկ ինչպե՞ս կարող էր Միկոյանն ազատել նրանց:

- Նա վերջին մարդը չէր Ստալինի շրջապատում…

Mikoyan6- Այո, դա այդպես է, բայց կար Քաղբյուրոյի որոշումը, որով արգելվում էր Քաղբյուրոյի անդամներին միջամտել НКВД-ի գործունեությանը, որն անձամբ վերահսկում էր Ստալինը: Լինել Ստալինի կողքին՝ չի նշանակում լինել նրա պատճենը: Միկոյանն ուներ տնտեսական, տնտեսվարման գործառույթներ, նա ամենազոր չէր: Նա իրավունք չուներ միջամտելու, չնայած երբեմն եւ փորձում էր՝ խնդրելով Ստալինին մեկ մի գործչի համար, մեկ մյուսի, բայց հարկ էր խորամանկել, խելացի հիմնավորել, գտնել պահը: Բայց նման դեպքերը եզակի են: Չէ՞ որ Ստալինը չէր խղճահարվում: Առանց նրա համաձայնության անհնար էր փրկել մարդուն: Առանձին մարդկանց Միկոյանն, այսուհանդերձ, հաջողեց փրկել: Օրինակ՝ Բաղրամյանին. սա հայտնի պատմություն է:

– Դերենիկ Դեմիրճյանին…

- Այո, նա փրկեց նաեւ Կարո Հալաբյանին, որը Մոսկվայի գլխավոր ճարտարապետն էր, եւ Բերիան որոշեց նրան փտեցնել բանտում: Նաեւ Ավետիք Իսահակյանին զերծ պահեց ծառացած սպառնալիքից: Ստալինը Միկոյանի խնդրանքից հետո նույնիսկ գրեց. «Այս ծերունուն չդիպչել» (տեղի խնայողության նպատակով չենք մեջբերի գնդակահարված եւ աքսորված հայ մտավորականների անունները, որոնց շարքում են, մասնավորապես, Ակսել Բակունցը եւ Զապել Եսայանը.- Ա. Ի.):

Նա փրկում էր նույնիսկ հասարակ մարդկանց: Ես անձամբ ներկա եմ եղել մի մարդու պատմության, որին հենց բանտային խցից բերել էին Միկոյանի առանձնասենյակ՝ «խորհրդատվությունների համար», եւ նրան թողեցին այնտեղ ապրել մի քանի ամիս՝ հենց քարտուղարությունում, որ փրկեն ձերբակալության շարունակությունից: Սրանք, իհարկե, եզակի դրվագներ են, եւ նա չէր կարող կանգնեցնել բռնաճնշումների ալիքը: Ստալինն ուղղակի չէր ընձեռել նման ազատություն Միկոյանին: Այդպիսին էր միայն «մեծ առաջնորդ ընկեր Ստալինը», եւ նա ակնառու դա հասկացնում էր:

Եվ եթե խոսենք Թումանյանի որդիների մասին՝ ինչպե՞ս կարող էր փրկել նրանց, երբ իր երկու սեփական որդիներն էին բանտում: Ընդ որում՝ մեկը 14 տարեկան էր, իսկ մյուսը՝ 16: Նրանցից մեկը՝ 14-ամյան, իմ հայրն էր: Նա Լուբյանկայում նստեց վեց ամիս եւ աքսորվեց Տաջիկստան՝ մեղադրվելով մանկական, ես ընդգծում եմ՝ մանկական հակակառավարական կազմակերպությանը մասնակցության մեջ, որը նպատակ ուներ տապալել պետական կարգերը:

Ավելի ապուշ եւ ֆանտաստիկ մեղադրանք երեխաներին անհնար է հորինել: Իսկ երեխաներին, ի դեպ, այն ժամանակ կարելի էր գնդակահարել 12 տարեկանից: Եվ նրա երկու որդիները նստած էին, ընդ որում՝ Ստալինը նրան այդ մասին բառ իսկ չէր ասել: Կարծում էին, թե մեկը խեղդվել է՝ նրան ողջ օրը փնտրում էին գետում, եւ միայն դրանից հետո պարզվեց, որ բանտում է: Սրանք որդիներն են, ինչպես այժմ են փորձում ներկայացնել՝ «ամենազոր» Միկոյանի: Այդպիսին էր միայն «մեծ առաջնորդ ընկեր Ստալինը», եւ նա հստակ ցուցադրում էր դա: Ստալինը ցուցադրում էր Միկոյանին, որ նա նման հարցերում պետք է «ջրից լուռ ու խոտից ցածր» մնա: Նա գիտեր, որ Միկոյանը բռնաճնշումների հակառակորդ է:

Ահա հենց այսպես Ստալինը թափանցիկ ակնարկեց, որ Միկոյանն իմանա իր տեղը: Շատ դաժան ժամանակներ էին:   Ես, իհարկե, ցավակցում եմ Թումանյանի ընտանիքին (հիշեցնենք, որ բանաստեղծի երեք որդիներն էլ գնդակահարվեցին.- Ա. Ի.): Ինչպես եւ ցանկացած այլ ընտանիքի: Բայց իմ ընտանիքին էլ դժբախտությունը չի շրջանցել. մորական պապս՝ ԽՍՀՄ Կոմկուսի կենտկոմի քարտուղար Ա. Կուզնեցովը, պաշարված Լենինգրադի հերոսը եւ Ստալինի սիրելին, գնդակահարվեց, իսկ տատիկս 4 տարի անցկացրեց բանտում՝ մինչեւ Ստալինի մահը: Բայց Ա. Միկոյանը կտրականապես հրաժարվեց իրեն մատուցված գաղափարից՝ կանխել ծնողներիս հարսանիքը, գնաց անհատական ռիսկի, խիզախություն ցույց տվեց: Մեկ տարով իր ամառանոցում բնակեցրեց մորս դեռահաս եղբորը, որ նրան չտանեն:

Կամ նման պերճախոս դրվագ Միկոյանի մասին: Երբ Ստալինը սկսեց պնդել, որ Միկոյանը վերադառնա Արտաքին առեւտրի ժողովրդական կոմիսարի պաշտոնին, Միկոյանը պայման դրեց, որ դադարեցվեն ձերբակալությունները այդ նախարարությունում: Եվ Ստալինը համաձայնեց: 10 տարվա ընթացքում սա անվտանգության օազիս էր իր աշխատակիցների համար. նրանցից ոչ մեկը չձերբակալվեց: Ամեն տեղ ձերբակալություններ էին՝ բացի այս կառույցից, որը ղեկավարում էր իմ պապը: Այս մասին էլ վատ չի լինի հիշել: Եվ ոչ թե Միկոյանին պատկերել իբրեւ մի արյունռուշտ ստահակի, որը միայն այն մասին էր մտածում, թե ինչպես մարդկանց խցկի բանտերը:

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում:

Անկախ

Tags: ,