Դիակ` ավտոմեքենայում

դիակՀունիսի 3-ին, ժամը 17.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դիակ:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 16.50-ի սահմաններում, 1987 թ. ծնված Մուրազ Եղիազարյանի դիակը հայտնաբերվել է «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայում, վարորդի նստելատեղից: Ավտոմեքենան վթարված վիճակում կայանված է եղել Արմավիր-Հացիկ ճանապարհի 4-րդ կ/մ-ին:
Հանգամանքները պարզվում են:
Ոստիկանության Արմավիրի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Քննարկվել են հայ-իտալական ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր

4Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ս.թ. հունիսի 3-ին հանդիպում է ունեցել Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարար տիկին Ռոբերտա Պինոտտիի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իտալական երկկողմ ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր: Իտալական կողմը բարձր է գնահատել Հայաստանի մասնակցությունը միջազգային կայունության և խաղաղության պահպանման գործողություններին` հատկապես ընդգծելով Հայաստանի` Լիբանանում իրականացվող ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելությանը ուժեր տրամադրելու պատրաստակամությունը: Կողմերն ընդգծել են, որ համատեղ մասնակցությունը միջազգային խաղաղապահ գործողությանը նոր խթան կհանդիսանա երկկողմ համագործակցության զարգացման համար, մասնավորապես ռազմական ոստիկանության, ռազմական կրթության և այլ բնագավառներում:

Հանդիպման ընթացքում քննարկումներ են ծավալվել նաև միջազային և տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ: Այս համատեքստում ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել Իտալիայի կառուցողական և հավասարակշռված դիրքորոշումը տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ:

Հանդիպման ավարտին երկու երկրների պաշտպանության նախարարների կողմից ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև Լիբանանում Միավորված Ազգերի Ժամանակավոր Ուժերի շրջանակներում համագործակցության և օժանդակության մասին» տեխնիկական համաձայնագիրը, որով կարգավորվում են ՅՈՒՆԻՖԻԼ-ի իտալական զորախմբի կազմում հայկական խաղաղապահ դասակի ընդգրկման ընթացակարգերը:

 

Սերժ Սարգսյանը և Դիդիե Բուրկհալտերն ամփոփել են բանակցությունների արդյունքները

6652Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերի՝ ՀՀ Նախագահի նստավայրում դիմավորման և Նախագահ Սերժ Սարգսյանի հետ նեղ, ապա պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցություններից հետո կայացել է նախագահներ Սերժ Սարգսյանի և Դիդիե Բուրկհալտերի հանդիպումը ԶԼՄ ներկայացուցիչների հետ, որտեղ նրանք ամփոփել են բանակցությունների արդյունքները:

***

Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ԶԼՄ ներկայացուցիչների առջև ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերի հետ բանակցություններից հետո
Մեծարգո՛ պարոն Նախագահ,
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Ուրախ եմ ողջունելու Երևանում բարեկամ Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ, ԵԱՀԿ գործող նախագահ Դիդիե Բուլկհալտերին և իր գլխավորած պատվիրակությանը:

Մենք քննարկեցինք հայ-շվեյցարական համագործակցության օրակարգի հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի նախագահության համատեքստում անդրադարձանք տարածաշրջանային և միջազգային անվտանգության արդի մարտահրավերներին և փոխգործակցության խնդիրներին:

Գոհունակությամբ արձանագրեցինք, որ մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր ձևավորվել է համագործակցության բովանդակալից և ընդգրկուն օրակարգ. կայացել են նախագահական փոխայցեր, հիմնվել են դեսպանություններ, կառուցողական երկխոսություն է ծավալվել արտաքին գերատեսչությունների և խորհրդարանների միջև: Շվեյցարիայի կողմից իրականացվել են Հայաստանի համար չափազանց կարևոր աջակցության ծրագրեր:

Դրական գնահատեցինք երկկողմ առևտրի վերջին տարիներին արձանագրվող կայուն աճը, ինչի շնորհիվ եվրոպական երկրների շարքում Շվեյցարիան մեր 4-րդ առևտրային գործընկերն է: Մեր շահագրգռվածությունը հայտնեցի Հայաստանում շուրջ 40 շվեյցարական ընկերություններ ներառող գործարար համայնքի ընդլայնման հարցում՝ ողջունելով այս մայիսին Ցյուրիխում հայ-շվեյցարական գործարար համաժողովի անցկացումը և շվեյցարացի գործարարների առաջիկա այցը Հայաստանի Հանրապետություն:

Որպես հայ-շվեյցարական համագործակցության համեմատաբար նոր կարևոր հարթակ՝ մենք առանձնացրեցինք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը՝ նաև հաշվի առնելով, որ պարոն Նախագահը ժամանակին սերտ առնչություն է ունեցել այդ կազմակերպության հետ:

ԵԱՀԿ հարթությունում վերահաստատեցինք համագործակցությունն ավելի խորացնելու փոխադարձ ցանկությունը: Մեկ անգամ ևս պարոն Բուրկհալտերին ասացի, որ Հայաստանը սատարելու է Շվեյցարիային ԵԱՀԿ-ում նախագահության բոլոր փուլերում: Մենք կարևորում ենք Շվեյցարիայի՝ միջազգային հարաբերություններում անկողմնակալ և ազնիվ միջնորդի հայտնի համբավը: Հավատացած ենք, որ Շվեյցարիայի նախագահությունը կանի առավելագույնը ԵԱՀԿ օրակարգի առաջմղման համար՝ անկեղծ և արդյունավետ երկխոսություն խթանելու, ԵԱՀԿ սկզբունքների պահպանմանը հետևելու և անդամ երկրների միջև արդյունավետ քաղաքական երկխոսությունը սատարելու միջոցով:

Մանրամասն անդրադարձանք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: Ես վերահաստատեցի Հայաստանի ցանկությունն օր առաջ գտնելու այս բարդ խնդրի հանգուցալուծումը: Մենք համակարծիք ենք, որ ռազմական ուղիով խնդիրը չի կարող լուծվել, այլ միայն ավելի է բարդացնելու այս հարցը: Ուժի կիրառման սպառնալիքները և զինադադարի պարբերական խախտումները մեծ վնաս են հասցնում բանակցային գործընթացին: Երբ խոսվում է վստահության ամրապնդման միջոցառումների մասին, մենք հստակ նշում ենք, որ դրանց թվում առաջնահերթը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ պատշաճ հարգանքի դրսևորումն է: Ի վերջո, այս պայքարն ինքնորոշման հիմնարար իրավունքի համար մղվող ազգային-ազատագրական պայքար է, և չի կարող լինել լուծում, եթե լիարժեքորեն հաշվի չառնվի այս իրականությունը: Մեր խորին համոզմունքն է, որ արդյունավետ լինելու համար բոլոր բանակցային ջանքերն ու գործընթացները պետք է հաշվի առնեն հենց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դիրքորոշումն ու կարծիքը: Մենք արձանագրեցինք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն այդ հակամարտության կարգավորման ամենաօպտիմալ ձևաչափն Է:

Երկուստեք նշեցինք ԵԱՀԿ բոլոր կառույցների հետ Հայաստանի Հանրապետության արդյունավետ փոխհամագործակցությունը, և ես խնդրեցի ԵԱՀԿ գործող նախագահին փոխանցել հեղինակավոր այդ կառույցի մեր բոլոր գործընկերներին Հայաստանի անկեղծ շահագրգռվածությունը ժողովրդավարական բարեփոխումների, մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության ոլորտներում փոխգործակցության շարունակական խորացման հարցում:

Պարոն Նախագահին հայտնեցի մեր ժողովրդի երախտագիտությունը Շվեյցարիայի օրենսդիր մարմնի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու, համամարդկային արժեքներին նվիրվածության և դրանց խրախուսման գործում Շվեյցարիայի անկոտրում հանձնառության համար:
Արձանագրեցինք, որ Թուրքիայի կողմից չվավերացվելու պատճառով մինչ օրս առկախված են Շվեյցարիայի Համադաշնության միջնորդությամբ կնքված Հայաստան-Թուրքիա արձանագրությունները: Բոլոր դեպքերում, մենք, իհարկե, շնորհակալ ենք Շվեյցարիային այդ բարդ գործընթացի մեջ դերակատարություն ունենալու համար: Համոզված եմ, որ Թուրքիայի կողմից Հայաստանի ապօրինի շրջափակումը պետք է մնա միջազգային բոլոր կառույցների, այդ թվում` ԵԱՀԿ ուշադրության կենտրոնում:

Այժմ ես սիրով խոսքը փոխանցում եմ Նախագահ Բուրկհալտերին:

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Նախագահ Դիդիե Բուրկհալտերի հետ

6645ՀՀ Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել են Սերժ Սարգսյանի և Դիդիե Բուրկհալտերի նեղ կազմով բանակցությունները:

6648Նախագահ Սերժ Սարգսյանը ողջունել է բարձրաստիճան հյուրին մեր երկրում և ընդգծել, որ այս հանդիպումը հայաստանյան կողմի համար առանձնահատուկ է, որովհետև մեր երկրում հյուրընկալվում է բարեկամ և վստահելի գործընկեր Շվեյցարիայի Համադաշնության Նախագահը ու միաժամանակ նաև Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող Լեռնային Ղարաբաղի խնդրով երկար տարիներ զբաղվող կառույցի գործող նախագահը: «Մենք մեծ հաճույքով և պատրաստակամությամբ այսօր կքննարկենք ինչպես երկկողմ հարաբերություններին վերաբերող մեր օրակարգը, այնպես էլ ԵԱՀԿ շրջանակներում մեր համագործակցության տարբեր ասպեկտները: Իհարկե, ուրախ եմ, որ այսօր հանդիպելու եք նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին, և սա շատ լավ հնարավորություն է Ձեզ համար՝ հանդիպելու հակամարտության բոլոր կողմերին և լսելու նրանց կարծիքները: Բարով եք եկել Հայաստան»,- Դիդիե Բուրկհալտերի հետ հանդիպմանն ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ ուրախ է գտնվել Հայաստանում տարածաշրջանի երկու նախորդ երկրներ այցելությունից հետո: «Ինչպես Դուք նշեցիք, պարո՛ն Նախագահ, բարդ խնդիրների լուծման նպատակով անհրաժեշտ է երկխոսություն ծավալել հակամարտության բոլոր կողմերի հետ, և դա հենց այն է, ինչը կցանկանար Շվեյցարիան՝ քննարկելու և երկխոսելու, որպեսզի հակամարտությունների խնդիրներին լուծումներ գտնվեն: Շատ շնորհակալ եմ, որ պատրաստել եք երկու դրոշ, և դա հիշեցնում է մեզ, որ մենք ունենք երկու պատասխանատվություն այստեղ, և դա հիշեցնում է մեզ այն աշխատանքի մասին, որ կատարում ենք»,-Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն ասել է Դիդիե Բուրկհալտերը:

Սերժ Սարգսյանի և Դիդիե Բուրկհալտերի երկկողմ ձևաչափով բանակցություններին հաջորդել է պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը:

 

Միջպետական ճանապարհներին վերականգնվում է անխափան երթևեկությունը

11359_am_3 (1)Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետի հանձնարարությամբ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը ներկայացրել է նախորդ օրը և այսօր երկրի Մ-6 և Մ-2 ավտոճանապարհներին ստեղծված վիճակը. «Պարոն վարչապետ, երեկ երեկոյան ժամը 19:20-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչը խոչընդոտել է երթևեկությունը: Դեպքի վայր ժամանած ծառայությունների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ միջպետական Մ-6 ճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 30-րդ կմ-ի մասը մոտ 10 մետր երկարությամբ ծածկվել է ջրաբերուկներով՝ խոչընդոտելով երթևեկությունը: Ըստ էության պատճառը եղանակային պայմաններն էին, հորդառատ անձրևը: Ալավերդու, Վանաձորի ճանշինների համապատասխան տեխնիկա-միավորների և ծառայությունների աշխատանքի արդյունքում մոտավորապես ժամը 12-ին երթևեկությունը մի կողմով բացվել է, իսկ մեկ ժամ անց ամբողջությամբ է բացվել, այսինքն գիշերվա 1-ին ճանապարհն ըստ էության ամբողջությամբ երթևեկելի էր: Առավոտյան նույն հատվածում՝ Ձորագյուղ-Կուրթան ճանապարհին էլ է տեղի ունեցել քարաթափում, բայց ավելի փոքր ծավալով: Այժմ այնտեղ աշխատանքներ են իրականացվում, և ճանապարհը երթևեկելի կլինի: Գիշերն ունեցել ենք մեկ այլ քարաթափում ևս, ժամը 4:30-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան միջպետական Մ-2 ճանապարհի հատվածում նույնպես քարաթափություն է դիտվել, երթևեկությունը դարձել է դժվարանցանելի: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ճանապարհն արդեն շահագործվում է նորմալ ռեժիմով»: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի տեղեկացմամբ Ձորագյուղի ճանապարհը դեռ չի բացվել, աշխատանքը շարունակվում է: Պատկան մարմինները հանձնարարություն են ստացել հետևել, օգնել, որպեսզի ճանապարհները բացվեն:

 

 

Դեսպանները պետք է նպաստեն ներդրումների ներգրավմանը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության անդամների ուշադրությունը հրավիրել է ներդրումների ներգրավման և այդ գործում դեսպանների դերակատարման վրա. «Բոլորդ գիտեք, որ մեր դեսպանները Հայաստանի Հանրապետությունում են: Ես հանդիպել եմ իրենց, և մի երկու հարց կա, որոնց վերաբերյալ դեսպանները կառավարության ուշադրությունն են հրավիրում: Խոսքը հետևյալն է. ես իրենց առաջարկել եմ, որ նաև զբաղվեն Հայաստան ներդրումներ ներգրավելով: Հանրապետության նախագահին էլ եմ առաջարկել, որ դա դեսպանների աշխատանքի մեկ բաղադրիչը հանդիսանա: Ի՞նչ են ասում դեսպանները՝ որ իրենց առաջարկները նախարարների կողմից պատշաճ ուշադրության չեն արժանանում, իսկ եթե նույնիսկ արժանանում են, ապա դեսպանները դրան տեղեկացված չեն: Կոնկրետ փաստեր են նշել: Դեսպանները նաև բողոքում են, որ նախարարություններից չեն ստանում ներդրումային ծրագրերի առաջարկություններ: Եթե դեսպանը պետք է հանդիպի տվյալ երկրի գործարարներին, ներդրողներին, ապա պետք է ձեռքի տակ ունենա ծրագրեր, որպեսզի դրանք ներկայացնի ներդրողներին: Ուստի համապատասխան նախարարները, նախարարությունները պետք է մտածեն, որպեսզի դեսպաններին տրամադրեն լիարժեք ներդրումային ծրագրեր: Իմ կարծիքով՝ դեսպանների այդ աշխատանքը պետք է ունենա իր դրական արդյունքը, և մենք պետք է շատ հստակ աշխատենք նրանց հետ: Համապատասխան նախարարներին հանձնարարում եմ, որպեսզի պատրաստեն ծրագրեր և արտաքին գործերի նախարարի միջոցով ներկայացնեն դեսպաններին»:
Միասնականացվել են վերահսկման մեխանիզմները
ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից երկուսում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք պայմանավորված են «Լիցենզավորման մասին» օրենքի փոփոխություններով: Մասնավորապես, վերահաստատվել է այն դրույթը, որ կրթական, այդ թվում՝ բժշկական մասնագիտական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունն իր գործունեության թույլտվությունը պետք է ստանա ՀՀ կրթության և գիտության նախարարությունից: Որոշման ընդունման նպատակը կրթության ոլորտի միասնական պետական քաղաքականության, արտոնագրի պայմանների ու պահանջների պահպանման միասնական վերահսկման մեխանիզմների ապահովումն է:
«Գույք ամրացնելու մասին» որոշմամբ գործադիրը Հայաստանի Հանրապետության և միջազգային կազմակերպությունների միջև կնքված «Գյուղական տարածքների տնտեսական զարգացում», «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» և «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրերի փոխառության համաձայնագրերով 2006 թվականից մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը ձեռք բերված սարքավորումը և գույքն ամրացրել է ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին:
Կառավարության որոշմամբ «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» ՊԿՀ-ին ամրացված երկու թեթև մարդատար ավտոմեքենաները հետ են վերցվել և ամրացվել Արագածոտնի և Արմավիրի մարզպետարանների աշխատակազմերի երեխաների իրավունքների պաշտպանության բաժիններին՝ դրանց աշխատանքի արդյունավետությունն ապահովելու նպատակով:
Գործադիրը որոշել է ՀՀ ֆինանսների նախարարությունը տարածքով ապահովելու նպատակով «Հայարդնախագիծ» ԲԲԸ-ից 2014թ. հունիսի 1-ից մինչև 2014թ. դեկտեմբերի 31-ը Երևանի Տիգրան Մեծի 4 հասցեում գտնվող շենքից վարձակալել 2 հազար 150 քառ. մետր մակերեսով գրասենյակային տարածք:
Նիստում ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացվել է մոտ 51 մլն դրամ, որով ավարտին է հասցվելու Արմավիրի մարզի Մեծամորի N 2 ավագ դպրոցի և մի շարք այլ կրթօջախների, Երևանի Ա. Խաչատրյանի և Հովհ. Թումանյանի տուն-թանգարանների տանիքների նորոգման աշխատանքը:
Հիմք ընդունելով ՀՀ նախագահի համապատասխան հրամանագիրը, ՀՀ կառավարությունը որոշել է «ՀՀ ԿԱ ճարտարապետության պետական կոմիտեի աշխատակազմ» ՊԿՀ-ն միացնել «ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմ» ՊԿՀ-ին՝ վերջինիս փոխանցելով առաջինի իրավունքներն ու պարտականությունները:
Կազմվել է ազգային ստանդարտների մշակման ծրագիրը
ՀՀ կառավարությունը հաստատել է՝
-ստանդարտների մշակման ծառայությունների 2014թ. ծրագիրը, որի նպատակն է երկրի գիտատեխնիկական և արդյունաբերության ոլորտների տեխնոլոգիական բազայի ինովացիոն զարգացման համար ստեղծել միջազգային և եվրոպական ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտների արդիականացված ֆոնդ,
-գազաբաշխիչ համակարգում ապօրինի սպառման դեպքում սպառված բնական գազի ծավալի հաշվարկման մեթոդաբանությունը, որով ակնկալվում է հաշվարկել գազամատակարարման համակարգից ապօրինի օգտագործված բնական գազի ծավալը,
-ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագիր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2014/2015 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը, ինչը հնարավորություն կտա ընդունել բարձր առաջադիմություն ունեցող դիմորդներին և պատրաստել աշխատաշուկային անհրաժեշտ մասնագետներ:
Կներդրվի բժշկի մշտական մասնագիտական զարգացման համակարգը
ՀՀ կառավարությունը քննարկել է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին», «Պետական տուրքի մասին» օրենքներում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային Ժողովի պատգամավորներ Արա Բաբլոյանը և Մկրտիչ Մինասյանը: Նրանք առաջարկում են Հայաստանում ներդնել բժշկի մշտական մասնագիտական զարգացման համակարգ, որն հաջողությամբ իրականացվում է մի շարք երկրներում: Օրինագծերի փաթեթի վերաբերյալ գործադիրն սկզբունքային առարկություն չի ներկայացրել և պատրաստվում է համագործակցել հեղինակների հետ՝ փաստաթղթերի հնարավոր լրամշակման հարցում:
Նիստում քննարկվել է ԱԺ պատգամավորներ Հեղինե Բիշարյանի և Հովհաննես Մարգարյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որով առաջարկվում է օրենքից հանել պարտադիր կուտակային բաղադրիչը: Վկայակոչելով ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը, որի պահանջներին մինչև ս.թ. սեպտեմբերի 30-ը պետք է համապատասխանեցվի օրենքը, և այն, որ նախագծի ընդունման դեպքում իրավական խառնաշփոթ կստեղծվի, կառավարությունը թերի է համարել նախագիծը, որը «համակարգային առումով չի ապահովում իրավական անվտանգությունը և ընդունելի չէ»:
Օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:
Այլ հարցեր
Նիստում կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների միջև «Առողջապահական և սոցիալական ծառայությունների արդյունավետության բարելավման շուրջ» օժանդակության համաձայնագրի 5-րդ փոփոխության կնքման առաջարկությանը: 2010թ. օգոստոսի 6-ին կնքված համաձայնագրով ամերիկյան կողմն հատկացրել է ավելի քան 25.5 մլն ԱՄՆ դոլար: 5-րդ փոփոխությամբ գումարը կավելացվի և կհասցվի մոտ 27 մլն դոլարի:
Կառավարությունը հավանություն է տվել «Արամ Խաչատրյան ֆիլհարմոնիկ համերգասրահի վերազինում» ծրագրի ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության և Էրստե բանկի միջև արտահանման վարկային համաձայնագրի և կանխավճարային վարկային համաձայնագրի նախագծերին: Գործադրի հավանությունն են ստացել ՀՀ մշակույթի նախարարության և ավստրիական երեք ընկերությունների միջև կնքվող Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին 7 մլն եվրոյի չափով և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբին՝ 2 մլն եվրոյի չափով տեխնիկական, լուսային և ձայնային վերազինման պայմանագրերի նախագծերը: Նախատեսվում է մինչև 2015թ. օգոստոսը ավարտել նշված մշակույթի օջախների բեմի տեխնիկական վերազինումը, որի արդյունքում դրանք կհամապատասխանեն համերգասրահներին և թատրոններին ներկայացվող միջազգային չափանիշներին:
Կառավարության որոշմամբ երաժիշտ, սաքսոֆոնահար Հայրապետ Առաքելյանի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ավելի վաղ տրված տարկետման ժամկետը երկարաձգվել է մինչև 2015թ. ձմեռային զորակոչը:

Երիտասարդների մոտ խուզարկությամբ թմրանյութ և կռփազենք է հայտնաբերվել

թմրանյութՈստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողներն օրերս Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 24 շենքի մոտից, «Գրանդ Չերոկի» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 1982 թ. ծնված Նորայր Խ.-ին և ուղևորներ` 1984 թ. ծնված, նախկինում դատված Հակոբ Խ.-ին և 1991 թ. ծնված Վլադիմիր Ա.-ին:
Խուզարկությամբ Նորայր Խ.-ի դրամապանակից հայտնաբերվել է 12 պոլիէթիլենային տոպրակների մեջ փաթեթավորված, «մարիխուանա» թմրամիջոցի նմանվող մոտ 12 գ զանգված, իսկ Վլադիմիր Ա.-ի տաբատի գրպանից` կռփազենք:
Նորայր Խ.-ն Սեբաստիայի փողոցի 22 շենքի բնակարանի ննջասենյակի պահարանից ներկայացրել է իր մոտից հայտնաբերված թմրամիջոցի նմանվող մոտ 20 գ զանգված:
Նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:

ԻՍՐԱՅԵԼ ՕՐԻ.հայ քաղաքական գործիչներից առաջինը, որ իր հայացքը դեպ հյուսիս հառեց

Israel_OryԿան պատմական գործիչներ, որոնց գործունեությունը դարակազմիկ նշանակություն է ունեցել հայ ժողովրդի կյանքում: Նրանցից է Իսրայել Օրին: Նա, փաստորեն, հայ քաղաքական գործիչներից առաջինն էր, որ իր հայացքը դեպ հյուսիս հառեց և «ռսի օրհնած ոտը հայոց անիծված հողում» տեսնել ցանկացավ:

Որքանո՞վ էին արդարացված Իսրայել Օրու հայացքները կամ կողմնորոշումը` այլ խնդիր է: Տվյալ պարագայում դա հարկադրված քայլ էր, քանզի հայության երկարատև դեգերումներն արևմուտքում արդյունք չտվեցին: Իսկ հզորացող ռուսական կայսրությունն իր շահերն էր հետապնդում Արևելքում:
Իսրայել Օրին իր գործունեությամբ եզակի էր ոչ միայն ռուսական կողմնորոշման հարցում: Նա, կարելի է ասել, առաջին գործիչն էր, որ օտար տիրակալներից իր երկրի համար ազատություն չէր մուրում, այլ առաջ էր քաշում հայության համաժողովրդական ապստամբության վեհ գաղափարը:
Հետաքրքիր է, որ մինչ օրս պատմագիտությանը հայտնի չէ Իսրայել Օրու ստույգ անունը:
1677 թ. հայոց մելիքներն Էջմիածնում գաղտնի ժողով են գումարում` խնդիր ունենալով դիմել Եվրոպայի քրիստոնյա միապետներին` ազատագրելու Հայաստանը: Այդ նպատակով Հակոբ Դ Ջուղայեցի կաթողիկոսը 1679 թ. պատվիրակություն է կազմում, որի մեջ էր Սյունաց Անգեղակոթի մելիք Իսրայելը` իր որդու հետ:
Սակայն, այս պատվիրակությանը վիճակված չէր կատարելու իր առաքելությունը: Պոլսից պատվիրակները հետ են դառնում Հայաստան, քանզի Պոլսում հանկարծամահ է լինում կաթողիկոսը, իսկ մելիք Իսրայելի զավակը, միանալով հայ առևտրականներին, անցնում է Եվրոպա: Նա սկզբում առևտրական գործունեություն է ծավալում, 1680 թ. Իսրայել Օրին Վենետիկում էր, իսկ երեք տարի անց` 1683 թ., Փարիզում, ուր զբաղվում էր ֆրանսիական բանակի պարենավորմամբ:

Շուտով Իսրայել Օրին, ապրուստի որոշ միջոցներ հայթայթելով, թողնում է առևտուրն ու անցնում ծառայության ֆրանսիական բանակում:

Շնորհիվ բնատուր ձիրքի` Օրին արագ բարձրացավ ծառայողական սանդղակով: Նա ստացավ լեյտենանտի, ապա և հեծելազորի կապիտանի աստիճան: 1688-1695 թթ. մասնակցեց անգլո-ֆրանսիական պատերազմին: 1695 թ. գերեվարվում է անգլիացիների կողմից, գերությունից ազատվելուց հետո ծառայում է որպես Հայդենբերգի, Մանհայմի մատակարարման կոմիսար:

Պատերազմի ավարտից հետո Իսրայել Օրին ձեռնամուխ եղավ իր վաղեմի երազանքի` Հայաստանի ազատագրման ծրագրի իրագործմանը: Նա հանդիպեց գերմանական կյուրֆուստ Հովհան Վիլհելմին, բանակցեց նրա հետ, և երկուսով կազմեցին Հայաստանի ազատագրման ծրագիր: Համաձայն այդ ծրագրի` գերմանացի կյուրֆուստն իր և դաշնակիցների միացյալ բանակով պիտի Հայաստան արշավեր, այնտեղ նրան պիտի միանային հայ ապստամբ մելիքներն իրենց զորքերով, և Օսմանյան Թուրքիայի լուծը թոթափելուց հետո պիտի անկախ Հայաստան հռչակվեր, որի թագավորը հենց Հովհան Վիլհելմն էր լինելու:
Սա, ինչ խոսք, անլուրջ ծրագիր էր, սակայն 1375-ից` Կիլիկիայի հայոց թագավորության կորստից հետո, թերևս առաջին լուրջ փորձն էր հայոց պետականության վերականգնման ուղղությամբ: Ինքը` Օրին, իր գործունեության առաջին փուլում դժվար թե կարողանար ճիշտ գնահատել ուժերի հարաբերակցությունը և իրերի վիճակը Եվրոպայում: Այլապես, նա գերմանացի կյուրֆուստին նման անլուրջ ծրագիր չէր առաջարկի:

Ամեն դեպքում, այս ծրագրով կարծես թե ոգևորված էր նաև Հովհան Վիլհելմը, որ Օրու միջոցով պատգամներ ուղարկեց հայոց և աղվանից կաթողիկոսներին, ինչպես նաև Կախեթի Գեորգի ԺԲ թագավորին` խնդրելով մանրամասն տվյալներ հաղորդել Կովկասի տնտեսական հզորությունների, հայերի և վրացիների ռազմական կարողությունների մասին:
Իր ծրագրած արշավանքն ավելի ազդեցիկ դարձնելու համար, Իսրայել Օրին Գերմանիայից 1698 թ. անցնում է Ավստրիա` բանակցելու ավստրիական Լեոպոլդ կայսեր հետ, քանզի Ավստրիան ու Թուրքիան վաղեմի թշնամիներ էին: Լեոպոլդը մերժում է` անգամ ունկնդրության չարժանացնելով Օրուն, քանզի Թուրքիայի դեմ պատերազմն արդեն ավարտվել էր, նա բանակցություններ էր վարում հաշտություն կնքելու համար, բացի այդ, Ավստրիայի նման հզոր երկրի միապետը չէր կարող չհասկանալ այս ծրագրի ողջ արկածախնդրությունը:
Սակայն, Իսրայել Օրին չհուսահատվելով` անցնում է Իտալիա, Ֆլորենցիայում հանդիպում Տոսկանայի դուքս Կոզմաս Գ-ին, ստանում նրա համաձայնությունն ու մեկնում Հայաստան:
Փաստորեն, Իսրայել Օրին նախաձեռնել էր խաչակրաց արշավանքների նման մի նոր եվրոպական արշավանք, որի նպատակը, սակայն, Երուսաղեմի ազատագրության փոխարեն պիտի Հայաստանի ազատագրումը լիներ: Իրատեսակա՞ն էր այն:

Իսրայել Օրին, ժամանելով Հայաստան, գործի անցավ: Սակայն սպասված աջակցությունը չստացավ թե՛ վրաց արքայից, որ հպատակվել էր պարսից շահին, թե՛ Էջմիածնից` Նահապետ Ա կաթողիկոսից, որ թշնամական դիրք բռնեց հայոց ազատամարտի նկատմամբ: Բայց աննկուն Օրին իր հայրենի Անգեղակոթում հավաքեց հայ մելիքներին ու նրանց առաջ բացեց Հայաստանի ազատագրման իր ծրագիրը:
Տասնմեկ մելիքները, հավանություն տալով Օրիի ծրագրերին, նամակներ ուղղեցին Հովհան Վիլհելմին, Ավստրիայի Լեոպոլդ կայսրին, Հռոմի պապին, Տոսկանայի դքսին, ինչպես նաև ռուսաց Պետրոս Առաջին կայսրին: Նաև իրենց կնիքներով վավերացրած մաքուր թղթեր տվեցին Օրիին, որպեսզի նա հնարավորություն ստանա հանդես գալու իրենց անունից:
Անգեղակոթում Իսրայել Օրուն է միանում Մինաս վարդապետ Տիգրանյանը` որպես հավատարիմ ընկեր ու օգնական:
1700 թ. Իսրայել Օրին Հովհան Վիլհելմին ներկայացրեց Արևելյան Հայաստանի ազատագրման նոր ծրագիր: Սրա համաձայն` կազմվելու էր եռյակ դաշինք Հովհան-Վիլհելմի, Ավստրիայի Լեոպոլդ կայսեր և ռուսաց Պետրոս Առաջին կայսեր միջև: Հովհան Վիլհելմը ծրագրի վավերացման համար Օրուն ուղարկեց Վիեննա, սակայն ավստրիական կայսրը հերթական անգամ լուրջ չվերաբերվեց այս ծրագրին:
Տեսնելով, որ Հայաստանի ազատագրության ծրագրերը Եվրոպայում կենսագործել հնարավոր չէ, Իսրայել Օրին, Եվրոպայից հուսախաբ, իր հայացքն ուղղեց Ռուսաստանի կողմը:
Ռուսաստանում Օրին հուսախաբ չեղավ: Նա, իհարկե, խոր քաղաքական գիտելիքներ չուներ, նրա գործունեության շարժառիթը սոսկ հայրենասիրությունն էր ու ռոմանտիզմը, սակայն, ռուսական արքունիքում Իսրայել Օրին շատ արագ հասկացավ, որ Ռուսաստանը տարածաշրջանում լուրջ շահեր է հետապնդում և շուտով Արևելյան Հայաստանին տիրելու թիվ մեկ իրական հավակնորդը կդառնա:
Արագ հարմարվելով նոր պայմաններին` նա ռուսական կաբինետի համար նոր ծրագիր մշակեց, որի համաձայն` Ռուսաստանն Արևելյան Հայաստանի ազատագրության համար պետք է 25.000-ոց բանակ տրամադրեր ապստամբ Հայաստանին, և միասին պիտի թոթափեին պարսկական, ապա և թուրքական լուծը:
Իսրայել Օրին իր ծրագրերի, մասնավորապես Հայաստանում ապստամբական շարժումների սկզբնավորման համար փորձել է ներգրավել նաև Իմերեթիայի և Կախեթի թագավորներին, Արցախի մելիքներին:
Պետրոս Մեծ կայսրն անձամբ ընդունում է Իսրայել Օրուն և Մինաս Վարդապետին: Նրանք կայսեր հետ քննարկում են ապագա կովկասյան արշավանքն ու Հայաստանի տեսլականը:
Ռուսաց կայսրը հայերին խոստացավ շվեդական պատերազմի ավարտից անմիջապես հետո զբաղվել հայկական հարցով:
Մինչ այդ Իսրայել Օրին ռուսական կաբինետի հանձնարարությամբ պետք է կատարեր ռուսական դեսպանի առաքելությունը Պարսկաստանում:
Իրականում նման մեծ շուքով պատվիրակություն ձևավորելն ու դեսպանություն ուղարկելը ռուսական կաբինետի հողմից զուտ հետախուզական քայլ էր:
Ռուսները սպասվող կովկասյան արշավանքից առաջ ցանկանում էին իմանալ Կովկասում պարսկական ներկայության իրական չափն ու հնարավորությունները. պարսկական խանություններն ի՞նչ զորատեսակ և ի՞նչ քանակի զորք կարող են հանել պատերազմի դեպքում, ի՞նչ տնտեսական հզորություններ կան երկրամասում, ռուսական զորքի առաջխաղացման պարագայում տեղի բնակիչները կարո՞ղ են ապահովել զորքի մատակարարումն ու պարենավորումը, տեղացիներն ունա՞կ են ապստամբության…
Դեսպանության գաղափարը լավն էր ու բավական նրբորեն էր կազմակերպված: Օրին անգամ ուղևորվեց Հռոմ, Հռոմի պապից ձեռք բերեց Պարսկաստանի քրիստոնյա բնակչությանը պաշտպանության տակ առնելու մասին հրովարտակ, ապա դարձյալ վերադարձավ Ռուսաստան:
Իր հերթին Պետրոս Մեծն Իսրայել Օրուն շնորհում է ռուսական բանակի գնդապետի կոչում և որպես մեծ դեսպանության գլուխ` 1707 թ. աշնանը ճամփում է Պարսկաստան:
Դեսպանության մուտքը Պարսկաստան ցնցող տպավորություն է թողել: Ամենուր Օրուն դիմավորել են մեծ հարգանքով ու տագնապով: Պարսկաստանում Ֆրանսիայի և Անգլիայի ներկայացուցիչները պարսից Հուսեյն շահին շարունակ շշնջում էին, թե Օրին հայոց հին արքայական տան սերունդներից է, և նրա նպատակը հայոց թագավորության վերականգնումն է:
Շնորհիվ իր հանձնարարականների` Օրին կարողանում է տեսակցել պարսից շահի հետ: 1709 թ. նա վերադառնում է Անդրկովկաս: Այստեղ նա դարձյալ փորձեց համաձայնության գալ Էջմիածնի հետ, սակայն բանակցությունները Ալեքսանդր Ա կաթողիկոսի հետ ապարդյուն էին: Իսրայել Օրին աջակցություն գտավ Արցախում` Եսայի Հասան-Ջալալյանի մոտ: Սակայն 1711 թ., այդպես էլ էական արդյունքի չհասած, Իսրայել Օրին Աստրախանում հանկարծամահ եղավ:

Ի՞նչն էր նրա մահվան պատճառը, և ո՞վ էր շահագրգռված նրա մահվամբ. ցայսօր մնում է միայն ենթադրություններ անել:

 

 Անկախ

 

Դանակահարության փաստով հարուցվել է քրեական գործ

Դանակով զինված Հունիսի 1-ին, ժամը 22.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Նուբարաշենի 11-րդ փողոցի 12-րդ շենքի մոտ երիտասարդի են դանկահարել:
Նույն օրը, ժամը 23.20-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը, որովայնի առաջին պատի բաց թափանցող վնասվածքով, բուժօգնության է տեղափոխել 1992 թ. ծնված Վանուշ Ա.-ին: Ըստ վերջինիս հոր հայտարարության` իրենց փողոցում տեղի է ունեցել դանակահարություն:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունիսի 1-ին, ժամը 22.30-ին, Նուբարաշենի 11-րդ փողոցի թիվ 12 շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, սուր ծակող-կտրող գործիքով Վանուշ Ա.-ին վնասվածքը պատճառել է 1992 թ. ծնված Ս. Օ.-ն:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ձեռնարկվում են միջոցառումներ Ս. Օ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունիսի 3-ից 4-ը)

ոստիկանություն3Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 3-ից 4-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքից բացահայտվել է 7-ը, ապօրինի ծառահատման 3 դեպքից` 2-ը, խարդախության` 8, դրամանենգության 1 և յուրացման 2 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 5 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 և գողության 2 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 17 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Ի ՞նչ էր տեղի ունեցել Ծարավ Աղբյուրի փողոցում

ԾեծկռտուքՄայիսի 27-ին, ժամը 18.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ որովայնի առաջնային պատի կտրած վերքով բուժօգնության է տեղափոխվել 1980 թ. ծնված Սմբատ Մ.-ն` հայտնելով, որ վնասվածքն ստացել է Ավանի Ծարավ Աղբյուր փողոցում` անհայտ անձի հետ վիճաբանության ժամանակ:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Ավանի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` կամավոր բաժին է ներկայացել 1975 թ. ծնված Արմեն Հ.-ն և տվել խոստովանական ցուցմունք:
Կատարվում է քննություն:

 

Կանխամտածված սնանկության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել

ձերբակալությունՀունիսի 2-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Կոտայքի բաժին է ներկայացել 1990 թ. ծնված Վիգեն Ս.-ն, որը մայիսի 15-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 193 հոդվածի /կանխամտածված սնանկությունը/ մեղադրանքով:

Նախկինում դատվածը` նոր խոստովանությամբ

ՀՀ-ոստիկանություն2Մարտի 10-ին, ժամը 13.40-ին,  ոստիկանության Մուշի բաժին էր դիմել 1948 թ. ծնված  Մաքսիմ Ս.-ն և հաղորդում  տվել, որ Գյումրիի Շիրակացու փողոցում գտնվող իր   կիսակառույց տան լոգարանի պատուհանը հրել-բացելով` գողացել են 100 մ պղնձյա մալուխ և էլեկտրական գործիքներ` պատճառելով մոտ 120.000 դրամի նյութական վնաս: Մեկ այլ քրեական գործի նախաքննության ընթացքում բերման ենթարկված, 1993 թ. ծնված, նախկինում դատված Հմայակ Շ.-ն խոստովանել է, որ   գողությունը կատարել է ինքը: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Բայց սա դեռ ամենը չէ: Ոստիկանության Մուշի բաժին էր դիմել նաև1939 թ. ծնված  Ջուլիետա Մ.-ն և հաղորդում տվել, որ իր տան ննջասենյակի պատուհանը հրել-բացելով` գողացել են ոսկյա զարդեր` պատճառելով մոտ 200.000 դրամի նյութական վնաս: Պարզվել է, որ նշված գողությունը նույնպես կատարել է Հմայակ Շ.-ն: Գողոնը մասամբ առգրավված է: Հմայակ Շ.-ն ձերբակալված է:

21-ամյա երիտասարդը ցանկապատից ներս էր ցատկել ու 70 հազար դրամի գողություն կատարել

ձերբակալվածՄայիսի 31-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին էր դիմել 1960 թ. ծնված Մերուժան Ա.-ն և հաղորդում տվել, որ ցանկապատի վրայով անցնելով` Նոր Խարբերդի իր հողամասից գողացել են 100 մմ տրամաչափի մետաղյա 6 խողովակ, տարբեր չափերի և կառուցվածքների մետաղյա ճաղավանդակներ և «ՊԱԶ» ավտոբուսի 2 անվահեծ` պատճառելով 70.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, Նոր Խարբերդից բերման են ենթարկել 1993 թ. ծնված Արմեն Ա.-ին, որը խոստովանել է հանցանքը:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Նախագահ Դիդիե Բուրկհալտերը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

MHM88306 copyՊաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերն այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Շվեյցարիայի Նախագահը նաև եղևնի է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում:

MHM88308 copyԴիդիե Բուրկհալտերն այնուհետև կայցելի ՀՀ Նախագահի նստավայր, որտեղ տեղի կունենա նրա դիմավորման պաշտոնական արարողությունը, ինչից հետո կմեկնարկեն պաշտոնական պատվիրակությունների բանակցությունները:

Կարինե Մինասյանն ազատվել է Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից

Կարինե ՄինասյանՀայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Կարինե Մինասյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

Գորիս – Կապան ճանապարհահատվածում տեղի է ունեցել քարաթափում

ՔարաթափումՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 4- ին՝ ժամը 06:00-ի սահմաններում, միջպետական Մ-2 ավտոճանապարհի Գորիս – Կապան 247-րդ կմ- ում տեղի է ունեցել քարաթափում :

«Ոսմար» ՍՊԸ – ի ճանապարհաշինարարների ջանքերով կուտակված քարերը անմիջապես դուրս են բերվել ճանապարհի երթևեկելի մասից:

Ժամը 08:00- ի դրությամբ` ճանապարհը երկկողմանի բացվել է:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Վարչապետն Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահ Մարտին Սարգսյանին

11357_am_2Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահ Մարտին Սարգսյանին: Շնորհավորելով Սարգսյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ վարչապետը համոզմունք է հայտնել, որ կոմիտեի նախկին նախագահ Երվանդ Զախարյանի իրականացրած բարեփոխումները կկրեն շարունակական բնույթ:
«Կոմիտեում առկա է լավ աշխատակազմ, և վերջին տարիներին իրականացված բազմաթիվ սոցհարցումները ցույց են տալիս, որ ակնհայտորեն նվազել են հասարակության դժգոհությունները կոմիտեի կառույցների նկատմամբ: Համոզված եմ, որ պարոն Սարգսյանի՝ տեղական ինքնակառավարման ոլորտում և օրենսդիր մարմնում ունեցած փորձը հնարավորություն կտա, որպեսզի նա հաջողությամբ շարունակի այդ բարեփոխումները: Վստահ եմ, որ հանրապետության նախագահի և իմ հույսերը կարդարացնեք»,- ասել է վարչապետը: Կառավարության ղեկավարը կարևորել է այս բնագավառում բյուրոկրատական քաշքշուկների նվազեցումը և նշել, որ կոմիտեի աշխատանքները լինելու են իր ուշադրության կենտրոնում:
Մարտին Սարգսյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և հավաստիացրել, որ կիսատ մնացած բոլոր բարեփոխումները կհասցվեն իրենց նպատակին:
«Կփորձենք նորովի մոտեցումներով, կոմիտեի մատուցած ծառայությունների միջոցով, նվազեցնել բնակիչների խնդիրները»,- նշել է Մարտին Սարգսյանը:

Քարաթափում Կապան քաղաքում (լրացված)

ՔարաթափումՀունիսի 4-ին, ժամը 04.18-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածում («Ծակ քարի» մոտակայք), տեղի է ունեցել քարաթափում, ինչից ավտոճանապարհը դարձել է դժվարանցանելի:

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն:

Պարզվել է, որ միջպետական Մ-2 ավտոճանապարհի Գորիս – Կապան հատվածում (10-րդ կմ) տեղի է ունեցել քարաթափում (5×17մ):

Հրշեջ-փրկարարները ճանապարհից հեռացրել են երթևեկությանը խոչընդոտող քարերը՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի:

Ժամը 08.00-ի դրությամբ դեպքի վայր են ժամանել «Գորիսի» ՃՇՇ աշխատակիցները:

Ավտոճանապարհի մաքրման աշխատանքների արդյունքում երթևեկությունը վերականգնվել է:

Անկախ

Հ-24 ավտոճանապարհի Ձորագյուղ – Կուրթան հատվածը (Ձորագյուղի ոլորաններում) ծածկվել է ջրաբերուկներով

ԱԻՆՀունիսի 4-ին, ժամը 09.00-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Ձորագյուղ – Կուրթան գյուղ ավտոճանապարհը անձրևների հետևանքով ծածկվել է ջրաբերուկներով՝ խոչընդոտելով երթևեկությունը:

Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ տեղացած հորդառատ անձրևի հետևանքով հանրապետական Հ-24 ավտոճանապարհի Ձորագյուղ – Կուրթան հատվածը (Ձորագյուղի ոլորաններում) ծածկվել է ջրաբերուկներով՝ խոչընդոտելով երթևեկությունը. ակտիվացել է սողանքային երևույթ, ինչից ճանապարհահատվածի ոլորանները (25 մետր) փակվել են:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Անկախ