Վրաերթ Երևանի Հերացու և Կորյունի փողոցների խաչմերուկում

Վրաերթ

Հուլիսի 28-ին, ժամը 08.00-ին, «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենան Երևանի Հերացու և Կորյունի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 1948 թ. ծնված Աշոտ Պ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Կատարվում է քննություն։

Հանձնարարվել է ակտիվացնել կանաչապատման ուղղությամբ աշխատանքները

Կանաչապատում

Մայրաքաղաքում ընթացող կանաչապատման աշխատանքների մասով քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ շարունակվում են ծաղիկների համալրման, ծառերի բուժման, խոտհնձնի, ինչպես նաև ոռոգման աշխատանքները: Նշվել է նաև, որ վարչական շրջաններում ոռոգումը կազմակերպվում է ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային ժամերին:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է առավել ակտիվացնել կանաչապատման ու ծաղկապատման ուղղությամբ տարվող աշխատանքները.

«Կանաչապատման գործընթացը պահանջում է մշտական հետևողականություն և խնամք, հետևաբար  հսկողությունն այս ուղղությամբ ևս պետք է լինի անընդհատ: Այս տարի մենք ավելի քան 20 կմ ընդլայնեցինք ոռոգման ցանցը: Սա կարևոր ձեռքբերում է կանաչապատման աշխատանքների կազմակերպման տեսանկյունից և, ըստ այդմ, ենթադրվում է, որ մեծ ուշադրություն պետք է հատկացվի կանաչ տարածքների, մասնավորապես, սիզամարգերի ստեղծմանն ու պահպանմանը: Իրականացված աշխատանքներն առայժմ գոհացուցիչ չեն, և ցանկալի արդյունքի հասնելու համար եղեք ավելի խիստ և պահանջկոտ: Կանաչապատման ընկերությունների ղեկավարներից բացի, վարչական շրջանների պատասխանատուները նույնպես անելիքներ ունեն այս հարցում: Անձամբ պետք է լինել տեղերում և հետևել, թե ինչպես են կազմակերպվում աշխատանքները», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

«Երևանյան ամառ» ծրագրի շրջանակում օգոստոսի 1-ից 15-ը կանկացվի բուժօգնության անվճար ակցիա

Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ առողջապահության վարչության պետը զեկուցել է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակական հսկողություն է իրականացվում առողջապահական հաստատությունների աշխատանքների պատշաճ կազմակերպման ուղղությամբ: Զեկուցվել է նաև, որ նախորդ շաբաթ համաբուժարաններ դիմողների թիվը կազմել է 34227:

Քաղաքապետարան

«Շտապբուժօգնության» ծառայությունում գրանցվել է 4361 կանչ: Ծնունդների թիվը մայրաքաղաքում կազմել է 508 երեխա, որից՝ 247 տղա, 261 աղջիկ:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է նախապատրաստական աշխատանքներ տանել «Երևանյան ամառ» միջոցառումների ծրագրով օգոստոսի 1-ից 15-ը բուժօգնության անվճար ակցիայի կազմակերպման և բարձր մակարդակով անցկացման ուղղությամբ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

«Թեժ գծերի» հեռախոսահամարներով բարձրացված հարցերի մեծ մասը լուծում է ստացել

Թեժ Գիծ

Երևանի քաղաքապետարանի 2014 թվականի շինբարեկարգման ծրագրերով մայրաքաղաքում շարունակվում են փողոցների, բակային տարածքների  և մայթերի հիմնանորոգման և ընթացիկ նորոգման աշխատանքները: Այս մասին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է ակտիվացնել ասֆալտապատման աշխատանքները՝ հսկողություն սահմանելով պատշաճ որակի ապահովման նկատմամբ:

Անդրադառնալով ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին` առևտրի և սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ իրականացված հսկողության շնորհիվ նախորդ շաբաթ հայտնաբերված 9 դեպքի մասով կազմվել են վարչական արձանագրություններ: Քաղաքապետը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է խստացնել այս ուղղությամբ աշխատանքներն ու բացօթյա ապօրինի առևտուրը բացառելու  նպատակով շուրջօրյա հսկողություն իրականացնել:

Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող «թեժ գծերի» հեռախոսահամարներով ստացվող հեռախոսազանգերի և դրանց տրվող պատասխանների հետ կապված՝ վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթ ստացվել է, համապատասխանաբար, 179 և 100 հեռախոսազանգ: Ընդհանուր առմամբ լուծում է ստացել 201 հարց, մյուս հարցերն էլ ընթացքի մեջ են:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Գետք գյուղում կատարված սպանության հետքերով

1406621768,7165Ինչպես տեղեկացրել էինք` հուլիսի 24-ին, ժամը 17.10-ին, Գետք համայնքի ղեկավարից ոստիկանության Ախուրյանի բաժնում ահազանգ էր ստացվել, որ գյուղի վարչական տարածքում տղամարդու դիակ կա:
Մեկնած օպերատիվ խումբը նշված գյուղի վարչական տարածքում` անասնագոմերի հարևանությամբ կիսաքանդ շինության մեջ, հայտնաբերել էր 1964 թ. ծնված Հարություն Գրիգորյանի դիակը:
Արտաքին զննությամբ դիակի վրա հայտնաբերվել էին բռնության հետքեր և հրազենային չորս վնասվածքներ` որովայնի, թիկունքի և ձեռքի հատվածներում:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր 9 մմ տրամաչափի երկու գնդակ և հինգ կրակված պարկուճ:
Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 և 235 հոդվածների 1-ին մասի մասի հատկանիշներով:
Հուլիսի 27-ին, ժամը 15.05-ին, ոստիկանության Շիրակի մարզային վարչություն է ներկայացել 1978 թ. ծնված Արման Կ.-ն և հայտնել, որ հուլիսի 24-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Գետք գյուղի վարչական տարածքի գերեզմանատան մոտակա կիսաքանդ շինության մոտ վիճաբանել է Հ. Գրիգորյանի հետ, որի ընթացքում նկատելով նրա ավտոմեքենայի հետևի նստելատեղին դրված «Մակարով» տիպի ատրճանակը` վերցրել է այն, սակայն չի հիշում, թե վիճաբանության ժամանակ Հ. Գրիգորյանի վրա ինքը կրակել է, թե ոչ:
Ատրճանակն առգրավված է:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Արման Կ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:

Անկախ

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հուլիսի 25-ից 29-ը)

օպերատիվ իրավիճակԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 25-ից 29-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 61 դեպքից բացահայտվել է 51-ը, խուլիգանության 5 դեպքից՝ 4-ը, կողոպուտի 2 դեպքից՝ 1-ը, խարդախության` 21, ապօրինի ծառահատման 1 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 13 դեպք։
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է գողության՝ 4, սպանության և խուլիգանության 1-ական դեպք։
Անցած 4 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 36 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 60-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Անկախ

«Բանավեճի ակումբը» ամփոփել է երկրորդ տարեշրջանի առաջին խաղափուլը

001 (5)Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերով խորհրդի  և «Ակտիվ երիտասարդ քաղաքացիների նախաձեռնություն» հասարակական կազմակերպության նախաձեռնած «Բանավեճի ակումբը» ամփոփել է երկրորդ տարեշրջանի առաջին խաղափուլը, որին մասնակցել է 60 թիմ։ Եզրափակիչ հասած երեք թիմերով վերջին խաղերի արդյունքներով հաղթող է ճանաչվել «Դավթաշեն» թիմը։

Կազմակերպիչները վստահ են, որ աստիճանաբար ավելի ու ավելի հանրայնացող «Բանավեճի ակումբը» կայացող հարթակ է երիտասարդների համար՝ իրենց հուզող հարցերի շուրջ գրագետ քննարկումներով ինքնարտահայտման համար։

«Ակումբի գործունեության արդյունքներից մեկն էլ այն է, որ երիտասարդները կարողանում են սթափ միտքը գերադասել էմոցիային, իրադրությունը վերլուծել՝ չհեռանալով իրականությունից, պատկերացնել խնդրի ռեալ պատճառը, խոչընդոտը, վերհանել լուծման ուղիներ։ Արդեն երկրորդ տարեշրջանն է, ինչ «Բանավեճի ակումբը» երիտասարդների քննարկմանն է առաջարկում ամենասուր քաղաքական հարցերից մինչև կենցաղային նշանակության թեմաներ, այն ամենը ինչ հուզում է երիտասարդներին ու կարող է քննարկման առարկա դառնալ։ Ստեղծվում է սոցցանցերի և այլ քննարկումներին առավել առողջ ու արդյունավետ այլընտրանք, կենդանի շփում, բուռն բանավեճ, որը մերժում է շատախոսությունը և հաճախ դառնում է առաջարկություն, ինչպես, օրինակ, հեծանվուղու ծրագրի դեպքում էր։ Այդպիսով, ակումբը նաև գործնական նշանակություն ունի. հաճախ քննարկվում են  քաղաքապետարանի՝  երիտասարդներին վերաբերող և այլ ծրագրեր, վերհանվում, զտվում է դրանց նպատակահարմարությունը՝ երիտասարդների տեսանկյունից»,- նշել է Երևանի քաղաքապետի օգնական, քաղաքապետին կից երիտասարդության հարցերով խորհրդի փոխնախագահ Սամվել Մերթարջյանը։

«Բանավեճի ակումբ»-ի խաղերի ժյուրին կազմված է տարբեր մասնագետներից, որպեսզի յուրաքանչյուր խաղ-քննարկմանը ներկա լինի թեմային գիտակ անդամ։

Երկրորդ տարեշրջանի, առաջին խաղափուլը մեկնարկել էր փետրվարից։ Մասնակից 60 թիմերից 35-ը ի սկզբանե որպես թիմ էին հայտագրվել, իսկ 25-ը ձևավորվել էին անհատ հայտատուներից։

Այս տարեշրջանի երկրորդ խաղափուլի թիմերի հայտագրումը կմեկնարկի օգոստոսի կեսերին, կազմակեպիչների խոսքով՝ խստացված պահանջներով, քանի որ ակումբը կայացման հաստատուն ուղիով է ընթանում։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Անկախ

 

Կոտայքում ուրարտական` նախկինում անհայտ ամրոց են պեղել. Մ.թ.ա. IX-VII դար.panarmenian.net

պեղումներՍոլակ-1 նորահայտ հնավայրում հնագետները դեռևս պեղել են ամրոցի միայն մեկ սենյակը

Կոտայքի մարզում հետախուզական նախագծի (KSP) շրջանակում հայ-իտալական արշավախումբը նոր հնագիտական համալիր է հայտնաբերել: Նախնական դիտարկումների համաձայն` ամրոցը կարելի է թվագրել Ուրարտական ժամանակաշրջանով (Ք.ա․ IX-VII դդ.), ամենայն հավանականությամբ այն ամրոցային համակարգի մաս է կազմում, որը կապում էր հարավում գտնվող ուրարտական ամրոցները (Էրեբունի, Կարմիր բլուր, Արամուս) Սևանի ավազանում գտնվող ամրոցներին։ Հայ – իտալական համագործակցության նպատակը նորահայտ ամրոցն ամբողջությամբ պեղելը, ապագյում այն վերականգնելը և թանգարայնացնելն է։

 PanARMENIAN.Net ի հետ զրույցում արշավախմբի հայկական կողմի ղեկավար Արթուր Պետրոսյանը նշեց, որ Սոլակ-1 նորահայտ հնավայրում պեղված հուշարձանն իր ստանդարտներով, չափերով, բնորոշ է ուրարտական ժամանակաշրջանին, բայց կառուցման տեխնիկայով, խեցեղենով ուրարտական չէ, այլ` տեղական: Կարելի է ասել` ուրարտական ստանդարտներով տեղական հուշարձան է, ինչն ինքնին բավական հետաքրքիր ու աննախադեպ երևույթ է:

«Հնարավոր է` ուրարտացիները գրավել են ամրոցը, կառավարիչ նշանակել: Դեռևս շատ բան ասել չենք կարող: Բայց մի բան հաստատ է` գործ ունենք ուրարտական փուլի հետ: Հատկանշական է նաև, որ հնավայրում պեղվել է նաև հետուրարտական շրջանի խեցեղեն»,- նշեց հնագետը:

Հնավայրից հայտանբերված ածուխի նմուշն ուղարկվել է լաբորատոր փորձաքննության, ինչից հետո արշավախումբը կկարողանա ավելի կոնկրետ նշել հուշարձանի թվագրումը:

Հայ-իտալական հնագիտական արշավախումբը (Kotayk Survey Project- KSP) 2013-ից աշխատանքներ է իրականացնում Հրազդան գետի վերին հոսանքում: Նպատակն է կատարել ընդլայնված և մանրամասն հետազոտություն Հրազդան գետի վերին ավազանում և կազմել նշված հատվածի հնագիտական քարտեզ։ Այս տարի արշավախումբը հնագիտական հետազոտություն է իրականացրել Հրազդան, Բջնի, Քաղսի և Սոլակ համայքներին պատկանող տարածքներում և պեղումներ է իրականացնում Սոլակ համայքի տարածքում գտնվող Սոլակ-1 նորահայտ հնավայրում։

Արշավախումբն արդեն պեղել է տնտեսական նշանակության սենյակ` մինչև 1,8 մ բարձրությամբ պատերով, մուտքով, հստակ երևում է հատակը, որի վրա կա հրդեհի հետք` վառված գերանը, ինչը նշանակում է` ծածկը փայտից է եղել:

«Չեմ կարող ասել` իր բուն նշանակությամբ ծառայել է որպես խոհանոց, թե մեկ այլ բան: Դռան աջ մասում կա փոքրիկ հորանման մաս, որը կարող էր անոթները պահելու համար ծառայել»,- մանրամասնեց Արթուր Պետրոսյանը:

Պեղումների արդյունքում գտել են խեցեղեն. «Հստակ կարող ենք ասել, որ վերականգնումից հետո կունենանք 15 ամբողջական անոթ: Խեցեղենն արդեն իսկ պատրաստվում է վերականգնման: Մեկ ամսից կունենաք ռեստավրացիա արված անոթները, կհրատարակենք ու կհանձնենք Պատմության թանգարանին»:

Ուրարտուն (Արարատյան թագավորություն, Արարատ, Բիայնա) պետություն էր Հայկական լեռնաշխարհում ( մ.թ.ա. IX-VI դարեր)։ Ուրարտու է կոչվել հարևան Ասորեստանի կողմից։ Առաջին հազարամյակի առաջին քառորդում վերածվել է Առաջավոր Ասիայի հզորագույն պետություններից մեկի, սակայն հետագայում թուլանալով` անկում է ապրել և կործանվել մ.թ.ա. VI-րդ դարում։

Տեղանքի ընտրությունը

Արշավախմբի հայկական կողմի ղեկավարը նշում է, որ տեղը պատահական չեն ընտրել, քննարկել են` ինչ խնդիրներ կան լուծելու:

«Սևանի ավազանում ունենք ուրարտական հուշարձաններ: Կա Արամուսը, Էլառը, իսկ այս շրջակայքում, կոնկրետ այս հատվածում չկար ուրարտական հուշարձան: Իսկ մենք գիտենք, որ ուրարտացիներն ամրոցների միջև միշտ փորձում էին կապ ստեղծել: Անհնար էր, որ այդ միջակայքում կապող օղակ չունենային: Նաև այս տարածքում վաղ շրջանի հետ կապված շատ քիչ էին նեոլիթյան փուլի հուշարձանները: Մեր ծրագրի նպատակը Կոտայքի մարզի, այդ շրջանի հնագիտական քարտեզը ստեղծելն է: Չկա կոնկրետ ժամանակաշրջան: Ծրագրի վերջում կունենաք գիրք, որում կընդգրկենք բոլոր փուլերի հուշարձանները` պալեոլիթից` միջնադար»,- նշեց հնագետը:

Սակայն գիրքը կլինի նվազագույնը 5 տարի անց, քանի որ ըստ պայմանագրի 5 տարի պետք է տեղանքը հետազոտեն, հետո միայն ընտրեն 1 կամ մի քանի կարևոր հուշարձան ու դրանց վրա կենտրոնանան:

«Մեր բախտը բերեց ու այս տարի գտանք այս հուշարձանը, որն ուրարտական ամրոց է: Սկզբում մտածում էինք, որ ճանապարհային կայան է, սակայն Հայկ Ավետիսյանը, որ Արամուսն է պեղում և ուրատական շրջանի ամենալավ մասնագետն է, ինքն էլ հաստատեց, որ սա հենց ուրարտական շրջանին պատկանող ամրոց է: Սկսեցինք ավելի ուշադիր նայել, կենտրորնանալ դետալների վրա ու պարզվեց, որ բարձունքը` այդ փոքրիկ բլուրը, ամբողջությամբ ընդգրկում է համալիրը, պաշտպանական համակարգ կա, գծագրվում են տեռասաները, մուտքը: Հուշարձանը մեծ է, ամենաքիչը 5 հա տարածք է ընդգրկում: Չափագրել ենք, և ըստ մեզ` հնավայրի տարածքը, այն բնակատեղին, որը մենք տեսնում ենք, 15 հա է զբաղեցնում»,- մնարամասնում է Արթուր Պետրոսյանը:

Պեղե՞լ ես` պահպանիր

Եթե մի բան պեղում ես, պետք է պահպանես, չես կարող բաց թողնել: Հնագետը նշում է, որ դա թե հնագիտության, թե մշակույթի նախարարության պահանջն է: Եվ աշխատանքների այս փուլի ավարտից հետո արշավախումբը փակել է հնավայրը:

«Կան հուշարձանը փակելու` կոնսերվացիայի տարբեր մեթոդներ: Մենք ընտրեցինք իտալական մեթոդը` ծածկեցինք շնչող շորով, որի միջով ջուրն անցնում է, ջերմոցի էֆֆեկտ չի ստեղծվում ու հուշարձանը չի փչանում»,- նշեց հնագետը:

Խոսելով հեռահար նպատակների մասին, Պետրոսյանը պատմեց, որ նպատակն է վերականգնել ամրոցի սկզբնական տեսքը.

«Այն քարերը, որ ընկած են շարվածքից, պատրաստվում ենք վերականգնել: Իտալացի մասնագետները նշում են, որ մեր բախտը բերել է` չոր շարվածքի հետ գործ ունենք, սակայն չոր շար վերականգնելու մասնագետներն են շատ քիչ: Օրինակ` ամբողջ Իտալիայում ընդամենը մի մասնագետ կա: Բայց դա կլինի ոչ այնքան մոտ ապագայում: Նվազագույնը 5 տարի կպահանջվի հուշարձանն ամբողջությամբ պեղելու համար: Մենք քարտեզագրելու ենք այդ ամբողջ տարածքը: Կոմպլեքսային ուսումնասիրություն կանենք: Քանի որ հնագիտության մեջ չկան միաշերտ հուշարձաններ»,-ասաց արշավախմբի հայկական կողմի ղեկավարը` նշելով, որ պեղումները շարունակելու են հաջորդ տարի օգոստոսին:

Շարունակությունը՝սկզբնաղբյուր կայքում:

Ս. Օհանյանի աշխատանքային այցը Արցախ

այց առաջագիծՀայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչությունների համագործակցության շրջանակներում հուլիսի 27-ին աշխատանքային այցով պաշտպանության բանակում էր գտնվում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ուղեկցությամբ իրականացվել է շրջայց առաջնային գծի տարբեր հատվածներում, հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչությունների ղեկավարները հանդիպել են բանակի ղեկավար կազմին և զորամասերի հրամանատարներին, ծանոթացել առաջնային գծում ինժեներական արգելափակոցների համակարգերի, դիտարկման, կրակի վարման և ազդանշանային համակարգերի կատարելագործման ուղղությամբ իրականացված և շարունակվող աշխատանքներին: Վերջին շրջանում հակառակորդի ակտիվացման փորձերի հետ կապված` պաշտպանության նախարարները անձնակազմին տվել են մեթոդական ցուցումներ և առաջադրել համապատասխան խնդիրներ:

Հայակական երկու հանրապետությունների պաշտպանության նախարարները մասնակցել են նաև Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղում բարերար Հայկ Մաղաքելյանի նախաձեռնությամբ և միջոցներով կառուցվելիք  զինվորական ավանի հիմնարկեքի արարողությանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

Այսօր PR-ի և PR մասնագետների օրն է

загруженноеՀուլիսի 28-ը PR-ի և PR մասնագետների օրն է: Մասնագիտական տոնի առթիվ “ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոն”-ը սրտանց շնորհավորում է հանրային կապերի ոլորտում գործող բոլոր հայ մասնագետներին:Կենտրոնը մաղթում է նորանոր մասնագիտական հաջողություններ և նոր ու հետաքրքիր հայտնագործություններ PR-ի ոլորտում:

Տոնի կապակցությամբ “ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոն”-ից հայտնում են, որ առաջիկայում ձեռնարկելու են միջոցներ Հայաստանում “Հանրային կապերի նախարարություն” (PR նախարարություն) հիմնելու համար: Խնդիրը կարևոր է կրկնակի, քանզի նման կառույցի առկայությունը հնարավորություն կտա ճիշտ և գրագետ ձևավորել հանրային կարծիքը ոչ միայն Հայաստանում և հայերի մոտ, այլև Հայաստանից դուրս, որը գրեթե ռազմավարական նշանակություն ունի: Ծրագիրը նպատակահարմար է իրագործել մեկ կամ մի քանի նախարարություն փակելուց առաջացած միջոցների հաշվին, որպեսզի պետական բյուջեից լրացուցիչ միջոցներ չծախսվեն:

Այս պահին դեռ չեն բարձրաձայնվում այդ ուղղությամբ սպասվող քայլերը, բայց կենտրոնից վստահեցնում են, որ արդյունքները շոշափելի են լինելու:

 

“ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոն” 

Անկախ

Վիդսերֆինգի ցուցադրական ելույթներ`Էրեբունի վարչական շրջանի Վարդավառի լճում

Վիդսերֆինգի ցուցադրական ելույթներՎարդավառի տոնը մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանում, ինչպես համաքաղաքային մյուս բոլոր տոնակատարությունների ժամանակ,  նշանավորվեց նաև Երևանի քաղաքապետարանի կազմակերպած վիդսերֆինգի ցուցադրական ելույթներով:

010Խորհրդանշական է, որ Վարդավառին նվիրված այդ ելույթներն այս անգամ հենց Վարդավառի լճում էին կազմակերպվել: Ջրային այս մարզաձևն արդեն բավականին  տարածված է մայրաքաղաքում, և այս անգամ էլ վիդսերֆինգի սիրահարների համար հերթական հնարավորությունն էր  ստեղծվել հետևելու  սիրած մարզաձևին: Բնականաբար, այստեղ էլ, օրվա խորհրդին  համապատասխան, ելույթները դիտելուն զուգահեռ, մարդիկ միմյանց վրա ջուր ցողելու առիթը բաց չթողեցին:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նախագահը դիտել է «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի 2014թ. եզրափակիչ փուլի մրցումները

 «Լավագույն մարզական ընտանիք»

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորի օլիմպիական գլխավոր մարզահամալիրի մարզադաշտում դիտել է ՀՀ Նախագահի մրցանակի համար արդեն ավանդաբար՝ տասնմեկերորդ տարին անընդմեջ անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի 2014թ. եզրափակիչ փուլի մրցումները:

«Լավագույն մարզական ընտանիք-2014» մրցույթն անցկացվել է երեք փուլերով, չորս տարիքային խմբերով՝ 6-7 մրցաձևերում: Այս տարի մրցույթին մասնակցել է 2067 ընտանիք Հայաստանի Հանրապետությունից և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից (նախորդ տարի՝ 2041 ընտանիք): Եզրափակիչ փուլ է անցել նախնական փուլերը հաջողությամբ հաղթահարած 144 ընտանիք:

Մրցույթի եզրափակիչ փուլում այս տարի առաջին անգամ մասնակցում է նաև հաշմանդամ ունեցող 16 ընտանիք՝ Հայաստանի Հանրապետության մարզերից, Երևան քաղաքից և Արցախից:

Հանրապետության Նախագահը շնորհավորել է «Լավագույն մարզական ընտանիք-2014» մրցույթի հաղթողներին, հանձնել վկայագրեր, դրամական պարգևներ և հուշանվերներ, ինչպես նաև գավաթներ՝ առավելագույն միավորներ հավաքած չորս տարիքային խմբերում միասին վերցրած, մրցույթի ընդհանուր հաշվարկով 1-3-րդ տեղերը գրաված Երևանի, ԼՂՀ և ՀՀ մարզերի պատվիրակությունների ղեկավարներին: Մրցույթի եզրափակիչ փուլ անցած 144 ընտանիքի երեխաները Նախագահի կողմից պարգևատրվել են նաև մարզահագուստով և նվերներով:

Նախագահ Սերժ Սարգսյանը ողջունել է «Մարզական ընտանիք» մրցույթի ինչպես հաղթողներին, այնպես էլ բոլոր մասնակիցներին, նշելով, որ այսպիսի մրցույթներում պարտվողներ չեն լինում՝ հաղթում են բոլորը:

«Յուրաքանչյուր մարզական ընտանիք մեր երկրի հարստությունն է, որովհետև մարզական ընտանիք՝ նշանակում է առողջ ընտանիք, նշանակում է՝ լավատեսական տրամադրություն ունեցող ընտանիք: Առողջ ընտանիք՝ նշանակում է առողջ երեխաներ, առողջ փոխհարաբերություններ: Ձեր առավելությունը ուրիշների նկատմամբ նաև նրանում է, որ դուք ոչ միայն ինքներդ եք դրական ազդակներ ստանում, այլ նաև դրական ազդակներ եք հաղորդում ուրիշներին: Իսկ այսօր հասարակությանը ձեր հաղորդած դրական ազդակները չափազանց անհրաժեշտ են»,-ասել է Հանրապետության Նախագահը:

Կարևորելով պրոֆեսիոնալ սպորտն ու հայ մարզիկների հաջողությունները միջազգային ասպարեզում՝ Սերժ Սարգսյանը միևնույն ժամանակ ընդգծել է, որ «Մարզական ընտանիք» մրցույթի մասնակիցները ևս չափազանց կարևոր գործ են կատարում՝ ոչ պակաս, քան մեր պրոֆեսիոնալ մարզիկները:

Վարդավառի տոնական միջոցառումների մեկնարկը մայրաքաղաքում տրվել է ջրցան մեքենաների շքերթով

ջրցան մեքենաներԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ նախապես մշակվել է մայրաքաղաքի վարչական շրջաններում Քրիստոսի Պայծառակերպության տոնին`Վարդավառին նվիրված միջոցառումների ցանկը: Վարդավառյան օրը Երևանի վարչական բոլոր շրջաններում  սկսվել է տոնական զարդարված ջրցան մեքենաների շքերթով, որի ընթացքում լվացվել ու մաքրվել են մայրաքաղաքի մի շարք գլխավոր ու երկրորդական փողոցներ:

Նախագահը Արարատի մարզում ներկա է գտնվել Սբ. Աստվածածին եկեղեցու օծման արարողությանը

 Սբ. Աստվածածին եկեղեցիՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Արարատի մարզի Նորաբաց համայնքում կառուցված Սբ. Աստվածածին եկեղեցու օծման արարողությանը:

Շուրջ 200 ժամկետային զինծառայողներ և նրանց ծնողները հանդիպել են Երևանում

Բանակ-հասարակություն կապն առավել ամրապնդելու և ծառայության մեջ աչքի ընկած զինվորներին խրախուսելու նպատակով ԼՂՀ պաշտպանության նախարար – ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի նախաձեռնությամբ Երևանից զորակոչված շուրջ 200 ժամկետային զինծառայողներ հնարավորություն են ստացել Երևանում հանդիպելու իրենց ծնողներին և հարազատներին: Երևանում կայացած այս հանդիպումը շարունակությունն է արդեն երրորդ տարին անընդմեջ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ ՀՀ սահմանամերձ գոտիներում, ինչպես նաև ԼՂՀ զորամասերում ծառայող երևանաբնակ զինվորների ծնողների զորամասեր այցերի կազմակերպման ծրագրի: Կարևորելով նմանատիպ ծրագրերը՝ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանի վերոնշյալ նախաձեռնությունը լինելու է շարունակական. «Տարեկան առնվազն երկու անգամ կազմակերպում ենք այդ այցերը, ինչի արդյունքում ծնողները հնարավորություն են ստանում հենց տեղում ծանոթանալու իրենց որդիների ծառայության պայմաններին: Իսկ այս անգամ ԼՂՀ պաշտպանության նախարարությունն է հանդես եկել նախաձեռնությամբ, ինչն իսկապես ողջունելի է:

001 (1)

Եվ այսօր Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների շուրջ 200 ժամկետային զինծառայողներ հնարավորություն են ստացել արդեն Երևանում հանդիպելու իրենց ծնողներին ու հարազատներին: Համոզված եմ, որ այս նախաձեռնությունը ևս լինելու է շարունակական»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ԼՂՀ պաշտպանության նախարար – ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի մասնակցությամբ զինծառայողների և նրանց ծնողների հանդիպման առիթով կազմակերպված հանդիսավոր միջոցառման ժամանակ ելույթ է ունեցել ԼՂՀ ՊԲ «Ասպետ» համույթը: Ներկաները հնարավորություն են ունեցել նաև դիտելու «Բանակը մեր տունն է» ֆիլմը:

 

ԼՂՀ պաշտպանության նախարարի հրամանով որդիական պարտքը հայրենիքի հանդեպ նվիրումով կատարող ժամկետային զինծառայողների ծնողներն արժանացել են շնորհակալագրերի:

Շնորհակալագրերը հանձնելով ծնողներին՝ ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը նշել է. «Այս դահլիճում նստած զինվորները և հազարավոր այն տղաները, ովքեր իրականացնում են իրենց ծառայությունը, քաջ գիտակցում են, որ հայրենիքը սկսվում է սահմաններից և որքան ամուր է սահմանը, այնքան հզոր է երկիրն ու նրա մայրաքաղաքը: Եվ այս գիտակցության շնորհիվ է, որ մեր պետությունն այսօր կա ու մեր ժողովրդի համար արարում, բարիքներ է ստեղծում անգամ շրջափակման մեջ:  Ինձ համար նաև մեծ պատիվ է դեմ առ դեմ հանդիպել այն ծնողին, ով իր զավակին կրթել, դաստիարակել է հայրենասեր և ուղարկել բանակ: Ու հենց նրանց շնորհիվ է, որ մեր բանակն այսօր հզոր է»:

Բարձր գնահատելով Երևանի քաղաքապետարանի և քաղաքապետի ներդրումը բանակ-հասարակություն կապի ամրապնդման գործում՝ Մովսես Հակոբյանը, ԼՂՀ պաշտպանության նախարարության հետ սերտ համագործակցության համար, Տարոն Մարգարյանին, ի նշան երախտագիտության, պարգևատրել է Պաշտպանության բանակի հուշամեդալով:  

Շնորհակալություն հայտնելով գնահատանքի համար՝ Տ.Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես լինելու է բանակի, զինծառայողների և նրանց ընտանիքների կողքին և իր լիազորությունների շրջանակում շարունակելու է աջակցել նրանց: 

Միջոցառման ավարտին Տարոն Մարգարյանը շփվել և զրուցել է զինծառայողների ու նրանց ծնողների հետ: Օգտվելով առիթից՝ վերջինները շնորհակալություն են հայտնել քաղաքապետին՝ մշտական ուշադրության և աջակցության, ինչպես նաև ծառայության ընթացքում ծնողների հետ պարբերաբար հանդիպելու հնարավորություն ընձեռելու համար: 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցավակցել է ակադեմիկոս Սեն Արևշատյանի հարազատներին

Սեն Արևշատյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանն ակադեմիկոս Սեն Արևշատյանի մահվան կապակցությամբ ցավակցել է նրա ընտանիքի անդամներին և հարազատներին:
«Սեն Արևշատյանը մեր ժամանակների ամենահայտնի գիտնականներից և մեծ հեղինակություն վայելող մտավորականներից էր: Նա նշանակալի ներդրում է ունեցել հայագիտության և հին ու միջնադարյան հայ փիլիսոփայական մտքի ուսումնասիրության գործում: Քառորդ դար ղեկավարելով Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը՝ նա մեծ ավանդ է ներդրել հայ ժողովրդի համար այդ կարևորագույն գիտական ու մշակութային հաստատության զարգացման գործում», – ասված է ՀՀ վարչապետի ցավակցական խոսքում:

Կապանում քննարկվել է Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը

ՀՀ Սահմանադրություն

Կապանում հուլիսի 25-ին տեղի ունեցավ սահմանադրական բարեփոխումներին նվիրված հանրային քննարկումների մարզային փուլի վերջին հանդիպումը: Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում ներառված մասնագիտական առաջարկությունները, եզրակացությունները, հայեցակարգի կառուցվածքը, դրանում առկա դրույթները, սկզբունքներն ու գաղափարները  ներկայացրեցին ՀՀ Նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներ Գեորգի Կուտոյանն ու Վարդան Պողոսյանը: Ներկա էր նաև Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը:

Գեորգի Կուտոյանը, խոսելով սահմանադրական բարեփոխումների սկզբունքային նշանակության ու հասունացած անհրաժեշտության մասին, նշեց, որ դա պայմանավորված է հասարակական նոր իրողությունների ձևավորմամբ, միջազգային չափանիշներով և մի շարք այլ գործոններով: Հասարակական հարաբերությունների տարբեր ոլորտներում ձևավորված պահանջների հրամայականը վկայում է, որ սահմանադրական բարեփոխումը տրամաբանորեն ձևավորված և օբյեկտիվ անհրաժեշտություն է: Այն հիմնված է միջազգային փորձի գիտական ու գործնական հետազոտությունների վրա: Նրա խոսքով` առաջին հերթին պետք է ամրագրվի իրավունքների անմիջական գործողության սահմանադրական կարգավորումը:

Ըստ նրա` սահմանադրությամբ որոշված չեն իրավունքների սահմանները, որոնք առնչվում են մարդու ազատությունների սահմանափակումներին, օրինակ` ազատ տեղաշարժի դեպքում պետք է հստակորեն սահմանվի հանցագործությունների դեպքում տեղաշարժի սահմանափակումը: «Սոցիալական պետության սահմանադրաիրավական ամրագրումները պետք է հստակեցվեն: Դրա  էությունը սոցիալական ապահովագրության նպատակային քաղաքականության իրականացումն է»,-նշեց նա: Պետք է սահմանվեն իրավական ուղենիշներ, որոնք ուղղված կլինեն սոցիալական ապահովության և սոցիալական ծառայության իրականացմանը: Դատական իշխանությունը պետք է հստակորեն սահմանադրական կարգավորումներով ունենա կայունություն և գործառույթային անկախություն, որպեսզի կարողանա հակակշռել իշխանության մյուս ճյուղերին:

«Սահմանադրական փոփոխությունների գործընթացում ամենից շահարկվողը կառավարման մոդելն է: Մարդիկ չեն ուզում տեսնել հասունացած անհրաժեշտությունը, որը ենթադրում է կառավարման համակարգի վերանայում»,- նշեց Վարդան Պողոսյանը: Նա պարզաբանեց, որ հայեցակարգով վերջնական որոշում չկա կառավարման ձևի վերաբերյալ, դա դեռևս մշակման փուլում է, պառլամենտական ձևին անցումը քննարկումների այլընտրանքային  մոտեցում է, նույնը նաև երկաստիճան դատական համակարգին անցնելուն է վերաբերում: Այս երկու սկզբունքների վերաբերյալ դեռևս առկա չէ վերջնական որոշում: «Կիսանախագահական կառավարման ձևը կառավարման հիբրիդային մոդել է: Գործող սահմանադրությամբ անբնական իրավիճակ է, քանի որ նախագահը ղեկավարում է արտաքին քաղաքականությունը, պաշտպանությունն ու ազգային անվտանգությունը, սակայն մեկ այլ դրույթով նշվում է, որ արտաքին ու ներքին քաղաքականությունն իրականացնում է կառավարությունը: Քաղաքական առճակատման պայմաններում մենք չունենք կոնֆլիկտը լուծելու բավարար հնարավորություն»,- նշեց հանձնաժողովի անդամը:

Վարդան Պողոսյանի խոսքով՝ պառլամենտական կառավարման համակարգում նախագահը քաղաքական գործընթացներում ուղղակի ներգրավվածության հնարավորություն չունի: Սահմանադրությամբ մենք ամրագրում ենք, որ նախագահը հանդիսանում է սահմանադրական կարգի երաշխավորը, սակայն դրա համար պետք է այնպիսի նախագահ, ով պետք է լինի վերկուսակցական, որպեսզի հետևի Մայր օրենքի անաչառ պահպանմանը: Անդրադառնալով ընտրական համակարգին` հանձնաժողովի անդամը նշեց, որ Սահմանադրությամբ հստակ սահմանված դրույթով հնարավոր կլինի ապահովել ընտրական համակարգի կայունությունը` հընթացս բարձրացնելով կուսակցական համակարգի կայացման մակարդակը: Նախատեսվում են այնպիսի մեխանիզմներ, որոնք հնարավորություն են կտան քաղաքացիներին ավելի ակտիվորեն ներգրավվել կառավարման գործընթացներում հանրաքվեների միջոցով: Հանրային քննարկման ընթացքում անդրադարձ եղավ նաև տեղական ինքնակառավարման խնդիրներին: «Համայնքների խոշորացմամբ պետք է հնարավորություն տրվի փոքր համայնքներին միավորվել և իրականացնել արդյունավետ տեղական ինքնակառավարում»,-նշեց Վարդան Պողոսյանը:

Հարցուպատասխանի ժամանակ ներկաները հետաքրքրվեցին Սահմանադրությամբ հասարակական հարաբերությունների զարգացման հեռանկարով,  սահմանադրական փոփոխությունների մեխանիզմների կիրառմամբ` արդյոք հնարավոր է որոշ դրույթներ փոփոխել պառլամենտի միջոցով, կառավարման մոդելի փոփոխության սկզբունքներով, համայնքների խոշորացմանն առնչվող հիմնախնդիրներով և այլն: Հանձնաժողովի անդամները հանգամանորեն անդրադարձան բարձրացված բոլոր հարցերին:

ՀՀ ԱՆ տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

ՀՀ արդարադատության նախարարն այցելել է Վայոց Ձոր

 

Հուլիսի 25-ին ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այցելել է Վայոց Ձորի մարզ: Մարզպետ Էդգար Ղազարյանի հետ առանձնազրույցից հետո նախարարն ընդունել է մարզի քաղաքացիներին: Նախարարի հետ հանդիպած մարդիկ ողջունել են իրենց մարզում ընդունելություն կազմակերպելու միտքը՝ նշելով, որ նախարարն իր այցով կանխել է որոշակի դժվարությունները, որոնք պետք է իրենք կրեին՝ Երևան գալով և սպասելով նախարարի ընդունելությանը:

Հիմնականում քաղաքացիները  ներկայացրել են իրենց իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ, անդրադարձել են որոշակի ապօրինությունների արդյունքում ստեղծված իրավիճակներին, եղել են նաև աշխատանքի ընդունման համար դիմողներ: Քաղաքացիներից ոմանք հետաքրքրվել են իրավական խորհրդատվությամբ, փորձել են անձամբ նախարարից ճշտել ոչ միայն իրենց, այլ նաև իրենց հարևանների,  ծանոթների խնդիրների լուծման ուղիները: Միայն Վայոց Ձորին հատուկ հումորով՝ մարդիկ  անկաշկանդ պատմել են մինչ օրս տարբեր գերատեսչությունների դիմած և սպառիչ պատասխան չստացած խնդիրների մասին: Այն որ արդարադատություն բառը շատ հաճախ է ասոցացվում դատարանների գործունեությանը,  ևս մեկ անգամ զգացվել  է  հանդիպման ընթացքում: Քաղաքացիները նախարարից խնդրել են արդարադատ լինել և լուծում տալ դատական տարբեր ատյաններում բողոքարկած իրենց դիմումներին: Հանգամանորեն բացատրելով ՀՀ արդարադատության նախարարության դերը և լսելով բոլորին՝ նախարարը խոստացել է իր լիազորությունների շրջանակներում օգնել մարդկանց:Հովհաննես Մանուկյան

Քաղաքացիների ընդունելությանը հաջորդել է դատական ակտերի հարկադիր կատարման, այլընտրանքային պատիժների կատարման  ծառայությունների Վայոց Ձորի մարզային բաժնի, քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության Եղեգնաձորի մարզային բաժնի, պետ ռեգիստրի, դատարանի ներկայացուցիչների, մարզի նոտարների, ծառայողների հետ հանդիպումը: Ներկաներին նախարարը հորդորել է անկաշկանդ ներկայացնել աշխատանքի ընթացքում ունեցած և լուծումներ պահանջող բազմաբնույթ խնդիրները: Խոսելով իրենց գործունեությունից՝ վայոցձորյան մեր գործընկերները հիմնականում խնդրահարույց են համարել շենքային պայմանները: Պատկերավոր նկարագրելով իր աշխատավայրը՝ Վայք  և  Ջերմուկ տարածքը սպասարկող ռեգիստրի աշխատակիցը նշել է, որ բիզնեսի մուտքը սկսվում է պետռեգիստրից, իսկ անմխիթար աշխատանքային պայմաններում քաղաքացիներ սպասարկելը չի կարող դիտվել նպաստավոր ու բավարար պայման: Շենքային խնդիր ունի նաև այլընտրանքային պատիժների կատարման ծառայությունը, բացի դրանից՝ ծառայողններն անդրադարձել են որոշ կնճռոտ, օրենսդրական միջամտություն պահանջող հարցերի,  որոնց հաճախ են բախվում դատապարտյալների հետ աշխատանքի ընթացքում: Անդրադառնալով աշխատանքային գործունեության այլ խոչընդոտներին՝ նոտարները նշել են, որ չունեն թարգմանիչ, ինչը բավական բարդացնում է քաղաքացիների սպասարկումը: Լսելով աշխատակիցներին՝ նախարարը շնորհակալություն է հայտնել անկեղծ զրույցի և խնդիրները վեր հանելու համար՝ ավելացնելով, որ արդեն իսկ աշխատանքներ են տարվում հարցերին օրենսդրական լուծումներ տալու համար, իսկ աշխատանքային պայմանների բարելավման հարցում կփորձեն մարզպետի հետ պատշաճ լուծումներ գտնել:

Հովհաննես Մանուկյան

Նախարարի այցի հաջորդ հանգրվանը Խաչիկ համայնքն էր: Սահմանամերձ Խաչիկ գյուղում նախարարը կանգ է առել սոցիալապես անապահով մի ընտանիքի տան  մոտ: Հյուրընկալ ընտանիքի դուստրը այս տարի ուսանողուհի է դարձել և պատրաստվում է տարիներ անց համալրել սոցիալական աշխատողների շարքերը: Զրուցելով ընտանիքի հոր հետ՝ նախարարը փորձել է հնարավորության սահմաններում թոթափել ընտանիքի հոգսերը: Իսկ գյուղի բազմազավակ ընտանիքներից մեկի տանը հետաքրքիր քննարկում է ծավալվել գյուղ-քաղաք տարբերության և նմանությունների շուրջ: Հենց այս տանն էլ նախարարին անակնկալ կերպով մոտեցել է  Խաչիկի գյուղացիներից մեկը և հրավիրել իր տուն՝ ճաշի:  Հրավերը սիրով ընդունվել է:

 

 

 

 

 

Բաց նամակ ՇՄԱԳ օրենքի ընդունման վերաբերյալ

Բաց նամակ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրինագծի (ՇՄԱԳ օրենք) մշակմանը մասնակցած աշխատանքային խմբի ներկայացուցիչների բաց նամակը՝

 

Հենրի Կերալիին, Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային

 տնօրեն

 

Ժան-Միշել Հապպիին, Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի տնօրեն

 

Ռաշմի Շանկարին, Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ, ծրագրային ղեկավար

 

Ուլրիխ Բարչին, Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ, վարկային ծրագրի համաղեկավար

 

Գոհար Գյուլումյանին, Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի ավագ տնտեսագետ, վարկային ծրագրի համաղեկավար

 

Ադրիանա Դամիանովային, Համաշխարհային բանկի շրջակա միջավայրի հարցերով առաջատար մասնագետ

 

Պատճենը՝ Էլլա Բեհլյարովային, ՄԱԿ-ի ԵՏՀ Շրջակա միջավայրի առնչությամբ  տեղեկատվության

մատչելիության, որոշումների ընդունման գործընթացում հասարակության մասնակցության և

արդարադատության մատչելիության մասին կոնվենցիայի քարտուղար

 

Թեա Աուլավուոյին, ՄԱԿ-ի ԵՏՀ Անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա

ազդեցության գնահատման մասին կոնվենցիայի քարտուղար

 

ԲԱՑ ՆԱՄԱԿ

2014թ. հունիսի 21-ին ՀՀ Ազգային ժողովը մեկ օրվա ընթացքում երեք ընթերցմամբ՝24-ժամյա ռեժիմով, ընդունել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքը(այսուհետ՝ ՇՄԱԳ օրենք):Թեև մի խումբ հասարակական կառույցներ դիմել էին ՀՀ նախագահին` խնդրելով չստորագրել հակասություններով լի օրենքը և հետ վերադարձնել Ազգային ժողով, սակայն ս.թ. հուլիսի 23-ին ՀՀ նախագահի կողմից այն ստորագրվել է:

ՇՄԱԳ օրենքն առանցքային նշանակություն ունի մարդու կենսագործունեության կանոնակարգման ոլորտում, քանի որ ամրագրում է տնտեսական գործունեության, այդ թվում՝ ընդերքի շահագործման, քաղաքաշինության, էներգետիկայի, արդյունաբերության և այլ գործունեությունների զարգացման կայունության հիմքերը, շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա դրանց ազդեցության կանխատեսումը, կանխարգելումը, նվազեցումը և բացառումը, հանրության մասնակցության և պետական մարմինների պատասխանատվության հարցերը: Այս օրենքի հնարավորինս շուտ ընդունումը խիստ կարևոր էր՝ հաշվի առնելով մասնավորապես ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովիՇրջակա միջավայրի առնչությամբ  տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացում հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին կոնվենցիայի (Օրհուսի կոնվենցիա) և ՄԱԿ-ի ԵՏՀ Անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին կոնվենցիայի (Էսպոյի կոնվենցիա) ղեկավար մարմինների կողմից ընդունված որոշումները և առաջարկությունները ՀՀ գործող օրենսդրությունը բարելավելու վերաբերյալ:ՇՄԱԳ օրենքի ընդունումը հանդիսանում է նաև Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի բյուջետային աջակցության վարկային ծրագրի նախապայման:

2012 թվականի փետրվարին ձեռնարկվել էր անհաջող փորձ փոփոխելու 1995թ. ընդունված «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքը, սակայն ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրինագիծը ՀՀ նախագահի կողմից հետ էր վերադարձվել: Դրան հաջորդել էրՇՄԱԳնոր օրենքինախագծի մշակման գործընթաց: Ստեղծվել էր աշխատանքային խումբ՝ ՀՀ բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանի գլխավորությամբ, որում ներգրավվել էին նաև շահագրգիռհասարակական կառույցների ներկայացուցիչներ՝ ձեռք բերելով պայմանավորվածություն, որ նախագիծը կմշակվի առաջարկների փոխադարձ համաձանեցմամբ:

Աշխատանքային խմբի կողմից մշակվեց մի օրինագիծ, որով նախատեսվել էին լուրջ բարելավումներ, ինչպես օրինակ՝ ՇՄԱԳ-ի ընթացակարգերի հստակեցում, գնահատման գործընթացում էկոհամակարգային մոտեցում, պատճառված վնասի տնտեսական գնահատում և փոխհատուցման պայման, գործունեության տեսակների դասակարգում և այլն: Օրինագծի դրույթների գերակշիռ մասի վերաբերյալ, ընդհանուր առմամբ, դրական կարծիք էին տվել նաև Համաշխարհային բանկի փորձագետները: Չնայած որ ՇՄԱԳ օրինագծում դեռևս առկա էին լուրջ թերություններ, մասնավորապես, հասարակության մասնակցության մեխանիզմների առումով, սակայն 2013թ. օգոստոսի 5-ին այնհապշտապ կերպով ՀՀ կառավարության կողմից ներկայացվեց ՀՀ Ազգային ժողով՝ խորհրդարանի աշնանային նստաշրջանի օրակարգում ներառելու նպատակով: Այդուհանդերձ, ՀՀ բնապահպանության նախարարության կողմից տրվեցին խոստումներ, որ օրինագծի առաջին ընթերցմամբ ընդունումից հետո իրենց միջնորդությամբ կկազմակերպվեն խորհրդարանական լսումներ և հնարավորություն կընձեռեն բարելավելու հանրության մասնակցությանն ու ՇՄԱԳ ընթացակարգին վերաբերող դրույթները:2013թ. սեպտեմբերի 27-ին ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից օրինագիծը ստացավ դրական եզրակացություն և ընդգրկվեց ԱԺ նստաշրջանի օրակարգում:Սակայն, խոստացված խորհրդարանական լսումներնանցած 9ամիսների ընթացքում այդպես էլ չկազմակերպվեցին, իսկ օրինագծի ընդունման գործընթացը փաստացի դադարեցված  էր մինչև ս.թ. հունիսի 21-ը: Այսպիսով, ՀՀ Ազգային ժողովի կողմից ՇՄԱԳ օրինագծի հապճեպ ընդունման գործընթացում անտեսվեցին աշխատանքային խմբի մասնագիտական առաջարկություններն ու ձեռք բերված պայմանավորվածությունները:

Ի լրումն շտապողականության և հասարակական կարծիքի նկատմամբ քամահրանքի դրևորման, օրինագծի ընդունման ֆորմալ գործընթացն ընթացել է կեղծիքներով, ինչի ապացույցն է ՀՀ Ազգային ժողովի կայքում տեղադրված օրենքի նախագծի պատմությունը: Այսպես, իրականում ս.թ. հունիսի 21-ի ԱԺ արտահերթ նիստում քննարկման է դրվել մի նախագիծ, որն էապես տարբերվում է ՀՀ կառավարության կողմից խորհրդարանին ներկայացված և ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից քննարկված ու դրական եզրակացություն ստացած օրինագծից: Փաստաթղթի նոր տարբերակը նախապես չի հրապարակայնացվել և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածով սահմանված կարգով չի դրվել հանրային քննարկման:

ԱԺ ներկայացված ՇՄԱԳ օրենքի նախագծում գաղտնի կերպով կատարված փոփոխությունները փաստացի արժեզրկում ենմինչ այդ օրինագծումներառված բոլոր դրականզարգացումները: Մասնավորապես, ամբողջությամբ այլակերպվել է օրինագծի 14-րդ հոդվածը.ընտրվել են այնպիսի մեծության սահմանային չափեր, ինչպիսիք Հայաստանում առհասարակ իրատեսական չեն, իսկ առավել հաճախ իրականացվող գործունեության տեսակների համար ազդեցության գնահատում անցկացնելու պայմանը կամ թեթևացվել է կամ հանվել:Այսպես, մեծացնելով սահմանաչափերը կամ տեղափոխելով մի կատեգորիայից մյուսը, թեթևացվել են մի շարք գործունեության տեսակների (օրինակ՝ նավթի, գազի և քիմիական նյութերի խողովակաշարերի կառուցում, ընդերքի երկրաբանական ուսումնասիրություններ, ոչ մետաղական հանքավայրերի օգտագործում, հիդրոէլեկտրաէներգիայի արտադրություն, թափոնների մաքրման կայաններ և այլն) ազդեցության գնահատման գործընթացները: Շրջակա միջավայրի ազդեցության ենթակա ցուցակից հանվել են գործունեության որոշ տեսակներ (օրինակ՝ մինչև 1 մվտ հզորության հիդրոէլեկտրակայանները, սննդի արդյունաբերության համարյա բոլոր տեսակները, մինչև 10հա տարածքների հակասողանքային և հակասելավային միջոցառումները, դեղագործական արտադրությունը, ձկնաբուծությունը, անասնաբուծությունը, ոչխարաբուծությունը, խոզաբուծությունը և այլն): Վերացվել է հողի կատեգորիաների փոփոխման դեպքում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում իրականացնելու պահանջը՝ այն դեպքում, երբ գործունեություն իրականացնելու վերաբերյալ փաստացի որոշումներն ընդունվում են հենց այդ փուլում: Հանվել է համայնքի կամ շահագրգիռ հանրության պահանջով փորձաքննություն իրականացնելու պահանջը և այլ կարևոր դրույթներ: Վերացվել է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման գործընթացում այլընտրանքային լուծումները դիտարկելու պահանջը:

Փոխարենը, օրինագծում ավելացվել էհասարակության համար անընդունելի մի դրույթ, որըխառնաշփոթ է ստեղծումշրջակա միջավայրի և մարդու առողջության վրա ազդեցության գնահատման մոտեցումներում և վտանգում դրանց արդյունավետությունը: Մասնավորապես, ավելացված դրույթի համաձայն փորձաքննության կարող են ներկայացվել ոչ թե գործունեության տեսակները, այլ այն սարքավորումները, որոնց միջոցով իրականացվում ենհամապատասխան նախագծերը: Այլ կերպ ասած, այս նորամուծության հետևանքով փորձաքննության կարող է ներկայացվել ոչ թե Սևանա լճի ավազանում նախատեսվող հանքարդյունաբերական գործունեությաննախագիծը, այլ, օրինակ՝ Սոթքի հանքավայրի ջարդիչ-տեսակավորող սարքը՝ որպես «որակի միջազգային ստանդարտին համապատասխանող սարքավորում»՝ առանց հաշվի առնելու, որ տվյալ սարքը պետք է աշխատի տարածաշրջանի խմելու ջրի ամենամեծ ջրամբարի ջրհավաք ավազանում՝ համապատասխան հնարավոր բացասական հետևանքներով:Նման մոտեցման պարագայում այլևս ամբողջովին անիմաստեն դառնում օրինագծի բոլոր, այդ թվում՝ հասարակության մասնակցության ապահովման, դրական գործընթացները:

Մենք՝ ՇՄԱԳ օրինագծի մշակմանը մասնակցած աշխատանքային խմբի ներկայացուցիչներս, հայտարարում ենք, որ 2014թ. հունիսի 21-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված և  հուլիսի 23-ին ՀՀ նախագահի  կողմից ստորագրված «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքն ընդունվել է կեղծիքներով և մասնավոր շահերի թելադրմամբ, հակասում է առողջ շրջակա միջավայրում ապրելու հանրային շահին և առանձին դրույթների պատճառով լրջագույն հետընթաց է 1995թ. ընդունված օրենքից:

Հաշվի առնելով այն, որ ՇՄԱԳ օրինագծի հապճեպ ընդունումը պայմանավորված էր Համաշխարհային բանկի նախապայմանը բավարարելու մղումով և վարկային միջոցների ստացմանակնկալիքով՝ դիմում ենք Համաշխարհային բանկին և խնդրումաջակից լինել Հայաստանի հանրությանը՝ վերանայելով իր դիրքորոշումը  բյուջետային վարկային ծրագրի գումարը տրամադրելու կապակցությամբ՝ մինչև Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը և տնտեսական զարգացման հավասարակշռված մոտեցման, շրջակա միջավայրի ու մարդու առողջության պահպանության համապատասխան հիմքերի երաշխավորումը: Մոտ  20  տարի  տարբեր դոնորներից միլիոնավոր դոլարների աջակցություն և խորհրդատվություն ստանալուց, հարյուրավոր սեմինարների ու կոնֆերանսների մասնակցելուց հետո ՇՄԱԳ օրենքի նման տարբերակը չի կարող ընդունելի լինել Հայաստանի քաղաքացիական հասարակության համար: Այն չպետք է ընդունելի լինի նաև այնպիսի նշանակալի կառույցի համար, ինչպիսին Համաշխարհային բանկն է, որը տարիներ շարունակ հետևողաբար բարձրաձայնել է օրենքի փոփոխության անհրաժեշտության մասին:

Մեր կարծում ենք, որանհապաղ՝ ՀՀ Ազգային ժողովի աշնանային նստաշրջանում, պետք է փոփոխություններ և լրացումներ կատարվեն 2014թ. հունիսի 21-ի ՇՄԱԳ օրենքում՝ հաշվի առնելով վերոնշյալ մտահոգությունները:Այս օրենքի թերությունների շտկումը օրվա հրամայական է, ևՀամաշխարհային բանկն այլևս չպետք է հանդուրժի ՀՀ կառավարության սին խոստումները և անհիմն հետաձգումները՝ սեփական վարկանիշը չվտանգելու համար:

Սույն նամակով դիմում ենք նաև շահագրգիռ միջազգային կոնվենցիաների քարտուղարություններին՝ ի գիտություն ընդունելու«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի ընդունման ընթացքում տեղ գտած կեղծարարությունը և հասարակական կառույցների մասնագիտական տեսակետների նկատմամբ արհամարհական վերաբերմունքը:

Աշխատանքային խմբի անդամներ՝

 

Արթուր Գրիգորյան

«Էկոդար» ՀԿ անդամ, Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամ

Էլ. փոստ՝[email protected]

 

 

Սոնա Այվազյան

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ փոխտնօրեն

Էլ. փոստ՝ [email protected]

Նախագահը մասնակցել է Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հիմնադրման 20-ամյակի և ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական միջոցառմանը (լուսանկարներ)

 ՀՀ Նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում մասնակցել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հիմնադրման 20-րդ տարեդարձի և ռազմաուսումնական հաստատությունների 2014 թվականի շրջանավարտների ավարտական միջոցառման առիթով կազմակերպված հանդիսավոր արարողությանը: Հանրապետության Նախագահը ողջունել է արարողության մասնակիցներին, շնորհավորել ռազմական ինստիտուտի 20-ամյա հոբելյանի և ռազմաուսումնական հաստատություններում ուսումնառությունն ավարտած շրջանավարտներին՝ սպայական առաջին կոչումներն ստանալու կապակցությամբ, մաղթել նրանց հաջողություններ և բարի երթ դեպի հայկական փառապանծ զինված ուժերի շարքերը:

Նախագահը լավագույն շրջանավարտներին անձամբ է հանձնել սպայական վկայականները և պարգևատրել անվանական դաշույններով: Պատվո պահակախմբի ցուցադրական շարանցումից հետո, միջոցառման առիթով Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով:

Սերժ Սարգսյանն այնուհետև այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան և ծաղիկներ է խոնարհել անմար կրակի մոտ:

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա

Նախագահի խոսքը ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հիմնադրման 20-րդ տարեդարձի և ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտներին սպայական կոչումների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ

 

 

 
Սիրելի՛ հայրենակիցներ,
Պարոնա՛յք գեներալներ, սպաներ,

 

 

 

Այսօր, իհարկե, նշանակալի օր է մեզ համար: Նշանակալի այն առումով, որ հավաքվել ենք տոնելու Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հիմնադրման քսանամյակը, սպայական առաջին կոչումները շնորհելու ուսումնական հաստատությունների շրջանավարտներին և նշելու ավագ սպայակազմի հրամանատարաշտաբային դասընթացների առաջին հոսքի սպաների ուսումնառության ավարտը:

 

 

 

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը հիրավի պատմական նշանակություն ունեցող կրթահամալիր է մեզ համար: Ստեղծվելով Արցախյան պատերազմի հաղթական ավարտի հետքերով` այն նշանավորեց ռազմական կադրերի սեփական դարբնոցն ունենալու հայ ժողովրդի վաղեմի երազանքի իրականացումը: Կարող եմ վերհիշել, թե այժմ արդեն հեռավոր 1994 թվականի ամառային օրերին ինչպես էր իր առաջին մանկական, բայց և հաստատուն քայլերը կատարում բարձրագույն զինվորական բազմաբնույթ հրամանատարական ուսումնարանը` ապագա ռազմական ինստիտուտը: Դրանք այն օրերն էին, երբ անհրաժեշտ ուսումնանյութական բազան բառի բուն իմաստով մեկիկ-մեկիկ հավաքում էինք պատերազմը նոր ավարտած զինված ուժերի բոլոր ստորաբաժանումներից, երբ պրոֆեսորադասախոսական կազմի հավաքագրման համար շրջում էինք հանրապետության բոլոր բարձրագույն ուսումնական հաստատություններով, երբ հրամանատարական կազմի համալրման համար ընտրում էինք պատերազմի բովով անցած լավագույն սպաներին, իսկ առաջին հոսքի կուրսանտները նորաստեղծ ինստիտուտի կառուցապատման աշխատանքներին ստիպված էին հատկացնել ուսումնական գործընթացից ոչ պակաս ժամանակ: Հայի ճակատագիրն է սա, միաժամանակ կառուցել և սովորել, կերտել և մարտնչել` արևի տակ ապրելու իրավունքն իր քաջությամբ, խելքով և աշխատասիրությամբ պաշտպանելու համար:

 

 

 

Այժմ արդեն քսանամյա երիտասարդը` հայոց բանակի ռազմական կրթության ողնաշարը, տարեցտարի մեր զինված ուժերը համալրում է հայրենիքի նվիրյալ պրոֆեսիոնալ սպաներով և մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի հետ մեկտեղ ապահովում է հայոց բանակի շարքեր հմուտ, բանիմաց, բայց ամենակարևորը` հայրենի միջավայրում թրծված առաջնորդների մուտքը: Ընդ որում, արժանահիշատակ է այն հանգամանքը, որ առաջին անգամ զինված ուժերը կհամալրվեն այստեղ ներկա երեք կին պրոֆեսիոնալ սպաներով` ռազմաավիացիոն ինստիտուտի սաներով: Սա վկայում է հայրենիքի պաշտպանության գործում հայ կնոջ օրըստօրե աճող դերակատարության մասին:

 

 

 

Շնորհավորելով բոլոր ռազմաուսում¬նական հաստատությունների երիտասարդ շրջանավարտներին՝ ցանկանում եմ, որ պատվով կրեք հայոց բանակի սպա լինելու նվիրական կոչումն ու առաքելությունը: Լինի դա մեր սահմանները պաշտպանելու, թե առօրյա մարտական պատրաստության գործունեությունը, հիշեք, որ դուք պրոֆեսիոնալ սպայի մասնագիտության կրողներ եք, ուստի առաջնորդեք սեփական օրինակով և եղեք այնպիսի հավերժական արժեքների կրողներ, ինչպիսիք են «Պատիվը», «Պարտքը» և «Հայրենիքը»: Երբեք չընկրկեք, քանի որ ձեր թիկունքին մշտապես զգալու եք ծառայակից ընկերների, վերադաս հրամանատարության, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ողջ համակարգի և ամբողջ հայ ժողովրդի ֆիզիկական և հոգևոր աջակցությունը:

Հատկապես ցանկանում եմ շնորհավորել ավագ սպայակազմի հրամանատարաշտաբային դասընթացի անդրանիկ շրջանավարտ¬ներին: Դուք եք, որ հանդիսանալու եք այսօրվա երիտասարդ սպաների և բանակի բարձրագույն ղեկավար կազմի միջև կապակցող օղակը: Ուստի ցանկանում եմ, որ ամենաեռանդուն կերպով զինված ուժերի բոլոր գործառութային ոլորտներում տարածեք ձեր ստացած ժամանակակից գիտելիքներն ու հմտությունները՝ դառնալով արդիական մարտարվեստի, պլանավորման, ղեկավարման, կառավարման, առաջնորդման ու զինվորական էթիկայի լավագույն փորձի կիրառման առաջամարտիկներ:

Հարգելի՛ շրջանավարտներ.

 

 

 

Վստահ եմ, որ գիտակցում եք այսօրվա հանդիսավոր արարողության վայրի ընտրության ոչ պատահական լինելը: Հավաքվելով այս սրբավայրում և խոնարհվելով անմեղ նահատակների հավերժ հիշատակի առջև՝ մեր ազգի ու պետականության բոլոր ախոյաններին նաև հստակ ուղերձ ենք հղում առ այն, որ այլևս անցել են այն ժամանակները, երբ հայ մարդուն վնասելը մնում էր անպատիժ: Դիպուկահար զենքով մեզ թիրախավորող, մեր թիկունքում դավադիր ոտնձգություններ իրականացնել ցանկացող և մեր դեմ լայնածավալ ռազմական գործողություններ պլանավորող հակառակորդին ասում ենք. «Զգու՛յշ եղեք, սա Հայոց աշխարհն է, որտեղ գտնելու եք ձեր վախճանը»: Եվ ես շնորհակալ եմ ձեզնից, որ ընտրելով սպայի մասնագիտությունը՝ գիտակցաբար ու անմնացորդ նվիրումով դարձել եք այս պատվիրանների հետևորդները ու դրանք գործով իրականացնողները: Սակայն ես հրամայում եմ ձեզ, խնդրում եմ, տղանե՛ր, անել ամեն ինչ, հերոսանալու ոչ թե սեփական կյանքը կորցնելու, այլ մեր աշխարհի անդորրը խաթարող ելուզակներին վնասազերծելու միջոցով: Դուք հայրենիքին շատ եք պետք:

Բարի երթ եմ մաղթում ձեզ դեպի մեր փառապանծ զինված ուժերի շարքերը, որոնք գտնվում են քաղաքակրթության ու բարբարոսության, լույսի ու խավարի պայքարի կիզակետում: Բարի ծառայություն: Եվ թող Աստված բոլորին հաջողություն տա:

 

 

 

Շնորհակալություն:

MHM89437 copy - Copy


MHM89438 copy - Copy
MHM89441 copy - CopyMHM89442 copyMHM89443