Ավտոմեքենան ընկել է ձորը

աինՀունվարի 23-ին, ժամը 22.50-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սառնակունք գյուղի մոտակայքում ավտոմեքենան դուրս է երթևեկելի մասից ևընկել ձորը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Եղանակը առաջիկա հինգ օրերին

 Եղանակը ՀայաստանումՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին հայտնում են,որ Հանրապետության տարածքում`
Հունվարի 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 26-27-ին արևմտյան շրջաններում, 28-ին` շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ: Քամին արևմտյան 2-5մ/վրկ, 26-28-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում՝

Հունվարի 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:26-28-ին հնարավոր են թույլ տեղումներ: Առավոտյան ժամերին ցածրադիր հատվածներում սպասվում է մառախուղ:
Երևան քաղաքի հունվարի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 7.60C (1984թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -26.00C (1972թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան -4.90C

Կստեղծվի հայ-ռուսական մարդասիրական կենտրոն

մարդասիրական կենտրոնՇիրակի մարզպետարանում տեղի ունեցավ ԱԻՆ Շիրակի մարզային վարչության 2013 թվականի տարեկան հաշվետվությունը, որում ելույթ ունենալով ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փրկարար ծառայության գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը նշեց, որ ոլորտում սպասվում է հայ-ռուսական նոր համագործակցություն.

“Այնպիսի փոքրիկ հանրապետության համար, ինչպիսին մերն է, տարհանման, պատերազի ժամանական քաղպաշտապնության խնդիրներն ամենակարևոր հանգուցային խնդիրներն են: Եթե նախկինում մենք ունեինք ռեզերվներ` սննդամթերքից սկսած մինչև այն ծանր մեքենաները, որ Շիրակի մարզը 3 հատ ստացավ ու այսօր օգտագործում է: 20 տարուց ավել այդ մեքենաները կանգնած էին` որպես պատերազմի ժամանակ օգտագործվելիք ռեզերվներ: Հիմա դրանք մարզերում ծառայում են մարդկանց: Նախարարի նախաձեռնությամբ ստեղծվեց հնարավորություն արտակարգ իրավիճակների համար երկրում ռեզերվներ ունենալ. դա և դեղորայք է, և առաջին օգնության տարբեր միջոցներ, և հագուստ, և վրաններ, և այլն: Եվ այսօր ստեղծվում է հայ-ռուսական մարդասիրական փրկարարական կենտրոն: Դա իր մեջ ենթադրում է` մենք Ռուսաստանից կստանանք ուղղաթիռներ, մեծ քանակության տեխնիկա, մոտ 14 մլն դոլարի, և այս ամբողջը կծառայի մեր ժողովրդին տարբեր արտակարգ իրավիճակներին արձագանքման համար:
Հայ-ռուսական այս մարդասիրական կենտրոնն այս տարվա մեր գլխավոր անելիքներից մեկն է”:
Գեներալը նաև նշեց, որ Գյումրին ունենալու է ճգնաժամային կառավարման կենտրոն` հագեցած վերջին տեխնիկասարքավորումներով և 911 ծառայություն:

 

Անկախ

Ամփոփվել են ՀՀ ոստիկանության 2013 թ. գործունեության արդյունքները

ոստիկանության հաշվետվությունը կառավարությունումՎարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է ՀՀ ԿԱ ոստիկանության 2013 թ. առաջին կիսամյակի գնահատված կատարողականի և ՀՀ կառավարության 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման հաշվետվությունը:

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ՀՀ վարչապետին զեկուցել է հաշվետու տարում ՀՀ կառավարության գործունեության միջոցառումների իրականացման և գերակա խնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ ոստիկանության կողմից իրականացված քայլերի և բարեփոխումների մասին: Մասնավորապես, նա մանրամասներ է ներկայացրել Երևանի հասարակական վայրերում տեսադիտման սարքավորումների ձեռքբերման և համակարգի ներդրման, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում տեխնիկական հագեցվածության շարունակական զարգացման, ՀՀ մարզերում ճանապարհային ոստիկանության կողմից բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարելավման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ: ՀՀ ոստիկանապետը տեղեկատվություն է ներկայացրել նաև 2014 թ. ծրագրերի վերաբերյալ, որոնց շրջանակում ՀՀ ոստիկանության գերակա խնդիրներն են ՀՀ Կոտայքի և Տավուշի մարզերում տրանսպորտային միջոցի գրանցման և հաշվառման գոծողությունների իրականացումը և վարորդական վկայականների հատկացման գործընթացի կատարելագործումը և պարեկային ծառայության մոդելի ներդրումը:
ՀՀ ոստիկանության 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների իրականացման արդյունքների հաշվետվության սեղմագրին կարելի է ծանոթանալ վերջինիս պաշտոնական կայքում:

Անկախ

Օվշորային սկանդալից մինչև ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ

photo 1Օվշորային սկանդալ. մտածված PR, թե՞ ակնհայտ իրականություն

2013 թ. ամենալուրջ բացահայտումը կամ գուցե ամենաակտիվ քննարկվող ապատեղեկատվությունը թերևս կապված է Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան հետ: Հայկական և անգամ միջազգային մամուլը հեղեղվեց տեղեկություններով, թե ՀՀ վարչապետը օվշորային գոտում ձեռնարկատիրական գործունեությամբ է զբաղվում:

Վարչապետը «Հետք» պարբերականի հայտնի հրապարակումից հետո հայտարարեց, որ ինքը կապ չունի այդ ընկերության հետ, նույնը հայտարարեց արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանը: Նրանք հայտնեցին նաև, որ չգիտեն` ինչպես են իրենց անունները հայտնվել «Wlispera Holdings limited» ընկերության բաժնետերերի մեջ:

Հետաքրքիր է, որ ամիսներ շարունակ մեծ աղմուկը չհանդարտվեց, անգամ ՀՀ ոստիկանությունը պաշտոնապես հայտարարեց, որ շարունակ փորձում է պարզել՝ արդյոք Կիպրոսի ռեգիստրի փաստաթղթերում կա՞ Տիգրան Սարգսյանի ստորագրությունը, թե՞ ոչ:

Փորձաքննությունը  չստացվեց, քանի որ նրանք բնօրինակներ պահանջեցին, և ՀՀ գլխավոր դատախազ (այժմ արդեն նախկին) Աղվան Հովսեփյանն այս հարցով դիմեց Կիպրոսի իր գործընկերոջը:

ՀՀ գլխավոր դատախազությունն ամիսներ անց հաղորդագրություն տարածեց, որում մասնավորապես ասվում էր. «Քրեական գործով նախաքննության լրիվությունը, բազմակողմանիությունն ու օբյեկտիվությունն ապահովելու նպատակով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կիպրոսի Հանրապետությունում անհրաժեշտություն է առաջացել կատարելու որոշակի դատավարական գործողություններ, մասնավորապես` առգրավել Կիպրոսի Հանրապետությունում գրանցված մասնավոր կազմակերպության բաժնետոմսերը օտարելու վերաբերյալ մի շարք փաստաթղթերի բնօրինակներ, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության կողմից ՀՀ դատախազության միջոցով Կիպրոսի Հանրապետության իրավասու մարմիններին է ուղարկվել միջնորդություն իրավական օգնություն ցուցաբերելու մասին»:

Միջնորդությունը Կիպրոսի Հանրապետության իրավասու մարմիններին ուղարկվեց դիվանագիտական ուղիներով և Ինտերպոլի (քրեական ոստիկանության միջազգային կազմակերպություն) միջոցով, սակայն դեռևս պատասխան չի ստացվել:

«Նաիրիտի» առեղծվածը

photo 2 nairitՄինչ իշխանությունները փորձում էին Հայաստանում մոռացության մատնել հայտնի «օվշորային սկանդալը», 2013-ին Հայաստանի սահմաններից դուրս տեղի ունեցան գործընթացներ, որոնք կարող են հերթական սկանդալի առիթ դառնալ: Այս մասին հայկական մամուլն անընդմեջ գրեց` կրկին ու կրկին վկայակոչելով ՀՀ պետական բարձրաստիճան պաշտոնյաների անունները: Խոսքն այս անգամ «Նաիրիտ» գործարանի հետ կապված բավական խճճված պատմության մասին է:

Պարզվեց, որ Մոսկվայի Արբիտրաժային դատարանում կայացել է «Միջպետական բանկն ընդդեմ «Rhinoville Property Limited» ընկերության» գործով հերթական դատական նիստը, որը պատասխանող կողմի չներկայանալու պատճառով դարձյալ հետաձգվել է: Ասենք, որ հենց այս ընկերությանն էր ժամանակին հանձնվել «Նաիրիտի» կառավարումը, և հենց այս ընկերությանն էր ՀՀ կառավարության երաշխավորությամբ Միջպետական բանկը շուրջ 170 միլիոն դոլարի վարկ հատկացրել:

Դարձյալ օվշորային գոտում գրանցված այս ընկերությունը հրաժարվում է մարել այդ վարկը, և բացառված չէ, որ ՀՀ կառավարությունը ստիպված լինի սեփական միջոցներով մարել այն, քանի որ հանդիսացել է վարկառու ընկերության երաշխավոր:

Հայկական մամուլը, վկայակոչելով ռուսական կողմին, այդպես էլ պատասխան չստացավ` ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությունը կգնի՞ «Նաիրիտը», թե՞ ոչ:

«168 ժամ»-ի տեղեկություններով` «Ռոսնեֆտը» «Նաիրիտը» պատրաստ է գնել 100 մլն դոլարով, պայմանով, որ նրա պարտքերը գնման պահին մարված լինեն: Իսկ այդ պարտքերը, ըստ հավաստի տեղեկությունների, կազմում են 350-400 մլն դոլար:

«Նաիրիտի» առեղծվածը շարունակվում է: Ահռելի գումարները մնում են օդում կախված, իսկ գործարանի աշխատակիցները պարբերաբար բարձրաձայնում են, որ աշխատավարձ չեն ստանում, մինչդեռ գործարանի ղեկավարությունը ամսական միլիոններ է վաստակում:

Երբ սպանվեց քրեական հեղինակություն Ստուկաչ Արմենը

2013-ը հարուստ էր նաև ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով: Իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում հիմնականում քրեական հեղինակությունների դեմ ուղղված հանցագործություններն էին:

Եվ ամենաուշագրավը այդ «շքերթում» թերևս 2013-ի վերջին ամիսներին մեր երկրում տեղի ունեցած աղմկոտ սպանությունն էր: Մամուլը հեղեղվեց հայտարարություններով, որ Սարդարապատ գյուղում սպանվել է քրեական աշխարհում հայտնի հեղինակություն, օրենքով գող 41-ամյա Արմեն Եփրեմյանը, որ հայտնի է «Թեփ Արմեն» կամ «Ստուկաչ Արմեն» մականուններով:

Այս մասին բավական ծավալուն հրապարակումով հանդես եկավ նաև ռուսական «Կրիմինալնայա Ռոսիա» պարբերականը, ըստ որի աղբյուրների` Արմեն Եփրեմյանը և հանցագործ աշխարհի մեկ այլ ներկայացուցիչ` Հակոբ Մելիքսեթյանը (նա քրեական աշխարհում ավելի հայտնի է «Կյաժ Հակոբ» մականունով), միմյանց դեմ ցուցմունքներ էին տալիս, ինչպես նաև առերեսվել են Յուրիկ Աբրահամյանի առևանգման գործով:

Արմեն Եփրեմյանը ՌԴ իրավապահներին ասում է, որ առևանգման կազմակերպիչը Կյաժ Հակոբն է: Առերսման ժամանակ Եփրեմյանը սկսում է հայհոյել Կյաժին: «Հիշեցնենք, որ հենց այդ գործով 2011-ի դեկտեմբերի 13-ին ՌԴ Վիդնոյե քաղաքի դատարանը վճիռ է կայացրել և Հակոբ Մելիքսեթյանին դատապարտել 17 տարվա ազատազրկման»,- գրեց մոսկովյան պարբերականը:

Իրավապահները շտապեցին նյութեր նախապատրաստել: Ոստիկանությունը պաշտոնապես հայտնեց, որ  Սարդարապատ գյուղում սպանված, 41-ամյա Արմեն Եփրեմյանի գործով ձերբակալվել է «օրենքով գող» Գոռ Ենոքյանի եղբայրը` Ցոլակ Ենոքյանը:

Ոստիկանության Արմավիրի քրեական հետախուզության բաժնում աղմկոտ սպանության դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 239-րդ հոդվածի հատկանիշներով (հրազենը կամ ռազմամթերքն անփութորեն պահպանելը, որը պայմաններ է ստեղծել այդ հրազենը կամ ռազմամթերքն ուրիշի կողմից օգտագործվելու համար, ինչպես նաև զենքը կամ ռազմամթերքն այլ անձին հանձնելը, եթե դա առաջացրել է ծանր հետևանքներ):

Նախաքննության ընթացքում սպանության բացահայտման գործին լծվեցին նաև լրագրողներն ու լրատվամիջոցները:

Պարզվեց,  որ «Թեփ Արմենը» 2007-ին առևանգել է «օրենքով գող»  43-ամյա Գոռին և որպես փրկագին պահանջել 200-250 հազար դոլար, ինչն այդ տարիներին շատ մեծ գումար էր:

Գոռի հարազատները չեն կարողացել վճարել այդ փրկագինը, և մինչև օրս Գոռն անհետ կորած է համարվում:  Գոռի  հարազատները վաղուց են ցանկացել վրեժխնդիր լինել, սակայն Մոսկվայում Արմենին շատ մարդիկ են ուղեկցել, և հնարավոր չի եղել դա իրականացնել: Երբ  նա եկել է Հայաստան, Գոռի հարազատներից Նժդեհը կատարել է սպանությունը:

Մոսկովյան մամուլն իր էջերում գրում է, որ Ռուսաստանի մայրաքաղաքում

առավել ապահովված մարդկանց առևանգելու և փրկագին պահանջելու  հանցախմբի պարագլուխը հենց Արմենն է եղել: Նրանից շատերն են ցանկացել վրեժխնդիր լինել, և նա էլ անմասն չի մնացել մահափորձերից:

Քրեագետները հիշում են, որ օրենքով գողին փորձել են պայթեցնել, բայց բախտը բերել է, ընդամենը ծնկից ներքև մի ոտքն  է կորցրել ու «պրոթեզ» կրել:  Դրանից հետո  նա ստացել է իր երրորդ մականունը` «Չոլախ»:

Ավելացնենք միայն, որ 41-ամյա Արմեն Եփրեմյանը սպանվելուց առաջ պատրաստվում էր գնալ հայրական տուն և իր ձեռքով տան դուռը բացել, ուր Ռուսաստանից վերադառնալուց հետո դեռ չէր հասցրել այցելել:

Վարդան Պետրոսյան. «Պարտավոր եմ ապրել այլ կերպ»

photo 5Այն, որ կարկուտի ծեծած տեղն ու Շամշյանի գտնվելու վայրը հաճախ են համընկնում, արդեն զարմանալի չէ: Հենց Շամշյանը տարեվերջին տեղեկություն տարածեց, որ 2013 թ. հոկտեմբերի 20-ին Կոտայքի մարզում տեղի է ունեցել խոշոր ողբերգական ավտովթար: Ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել են BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի և Վազ 2121 մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները:

Ժամեր անց համացանցը ողողվեց այն տեղեկությամբ, որ վթարի մասնակից է եղել նաև ճանաչված դերասան Վարդան Պետրոսյանը:

Վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվեց հիվանդանոց: Նրանցից երկուսին բժիշկները, ցավոք, չկարողացան փրկել:

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի  242-րդ հոդվածի 3-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է 2 կամ ավելի մարդու մահ) հատկանիշներով:

Քննիչի կողմից նշանակվեց  ավտոտեխնիկական փորձաքննություն, և մինչ օրս պարզում են` դերասան Վարդան Պետրոսյանը գերազանեցե՞լ է արագությունը, թե՞ ոչ:

Իրավապահներից և լրագրողներից բացի, հասարակության լայն զանգվածների շրջանում այս օրերին էլ դեռ քննարկվում են ողբերգական ավտովթարի պատճառներն ու հանգամանքները:

Հիշեցնենք, որ դերասան Վարդան Պետրոսյանի նկատմամբ իրավապահները մինչդատական վարույթում խափանման միջոց են ընտրել կալանքը: Քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, դատական փուլում է:

«Հետք» էլեկտրոնային պարբերականը բացառիկ հարցազրույցի ժամանակ Վարդան Պետրոսյանին տված այն հարցին, թե 2013-ի հոկտեմբերի 20-ից առաջն ու հետոն ինչպե՞ս է բնորոշում, ասել է. «Վթարից ճիշտ կլիներ` ես մահանայի, ոչ թե այն երկու պատանիները, բայց եթե Աստված պահպանեց իմ կյանքը, պարտավոր եմ ապրել այլ կերպ` ավելի հոգևոր կյանքով: Այս դեպքը իմ հոգևոր կյանքում բեկում կառաջացնի, ինչը կանդրադառնա և՛ իմ մասնագիտական, և՛ հասարակական կյանքի վրա: Այդ բեկումն արդեն եղել է:

Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆ

Անկախ

ՊԲ. Ադրբեջանի ռազմական “ագիտպրոպը” նրբանկատորեն փորձում է ներկայացնել այն, ինչի մասին պետք է խոստովաներ օրեր առաջ

պբԱդրբեջանական քարոզչամիջոցների կողմից տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր հունվարի 23-ին հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ արձանագրված հրադադարի խախտման արդյունքում հայկական կողմի կրակոցից զոհվել է ադրբեջանական բանակի կապիտան Էլնուր Ջաֆարովը, իրականությանը չի համապատասխանում:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են պահպանել հրադադարի ռեժիմը, և միայն պատասխան քայլերի են դիմում խիստ անհրաժեշտության դեպքում:

Ինչ վերաբերում է ադրբեջանական բանակում արձանագրված վերոնշյալ կորստին, ապա հարևան, բայց ոչ բարեկամ երկրում կատարվածը, ամենայն հավանականությամբ, պետք է դիտարկեն ոչ թե հրադադարի ռեժիմի խախտման, այլև ս.թ. հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը Մարտակերտի պաշտպանական ուղղությամբ ադրբեջանական դիվերսանտների կողմից ձեռնարկված նախահարձակ գործողության համատեքստում:

Հարկ ենք համարում հիշեցնել, որ միայն ս.թ. հունվարի 20-ից 23-ն ընկած ժամանակահատվածում Բաքվի լրատվամիջոցների հաղորդմամբ, ադրբեջանական բանակում (իբր տարբեր հանգամանքներում) արձանագրվել է մահվան 2 և վիրավորման 6 դեպք… Իսկ այս ամենից արվելիք հետևությունը, թերևս, մեկն է. Ադրբեջանի ռազմական “ագիտպրոպը” նրբանկատորեն փորձում է ներկայացնել այն, ինչի մասին պետք է խոստովաներ օրեր առաջ…

Անկախ

Մայրաքաղաքում շարունակվում են ապօրինի առևտրի կանխարգելմանն ուղղված աշխատանքները

001 (5)Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության, ինչպես նաև վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումների կողմից  շարունակվում է ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ իրականացվող ամենօրյա խիստ հսկողությունը:

Ձևավորված աշխտանքային խմբերի միջոցով ոչ սահմանված վայրերում առևտուր իրականացնող անձանց հայտնաբերելու նպատակով շրջայցեր են կատարվում մայրաքաղաքի  12 վարչական շրջանների փողոցներում, բակային տարածքներում, ինչպես նաև շքամուտքերում: 2013 թվականի ընթացքում բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման նպատակով ձեռնարկված աշխատանքի արդյունքում հայտաբերվել և համապատասխան վարչական արձանագրություններ են կազմվել իրավախախտման 328 դեպքով: Համեմատության համար նշենք, որ 2012 թվականին այդ թիվը կազմել է 2134:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին տեղեկացնում են, որ հարցի լուծման նպատակով վերջին երկու տարվա ընթացքում հիմնվել են գյուղմթերքի փոքր շուկաներ, կազմակերպվել են գյուղմթերքների տոնավաճառներ, որոնք հնարավորություն են տվել մանրածախ առևտրով զբաղվողներին, գյուղացիներին օրենքով թույլատրելի վայրերում,  հարմարավետ պայմաններում կազմակերպել իրենց առևտուրը:

 

 

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

ճանապարհՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ  հունվարի 23–ին` ժամը 15.30–ի դրությամբ, հանրապետության  ողջ տարածքում  առանց  տեղումների եղանակ է:

Վարդենյաց (Սելիմի ) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:

Ավտոճանապարհներին կատարվում են մշակման  և մաքրման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարության  լրատվական  ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

 

 

 

ՊԲ-ն հերքում է

պբԱդրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում (Ֆիզուլի-Հորադիզ ուղղություն) ԵԱՀԿ հերթական դիտարկման ժամանակ հայերի կողմից խախտվել է հրադադարի պահպանման ռեժիմը և կրակ է բացվել դիտարկման մասնակիցների ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից Անկախին  տեղեկացնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը ընդհանրապես, իսկ ԵԱՀԿ դիտարկման ժամանակ առավելևս հավատարիմ են մնում հրադադարի պահպանման ռեժիմին:

 

Հայկական կողմը պատրաստ է ՄԽ համանախագահներին տրամադրել ադրբեջանական դիվերսիայի ապացույցները

դավիթ-տոնոյանՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանին պատասխանը Արմենպրես լրատվական գործակալության և «Հայ զինվոր» շաբաթաթերթի թղթակիցների հարցին

 Հարց. Ադրբեջանական կողմը շարունակում է հերքել դիվերսիաների կազմակերպման փաստը, ծաղրում է հայաստանյան պաշտոնյաների հայտարարությունները և լրատվամիջոցների արձագանքները:

Պատասխան. Ադրբեջանական կողմի հակառակ պահվածքը, հատուկ գործողությունների արդյունքները հաշվի առնելով, կլիներ տարօրինակ: Եթե գործողությունները իրականացվել են սադրանքի, իրավիճակը հակամարտության գոտում սրելու նպատակով` արտգործնախարարների հանդիպումից մի քանի օր առաջ, ապա փորձը անկախ արդյունքներից կարելի է լիովին հաջողված համարել:

Ամեն դեպքում, ս.թ. հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ)  և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հակառակորդի կողմից արձանագրված դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձերի փաստի առթիվ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ և 13-րդ կետերով /այն է՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով, մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանությունը/, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության քննչական ծառայությունում հարուցված քրեական գործով կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված սպառազինության և հանդերձանքի նմուշները օրենքով սահմանված կարգով փաթեթավորված և կնքված վիճակում ուղղարկվել են  մի շարք փորձաքննությունների: Քրեական գործի նախաքննության ընթացքում հարցաքննվել է դիրքի անձնակազմը, որոնց ցուցմունքներով ևս հիմնավորվում է հակառակորդի դիվերսիոն խմբի ներթափանցումը շփման գծի վերը նշված ուղղություններով:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված և վերցված սպառազինության և հանդերձանքի նմուշները պատրաստ ենք ներկայացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ինչպես նաև գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:

Անկախ

Հունվարի 28-ի տոնական միջոցառումների ժամանակացույցը

հունվարի 28Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նիստի ավարտին ՀՀ պաշտպանության նախարարը ներկաներին ծանոթացրել է Բանակի օրվան նվիրված միջոցառումների ծրագրին: Մասնավորապես, հունվարի 26-ին ժամը 11-ին Սուրբ պատարագ է մատուցվելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Հունվարի 28-ի առավոտյան ժամը 10:30-ին այցելություն է նախատեսված Եռաբլուրի զինվորական պանթեոն և հիշատակի արարողություն, իսկ նույն օրը ժամը 17:00-ին` տոնական համերգ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Անկախ

Ադրբեջանի դիրքերում որոշակի լարվածություն կա. Սեյրան Օհանյան

Սեյրան ՕհանյանԱյսօր, բացելով  Կառավարության նիստը, վարչապետ Տիգրան Սարգսյանը  խոսքը տվել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, որպեսզի նա տեղեկություն տա վերջին օրերին հանրության ուշադրության կենտրոնում գտնվող հարցերի շուրջ: «Նախարարը երեկ մասնակցում էր նաև մեր հերոս զինվորի հուղարկավորության արարողությանը, ու նաև դրանով պայմանավորված հասարակության ուշադրության կենտրոնում է գտնվում այդ խնդիրը, – հավելել է վարչապետը: – Ցավով պետք է նշենք, որ հաճախ լինում են մեկնաբանություններ, որոնք իրականության հետ ոչ մի կապ չունեն, ուստի պաշտպանության նախարարի պարզաբանումը, կարծում եմ, բոլորիս համար օգտակար կլինի»:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան. «Պարոն վարչապետ, տեղեկացնեմ, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը հակառակորդի հատուկ ստորաբաժանումների կողմից կատարված դիվերսիոն գործողությունների անհաջող փորձից հետո, երբ հակառակորդը կրեց կորուստներ, տվեց զոհեր, վիրավորներ և հետ քաշվեց, իհարկե, մեր դիրքապահ զինծառայողների և կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հմուտ գործողությունների և անձնուրացության շնորհիվ, Ադրբեջանի դիրքերում որոշակի լարվածություն կա: Այն արտահայտված է կրակոցներով և նաև որոշակի խուճապահար գործողություններով, քանի որ մտավախություն կա, որ մենք արժանի պատասխան կտանք: Նաև կրակոցներով արտահայտված որոշակի լարվածություն կա ոչ միայն Լեռնային Ղարաբաղի շփման գծում, այլ նաև Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան սահմանում: Գիտեք, որ մենք անկանոն կրակոցներին չենք պատասխանում, պատասխանում ենք միայն նպատակային և դիպուկահարների կրակոցներին: Այսօր իրավիճակը շփման գծում և մեր սահմաններում վերահսկելի է, մեր դիրքապահները իրենց խնդիրը կատարում են ամենօրյա զգոն ռեժիմի համաձայն և մեր ժողովուրդը որևէ մտավախություն չպետք է ունենա, որովհետև մեր զինծառայողները, ինչպես կատարել են իրենց խնդիրները, այնպես էլ պատշաճ կերպով կատարում են»:

Մհերը կամավոր հանձնել է որսորդական հրացանը

հրացանՈստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` հունվարի 22-ին, ժամը 13.30-ին, 1964 թ. ծնված Մհեր Հ.-ն կամավոր հանձնել է 20 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող որսորդական հրացան:
Կատարվում է հետաքննություն:

Անկախ

2014 թվականին մայրաքաղաքի համատիրությունների աշխատանքները կլինեն առավել թափանցիկ և նպատակային

քաղաքապետարանԵրևանի քաղաքապետարանի տեղեկատվության և  հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնում են, որ  2014 թվականի ընթացքում բազմաբնակարան շենքերում նախատեսված ընթացիկ և ծրագրային աշխատանքները արագ ու արդյունավետ կազմակերպելու խնդիրներն են քննարկվել Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանի`վարչական շրջաններում գործող համատիրությունների նախագահների  և աշխատանքները համակարգող, ինչպես նաև վարչական շրջանների կոմունալ բնագավառի աշխատակիցների  հետ հանդիպման ժամանակ: Քննարկմանը մասնակցել են նաև քաղաքապետարանի տվյալ ոլորտների պատասխանատուները: Կառլեն Ղազարյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես բազմաբնույթ աջակցություն է ցուցաբերել  բազմաբնակարան շենքերի կառավառման մարմիններին  ու այսուհետ էլ հնարավորին չափով սատարելու է: Սակայն ոչ բոլոր դեպքերում է կատարված աշխատանքների որակը գոհացնում բնակիչներին`հաճախ հարուցելով նրանց արդարացի դժգոհությունը: Պահանջ է դրվել առավելագույն կարճ ժամկետում արձագանքել բնակիչների`թեժ գծով կամ անմիջականորեն  բարձրացված խնդիրներին և դրանց տալ հիմնավոր լուծումներ`միաժամանակ ներկայացնելով հաշվետվություն կատարված աշխատանքի վերաբերյալ: Մասնավորապես, տարվա այս շրջանում ու հատկապես  տեղումների օրերին ոչ բոլոր համատիրություններն են աջակցում ձնամաքրմանն ու շքապատշգամբներից կախված սառցալեզվակների հեռացմանը կամ դա թերի են կատարում:  Ըստ քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետի, այսուհետ իրենց պարտականություններում թերացած համատիրությունների ղեկավարները կենթարկվեն խիստ պատասխանատվության`ընդհուպ մինչև պաշտոնավարման նպատակահարմարության քննարկումը: Բացի այդ, պատշաճ վերահսկողություն իրականացնելու նպատակով կկազմակերպվեն անակնկալ ստուգայցեր: Մինչ այդ առանձին ուղղություններով թերացած համատիրությունների ղեկավարներին  տրվել են հանձնարարականներ և բացթողումները շտկելու ժամկետներ: Լսելով ներկաների կարծիքները՝ Կառլեն Ղազարյանը ևս մեկ անգամ նշել է, որ 2014 թվականը համատիրությունների աշխատանքի արդյունավետության բարձրացման առումով բեկումնային է լինելու:

 

Անկախ

Հրդեհված բնակարանում հայտնաբերվել է տանտիրուհու դիակը

հրդեհՀունվարի 21-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ Օհանովի փողոցի 2 շենքի մի բնակարանում հրդեհ է, և ներսում ծխահարված դիակ կա:
Մեկնած օպերատիվ խումբը բնակարանի միջանցքում հայտնաբերել է 1932 թ. ծնված Կիմա Հարությունյանի կիսաայրված դիակը:
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:

Անկախ

Պետությունը հետ է վերցնում անօթևան ընտանիքին հատկացված բնակարանը

գյումրիԱղետի գոտում երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքներին բնակարանների տրամադրման կարգը սահմանող ՀՀ կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի համար 432 որոշման բացթողումներից մեկն էլ այն է, որ բնակարան ստացած ընտանիքի շահառու ճանաչված անդամի մահից հետո, եթե վերջինս մինչև մահանալը չի հասցրել սեփականաշնորհել բնակարանը, պետությունը հետ է վերցնում տվյալ ընտանիքին հատկացված բնակարանը:Նման իրավիճակում են հայտնվել նախորդ տարիներին Գյումրու Մուշ-2 թաղամասում բնակարան ստացած մի շարք ընտանիքներ:

Նոր ստացած բնակարանը կորցնելու վտանգի առջև է կանգնած նաև Մուշ-2 թաղամասում չորրորդ տարին բնակվող, 45 տարվա մանկավարժական կենսագրություն ունեցող Հասմիկ Նազարեթյանի ընտանիքը: Խնդիրն այն է, որ այդ նորակառույց մեկսենյականոց բնակարանի շահառու ճանաչվել է Հասմիկ Նազարեթյանի մայրը՝ մեկ անձով:
Նրանք թեև 2010 թվականին քանդել են իրենց ժամանակավոր կացարանը և տեղափոխվել են բնակվելու Մուշ-2 թաղամաս, սակայն չեն հասցրել մինչև շահառու ճանաչված անձի մահանալը սեփականաշնորհել բնակարանը, ուստի ՀՀ քաղաքաշինության նախարարությունը հետ է պահանջում հատկացված բնակարանը:

Առավել մանրամասն՝ «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:

Անկախ

Ոստիկանությունը պարզաբանում է Գյումրիում կատարվածը

ՀՀ-ոստիկանություն2Հունվարի 22-ին ԶԼՄ-ներում տեղեկություններ էին տարածվել, որ Գյումրու նախկին քաղաքապետի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, ընկերների հետ մեքենաներով մոտեցել է քաղաքապետ  Սամվել Բալասանյանի առանձնատանը և նրա հասցեին հայհոյանքներ ու սպառնալիքներ հնչեցրել: Դեպքը տեսանկարահանվել է տարածքում տեղադրված տեսախցիկներով:  Հրապարակման առնչությամբ ոստիկանության Շիրակի մարզի  քննչական բաժնում  նախապատրաստվում են նյութեր: Հանձնարարություններ են տրվել հետաքննական մարմնին` ձեռնարկելու օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզելու դեպքի իրական հանգամանքները, ինչպես և ԶԼՄ-ներում զետեղված տեղեկատվության հավաստիությունը: Կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղ արձանագրվել են տեսախցիկների առկայությունը, կնիքվել է տեսանկարահանող և պահպանող սարքերի սենյակը: Բացատրություններ են վերցվել հարևանությամբ բնակվող  և աշխատող անձանցից: Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ նյութերի նախապատրաստումը շարունակվում է:

Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ

ավտոճանապարհՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ  հունվարի 23–ին` ժամը 09.30–ի դրությամբ, հանրապետության որոշ տարածաշրջաններում տեղում է ձյուն, մասնավորապես՝ Թալինի, Մարալիկի, Ախույանի, Աշոցքի, Արթիկի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Կոտայքի, Հրազդանի, Սևանի և Դիլիջանի:

Վարդենյաց (Սելիմի ) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:

Ավտոճանապարհներին կատարվում են մշակման  և մաքրման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարության  լրատվական  ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

 

 

Հանրային խորհուրդը պատրաստվում է հանդիպել վարչապետի հետ

IMG_2961

Հունվարի 22-ին Հանրային խորհրդի փոքր խորհուրդը գումարել է տարվա առաջին նիստը, որի օրակարգում ներառված էին «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի, առաջիկայում ՀՀ վարչապետի հետ հանդիպման վերաբերյալ հարցեր:
«Զվարթնոց»-ի կլոր շենքի քննարկումը սկսվել է ՀՀ կառավարության կողմից տարեվերջի նիստի ժամանակ կոնցեսիոների մաստեր պլանը հաստատելու մասին որոշումից, որում ներառված է նաև հին ուղևորային համալիրը քանդելու հարցը: Շեշտվել է վարչապետի կողմից քաղավիացիայի գլխավոր վարչությանը տրված հանձնարարականը` ճարտարապետների հետ հարցը մեկ անգամ ևս քննարկելու վերաբերյալ:
ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանն ընդգծել է, որ Հանրային խորհուրդն այդպես էլ չի ստացել մի շարք հարցերի պատասխաններ կոնցեսիոներից և քաղավիացիայի գլխավոր վարչությունից:
Խորհուրդը, օրինակ, առաջարկել էր, որպեսզի մշակույթի նախարարության համապատասխան կառույցը որոշի` շենքը պատմամշակութային հուշարձա՞ն է, թե ոչ, և եթե այո, ապա այն ներառի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում, մինչդեռ նախարարությունն այդ հարցը չի քննարկել:
Առաջարկ է եղել պարզելու, որ եթե օդանավակայանի նոր մասնաշենքն ընդլայնելու համար որոշվի ոչ թե քանդել հին համալիրը, այլ շրջանցել այն, ապա դա որքա՞ն հավելյալ ծախս կպահանջի: Դրա վերաբերյալ նույնպես արձագանք չի եղել: Հանրային խորհուրդն առաջարկել է նաև անկախ փորձագիտական ընկերության կողմից ուսումնասիրություններ անցկացնել, թե որքա՞ն կարժենա հին համալիրի վերանորոգումն ու պահպանումը կամ հնարավո՞ր է շենքը հանել աճուրդի այլ նպատակներով օգտագործելու համար: Այս և այլ հարցերի վերաբերյալ չեն տրվել պատասխաններ, ուստի Հանրային խորհուրդը շարունակում է պնդել իր տեսակետը, որ քանի դեռ չկա հիմնավոր հաշվարկներ պարունակող որևէ փաստաթուղթ, որը կապացուցի «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի քանդման խիստ անհրաժեշտությունը, և հասարակության լայն շերտերի համար «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրը ընկալվում է որպես Երևանի խորհրդանիշ և գնահատվում որպես պատմամշակութային արժեք, ապա Հանրային խորհուրդը շարունակելու է հետամուտ լինել հարցի լուծմանը` հօգուտ շենքի պահպանման:
Օրակարգի երկրորդ հարցի` պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի խնդիրները նույնպես շարունակելու են մնալ Հանրային խորհրդի օրակարգում, քանի դեռ հասարակության մի ստվար հատվածի կողմից այդ համակարգն ընդունելի չէ, և դրանում առկա են բազմաթիվ խնդրահարույց դրույթներ:
Հանրային խորհուրդը վերոնշյալ երկու հարցերը ներառել է նաև կառավարության ղեկավարի հետ առաջիկա հանդիպման նախնական օրակարգ, որում ներառվել են նաև հանրությանը հուզող մի շարք այլ հարցեր: Խորհրդի անդամների կողմից առաջարկ է եղել, մասնավորապես, վարչապետի հետ հանդիպման ժամանակ քննարկել իշխանության և հասարակության միջև ոչ լիարժեք երկխոսության առկայության հարցը, հանրությանը կառավարության որոշումներին մասնակից դարձնելու անհրաժեշտությունը, կառավարության սոցիալական քաղաքականությանն առնչվող հարցեր:
Վարչապետի հետ հանդիպման նախնական օրակարգում տեղ են գտել նաև մենաշնորհային տնտեսությանը, կոռուպցիային, Երևանում բիզնեսը կենտրոնացնելու դեմ քայլեր ձեռնարկելուն, մարզերը զարգացնելուն առնչվող հարցեր: Առաջարկ է հնչել նաև քննարկելու ՀՀ ազգային անվտանգության ռազմավարական հայեցակարգի և դրա դրույթների խախտման հարցը: Կարևորվել է ՀՀ ազգային անվտանգության կառույցի հետ այդ խնդրի վերաբերյալ համատեղ քննարկում անցկացնելու հնարավորությունը:
Առաջիկա նիստում Հանրային խորհուրդը կհստակեցնի վարչապետի հետ հանդիպման օրակարագը:

 

ՀՀ Հանրային խորհրդի մամուլի ծառայություն

Անկախ