Երթ` ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների (ուղիղ միացում)

դեմ եմԱյժմ ընթանում է «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» քաղաքացիական նախաձեռնության հանրահավաք-երթը: Մասնակիցները երթը մեկնարկել են Ազատության հրապարակից և քայլել դեպի ՍԴ` պահանջագիր հանձնելով ՍԴ-ին, որպեսզի վերջինս հակասահմանադրական ճանաչի «Կուտակային կենսաթոշակների մասին»  ՀՀ օրենքի որոշ դրույթներ:

Հետևեք իրադարձություններին Ազատություն ռադիոկայանի ուղիղ միացմամբ:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանութունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 16-ից 17-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 7-ը, խարդախության 7 դեպքից` 6-ը, յուրացման կամ վատնման 1 դեպքը բացահայտվել է: Բացահայտվել է գողության 1 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության և մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար. 6 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Անկախ

«Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» նախաձեռնության կոչը ՍԴ-ին

դեմ.ամՀայաստանի կենսաթոշակային նոր համակարգի առանցքային կետերից մեկը պարտադիր կուտակային բաղադրիչն է, որի գործարկումը նախատեսված է 2014 թվականի հունվարի 1-ից:

Պարտադիր բաղադրիչը ներառող բազմաստիճան կենսաթոշակային համակարգի՝ Հայաստանում ընդունված մոդելն իր մանրամասնություններով միջազգային պրակտիկայում աննախադեպ է՝ դրանից բխող յուրահատուկ ռիսկերով:

Պաշտպանելով ՀՀ ԱԺ 36 պատգամավորների նախաձեռնությամբ Սահմանադրական դատարան ներկայացված դիմումը, գտնում ենք, որ պարտադիր բաղադրիչի գործադրումը նախատեսող «Կուտակային կենսաթոշակների մասին»  ՀՀ օրենքը  հակասում է ՀՀ Սահմանադրությանը, չի լուծում կենսաթոշակային համակարգի հիմնախնդիրները և առաջացնում է  սոցիալ-տնտեսական նոր մարտահրավերներ:

Խախտվում է սեփականության իրավունքը, կիրառվում է տարիքային և այլ բնույթի խտրականություն, խաթարվում է սերունդների համերաշխության սկզբունքը, նվազեցվում է ձեռք բերված սոցիալական պաշտպանության մակարդակը: Նշված բոլոր գործողություններն արգելված են Սահմանադրությամբ: Սահմանադրական որևէ նորմ չի լիազորում պետությանը՝ իր ստանձնած սոցիալական պարտավորություններից հրաժարում կամ փոխանցում քաղաքացուն, ինչն ամրագրվել է այս օրենքում: Օրենքը  նսեմացնում է պետության դերը՝  Սահմանադրությամբ պաշտպանվող արժեքների երաշխավորման գործում:

Կրկնակի հարկման տարբեր մեխանիզմների գործադրման միջոցով պարտադիր կուտակային բաղադրիչի գործադրումը հաշվի չի առնում նաև կենսաապահովման նվազագույն բյուջե և «ընտանեկան բյուջե» գաղափարը, այսինքն՝ ընտանիքի ընդհանուր եկամուտը, ընտանիքի անդամների թիվը և ծախսերը՝ ըստ անձերի քանակի: Դրա փոխարեն  հիմք է ընդունվում բացառապես անձի ամսական եկամուտը, ինչն անհավասար ֆինանսական արդյունքների է հանգեցնում, քանզի նույն գումարը ստացող երկու անհատ կարող են իրենց խնամքին ունենալ միմյանցից տարբերվող ընտանիքներ: Այս գումարը գանձվելու է նաև նվազագույն աշխատավարձից, մինչդեռ մեր երկրում նվազագույն աշխատավարձն չի  ապահովում անգամ  մարդու կենսական անհրաժեշտության կարիքների նվազագույն շեմը:

Պետության կողմից ֆոնդերի երաշխավորությունն իրականացվում է պետբյուջեի միջոցների հաշվին, սակայն անտեսվում է հանգամանքը, որ այդ նույն պետբյուջեի միջոցները ևս ձևավորվում են հարկատուների վճարումներից և հարկերից: Այսինքն` ստացվում է մի իրավիճակ, երբ պետությունը երաշխավորում է հարկատուների վճարած գումարները հարկատուների վճարած մեկ այլ գումարի հաշվին, ինչն անթույլատրելի է, անտրամաբանական, ոչ իրավաչափ, իսկ երաշխիքն էլ՝ հիմնազուրկ:

Նպաստելով բացասական սոցիալ-տնտեսական այլ դրսևորումների առաջացմանը՝ մեկ աշխատատեղի ինքնարժեքի, գների, գործազրկության մակարդակների աճին, թողարկման ծավալների նվազմանը, թաքնված զբաղվածության և սև աշխատավարձերի աճին, գործադուլների և սոցիալական այլ բողոքների առաջացմանը,  փխրուն գործարար միջավայրի վատթարացմանը, օրենքի գործադրումը կհանգեցնի կապիտալի, աշխատունակ և բանիմաց մասնագետների արտահոսքին: Բացի այդ, Օրենքն ուղղակիորեն խրախուսում է ՀՀ քաղաքացիությունից հրաժարումը, քանի որ թոշակի գումարը այլ երկրում ստանալու համար մասնավորապես անհրաժեշտ է ՀՀ քաղաքացիությունից հրաժարում:

Վերը նշված խնդիրներն առավել  սրվում են Հայաստանում ֆինանսական շուկաների անհամաչափ կայացման, այդ շուկաներում առկա բարձր ռիսկերի, կորպորատիվ կառավարման համակարգի անկատար և ժողովրդագրական վատթարացող վիճակի, գործազրկության խիստ բարձր աստիճանի, գյուղատնտեսության ոլորտում զբաղվածների չափազանց մեծ թվի, աշխատանքի ցածր արտադրողականության, վարձատրության անարդար համակարգի, աղքատության բարձր մակարդակի, տնտեսության խիստ անբավարար մրցակցային և այլ պայմանների առկայության դեպքում։ Փորձ է արվում կուտակային պարտադիր բաղադրիչը ներդնել սոցիալ-հոգեբանական, տեղեկատվական և ենթակառուցվածքների ոչ բավարար միջավայրի պայմաններում, ինչն ակնհատորեն հանգեցնելու է բացասական դրսևորումների:

2014 թվականի հունվարի 1-ից ներդրվելու դեպքում 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված աշխատող անձանց համար, ում անվանական աշխատավարձերի բարձրացումը չի փոխհատուցում պարտադիր կուտակային վճարը (այդ թվում՝ պետական սեկտորն ամբողջությամբ և մասնավոր սեկտորը՝ գերազանցապես), կհանգեցնի փաստացի տնօրինվող աշխատավարձի և կենսամակարդակի նվազմանը:

Նշյալ  հարցերն ունեն հասարակական և պետական մեծ կարևորություն, իսկ այս հիմնախնդիրներն անտեսելու և համապատասխան լուծումներ չառաջարկելու դեպքում լրջորեն վտանգվում է ողջ հասարակության նվազագույն ապահովվածությունը:

Նման կարևորության հարցերը պետք է դրվեն համաժողովրդական քննարկման, քանի որ որոշվում է ոչ միայն ներկա, այլև ապագա սերունդների ապագան և ճակատագիրը:

Պարտադիր կուտակային բաղադրիչի և դրա վտանգների մասին հանրությունը ոչ միայն բավարար տեղեկացված չէ, այլ նաև Հայաստանի Հանրապետության կառավարության պատվերով «Այ Փի Էս Սի» քաղաքական և սոցիոլոգիական հետազոտությունների խորհրդատվական ինստիտուտի միջոցով իրականացված և 2013 թվականի հուլիսի 12-ին հրապարակված հարցումները փաստում են, որ 2013 թվականի հունիսի դրությամբ հարցվածների միայն 1.6%-ն է նոր կենսաթոշակային համակարգը որպես ձեռք բերում գնահատում: Իրազեկվածության խնդրին  զուգահեռ՝ բազմահազար քաղաքացիներ իրենց բողոքն են արտահայտում պարտադիր բաղադրիչի կիրարկման  վերաբերյալ:

Առ այդ, հաշվի առնելով կենսաթոշակային համակարգի ներդրման կարևորությունը որպես ներկա և ապագա սերունդների սոցիալական իրավունքների ապահովման համակարգ՝ կոչ ենք անում Սահմանադրական դատարանին՝

  • կասեցնել կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի գործադրումը,
  • պարտադրել պատասխանատու մարմիններին շահագրգիռ հասարակական, փորձագիտական միավորումների ներգրավմամբ իրականացնել կենսաթոշակային համակարգերի նոր սցենարների (այդ թվում՝ պարտադիր կուտակային բաղադրիչը հանելու և/կամ այլ պայմաններով վերանայելու դեպքում նոր համակարգի) մշակման, կամավոր կուտակային համակարգը նոր գործիքներով խրախուսելու, կենսաթոշակային համակարգի բարեփոխումներից բխող ռիսկերի նվազեցման կամ չեզոքացման, ինչպես նաև նոր համակարգի վերաբերյալ օրենսդրության՝ Սահմանադրության հետ համապատասխանեցնելու աշխատանքներ,
  • մշակված համակարգը ներդնել հանրաքվեի միջոցով՝ «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված մեխանիզմի կիրառմամբ։

«Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» քաղաքացիական նախաձեռնության

Անկախ

 

Թիթեղյա վագոն-տնակներում բնակվող ընտանիքներին օդ ու ջրի պես անհրաժեշտ է ջերմություն

Անցած մեկ ամսվա ընթացքում Գյումրու տնակային ավաններում և նախկին գործարանային հանրակացարաններում բնակվող ավելի քան 100 անապահով, բազմազավակ, միայնակ մայրերի ընտանիքների և միայնակ տարեցների «Շիրակ կենտրոնը» տրամադրեց շուրջ1300 պարկ վառելափայտ:
Բնականաբար, աղքատության և անօթևանության ամենաբարձր ցուցանիշներն ունեցող քաղաքում մեր ուժերից վեր է սուր կարիքի մեջ գտնվող հարյուրավոր ընտանիքների ամբողջ ձմռան ջեռուցման համար պահանջվող վառելիքով ապահովելը: Հասկանալի է, որ ծայրահեղ աղքատությունը միայն վառելափայտ կամ թեկուզ և հագուստ ու կոշիկ տրամադրելով հնարավոր չէ հաղթահարել:
Առավել ևս, երբ ամեն քայլափոխի կարող ենք ականատես լինել, թե ինչպես են հարյուրավոր ընտանիքների երեխաներ տառապում անգամ թերսնվածությունից: Այնուամենայնիվ բոլորիս պարտքն է ջանքեր ներդնել՝ հոգալու նրանց գոնե առաջին անհրաժեշտության կարիքները: Իսկ Շիրակի առանձնահատուկ ցրտաշունչ ձմռանը, շարքից դուրս եկած, բարակ թիթեղյա վագոն-տնակներում բնակվող ընտանիքներին օդ ու ջրի պես անհրաժեշտ է ջերմություն:

Այս օրերին, երբ վառելափայտ էինք բաժանում, ամեն օր հանդիպում էինք այնպիսի անօգնական վիճակում գտնվող ընտանիքների, որ չէինք կարող ակամայից չզարմանալ ու մտովի ինքներս մեզ հարց չտալ, թե լավ, եթե նրանց չտրամադրեինք վառելիք, ինչպես էին դիմանալու հատկապես գիշերային ժամերին, երբ ցուրտը հասնում է մինչև 22 աստիճանի: Ներկայացվող տեսանյութը «Շիրակ կենտրոնի» կողմից անապահով ընտանիքներին մեր հայրենակիցների ու մի շարք հիմնադրամների աջակցությամբ ձեռք բերված վառելափայտի տրամադրման մեկ օրվա և անօթեւան ընտանիքների ապրելակերպի մասին է:

Անկախ

Հանրապետության որոշ շրջաններում ձյուն է տեղում

ավտոճանապարհներ, ձյունՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ին` ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում` Ստեփանավանում, Տաշիրում, Ալավերդիում, Նոյեմբերյանում, Դիլիջանում և Իջևանում տեղում է ձյուն:

Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Գավառի, Ճամբարակի, Տավուշի, Սիսիանի Գորիսի ավտոճանապարհների զգալի մասում և Սելիմի լեռնանցքում տեղ- տեղ առկա է մերկասառույց:

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում ժամը 17:00-ից մինչև 07:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել Թթու ջուր – Նավուր ճանապարհից:

Անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են մաքրման և մշակման աշխատանքներ`

Տրանսպորտի և կապի նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից Անկախին տեղեկացնում են, որ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Հանրային խորհրդի մտահոգություններն ու առաջարկությունները եւ 10.12.2013 թ. տեղի ունեցած փոքր խորհրդի նիստի որոշումը` կապված «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի հետ

downloadՀայաստանում վաղուց ի վեր սպասվում էին բարեփոխումներ կենսաթոշակային ոլորտում, որոնց նպատակը պետք է լիներ գոնե հաջորդ  սերնդին թոշակի անցնելուց հետո արժանապատիվ կյանք ապահովելը:

Ներկայացված բարեփոխումների մոդելը, ըստ կառավարության սպասումների, նաեւ պետք է ապահովի Հայաստանի ֆինանսական շուկայում դրամային երկարաժամկետ վարկերի հնարավորություն, խթանի երկարաժամկետ հիփոթեքային վարկերի շուկայի կայացումը եւ նպաստի վարկերի տոկոսադրույքների իջեցմանը:

Սակայն մենք այժմ ականատես ենք այդ օրենքի դեմ բողոքի ցույցերի հենց այն սերնդի ներկայացուցիչների կողմից, որոնց բարեկեցիկ ապագային  պետք է որ ուղղված լիներ այս օրենքը: Հատկապես մեծ է բողոքը նոր ձեւավորվող միջին խավի շրջանում (այդ թվում` ՏՏ ոլորտի առաջավոր աշխատողների), իսկ յուրաքանչյուր պետության համար միջին խավը հանդիսանում է տնտեսության զարգացման հիմնական գրավականը: Իհարկե, կարելի է ասել, որ ապագային ուղղված ցանկացած բարեփոխում, որը պահանջում է այս պահին անհատի եկամտի նվազում, միշտ էլ  ցավագին է ընդունվում եւ առաջացնում է որոշակի դժգոհություն: Բայց դրանից չի բխում, որ պետք է անտեսել քննադատությունները եւ չքննարկել առաջարկությունները:

Մեր կարծիքով` ցանկացած բարեփոխման հաջողության հիմքում ընկած է  հասարակության լայն աջակցությունը, երբ նախապես լայնորեն քննարկվել, հաշվի են առնվել բոլոր տեսակետները, եւ հասարակությունն ընդունել կամ հաշտվել է այդ բարեփոխման անհրաժեշտության հետ:

Դա ստեղծում է այն վստահության մթնոլորտը, որի պակասն այժմ զգացվում է Հայաստանում, ինչն էապես խոչընդոտում է երկրի զարգացմանը:

Հայաստանը որդեգրել է սկզբունք, ըստ որի ցանկացած փոփոխություն պետք է իրականացվի` հաշվի առնելով քաղաքացիական հասարակության կարծիքը: Այս դեպքում, չնայած օրենքը քննարկվել եւ ընդունվել է 2010թ.,այդ սկզբունքը պահպանված չէ, եւ ստեղծվել է վտանգավոր դժգոհություն հենց այն շերտի մոտ, որը մենք ընկալում ենք որպես Հայաստանի ապագայի կարեւոր հենասյուներից մեկը:

Հանրային խորհուրդը ստացել է բազմաթիվ բանավոր եւ գրավոր բողոքներ, ինչպես նաեւ առաջարկություններ այս օրենքի կապակցությամբ:

Դժգոհությունների հիմնական պատճառներից  նշվում են.

1)   5% դրույքաչափի մեծ լինելը:

Փոխարենն առաջարկվում է`

  • նվազացնել դրույքաչափը,
  • սահմանված գանձումը իրականացնել հարկված աշխատավարձից,
  • նույնիսկ եթե դրույքաչափը պահպանվի 5%, 2014 թ. գանձումը սկսել 2%-ից` մինչեւ 2020թ. այն աստիճանաբար  բարձրացնելով 5%-ի (հնարավորություն տալով նաեւ այդ տարիների ընթացքում գնահատել առաջարկվող մոդելի արդյունավետությունը):

2) «Պարտադիր» բաղադրիչի տարածումը բոլոր աշխատավարձերի վրա ամբողջ ծավալով:

Փոխարենն առաջարկվում է, որպեսզի`

  • փոքր չափի աշխատավարձերի (ասենք, մինչեւ 80.000 դրամ) դեպքում պետությունը կամ գործատուն ամբողջ ծավալով իր վրա վերցնի   վճարումները,
  • նշված չափի աշխատավարձից հետո, աստիճանաբար աշխատողի կողմից վճարումը մեծացնելով, հասցվի մինչեւ 5 %-ի (ասենք, 80.000-ից մինչեւ 150.000 դրամ աշխատավարձի դեպքում),
  • 500.000 դրամից բարձր աշխատավարձ ստացողների համար «պարտադիր» բաղադրիչը չտարածվի 500.000–ից հետո եկող մասի վրա` թողնելով այն աշխատողի կամավոր ցանկությանը:

Մի շարք ընկերություններ հայտարարել են, որ պարտադիր կուտակային կենսաթոշակների վճարումներն աշխատողների կողմից իրականացնելու համար  համապատասխանաբար բարձրացնելու են աշխատողների աշխատավարձերը: Սա դժվար է համարել հարցի լուծում, քանի որ դրա հետեւանքով.

– կստեղծվեն մրցակցային ոչ հավասար պայմաններ, ինչը կարող է բացասական հետեւանքներ ունենալ փոքր եւ միջին ձեռնարկությունների վրա;

–  կբարձրանան ապրանքների եւ ծառայությունների գները;

– կբարձրանա աշխատուժի արժեքը, որն էլ կարող է բացասական ազդեցություն ունենալ օտարերկրյա ներդրումների ծավալի վրա:

Քննարկելով հասարակության մի մասի ընդվզումը և դժգոհությունը «Կուտակային Կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի կապակցությամբ և վերլուծելով ստեղծված իրավիճակը` Հանրային խորհրդի նախաձեռնությամբ ձեւավորվել է աշխատանքային խումբ նշված հարցի ուսումնասիրության նպատակով:

ՀԽ աշխատանքային խմբի վերլուծություններն ու առաջարկությունները  քննարկվել են 10.12.2013 թ. տեղի ունեցած ՀԽ  փոքր նիստի ընթացքում:

Քննարկելով աշխատանքային խմբի կողմից կազմված փաստաթուղթը` Հանրային խորհուրդը, բարձր գնահատելով այն դրական միտումները, որոնք ընկած են քննարկվող օրենքի հիմքում, միաժամանակ իր խորին մտահոգությունն է հայտնում օրենքի կիրառման հետեւանքով Հայաստանում ստեղծվելիք սոցիալ-տնտեսական իրավիճակի եւ բարոյահոգեբանական մթնոլորտի կապակցությամբ:

Հանրային խորհուրդը որոշում է դիմել ՀՀ Նախագահին եւ ՀՀ Կառավարություն` առաջարկելով մինչեւ 2014 թ. հունվարի 1-ը հրավիրել ԱԺ արտահերթ նիստ`  մինչ այդ համապատասխան մասնագետների եւ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ անցկացնելով հանրային լսումներ, որպեսզի եւս մեկ անգամ քննարկվեն հանրության կողմից բարձրացված խնդիրներն ու ներկայացված առաջարկությունները եւ համաձայնության գալու դեպքում կատարվեն որոշակի փոփոխություններ այդ օրենքի մեջ:

 ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

(ՀԽ մտահոգություններն ու առաջարկությունները և նիստի որոշումը ուղարկվել են ՀՀ Նախագահին և ՀՀ կառավարություն):

Անկախ

Ազատագրված տարածքների ու որբերի պահապանը

ազատամարտիկ1992 թ., փետրվարի 6: Կառավարության շենքի դիմացից մի ավտոբուս և մի բեռնատար են շարժվում դեպի Մեղրիի ամենահեռավոր գյուղերից մեկը` Նյուվադի: Ավտոբուսում հայ ընտանիքներ են, բեռնատարում` նրանց իրերը: Ընտանիքներն ուղևորվում են սահմանամերձ շրջան` վերաբնակեցնելու ադրբեջանաբնակ ազատագրված գյուղը: Իսկ գյուղից մի քանի կիլոմետր այն կողմ սահմանն է` պատերազմական առաջին գծում:

Գուցե այսօր այդ քայլը շատերին զարմանք պատճառի, բայց 21 տարի առաջ բնական էր, օրինաչափ, մանավանդ, որ կային նվիրյալներ, որոնք իրենց անձնազոհությամբ հարյուրավոր մարդկանց համար օրինակ էին դառնում:

Այդ նվիրյալներից էր Վլադիմիր Նիկողոսյանը, որը կնոջ` Թագուհու հետ տնետուն ընկած հորդորում էր, համոզում ընկերներին, բարեկամներին թողնել տաքուկ Երևանը, գնալ սահմանամերձ Մեղրին վերաբնակեցնելու, որովհետև Հայաստանին դա օդ ու ջրի պես պետք էր:  «Այդ օրը շատ երջանիկ, ուրախ, երգելով, պարելով գնում էինք,- ժպիտով հիշում է Վլադիմիր Նիկողոսյանը,- բայց ես պատկերացնում էի, թե ուր ենք գնում` մի հարթ տեղ, որից մի քանի հարյուր մետր այն կողմ թուրքն է, և կարող են ամեն վայրկյան մեզ խփել»:

Գյուղը պատահական չէր ընտրվել: Վլադիմիրը հիշում է, որ այդ ժամանակ չորս ռուս մտավորական պատգամավորներ հացադուլ էին սկսել` պահանջելով ադրբեջանցիների վերադարձը այդ գյուղ: Բացի այդ, Նյուվադին Մեղրիի շրջանի ամենամեծ գյուղն էր, բերքառատ էր, կլիման բարենպաստ, և կարելի էր, հողագործությամբ զբաղվելով, հոգալ ապրուստը:

Սակայն վերաբնակներին հաճելի իրավիճակ չէր սպասում. սպասումներին հակառակ` այնտեղ էլ խոր ձմեռ էր, ցուրտ, իսկ տներում կենցաղային պայմաններ չկային: Կար, սակայն,ամենակարևորը` գաղափար, որի շուրջ նրանք համախմբված էին` հավատալով իրենց առաքելությանը:

Գյուղի վերաբնակեցումն իսկական նվեր էր սահմանին մարտնչող  հայ ազատամարտիկների համար, որոնք թիկունքում արդեն տուն ունեին, և հաճախ էին, զենքուզրահն ուսերին գցած, գալիս գյուղ, հանգստանում, գիշերում վերաբնակիչների տանը, նրանց հետ կիսում մի կտոր հացն ու ոգեշնչված հետ դառնում սահման:

VladimirՀավաքատեղին Վլադիմիրի տունն էր: Ինքն ու կինը` որպես այդ գաղափարի կրող ու տարածողներ` ամեն ինչ անում էին, որ մարդիկ կապվեն գյուղին, չնայած իրենց համար էլ շատ դժվար էր երեք անչափահաս երեխաների հետ 180 աստիճանով փոխել կենսակերպը:

Մեր օրերի համար մի զարմանալի փաստ էլ. Վլադիմիրը, որն այդ ժամանակ Ռուսաստանի քաղաքացի էր, հակառակ շատերի, որոնք ամեն գնով այդ տարիներին փորձում էին Ռուսաստանի քաղաքացիություն ձեռք գցել և Հայաստանից հեռանալով` փրկել սեփական կաշին, Նյուվադի տեղափոխվելուց անմիջապես հետո դուրս է գալիս Կրասնոդարի գրանցումից և գրանցվում այդ գյուղում, որպեսզի իր օրինակով վարակի մյուսներին: Մինչ այսօր էլ գրանցված է այդ գյուղում:

Երբ վերաբնակների առաջին խումբը գյուղում սկսում է հաստատվել, աստիճանաբար նոր մարդիկ են գալիս, սակայն պետք էր զրոյից սկսել, և ահա հիմնում են դպրոց, մանկապարտեզ, բուժկետ, մշակութային-ժամանցային կենտրոններ և այլն:

Պետությունից աջակցություն գրեթե չկար, իրենց միջից գտնում էին թե՛ գյուղի բժշկին, թե՛ բուժքրոջը, թե՛ ուսուցչին, թե՛ մյուս մասնագետներին: Նռնաձոր վերանվանված գյուղը կամաց-կամաց բնականոն հունի մեջ էր մտնում:

Վլադիմիրն ասում է, որ անգամ պատերազմի տարիներին այնտեղ ավելի շատ մարդ կար, քան այսօր, և եթե պետությունը ճիշտ քաղաքականություն վարեր, վերաբնակիչների մեծ մասը գյուղից չէր հեռանա:

Մեր օրերի առաքյալը գյուղում փորձում է նաև իրականություն դարձնել վաղեմի երազանքը, որը նրա մտքում էր դեռևս 70-ական թվականներից: Նա ցանկանում էր Հայաստանի լքված գյուղերից մեկում ստեղծել օրինակելի ընտանիքներից կազմված մի բանավան, որի ընտանիքներն իրենց խնամքի տակ կվերցնեին և կդաստիարակեին մանկատների երեխաներին: Նա Հայաստանում մանկատուն երևույթն ամոթալի է համարում: 70-ականներին գուցե այդ երազանքն անիրատեսական էր թվում, սակայն եվրոպական զարգացած երկրներն արդեն առաջնորդվում էին մանկատների փոխարեն խնամակալ ընտանիքների մոդելը  ձևավորելու ճանապարհով, իսկ Հայաստանը պետական մակարդակով նոր-նոր է սկսում այդ ուղղությամբ քայլեր անել, որի շոշափելի արդյունքները դեռևս չկան:

Ինչևէ, Վլադիմիր Նիկողոսյանը դա անում է 1993 թ.` պատերազմի, շրջափակման, սովի պայմաններում, սահմանամերձ, վերաբնակեցված գյուղում: Նրա համար կարևորն այն էր, որ այդ երեխաները մեծանան ընտանիքում, ստանան ընտանեկան խնամք ու ջերմություն և չմեկուսանան հասարակությունից` ներփակվելով մանկատան պատերի մեջ: Դրան զուգահեռ կլուծվեր նաև վերաբնակեցման խնդիրը:

Մինչ կենտրոնի հիմնումը Վլադիմիրը գնում է Երևան,  մի քանի ամիս զբաղվում մանկատան նախկին սաների հավաքագրմամբ, որոնք մանկատունն ավարտելուց հետո հայտնվել էին փողոցում: Հավաքագրում է նաև Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների որբ երեխաների: Նրա ընտանիքի խնամքի տակ են անցնում երկկողմանի ծնողազուրկ 12 երեխաներ` 7 ամսականից մինչև 24 տարեկան: «Փոքրերն ապրում էին իմ տանը, իմ երեխաների հետ միասին, մեծերին տեղավորեցինք գյուղի ազատ տներում` իրենց հողամասերով»:

ազատամարտիկ (1)Սակայն, մինչ այդ նրանց ընտանիքում արդեն ապրում էին Բաքվի ջարդերից մազապուրծ երեք փոքրիկ ակղջիկներ, որոնց մայրն այդ սարսափելի դեպքերի ժամանակ անհետ կորել էր, իսկ հայրը, որը մի կերպ էր աղջիկների հետ Հայաստան հասել, մահացել էր գյուղում, 33 տարեկանում: Մահվան մահճում նա իր երեխաների խնամքը միայն Վլադիմիրի ընտանիքին էր վստահել` հույս ունենալով, սակայն, որ դեռ ապաքինվելու է:

Կենտրոնի նպատակն էր նաև այդ երեխաներին կրթելն ու դաստիարակելը, և Վլադիմիրն ու կինը ջանք չէին խնայում այդ ծանր տարիներին, այդ մեկուսացած ու հեռավոր գյուղում ապահովել նրանց մշակութային, սպորտային, կրթական ծրագրերով ու միջոցառումներով: Մի մեծ մեքենայով միայն իրենց տան գրքերն էին բերել, որ երեխաները կարդան: Ստեղծել էին ազգագրական երգի, թատերական խմբակներ: Ճիշտ է, պատահում էր, որ միջոցառումները մոմի լույսի տակ էին անցնում, բայց մեկ է, մեծ ոգևորությամբ:

Պետությունից չստանալով որևէ ֆինանսական աջակցություն և գոյատևելով սահմանամերձ գյուղին հատկացվող ընդհանուր աջակցությունից, անհատ բարերարների ոչ հաճախակի  օժանդակությունից, երբեմն էլ վաճառելով սեփական ոսկեղենը` ընտանիքը մի կերպ էր ծայրը ծայրին հասցնում, սակայն երջանիկ էր, որ սահմանն էր պահում` միաժամանակ հանապազօրյա հացը կիսելով որբերի հետ և նրանց տալով ամենակարևորը` ընտանեկան ջերմություն ու սեր: «Մեր միակ հույսն ու հենարանը նախախնամությունն էր,- ասում է Վլադիմիրը,- երբ կանգնած ես երկիրը կորցնելու վտանգի առաջ, մնացած ռիսկերն արդեն աչքիդ չեն գալիս»:

Picture4 058Ընտանեկան կենտրոնն իսկական ուրախություն էր, այնտեղ էին հավաքվում նաև գյուղի մյուս երեխաներն ու մեծերը, և տնից հաճախ էին երգ-երաժշտության ձայներ հնչում: Այնտեղ ամեն ինչ ընտանիքի պես էր, և Վլադիմիրն ասում է, որ այդ տարիների ընթացքում տարբեր ընտանիքներից սերված,  տարբեր դաստիարակություն ստացած երեխաները երբևէ իրար հետ որևէ խնդիր չունեցան, ապրեցին ինչպես քույր ու եղբայր, ինչպես մի համերաշխ ընտանիք: Փաստորեն, մոդելը հաջողվել էր:

Նռնաձորում նրանք ապրում են 4 տարի. 1996 թ. Վլադիմիր Նիկողոսյանին առաջարկում են ընտանեկան կենտրոնով տեղափոխվել ԼՂՀ Քաշաթաղի շրջան, որի վերաբնակեցման ծրագիրն էր իրականացվում, և անհրաժեշտ էին երեխաներով ընտանիքներ, որպեսզի հիմնվեր դպրոց, մանկապարտեզ: Եվ քանի որ մարդիկ խուսափում էին սկզբում երեխաների հետ մեկնել, Վլադիմիրը կրկին  օրինակ է ծառայում: Քաշաթաղում նրա մեծ ընտանիքն ապրում է շուրջ 5 տարի:

Այստեղ էլ է նա շարունակում իր գործը, սակայն 2001-ին, ինչ-ինչ հանգամանքներով պայմանավորված, վերադառնում է Երևան: Հարցին, թե ինչու, պատասխանում է. «Ամեն լավ գործ անողին խանգարողներ շատ են լինում»:

Բայց քննդատելու կամ մեղավորներ փնտրելու սովորություն չունենալով` իր գործունեության ժամանակավոր դադարի պատճառների մասին ավելին չի ասում, մանավանդ որ ընտանեկան մանկատան իր երազանք-ծրագիրը դեռ պատրաստվում է իրականություն դարձնել Քաշաթաղի շրջանում: «Այն, ինչ արել եմ 1992-2001 թթ., իմ ծրագրերի ընդամենը մեկ տոկոսն է: Ամեն ինչ դեռ նոր է սկսվում»:

Նա համոզված է, որ ազատագրված տարածքների վերաբնակեցումը Հայաստանի անվտանգության երաշխիքն է: Այո, իրականացնելը դժվար է, և դա պետք է արվի պետական ամենաբարձր մակարդակով և անհատ նվիրյալների անձնազոհության շնորհիվ: Վլադիմիր Նիկողոսյանը պատրաստ է այդ անձնազոհությանը, նաև վստահ, որ եթե ինքն անապատում էլ լինի, միևնույն է, իր կողքին մարդիկ կհավաքվեն:

 

Անի ԳԱՍՊԱՐՅԱՆ

Անկախ

Ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

ձյուն, մերկասառույցՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ին` ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ Է:


Եղվարդի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Սիսիանի ավտոճանապարհներին և Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում առանց խիստ անհրաժեշտության ժամը 17:00-ից մինչև 07:00-ն չօգտվել Թթու ջուր-Նավուր ճանապարհից:

Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման  աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Երևանում

ԱվտովթարԴեկտեմբերի 14-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Երևանի Հերացու փողոցից Խանջյան փողոց տանող նորակառույց ճանապարհի վերջնամասում  «ՎԱԶ-21703»  մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել թունելի պատին և կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է  հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 14-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Երևանի Աբովյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել անհայտ մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով տաքսի ավտոմեքենայի ուղևորուհին նույն օրը, ժամը 22.00-ին, մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 15-ին, ժամը 18.30-ին, Երևանի Աճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում իրար  են բախվել  «Դեյու Նեքսիա»  և   «ՎԱԶ-21074»  մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Դեյու Նեքսիա»-ի ուղևորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

 Անկախ

Առաջիկա հինգ օրերին տեղումներ չեն լինի

Եղանակը ՀայաստանումՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին հայտնում են, որ Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 17-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ:

Քամին հարավ-արևմտյան 5-10մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 20-21-ին, բացառությամբ Արարատյան դաշտի, կբարձրանա` 2-3 աստիճանով:

Երևանում՝
Դեկտեմբերի 17-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, ժամանակ առ ժամանակ կդիտվի մառախուղ:

Երևանի դեկտեմբերի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ`
• Օդի առավելագույն ջերմաստիճան 17.20C (1981 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -15.40C (1956 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան -0.20C

Ազատ Սարգսյանի հոգեհանգիստը կկայանա Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում

ազատ սարգսյանԻնչպես  Անկախին տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմից, ՀՀ նախագահի հոր՝ Ազատ Ավետիսի Սարգսյանի քաղաքացիական հոգեհանգիստը կկայանա Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում, դեկտեմբերի 18-ին, ժամը 18.00-ին:

Հուղարկավորությունից առաջ վերջին հրաժեշտը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին, ժամը 12.00-ին՝ նույն վայրում:

Վերականգնվել է Տաթև – Աղվանի – Կապան ավտոճանապարհի փլուզված հատվածը

ճանապարհՀՀ տրանսպորտի  և կապի նախարարությունից  Անկախին հայտնեցին, որ   2013թ.  վերականգնվել   և  շահագործման  են հանձնվել  ՀՀ  Սյունիքի  մարզի Տաթև համայնքով  անցնող  հանրապետական   նշանակության  Տաթև – Աղվանի – Կապան  ավտոճանապարհի  կմ 14+800  և կմ 23+500 փլուզված  հատվածները:

Շինարարական աշխատանքներն իրականացրել է «Ոսմար» ՍՊ ընկերությունը:

Կատարվել են հողային և ջրահեռացման համակարգի վերականգնման աշխատանքներ:

Անկախ

ՀԿԵ-ն աշխատում է բնականոն ռեժիմով

ՀԿԵ ՓԲԸՉնայած ձյան առատ տեղումներին՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն աշխատում է բնականոն ռեժիմով: Ներկա պահին կատարվում են երկաթուղային գծերի մաքրման և անխափան երկաթուղային հաղորդակցության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքները:

Անցած շաբաթ ձնամաքրման աշխատանքներ էին տարվում Նուռնուս-Ծովագյուղ, Վարդենիս-Զոդ, Գյումրի-Անի, Գյումրի-Ղալթախչի հատվածներում, Չարենցավան կայարանում: Ձնամաքրման աշխատանքներ կատարում էին 4 ձնամաքրող մեքենա, որից 2-ը՝ Գյումրիից և 2-ը՝ Սևանից:

Ներկա պահին ձնամաքրման աշխանատքներն՝ անհրաժեշտ տեխնիկայի ու մասնագետների մասնակցությամբ, շարունակվում են:

«ՀԿԵ» ՓԲԸ գնացքներն աշխատում են համաձայն գրաֆիկի: Չվացուցակին համապատասխան աշխատում է ինչպես Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային ուղևորատար գնացքն, այնպես էլ ներհանրապետական էլեկտրագնացքները:

 

 Անկախ

ՀՅԴ Երևանի կոմիտե.Մասնակցեք Ազատության հրապարակում մեկնարկող ԸՆԴԴԵՄ կենսաթոշակայինի երթին

ՀՅԴ2014 թվականի հունվարի 1-ից   ուժի մեջ  է մտնում բազմաստիճան կենսաթոշակային մի համակարգ, որի մի շարք դրույթներ  արդարացի ընդվզում են առաջացրել հասարակության ամենատարբեր շերտերում։   2014թ.  գործարկվող “Կուտակային կենսաթոշակների մասին՚”ՀՀ օրենքի համաձայն, 1974թ. և հետո ծնված ՀՀ քաղաքացիները պարտավոր կլինեն կուտակային մասնավոր ֆոնդերին  փոխանցել  իրենց  չհարկված աշխատավարձի 5-ից 10 տոկոսը։

Ըստ էության, օրենքով պարտադրվող կուտակային վճար գանձելն ու այն մասնավոր կենսաթոշակային հիմնադրամին ուղղելը ոչ իրավաչափ է և հակասության մեջ է մտնում Սահմադրության 45-րդ հոդվածի հետ՝ խախտելով Սահմանադրությամբ երաշխաված անձի սեփականության իրավունքը:

Օրենքով նախատեսված պարտադիր կուտակային բաղադրիչը հակասում է նաև սոցիալական պետության սահմանադրական համակարգին՝ խաթարելով Սահմանադրությամբ նախատեսված սոցիալական մի շարք իրավունքների պատշաճ իրականացումը: Հիմնավորված չէ նաև պետության կողմից ֆոնդերի երաշխավորությունը պետբյուջեի վրա թողնելը։

Քաղաքացիների կողմից կատարված վճարների տնօրինումը օտարերկրյա մասնավոր ընկերություններին հանձնելը մի շարք իրավական, տնտեսական ու սոցիալական խնդիրներ է առաջացնում՝ կապված գումարների երաշխավորելիության, գումարները երկրից դուրս հանելու, ինչպես նաև ֆոնդերի կառավարման, դրանց  թափանցիկության հետ։

Առաջարկվող մոդելը  միջազգային պրակտիկայում լինելով աննախադեպ, ակհայտորեն ռիսկային է և  ոչ միայն չի ապահովում կենսաթոշակային համակարգի առջև ծառացած խնդիրների ամբողջական լուծումը, այլև  չի երաշխավորում ապագա սերունդների արժանապատիվ կենսաթոշակ ստանալու հնարավորությունը:

Ավաղ, վերոնշյալ  և մի շարք այլ հիմնախնդիրների շուրջ անդրդվելի և անտարբեր մնացին կառավարությունն ու խորհրդարանական կոալիցիան՝  մերժելով անգամ  Ազգային ժողովում հարցը  քննարկելու և օրենքի գործադրումը մեկ տարով հետաձգելու ՀՅԴ, ԲՀԿ, ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ և ՀԱԿ խորհրդարանական խմբակցությունների նախաձեռնությունը: “ՙԿուտակային կենսաթոշակների մասին՚”ՀՀ օրենքի սահմանադրականությունը խորհրդարանական չորս ուժերը կվիճարկեն Սահմանադրական դատարանում։

ՀՅԴ Երևանի կոմիտեն՝  կարևորելով  ՀՀ օրենքների սահմանադրականությունը, պաշտպանված և երաշխավորված իրավունքներով ու արժանապատիվ ապագայով հասարակություն ունենալու գերխնդիրը,  կոչ է անում երևանցիներին մասնակցելու  դեկտեմբերի 17-ին, ժամը 12:-30-ին  Ազատության հրապարակում մեկնարկող  ԸՆԴԴԵՄ կենսաթոշակայինի երթին։

Սիրելի երևանցիներ, միասին պայքարենք հանուն մեր իրավունքների, հանուն սոցիալական և իրավական երկրի։

 

   ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ  ԵՐԵՎԱՆԻ  ԿՈՄԻՏԵ

 Անկախ

ՀՀ ԶՈՒ գործողությունները լինելու են կանխարգելիչ և խիստ. ՊՆ

պնՍույն թվականի նոյեմբերի 5-ին Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ արձագանքելով ռազմական գործողությունների առումով զսպվածություն ցուցաբերելու ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կոչին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով ամբողջ այս ընթացքում հայկական կողմից չի արձակվել ոչ մի կրակոց:

Սույն թվականի դեկտեմբերի 14-ի միջադեպը, որի ժամանակ հակառակորդի կրակից զոհվել է պայմանագրային զինծառայող, շարքային Հրանտ Սերյոժայի Պողոսյանը, հերթական անգամ ցույց է տալիս, որ ադրբեջանական կողմը, անտեսելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կոչերը, շարունակում է հրադադարի պահպանման անտեսման իր մշտական մոտեցումը, մասնավորապես` Համանախագահների Բաքվում գտնվելու ժամանակ:

ՊՆ  մամլո ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ այս ամենի արդյունքում ՀՀ զինված ուժերի գործողությունները լինելու են կանխարգելիչ և խիստ:

Անկախ

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն է հայտնում շարքային Հրանտ Սերյոժայի Պողոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Թթու ջուր – Նավուր ավտոճանապարհը

ավտոճանապարհ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության 

լրատվական ծառայությունից Անկախին հայտնեցին, որ դեկտեմբերի 16-ին` ժամը 09:10-ի դրությամբ, հանրապետության  ողջ տարածքում առանց տեղումների եղանակ Է:


Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Եղվարդի, Կոտայքի, Սևանի, Դիլիջանի, Գավառի, Սիսիանի, Գորիսի ավտոճանապարհներին և  Սելիմի լեռնանցքում տեղ- տեղ   մերկասառույց է:

Սաստիկ  բքի և անբավարար տեսանելիության պատճառով  փակ է Թթու ջուր – Նավուր ավտոճանապարհը:

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում ժամը 17:00 – ից  մինչև 7:00-ն  առանց  խիստ անհրաժեշտության չօգտվել Թթու ջուր – Նավուր ճանապարհից:

Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման    աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:

Անկախ