Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Ավագ Հակոբյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայ
Ինչպես գիտեք, սույն թվականի մայիսին Մեղրիում ստորագրահավաք անցկացվեց` ընդդեմ այդ տարածաշրջանում իրականացվող երկրաբանահետախուզական աշխատանքների և հանքերի հետագա շահագործման, որի տակ ստորագրեցին մոտ 2500 մեղրեցիներ: Ստորագրահավաքի տեքստում նշված է, որ լիցենզիաների տրման, աշխատանքների իրականացման հարցում ոչ ոք հաշվի չի նստել տեղաբնակների կարծիքի հետ: Բազմաթիվ հանքավայրերի մեջ առանձնահատուկ է Տաշտուն համայնքի տարածքում գտնվող հանքավայրը` այնտեղ իրականացվող աշխատանքներով։
Համահայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ) որոշեց ավելի մանրամասն զբաղվել սույն խնդրով: Դեռևս հունիսի 7-9-ը ՀԲՃ-ի երկու անդամ այցելեցին Մեղրու տարածքաշրջանի Տաշտուն գյուղական համայնք և պարզեցին, որ այստեղ ոչ միայն անցկացվում են հետախուզական աշխատանքներ, այլ նաև գյուղին շատ մոտ սկսվել են հարստացուցիչ ֆաբրիկայի կառուցման աշխատանքները: Կան տեղեկություններ, որ Տաշտունում հայտնաբերել են տարբեր տեսակի ազնիվ և լանթանոիդների շարքին պատկանող հազվագյուտ մետաղներ: Հայտնի է նաև, որ այդ հազվագյուտ մետաղներն օգտագործվում են հրթիռաշինության մեջ: Տաշտունի բնակիչները նշում են, որ հանքի տերը ազգությամբ ռուս է, իսկ տիրոջ ներկայացուցիչն այս պահին տուն է վարձում գյուղում և զբաղվում է աշխատանքների կարգավորմամբ: Հետաքրքրական է, որ Տաշտունում հանք բացող «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ի մասին չկար որևէ տեղեկություն: Գյուղապետը նշում էր, որ իր մոտ կան հանքի բացման հետ կապված բոլոր փաստաթղթերը, որ հանքարդյունաբերող ընկերությունը քառամյա զարգացման ծրագիր է իրականացնելու գյուղում:
Այդ այցից հետո մենք հարցում ուղարկեցինք ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն, որի արդյունքում պարզվեց հետևյալը.
2007թ-ի օգոստոսի 8-ից մինչև 2012թ-ի հունիսի 15-ը «ՎՐԵԺ-ԴԵՐՈ» ՍՊԸ-ին տրամադրվել է երկրաբանական ուսումնասիրության թույլտվություն ՀՀ Սյունիքի մարզի Քարասարի և Պրիխրեպտովոյի երևակման 300 հա մակերեսով տարածքում որոնողական աշխատանքներ իրականացնելու համար: 2012թ-ի օգոստոսի 15-ին այդ թույլտվության ժամկետը երկարաձգվել է մինչև 2014թ-ի հունիսի 15-ը: Սակայն նույն 2012թ-ի դեկտեմբերի 14-ին «ՎՐԵԺ-ԴԵՐՈ» ՍՊԸ-ն իր այդ իրավունքները փոխանցում է «Վենտմայն» ՍՊԸ-ին, իսկ դրանից 12 օր անց` դեկտեմբերի 26-ին, արդեն «Վենտմայն» ՍՊԸ-ն էլ իր հերթին այն փոխանցում է դրանից ընդամենը մեկ ամիս առաջ ստեղծված՝ վերը նշված «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ին։
Ֆուտբոլային այս արագընթաց կոմբինացիայից հետո, ՀՀ կառավարությունը` ոչ պակաս արագությամբ, 2013թ-ի մայիսի 23-ի նիստում որոշում է ընդունում` ներդրումային ծրագրի շրջանակներում «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ի կողմից 300 միլիոն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը մինչև 3 տարի ժամկետով երկարաձգելու մասին: Այդ որոշման մեջ նշված են նաև ակնկալվող արդյունքները, որոնք են` ընկերության կողմից կառուցվող արտադրական համալիրը թույլ կտա 2013 թվականին թողարկել շուրջ 1.4 մլրդ ՀՀ դրամի արտադրանք` հաջորդ տարիներին այն հասցնելով մինչև 2.2 մլրդ ՀՀ դրամի: Թողարկված արտադրանքը կարտահանվի և կիրացվի «ԱՏ-ՍՊԵՑՏԵԽՆՈԼՈԳԻԱ» ՍՊԸ-ի և «ԱՎԻԱՏԵԽՆՈԼՈԳԻԱ» ՓԲԸ-ի կողմից, որոնք հանդիսանում են «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ի բաժնետերերը (ի դեպ այդ երկու կազմակերպություններն էլ ռուսական են): Ներդրումային ծրագրի շրջանակներում «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ն 2013 թվականին նախատեսում է ստեղծել շուրջ 75 աշխատատեղ` մոտ 270 հազար ՀՀ դրամ ամսական միջին աշխատավարձով, իսկ հաջորդ տարում աշխատատեղերի քանակը հասցնելով մոտ 105-ի:
Արդեն Սյունիք կատարած հնգօրյա այցի շրջանակներում` Համահայկական բնապահպանական ճակատի մի քանի անդամներ հունիսի 28-ին նորից այցելեցին Տաշտուն, որտեղ ականատես եղան, որ «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ն կատարում է հողաշինարարական աշխատանքներ։ (http://www.youtube.com/watch?v=Kc-CnsOqNME&feature=youtu.be) Արդեն փորված էր մոտ տասը մետր խորությամբ բավականին մեծ մակերեսով փոս, իսկ հանված հողի շերտը լցվում էր մոտակայքով անցնող Տաշտուն գետի հովիտը: Ավելի վերևում կատարվում էին նաև բետոնապատման աշխատանքներ։ Քանի որ տարածքում բացակայում էր շինարարության մասին տեղեկություններ հաղորդող որևէ ցուցանակ, ՀԲՃ-ի անդամները տեղի աշխատակիցներից պահանջեցին համապատասխան փաստաթղթեր, որոնք կհաստատեին շինթույլտվության առկայությունը: Որոշ ժամանակ բնապահպանները կարողանում են կանգնեցնել աշխատանքները, սակայն փաստաթղթեր այդպես էլ չեն ներկայացվում: ՀԲՃ-ն ահազանգ է փոխանցում ՀՀ քաղաքաշինության և բնապահպանության նախարարություն` տեղյակ պահելով կատարվող շինարարության ու փաստաթղթերի բացակայության մասին:
Հաջորդ օրը` հունիսի 29-ին, ՀԲՃ-ի Կանաչ ջոկատի 14 անդամներ կրկին այցելում են Տաշտուն: Այս անգամ սկզբում գնում են հանքավայրի տարածք` որտեղ նույնպես ականատես են լինում կատարված հողաշինարարական աշխատանքների, ինչը բոլորովին նման չէր երկրաբանական ուսումնասիրությունների, այլ ավելի շուտ իրենից ներկայացնում էր հանքի մակաբացման աշխատանքներ: Այստեղ ոչ մի պատասխանատու չկար` բացի պահակից, որը ըստ իր խոսքերի` ոչ մի բանից տեղյակ չէր: Քիչ անց մեքենայով մոտենում են երկու աշխատակից, որոնք նույնպես ոչ մի փաստաթուղթ չեն կարողանում ներկայացնել կատարվող աշխատանքների վերաբերյալ: Դրանից հետո իջնելով գյուղ` նախորդ օրը կատարվող շինարարության վայր, բնապահպանները տեսնում են, որ շինարարությունը շարունակվում է: Նրանք մոտավորապես մեկ և կես ժամ դադարեցնում են շինարարական աշխատանքները` պահանջելով համապատասխան փաստաթղթեր, սակայն` ապարդյուն: Այդ ընթացքում մի խումբ գյուղացիներ` մոտ 25-30 հոգի, գալիս են դեպքի վայր և բանավեճի բռնվում բնապահպանների հետ` պահանջելով, որ թույլ տան շարունակել աշխատանքները: Քիչ անց ժամանում է նաև Տաշտունի գյուղապետ Հենրիկ Գաբրիելյանը։ Սակայն ո´չ գյուղապետը, ո´չ ընկերության ներկայացուցիչը, ո´չ տեղում շինարարություն իրականացող աշխատակիցները բնապահպաններին չներկայացրին որևէ փաստաթուղթ, որը կփաստեր շինթույլտվություն ունենալը, կամ գոնե կներկայացներ իրականացվող շինարարության մյուս մանրամասները: Դրա փոխարեն պատասխանատուներից մեկը, որը ազգությամբ ռուս էր, փորձում էր մեզ բացատրել, որ իրենք վերևից «դաբրոն» ունեն և խորհուրդ էր տալիս հանդես չգալ վերևների դեմ։
ՀՀ քաղաքաշինության նախարարությունից մեզ պաշտոնապես պատասխանել են, որ մեր ահազանգի հիման վրա կատարած ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ն առանց քաղաքաշինական և իրավական փաստաթղթերի ձևակերպման, փաստորեն՝ ինքնակամ, իրականացնում է բետոնապատման և հողային աշխատանքներ։ Իրենց կողմից 2013թ հուլիսի 12-ին Տաշտուն համայնքի ղեկավարին ուղարկվել է գրություն, որով առաջարկվել է կասեցնել ինքնակամ իրականացվող շինարարությունը և միջոցներ ձեռնարկել հետևանքների վերացման ուղղությամբ։ Իսկ ահա ՀՀ բնապահպանության նախարարությունից պաշտոնական պատասխան դեռևս չունենք, սակայն դրա փոխարեն իրենց կայքից տեղեկանում ենք, որ բնապահպանական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի շինարարության համար «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ի նկատմամբ կայացվել է ընկերության գործունեության դադարեցման որոշում։
Ողջունելի է, որ բնապահպանության նախարարությունը դադարեցնում է Տաշտունում կատարվող ապօրինի շինարարությունը, սակայն չպետք է աղավաղել իրականությունը: Իրականում տեսչությունը չի հայտնաբերել ապօրինի շինարարությունը, այլ ստիպված է եղել «տեսնել» դա մեր ահազանգից հետո: Իսկ շինարարական աշխատանքներն այդ տարածքում սկսվել էին վաղուց, և ցանկության դեպքում կարելի էր հայտնաբերել դրանք առանց մեր ահազանգի: Բացի դրանից հերթական անգամ տեսնում ենք, որ պետական մարմինները չեն ուզում գնահատել շրջակա միջավայրին հասցված վնասը և ստիպել փոխհատուցել այն, պարզել ապօրինի շինարարություն իրականացնողների պատասխանատվության չափը և քայլեր ձեռնարկել մեղավորներին պատասխանատվության կանչելու ուղղությամբ:
Փորձը ցույց է տալիս, որ պետական մարմինները նմանօրինակ դեպքերին լավագույն դեպքում արձագանքում են միայն ահազանգերից և հանրային ճնշումներից հետո, իսկ խախտումներ թույլ տվողները հիմնականում մնում են անպատիժ, քանի որ Հայաստանում օրենքները գործում են միայն «մեջք» չունեցողների համար, իսկ ունեցողներին թույլատրված է ամեն ինչ:
Փաստորեն, ՀՀ կառավարությունը հարկային արտոնություններ է տրամադրել մի ընկերության, որը ստեղծվել է ընդամենը մի քանի ամիս առաջ, ոչ թե ներդրումներ կատարելու, այլ Հայաստանի ընդերքի հերթական թալանը կազմակերպելու համար, որը չունի հանքարդյունաբերության ոլորտում ոչ մի փորձ, առանց հանքավայրի պաշարների գնահատման, շահագործման լիցենզիայի և բնապահպանական փորձաքննության դրական եզրակացության սկսել է հանքի շահագործում ու ֆաբրիկայի կառուցում։ «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ն, այսօրվա դրությամբ չունենալով այդ բոլոր կարևոր թույլտվությունները, 300 միլիոն դրամի սարքավորումներ է սկսում ներմուծել մեր ազգային հարստությունը թալանելու համար և հայտարարում, որ 2013թ-ի ընթացքում թողարկելու է շուրջ 1.4 մլրդ դրամի արտադրանք։ Հարց է առաջանում, իսկապե՞ս այդ ընկերությունում չգիտեն ՀՀ օրենքները, թե՞ դրանց կատարումը պարտադիր չէ վերևներում «դաբրո» ունեցողների համար։
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության կողմից մշտական հսկողության է իրականացվում սոցիալական ծրագրերի պատշաճ կատարման ուղղությամբ:
Այդ նպատակով պարբերաբար ստուգայցեր են կատարվում սոցիալական ծառայությունների տարածքային բաժիններ`աշխատանքային առօրյային և կարիքավոր բնակչությանը մատուցվող սոցիալական ծառայությունների տրամադրմանը տեղում ծանոթանալու նպատակով:
Վարչական շրջանների աշխատակազմերի սոցիալական բաժինների պետերի և սոցիալական ծառայությունների տարածքային բաժինների պատասխանատուների մասնակցությամբ Ավան վարչական շրջանում հրավիրված քննարկմանը ներկայացվել են 2013 թվականի առաջին կիսամյակում իրականացված և մինչև տարեվերջ նախատեսված ծրագրերը:
Մասնավորապես, ներկայացվել են նաև նույն ժամանակահատվածում սոցիալական ծառայությունների կողմից կարիքավոր բնակչության փաստագրման արդյունքները, ինչպես նաև նշանակված պետական նպաստների և դրանց փաստացի վճարման ցուցանիշները:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը նշել է, որ քաղաքապետի հանձնարարությամբ ուշադրության կենտրոնում պետք է շարունակի մնալ կարիքավոր քաղաքացիների կողմից բարձրացվող հարցերի, դիմումների և առաջարկությունների նկատմամբ հսկողությունը` հնարավոր լուծումներ տալու և պատշաճ սոցիալական սպասարկում ապահովելու համար:
Քննարկման մասնակիցները այցելել են նաև վերջերս Ավանում բացված “Ինտեգրված սոցիալական ծառայությունների համալիր կենտրոն”, որտեղ բնակչությանը “Մեկ պատուհան” և ” Մեկ կանգառ” սկզբունքով մատուցվում են համալիր սոցիալական ծառայություններ: Ի դեպ, նշենք, որ նման կենտրոններ գործում են նաև Նուբարաշեն, էրեբունի, Աջափնյակ, Դավթաշեն և Նորք-Մարաշ վարչական շրջաններում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 18-ին հանդիպեց ՀՀ պետական կառավարման ակադեմիայի, Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավունքի եւ քաղաքականության ինստիտուտի ուսանողների հետ։
Մեկ ժամից ավելի տեւած զրույցն ընթացավ անմիջական ու անկաշկանդ մթնոլորտում, որի ընթացքում երիտասարդները ԱԺ փոխնախագահին ուղղեցին բազմաթիվ հարցեր, որոնք հիմնականում առնչվում էին տնտեսության զարգացմանը, արտագաղթին, հայ-ռուսական հարաբերություններին, Հայաստան-Եվրամիություն, Հայաստան-Եվրասիական միություն հարաբերություններին եւ մի շարք այլ խնդիրների։
Անդրադառնալով արտագաղթին, Էդուարդ Շարմազանովը նշեց, որ դրա դեմ պայքարի լավագույն միջոցը տնտեսության զարգացումն ու տնտեսական աճն է, ինչին էլ միտված է հանրապետության կառավարության եւ իշխանությունների ամենօրյա աշխատանքը։
Ուսանողներից մեկին հետաքրքրում էր ԱԺ փոխնախագահի կարծիքը՝ վերջերս ՌԴ Պոդոլսկ քաղաքում տեղի ունեցած ավտովթարի հետ կապված ՀՀ քաղաքացու նկատմամբ ռուսական որոշ լրատվամիջոցների կողմնակալ լուսաբանման վերաբերյալ։
Էդուարդ Շարմազանովը նախ՝ իր ցավակցությունը հայտնեց ավտովթարի հետեւանքով զոհվածների հարազատներին։ «Ոչ մեկն իրավունք չունի անհարգալից վերաբերվել ՀՀ քաղաքացու նկատմամբ,- ասաց ԱԺ փոխնախագահը եւ հավելեց, որ հայ-ռուսական հարաբերությունները չի կարելի կապել այդ խնդրի հետ։ «ՌԴ-ն մեր դաշնակիցն է եւ մենք պետք է խորացնենք մեր հարաբերություններն այդ երկրի հետ», – ասաց Էդուարդ Շարմազանովը։
Հայաստան-Եվրամիություն, Հայաստան-Եվրասիական միություն հարաբերությունների առնչությամբ ԱԺ փոխնախագահը նշեց, որ Հայաստանի իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը բխում է մեր երկրի շահերից եւ այն հիմնված է ոչ թե «կամ-կամ», այլ «եւ-եւ» սկզբունքի վրա։ «Պետք է խորացնել մեր հարաբերությունները եւ Եվրամիության, եւ ՌԴ-ի, եւ ԱՄՆ-ի հետ,- նշեց ԱԺ փոխնախագահը։
Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ նաեւ իշխանություն-ընդդիմություն հարաբերություններին։ Երկրի եւ տնտեսության զարգացման համար կարեւորեց առողջ քննդատությունն ու նոր եւ զարգացման հեռանկարներ պարունակող ծրագրերի առաջադրումը։
Հանդիպման ավարտին ԱԺ փոխնախագահը նշելով, որ երիտասարդությունն է մեր երկրի գրեթե բոլոր բնագավառների շարժիչ ուժը, հորդորեց առավել սիրել մեր երկիրը, քանի որ, ըստ նրա՝ «Հայաստանը սկսում է յուրաքանչյուրիս տնից։ Հայաստանը պետք է սիրել ոչ թե վերացական, այլ կոնկրետ»։
Երևանի քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գևորգյանը և Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանն անդրադարձել են մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի սպասարկումն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների կողմից հուլիսի սկզբին ներկայացված ուղեվարձի փոփոխման հայտերի վերանայմանը և մասնագիտական հանձնաժողովի կողմից սահմանված ուղեվարձի նոր չափին: Տնտեսվարող սուբյեկտների կողմից ներկայացված ուղեվարձի բարձրացման հայտերի հիմքում եղել է տարիների ընթացքում արձանագրված պարբերական գնաճը՝ ինչպես նոր մեքենաների ձեռք բերման, այնպես էլ պահեստամասերի, վառելանյութի և քսայուղերի մասով, ինչի հետևանքով սպասարկող ընկերությունները սկսել են վնասով աշխատել: Ըստ այդմ, հայտերում առաջարկված ուղեվարձի սակագնի փոփոխությունը, կապված ուղևորափոխադրումների ծավալից և այլ հանգամանքներից, տատանվել է 140-ից 200 դրամի սահմաններում: Երևանի քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գևորգյանը նշել է, որ այդ կապակցությամբ ստեղծված մասնագիտական հանձնաժողովը ոլորտի պատասխանատուների, հասարակական և շահագրգիռ այլ կազմակերպությունների հետ մի շարք քննարկումներ է անցկացրել: Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը հատկանշել է, որ, ելնելով մասնագիտական հաշվարկներից և դրանց հիմնավորումներից, սահմանվել է մայրաքաղաքային երթուղիները սպասարկող միկրոավտոբուսների և ավտոբուսների ուղեվարձի մեկ միասնական սակագին: Ըստ այդմ, 2013 թվականի հուլիսի 20-ից վերը նշված ուղևորատար տրանսպորտի ուղեվարձը կկազմի 150 դրամ: Անդրադառնալով սպասարկման որակի բարելավմանը՝ Հենրիկ Նավասարդյանը նշել է, որ ուղեվարձի բարձրացումը նաև միտված է ավելի քաղաքակիրթ ծառայությունների մատուցմանը և հավելել, որ, հատկապես նոր ավտոբուսներ ներկրելու առումով, տնտեսվարող սուբյեկտները ավելի շահագրգիռ կլինեն: Նախնական հաշվարկներով՝ մինչև տարեվերջ մայրաքաղաք կներկրվի ևս 100 ավտոբուս: Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը վստահեցրել է, որ ոլորտում իրականացվող բարեփոխումներն այսուհետ երևանցիներին ավելի տեսանելի կլինեն: Տեղեկացվել է նաև, որ տրոլեյբուսների երթևեկության ուղեվարձը ևս հուլիսի 20-ից կավելանա 50 դրամով`կազմելով 100 դրամ, իսկ մետրոպոլիտենի ուղեվարձը չի փոխվի:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Հուլիսի 19-ից 23-ը հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ, Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 19-ին կնվազի 3-5 աստիճանով,այնուհետև էապես չի փոխվի:
Երևանում`
Հուլիսի 19-ից 23-ը երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, տեղումների հավանականությունը փոքր է:
Երևանի հուլիսի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 38.80C (1948 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 14.40C (1910 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 26.40C
Ս.թ. հունիսի 17-ին ՀՀ վարչապետի մոտ կայացած ազատամարտիկների վերաբերյալ առկա հիմնախնդիրների քննարկման արդյունքներով ՀՀ պաշտպանության նախարարությանը հանձնարարվել է որպես մարտական գործողությունների ժամանակահատված սահմանել 1989-1994 թվականները` ներկայումս գործող 1990-1994 թվականների փոխարեն, ՀՀ սահմանների պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու ներկայումս գործող ընթացակարգը փոփոխել և ՀՀ պաշտպանության նախարարությունում, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ու ՀՀ ոստիկանությունում գործող համապատասխան գերատեսչական հանձնաժողովների փոխարեն ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով` ՀՀ պաշտպանության, ՀՀ առողջապահության, ՀՀ արտակարգ իրավիճակների, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, ՀՀ ոստիկանության ու ՀՀ ազգային անվտանության ծառայության ներկայացուցիչներից: Հանձնաժողովի խնդիրն է լինելու մարտական գործողություների մասնակցի կարգավիճակի շնորհումը, մարտական գործողությունների մասնակիցների հաշվառումը, նրանց կարգավիճակի ճշտումը, սոցիալ-տնտեսական վիճակի (կարիքների) գնահատումը և սոցիալական աջակցության մեթոդաբանական հիմքերի մշակումը: Հանձնարարվել է իրականացվող գործընթացներին, միջգերատեսչական հանձնաժողովի և համապատասխան ակտերի մշակման աշխատանքներին ներգրավվել նաև ազատամարտիկների ներկայացուցիչների, ինչը կապահովի աշխատանքների թափանցիկությունը, մարտական գործողությունների մասնակիցների համար որոշումների կայացմանը մասնակից կդարձնի նաև ազատամարտիկներին: Դրանով նաև կապահովվի ընդհանուր աշխատանքների արդյունավետությունը և հիմք կապահովվի ազատամարտիկներին հուզող հարցերի լուծման համար:
Գործընթացի շրջանակներում նախատեսվում է համապատասխան փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27-ի N 778 որոշման մարտական գործողությունների մասնակցության հետ կապված հարաբերությունները կարգավորող դրույթներում:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Բուխարեստ ճամբարի մեկնած երևանցի աշակերտները վերադարձել են վառ տպավորություններով։
Ուսումնական, ինչպես նաև մշակույթի և սպորտի բնագավառներում գերազանց առաջադիմությամբ սովորող 46 աշակերտները ճամբարի 7 օրերի ընթացքում մասնակցել են ինչպես իրենց պատրաստած ծրագրով նախատեսված, այնպես էլ հյուրընկալող կողմի կազմակերպած միջոցառումներին ու մրցաշարերին։ Երևան ժամանած աշակերտներն ուրախությամբ են պատմել, որ այդ օրերի ընթացքում իրենք կարողացել են ծրագրածի չափով ռումինացիներին ներկայացնել ոչ միայն հայկական արվեստն ու մշակույթը, այլև մայրաքաղաք Երևանն ու արժանացել են բազմաթիվ հիացական ու շնորհակալական խոսքերի։ Աշակերտները նշել են, որ այդքան գովեստի խոսքերի արժանանալով՝ մեծ հպարտությամբ են վերադարձել Երևան։
Երևան-Բուխարեստ աշակերտական ճամբարը Երևանի և Բուխարեստի քաղաքապետերի համատեղ նախաձեռնությամբ նման առաջին միջոցառումն էր։
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 17-ից 18-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 15 դեպքից բացահայտվել է 14-ը, կողոպուտի 2 դեպքից` 1-ը, իսկ խարդախության 6 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է գողության 2 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության՝ 5, կողոպուտի` 1 և մարմնական վնասվածք հասցնելու 3 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար. 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Տրանսպորտի ու կապի նախարար Գագիկ Բեգլարյանը կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում հաստատել է, որ երթուղային տաքսիների ուղեվարձը Երեւանում կթանկանա: Ուղեւարձը կդառնա 150 դրամ: Միջքաղաքային եւ միջմարզային երթուղիների ուղեվարձի հարցը, ըստ նախարարի, առայժմ պարզ չէ, եւ թանկացման որոշումներ դեռ չկան:
Մեր կողմից ավելացնենք քիչ առաջ ֆեյսբուքում Սամվել Մարտիրոսյանի գրառումը.“Տրանսպորտի նախարարությունը, եթե քյարթու մտածելակերպից դուրս գա ու մտցնի նորմալ տրանսպորտի վճարման մեթոդներ ֊ աբոնեմենտներ եւ այլ նման բաներ, որոնք, օրինակ, գործում են Թիֆլիսում, ապա եղածից էլ էժան կկարողանան ապահովել։ Մի եղիր քառակուսի տմբուշկի պես, այլ եղիր կլորիկ պոնչիկի պես:”
Հուլիսի 18-ին, ժամը 13.00-ին ահազանգ է ստացվել, որ օձի խայթոցից թունավորումով հիվանդանոց է տեղափոխվել Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի բնակիչ՝ 1995 թ. ծնված Նարեկ Հարությունյանը:
Ըստ բժիշկների՝ տուժածի առողջական վիճակը գնահատվել է լավ:
Այսուհետ Երեւան քաղաքում վճարովի են միայն կարմիր կետագծերով նշագծված իրազեկման համապատասխան ցուցանակով կահավորված հատվածները։ Կայանման համար չարգելված մնացած բոլոր վայրերում ավտոկայանումն անվճար է եւ դրա դիմաց որեւէ մեկը իրավունք չունի կայանման համար գումար պահանջել վարորդից։
Հուլիսի 17-ին, ժամը 00.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի կտրած ծակած» և «ձախ դաստակի կտրած ծակած վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1985 թ. ծնված Արփինե Չ.-ն և 1961 թ. ծնված Անիչկա Չ.-ն:
Մեկնած օպերատիվ խմբին Անիչկա Չ.-ն հաղորդում է տվել, որ հուլիսի 16-ին, ժամը 23.00-ի սահմաններում, տանը վիճաբանության ժամանակ, խոհանոցային դանակով իրեն և հարսին հարվածել ու վնասվածքները պատճառել է որդին` 1983 թ. ծնված Արթուր Չ.-ն:
Արփինե և Անիչկա Չ.-երին տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
Հանցագործության գործիք դանակն առգրավված է:
Արթուր Չ.-ն ձերբակալված է:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Հուլիսի 17-ին, ժամը 10.50-ին, ոստիկանության Մասիսի բաժնում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Նոր խարբերդ գյուղի 5-րդ փողոցի բնակիչ 1956 թ. ծնված Վիտալի Մ.-ն իր տան հողամասում կանեփ է աճեցնում և օգտագործում:
Մեկնած օպերատիվ խումբը Վիտալի Մ.-ի տնամերձ հողամասից զննությամբ հայտնաբերել է 1.3 կգ ընդհանուր կշռով կանեփ բույսի 15 թուփ:
Հուլիսի 17-ին, ժամը 13.50-ին, ոստիկանության Գուգարքի բաժին է դիմել մի ընկերության տնօրեն և հաղորդում տվել, որ ս/թ հուլիսի 4-ին «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայով իր արտադրամաս են եկել երկու կին և մեկ տղամարդ, կանանցից մեկը ներկայացել է որպես Հանքավանի մի հանգստյան տան փոխտնօրեն` Արմինե Ա., և հանգստյան տան համար, վճարումը ս/թ հուլիսի 10-ին փոխանցումով կատարելու պայմանով, խաբեությամբ հափշտակել են 674 կգ 1.066.000 դրամ ընդհանուր արժողությամբ պանիր, սակայն մինչ օրս Արմինե Ա.-ն պանրի գումարը չի փոխանցել:
Ձեռնարկված օպեր.հետախուզական միջոցառումների շնորհիվ 1982 թ. ծնված Արմինե Ա.-ն բերման է ենթարկվել բաժին և կատարվածի մասին տվել բացատրություն:
Հուլիսի 17-ին, ժամը 23.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ձախ սրունքի մասում ստացած հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1981 թ. ծնված Արթուր Դ.-ն:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 23.20-ի սահմաններում, Դիլիջանի Շամախյան թաղամասում` Մոլդովական շենքերի մոտակայքում, Արթուր Դ.-ին, դեռևս չպարզված հրազենով, վնասվածքը պատճառել է նրա հորեղբոր որդին` 1981 թ. ծնված Ժիրայր Դ.-ն:
Ձեռնարկվում են միջոցառումներ Ժիրայր Դ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Հուլիսի 17-ին, ժամը 19.21-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 5 տան բակում նկատվել է օձ, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Օձը հայտնաբերվել է և տեղափոխվել անվտանգ տարածք:
Օձը տեղափոխվել է անվտանգ տարածք
Հուլիսի 17-ին, ժամը 18.03-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Լեռնագործների փողոցի 19ա շենքի 1-ին բնակարանում նկատվել է օձ, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը:
Հայտնաբերվել է շախմատ տեսակի 1,10սմ երկարությամբ օձ և տեղափոխվել անվտանգ տարածք:
***
Հայտնաբերվել է օձ
Հուլիսի 17-ին, ժամը 17.48-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Խաչատրյան փողոցի թիվ 4 տանը նկատվել է օձ, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Օձը հայտնաբերվել է և տեղափոխվել անվտանգ տարածք:
***
Թունավորում օձի խայթոցից
Հուլիսի 17-ին, ժամը 17.28-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 17.19-ի սահմաններում օձի խայթոցից թունավորումով իրենց մոտ է տեղափոխվել Լոռու մարզի Գուգարք գյուղի բնակիչ՝ 1993թ. ծնված Ի.Առաքելյանը:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են լավ:
Նկատվել է օձ
Հուլիսի 17-ին, ժամը 12.26-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի Շուշիի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 1 տանը նկատվել է օձ, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հայտնաբերվել է լորտու տեսակի սողուն և տեղափոխվել անվտանգ տարածք:
Հայտնաբերվել է օձ
Հուլիսի 17-ին, ժամը 10.18-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ջաղացաձոր գյուղի սկզբնամասում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հայտնաբերել են 1 մ երկարությամբ օձ և տեղափոխել անվտանգ տարածք: