Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման համաձայն` մի քրեական գործի շրջանակներում, 1987 թ. ծնված Մհեր Մ.-ին պատկանող տանը և օժանդակ շինություններում կատարված խուզարկությամբ հայտնաբերել են առանց համապատասխան թույլտվության «Իժ-40» տիպի օդաճնշիչ ատրճանակ, «Վոստոկ» տիպի հրացան, երկփողանի հրացան, հրացանի փող և 16 մմ տրամաչափի որսորդական հրացանի 17 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են քննչական բաժանմունք:
Դպրոցի տարածքից 20 բարդի է հատվել
Կոտայքի մարզի դատախազությունից ոստիկանության Կոտայքի բաժնում ստացվել է Կոտայքի մարզի մի միջնակարգ դպրոցի նախկին տնօրենի դիմումը, որ իր աշխատանքային գործունեության ընթացքում դպրոցի տարածքում եղել է շուրջ 50 ծառատեսակ, որոնցից միայն երկուսն են ունեցել փթածություն: Վերջերս նկատել է, որ այդ ծառերը վերացել են և լինելով մտահոգված այդ ծառերի ոչնչացման փաստով` խնդրել է ստուգել դրանց հատման օրինականությունը:
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված տարածքից բարդի տեսակի 20 ծառերի հատումը 2013 թ. մայիսին կատարել է 1948 թ. ծնված Գեղամ Ա.-ն:
Հունիսի 3-ին, ժամը 19.10-ին, Գեղամ Ա.-ն բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Ինքնաշեն ատրճանակ` գերեզմանոցում
Գրպանահատից տուժած կնոջը որոնում են
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողներն օրերս Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցի թիվ 7 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1978 թ. ծնված Արթուր Տ.-ին, 1987 թ. ծնված Լևոն Ա.-ին և 1973 թ. ծնված Արմեն Դ.-ին:
Արմեն Դ.-ի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է դրամապանակ, որը, ըստ նրա հայտարարության հունիսի 3-ին, ժամը 13.00-ին, թիվ 39 երթուղու միկրոավտոբուսի սրահում գողացել է անծանոթ կնոջից:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:
Աքցանով և պտուտակահանով զինված գողին բռնել են շքամուտքում
Հունիսի 3-ին, ժամը 04.50-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Երևանի Ա. Խաչատրյան փողոցի 24 շենքի 2-րդ շքամուտքում մի մարդ ինչ-որ բան է կոտրում:
Մեկնած օպերատիվ խումբը բերման է ենթարկել 1953 թ. ծնված Ռաֆայել Մ.-ին, որի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է ակցան և երկու պտուտակահան:
Պարզվել է, որ նա օգտվելով շքամուտքի առաջին հարկում տեղադրված մետաղյա պահարանի դռան բաց լինելու հանգամանքից` գողացել է էլեկտրական 6 անջատիչ, ապա աքցանով բացելով երկու մետաղյա պահարանները` կրկին փորձել է էլեկտրական անջատիչներ գողանալ, սակայն` չեն եղել:
Ռաֆայել Մ.-ն խոստովանել է հանցանքը:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:
Հայ-ադրբեջանական սահմանագոտում երկու պայմանագրային զինծառայողներ են զոհվել
Ստացված օպերատիվ տեղեկության համաձայն` հունիսի 5-ին, հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային գնդակային վիրավորում են ստացել պայմանագրային զինծառայողներ Անդրանիկ Սամվելի Եղոյանը (ծնվ. 1988թ., Արարատի զ/կ) և Բորիս Բենիկի Գասպարյանը (ծնվ. 1992թ., Արարատի զ/կ):
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն է հայտնում ՀՀ սահմանների անվտանգությունն ապահովելու ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Միջադեպի մանրամասները ճշտվում են: ՀՀ զինված ուժերը վերահսկում են իրավիճակը շփման գծում` իրականացնելով իրավիճակին համարժեք գործողություններ:
Հակառակորդի ձեռնարկած այս սադրանքը շփման գծում Ադրբեջանի զինված ուժերի վերջին օրերի գործողությունների տրամաբանական շարունակությունն է, ինչը կրկին անգամ վկայում է, որ հարևան պետության իշխանություններն արհամարհում են ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ցանկացած նախաձեռնություն, չեն ցանկանում խաղաղ ճանապարհով լուծել ԼՂ հիմնախնդիրը, պարբերաբար դիմում են սադրիչ գործողությունների` արհեստականորեն ապակայունացնելով իրավիճակը սահմանագոտում և վտանգելով բանակցային գործընթացը: Սրանով Ադրբեջանի իշխանությունները ցուցադրում են իրենց արհամարհանքը և ԵԱՀԿ ՄԽ գործունեության, և միջնորդ պետությունների ղեկավարների գործադրած ջանքերի, և միջազգային հանրության նկատմամբ:
Մտավոր խնդիրներով երիտասարդների «Փրկությունը»
Դեռ ոչ վաղ անցյալում մտավոր խնդիր ունենալը մեր հասարակության մեջ ամոթ էր համարվում, խարան, իսկ նման երեխաներ ունեցող ծնողների մեծ մասն ամեն կերպ փորձում էր թաքցնել այդ «ամոթալի իրողությունը»՝ երեխային մեկուսացնելով արտաքին աշխարհից: Ժամանակները փոխվել են, և հավասար հնարավորություններ ու հասարակությանը լիարժեք ինտեգրվելու պահանջ է ներկայացնում նաև հասարակության այս հատվածը: Ճիշտ է, մեր իրականության մեջ դեռևս չի հաղթահարվել այդ խնդիրը, անելիքներ շատ կան, սակայն հասարակական ոլորտում աշխատող որոշ կազմակերպությունների շնորհիվ հաջողվել է գոնե կոտրել բազմաթիվ կարծրատիպեր:
Օրինակ` մեզանից քանի՞սը գիտի, որ Երևանում գործում է մտավոր խնդիրներ ունեցող դեռահասների ու երիտասարդների թատերախումբ: Նման մի զարմանալի ու նոր աշխարհ ինձ համար բացահայտվեց օրերս Երևանի Շենգավիթ համայնքում գործող «Փրկություն» հասարակական կազմակերպությունում: Սա միակ թատերախումբն է, որի բոլոր դերասանները մտավոր խնդիրներ ունեցողներ են: Պարզվեց՝ «Փրկություն» թատերախումբը ելույթներ է ունենում մանկատներում, դպրոցներում, վերջերս էլ հյուրախաղերով եղել է Արցախում: Իսկ մայիսի 30-ի ներկայացումը մի յուրօրինակ ակցիա էր ընդդեմ արտագաղթի:
Մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդները, «Հայրենիքիս կանչը» ներկայացման միջոցով նորովի ներկայացնելով հայտնի «Գիքորը», ապացուցեցին, որ իրենք էլ, որպես հասարակության լիիրավ անդամ, անտարբեր չեն երկրի առջև ծառացած ամենալուրջ խնդիրներից մեկի՝ արտագաղթի նկատմամբ: Իսկ ներկայացման գլխավոր հերոսը, շրջելով աշխարհեաշխարհ, ոչ միայն որոշեց վերադառնալ իր հայրենիք, այլև Գիքորին էլ հետը բերել, և թումանյանական հոգեմաշ ստեղծագործությունը երջանիկ ավարտ ունեցավ:
Ներկայացման վերջում դերասանները խրախուսվեցին պատվոգրերով, իսկ նրանց դեմքերը երջանկությունից փայլում էին: Կենտրոնի ոչ այնքան մեծ դահլիճի բեմում, որտեղ հավաքված էին բազմաթիվ հյուրեր, որոշ պաշտոնյաներ, նրանք ևս մեկ անգամ ապացուցեցին, որ իրենք էլ հասարակության մի մասնիկն են, որ կարող են խոր զգացումներ առաջացնել հանդիսատեսի սրտում և փոխադարձաբար վերցնել մարդկանց սերն ու ջերմությունը:
Պատահական չէր, որ երիտասարդներից շատերը, բեմից դուրս անկեղծանալով, ասացին, որ ուզում են դերասան դառնալ:
Գիքորի կերպարը մարմնավորող 22-ամյա Վարդուհին ասաց, որ երբ այդ ֆիլմը դիտել է, շատ է հուզվել և միշտ ցանկացել է Գիքորի դերը խաղալ: Աղջկա ցանկությունը չեն մերժել:
Ներկայացման գլխավոր կերպարին՝ Տիգրանին մարմնավորող Ապրիլիկը, որ արդեն 11 տարի է՝ հաճախում է այս կենտրոն և թատերախմբի ամենաառաջին դերասաններից է, նույնպես խոստովանում է, որ իր երազանքը թատրոնում լինելն է: Սակայն նա այլ հետաքրքրություններ էլ ունի՝ սպորտը, որտեղ լուրջ հաջողությունների է հասել: Պատմեց, որ վերջերս եղել է Կորեայում և Լեհաստանում՝ մասնակցելու վազքի մրցումների: Վերջին մրցումից ինքն ու ընկերն արծաթե մեդալով են վերադարձել Հայաստան: «Մարդիկ մեզ հետ ավելի ազատ պետք է շփվեն, մենք դրանով մեզ ավելի ապահով կզգանք»,- ասում է 30-ամյա Ապրիլիկը:
Կարինե Խաչատրյանը կազմակերպության երկարամյա աշխատողներից է: Նրա 21-ամյա որդին նույնպես մտավոր խնդիր ունի: Տիկին Կարինեն խոստովանում է, որ երբ երեք տարեկանում իր որդու՝ Արսենի մոտ հայտնաբերվում է մանկական ուղեղային կաթված, իր համար դա շոկ էր, մանավանդ որ այդ տարիներին այսօրվա պես չէր մտածում:
Աստիճանաբար շփվելով բախտակից մարդկանց հետ՝ նա հասկանում է, որ դա վերջնագիր չէ, անգամ այդ վիճակում իր երեխան կարող է հասարակության լիարժեք անդամ լինել: «Արսենը սկզբում շատ վատ վիճակում էր, հիմա, փառք Աստծո, սովորել է, ձեռք բերել խոհարարի մասնագիտություն, աշխատում է: Ծնողի ջանքերը շատ կարևոր են, ծնողը պետք է իմանա իր երեխայի հնարավորություններն ու կարողությունները և հենց այդ շրջանակներում էլ փորձի զարգացնել նրան»:
Նա խորհուրդ է տալիս բոլոր ծնողներին, որոնք նման երեխաներ ունեն, ձեռքները ծալած չնստել ու սպասել, որ պետությունն իրենց համար ինչ-որ բան անի: Իսկ ամենակարևորը՝ չփակել իրենց երեխաներին տանը՝ չորս պատի մեջ. «Պետք է նրանց ամեն տեղ տանել, ամեն բանի մասնակից դարձնել, չպետք է ամաչել ընկերներից, բարեկամներից ու հարևաններից: Պետք է հանրության աչքը սովորի այս մարդկանց ներկայությանը: Ամեն մարդ էլ մի թերություն ունի, նրանք էլ այդ կարգի թերություն ունեն, բայց շատ ավելի բարի հոգի ունեն, քան մյուսները»:
Ի դեպ, նա նշում է, որ Արսենը սովորել է ներառական ծրագրով դպրոցում, որտեղ սովորական երեխաների հետ կողք կողքի սովորում են նաև ֆիզիկական ու մտավոր խնդիրներ ունեցող աշակերտներ: Նա զգացել է, որ այդ դպրոցի բոլոր աշակերտներն ավելի բարի ու ավելի հանդուրժող են:
«Փրկություն» հասարակական կազմակերպությունը հիմնվել է մտավոր խնդիրներով երեխաներ ունեցող մի քանի ծնողների համախմբման շնորհիվ և արդեն 15 տարի է՝ ցերեկային խնամք է տրամադրում 15-35 տարեկան շուրջ 63 շահառուի: Այստեղ գտնվողներից շատերն ունեն նաև ֆիզիկական խնդիրներ:
Ինչպես նշում է կազմակերպության նախագահ Արփինե Աբրահամյանը, իրենց գլխավոր նպատակն է, որ հատուկ դպրոցներն ավարտելուց հետո այդ երեխաներն ապրեն տանը, չհայտնվեն մանկատանը կամ փողոցում և իրենց մտավոր կարողությունների սահմաններում հնարավորինս ինքնուրույն զարգանան:
«Փրկությունը» մտավոր խնդիրներ ունեցողների համար միակ խնամքի հաստատությունն է: Ժամը 10:00-17:00-ը շահառուներն այստեղ սնվում են, ստանում անհրաժեշտ ծառայություններ, իսկ օրվա վերջում ավտոմեքենաները նրանց տուն են տանում: Երբ երիտասարդն առաջին անգամ ոտք է դնում այս հաստատություն, հոգեբանը, հատուկ մանկավարժը, լոգոպետը, սոցիալական աշխատողը, էրգոթերապևտը տալիս են համապատասխան եզրակացություն, թե ինչպես պետք է կազմվի շահառուի անհատական պլանն ու սոցիալական պատմությունը, որից հետո նա մասնակցում է տարուսուցման դասընթացներին, քանի որ նրանցից շատերն անգամ տառաճանաչ չեն, չնայած հատուկ դպրոցներից են այստեղ գալիս:
«Եթե երեխան գիտելիք ունի, փորձում ենք այն ամրապնդել, իսկ եթե ոչ` ձգտում ենք հասնել նրան, որ գոնե իր անունը մեխանիկորեն կարողանա նկարել,- ասում է Արփինե Աբրահամյանը,- նրանք արդեն մեծ են, ուսուցման պրոցեսը բաց է թողնված, և մեծ արդյունքի հասնել հնարավոր չէ»:
Ճաշի ժամից հետո սկսվում են բազմամասնագիտական թիմի խմբային կամ անհատական պարապմունքներն ու խմբակների գործունեությունը՝ կավագործություն, ձեռագործություն, մաքրամե, ապլիկացիա, նկարչություն, բրնձագործություն, համակարգչային զարգացնող խաղեր, դիզայն և թատերական արվեստ:
Ընկեր Աշոտը երեխաների կավագործության ուսուցիչն է: Ոգևորությամբ ցույց է տալիս իր սաների աշխատանքները. «Աստված մի դուռը որ փակում է, մնացած դռները բացում է: Եվ եթե սովորական մարդն Աստծո դռան առաջ չոքում է, որ իրեն մի քիչ ստեղծագործելու հնարավորություն ու ձիրք տա, ապա այս երեխաներն այդ խնդիրը չունեն, իրենց առաջ այդ դռները բաց են: Մեզ մնում է միայն նրանց ներս հրել, ու նրանք այնտեղից դուրս են գալիս մեծ ինֆորմացիայով և ստեղծագործական մեծ ներուժով»:
Տարածքը մշակված ու խնամված այգի ունի, որը նույնպես երիտասարդների աշխատանքի արդյունքն է:
Կազմակերպության նախագահը խոստովանում է, որ նման մարդկանց հետ աշխատելը, այն էլ` նրանց տարիքում, հեշտ բան չէ: Երբեմն տարիներ շարունակ ջանք են գործադրում, որ երիտասարդը կարողանա, ասենք, ինքնուրույն ուտել: «Օրինակ` մի երիտասարդ ունենք, որին հայրը մոտ 14 տարի դուրս չէր հանել տնից՝ ամաչելով շրջապատից: Հոր մահից հետո նրան բերեցին մեր կենտրոն: Սկզբում ոչ ադեկվատ վարք էր դրսևորում, պատռում էր հագուստը, հայհոյում, գետնին պառկած թավալ գալիս, ամեն ինչ շպրտում փողոց, բայց արդեն 8 տարի է՝ Նորայրը մեծ հաճույքով հաճախում է մեր կենտրոն»,- ասում է կենտրոնի ղեկավարը:
Ցավոք, կազմակերպության ֆինանսական միջոցները սուղ են, պետությունը հոգում է միայն աշխատակիցների վարձատրությունը՝ գրեթե նվազագույն աշխատավարձի չափով: Սննդի հարցում Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակն ու մասնավոր մի քանի ընկերություններ են աջակցում: Կենտրոնում, օրինակ, հանգստի սենյակ չկա, որտեղ երիտասարդները կարողանան ցերեկվա ժամին մի փոքր հանգստանալ: Բանն այն է, որ նրանք ճաշից հետո ընդունում են հոգեմետ դեղեր, որից հետո գոնե կես ժամ քնի կարիք ունեն, և երիտասարդներին այդ ժամերին կարելի է տեսնել կենտրոնի բազմոցներին, բազկաթոռներին ու նստարաններին հենված-քնած:
Այո, մեր պետությունը դեռևս այն վիճակում չէ, որ կարողանա հասարակության այս շերտի համար ապահովել արժանապատիվ կյանք, այդ է պատճառը, որ նման երեխաներ ունեցող ծնողները ձգտում են ամեն գնով հասնել Եվրոպա ու Միացյալ Նահանգներ: Կենտրոնի շահառուներից շատերը նույնպես այդ ճանապարհն են բռնել: Սակայն «Հայրենիքիս կանչը» ներկայացումը, որն ավարտվեց եռագույնների ծածանմամբ և հայրենասիրական վսեմ երգով, ցույց տվեց, որ այս մարդիկ նաև հայրենասեր են և ուզում են ապրել իրենց երկրում:
Անի Գասպարյան
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունիսի 4-ից 5-ը)
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 4-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 8-ը, խարդախության 10 դեպքից` 9-ը, խուլիգանության 1 և մաքսանենգության 2 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 5 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի 2 և գողության 1 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետևանքով 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: –
Գրպանահատ եռյակը և «փորձառու» պարագլուխը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նախագահը մասնակցել է գեղասահքի նոր դպրոցի հիմնարկեքի արարողությանը, այցելել «Գրանդ Հոլդինգի» ընկերություններ
|
Շրջայցի ավարտին Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել «Գրանդ Հոլդինգի» ղեկավար անձնակազմի հետ: Հանրապետության Նախագահը ողջունել է ընկերության զարգացման ուղղությամբ շարունակաբար իրականացվող քայլերն ու հաջողություններ մաղթել «Գրանդ Հոլդինգին»: |
Հունիսի 8-ին կվերաբացվի գյուղատնտեսական առաջին տոնավաճառը
ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից Անկախին տեղեկացնում են, որ սույն թվականի հունիսի 8-ին և դրան հաջորդող յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին, ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Երևան քաղաքի Կասյան փողոցի վերին հատվածում, նախատեսվում է կազմակերպել գյուղատնտեսական մթերքների առաջին տոնավաճառը:
Տոնավաճառին մասնակցելու են ՀՀ տարբեր մարզերը ներկայացնող գյուղացիական տնտեսություններ, որոնք սպառողներին են ներկայացնելու բացառապես սեփական արտադրանքը: Գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը տոնավաճառներին անվճար է: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տոնավաճառների մասնակիցներին անվճար տրամադրելու է նաև հարմարավետ վրաններ, վաճառասեղաններ, կշեռքներ և սայլակներ:
Տոնավաճառն անցկացվում է 2011 թվականից և գյուղատնտեսական մթերք արտադրողների համար տոնավաճառին մասնակցելու պայմաններն անփոփոխ են՝
Տոնավաճառին միայն սեփական արտադրանքը ներկայացնող գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը ապահովելու և միաժամանակ առևտրային միջնորդների մասնակցությունը բացառելու նպատակով տոնավաճառի կազմակերպիչների կողմից տեղում իրականացվելու է վերահսկողություն:
Սահմանվել և հետևողականորեն կիրառվելու են տոնավաճառին մասնակցելու հատուկ ընթացակարգեր. մասնակցությունը տոնավաճառին թույլատրվում է միայն գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) կողմից տրված համապատասխան տեղեկանքների առկայության դեպքում, որոնք հավաստում են, որ վաճառքի ներկայացվող ապրանքը հանդիսանում է տվյալ մասնակցի սեփական արտադրանքը:
Տոնավաճառներն ուղեկցվելու են երաժշտությամբ, ներկայացումներով և համերգային ծրագրերով:
Տոնավաճառի տարածքում հասարակական կարգը և երթևեկությունը կարգավորում է ՀՀ ոստիկանությունը:
Տոնավաճառի ավարտին կազմակերպվելու են տարածքի մաքրման աշխատանքները:
Աշակերտները հետաքրքրված են ռազմական ինստիտուտում սովորելու հեռանկարով
Գավառից և հարակից գյուղերից շուրջ 50 դպրոցականներ հունիսի 5-ին այցելել էին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ։ Գավառի տարածաշրջանի երեխաները շրջեցին ռազմական ինստիտուտում, ծանոթացան ուսանողների ուսման ու կեցության պայմաններին, հանդիպեցին իրենց մարզից բուհում սովորող երիտասարդների հետ։
Այցելությունը կազմակերպել էր «Գեղարեգ» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։
Գեղարքունիքի մարզի աշակերտները եղան նաև ինստիտուտի կրակային պատրաստության ամբիոնում։ Ամբիոնի պետ, փոխգնդապետ Կ. Գլուստյանը տեղեկացրեց, որ ամբիոնը կուրսանտներին սովորեցնում է տարբեր տեսակի զենքերի հետ վարվելու, օգտագործելու կանոնները։ Փոխգնդապետը պատասխանեց նաև երեխաների հարցերին։ Դրանք վերաբերում էին ռազմական ինստիտուտում աղջիկների սովորելու հնարավորություններին, ինստիտուտ ընդունվելու կարգին, զորավարժություններին, ուսումից հետո ինստիտուտի շրջանավարտների հետագա ծառայությանը, դասավանդվող առարկաներին։
Նշվեց, որ ռազմական ինստիտուտում դասավանդվում է մոտ 20 առարկա։ Ռազմական ինստիտուտի օտար լեզուների ժամանակակից լսարաններում գործող խմբակների լավագույն մասնակիցները հնարավորություն են ունենում կրթությունը շարունակել Հունաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի ռազմաուսումնական հաստատություններում: Ընդունելության քննություններն անցկացվում են ՀՀ կրթության և գիտության նախարարության սահմանած` բարձրագույն ուսումնական հաստատություններում ընդունելության միասնական քննակարգով` «Մաթեմատիկա» և «Ֆիզիկա» առարկաներից: Դիմորդները «Ֆիզիկական պատրաստություն» առարկայից քննությունը հանձնում են ռազմական ինստիտուտում։
«Գեղարեգ» կրթամշակութային հասարակական կազմակերպության նախագահ Գրիգոր Դաշտոյանը նշեց, որ նման այցելությունների նպատակն է երեխաներին ծանոթացնել զինվորականի կյանքին, ծառայությանը, զինվորական մասնագիտություններին, որպեսզի ճիշտ պատկերացում կազմեն հայոց բանակի վերաբերյալ, ինչպես նաև հետագայում բանակը համալրեն և՜ որպես լավ զինվորներ, և՜, ինչու ոչ, որպես ապագա կուրսանտներ ու հրամանատարներ։
Ռազմական ինստիտուտից հետո աշակերտներն այցելեցին Արթուր Ղարիբյանի, Դուշման Վարդանի տուն-թանգարաններ, եղան «Եռաբլուր» պանթեոնում։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն
Հունիսի 9-ից նոր արագաչափեր կգործարկվեն
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2014 թ. հունիսի 9-ից գործարկվելու են հետևյալ վայրերում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը՝
1. Մ-2 «Երևան – Երասխ – Գորիս – Մեղրի – Իրանի Իսլամական Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 238-րդ կմ (Գորիս քաղաքի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,
2. Մ-3 «Մարգարա – Վանաձոր – Տաշիր – Վրաստանի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 42.3-րդ կմ (Կարբի գյուղի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Կազմակերպված հանցավորության դեմ` համատեղ ուժերով (ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ)
Ինտերպոլի Գլխավոր քարտուղարության կողմից (Լիոն, Ֆրանսիա) մշակվել և հունիսի 5-ից շրջանառության մեջ է դրվում TURN BACK CRIME միջազգային իրազեկման ծրագիրը՝ ուղղված Ինտերպոլի 190 անդամ երկրներում հասարակության շրջանում իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ու ոստիկանական մարմինների հետ համատեղ ջանքերի գործադրմանը՝ կազմակերպված հանցավորության բոլոր դրսևորումների դեմ պայքարում:
Ծրագրի շրջանակներում, որպես առաջին քայլ, նախատեսվում է անդամ երկրների ոստիկանության միջոցով տրամադրել հանցավորության դեմ պայքարին ուղղված multi-media փաթեթներ՝ լրատվամիջոցներում զետեղելու և այդպիսով` ազգային մակարդակով համապատասխան տեղեկատվությունը հասարակության լայն շրջանակներին տրամադրելու և իրազեկելու նպատակով:
TURN BACK CRIME ծրագրի նպատակն է՝ հասարակության ներգրավվածության միջոցով կանխել կամ նվազեցնել կազմակերպված հանցավորության ազդեցությունը, որպեսզի մարդիկ կարողանան պաշտպանել իրենք իրենց՝ հասկանալով և գիտակցելով կազմակերպված հանցավորության ներգրավվածության աստիճանը իրենց առօրյա կյանքում:
Ծրագրի վեբ կայքն է՝ www.turnbackcrime.com, որը ներառում է տեսահոլովակների շարք, հրապարակումներ, հայտնի անձանց ներգրավում, ապրանքանիշի գովազդ (merchandizing):
«Ամառը միասին»`Հայաստանում
Պատանիների և երիտասարդների արտադպրոցական ու արտահամալսարանական կյանքի արդյունավետ կազմակերպման նշանակությունը կարևորվել է դեռևս խորհրդային ժամանակահատվածում: Դրա մասին էին վկայում, ուսումնական տարվա ավարտին զուգահեռ, իրենց հյուրընկալ դռները բացող պիոներական և ուսանողական ճամբարները: Երիտասարդների ամառային արձակուրդներն անմոռանալի, միաժամանակ արդյունավետ դարձնելու կարևորությունն այսօր ևս արդիական է:
Երիտասարդներին` հետաքրքիր ամառային արձակուրդներ կազմակերպելու իր տարբերակն է առաջարկում «Սոցիալական և երիտասարդական աշխատողներ» ՀԿ, որը Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) և եվրոպական գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ, Եվրամիության «Youth in Action» ծրագրի շրջանակում մայիսի 31-ից հունիսի 10-ն իրականացնում է «Ամառը միասին» (Summer together) երիտասարդական միջազգային ծրագիրը: Ծրագրին մասնակցում են ավելի քան 30 երիտասարդ Վրաստանից, Էստոնիայից և Ֆրանսիայից:
Այս յուրօրինակ նախաձեռնությունը հիանալի հնարավորություն է մասնակիցների համար` ձեռքբերելու գիտելիքներ և հմտություններ ոչ միայն երիտասարդական միջազգային ճամբարներ կազմակերպելու, այլև ոչ ֆորմալ կրթության մեթոդներին ծանոթանալու, որոնց կիրառումը կնպաստի ամառային երիտասարդական ճամբարների կազմակերպումն ավելի արդյունավետ դարձնելուն:
Ծրագրի ընթացքում մասնակիցները ոչ միայն նոր գիտելիքներ ձեռք կբերեն, այլ նաև միջմշակութային շփման և Հայաստանի տեսարժան վայրեր այցելելու հնարավորություն կունենան:
Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման հարցը ՀԽ լիագումար նիստի օրակարգ չմտավ
Այսօր ՀԽ լիագումար նիստի օրակարգում ևս մեկ հարց ներառելու առաջարկով հանդես եկավ ՀԽ անդամ Հայկ Դեմոյանը: Նա առաջարկեց քննարկման առարկա դարձնել Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման հարցը:
Հարցը դրվեց քվեարկության, սակայն ձայների մեծամասնությամբ չընդգրկվեց լիագումար նիստի օրակարգ:
Վազգեն Մանուկյանը, որն ի դեպ, կողմ էր քվեարկել հարցը քննարկելուն, ՀԽ անդամների դիրքորոշումը բացատրեց նրանով, որ Հանրային խորհուրդը ոչ թե զգուշանում է հարցը քննարկելուց, այլ պարզապես չի ցանկանում հասարակության մեջ ավելորդ ճեղքեր առաջացնող տրամադրությունները խորացնել:
Հանրային խորհրդի ներկայացուցիչները կմասնակցեն Ռուսաստանում Սիրիայի հարցով անցկացվելիք հանրային քննարկման անցկացման աշխատանքներին
Այսօր ՀՀ Հանրային խորհրդի լիագումար նիստի օրակարգում քննարկվել են Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ տարբեր երկրների Հանրային խորհուրդների և համանման կառույցների կողմից հնչած արձագանքներն՝ ի պատասխան Հայաստանի Հանրային խորհրդի կոչին՝ ուղղված ՀԽ միջազգային կառույցի՝ Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման ինստիտուտների միջազգային ասոցիացիայի կազմում ընդգրկված 67 երկրների 70-ից ավելի հանրային խորհուրդներին:
Հիշեցնենք, որ ս.թ. ապրիլի 3-ին Հայաստանի Հանրային խորհուրդը Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաքում և հարակից գյուղերում տեղի ունեցած դեպքերի առթիվ դիմել էր ՀԽ միջազգային կառույցի (որի անդամ է նաև ՀՀ Հանրային խորհուրդը)՝ Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման ինստիտուտների միջազգային ասոցիացիայի կազմում ընդգրկված 67 երկրի 70 հանրային խորհուրդներին` կոչ անելով իր գործընկերներին օգտագործել իրենց ազդեցությունը հասարակությունում և իշխանական շրջանակներում՝ դադարեցնելու Սիրիայում հումանիտար աղետը, ներկայացնելու Քեսաբում տեղի ունեցած իրադարձություններն ու դատապարտելու դրանք՝ որպես հայ ժողովրդի խաղաղ գոյության դեմ Թուրքիայի կողմից կատարված հերթական ոտնձգություն:
ՀՀ Հանրային խորհրդի կոչին այս կամ այն ձևով արձագանքել էին տարբեր երկրների Հանրային խորհուրդները: Ուշագրավ հայտարարությամբ էր հանդես եկել հատկապես Բրազիլիայի Սոցիալական և տնտեսական զարգացման խորհուրդը, որտեղ մասնավորապես նշված էր, որ Բրազիլիայի Սոցիալական և տնտեսական զարգացման խորհուրդը ճանաչում է այն ողբերգական իրադարձությունները, որոնք վտանգի մեջ են դնում Սիրիայում Քեսաբի հայ համայնքը՝ արտահայտելով խորին համերաշխություն ու համակրանք հայերի նկատմամբ:
Օրերս ՀՀ Հանրային խորհրդի կոչի հերթական արձագանքն է հնչել՝ այս անգամ Ռուսաստանի Դաշնության Հասարակական պալատի քարտուղար Եվգենի Վելիխովի կողմից:
Վերջինս հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնության Հասարակական պալատը կիսում է հայկական կողմի մտահոգությունը՝ կապված Սիրիայում հակակառավարական ուժերի կողմից խաղաղ բնակչության, կրոնական և ազգային փոքրամասնությունների դեմ ուղղված գործողությունների հետ:
Վելիխովը տեղեկացրել է, որ Ռուսաստանի Հասարակական պալատը պատրաստվում է հանրային քննարկումների շրջանակներում բարձրացնել Սիրիայում հումանիտար աղետի, ապստամբների գործողությունների և արտաքին ուժերի կողմից նրանց օժանդակելու հարցը՝ խնդրելով հայ գործընկերներին աջակցել այդ քննարկման անցկացմանը: Ի դեպ, ՌԴ Հասարակական պալատը 2013 թվականից ղեկավարում է նաև Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման ինստիտուտների միջազգային ասոցիացիան, և Վելիխովը հանդիսանում է այդ ասոցիացիայի նախագահը:
ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը Ռուսաստանի Հասարակական պալատի կողմից անցկացվելիք քննարկմանը մասնակցելու նպատալով առաջարկել է ստեղծել 5 հոգանոց աշխատանքային խումբ, որտեղ ընդգրկվել են ՀԽ անդամներ Ռուբեն Սաֆրաստյանը, Հայկ Դեմոյանը, Գագիկ Մանասյանը, Վլադիմիր Մովսիսյանը և Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը:
Խոշոր ավտովթար Եղեգնաձոր-Երևան ավտոճանապարհին
Հունիսի 4-ին, ժամը 17.33-ին տեղեկություն է ստացվել, որ Եղեգնաձոր-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի 118-րդ կմ-ում բախվել են «Օպել» մակնիշի 34AL697 (վարորդ` Ս. Ա.) և «Մերսեդես» մակնիշի 87ԼԼ877 պետհամարանիշներով (վարորդ` Ա. Ս.) ավտոմեքենաները, ինչից «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ս. Ա.-ը (ծնվ 1996թ.), ուղևորներ` Ե. Դ.-ը (ծնվ 1996թ.), Ե. Ս.-ը (ծնվ 1997թ.), Լ. Ս.-ը (ծնվ 1961թ.), Օ. Ա.-ը (ծնվ 1957թ.), «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Ս.-ը (ծնվ 1987թ.), ուղևորներ` Հ. Պ.-ը (ծնվ 1960թ.), Ա. Ի.-ը (ծնվ 1998թ.) և Ս. Մ.-ը (ծնվ 1973թ.) հոսպիտալացվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները տուժածներին դուրս են բերել ավտոմեքենաներից և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:
Պարզաբանում. շրջանառվող լուրը իրականությանը չի համապատասխանում
Ըստ համացանցում հրապարակված «Վախենում ենք այս անգամ հայի ձեռքով տուն կորցնենք» հոդվածի` Վարդենիսի տարածաշրջանի Տրետուք համայնքի` Ադրբեջանից բռնագաղթված բնակիչները վկայակոչելով իրենց հասցեներում, որպես սեփականտերեր, 20-25 հոգուց ավելի մարդկանց գրանցելու փաստը` անհանգստած են և վախենում են կորցնել իրենց տները:Հունիսի 8-ին մայրաքաղաքում կանցկացվի «Երևան. բիզնես-վազք 2014»-ը
Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում հունիսի 8-ին երրորդ տարին անընդմեջ մայրաքաղաքում կանցկացվի
«Երևան. բիզնես-վազք 2014» (Yerevan Business Run-2014) վազքի մրցույթը: Ծրագիրն իրականացվում է «Austrian Airlines» և «Օրանժ ֆիթնես» ընկերությունների հետ համատեղ, «Royal Tulip Grand Hotel Yerevan» և «Best Western Congress» հյուրանոցների աջակցությամբ:
Ծրագրի հիմնական նպատակը, տարեցտարի ընդլայնելով մասնակիցների քանակը, հասարակության շրջանում առողջ ապրելակերպի խթանումն է:
Մրցույթին կարող են մասնակցել տարբեր կազմակերպություններ, նաև անհատներ: Գրանցվելու համար անհրաժեշտ է զանգահարել հետևյալ հեռախոսահամարով` (098) 04-99-09: Հայտերն ընդունվում են մինչև սույն թվականի հունիսի 6-ը: Մրցավազքը կանցկացվի տարբեր տարիքային խմբերի միջև.
- 8-14 տարեկաններ երեխաները կմրցեն 1000մ վազքուղով: Սկիզբը՝ ժամը 10:00-ին:
- Թիմային փոխանցավազք՝ 10կմ վազքուղով (3 մասնակից՝ յուրաքանչյուր թիմում): Սկիզբը՝ ժամը 11:00-ին:
- Ժամը 11:00-ին կմեկնարկի նաև անհատական վազքը: Վազքուղին կկազմի 10կմ:
Հիմնական վազքուղին կմեկնարկի «Royal Tulip Yerevan» հյուրանոցից և Աբովյան փողոցով կշարունակվի դեպի Հանրապետության հրապարակ, այնուհետև Ամիրյան փողոցով Մաշտոցի պողոտա և Սայաթ-Նովայի պողոտայով դեպի մեկնարկային կետ:
Երեխաների մասնակցությունն անվճար է:
Հաղթող թիմը կմեկնի Վիեննա՝ մասնակցելու սեպտեմբերի 4-ին կայանալիք «Վիեննա. բիզնես-վազք 2014»-ին:
Մրցավազքի մասնակիցների պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա երեկոյան ժ.19:30-ին՝ «Congress» հյուրանոցում (0010 Երևան, Իտալիայի փող. 1):
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն




