Դեռ ոչ վաղ անցյալում մտավոր խնդիր ունենալը մեր հասարակության մեջ ամոթ էր համարվում, խարան, իսկ նման երեխաներ ունեցող ծնողների մեծ մասն ամեն կերպ փորձում էր թաքցնել այդ «ամոթալի իրողությունը»՝ երեխային մեկուսացնելով արտաքին աշխարհից: Ժամանակները փոխվել են, և հավասար հնարավորություններ ու հասարակությանը լիարժեք ինտեգրվելու պահանջ է ներկայացնում նաև հասարակության այս հատվածը: Ճիշտ է, մեր իրականության մեջ դեռևս չի հաղթահարվել այդ խնդիրը, անելիքներ շատ կան, սակայն հասարակական ոլորտում աշխատող որոշ կազմակերպությունների շնորհիվ հաջողվել է գոնե կոտրել բազմաթիվ կարծրատիպեր:
Օրինակ` մեզանից քանի՞սը գիտի, որ Երևանում գործում է մտավոր խնդիրներ ունեցող դեռահասների ու երիտասարդների թատերախումբ: Նման մի զարմանալի ու նոր աշխարհ ինձ համար բացահայտվեց օրերս Երևանի Շենգավիթ համայնքում գործող «Փրկություն» հասարակական կազմակերպությունում: Սա միակ թատերախումբն է, որի բոլոր դերասանները մտավոր խնդիրներ ունեցողներ են: Պարզվեց՝ «Փրկություն» թատերախումբը ելույթներ է ունենում մանկատներում, դպրոցներում, վերջերս էլ հյուրախաղերով եղել է Արցախում: Իսկ մայիսի 30-ի ներկայացումը մի յուրօրինակ ակցիա էր ընդդեմ արտագաղթի:
Մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդները, «Հայրենիքիս կանչը» ներկայացման միջոցով նորովի ներկայացնելով հայտնի «Գիքորը», ապացուցեցին, որ իրենք էլ, որպես հասարակության լիիրավ անդամ, անտարբեր չեն երկրի առջև ծառացած ամենալուրջ խնդիրներից մեկի՝ արտագաղթի նկատմամբ: Իսկ ներկայացման գլխավոր հերոսը, շրջելով աշխարհեաշխարհ, ոչ միայն որոշեց վերադառնալ իր հայրենիք, այլև Գիքորին էլ հետը բերել, և թումանյանական հոգեմաշ ստեղծագործությունը երջանիկ ավարտ ունեցավ:
Ներկայացման վերջում դերասանները խրախուսվեցին պատվոգրերով, իսկ նրանց դեմքերը երջանկությունից փայլում էին: Կենտրոնի ոչ այնքան մեծ դահլիճի բեմում, որտեղ հավաքված էին բազմաթիվ հյուրեր, որոշ պաշտոնյաներ, նրանք ևս մեկ անգամ ապացուցեցին, որ իրենք էլ հասարակության մի մասնիկն են, որ կարող են խոր զգացումներ առաջացնել հանդիսատեսի սրտում և փոխադարձաբար վերցնել մարդկանց սերն ու ջերմությունը:
Պատահական չէր, որ երիտասարդներից շատերը, բեմից դուրս անկեղծանալով, ասացին, որ ուզում են դերասան դառնալ:
Գիքորի կերպարը մարմնավորող 22-ամյա Վարդուհին ասաց, որ երբ այդ ֆիլմը դիտել է, շատ է հուզվել և միշտ ցանկացել է Գիքորի դերը խաղալ: Աղջկա ցանկությունը չեն մերժել:
Ներկայացման գլխավոր կերպարին՝ Տիգրանին մարմնավորող Ապրիլիկը, որ արդեն 11 տարի է՝ հաճախում է այս կենտրոն և թատերախմբի ամենաառաջին դերասաններից է, նույնպես խոստովանում է, որ իր երազանքը թատրոնում լինելն է: Սակայն նա այլ հետաքրքրություններ էլ ունի՝ սպորտը, որտեղ լուրջ հաջողությունների է հասել: Պատմեց, որ վերջերս եղել է Կորեայում և Լեհաստանում՝ մասնակցելու վազքի մրցումների: Վերջին մրցումից ինքն ու ընկերն արծաթե մեդալով են վերադարձել Հայաստան: «Մարդիկ մեզ հետ ավելի ազատ պետք է շփվեն, մենք դրանով մեզ ավելի ապահով կզգանք»,- ասում է 30-ամյա Ապրիլիկը:
Կարինե Խաչատրյանը կազմակերպության երկարամյա աշխատողներից է: Նրա 21-ամյա որդին նույնպես մտավոր խնդիր ունի: Տիկին Կարինեն խոստովանում է, որ երբ երեք տարեկանում իր որդու՝ Արսենի մոտ հայտնաբերվում է մանկական ուղեղային կաթված, իր համար դա շոկ էր, մանավանդ որ այդ տարիներին այսօրվա պես չէր մտածում:
Աստիճանաբար շփվելով բախտակից մարդկանց հետ՝ նա հասկանում է, որ դա վերջնագիր չէ, անգամ այդ վիճակում իր երեխան կարող է հասարակության լիարժեք անդամ լինել: «Արսենը սկզբում շատ վատ վիճակում էր, հիմա, փառք Աստծո, սովորել է, ձեռք բերել խոհարարի մասնագիտություն, աշխատում է: Ծնողի ջանքերը շատ կարևոր են, ծնողը պետք է իմանա իր երեխայի հնարավորություններն ու կարողությունները և հենց այդ շրջանակներում էլ փորձի զարգացնել նրան»:
Նա խորհուրդ է տալիս բոլոր ծնողներին, որոնք նման երեխաներ ունեն, ձեռքները ծալած չնստել ու սպասել, որ պետությունն իրենց համար ինչ-որ բան անի: Իսկ ամենակարևորը՝ չփակել իրենց երեխաներին տանը՝ չորս պատի մեջ. «Պետք է նրանց ամեն տեղ տանել, ամեն բանի մասնակից դարձնել, չպետք է ամաչել ընկերներից, բարեկամներից ու հարևաններից: Պետք է հանրության աչքը սովորի այս մարդկանց ներկայությանը: Ամեն մարդ էլ մի թերություն ունի, նրանք էլ այդ կարգի թերություն ունեն, բայց շատ ավելի բարի հոգի ունեն, քան մյուսները»:
Ի դեպ, նա նշում է, որ Արսենը սովորել է ներառական ծրագրով դպրոցում, որտեղ սովորական երեխաների հետ կողք կողքի սովորում են նաև ֆիզիկական ու մտավոր խնդիրներ ունեցող աշակերտներ: Նա զգացել է, որ այդ դպրոցի բոլոր աշակերտներն ավելի բարի ու ավելի հանդուրժող են:
«Փրկություն» հասարակական կազմակերպությունը հիմնվել է մտավոր խնդիրներով երեխաներ ունեցող մի քանի ծնողների համախմբման շնորհիվ և արդեն 15 տարի է՝ ցերեկային խնամք է տրամադրում 15-35 տարեկան շուրջ 63 շահառուի: Այստեղ գտնվողներից շատերն ունեն նաև ֆիզիկական խնդիրներ:
Ինչպես նշում է կազմակերպության նախագահ Արփինե Աբրահամյանը, իրենց գլխավոր նպատակն է, որ հատուկ դպրոցներն ավարտելուց հետո այդ երեխաներն ապրեն տանը, չհայտնվեն մանկատանը կամ փողոցում և իրենց մտավոր կարողությունների սահմաններում հնարավորինս ինքնուրույն զարգանան:
«Փրկությունը» մտավոր խնդիրներ ունեցողների համար միակ խնամքի հաստատությունն է: Ժամը 10:00-17:00-ը շահառուներն այստեղ սնվում են, ստանում անհրաժեշտ ծառայություններ, իսկ օրվա վերջում ավտոմեքենաները նրանց տուն են տանում: Երբ երիտասարդն առաջին անգամ ոտք է դնում այս հաստատություն, հոգեբանը, հատուկ մանկավարժը, լոգոպետը, սոցիալական աշխատողը, էրգոթերապևտը տալիս են համապատասխան եզրակացություն, թե ինչպես պետք է կազմվի շահառուի անհատական պլանն ու սոցիալական պատմությունը, որից հետո նա մասնակցում է տարուսուցման դասընթացներին, քանի որ նրանցից շատերն անգամ տառաճանաչ չեն, չնայած հատուկ դպրոցներից են այստեղ գալիս:
«Եթե երեխան գիտելիք ունի, փորձում ենք այն ամրապնդել, իսկ եթե ոչ` ձգտում ենք հասնել նրան, որ գոնե իր անունը մեխանիկորեն կարողանա նկարել,- ասում է Արփինե Աբրահամյանը,- նրանք արդեն մեծ են, ուսուցման պրոցեսը բաց է թողնված, և մեծ արդյունքի հասնել հնարավոր չէ»:
Ճաշի ժամից հետո սկսվում են բազմամասնագիտական թիմի խմբային կամ անհատական պարապմունքներն ու խմբակների գործունեությունը՝ կավագործություն, ձեռագործություն, մաքրամե, ապլիկացիա, նկարչություն, բրնձագործություն, համակարգչային զարգացնող խաղեր, դիզայն և թատերական արվեստ:
Ընկեր Աշոտը երեխաների կավագործության ուսուցիչն է: Ոգևորությամբ ցույց է տալիս իր սաների աշխատանքները. «Աստված մի դուռը որ փակում է, մնացած դռները բացում է: Եվ եթե սովորական մարդն Աստծո դռան առաջ չոքում է, որ իրեն մի քիչ ստեղծագործելու հնարավորություն ու ձիրք տա, ապա այս երեխաներն այդ խնդիրը չունեն, իրենց առաջ այդ դռները բաց են: Մեզ մնում է միայն նրանց ներս հրել, ու նրանք այնտեղից դուրս են գալիս մեծ ինֆորմացիայով և ստեղծագործական մեծ ներուժով»:
Տարածքը մշակված ու խնամված այգի ունի, որը նույնպես երիտասարդների աշխատանքի արդյունքն է:
Կազմակերպության նախագահը խոստովանում է, որ նման մարդկանց հետ աշխատելը, այն էլ` նրանց տարիքում, հեշտ բան չէ: Երբեմն տարիներ շարունակ ջանք են գործադրում, որ երիտասարդը կարողանա, ասենք, ինքնուրույն ուտել: «Օրինակ` մի երիտասարդ ունենք, որին հայրը մոտ 14 տարի դուրս չէր հանել տնից՝ ամաչելով շրջապատից: Հոր մահից հետո նրան բերեցին մեր կենտրոն: Սկզբում ոչ ադեկվատ վարք էր դրսևորում, պատռում էր հագուստը, հայհոյում, գետնին պառկած թավալ գալիս, ամեն ինչ շպրտում փողոց, բայց արդեն 8 տարի է՝ Նորայրը մեծ հաճույքով հաճախում է մեր կենտրոն»,- ասում է կենտրոնի ղեկավարը:
Ցավոք, կազմակերպության ֆինանսական միջոցները սուղ են, պետությունը հոգում է միայն աշխատակիցների վարձատրությունը՝ գրեթե նվազագույն աշխատավարձի չափով: Սննդի հարցում Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակն ու մասնավոր մի քանի ընկերություններ են աջակցում: Կենտրոնում, օրինակ, հանգստի սենյակ չկա, որտեղ երիտասարդները կարողանան ցերեկվա ժամին մի փոքր հանգստանալ: Բանն այն է, որ նրանք ճաշից հետո ընդունում են հոգեմետ դեղեր, որից հետո գոնե կես ժամ քնի կարիք ունեն, և երիտասարդներին այդ ժամերին կարելի է տեսնել կենտրոնի բազմոցներին, բազկաթոռներին ու նստարաններին հենված-քնած:
Այո, մեր պետությունը դեռևս այն վիճակում չէ, որ կարողանա հասարակության այս շերտի համար ապահովել արժանապատիվ կյանք, այդ է պատճառը, որ նման երեխաներ ունեցող ծնողները ձգտում են ամեն գնով հասնել Եվրոպա ու Միացյալ Նահանգներ: Կենտրոնի շահառուներից շատերը նույնպես այդ ճանապարհն են բռնել: Սակայն «Հայրենիքիս կանչը» ներկայացումը, որն ավարտվեց եռագույնների ծածանմամբ և հայրենասիրական վսեմ երգով, ցույց տվեց, որ այս մարդիկ նաև հայրենասեր են և ուզում են ապրել իրենց երկրում:
Անի Գասպարյան
Tags: Հաշմանդամներ, մտավոր խնդիրներ ունեցող երեխաներ, Փրկություն ՀԿ