Վարչական շրջաններում արդեն իսկ կառուցվել է 64 թեքահարթակ

02Երևանը բոլոր երևանցիների, այդ թվում՝ հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար առավել հարմարավետ դարձնելու նպատակով մայրաքաղաքում ընթացքի մեջ են թեքահարթակների կառուցման աշխատանքները:

Երևանի համայնքային բյուջեից հատկացված 40 մլն դրամով նախատեսվում է այս տարի կառուցել շուրջ 200 թեքահարթակ: Շինաշխատանքներն իրականացվում են համապատասխան մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպության կողմից: Ծրագրի մեկնարկից մինչ օրս արդեն իսկ կառուցվել է 64 թեքահարթակ:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շինարարության ընթացքին, պատասխանատուներից բացի, տեղում հետևում են նաև շահառու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև անհատներ:

Քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը տեղեկացրել է, որ ստուգայցերի արդյունքում թերություններ հայտնաբերելու դեպքում տրվում են համապատասխան հանձնարարականներ և կարճ ժամկետում կատարվում են անհրաժեշտ շտկումներ:

Գնահատելով ծրագրի ընթացքը՝ շահառուները նշել են, որ կառուցվող թեքահարթակները համապատասխանում են սահմանված չափորոշիչներին և հնարավորություն են տալիս առանց որևէ մեկի օգնության հեշտությամբ տեղաշարժվել:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Եղվարդցի երիտասարդները կհարստացնեն մարզի հուշարձանների ցանկը

 երիտասարդներԿոտայքի մարզի 20-25 տարեկան շուրջ 20 երիտասարդներ «Բնության մոռացված արահետներ» ծրագրի շրջանակներում կբացահայտեն համայնքի տեսարժան վայրերը և կմշակեն ուղիներ`բուսական և կենդանական հազվագյուտ տեսակների անհետացման կանխման ուղղությամբ:

Ծրագիրն իրականացնում է «Եղվարդ» երիտասարդական բնապահպանական ՀԿ-ն` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ որպես ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։

Ծրագիը մեկնարկել է մայիսի 1-ից: Հունիսի 3-ին և 4-ին երիտասարդները մասնակցում են խմբային աշխատանքների, փորձագետները ոչ ֆորմալ կրթության միջոցով մասնակիցներին ներկայացնում են Բուժական, Աղվերան, Հանքավան, Գառնի, Աղավնաձոր համայնքների կենսաբազմազանության պահպանումը, տրամադրում տեղակություն հուշարձանների մասին: Առաջիկայում կմեկնարկի արշավների փուլը, երբ երիտասարդները կբացահայտեն համայնքի պատմամշակութային հուշարձանները:

Ծրագրի համակարգող Շուշան Սահակյանը նշեց, որ իրենց հիմնական նպատակը համայնքների կեսաբազմազանության պահպանումն է, ու մանրամասնեց. «Երիտասարդները պիտի տեղեկացված լինեն իրենց համայնքի կենսաբազմազանության մասին, որպեսզի ավելի կապված լինեն համայնքին: Նպատակ ունենք ինքներս բացահայտել համայնքի` մինչև այժմ անհայտ հուշարձանները և հարստացնել մարզի պատմամշակութային հուշարձանների ցանկը»: Շուշան Սահակյանը նշեց, որ արշավներին զուգահեռ երիտասարդները կունենան ճանաչողական քննարկումներ: Այնուհետև երիտասարդների «բացահայտումները» կտպագրվեն, այդ նյութերի հիման վրա կստեղծվեն պաստառներ:

Հունիսի 4-ին տեղի ունեցած քննարկման ժամանակ եղվարդցի երիտասարդները բարձրացրին այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են Թթու ջուր կոչվող աղբյուրի տարածքը զբոսաշրջային առումով ավելի գրավիչ դարձնելը, համայնքում ձկնաբուծությանն ուղղված աշխատանքների նախաձեռնումը:

Ծրագրի մասնակից, Եղվարդ քաղաքի բնակիչ Տիգրանուհի Մկրտչյանը խոստովանեց, թե մինչև ծրագրին մասնակցելն ինքը բավականին քիչ տեղեկություններ ուներ իրենց իսկ համայքնի մասին: Անդրադառնալով պատճառներին` Տիգրանուհին առանձնացրեց. «Կարծում եմ՝ այս հարցում հիմնական պատճառն այն է, որ մարզաբնակ երիտասարդներն ավելի ձգտում  են դեպի մայրաքաղաք Երևան: Առավել ևս Եղվարդը, որը մոտ է Երևանին, մշակութային և այլ առումներով կապված է մայրաքաղաքին, այստեղի երիտասարդների մեծամասնությունը ձգտում  է իր կյանքը կազմակերպել մայրաքաղաքում, այլ ոչ թե տեղում: Սակայն մասնակցելով նման ծրագրերի ու համայնքի մասին ավելի հարուստ տեղեկություններ ստանալով, մենք` երիտասարդներս, ակամա կապվում ենք մեր համայնքին»:

Տեղեկացնենք, որ ծրագրի ավարտին հավաքագրված տեղեկությունների հիման վրա կտպագրվի գրքույկ տվյալ վայրերի կենսաբազմազանության մասին և կտրամադրվի Կոտայքի մարզի ՀԿ-ներին ու համայնքապետարաններին: Երիտասարդներն իրավասու մարմիններին կներկայացնեն նաև ՀՀ Կոտայքի մարզի բնության հուշարձանների ու տեսարժան վայրերի ցանկի համալրման առաջարկությունների փաթեթ:

 

 

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Տրանսպորտի և կապի նախարարության մասնագիտական խումբը մեկնում է սողանքային գոտի

 փլուզումՀՀ տրանսպորտի և կապի նախարարության

լրատվական ծառայությունից Անկախին հաղորդեցին, որ հունիսի 4-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, Հ-24 հանրապետական նշանակության ավտոճանապարհի Մ-3 Գյուլագարակ – Կուրթան Մ-6 ճանապարհի 20-րդ կմ- ում՝ Ձորագյուղ համայնքի տարածքում, 25 մետր երկարությամբ մոտ 100 մ խորանարդ ծավալով բերվածքը փակել է ճանապարհը:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները, ձևավորված մասնագիտական խումբը, որի մեջ ընդգրկված են երկրաբաններ և ճարտարագետներ, մեկնում են սողանքային գոտի՝ տեղում ուսումնասիրություններ կատարելու և համապատասխան լուծումներ գտնելու նպատակով:

Մանրամասների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Անկախ

Հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով

ձերբակալելՈստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` հունիսի 3-ին, ժամը 19.10-ին, բաժին է ներկայացել 1989 թ. ծնված Վազգեն Լ.-ն, որը մայիսի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասի /խուլիգանություն/ մեղադրանքով:

«ԲՄՎ»-ն բախվել է հողաթմբին և շրջվել, 4 մարդ հիվանդանոց է տեղափոխվել

ավտովթարՀունիսի 3-ին, ժամը 04.10-ին, «ԲՄՎ-Տ181» մակնիշի ավտոմեքենան Աշտարակի խճուղում դուրս է եկել երթևեկելի ուղեմասից, բախվել հողաթմբին և շրջվել, ինչի հետևանքով 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Դիակ` ավտոմեքենայում

դիակՀունիսի 3-ին, ժամը 17.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դիակ:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 16.50-ի սահմաններում, 1987 թ. ծնված Մուրազ Եղիազարյանի դիակը հայտնաբերվել է «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայում, վարորդի նստելատեղից: Ավտոմեքենան վթարված վիճակում կայանված է եղել Արմավիր-Հացիկ ճանապարհի 4-րդ կ/մ-ին:
Հանգամանքները պարզվում են:
Ոստիկանության Արմավիրի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Երիտասարդների մոտ խուզարկությամբ թմրանյութ և կռփազենք է հայտնաբերվել

թմրանյութՈստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողներն օրերս Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 24 շենքի մոտից, «Գրանդ Չերոկի» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 1982 թ. ծնված Նորայր Խ.-ին և ուղևորներ` 1984 թ. ծնված, նախկինում դատված Հակոբ Խ.-ին և 1991 թ. ծնված Վլադիմիր Ա.-ին:
Խուզարկությամբ Նորայր Խ.-ի դրամապանակից հայտնաբերվել է 12 պոլիէթիլենային տոպրակների մեջ փաթեթավորված, «մարիխուանա» թմրամիջոցի նմանվող մոտ 12 գ զանգված, իսկ Վլադիմիր Ա.-ի տաբատի գրպանից` կռփազենք:
Նորայր Խ.-ն Սեբաստիայի փողոցի 22 շենքի բնակարանի ննջասենյակի պահարանից ներկայացրել է իր մոտից հայտնաբերված թմրամիջոցի նմանվող մոտ 20 գ զանգված:
Նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:

ԻՍՐԱՅԵԼ ՕՐԻ.հայ քաղաքական գործիչներից առաջինը, որ իր հայացքը դեպ հյուսիս հառեց

Israel_OryԿան պատմական գործիչներ, որոնց գործունեությունը դարակազմիկ նշանակություն է ունեցել հայ ժողովրդի կյանքում: Նրանցից է Իսրայել Օրին: Նա, փաստորեն, հայ քաղաքական գործիչներից առաջինն էր, որ իր հայացքը դեպ հյուսիս հառեց և «ռսի օրհնած ոտը հայոց անիծված հողում» տեսնել ցանկացավ:

Որքանո՞վ էին արդարացված Իսրայել Օրու հայացքները կամ կողմնորոշումը` այլ խնդիր է: Տվյալ պարագայում դա հարկադրված քայլ էր, քանզի հայության երկարատև դեգերումներն արևմուտքում արդյունք չտվեցին: Իսկ հզորացող ռուսական կայսրությունն իր շահերն էր հետապնդում Արևելքում:
Իսրայել Օրին իր գործունեությամբ եզակի էր ոչ միայն ռուսական կողմնորոշման հարցում: Նա, կարելի է ասել, առաջին գործիչն էր, որ օտար տիրակալներից իր երկրի համար ազատություն չէր մուրում, այլ առաջ էր քաշում հայության համաժողովրդական ապստամբության վեհ գաղափարը:
Հետաքրքիր է, որ մինչ օրս պատմագիտությանը հայտնի չէ Իսրայել Օրու ստույգ անունը:
1677 թ. հայոց մելիքներն Էջմիածնում գաղտնի ժողով են գումարում` խնդիր ունենալով դիմել Եվրոպայի քրիստոնյա միապետներին` ազատագրելու Հայաստանը: Այդ նպատակով Հակոբ Դ Ջուղայեցի կաթողիկոսը 1679 թ. պատվիրակություն է կազմում, որի մեջ էր Սյունաց Անգեղակոթի մելիք Իսրայելը` իր որդու հետ:
Սակայն, այս պատվիրակությանը վիճակված չէր կատարելու իր առաքելությունը: Պոլսից պատվիրակները հետ են դառնում Հայաստան, քանզի Պոլսում հանկարծամահ է լինում կաթողիկոսը, իսկ մելիք Իսրայելի զավակը, միանալով հայ առևտրականներին, անցնում է Եվրոպա: Նա սկզբում առևտրական գործունեություն է ծավալում, 1680 թ. Իսրայել Օրին Վենետիկում էր, իսկ երեք տարի անց` 1683 թ., Փարիզում, ուր զբաղվում էր ֆրանսիական բանակի պարենավորմամբ:

Շուտով Իսրայել Օրին, ապրուստի որոշ միջոցներ հայթայթելով, թողնում է առևտուրն ու անցնում ծառայության ֆրանսիական բանակում:

Շնորհիվ բնատուր ձիրքի` Օրին արագ բարձրացավ ծառայողական սանդղակով: Նա ստացավ լեյտենանտի, ապա և հեծելազորի կապիտանի աստիճան: 1688-1695 թթ. մասնակցեց անգլո-ֆրանսիական պատերազմին: 1695 թ. գերեվարվում է անգլիացիների կողմից, գերությունից ազատվելուց հետո ծառայում է որպես Հայդենբերգի, Մանհայմի մատակարարման կոմիսար:

Պատերազմի ավարտից հետո Իսրայել Օրին ձեռնամուխ եղավ իր վաղեմի երազանքի` Հայաստանի ազատագրման ծրագրի իրագործմանը: Նա հանդիպեց գերմանական կյուրֆուստ Հովհան Վիլհելմին, բանակցեց նրա հետ, և երկուսով կազմեցին Հայաստանի ազատագրման ծրագիր: Համաձայն այդ ծրագրի` գերմանացի կյուրֆուստն իր և դաշնակիցների միացյալ բանակով պիտի Հայաստան արշավեր, այնտեղ նրան պիտի միանային հայ ապստամբ մելիքներն իրենց զորքերով, և Օսմանյան Թուրքիայի լուծը թոթափելուց հետո պիտի անկախ Հայաստան հռչակվեր, որի թագավորը հենց Հովհան Վիլհելմն էր լինելու:
Սա, ինչ խոսք, անլուրջ ծրագիր էր, սակայն 1375-ից` Կիլիկիայի հայոց թագավորության կորստից հետո, թերևս առաջին լուրջ փորձն էր հայոց պետականության վերականգնման ուղղությամբ: Ինքը` Օրին, իր գործունեության առաջին փուլում դժվար թե կարողանար ճիշտ գնահատել ուժերի հարաբերակցությունը և իրերի վիճակը Եվրոպայում: Այլապես, նա գերմանացի կյուրֆուստին նման անլուրջ ծրագիր չէր առաջարկի:

Ամեն դեպքում, այս ծրագրով կարծես թե ոգևորված էր նաև Հովհան Վիլհելմը, որ Օրու միջոցով պատգամներ ուղարկեց հայոց և աղվանից կաթողիկոսներին, ինչպես նաև Կախեթի Գեորգի ԺԲ թագավորին` խնդրելով մանրամասն տվյալներ հաղորդել Կովկասի տնտեսական հզորությունների, հայերի և վրացիների ռազմական կարողությունների մասին:
Իր ծրագրած արշավանքն ավելի ազդեցիկ դարձնելու համար, Իսրայել Օրին Գերմանիայից 1698 թ. անցնում է Ավստրիա` բանակցելու ավստրիական Լեոպոլդ կայսեր հետ, քանզի Ավստրիան ու Թուրքիան վաղեմի թշնամիներ էին: Լեոպոլդը մերժում է` անգամ ունկնդրության չարժանացնելով Օրուն, քանզի Թուրքիայի դեմ պատերազմն արդեն ավարտվել էր, նա բանակցություններ էր վարում հաշտություն կնքելու համար, բացի այդ, Ավստրիայի նման հզոր երկրի միապետը չէր կարող չհասկանալ այս ծրագրի ողջ արկածախնդրությունը:
Սակայն, Իսրայել Օրին չհուսահատվելով` անցնում է Իտալիա, Ֆլորենցիայում հանդիպում Տոսկանայի դուքս Կոզմաս Գ-ին, ստանում նրա համաձայնությունն ու մեկնում Հայաստան:
Փաստորեն, Իսրայել Օրին նախաձեռնել էր խաչակրաց արշավանքների նման մի նոր եվրոպական արշավանք, որի նպատակը, սակայն, Երուսաղեմի ազատագրության փոխարեն պիտի Հայաստանի ազատագրումը լիներ: Իրատեսակա՞ն էր այն:

Իսրայել Օրին, ժամանելով Հայաստան, գործի անցավ: Սակայն սպասված աջակցությունը չստացավ թե՛ վրաց արքայից, որ հպատակվել էր պարսից շահին, թե՛ Էջմիածնից` Նահապետ Ա կաթողիկոսից, որ թշնամական դիրք բռնեց հայոց ազատամարտի նկատմամբ: Բայց աննկուն Օրին իր հայրենի Անգեղակոթում հավաքեց հայ մելիքներին ու նրանց առաջ բացեց Հայաստանի ազատագրման իր ծրագիրը:
Տասնմեկ մելիքները, հավանություն տալով Օրիի ծրագրերին, նամակներ ուղղեցին Հովհան Վիլհելմին, Ավստրիայի Լեոպոլդ կայսրին, Հռոմի պապին, Տոսկանայի դքսին, ինչպես նաև ռուսաց Պետրոս Առաջին կայսրին: Նաև իրենց կնիքներով վավերացրած մաքուր թղթեր տվեցին Օրիին, որպեսզի նա հնարավորություն ստանա հանդես գալու իրենց անունից:
Անգեղակոթում Իսրայել Օրուն է միանում Մինաս վարդապետ Տիգրանյանը` որպես հավատարիմ ընկեր ու օգնական:
1700 թ. Իսրայել Օրին Հովհան Վիլհելմին ներկայացրեց Արևելյան Հայաստանի ազատագրման նոր ծրագիր: Սրա համաձայն` կազմվելու էր եռյակ դաշինք Հովհան-Վիլհելմի, Ավստրիայի Լեոպոլդ կայսեր և ռուսաց Պետրոս Առաջին կայսեր միջև: Հովհան Վիլհելմը ծրագրի վավերացման համար Օրուն ուղարկեց Վիեննա, սակայն ավստրիական կայսրը հերթական անգամ լուրջ չվերաբերվեց այս ծրագրին:
Տեսնելով, որ Հայաստանի ազատագրության ծրագրերը Եվրոպայում կենսագործել հնարավոր չէ, Իսրայել Օրին, Եվրոպայից հուսախաբ, իր հայացքն ուղղեց Ռուսաստանի կողմը:
Ռուսաստանում Օրին հուսախաբ չեղավ: Նա, իհարկե, խոր քաղաքական գիտելիքներ չուներ, նրա գործունեության շարժառիթը սոսկ հայրենասիրությունն էր ու ռոմանտիզմը, սակայն, ռուսական արքունիքում Իսրայել Օրին շատ արագ հասկացավ, որ Ռուսաստանը տարածաշրջանում լուրջ շահեր է հետապնդում և շուտով Արևելյան Հայաստանին տիրելու թիվ մեկ իրական հավակնորդը կդառնա:
Արագ հարմարվելով նոր պայմաններին` նա ռուսական կաբինետի համար նոր ծրագիր մշակեց, որի համաձայն` Ռուսաստանն Արևելյան Հայաստանի ազատագրության համար պետք է 25.000-ոց բանակ տրամադրեր ապստամբ Հայաստանին, և միասին պիտի թոթափեին պարսկական, ապա և թուրքական լուծը:
Իսրայել Օրին իր ծրագրերի, մասնավորապես Հայաստանում ապստամբական շարժումների սկզբնավորման համար փորձել է ներգրավել նաև Իմերեթիայի և Կախեթի թագավորներին, Արցախի մելիքներին:
Պետրոս Մեծ կայսրն անձամբ ընդունում է Իսրայել Օրուն և Մինաս Վարդապետին: Նրանք կայսեր հետ քննարկում են ապագա կովկասյան արշավանքն ու Հայաստանի տեսլականը:
Ռուսաց կայսրը հայերին խոստացավ շվեդական պատերազմի ավարտից անմիջապես հետո զբաղվել հայկական հարցով:
Մինչ այդ Իսրայել Օրին ռուսական կաբինետի հանձնարարությամբ պետք է կատարեր ռուսական դեսպանի առաքելությունը Պարսկաստանում:
Իրականում նման մեծ շուքով պատվիրակություն ձևավորելն ու դեսպանություն ուղարկելը ռուսական կաբինետի հողմից զուտ հետախուզական քայլ էր:
Ռուսները սպասվող կովկասյան արշավանքից առաջ ցանկանում էին իմանալ Կովկասում պարսկական ներկայության իրական չափն ու հնարավորությունները. պարսկական խանություններն ի՞նչ զորատեսակ և ի՞նչ քանակի զորք կարող են հանել պատերազմի դեպքում, ի՞նչ տնտեսական հզորություններ կան երկրամասում, ռուսական զորքի առաջխաղացման պարագայում տեղի բնակիչները կարո՞ղ են ապահովել զորքի մատակարարումն ու պարենավորումը, տեղացիներն ունա՞կ են ապստամբության…
Դեսպանության գաղափարը լավն էր ու բավական նրբորեն էր կազմակերպված: Օրին անգամ ուղևորվեց Հռոմ, Հռոմի պապից ձեռք բերեց Պարսկաստանի քրիստոնյա բնակչությանը պաշտպանության տակ առնելու մասին հրովարտակ, ապա դարձյալ վերադարձավ Ռուսաստան:
Իր հերթին Պետրոս Մեծն Իսրայել Օրուն շնորհում է ռուսական բանակի գնդապետի կոչում և որպես մեծ դեսպանության գլուխ` 1707 թ. աշնանը ճամփում է Պարսկաստան:
Դեսպանության մուտքը Պարսկաստան ցնցող տպավորություն է թողել: Ամենուր Օրուն դիմավորել են մեծ հարգանքով ու տագնապով: Պարսկաստանում Ֆրանսիայի և Անգլիայի ներկայացուցիչները պարսից Հուսեյն շահին շարունակ շշնջում էին, թե Օրին հայոց հին արքայական տան սերունդներից է, և նրա նպատակը հայոց թագավորության վերականգնումն է:
Շնորհիվ իր հանձնարարականների` Օրին կարողանում է տեսակցել պարսից շահի հետ: 1709 թ. նա վերադառնում է Անդրկովկաս: Այստեղ նա դարձյալ փորձեց համաձայնության գալ Էջմիածնի հետ, սակայն բանակցությունները Ալեքսանդր Ա կաթողիկոսի հետ ապարդյուն էին: Իսրայել Օրին աջակցություն գտավ Արցախում` Եսայի Հասան-Ջալալյանի մոտ: Սակայն 1711 թ., այդպես էլ էական արդյունքի չհասած, Իսրայել Օրին Աստրախանում հանկարծամահ եղավ:

Ի՞նչն էր նրա մահվան պատճառը, և ո՞վ էր շահագրգռված նրա մահվամբ. ցայսօր մնում է միայն ենթադրություններ անել:

 

 Անկախ

 

Դանակահարության փաստով հարուցվել է քրեական գործ

Դանակով զինված Հունիսի 1-ին, ժամը 22.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Նուբարաշենի 11-րդ փողոցի 12-րդ շենքի մոտ երիտասարդի են դանկահարել:
Նույն օրը, ժամը 23.20-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը, որովայնի առաջին պատի բաց թափանցող վնասվածքով, բուժօգնության է տեղափոխել 1992 թ. ծնված Վանուշ Ա.-ին: Ըստ վերջինիս հոր հայտարարության` իրենց փողոցում տեղի է ունեցել դանակահարություն:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունիսի 1-ին, ժամը 22.30-ին, Նուբարաշենի 11-րդ փողոցի թիվ 12 շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, սուր ծակող-կտրող գործիքով Վանուշ Ա.-ին վնասվածքը պատճառել է 1992 թ. ծնված Ս. Օ.-ն:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ձեռնարկվում են միջոցառումներ Ս. Օ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունիսի 3-ից 4-ը)

ոստիկանություն3Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 3-ից 4-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքից բացահայտվել է 7-ը, ապօրինի ծառահատման 3 դեպքից` 2-ը, խարդախության` 8, դրամանենգության 1 և յուրացման 2 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 5 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 և գողության 2 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 17 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Ի ՞նչ էր տեղի ունեցել Ծարավ Աղբյուրի փողոցում

ԾեծկռտուքՄայիսի 27-ին, ժամը 18.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ որովայնի առաջնային պատի կտրած վերքով բուժօգնության է տեղափոխվել 1980 թ. ծնված Սմբատ Մ.-ն` հայտնելով, որ վնասվածքն ստացել է Ավանի Ծարավ Աղբյուր փողոցում` անհայտ անձի հետ վիճաբանության ժամանակ:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Ավանի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` կամավոր բաժին է ներկայացել 1975 թ. ծնված Արմեն Հ.-ն և տվել խոստովանական ցուցմունք:
Կատարվում է քննություն:

 

Կանխամտածված սնանկության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել

ձերբակալությունՀունիսի 2-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Կոտայքի բաժին է ներկայացել 1990 թ. ծնված Վիգեն Ս.-ն, որը մայիսի 15-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 193 հոդվածի /կանխամտածված սնանկությունը/ մեղադրանքով:

Նախկինում դատվածը` նոր խոստովանությամբ

ՀՀ-ոստիկանություն2Մարտի 10-ին, ժամը 13.40-ին,  ոստիկանության Մուշի բաժին էր դիմել 1948 թ. ծնված  Մաքսիմ Ս.-ն և հաղորդում  տվել, որ Գյումրիի Շիրակացու փողոցում գտնվող իր   կիսակառույց տան լոգարանի պատուհանը հրել-բացելով` գողացել են 100 մ պղնձյա մալուխ և էլեկտրական գործիքներ` պատճառելով մոտ 120.000 դրամի նյութական վնաս: Մեկ այլ քրեական գործի նախաքննության ընթացքում բերման ենթարկված, 1993 թ. ծնված, նախկինում դատված Հմայակ Շ.-ն խոստովանել է, որ   գողությունը կատարել է ինքը: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Բայց սա դեռ ամենը չէ: Ոստիկանության Մուշի բաժին էր դիմել նաև1939 թ. ծնված  Ջուլիետա Մ.-ն և հաղորդում տվել, որ իր տան ննջասենյակի պատուհանը հրել-բացելով` գողացել են ոսկյա զարդեր` պատճառելով մոտ 200.000 դրամի նյութական վնաս: Պարզվել է, որ նշված գողությունը նույնպես կատարել է Հմայակ Շ.-ն: Գողոնը մասամբ առգրավված է: Հմայակ Շ.-ն ձերբակալված է:

21-ամյա երիտասարդը ցանկապատից ներս էր ցատկել ու 70 հազար դրամի գողություն կատարել

ձերբակալվածՄայիսի 31-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին էր դիմել 1960 թ. ծնված Մերուժան Ա.-ն և հաղորդում տվել, որ ցանկապատի վրայով անցնելով` Նոր Խարբերդի իր հողամասից գողացել են 100 մմ տրամաչափի մետաղյա 6 խողովակ, տարբեր չափերի և կառուցվածքների մետաղյա ճաղավանդակներ և «ՊԱԶ» ավտոբուսի 2 անվահեծ` պատճառելով 70.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, Նոր Խարբերդից բերման են ենթարկել 1993 թ. ծնված Արմեն Ա.-ին, որը խոստովանել է հանցանքը:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:

Գորիս – Կապան ճանապարհահատվածում տեղի է ունեցել քարաթափում

ՔարաթափումՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 4- ին՝ ժամը 06:00-ի սահմաններում, միջպետական Մ-2 ավտոճանապարհի Գորիս – Կապան 247-րդ կմ- ում տեղի է ունեցել քարաթափում :

«Ոսմար» ՍՊԸ – ի ճանապարհաշինարարների ջանքերով կուտակված քարերը անմիջապես դուրս են բերվել ճանապարհի երթևեկելի մասից:

Ժամը 08:00- ի դրությամբ` ճանապարհը երկկողմանի բացվել է:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Քարաթափում Կապան քաղաքում (լրացված)

ՔարաթափումՀունիսի 4-ին, ժամը 04.18-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածում («Ծակ քարի» մոտակայք), տեղի է ունեցել քարաթափում, ինչից ավտոճանապարհը դարձել է դժվարանցանելի:

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն:

Պարզվել է, որ միջպետական Մ-2 ավտոճանապարհի Գորիս – Կապան հատվածում (10-րդ կմ) տեղի է ունեցել քարաթափում (5×17մ):

Հրշեջ-փրկարարները ճանապարհից հեռացրել են երթևեկությանը խոչընդոտող քարերը՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի:

Ժամը 08.00-ի դրությամբ դեպքի վայր են ժամանել «Գորիսի» ՃՇՇ աշխատակիցները:

Ավտոճանապարհի մաքրման աշխատանքների արդյունքում երթևեկությունը վերականգնվել է:

Անկախ

Հ-24 ավտոճանապարհի Ձորագյուղ – Կուրթան հատվածը (Ձորագյուղի ոլորաններում) ծածկվել է ջրաբերուկներով

ԱԻՆՀունիսի 4-ին, ժամը 09.00-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Ձորագյուղ – Կուրթան գյուղ ավտոճանապարհը անձրևների հետևանքով ծածկվել է ջրաբերուկներով՝ խոչընդոտելով երթևեկությունը:

Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ տեղացած հորդառատ անձրևի հետևանքով հանրապետական Հ-24 ավտոճանապարհի Ձորագյուղ – Կուրթան հատվածը (Ձորագյուղի ոլորաններում) ծածկվել է ջրաբերուկներով՝ խոչընդոտելով երթևեկությունը. ակտիվացել է սողանքային երևույթ, ինչից ճանապարհահատվածի ոլորանները (25 մետր) փակվել են:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Անկախ

Սպասվում է անձրև և ամպրոպ

եղանակը հայաստանումՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին հայտնեցին, որ հանրապետության տարածքում՝հունիսի 4-ին, 6-8-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին շրջանների մեծ մասում, 5-ին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ:Քամին հարավային` 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 23-28 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա` 4-5 աստիճանով:

Երևանում`Հունիսի 4-ին, 6-8-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ, 5-ին անձրևի հավանականությունը փոքր է:

Երևանի հունիսի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ• Օդի առավելագույն ջերմաստիճան 35.60C (2000թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 7.70C (1994թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 20.50C

Անկախ

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է

 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհՀՀ տրանսպորտի և կապի նախարարության

 լրատվական ծառայությունը Անկախին տեղեկացնում է, որ «Լոռու ՃՇՇ» ՓԲԸ-ի և «ԱլավերդուՃՇՇՁ» ԲԲԸ-ի աշխատակիցների կատարած մաքրման աշխատանքների արդյունքում հունիսի 4-ին` ժամը 01:00-ի դրությամբ, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման Մ-6 ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Անկախ