Մայիսի 19-ին, ժամը 12.55-ից մինչև 13.30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱԻՆ մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային թվով 6 կայաններ Լոռու մարզի Դսեղ, Կուրթան, Կողես, Հագվի, Օձուն,Վարդաբլուր գյուղերում իրականացրել են ընդհանուր 907 կրակոց:
Ամռանը մայրաքաղաքը հագեցած կլինի միջոցառումներով
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկայացրել է մայրաքաղաքի դպրոցների շրջանավարտների համար անցկացվող «Վերջին զանգ» միջոցառման, ինչպես նաև «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագրերը։
«Երևանի քաղաքապետարանը մայիսի 23-ին, ժամը 19։00-ից հրավիրում է շրջանավարտներին «Վերջին զանգը» տոնելու Ազատության հրապարակում, որտեղ նախատեսված է բովանդակային ծրագիր, լավագույն կատարողների, նաև՝ նվագախմբերի մասնակցություն»,- նշել է Արամ Սուքիասյանը և հավելել, որ միջոցառմանը տեղի կունենա նաև շրջանավարտների օրհնության կարգ։
Այս տարի Երևանի քաղաքապետարանի ենթակայության 159 հիմնական դպրոցների 9-րդ դասարանների շրջանավարտները 6868-ն են, ևս 441 շրջանավարտ ավարտում է Երևանի քաղաքապետարանի ենթակայության 11 միջնակարգ դպրոցների, 2 կրթահամալիրներ և 2 հատուկ դպրոցների 12-րդ դասարանները։ 2013-14 ուստարում Երևանի քաղաքապետարանի ենթակայության հիմնական դպրոցներում՝ 1-9-րդ դասարաններում, սովորել է շուրջ 79000 աշակերտ։
Երևանի քաղաքապետի տեղակալը ներկայացրել է նաև Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ» ծրագիրը։
««Երևանյան ամառն» այս տարի եռամսյա ծրագիր է՝ հունիսի 1-ից օգոստոսի 31-ը։ Նախորդ տարի «Երևանյան ամառն» օգոստոսի 1-ից 31-ն անցկացվեց. շատ լավ արձագանք եղավ։ Օգոստոսը Երևանում արձակուրդային ու առավելապես պասիվ ամիս է, և այն քաղաքացիների համար, ովքեր այդ տապին մնում են Երևանում, գտանք, որ պետք է մշակել ժամանցի, առօրյան բովանդակալից դարձնելու ծրագրեր։ Փորձը ցույց տվեց, որ ծրագիրն արդարացված է և տեղին։ Այս տարի «Երևանյան ամառն» սկսում ենք հունիսի 1-ից՝ Երեխաների իրավունքների պաշտպանության օրը, և ավարտում օգոստոսի 31-ին՝ «Դեպի դպրոց, բուհ և գործ» խորագրով միջոցառմամբ։ Ծրագիրը ներառում է շուրջ 3 տասնյակ մեծ միջոցառումներ»,- ներկայացրել է Երևանի քաղաքապետի տեղակալը։
«Երևանյան ամառ» ծրագրի երեք ամիսների ընթացքում Մանկական զբոսայգում շաբաթ և կիրակի օրերին ժամը 12։00-14։00-ն բացօթյա բազմաժանր համերգային, կրկեսային ծրագիր է նախատեսված։ Ուրբաթ և շաբաթ օրերին ժամը 11։00-17։00-ն մուտքը անվճար է լինելու Երևան քաղաքի պատմության, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարաններում, «ՀայԱրտ» մշակութային կենտրոնի և Իսաբեկյան ցուցասրահներում։
Հունիս-օգոստոս ամիսներին Կարապի լճում ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին ժամը 20։30-ից 22։30-ը բացօթյա էկրանին հայկական ֆիլմերի ու համերգների ցուցադրում է լինելու։ Շառլ Ազնավուրի հրապարակում շաբաթ օրերին երեկոյան «Երևան» փողային նվագախումբն է ելույթ ունենալու։
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն ընդգծել է, որ այս տարի «Երևանյան ամառ» ծրագրում բազմաթիվ են նաև մարզական միջոցառումները, ինչպես օրինակ՝ Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթի «Առողջ սերունդ՝ պաշտպանված հայրենիք» համաքաղաքային բակային փառատոնն է՝ ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, հանդբոլ, շախմատ, շաշկի, հեծանվավազք մարզաձևերից։ Մարզական փառատոնն անցկացվելու է երկու՝ վարչական շրջանների ու քաղաքային փուլերով։
«Երևանյան ամառ» ծրագրի առավել մանրամասն բովանդակությանը քաղաքացիները կարող են ծանոթանալ մայիսի 25-ից թերթի կրպակներում տրամադրվող գրքույկներից, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի կայքերից։
«Երևանյան ամառը» ներառում է նաև օգոստոսի 1-ից 15-ն անցկացվող առողջապահական ակցիա: Այդ ընթացքում երևանցիները կարող են անվճար բուժհետազոտություն անցնել սիրտ-անոթային, վահանաձև գեղձի հիվանդությունների գծով, ինչպես նաև ենթարկվել թանկարժեք՝ համակարգչային տոմոգրաֆիական հետազոտությունների։
Արամ Սուքիասյանը նշել է նաև, որ հունիսի 1-ին՝ Երեխաների իրավունքների պաշտպանության օրը մայրաքաղաքում բազմաթիվ միջոցառումներ են անցկացվելու Ազատության հրապարակում, Մանկական զբոսայգում, Կենդանաբանական այգում, ուր մուտքը երեխաների համար անվճար է լինելու։ Սահմանված ժամերին անվճար են լինելու նաև Մանկական այգու բոլոր և Հաղթանակի զբոսայգու 25 ատրակցիոնները։ Այդ այգիներում նաև տոնական-ժամանցային ծրագրերով համերգներ են լինելու երեկոյան: Հաղթանակի զբոսայգում 22։00-ին մեծ հրավառություն է սպասվում։ Կարապի լճի բացօթյա էկրանին 20։00-22։00-ը հայկական մուլտֆիլմեր են ցուցադրվելու։
Հունիսի 1-ից մեկնարելու է նաև «Երևան Սիթի Տուր» քաղաքային պաշտոնական զբոսաշրջային երթուղու տարեշրջանը։ Ամեն օր, բացի երկուշաբթի օրվանից, Ֆրանսիայի հրապարակից սկիզբ կառնի բազմալեզու երթուղին՝ երկհարկանի ավտոբուսներով, բովանդակությամբ թարմացված գիդ-ծրագրով։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Վարչական բոլոր շրջաններում պարտադիր բարեկարգման աշխատանքները շարունակվում են
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ վարչական բոլոր շրջաններում շարունակվում է ամենօրյա հսկողությունը տնտեսվարողների կողմից հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման նորմերի պահպանման ուղղությամբ:
Հիշեցնենք, որ տարվա բոլոր եղանակներին հարակից տարածքների բարեկարգման աշխատանքների պարտադիր կատարումը Երևանի ավագանու որոշման պահանջն է:
Ներկայում մայրաքաղաքում հաշվառված է հարակից ընդհանուր օգտագործման տարածք ունեցող ավելի քան 14 հազար օբյեկտ: Դրանց մի մասում հարակից տարածքները ենթակա են կանաչապատման, իսկ մնացածներն էլ, որոնք չունեն կանաչապատ տարածքներ, պետք է բարեկարգվեն:
Այն տնտեսվարողները, որոնք չեն կատարում իրենց պարտավորությունները կամ թերանում են դրանց կատարման մեջ, ենթարկվում են վարչական պատասխանատվության:
Նշենք նաև, որ աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով ներդրվել ու գործում է Երևանի ավագանու համապատասխան որոշման պահանջների կատարման վերահսկման տեղեկատվական համակարգը, ուր մուտքագրված են հարակից տարածքների մշտապես թարմացվող լուսանկարները, տնտեսվարողների տրամադրած և նրանց կողմից ստորագրված սխեմաների, նախազգուշացման և արձանագրությունների թերթիկների լուսապատճենները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Ոստիկանները պարզեցին իրողությունը
Մայիսի 20-ին, ժամը 15.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի փակ վնասվածք, ձախ գոտկատեղի փափուկ հյուսվածքների վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1995 թ. ծնված Գայանե Ղ.-ն, որը հայտարարել է, որ վնասվածքները ստացել է «Արցախ» պուրակում վայր ընկնելու հետևանքով:
Մեկնած օօպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 14.30-ի սահմաններում, 1989 թ. ծնված Վարուժան Ա.-ն իր վարած «Միցուբիշի Լանսեր» մակնիշի ավտոմեքենայով Վանաձորի Վարդանանց և Նժդեհի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել Գայանե Ղ.-ին` պատճառելով վնասվածքները:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
Ճանապարհատրանսպորտային պատահարներ
Մայիսի 21-ին, ժամը 00.10-ին, Երևանի Չարենցի փողոցի թիվ 66 շենքի դիմաց «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-21074»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 20-ին, ժամը 14.30-ին, մակնիշի ավտոմեքենայի վարորդը «Տոյոտա» Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 2/5 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 20-ին, ժամը 05.15-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի և Կիևյան փողոցի խաչմերուկում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենա է բախվել վերգետնյա անցման բետոնե պատնեշին և շրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 20-ին, ժամը 13.00-ի սահմաններում, թիվ 63 երթուղու «Բոգդան» մակնիշի ավտոբուսի վարորդը Երևանի Գայի պողոտայի թիվ 37 հասցեի մոտ կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով 60-ամյա ուղևորուհին ավտոբուսի սրահում վայր է ընկել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 20-ին, ժամը 10.30-ին, Երևանի Պ.Սևակի փողոցում իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 21-ին, ժամը 00.10-ի սահմաններում, Չարենցավան-Կարենիս ճանապարհի 1-ին կ/մ-ին «Հունդայի» մակնիշի ավտոմեքենա է բախվել ճամփեզրի քարի:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Մոտոցիկլետով վրաերթի է ենթարկել 6-ամյա աղջկա
Մայիսի 20-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները Վերին Արտաշատ գյուղից, վրաերթ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1984 թ. ծնված Վահան Դ.-ին:
Պարզվել է, որ նա ապրիլի 29-ին, ժամը 17.00-ի սահմաններում «Իժ Պլանետա Սպորտ» մակնիշի մոտոցիկլետով իրենց գյուղում վրաերթի է ենթարկել 6-ամյա աղջկա:
Կատարվում է քննություն:
ՀՅԴ-ն պահանջում է Երեւանի ավագանուց բեկանելԱնաստաս Միկոյանի արձանը տեղադրելու որոշումը
Սույն թվականի ապրիլի 30-ին Երեւանի քաղաքապետարանը, առանց հանրային քննարկման, որոշում կայացրեց մայրաքաղաքում տեղադրել խորհրդային պետական-կուսակցական գործիչ Անաստաս Միկոյանի արձանը։ Որոշումը կայացվել է ոչ միայն առանց հասարակության տեղեկացման, այլեւ վերոհիշյալ գործչի գործունեության, Հայաստանի ու հայ ժողովրդի առջեւ նրա ծառայությունների արժեւորման շուրջ մասնագիտական քննարկումների։ Մինչդեռ Հայաստանի առաջին հանրապետության կործանման, հետագայում ստալինյան մարդատյաց ռեժիմի կողմից բազմահազար մարդկանց ոչնչացման մեջ գործուն դերակատարություն ունեցած այս անձի արձանի տեղադրումը սրբապղծություն է այդ անմեղ զոհերի հիշատակի եւ նրանց ժառանգների զգացմունքների առջեւ։ Արձանները ոչ միայն գեղագիտական ճաշակի դաստիարակության համար ստեղծված արվեստի գործեր են, այլեւ այն ազգային ու բարոյական արժեքների քարոզչության միջոցներ, որոնք առաջնահերթ կարեւորություն են ներկայացնում պետականության ամրապնդման ու զարգացման համար։ Ամենամակերեսային ուսումնասիրությունն անգամ ակնհայտ է դարձնում, որ արձանի տեղադրումը վնասելու է մեր պետության միջազգային վարկը, նրան դնելով այն երկրների շարքում, որտեղ գովազդվում ու քարոզվում են բռնապետական վարչակարգերն ու նրանց գործիչները։
Նկատի ունենալով վերոհիշյալը, ՀՅ Դաշնակցության Երեւանի Քաղաքային կոմիտեն պահանջում է Երեւանի ավագանուց բեկանել կայացված որոշումը, հետագայում ձեռնպահ մնալով առանց հանրությանը մասնակից դարձնելու մայրաքաղաքի համար կարեւոր որոշումներ կայացնելու գործելակերպից։
Հայ Յեղափոխական Դաշնակցության
Երեւանի Քաղաքային կոմիտե
20 Մայիս 2014
Արթուր Օհանջանյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մայիսի 21-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Արթուր Օհանջանյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Հակառակորդի գնդակից զինծառայող է զոհվել
ԼՂՀ ՊԲ-ից ստացված տեղեկության համաձայն` մայիսի 20-ին հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1994 թվականին ծնված Արթուր Սեյրանի Օհանջանյանը:
Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն է հայտնում Արթուր Սեյրանի Օհանջանյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
ԱՄՆ դեսպանատունը հայտարարում է ՀՀ քաղաքացիների որոշ խմբերի համար հարցազրույցի պահանջի վերացման մասին
Այս պահից սկսած Հայաստանում վերացվում է ԱՄՆ մուտքի ոչ ներգաղթային արտոնագրերի (վիզաների) տրամադրման համար հարցազրույց անցնելու պարտադիր պահանջը մինչև 10 տարեկան երեխաների ու 79 տարեկանից բարձր անձանց համար, ինչպես նաև արտոնագիրը երկարաձգելու որոշ դեպքերում:
Հարցազրույցի պահանջի վերացմամբ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փորձում է տարեց քաղաքացիների, երեխաների հետ ճանապարհորդող ընտանիքների ու հաճախակի ճանապարհորդողների համար առավել արագ ու պարզ դարձնել մուտքի արտոնագրի ստացման գործընթացը:
Այս մասին հայտարարելիս հյուպատոս Ջորջ Լինն ասաց. «Հարցազրույցի պահանջի վերացումը կհանգեցնի Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև մշակութային, կրթական, առևտրային շփումների ավելացմանը, առավել կամրապնդի մեր ժողովուրդների միջև կապերը: Այս նոր մոտեցումը կդյուրացնի օրինական ուղևորությունները դեպի Միացյալ Նահանգներ՝ միաժամանակ ապահովելով մուտքի արտոնագրերի գործընթացի թափանցիկությունն ու ազգային անվտանգության երաշխիքները»:
Հյուպատոսական պաշտոնյաները դեռևս կարող են իրենց հայեցողությամբ հարցազրույցի հրավիրել դիմողներին, նույնիսկ եթե նրանք հիշյալ խմբերին են պատկանում: Բացի այդ, նախատեսվում է նշված խմբերից, երբեմն, պատահական ընտրությամբ որոշ մարդկանց հրավիրել հարցազրույցի:
Հարցազրույցի պահանջի վերացման, առցանց դիմում ներկայացնելու վերաբերյալ մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելելhttps://usvisa-info.com/ էջը, որտեղից անցում կատարելով Հայաստանի ենթաէջին՝ “Personal Appearance Waiver” (Անձամբ ներկայանալու պահանջից հրաժարում) կամ “Visa Renewal” (Վիզայի նորացում) բաժիններում կգտնեք անհրաժեշտ բոլոր մանրամասները:
ԳԱԱ փորձաքննությունների բաժնի պետը ձերբակալվել է կաշառք ստանալու համար
Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի (առևտրային կաշառք) 3-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում, անձի օգտին դրական եզրակացություն կայացնելու համար 500 ԱՄՆ դոլար կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով, սույն թվականի մայիս 20-ին ձերբակալվել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ՃՏՊ հանգամանքների տրանսպորտային հետքաբանական և տրանսպորտային միջոցների փորձաքննությունների բաժնի պետ Ցոլակ Գևորգյանը: Այս մասին տեղեկացնում են Գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, դատավարական ղեկավարումը իրականացնում է Երևան քաղաքի դատախազությունը:
Գարեգինը ծեծել է նախկին կնոջն ու զոքանչին
Մայիսի 20-ին, ժամը 19.30-ին, 1982 թ. ծնված Ռուզան Ա.-ն ահազանգել է ոստիկանության Արաբկիրի բաժին և խնդրել, որ ոստիկանության ծառայող մեկնի իրենց տուն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 19.15-ին, տանը, վիճաբանության ժամանակ, Ռուզան Ա.-ի նախկին ամուսինը` 1983 թ. ծնված Գարեգին Պ.-ն, մի քանի անգամ հարվածել է վերջինիս գլխին, ոտքով և ձեռքով հարվածել նաև նրա մոր` 1956 թ. ծնված Գայանե Մ.-ին` պատճառելով վնասվածքներ:
Գարեգին Պ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
Սրճարանում վեճի ընթացքում Ռոմանը ծեծել է Արմինեին
Մայիսի 20-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողները բաժին են ներկայացրել 1986 թ. ծնված Արմինե Խ.-ին և 1977 թ. ծնված Ռոման Գ.-ին, որոնք նույն օրը, ժամը 19.00-ին, Խանջյան փողոցում գտնվող սրճարաններից մեկում վիճաբանել են իրար հետ, որի ընթացքում Ռոման Գ.-ն ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել Արմինե Խ.-ի մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածք:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մայիսի 20-ից 21-ը)
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 20-ից 21-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքից բացահայտվել է 5-ը, խարդախության 4 դեպքից` 3-ը, յուրացման և խուլիգանության 1-ական դեպքերը բացահայտվել են:
Բացահայտվել է գողության 8 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 և գողության 4 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 6 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Արարք, որ համազոր է դավաճանության (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երիտասարդները քննարկում են չճանաչված երկրների քաղաքացիների բարձրագույն կրթության իրավունքը
Մայիսի 21-ին տարբեր բուհերի շուրջ 100 ուսանողներ մասնակցում էին «Առաջնորդենք ապագան. գիտության երիտասարդացում» խորագրով երիտասարդ գիտնականների դպրոցի աշխատանքներին։ Ուսանողական համայնքն աշխատանքային խմբերում քննարկում էր գիտության երիտասարդացման, ուսանողական ինքնակառավարումների մենեջմենթի, եվրոպական բարձրագույն կրթական դաշտում ուսանողների ներգրավվածության, չճանաչված երկրների քաղաքացիների բարձրագույն կրթության իրավունքի, բուհական ուսանողական շարժումներում արտասահմանցի ուսանողների ինտեգրման հարցերը։
Երիտասարդ գիտնականների դպրոցը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանը։ Այն անցկացվում է ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում։
Հեռակապով ծրագիրը ողջունեցին Եվրոպայի ուսանողական միության նախագահը, Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի ուսանողության հետ կապերի և արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավարը։ Տեսակապի միջոցով դպրոցի աշխատանքներին մասնակցում էին նաև Բժիշկ ուսանողների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիայի ներկայացուցիչները, տարբեր երկրների ուսանողներ։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը բարձր գնահատեց ուսանողների կողմից քննարկվող հարցերը՝ առանձնացնելով հատկապես «Չճանաչված երկրների քաղաքացիների բարձրագույն կրթության իրավունք» թեման։ Կարեն Ավագյանը չճանաչված երկրների քաղաքացիների կրթության իրավունքը դիտարկեց որպես մարդու իրավունքների անբաժանելի մաս՝ կարևորելով չճանաչված պետություններին ու նրանց քաղաքացիներին կրթական ծրագրերում ներգրավելու հարցը:
Ողջունելով երիտասարդ գիտնականների դպրոցի աշխատանքները՝ ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը շեշտեց, որ բուհերում ուսումնական պրոցեսը պետք է կազմակերպվի, անցկացվի ու գնահատվի՝ հիմնվելով հետազոտությունների արդյունքում ստացված փաստերի վրա։ Այդ համատեքստում նա կարևորեց բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարեն Ավագյանի «Ուսանողների առողջական վիճակի հիմնախնդիրները և լուծման ուղիները» գիտական հետազոտությունը։ ԵՊԲՀ ռեկտորը հույս հայտնեց, որ այդ հետազոտությունը կունենա շարունակություն՝ հաջորդ փուլում ընդգրկելով ուսանողության հոգեհուզական վիճակը, որն էապես անդրադառնում է ուսանողների առաջադիմության, առողջության վրա։ Միքայել Նարիմանյանը երիտասարդ գիտնականների դպրոցի կազմակերպիչներին կոչ արեց իրենց աշխատանքների վերլուծությունները փոխանցել ռեկտորատ, որոնք կներկայացվեն բուհի գիտխորհրդի առաջիկա նիստում և հաշվի կառնվեն ուսումնական պրոցեսի կազմակերպման հարցերում։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն
Վերականգնվել է Ամասիան Գյումրիին կապող միակ ճանապարհը
Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի բնակիչներն այլևս ստիպված չեն լինի օգտվել դաշտամիջյան ճանապարհներից: Բարեկարգվում և վերականգնվում է գյուղերը մարզկենտրոն Գյումրիին և արտաքին աշխարհին կապող միակ՝ Ամասիայից Բերդաշեն տանող ավտոճանապարհը: Տարիներ շարունակ դաշտամիջյան ճանապարհով երթևեկող տեղի բնակիչների համար այս ճանապարհի վերակառուցումն անչափ սպասված էր:
Աշխատանքների 90 տոկոսից ավելին կատարված է: Ճանապարհի առաջին կմ-ում իրականացվել են ասֆալտապատման, հաջորդ 16.4 կմ-ում՝ կոպճային աշխատանքներ:
Նախկին ճանապարհի հետ կապված վարորդների դժգոհությունը մեկն էր՝ մեքենաները շարքից դուրս էին գալիս: Իրենց համար այս ճանապարհն այժմ լավագույն ասֆալտապատ ճանապարհից էլ լավն է:
Համայնքների ղեկավարները գյուղացիների անունից արդեն գոհունակությամբ են խոսում վերականգնված ճանապարհի մասին և փորձում մոռանալ նախկին դժվարությունները:
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝սույն թվականի ապրիլի 1-ից տրանսպորտի և կապի նախարարության ենթակայության տակ են անցել հանրապետական նշանակության շուրջ 30 ճանապարհներ, որոնց շահագործման և բարելավման աշխատանքները կընթանան ըստ սահմանված ժամկետների:
Մանրամասները՝ տեսանյութում
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն
Գյուղաբնակ երիտասարդությունը միջազգային ծրագրի թիրախ
Եվրոպական երիտասարդական կազմակերպությունները տարբեր մեթոդներ են օգտագործում`ընդլայնելու երիտասարդնության դերը քաղաքացիական հասարակության կայացման ու զարգացման գործում: Սակայն այս գործընթացը պասիվ է հատկապես գյուղական վայրերում: Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպությունը` Երիտասարդական ակումբների դաշնությունը (FYCA), գյուղական երիտասարդությանն ակտիվացնելու նպատակով, մայիսի 12-ից 19-ը Եվրամիության «Youth in Action» ծրագրի շրջանակում իրականացրեց «Youth work outside» միջազգային ծրագիրը, որին մասնակցեց Հայաստանի, Ռումինիայի, Թուրքիայի, Լատվիայի, Ուկրաինայի, Վրաստանի, Իտալիայի, Բելառուսի և Գերմանիայի երիտասարդական կազմակերպությունների 40 ներկայացուցիչ:
«Հետազոտությունները ցույց են տալիս, որ հասարակական նախաձեռնությունները տեղի են ունենում մեծ քաղաքներում, հատկապես մայրաքաղաքում: Երիտասարդական ակումբների դաշնությունը նախաձեռնեց այս ծրագիրը` ակտիվացնելու հատկապես գյուղաբնակ երիտասարդությանը: Այն յուրահատուկ հարթակ էր տարբեր ազգությամբ երիտասարդների համար` միջազգային և միջմշակութային կապեր հաստատելու, ընդլայնելու երիտասարդների հնարավորությունները` ակտիվ մասնակցություն ունենալու սոցիալական և քաղաքական խնդիրների լուծմանը»,- նշեց ծրագրի համակարգող Մարիամ Սահակյանը:
Ծրագրի 6 օրերի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան քննարկելու կյանքի մասին իրենց տեսլականը, շփվելու պոտենցիալ գործընկերների հետ և մշակելու ծրագրեր`համատեղ իրականացնելու համար: Մասնակիցներն այցելեցին Արագածոտնի և Արարատի մարզերում գործող Երիտասարդական ակումբների դաշնության անդամ կառույցների գրասենյակներ, ծանոթացան Հայաստանի մարզերում իրականացվող երիտասարդական նախաձեռնություններին, հանդիպեցին գյուղաբնակ երիտասարդների, տեղում քննարկեցին առկա խնդիրները`հասկանալու և հետագայում տարբեր ծրագրերի օգնությամբ դրանք վերացնելու նպատակով:
«Մենք մեր հետագա ծրագրերում կօգտագործենք գյուղաբնակ երիտասարդությանը բոլոր մակարդակների որոշումների կայացման գործընթացներում ներգրավելու մեթոդները, որոնք օգտագործում են մեր եվրոպական գործընկերները, և որոնք մենք մշակեցինք սույն ծրագրի ընթացքում», – ծրագրի ամփոփման խոսքում ընդգծեց ԵԱԴ նախագահ Ատոմ Մխիթարյանը:
«Խորհրդանշական է, որ Հայաստանում գտնվելու այս օրերը համընկան ԽՍՀՄ-ում տոնվող «Պիոներների օրվան»: Ես հիշում եմ, երբ իմ ծնողները պատմում էին, որ ճանապարհորդում էին իրենց մեծ հայրենիքով` ԽՍՀՄ-ով: Հատկանշական է, որ այսօր բոլորս համախմբվել ենք Հայաստանում, բայց արդեն եվրոպական ծրագրի շրջանակում, որպես տարբեր երկրների ներկայացուցիչներ»,-ասաց Լատվիայի ներկայացուցիչ Արմանդս Լազդինսը:
Ծրագրի ընթացում մասնակիցները բացի գործնական և ուսուցողական դասընթացներից կազմակերպեցին նաև միջմշակութային երեկոներ, այցելեցին Հայաստանի տարբեր պատմամշակութային վայրեր, ծանոթացան Հայաստանի հազարամյա ժառանգությանը` խոստանալով հավիտյանս պահել Հայաստանի մասին իրենց տպավորիչ հիշողությունները:
Իլյա Կևորկով` «Տուրիզմի ակադեմիկոսը»
Այս տարի` ապրիլի 14-ին, լրացավ խորհրդային ժամանակաշրջանի պետական և հասարակական անվանի գործիչ, Հայաստանում արտասահմանյան տուրիզմի հիմնադիր Իլյա Կևորկովի 100-ամյակը:
Այս անունը երիտասարդներին գուցե ոչինչ չասի, սակայն ավագ սերունդը, մասնավորապես` մտավորականությունն ու պետական պաշտոններ զբաղեցրած անձինք̦ լավ գիտեն նրա արժեքը: Ու այսօր առիթ է երիտասարդ սերուդներին ներկայացնելու պետական-հասարակական գործչի մի կերպար, որը թերևս անհամատեղելի է մերօրյա իրականության հետ, սակայն համեմատելն ու գնահատելը կարևոր է և օգտակար:
1915 թ. կոտորածներից փրկված և Հին Նախիջևանից Ռուսաստան հասած Գևորգյանների ազգանունը ցարական ռուս պաշտոնյաների թեթև ձեռքով վերափոխվեց Կևորկովի, սակայն դա նրանց չխանգարեց լինել ու մնալ իսկական հայ:
Փոքրիկ Իլյան մանկուց աչքի էր ընկնում իր բացառիկ ունակություններով: Աշխատանքային գործունեությունը շատ վաղ հասակից է սկսում` համատեղելով քիմիա-տեխնոլոգիական ինստիտուտում ուսանելու հետ: Եվ պատահական չէր, որ դեռևս 24 տարեկանում նրան են վստահում քիմիական մեծ կոմբինատի տնօրենի պաշտոնը:
Մասնակցելով ֆիննական, ապա Հայրենական մեծ պատերազմին և պարգևատրվելով ԽՍՀՄ զինվորական բազմաթիվ պարգևներով՝ նա ընդունվում և ավարտում է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Պետանվտանգության մինիստրության կենտրոնական ապարատում աշխատելուց հետո նշանակվում է ՀԽՍՀ նախարարների խորհրդի հատուկ բաժնի պետ, 1951 թ. ընտրվում Վանաձորի քաղկոմի առաջին քարտուղար: Այս վերջին պաշտոնում նրա կատարած գործունեությանը մենք դեռ կանդրադառանք: Իսկ մինչ այդ ներկայացնենք նրա գործունեության ամենակարևոր ժամանակաշրջանը՝ 1955 թ. մինչև կյանքի վերջը` 1977 թ., երբ Իլյա Կևորկովը գլխավորում էր Հայաստանի արտասահմանյան տուրիզմի համակարգը:
Հենց նրա շնորհիվ այդ 22 տարիների ընթացքում զրոյից ստեղծվեց տուրիզմի հզոր նյութատեխնիկական բազա, կառուցվեցին «Արմենիա», «Անի», «Դվին» հյուրանոցները, Սևանի առափնյա մոթելը և այլն:
Ստեղծվեց Հայաստանում զբոսաշրջության և սպասարկման դպրոց, մշակվեցին զբոսաշրջային երթուղիներ, որոնք կիրառվում են առ այսօր, ծավալվեց ճանապարհների և տրանսպորտի լուրջ վերահսկողություն, մեծ ուշադրություն դարձվեց պատմամշակութային հուշարձանների պահպանմանն ու վերականգնմանը, կազմակերպվեցին լայնածավալ տուրիստական ցուցահանդեսներ Եվրոպայի և Ասիայի երկրներում՝ ներկայացնելով Հայաստանը: Այս ամենի արդյունքում, 1955 թ. զբոսաշրջային ուղեգիր ունեցող արտասահմանյան զբոսաշրջիկների թիվը 3 հոգուց 70-ական թվականներին հասավ ավելի քան հարյուր հազարի:
Կևորկովը մեծ հեղինակություն ուներ ոչ միայն Հայաստանում, այլև Մոսկվայում: ԽՍՀՄ արտասահմանյան տուրիզմի գլխավոր վարչությունում որևէ կարևոր որոշում չէր կայացվում առանց Կևորկովի մասնակցության: Մոսկվայում նրան անվանում էին «Տուրիզմի ակադեմիկոս»:
«Նա հոյակապ հայր էր,- հիշում է ավագ դուստրը՝ Նինա Կևորկովան,- մեզ՝ երկու քույրերիս, մանկուց վերաբերվում էր որպես իրեն հավասար մարդու: Չափազանց մեծ վստահություն ու հարգանք կար մեր միջև: Հետո եմ գիտակցել, որ դա էր ամենաճիշտ դաստիարակությունը»:
Տիկին Նինան հիշում է, որ իրենց տունն իսկական մշակութային կենտրոն էր. մայրը երաժիշտ էր, հայրն էլ մեծ սեր ուներ արվեստի նկատմամբ և բազմաթիվ արվեստագետ ընկերներ ուներ՝ նկարիչ Խաչատուր Եսայան, կոմպոզիտորներ Առնո Բաբաջանյան, Ղազարոս Սարյան, էդվարդ Միրզոյան, Ալեքսանդր Հարությունյան, Ադամ Խուդոյան և ուրիշներ: Իսկ նրա կուռքը քեռորդին էր՝ աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը, որի հետ նույնպես շատ մտերիմ էր:
«Մեր տանն անընդհատ հյուր կար, անց էին կացվում յուրօրինակ մշակութային երեկոներ, և բոլորի համար շատ կարևոր էր հորս կարծիքը, քանի որ նա խորապես զգում ու հասկանում էր արվեստը»:
Կևորկովը պետական չինովնիկին ոչ բնորոշ այլ հատկանիշներ էլ ուներ: Ֆանտաստիկ հումորի տեր մարդ էր: Մի վայրկյանում կարող էր իր ընկերների, ծանոթների գլխին մի այնպիսի զավեշտալի պատմություն սարքել ու հետո այնքան անկեղծորեն ու լիաթոք ծիծաղել, որ ոչ ոք չէր նեղանում:
Անդրադառնալով հոր՝ արտասահմանյան տուրիզմի վարչությունը գլխավորած տարիներին՝ Նինա Կևորկովան նշում է, որ հոր ջանքերով Հայաստանը Մոսկվայից հետո դարձավ Խորհրդային Միությունում երկրորդ քաղաքը, որտեղ արտասահմանցի տուրիստների համար նախատեսված երեք հյուրանոց կար: Դուստրը շատ լավ է հիշում հատկապես «Անիի» կառուցումը, քանի որ անձամբ է մասնակցել մի շարք աշխատանքների:
Անին արդեն կար, սակայն 14 տարի էր անցել, դեռ կիսակառույց էր, միջոցներ չկային ավարտին հասցնելու համար: Իսկ «Ինտուրիստին» օդ ու ջրի պես անհրաժեշտ էր քաղաքի կենտրոնում ունենալ երկրորդ հյուրանոցը «Արմենիայից» հետո:
Կևորկովը դիմում է քաղխորհրդին՝ առաջարկելով իրենց տրամադրել «Անիի» շենքը՝ խոստանալով կարճ ժամկետում հանձել շահագործման: Քաղխորհրդում համաձայնում են, բայց մի պայմանով` եթե նա միջոցներ հայթայթի կառուցելու նաև Երաժշտական կոմեդիայի թատրոնը, որը նախատեսված էր կառավարության ծրագրով, սակայն դարձյալ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով հետաձգվում էր: Կևորկովը շտապ մեկնում է Մոսկվա՝ գլխավոր գրասենյակ` համաձայնություն ստանալու, իսկ այնտեղ նրա խոսքը շատ էին հարգում: Նա կարողանում է գումար հայթայթել և՛ «Անիի» համար, և՛ թատրոնի համար: Այդպիսով, Երևանն ունենում է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը:
Ինչ վերաբերում է «Անիին», ապա շատ հետաքրքիր է հյուրանոցի բացմանը նախորդած ժամանակահատվածը: 1970 թվականն էր: «Անին» պետք է բացվեր նոյեմբերի 29-ին: Մնացել էր ընդամենը մեկուկես ամիս, սակայն աշխատանքը հսկայական էր, քանի որ 14 տարի առաջ անցկացված խողովակներն արդեն փտել էին ու ամբողջությամբ պետք է փոխվեին: «Հայրս անելանելի վիճակում էր,- հիշում է տիկին Նինան,- սակայն որոշում էր կայացրել ամեն գնով հասցնել: Ամեն օր բանվորական հագուստով գնում էր հյուրանոց և բանվորների հետ հավասար գործ անում»: Երբ աշխատակիցները դա տեսան, իրենք էլ միացան նրան: Ես այդ ժամանակ նոր էի ավարտել Բրյուսովի ինստիտուտը և աշխատանքի էի անցել «Անի» հյուրանոցում որպես թարգմանիչ: Ես էլ որոշեցի օգնել ու ամեն օր գնում էի հյուրանոց, բանվորական շորեր հագնում և անցնում գործի»:
Հիշում է՝ վերելակը դեռ միացված չէր: Մեկ էլ հայրը 12-րդ հարկից ձայն էր տալիս, թե շուտ արի, էստեղ աղբ է հավաքվել: Դույլը ձեռքին հևալով բարձրանում էր այդ 12 հարկը, մաքրում, իջնում, հետո՝ նորից: Այնքան էր հոգնում, որ երբ հասնում էր տուն, ո՛չ կարողանում էր հաց ուտել, ո՛չ շարժվել, ողջ մարմնի մկանները բռնված էին լինում: Մի օր էլ հյուրանոցի պահակներից մեկը, տեսնելով աղջկա ժրաջան աշխատանքը, չիմանալով, որ նա հենց Կևորկովի դուստրն է ու այդ ամենն անում է հոր համար, ասում է, որ կդիմի Կևորկովին, որպեսզի հատուկ պարգևատրեն:
Ջանքներն ապարդյուն չանցան: Նշանակված օրն «Անին» բացեց դռներն արտասահմանցի հյուրերի առջև:
«Հայրս արտակարգ հայրենասեր մարդ էր: Նա համարում էր, որ իր երկիրը գանձ է, և բոլորը պետք է տեսնեն ու ճանաչեն այն: Լինելով շուրջ 60 արտասահմանյան երկրներում՝ նա հասկացել էր, որ ոչ բոլորը գիտեն Հայաստանի մասին, երբեմն հենց իրենից էլ լսում էին, որ նման երկիր կա: Սակայն նա վստահ էր, որ եթե տուրիզմը ճիշտ զարգացնեն, երկիրը կարող է հենց միայն դրանով ապրել»:
Ցավոք, 1977-ին կյանքից հեռանալով, նա չհասցրեց իրագործել մի շարք կարևոր ծրագրեր: Օրինակ` Մոսկվայից հրավիրել էր հատուկ մասնագետների, որոնք մի քանի ամիս Հայաստանում աշխատելով և ուսումնասիրություններ անելով՝ ներկայացրել էին իրենց եզրակացությունը, թե ինչպես պետք է զարգացնել տուրիզմը, ինչ փուլերով, որ ժամանակահատվածում ինչ հաջողություն ակնկալել և այլն: Հետաքրքիր է, որ նրա մահվանից հետո մի տարի այդ պաշտոնում որևէ մեկին չէին նշանակում. համապատասխան մարդ չկար:
Ինչ վերաբերում է 1951 թ. Կիրովականի նորաստեղծ քաղկոմի առաջին քարտուղարի պաշտոնում նրա գործունեությանը, դրա մասին լավագույնս վկայում է 1988-91 թթ. Քաղկոմքարտուղար Կառլեն Դանիելյանը: «Իլյա Կևորկովը, օժտված լինելով կազմակերպչական բացառիկ ունակություններով, ունենալով խոր ու բազմակողմանի գիտելիքներ, տիրապետելով ղեկավարման դժվարին արվեստին, կարողացավ կարճ ժամանակահատվածում աննախադեպ արդյունքներ գրանցել Կիրովականի համար. աննախադեպ արդյունքներ ոչ միայն քաղաքի բարեկարգման, կառուցապատման, այլև մշակույթի, սպորտի բնագավառներում: Ես և իմ սերնդի կուսակցական ակտիվիստերս հպարտ ենք, որ եղել ենք նրա ժամանակակիցն ու հնարավորություն ենք ունեցել նրանից քաղելու ոչ միայն մասնագիտական, այլև կյանքի դասեր»:
Լուսահոգի Արաքսի Սարյանը նրա մասին իր հիշողություններում գրել է. «Բոլորը գիտեին, որ իրենց կյանքի դժվար պահերին Իլյուշան կհասնի, կկարողանա օգտակար լինել: Մարդու բարոյական նորմերի լավագույն չափանիշներով է հիշվում Իլյա Կևորկովը։ Եվ եթե նա այսօր լիներ մեր մեջ, անտարակույս է, որ կհաղորդեր իր շրջապատին գործի նույն իմացությունը, մարդկային փոխհարաբերության և վարքագծի նույն ընդգրկուն կուլտուրան, որի պակասն այնչափ զգալի է այսօր մեր հասարակության մեջ»։
Մամիկոն Խոջոյանի դին տեղափոխում են Երևան
Մամիկոն Խոջոյանի դին Տավուշի մարզի Վերին կարմիրաղբյուր գյուղից տեղափոխում են Երևան: Քիչ առաջ Անկախ-ի թղթակցի հետ զրույցում նշեց Մամիկոն Խոջոյանի հարսը: <<Նոր Հայկազը` ամուսինս, եկավ պապայի թղթերը, պասպորտը վերցրեց, վազելով դուրս եկավ, ասեց` տանում ենք Բերդի հիվանդանոց, էնտեղից էլ Երևան>>: Թե ինչու են 77-ամյա ծերունու դին տեղափոխում Երևան, հարսը չգիտի: Հավանաբար՝ դիահերձում կատարելու նպատակով: Հարսի խոսքով` Մամիկոն Խոջոյանի առողջական վիճակը վերջին օրերին հատկապես շատ էր վատթարացել: <<Վերքերը շատացել էին, ամբողջ մարմինը վերք էր, ինքը գրեթե չէր խոսում, միայն ջուր էր ուզում>>,-նշում է Խոջոյանի որդու կինը: Այս պահին նրանց տանն է նաև Ադրբեջանից վերադարձած 23-ամյա Արսեն Խոջոյանի մայրը` Սվետա Խոջոյանը: <<Մամուկ ապին իրիկունը 7-ի կողմերը մահացավ>>,-ասաց տիկին Սվետան` շարունակելով իրենց ընտանիքի պատմությունը: Տիկին Սվետան երեկ է Շամշադին վերադարձել: Նա այստեղ էր դստեր ու երկու որդիների հետ, որոնք Երևանի տարբեր հիվանդանոցներում էին: Արսեն Խոջոյանը բուժվում էր ֆիզիոթերապիայի ինստիտուտում, Ալվարդիկը` Արաբկիրի, Արմանը` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցներում: Խոջոյանների հիվանդ երեխաները գյուղի տանն են, բայց պետք է իտենսիվ բուժումներ և դեղորայք ստանան: Տիկին Սվետան մեր թղթակցին հայտնեց, որ առավոտյան պետք է գնա Բերդի դեղատուն դեղերը գնելու, սակայն գումար չունի: <<Կգնամ, անձնագիրս կթողնեմ, տենամ` կտան դեղերը>>,-ասաց նա: Անկախ