Այրվել են էլ. հաշվիչներ

Այրվել են էլ. հաշվիչներՄայիսի 13-ին, ժամը 01.58-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղում` «Դուբայ» հյուրանոցի մոտակայքում, այրվում է էլ. վահանակ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 11-րդ փողոցի թիվ 89 շենքի մոտակայքում գտնվող էլ. վահանակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.20-ին, մարվել՝ 02.30-ին: Այրվել է 14 էլ. հաշվիչ:

Սպասվում է անձրև և ամպրոպ

եղանակՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին հայտնեցին, որ Հանրապետության տարածքում՝

Մայիսի 13-14-ը շրջանների զգալի մասում, 15-17-ը հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին և օրվա երկրորդ կեսերին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 14-ին կնվազի 2-3 աստիճանով, իսկ 15-16-ը նույքան կբարձրանա:

Երևանում`

Մայիսի 13-14-ը գիշերվա առաջին և օրվա երկրորդ կեսերին սպասվում է անձրև և ամպրոպ: Մայիսի 15-17-ը երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է:

Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:

Երևանի մայիսի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
  • • Օդի առավելագույն ջերմաստիճան` 31.50C (1969 թ.)
  • • Օդի նվազագույն ջերմաստիճան` 5.90C (1981 թ.)
  • • Օդի միջին օրական ջերմաստիճան` 17.90C

Կնոջը խեղդամահ արած սերժանտը դեռևս փախուստի մեջ է

իծաքարՓախուստի դիմած իծաքարցի Մերուժան Հարությունյանը դեռևս չի հայտնաբերվել: Նշեմ, որ  մայիսի 12-ին, առավոտյան 09:00-ի սահմաններում Տավուշի մարզի Իծաքար գյուղի բնակիչ, 1978 թվականին ծնված Մերուժան  Արշակի Հարությունյանը խեղդամահ է արել կնոջը` 1980 թվականին ծնված Հերմինե Ռեմիկի Չիլինգարյանին: Գյուղացիների խոսքով, սպանության պատճառը խանդն է եղել: Նրանց երեք անչափահաս երեխաները` մեկ տղա և երկու աղջիկ,  այժմ տատիկ-պապիկների մոտ են: Իծաքարի գյուղապետ Արամ Դանիելյանը Անկախի հետ զրույցում նշել է, որ, Հերմինեն հարևան Նավուր գյուղից էր, և վերջին ամիսներին ամուսիններն անհաշտ են եղել:

Անկախ

Բաց նամակ Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդին և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին

Մաշտոցի պուրակ. հուշատախտակՄեծարգո պարոն Նախագահ,

 

Մեծարգո պարոն Դեսպան,

 

 

Մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, ովքեր 90 օր պայքարել են Երևանի լքված զբոսայգիներից մեկը որպես հանրային տարածք պահպանելու համար, խորին մտահոգությամբ հայտնում ենք, որ ՀՀ գործող իշխանությունը հերթական կեղծ և հակաժողովրդավարական քայլն է փորձում անել՝ Ֆրանսիայի նախագահի այցի կապակցությամբ անվանափոխելով Մաշտոցի պուրակը Միսաք Մանուշյանի անունով։ Այս մտադրությունը լայն հանրությանը հայտնի է դարձել այցից ընդամենը մեկ օր առաջ, չնայած որ Երևանի ավագանին որոշումը ընդունել է ապրիլի 30-ին: Որոշումն ընդունվել է առանց հանրային քննարկումների՝ նույնիսկ արգելելով լրագրողների մուտքը ավագանու նիստին: Նախկինում ևս ավագանու բաց նիստերին մասնակցելու մեր բոլոր փորձերը բռնությամբ տապալվել են:

Մաշտոցի պուրակը, կազմելով Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Գլխավոր պողոտայի մի մասը, հանդիսանում է Հայաստանում քաղաքացիական շարժումների խորհրդանիշ. այն փրկվել է Երևանի քաղաքապետի ապօրինի որոշմամբ նախատեսված առևտրայնացումից հանրության անդադրում պայքարի շնորհիվ: «Մաշտոցի պուրակ» անվանումը շրջանառության մեջ է դրվել քաղաքացիների կողմից և տարածում է գտել հենց քաղաքացիական պայքարի ընթացքում: Հետագայում այդ անվանումն օգտագործվել է նույնիսկ պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնական հաղորդագրություններում: Երևանի քաղաքապետարանը, ավագանին, ՀՀ այլ պետական մարմինները, Սերժ Սարգսյանը Մաշտոցի պուրակի հարցում բազմիցս խախտել են ՀՀ Սահմանադրությունը և ՀՀ օրենսդրությունը, և այդ կապակցությամբ դեռևս որևէ մեկը չի ենթարկվել համարժեք պատասխանատվության, հետևաբար՝ բոլոր այդ մարմինները չունեն որևէ լեգիտիմ ու սահմանադրական իրավունք ընդունելու Մաշտոցի պուրակի հետ կապված որոշումներ. վերանվանման այս որոշումը հակաիրավական է և հակասահմանադրական: Եթե որևէ մեկը մասնակցում է այդ որոշման իրականացմանը, ապա մաս է դառնում անօրինական գործողությունների կատարմանը, և եթե վաղը Ֆրանսիայի Հանրապետության Նախագահը մասնակցի նախատեսված միջոցառմանը, ապա նա մասնակից կլինի ՀՀ սահմանադրական կարգի խախտման գործընթացին և ՀՀ-ում մարդու հիմնարար իրավունքների ոտնահարմանը:

Հայտարարում ենք, որ մեզ համար անընդունելի է Հայաստանի քաղաքացիների համար խորհրդանշական և գործառական նշանակություն ունեցող պուրակի վերանվանումը, այնտեղ քաղաքացիների կողմից տեղադրված խորհրդանշական ցուցանակի անտեսումը և նսեմացումը: Հայաստանի գործող կառավարությունն ու քաղաքային իշխանություններն իրենց քայլերով ամեն ինչ անում են՝ արժեզրկելու ազատության, խաղաղ հավաքների ու համերաշխության գաղափարները և դրա խորհրդանիշ դարձած տարածքները։ Հատկապես անընդունելի է այն, որ Մաշտոցի պուրակի անունը ցանկանում են ջնջել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահի այցի առիթով՝ Ֆրանսիայի անունն օգտագործելով Հայաստանի ժողովրդավարական հանրությանը սանձելու համար: Մաշտոցի պուրակը կա և կմնա «Մաշտոցի պուրակ»` Հայաստանի քաղաքացիների սահմանադրական պայքարի խորհրդանիշ, խոսքի ու մտքի արտահայտման բաց հարթակ։

Հպարտ լինելով հայ-ֆրանսիական ընդհանուր մեծ ժառանգությամբ և հարգելով Միսաք Մանուշյանի մեծ ու անուրանալի դերն ու սխրանքը Երկրորդ Համաշխարհային պատերազմի դիմադրության շարժման մեջ` դատապարտում ենք ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան չառարկող համաձայնությունն ու մասնակցությունը ժողովրդավարական պայքարը նսեմացնող միջոցառմանը: Վստահ ենք, որ որպես ժողովրդավարական պետության ներկայացուցիչներ, կհրաժարվեք մասնակցել Մաշտոցի պուրակի նշանակությունը խեղող միջոցառմանը: Դրա փոխարեն առաջարկում ենք քաղաքային իշխանությունների հետ քննարկել Միսաք Մանուշյանի անվամբ Երևանի անանուն զբոսայգիներից ցանկացածը անվանելու կամ նոր զբոսայգի ստեղծելու հարցը, ինչը մեծապես կողջունվի մեր կողմից։

Հարգանքով,

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն

Հրադադարի համաձայնագրի ուժի մեջ մտնելուց 20 տարի է անցել

համաձայնագիր1994 թ. մայիսի 9-11-ը անժամկետ հրադադարի մասին համաձայնագիրը ստորագրեցին Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախագահները: Այն ուժի մեջ մտավ 1994-ի մայիսի 12-ից: Այսօր լրանում է պայմանագրի ուժի մեջ մտնելու 20-րդ տարին:

 

Դրամահավաքի հնարավոր դեպքերը բացառելու նպատակով գրավոր շրջաբերականներ են ուղարկվել բոլոր դպրոցների տնօրեններին

երևանի քաղաքապետարանԵրևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության շրջանակում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ մայիսի 23-ին դպրոցների Վերջին զանգի միջոցառումները պաշտաճ կազմակերպելու նպատակով ձեռնարկվել են համապատասխան միջոցներ:

Նշվել է նաև, որ դրամահավաքի հնարավոր դեպքերը բացառելու նպատակով գրավոր շրջաբերականներ են ուղարկվել բոլոր դպրոցների տնօրեններին, զուգահեռ կազմակերպվում են նաև հանդիպումներ ուսուցչական անձնակազմերի և ծնողների հետ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Կրապատվել է 35 հազար ծառ

ծառԱշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ բնապահպանության վարչության պետը, քաղաքապետ Տարոն Մարգարյանին ներկայացնելով մայրաքաղաքում ընթացող կանաչապատման աշխատանքների ընթացքը զեկուցել է, որ քաղաքային ջերմատնից ծաղկապատման տարածքներ է տեղափոխվել 225 հազար ծաղկասածիլ:

Ծառերի բուժման նպատակով արդեն կրապատվել է 35 հազար ծառ: Ընթացքի մեջ են նաև խոտհնձի աշխատանքները: Ոռոգման ցանցերի գործարկման մասով էլ զեկուցվել է, որ 10 վարչական շրջաններում դրանք արդեն իսկ գործարկվել են, ևս 2 վարչական շրջաներում կվերագործարկվեն մայիսի 15-ից:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

ՀԿ-ների արձագանքը ՀՀ-ում ՌԴ դեսպանի հայտարարությանը

ՎոլինկինՀայաստանում ՌԴ դեսպան Վոլինկինը, ով 2007 թվականին Վրաստանի հանդեպ հետախուզական գործունեություն ծավալելու համար իշխանությունների կողմից  հայտարարվեց անցանկալի անձ (pesona-non-grata եւ վտարվեց երկրից, «Նոյան Տապան» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է. «Ես վստահ եմ, որ Ռուսաստանը պետք է ավելի աշխույժ հայտարարի Հայաստանի ինֆորմացիոն դաշտում իր ներկայության մասին: Դրանում ոչ մի կասկած չկա: Սակայն, զբաղվել այն ՀԿ-ների չեզոքացմամբ, որոնք ցանկանում են սեպ խրել հայ-ռուսական հարաբերություններում, թերեւս հարկ է օգտագործելով նաեւ այլ մեթոդներ: Ռուսաստանում, ի դեպ, ընդունված է օրենք, որը միանգամայն հստակ կարգավորում է ՀԿ-ների գործունեությունը: Վերջնարդյունքում միանգամայն ակնհայտ է, որ նրանք, ովքեր ուղղում են իրենք գործունեությունը հայ-ռուսական բարեկամության դեմ, բարին չեն ցանկանում թե Ռուսաստանին, թե Հայաստանին»: Ավելի վաղ` 2014 թ. ապրիլի 12-ին Երեւանում նույն Վոլինկինը հայտարարել էր, որ Ռուսաստանը կկանխի «մեր մտքին ու սրտին խորթ գաղափարներ սերմանելու պատրվակով» իրականացվելիք ցանկացած ագրեսիվ միջամտություն իր բարեկամ երկրների ներքին գործերին։

Այս գնահատականները առայժմ, պատշաճ պատասխան չեն ստացել ՀՀ իշխանությունների կողմից:

Մենք այսօրինակ հայտարարությունները գնահատում ենք ինչպես դիվանագիտական ընդունված նորմերի ոտնահարում, այնպես էլ` կոպիտ  միջամտություն Հայաստանի ներքին գործերին եւ Հայաստանի հանրապետության ինքնիշխանության նկատմամբ ոտնձգության հերթական փորձ:

Դեսպան Վոլինկինը պարտավոր է զգոն եւ աչալուրջ լինել, հասկանալ եւ հարգել ՀՀ Սահմանադրությունը, իմանալ, որ Հայաստանը ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական պետություն է: Այս հայտարարություններով Վոլինկինն իրեն օրենքից դուրս է դրել:

ՀՀ իշխանություններից պահանջում ենք կարգի հրավիրել Հայաստանում ՌԴ դեսպան Վոլինկինին, հասնել նրան, որ վերջինս կամ հեռացվի իր պաշտոնից, կամ պատշաճ կերպով ներողություն խնդրի Հայաստանի քաղաքացիներից:

Միաժամանակ հայտարարելով, որ Հայաստանում չկան հայ-ռուսական բարեկամության դեմ գործունեություն ծավալող հասարակական կազմակերպություններ, դեսպան Վոլինկինին խորհուրդ ենք տալիս այդպիսի վհուկների դեմ որսը կազմակերպել Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս:

  1. Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
  2. Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
  3. Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն
  4. Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան
  5. «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ
  6. «Մենք պլյուս» սոցիալական ՀԿ
  7. «Կրթության ասպարեզ» ՀԿ
  8. «Գոեֆոն» ՀԿ
  9. «Խաղաղության երկխոսություն» ՀԿ
  10. «Իրավունքների տեղեկատվական կենտրոն» ՀԿ
  11. «Մարդու իրավունքների եւ կոնֆլիկտների ուսումնասիրության ինստիտուտ» ՀԿ
  12. Հայկ Նազարեան
  13. Հասմիկ Կնյազյան
  14. «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ
  15. Երաշխիք Քաղաքացիական Հասարակության Զարգացման Կենտրոն ՀԿ
  16. Դավիթ Շահնազարյան
  17. «Շիրակ կենտրոն» ՀԿ
  18. Հանրային լրագրության ակումբ
  19. Գեւորգ Տեր-Գաբրիելյան
  20. «Վանաձոր եւ քույր քաղաքներ» ՀԲԿ
  21. «Ազատ քաղաքացի» Քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն
  22. «Պետական կարիքների զոհեր» ՀԿ
  23. Արա Նեդոլյան
  24. «Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ
  25. Վահանգ Անտոնյան
  26. Կանանց ռեսուրսային կենտրոն
  27. Գորիսի մամուլի ակումբ
  28. Կանանց աջակցման կենտրոն
  29. Հայաստանի հելսիկյան կոմիտե
  30. Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն
  31. Քաղաքացիական Ֆորում ՀԿ
  32. ՍՄԻԼ
  33. Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ
  34. «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցություն» վերլուծական կենտրոն
  35. Քաղաքացիական ազգային նախաձեռնություն
  36. Խորան Արդ ինտելեկտուալ կենտրոն ՀԿ
  37. Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
  38. «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ
  39. Ուրբան հիմնադրամ
  40. «Տրտու» ՀԿ
  41. Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն
  42. Նաիրա Առաքելյան
  43. “Հայ Ձմեռ պապ” բարեգործական հիմնադրամ
  44. Աշոտ Հովհաննիսյան
  45. Իրական աշխարհ, իրական մարդիկ
  46. Մարդու իրավունքների եվ ժողովրդավարության ինստիտուտ
  47. Արփինե Գինոսյան
  48. Ռուբեն Մեհրաբյան
  49. Արվեստի քննադատների ազգային ասոցիացիա
  50. Զառա Հովհաննիսյան
  51. Արտակ Եղիազարյան
  1. Մենուա Բրուտյան
  2. Աննա Շահնազարյան

 

Հայտարարությունը բաց է, անհատները, քաղաքացիական խմբերը եւ կազմակերպությունները կարող են միանալ դրան, այդ մասին հայտարարելով:


Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մայիսի 9-ից 12-ը)

օպերատիվ իրավիճակԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 9-ից 12-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 29 դեպքից բացահայտվել է 23-ը, խարդախության 5 դեպքից` 4-ը, խուլիգանության 4 դեպքից` 3-ը:
Բացահայտվել է գողության 9 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 5, գողության 3 և խարդախության 4 դեպք:
Անցած 3 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 27 պատահար. 3 մարդ զոհվել է, 46-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Անկախ

Ամեն անձրև գալուց ահուդողը սրտերում` Աստված են կանչում, որ շուտ կտրվի ու տնակը չհեղեղվի

1988-ի դեկտեմբերյան երկրաշարժից անմիջապես հետո Գյումրիում տնակային ավանները կառուցվեցին գերխոնավ ճահճոտ վայրերում, որոնք նախկինում քաղաքի կանաչ տարածքներն էին համարվում: Տնակներից շատերն էլ տեղադրվեցին հեղեղատարների և Գյումրի գետակի հարևանությամբ:
Այդ իսկ պատճառով հարյուրավոր տնակներ ամեն տարի, հատկապես գարնանն ու աշնանը տեղացող հորդառատ անձրևների ժամանակ, հեղեղվում են: Պարբերաբար հեղեղումներ տեսած և առհասարակ սկզբնական շրջանում ընդամենը Երկու-երեք տարվա բնակության համար նախատեսված տնակները անցած 25 տարիների ընթացքում գրեթե ամբողջովին շարքից դուրս են եկել, ու դրանցում բնակվելը պարզապես անհնար է դարձել: Ներկայացվող տեսանյութը ավտոկայանի հարևանությամբ գտնվող տնակային ավանում, Գյումրի գետակի հարևանությամ տեղադրված տնակում ապրող ընտանիքի կացարաանային պայմանների մասին է: Նրանց տնակը ևս ամեն տարի հեղեղվում է հորդառատ անձրևներից:

«Ոչ ապրել կա, ոչ էլ մեռնել…». գյումրեցի անօթևան միայնակ կին

«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները, շրջագայելով ամբողջ քաղաքով մեկ սփռված տնակային ավաններում, գրեթե ամեն օր հանդիպում են են ծանր ճակատագրեր ունեցող ընտանիքների: Այդ թվում՝ միայնակ տարեցների, որոնք ապրում են մեկուսացած կյանքով՝ պատսպարված անձրևներից ու ձյան հալոցքներից անպաշպան, խարխուլ խրճիթներում:

«Շիրակ կենտրոնի» պատրաստած հերթական տեսանյութը 2008 թվականից ի վեր, 33-ամյա միակ որդուն կորցնելուց հետո միայնակ բնակվող տարեց կնոջ մասին է: Նա թեև 1988-ից բնակվում է 6-մետրանոց տնակում, սակայն պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա ընտանիքների հերթացուցակում նրանց ընտանիքին չեն հաշվառել՝ այն պատճառաբանությամբ, որ երկրաշարժի հետևանքով սեփական բնակարան չեն կորցրել:

Ընտանիքը բնակվելիս է եղել վարձով տանը: Առավել մանրամասն՝ ներկայացվող տեսանյութում:

Ավտովթար Տիգրան Մեծ պողոտայում

ավտովթարՄայիսի 12-ին, ժամը 00.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 30 հասցեում` Կրպակ սուպերմարկետի դիմաց, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ,  ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ բախվել են «BMW X5» մակնիշի 35ST971, «ՎԱԶ 2107» մակնիշի 35SD957(վարորդ Գ. Բ.) և «Լիդեր» տաքսի ծառայությանը պատկանող «Դաևու Նեքսիա» մակնիշի T5665 պետհամարանիշներով ավտոմեքենաները:
Փրակարարները ավտոմեքենայից դուրս են բերել Գ. Ա.-ին (ծնվ.1977թ.), ով տարբեր աստիճանի մարմնական վնասվասծքներով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:

Տավուշի ջրամբարում ակտիվ ձկնորսության սեզոն է

1625545_740538275968764_7688115019125013111_nՏավուշում ձկնորսության սեզոնը բացվել է: Շաբաթ-կիրակի Տավուշի ջրամբարը, որը գտնվում է մարզի Թովուզ և սահմանամերձ Այգեպար համայնքների միջև, ձկնորսների պակաս չուներ: Կարասից բացի, ձկնորսները նաև սազան տեսակի ձուկ են բացահայտել:

<<Վախտ ա ըլըմ, մի ժամում վեդրոն լցնում ենք: Չէի ասի` ձուկ շատ ենք սիրում, բայց դե գալիս ենք, էլի, և սպորտ ա, և հաճելի ժամանց: Տանըմ եմ տուն, տիկինս ժարիտ ա անում, տնական օղիով լավ էլ ստացվում է, էլի>>,-Անկախի թղթակցի հետ զրույցում նշել է բերդցի Սևան Աբգարյանը:

10171718_740538059302119_2059431389573588689_nԻսկ, ընդհանրապես, Տավուշի ջրամբարը սովետի տարիներին շամշադինցիների համար կարևոր նշանակություն է ունեցել, ջրարբիացրել է տարածաշրջանի բազմաթիվ գյուղերի այգիները:

Հիմա ջրամբարն ինքնահոս ոռոգում է միայն Ներքին և Վերին կարմիրաղբյուր գյուղերը, որոշ չափով էլ` Այգեպարը: Թովուզին կպած ջրամբարը, սակայն, ծարավ ու անջրդի է թողնում այս գյուղին պատկանող այգիները:

10363591_740538475968744_3437022628640012043_nԺամանակին Թովուզի հողատարածքները հնարավոր է եղել ոռոգել պոմպակայաններով, որոնք այսօր չեն աշխատում:

Ներքին կարմիրցիների խոսքով, այս ջրագծի տակ է 192 հեկտար այգի, սակայն, այգիների որոշ մասը կրակի տակ է, չի մշակվում, մի մասն էլ խոպանի է վերածվել, ուստի ոռոգման ենթակա է 60 հեկտարը:

Տավուշի ջրամբարից սնվող Վերին կարմիրաղբյուրի այգիներն էլ 80 հեկտար են կազմում:

10299160_740540005968591_2208328161022551764_nԱպրիլի 5-ին աշխատանքային այցով Տավուշի մարզի Բերդի տարածաշրջան մեկնած Հանրապետության նախագահին թովուզցիները դիմել են այդ խնդրով: Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ այժմ Հայջրպետ նախագիծ ինստիտուտը աշխատում է ծրագրի վրա, ըստ որի նախատեսվում է գետի վրա փոքր պոմպակայան տեղադրել, որպեսզի ամռան երաշտին հնարավոր լինի ոռոգել նաև Թովուզ գյուղի այգիները:

 

Անկախ

Պատմագիտության մեջ տգիտությունը չի ենթադրում սխալ որոշումների կայացում. Լևոն Շիրինյան

“Միկոյանն ո ՞վ է` ազգությամբ հայ, հետո ՞ ինչ”,-Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման հարցը լրագրողների հետ քննարկելիս նշեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

Անաստաս Միկոյան

Լևոն Շիրինյանը ներկայացրեց փաստեր Անաստաս Միկոյանի մասին, մասնավորապես      հայտնելով, որ 1918թ.-ին  Շահումյանի հետ կատարելով բոլշևիկյան իշխանությունների կամքը` Միկոյանը խաղ է խաղացել, որն ուղղված է եղել Ռուսաստանի համար Բաքվի նավթի պաշտպանությանը` հաշվի չառնելով այնտեղ հայ կմնա ՞, թե ոչ: 1918թ.-ի կեսերին Միկոյանը Շահումյանի հետ փախել է, իսկ Ցենտրոկասպիի կառավարությունը նրանց մեղադրել է պետական դավաճանության մեջ, և եթե գտնեին, անպայման կգնդակահարեին:

“Արձանը պատմական հուշ է, որը պետական ոգին է բարձրացնում, իսկ Միկոյանն ու նրա նմանները կարիերայի համար Հայաստանն են վաճառել: Այժմ էլ ուզում են տեղադրել նրանց արձանները. ի ՞նչ է եղել որ. հանցանքից հետո կարելի է փախչել Փարիզ, Նյու-Յորք, իսկ մահվանից հետո կկառուցենք նրանց արձանները` Հայաստանը դարձնելով “լավ հուշերի գերեզմանոց”,-նշեց քաղաքագետը:

“Ռոստոմ, Աբրահամ Գյուլխանդարյան, Համազասպ և այլք. սրանք այն մարդիկ էին, որ մինչև վերջին պահը կռվել են Բաքվի հայերի համար, իսկ Միկոյանի հանցանքը Հայաստանի Առաջին Հանրապետությունը կործանելու մեջ է: 1920թ.-ի սեպտեմբերի 1-7-ը Բաքվում տեղի է ունեցել արևելքի ժողովուրդների համագումարը, որտեղ հրեա կոմունիստ Բելա Կունի, Ռադեկի, հայտնի Էնվեր փաշայի կողքին նստած է եղել նաև Անաստաս Միկոյանը. նրանք որոճում էին Հայաստանի կործանման ծրագիրը, իսկ Հայաստանն այնտեղ պաշտոնապես հայտարարվեց իմպերիալիզմի սպիտակ շուն”,-հայտնեց Լևոն Շիրինյանը:
Ամփոփելով իր խոսքը` քաղաքագետն ասաց. “Պատմագիտության մեջ տգիտությունը չի ենթադրում սխալ որոշումների կայացում. իսկ հույսս երիտասարդությունն է, ուսանողությունը, նրանց պայքարը”:

Անկախ

Սպասվում են տեղումներ

եղանակը հայաստանում

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին հայտնեցին,որ հանրապետության տարածքում՝մայիսի 10-14-ին շրջանների զգալի այօրվա երկրորդ կեսին սպասվում է  կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին հարավային` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:

Երևանում` 
10-ին հնարավոր է, 11-14-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:

ՎՊ-ն խախտումներ է արձանագրել Խոսրովի արգելոցում.Փաստինֆո

իշխան զաքարյանի տարածքում ՎՊ աշխատակիցներն արձանագրել են ապօրինի հողօգտագործման դեպքեր, չնայած այն հանգամանքին, որ 2002թ. կառավարության որոշմամբ հաստատված արգելոցի կանոնադրությամբ արգելոցի տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը խախտում է արգելոցի բնական էկոհամակարգն ու օբյեկտները կամ վտանգ է ստեղծում գիտական և մշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանության համար:
Վերահսկողները պարզել են, որ արգելոցի «Գառնի» տեղամասի տարածքում գործում է ֆիզիկական անձին սեփականության իրավունքով պատկանող մեղվաբուծական ընկերություն` «Մեղվաբուծական տոհմային մայրաբուծարան» ՊՓԲԸ:
Ընդ որում, այս գործունեությունը հատուկ պահպանվող տարածքում արգելելու հայցով բնապահպանության նախարարությունը 2004թ. դիմել է դատարան, բայց Արարատի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից հայցը մերժվել է, իսկ նախարարության վճռաբեկ բողոքից հետո տնտեսվարողի, մարզպետարանի և բնապահպանության նախարարության միջև կնքվել է հաշտության համաձայնություն:
Այս համաձայնությամբ մեղվաբուծարանին է թողնվել արգելոցի 1375քմ մակերեսով հողատարածքը, սակայն տարածքի օգտագործման վերաբերյալ ոչ մի պայմանագիր չի կնքվել: Իսկ ՎՊ աշխատակիցները պարզել են, որ իրականում տնտեսվարողը 3-4 հա տարածք է զավթել ագելոցից, հիմնել և մշակում է պտղատու այգի, որով խախտել է օրենսդրությամբ նախատեսված արգելոցային ռեժիմը:
Բացի այդ, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Գիլան» պետական արգելավայրի հողամասերը ժամանակին կառուցապատման իրավունքով վարձակալության է տրամադրվել «Հովազաձոր» ՍՊԸ-ին, որի կողմից իրականացվել են զբոսաշրջիկների հանգստյան տան, այցելուների կենտրոնի կառուցապատման  աշխատանքներ:
Սակայն հետագայում արգելավայրի ռեժիմի հաստատման հիմքով՝ այս պայմանագիրն ուժը կորցրած է ճանաչվել և արգելոցի ղեկավարությունը դիմել է դատարան: Դատական գործը դեռ քննության ընթացքում է:
ՎՊ-ն արձանագրել է նաև, որ որոշ  տեղերում մուտքն արգելոց ազատ է, և ցանակացած մարդ կարող է ազատ մուտք գործել այնտեղ:

Շարունակությունը՝Փաստինֆոյի կայքում:

Անկախ

Հաղթանակի օրվա մեծ զորահանդես Գյումրիում,լուսանկարներ

 զորահանդես ԳյումրիումԳյումրիում տեղի ունեցավ Հայրենական Մեծ պատերազմի 69-ամյակի և Շուշիի ազատագրման 22-րդ տարեդարձին նվիրված հայ-ռուսական մեծ զորահանդեսը:
Վարդանանց հրապարակը խիստ հսկվում էր ոստիկանական ուժերի կողմից, ներկա էին զորահանդեսն անցկացնող բարձրաստիճան զինվորականներ, հոգևորականներ, գյումրեցի պատգամավորներ, պատերազմի վետերաններ ու ազատամարտիկներ: Չնայած քաղաքապետարանի ուղարկած հրավերքներին, պաշտոնական զորահանդեսին չէր մասնակցում կառավարության և ոչ մի ներկայացուցիչ:
Զորահանդեսի սկզբից հրապարակ բերվեց հաղթանակի մարտական դրոշը: Ապա միմյանց ողջունեցին շքերթի հրամանատար՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի շտաբի պետ, գնդապետ Ալեքսեյ Ավդեևը և շքերթն ընդունող ՀՀ և ՌԴ միացյալ զորախմբավորման և ուժերի շտաբի պետ, գնդապետ Դավիթ Աղաջանյանը: Զորահանդեսն անցկացրեց միացյալ զորախմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միխայիլ Գրիգորյանը, ով մինչ շքերթի մեկնարկը հանդես եկավ ողջույնի խոսքով. «69 տարի առաջ այս օր ֆաշիտսական Գերմանիան ծնկի բերվեց մեր պապերի ու հայրերի կողմից: Այս հաղթանակի կերտման գործում նշանակալի ավանդ են ունեցել նաև քաջ հայորդիները: Այսօր մեզ համար եռակի տոն է՝ Հայրենական Մեծ պատերազմի 69-ամյակը, Շուշիի ազատագրումը և արցախյան բանակի ստեղծումը, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիդ», – մասնավորապես նշեց նա:
Գյումրու հայ-ռուսական զորահանդեսի պաշտոնական մեկնարկը տվեցին շիրակցի վետերանները: Այնուհետ հրապարակով անցան ՀՀ հատուկ նշանակության զինված ուժերի վաշտը, մոտոհրաձգային զորքերի վաշտը, հրետանային հակատանկային զորքերի մարտկոցը, ռուսական 102-րդ ռազմաբազայի մարտիկների 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ վաշտերը, ՀՀ-ում ՌԴ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության ստորաբաժանման մարտիկները: Հրապարակով անցան նաև ռուսական 102-րդ ռազմաբազայի մարտավարական նշանակության ռազմատեխնիկան, իսկ տոնական շքերթն ավարտվեց ՀՀ զինված ուժերի պահպանման գնդի պատվո պահակային վաշտի գեղեցիկ դեֆիլեով:
Հրապարակ չմտավ թրթուրավոր ռազմատեխնիկան, քանի որ քաղաքապետը դեմ էր եղել՝ որպեսզի ասֆալտը չքանդվի: Ի դեպ, զորահանդեսի լեզուն հայերեն էր, թարգմանվում էր նաև ռուսերեն:
Խոսելով այն մասին, թե այսօր ավելի շատ ռուսական տրամադրությունն էր թևածում քաղաքում, քաղաքապետ Սամվել Բալասանյանը նշեց. «Բացարձակ այդպես չեմ գտնում, հավասար էր, նույնիսկ առաջին շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության անունից էին հնչում»:
Իսկ մարզի գեներալ մարզպետն էլ, ով հանդիսությանը համազգեստով ու մեդալներով էր ներկայացել նշեց, թե ինչու է զորահանդեսը հենց Գյումրիում անցկացվում. «Շիրակի մարզում մեր կայազորներն ավելի փոքր են, քան այլ տեղերում, և ես եմ խնդրել պաշտպանության նախարարին ու ռազմաբազայի ղեկավարությանը, որ մասնակցեն ու համատեղ անցկացնեն այս միջոցառումը»:
Հավելենք, որ զորահանդեսի ավարտից հետո Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցավ պսակադրության արարողություն:

Պատգամավորական շնորհավորանքներ Ֆեյսբուքից

Արտակ ԶաքարյանԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

“Շնորհավորում եմ բոլորիս Հայրենական Մեծ պատերազմում մեր նախնիների փառահեղ հաղթանակի, ինչպես նաև Լեռնայի Ղարաբաղի պաշտպանական բանակի և Շուշիի ազատագրման օրվա կապացությամբ:

Մայիսի 9-ը ոսկե թելերով իր մեջ միահյուսել է տարբեր պատմական ժամանակահատվածներում հայ սերունդների հաղթանակները, որոնք իրենց հատուկ տեղն ու դերն ունեն մեր պատմության էջերում:

Երկրորդ աշխարահամարտի տարիներին մեր պապերն ու հայրերը իրենց լուման ներդրեցին ֆաշիզմի դեմ պայքարի հաղթական գործում` պայմանավորելով ապագա սերունդների խաղաղ գոյությունը: Հենց այդ հաղթանակն էր, որ պահպանեց հայի կռվող և հաղթող տեսակի ոգին:

Հետագայում՝ արդեն նորաստեղծ պետականության կերտման սկզբնափուլում`1992թ-ի մայիսի 9-ին, մերօրյա ազատամարտիկները պետք է կրկնապատկեին հայի հաղթանակի բերկրանքը` հետ բերելով հայկական Շուշին:

Սա հաղթանակ էր, որի ոգով պետք է սերունդներ դաստիարակվեին, և որը պետք է դառնար հայի պայքարող ոգին սնող նոր երակն ու կյանքը:

Շարունակենք կերտել նոր հաղթանակներ ու հիշել, որ 20-րդ դարում մենք արդեն հաղթել ենք”:

Կարեն ԱվագյանՀանրապետական Կարեն Ավագյանն իր շնորհավորանքը հայտնել է հետևյալ կերպ.

“Победа – свято это слово,
И радость в нём, и боль утрат…

За мир, тепло родного дома
Шёл в бой Отечества солдат!

И помнит Родина родная
Героев славных имена!

Удач, добра! С 9-м мая!
Пусть будет счастья жизнь полна!”

Թևան ՊողոսյանԺառանգություն խմբակցության անդամ Թևան Պողոսյանը գրել է.”

“Հարգելի հայրենակիցներ,

Մայիս ամիսը մեր հաղթանակների ամիսն է: Այսօր մենք նշում ենք Մայիսի 9-ի հաղթանակի տոնը: Դա իսկապես հատուկ օր է մեր պատմության մեջ: 1945-ին տոնեցինք 2-րդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակը, իսկ արդեն 1992-ին՝ Շուշիի ազատագրումը: Մեր հայրենակիցները Արցախում տոնում են նաև Բանակի տոնը: Հպարտություն է, երբ սերունդը սովորում է պապերի հերոսությունը և կարողանում է նաև կրկնել այն: Հավատում եմ, որ հարկ եղած դեպքում սա միշտ կկրկնվի:

Փառք ու պատիվ մեր հերոսներին՝ գեներալից մինչև զինվոր: Փառք մեր բանակին: Բայց մենք պետք է ամեն օր հիշենք, որ կռվի դաշտում հաղթանակը պետք է ամրապնդվի պետական ինստիտուտների կողմից իրենց աշխատանքով, մեր գործարարների կողմից բարիք ստեղծելով, մեր գիտնականների կողմից իրենց գյուտերով, մեր աշխատավորների ու գյուղատնտեսների կողմից՝ ամենօրյա նվիրված աշխատանքով:

Այո, բոլորս պետք է մեր աշխատանքով, նվիրվածությամբ և եռանդով կերտենք հզոր Հայաստանը: Այն Հայաստանը, որը պատկերացնում էին մեր հերոսները՝ իրենց կյանքը չխնայելով հանուն մեր հաղթանակների: Իրենց երազների ու հույսերի, իրենց երազներին ու պատկերացումներն են, որ պետք է մենք կյանքի կոչենք, նաև հանուն նրանց վառ հիշատակի:

Վստահ եմ, որ նրանք երազել են հզոր բանակի մասին, որտեղ իրենց տղաները կծառայեն հպարտությամբ, այլ ոչ թե մտածեն խուսափել հայրենիքի առջև զինորական պարտքը կատարելուց, երազել են, որ իրենց երեխաները կշենացնեն իրենց գյուղերն ու քաղաքները, այլ ոչ թե արտագաղթի ճամփան բռնեն, երազել են, որ կունենա արդար երկիր, այլ ոչ թե անպատիժ անարդարություն: Այո, մենք շատ բան ունենք անելու, որ մեր հերոսների հաղթանակը ամրապնդենք ու կրկնապատկենք:

Գիտեմ, որ սա անելը հեշտ չէ, հասկանում եմ, որ դժվար է լինելու, բայց դա մեր գործն է, ու մենք պետք է անենք:

Կեցցե՛ն մեր հերոսները

Անենք այնպես, որ մեր զավակները կարողանան ասել կեցցեն մեր հայրերը”:

 

Վահե ԷնֆիաջյանԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը գրել է.

“Մայիսը համարվում է հաղթանակների ամիս և իրոք հենց այս ամսում մենք կերտել ենք մեծագույն հաղթանակներ, որոնք վճռորոշ են եղել մեր պետականության և ազգի հետագա ճակատագրի համար: Մայիսի 9-ին հիշում և տոնում ենք Հայրենական Մեծ պատերազմում խորհրդային ու դաշնակից զորքերի տարած հաղթանակը: Արդեն նաև 22 տարի շարունակ այս օրը հայ ժողովուրդին համախմբվում են մեկ ընդհանուր վառ հիշողության` Արցախյան հերոսամարտում տարած փառավոր հաղթանակի շուրջ: Շուշիի ազատագրումը բեկումնային դարձավ Ղարաբաղյան պատերազմում և նախանշեց հետագա հաղթանակների ուղին: Հաղթանակներ, որոնք կերտվեցին անհաղթահարելի խոչընդոտների ուղին հաղթահարելով:
Հայը կրկին զենք վերցեց հանուն իր Հայրենյաց հողը պաշտպանելու և ինքնությունը պահելու համար:
Պատիվ, որը մշտապես մխրճված է հայի էության մեջ: Էություն, որ միշտ տերն է իր ազգայինի:
Ազգային, որը պահում է հայի անկախ դեմքն ու դիմագիծը: Մայիսի 9-ը հայ ժողովրդի համար հիրավի նշանակալի տոն է:
Այն իր մեջ ամփոփում է ո՛չ միայն հաղթանակներ ու ձեռքբերումներ, զրկանքներ ու դժվարություններ, այլև անցյալն ու ներկան իրար շաղկապող հզոր գաղափարը: Շնորհավորում եմ բոլորիս Մեծ Հայրենական պատերազմի և Շուշիի ազատագրման կապակցությամբ”:

 

Անկախ

Ֆրանսիայի դիմադրության շարժման մարտիկն ու Գանձասարի փրկիչը

ասրյան1941 թվական. սկսվեց Հայրենական մեծ պատերազմը: Լեռնային Ղարաբաղի Վանք գյուղի 18-ամյա պատանիներ Հովհաննեսն ու հորեղբորորդի Վարդանը, որոնք դպրոցի գերազանց սովորող սաներն էին, ստիպված էին կիսատ թողնել վերջին դասարանն ու մեկել ռազմաճակատ: Վարդանը դառնում է օդաչու ու պատերազմից չի վերադառնում՝ համարվելով անհետ կորած: Հովհաննեսին նախ տանում են Իզմայիլ, որտեղ նա հրետանավոր է դառնում՝ միանգամից աչքի ընկնելով իր խիզախությամբ: Մի քանի ամսում ստանում է վեց շնորհակալագիր:
Հետո մեկնում է Օդեսա: Իսկ երբ ծանր մարտերից հետո սովետական զորքերը ստիպված էին թողնել Օդեսան, Հովհաննեսն իր ընկերների հետ ձկնորսական նավով հասնում է Սևաստոպոլ և մտնում 95-րդ դիվիզիա:

1942 թ. հուլիսի 3-ին Սևաստոպոլի հայտնի ճակատամարտում Հովհաննես Ասրյանի գնդացիրը ջարդվում է, իսկ ինքն ուշագնաց վիճակում դուրս է շպրտվում մեքենայից: Ուշքի է գալիս մտրակի հարվածներից: Գերմանացիներն էին…

Նրան սպասում էր ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների տաժանակրությունը:
Համակենտրոնացման ճամբարում մի օր գերմանացիները սպանում են աշխատել չկարողացող բոլոր հիվանդ ու վիրավոր գերիներին: 1943 թ. հուլիսին կազմակերպվում է 30 հոգանոց գերիների խմբի անհաջող փախուստը, որի մեջ էր նաև Հովհաննեսը: Խմբին տանում են «Մահվան ճամբար»: Սակայն նրանք նորից են փախուստի դիմում, հետո նորից բռնվում: Եվս մի քանի անհաջող փախուստներից հետո, ի վերջո, 1943 թ. նրան հաջողվում է հասնել Փարիզ՝ այդ ճանապարհին ենթարկվելով ահավոր փորձությունների, մեկ շաբաթ ստիպված լինելով սոված ու ծարավ ապրել ճահճում:
Երիտասարդ փախստականը Փարիզ է հասնում հիվանդ, հյուծված և ուժասպառ վիճակում: Սակայն արագ վերագտնում է իրեն և ծանոթանալով հայ համայնքի ներկայացուցիչների հետ` միանում Ֆրանսիական դիմադրության շարժմանը: Այստեղ նա ծանոթանում է հայ բանաստեղծ, Ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկ, Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի ու նրա կնոջ՝ Մելինե Մանուշյանի հետ, մտերմանում նրանց հետ, դառնում նրանց ամենահավատարիմ զինվորներից մեկը:

Ստալինգրադի ազատագրումից անմիջապես հետո, Միսակ Մանուշյանի գլխավորությամբ և Հովհաննես Ասրյանի անմիջական մասնակցությամբ ստեղծվում է «Ստալինգրադ» ջոկատը, որն էլ հետագայում դառնում է սովետական առաջին պարտիզանական գնդի կորիզը:
1944 թ. հուլիս-օգոստոս ամիսներին աշխատավորությունը պայքար էր մղում Փարիզի ազատագրման համար, և Հովհաննեսը մասնակցում էր այդ պայքարին՝ ֆրանսիական դրոշը ձեռքին:

Փարիզի և Մարսելի տարբեր թաղամասերում նա կազմակերպում էր հանդիպումներ հայ բնակչության հետ, Դիմադրության շարժման մեկ այլ անդամ Մովսես Խաչատրյանի հետ, որը նույնպես ղարաբաղցի էր, կազմակերպում է քննարկումներ սովետական բանակի հաղթանակների կամ Հայաստանում կրթության ոլորտի վերաբերյալ:

Untitled-2

Հովհաննես Ասրյանը դառնում է Ֆրանսիայի կոմկուսի անդամ և 1945 թ. Սեն Ժերմենում նրան է հանձնվում կուսակցական տոմսը` Մորիս Թորեզի ստորագրությամբ:
Փարիզաբնակ հայերը պատրաստվում էին տոնել Սովետական Հայաստանի 24-րդ տարեդարձը: Ֆրանսիական դիմադրության շարժման ուժերի սեկցիայի ուժերով Սորբոնի համալսարանի դահլիճում կազմակերպվում է մեծ տոնակատարություն, որում մեծ ներդրում ուներ Հովհաննես Ասրյանը: Տոնակատարությունից հետո նրա և Երվանդ Վանյանի (նույնպես Ղարաբաղցի) կողմից պատրաստված երկու թառ և երկու քամանչա նվիրվում են համալսարանի թանգարանին:

Դիմադրության շարժման անդամ Մովսես Խաչատրյանը վկայել է. «Հովհաննեսը շատ համարձակ էր: Նրան տրված էր հանձնարարություն` ղեկավարելով ջոկատը, հանել Էյֆելյան աշտարակի վրա տեղադրված գերմանական «Արծիվը»: Հովհաննեսն անձամբ է հանում «Արծիվը» և դրա փոխարեն կանգնեցնում Ֆրանսիայի պետական դրոշը»:Հովհաննես Ասրյան

Պատերազմի ավարտից հետո նա շտապում է հայրենի Վանք գյուղ, որտեղ նրան սպասում էր

սիրած աղջիկը՝ Հասան-Ջալալյանների տոհմի ժառանգ Ծաղկուհին: Նրանք ամուսնանում են:

Հայրենի գյուղում սկսվում է Հովհաննես Ասրյանի երկրորդ՝ ոչ պատերազմական կյանքը, որը նույնպես լի էր պայքարով, խիզախությամբ ու հաղթանակներով:

Սկսվում է հալածանքների նոր շրջան: Գյուղի «կոմունիստ ակտիվիստները» նրան հանգիստ չեն թողնում: Նույնիսկ շրջկոմի քարտուղարին բողոք են գրում, թե ինչու է թույլատրվում, որ նախկին գերին ու բեկի փեսան աշխատի` փոխանակ աքսորվելու: Հետագայում պարզվում է, որ նրան աքսորից փրկել է Ֆրանսիայի կոմկուսի անդամ լինելու փաստը:

ասրյան 2

Ուր էլ նա անցնում էր աշխատանքի, մեղադրանքներ էին գտնում և ազատում աշխատանքից, այդպես նա ազատվում է դպրոցից, գյուղսովետից, փայտամշակման կոմբինատից, կոոպերատիվ առևտրի կենտրոնից և այլն: Իսկ Մշակույթի տունը նրա ղեկավարման ժամանակ դառնում է իսկական մշակութային օջախ, որտեղ գյուղի բնակչությունն աշխատանքից հետո անց էր կացնում իր հանգիստը: Նա կազմակերպում էր սպորտային և ժողովրդական խաղեր, բեմադրում պիեսներ` ներգրավելով գյուղի գրագետ մարդկանց, կազմակերպում ազգային-ժողովրդական համերգներ, ֆիլմերի ցուցադրություններ: Սակայն, հերթական անգամ, նրան ազատում են աշխատանքից:

1950-ական թվականներն էին: Հայկական հոգևոր օջախները վերացնելու նպատակով Բաքվի կարգադրությամբ և գյուղի «ակտիվիստ կոմունիստների» ջանքերով որոշվում է պայթեցնել Գանձասարի վանքը, որը Վանք գյուղի մոտ էր: Այդ սարսափելի գործը հանձնարարում են Հովհաննեսին, քանի որ նա լավ էր տիրապետում պայթուցիկ սարքերին և կարող էր «հաջող գործը գլուխ բերել»:

Նա գնում է շրջկենտրոն՝ Մարտակերտ, հանդիպում շրջկոմի քարտուղարի հետ և հայտնում, որ եթե հանկարծ իրեն ստիպեն դա անել, ապա ինքը կգերադասի ինքնասպան լինել: Իսկ եթե մեկ ուրիշին հանձնարարեն այդ գործը, կյանքի գնով թույլ չի տա:

Քարտուղարը հուզվում է, ուրախանում, քանի որ Բաքվի որոշումը որևէ հայի սրտով լինել չէր կարող: Փոխադարձ վստահության շնորհիվ պայմանավորվում են, որ Հովհաննեսը բացահայտ չպետք է հրաժարվի վանքը պայթեցնելու հրահանգը կատարելուց, որպեսզի մեկ ուրիշին չհանձնարարեն, սակայն տարբեր պատճառներով պետք է հետաձգի դրա իրականացումը, մինչև մարզային ղեկավարության միջոցով որոշումը կասեցվի:

Այդպես էլ արվում է: Կասկածելով, որ կան վանքը պայթեցնել ցանկացողներ, ամբողջ տարածքը գաղտնի վերահսկվում է Հովհաննեսի ու Ծաղկուհու ծնողների կողմից: Իսկ Ծաղկուհու մայրը` Սաթենիկ Հասան-Ջալալյանը, հայտարարում է. «Եթե իմ պապերի կառուցած եկեղեցուն մի բան պատահի` ինձ կկախեմ»:

photos31

Այդպիսով, հնամյա եկեղեցին փրկվում է, իսկ հետո Գանձասարը պայթեցնելու որոշումը կասեցվում է: Հովհաննես Ասրյանը քարտուղարի միջոցով առաջարկում է ստանձնել վանքի պահպանությունն ու խնամքը` դառնալով Գանձասարի Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բարենորոգիչը:
Վանքի դռները բացվում են:

Նա սկսում է խնամել եկեղեցու տարածքը, մաքրել, բարեկարգել, քարակույտերից ազատել, ծաղկապատել, դարձնել մի չքնաղ վայր: Մինչ այդ ժողովուրդը կտրվել էր եկեղեցուց, թաղման արարողությունները տանն էին կազմակերպվում: Ժողովրդի հոգևոր հավատը վերականգնելու, եկեղեցու հետ կապն ամրապնդելու նպատակով նա եկեղեցու բակի հյուսիսային հատվածում կառուցում է սեղաններ ու նստարաններ, որպեսզի գյուղացիներն այդ արարողություններն անեն եկեղեցու բակում:

Իսկ կինը՝ Ծաղկուհին, ձեռագործներ էր գործում, նվիրում եկեղեցուն, փռում տաճարի բեմի քարե սեղանին: Նա մոր, քույրերի, սկեսրոջ հետ միասին պատրաստում էր մոմեր ու բաժանում եկեղեցի գնացողներին:

Սակայն այդ ամենը կոմունիստ ակտիվիստների աչքից չէին վրիպում: Մի օր էլ նրանց պատասխանատվության են կանչում եկեղեցուն նվերներ մատուցելու համար,.այդ խոսակցություններն այնքան են խորանում, որ ի վերջո թույլ չեն տալիս զբաղվել եկեղեցու խնամակալությամբ: Փոխարենը, այդ աշխատանքները հանձնարարում են վարձու աշխատողների:

Սակայն Հովհաննեսն անդրդվելի էր: Մի օր էլ նա ղեկավարությանն առաջարկում է թույլատրել իրեն վերակառուցել Գանձասար տանող պատմական ճանապարհը, որը նեղ ու դժվարանցանելի էր, և վերջին անգամ` 1850-60-ական թթ. այն վերանորոգել էր Բաղդասար մետրոպոլիտ Հասան-Ջալալյանը: Առանց տեխնիկայի, ձեռքի գործիքներով, նա կառուցում է բլուրների գագաթով դեպի Գանձասար ձգվող միակ ճանապարհը (մոտ 3 կմ):

Այսօր այդ ճանապարհին քարեր են թափված, ու մեքենաները չեն կարողանում անցնել:
Հովհաննեսը նաև հայրենի գյուղի և հարակից գյուղերի աղբյուրների ջրագծերն է անցկացնում, հուշարձան-աղբյուրներ հիմնում, միայն Վանքում՝ երեքը:

Դունայի, Օդեսայի, Սևաստոպոլի հերոսը, Ֆրանսիական դիմադրության շարժման խիզախ մարտիկը 1969 թ. մահանում է սրտի կաթվածից:

Հովհաննես Ասրյանը կոչումներ ու մեդալներ չունի, ինչպես հաճախ է լինում իրական նվիրյալների դեպքում: Փոխարենը, նրա կատարած սխրանքը, որի շնորհիվ փրկվեց Գանձասարի հոյակերտ վանական համալիրը, մեծագույն նվեր է հայ ժողովրդին:

 

Անի Գասպարյան

 

Անկախ 

 

Հարգանքի տուրք նրանց` ովքեր բերեցին Հաղթանակի և Խաղաղության օրը (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

մ-9Մայիսի 9-ին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, ոստիկանության կոլեգիայի անդամները, բարձրաստիճան այլ սպաներ Հաղթանակի այգում ծաղիկներ խոնարհեցին Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի զոհված մարտիկների հուշակոթողին` ոգեկոչելով Արցախյան ազատամարտի զինվորների անմեռ հիշատակը և կրկին հավաստելով մեր հավատարմությունը մայիսյան հաղթանակների մեծ խորհրդին։ մ9Ոստիկանության պատվիրակությունը Հաղթանակի այգում ծաղիկներ դրեց նաև Անհայտ զինվորի հուշահամալիրում` հարգանքի ու երախտիքի տուրք մատուցելով հարյուր հազարավոր հայորդիներին, որոնք Հայրենական մեծ պատերազմի դաժան մարտերում, ֆաշիզմի դեմ պայքարում գործած սխրանքով բերեցին Հաղթանակի և Խաղաղության օրը։ Այս տոնն ամենաթանկն է, որովհետև նվաճվել է մեր եղբայրների և քույրերի ինքնազոհության ու հերոսացման գնով և մեր ժողովրդի համար ապահովել խաղաղ ապրելու և արարելու լիարժեք հնարավորություն։ Շնորհավորում ենք Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ` բոլորիս մաղթելով նորանոր հաղթանակներ` հանուն մեր հայրենիքի հարատևման, պետականության ամրապնդման և ժողովրդի բարօրության։