Իր օրինական աշխատավարձը պահանջող աշխատակիցն ինքն է հայտնվել պարտապանի կարգավիճակում

համալիր

Այսօր «Վարկած» մամուլի ակումբի հյուրերն էին «Կարեն Դեմիրճյանի» անվան մարզահամերգային համալիրի աշխատակիցները: Համալիրում վիճակն ավելի է թեժացել. աշխատավարձ չվճարող տնօրինությունը ապօրինի գումարներ է բռնագանձում աշխատողներից: Աշխատողը, հայցելով իր աշխատավարձը, ինքն է հայտնվում պարտապանի կարգավիճակում:

Անցնելով բոլոր ատյանները ու չկարողնալաով ապացուցել, որ ինքը պարտք չէ համալիրի տնօրինությանը`Արման Մեխակյանը բաց նամակ է գրել նախագահին և վճռաբեկ դատարանի նախագահին: Ներկայացնում ենք բաց նամակի տեքստը.

«Բազմիցս դիմել էի Ձեզ` աջակցություն խնդրելով ազատել ինձ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի տնօրեն Հարություն Մուրադյանին կրկնակի գումար վճարելուց:
ՀՀ Վճռաբեկ դատարանը, վերադարձնելով վճռաբեկ բողոքս, չի գնահատել ֆինանսական տնօրենի կողմից տրված հայտարարությունն այն մասին, որ ես իրականում վճարել եմ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի կողմից պահանջված 1.252.918ՀՀ դրամ գումարը: Ընդհանուր իրավասության դատարանում «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ն թաքցրել է իրականությունը և սուտ տեղեկություններ ներկայացրել, իսկ իմ կողմից ներկայացված վճարման ապացույցները ձեռք են բերվել վճիռ կայացնելուց հետո:
Դիմել էի ՀՀ գլխավոր դատախազություն, սակայն մեզ պատասխանել են, որ դա քաղաքացիաիրավական հարց է և պետք է դիմել դատարան:
Այս պահին թույլ տրված դատական սխալի արդյուքնում դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը սեփականությունս դնում է հրապարակային սակարկության, և կանգնած եմ բնակարանս կորցնելու վտանգի առջև:
Այժմ իրավասու մարմինների կողմից չստանալով օրենքի պաշտպանություն` կրկին անգամ խնդրում եմ Ձեր աջակցությունը նշված իրավիճակին լուծում տալու համար»:

ՄԻՊ. Բնակիչների ազատ տեղաշարժը խանգարող շինարարությունը շարունակվում է

շինարարությունԴեռևս փետրվար ամսին Ամիրյան 18, 18ա, 20, 24 և Մաշտոցի 15 շենքերի բակում իրականացվող շինարարության վերաբերյալ բազմաթիվ բնակիչներ դիմում-բողոք էին ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանին:

Պաշտպանին ուղղված դիմումի մեջ բնակիչները բարձրացրել էին իրականացվող շինարարության օրինականության հարցը:

Քաղաքաշինության և արտակարգ իրավիճակների նախարարությունները, ի պատասխան Պաշտպանի գրություններին, հայտնել էին, որ շինարարությունը դադարեցված է, սակայն մի քանի օր առաջ դիմումատուներից մեկը ահազանգել էր Պաշտպանի թեժ գիծ և հայտնել, որ շինարարությունը կրկին շարունակվում է:

Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման բաժնի աշխատակիցները տեղում արձանագրել էին, որ շինարարությունն իրոք վերսկսվել է: Բնակիչները Պաշտպանին ներկայացրել էին նախորդ դիմումին ի լրումն նոր դիմում:

ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ խնդիրը գտնվում է Պաշտպանի աշխատակազմի ուշադրության կենտրոնում:

Ոստիկանը դատարանում գաղտնազերծեց իր գործակալին

ոստիկանԵրևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր որոշեց ոստիկանության 2 օպերլիազորների դեմ գործով բերման ենթարկել դատարան չներկայացող  3 վկաներին:

ՀՀ ոստիկանության Երևանի վարչության Կենտրոնականի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորներ Խաչիկ Բախբուդարյանը և Արտակ Բարսեղյանը մեղադրվում են պաշտոնեական լիազորություններն անցնելու, մասնավորապես, խոշտանգումների և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ: Ըստ մեղադրանքի՝ Խաչիկ Բախբուդարյանը, Արտակ Բարսեղյանը և քննությամբ չպարզված ոստիկանության երկու աշխատակիցներ, ակնհայտորեն դուրս գալով իրենց պաշտոնեական լիազորությունների շրջանակից, տուժող Ռոբերտ Հովսեփյանին ապօրինի պահել են աշխատասենյակում, ձեռնաշղթայով կապել ձեռքերը ու ծեծի ենթարկել՝ ոտքերով, ձեռքերով, մահակով հարվածելով դեմքին և մարմնին, ստիպել խոստովանել նախկինում արձանագրված և չբացահայտված գողությունների մեջ նրա մասնակցությունը։

Այսօր դատարանում ցուցմունքներ տվեց վկա Սանթուր Սիմոնյանն, ով տուժող Ռ.Հովսեփյանի հետ միաժամանակ ոստիկանության բաժին բերման ենթարկված Քերոբ Սիմոնյանի հորեղբայրն է: 6 անգամ դատապարտված նրա եղբորորդին, ըստ վկայի, անծանոթ հեռախոսահամարից զանգահարել է իրեն և ասել, որ ինքը ոստիկանությունում է: Դա, ըստ նրա, սովորական իրավիճակ էր «միշտ էլ իրեն բռնում են»՝ «մանր-մունր խուլիգանության, կռվի, ծեծի» համար: Փոխարենը վկան գովեստով խոսեց ամբաստանյալներից Արտակ Բարսեղյանի մասին, ով իրենց «թաղային լիազորն է» և «կարգին մարդ է»:

Ոստիկանության կենտրոնականի բաժնի ավագ օպերլիազոր, գործով վկա Սամվել Առաքելյանը բացահայտեց ծառայողական գաղտնիքը, ինչը թաքցրել էր անգամ Հատուկ քննչական ծառայությունից՝ Քերոբ Սիմոնյանն իր հետ համագործակցող անձն է, այսինքն՝ գործակալը, և դրանով են բացատրվում իր հեռախոսահամարից նրա հեռախոսահամարին կատարված զանգերը: Ի պատասխան դատավարության մասնակիցների հարցերի, Ս.Առաքելյանը հայտնեց, որ բերման ենթարկվելու օրը՝ 2012թ. հոկտեմբերի 4-ին, Քերոբ Սիմոնյանի դեմքին վնասվածքներ չի նկատել, իսկ առհասարակ Ք.Սիմոնյանն այն մարդկանց տեսակից է, որ ամեն օր էլ կարող է վնասվածքներ ունենալ: Վկան հայտնեց նաև, որ չի հիշում Ռոբերտ Սիմոնյանի մարմնին վնասվածքներ եղե՞լ են, թե ոչ: Վկան բաժնում չի տեսել նաև «աղջիկների շորերով տղաների»: Ըստ տուժողի ցուցմունքի՝ ոստիկաններն իր վրա ճնշում գործադրելու համար հրավիրել էին երկու արվամոլների:

Ի դեպ, տուժող Ռոբերտ Հովսեփյանը հայտարարեց, որ դատարանում որպես  վկա ցուցմունք տվող ավագ օպերլիազոր Սամվել Առաքելյանը եւս  մյուս  ամբաստանյալների հետ միասին ոստիկանության բաժնում  ծեծի է ենթարկել, ինչին արձագանքեց վկան՝ հայտարարելով, որ   ինքը Ռոբերտ Հովսեփյանի հետ «չի աշխատել», ուստի չէր կարող նրա նկատմամբ բռնություն գործադրել:

Հեղինակ:

Զինծառայությունից խուսափելու նպատակով անդամախեղման համար կպատժվեն ավելի խիստ

զինվոր2011թ.-ին զինծառայողների կողմից անդամախեղման 103 դեպք է գրանցվել, 2012թ.-ին՝ 110-ը: Այս հանցագործության աճի միտումով պայմանավորված՝ ՀՀ կառավարությունն առաջարկում է վերանայել Քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածը՝ խստացնելով այս արարքի համար նախատեսված պատժաչափը:

Ազգային ժողովի այսօրվա նիստում երկրորդ ընթերցմամբ ներկայացնելով ՔրՕր-ում փոփոխությունների և լրացումների նախագիծը, ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը նշեց, որ հիմնականում զինծառայության հանցագործությունների հետ կապված ՔրՕր-ի հոդվածներում փոփոխություններով և լրացումներով նախատեսվում են նոր կարգավորումներ, սահմանվում է նոր պատժատեսակ, որը բնորոշ է բացառապես զինծառայության մեջ գտնվողներին:

Առաջարկվող փոփոխություններով, մասնավորապես, տարբերակվում են անդամախեղելու և հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունից խուսափելու համար սանկցիաները՝ այս հանցագործությունների վտանգավորության աստիճանից ելնելով: Խստացվում են ՔրՕր-ի գործող 363-րդ հոդվածով անդամախեղելու և հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելու համար սահմանված պատժաչափերը՝ 3 տարի ժամկետով ազատազրկումը փոխարինելով 4 տարով:

Ըստ այդմ, անդամախեղության համար առաջարկվում է սահմանել պատիժ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով:

Նույն արարքը, որը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, առաջարկվում է պատժել կարգապահական գումարտակում պահելով` մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից հինգ տարի ժամկետով:

Զինծառայողի կողմից հիվանդության սիմուլյացիան կամ կեղծ փաստաթղթեր օգտագործելը կամ խաբեությունը, որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն, նախատեսվում է պատժել կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

Հեղինակ:

Ազգային գրադարանի չարաշահումների գործը դատարանում է

ազգային գրադարանԵրևանի  Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան է մուտք եղել Հայաստանի ազգային գրադարանում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքում չարաշահումների գործը:

Ըստ մեղադրանքի, ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին Հայաստանի ազգային գրադարանում իրականացվող հիմնանորոգման աշխատանքները համակարգող պատասխանատու ստորաբաժանման ղեկավար Գոռ Քամալյանը շուրջ 3 տարի  իր պաշտոնական դիրքը ծառայության շահերին հակառակ է  օգտագործել:

Մասնավորապես, նա,  ծառայողական պարտականություններր չկատարելով, դրական եզրակացություններ է տվել 28.385.280 ՀՀ դրամի ծավալային հավելագրումներով կազմված կատարողական ակտերի՝   կապալառուի և տեխնիկական հսկողություն իրականացրած հսկիչների կողմից իրենց աշխատանքներն ամբողջությամբ և պատշաճ կատարելու վերաբերյալ:

Դրա  հետևանքով  «Հիղրոշինարար-5»   ԲԲ րնկերության տնօրեն Հարություն Անդրեասյանի կողմից յուրացվել են պետբյուջեից հատկացված առանձնապես խոշոր չափերի գումարներ։

Մեղադրական եզրակացության համաձայն, ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական ծրագրերի իրականացման  բաժնի գլխավոր ճարտարագետ Գևորգ Սոսյանը,  հանդիսանալով ՀՀ Շիրակի մարզում ՀՀ 2011թ. պետական բյուջեով նախատեսված օբյեկտների, շինարարական աշխատանքների իրականացման, շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկողության և հեղինակային հսկողության ծառայությունների մատուցման պայմանագրերի պատշաճ կատարման նկատմամբ վերահսկման լիազորություններով օժտված   պատասխանատու պաշտոնատար անձ, ավելի քան մեկ տարի  իր պաշտոնական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ: Մասնավորապես, Շիրակի մարզի Մեծ Մանթաշ համայնքի  «Մեծ Մանթաշի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ–ի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում, կատարողական ակտերում նշված աշխատանքների ծավալները հավելագրելու միջոցով   յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի շուրջ 11.010.020 ղրամ գումար հափշտակելու պայմաններում, աշխատանքներն, ամբողջությամբ և պատշաճ   կատարված լինելու մասին տվել է դրական եզրակացություններ, ինչի հետևանքով անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ:

«ճաննախազիծ» ինստիտուտ ՍՊ ընկերության տեխնիկական հսկիչ Աշոտ Մամիկոնյանը մեղադրվում է այն բանում, որ տեխնիկական հսկողության իրականացնելով Շիրակի մարզի «Մեծ Մանթաշի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում նախատեսված և իրականացված հիմնանորոգման աշխատանքների նկատմամբ, իր լիազորությունները   կազմակերպության շահերին հակառակ  և ի օգուտ  «Ն. Մ. Օհանյան» ՍՊ ընկերության փաստացի տնօրեն Հայկազ էլոյանի օգտին օգտագործելով, առանց կատարողական ակտերի ծավալները կատարված լինելը ստուգելու, 2011-2012 թվականների ընթացքում ստորագրել է աշխատանքների լրիվ կատարված լինելու մասին թվով 13 կատարողական ակտեր, որոնց հիման վրա «Ն. Մ. Օհանյան»   ՍՊ ընկերության փաստացի տնօրեն Հայկազ էլոյանին հնարավորություն է ընձեռել ՀՀ պետական բյուջեից ստանալ փաստացի չկատարված 11.010.020 ՀՀ դրամ ծավալով աշխատանքների համար վարձատրություն, ինչի հետևանքով  առաջացել են ծանր հետևանքներ, այն է՝ յուրացվել են պետբյուջեից հատկացված առանձնապես խոշոր չափերի գումարները։

Գոռ     Քամալյանին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի  1-ին և  2-րդ մասերով՝  Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը և նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:   Գևորգ  Սոսյանին մեղադրանք է առաջադրվել  հիշյալ հոդվածի 2-րդ մասով՝ Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը,  որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, իսկ Աշոտ Մամիկոնյանին՝    ՀՀ քրեական օրենսգրքի     214-րդ հոդվածի 2-րդ մասով՝  Առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը,  որն առաջացրել է ծանր հետևանքներ:

Գործը մակագրվել է  Երևանի  Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Մխիթար  Պապոյանին:

 

Հեղինակ:

Ի՞նչ տուգանքներ են սահմանված տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքում

ՃՈՆերկայումս, երբ հասարակության մի զգալի մասը տրանսպորտային միջոց ունի, և ճանապարհային երթևեկության նկատմամբ սահմանված են ավելի խիստ կանոններ, ներառյալ նաև տեսախցիկներով վերահսկումը, առավել հրատապ է դարձել ՃԵԿ-ի իմացությունը, հատկապես այն մասով, որը վերաբերում է դրանց խախտմանը:

Հիշյալ հարաբերություններից բխող իրավախախտումները կարգավորվում են ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով, որի 124-րդ հոդվածը նվիրված է տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելուն: Նպատակ ունենալով վարորդներին լրացուցիչ տեղեկատվություն հաղորդել իրավախախտման տեսակի և սահմանված տուգանքի չափի մասին` ներկայացնենք այն զանցանքները, որոնք ավելի հաճախ են կատարվում վարորդների կողմից:

Այսպես, տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները չկատարելն առաջացնում է տուգանքի նշանակում` 5000 դրամի չափով:

Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից խաչմերուկների անցման կանոնները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում 5000 դրամի չափով:

Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հետիոտնային անցումների հատման կանոնները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` 5000 դրամի չափով:

Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից վազանցի կանոնները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` 5000 դրամի չափով:

Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից երթևեկությունն սկսելու կամ մանևր կատարելու, ինչպես նաև հետընթաց վարման կանոնները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` 5000 դրամի չափով:

Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից մարդկանց փոխադրման կանոնները խախտելն  առաջացնում է տուգանքի նշանակում` 5000 դրամի չափով:

Տրանսպորտային միջոցների վարորդների (բացառությամբ ծառայողական առաջադրանքներ կատարող, օպերատիվ ծառայությունների տրանսպորտային միջոցների վարորդների) կողմից թեկուզ մեկ ձեռքի օգտագործմամբ ընթացքի ժամանակ ռադիոկապից և (կամ) հեռախոսակապից օգտվելն առաջացնում է տուգանքի նշանակում` 3000 դրամի չափով:

Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից արտաքին լուսային սարքերից օգտվելու կանոնները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` 3000 դրամի չափով:

Ճանապարհային երթևեկության կանոններով նախատեսված դեպքերում տրանսպորտային միջոցի հեռահար լույսը մոտակայի չփոխարկելը կամ արգելված դեպքերում հեռահար լույսերով տրանսպորտային միջոցը վարելն առաջացնում է տուգանքի նշանակում` 10.000 դրամի չափով:

Տրանսպորտային միջոցը միակողմանի երթևեկությամբ ճանապարհով տրանսպորտային միջոցների հոսքին հակառակ ուղղությամբ (այդ թվում` հետընթաց) վարելն  առաջացնում է տուգանքի նշանակում` 20.000 դրամի չափով:

Ճանապարհի բաժանարար գոտին չնախատեսված վայրերում տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հատելը` ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելու եղանակով, առաջացնում է տուգանքի նշանակում` 20.000 դրամի չափով:

Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալը, եթե դա կապված չէ վազանցը թույլատրված տեղերում վազանց կատարելու կամ կանգնած տրանսպորտային միջոցը կամ խոչընդոտը շրջանցելու հետ, և եթե առանց հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու անհնար է շրջանցել կանգնած տրանսպորտային միջոցը կամ խոչընդոտը, առաջացնում է տուգանքի նշանակում` 30.000 դրամի չափով:

Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ձայնային ազդանշանի կիրառման կանոնները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` 5000 դրամի չափով:

Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից տրանսպորտային միջոցը հետիոտնային անցման վրա կանգնեցնելը, եթե դրա անհրաժեշտությունը կապված չէ տրանսպորտային միջոցի տեխնիկական կամ վարորդի կամ ուղևորի առողջական վիճակի հետ, առաջացնում է տուգանքի նշանակում` 20.000 դրամի չափով:

Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից մայթերին կայանելը կամ մայթերով երթևեկելը, բացառությամբ ճանապարհային նշաններով թույլատրված դեպքերի, ինչպես նաև ստորգետնյա կամ վերգետնյա հետիոտնային անցումներով երթևեկելն առաջացնում են տուգանքի նշանակում` 20.000 դրամի չափով:

Վարորդների կողմից տրանսպորտային միջոցը կանգնեցնելու մասին ոստիկանության ծառայողի` օրենքով սահմանված կարգով պահանջը դիտավորյալ չկատարելն առաջացնում է տուգանքի նշանակում 200.000 դրամի չափով:

 

Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ավարտվել է Պ.Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

դատախազությունՀՀ կառավարությանն առընթեր ԱԱԾ քննչական վարչությունում ավարտվել է ՀՀ Նախագահի նախկին թեկնածու, ԱԻՄ կուսակցության առաջնորդ Պ.Հայրիկյանի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով նրան սպանելու փորձ  կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:

Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` 2013թ. փետրվարի 18-ի ընտրություններում որպես ՀՀ Նախագահի թեկնածու գրանցված Վ.Սեդրակյանը 2013թ. հունվարի սկզբներին Ս.Հարությունյանին և Խ.Պողոսյանին պատվիրել է ԱԻՄ կուսակցության առաջնորդ, ՀՀ Նախագահի մեկ այլ թեկնածու Պ.Հայրիկյանի սպանությունը` նրա քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով:

Զենք ձեռք բերելու համար Վ.Սեդրակյանը Ս.Հարությունյանին և Խ.Պողոսյանին գումար է տվել, որը նրանք կիսել են միմյանց միջև, իսկ հանցագործությունն իրականացնելու համար օգտագործել Խ.Պողոսյանի կողմից ապօրինի ձեռք բերված և պահված 7,62մմ տրամաչափի «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակը:
Ըստ պայմանավորվածության` սպանությունն անմիջականորեն պետք է իրականացներ Խ.Պողոսյանը, իսկ Ս.Հարությունյանը` նրան սպասեր ավտոմեքենայում:

2013թ. հունվարի 31-ին` ժամը 23:20-ի սահմաններում, Պ.Հայրիկյանի տան շքամուտքի մոտ, Խ.Պողոսյանը երկու անգամ կրակել է Պ.Հայրիկյանի կրծքավանդակին և դիմել փախուստի` չկարողանալով հանցագործությունն ավարտին հասցնել` իր կամքից անկախ պատճառներով:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Վ.Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-305-րդ հոդվածով (Պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձը կազմակերպել), Խ.Պողոսյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածով (Պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձ) և 235-րդ հոդվածի 1-ին մասով` (Ապօրինի կերպով զենք ձեռք բերելը, պահելը և իրացնելը), իսկ Ս.Հարությունյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածով (Պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձ):

Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Բացահայտվել է սոցիալական կայքի օգտատերերի անահատական էջերին տիրացած անձի ինքնությունը

դատախազությունՀամակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում բացահայտվել է այն անձը, ով ապօրինի տիրանացել է «Odnoklassniki.ru» սոցիալական կայքի 2 օգտատերերի անհատական էջերին և դրանք անվանափոխել:

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում 2013թ. փետրվարի 18-ին հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել էր, որ 2013թ. հունվարի 22-ին «Nar» անհատական էջի օգտատերը «Odnoklassniki.ru» սոցիալական կայքում Հ.Ներսիսյանի հետ ունեցած նամակագրության ընթացքում հայտնել է, որ կկոտրի նրա անհատական էջը, եթե վերջինս հրաժարվի ընդունել ընկերանալու իր հրավերը:

Հետագայում Հ.Ներսիսյանը, չկարողանալով մուտք գործել իր անհատական էջ, նկատել էր, որ այն անվանափոխված է:

Բացի այդ, պարզվել էր նաև, որ նույն ժամանակահատվածում անհայտ անձն ապօրինի տիրացել է նաև Հ.Ներսիսյանի ընկերոջ` Ս.Համբարձումյանի` «Odnoklassniki.ru» սոցիալական կայքի անհատական էջին:

Հանցագործության բացահայտմանն ուղղված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «Odnoklassniki.ru» սոցիալական կայքի վերոնշյալ անհատական էջերին տիրացել է Ն.Գրիգորյանը, ով օգտագործել է ընկերոջ` Գ.Հակոբյանի համակարգիչը:
Նախաքննության ընթացքում Ն.Գրիգորյանը խոստովանել է կատարած արարքը:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ:

 

Որո՞նք են վերաքննիչ բողոք բերելու ժամկետները

դատարանՆախքան բուն հարցի պատասխանին անդրադառնալը, պետք է նշել, որ վերաքննիչ դատարանն իր իրավասության սահմանում վերանայում է ընդհանուր իրավասության դատարանների` գործն ըստ էության լուծող դատական ակտերը:

Վերաքննիչ դատարանը միջանկյալ դատական ակտերը վերանայում է օրենքով նախատեսված բացառիկ դեպքերում:

Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:

Վերաքննիչ բողոք բերելու համար հիմք է դատական սխալը՝ նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտումը, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, ինչպես նաև նոր երևան եկած կամ նոր հանգամանքները:

Առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ, բացառությամբ այն ակտերի, որոնց համար վերաքննություն օրենքով նախատեսված չէ, վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն՝

1) գործին մասնակցող անձինք,

2) դատախազը՝ օրենքով նախատեսված դեպքերում,

3) գործի քննությանը չմասնակցած այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ:

ՀՀ դատական օրենսգրքի 42-րդ հոդվածի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը ժամկետի բացթողումը համարում է հարգելի:

Դատարանի՝ սնանկության գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը ժամկետի բացթողումը համարում է հարգելի:

Այն բացառիկ դեպքերում, երբ գործն ըստ էության լուծող դատական ակտերը հրապարակման պահից դատավորի կողմից հայտարարվել են օրինական ուժի մեջ մտած, այդ դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում:

Միջանկյալ դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել միայն օրենքով նախատեսված բացառիկ դեպքերում:

Առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության լուծող օրինական ուժի մեջ մտած ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքը կարող է ընդունվել քննության այն բացառիկ դեպքերում, երբ գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց հետևանքով ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը, կամ առկա են նոր երևան եկած կամ նոր հանգամանքներ:

Գործի քննությանը չմասնակցած այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, իրավունք ունեն վերաքննիչ բողոք բերելու այն օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում, երբ իմացել են կամ կարող էին իմանալ նման դատական ակտի կայացման մասին: Գործի քննությանը չմասնակցած այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, չեն կարող համապատասխան բողոք ներկայացնել, եթե դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է քսան տարի: Սույն նորմը չի տարածվում քրեական գործերի վրա:

 

Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ի՞նչ արտոնություններ են սահմանված պետական տուրքի գծով

տուրք«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների կացության կարգավիճակի հետ կապված փաստաթղթեր տալու, Հայաստանի Հանրապետություն մուտքի արտոնագիր ձևակերպելու հետ կապված ծառայությունների համար պետական տուրքի վճարումից ազատվում են.

1) Հայաստանի Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի և կառավարության կողմից աշխատանքի հրավիրված օտարերկրյա մասնագետներն ու նրանց ընտանիքի անդամները,

2) Հայաստանի Հանրապետությանը մարդասիրական և տեխնիկական օգնություն ցույց տալու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող անձինք: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ (այդ թվում` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով) ուղղակիորեն նշված չլինելու դեպքում ծրագրի (գործունեության) տարբերակումն ըստ մարդասիրական օգնության և բարեգործական ու տեխնիկական (այլ) բնույթի իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնությունը կոորդինացնող լիազորված մարմինը,

3) Հայաստանի Հանրապետության քաղաքացու մերձավոր ազգականները (ամուսին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր),

4) Հայաստանի Հանրապետությունում հանրակրթական և մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորող, աշխատող (մանկավարժ, դասախոս) օտարերկրյա անձինք,

5) մինչև 18 տարեկան անձինք,

6) դիվանագիտական անձնագրերով Հայաստանի Հանրապետություն մուտք գործող անձինք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների աշխատակիցներն ու նրանց ընտանիքի անդամները,

7) Հայաստանի Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի նախագահի, սահմանադրական դատարանի նախագահի, վարչապետի կամ արտաքին գործերի նախարարի, մարդու իրավունքների պաշտպանի հրավերով Հայաստանի Հանրապետություն այցելող պաշտոնական անձինք և պատվիրակությունների անդամները,

8) փախստականի կարգավիճակ ստացած անձի` Հայաստանի Հանրապետություն ժամանող մերձավոր ազգականները (ամուսին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր),

9) ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիները, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը:

Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետություն մուտքի արտոնագիր տալուն, ապա պետական տուրքի վճարումից ազատվում են.

1) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում հավատարմագրված միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները,

2) քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով որպես կողմ, վկա կամ փորձագետ Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների դատարաններ կամ նախաքննական մարմիններ հրավիրվող անձինք:

Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տալու համար պետական տուրքի վճարումից ազատվում են 16 տարին լրանալուց հետո առաջին անգամ անձնագիր ստացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և աղքատության ընտանեկան նպաստ ստացող ընտանիքի անդամ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:

Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմինների կողմից ֆիզիկական անձանց հաշվառման հասցեների վերաբերյալ տեղեկանք տալու համար պետական տուրքի վճարումից ազատվում են`

ա) միայնակ կենսաթոշակառուները,

բ) առաջին և երկրորդ խմբի հաշմանդամները,

գ) ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվող անձինք:

Հայաստանի Հանրապետությունում հանրակրթական և մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորող կամ որպես մանկավարժ, դասախոս աշխատող օտարերկրյա անձի ծնողներին, ամուսնուն, զավակին, քրոջը կամ եղբորը Հայաստանի Հանրապետությունում կացության ժամանակավոր կարգավիճակ և կացության քարտ տալու, կացության ժամանակավոր կարգավիճակի ժամկետը երկարաձգելու, ինչպես նաև հաշվառելու համար պետական տուրքը նվազեցվում է 60 տոկոսի չափով: Սույն մասով նախատեսված արտոնությունից օգտվելու համար պահանջվող` Հայաստանի Հանրապետությունում սովորող կամ որպես մանկավարժ, դասախոս աշխատող օտարերկրյա անձանց ծնող, ամուսին, զավակ, քույր կամ եղբայր հանդիսանալու փաստը հավաստող փաստաթղթերի ցանկը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ինչպե՞ս է ապահովվում դատապարտյալի կապն ընտանիքի և արտաքին աշխարհի հետ

դատապարտյալՈչ ոք ապահովագրված չէ ազատազրկման դատապարտվելուց, և դրա դեպքում անհրաժեշտություն է առաջանում կապ հաստատել ընտանիքի անդամների և արտաքին աշխարհի հետ: Ուստի այս հարցի պատասխանը կարելի է գտնել ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 92-րդ հոդվածում, ըստ որի` ուղղիչ հիմնարկի վարչակազմը ստեղծում է համապատասխան պայմաններ` ընտանիքի և արտաքին աշխարհի հետ դատապարտյալի կապն ապահովելու համար: Այդ նպատակով ուղղիչ հիմնարկում ստեղծվում են կարճատև և երկարատև տեսակցությունների սենյակներ, կապի հնարավոր միջոցների հանգույցներ, լրատվական միջոցներից օգտվելու հնարավոր պայմաններ:

Մերձավոր ազգականների կամ այլ անձանց հետ կարճատև տեսակցություն տրամադրվում է ամսվա ընթացքում առնվազն մեկ անգամ` մինչև չորս ժամ տևողությամբ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Համատեղ բնակվելու իրավունքով և միայն մերձավոր ազգականների հետ երկարատև տեսակցություն տրամադրվում է երկու ամսվա ընթացքում առնվազն մեկ անգամ` մինչև երեք օր տևողությամբ: Երկարատև տեսակցություն տրամադրվում է նաև դատապարտյալի հետ ամուսնության մեջ չգտնվող այն անձի հետ, որի հետ դատապարտյալն ունի համատեղ երեխա: Դատապարտյալի խնդրանքով երկարատև տեսակցությունը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, կարող է փոխարինվել կարճատև տեսակցությամբ: Առանձնապես ծանր հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց տրամադրվում է տարվա ընթացքում առնվազն երեք կարճատև և մեկ երկարատև տեսակցություն: Նշված սահմանափակումը վերանում է, եթե դատապարտյալը փաստացի կրել է պատժի` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատում կիրառելու համար սահմանված ժամկետը: Կարճատև և երկարատև տեսակցություններ տրամադրելու կարգը սահմանվում է ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով:

Դատապարտյալին թույլատրվում է ստանալ և իր հաշվին ուղարկել ծանրոցներ, հանձնուքներ կամ փաթեթներ, առանց սահմանափակման կատարել և ստանալ դրամական փոխանցումներ, ինչպես նաև իր հաշվին վարել նամակագրություն՝ առանց նամակների, հեռագրերի թվի սահմանափակման: Ծանրոցները, հանձնուքները, փաթեթներն ու նամակներն ուղարկելու և ընդունելու, ինչպես նաև դրանք դատապարտյալին հանձնելու կարգը սահմանվում է ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով:

Կապի միջոցներից, այդ թվում՝ հեռախոսակապից օգտվելու կարգը և քանակը սահմանվում են ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով:

Նամակագրությունն իրականացվում է ուղղիչ հիմնարկի վարչակազմի միջոցով և առանց նամակագրության բովանդակությանը ծանոթանալու` ենթակա է արտաքին զննման՝ արգելված առարկաների կամ նյութերի փոխանցումը բացառելու նպատակով: Դատապարտյալի բացակայությամբ ստացված նամակներն ուղարկվում են նրա գտնվելու նոր վայր:

Ուղղիչ հիմնարկի վարչակազմը ստեղծում է համապատասխան պայմաններ` թերթերից, ամսագրերից և այլ գրականությունից օգտվելու համար:

Դատապարտյալի լուսանկարահանումը, ինչպես նաև տեսանկարահանումը և հարցազրույցն իրականացվում են նրա համաձայնությամբ` ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով սահմանված կարգով: Համաձայնությունը կարող է կրել գրավոր բնույթ:

 

 

Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ