Ինչպիսի՞ միջոցառումներ են իրականացվում ռազմական դրություն հայտարարվելու դեպքում

army-march1-events-yerevan-armeniaԵրկրում ռազմական դրություն հայտարարելն ուղեկցվում է մի շարք միջոցառումների և գործողությունների իրականացմամբ, ներառյալ` սահմանափակմամբ, որոնց պատշաճ իրականացման համար պատասխանատու են ինչպես պետական ու տեղական ինքնակառավարման մարմինները, այնպես էլ քաղաքացիները: Այսպես, «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի (ընդունվել է 2006 թ. դեկտեմբերի 5-ին) 8-րդ հոդվածի համաձայն` ռազմական դրություն հայտարարվելու դեպքում ռազմական դրության ամբողջ ժամկետի ընթացքում կարող են իրականացվել հետևյալ միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները.

ա) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի փոխադրում լիակատար մարտական պատրաստականության, ընդհանուր կամ մասնակի զորահավաքի հայտարարում և անցկացում,

բ) Հայաստանի փրկարար ծառայության ստորաբաժանումների համալրում, լիակատար պատրաստականության փոխադրում և «Քաղաքացիական պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված միջոցառումների իրականացում,

գ) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտպանական, պետության ու տնտեսության կենսագործունեության համար հատուկ նշանակություն ունեցող օբյեկտների փոխադրում ռազմական դրության աշխատանքային ռեժիմի,

դ) ռազմական դրություն հայտարարված տարածքում տեղաշարժման ազատության սահմանափակում, ինչպես նաև նշված տարածք մուտք գործելու և տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմի սահմանում, որը ներառում է օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց՝ տվյալ տարածք մուտք գործելու և այնտեղ գտնվելու սահմանափակումները,

ե) բնակչության կենսագոյության, հատուկ պահպանվող օբյեկտների և տրանսպորտի գործունեությունն ապահովող, ինչպես նաև բնակչության կյանքի և առողջության, շրջակա միջավայրի համար առավել վտանգ ներկայացնող օբյեկտների պաշտպանություն,

զ) ռազմական դրության իրավական ռեժիմին համապատասխանող ֆինանսական, վարկային, հարկային, մաքսային, սահմանային և բանկային պետական հատուկ քաղաքականության իրականացում, ֆինանսատնտեսական գործունեության առանձին տեսակների, ներառյալ՝ ծառայությունների մատուցման, ապրանքների և ֆինանսական միջոցների շրջանառության սահմանափակումներ,

է) սննդամթերքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման և շրջանառության հատուկ կարգի սահմանում,

ը) հավաքներ և հանրային միջոցառումներ իրականացնելու արգելում կամ սահմանափակում, գործադուլների և կազմակերպությունների գործունեությունը դադարեցնող կամ կասեցնող այլ միջոցառումների արգելում, ռազմական դրության պայմաններում ՀՀ  պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչություն և այլ գործունեություն ծավալած կուսակցությունների, հասարակական ու կրոնական կազմակերպությունների և միավորումների գործունեության կասեցում՝ օրենքով սահմանված կարգով,

թ) քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերի ստուգում, քաղաքացիների անձնական առարկաների, բնակարանի և տրանսպորտային միջոցների զննության իրականացում, ինչպես նաև արտակարգ դրության իրավական ռեժիմը խախտած և տվյալ տարածքում չբնակվող անձանց վտարում՝ նրանց միջոցների հաշվին, իսկ նման միջոցներ չլինելու դեպքում՝ ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարված ծախսերի հետագա փոխհատուցման պայմանով,

ժ) կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից) կողմից ՀՀ տնտեսության, պաշտպանության և բնակչության կենսագոյության համար հատուկ նշանակություն ունեցող արտադրանքի թողարկման առաջնահերթ կատարման ենթակա առաջադրանքների սահմանում,

ժա) պարետային ժամի սահմանում, այսինքն՝ օրվա որոշակի ժամանակահատվածում առանց անձը հաստատող փաստաթղթերի և հատուկ թույլտվությունների փողոցներում ու այլ հասարակական վայրերում գտնվելու արգելում,

ժբ) օրենքով սահմանված կարգով խոսքի ազատության սահմանափակում, ինչպես նաև տպագրող սարքերի, ռադիոհեռարձակող, ձայնաուժեղացնող տեխնիկական միջոցների, բազմացնող տեխնիկայի ժամանակավոր առգրավում կամ կալանք, լրագրողների հավատարմագրման հատուկ կարգի, կապի միջոցներից օգտվելու հատուկ կանոնների սահմանում,

ժգ) զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ և թունավոր նյութերի, հատուկ միջոցների վաճառքի սահմանափակում կամ արգելում, թմրեցնող, հոգեմետ, ուժեղ ներգործող նյութեր պարունակող դեղագործական միջոցների և պրեպարատների, էթիլային սպիրտի, ալկոհոլային խմիչքների, սպիրտ պարունակող արտադրանքի շրջանառության հատուկ ռեժիմի սահմանում, վտանգավոր արտադրությունների, պայթուցիկ, ռադիոակտիվ, քիմիական և կենսաբանական վտանգավոր նյութեր օգտագործող կազմակերպությունների գործունեության կասեցում: Անհրաժեշտության դեպքում թույլատրվում է ժամանակավորապես քաղաքացիներից առգրավել զենք և ռազմամթերք, թունավոր նյութեր, իսկ կազմակերպություններից՝ զենք, զինամթերք, մարտական և ուսումնական ռազմական տեխնիկա, պայթուցիկ և ռադիոակտիվ նյութեր,

ժդ) առանձնահատուկ դեպքերում, կապված պաշտպանական, վթարավերականգնողական և այլ անհետաձգելի աշխատանքների իրականացման ու ապահովման անհրաժեշտության հետ, աշխատունակ բնակչության և տրանսպորտային միջոցների ներգրավում,

ժե) բնակչության, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտպանական, պետության ու տնտեսության կենսագործունեության համար հատուկ նշանակություն ունեցող օբյեկտների, նյութական և մշակութային արժեքների տարհանում առավել անվտանգ տարածքներ:

Ռազմական դրություն հայտարարված տարածքում ընտրություններ և հանրաքվեներ չեն անցկացվում մինչև ռազմական դրության գործողության ժամկետի ավարտը: Այդ ընթացքում պետական կառավարման ընտրովի և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց լիազորությունների ժամկետի ավարտման դեպքում դրանք երկարաձգվում են մինչև ռազմական դրության գործողության ժամկետի ավարտը, եթե նրանց լիազորությունները չեն դադարեցվել օրենքով սահմանված կարգով:

 

 

Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Կ.Փոլադյանը նշանակվեց Դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնակատար

PoladyanՀայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի հրամանով ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ, դատարանների նախագահների խորհրդի քարտուղար Կարեն Փոլադյանը:

Մ.Մարտիրոսյանն ազատվեց Դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնից

դատարանՀայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը հիմք ընդունելով ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Միսակ Մարտիրոսյանի դիմումը՝ 2013թ. սեպտեմբերի 27-ի նիստում որոշել է վերջինիս ազատել զբաղեցրած պաշտոնից:

Կացության ինչպիսի՞ կարգավիճակներ կարող են տրվել օտարերկրացիներին

օտարերկրացի «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի (ընդունվել է 2006 թ. դեկտեմբերի 25-ին) 3-րդ գլուխն ամբողջությամբ նվիրված է ՀՀ-ում օտարերկրացիների կացության կարգավիճակներին: Նույն Օրենքի 14-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիների համար սահմանվում են կացության հետևյալ կարգավիճակները`

ա) ժամանակավոր,

բ) մշտական,

գ) հատուկ:

Հայաստանի Հանրապետության ժամանակավոր, մշտական և հատուկ կացության կարգավիճակները հաստատող փաստաթղթերն են, համապատասխանաբար, ժամանակավոր կացության քարտը, մշտական կացության քարտը և հատուկ անձնագիրը, որոնց ձևերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տալու համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված չափով:

Այսպես, ժամանակավոր կացության կարգավիճակը տրվում է յուրաքանչյուր օտարերկրացու, եթե նա հիմնավորում է, որ գոյություն ունեն Հայաստանի Հանրապետության տարածքում մեկ տարի և ավելի ժամկետով իր բնակվելը հիմնավորող հանգամանքներ: Այդպիսի հանգամանքներ կարող են լինել՝ ուսումը, աշխատանքի թույլտվության առկայությունը, Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացու ամուսինը, ծնողը կամ զավակը լինելը, ՀՀ քաղաքացու կամ ՀՀ-ում մշտական կամ հատուկ կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացու ամուսինը կամ մերձավոր ազգականը (ծնող, զավակ, եղբայր, քույր, տատ, պապ, թոռ) լինելը, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը, ինչպես նաև ազգությամբ հայ լինելը:

Ժամանակավոր կացության կարգավիճակը տրվում է մինչև 1 տարի ժամկետով՝ յուրաքանչյուր անգամ 1 տարով երկարաձգելու հնարավորությամբ:

Մշտական կացության կարգավիճակը տրվում է օտարերկրացուն, եթե նա`

ա) ապացուցում է Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող կամ հատուկ կացության կարգավիճակ ունեցող ամուսնու կամ մերձավոր ազգականների (ծնող, զավակ, եղբայր, քույր, տատ, պապ, թոռ) առկայությունը, Հայաստանի Հանրապետությունում ապահովված է բնակարանով ու գոյության միջոցներով և մինչև մշտական կացության կարգավիճակ ստանալու համար դիմում ներկայացնելն օրենքով սահմանված կարգով առնվազն երեք տարի բնակվել է Հայաստանի Հանրապետությունում կամ

բ) ազգությամբ հայ է կամ Հայաստանի Հանրապետությունում իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն:

Մշտական կացության կարգավիճակը տրվում է 5 տարի ժամկետով` յուրաքանչյուր անգամ նույն ժամկետով երկարաձգելու հնարավորությամբ:

Հատուկ կացության կարգավիճակ տրվում է ազգությամբ հայ օտարերկրացիներին: Հատուկ կացության կարգավիճակ կարող է տրվել նաև Հայաստանի Հանրապետությունում տնտեսական կամ մշակութային գործունեություն ծավալող այլ օտարերկրացիների:

Հատուկ կացության կարգավիճակ տրվում է 10 տարի ժամկետով: Այն կարող է տրվել մեկից ավելի անգամ:

 

 Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Տեղեկատվություն՝ դատական կարգադրիչների կողմից չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ներգրավված մեղադրյալների մասին

դատախազությունՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության մի շարք աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիքներ և խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ, 308-րդ և 314-րդ հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական գործով ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչությունում շարունակվում է նախաքննությունը։ Սեպտեմբերի 25-ի դրությամբ, որպես մեղադրյալ է ներգարվվել 19 անձ, եւս 2 հոգի գտնվում են կասկածյալի կարգավիճակում։

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը` ստորև ներկայացնում ենք գործով ներգրավված անձանց տվյալներն ու առաջադրված մեղադրանքները՝

1. ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ, դատական կարգադրիչների ծառայության պետ Արմեն Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

2. ՀՀ Դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության կենտրոնական մարմնի դատական կարգադրիչների ստորաբաժանման պետ Արմեն Ավագյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

3. ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության պետ Արմեն Միրզոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով և 308-րդ հոդվածի 1-ին մասով, որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, որը փոխարինվել է գրավով:

4. ՀՀ Դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի դատական կարգադրիչների ստորաբաժանման պետ Բագրատ Արիկյանցին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

5. ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Սամվել Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով, որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

6. ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության պահեստապետ Յուրա Մուշկիդյանովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

7. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Արման Փալիկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314 հոդվածով, որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

8. ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության պետի տեղակալ Գագիկ Ազատի Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, որը փոխարինվել է անձնական երաշխավորությամբ:

9. ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Արման Մալխասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածով, որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

10. ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայությունում որպես անձնակազմի կառավարման բաժնի պետ Նարեկ Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314 հոդվածով, որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

11. ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության ֆինանսաբյուջետային բաժնի պետ, գլխավոր հաշվապահ Սաթենիկ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

12. ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության վերահսկողության բաժնի պետ Եղիազար Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

13. ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության ՀՀ Արարատի և Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ, ապա 2012թ. նոյեմբերից ՀՀ վարչական դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Էդուարդ Հովհաննիսյանին մեղադարանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով, որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

14.  ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության ՀՀ Արարատ և Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Արմեն Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով, որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

15. ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման նախկին պետ Մհեր Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածով, որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

16. ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման նախկին պետ Հայկ Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածով, որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

17. ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Արտակ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածով, որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

18. ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Նորայր Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով, որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

19. 15.08.2013թ. որոշում է կայացվել դատական կարգադրիչների ծառայության պետի տեղակալ Գեղամ Բաղդասարի Գրիգորյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա գտնվելու վայրը պարզելու նպատակով հայտարարվել է հետախուզում, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Կասկածյալներ Արտյոմ Ֆելիքսի Մամյանի և Մերուժան Մերուժանի Կյուրեղյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

LinkedIn-ը գողանում է օգտատերերի անձնական տվյալները

b_515902Օգտատերերը մեղադրել են LinkedIn-ի ղեկավարությանը`  իրենց էլեկտրոնային փոստից ու կոնտակտների ցուցակով  հրավերքների ցրման տարբերակից անձնական տվյալներ գողանալու մեջ:  Համապատասխան հայց է համացանցին ներկայացվել սեպտեմբերի 17-ին:

Պատասխանող կողմից պահանջվում է դադարեցնել հաճախորդների կյանք ներխուժումն ու վերադարձնել նման կերպով ստացած շահույթը: Սպասվում է , որ գործը կքննվի կալիֆոռնիական Սան-Խոսեի ատենակալների դատարանում:

LinkedIn-ի ադմինիստրացիան օգտատերերին պարատավորեցել է իրենց անվան փոխարեն նշել արտաքին փոստարկղը ու այդպիսով հնարավորություն ունեցել անձնական կոնտակտներ մուտք գործել ու  հետագայում դրանք օգտագործվել են սերվիսից օգտվելու առաջարկություն անելու համար:

Ինչպե՞ս է կատարվում հանրային հավաքների անցկացման մասին իրազեկումը

հանրահավաքՀավաքների անցկացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով (ընդունվել է 2011 թ. ապրիլի 14-ին): Հիշյալ օրենքի 2-րդ գլուխն ամբողջությամբ նվիրված է իրազեկմամբ անցկացվող հանրային հավաքներին, իսկ 9-րդ հոդվածի համաձայն` հանրային հավաք անցկացնելու համար կազմակերպիչը գրավոր իրազեկում է լիազոր մարմնին, բացառությամբ մինչև 100 մասնակից ունեցող, շտապ և ինքնաբուխ հավաքների: Իրազեկումը քննարկող և որոշում կայացնողը համայնքի ղեկավարն է` լիազոր մարմինը: Լիազոր մարմնի որոշմամբ իրազեկումը կարող է քննարկել և դրա վերաբերյալ որոշում կայացնել նրա լիազորած անձը:

Իրազեկման նպատակը պետության կողմից հավաքի բնականոն և խաղաղ ընթացքն ապահովելը, ինչպես նաև այլ անձանց սահմանադրական իրավունքների ու հանրության շահերի պաշտպանության համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելն է:

Իրազեկումը կարող է ներկայացվել հավաքի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 7 օր, և ոչ շուտ, քան 30 օր առաջ: Իրազեկումը ներկայացվում է գրավոր, անձամբ կամ փոստով:

Օրենքն իրազեկման համար ներկայացնում է որոշակի պահանջներ, որոնք պարտադիր կերպով պետք է հաշվի առնվեն լիազոր մարմնին ուղղված գրավոր նամակում: Այսպես, օրենքի 14-րդ հոդվածի համաձայն` իրազեկման մեջ պետք է նշվեն`

1) հավաքի վայրը,

2) հավաքի սկզբի և ավարտի մոտավոր ժամանակը,

3) հավաքի նպատակը,

4) մասնակիցների սպասվող թիվը,

5) հավաքի անցկացման ժամանակ օգտագործվելիք առարկաները կամ տեխնիկական միջոցները (պաստառներ, ջահեր, բարձրախոսներ և այլն),

6) կարգադրիչների նախատեսվող թիվը,

7) երթի դեպքում` երթի ուղին և ժամանակացույցը,

8) կազմակերպիչների անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի տվյալները (կցելով փաստաթղթի պատճենը), հեռախոսահամարները, փոստային և էլեկտրոնային հասցեները, իսկ եթե կազմակերպիչն ու հավաքի ղեկավարը տարբեր անձինք են, նաև հավաքի ղեկավարի անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի տվյալները, փոստային հասցեն և առկայության դեպքում` հեռախոսահամարներն ու էլեկտրոնային հասցեն:

Իրավաբանական անձի կողմից հավաք կազմակերպվելու դեպքում իրազեկման հետ ներկայացվում է նաև այդ մասին իրավաբանական անձի ղեկավար մարմնի կամ կառավարման մարմնի որոշումը: Եթե հավաքի վայրը պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող բացօթյա տարածք է, որը հանձնված է վարձակալության, կամ մասնավոր սեփականություն հանդիսացող բացօթյա տարածք կամ շինություն է, ապա իրազեկման հետ ներկայացվում է նաև վարձակալի կամ սեփականատիրոջ գրավոր համաձայնությունը հավաքի անցկացման վերաբերյալ: Վարձակալի կամ սեփականատիրոջ գրավոր համաձայնությունը հավաքի անցկացման վերաբերյալ չի պահանջվում, եթե յուրաքանչյուր ոք ունի այդ տարածք անարգել մուտք գործելու իրավունք: Եթե հավաքի կազմակերպչի 14 տարին չի լրացել, ապա նա ներկայացնում է նաև իր օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնությունը:

Կազմակերպիչը պարտավոր է վերոհիշյալ կետերում արված փոփոխությունների մասին անհապաղ, բայց ոչ ուշ, քան հավաքը սկսելուց 24 ժամ առաջ տեղեկացնել լիազոր մարմնին: Այդ փոփոխությունները չեն կարող փոխել ի գիտություն ընդունված հավաքի էությունը:

Եթե իրազեկումը պարունակում է ձևական սխալներ, որոնք կարող են շտկվել, ապա լիազոր մարմինը դրանք  ցույց է տալիս կազմակերպչին` նրան հնարավորություն ընձեռելով շտկելու այդ սխալները, կամ ինքն է շտկում դրանք` կազմակերպչին նախապես կամ հետագայում իրազեկելով այդ մասին: Եթե իրազեկման մեջ նշված տվյալները ամբողջական չեն, ապա լիազոր մարմինը կազմակերպչին առաջարկում է իր սահմանած ժամկետում լրացնել դրանք:

Պատրաստեց

Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Մեղադրող դատախազն ամեն ինչ անում է, որ դատարանում չհնչի Ղևոնդ Ղալումյանի անունը

դատարանԻնչո՞ւ չի բարձրաձայնվում, թե Եսայանը ի շահ ում է գործել իրականում

Սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանի ներդրումների թալանի հետ անմիջական կապ ունեցող ոստիկանության պաշտոնաթող գնդապետ Ղևոնդ Ղալումյանի անունը, ինչպես երևում է, մեղադրող կողմը չի ցանկանում բարձրաձայնել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարնում քննվող քրեական գործով: Սա հատկապես ակնհայտ դարձավ գործարարի հիմնադրած «Արին կապիտալ» ներդրումային ընկերությանը պատկանած շենքից բնակարան գնելու համար 37 մլն 200 հազար դրամ վճարած, սակայն ներկայումս բնակարանը չստացած խաբված գնորդ Գյուլխասյանի գործով 17.09.2013թ. հերթական դատական նիստի ժամանակ, որի ընթացքում գործով ամբաստանյալ Էդուարդ Եսայանին հարցեր էր ուղղում մեղադրող դատախազ Լևոն Չարխիֆալակյանը:

Եվ որքան էլ, որ զարմանալի է, դատախազն այդպես էլ ամբաստանյալ Եսայանին չուղղեց այս գործով ամենաէական հարցերից մեկը` թե Եսայանը, որպես ընկերության տնօրեն  իր կարգադրիչ լիազորությունները  իրականացնելիս հօգուտ ում է գործել: Դատախազը մասնավորապես չճշտեց այն հանգամանքը, թե Եսայանը ինչու է բնակարանի համար Գյուլխասյանի կողմից վճարած գումարը ընկերության բանկային հաշվին մուտքագրել Ղևոնդ Ղալումյանի և Ռուբեն Մանգասարյանի անունից:

Հիշեցնենք, որ Գյուլխասյանը  ընկերությանը պատկանող Մաշտոցի 33/1 շենքից բնակարան գնելու համար գումար էր վճարել, սակայն բնակարանը չէր ստացել և դիմել էր ոստիկանություն, որտեղ էլ խարդախության փաստով հարուցվել էր քրեական գործ: Նախաքննության ժամանակ նշանակված փորձաքննության արդյունքում` ՀՀ Փորձաքննությունների ազգային բյուրոյի կողմից 01.10.2012 թ. փորձագիտական եզրակացության 20-րդ էջում հստակ արձանագրվել է, որ, իրոք,07.12.2007թ.  «Արին կապիտալ>> ՍՊ ընկերության բանկային հաշվին մուտքագրվել է 37 մլն 200 հազար դրամ, որից 15 մլն 891 հազար դրամը Ռուբեն Մանգասարյանի անվամբ, իսկ  21 մլն 309 հազար դրամը՝ Ղևոնդ Ղալումյանի անվամբ:

Այսինքն` ինչպես գործարար Էդմոնդ Խուդյանի ընկերության, այնպես էլ այս տուժած քաղաքացու բնակարանի թալանի գործում Ղալումյանը օգտվել էր փող աշխատելու իր հայտնի տարբերակից` կեղծ փոխառություն ձևակերպել և հետագայում դրա վերադարձի պատրվակով գումար ստանալ ընկերությունից:

Նակինում ներկայացվել է, որ այդ կերպ 2007 նոյեմբեր-2009 ապրիլ ամիսներին բնակարան գնելու նպատակով վճարումներ կատարած գնորդների գումարների մի մասը ընկերության հաշվին մուտքագրվել է որպես Ղալումյանի կողմից տրված փոխառություն, և նույն չափով գումար է ելքագրվել Ղալումյանի անվամբ՝ իբրև փոխառության մարում:

Խարդախության փաստով հարուցված այս գործով, անտեսելով փորձաքննության արդյունքները,  նախաքննության ժամանակ հսկողությունն իրականացնող  դատախազ Արման Հակոբյանը ցուցում էր տվել քննիչին` Եսայանին մեղադրանք առաջադրել այն բանի համար, որ նա, «հանդիսանալով «Արին Կապիտալ» ներդրումային ՍՊԸ  ծառայող` տնօրեն, իր կարգադրիչ լիազորությունները այդ կազմակերպության շահերին հակառակ և ընկերության սեփականատեր Էդմոնդ Խուդյանի օգտին օգտագործելով քաղաքացի Լուսինե Գյուլխասյանին առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել, ինչն էլ ծանր հետևանքներ է առաջացրել»:

Այս ապօրինության դեմ բազմաթիվ հրապարակումներ եղան, Խուդյանը դիմեց ՀՀ գլխավոր դատախազին:

Սակայն ներկայումս դատաքննությանը մասնակցող դատախազ Լևոն Չարխիֆալակյանը չի էլ պատրաստվում ջանքներ գործադրել այն անձանց անունները բացահայտելու  համար, ի շահ որոնց գործել է Եսայանը:

Ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքով` այս գործով ընդհանուր տպավորությունը դատարանից և մասնավորապես վերջին դատական նիստից այն էր, որ դատավոր Արշակ Վարդանյանը բոլոր կողմերին հնարավորություն է տալիս ներկայացնելու միջնորդություններ և բավարարում է դրանք, ինչով պայմանավորված գործի բազմակողմանի քննություն է տանում: Բայց մյուս կողմից մեղադրող դատախազը գործի իրավական փաստական հանգամանքների բացահայտման հարցում կարծես պասիվ դերում է: Խոսքը վերաբերում է մասնավորապես այն հանգամանքին, որ վերջին նիստի ժամանակ, ամբաստանյալին հարցեր տալիս,  դատախազը պետք է հարցներ, թե ամբաստանյալը և նրա հետ բանկում գտնված գլխավոր հաշվապահը Լուսինե Գյուլխասյանի կողմից վճարված գումարը ընկերության բանկային հաշվին մուտք անելիս ինչու կամ ում հրահանգով են գումարի մի մասը որպես Ռուբեն Մանգասարյանի կողմից վճարում մուտքագրել, իսկ մյուս մասն էլ  իբրև փոխառություն՝ Ղևոնդ Ղալումյանի կողմից: Փոխարենը, դատախազը փորձում էր պարզել, թե այդ գումարները հետագայում ինչ նպատակով է տնօրինել :

Ըստ Խուդյանի փաստաբանի`դատախազի կողմից չհնչեցված հարցն էական էր այնքանով, որքանով որ այս հարցի պատասխանը ևս մեկ անգամ լույս կսփռի այն հարցի վրա, թե իրականում ով է օգուտ քաղել Գյուլխասյանի կողմից վճարված գումարից և թե այս իմաստով ընկերության տնօրենը իրականում ում օգտին է գործել:

Իսկ այս գործով նախաքննության ժամանակ դեռ պարզվել էր, որ նշված գումարը տնօրինել էին երկուսը՝ Մանգասարյանն ու Ղալումյանը: Այսինքն՝ ստացվում է, որ նախկին դատախազը խեղաթյուրել էր իրականությունը, ներկա դատախազն էլ շարունակում է նույն կերպ: Արդյունքում պաշտպանության տակ է առնված Ղալումյանը, իսկ Խուդյանի անունն անհարկի և անհիմն շահարկվում է: Այսինքն՝ եթե Եսայանը գործել է հօգուտ ինչ որ մեկի, ապա այդ անձինք են՝ Ռուբեն Մանգասարյանն ու Ղևոնդ Ղալումյանը, սակայն նրանցից Ղևոնդ Ղալումյանի անունը չգիտես ինչու ոչ մի կերպ չի հնչում դատարանում, իսկ Մանգասարյանի հարցը դատարանի կողմից նշանակված փորձաքննությամբ չեզոքացվեց, իբր վերջինիս չի կարող դատարանում ցուցմունք տալ:

Եսայանն այս նիստում ևս մեկ անգամ շեշտեց, որ Գյուլխասյանի բնակարանի վերաբերյալ նախնական առուվաճառքի պայամանգիրը կնքվել է Ռուբեն Մանգասարյանի հետ, քանի որ այդպիսի ցուցում է տվել Վլադիսլավ Մանգասարյանը:

Ի դեպ՝այս գործով գրեթե բոլոր վկաների ցուցմունքներով արդեն բացահայտ ներկայացվել է, որ Գյուլխասյանի բնակարանը իրականում տնօրինել է ոչ թե Ռուբեն Մանգասարյանը, այլ նրա եղբայր Վլադիսլավ Մանգասարյանը: Իսկ Ռուբեն Մանգասարյանի և Արթուր Գալստյանի միջև բնակարանի կեղծ առուվաճառք է տեղի ունեցել, իրականում այդ գործարքը տեղի է ունեցել մի կողմից` բնակարանի փաստացի սեփականատեր Վլադիսլավ Մանգասարյանի, մյուս կողմից` Հարթունյանների գործով  հայտնի Սևակ Արզարունու միջև:

Դատաքննությամբ բավարար ապացուցներ են ձեռք բերվել այն մասին, որ Լուսինե Գյուլխասյանը խարդախության զոհ է, սակայն դատախազը Չարխիֆալակյանը կարծես աչք է փակում այս գործով Մանգասարյանների ու Ղալումյանի մասով բացահայտումների վրա:

Արդյունքում հովանավորչությունն է շարունակվում:

 

Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խումբ

Թվով երրորդ դատարանը դիմեց Սահմանադրական դատարան

սդՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը` նախագահությամբ Վ. Մկրտչյանի, սեպտեմբերի 12-ին  որոշում է  կայացրել քրեական գործից  մաս անջատելու, վարույթը կասեցնելու և ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու մասին՝  ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի դիսպոզիցիայում  (կաշառք ստանալը) 2012թ. փետրվարի 9-ին կատարված լրացման` «կամ պահանջելը կամ ստանալու խոստումը կամ առաջարկն ընդունելը»  ՀՀ Սահմանադրությանն համապատասխանության հարցը որոշելու նպատակով:

Այսպիսով դատարանը բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը:      Գործից ամբաստանյալ Հովսեփ Հակոբյանի մասն անջատվել է  առանձին վարույթում և այդ մասով  քրեական գործի վարույթը կասեցվել է՝ մինչև ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից վերոնշյալ օրենքի սահմանադրականության հարցի որոշում կայացնելը:

Այս հարցով արդեն երրորդ դատարանն է դիմում Սահմանադրական դատարան: Սույն որոշման մեջ մարզային  դատարանն արձանագրում է, որ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  2012թ. փետրվարի 9-ին  օրենքն ուժի մեջ մտնելու կապակցությամբ կաշառքի առարկայի շուրջ արդեն իսկ ձեռք բերված համաձայնությունը, որը ենթադրում է պաշտոնատար անձի կողմից գույքի, արժեթղթերի նկատմամբ իրավունքը պահանջելը, դրանք ստանալու խոստումը կամ առաջարկն ընդունելը, համարվում է ավարտված հանցագործություն: Նման պամաններում կաշառք ստանալու կամ այն ստանալու փորձի (նախապատրաստության) նյութական հանցակազմերի կիրառումը որոշ դեպքերում դարձել է անհնար, քանի որ կաշառքի առարկան պահանջելը, այն ստանալու խոստում տալը կամ կաշառքի առարկայի առաջարկն Կոտայքի մարզի դատարանը նկատում  է, որ այս հանգամանքի վերաբերյալ իրենց դիրքորոշումներն են հայտնել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների և ՀՀ Վերաքննիչ քրեական դատարաններն՝ համապատասխանաբար 2013թ.օգոստոսի 20-ի և 2013թ. հունիսի 23-ի որոշումներում, որտեղ «իրավացիորեն նշվել է, որ օրենսդրական նման ձևակերպման պայմաններում հանցագործությունը չի անցնում նախապատրաստության և հանցափորձի փուլեր և ավարտված է համարվում այն պահից, երբ անձը որևէ ձևով կպահանջի կաշառքի առարկան, այն ստանալու խոստում կտա կամ ստանալու խոստումը կընդունի»:

«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2012թ. փետրվարի 9-ին ուժի մեջ մտած օրենքով ստացվում  է, որ մի դեպքում պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու փորձի կամ նախապատրաստության դեպքում ՀՀ քրեական օրենսգրքի 65-րդ հոդվածի կարգով, անձի նկատմամբ նշանակվում է ավելի մեղմ պատիժ, իսկ կաշառք պահանջելու կամ խոստում ստանալու կամ առաջարկն ընդունելու դեպքում արարքը որակվում է որպես ավարտված հանցագործություն և անձի նկատմամբ նշանակվում է համեմատաբար խիստ պատիժ:

Շարունակությունը կարդացեք Pastinfo.am-ում

Որո՞նք են վերաքննիչ դատարանի լիազորությունները

վերաքննիչՆախ պետք է նշել, որ վերաքննիչ դատարանի կարգավիճակին, կազմին և տեղաբաշխմանն առնչվող հարաբերությունները կարգավորված են ՀՀ դատական օրենսգրքի 39-49 հոդվածներով:

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի հիման վրա իր իրավասության սահմաններում վերանայում է ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանների և վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերը: Վերաքննիչ դատարանը միջանկյալ դատական ակտերը վերանայում է օրենքով նախատեսված բացառիկ դեպքերում: Իսկ միջանկյալ են համարվում գործն ըստ էության չլուծող դատական ակտերը, օրինակ` գործի վարույթի կասեցման, գործի վարույթի հետաձգման մասին որոշումները և այլն:

Դատական ակտը վերանայվում է վերաքննիչ բողոքի հիմքերի ու հիմնավորումների սահմաններում: Հարկ է նշել, որ այս դրույթն էապես տարբերվում է նախկին օրենսդրությամբ ամրագրված այն դրույթից, որի համաձայն` վերաքննիչ դատարանը կաշկանդված չէր վերաքննիչ բողոքների փաստարկներով և կարող էր գործը քննել լրիվ ծավալով:

Վերաքննիչ դատարանի դատական ակտերն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից:

Վերաքննիչ դատարանի լիազորություններն ամրագրված են ՀՀ դատական օրենսգրքի 48 հոդվածով, համաձայն որի` գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերաքննության արդյունքում վերաքննիչ դատարանը`

1) մերժում է վերաքննիչ բողոքը` դատական ակտը թողնելով oրինական ուժի մեջ: Այն դեպքում, երբ վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը, սակայն դատարանի կայացրած գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի կամ սխալ է պատճառաբանված, ապա վերաքննիչ դատարանը պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը,

2) ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վերաքննիչ բողոքը` համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով դատական ակտը: Բեկանված մասով գործն ուղարկվում է համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը: Չբեկանված մասով դատական ակտը մնում է oրինական ուժի մեջ,

3) քաղաքացիական հայցի մասով ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և հաստատում կողմերի հաշտության համաձայնությունը,

4) մասնակիորեն բեկանում և փոփոխում է ստորադաս դատարանի ակտը, եթե ստորադաս դատարանի հաստատած փաստական հանգամանքները, իսկ քրեական գործերով նաև քրեական վերաքննիչ դատարանին նոր ներկայացված ապացույցների հիման վրա նրա հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ, և եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից,

5) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը կամ առանց քննության է թողնում հայցն ամբողջովին կամ դրա մի մասը:

Միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքում վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը` դատական ակտը թողնելով oրինական ուժի մեջ, կամ կայացնում է նոր դատական ակտ, որն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:

 

 Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

 

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի հայտարարությունը իր անդամների ծեծի վերաբերյալ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ2013 թ. սեպտեմբերի 5-ի երեկոյան 22:10-ի սահմաններում 6-7 անհայտ անձանց կողմից Երևանում դաժան ծեծի են ենթարկվել Թրանսփարենսի Ինթերնեշնլ միջազգային հակակոռուպցիոն հասարակական շարժման հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ Սուրեն Սաղաթելյանը և կազմակերպության անդամ Հայկակ Արշամյանը: Հանցագործությունը տեղի է ունեցել Հ. Արշամյանի տան մոտ՝ քաղաքի կենտրոնում գտնվող փողոցներից մեկի բակում: Երկու մեր գործընկերներն էլ ստացել են ծանր մարմնական վնասվածքներ, մասնավորապես, Հայկակի մոտ եղել են պատռվածքներ քթի մոտ և բերանի խոռոչում, իսկ Սուրենի մոտ՝ գլխի խոր վնասվածք, ինչպես նաև քթի և մատների կոտրվածքներ:

Կազմակերպության երկու անդամներն էլ, չհարելով որևէ քաղաքական կուսակցության, երկար տարիներ հանդիսանում են հասարակական ակտիվիստներ և իրենց հասարակական գործունեության ընթացքում երբեք դուրս չեն եկել օրինականության շրջանակներից:

Դժբախտաբար, այս բռնարարքը վերջին մի քանի շաբաթների ընթացքում իշխանությունների մի շարք քայլերի և որոշումների դեմ բողոքող քաղաքացիական ակտիվիստների դեմ կատարված նմանատիպ ոչ առաջին բռնարարքն է, որը հիմք է տալիս ենթադրելու, որ իրականացվում են բավականին համակարգված գործողություններ, որոնց նպատակն է կասեցնել անարդարությունների և ապօրինությունների դեմ թափ հավաքող բողոքի շարժումները: Այս բռնարարքը կարող է դիտվել նաև որպես անուղղակի նախազգուշացում մեզ և մեր գործընկեր այլ հասարակական կազմակերպություններին՝ զերծ մնալ իշխանությունների կողմից տարբեր ոլորտներում տարվող քաղաքականության քննադատությունից:

Այս և նմանատիպ մյուս բռնարարքները գնահատելով որպես ահաբեկչություն հասարակական ակտիվիստների նկատմամբ՝ հայտարարում ենք, որ եթե հնարավորինս արագ չբացահայտվեն և չպատժվեն իրականացնողները, դրանք կարող են կրկնվել ապագայում, և ըստ այդմ՝ հետևանքների ողջ պատասխանատվությունը ընկնելու է գործող վարչակարգի վրա:

 

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 

Երևանում մեքենաների կայանատեղերի համակարգը ներդրվեց լուրջ թերացումներով. ՄԻՊ

կարեն անդրեասյանՄարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն անդրադարձել է  Երևանում մեքենաների վճարովի  կայանատեղերի համակարգին:

ՄԻՊ տարածած հաղորդագրությունում ասվում է. ««Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքն ընդունվել է դեռևս 2011 թվականին, իսկ կոնկրետ համայնքում տուրքի դրույքաչափերը, դրանց վճարման ձևերը և այլ հարցերի կարգավորման իրավասությունը թողնվել է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնին, տվյալ դեպքում՝ Երևան քաղաքի ավագանուն:

Երևան քաղաքի ավագանու որոշումները տուրքի վճարման ընթացքում վարորդի համար առաջացրել են ավելորդ, չհիմնավորված դժվարություններ և անհարմարություններ:

Մասնավորապես, օրենքը նախատեսում է, որ տուրքի վճարման պարտավորությունը ծագում է ավտոմեքենան կայանելու պահից, սակայն Երևանի ավագանու որոշմամբ տուրքի վճարման հստակ վերջնաժամկետ սահմանված չէ: Առկա պայմաններում մնում է կռահել, որ եթե անվճար կայանել կարելի է միայն 5 րոպե, ապա անձը պարտավոր է կատարել տուրքի վճարումը հենց 5 րոպեի ընթացքում: Այսինքն` ստացվում է մի իրավիճակ, երբ, օրինակ, մայրաքաղաքին անծանոթ մարդը մեքենան կայանելուց հետո 5 րոպեի ընթացքում պետք է տեղեկատվական վահանակի միջոցով տեղեկանա տուրք վճարելու իր պարտականության մասին, նույն այդ ժամանակահատվածում կարողանա մոտակայքում գտնել վճարային որևէ կազմակերպություն կամ սարքավորում և կատարել տուրքի վճարումը, իսկ 5 րոպեն թեկուզ մեկ րոպեով գերազանցվելու դեպքում կտուգանվի 5.000 ՀՀ դրամի չափով: Հետևաբար, այսպիսի իրավիճակից խուսափելու համար առաջին հերթին անհրաժեշտ էր վարորդին տալ ավելի երկար ժամանակով անվճար կայանելու հնարավորություն:

Կազմակերպական առումով լուրջ բացթողում էր նաև տուրքի համակարգի մասին անբավարար հանրային իրազեկումը, ինչի ապացույց էին վարորդների բազմաթիվ անպատասխան հարցերը տուրքի վճարման, անդորրագրերի ստացման կարգի վերաբերյալ, ինչպես նաև այն փաստը, որ բազմաթիվ քաղաքացիներ վճարեցին ամբողջ տարվա համար սահմանված տուրքը, որից հետո միայն կատարվեց վերահաշվարկ, և նրանց վերադարձվեց այդ գումարի մի մասը:

Ինչ վերաբերում է այն դիրքորոշմանը, որ տուրքի սահմանումը սոցիալական առումով որևէ կերպ հիմնավոր ու նպատակահար չէ, ապա այդ խնդիրն անհրաժեշտ էր բարձրացնել դեռևս վերը նշված օրենքի ընդունման ժամանակ: Այնուամենայնիվ, կառուցողական առաջարկությունների առկայության դեպքում կարելի է նաև հանդես գալ օրենսդրական փոփոխությունների առաջարկությամբ:

Բազմիցս նշել ենք յուրաքանչյուր այսպիսի դեպքում հանրային քննարկումների կարևորության մասին: Դրանք չպետք է լինեն ձևական և ինքնանպատակ, քանի որ դրանց բացակայությունը իրավական ակտերը դարձնում է գործնականում անկիրառելի կամ հանգեցնում անձանց իրավունքների և օրինական շահերի խախտմանը»:

Քեմբրիջի շրջանավարտը Նուբարաշենի ՔԿՀ-ում հացադուլի միջոցով ուզում է հասնել արդարության

Արամ ՄուղալյանՔեմբրիջի համալսարանի մագիստրոս Արամ Մուղալյանը ս.թ. սեպտեմբերի 2-ից անժամկետ հացադուլ է սկսել: Դրանով նա իր բողոքն է արտահայտում Արմավիրի մարզի դատախազության և ոստիկանության քննչական բաժնի կամայականությունների դեմ:

Խնդիրը հետևյալն է. Արմավիրի մարզի քննչական բաժինը  17.04.2013թ. ձերբակալել, ապա կալանավորել է Արամ Մուղալյանին ու նրա 3 ընկերներին՝  ցանկանալով նրանց վերագրել Նորապատ գյուղում 1 տարի առաջ անհայտ անձանց կողմից վառված դեզի չբացահայտված գործը: Նախաքննությամբ դա չի ստացվել (ի դեպ, իրական դեզ վառողները մինչ այսօր էլ չեն գտնվել և ազատության մեջ են): Տղաներին ամիսներ շարունակ կալանքի տակ  պահելն արդարացնելու նպատակով  կազմվել է  մի այլ սցենար: Նրանց մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ  իբրև   գյուղից դուրս` ամայի վայրում, այրել են գետնին թափված ոչ պիտանի հարդը (ոչ թե դեզը), որի հետևանքով տեղ-տեղ խանձվել է շան մազը և ծխահարվել մոտ 30 կապ խոտ` 36.000 (երեսունվեց հազար) դրամ արժողությամբ:

Բայց իրականում գյուղացին ու նրա ընտանիքի անդամները ամիսներ շարունակ բազմաթիվ հարցաքննություններում պնդել են, որ իրենց նյութական վնաս չի պատճառվել  և իրենք բողոք չունեն: Բայց քրեական գործի հարուցումից 3 ամիս անց նրանց գրել են տվել, որ ծխահարվել է մոտ 30 կապ խոտ, որի վերաբերյալ գործում հասկանալի պատճառով որևէ ապացույց չկա:

Այս կեղծիքներով Արմավիրի մարզի դատախազությունը և քննչական բաժինը ձգտում են հիմնավորել իրենց մեղադրանքը և կալանքի անտրամաբանական որոշումը:

Բանն այն է, որ նախաքննության սկզբում` 18 օր շարունակ, Արամն ու իր ընկերները` բոլորն էլ բարձրագույն կրթությամբ, գտնվել են ազատության մեջ և որևէ ձևով չեն խոչընդոտել քննչական աշխատանքներին, սակայն դրանից հետո, առանց որևէ պատճառաբանության, ինչ-ինչ խնդիրներից ելնելով, նրանց նկատմամբ կիրառվել է կալանք:

Այդ որոշումն անօրինական է, քանի որ քննչական մարմինը չուներ և չի արձանագրել որևէ փաստ, տղաների վարքագծի որևէ սխալ դրսևորում, որը  պատճառ դառնար 18 օր անց նման որոշում կայացնելուն:

Հակառակը. Արամ Մուղալյանը պատրաստ էր անելու ամեն ինչ, որպեսզի պահպանի տարիների ընթացքում ստեղծած բարի համբավը:

Դեռ մանկության տարիներից նա աչքի է ընկել բազմակողմանի ընդունակություններով. 6 տարեկանում իր գեղանկարներով մասնակցել է Փարիզում կազմակերպված միջազգային ցուցահանդեսին, պատանեկան տարիքում ֆիլատելիստական հավաքածուով բազմաթիվ մեդալներ է շահել միջազգային և համաշխարհային ֆիլատելիստական ցուցահանդեսներում, բարձր դասարաններում ստացել է տարբեր դիպլոմներ ֆիզիկայից և ինֆորմատիկայից:

Արամը  Քվանտ վարժարանից հետո հարցազրույցով ընդունվել է ԵՊՀ-ի ֆիզիկայի ֆակուլտետը և գերազանցությամբ ավարտել այն:

2010 թվականին «Լույս» հիմնադրամի ֆինանսավորմամբ ընդունվել է Միացյալ Թագավորության Քեմբրիջի համալսարանի մագիստրատուրան, դարձել մեկն այն եզակի հայ ուսանողներից, որոնք արժանացել են համալսարանի կրթաթոշակին:

Քեմբրիջի համալսարանը հաջողությամբ ավարտելուց հետո  աշխատանքի է անցել Հայաստանում գործող առաջատար ընկերություններից մեկում որպես փոխտնօրեն:

Արամ Մուղալյանը իր անժամկետ հացադուլով ուզում է հասնել արդարության, որպեսզի վերջ դրվեն Արմավիրի մարզի դատախազության կամայականություններին, դատավարության ընթացքում փոխվի իր նկատմամբ խափանման միջոց ընտրված  կալանքը և իր վրայից հանվեն կեղծ մեղադրանքները:

 Վարդուհի Շափաղաթյան

 

Որևէ իրավական ակտով արդյո՞ք կարգավորված են ՀՀ և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու միջև հարաբերությունները

OLYMPUS DIGITAL CAMERA2007 թվականի փետրվարի 22-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է օրենք «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին», որով էլ իրավական բնույթ է հաղորդվել վերջիններիս միջև գոյություն ունեցող հարաբերություններին:

Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների կարգավորման սկզբունքները սահմանված են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, ընդհանուր հարաբերությունները՝ «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով և միջազգային պայմանագրերով, իսկ առանձնահատուկ հարաբերությունները` որպես պետության և նրա կողմից ազգային ճանաչված Եկեղեցու հարաբերություններ, «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին» ՀՀ օրենքով:

Օրենքի կարգավորման առարկա են դարձել այդ հարաբերությունների մի շարք առանձին տարրեր, մասնավորապես 2-րդ հոդվածում նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին` որպես ազգային եկեղեցի` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին կենտրոնով, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության, Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունների նվիրապետական աթոռներով, և նրա բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարումն իր նվիրապետության սահմաններում:

Հայաստանի Հանրապետության Նախագահը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու գլուխ ընտրված Ամենայն Հայոց Կաթողիկոսին շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, եթե նա Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէ:

Կարևորելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դերակատարությունը կրթական ոլորտում` Օրենքն այս հարցը նույնպես իրավական կարգավորման է ենթարկել, մասնավորապես, այդ ոլորտում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իրավունք ունի`

1) հիմնելու կամ հովանավորելու նախադպրոցական հաստատություններ, տարրական, միջնակարգ և ավագ դպրոցներ, միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում,

2) մասնակցելու պետական կրթական հաստատություններում «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի ուսումնական ծրագրի և դասագրքի մշակմանը, այն դասավանդող ուսուցիչների որակավորման պահանջների սահմանմանը և դպրոցներին ներկայացնելու այդ ուսուցիչների թեկնածությունները,

3) պետական կրթական հաստատություններում կամավոր ուսումնական դասընթացներ կազմակերպելու՝ օգտագործելով դրանց շենքերն ու ռեսուրսները՝ այդ հաստատությունների հետ համաձայնեցնելով դասընթացների իրականացմանն առնչվող խնդիրները,

4) նպաստելու հասարակության հոգևոր կրթությանը կրթական հաստատություններում՝ օրենքով սահմանված կարգով:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ստեղծած ուսումնական հաստատությունները պետք է ստանան այն աջակցությունը, որը պետությունը ցուցաբերում է մասնավոր հաստատություններին:Պետությունը երաշխավորում է կրոնական կրթության իրավունքի իրացումը՝ կամավորության հիման վրա:Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտոնական հաղորդագրությունները զանգվածային լրատվության միջոցները հրապարակում են անփոփոխ:

Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու միջև ստորագրված համաձայնագրով սահմանված կարգին համապատասխան, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու` կանոնական ծեսով իրագործած ամուսնություններն ու հռչակած ամուսնալուծությունները:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իրավունք ունի ունենալու մշտական հոգևոր ներկայացուցիչ հիվանդանոցներում, մանկատներում, տուն-ինտերնատներում, զորամասերում, ազատազրկման վայրերում, ներառյալ` քննչական մեկուսարաններում:

 

 

Պատրաստեց  Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Բժշկի նկատմամբ մեղմ վերաբերմունքը հանգեցրեց մահվան երկրորդ դեպքին

բժիշկԵրևանի Էրեբունի-Նուբարաշեն  վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Վլադիմիր Գրիգորյանի  նախագահությամբ, Լոռու մարզի Սպիտակի շրջանի Ջրաշեն գյուղի բնակչուհի Հրածին Մալխասյանի մահվան վերաբեյալ գործով այսօրվա դատական նիստը տեղի չունեցավ տուժողի իրավահաջորդի բացակայության պատճառով:

Ինչպես գրում է Pastinfo.am -ը, ըստ դատարանի սահմանած ապացույցների հետազոտման կարգի, դատարանում պետք է հարցաքննվեր տուժողի իրավահաջորդը, ուստի դատական  նիստը հետաձգվեց մինչև սեպտեմբերի 11-ը:

Գործով մեղադրվում է «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն ՓԲԸ Վիրաբուժագինեկոլոգիական բաժանմունքի մանկաբարձ-գինեկոլոգ Վարուժան Մարդանյանը, ով ըստ մեղադրական եզրակացության, բժշկական կենտրոն ընդունելով Լոռու մարզի Սպիտակի շրջանի Ջրաշեն գյուղի բնակչուհի Հրածին Մալխասյանին, ոչ պատշաճ կերպով է կատարել մասնագիտական պարտակունությունները, դրանց նկատմամբ դրսևորել է անփույթ, անբարեխիղճ վերաբերմունք, որն անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը:

Չորս երեխաների մայր, Սպիտակի Ջրաշեն գյուղի բնակիչ 43-ամյա Հրածին Մալխասյանը 18-20 շաբաթական հղիությամբ անցյալ տարվա հուլիսի 28-ին դիմել էր «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն,  որտեղ  վիժել էր,  նրա մոտ սկսվել էր արյունահոսություն,  վիրահատվել էր,  ապա ծայրահեղ ծանր վիճակում՝ անգիտակից, արհեստական շնչառության ապարատով տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ նորից վիրահատվել էր:   Արյունահոսության պատճառով առաջացել էին արյան մակարդելիության լուրջ խնդիրներ, որոնք հանգեցրել էին  աղիքների մեռուկացման, վիրահատության շնորհիվ  արյունահոսությունը դադարել էր, սակայն  2-3 ժամ անց  հիվանդը վերակենդանացման բաժանմունքում՝ գիտակցության չգալով, մահացել էր:

Նշենք,  որ Վ.Մարդանյանի բժշկական պրակտիկայում  էլի նման  դատական գործ է եղել, որն,   ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի,  քննել էր Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը՝  դատավոր Ա.Օհանյանի նախագահությամբ,  արագացված դատաքննության կարգով:   Ըստ  մեղադրանքի,  «Երևանի  «Գրիգոր Նարեկացի»  բժշկական կենտրոնի ՓԲԸ   բուժգծով տնօրենի տեղակալ, մանկաբարձ-գինեկոլոգ Վարուժան Մարդանյանը  2007թ. օգոստոսի 22-ին, ժամը 13-ի սահմաններում ԲԿ-ում լապորոսկոպիկ ասիստենցիայի եղանակով վիրահատել է Երևանի  բնակիչ Մարգարիտա Աբրահամյանին, որի ընթացքում մասնագիտական պարտականությունների կատարմանը վերաբերվել է անբարեխիղճ և անփույթ, վիրահատությունը կատարել է ոչ պատշաճ` տեխնիկապես սխալ և անզգուշությամբ վնասել է հիվանդի սիգմայաձև աղու միջընդերքը, դրա զարկերակը և երակի ճյուղերը, որից առաջացած արնահոսությունից Մարգարիտա Աբրահամյանը նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում մահացել է»։

2008թ. հուլիսի 1-ի դատավճռով Վարուժան Մարդանյանը  մեղավոր էր ճանաչվել  ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ  հոդվածի 2-րդ մասով  առաջադրված մեղադրանքում՝  մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, և դատապարտվել 3  տարվա պայմանական ազատազրկման՝  առանց որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու՝ 2 տարվա փորձաշրջանով։

«Փաստինֆո»

 

Հոգեբուժարանների վիճակի բարելավմանն ուղղված Օմբուդսմենի առաջարկներն արդեն իրականացվում են

hԱռողջապահության նախարարությունն արդեն իսկ քայլեր է ձեռնարկում հոգեբուժական կենտրոնների բարեկարգման ուղղությամբ: Օրերս Առողջապահության նախարարը հանձնարարական էր տվել քայլեր ձեռնարկել գերբնակեցման, երիտասարդ և արհեստավարժ մասնագետների բացակայության, հին կամ ժամկետանց դեղորայքի, հիվանդների պահման ոչ բարենպաստ պայմանների և մի շարք այլ թերությունների և խախտումների վերացման և բացառման ուղղությամբ:

ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ նման հանձնարարականի առիթ էին հանդիսացել հուլիսին հրապարակված Պաշտպանի՝ որպես կանխարգելման անկախ ազգային մեխանիզմ միջանկյալ զեկույցում ներկայացված առաջարկները:

Նշենք, որ զեկույցում մատնանշվել են այն բացթողումներն ու թերացումները, որոնք հայտնաբերվել են ազգային կանխարգելման մեխանիզմի և կից գործող փորձագիտական խորհրդի մշտադիտարկումների արդյունքում: Մշտադիտարկումներն իրականացվել են ավելի քան 130 փակ և կիսափակ հաստատություններում: Միաժամանակ, զեկույցում նշված թերությունների և բացթողումների վերացման նպատակով ներկայացվել են համապատասխան առաջարկներ:

Զեկույցին անդրադարձել էր նաև Ոստիկանությունը և պատրաստակամություն հայտնել հաշվի առնել զեկույցում մատնանշված խնդիրները և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ դրանք լուծելու ուղղությամբ: Արդարադատության նախարարությունն իր հերթին նշել էր, որ մատնանշված խնդիրները գտնվում են ուշադրության կենտրոնում և ֆինանսական միջոցների առկայության դեպքում կլուծվեն:

 

Նախկին պաշտոնյան կալանավորվել է խարդախություն կատարելու համար

հարկայինՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության նախկին աշխատակից Արտակ Ղուկասյանը տարբեր անձանց անվամբ հիմնադրած, սակայն փաստացի իր կողմից կառավարվող գրավատներում և տարադրամի փոխանակման կետերում համատեղ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու` ներդրումներ կատարելու և ստացված եկամուտներից մասնաբաժին տալու պատրվակով, չարաշահելով բազմաթիվ քաղաքացիների վստահությունը, 2010-2012թթ. ժամանակահատվածում նրանցից ստացել է առանձնապես խոշոր չափերի հասնող գումարներ և խաբեությամբ հափշտակել է:
Արտակ Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և նրա նկատմամ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
Նրանք, ովքեր տուժել են Արտակ Ղուկասյանի գործողություններից, կարող են դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն [Հեռ.` 010 511 601, 010 511 609]:
ՀՔԾ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ նախաքննությունը շարունակվում է:

Շիրակի մարզի դատախազին մեղադրանք չի առաջադրվել

հքծՇիրակի մարզի դատախազության աշխատակիցների և նույն դատախազության շենքի պահպանությունն իրականացնող ոստիկանության ծառայողի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու և իր նկատմամբ ուժ գործադրելու վերաբերյալ Գյումրի քաղաքի բնակիչ Գոհար Հովհաննիսյանի` ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրիի բաժնում տված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 1-ին և 309-րդ հոդվածի 1-ին մասերով հարուցվել է քրեական գործ:
Քրեական գործի նախաքննության շրջանակներում առայժմ որևէ անձի նկատմամբ որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում չի կայացվել: Վերն հիշատակված փաստի առթիվ հարուցված քրեական գործով կատարվում է լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ նախաքննություն:
ՀՔԾ-ից տեղեկացնում են, որ այսօր «Ժողովուրդ» օրաթերթը «Դատախազի գործը` ՀՔԾ-ում» վերնագրով հոդվածում ապատեղեկատվություն է հրապարակել այն մասին, որ դատախազի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել:
«Անկախ»-ի հետ զրույցում ՀՔԾ մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանը նշեց, որ  Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանի նկատմամբ մեղադրանք չի առաջադրվել, և նա որպես մեղադրյալ չի ներգրավվել:

Բռնություն` ոստիկանության աշխատակցի նկատմամբ

ոստիկանՀատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել Ոստիկանության Արաբկիրի բաժնում ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը` 2013 թվականի օգոստոսի 24-ին ոստիկանության աշխատակիցների կողմից քաղաքացի Արգիշտի Կիվիրյանին ոստիկանության բաժին բերման ենթարկելու ընթացքում վերջինիս կողմից ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ: Այս մասին «Անկախ»-ին տեղեկացրեց ՀՔԾ մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանը:
Արգիշտի Կիվիրյանն իր հերթին հիվանդանոցում հայտարարել է, որ բերման ենթարկելիս ոստիկանության աշխատակիցն իրեն ծեծի է ենթարկել` պատճառելով մարմնական վնասվածքներ:
Նախաքննությունը շարունակվում է:

Ի՞նչ իրավունքներ ու պարտականություններ ունեն դատապարտյալները

դատապարտյալՊատիժ կրող դատապարտյալին և հատկապես նրա բարեկամներին ու հարազատներին միշտ հետաքրքրում է այն հարցը, թե նա ինչ իրավունքներ ու պարտականություններ ունի և որ դեպքերում կարող է օգտվել դրանցից: Այդ իսկ նպատակով, ուսումնասիրելով ՀՀ քրեակատարողական օրենսգիրքը, մասնավորապես` 2-րդ գլուխը, մեզ համար պարզ է դառնում հետևյալը: Հայաստանի Հանրապետությունը պաշտպանում է դատապարտյալի իրավունքները, ազատություններն ու օրինական շահերը պատիժը կատարելու ընթացքում, ապահովում է դատապարտյալի նկատմամբ կիրառվող հարկադրանքի միջոցների օրինականությունը: Դատապարտյալի իրավունքները, ազատությունները և պարտականություններն իրականացնելու կարգը սահմանվում է ՀՀ քրեակատարողական օրենսգրքով, ինչպես նաև ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով: Դատապարտյալն իր իրավունքները, ազատությունները և պարտականություններն իրականացնելիս չպետք է խախտի պատիժը կրելու կարգն ու պայմանները, ինչպես նաև ոտնահարի այլ անձանց իրավունքները կամ օրինական շահերը:

Հիշյալ օրենսգրքի 12-րդ հոդվածի համաձայն` դատապարտյալն իրավունք ունի՝

1) մայրենի կամ իրեն հասկանալի այլ լեզվով տեղեկություններ ստանալու իր իրավունքների, ազատությունների և պարտականությունների, դատարանի նշանակած պատժի կատարման կարգի և պայմանների, դրանց փոփոխությունների, առաջարկությունների, դիմումների և բողոքների, ինչպես նաև միջազգային համապատասխան փաստաթղթերի մասին,

2) իր նկատմամբ բարեկիրթ վերաբերմունքի,

3) իր իրավունքների և ազատությունների խախտման վերաբերյալ դիմումներով, բողոքներով, ինչպես անձամբ, այնպես էլ պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի միջոցով դիմելու պատիժը կատարող մարմնի կամ հիմնարկի վարչակազմ, նրանց վերադաս մարմիններ, դատարան, դատախազություն, մարդու իրավունքների պաշտպանին, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ, հասարակական միավորումներ և կուսակցություններ, զանգվածային լրատվության միջոցներ, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության միջազգային մարմիններ կամ կազմակերպություններ.

4) առողջության պահպանման, այդ թվում՝ բավարար սնունդ, բժշկական օգնություն ստանալու,

5) սոցիալական ապահովության,

6) իրավաբանական օգնություն ստանալու,

7) անձնական անվտանգության ապահովման,

8) մտքի, խղճի և դավանանքի, քաղաքական կամ այլ հայացքների ազատության,

9) արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու, այդ թվում՝ վարելու նամակագրություն, ունենալու տեսակցություններ, օգտվելու հեռախոսակապից, գրականությունից և հնարավոր լրատվական միջոցներից,

10) հանգստի, ներառյալ՝ բացօթյա զբոսանքի կամ մարմնամարզության և ութժամյա գիշերային քնի,

11) իր անվամբ կամ ազգանվամբ կոչվելու,

12) անձնական ընդունելության խնդրանքով դիմելու պատիժը կատարող մարմնի կամ հիմնարկի ղեկավարին, այդ մարմնի կամ հիմնարկի գործունեության նկատմամբ հսկողություն և վերահսկողություն իրականացնող մարմիններ,

13) քաղաքացիա-իրավական գործարքների մասնակցելու,

14) հնարավոր և օրենքով նախատեսված կրթություն ստանալու, ստեղծագործ աշխատանքով զբաղվելու,

15) պատիժը կատարող հիմնարկի խանութից կամ կրպակից կամ վարչակազմի միջոցով ձեռք բերելու լրացուցիչ սնունդ և առաջին անհրաժեշտության առարկաներ,

16) դրամական փոխանցումներ, հանձնուքներ և ծանրոցներ ստանալու և ուղարկելու:

             Ինչ վերաբերում է պարտականություններին, ապա դրանք հետևյալն են`

1) դրսևորել օրինապահ վարքագիծ, կատարել և պահպանել պատիժը կամ պատժի կատարման հետ միացված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցները կրելու կարգը և պայմանները սահմանող իրավական ակտերի պահանջները,

2) բարեկիրթ վերաբերմունք դրսևորել պատիժները կատարող մարմինների կամ հիմնարկների ծառայողների և աշխատողների, այդ մարմիններ կամ հիմնարկներ այցելող անձանց և մյուս դատապարտյալների նկատմամբ,

3) պահպանել անձնական և ընդհանուր հիգիենայի կանոնները,

4) խնամքով վերաբերվել պատիժները կատարող հիմնարկների գույքին,

5) կատարել պատիժը կատարող մարմնի կամ հիմնարկի վարչակազմի օրինական պահանջները:

Դատապարտյալն իր պարտականությունները, ինչպես նաև պատիժները կատարող մարմինների և հիմնարկների վարչակազմի օրինական պահանջները չկատարելու դեպքում ենթարկվում է օրենքով սահմանված պատասխանատվության:

Դատապարտյալի՝ ՀՀ քրեակատարողական օրենսգրքով սահմանված իրավունքներն ու պարտականությունները տարբերակվում են՝ հիմք ընդունելով դատավճռով նշանակված պատժի, առանձին դեպքերում նաև ուղղիչ հիմնարկի տեսակը և դրանում սահմանված ներքին կանոնակարգը:

 

Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ