Կացության ինչպիսի՞ կարգավիճակներ կարող են տրվել օտարերկրացիներին

օտարերկրացի «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի (ընդունվել է 2006 թ. դեկտեմբերի 25-ին) 3-րդ գլուխն ամբողջությամբ նվիրված է ՀՀ-ում օտարերկրացիների կացության կարգավիճակներին: Նույն Օրենքի 14-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիների համար սահմանվում են կացության հետևյալ կարգավիճակները`

ա) ժամանակավոր,

բ) մշտական,

գ) հատուկ:

Հայաստանի Հանրապետության ժամանակավոր, մշտական և հատուկ կացության կարգավիճակները հաստատող փաստաթղթերն են, համապատասխանաբար, ժամանակավոր կացության քարտը, մշտական կացության քարտը և հատուկ անձնագիրը, որոնց ձևերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տալու համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված չափով:

Այսպես, ժամանակավոր կացության կարգավիճակը տրվում է յուրաքանչյուր օտարերկրացու, եթե նա հիմնավորում է, որ գոյություն ունեն Հայաստանի Հանրապետության տարածքում մեկ տարի և ավելի ժամկետով իր բնակվելը հիմնավորող հանգամանքներ: Այդպիսի հանգամանքներ կարող են լինել՝ ուսումը, աշխատանքի թույլտվության առկայությունը, Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացու ամուսինը, ծնողը կամ զավակը լինելը, ՀՀ քաղաքացու կամ ՀՀ-ում մշտական կամ հատուկ կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացու ամուսինը կամ մերձավոր ազգականը (ծնող, զավակ, եղբայր, քույր, տատ, պապ, թոռ) լինելը, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը, ինչպես նաև ազգությամբ հայ լինելը:

Ժամանակավոր կացության կարգավիճակը տրվում է մինչև 1 տարի ժամկետով՝ յուրաքանչյուր անգամ 1 տարով երկարաձգելու հնարավորությամբ:

Մշտական կացության կարգավիճակը տրվում է օտարերկրացուն, եթե նա`

ա) ապացուցում է Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող կամ հատուկ կացության կարգավիճակ ունեցող ամուսնու կամ մերձավոր ազգականների (ծնող, զավակ, եղբայր, քույր, տատ, պապ, թոռ) առկայությունը, Հայաստանի Հանրապետությունում ապահովված է բնակարանով ու գոյության միջոցներով և մինչև մշտական կացության կարգավիճակ ստանալու համար դիմում ներկայացնելն օրենքով սահմանված կարգով առնվազն երեք տարի բնակվել է Հայաստանի Հանրապետությունում կամ

բ) ազգությամբ հայ է կամ Հայաստանի Հանրապետությունում իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն:

Մշտական կացության կարգավիճակը տրվում է 5 տարի ժամկետով` յուրաքանչյուր անգամ նույն ժամկետով երկարաձգելու հնարավորությամբ:

Հատուկ կացության կարգավիճակ տրվում է ազգությամբ հայ օտարերկրացիներին: Հատուկ կացության կարգավիճակ կարող է տրվել նաև Հայաստանի Հանրապետությունում տնտեսական կամ մշակութային գործունեություն ծավալող այլ օտարերկրացիների:

Հատուկ կացության կարգավիճակ տրվում է 10 տարի ժամկետով: Այն կարող է տրվել մեկից ավելի անգամ:

 

 Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Tags: