Թաիլանդում քանդվել է կախովի կամուրջ. 5 մարդ զոհվել է, 45-ը` վիրավորվել

i (3)Նախօրեին Այութհայա նահանգում , որը Թաիլանդի մայրաքաղաքից 60 կմ հեռավորության վրա է գտնվում, պոկվել է  հետիոտնի ու մոտոցիկլետի երթևեկության համար նախատեսված կախովի կամուրջ: Պատահարի հետևանքով զոհվել է 5 մարդ, մեկն անհետ կորել է, 45-ը` վիրավորվել:

Չոապրայա գետի վրա գցված կախովի կամուրջը  կառուցվել էր 2 տարի առաջ: Չնայած այն շատ ծռվել էր ու կախվել, այնուամենայնիվ դրանից շարունակում էին օգտվել: Երեկոյան, այն պահին,երբ կամրջի վրա մոտ 100 մարդ  ու մոտոցիկլ կար, որոնք վերադառնում էին կիրակնօրյա տոնավաճառից, կամուրջը պոկվեց:

Նախնական վարկածի համաձայն, փլուզման պատճառը շինարարական անորակ նյութերն են: Դեպքի վայրում աշխատում է գավառի  շինարարության վարչության հանձնախումբը:

Մահացել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության խորհրդական Հասմիկ Սողոմոնյանը

Hasmik SoghomonyanԱրտաքին գործերի նախարարությունը խորը վշտով հայտնում է, որ ապրիլի 24-ին կյանքից վաղաժամ հեռացել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության խորհրդական Հասմիկ Սողոմոնյանը:

Հասմիկ Սողոմոնյանը ծնվել է 1951թ. ապրիլի 4-ին Երևանում:

1974թ.-ին ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետը:

Աշխատանքային գործունեությունը սկսել է ՀԽՍՀ Արտաքին գործերի նախարարությունում 1977թ.-ից: Տարբեր պաշտոններ է զբաղեցրել ՀԽՍՀ ԱԳՆ քաղաքական լրատվության, հյուպատոսական բաժիններում:

1992-1995թթ. աշխատել է Հայաստանի նորաստեղծ ԱԳՆ հյուպատոսական վարչությունում:

1995-1999թթ. Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունում աշխատել է որպես հյուպատոսական բաժնի վարիչ։ 1999-2002 թթ.՝ ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար:

Հասմիկ Սողոմոնյանը 2002-2003 թթ. հանդիսացել է ԱԳ նախարարի խորհրդական: 2003-2006 թթ. Բելգիայում ՀՀ դեսպանության խորհրդական, հյուպատոսական բաժնի ղեկավար:

2006-2009թթ. աշխատել  է  ԱԳՆ Եվրոպայի վարչությունում որպես խորհրդական:

2009թ-ից Ֆրանսիայում ՀՀ դեսպանության խորհրդականն էր:

Հասմիկ Սողոմոնյանին շնորհվել էր արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան:

Հասմիկ Սողոմոնյանը ՀՀ ԱԳՆ կազմավորման առաջին իսկ օրից իր գիտելիքներն ու փորձը ներդրել է արտգործնախարարության հյուպատոսական ծառայության ստեղծման և կայացման գործընթացում:

Հասմիկ Սողոմոնյանը երկու երեխաների մայր էր։

ԱԳՆ իր ցավակցությունն է հայտնում Հասմիկ Սողոմոնյանի զավակներին, հարազատներին և մերձավորներին: Վառ անհատականությամբ օժտված, հմուտ և օրինակելի դիվանագետի հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների սրտերում:

Դաղստանցին Մոսկվայի պուրակում բռնաբարել է անչափահաս դպրոցականին

անչափահասՄոսկվայի հարավ-արևելքում 8-րդ դասարանի աշակերտուհուն բռնաբարելու մեղադրանքով ձերբակալվել է ոչ մի տեղ չաշխատող 23-ամյա դաղստանցի մի երիտասարդ:

Նախօրեին աղջիկը դիմել է ոստիկանություն:  Նրա խոսքով, շաբաթ, ժամը 7:00-ին  կովկասյան արտաքինով անծանոթ երիտասարդը բռնաբարել է իրեն: Հանցագործությունը կատարվել է  “Կուզմինկի” մետրոյից 200մ հեռավորության վրա գտնվող պուրակում, “Փառքի երաժշտություն” շատրվանի մոտ:

Դաղստանցին ձերբակալվել է:

Մահացել է հայտնի լրագրող, հրապարակախոս Մարգո Ղուկասյանը. «Անկախ»-ի վերջին հրապարակումները նրա մասին

m.ghukasyan-380x230Ապրիլի 27-ին 86 տարկան հասակում կյանքից հեռացել է լրագրող, հրապարակախոս, արձակագիր Մարգո Ղուկասյանը:

Մ. Ղուկասյանը ծնվել է 1927թ. Գյումրիում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Նա 13 գրքի, տասնյակ ակնարկների, հուշագրությունների և շուրջ 400 հրապարակախոսական հոդվածների հեղինակ է:

Մարգո Ղուկսյանի վերջին գիրքը կոչվում է  «Անվերնագիր…1915թ.»: Այն նվիրված է Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին: 2011թ. գրողների միությունը «Տարվա լավագույն գիրք» մրցանակաբաշխութայն Հրապարակախոսության անվանակարգու «Անվերնագիր… 1915թ.» գրքի համար Միքայել Նալբանդյանի անվան մրցանակ է շնորհել է Մարգո Ղուկասյանին:

“Անկախն” անդրադարձել էր այս գրքին նախորդ տարվա հոկտեմբեր ամսին` ««Անվերնագիր…1915». թուրքի գենետիկ թրքության ևս մի վկայություն» վերնագրով հոդվածում: Ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ:

images«Անվերնագիր…1915»: Կարդում եմ: Մի փաստագրություն է Տեր Զորի անապատներով անցած, «զավակաթափ եղած» (բառը հորինել է հեղինակը) աշխարհեաշխարհ ընկած, ապա վերընձյուղված բասենցի և սեբաստացի 2 հայ ընտանիքների մասին:

Կարդում եմ և կարծես գիտեմ, թե հաջորդ նախադասությունն ինչի մասին է լինելու: Պատկերներն այնքան ծանոթ են. նույն նկարագրությունները, նույն սարսափը, նույն ցավը, որ կարդացել ու զգացել եմ Եղեռնը վկայող նախորդ բոլոր գրքերում. «Շո՛ւտ արեք, պետք է ճամփա ելլեք. տներից դո՛ւրս եկեք, մի քանի օրվա ուտելիք վերցրեք…», «Հանդիպեցին գետի, որ դիակներ էր բերում, թափվեցին ջրի վրա: Շատերն անուժությունից գլորվեցին ափն ի վար, և հոսանքը քշե՜ց, տարա՜վ նրանց: Իսկ մի մասն էլ, որ երկար ծարավ էր մնացել, այնքան խմեց այդ աղտոտ ջրից, որ ընկան ու այլևս չկարողացան գետափից վեր կենալ: Ու մնացին…», «Քանի առաջ կերթայինք, այնքան դիակներու թիվը` ոմանք ուռած, ոմանք կմախքացած, կշատանար…», «40-50 մանկիկներ` նիհարած, խոշոր-խոշոր աչքերով, կը նայեին անցորդներու վրա, ոչ կուլային, ոչ ալ ձայն կը հանեին, այլևս ուժ չէր մնացած վրանին, որևէ շարժում ի վիճակի չէին ընել…», և այսպես շարունակ…

«Ալմաստ մայրիկի տունը Սեբաստիայի գավառի Կարագյոլ գյուղի փոքր տարբերակն էր Երևանում, որտեղ ես հարս եկա 1950 թվականին…»,- այսպես է սկսվում պատմությունը: Իսկ հարս եկողը գրող, հրապարակախոս, լրագրող Մարգո Ղուկասյանն է: Այս գիրքը նրա 13-րդ «զավակն» է, որի ծնունդն ամենադժվարն ու ցավալին է եղել: Լույս է տեսել անցյալ տարի: «Ոչ մի գրքի վրա 3 տարի չեմ աշխատել, սա իմ ամենաերկար ու դժվարին գիրքն է,- ասում է նա,- դժվարին, որովհետև այն, ինչի մասին գրել եմ, իմ մեջ է եղել վաղուց` ծնողներիցս փոխանցվելով, ապա հարս գնալուց հետո, երբ իմացել եմ ամուսնուս ընտանիքի ծանր կյանքի պատմությունը»:

Անգամ գրքի վերնագիրն է շատ մեծ դժվարությամբ ընտրել. «Ամբողջ գրելու ընթացքում մտածում էի՝ ես ի՞նչ վերնագիր պետք է դնեմ, որ արտահայտի այդ ողբերգությունը: Դրա համար էլ որոշեցի «Անվերնագիր… 1915»:

Պատմում է, թե ինչպես իր սկեսուրը` սեբաստացի Ալմաստը, որի ամուսնուն թուրքերը նախապես տարել էին անհայտ (ավելի ճիշտ` հայտնի) ուղղությամբ, 5 զավակների հետ, թողած տունն ու տեղը, 1915-ին բռնել է գաղթի ճամփան, անցել Տեր Զորով` այնտեղ թողնելով 5 զավակներից 4-ի դիակները,  հրաշքով հասել Իրաք, ուր վերջին որդու դին հանձնելով հողին` ի վերջո եկել է Հայաստան:

21-300x262

Այսպես, զավակաթափ եղած, ամուսնացել է Ղուկաս Խաչատրյանի հետ: Մի ահավոր պատմություն էլ նրանն է. Ղուկասը եղել է թուրքական բանակում, ապա հանձնվել ռուսական զորքին, որպեսզի պատերազմի թուրքի դեմ, սակայն աքսորվել է Սիբիր և երկար տարիներ անց միայն կարողացել  է Հայաստան գալ` այդպես էլ իր ընտանիքից որևէ լուր չունենալով: Իսկ ընտանիքը, գաղթի ճամփան անցնելով, հասել էր Ֆրանսիա: Տարիներ անց, երբ Ալմաստն ու Ղուկասը, վիշտը սրտներում թաղած, կրկին որդի էին ունեցել, 1927 թ. Ֆրանսիայից լուր են ստանում, որ Ղուկասի կինն ու 5  զավակներից երկուսը ողջ են մնացել: «Ալմաստն այնքան բարի էր և խելացի… Նա համարում էր, որ Ղուկասը պետք է երթա, իր ընտանիքին ու զավակներին տիրություն ընե…»:

Սակայն Սովետական Հայաստանի և Ֆրանսիայի միջև երկաթյա վարագույր էր, որի միջով, ինչպես Մարգո Ղուկասյանն է գրել, օձն իր պորտով, հավքն իր թևով չէր կարող անցնել: Հայր ու որդի իրար հանդիպում են 41 տարի անց` 1955 թ.:

Գրքի ուշագրավ հատվածներից է Ղուկասի որդու` Ղազարոս Խաչատրյանի հիշատակարանը, որը Եղեռնի ողջ դառնությունն ապրած ականատեսի վկայություն է:

3-232x300

Նկարագրելով իրական «զուլումը»` Մարգո Ղուկասյանը ժամանակ առ ժամանակ շեղվում է ու փորձում հասկանալ այդ մղձավանջային իրողության պատճառները. «Հեռատես չէի՞նք արդյոք, անմիաբա՞ն էինք, թերևս այդ ճիշտ է: Նույնիսկ այդ առթիվ սեբաստացիների մեջ պատկերավոր մի խոսք կա. «Կայենն իր կոտոշներից մեկը Հայաստան է նետել»: Մեզանում ընդունված կարծիք է, չէ՞, դիվանագետ չենք: Ինչո՞ւ: Չէ՞ որ թուրք դիվանագետը իտալացի քաղաքագետ Մաքիավելու գիրքը բարձի տակ է քնում: Մենք ինչո՞ւ այդպես չենք վարվում: Ինչո՞ւ աշխարհի նշանավոր դիվանագետների փորձերը չենք յուրացնում: Չէ՞ որ մենք սովորելու մեջ ետին տեղում չենք: Այնինչ խաբվել ենք: Քանի՜, քանի՜ անգամ ենք թուրքից խաբվել…»:

Հայտնի է` թուրքն էն գլխից է ծրագիր ունեցել: «Իսկ մենք ծրագիր չենքունեցել ու հիմա էլ չունենք: Լավ, էն ժամանակ չենք ունեցել, որովհետև մեր մտքով չի էլ անցել, որ մեզ մեր հազարամյա հողից կարող են դուրս քշել, մինչև խելքի ենք եկել, որ հողը ոտքներիս տակից գնում է, արդեն շատ ուշ է եղել: Իսկ հիմա՞, հիմա՞ ինչու չունենք»:

Քեմալի քստմնելի պլանը հայերի դեմ նա համարում է «հարյուրից հարյուր ի կատար ածված». նախապես հավաքել ու ոչնչացնել տղամարդկանց` ընտանիքի պաշտպաններին, թողնել միայն ծերերին, երեխաներին և կանանց ու դեռ անպատկառորեն նրանց դեմ հայտարարել «սրբազան» հորջորջվող պատերազմ. «Սրբազան: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչն է թուրքի համար «սրբազան»: Ոչ այլ ինչ, եթե ոչ մեկ այլ ազգի իր հազարամյակների բնօրրանի, իր հողի վրա բնաջնջելը…»:

Այսօր էլ, ըստ նրա, թուրքը շարունակում է իր թրքությունը, քանի որ դա նրա գեների մեջ է, օրինակն էլ` Սաֆարովի դեպքը: «Արբեջանցի ժողովուրդն իրեն իջեցրել, հողին է հավասարեցրել,- ասում է նա,- ո՞նց կարող է նման դեպքը ժողովրդի համար դառնալ ոգեշնչող, հաղթանակների, նոր սերունդ դաստիարակելու միջոց: Մի՞թե XXIդարում ադրբեջանցին չի կարողանում ըմբռնել, թե ինչքան ցածր ու ստոր էՍաֆարովի արարքը»:

85-ամյա գրող, լրագրող, հրապարակախոսն այս հարատև պայքարում հաղթելու մի պարզ բանաձ է տեսնում. «Ուժեղ պետականության ստեղծում… Այդ էփրկությունը»: Սակայն պարզվում է` դա բավականին բարդ է մեզ` հայերիս համար: «Մենք դեռ չենք գտել մեզ հզորացնելու ձևը,- ցավով արձանագրում է նա,- մենք պետք է դառնանք օրենքի երկիր, կարծում եմ՝ ձևերից մեկն էլ դա է: Պետք է միասնական լինենք, միասնական չենք, Կռիլովի առակի պես ենք: Պետք է էս մի կտոր հողի վրա դողանք, ոչ թե անապատի նման թողնենք-գնանք…»:

«Իսկ գնացողները հայ չեն մնա,- համոզված է նա:- Օրինակ` մերոնք՝ Խաչատրյանները, Փարիզում մոտ 30 հոգի են, բայց երևի 3-ն են հայերեն խոսում: Էսպես որ գնա, փոքր գաղութները շատ շուտով կհանգեն, կմնա միայն հայերիկառուցածը: Ինչպես ասում են` անունը կմնա, ամանումը չիմնա»:

Եվ, ինչպես միշտ, մեր թերությունների մասին բարձրաձայնելիս, այս անգամ էլ է հրեաների օրինակն առաջ բերվում, թե ինչպես են իրենց հողը շատացնում, պաշտպանում, ինչքան միասնական են և այլն:

4-189x300

Մարգո Ղուկասյանը հիշում է, որ խորհրդային տարիներին, երբ Սիրիա էր գնացել, իրեն հրավիրել էին մի ակումբ պորտապար դիտելու: Հետո իմանում է, որ ակումբի պորտապարուհիները հրեա աղջիկներ են: Պատմել են նաև, որ երբ պորտապարից հետո որևէ հարուստ ցանկանում է նրանցից մեկի հետ գիշերն անցկացնել, հրեա պորտապարուհիները փոխարենը ոչ թե փող կամ զարդեր են ուզում, այլ հող, գոնե փոքրիկ հողակտոր այն վայրում, որտեղ իրենց հայրենիքն էին կերտում: «Պատկերացնո՞ւմ եք, հրեաներն անգամ իրենց մարմինը վաճառելու գնով են հող ստեղծել,- ասում է նա,- իսկ մե՞նք, արդյոք այսօր, երբ անկախ ենք, ամեն ինչ անո՞ւմ ենք, որ ուժեղանա մեր պետականությունը, որ նրա հետ հաշվի նստեն, որ մեր էշին չոշ ասող չլինի, որ արդարությունը վերականգնված լինի: Եկեք բաց աչքով մեր շուրջը նայենք…»:

«Ֆուտբոլային դիվանագիտության» մասին…

«Թուրքիայի Բուրսա քաղաքում էի: Պարզվեց` ավտոբուսի մեր վարորդը ոչ թե թուրք է, այլ հայ, անունն էլ` Համբարձում: Մի օր Համբարձումը զգուշորեն մեզ տարավ Բուրսայի հայկական եկեղեցին ցույց տալու: Հասանք «Սելավի գլուխ» կոչված փողոցը, որտեղ մի հաստաբուն ծառ կար: Համբարձումն ասաց` վար նայեք: Ներքևում խոր կիրճ էր: Հետո համարյա փսփսալով ասաց. «Եղեռնի տարում թուրքերը բուրսահայերին հոսկե գլորեցին անդունդը…»:

Այդ պատմությունից շատ տարիներ են անցել, սակայն գրողին այն վերհիշելու առիթ է տվել մեր «ֆուտբոլային դիվանագիտությունը», որն այնքան էր առաջադիմել, որ սպասվում էր պատասխան խաղը. «Մեր ֆուտբոլիստներն ու հանրապետության նախագահը Թուրքիայում էին և թերևս «Սելավի գլուխ» փողոցով էին անցնելու Բուրսայի մարզադաշտ հասնելու համար: Ափսոս, նրանց կողքին չէր ականատեսը` Համբարձումը, որ ականջներին փսփսար. «Վար նայեք, ասոնց չհավատաք, ասոնց դիպլոմատին ասկե կուգա, խորը արմատներ ունի, արյունոտ արմատներ…»:

Ներկայացնում ենք նաև “Անկախ”-ի` նախորդ տարվա նոյեմբեր ամսին հրապարակված մեկ այլ հոդված Մարգո Ղուկասյանի գործունեության վերաբերյալ:

Լրագրող, որի հոդվածներն իսկական գիտական աշխատանքներ էին

 «Լրագրողի միտքն անընդհատ պետք է աշխատի. մի հոդվածը դեռ տպարանում, լրագրողը պետք է աշխատի հաջորդ հոդվածի վրա, իսկ մտքում ունենա ևս մեկը»,-ասում է վաստակավոր լրագրող, գրող, հրապարակախոս Մարգո Ղուկասյանը, որի լրագրողական գործունեությունն ընդգրկում է կես դարից ավելի:

1967 թվականից մինչև 2002 թվականը Մարգո Ղուկասյանի անունը կապված է ժամանակի ամենանշանավոր ամսագրերից մեկի` «Գարունի» հետ, ամսագիր, որը նոր շունչ հաղորդեց խորհրդային լրագրությանը և որի տպաքանակը 1989-ին հասավ 100 հազար օրինակի:

Մոտ իննսուն էջանոց ամսագրում լրագրողն իրեն լիարժեք էր զգում, քանի որ կարող էր երկար և լավ աշխատած նյութեր տալ: «Գարունում» Մարգո Ղուկասյանի առաջին հոդվածը 6 էջանոց էր՝ երկրաշարժերի մասին: «Համալսարանի սև շենքի բակում` 8 մետր խորության վրա, երկրաշարժերի կայան կար, որը գրանցում էին ողջ աշխարհի երկրաշարժերը: Երբ այդ մասին իմացա, շատ հետաքրքրեց: Գնացի կայան, ութ մետր աստիճաններով իջա, շատ խորհրդավոր էր…»,-հիշում է նա:

Սակայն 6 էջը «Գարունի» համար համարվում էր փոքր նյութ, ուստի հոդվածն այն տպավորությունը չթողեց, ինչ որ պետք էր՝ չնայած խմբագիրը՝ Վարդգես Պետրոսյանը, շատ գոհ էր: «Հասկացա, որ «Գարունում» ժուռնալիստի թևերը բացվում են: Եթե թեմա կար, ապա ինչքան շատ խորանայիր, այնքան լավ: Իմ ամենամեծ հոդվածը 75 էջանոց  է եղել:՝ Մատենադարանի ձեռագրերի մասին էր»:

Այո, «Գարունում» գոյություն ուներ թեմայի ընտրության ազատություն և անսահմանափակ ծավալով գրելու հնարավորություն, քանի որ թեման պետք է ամբողջությամբ բացվեր, չմնար ոչ մի հարց, ոչ մի անհասկանալի բան: «Այդ գիծը դրվեց հիմնադիր-խմբագիր Վարդգես Պետրոսյանի օրոք, և հաջորդ խմբագիրներն էլ դա շարունակեցին: Եվ մենք պրոբլեմատիկ թեմաների մասին շատ մանրամասն և վստահելի տեղեկություններ էինք հայտնում»:

Համեմատելով այսօրվա և իր ժամանակների ժուռնալիստիկան՝ Մարգո Ղուկասյանը նշում է, որ այսօր թեմայի մեջ չխորացած, չաշխատած հոդվածները գերակշռում են: Մինչդեռ ինքը, եթե գրում էր գյուղատնտեսության կամ բնապահպանության մասին, աշակերտի նման սկսում էր սովորել` կարդում էր ոլորտին վերաբերող գրքեր, նյութը յուրացնում, ապա հանդիպում ոլորտի մասնագետների հետ:

Չափազանց բարձր գնահատելով լրագրողի աշխատանքը` Մարգո Ղուկասյանն այն համեմատում է բժշկի մասնագիտության հետ. բժիշկը մարդու ֆիզիկական առողջության հետ գործ ունի, լրագրողը՝ հոգեկան:

Նշում է «Գարուն»-ում տպագրած իր ամենահիշարժան հոդվածներից մեկը. «Եվ այգեգործն ասաց՝ հողը խռովել է մեզնից…» վերնագրով հոդվածն էր, որի վրա աշխատել է շուրջ 6 ամիս, եղել է Հայաստանի բոլոր այն շրջաններում, որտեղ կային գործարաններ, և որոնք աղտոտում էր բնությունը. Արթիկում՝ քարհանքերի թափոններ, Հրազդանում՝ ցեմենտի փոշի, Ալավերդիում՝ Դեբեդի թունավորումներ և այլն և այլն: Գրել էր, որ օրինակ, Ալավերդիում օդն այնքան աղտոտված է, որ անձրևի ժամանակ կանանց կապրոնե զուգագուլպաները ծակվում են կամ Դեբեդն այնքան կեղտոտ է, որ դրանով այգիները ոռոգելու դեպքում վնասակար նյութերն անցնում էին պտղի մեջ՝ թունավորելով մարդկանց: Գրել էր փաստերով, մասնագիտական հիմնավորումներով և այնպես, որ անգամ Կենտկոմն էր ցանկացել, որ այն տպագրվի առանց գրաքննության:

«Հոդվածը գլավլիտը նախապես պետք է կարդար և տպագրելու թույլտվություն տար: Սակայն մի քանի օր էր՝ պատասխան չկար: Վարդգես Պետրոսյանը բարկացավ, զանգեց Կենտկոմ, որտեղ Սուրեն Ավետիսյան անունով մի շատ խելացի ու հայրենասեր մարդ էր աշխատում և ասաց, որ հոդվածն արդեն մի քնաի օր է չեն ուղարկում: Սուրեն Ավետիսյանն ասաց, որ հոդվածն իր սեղանին է, ինքը կարդացել է և թույլատրել, որ այն տպվի,-պատմում է Մարգո ղուկասյանը,-երբ բնագրերը վերցրեցինք, համարյա բոլոր էջերի կողքերին՝ վերևից ներքև կամ տողատակերին, կարմիր գծեր էին քաշված, ինչը նշանակում էր՝ չի կարելի տպագրել: Սակայն նշումներն արված էին գլավլիտի կողմից, իսկ Սուրեն Ավետիսյանը կարգադրել էր, որ այն տպվի այնպես, ինչպես կա»:

Հոդվածն իսկական ռումբ էր…Մարգո Ղուկասյանը մինչ օրս պահել է դրա վերաբերյալ հայտնի մարդկանց, պաշտոնյաների, քաղաքացիների հայտնած կարծիքները: Անգամ մեկն ասել էր, որ հոդվածը պատրաստի գիտական աշխատանք է, և հեղինակը կարող է պաշտպանել այն` ստանալով գիտական աստիճան:

Ահա այսպիսին էր խորհրդային ժուռնալիստիկան: Այսօրվա լրագրությունը, վաստակավոր լրագրողի կարծիքով, մեկ բառով կարելի է բնութագրել մակերեսային: «Հիմա կարծեմ գործուղումներ չկան, ես մի անգամ հետաքրքրվեցի և զարմացա, որ լրագրողները մարզեր, հեռավոր գյուղեր չեն գնում: Ինչպե՞ս կարելի է երկրի դեմքը պարզել առանց գործուղումների, հո միայն Երևա՞նը չի»,-զարմանում է նա:

Որքան էլ գովասանքով ու հպարտությամբ հիշի խորհրդային տարիները, չի կարող չարձանագրել. «Սովետի ժամանակ իրավունք չկար էդքան բացահայտ թերությունները նշել: Շատ բաների մասին բարձրաձայն չէին խոսում, իսկ եթե խոսում էին, հաճախ չնկատելու էին տալիս»,-ասում է նա:

«Հին սերնդի մարդը», ինչպես ինքն է իրեն բնորոշում, այսօր էլ, ինչպես 50 տարի առաջ, աշխատում է իրեն հարազատ թուղթ ու գրիչով, բայց դա ամենևին էլ չի նշանակում, որ անտարբեր է լրագրության նորօրյա նվաճումների հանդեպ: Ընդհակառակը` զարմացած է ու հիացած հատկապես հանրային լրագրությամբ. «Զարմացա, երբ իմացա, որ վերջերս, օրինակ, անբարեխիղճ պաշտոնյաների ազատ արձակման պատճառ են դարձել ոչ թե լրագրողական նյութերը, այլ սովորական մարդիկ՝ սոցիալական կայքերի միջոցով»,-ասում է փորձառու լրագրողն ու իր գոհունակությունը հայտնում սերնդափոխության արդյունքում ծնված նոր ժուռնալիստիկայի հանդեպ,-հիմա, փառք Աստծո, կա ինտերնետ, որից, ճիշտ է` ես չեմ օգտվում, բայց դա այնքան բան է անում, որ իմ աչքին շատ է բարձրացել…»:

Անի Գասպարյան

 

 

Ս.թ ապրիլի 27-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար

2Ս.Օհանյանը հանդիպում ունեցավ Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի հետ:

Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը բարձր գնահատեց դեսպան Կովալենկոյի պաշտոնավարման ժամանակահատվածում գործադրած ջանքերը` մեր երկրների դաշնակցային և ռազմավարական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման համար, ինչի վկայությունն են իրականացված բարձր մակարդակի բազմաթիվ փոխայցելությունները, ինչպես նաև երկու երկրների միջև ստորագրված մի շարք, այդ թվում` պաշտպանական ոլորտին առնչվող փաստաթղթերը:

Կողմերը համոզմունք հայտնեցին, որ հայ-ռուսական ռազմաքաղաքական առկա համագործակցությունը կարևոր երաշխիք է ինչպես երկու երկրների, այնպես էլ տարածաշրջանային անվտանգության համար` ելնելով երկարաժամկետ հեռանկարից:

Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարարը դեսպանին շնորհակալություն հայտնեց արդյունավետ ծառայության համար և հաջողություն մաղթեց հետագա գործունեության ընթացքում: Իր հերթին դեսպան Կովալենկոն հավաստիացրեց, որ այսուհետ ևս կշարունակի մնալ Հայաստանի ու հայ ժողովրդի բարեկամը և ջանքեր չի խնայի երկու պետությունների բարեկամությանը նպաստելու համար:

Մոսկվայում 2015-ին գերեզմանի համար տեղ չի մնա

iՄոսկվայում թաղումների համար տեղերը կբավականացնեն 2-3 տարի: Դրա մասինՌԴ հասարակական պաատում  “ Թաղման գործում կանոնակարգի օրենսդրության խնդիրներ” լսումներում հայտնել է Թաղման ու դիակիզարանների կազմակերպությունների միության փոխնախագահ Ալեքսեյ Սուլոևը:

Տարածքների դեֆիցիտը փորձագետն բացատրում է այն փաստով, որ հողերը գերեզմանատներում հատկացվում են հավերժ օգտագործման:

“Նման նորմ ոչ մի երկրում չկա. մեզ մոտ 4 քմ-ի վրա թաղվում է միջինը 1 մարդ` 100 տարին մեկ: Եվրոպայում` 10 մարդ: Իսկ  անտիրական գերեզմանները կազմում են շուրջ 30%”: Թաղման կազմակերպությունների ու դիակիզարանների միության նախագահ Կոդիշը կարծում է, որ դեֆիցիտը կապված է նաև դիակիզման մշակույթի բացակայությամբ:

“Առանց ծիսական այդ հատվածի զարգացման, հատկապե հին գերեզմանատներում թաղում իրականացնելն անհնար է”:

Նա նշել է, որ դիակիզարանների շինարարությանը կարող էին օգնել պետական-մասնավոր գործընկերները, սակայն Ռուսաստանում գործող օրենքը մասնավոր դիակիզարանի կառուցում չի նախատեսում:

Ձերբակալվել են Բանգլադեշի փլուզված շենքի ֆաբրիկատերերը

o_767377Բանգլադեշի ոստիկանությունը  հաղորդել է Դաքքայից ոչ հեռու փլուզված շենքում տեղակայված  ֆաբրիկաների տերերի ձերբակալման մասին: Դրա նախօրեին զոհերի գործընկերները բողոքի ակցիա են կազմակերպել, որը ոստիկանները ցրել են արցունքաբեր գազի կիրառմամբ:

Վերջին տվյալների համաձայն, զոհերի թիվը 323  է: 2000 փրկվածների կեսից ավելին հոսպիտալացվել է: Ողբերգության պահին շենքում ավելի քան 3122 մարդ կար: Ոստիկանությունը հետաքննում է ողբերգության հանգամանքները:

“Արյունների ժամանակն անցել է. ոստիկանությունն այլևս չի հանդուրժելու”. Վլադիմիր Գասպարյան

OIWZEhk01RFS9gBGcTNXjbBUZYԱվարտվեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փակ խորհրդակցությունը ոստիկանության Գյումրիի բաժանմունքում: Ոստիկանապետը պատասխանել է լրատվամիջոցների մի քանի հարցերի:

Մասնավորապես անդրադառնալով ապրիլի 23-ին Գյումրիում հնչած կրակոցներին` նշել է. “Գյումրիում ունենք, չեմ վախենում օգտագործել, երկու կլան, որոնք չգիտեմ ինչի շատ երկար տարիներ արնահեղություններով, ջարդուփշուրներով, զոռբայություններով իրենցն են թելադրում: Չի լինի այլևս, ավարտվեց դարաշրջանը. Զոռբայությունն այլևս Հայաստանի Հանրապետությունում և Գյումրիում չի լինելու: Բոլոր նրանք, ովքեր փորձելու են զենքով, զոռբայությամբ, անօրինականությամբ ինքնահաստատվեն, կամ ինքնահաստատվածները, բոլորը կհայտնվեն այնտեղ, որտեղ պետք է հայտնվեն էն մարդիկ, ովքեր զենքով ու արյունով են լուծում խնդիրները”:
Ոստիկանապետը նաև մեկնաբանել է, թե ինչու է խոսել գյումրեցիների գողական մտածելակերպի մասին և նշել, որ իր խոսքը կիսատ է մնացել.
“Զանգում են իմ առաջին տեղակալին` պատգամավորներ, պաշտոնապար անձիք, որոնք ասում են` էդ տղերքին մի տարեք-բերեք էլի, իրանք լավ տղերք են, բանավոր կասեն, բայց չգրեն էլի, մի տեսակ ամոթ ա, էլի: Եվ իմ խոսքն է եղել` հիմա պատգամավոր եք, թե գողական, արա: Բոլոր տեղերում էլ կան սրիկաներ, բարեպաշտ մարդիկ, խոնարհ մարդիկ”, – հենց այս իմաստով է արտահայտվել:
“Դարեր շարունակ մեր մեջ եղել են որդեր, սրիկաներ, որոնք տարանջատել, բաժանել, արյունի են գնացել: Արյունների ժամանակն անցավ, եկել է խաղաղության ժամանակը: Եկել է արդեն այն ժամանակը, որ արյունով, զոռբայությամբ ոչինչ չի լուծվի: Եվ ոստիկանությունն այլևս չի հանդուրժելու”, – հայտարարել է Վլադիմիր Գասպարյանը, ապա շարունակել, – “Ես քրիստոնյա մարդ եմ, ես խաղաղության կողմնակիցն եմ, ես արյունի կողմնակից չեմ: Բայց քրիստոնյա լինել չի նշանակում, որ մատաղացու գառներ ենք: Քրիստոնյա լինել նշանակում է, որ ամեն ինչ արվում է արդար և ճշմարիտ. և’ հանդուրժող ենք, և’ ներող ենք, և’ հասկացող ենք: Երբ Տիրոջը հարցնում են` ճիշտ է, որ յոթ անգամ կարելի է մարդուն ներել: Տերը պատասխանում է` յոթ անգամ յոթանասուն էլ կարող եմ ներել, եթե հասկանում է: Ցավոք սրտի, չեն հասկանում տկարամիտները, զոռբաները, արյունով հարցեր լուծողները. բոլորը պետք է մեկուսացվեն հասարակությունից: Չի լինելու ներողամտություն, հանդուրժողականություն, չի լիենլու գթասրտություն: Ես գտնում եմ, որ գթասեր պետք է լինել հասարակության նկատմամբ, այլ ոչ թե հանցագործի նկատմամբ”, – իր խոսքը եզրափակել է ոստիկանապետը:

Գյումրիի կրակոցների­ գործով անչափահաս է ձերբակալվե­լ

կրակոց1Այսօր լրատվամիջո­ցներին ապրիլի 23-ին Գյումրիում­ տեղի ունեցած դեպքերի մասին նոր մանրամասնե­ր է ներկայացրե­լ Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանը­:

Իրավապահ մարմինների­ կողմից շարունակվո­ղ օպերատիվ քննչական գործողությ­ունների արդյունքու­մ այսօր ոստիկանութ­յուն է ներկայացվե­լ կրակոցների­ց վիրավոր Հարություն­ Խաչատրյանի­ (Քավոր Հարութի) անչափահաս որդին` Գևորգ Խաչատրյանը­: Նա ձերբակալվե­լ է. կասկածվում­ է ապօրինի զենք կրելու և պահելու մեջ:
Ըստ եղած ապացույցնե­րի`Գևորգ Խաչատրյանը­ կրակոցների­ց հետո հայտնվել է դեպքի վայրում` կրելով AK 74 տեսակի ինքնաձիգ:

Հավելենք, որ երեկոյան Գյումրի էր եկել ՀՀ ոստիկանապե­տ Վլադիմիր Գասպարյանը­ և փակ խորհրդակցո­ւթյուն անցկացրել ոստիկանութ­յան Գյումրիի բաժնում, որի մասնակցել են ոստիկանութ­յան Շիրակի մարզային վարչության­ պետ Կարեն Բաբակեխյան­ը, Գյումրու բաժնի պետ Սարգիս Մարտիրոսյա­նը, ոստիկանութ­յան քննչական բաժնի ներկայացու­ցիչներ:

Ավելի վաղ տեղեկացրել­ էինք, որ կրակոցների­ գործով ոստիկանութ­յուն է ներկայացել­ և խոստովանել­ իր մեղքը` Վարդան Ղուկասյանի­ եղբորորդին­` Վահե Ղուկասյանը­: Վերջինս նույնպես ձերբակալվա­ծ է:
Վ.Ղուկասյանը­ ևս վնասվածքնե­ր է ունեցել, ինչը հաստատվել է նաև Գյումրիի “Ճերմակ” հիվանդանոց­ում անցած բուժզննմամ­բ:

Կաշառակերությունը բացահայտվեց

703895Ոստիկանության ՊՊԳ վարչությունում սկսված եւ ներքին անվտանգության վարչությունում շարունակված քննությամբ բացահայտվեց զարտուղի ճանապարհով ոստիկանության սպայի կոչում ստանալու դեպք:

Ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում ոստիկանության ՆԱ վարչությունում հայտնվեցին Մեսրոպ Հունանյանն ու ՊՊԳ վարչության Վարդենիսի պահպանության բաժանմունքի ջոկի հրամանատար Արտակ Հովհաննիսյանը:
Քննությամբ պարզվեց, որ Մեսրոպ Հունանյանը Արտակ Հովհաննիսյանին սպայական հատուկ կոչում շնորհելու համար, կաշառք տալու պատրվակով, նրանից պահանջել էր ութ հազար դոլար:
Մեսրոպ Հունանյանին ներկայացրել էին որպես «մեծ շրջապատ» ունեցող մարդու: Հովհաննիսյանն էլ որոշել էր օգտվել դրանից եւ իրականացնել իր վաղեմի երազանքը` արագացնել սպայական հատուկ կոչում ստանալու գործընթացը: Հանդիպումներից մեկի ժամանակ Հունանյանն ի պատասխան Հովհաննիսյանի մտահոգության` ասել էր, որ մի ամսվա մեջ կպատասխանի` հնարավո՞ր է արագացնել սպայական հատուկ կոչում ստանալու գործընթացը:
Հանդիպել էին մեկ ամիս անց: Հենց այդ ժամանակ էլ Հունանյանը «ոստիկանին» տեղեկացրել էր, որ հնարավոր է, բայց դրա համար Հովհաննիսյանը պետք է վճարեր 8 հազար դոլար, որից իբր 4 հազարը կոչման համար էր, իսկ մյուս չորսը` մեկ այլ ստորաբաժանում տեղափոխվելու: Պահանջվելիք գումարից 4 հազարը Հովհաննիսյանը տվել էր անմիջապես:
Բայց դեպքերն այլ կերպ զարգացան: Սպայական կոչմանն անհամբեր սպասող Հովհաննիսյանն սկսել էր կասկածել եւ պահանջել էր կա՛մ արագացնել գործընթացը, կա՛մ վերադարձնել 4 հազար դոլարը:
Հունանյանը ծախսել էր գումարը եւ անելանելի վիճակում հայտնված` գտել էր ժամանակ շահելու եղանակն ու գործի անցել: Դիմում էր գրել ՀՀ ոստիկանություն` խնդրելով Հովհաննիսյանին շնորհել սպայական հատուկ կոչում: Հետո զանգահարել էր ոստիկանության ՊՊԳ վարչության Վարդենիսի պահպանության բաժանմունք եւ նշված գործերի համար Հովհաննիսյանին կանչել մայրաքաղաք: Բայց դա էլ չփրկեց Մեսրոպ Հունանյանին. հանցավոր համագործակցությունը բացահայտվեց, եւ Հովհաննիսյանն ու Հունանյանը հայտնվեցին ոստիկանությունում:
Ծառայողական քննության նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Հարուցվել է քրեական գործ:
Նախաքննությունը շարունակվում է:

Զորամասերում թերություններ կան, բայց դրանք չպետք է խոչընդոտ հանդիսանան բանակ զորակոչվողի համար

DIGITAL CAMERAՀամակարգող խորհուրդը 12-օրյա շրջայցեր է կատարել Պաշտպանության բանակի գրեթե բոլոր զորամասերում և պարզել է, որ զորամասերում մթնոլորտը որոշակիորեն շտկվել է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց “Զինվոր” համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը:

“Շրջայցի ընթացքում մենք տեսանք նաև որոշ թերություններ: Օրինակ, թեև ապահովվում էր որակյալ սնունդ, բայց անտարբերության ադյունքում սննդի մեջ թերություններ հայտնաբերվեցին, որոնք տեղում էլ շտկվեցին շատ արագ: Հանդիպեցինք մի զինվորի, որը վատառողջ էր, սակայն ինքն այդ մասին չէր հայտնել որևէ մեկին, ուղարկեցինք բուժզննման, ապա` բուժման: Կային նաև տնից ուղարկվող սնդից  թունավորման դեպքեր, ինչպես նաև զինվորները դժգոհում էին ներքնաշորերի որակից”, – ասաց Մարգարիտա Խաչատրյանը և հավելեց, որ որոշ թերություններ արդեն կարգավորվել են, իսկ եղածներն էլ չպետք է խոչընդոտ հանդիսանան բանակ զորակոչվողի համար. նույն թերությունները կան նաև զորամասից դուրս։

Ինչ վերաբերում է բանակում տեղի ունեցող ինքնասպանության և զինվորների միջև վիճաբանության տարաբնույթ դեպքերին, որոնց արդյունքում խաղաղ պայմաններում հայ զինվորներ են զոհվում, Մարգարիտա Խաչատրյանն ասաց, որ այս ամենի հիմնական պատճառը փոխադարձ ներողամտության բացակայությունն է: “Եթե կարողանանք ներողամտություն սերմանել մեր զինվորների մեջ, այդպիսի ողբերգական դեպքեր չեն գրանցվի”,-ասաց բանախոսը և ավելացրեց. “Շուրջ 12 տարի պայքարել եմ, որ որդուս գործը բացահայտվի, բայց այդպես էլ չի բացահայտվել։ Մինչ այսօր ես չգիտեմ իմ տղան զինակից ընկերոջ ձեռքով է զոհվել, թե հակառակորդի գնդակից: Մի բան է, երբ ծնողին ասում են՝ որդիդ հայրենիքի սահմանը պահելիս թշնամու գնդակից է մահացել, մեկ այլ բան՝ որ ինքասպանություն է գործել”:

 

Մեղադրվում են` խոշոր չափի հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու մեջ

դատախազությունՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ քննչական վարչությունում ավարտվել է ՍՊ ընկերության բաժնետերերից մեկի կողմից կանխամտածված սնանկության հատկանիշներ ստեղծելու, հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելը կազմակերպելու և ՍՊ ընկերության տնօրենի կողմից հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:

Նախաքննությամբ պարզվել է, որ «Ֆաստէքս հոլդինգ» ՍՊ ընկերության բաժնետեր Ռ.Ավետիսյանը, անձնական շահերից ելնելով, 2009-2012թթ. ընթացքում իրականացրած ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ ՀՀ ԿԱ ՊԵԿ Մաշտոցի հարկային տեսչություն ներկայացրած հաշվարկներում և հաշվետվություններում արտացոլված հարկային պարտավորությունները չի կատարել, կանխամտածված ստեղծել է անվճարունակության հատկանիշներ, թեև ունեցել է դրանք վճարելու հնարավորություն:

Արդյունքում` պետությանը պատճառվել է խոշոր չափի` 303 068 319 դրամի վնաս:

Իսկ Ա.Մանուկյանը, ով 2008թ. դեկտեմբերի 9-ից մինչև 2010թ. հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում հանդիսացել է «Ֆաստէքս հոլդինգ» ՍՊ ընկերության կողմից հիմնադրած «Ֆեռո» ՍՊ ընկերության տնօրենը, նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն, Ռ.Ավետիսյանի ղեկավարմամբ և կազմակերպմամբ, հարկային պարտավորությունները կատարելուց խուսափելու դիտավորությամբ` հարկային մարմիններին ներկայացված, հարկման համար հիմք հանդիսացող հաշվարկներում և հաշվետվություններում ակնհայտ խեղաթյուրված տվյալներ է մտցրել` այդկերպ խուսափելով խոշոր չափի` 5 811 606 դրամ հարկերը և պարտադիր սոցիալական վճարները վճարելուց:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ռ.Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածով և 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Ա.Մանուկյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Կոլումբիայի սենատը մերժել է նույնասեռ ամուսնությունների օրիականացման օրինագիծը

o_728701Կոլումբիայի կոնգրեսի սենատը երեկ մերժել է նույնասեռ ամուսնությունների օրինականացման օրինագիծը: Այդ ձեռնարկին  դեմ են քվեարկել 51 սենատորներ, պաշտպանել են վերին պալատից ընդամենը 17 ներկայացուցիչներ:

Նման արդյունքը կանխատեսելի էր, քանի որ քաղաքական կուսակցությունների շատ ներկայացուցիչներ են այդ փաստաթղթի դեմ արտահայտվել: Քվեարկության  արդյունքը փակում է Ներկայացուցիչների պալատում օրինագծի հետագա դիտարկման հնարավորությունը:

Օրենքի քննադատները վստահեցնում են, որ դրա ընդունումը  հարավամերիկյան այս երկրում կվնասի ընտանիքի ինստիտուտին:”Ամուսնությունը որպես սրբագույն ինստիտուտ ներկայացնում է տղամարդու ու կնոջ միությունը` ցեղ շարունակելու նպատակով,- նշել է պահպանողական կուսակցության առաջնորդներից մեկը` Կառլոս Ռամիրո Չավարրոն:-Ես հարգում եմ նույնասեռ հարաբերությունները, սակայն փոքրամասնությունը չպետք է  օրենքներ պարտադրի, քանի որ Կոլումբիան պետք է դրանք ընդունի մեծամասնության օգտին, իսկ մեծամասնությունն  ուզում է, որ պահպանվի ավանդական ընտանիքը”:

Ընդ որում, չնայած խնդրի սրությանը, երկրի նախագահ Խուան Մանուել Սանտոսը մինչև հիմա իր դիրքորոշումն այդ հարցի կապակցությամբ չի ներկայացրել:

Օրերս  նույնասեռ ամուսնությունների օրինականացումը Ֆրանսիայում  բառացիորեն պառակտել է ազգը:

Գյումրիի կրակոցների գործով կա ձերբակալված

Կարեն Շահբազյան“Նախաքննության ընթացքում ապացույցներ էին ձեռք բերվել, որ հանցագործությունը կատարել էր Վահե Անդրանիկի Ղուկասյանը: Ձեռնարկած միջոցառումներով՝ Վահե Անդրանիկի Ղուկասյանն այսօր հայտնաբերվել, ներկայացել է ոստիկանության բաժին և ձերբակալվել: Վահե Ղուկասյանի մարմնին նույնպես կան վնասվածքներ, այս պահին պարզվում են դրանց բնույթը: Նա խոստովանել է իր կողմից կատարած արարքը:  Դեպքից հետո բնականաբար թաքնվել է, և մեծածավալ ու արդյունավետ օպերատիվ հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ներկայացել է ոստիկանության բաժին”, – լրատվամիջոցներին ներկայացևրեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանը:

Հարցաքննվել են ոչ միայն Վարդան Ղուկասյանը, նրա որդին, նաև՝ բազմաթիվ այլ մարդիկ:
“Ունենք կատարված առանձնապես ծանր հանցագործության դեպք, որը կատարող անձը հայտնաբերվել է: Հանցագործությունը համարվում է ամբողջովին բացահայտված, երբ նախաքննությունը կհայտարարի ավարտը”, – նշեց Կ.Շահբազյանը:
Ի տարբերություն ոստիկանության տարածած հայտարարության՝ դատախազը նշեց, որ Կոլյա Ղուկասյանը ձերբակալված չի եղել՝ բերման է ենթարկվել: “Կոլյա Ղուկասյանը հայտնաբերվել է սահմանային կետը հատելիս, բերման է ենթարկվել, և նրա  փորձը, դեպքից անմիջապես հետո հանրապետությունից դուրս գալը, նույնպես  նախաքննության քննարկման առարկա է դառնում. ինչ նպատակով էր մարդը փորձում դեպքից հետո դուրս գալ հանրապետությունից: Բայց, ապացույցների ձեռբերման ընթացքում նոր՝ արարքին կտրվի գնահատական”:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ նաև հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:

“Ես երեկ հայտնել եմ, որ դեպքի վայրից երկու տրամաչափի պարկուճներ են հայտնաբերվել, որը հիմք է տալիս հիմնավոր ասելու, որ դեպքի վայրում կրակոցներ են արձակվել երկու տեսակի զենքից”, – փոխանցեղ դատախազը:

“Հարցաքննվել են բազմաթիվ մարդիկ, և շատ դրական եմ գնահատում, որ ականատես-վկաները վստահություն են ցուցաբերում իրավապահ մարմինների նկատմամբ”, – լրատվամիջոցներին տեղեկացրեց Կարեն Շահբազյանը:

Վերջինիս փոխանցմամբ երեկ կատարված հանցագործության բացահայտման նպատակով կազմվել է օպերատիվ խումբ՝ հանրապետության ոստիկանության, ոստիկանության մարզային վարչության և Գյումրի քաղաքի ոստիկանության բաժնի կողմից:

Շիրակի պաշտոնական վերնախավը երեկվա կրակոցների մասին

26 015Այսօր, ապրիլի 24-ին, մեկ տեղում էին Շիրակի մարզային ու քաղաքային պաշտոնատար անձիք, որոնք խոսեցին նաև երեկ կեսօրին Գյումրիում հնչած կրակոցների ու սպանության մասին: Մասնավորապես, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, հենց «Ջարդի ձորում», անմեղ զոհերի հիշատակը խնկարկելիս՝ իր խոսքում խստորեն նկատեց. “Հայ երկրում հայի արյուն չպետք է թափվի: Հայի ձեռքով հայի արյուն չպետք է թափվի: Եթե դա չենք կատարում՝ ուրանում ենք մեր նահատակաց հիշատակը: 98 տարի հետո՝ սա է իրենց պատգամը՝ հայի ձեռքով հայի արյուն չպետք է թափվի: Սիրեցեք միմյանց: Աստված ողորմի մեր նահատակներին”:

Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը նպատակահարմար չգտավ ապրիլի 24-յան խորհուրդը փչացնել երեկվա իրադարձություններով. “Այլանդակությունը չխառնեք այսօրվա արարողության հետ”, – պատասխանեց մարզպետը:

Իսկ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ նշեց հետևյալը. “Մենք պետք է զերծ մնանք նման բաներից, մարդկային կյանք խլվեց երեկ, ես դատապարտում եմ նման երևույթները: Գյումրիում բարոյահոգեբանական մթնոլորտը փոխվում էր, ինչ-որ մենք ուզում էինք՝ նորից խանգարվեց: Որպես քաղաքապետ՝ ես փորձում եմ ամեն ինչ փոխել, լինենք համախմբված, որպեսզի կարողանանք մեր քաղաքը վերականգնել, վերակառուցել, մարդկանց տրամադրությունը փոխել, աշխատատեղեր ստեղծել: Ուղղակի ցավում եմ, երիտասարդ մարդու կյանք է խլվել: Չէի ուզենա, որ նորից ասվեր՝ Գյումրին կրիմինալ քաղաք է, պիտակներ կպցվեր”:

Երևանի քաղաքապետարանի կողմից աջակցություն ` ցեղասպանությունը վերապրած 15 երևանաբնականերին

002Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչությունն այցելություններ է կազմակերպել ցեղասպանությունը վերապրած բոլոր երևանաբնակներին:  «Այսօր մայրաքաղաքում ցեղասպանությունը վերապրած 15 քաղաքացի է ապրում: Քաղաքապետի կողմից նրանց նկատմամբ ուշադրությունը մշտական բնույթ է կրում: Ապրիլի 24-ին ընդառաջ, վարչության կողմից ցեղասպանությունը վերապրածներին այցելություններն ու օժանդակությունը ավանդական է դարձել: Տարվա ընթացքում, իհարկե, այլ առիթներով էլ են լինում հանդիպումներ,  հնարավորության սահմաններում նաև աջակցություն է ցուցաբերվում»,- նշել է սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանն ավելացնելով, որ աջակցության ծրագրերը կրելու են շարունակական բնույթ:

Շնորհակալություն հայտնելով ցուցաբերվող մշտական ուշադրության համար՝ վերապրածները նշել են, որ  իրենք միշտ զգում են քաղաքապետարանի հոգածությունն  ու աջակցությունը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դատախազը` Գյումրիի կրակոցների մասին

Gyumri01Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանն անդրադարձել է Գյումրիում ժամեր առաջ հնչած կրակոցներին, որոնց արդյունքում Արտյոմ Կարապետյանը (Շեկոն), հիվանդանոց տեղափոխվելուց 20 րոպե անց` գիտակցության չգալով, մահացել էր: Իսկ Հարություն Խաչատրյանը (Քավոր Հարութը, ով ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի մահացած հորեղբոր` Սերոբի, երեխաների կնքահայրն է), դեռ գտնվում է “Գյումրի” բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, նրա վիճակը ծանր է:

Մարզի գլխավոր դատախազը մարզկենտրոնում վիճակը վերահսկելի է գնահատել և խոստացել` ամեն ինչ անել հանցագործներին գտնելու և համապատասխան պատժի ենթարկելու համար. «Գյումրիում իրավիճակն ամբողջությամբ իրավապահ մարմինների կողմից վերահսկվում է  եւ վստահեցնում եմ` հանցագործության մեջ մեղավոր որեւէ անձ անպատիժ չի մնալու: Կատարվածը անընդունելի է, կատարման եղանակը նույնպես անընդունելի՝ քաղաքի կենտրում, օրը ցերեկով, շատ բացահայտ կատարվել է դիտավորյալ սպանություն, բայց կրկնում եմ իրավիճակը վերահսկելի է: Քրեական գործի շրջանակներում կատարվում են անհետաձգելի բոլոր գործողությունները: Որպես մարզի դատախազ, իմ պահանջն է՝ հնարավորինս արագ եւ սեղմ ժամկետում այս հանցագործությունը բացահայտել»,- նշել է Կարեն Շահբազյանը:

Դատախազը կատարվածը գնահատել է, որպես դիտավորյալ սպանություն:
Հավելենք, որ այսօր կեսօրին` ժամը 13.00-ի սահմաններում, ահազանգ էր ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով “Գյումրի” բժշկական կենտրոն են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը և Արտյոմ Կարապետյանը: Ինչպես նշեցինք սկզբում` վերջինս հիվանդանոցում մահացել է: Փաստի առթիվ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի հատկանիշներով: Նշանակվել են փորձաքննություններ:

Ավելի ուշ ոստիկանության պաշտոնական կայքը հայտարարություն տարածեց, որ ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով, Բագրատաշենի սահմանային անցակետից ոստիկանության Գյումրիի բաժին բերման է ենթարկվել Կոլյա Ղուկասյանը:

Շիրակի մարզի դատախազը խոստացել է այլ տվյալներ ու մանրամասներ հայտնել ավելի ուշ:

“Կազմված է օպերատիվ քննչական խումբ, կատարվում են անհետաձգելի բոլոր քննչական գործողությունները` դեպքի հանգամանքները լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի հետազոտելու ուղղությամբ: Առաջ են քաշվել մի քանի վարկածներ, թե ում կողմից է այդ դեպքը կատարվել, առայժմ ես վաղաժամ եմ համարում այդ մասին հայտնել: Տվյալ մեքենաները դեպքի վայրում չեն հայտնաբերվել: Դեպքի վայրում հայտնաբերվել են տարբեր տրամաչափի պարկուճներ: Կատարվում են բոլոր հնարավոր և անհնարին քննչական գործողությունները”, – իր խոսքը եզրափակել է մարզի դատախազը:

Մահացել է Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հայրը

Armeni hayryԱյսօր 83 տարեկան հասակում մահկանացուն է կնքել Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հայրը` Եզնակ Ռուստամյանը: Համեստ մտավորականը իր ողջ կյանքում օգնել է հազարավոր հիվանդների, աշխատել խղճով եւ նվիրվածությամբ, անցել բժշկի դժվարին, բայց արժանապատիվ ճանապարհը:  ՀՅԴ Բյուրոն եւ Հայաստանի Գերագույն Մարմինը խոր վշտով ցավակցում են սիրելի ընկերոջն ու Ռուստամյան ընտանիքին, անգնահատելի կորսի առիթովշ: Եզնակ Ռուստամյանի հոգեհանգիստը տեղի կունենա չորեքշբթի, ապրիլի 24-ին երեկոյան ժամը 18-ին, նոր Նորքի սուրբ Սարգիս եկեղեցում: Վերջին հրաժեշտի արարողությունը կայանալու է ապրիլի 25¬ին, ժամը 14-ին, նույն եկեղեցուց:

ԱՊՐԻԼԻ 23-ԻՆ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԴԵՊՔԻ ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Gyumri020Ինչպես տեղեկացրել էինք՝ ապրիլի 23-ին, Ժամը 13.00-ի սահմաններում, Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը և Արտյոմ Կարապետյանը: Վերջինս հիվանդանոցում մահացել էր:

Դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր, ինքնաձիգի 4 պարկուճ, «Մակարով» ատրճանակի 3 պարկուճ և 1 կրակված գնդակ:
Հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված Հարություն Խաչատրյանի բաճկոնի գրպանից հայտնաբերվել և առգրավվել է «Մակարով» ատրճանակի 1 փամփշտակալ՝ 7 փամփուշտներով:
Հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման ենթարկված Կոլյա Ղուկասյանը ձերբակալված է:
Դեպքի հնարավոր ականատեսներ հայտնաբերելու նպատակով հարցաքննվել են վկաներ:
Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով:
Նախաքննությունը շարունակվում է:

ԱՐԳԻՇՏԻ Առաջին, որն այստեղ մեծ գործեր կատարեց և կառուցեց Էրեբունի ամրոցը

Արգիշտի«Խալդ աստծո մեծությամբ Արգիշտին՝ Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի քաղաք՝ ի հզորություն Բիայնա երկրի և ի սարսափ թշնամիների: Արգիշտին ասում է… Հողն ամայի էր, այստեղ ես մեծ գործեր կատարեցի: Խալդ աստծո մեծությամբ Արգիշտի՝ Մենուայի որդի, արքա հզոր, արքա Բիայնա երկրի, տերը Տուշպա քաղաքի»

Արարատյան թագավորության հզորագույն գահակալը Արգիշտի Առաջինն էր, որ թագավորել է մ.թ.ա. 786-764 թթ.: Նրա թագավորության շրջանը բավական լավ է լուսաբանված շնորհիվ Վանի միջնաբերդում պահպանված Խոռխոռյան տարեգրության և Հայաստանի տարբեր վայրերում գտնված ավելի քան երեք տասնյակ արձանագրությունների: Բացի արձանագրություններից, մեզ են հասել նաև Արգիշտի Ա-ի վերաբերյալ առանձին գրություններ պարունակող բրոնզե սաղավարտներ, վահաններ, կենցաղային իրեր:

Արգիշտին բավական լայնարձակ ու բարգավաճ երկիր ժառանգեց հորից` Մենուա թագավորից (մ.թ.ա. 810-786): Սակայն իր գահակալության սկզբնական շրջանում Արգիշտի Ա-ին տեսնում ենք Ջավախքում, Տայքում, Շիրակում, Սևանի ավազանում, Կոտայքում… « Խալդի աստծո զորությամբ նվաճեցի Գիառնիանի երկիրը, Սիլունիի տիրակալի երկիրը։ Երբ թշնամու լեռներից ես վերադարձա, տղամարդ ու կին ես քշեցի…»: Հավանաբար Մենուա արքայի մահվանից հետո նրա նվաճած ծայրագավառների կառավարիչները ապստամբել են կենտրոնական իշխանության դեմ: Բայց Արգիշտին արագ երթով անցնում է այդ երկրներով և վերականգնում իր տերության սահմանների ամբողջականությունը:

Դրանից հետո միայն Արգիշտի Ա-ն անցնում է արտաքին նվաճումների: Դրա համար հայոց թագավորը ուներ բոլոր հիմքերը: Մինչ Արգիշտիի գահակալումը Արարատյան թագավորությունն արդեն շեն, լայնածավալ երկիր էր, տնտեսապես հզոր, ուժեղ բանակով: Բոլոր առումներով պետությունը ծաղկում էր, բացի այդ, Արարատյան թագավորության հզոր ախոյանը` Ասորեստանը, քաղաքական ճգնաժամի մեջ էր. Նինվեի արքունիքում շարունակ երկպառակություններ էին, դավադրություններ:

Եվ ահա այս պայմաններում հայոց թագավորը անցնում է արտաքին նվաճումների:

Բնականաբար, հայոց արքան գիտակցում էր, որ իր գլխավոր ախոյանը հենց Ասորեստանն է, սակայն նա իր հարվածը ուղղակի Ասորեստանին չհասցրեց, այլ արշավեց հարավ-արևելք և նվաճեց Ասորեստանի գերիշխանության տակ գտնվող Մանա, Բուշտու, Պարսուա երկրները: Տիրելով դեպի արևելք շարժվող առևտրական ուղիներին` նա Ասորեստանին մեծ տնտեսական հարված հասցրեց: Առհասարակ նրա արտաքին քաղաքական ձեռնարկումները վկայում են, թե որքան մեծ նշանակություն էր տալիս միջազգային տարանցիկ առևտրին: Նա կարողացավ իր հսկողությունը սահմանել Առաջավոր Ասիայի գրեթե բոլոր գլխավոր առևտրական ուղիների վրա:

Դա չէր կարող հանդուրժել Ասորեստանը, որ Արարատյան թագավորության գլխավոր ախոյանն էր և 781 թ. ասորական բանակը նախահարձակ է լինում` փորձելով կասեցնել հայկական պետության առաջխաղացումը դեպի հարավ: Արգիշտի Ա-ն հետ է մղում ասորեստանյան բանակի հարձակումն ու հակահարված հասցում թշնամուն` անցնելով Զագրոսի լեռները:

Դրանից հետո Արգիշտի Ա-ն արշավեց բուն Ասորեստանի վրա և նվաճելով իր տիրապետությանը ենթարկեց Հյուսիսային Ասորիքը` ընդհուպ մինչև Բաբելոն ընկած երկրները: Նրա ժամանակակից ասորեստանցի զորավարն անգամ արձանագրության մեջ խոստովանել է. «Արգիշտին, որի անունն անգամ ահարկու է»։

Նա ոչ միայն նվաճեց Ասորեստանի հետ համագործակցող, դաշնակից երկրները, այլև ծանր հարված հասցրեց հենց Ասորեստանին: Այնքան ահարկու էր այդ հարվածը, որ ասորեստանյան արշավանքից մեկ տարի անց Արգիշտին արդեն կարող էր իրեն թույլ տալ արշավել իր տերության հյուսիսային մասում  գտնվող երկրների վրա`  նվաճելով այդ տարածաշրջանը:

Ըստ էության` ավարտելով իր նվաճումները` ծնկի բերելով իր դարավոր ախոյանին` Արգիշտի Ա-ն անցավ իր երկրի ամրապնդմանը և ներքին կյանքի կայունացմանը:

Որպեսզի ավելի ամուր լինեն սահմանային ծայրագավառները, նա այնտեղ բերդաքաղաքներ կառուցեց, ռազմական հենակետեր ստեղծեց, Հայաստանի ծայրագավառներից շուրջ 200.000 մարդկանց վերաբնակեցրեց այլ գավառներում` դրանով իսկ թուլացնելով այդ շրջանների իշխանավորներին և կենտրոնական իշխանությունը ապահովագրելով ապստամբություններից:

Ապա Արգիշտին անցավ խաղաղ շինարարական գործունեության: Դեռ գահակալության սկզբին` մ.թ.ա. 782 թ., նա Արարատյան դաշտում կառուցեց Էրեբունի հզոր բերդաքաղաքը: «Խալդ աստծո մեծությամբ Արգիշտին՝ Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի քաղաք՝ ի հզորություն Բիայնա երկրի և ի սարսափ թշնամիների: Արգիշտին ասում է… Հողն ամայի էր, այստեղ ես մեծ գործեր կատարեցի: Խալդ աստծո մեծությամբ Արգիշտի՝ Մենուայի որդի, արքա հզոր, արքա Բիայնա երկրի, տերը Տուշպա քաղաքի»:

Արգիշտին այստեղ Հայաստանի Խաթե և Ծուպա երկրամասերից շուրջ 6600 հոգի վերաբնակեցրեց: Որպես քաղաք` Էրեբունին իր ժամանակների համար ուղղակի կատարյալ էր: Այն բարձր և իշխող դիրք էր գրավում շրջակա միջավայրի վրա. պատված էր ամուր պարիսպներով, բոլոր անհրաժեշտ հաղորդակցություններն առկա էին, տեղանքն ուներ բարենպաստ կլիմա, գտնվում էր հարուստ տնտեսական շրջանում:

Եվ իրոք, ինչպես ցույց են տալիս հնագիտական պեղումները, Էրեբունին զարգացած, հարուստ ու շեն քաղաք է եղել: Այնտեղ եղել են արքայական պալատներ, տաճարներ, հարուստ ամբարներ, զինանոցներ…

Էրեբունիից հետո` մ.թ.ա. 776 թ., Արգիշտի Ա-ն դարձյալ Արարատյան դաշտում կառուցեց մեկ այլ քաղաք ևս և կոչեց իր անունով` Արգիշտիխինիլի, որը ներկայիս Արմավիրն է: Այս երկու քաղաքների կառուցումը վկայում է, թե որքան մեծ կարևորություն էր տալիս հայոց արքան Արարատյան դաշտին` համարելով, որ ի վերջո հայության քաղաքական, տնտեսական կենտրոնը հենց սա է լինելու: Պատմությունը ցույց տվեց, որ Արգիշտի Ա-ն չէր սխալվել: Այսպիսով Արգիշտի Ա-ն եղավ միակ հայ գահակալը, որի կառուցած երկու քաղաքները դարձան Հայաստանի մայրաքաղաք: Սակայն դա եղավ նրա մահվանից հարյուրամյակներ անց. Արգիշտիխինիլի-Արմավիրը` մ.թ.ա. V դարում, երբ Հայաստանում գահ բարձրացավ Երվանդունի արքայատոհմը, իսկ Էրեբունի-Երևանը` 1828 թ., երբ կազմավորվեց Հայկական մարզը:

Քաղաք լինելուց զատ` այն նաև ռազմա-վարչական կենտրոն էր, որ միտված էր ծառայելու որպես ռազմաբազա, հսկելու հյուսիսային շրջանների պաշտպանությունը:

Արգիշտի Ա-ն մահկանացուն կնքեց մ.թ.ա. 764 թ.` 22 տարի գահակալելուց հետո, իր հաջորդին և որդուն` Սարդուրի Բ-ին թողնելով հզոր ու բարգավաճ երկիր` Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը` Արարատյան թագավորությունը: Նրա մարմինը ամփոփված է պետության գլխավոր հոգևոր կենտրոնում` Մուսասիրի տաճարում, որտեղ աստվածների արձանների կողքին կանգնեցված է եղել նրա երկու տոննանոց բրոնզաձույլ արձանը:

 

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ