Հետախուզվողները հայտնաբերվել են

Հետախուզվողները հայտնաբերվել  ենԿանխամտածված սնանկության մեղադրանքով հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն

Ապրիլի 22-ին, ժամը 16.10-ին, ոստիկանության Կենտրոնականի  բաժին է ներկայացել 1950 թ. ծնված Ռիմա Պ.-ն, որը  ապրիլի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 193 հոդվածի (կանխամտածված սնանկություն)  մեղադրանքով:

Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվում էր սպանության մեղադրանքով

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` Բագրատաշենի սահմանային անցակետով Վրաստանից  ՀՀ է ժամանել 1978 թ. ծնված Սարգիս Մ.-ն, որը մարտի 22-ից  ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր սպանության մեղադրանքով:
Սարգիս Մ.-ն ապրիլի 22-ին, ժամը 17.00-ին, ներկայացվել է բաժին:

Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով

Ապրիլի 22-ին, ժամը 12.50-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացել  1978 թ. ծնված Վարդան Մ.-ն, որը  ապրիլի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը):

Պարզաբանում. ՀՀ ոստիկանության Ախուրյանի հերթապահ մասի ՁՊՎ-ի 2 ոստիկան ենթարկվել են կարգապահական տույժի

dataxazutjun«Իրավունք» օրաթերթի` 2013թ. ապրիլի 19-ի համարում հրապարակվել է հոդված` «Կալանավայրում մարդասպանը գտնվում է վերին աստիճանի արտոնյալ պայմաններում» վերտառությամբ, որտեղ 2012թ. ապրիլի 12-ին սպանված Կ.Եսայանի ծնողները` Ռ.Եսայանը և Ա.Իսկանդարյանը, ահազանգել են իրենց որդու սպանության մեջ մեղադրվող Հ.Սարգսյանի` ՁՊՎ-ում արտոնյալ վիճակում գտնվելու մասին:

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը` տեղեկացնում ենք, որ Շիրակի մարզի դատախազը ոստիկանության Ախուրյանի բաժնի պետի ուղեկցությամբ ապրիլի 4-ին ՁՊՎ այցելության ժամանակ` ձերբակալված անձանց պահելու պայմանների օրինականությունը ստուգելու ընթացքում, արձանագրել է, որ խցերից մեկի դուռը բաց է:

Մարզի դատախազի ցուցումով նշանակվել է ծառայողական քննություն:

Իրականացված ծառայողական քննության արդյունքներով պարզվել է, որ 2013թ. ապրիլի 4-ին Ախուրյանի բաժնի հերթապահ մասի ՁՊՎ-ում բաց է եղել Կ.Եսայանի սպանության գործով մեղադրյալ Հ.Սարգսյանին խցի դուռը: Համաձայն հաստատված գրաֆիկի` այդ օրը հերթապահություն են իրականացրել ոստիկանության ավագ Հ.Կարապետյանը և ոստիկանության սերժանտ Ռ.Հովհաննիսյանը:

Նշված օրը` ժամը 22:50-ի սահմաններում, Հ.Կարապետյանը և Ռ.Հովհաննիսյանը, չպահպանելով ՁՊՎ-ում անվտանգության կանոնները, խախտելով ՀՀ ոստիկանության համակարգի` ձերբակալված անձանց պահելու վայրի ներքին կանոնագրքով հաստատված օրվա կարգացուցակը, առանց ծայրահեղ անհրաժեշտության, բացել են թիվ 1 խցի դուռը, որտեղ պահվելիս է եղել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով ամբաստանյալ Հ.Սարգսյանը:

Ծառայողական պարտականությունները կատարելու մեջ թերանալու, ինչպես նաև ՀՀ ոստիկանության համակարգի ՁՊՎ ներքին կանոնանգրքի 42-րդ, 88-րդ, 92-րդ և 93-րդ կետերը չկատարելու համար, համաձայն «ՀՀ ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 43-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերի, «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի, ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի վարչության Ախուրյանի բաժնի պետի` 2013թ. թիվ 36-Ա հրամանի` Հ.Կարապետյանին և Ռ.Հովհաննիսյանին հայտարարվել է նկատողություն:

 

ՊԵԿ-ի նախագահի գործունեության վերաբերյալ վարույթ է հարուցվել

gagik xachatryanԲարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի ապրիլի 10-ի որոշմամբ, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի դիմումի հիման վրա, հարուցվել է վարույթ` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու կամ իր պաշտոնական լիազորությունների իրականացման ընթացքում շահերի բախման իրավիճակում գտնվելու վերաբերյալ փաստերը ստուգելու նպատակով:

Միաժամանակ, նույն որոշմամբ հանձնաժողովն առաջարկել է Գագիկ Խաչատրյանին քննարկվող հարցի վերաբերյալ10-օրյա ժամկետում ներկայացնել իր առարկությունները և բացատրությունները: Այս մասին տեղեկացնում է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը:

«Հարկ է հիշեցնել, որ 2012 թ. դեկտեմբերի 17-ին ԹԻՀԿ-ը, հիմք ընդունելով «Հայկական ժամանակ» օրաթերթի 2012 թ. հոկտեմբերի 18-ի համարում (#180/3104/) հրապարակված «Մենքումերոնքով աշխատում են» և «Պայքարի իրական մարտիկը» հոդվածները, դիմում է ներկայացրել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով: Հոդվածներն անդրադառնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի կողմից իրականացվող կամ «վերահսկվող» ձեռնարկատիրական գործունեությանը:

Ըստ թերթի հրապարակման՝ Գագիկ Խաչատրյանին է պատկանում ՀԴՄ կտրոնների թուղթ մատակարարող «Ալեքսերվ» ընկերությունը, որը, հաղթելով այդ ապրանքի մատակարարման մրցույթում, այս տարվա ապրիլ ամսին «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ կնքել է շրջանակային պայմանագիր: Բացի այդ, ըստ թերթի վերոնշված հրապարակումների` պետական եկամուտների կոմիտեի նախագահի անվան հետ են կապվում նաև այլ ընկերություններ, ինչպես օրինակ, «Ապեյրոն» ՍՊԸ-ն (սննդամթերքի ներկրում), «Մեգաֆուդ» ՍՊԸ-ն (սննդամթերքի ներկրում և արտադրություն), «Գալաքսի» սուպերմարկետը, «Մեգա մոթորս» ՍՊԸ-ն («Միցուբիշիի» ներկայացուցիչը ՀՀ-ում), «Սանտա ֆե» սրճարանը, «Գալաքսի» հացի գործարանը, «Մեգա սպորտ» խանութների ցանցը, «Խրոնոգրաֆ» թանկարժեք ժամացույցների խանութ-սրահը, «Չիմեգ» ՍՊԸ-ն, «Յուքոմ» ընկերությունը (արբանյակային հեռարձակում, ֆիքսված հեռախոսակապ, ինտերնետ), «Ամասիայի» կաթի գործարանը, «Ալյանս» մաքսային տերմինալը և այլն»:

ԹԻՀԿ-ը, դիմելով բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին, խնդրել էր իր լիազորությունների շրջանակում ստուգել հրապարակումներում նշված փաստերի իսկությունը, պարզել՝ առկա է արդյո՞ք շահերի բախման իրավիճակ կամ նման ռիսկ պաշտոնավարման և միաժամանակ ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքում, ներդրումները կառավարելիս չեն օգտագործվել արդյո՞ք պաշտոնական դիրքը և լիազորությունները»,-մասնավորապես ասված է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ի մամուլի հաղորդագրության մեջ:

«Փաստինֆո»

 

Հայաստանցիներին ամենաշատը հետաքրքրում է ավիատոմսերի վաճառքը

հեռախոսՀրապարակվել է  Հայաստանում ամենամեծ պահանջարկ ունեցող ծառայությունների 20-յակը:

«Սփյուռ» տեղեկատուն վիճակագրություն է կազմել, թե 2012-ին մարդիկ առավել շատ ինչ ապրանքներ և ծառայություններ են փնտրել «Սփյուռ» տեղեկատուի կայքում և հեռախոսային ծառայության միջոցով:

Ըստ վիճակագրության, 2012-ին քաղաքացիներին ամենաշատը հետաքրքրել է ավիատոմսերի վաճառքը և ամրագրումը`9861 նման հարցում է եղել:

Երկրորդ տեղում տաքսի ծառայություններն են 9662 հարցումով, իսկ երրորդում միջքաղաքային հեռախոսակապի կոդերի մասին հարցումներն են` 7287:  Ըստ պահանջարկավածության հաջոդում է  ռեստորանների, համակարգիչների, աշխատանքի տեղավորման, բանկերի հյուրանոցների, տպագրության ծառայությունների մասին ինֆորմացիան:

Նշենք, որ նախորդ տարվա ընթացքում թատրոնների մասին 2194 (16-րդ հորիզոնական), իսկ գրախանութների մասին 1552 (20-րդ հորիզոնական) հարցում է եղել:

Հոսանքահարված Գագիկ Շամշյանի լուսանկարները

MHM77064 copyՊռոշյան գյուղում բնակիչների կազմակերպած բողոքի ակցիան լուսաբանելիս հոսանքահարվել է լուսանկարիչ Գագիկ Շամշյանը: Նրա առողջության ը վտանգ չի սպառնում:

Քննարկվել են ՀՀ-ՌԴ ռազմական համագործակցության խնդիրները

5Ապրիլի 17-ին աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն է ժամանել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը: Նույն օրը տեղի է ունեցել երկու պետությունների պաշտպանության նախարարների գլխավորած պատվիրակությունների հանդիպումը:

Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Ս.Օհանյանը և ՌԴ պաշտպանության նախարար Ս.Շոյգուն քննարկել են ռազմական և ռազմատեխնիկական երկկողմ համագործակցության ընթացիկ խնդիրները և հեռանկարները, կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային անվտանգության ապահովմանը վերաբերող մի շարք արդիական հարցերի շուրջ, դիտարկել են տեսանելի հեռանկարում տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման փոխգործակցության ուղղությունները և հեռանկարները:

Զրուցակիցներն ընդգծել են երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցության ամրապնդման դրական միտումները և հետագա զարգացման երկկողմ շահագրգռվածությունը:

Արամ Երկանյան

երկանյան«Մեր մեռելները հեռու-հեռու անապատների մեջ են, և նրանք մեզանից ծաղիկ չեն սպասում, այլ ոճրապարտ գանգերի արյունը»:

Արամ Երկանյան

Հայ վրիժառու բազուկն անհրաժեշտ պահին միշտ իջել է ոսոխի գլխին: Հայոց Նեմեսիսի մեծագույն վրիժառուներից է Արամ Երկանյանը:

Երկանյանները Ծոփքից էին` Արևմտյան Հայաստանի Խարբերդ քաղաքից: Ինչպես է նախկինում կոչվել տոհմանունը` ոչ ոքի հայտնի չէ: Հայտնի է միայն, որ տոհմից Սամվել անունով բարձրահասակ մեկը տեղափոխվում է Էրզրում: Երկար հասակի պատճառով նրան կոչում են Երկան Սամվել, որտեղից էլ առաջանում է ազգանունը` Երկանյան:

Ապագա վրիժառուն ծնվել է 1900 թվականին Կարին քաղաքում: Հաճախել է տեղի դպրոցը, որտեղ էլ երդվել է, որ դառնալու է իր ազգի, ցեղի վրիժառուն, երբ ծանոթացել է Վենետիկի Մխիթարյանների հրատարակած գրքույկին, որտեղ նկարագրված էր Ադանայի ջարդերի պատմությունը:

1915 թ. կորցնելով ծնողներին, հարազատներին` նա հրաշքով ողջ է մնում ու տեղափոխվում Արևելյան Հայաստան: Այստեղ Արամը միանգամից ակտիվ հասարակական կյանքի է անցնում և 1917 թ. անդամագրվում  Հայ Յեղափոխական դաշնակցությանը, զինվորագրվում է հայկական կամավորական գնդերին և մեկնում ռազմաճակատ` վրեժ առնելու ոսոխից: Շուտով աչքի է ընկնում ծառայության մեջ և Կարին-Դերջան հատվածում նշանակվում է ռազմակայանի պետ: Նա այս պաշտոնում պետք է պահպաներ ռուսական նահանջող բանակից մնացած գույքը, զինապահեստները:

Շուտով սկսվում է նահանջը և Արամ Երկանյանը նահանջող հայկական զորամասերի հետ դարձյալ հայտնվում է Կովկասում: Սակայն նա ցած չի դնում զենքն ու մինչև վերջ շարունակում է պայքարը` Զեմլյակի խմբում մասնակցելով Բաշ-Ապարանի հերոսամարտին արդեն որպես գնդացրային դասակի հրամանատար: Անկախության հռչակումից հետո Արամ Երկանյանը Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնարարականով մեկնում է Լոռի-Փամբակ և ճնշում այնտեղ գործող թուրք ավազակախմբերին:

Պատերազմի ավարտից հետո ՀՀ կառավարության հանձնարարականով Արամ Երկանյանն ընդգրկվում է «Նեմեսիս» ծրագրում, որի նպատակը Հայոց ցեղասպանությունը ծրագրած ու իրականացրած ճիվաղների ոչնչացումն էր: Եվ ահա «Նեմեսիսի» ղեկավար և մտահղացող Շահան Նաթալին հենց Արամ Երկանյանին ու Արշավիր Շիրակյանին է ընտրում` սպանելու երիտթուրք պարագլուխներ Բեհաէդդին Շաքիրին ու Ջեմալ Ազմիին:

Հայոց ցեղասպանության պատասխանատու այս երկու հանցագործներին Արամ Երկանյանը Արշավիր Շիրակյանի հետ պատուհասեց 1922 թ. ապրիլի 17-ին Բեռլինի Ուլանդշտրասե փողոցում: Ցեղասպանները խնջույքից հետո հանգիստ ճեմում էին շքախմբով Ջեմալ Ազիմիի զբաղեցրած տան մոտակայքում, ընդ որում, նրանց հետ էր նաև մեկ տարի առաջ Սողոմոն Թեհլերյանի արձակած գնդակից տապալված Թալեաթ փաշայի այրին: Դիմահար կրակոցով տապալելով Բեհաէդդին Շաքիրին, Ջեմալ Ազմիին ու նրանց թիկնապահներից մեկին` Արամ Երկանյանն ու Արշավիր Շիրակյանը խույս տվեցին ոստիկանության հետապնդումից:

Հետագայում իր հուշերում Արամ Երկանյանը գրեց. «Հազիվ անկողին մտած այնպիսի երանավետ մի քնով քնեցի այդ գիշեր, որ հազիվ թե այդքան անուշ քնած լինեի կյանքումս: Քնել էի, կարծես անհոգ մանկիկ, որ գլուխը բարձին դրած` աչքերն է փակում քաղցրորեն: Ոչ մի հոգնություն, ոչ մի կասկած կամ երկյուղ… Չէի մտածում անգամ, թե ոստիկանություն կա և հետապնդումներ: Կարծես վերադարձել էի մի հաճելի քեֆից և գինին քաղցր թմրությունով էր գրկել ինձ: Միլիոնների արյան վրեժխնդրի համար ավելի գինովցնող ի՞նչ գինի կա, քան ոճրագործների արյունը: Եվ երբ կշարունակվեր ականջիս մեջ «բաբա, բաբա» կոծը, ինձ թվում էր` մայրիկս է, որ օրոր էր երգում` օրորոցս օրորելով»:

Սակայն բացի այս երկուսից` Արամի մահացու գնդակների զոհերն էին նաև Բաքվի հայության ջարդերի կազմակերպիչները` մուսավաթականներ Ղասիմբեկովը, Սարաֆովը և Խաս-Մամեդովը, որոնց Արամը  սպանեց Թիֆլիսի հրապարակում: Արամին է պատկանում նաև Ադրբեջանի նախկին վարչապետ, Շուշվա հայության ջարդարար Ֆաթալի Խան-Խոյսկու սպանությունը: Մինչ այդ հայոց «Նեմեսիսը» երեք անհաջող փորձ էր արել տապալելու Խան-Խոյսկուն: Գործը հաջողությամբ գլուխ բերեց Արամ Երկանյանը:

1920 թ. հունիսի 19-ին Թիֆլիսի կենտրոնում` Գոլովինսկի պողոտայում, Արամ Երկանյանը ծպտված արտաքինով սպասում էր: Ֆաթալի Խան Խոյսկին թիկնապահներով դուրս եկավ մոտակա շենքից ու առաջացավ: Արամն ընդառաջ գնաց, հանեց մաուզերը և կրակոցով ջախջախեց Խան Խոյսկու գանգը: Նրա կրակոցներից գետնին տապալվեցին նաև Ադրբեջանի Մուսավաթական կուսակցության հիմնադիր Խան Մահմադովը, թիկնապահներից երկուսը ևս: Այնքան արագ կատարվեց ամեն ինչ, որ Խան Խոյսկու մնացած թիկնապահները չհասցրեցին հակադարձել. Արամը խույս տվեց` միայն վիրավորված: Գործողության ժամանակ նրա աջակիցն էր վրիժառու Միսակ Կիրակոսյանը:

Արամ Երկանյանի վրիժառու բազուկից չխուսափեցին նաև հայազգի դավաճանները: Կոստանդնուպոլսի Բերա թաղամասում նա Սողոմոն Թեհլերյանի հետ շանսատակ արեց Պոլսի հայ մտավորականության ցուցակը կազմողներ Արթինին և Վահե Քիսային:

1922 թվականից Արամ Երկանյանը հաստատվեց արտասահմանում: Խորհրդային բռնապետությունը թույլ չտվեց հերոսին բնակվել հայրենիքում: Սկզբում հաստատվեց Ռումինիայում, ապա անցավ Լատինական Ամերիկա` հանգրվանելով Արգենտինայի Կորդոբա քաղաքում: Նա Գարեգին Նժդեհի մտերիմ ընկերն ու զինակիցն էր, և ուր էլ լիներ, տարածում էր Նժդեհի գաղափարներն ու շարժումը` Ցեղակրոնությունը:

Արտասահմանում նա ակտիվ հասարակական կյանքով էր ապրում` ողջ եռանդը ներդնելով հայապահպանության ու ազգային վերածննդի գործին: Նա Արգենտինայում մինչ օրս հրատարակվող «Արմենիա» թերթի հիմնադիրն է:

Արամ Երկանյանն ապրեց կարճ, բայց ապրեց իմաստալից ու նվիրական կյանքով: Նրա ուսուցիչը` Շահան Նաթալին, այսպես է բնորոշել հերոսին. «Դիտեցեք իր պատկերը: Եվ անոր ճակատը, աչքերը, դեմքը պիտի պատասխանեն` Հայ Նեմեսիս մը…: Զինքը ճանչցա Պոլիս: Չէի հանդիպած իրեն: Հոգիներու ճանաչողությունը ժամանակով չի չափվիր: Բաց գիրք մը, որ ինձ թվեցավ, թե ծնած օրես կարդացած էի: Պարզունակ անխաթար, սիրտն ու հոգին շրթունքին, բաց ճակատին վրայ և հայու աչքերուն մեջ: Կարնեցի տղան ուրիշ բան էր, վկայեց իմ հոգին»:

Արամ  Երկանյան