Գազայի հատվածում Իսրայելի վերսկսած ռազմական գործողությունների արդյունքում 19 բուժաշխատող է զոհվել, ռմբակոծվել է 17 հիվանդանոց և շտապ օգնության 35 մեքենա: Գազայում պաղեստինյան կառավարության առողջապահության նախարարության ներկայացուցիչ Յուսուֆ Աբու Ռիյշը, խոսելով առողջապահական ճգնաժամի մասին, հայտարարել է, որ Իսրայելը մշտապես խախտում է ՄԱԿ-ի բանաձևերն ու միջազգային իրավունքի նորմերը:
Բանգլադեշում 200 ուղևորներով լաստանավ է խորտակվել
Բանգլադեշի Փադմա գետում լաստանավ է խորտակվել, որում շուրջ 200 ուղևոր կար, հաղորդում է Вести.Ru-ն:
Նավը խորտակվել է երկրի մայրաքաղաք Դաքքայից 37 կմ հարավ-արևելք: Զոհերի ու տուժածների մասին տեղեկություններ դեռևս չկան:
Նման ողբերգություններ Բանգլադեշում հաճախ են պատահում լաստանավերը գերբեռնելու պատճառով: Ամեն տարի նման պատահարների հետևանքով մի քանի հարյուր մարդ է զոհվում:
Էբոլայի տենդի դեմ պայքարի համար 50 ամերիկացի փորձագետ մեկնել է Աֆրիկա
Էբոլայի տենդի դեմ պայքարի համար Արևմտյան Աֆրիկա է ուղղվել ԱՄՆ Հիվանդությունների կանխարգելման ու վերահսկման կենտրոնից 50 փորձագետ, հաղորդում է РБК-ն:
Ինչպես կենտրոնի տնօրեն Թոմաս Ֆրիդենն է ասում, վարակի անվերահսկելի տարածումը կարելի է կանխել տարրական նախազգուշական միջոցառումներով: Նա հայտնել է նաև, որ Լիբերիայում վարակված ամերիկացի բժիշկն արդեն ապաքինվում է ԱՄՆ-ում բուժումից հետո:
Էբոլայի տենդից Գվինեայում, Սյերա-Լեոնեում ու Լիբերիայում արդեն մահացել է 700 մարդ:
Այս վարակի մասին հայտնի է դեռևս 1976-ից, Զաիրի Էբոլա գետի ափերին բռնկված համաճարակից: Հիվանդությունից մահացությունը 90% է: Այն փոխանցվում է շոշափողական շփման միջոցով: Հիվանդների մոտ իմունիտետը կորչում է, բարձրանում ջերմությունը, գլխացավ է առաջանում, փսխում, ցան, փորլուծ ու ներքին և արտաքին արյունահոսություն:
Ամերիկյան վիսկիի մեջ վտանգավոր նյութեր են հայտնաբերվել
Ամերիկյան «Բուրբոն» վիսկիի մեջ ֆտալատներ են հայտնաբերել.դրանք վտանգավոր նյութեր են, որոնք կարող են քաղցկեղային հիվանդությունների պատճառ դառնալ ու անպտղություն առաջացնել,:
Ռուսսպառողվերահսկողության տվյալներով, Barton 1792 Distillery-ի արտադրած Kentucky Gentleman-ը կարող է անգամ կենտրոնական նյարդային համակարգի ֆունկցիոնալ, իսկ հետագայում` օրգանական փոփոխություններ առաջացնել և ազդել նաև ներզատիչ համակարգի վրա:
Ինչպես վարչությունում են հայտնել, ալկոհոլային արտադրանքը չի անցել անհրաժեշտ ստուգում:
Չինաստանի նավթաքիմիական գործարանում պայթյունից 75 մարդ է զոհվել
Հանսու նահանգի հյուսիս-արևմուտքում, նավթաքիմիական PetroChina գործարանում պայթյուն է եղել, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 75 մարդ, հաղորդում է Газета.Ru-ն:
Միջադեպը տեղի է ունեցել չինական Լանչժոու քաղաքում: Նախնական տվյալների համաձայն, հրդեհը բռնկվել է օդաբաժան սարքավորման մեջ` արտահոսքի հետևանքով: Զոհերի ու տուժածների թիվը դեռևս կարող է ավելանալ:
Չինաստանում հզոր երկրաշարժի հետևանքով վտանգավոր լիճ է գոյացել
Չինաստանի հարավ-արևմուտքում 6,1 մագնիտուդով երկրաշարժից առաջացած հզոր սողանքի հետևանքով լիճ է գոյացել, գրում է Росбалт.-ը:
Երկրաշարժը տեղի է ունեցել Հունշիյան գյուղակի մոտ: Վերջին տվյալներով, տեկտոնական կատակլիզմի հետևանքով զոհվել է 381 մարդ, 1801-ն էլ տարբեր վնասվածքներ են ստացել, իսկ 3-ն անհետ կորել են:
Երկրաշարժի հետևանքով լիճ է գոյացել: Եթե այն ափերից դուրս գա, ապա սպառնում է հեղեղել 800 տեղաբնակներին: Ներկայում բնակչության տարհանում է կատարվում: Տուժած շրջաններում աշխատանքների իրականացման համար ներգրավվել են 10 հազար զինվորականներ, ոստիկաններ ու հրշեջներ : Փրկարարական աշխատանքները դժվարանում են կրկնացնցումների պատճառով:
Նեպալում սողանքի տակ հայտնված 150 մարդկանց գտնելու շանսեր չկան
Գրեթե ոչ մի հնարավորություն չկա Նեպալում հսկայական սողանքի տակ հայտնված ավելի քան 150 մարդկանց կյանքը փրկելու համար: Փրկարարները մինչ այժմ ութ զոհի մարմին են գտել:
Շաբաթ օրը տեղի ունեցած սողանքը փակել է լեռնային գետերից մեկի հոսանքը, որից հետո ջուրը հավաքվելով լիճ է դարձել, և վտանգ կա, որ այն դուրս կհոսի և կողողի մի քանի գյուղեր: Կիրակի օրը տեղացող անձրևը խոչընդոտել է որոնողական աշխատանքներին:
Պաշտոնական տեղեկություններով՝ Նեպալի մայրաքաղաք Կատմանդուից 120 կմ հեռավորության վրա գտնվող գյուղում նույնիսկ ծանր տեխնիկան չի կարողանում աշխատել տասնյակ փլուզված տների բեկորների մեջ:
Փրկարարներին հաջողվել է պայթեցնելով անցք բացել գետի հոսքը փակած հողե պատի մեջ, որից հետո ջուրը սկսել է հոսել, սակայն դրա մեծ մասը մնում է լճացած՝ վտանգ ներկայացնելով մինչև Հնդկաստանի տարածք գետի մոտակայքում գտնվող գյուղերի համար:
Նեպալում սողանքները հաճախակի բնույթ են կրում անձրևային սեզոնին, որը տևում է հունիսից մինչև սեպտեմբեր:
Բրազիլացի մոդելը 30.000 ֆունտ է ծախսել Բարբի տիկնիկի ընկերոջ տեսքն ունենալու համար
Բրազիլացի Սելսու Սանտեբանեսը 30.000 ֆունտ է ծախսել Բարբիի ընկերոջ՝ Քենի տեսքը ստանալու համար, իսկ այժմ պատրաստվում է հիմնել Սելսու տիկնիկների իր արտադրությունը:
20-ամյա բրազիլացին չորս վիրահատություն է անցել՝ փոխելով իր քթի ձևը, կզակը և ծնոտը, ինչպես նաև սիլիկոնե իմպլանտներ է տեղադրել իր կրծքավանդակում:
Սելսուն փոքր տարիքում տիկնիկներով լի պահարան է ունեցել, իսկ իր կերպարանափոխումը սկսել է 16 տարեկանում մոդելային մրցույթում հաղթելուց հետո:
Նրա ընտանիքի անդամները տարիներ շարունակ ասել են, որ նա տիկնիկի է նման, ինչն էլ ոգեշնչել է Սելսուին մարդկային տիկնիկ դառնալու հարցում:
Նա իր ազգանունը՝ Բորխես Պերեյրա, փոխել է Սանտեբանես, որը մեքսիկական հեռուստատեսային շոույում հանդիսանում է նրա սիրելի կերպարի անունը:
Անցած տարի նրան նկատել է Սան Պաոլոյի թոք շոուներից մեկը, որից հետո նա հայտնի է դարձել:
Բրազիլացին մինչև 10,000 ֆունտ է ծախսում իր տեսքի համար: Սելսուն նաև բանակցությունների մեջ է հեռուստաշոուների ռեժիսորների հետ:
Հաջորդ ամիս նա պատրաստվում է մեկնել Լոս Անջելես և հիմնել Սելսու տիկնիկների արտադրությունը:
Սելսուն նաև խոստացել է միավորվել ռուս Բարբի Վալերիա Լուկիանովայի հետ:
Իսրայելն իր ուժերը հեռացնում է Գազայի սահմանից
Իսրայելի բանակը սկսել է հեռանալ Գազայի սահմանի մոտակայքից, իսկ կառավարությունը հասկացրել է, որ հնարավոր է՝ վերանայի իր գործողությունները:
Կիրակի օրը բազմաթիվ տանկեր և այլ մեքենաներ հեռացել են Գազայից: Շաբաթ օրը վարչապետ Բենյամին Նաթանյահուն հեռուստատեսությամբ հայտնել է, որ զորքերը կվերանայեն գործողությունը սահմանի տակ գտնվող Համասի ռազմական թունելների ոչնչացումից հետո: Անվտանգության ոլորտի պաշտոնյաները հայտնել են, որ թունելների ոչնացման առաքելությունը չեղյալ է հայտարարվում:
Միևնույն ժամանակ, Նաթանյահուն Համասին զգուշացրել է, որ Իսրայելի վրա հրթիռներ արձակելու դեպքում անհավանական պատասխան կստանան:
Իսրայելը կիրակի օրը Գազայի հարավային մասում օդային հարձակում է իրականացրել՝ չնայած այն պնդումներին, որ իրենք պատրաստվում են վերջացնել 27 օր տևող հարձակումը Գազայի վրա: Գազայի առողջապահության ոլորտի պաշտոնյաների խոսքով՝ կիրակի օրը տեղի ունեցած հարձակման ընթացքում ինը պաղեստինցի է զոհվել:
Անկախ
ԱՄՆ-ն Հայաստանին և Ադբրեջանին կոչ է արել պահպանելու զինադադարի ռեժիմը
ԱՄՆ-ն իր անհանգստությունն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին առաջացած լարվածության պատճառով` կոչ անելով կողմերին պահպանելու զինադադարի ռեժիմը: «Մենք ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին և կողմերին կոչ ենք անում վճռական միջոցների դիմել լարվածությունը թուլացնելու համար, ինչպես նաև հարգել զինադադարի ռեժիմի սկզբունքները»,-ասված է ԱՄՆ Պետքարտուղարության մամլո խոսնակ Մերի Հարֆի հայտարարության մեջ:
Վերջինիս խոսքով` ԱՄՆ-ն նաև կոչ է անում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին առաջին իսկ հնարավորության դեպքում վերսկսել բանակցությունները հիմնական հարցերի շուրջ: Հարֆն ընդգծել է, որ Վաշինգտոնը ԵԱԿՀ Մինսկի խմբի շրջանակներում շարունակում է աշխատել և ջանքեր գործադրել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար:
Թուրքիան իր ցավակցությունն է հայտնել Ադրբեջանին
«Անադոլու» գործակալության հաղորդմամբ` Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն իր ցավակցուկթյուններն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին զոհված ադրբենջանցի զինվորների ընտանիքներին և հարազատներին:
Դավութօղլուն նաև հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի իր գործընկերոջ` Էլմար Մամեդյարովի հետ` նշելով, որ նման դեպքերը դեռևս շարունակվում են, քանի որ ԼՂ հակամարտությունը լուծում չի ստացել:
Նախարարը հիշեցրել է, որ Թուրքիան միշտ պաշտպանում է Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը», ինչպես նաև նշել հակամարտության շուտափույթ կարգավորման անհրաժեշտության մասին: «Թուրքիայի ժողովրդի և պետության անունից ցավակցում եմ զոհված զինվորների ընտանիքներին: Նրանց կորստի ցավը մնում է մեր սրտերում»,-ասել է Դավութօղլուն:
Իսրայելը չի պատրաստվում նահանջել
Իսրայելական բանակը հայտարարել է, որ 24 ժամվա ընթացքում պատրաստվում է ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի թունելները` այսպիսով հասկացնելով, որ չի պատրաստվում նահանջել և գնալ զինադադարի: Իսրայելը ծրագրել է Գազայի և Իսրայելի միջև անվտանգության գոտի ստեղծել, որը կգտնվի իսրայելացի զինվորների վերահսկողության տակ:
Նշենք, որ Գազայի հատվածում հուլիսի 7–ից վերսկսված ռազմական գործողությունների հետևանքով արդեն 1650 մարդ է զոհվել, 8900 հոգի վիրավորվել է:
Թայիփ Էրդողանը գնալով կորցնում է Մերձավոր Արևելքի աջակցությունը
ԱՄՆ-ում տեղակայված «Pew Research Center» հետազոտական կենտրոնը հրապարակել է 2012 թվականին սկսած մի ուսումնասիրության արդյունքները, որտեղ ներկայացված է, թե Մերձավոր Արևելքի բնակչությունն ինչպես է վերաբերում Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանին:
Յուրաքանչյուր երկրում առերես հարցմանը մասնակցել է մոտ հազար մարդ: Արդյունքների համաձայն` մեկ տարվա ընթացքում այս տարածաշրջանում Էրդողանին ցուցաբերվող աջակցությունն աստիճանաբար նվազել է: Աճ նկատվել է միայն Իսրայելում, սակայն վերջին իրադարձություններից հետո պատկերն, իհարկե, փոխվել է:
Այն դեպքում, երբ Իսրայելի բնակչության 60 տոկոսն էր աջակցում Էրդողանին, Պաղեստինում այս ցուցանիշը 55 տոկոս է կազմում: Լիբանանում և Թունիսում պատկերը նույնն է` 49 տոկոս: Իսկ ահա Եգիպտոսում բնակչության 42 տոկոսն է համակրում Էրդողանին: Ինչ վերաբերում է հենց Թուրքիայի բնակչությանը, ապա այստեղ ևս բացասական փոփոխություն է տեղի ունեցել: Թուրքիայի քաղաքացիների կեսը` 51 տոկոսը, պատրաստ է իր ձայնը տալու Էրդողանին: Այս ցուցանիշը իր հաստատումը կգտնի առաջիկա նախագահական ընտրություններում:
Ադրբեջանում հերթական իրավապաշտպանն է ձերբակալվել
Այսօր Ադրբեջանում Նասիմինի շրջանային դատարանն իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը՝ 3 ամիս ժամկետով, հաղորդում է “Կոնտակտ” կայքը:
Ինչպես տեղեկացրել է փաստաբան Հալիդ Բագիրովը, այն բանից հետո, երբ Ջաֆարովը ցուցմունքներ է տվել գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների գծով քննչական վարչությունում, նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի անօրինական ձեռնարկատիրության, հարկերից խուսափելու և պաշտոնական լիազորությունների չարաշահման հոդվածներով։ Վերջինս քննչական վարչություն էր հրավիրվել մի շարք տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների գործով ցուցմունք տալու նպատակով:
Ջաֆարովը 2006թ.-ից զբաղվում է իրավապաշտպան գործունեությամբ: Եղել է “Երգ հանուն ժողովրդավարության” և “Արվեստ հանուն ժողովրդավարության” իրավապաշտպան կազմակերպությունների ակտիվ մասնակից: Այս կազմակերպությունները զբաղվում են քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանությամբ:
Ստրասբուրգում ԵԽԽՎ վերջին նիստի ժամանակ Ռասուլ Ջաֆարովը և մի շարք այլ իրավապաշտպաններ հանդես էին եկել Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդիրների վերաբերյալ զեկույցով: Բացի այդ, մոտ մեկ ասմիս առաջ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստին Ջաֆարովը և այլք անցկացրել են քաղաքացիական հասարակության խնդիրների վերաբերյալ հանրային լսումներ:
Այս երկու իրադարձություններն առաջացրել էին Բաքվի զայրույթը:
Լուգանսկում երկու ադրբեջանցի գործարար է անհետ կորել
Ուկրաինայի Լուգանսկի շրջանում` Կրասնոդոն քաղաքում, ադրբեջանական սփյուռքի երկու ներկայացուցիչ է անհայտ կորել: Այս անձիք գործարարներ Ջահանգիր Ալիևը(ծնվ. 1964թ.) և Իքրամ Ադիլովն (ծնվ. 1974 թ.) են, հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը:
Ըստ Ադիլովի եղբոր` Ռասիմ Ադիլովի` հուլիսի 30-ին երկու գործարարներն աշխատանքի բերումով գնացել են Ռուսաստանին սահմանակից Կրասնոդոն քաղաք: Այդ օրը Կրասնոդոնը ենթարկվել է անջատողականների հարձակմանը: Գործարարների հետ կապվելու հարազատների փորձերն ապարդյուն են անցել: Նրանց հեռախոսներն անջատված են:
Երկու գործարարներն էլ ծնունդով Ադրբեջանից են:
Ալաեդին Բորուջերդին. «Իրանի միջուկային գործունեությունը փոփոխություն չի կրել»
Իրանի խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Ալաեդին Բորուջերդին ասել է, որ Իրանի միջուկային գործունեությունը փոփոխություն չի կրել:
«Արաքի ծանր ջրի և Ֆորդոյի օբյեկտների ատոմակայանի գործունեությունը, որպես Իրանի միջուկային ծրագրի բնական ու տրամաբանական մի գործընթաց , ապագայում ևս շարունակվելու է: ԱՄՆ-ի կողմից ներկայացված ցանկացած հավակնություն, միմիայն արտոնություններ ստանալու և մեղքն այլոց վրա բարդելու նպատակով է կատարվում: Իրանական բանակցող պատվիրակությունը թույլ չի տա խաթարվեն Իրանի ժողովրդի գիտական նվաճումները և միջուկային թեմային չառնչվող խնդիրներ արծարծվեն եզրափակիչ բանակցություններում»,- ասել է Իրանի խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահը:
Ավելի վաղ, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը հայտարարել է, որ Իրանի միջուկային համաձայնությունը լիարժեք չէ և այն միայն ժամանակ շահելու համար է:
Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:
Իրանը նախատեսում է դիզելային վառելիք արտահանել Իրաք և Աֆղանստան
Իրանի նավթի ազգային ընկերության տնօրեն Մուսթաֆա Քաշքուլին հայտնել է, որ առաջիկայում Իրանը հեղուկ վառելիք կսկսի արտահանել Իրաք և Աֆղանստան:
««Հարավային Ֆարս» գազային հանքավայրի նոր հոսքագծերի շահագործման արդյունքում կավելանա արդյունահանվող բնական գազի ծավալը: Հետևաբար, Իրանը զգալի քանակությամբ հեղուկ վառելիք կունենա, որը հնարավոր կլինի արտահանել հարևան երկրներ»,- ասել է Իրանի նավթի ազգային ընկերության տնօրենը:
Մուսթաֆա Քաշքուլին նշել է, որ Աֆղանստան արտահանվող դիզելային վառելիքի հարցը գրեթե լուծված է:
Նշենք, որ հեղուկ վառելիքի արտահանումը մեծ շահույթ կբերի Իրանին և այս ուղղությամբ Իրանի համար կբացվեն նոր հետանկարներ:
Այդ է պատճառը, որ Իրանի նավթի նախարարությունն ազգային շահերի ապահովման և արտասահմանյան ներդրողներին ներգրավելու համար, ցանկանում է փոփոխություններ կատարել նավթային պայմանագրերում: Ինչ խոսք, դա կնպաստի, որպեսզի Իրանի և արտասահմանյան նավթընկերությունների համագործակցությունը առավել արդյունավետ ու եկամտաբեր դառնա:
Վերջերս Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ Իրանը նավթային պայմանագրերի ստորագրման շուրջը բանակցություններ է վարում եվրոպական ընկերությունների հետ, սակայն վերջիններս դեռևս այդքան էլ պատրաստ չեն դրան:
Իրանի նավթային նոր պայմանագրերի կարևորագույն յուրահատկություններն են լինելու` շղթայական արդյունահանումների կատարելագործումը, զարգացումը, շահագործումը, ավելի մեծ քանակով ներքին ու արտասահմանյան ներդրողների ներգրավումը, անգամ` վերջիններիս միջև հնարավոր մրցակցության ստեղծումը:
Իրանը կարող է օգտվել օտար ներդրողների օգնությունից՝ իրագործելու «Հարավային Ֆարս» հսկայական գազային հանքավայրի մշակման մնացյալ երկու փուլերը:
Ուշագրավ է, որ իրանական «Հարավային Ֆարս» հանքավայրի գազային պաշարները կազմում են մոտ 14 տրիլիոն խորանարդ մետր գազ, կամ էլ գազի համաշխարհային պաշարների մոտ 8 տոկոսը:
Փորձագետները նշում են, որ, եթե պատժամիջոցներ այլևս չկիրառվեն, ապա մինչև 2018-ն Իրանում արդյունահանվող անմշակ նավթի ծավալն օրական կհասնի 5,7 մլն բարելի:
Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:
Հնդկաստանում սողանքի զոհերի թիվը հասել է 73-ի
Հնդկաստանի կենտրոնական հատվածում սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 73-ի, հաղորդում է | «Газета.Ru»-ն:
Նշվում է նաև, որ դեռևս 80 մարդ մնում է փլատակների տակ: Մեկ օրում փրկարարներին հաջողվել է 29 մարդու մարմին դուրս բերել, 8-ին փրկել են:
«Մենք աշխատանքների 50%-ը կատարել ենք, մնացածի համար կպահանջվի 48-72 ժամ»,-հայտարարել են նրանք:
Ավելի վաղ տեղեկություն կար 50 զոհի մասին:
Իսպանացի ֆիզիկոսը գույնը փոխող պաղպաղակ է ստեղծել
Իսպանացի ֆիզիկոս ինժեներ Մանուել Լինարեսը քամելեոն պաղպաղակ է ստեղծել, որը գույնը փոփոխում է ուտելուն զուգընթաց: Ուտելու ընթացքում պաղպաղակը երկնագույնից դառնում է վարդագույն, ապա` մանուշակագույն: Լինարեսը վստահեցնում է, որ օգտագործվել են միայն բնական բաղադրիչներ:
Այն փոխում է գույնը մարդու թքի հետ փոխազդեցության արդյունքում` ջերմության փոփոխությամբ պայմանավորված: Նորույթի մշակման համար ինժեներից ընդամենը մեկ շաբաթ է պահանջվել: Իսկ համով նոր պաղպաղակը տարբեր մրգերի խառնուրդ է հիշեցնում:
Մանուել Լինարեսը միակը չէ, որ որոշել է փորձարարություն կատարել պաղպաղակի թեմայով: Բրիտանացի հրուշակագործ Չառլի Հարրի Ֆրենսիսը միանգամից մի քանի տեսակի հեղինակ է դարձել` լուսարձակող, վիագրայի պարունակությամբ ու հեղուկ ազոտով:
Չինաստանի մետաղագործարանում պայթյունից 65 մարդ է զոհվել
Չինաստանի մետաղագործարանում պայթյունից 65 մարդ է զոհվել, ավելի քան 130-ը վիրավորվել են, .նրանց թիվն այժմ ճշգրտվում է: Ինչպես տեղի ԶԼՄ-ներն են հայտնում, պայթյունը եղել է առավոտյան տեղի ժամանակով ժամը 8-ի մոտ, երկրի հարավում գտնվող Կունշան քաղաքի ձեռնարկությունում:
Հիմա ողբերգության վայրում փրկարարներ ու բժիշկներ են աշխատում: Փորձում են պարզել պայթյունի պատճառները: