Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսարանի շենքի դիմաց մայիսի 21-ին կանցկացվի հիշատակի արարողություն՝ նվիրված Ռուսական կայսրության կողմից Հյուսիսային Կովկասից չերքեզների արտաքսման 150-րդ տարելիցին: Չերքեզների ասոցիացիաների ֆեդերացիայի հայտարարության համաձայն՝ աշխարհի մոտ 20 քաղաքներում բնակվող չերքեզները պատրաստվում են աշխարհին տեղեկացնել 1864 թվականի մայիսի 21-ին տեղի ունեցածի մասին: Հայտարարության մեջ ասում է, որ ցարական Ռուսաստանը պարբերաբար իրականացրել է չերքեզների կոտորածներ, որոնց հետևանքով մոտ 1 մլն մարդ է զոհվել, նույնքան էլ արտաքսվել է Օսմանյան կայսրություն:
Առևանգված նիգերիացի աղջիկներին պահում են Սամբիսա անտառում
Նիգերիայում գործող «ENDS» հասարակական կազմակերպության ղեկավար Պերեգրինո Բրիման «Անադոլու» գործակալության թղթակցին հայտնել է, որ ծայրահեղական «Բոկո Հարամ» խմբավորումը առևանգված նիգերիացի աղջիկներին պահում են Սամբիսա անտառում: Նրա խոսքերով՝ այս տեղեկությունը ստացել են այն 8 մարտիկներից, որոնց անցած գիշեր գերևարել են Բորնո նահանգում: Հայտնի է, որ առևանգված 234 աղջիկներին բաժանել են 3 խմբի և դեռևս պահում են անտառում:
Անկախ
9 հազար պարող Նյու Յորքում մասնակցել է փողոցային պարերի 8-րդ շքերթին
Նյու Յորքում տեղի է ունեցել փողոցային պարերի 8-րդ շքերթը: Միջոցառումը նվիրված է եղել ամերիկացի հայտնի պարող Ֆրենկի Մենինգի ծննդյան 100-ամյակին: Շքերթին մասնակցել է 9 հազար պարող 70 պարային խմբերից, որոնք ներկայացրել են պարային տարբեր ոճեր՝ սկսած բալետից մինչև բրեյք դանս և ժողովրդական պարեր: Պարային շքերթը սկսվել է Բրոդվեյից և անցնելով Մանհեթնը՝ ավարտվել Թոմպքինսի հրապարակում:
26 իտալուհի Հռոմի պապին խնդրել են կաթոլիկ հոգևորականներին թույլ տալ ամուսնանալ
Իտալիայում 26 կին, որոնց մեծ մասը իտալուհիներ են, նամակ են հղել Հռոմի պապին՝ խնդրելով հանել հոգևորականների ամուսնության արգելքը: Կանայք նամակում նշել են, որ կաթոլիկ հոգևորականները ստիպված են թաքցնել իրենց սիրային կապերը: «Թողեք, որ մեր սիրած հոգևորականները կարողանան երեխաներ ունենալ, կարողանան գրկել իրենց երեխաներին: Խնդրում ենք վերանայել այս արգելքը: Սա անարդարություն է»,-ասված է նամակում, որի տակ ստորագրել է 26 կին:
Անկախ
Թուրքիայում ածխահանքի պայթյունի գործով հետաքննություն է սկսվել
Թուրքիայի Սոմայի շրջանում ածխահանքում տեղի ունեցած պայթյունի գործով հետաքննություն է սկսվել: Արդեն կալանավորվել է 18 հոգի, որոնց թվում են Սոմա ածխահանքի ղեկավար բարձրաստիճան 5 պաշտոնյաներ: Հայտնի է, որ ոստիկանական բաժանմունք են տեղափոխվել Սոմա ձեռնարկության գլխավոր տնօրեն Ռամազան Դողրունը և գործադիր տնօրեն Աքըն Չելիքը: Հետաքննության շրջանակներում, որին մասնակցում է 28 դատախազ, մի կողմից ուսումասիրություն է անցկացվում հանքում, մյուս կողմից հավաքվում են ցուցմունքներ:
ԼՂՀ Քաշաթաղի բնակիչները փակել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ճանապարհը.news.am
ԼՂՀ Քաշաթաղի շրջանի վարչական կենտրոն Բերձորի մատույցներում բնակիչները փակել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Ժակ Ֆորի (Ֆրանսիա) եւ Իգոր Պոպովի (Ռուսաստան) ճանապարհը, որոնք հերթական տարածաշրջանային այցն էին կատարել: Համանախագահները ստիպված են եղել դուրս գալ մեքենաներից եւ լսել բնակիչների պահանջները:
Բերձորից NEWS.am-ի թղթակցին հայտնել են, որ ճանապարհը փակել է տեղի երիտասարդությունը՝ պաստառներով, որոնց վրա գրված է եղել. «Մենք ենք այս հողի տերը», «Հարգեք մեր իրավունքները, մենք մեր որոշումը կայացրել ենք դեռ 1991-ին», «Ոչ միջազգային ուժերի տեղակայմանը»:
Մի քանի րոպե շփվելով ակցիայի մասնակիցների հետ եւ լսելով նրանց պահանջները, համանախագահները ամբոխի միջով հասել են տեղի վարչակազմի շենքին, որտեղ կարճ հանդիպում են ունեցել Քաշաթաղի շրջանի ղեկավար Սուրեն Խաչատրյանի հետ:
Շարունակությունը՝սկզնաղբյուր կայքում:
Իրանցի կանայք բողոքել են առանց գլխաշորի լուսանկարների նախաձեռնության դեմ
Իրանի մայրաքաղաք Թեհրանում տեղակայված Պաղեստինի հրապարակում մի խումբ կանայք բողոքել են «Facebook» սոցիալական կայքում հրապարակված առանց գլխաշորի լուսանկարների դեմ: «Իմ գաղտնի ազատությունը» անունը կրող «Facebook»-յան նախաձեռնության մասնակիցները այդ լուսանկարներով իրենց բողոքն են արտահայտում երկրում գլխաշորի պարտադրանքի դեմ: «Ռադիկալի» հաղորդմամբ՝ այսօր ուրբաթօրյա նամազից հետո հրապարակում հավաքված կանայք դեմ են արտահայտվել այս նախաձեռնության՝ համոզմունք հայտնելով, որ գլխաշորը Ալլահի պատգամն է և այն ժխտողները անամոթներ են:
Չինաստանում բացվել է ամուսնությունների շուկա
Չինաստանում բացվել է ամուսնությունների շուկա, որտեղ ծնողները իրենց երեխաների համար հարմար ամուսին կամ կին են ընտրում:
Յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին՝ անկախ եղանակային պայմաններին, Շանհայի Ժողովուրդների այգին լի է այդտեղ փակցված միայնակ սրտերի վերաբերյալ հաղորդագրությունները ընթերցող հայրիկներով և մայրիկներով:
Այգու անցուղիների, ծառերի վրա ծնողները հարյուրավոր կենսագրականներ են փակցնում՝ երբեմն նույնիսկ առանց իրենց երեխաների իմացության:
Հայտարարությունների մեջ ծնողները նշում են իրենց երեխաների հասակը, տարիքը, եկամուտը, կրթությունը, չինական կենդանակերպի նշանը, ինչպես նաև արդյո՞ք մեքենա կամ բնակարան ունեն, թե ոչ:
Իրենց երեխաների տվյալների համապատասխանության դեպքում ծնողները այգում քայլում են, խոսելով այլ ծնողների հետ, որպեսզի տեսնեն արդյո՞ք հարմար են, թե ոչ:
Շանհայի ամուսնությունների շուկան նման է առցանց հանդիպումներին, սակայն ոչ վիրտուալ համակարգով:
Չնայած Չինաստանում երիտասարդները արդեն երկար ժամանակ է, ինչ իրենք են ընտրում իրենց երկրորդ կեսին՝ այնուամենայնիվ չինացի ծնողները դեռևս փորձում են իրենք ընտրություն կատարել՝ մտածելով, որ իրենց երեխաները կա՛մ չափազանց զբաղված են, կա՛մ այնքան էլ ակտիվ չեն իրենց փնտրտուքների մեջ:
Շանհայի ամուսնությունների շուկան մեկն է Չինաստանում առկա նման մի քանի բացօթյա շուկաներից, և չնայած յուրաքանչյուր ոչ աշխատանքային օրերին հազարավոր ծնողներ են այցելում այդտեղ՝ շուկայի հաջողության ցուցանիշը մնում է ցածր:
Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամադ Մուրսիի դատալսումը հետաձգվել է մինչև հունիսի 2-ը
Եգիպտոսի պաշտոնանկ արված նախագահ Մուհամադ Մուրսիի նկատմամբ հարուցված դատական գործի լսումները հետաձգվել են մինչև հունիսի 2-ը: Այս գործով կալանավորված է ևս 35 հոգի: Հայտնի է, որ դատալսումը հետաձգվել է վկաների ցուցմունքների և հետաքննության նյութերի հետ ծանոթանալու նպատակով: Մուհամադ Մուրսին և մյուս ամբաստանյալները մեղադրվում են Եգիպտոսում ահաբեկչություններ իրականացնելու համար օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների հետ համագործակցելու մեջ:
Եմենում անցկացվել է «Խաղաղության մարաթոն»
Եմենի մայրաքաղաք Սանայում սպորտի և երիտասարդության նախարարության, ինչպես նաև մի շարք հկ-ների նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Խաղաղության մարաթոն», որի նպատակն է վերջ դնել աշխարհում տիրող բռնությանը: Մարաթոնը, որին մասնակցել են ուսանողներ, լրագրողներ և պատգամավորներ, սկսվել է Թահրիր հրապարակից և ավարտվել պատմական Բաբ ալ Եմեն կոչվող վայրում: Մարաթոնի մասնակիցներից Յուսուֆ Աջլանը նշել է, որ իրենք նպատակ ունեն ցույց տալու, որ եմենցիներն ամենից շատ ուզում են ապրել խաղաղ միջավայրում՝ առանց բռնության ու քաղաքական հակամարտությունների:
Թուրքիայում ածխահանքից դուրս են բերել վերջին 2 հանքափորին
Թուրքիայում Սոմայի ածխահանքում տեղի ունեցած պայթյունից մոտ 96 անց փրկարարներին հաջողվել է դուրս բերել վերջին 2 զոհված հանքափորի մարմինները: «Անադոլու» գործակալության հաղորդմամբ՝ աշխատանքները դանդաղել են անձրևի հետևանքով առաջացած կավային զանգվածի պատճառով, որը խոչընդոտել է շտապ օգնության մեքենաների մուտքը տարածք: Այսպիսով զոհերի թիվը հասավ 301-ի, փրկվեց 485 հանքափոր:
Կաննում ուկրաինացի լրագրողը մտել է Ամերիկա Ֆերերայի շրջազգեստի տակ (տեսանյութ)
Ուրբաթ օրը՝ մայիսի 16-ին, Կաննի կինոփառատոնում ձերբակալել են մի տղամարդու, որը փորձել է մտնել Ամերիկա Ֆերերայի շրջազգեստի տակ: Տղամարդը ուկրաինացի լրագրող Վիտալի Սեդյուկն է եղել, որը կարմիր գորգի վրա հաճախակի կատակներ է անում:
Ֆերերան այլ դերասանների հետ լուսանկարվելիս է եղել, երբ Սեդյուկը մտել է նրա շրջազգեստի տակ: Տղամարդուն հաջողվել է արագ հայացք նետել շրջազգեստի թափանցիկ հատվածով՝ նախքան անվտանգության աշխատակիցները կհեռացնեին նրան կարմիր գորգից:
Ֆերերան հագիստ, սակայն վրդովված տեսք ուներ: Աստղերը միջադեպից հետո շարունակել են ժպտալով լուսանկարվել:
Սեդյուկը Բրեդլի Քուպերի և Լեոնարդո Դիկապրիոյի առջև ծնկի գալու վատ համբավ ունի: Նրան մի անգամ ապտակել են Ուիլ Սմիթի շուրթերը համբուրելու փորձի համար: Նա նաև ընդհատել է 55-րդ Գրեմի մրցանակաբաշխությունը՝ Ադելի ելույթը բոյկոտելու նպատակով բեմ բարձրանալով:
Բանակցություններից առաջ արևելյան Ուկրաինայում կրակոցներ են հնչել
Ուկրաինայի ճգնաժամը լուծելու նպատակով Եվրոպայի միջնորդությամբ կազմակերպվելիք բանակցությունների երկրորդ փուլից առաջ Սլովյանսկ քաղաքի մոտակայքում երկարատև կրակոցներ են հնչել:
Կրակահերթը սկսվել է այն ժամանակ, երբ Կիևի կառավարությանը հավատարիմ ուժերը մտել են Անդրեևկա գյուղ հեռուստատեսային աշտարակը պաշտպանելու նպատակով: Բնակիչների տեղեկություններով՝ կրակոցները շարունակվել են ամբողջ գիշեր, իսկ շաբաթ առավոտյան տեսանելի են եղել դրանց հետևանքով առաջացած ավերակները: Վիրավորների մասին տեղեկություններ չկան:
Կառավարության ուժերը շատ քիչ հաջողություններ են ունեցել Ուկրաինայի արևելյան շրջաններ Դոնեցկը և Լուգանսկը անկախ հռչակած ռուսամետ ուժերի նկատմամբ:
Ճգնաժամի լուծման համար Խարկով քաղաքում շաբաթ օրը բանակցություններ տեղի կունենան:
Նյու Յորքի Թուրքական ֆիլմերի փառատոնի առաջին օրվա հասույթը հատկացվել է զոհված և վիրավորված հանքափորների ընտանիքներին
Նյու Յորքում ընթացող Թուրքական ֆիլմերի փառատոնի առաջին օրվա ցուցադրություններից ստացված հասույթը տրամադրվել է Սոմայի ածխահանքի պայթյունից տուժած հանքափորներին: Փառատոնի բացմանը ցուցադրվել է անցած տարի հեղինակավոր «Օսկար» ամենամյա կինոփառատոնին առաջադրված «Թիթեռնիկի երազը» («Kelebeğin rüyası») ֆիլմը: Հանդիսատեսը մեկ րոպե լռությամբ հարգել է զոհված 299 հանքափորների հիշատակը: Արդյունքում հավաքված 55 հազար դոլար գումարը կփոխանցվի զոհված և վիրավորված հանքափորների ընտանիքների օգնության հիմնադրամին: Փառատոնը կտևի մինչև մայիսի 25-ը: Սոմայի ողբերգության հետ կապված՝ նախատեսված պաշտոնական ընդունելությունը տեղի չի ունենա:
Սոմայի ածխահանքում կրկին հրդեհ է բռնկվել, ներսում դեռ 3 հանքափոր է մնում
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզի վերջին հայտարարության համաձայն՝ Սոմայի ածխահանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 299-ի: Նախարարը նշել է, որ ածխահանքում կրկին հրդեհ է բռնկվել: «Ածխահանքի մեկ այլ մասում հրդեհ է բռնկվել: Մոտ 200-300 մ ավելի խորը մի կետում: Առայժմ այն տեղային բնույթի է, սակայն կարևոր և անհրաժեշտ է ուշադրություն հրավիրել դրան: Ներսում ամենաշատը 3 հոգի է մնացել: Հրդեհը դեռ նոր է բռնկվել, 30-45 րոպե առաջ: Գիշերը շատ արդյունավետ աշխատանք է տարվել: Փրկարարական ծառայությանը հաջողվել է 15 հոգու դուրս բերել: Անելու ենք անհրաժեշտ ամեն ինչ»,-հայտարարել է նախարար Յըլդըզը:
Ջենիֆեր Լոպեսը բուսակեր է դարձել
Շատ են այն երաժիշտները որոնք բուսակեր են: Վերջերս նրանց շարքն է անցել նաև Ջենիֆեր Լոպեսը: Երգչուհին հայտնել է, որ վաղուց էր ցանկանում դառնալ բուսակեր ու վերջապես կատարեց իր ընտրությունը: Եվ վստահեցնում է, որ հիմա շատ ավելի լավ է զգում:
“Այո, ես իսկապես էլ շատ ավելի լավ եմ զգում: Բոլորին էլ խորհուրդ եմ տալիս փորձել: Առավոտյան արթնանում ես ու գերազանց ես քեզ զգում”,-հայտարարել է Լոպեսը:
Երգչուհին նշել է, որ միայն կարագն է կարոտում, սակայն, ի ուրախություն իրեն, արդեն գտել է դրան համարժեք բուսականը, որը համով կարագից չի տարբերվում”:
Իտալիայում բանտային կալանքի ժամկետը կկրճատվի ընթերցանության դիմաց
Կալաբրիի տարածաշրջանային կոմիտեն հավանության է արժանացրել օրենքի այն նախագիծը, որով նախատեսվում է գրքեր կարդալու դիմաց կրճատել բանտային ժամկետը, յուրաքանչյուր գրքի դիմաց` 3 օր: Մեկ տարում ընթերցանությամբ կարելի է կրճատել մինչև 48 օր, դա նշանակում է, որ բանտարկյալը պետք է 12 ամսվա ընթացքում 16 գիրք կարդա:
Տվյալ առաջարկը տարածվում է միայն այն կալանավորների վրա, որոնց պատժաժամկետը առնվազն 6 ամիս է: Իսկ խաբեությունից խուսափելու նպատակով, պրոգրեսին հետևելու են բանտում կրթությամբ զբաղվող մարդիկ:
Հիմա նման նախագիծ է քննարկվում նաև Բրազիլիայում, որը պետք է դեռևս հավանության արժանանա Կալաբրիի տարածաշրջանային խորհրդում:
Իսկ Իտալիայի բանտերում գրական շաբաթ է կազմակերպվել: Երեկվանից սկսած իտալացի 65 գրող է այցելելու 150 բանտ` զրուցելու գրքերի, գրականության դերի մասին: Նրանք մտադիր են կիսվել իրենց ընթերցողական ու գրողական փորձով:
Գաղափարի հեղինակը լրագրող ու գրող Մարկո Ֆերարին է, որը իտալական բանտերն ավելի մարդասիրական դարձնելու կոչ է անում: Նա իր գործընկերներին առաջարկել է բանտեր այցելել` հասկանալով, թե որքան կարևոր է գրավոր խոսքը որպես անազատության, պայմաններում անհատականությունը պահպանելու միջոց ու մեթոդ:
Այս տարի նման ակցիա առաջին անգամն է անցկացվում, սակայն ապագայում կազմակերպիչները ցանկանում են նաև մշակույթի մյուս գործիչներին էլ ներգրավել:
Արքանզասում գեյ-ամուսնությունները թույլատրելուց 5 օր հետո կրկին արգելվել են
Արքանզասի Գերագույն դատարանը ժամանակավոր, թույլատրելուց 5 օր հետո դադարեցրել է նույնասեռ ամուսնությունների գրանցումը նահանգում:
Անցած շաբաթ նահանգի ստորին ատյանի դատարանը նույնասեռ ամուսնությունների արգելքը վերացրեց ու երկուշաբթի օրվանից ավելի քան 450 ԼԳՏԲ զույգ հասցրեց ամուսնանալ:
Սակայն, հիմա գերագույն դատարանը կասեցրել է դատարանի որոշման գործունեությունը մինչ այն պահը, երբ կքննարկվի բողոքարկումը:
Վերջին մի քանի ամսում Միչիգանը, Տեխասը, յուտան, Օկլահոման ու Վիրջինիան վերանայել են իրենց օրենսդրությունը հօգուտ ԼԳՏԲ զույգերի: Սակայն ԱՄՆ-ի պահպանողական հարավում միայն Արքանզասն է համարձակվել նման քայլի:
Թավրիզի օդանավակայանում կկառուցվի նոր միջազգային թռիչքուղի
Իրանի ճանապարհաշինության նախարար Աբաս Ախունդին Թավրիզ կատարած այցի ընթացքում հանդիպել է Թավրիզի օդանավակայանի տնօրեն Մոհամմեդ Ալի Իլհանի և քաղաքապետ Սադեկ Նեջեֆի հետ:
Հանդիպման ժամանակ կողմերը համաձայնություն են ձեռք բերել, որպեսզի Թավրիզի օդանավակայանում կառուցվի միջազգային նոր թռիչքուղի: Այն կրելու է «Շահիդ Մադանի» անունը:
Թռիչքուղու երկարությունը կլինի 14 կմ: Նախնական հաշվարկներով թռիչքուղու կառուցման համար կծախսվի 12 մլն դոլար:
Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:
Արգենտինան Իրանի հետ կնքած հուշագիրը հակասահմանադրական է ճանաչել
Նախօրեին Արգենտինայի դաշնային դատարանի կոլեգիայի վճռով Իրանի հետ 1994-ի ահաբեկչության հետաքննության մասին հուշագիրը հակասահմանադրական է ճանաչվել:
Վճռում գրված է, որ Բուենոս Այրեսում 1994-ի հուլիսի 18-ի ահաբեկչության հետաքննության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը հակասում է Արգենտինայի սահմանադրությանը։ Փաստատուղթը 2013-ի հունվարի 27-ին ստորագրել էին Արգենտինան և Իրանը։
«Երկրի իշխանությունները պետք է զերծ մնան հուշագրի դրույթների կատարումից այնքան ժամանակ, քանի դեռ չեն սպառվել արդարադատության բոլոր միջոցները»,–մեջբերվում է վճռում։
Արգենտինայի իշխանությունները կարծում են, որ ահաբեկչությունը կազմակերպել են Իրանի ութ քաղաքացիներ: Նրանց թվում է նաև Իրանի պաշտպանության նախկին նախարար Ահմադ Վահիդին։
Դաշնային դատարանը մտադիր է Ինտերպոլից նրանց ձերաբակալելու թույլտվություն ստանալ։
Իրանի ներկայացուցիչները պնդում են, որ նրանք անմեղ են և կապ չունեն հրեական մշակութային կենտրոնում կազմակերպված այդ ահաբեկչության հետ։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարզիե Աֆհամը, անդրադառնալով արգենտինյան կողմի կատարած քայլին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Արգենտինայի դատարանի վճիռը սխալ է:
«Այդ հուշագիրը հարմար միջոց էր 1994-ի աղետի մասին ճշմարտությունը պարզելու և կողմերի միջև գոյություն ունեցող խնդիրը կարգավորելու համար: Իրանի կառավարությունը վստահ է, որ իր քաղաքացիների դեմ ուղղված մեղադրանքներն անհիմն են »,-հայտարարել է խոսնակը:
Ահաբեկչությունը, որի համար Արգենտինան մեղադրում է Իրանին, կատարվել էր 1994-ի հուլիսի 18-ին Բուենոս Այրեսում: Մահապարտ ահաբեկիչը հրեական մշակութային կենտրոնում պայթյուն էր իրականացրել, որի հետևանքով զոհվել էր 85, վիրավորվել 200 մարդ:
Այս մասին տեղեկացնում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը: