Լևոն Արոնյանը երկրորդն է

chessԱշխարհի ուժեղագույն շախմատիստների դասակարգման աղյուսակում Լևոն Արոնյանը ներկայումս երկրորդ հորիզոնականում է: 

Ահա թե ովքեր են իրենց վարկանիշով առաջատարները.

1.         Կառլսեն                  2868.0

 2.        Արոնյան                  2814.6

 3.        Կրամնիկ                 2801.3

 4.        Անանդ                     2779.8

 5.        Կարյակին               2779.5

 6.        Գրիշչուկ                  2779.2

 7.        Թոփալով                 2778.4

Ձախորդ օրեր Բուդապեշտում

13556Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում շարունակվող ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում  81 կգ քաշային կարգում Հայաստանից հայտավորված էր երկու մարզիկ:

Ռաֆայել Դավթյանը պարտվեց 1/32 եզրափակչում, իսկ Մհեր Կարապետյանը` 1/16 եզրափակչում:
Ապրիլի 27-ին տատամի դուրս կգա 100 կգ քաշային Հակոբ Առաքեյլանը:

Հիշեցնենք, որ  Արմեն Նազարյանը, Գոռ Հարությունյանը (երկուսն էլ՝ 66 կգ) և 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանն ապրիլի 25-ին ձախողվել էին:

Հայկական թիմը` Կալիֆորնիայի գավաթակիր

1343Ջրագնդակի Հայաստանի ֆեդերացիայի ORWP թիմը հաջող հանդես եկավ Կալիֆորնիայի գավաթի խաղարկությունում` նվաճելով պատվավոր մրցանակը: Երանելի բարձունքը նվաճելու համար հիմնականում հայազգի ջրագնդորդներով համալրված թիմը բավականին երկար ճանապարհ անցավ: Նախ, մեր ջրագնդորդները հաղթող ճանաչվեցին Հարավային Կալիֆորնիայի լիգայի մրցաշարում, որտեղ անցկացրած 15 հանդիպումներից 14-ում հաղթեցին: Կալիֆորնիայի Ռիվերսայդ քաղաքում անցկացված եզրափակիչ մրցաշարում էլ ORWP-ն շահեց բոլոր 5 մրցախաղերը: Առաջին խաղում մեր ջրագնդորդները 18:7 հաշվով հաղթեցին «Ֆլոյին», ապա առավելության հասան «Սեթի» նկատմամբ` 9:5: Քառորդ եզրափակիչում հաղթահարվեց «Էլիթի» դիմադրությունը` 9:7: Կիսաեզրափակիչում էլ հաղթելով Ստենֆորդի թիմին (11:8), հայ ջրագնդորդներն իրավունք ստացան գավաթը վիճարկելու Հյուսիսային Կալիֆորնիայի լիգայի հաղթող «Ամերիկան Ռիվերի» հետ: Եզրափակիչ մրցախաղն աչքի ընկավ պայքարի արտակարգ լարվածությամբ ու ավարտվեց ոչ-ոքի` 10:10:

Գավաթակրին որոծեցին 5 մ-ոց տուգանային հարվածները: Մերոնք 5 անգամ գրավեցին մրցակցի դարպասը, իսկ մրցակիցը հարվածներից մեկը չկարողացավ իրացնել: Դարպասապահ Վալերի Լյուլյան հետ մղեց գնդակը` ապահովելով իր թիմի հաղթանակը: ORWP-ի կազմում հանդես եկան նաև Հակոբ Կապլանյանը, Ասատուր Գալֆայանը, Մարտին Չաթալյանը, Արման Մոմջյանը, Մանուկ Փիլոյանը, Հակոբ Բաղումյանը, Արտակ Արզումանյանը, Վիննի Սիքաթը, Գլիսերիո Վերգարան, Էդուարդ Գալֆայանը, Ջերարդ Լիիները, Դանիել Սարգսյանը: Թիմի ավագ մարզիչը Վահագն Առաքելյանն է, մարզիչը` Ալֆրեդ Թամազյանը:

Ինչքան փող է անհրաժեշտ Հենրիխ Մխիթարյանին` երջանիկ լինելու համար

index Հենրիխ ՄխիթարյանԴոնեցկի «Շախտյորի» և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, առաջիկայում փորձելու է այլ ակումբ տեղափոխվել:

Բանն այն է, որ  24-ամյա Մխիթարյանը դժգոհ է իր ներկայիս աշխատավարձից: Նա տարեկան վաստակում է մեկ միլիոն եվրո: Հենրիխը դիմել է, որպեսզի բարձրացվի իր աշխատավարձը, սակայն արձագանք չկա:

Ի դեպ, Մխիթարյանը  «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միչրա Լուչեսկուին հայտնել էր, որ ցանկանում է վաստակել 2,5 մլն եվրո:

Հավելենք, որ «Շախտյորի» ղեկավարությունը դեմ չէ, որ Մխիթարյանը հեռանա, սակայն որպես փոխհատուցում  նրան գնել ցանկացող ակումբներից պահանջում է 40 մլն եվրո:

«Չելսին» հաղթեց հյուրընկալվելիս

pic_1366927534Ավարտվեցին ֆուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի առաջին հանդիպումները: «Բազելը» հյուրընկալել էր «Չելսիին»: Լոնդոնցիներն առաջինը բացեցին խաղի հաշիվը: 12-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Մոզեսը: «Բազելի» ֆուտբոլիստներին խաղավարտից 3 րոպե առաջ հաջողվեց վերականգնել հաշվի հավասարակշռությունը, սակայն մրցավարի կողմից ավելացված խաղաժամանակում Դավիդ Լուիզի խփած գնդակը հաղթանակ բերեց «Չելսիին` 1:2:

Կիսաեզրափակչի մյուս մրցամարտում թուրքական «Ֆեներբախչեն» ընդունել էր  պարտուգալական «Բենֆիկային»: Այս խաղում Կորկմազի խփած միակ գնդակը հաղթանակ բերեց «Ֆեներբախչեին»` 1:0:

Տեխնիկական արդյունքներ

«Բազել» (Շվեյցարիա) – «Չելսի» (Անգլիա)` 1:2

Ֆաբիան Շեր, 87 – Վիկտոր Մոզես, 12, Դավիդ Լուիզ, 90+3

«Ֆեներբախչե» (Թուրքիա) – «Բենֆիկա» (Պորտուգալիա)` 1:0

Էգեմեն Կորկմազ, 72

Գելֆանդ-Արոնյան` ոչ-ոքի

արոնgelfand-aronian2Քիչ առաջ Փարիզում ավարտվեց  շախմատի Ալյոխինի հուշամրցաշարի 5-րդ տուրի Բորիս Գելֆանդի և Լևոն Արոնյանի մրցամարտը: Մեր երկրի ներկայացուցիչը խաղում էր սև ֆիգուրներով: 41-րդ քայլին գրանցվեց ոչ-ոքի: Արոնյանը վաստակած միավորների իր պաշարը հասցրեց 3-ի:

Նա առաջատարների խմբում է: Հուշմարցաշարի մասնակիցները հաջորդ 4 պարտիաները կանցկացնեն Սանկտ Պետերբուրգում:

Ապրիլի 28-ին մեր երկրի ներկայացուցիչը սպիտակներով կխաղա անգլիացի Մայքլ Ադամսի հետ:

Անհաջող օր Բուդապեշտում` Հայաստանի ձյուդոյիստների համար

ձյուդո եվրոպա 22660Բուդապեշտում մեկնարկած ձյուդոյի Եվրոպայի առաջնության առաջին օրը հաջող չէր մեր երկրի ներկայացուցիչների համար:

60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը, որից մեդալ էին ակնկալում, 1/8-րդ եզրափակիչում պարտվեց բուլղարացի Յանիսլավ Գերչևին:

Տիտղոսակիր մեր մեկ այլ ձյուդոյիստ` 66 կգ քաշային Արմեն Նազարյանը, 1/8 եզրափակիչում զիջեց ռուսաստանցի Քամալ Խան-Մուհմեդովին։

Մարզչական սեմինարը վարում է Իգոր Շեստակովը (Նորվեգիա)

DSCN3827Այսօր ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում սկսվեց սեմիներ, որին մասնակցում են Երևանի, Հայաստանի տարբեր մարզերի, Արցախի  երկու տասնյակ մարզիչներ: Այն վարում է հանդբոլի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչ Իգոր Շեստակովը (Նորվեգիա):

Նա ճանաչված մասնագետ է: Շեստակովը նախկինում բնակվել է Տաջիկստանում, խաղացել Դուշանբեի ՖԻՄԱ-ի կազմում, հանդես է եկել նաև Երևանում: Ապա  նա տեղափոխվել է Մոսկվա, թեկնածուական թեզ պաշտպանել: Մասնագետը 1992-2000-ին աշխատել է «Կունցովո» ակումբում, մարզել Ռուսաստանի հանդբոլի երիտասարդական հավաքականը:

Շեստակովը 2000-ից Նորվեգիայի հանդբոլի ֆեդերացիայի հրավերով սեմինարներ է անցկացրել այդ երկրում: Իսկ 2006-ից նա հիմնել է Հանդբոլի միջազգային ակադեմիան և սեմինարներ է կազմակերպում տարբեր երկրներում, օգնում մասնագետներին մեթոդական և տեսական հարցերում:

Այսօր, սկսելով սեմինարը, Շեստակովը տեղեկացրեց, որ անդրադառնալու է հանդբոլի մարզումների անցկացման  ժամանակակից մեթոդների մի շարք առանձնահատկություններին: Նա նաև տեղեկացրեց, որ սեմինարի մասնակիցները կարող են անկաշկանդ իրեն ուղղել բոլոր այն հարցերը, որոնք նրանց հետաքրքրում են:

Օրվա ընթացքում երկու  պարապմունք է նախախատեսված: Տեսական պարապմունքին կհաջորդի գործնականը:

Ժամը 15-ին սեմինարի մասնակիցները հանդերձափոխված հավաքվելու են ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզասրահում և գործնական պարապմունքի ընթացքում ծանոթանալու են, թե անմիջականորեն ինչ խնդիրներ կարող են ծագել մարզումների կազմակերպման ժամանակ:

Սեմինարը կշարունակվի նաև վաղը: Իսկ վերջում մասնակիցները քննություն կհանձնեն և կստանան հանդբոլի միջազգային ֆեդերացիայի հավաստագրեր:

Անի Ամիրաղյանն անհաջողության մատնվեց

102670213173780561Իտալիայի Սան Սևերո քաղաքի կորտերում անցկացվող թենիսիստուհիների միջազգային մրցաշարի քառորդ եզրափակչում անհաջողության մատնվեց Անի Ամիրաղյանը: Մեր երկրի ներկայացուցիչը 2:6, 1:6 հաշիվներով զիջեց իտալացի Մարտինա Դի Ջուզեպեին:

Պարտություններ և հաղթանակ

ձյուդո- Եվրոպա 22123Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում 66 կգ քաշային Գոռ Հարությունյանը 1/16 եզրափակչում պարտվեց ռումինացի Ռեմուս Լազեային, 81կգ քաշային Ռաֆայել Դավթյանը՝  իտալացի Մասիմիլիանո Կարոլոյին:

Իսկ ահա, 100 կգ քաշային Հակոբ Առաքելյանը 1/8 եզրափակիչում առավելության հասավ լատվիացի Եվգենիս Բորոդավկոյի նկատմամբ:

Հաջող սկիզբ` ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում

2005 Rotterdam EuropeansՀունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մեկնարկած ձյուդոյի  Եվրոպայի առաջնության առաջին մրցամարտում 66 կգ քաշային Արմեն Նազարյանը  հաղթեց բելգիացի Քեննետ վան Գանսբեկեյին:

Հաջորդ հանդիպումը  մեր երկրի ներկայացուցիչը կանցկացնի ռուսաստանցի Քամալ Խան-Մուհամեդովի հետ:

Ի՞նչ է պատահել հայկական ծանրամարտին

ծանրամարտՎերջին տարիներին հայկական սպորտին պարզերես անողը մեր ծանրորդներն են: Սակայն տևական ժամանակամիջոց է, ինչ այս մարզաձևի անկումն ակնառու է: Պակասել են խոշորամասշտաբ ստուգատեսներում մեր երկրի մասնակիցները, նաև` մեդալները: Օրերս զուգահեռաբար Ուզբեկստանի մայրաքաղաք  Տաշքենդում և Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայացան աշխարհի պատանիների և Եվրոպայի մեծահասակների առաջնությունները: Հայաստանի ներկայացուցիչներն այդ ստուգատեսներում համեմատաբար վատ մրցելույթներ ունեցան, քան նախորդ տարիներին: Այդ առիթով զրուցեցինք Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանի հետ: Նա մեր երկրի պատվիրակությունն էր գլխավորում  Ուզբեկստանում:

– Տաշքենդում Հայաստանից մրցահարթակ են դուրս եկել 7-ական մարզիկ և մարզուհի: Լրիվ կազմով հավաքականով էինք մասնակցում, քանի որ թիմային պայքարում խաղարկվում էին հաջորդ տարի կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրեր: Մեր մարզուհիներն առաջին անգամ էին այդպիսի պատասխանատու փորձությունում հանդես գալիս, թերևս այդ էր պատճառը, որ որոշ կաշկանդվածությունը նրանց խանգարեց, չկարողացան պատանեկան օլիմպիական խաղերի վարկանիշ ձեռք բերել: Դրա համար անհրաժեշտ էր թիմային հաշվարկով տեղ գրավել 15 ուժեղագույնների շարքում: Հայաստանի ընտրանին 17-րդն էր 67 երկրների ներկայացուցիչների մրցավեճում: Այդուհանդերձ, ամեն ինչ կորած չէ: Մեր մարզուհիներն ուղեգրեր կարող են նվաճել 2014-ի գարնանը կայանալիք Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությունում: Դրա  համար անհրաժեշտ է 1-3-րդ տեղերը զբաղեցնել օլիմպիական պատանեկան խաղերի ուղեգրեր չունեցող երկրների հավաքականների պայքարում: Այդ առաջադրանքը միանգամայն իրականանալի է. հնարավոր է 1-2 ուղեգրի արժանանալ: Ընդհանուր առմամբ, մեր մարզուհիների մրցելույթից գոհ եմ, քանի որ պատվիրած ծանրությունները չբարձրացնողներ, 0-ներ ստացողներ չեն  եղել, բոլորն էլ նորմալ աշխատել են:

Մեր պատանի ծանրորդներն ավելի հաջողակ էին. +94 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը դարձավ աշխարհի չեմպիոն` 365 (165+200) կգ: Նա երկրորդն էր հրում  և առաջինը` պոկում վարժությունում: Ի դեպ, Մարտիրոսյանը ճանաչվեց աշխարհի լավագույն պատանի ծանրորդ: Դրանով ամեն ինչ ասված է: Սիմոնը 16 տարեկան է, հեռանկարային մարզիկ է, իմ նախկին սանը, ԽՍՀՄ երիտասարդների չեմպիոն, 75 կգ քաշային Անդրանիկ Մարտիրոսյանի ազգականն է: Հույս ունենք, որ Սիմոնը կարճ ժամանակամիջոցում կտրուկ կբարելավի իր ցուցանիշները: 2012-ին Եվրոպայի պատանիների առաջնությունում նա 3-րդն էր, իսկ այժմ արդեն շռնդալից հաջողության է հասել: Մեր մարզիկներից 69 կգ քաշային Ժորժ Եղիկյանը մոտ էր մեդալակիր դառնալուն, սակայն բավարարվեց 5-րդ տեղով` 280 (125+155) կգ: Ինչևէ, մեր ընտրանին ընդհանուր թիմային հաշվարկով զբաղեցրեց 8-րդ տեղը: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանի 2 ծանրորդ կմասնակցի պատանեկան օլիմպիական խաղերին: Դա առավելագույն թիվն է:

 – Մեր չեմպիոնից բացի, Հայաստանից ուրիշ ո՞վ հանդես կգա այդ ստուգատեսում:

– Կարծում եմ` 85 կգ քաշային Հովհաննես Ավդալյանը, որը, հանդես գալով B խմբում, ի վերջո երկամարտում գրավեց 8-րդ տեղը` 283 (129+154) կգ: Նա Նազիկ Ավդալյանի եղբայրն է: Այդ մարզիկի տարիքը համապատասխանում է, որ իր կարողությունները փորձի պատանեկան օլիմպիական խաղերում: Մեր թիմի` ավելի բարձր արդյունք ցույց տված մյուս անդամները տարիքով մի փոքր նրանից մեծ են և մասնակցելու իրավունք չունեն: Մեր պատանիների մրցելույթները 90 տոկոսով գոհացնում են:

 – Ի՞նչ կասեք Տիրանայում կայացած Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչների մրցելույթի մասին: Նախ, ընդամենը 3 մարզիկ էր գործուղվել մրցավայր: Հետո էլ մերոնք միայն մեկ փոքր մեդալի տիրացան: Ինչ խոսք, դա բավարար համարվել չի կարող:

– 77 կգ  քաշային Անդրանիկ Կարապետյանը միայն անձնական  քաշի, ավելորդ գրամների պատճառով է երկամարտում զրկվել մեդալից և բավարարվել 4-րդ տեղով` 346 (160+186) կգ: Իսկ պոկում վարժությունում մեր մարզիկը երկրորդ մրցանակակիր է դարձել: Նա 2012-ի համեմատությամբ իր ցուցանիշը բարելավել է 11 կգ-ով: Մեր երկու ծանրքաշայիններից սպասելիքներն ավելի մեծ էին: Բայց պոկում վարժությունում երկուսն էլ բարձրացրին 185 կգ: Հրում վարժությունում Հայկ Հակոբյանը չկարողացավ հաղթահարել պատվիրված ծանրությունը` 210 կգ և 0 ստացավ, իսկ Գոռ Մինասյանը 215 կգ արդյունքով երկամարտում ցույց տվեց 400 կգ և զբաղեցրեց 7-րդ տեղը: Խնդիր կար: Հայկը զինծառայության մեջ է և չկարողացավ այնպես նախապատրաստվել, որ լավագույն արդյունքը ցույց տա: Նրան չէին թույլատրում, որ  ժամանակին միանա հավաքականի մարզվողներին: Ինչ վերաբերում է Մինասյանին, ապա ինքս էլ զարմացած եմ, նա պետք է առնվազն 230 կգ բարձրացներ: Մայիսի 2-ին Հայաստանի հավաքականն ուղևորվելու է Պերու, որպեսզի մասակցի աշխարհի երիտասարդների առաջնությանը: Հույս ունեք, որ Մինասյանն առանց մեդալի չի վերադառնա: Հայաստանից հանդես են գալու 2 ծանրորդ և 1 ծանրորդուհի: Մինասյանից բացի, մեր երկրի պատիվը կպաշտպանեն նաև Անդրանիկ Կարապետյանը և 58 կգ քաշային Իզաբելլա Յայլիյանը:

 – Քանի որ խոսք բացվեց ծանրորդուհիների մասին, ապա նախապես հայտնվել էր, որ Եվրոպայի առաջնությանը պետք է մասնակցի նաև Մելինե Դալուզյանը: Ինչո՞ւ Տիրանայում մարզուհիների պայքարում Հայաստանը ոչ մի ներկայացուցիչ չուներ:

– Մելինեն վնասվածք է ստացել: Նրան ծնկահոդի վիրահատություն է սպասում:

 փաշիկ ալավերդյան– Հիմնախնդիրներ շա՞տ կան: Ինչո՞ւ մեր տիտղոսակիր մարզիկներին երկար ժամանակ է` չենք տեսնում խոշորամասշտաբ ստուգատեսներում:

– Խանգարում են վնասվածքները, մարզիկները բուժվում են: Մասնավորապես, գերծանրքաշային Ռուբեն Ալեքսանյանը Գերմանիա է մեկնել, որպեսզի բուժի ուսահոդի վնասվածքը: Հնարավորն արվում է, որ այդ կարգի խնդիրները կարգավորվեն:

 – Իսկ մարզիկները պարբերաբար վարձատրվո՞ւմ են:

– 70 մարզիկ և մարզիչ թոշակ են ստանում: 

– Կարելի՞ է ասել, որ բախտը մեր ծանրորդներից երես է թեքել:

– Միանշանակ: Ինքս սնոտիապաշտ չեմ, բայց 2013-ն ինձ դուր չի գալիս: Փոքր հասակից էլ 13 թիվն իմ սրտով չի եղել: Այնպես որ ցանկալի է, որ ավելի վատ բաներ մեր ծանրորդների հետ առաջիկայում չպատահեն: 

– Գուցե Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի փոփոխությո՞ւնն է այդ ամենի պատճառը:

– Արմեն Շախազիզյանը հնարավորն անում է, որ մեր ծարորդները ֆինանսական որևէ խնդիր չունենան: 

– Պերուի Լիմա քաղաքում կայանալիք աշխարհի երիտասարդական առաջնությունում մեր ծանրորդներից ի՞նչ սպասելիքներ կլինեն:

– Մերոնք դատարկաձեռն չեն վերադառնա: Սակայն այս տարի ծանրորդների մեդալները քիչ կլինեն: Սերնդափոխություն է կատարվում:

Հ.Գ. Խոսակցություններ կան, որ  Հայաստանի 4 ծանրորդ և 3 ծանրորդուհի  բռնվել են արգելված դեղամիջոցներ օգտագործելու հանցանքում: 3 ծանրորդ և 1 ծանրորդուհի կարգը խախտել են 2012-ին Իսրայելի Էյլաթ քաղաքում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնության ժամանակ: 1 մարզիկ և 2 մարզուհի բռնվել են 2013-ին փետրվարին անցկացված ստուգումից հետո: Առաջին փորձաքննության ժամանակ դրական արդյունք է ստացվել Կարապետ Բարսեղյանի, Նաիրա Հարությունյանի, Միքայել Միքայելյանի, Զորիկ Պողոսյանի,  երկրորդ փորձաքննության ժամանակ` Աշոտ Բեկնազյանի, Մարգարիտա Ղազարյանի, Նաիրա Հարությունյանի փորձանմուշներից: Ընդ որում, վերջինս հանցանքում բռնվել է երկու անգամ: Մարզիկ–մարզուհիներին որակազրկում է սպառնում: Եթե այս ամենը հաստատվի, ապա վստահորեն կարելի է ասել, որ 2013-ը մեր երկրի երկաթախաղի վարպետների համար ձախորդ տարի է: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան էլ առնվազն 150 հազար դոլար պետք է վճարի, որպեզի մերոնց  թույլատրեն միջազգային մրցումների մասնակցել:

 

«Բորուսիան» ջախջախեց «Ռեալին»

բորուս_1366836037Ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Դորտմունդի «Բորուսիան»  սեփական հարկի  տակ անսպասելիորեն ջախջախեց Մադրիդի «Ռեալին»`4:1 հաշվով: Ուշագրավ է, որ տանտերերից  չորս գնդակն էլ մրցակցի դարպասը խփեց Լեհաստանի հավաքականի նհարձակվող Ռոբերտ Լևանդովսկին:

Այսպիսով, գերմանական ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի թիմը եզրափակիչ դուրս գալու լուրջ հայտ ներկայացրեց:

Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 30-ին Մադրիդի «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում:

Կիսաեզրափակչի մյուս զույգի` Մյունխենի «Բավարիայի» և Իսպանիան ներկայացնող «Բարսելոնայի» պատասխան հանդիպումը կկայնա մայիսի 1-ին Բարսելոնի «Կամպ Նոու» մարզադաշտում: Մրցակիցների առաջին խաղում, որը կայացել էր ապրիլի 23-ին Մյունխենում, 4:0 հաշվով հաղթել էին տանտերերը:

 Տեխնիկական արդյունքներ

«Բորուսիա» – «Ռեալ»՝ 4:1

Ռոբերտ Լևանդովսկի, 8, 50, 55, 66 (11 մ) – Կրիշտիանու Ռոնալդու, 43

Սլովակիայի ԱՕԿ-ի պատվիրակությունը Հայաստանում է

images ՀԱՕԿՀայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը ապրիլի 25-ին հյուրընկալեց   Սլովակիայի  ԱՕԿ-ի գործկոմի անդամ, կարատեի Եվրոպայի նախկին չեմպիոն, Տրնավայի նահանգապետ Տիբոր Միկուշի գլխավորած պատվիրակությանը:

Տանտերերին  ողջունելուց հետո,Միկուշը խոսեց վերջին տասնամյակում հայ մարզիկների բարձր նվաճումների մասին:

Ողջույնի պատասխան խոսքով հանդես եկավ  ՀԱՕԿ-ի նախագահը: Նա  հյուրերի համար հաճելի անակնկալ էր պատրաստել: Բանն այն է, որ ապրիլի 27-ին կլրանա Սլովակիայի ԱՕԿ-ի հիմնադրման 20-ամյակը: Այդ առիթով Ծառուկյանը  ՀԱՕԿ-ի  ստեղծման  20-ամյակի պատվին  2011-ին  թողարկված հուշամեդալը և  Սլովակիայի  ԱՕԿ-ի 20-ամյակի առթիվ շնորհավորական   ուղերձը   հանձնեց Միկուշին:

ՀԱՕԿ-ի նախագահը «Տրդատ երրորդ Արշակունի»  մեդալ  շնորհեց  Սլովակիայի  ԱՕԿ-ի պատվիրակության ղեկավարին:

Լուրջ փորձություն Ավստրիայում

հանդբոլՄայիսի 17-19-ը Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում անցկացվելու է մինչև 19 տարեկան հանդբոլիստուհիների Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարը, որին մասնակցելու են Հայաստանի ներկայացուցիչները: Մերոնք ընդգրկված են 5-րդ խմբում և մայիսի 17-ին, 18-ին, 19-ին մրցելու են Ավստրիայի, Հոլանդիայի, Բուլղարիայի ներկայացուցիչների հետ: Առաջին անգամ են այդ տարիքի մեր մարզուհիները կարողությունները փորձելու հին աշխարհամասի առաջնությունում: Վիճակահանությամբ ուժեղ մրցակիցներ են բաժին հասել:

Մեր ընտրանին, որը մարզում են Անահիտ Հարությունյանը և Աստղիկ Գյուրջինյանը, մարզումները սկսել է 2012-ի նոյեմբերից: Ներկայումս թիմը պարապում է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզասրահում և «Հայաստան» մարզական միության աթլետիկայի մարզասրահում: Շաբաթական 5 պարապմունք է անցկացվում: Երեք  օր տրամադրվում է տեխնիկատակտիկական պատրաստականությունը բարելավող  մարզումներին, 2 օր էլ ընդհանուր ֆիզիկական պարաստականությունը բարելավող մարզումներ են կազմակերպվում: Առաջիկայում նախատեսվում են նաև ստուգողական հանդիպումներ: Այդ նպատակով մեր երկրի մարզուհիներն ուղևորվելու են Վրաստան և մրցելու են այդ երկրի իրենց հասակակիցների հետ:

«Թիմի կազմում հիմնականում 19 տարեկան խաղացողներ են: Նրանց մեծ մասը նախկինում մեր երկրի տարբեր տարիքային խմբերի հավաքականների կազմերում միջազգային ստուգատեսների է մասնակցել: Հայաստանից 15 մարզուհի է նախապատրաստվում: 3 մարզուհի կմիանա Ֆրանսիայից: Հավաքականն ունի դարպասապահի խնդիր: Թիմի հիմնական դարպասապահ Անուշ Բիլյանը վնասվածք է ստացել և վիրահատվել: Նոր դարպասապահը խաղային փորձի պակաս ունի: Ֆրանսիայից մեզ է միանալու մեր հայրենակից դարպասապահ, սակայն գործում այդ մարզուհուն երկար ժամանակ չենք տեսել: Նա խաղացել է Հայաստանի  մինչև 17 տարեկան մարզուհիների հավաքականում: Մեր թիմն ամբողջական կազմով մրցավայրում կհավաքվի: Հույս ունեմ, որ Հայաստանի հավաքականը պատվով դուրս կգա փորձությունից»,- ասաց Գյուրջինյանը:

Մարզիչը տեղեկացրեց, որ թիմի միջին հասակը 1մ 70 սմ է, իսկ դա լավ ցուցանիշ է: Հավաքականը պարապելու խնդիր չունի, մարզագույքով ապահովված է: Մինչև եվրոպական ստուգատեսն անցկացվելու է նաև այս տարիքի հանդբոլիստուհիների առաջնությունը, որից հետո էլ կորոշվի հավաքականի վերջնական կազմը:

Արազ Օզբիլիսը` «Կուբանի» լավագույն ֆուտբոլիստ

աօjpeg2Հայաստանի ֆուտբոլի հավաքականի խաղացող Արազ Օզբիլիսը ճանաչվել է Կրասնոդարի «Կուբանի» մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Քվեարկություն է անցկացրել ակումբի կայքը: Հարցմանը մասնակցած ֆուտբոլասերների 53,8  տոկոսն իրենց ձայնը տվել են Արազի օգտին:

Երկրորդ տեղում Ալեքսանդր Բելենովն է` 14,7 տոկոս: Երրորդ տեղում է` Շառլ Կաբորեն`11,4 տոկոս:

Հայաստանի ներկայացուցիչները պահպանեցին ԱՊՀ չեմպիոնի կոչումը

OLYMPUS DIGITAL CAMERAԵրևանում ավարտվեց ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի մարզիկ-զինծառայողների ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունը:

Մրցաշարին մասնակցեցին Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Ղազախստանի և Տաջիկստանի թիմերը:

Հաղթող դարձավ տանտերերի հավաքականը: Ի դեպ, մերոնք նախորդ տարի Ղազախստանում նվաճել էին չեմպիոնի կոչումը և այն պահպանեցին: Երկրորդը` Ուկրաինայի, երրորդը՝ Բելառուսի ներկայացուցիչներն են:

«Բավարիայի» լուրջ հայտը

չլ9257Ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Մյունխենի «Բավարիան» սեփական խաղադաշտում 4:0 հաշվով առավելության հասավ կատալոնական «Բարսելոնայի» նկատմամբ: Երկու գոլի հեղինակ դարձավ Մյուլլերը:

Փաստորեն, գերմանացի ֆուտբոլիստները կատարեցին առաջադրանքը և մեծ հնարավորություն ստացան պայքարը շարունակելու համար:

Պատասխան խաղը կկայան մայիսի 1-ին Բարսելոնայում:

Տեխնիկական արդյունքներ

«Բավարիա» – «Բարսելոնա»՝ 4:0

Թոմաս Մյուլլեր, 25, 82, Մարիո Գոմես, 49, Արյեն Ռոբեն, 73

Յուրա Մովսիսյանը ստիպված է ապաքինել վնասվածքը

MovsisyanՀայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը ստիպված է ապաքինել վնասվածքը: Նաառաջիկա երկու շաբաթը չի մասնակցի իր թիմի` Մոսկվայի «Սպարտակի» խաղերին:

Հիշեցնենք, որ Մովսիսյանը  Ռուսաստանի առաջնության 25-րդ տուրում կայացած ԲԿՄԱ-«Սպարտակ» (2:2) հանդիպման երկրորդ կեսի սկզբին վնասվածք էր ստացել և փոխարինվել:

Հայ ֆուտբոլիստը բուժզննում է անցել, որց հետո էլ պարզվել է, որ նա պետք է բուժվի:

«Սպարտակի» բժիշկ, մեր հայրենակից Միխայիլ Վարդապետովը հայտնել է, որ 25-ամյա ֆուտբոլիստը վնասել է ազդրի մկանը:

Մահացել է բռնցքամարտի անվանի մարզիչ Արմեն Անտոնյանը

0ed173110b7065de8045e15002bdd295Հայկական սպորտը ծանր կորուստ կրեց: 68 -ը դեռ չբոլորած կյանքին հրաժեշտ տվեց բռնցքամարտի սպորտի վարպետ,  ԽՍՀՄ և ՀՀ  վաստակավոր մարզիչ, ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի դոցենտ Արմեն  Լևոնի Անտոնյանը: Նա  բազմիցս նվաճել է Հայաստանի և «Բուրեվեստնիկ»   մարզական ընկերության համամիութենական խորհրդի  չեմպիոնի կոչումը, որպես մարզիչ աճեցրել տիտղոսակիր մի շարք մարզիկների:

Ակտիվ սպորտին հրաժեշտ տալուց հետո, Արմեն Անտոնյանը  անդավաճան մնաց բռնցքամարտին, համալրեց մարզիչների շարքը: Շուտ բացահայտվեցին  նրա մասնագիտական  հմտությունները: Նրա սաներից Հակոբ Պողոսյանը  դարձավ  ԽՍՀՄ երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր: Արտյոմ Սիմոնյանը նվաճեց Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը: Իսկ ամենահայտնին ԽՍՀՄ և Եվրոպայի  առաջնությունների ոսկե մեդալակիր,  անկախ Հայաստանի  աշխարհի առաջին   չեմպիոն (1993)  ու մրցանակակիր  և աշխարհի գավաթակիր (1994)  Նշան  Մունչյանն է:

Արմեն Անտոնյանին հաջողվել է տասնամյակներ շարունակ անձնական աշակերտներ ունենալ ԽՍՀՄ  և Հայաստանի հավաքականներում: Նա 10 տարուց ավելի եղել է ԽՍՀՄ հավաքականի մարզչական խորհրդի կազմում: Փորձառու մասնագետը գլխավորել է նաև Հայաստանի ազգային հավաքականը:

«Անկախ»-ի խմբագրակազմը ցավակցում  է անվանի մարզչի  ընտանիքին, հարազատներին, բարեկամներին,  ընկերներին:

Արմեն Անտոնյանի հիշատակը հավարժ վառ կմնա նրան ճանաչողների սրտում:

Հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 24-ին, ժամը 18-ին,  Բագրատունյաց 1 հասցեում գտնվող մատուռում  (մայրաքաղաքի 6-րդ հիվանդանոցի

հարևանությամբ):

Հուղարկավորությունը` ապրիլի 25 –ին , նույն վայրից`  ժամը 14-ին :