Լևոն Բաբուջյանը` միանջնյա առաջատար

շախմատ445-chess-fed1-271x271Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանն անցկացվող շախմատի Հայաստանի տղամարդկանց  առաջնության առաջին խմբի մրցաշարում խաղացված 6 տուրից հետո առաջատարը Լևոն Բաբուջյանն է:

Աղյուսակ

 

1. Լևոն Բաբուջյան`  4,5

2. Հովհաննես Գաբուզյան`  4

3. Արթուր Չիբուխչյան`  4

4. Արման Միքայելյան`  3,5

5. Դավիթ Շահինյան` 3,5

6. Տիգրան Հարությունյան` 3,5

7. Դավիթ Պետրոսյան` 3

8. Հայկ Մարտիրոսյան` 3

9. Գեւորգ Ալավերդյան`  3

10. Նորայր Թորոսյան` 2,5

11. Հայկ Վարդանյան` 2,5

12.`Հովիկ Հայրապետյան` 2

13. Գեւորգ Հարությունյան` 1,5

14. Սուրեն Պողոսյան` 1,5

Սպասելիքներ պատանեկան օլիմպիական երկրորդ խաղերում

313Չինաստանի Նանջինգ քաղաքը օգոստոսի 16-28-ը կհյուրընկալի ամառային պատանեկան օլիմպիական երկրորդ խաղերի մասնակիցներին: Հաշված օրեր են մնացել մինչև այդ ստուգատեսի սկիզբը: Պայքարի ոլորտ կներգրավվի 204 երկրների 15-18 տարեկան 3808 մարզիկ-մարզուհի: Խաղերի ծրագրում 34 մարզաձևի 228 մրցաձև է :

Հայաստանը նույնպես իր ներկայացուցիչները կունենա ստուգատեսում: Այդ պատվին են արժանացել ազատ ոճի ըմբիշներ Վաղինակ Մաթևոսյանը ( 54 կգ), Սարգիս Հովսեփյանը (76 կգ), հունահռոմեական ոճի ըմբիշ Զավեն Միքայելյանը (58 կգ), ծանրորդներ Հակոբ Մկրտչյանը (77 կգ ), Սիմոն Մարտիրոսյանը (+ 85 կգ), Սոնա Պողոսյանը (63 կգ), մարմնամարզիկ Վիգեն Խաչատրյանը, լողորդ Վահան Մխիթարյանը (50 մ, 100 մ ազատ լողաոճ և 50 մ բատերֆլայ), ջրացատկորդ Լև Սարգսյանը, բռնցքամարտիկներ Նարեկ Մանասյանը (81 կգ), Անուշ Գրիգորյանը (51 կգ), հրաձիգներ Հրաչյա Բաբայանը (օդամղիչ հրացան, 10 մ), Զավեն Իգիթյանը (օդամղիչ ատրճանակ, 10 մ) և ձյուդոյիստ Հարություն Դերմիշյանը (66 կգ ):

Այսպիսով, ամառային պատանեկան օլիմպիական 2-րդ խաղերում Հայաստանը 8 մարզաձևերում ունենալու է 14 մասնակից:

Ստուգատեսում հանդես գալու իրավունք տվող ուղեգրերը մերոնք ձեռք են բերել վարկանշային միջազգային մրցաշարերում: Դրանց ժամանակ համառ մրցակցություն է ծավալվել, քանի որ պատանեկան օլիմպիական խաղերի մասնակիցների տեղերը սահմանափակ են:

Ի դեպ, մայիսի 30-ից հունիսի 1-ը Բաքվում կայացել է աթլետիկայի Եվրոպայի օլիմպիական վարկանշային պատանեկան (1997-1998 թթ. ծնվածներ) մրցաշարը, որում խաղարկվել են ամառային պատանեկան օլիմպիական 2-րդ խաղերին մասնակցելու իրավունք տվող ուղեգրեր, և միաժամանակ այս մրցաշարը թեստային էր համարվում եկող տարի՝ 2015 թ. Բաքվում կազմակեպվելիք Եվրոպայի օլիմպիական 1-ին խաղերի համար:

Վարկանշային այդ մրցաշարում հանդես են եկել աշխարհամասի 38 երկրների 690 աթլետներ՝ 333 աղջիկ և 387 պատանի: Ստուգատեսի մասնակիցները 18 մրցաձևերում խաղարկել են օլիմպիական պատանեկան խաղերի ուղեգրեր. աղջիկները՝ 108, պատանիները՝ 82: Բայց մերոնք գերադասել են բաց թողնել այդ ստուգատեսը:

Մինչդեռ օրերս Հայաստանում անցկացվեց Եվրոպայի նետաձգության առաջնությունը, որում խաղարկվում էին նաև 2015-ին Բաքվում կայանալիք Եվրոպայի օլիմպիական խաղերի ուղեգրեր, և ադրբեջանցի նետաձիգները Էջմիածնում կրակագծում էին: Նրանք Հայաստան էին եկել, որպեսզի Եվրոպայի օլիմպիական խաղերի վարկանիշ լրացնեն, քանի որ այդ մրցումներում կարող են մեդալների հավակնել:

Ինչ վերաբերում է Չինաստանի պատանեկան խաղերի հետ կապված սպասելիքներին, ապա մեդալների տիրանալու հույսեր կան: Ցավալի է, որ հունահռոմեական ոճի ըմբիշների վարկանշային մրցումներում մերոնք խաղերի երկրորդ ուղեգիրը չկարողացան նվաճել, մինչդեռ Հայաստանի այս մարզաձևի ներկայացուցիչները ևս մեծ ներուժ ունեն:

Երբ տանը մերոնց պատերն էլ չեն օգնում

SAMVEL ArutyunyanՎանաձորում օրերս կայացած օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի եռակի գավաթակիր, Եվրոպայի, ԽՍՀՄ չեմպիոն Ստեփան Սարգսյանի մրցանակների խաղարկության ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարին մասնակցում էր 9 երկրների 110 ըմբիշ: Հայաստանի ներկայացուցիչները տիրացան 1 արծաթե և 6 բրոնզե մեդալի: Ստուգատեսից ստացած տպավորությունները հայտնեց մրցաշարի գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Սամվել Հարությունյանը:

– Մրցաշարը կազմակերպվեց 19-րդ անգամ: Այն շուքով անցկացվեց: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀԱՕԿ-ի նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը: Ի դեպ, Ծառուկյանը հրապարակավ հայտնեց, որ հաջորդ՝ 20-րդ հոբելյանական միջազգային մրցաշարը 2015-ին կանցկացվի Երևանում և մեծ մրցանակային հիմնադրամ կունենա: Այս անգամ տարբեր քաշային կարգերում 1-ին , 2-րդ, 3-րդ տեղեր գրաված մարզիկները հարստացան, համապատասխանաբար, 3 հազար, 2 հազար, հազար դոլարով: Հաղթողների մարզիչներին հանձնվեց 500-ական դոլար: Ուժերն էին չափում Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի, Ղրղզստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի, Հայաստանի ուժեղագույն ըմբիշները: Մասնակիցները տեղավորվել էին «Կիրովական» հյուրանոցում և «Հայաստան» առողջարանում: Իսկ մրցումներն անցկացվում էին «Հայաստան» մարզական միության մարզասրահում:

– Մրցավարության հետ կապված խնդիրներ չառաջացա՞ն, վիճահարույց որևէ բան չկատարվե՞ց:
– Հայաստանի մրցավարներից բացի, մրցամարտերը սպասարկում էին Ղրղզստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի մրցավարները: Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչն էր Մոսկվայում բնակվող Նորավարդ Առուստամյանը: Միայն մի դեպք եղավ, երբ մեր մարզիկը՝ 65 կգ քաշային վանաձորցի ըմբիշ Նարեկ Սիրունյանը, եզրափակչում գոտեմարտում էր Վրաստանի ներկայացուցչի հետ: Մրցակիցը հաղթում էր մեծ առավելությամբ՝ 12:4 հաշվով, և դուրս եկավ մրցագորգից: Փախուստի համար կարելի էր նրան պատժել և հաղթանակը մեր մարզիկին շնորհել: Եթե աշխարհի, Եվրոպայի առաջնություն լիներ, հնարավոր է, որ այդպես էլ արվեր, սակայն երբ մրցակիցը հաղթում էր միավորների մեծ առավելությամբ, պարզապես գեղեցիկ չէր լինի: Վրացի ըմբիշի արածն էլ միտումնավոր չէր, նրան հրել էր մեր մարզիկը:

– Ասում են` տանը պատերն էլ են օգնում: Ինչո՞ւ Հայաստանի ներկայացուցիչներից ոչ ոք չկանգնեց պատվո պատվանդանի առաջին աստիճանին:
– Անպայման առաջին մրցանակակիր ունենալու խնդիր չկար: Համենայն դեպս, մեր մարզիկներից 1-2-ը մոտ էին դրան:

– Որպես մրցավար առաջիկայում միջազգային ի՞նչ ստուգատեսներ եք սպասարկելու:
– Օգոստոսին և սեպտեմբերին սպասարկելու եմ Խորվաթիայում և Ուզբեկստանում կայանալիք աշխարհի երիտասարդների և մեծահասակների առաջնությունները:

Կատարվածը Հայաստանի հավաքականի մարզչի աչքերով

Arayik BagdadyanԶրուցելով նաև Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի հետ` նախ հարցրինք, թե ինչ տվեց մերոնց այս ստուգատեսի մասնակցությունը և ինչ է նախատեսվում առաջիկայում:

– Մեր ըմբիշների համար նախապատրաստական փուլ էր, նրանք սեպտեմբերին հանդես են գալու Տաշքենդում կայանալիք աշխարհի առաջնությունում: Փաստորեն, այդ ստուգատեսից առաջ մերոնք վերջին միջազգային մրցաշարին մասնակցեցին: Թիմը երկու ուսումնամարզական հավաք կանցկացնի: Օգոստոսի 2-16-ը Կիսլովոդսկում համատեղ մարզումներ կկազմակերպվեն Ռուսաստանի հավաքականի հետ: Օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 6-ը ուսումնամարզական հավաք է նախատեսված մրցավայրում՝ Տաշքենդում: Համատեղ կպարապենք Ուզբեկստանի, ևս մի քանի երկրների հավաքականների հետ: Արդեն նախնական պայմանավորվածություններ ունենք: Ներկայումս ըմբիշները համապատասխան մարզավիճակում են:

– Աշխարհի չեմպիոն Դավիթ Սաֆարյանն ինչո՞ւ չմասնակցեց Վանաձորում կազմակերպված միջազգային մրցաշարին:
– Դավիթը վնասվածքից հետո բուժվել է Գերմանիայում, ապա կարողություններն է փորձել Իտալիայում և Գերմանիայում կազմակերված միջազգային մրցաշարերում: Նա զբաղեցրել է 2-րդ և 3-րդ տեղեր: Այս արդյունքները լավ կարելի է համարել, քանի որ վնասվածքը Դավիթին 8 ամիս լիարժեք մարզվելու հնարավորություն չի տվել: Նա հավաքականի կազմում Ծաղկաձորում ծանրաբեռված պարապել է: Հիմնականում ուշադրություն է դարձվել այդ ըմբիշի ընդհանուր ֆիզիկական պատրաստականության բարելավմանը: Բանն այն է, որ Սաֆարյանը նախկինում նախապատրաստական այդ փուլը բաց է թողել: Մինչ աշխարհի առաջնության մեկնարկը 40 օր ունենք, հուսով եմ, որ այդ ընթացքում Դավիթը կվերագտնի իր լավագույն մարզավիճակը, և նրանից մեդալ կսպասենք:

– Հայաստանից Վանաձորում շուրջ չորսուկես տասնյակ ըմբիշ էր մրցագորգ դուրս եկել: Ցավալի է, որ հաղթող չունեցանք: Ինչպե՞ս եք գնահատում կատարվածը:
– Այս մրցաշարում հաղթող ունենալը մեզ համար հիմնական նպատակ չի եղել: Եթե այդպիսի առաջադրանք ունենայինք, հնարավոր է, որ հասնեինք դրան: Հատուկ չէինք նախապատրաստվել, որ Ստեփան Սարգսյանի մրցանակների խաղարկության մրցաշարում ակնառու արդյունքներ ցույց տանք, պարզապես նախապատրաստվում ենք աշխարհի առաջնությանը: Սովորաբար, միջազգային մրցաշարերի մեկնարկից մեկ շաբաթ առաջ նախապատրաստական աշխատանքները դադարեցնում ենք, որպեսզի ըմբիշները հանգստանան և ավելի լավ հանդես գան, բայց այս անգամ մեր նպատակն այլ էր, և մինչև մրցումների մեկնարկը մերոնք ծանրաբեռնված պարապում էին: Իսկ մրցաշարի ընթացքում կարևորում էինք, որ տեսնենք ըմբիշների սխալները, այն բացթողումները, որոնք կարող են նրանց խանգարել: Առաջիկայում էլ փորձելու ենք լրացնել այդ բացերը: Ունենք ըմբիշներ, որոնք իրենց պատրաստականության մակարդակով գոհացրին, կային մարզիկներ էլ, որ սպասելիքները չարդարացրին:

– Հատկապես ո՞ր մարզիկների մրցելույթից եք գոհ:
– 65 կգ քաշային Նարեկ Սիրունյանը միայն եզրափակչում պարտվեց: Անդրադառնանք նաև բրոնզե մեդալակիրներին: 84 կգ քաշային Վահե Թամրազյանը վերջին 2-3 տարվա ընթացքում միջազգային մրցաշարերում իր լավագույն մասնակցությունն ունեցավ: 55 կգ քաշային Եվրոպայի առաջնության մրցանակակիր Գարիկ Բարսեղյանը կողոսկրի վնասվածքով էր հանդես գալիս: Նա հարկադրված էր մրցագորգ դուրս գալ, քանի որ առջևում միջազգային մրցաշար այլևս չկա: Բարսեղյանը պետք է մրցակցային փորձ ձեռք բերեր: Նրա առջև խնդիր էր դրվել, որ իր հնարավորությունների սահմաններում գոտեմարտի: Ճիշտ է, առաջին հանդիպումում մեր մարզիկը զիջեց Ռուսաստանի այս տարվա բրոնզե մեդալակրին, սակայն հետո սփոփիչ գոտեմարտեր անցկացրեց, երկու հաղթանակ տարավ, 3-րդ տեղի համար գրավիչ հանդիպումում էլ հաղթեց Ռուսաստանի փոխչեմպիոնին: Նա մեկ շաբաթում պետք է ապաքինի կողոսկրի վնասվածքը և վերսկսի մարզումները: Էդգար Ենոքյանի (96 կգ), Մուսա Մուրթազալիևի (86 կգ), Գրիգոր Գրիգորյանի (70 կգ) մրցելույթները ևս գոհացնում են: Նրանք նույնիսկ արեցին ավելին, քան սպասում էինք: Ի դեպ, Գրիգորը հանդես էր գալիս մինչև 74 կգ քաշային կարգում, բայց նա Հայաստանի առաջնությունից հետո միջազգային մրցաշարում կարողությունները փորձեց, և համոզվեցինք, որ այդ քաշային կարգում նրանից մեծ սպասելիքներ չենք կարող ունենալ: Եվ քանի որ 70 կգ քաշային կարգում էլ խնդիր ունեինք, Գրիգորյանը տեղափոխվեց այդ քաշային կարգ: 66 կգ քաշային կարգում, Դավիթ Սաֆարյանի բացակայության պայմաններում, հանդես եկավ Արթուր Բաղդասարյանը: Նա Հայաստանի չեմպիոն է և արդարացրեց իրեն:

– Դրսից ըմբիշներ հրավիրելու խնդիր կա՞:
– Դրա մասին էլ ենք մտածում, հարց է բարձրացվել: Քաշային կարգ կա, որում խնդիր ունենք:

– Հավանաբար, նկատի ունեք գերծանր քաշային կարգը:
– Այո: Անդրանիկ Գալստյանը Եվրոպայի առաջնությունում 5-րդն էր: Ընդ որում, նա պարտվել էր երկու գոտեմարտում միավորների բացահայտ տարբերությամբ: Անդրանիկը թույլ ըմբիշի էր հաղթել, և նրա առջև խնդիր էր դրվել, որ վանաձորյան մրցաշարում առնվազն 3-րդ տեղ գրավի, որպեսզի աշխարհի առաջնության մասնակցի: Մինչև այդ էլ նրան ցանկանում էինք փորձարկել Մախաչկալայում կազմակերպված միջազգային մրցաշարում, բայց հրաժարվեց մասնակցել՝ պատճառաբանելով, որ պատրաստ չէ: Վանաձորյան մրցաշարում էլ Գալստյանը երկու պարտություն կրեց: Ընդ որում, առաջին գոտեմարտը նա ռուսաստանցի ըմբիշին տանուլ տվեց 20 վայրկյանում, հետո էլ զիջեց Բուլղարիայի ներկայացուցչին: Ֆինանսների խնդիր չկա, բայց նպատակահարմար չենք գտնում, որ առանց սպասելիքի մարզիկ տանենք աշխարհի առաջնությանը մասնակցելու: Ճարահատյալ օլիմպիական խաղերից առաջ կփորձենք դրսից այդ քաշային ըմբիշ թիմ հրավիրել:

– Ուրվագծվա՞ծ է թիմի կազմը: Հավաքականում ընդգրկվելու համար ո՞ր քաշային կարգերում է մեծ մրցակցությունը:
– Հավաքականի կազմն ուրվագծված է, բայց մրցակցությունը մեծ է 55 կգ, 61 կգ քաշային կարգերում: Տարբեր տարիքի արժանի ըմբիշներ ունենք: Հավասար հնարավորությունների դեպքում ինքս նախապատվությունը տալիս եմ երիտասարդ ըմբիշներին, բայց փորձառուներն էլ չեն անտեսվում: Աշխարհի առաջնությունից առաջ թիմի կազմը հստակեցնելու համար ստուգողական մրցամարտեր կկազմակերպվեն: Հավաքականի կազմը կհրապարակվի օգոստոսի 20-ից հետո:

– Կարելի՞ է ասել, որ Դավիթ Սաֆարյանն անպայման մասնակցելու է աշխարհի առաջնությանը:
– Միանշանակ:

Բրազիլացի Ռոնալդինյոն դեմ չէ, որ մասնակցի Ռուսաստանի առաջնությանը

ռոնinfo_1400239038Բրազիլացի Ռոնալդինյոն հեռացել է «Ատլետիկո Մինեյրո» ակումբից: Հանրածանոթ ֆուտբոլիստի ճակատագիրն անորոշ է:

Նրա գործակալ Ռոբերտո դե Ասիշը հայտնել է, որ հարձակվողը ցանկանում է շարունկել մրցելույթները և դեմ չէ, որ մասնակցի Ռուսաստանի առաջնությանը:

«Ռոնալդինյոն ցանկանում է ֆուտբոլ խաղալ: Եթե Ռուսաստանում հետաքրքրվեն նրա ծառայություններով, ապա նա դեմ չի լինի մրցելույթները  շարունակել այդ երկրի առաջնությունում: Ռուսաստանը հիանալի երկիր է: Դեռևս Ռուսաստանի, ոչ էլ այլ երկրների առաջնությունների մասնակից ոչ մի ակումբի հետ չենք կապնվել:  Իր հետագա անելիք հարցում Ռոնալդինյոն որոշում կկայացնի առաջիկա օրերին»-, ասել է նա:

Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչն արգելել է խաղացողներին ներկել մազերը

MԲրազիլիայի ֆուտբոլի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Դունգան, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ուշագրավ հայտարարություն է արել: Նա նշել է, որ ազգային թիմում հանդես գալու ընթացքում հավաքականի ֆուտբոլիստներին կարգելվի ներկել մազերը: «Կարգելեմ, որ ֆուտբոլիստները ներկեն մազերը: Նրանք կարող են այդ անել մինչև մրցաշարի մեկնարկը կամ դրա ավարտից հետո, սակայն զգուշացնում եմ, որ ցանկացած մրցումների ընթացքում նրանք պետք է մտածեն միայն հաղթանակների մասին:Ինչ վերաբերում է Նեյմարին, ապա ինձ համար կարևոր է, որ նրա բոլոր մտքերը կապված լինեն ֆուտբոլի հետ: Չեմ պատրաստվում ընդգրել նրան ազգային թիմի հիմնական կազմում միայն այն պատճառով, որ նա աշխարհում հայտնի է»,- ասել է Դունգան:

Հայկական ֆուտբոլի տխուր վիճակը

2-րդ նյութ 21132Հետևելով Բրազիլիայում կազմակերպված ֆուտբոլի աշխարհի առաջնությանը` մարզասերները մեծ բավականություն ստացան, և ցավով ևս մեկ անգամ համոզվեցինք, թե մեր ազգային ընտրանին իր խաղամակարդակով ինչքան հեռու է ուժեղագույններից: Թերևս ոմանք էլ փոքր սփոփանք համարեցին այն, որ տանտերերի` Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստները աշխարհի չեմպիոն դարձած Գերմանիայի ընտրանիին ավելի անփառունակ հաշվով պարտվեցին (1:7), քան մերոնք` ֆուտբոլի աշխարհի առաջնության շեմին (1:6): Բայց որ հայկական ֆուտբոլը տխուր վիճակում է, երկու կարծիք լինել չի կարող: Այդ են վկայում նաև վերջին իրադարձությունները:

Հայաստանից չորս թիմ էր հանդես գալիս Եվրոպայի ակումբային մրցաշարերում, և բոլորն էլ խայտառակվեցին` նախնական մրցաշարի առաջին փուլից դուրս մնալով պայքարից:
Ընդ որում, Երևանի «Բանանցը» Եվրոպայի չեմպիոնների լիգայի մրցաշարում երկու խաղի արդյունքով պարտվեց սիրողական ակումբի` Անդորրա գաճաճ պետության չեմպիոն «Սանտա Կոլոմային» (0:1, 3:2): Սա հայկական ֆուտբոլի համար նոր խայտառակ էջ է:
Եվրալիգայի գավաթի խաղարկության մրցաշարում էլ ձախողվեցին Գյումրիի «Շիրակը», Երևանի «Միկան», Երևանի «Փյունիկը»: Ընդ որում, «Շիրակը» և «Փյունիկը» զիջեցին ղազախական թիմերին` համապատասխանաբար Կարագանդայի «Շախտյորին» և «Աստանային»: Սա նույնպես ամոթալի է: «Միկան» պայքարից դուրս մնաց խորվաթական «Սպլիտի» հետ պայքարում, որն այնքան էլ անպատվաբեր չէ:
Իսկ ընդհանուր առմամբ Հայաստանի ակումբային ֆուտբոլի վարկանիշը շարունակում է իջնել: Հետ ենք մնում նույնիսկ ֆուտբոլային համարում չունեցող երկրներից` Լիխտենշտեյնից, Իսլանդիայից, Էստոնիայից, Ֆարերյան կղզիներից, Անդորրայից, Լյուքսեմբուրգից:
Դժվար է որևէ բացատրություն տալ, թե ինչ է կատարվում հայկական ֆուտբոլում:
Երբ օրերս անցկացվեց Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության վիճակահանությունը, որպեսզի կազմվի խաղացանկը, հայտնի դարձավ, որ առանց այդ էլ սակավաթիվ` 8 ակումբների մասնակցությամբ նախատեսված ստուգատեսի մասնակիցների թվում չէ «Ուլիսը»: Եվ վիճակահանությունը կատարվեց 7 թիմի միջև:
Բանն այն է, որ «Ուլիսը» հավաստագիր չէր ներկայացրել, չէր վճարել մասնակցության մուտքավճարը` 5 մլն դրամ: Միայն հետո պարզվեց, որ 2011-ի Հայաստանի չեմպիոն ակումբը կարողացել է հայթայթել այդ գումարը և այնուամենայնիվ, մասնակցելու է առաջնությանը:
Եթե Հայաստանի առաջնությունում 7 թիմ հանդես գար, ապա Հայաստանին Եվրալիգայի գավաթի խաղարկությանը մասնակցելու մեկ ուղեգիր պակաս կհատկացվեր: Ընդհանրապես դա Հայաստանի ֆուտբոլային ակումբների համար իդեալական տարբերակ է: Բարձրագույն խմբի առաջնությունում խաղում է 8 թիմ, և կեսը հնարավորություն է ստանում մասնակցելու եվրոպական գավաթային մրցաշարերին: Այլ հարց է, թե ինչքան փնթի են կատարում մերոնք այդ պատասխանատու գործը: Փաստորեն, մեր ակումբների անհաջող մասնակցությունը վարկաբեկում է երկիրը, և պատասխանատվություն կրող չկա:
Ինչևէ, օգոստոսի 2-ին նախատեսվում է սկսել Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունը: Արդեն սովորական է դարձել, որ խաղերն անցկացվում են կիսադատարկ մարզադաշտերում. լավագույն դեպքում: Մարզասերներին ամենևին էլ չի հետաքրքրում այն ֆուտբոլը, որ ունենք: Ակումբների տերերն էլ չեն ցանկանում փող ծախսել, որ թիմերն ուժեղանան: Չի կարելի ասել, թե նրանք շահ չունեն: Եթե շահ չլիներ, պարզապես կհրաժարվեին թիմեր պահելուց: Իսկ թե ինչու է հայկական ֆուտբոլում այդպիսի վիճակ, միանշանակ պատասխանել հնարավոր չէ: Ֆուտբոլային կառույցը պետություն է պետության մեջ:
Եվ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը ժանանակ առ ժամանակ պարսավում է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի շարունակ փոփոխվող նախարարներին, որ ֆուտբոլից հեռու են: Եվ զարմանալի է, որ պատասխանները սոսկ արդարանալու փորձերն են:
Սա է մեր ունեցածը:

Հրաձգության կազմալուծված ազգային հավաքական և հուսադրող երիտասարդական թիմ

1-ին նյութ 28415.pngՉինաստանի Նանջինգ քաղաքում օգոստոսին կայանալիք պատանեկան օլիմպիական երկրորդ խաղերին նախապատրաստվում են նաև մեր երկրի հրաձիգները: Թե ովքեր են նրանք` խնդրեցինք պարզաբանել Հայաստանի հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանին:

– Հայաստանը կներկայացնի այդ ստուգատեսում երկու մարզիկի: Հրաչյա Բաբայանը հանդես կգա օդամղիչ հրացանով, և Զավեն Իգիթյանը` ատրճանակով հրաձգության կրակահերթերում: Ներկայումս նրանք պարապում են Երևանի հրաձգության դպրոցում: Հրաձիգներին օգնում են նախապատրաստվելու մարզիչներ Անդրանիկ Այվազյանը և Խորեն Իգիթյանը: Երկու նշանառուներն էլ խաղերին մասնակցելու ուղեգրերը նվաճել են 2014-ի փետրվարին Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությունում: Զավենը դարձել է չեմպիոն, իսկՀրաչյան զբաղեցրել է 5-րդ տեղը: Երկուսն էլ հանդես են գալու 10 մ հեռավորությունից կրակահերթերում: Մոսկվայում խաղարկվում էին նաև մարզուհիների ատրճանակով և հրացանով հրաձգության պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրեր, սակայն մեր լավագույն մարզուհին վարկանիշային ստուգատեսից առաջ անսպասելիորեն վիրահատվեց:

– Ի՞նչ սպասելիքներ կան մեր նշանառուներից:
– Մրցումներից առաջ միշտ էլ լավի մասին ենք մտածում, տեսնենք, թե ինչ կստացվի: Մեր հրաձիգները նորմալ մարզավիճակում են: Երկուսն էլ հեռանկարային են, բայց ֆինանսների պակասի պատճառով միջազգային քիչ մեկնարկների են մասնակցել: Այդուհանդերձ, Բաբայանը և Իգիթյանը միջազգային մրցաշարերում բարձր արդյունքներ ունեն: Բաբայանը 600 հնարավորից խոցել է 599 նիշ: Փաստը խոսուն է և վկայում է, որ նա շատ բանի է ի վիճակի:

– Այդուհանդերձ, այն տպավորությունն է, որ վերջին շրջանում մեր նշանառուները մարզասերներին քիչ են ուրախացնում:
– Ընդհակառակը, այս տարի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում մերոնք 5 մեդալի են արժանացել` 1 ոսկե, 4 բրոնզե: Նախկինում այսպիսի հաջողություն չենք ունեցել, առաջընթացն ակնառու է: Իսկ ահա մեծահասակների Հայաստանի հավաքականը կազմալուծվել է: Մեր ամենափորձառու հրաձիգը` Նորայր Բախտամյանը, անվերադարձ մեկնել է ԱՄՆ: Մյուսները ընտանիք են կազմել, այլ աշխատանքի են անցել: Ապրուստի խնդիր է, վիճակը լավ չէ: Գերմանիայից Հայաստանի հավաքականը համալրել է Քրիստիան Լաուերը, նրա կինը` Իրինա Աղաջանյանը, նույնպես հրաձգուհի է, հանդես է եկել Հայաստանի հավաքականի կազմում: Լաուերը Հայաստանի քաղաքացիություն ստացել է, բայց դրանից նոր խնդիրներ են ծագել: Գերմանիայում երկքաղաքացիությունն ընդունված չէ: Նրա նկատմամբ ճնշումներ են գործադրվում, և այդ մարզիկը հոգեբանական ծանր վիճակում է: Նա բարձրակարգ հրաձիգ է, սակայն սթրեսային վիճակը թույլ չի տալիս, որ բարձր արդյունքներ ցույց տա: Քրիստիանը գրեթե մարզվելու ժամանակ չի ունենում, դատական նիստերը հաջորդում են իրար: Հուսով են, որ ամեն ինչ կհարթվի և նա նորմալ կմասնակցի միջազգային մեկնարկներին: Արդեն մեկ տարի է, ինչ նշանառուների ընտանեկան զույգը Գերմանիայում է, ծնվել է առաջնեկը` աղջիկ: Դմիտրի Օռլովը փորձառու ստենդային հրաձիգ է: Նա բնակվում է Ռուսաստանում, սակայն Հայաստանի դրոշի ներքո է հանդես գալիս: Լաուերը և Օռլովը կմասնակցեն սեպտեմբերին Իսպանիայում կայանալիք աշխարհի առաջնությանը:

– Ռուսաստանում բնակվող տիտղոսակիր հրաձգուհի, աշխարհի, Եվրոպայի չեմպիոնուհի Երջանիկ Ավետիսյանը Ռուսաստանի թիմի կազմից դուրս է եկել և կրկին համալրել է մեր երկրի ընտրանին: Նա ներկայումս ինչո՞վ է զբաղված:
– Երջանիկը, ինչպես նաև նրա երկու որդիները լավ հրաձիգներ են, սակայն տեսադաշտում չկան: Հեռախոսազանգեր են եղել, նամակ է ուղարկվել, մի քանի անգամ եկել են Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն, և դրանով էլ ամեն ինչ ավարտվել է:

– Իսկ եթե աշխարհի առաջնությանը մասնակցելու ցանկություն առաջանա:
– Արդեն ուշ է, հնարավոր չէ: Պետք էր նախապես հայտ ներկայացնել:

– Նորից խնդիրներ առաջանո՞ւմ են, երբ մրցումներից առաջ անհրաժեշտ է լինում զենքեր տեղափոխել:
– Թերևս միակ երկրի այս մարզաձևի ներկայացուցիչներն ենք, որ այդ առումով տարբեր փորձություններ ենք կրել և նույնը շարունակ կրկնվում է: Համակարգը բարդ է, բայց կարելի է այնպես անել, որ այդ ամենը հեշտ կարգավորվի:

– Մեր մարզիկներն ապահովվա՞ծ են ժամանակակից զենքերով և զինամթերքով:
– Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն մեր երկրի պատանեկան օլիմպիական խաղերի մասնակիցների համար գնել է ավստրիական «Շտայեր» ֆիրմայի ժամանակակից հրացան և ատրճանակ: Մարզիկները ստացել են համապատասխան հանդերձանք: Միայն Իգիթյանի մարզակոշիկների հարցն է առայժմ մնացել չլուծված: 14-ամյա պատանի հրաձիգը 45 համարի մարզակոշիկ է հագնում… Փափուշտներ նույնպես տրամադրվել են: Գոհ ենք, որ ՀԱՕԿ-ն աջակցում է:

– Նշանառուների կարիքները հոգալու համար Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի միջոցները բավականացնո՞ւմ են:
– Ֆեդերացիան պետությունից աջակցության կարգով 26 մլն դրամ է ստանում, որը շատ քիչ է: Կազմակերպության նախագահ Արթուր Հովհաննիսյանն օգնում է: Լուծված է մասնագետների, պարապողների վարձատրության հարցը:

– Խորհրդային տարիներին հավաքականի հրաձիգների համար անվանական փամփուշտներ էին արտադրվում: Ներկայումս նման բան արվո՞ւմ է:
– Արտասահմանացի հրաձիգները, մեծ ֆինանսներ վճարելով, օգտվում են այդ հնարավորությունից: Դրա համար պետք է զենքը ներկայացնել ռազմական գործարան, այն թեստավորել և համապատասխան զինամթերք ստանալ:

– Տարիներ են եղել, երբ Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակում հրաձիգներ են եղել: Այժմ կարո՞ղ ենք հույս ունենալ, որ նման բան էլի կարող է լինել:
– Հույսը մեր երիտասարդներն են: Վերջին 2-3 տարում նկատելի աճ կա, նույնիսկ մեր արտասահմանցի գործընկերներն են զարմանում:

– Մերոնք դրսում ուսումնամարզական հավաքներ անցկացնելո՞ւ են:
– Նախատեսված էր, բայց չի կայացել: Սովորաբար, այդ հավաքներն անցկացնում էինք Ուկրաինայում, այդ երկրում միջազգային մեկնարկների էինք մասնակցում, բայց 2014-ին բաց ենք թողել: Ուկրաինայում պատերազմական վիճակ է: Մերոնք նախապատրաստվում են Նոր Նորքում գտնվող հրաձգության դպրոցի հարմարավետ մարզաբազայում: Կան նաև խնդիրներ: Օրինակ` պարապմունքների համար սահմանափակ քանակով փամփուշտներ ունենք, 50 մ-ոց հրաձգարանի թիրախակալներն են շարքից դուրս եկել: Այդ էլեկտրոնային սարքավորումները նորոգելու համար մեծ ֆինանսներ են անհրաժեշտ:

Ռադամել Ֆալկաոն կհամալրի Մադրիդի «Ռեալի» կազմը

ռֆ50px-Radamel_Falcao_6334Մադրիդի «Ռեալ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունն ընդհանուր հայտարարի է եկել «Մոնակոյի» հետ՝ կոմլումբիացի հարձակվող Ռադամել Ֆալկաոյի տեղափոխության հարցում:

Երկու  ակումբների ղեկավարները նման որոշման են հանգել անձնական հանդիպման արդյունքում՝ Ֆալկաոն վարձակալության հիմունքներով՝ 12 մլն եվրոյի դիմաց, կտեղափոխվի «Ռեալ»: Մադրիդյան ակումբը նաև գնման իրավունք է ձեռք բերել: Որպես փոխհատուցում պետք է վճարել 33 մլն եվրո:

«Ռեալի» ղեկավարները նախընտրել են վարձակալել ֆուտբոլիստին, որպեսզի համոզվեն ապաքինվե՞լ է արդյոք ֆուտբոլիստը խաչաձև կապանների վնասվածքից հետո, թե՞ ոչ:

Արզումանյանի և Պիզելիի «Ակտեբեն» կմրցի ռումինական «Ստյաուայի» հետ

չլ1346338264Ֆուտբոլի Եվրոպայի  Չեմպիոնների լիգայի մրցաշարի որակավորման 3-րդ փուլւմ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Ռոբերտ Արզումանյանի և Մարկոս Պիզելիի թիմը` ղազախական «Ակտեբեն», կմրցի ռումինական «Ստյաուայի» հետ: Վերջինս երկու խաղի արդյունով պայքարից դուրս է թողել «Ստրյոմսգոդսետին» (Նորվեգիա)`2:0 (1:0)

Ներկայացնենք նաև որակավորման երրորդ փուլի մյուս զույգերին:

Հանդիպումները կայանալու են հուլիսի 29-ին և օգոստոսի 5-ին:

«Լեգիա»(Լեհաստան) –  «Սելթիկ» (Շոտլանդիա)

«Մարիբոր» (Սլովենիա)» – «Մակքաբի» Թել Ավիվ (Իսրայել)

ՀԻԿ (Ֆինլանդիա) – ԱՊՈԵԼ (Կիպրոս)

«Սպարտա» (Չեխիա) – «Մալմյո» (Շվեդիա)

«Լուդոգորեց» (Բուլղարիա)  – «Պարտիզան» (Սերբիա)

«Ղարաբաղ» (Ադրբեջան) – «Զալցբուրգ» (Ավստրիա)

«Դեբրեցեն» (Հունգարիա) – ԲԱՏԵ (Բելառուս)

«Սլովան» (Սլովակիա) –  «Շերիֆ» (Մոլդովա)

«Օլբորգ» (Դանիա) – «Դինամո» (Խորվաթիա)

 

Գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը 4-րդ տեղում է

տպPetrosian-Tigran-L.13-4Տիգրան Լ. Պետրոսյանը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ընթացող Նայդորֆի հուշամրցաշարում յոթ տուրից հետո վաստակել է 5 միավոր և չորրորդ տեղում է: Նա գրոսմայստերներ Դուրարբեյլիից (Ադրբեջան), Շիմանովից (Ռուսաստան) ևՄարկովսկուց (Լեհաստան) ետ է մնում կես քայլով:

Հրանտ Մելքումյանն ունի 4,5 միավոր:

Ի՞նչ տվեց մերոնց հանդբոլի դպրոցականների աշխարհի առաջնության մասնակցությունը

1-ին  նյութ Հարություն Մելքոնյան-319Հայաստանի ներկայացուցիչները նորամուտ նշեցին Թուրքիայի Տրապիզոն քաղաքում անցկացված հանդբոլի դպրոցականների աշխարհի առաջնությունում: Թվում էր, թե ստուգատեսը զանգվածային բնույթ ունի, սակայն այն շատ ավելի լուրջ էր: Մերոնք. հանդիպելով ուժեղ մրցակիցների, անհաջողության են մատնվել, սակայն կարծում են, որ կատարվածից պետք է դասեր քաղել, ավելի նպատակադիր նախապատրաստվել երկու տարի հետո Ֆրանսիայում կայանալիք ստուգատեսին: Մեր երկրի այդ մարզաձևի ֆեդերացիայի նախագահության անդամ, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզական խաղերի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հարություն Մելքոնյանին, որ գլխավորել է Հայաստանի հանդբոլի պատվիրակությունը, նախ, հարցրինք, թե ինչ տվեց մերոնց մասնակցությունը:

– Դրականն այն է , որ մրցավայրում անցկացրած 7 օրվա ընթացքում Հայաստանը ներկայացնող Վանաձորի թիմը 7 խաղ անցկացրեց: Այսպիսի ծանրաբեռնված ծրագրով հանդես գալը դժվար էր: Ինքնին հարց կարող է ծագել` մի՞թե նույն պայմաններում չէին մյուս երկրների թիմերը: Մասնակցում էին պատանիների 22 և աղջիկների 21 թիմեր: Մրցավայր էին ժամանել ուսումնական տարբեր հաստատությունների, դպրոցների, գիմնազիաների, հիմնականում` լիցեյների թիմեր: Վերջիններս մարզական թեքումով կրթօջախներ են, որտեղ արմատավորված է հանդբոլը:
Մասնավորապես, Գերմանիան ներկայացնում էր մի կրթօջախի թիմ, որն ունի հանդբոլի 60 դասարան: Եվ կազմվել է հաստատության հավաքականը: Մինչդեռ Հայաստանի պատիվը պաշտպանում էր հանրակրթական դպրոցի թիմ: Ընդ որում, առաջնությանը մասնակցում էին եվրոպական երկրների ներկայացուցիչներ, բացառություն էր միայն Բրազիլիան: Ի դեպ, վերջինիս թիմը եզրափակչում միայն Գերմանիայի պատվիրակներին զիջեց, որը հանդես էր գալիս Հայաստանի ներկայացուցիչների հետ նույն խմբում: Ուշագրավ է, որ գերմանացիները խմբային մրցաշարում պարտվեցին Սլովենիայի թիմին, սակայն հետո դարձան չեմպիոն:
Ինչևէ, ուժեղ թիմեր էին ներկայացել մրցավայր, մինչդեռ Հայաստանի ներկայացուցիչները չունեին 12 արժանավոր խաղացող, որոնք այդ ստուգատեսում կարող էին հանդես գալ: Բանն այն է, որ բուհական ընդունելության քննությունների պատճառով, որոնք անցկացվում էին նույն ժամանակահատվածում, թիմը զրկվել էր հիմնական կազմի 4-5 խաղացողից: Արտասահմանյան երկրներում բուհ ընդունվելու, բանակ զորակոչվելու խնդիրներ չկան: Ուսումը բուհում շարունակելու համար խաղացողները համակարգչային տարբերակով ուսումնական հաստատություններ են ներկայացնում իրենց տվյալները և ազատ են նմանատիպ հոգսերից: Այնպես որ մեր թիմը համալրելու ժամանակ խնդիրներ էին ծագեցին, որոնք այդպես էլ մնացին բաց: Եթե այդ մի քանի խաղացողն էլ թիմի կազմում լինեին, հավանաբար պահեստայինների նստարանն ավելի «երկարեր», բայց էապես ոչինչ չէր փոխվի: Այդուհանդերձ, մերոնք հաղթելու հնարավորություններ ունեին: Մի քանի խաղում Հայաստանի ներկայացուցիչները գնդակների փոքր տարբերությամբ զիջեցին մրցակիցներին: Բացի այդ, այնպես էր ստացվել, որ թիմն ուներ հուսալի մեկ դարպասապահ, և հանդիպումների ամբողջ ծանրությունը ստիպված էր նա կրել: Կա նաև մեկ այլ խնդիր: Մեր թիմի հանդբոլիստները շաբաթական 2-3 պարապմունք են անցկացնում, մինչդեռ պարզվեց, որ մեր մրցակից թիմերի ներկայացուցիչները շաբաթական 6-9 պարապմունք են անցկացնում, և այս ընթացքում երկու տարին մեկ մասնակցել են աշխարհի առաջնություններին: Իսկ մերոնց համար ուժերի այս ստուգատեսը նորություն էր: Ընդ որում, մրցակից թիմերը միջանկյալ շուրջ 6 տասնյակ ընկերական խաղ են անցկացնում, լրջորեն նախապատրաստվում:

a04263– Մրցակարգում որևէ նորություն չկա՞ր:
– Անսպասելի էր, որ առաջնությունում ոչ-ոքի հասկացողությունը չկար: Եթե խաղում հավասար արդյունք էր գրանցվում, ամեն թիմ արագորեն հարձակվելու 5 հնարավորություն էր ստանում: Դարպասապահը գնդակը փոխանցում էր իր թիմակցին և վերջինս, երեք քայլ կատարելով, փորձում էր գրավել մրցակցի դարպասը: Ոչ-ոքիի դեպքում հաղթողին որոշելու համար մեզ հայտնի էր միայն 7 մետրանոցների հարվածաշարի տարբերակը: Երկրորդ նորությունն այն էր, որ եթե խաղի առաջին10 րոպեի ընթացքում թիմը չէր կարողանում գրավել մրցակցի դարպասը, հանդիպումը դադարեցվում էր, և անկարող թիմին 0: 6 հաշվով պարտություն էր գրանցվում: Մեր թիմն այդպիսի իրավիճակում չհայտնվեց, սակայն առաջնությունում այդպիսի դեպք եղավ:

– Ինչո՞ւ էր որպես մրցավայր ընտրվել Տրապիզոնը:
– Քաղաքը մեծ չէ, մոտավորապես Գյումրիի չափ է: Բայց մրցումների օրերին 12 մարզասրահում եղանք, որոնցում անցկացվում էին առաջնության խաղերը: Բոլորն էլ համապատասխանում էին միջազգային չափանիշներին: Այնինչ, Հայաստանում այդպիսի թեկուզ մեկ մարզասրահ չկա: Վանաձորի թիմը պարապում է անհամեմատ փոքր` 24×12 մ չափերի մարզասրահում: Սա չեմ ասում մերոնց արդարացնելու համար: Ի դեպ, հանդբոլը բոլոր երկրներում էլ, այդ թվում նաև Հայաստանում, դպրոցական ծրագրով դասավանդվում է, «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի ծրագրում է: Բայց այն, ինչ արվում է մեր երկրում, չի կարող համեմատվել արտասահմանյան ուսումնական հաստատություններում եղածի հետ: Երևանի մարզական պետական քոլեջում երկար ժամանակ է` ցանկանում ենք հանդբոլի դասարան հիմնել, բայց չի ստացվում: Հանդբոլի Հայաստանի ֆեդերացիայի ղեկավարությունն է առաջարկել, ուսումնական հաստատության ներկայացուցիչներն էլ պատրաստ են ընդառաջել, բայց ծնողները թույլ չեն տալիս, որ իրենց երեխաներն ուսումն այդ հաստատությունում շարունակեն:

– Առաջնությունը հավուր պատշա՞ճի էր կազմակերպված:
– Պարզապես կարելի էր հիանալ: Մասնակիցներն իջևանեցին օլիմպիական ավանում. 2-3 տեղանոց հյուրանոցային համարներ էին: Ծախսերը հոգացել է Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը: Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան ապահովել է ուղևորության, սննդի ծախսերը: Խաղերը սպասարկում էր մրցավարական 40 բիգադ: Բոլորի կազմում երկուական երիտասարդ էին: Հայաստանից չէին հրավիրել, քանի որ համապատասխան կարգի մրցավարներ չունենք: Այժմ աշխատում ենք այդ ուղղությամբ, փորձում ենք նախապատրաստել երկու երիտասարդ մրցավարի, որպեսզի իրավունք ունենան սպասարկելու միջազգային հանդիպումներ: Առաջնության մասնակցությունն օգտակար էր ոչ միայն խաղացողների, այլև մարզիչների համար: Նրանք շատ բան սովորեցին, շփվեցին արտասահմանցի իրենց գործընկերների հետ:

– Վերաբերմունքը Հայաստանի պատվիրակության նկատմամբ ինչպիսի՞ն էր:
– Ոչ մի հայ չզգաց, որ Թուրքիայում է: Հայեր գուցե կային, բայց նրանցից ոչ մեկին չհանդիպեցինք: Ակամա ստանձնել էի թարգմանչի դեր, քանի որ տիրապետում եմ այդ երկրի լեզվին: Ի դեպ, պատվիրակության կազմում էին նաև Հայաստանի ԿԳ նախարարության մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության պետ Արման Այվազյանը, Հայաստանի դպրոցականների մարզական ֆեդերացիայի նախագահ, «Աշխատանքային հերթափոխ» մարզընկերության նախագահ Արայիկ Մեհրաբյանը, «Աշխատանքային հերթափոխ» մարզընկերության բաժնի պետ Մանվել Մանուկյանը:
Հնարավորն արվում էր, որ մեր երկրի պատվիրակներն իրենց անկաշկանդ զգան: Ի դեպ, մերձեցման օր անցկացվեց, բոլոր երկրների ներկայացուցիչները նախապես պատրաստվել էին և իրենց տիպական ցուցաբաժիններով ներկայացան: Հայաստանն առանձնանում էր: Ներկայացվեցին ազգային կերակրատեսակներ: Հանդիպումներ ունեցանք Հանդբոլի միջազգային, Եվրոպայի ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ: Եվրոպան ներկայացնում էր մեր լավ բարեկամ, չեխ Ֆրանտիշեկ Տաբորսկին: Զրուցեցինք նաև Տրապիզոնի հանդբոլի ֆեդերացիայի նախագահի հետ: Նա պատրաստակամություն հայտնեց ցանկացած ժամանակ հյուրընկալել Հայաստանի ներկայացուցիչներին, աջակցել, որպեսզի բարվոք պայմաններում մարզվեն, նաև ընկերական խաղեր անցկացնեն:

Յոահիմ Լյով. «Շուտով կսկսվի գերմանական ֆուտբոլի դարաշրջանը»

2-րդ նյութ կլոզե, մերկելԱյս օրերին Գերմանիան ցնծում է: Ֆուտբոլի աշխարհի քառակի չեմպիոն Գերմանիայի հավաքականը Բրազիլիայից վերադարձել է հայրենիք: Գերմանացի խաղացողներին դիմավորում են ինչպես ազգային հերոսների: Ուր որ նրանք են գնում` մի քանի հարյուր հազար ֆուտբոլասեր է հավաքվում:

Հիշեցնենք, որ Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» մարզադաշտում կայացած եզրափակչում Գերմանիայի հավաքականը լրացուցիչ խաղաժամանակում, Մարիո Գյոտցեի խփած գոլի շնորհիվ, հաղթել է արգենտինացիներին և 24 տարվա ընդմիջումից հետո դարձյալ հռչակվել աշխարհի ուժեղագույն:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ուշադրության կենտրոնում էր պահում առաջնությունը: Նա ներկա էր ստուգատեսի բացման հանդիսավոր արարողությանը, և երկրորդ անգամ Բրազիլիա է ժամանել, որպեսզի հետևի եզրափակչի ընթացքին: Գերմանիայի ղեկավարը վարձահատույց եղավ, ազգային թիմի ֆուտբոլիստները նրան հուսախաբ չարեցին:

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան, որպես պարգև, Գերմանիայի հավաքականին կհանձնի 35 մլն դոլար:

Առաջնությունն ուշագրավ էր գերմանացիների համար նաև այն առումով, որ այդ երկրի հավաքականի փորձառու խաղացող Միրոսլավ Կլոզեն, կիսաեզրափակչի` Բրազիլիայի հավաքականի հետ խաղում գոլի հեղինակ դառնալով, աշխարհի առաջնություններում իր 16-րդ գնդակը խփեց: Այսպիսով, իտալական «Լացիոյի» հարձակվողը դարձավ աշխարհի առաջնությունների լավագույն ռմբարկուն՝ մեկ գնդակով առաջ անցնելով բրազիլացի Ռոնալդոյից:

Ի դեպ, երկար ժամանակ է, ինչ Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչի պարտականությունը վստահվել է Յոահիմ Լյովին, սակայն նրա թիմը չէր կարողանում լուրջ հաջողությունների հասնել: Եվ ահա, մարզչի օգնությամբ Գերմանիայի հավաքականը բարձունքին է:
Ընդ որում, Լյովը հայտնել է, որ իր թիմը կշարունակի ձգտել հաղթանակների:

«Աշխարհի չեմպիոնի տիտղոսը վստահություն է ներշնչում մեզ: Հիանալի հեռանկարներ ունենք և փայլուն ապագա: Այժմ մեր նպատակն է դառնալ Եվրոպայի 2016-ի առաջնության չեմպիոն: Կարծում եմ` շուտով կսկսվի գերմանական ֆուտբոլի դարաշրջանը: Հաստատ գիտեմ, որ մենք կանգ չենք առնի և կշարունակենք նոր նվաճումների ձգտել»,- ասել է նա:

Հայաստանի շախմատիստուհիները Եվրոպայի առաջնությունում մեդալների չեն հավակնում

43797Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում անցկացվող շախմատիստուհիների Եվրոպայի անհատական առաջնության ավարտին մնացել է մեկ տուր:

Հայաստանի ներկայացուցիչները մեդալների չեն հավակնում:

 

Տեխնիկական արդյունքներ

10-րդ տուր

 

Դանիելյան – Ստեֆանովա` ½ : ½
Մկրտչյան – Սոչկո` ½ : ½
Մամաձադա – Կուրսովա` ½ : ½
Գալոյան – Պարամզինա` 1 : 0
Կայա – Սարգսյան` 0 : 1


ԱՂՅՈւՍԱԿ

1. Գունինա 8.5
2. Ժուկովա 7.5
3. Մելիա 7.5
11. Դանիելյան 7
14. Մկրտչյան 6.5
50. Կուրսովա 5.5
69. Գալոյան 4.5
91. Սարգսյան 4

 

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը կես միավորով ետ մնաց հաղթողից

կգ42809Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը Իսպանիայի Բարբերա դել Վայես քաղաքում անցկացված շախմատի միջազգային մրցաշարում 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և 87 մասնակիցների պայքարում նվաճեց երկրորդ մրցանակը:

Գրիգորյանը կես միավորով ետ մնաց հաղթողից` արգենտինացի գրոսմայստեր Ֆերնանդո Պերալտայից:

Գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը շախմատի Փարիզի բաց առաջնության երկրորդ մրցանակակիր

տղTigran-Gharamian-620x300Գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը շախմատի Փարիզի բաց առաջնությունում 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր և 41 մասնակիցների պայքարում գրոսմայստերներ Սերգեյ Ֆեդորչուկի (Ուկրաինա) և Պավել Տրեգուբովի (Ռուսաստան) հետ միասին բաժանեց 1-3-րդ տեղերը:

Լրացուցիչ ցուցանիշներով Ղարամյանին շնորհվեց երկրորդ մրցանակը:

Մրցաշարի հաղթող ճանաչվեց Ֆեդորչուկը:

 

Պատանի նշանառուների մրցավեճը

դd3149f1863023b2e17f7cc3b4117a42fԵրևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի գնդակային հրաձգության բաց առաջնությանը մասնակցել է 60 մարզիկ՝ առանց տարիքային սահմանափակման:

Նշենք, որ այս մրցաշարը մեր մարզիկների համար վերջին ստուգատեսն էր օգոստոսին Նանջինգում կայանալիք <<Պատանեկան օլիմպիական խաղերից>> և սեպտեմբերին կայանալիք <<Աշխարհի  առաջնությունից>> առաջ:

Օլիմպիական վարկանիշ ձեռք բերած Զավեն Իգիթյանը և Հրաչիկ Բաբայանը բավականին լավ արդյունքներ են ցույց տվել, ավելին՝ Հրաչիկ Բաբայանը գրանցել է ՀՀ նոր ռեկորդ՝ գերազանցելով իր իսկ սահմանած հայաստանյան ռեկորդը և կրկնելով Ուկրաինայում սահմանածը: Նա օդամղիչ հրացան 10 մ տղամարդկանց վարժությունում 600 հնարավորից խոցել է 599 միավոր, որը լուրջ հայտ է Օլիմպիադայի և աշխարհի առաջնության համար:

Նոր ռեկորդի հեղինակ է դարձել նաև Եվրոպայի երիտասարդների բրոնզե մեդալակիր Լիլիթ Մկրտչյանը, որը վազող թիրախ՝ խառը վազք, 10մ, կանանց վարժությունում  400 հնարավորի խոցել է 376 միավոր:

Հաղթողները պարգևատրվել են մեդալներով, դիպլոմներով և ֆուտբոլային տարին խորհրդանշող գնդակ-հուշանվերներով՝ լեգենդար հրաձիգների ստորագրությամբ (Գագիկ Զոհրաբյան, Սեյրան Նիկողոսյան, Գագիկ Մելոյան և այլն):

Պարգևատրվել են նաև հաղթող հրաձիգների մարզիչները:

Լևոն Ջուլֆալակյան. «Եթե մեր երկրի կառավարությունը, պետությունը գտնի, որ մեզ պետք է լրջորեն մասնակցել աշխարհի գավաթի թիմային խաղարկությանը` լիարժեք կազմով և վերադառնալ հաջողություններով, ապա այդպես էլ կանենք»

IMG_0025Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է սեպտեմբերին Տաշքենդում կայանալիք աշխարհի առաջնությանը: Օրերես մեր երկրի պատվիրակները Գերմանիայի Դորտմունդ քաղաքում մասնակցեցին միջազգային մրցաշարի և փայլուն հաջողության հասան: Մրցագորգ դուրս եկած Հայաստանի հավաքականի 10 անդամներից 7-ը դարձան մեդալակիր: Կատարվածն ահա թե ինչպես մեկնաբանեց հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական խաղերի չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը:

– Գերմանիայի Դորտմունդ քաղաքում կայացած միջազգային մրցաշարն աշխարհի առաջնությանը նախապատրաստվող Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիկների համար կարողությունները փորձելու լավ հնարավորություն էր: Ընդ որում, հավաքականի հիմնական կազմի ըմբիշների համար սա վերջին միջազգային մրցաշարն էր: Ցանկանում էինք ընդհանուր պատկերացում կազմել, թե հավաքականի անդամներն ինչ մարզավիճակում են, կատարված աշխատանքն ինքանով է արդյունավետ: Ավանդական այս մրցաշարը մասնակիցների ներկայացուցչական կազմ է հավաքում և լավագույններից է:
Մեր ըմբիշների մասնակցությունից հիմնականում գոհ եմ: Կան նաև թերություններ, որոնք պետք է շտկել: Այդուհանդերձ, 8 քաշային կարգից 6-ում Հայաստանի ներկայացուցիչները տիրացել են ոսկե պարգևի: Ընդ որում, գերծանր քաշային կարգում հայտավորված ըմբիշ չունեինք: Միայն 80 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչներն անմասն մնացին խաղարկված պարգևներից: Ռաֆիկ Մանուկյանը վնասվածք ուներ: Իսկ Հրաչ Հովհաննիսյանը պարտվեց ուժեղ մրցակցի, բայց վնասվածքի պատճառով հաջորդ շրջանում դուրս մնաց պայքարից: Ակնկալում էի, որ նա կհասնի մինչև եզրափակիչ, մեր մարզիկը սփոփիչ գոտեմարտեր անցկացնելու հնարավորություն կստանա և առնվազն բրոնզե մեդալ կունենանք: Հաղթող դարձան Ռոման Ամոյանը (59 կգ), Արամ Ջուլֆալակյանը (66 կգ), իսկ նույն քաշային Կարեն Ասլանյանը բավարարվեց 3-րդ մրցանակով: Պատվո պատվանդանի առաջին աստիճանին կանգնեցին նաև Վարշամ Բորանյանը (70 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ), Արթուր Շահինյանը (85 կգ), Արթուր Ալեքսանյանը (98 կգ):

– Այդ մրցաշարին ուղևորվելուց առաջ ձեր ինքնազգացողությունն անսպասելիորեն վատացել էր, դա չխանգարե՞ց:
– Ես շատ արագ ապաքինվեցի: Աշխարհի տարբեր երկրներում բնակվող իմ ընկերներն անհանգստացած էին, երբ այդ մասին հայկական լրատվամիջոցներում հաղորդագրություններ հրապարակվեցին, բոլորը զանգահարում էին, հետաքրքրվում իմ առողջական վիճակով: 5 օր պահանջվեց, որպեսզի կազդուրվեմ: Այժմ ինքնազգացողությունս լավ է:

– Ռոման Ամոյանը և Կարեն Ասլանյանը նույն քաշային կարգում են հանդես գալիս: Միջազգային այս ստուգատեսից հետո կողմնորշվե՞լ եք, թե Հայաստանի հավաքականի կազմում նրանցից ով հանդես կգա աշխարհի առաջնությունում:
– Արդեն կողմնորոշվել եմ, թե բոլոր քաշային կարգերում ովքեր են մասնակցելու աշխարհի առաջնությանը, սակայն հավաքականի կազմը հայտնելու իրավունք ինձ չեմ վերապահում, քանի որ հիմա նախպատրաստական փուլ է: Ոչ մեկը չի կարող ասել, թե երկու ամիս հետո ինչ կլինի: Ակնհայտ է, որ Ամոյանը մի շարք առավելություններ ունի: Սակայն բոլոր քաշային կարգերում էլ ցանկացած ըմբիշ, եթե ճիշտ չնախապատրաստվի, լրջորեն չմոտենա առաջադրանքին, բնականաբար, չի մասնակցի:

– Աշխարհի առաջնությունից երկու ամիս առաջ մեր ըմբիշների ցույց տված վերջին փայլուն արդյունքը նաև մտավախություն է առաջացնում: Հնարավո՞ր է, որ նրանք կարողանան այդքան երկար պահպանել իրենց պատրաստականության մակարդակը և աշխարհի առաջնությանը ներկայանան կրկին լավ մարզավիճակում:
– Հայաստանի հավաքականի ոչ բոլոր ըմբիշներն են իրենց լավագույն մարզավիճակում եղել: Ծաղկաձորում կազմակերպված ուսումնամարզական հավաքի ընթացքում ուշադրություն է դարձվել ըմբիշների ընդհանուր և հատուկ ֆիզիկական պատրաստկանության բարելավմանը: Չենք փորձել և չէինք էլ կարող այնպես անել, որ մեր ըմբիշներն իրենց լավագույն մարզավիճակում գտնվեն: Ընդ որում, մեր մրցակից երկրների հավաքականների ըմբիշները նույնպես լավագույն մարզավիճակով չէին ներկայացել մրցավայր: Այդուհանդերձ, մրցաշարի մակարդակը բարձր էր և նմանվում էր Եվրոպայի առաջնությանը: Ինչևէ, հաջողությունների նախկինում էլ հասել ենք, բայց բարձր մակարդակի միջազգային մրցաշարում 6 հաղթող ունենալն արդեն լուրջ հայտ է, որ մերոնք կարող են իրենց լավագունս դրսևորել նաև աշխարհի առաջնությունում: Կփորձենք այնպես անել, որ Հայաստանի հավաքականի ըմբիշներն աշխարհի առաջնությունում կարողանան առավելագույնս դրսևորել իրենց ունակությունները:

– Դորտմունդում Հայաստանի հավաքականի կազմում գերծանրքաշային ըմբիշ չկար, աշխարհի առաջնությունում նույնը կրկնվելո՞ւ է: Ինչո՞վ է ներկայումս զբաղված մեր տիտղոսակիր գերծանրքաշայինը` Յուրի Պատրիկեևը:
– Հայաստանի հավաքականն ունի գերծանրքաշային ըմբիշ` Վաչիկ Եղիազարյանը: Նա մասնակցել էր Իրանում կայացած աշխարհի գավաթի խաղարկությայնը, ուսի վնասվածքը խանգարեց: Վաչիկը նախապատրստվում է աշխարհի առաջնությանը: Այդ քաշային կարգում կաղում ենք; Պատրիկեևը ներկայումս չի մարզվում, նաև չի հայտնել, որ մտադիր է մրցելույթ ունենալ: Այդ քաշային կարգում ունենք նաև երիտասարդ ըմբիշ` էդգար Խաչատրյանը: Առայժմ նա միայն երիտասարդական միջազգային մրցաշարերի է մասնակցում: Այդ ըմբիշը ներուժ ունի, հեռանկարային է, սակայն մեծահասակների միջազգային մրցաշարերում հաջողության հասնելու համար պետք է շատ աշխատի:

– Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է աշխարհի առաջնությանը: Չե՞ք կարծում, որ բացթողման հետևանք էր այն, որ մեր երկրի ընտրանին անհաջողության է մատնվել Իրանում անցկացված աշխարհի գավաթի խաղարկությունում` զիջելով մեր սահմանակից երկրների թիմերին, նաև 0:8 հաշվով պարտվել է Ադրբեջանի ներկայացուցիչներին:
– Ըմբշամարտի աշխարհի գավաթի թիմային խաղարկության մրցաշարերը, որպես կանոն, Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան անցկացնում է Եվրոպայի առաջնություններին շատ մոտ ժամանակահատվածում: Այդ է պատճառը, որ Հայաստանի հավաքականի տարբեր քաշային կարգերի առաջին համարները չէին մասնակցում: Որոշ քաշային կարգերում մեր երրորդ համարներն էին մրցավայր ուղևորվել: Պարզապես անհրաժեշտ էր մասնակցել: Եթե հրաժարվեինք, ապա մեծ տուգանքներ պետք է վճարեինք: Բացի այդ, եթե Հայաստանի հավաքականում շատ ուժեղ ըմբիշներ կան, ապա իրավունք չունենք նրանց փոխարինողներ պատրաստելու մասին չմտածել: Իսկ ինչպե՞ս դա պետք է անել: Եթե այդ երիտասարդ ըմբիշներին միանգամից Եվրոպայի առաջնությունում հանդես գալու հնարավորություն տանք, ապա գուցե «կոտրվեն»: Ուստի, բոլոր մարզիկներն էլ պետք է անցնեն այդպիսի մրցաշարերի բովով: Ի դեպ, մեր հավաքականը մի քանի անգամ այդ ստուգատեսին ուժեղ կազմով է մասնակցել և բարձր արդյունքների է հասել:
Ես եմ որոշում, թե նախապատրաստական որ փուլում որ մարզիկները պետք է մասնակցեն: Այդ մրցումների արդյունքը կարևոր չէ, բայց եթե մեր երկրի կառավարությունը, պետությունը գտնի, որ մեզ պետք է լրջորեն մասնակցել աշխարհի գավաթի թիմային խաղարկությանը` լիարժեք կազմով և վերադառնալ հաջողություններով, ապա այդպես էլ կանենք: Կրկնում եմ, հավաքականի առաջատարներին անհրաժեշտ են փոխարինողներ, և երիտասարդ ըմբիշները պետք է այդպիսի մրցաշարերում բացահայտեն, թե ինչ առավելություններ և թերություններ ունեն, թրծվեն, վարպետանան:

– Շատ է խոսվում մեր ռուսաստանցի հայրենակից, 66 կգ քաշային Միհրան Հարությունյանի Հայաստանի հավաքականը համալրելու խնդրի շուրջ:
– Այդ հարցը կարգավորվել է, Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայից արդեն գրություն է ստացվել, որում նշված է, որ նա կարող է հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում:

– Նախապատրաստական ինչպիսի՞ աշխատանքներ են կատարվելու առաջիկայում:
– Միհրան Հարությունյանը չէր կարող Հայաստանի հավաքականի կազմում միջազգային մրցաշարերի մասնակցել, բայց այժմ այդ հնարավորությունը նա ունի: Միհրանը կարողությունները կփորձի միջազգային մրցաշարերում, միաժամանակ հավաքականի իր թիմակիցների հետ ուսումնամարզական հավաքների կմասնակցի:
Հուլիսի սկզբին կուղևորվենք Ղրիմ: Վերջին ուսումնամարզական հավաքը նախատեսվում է անցկացնել Երևանում, այստեղից էլ կմեկնենք մրցավայր:

– Խնդիրներ չե՞ն ծագի Ղրիմ ուղևորվելու հարցում:
– Կարծում եմ` ոչ: Գնալու ենք Կրասնոդար, այնտեղից էլ` Ղրիմ:

 

 

Գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը 5-րդ տեղում է

տղTigran-Gharamian-620x300Ֆրանսիայի մայրաքաղաքում անցկացվող շախմատի տղամարդկանց  Փարիզի առաջնությունում Տիգրան Ղարամյանը 7-րդ մրցափուլում սևերով ոչ-ոքի խաղացած Ֆրանսիան ներկայացնող գրոսմայստեր Անդրեյ Շչեկաչևի հետ: հայ գրասմայստերը վաստակած 4,5 միավորով ընթանում 5-րդ տեղում: Նա ստուգատեսի ավարտից տուր առաջ առաջատարներից՝ ուկրաինացի գրոսմայստեր Սերգեյ Ֆևդորչուկից և ֆրանսիացի գրոսմայտեր Անտոնի Վիրիգից ետ է մնում 1, իսկ 3-րդ հորիզոնականը զբաղեցնող ռուսաստանցի գրոսմայստեր Պավել Տրեգուբովից՝  կես միավորով: 8-րդ տուրում Տիգրանի մրցակիցն ուկրաինացի Ֆեդորչուկն է :

Շվեյցարական մրցակարգով կխաղացվի 9 տուր: Փարիզի չեմպիոնը հայտնի կդառնա հուլիսի 13-ին:

Երևանի «Միկան» ավելի նամուսով պարտվեց մրցակցին, քան Երևանի «Փյունիկը» և Գյումրիի «Շիրակը»

Եվրոպա լիգաarm136333175562Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի մրցաշարում Երևանի «Միկան» ավելի նամուսով պարտվեց մրցակցին, քան Երևանի «Փյունիկը» և  Գյումրիի «Շիրակը»:

Ինչպես արդեն հայտնել ենք, վերջիններս մրցակիցներին երկու խաղի արդյունքով զիջել են ընդհանուր 1:6 հաշվով:

«Միկան» երկու հանդիպումների արդյունքով զիջեց Խորվաթիայի «Սպլիտին»` 1:3 հաշվով:

Երևանում կայացած պատասխան խաղում «Միկան» հաղթում էր 1:0 հաշվով, սակայն 88-րդ րոպեին գնդակ բաց թողեց՝ 1:1: Մրցակցի հարկի տակ հայկական ակումբը պարտվել էր 0:2 հաշվով:

 

Տեխնիկական արդյունքներ

Որակավորման առաջին փուլ, պատասխան հանդիպում

«Միկա» – «Սլիտ»՝ 1:1 (առաջին հանդիպում՝ 0:2)

Սարգիս Կարապետյան, 45+1 – Մատե Բիլիչ, 88

Երբ գերմանացիները խաղում են ինչպես բրազիլացիները

2-rd nyut 852147Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչի առաջին մասնակիցը դարձավ Գերմանաիայի հավաքականը, որը կիսաեզրափակչում անսպասելիորեն առավելության հասավ տանտերերի` Բրազիլիայի թիմի նկատմամբ` 7:1 հաշվով:

Ընդ որում, Բրազիլիայի հավաքականը ոչնչացվել էր արդեն առաջին խաղակեսում: Հանգստի գնալուց առաջ նրանք մրցակցին զիջում էին 0:5 հաշվով: Եզրափակչում Գերմանաիայի հավաքականը կխաղա մյուս կիսաեզրափակչի`Հոլանդիա – Արգենտինա մրցամարտի հաղթողի հետ: Այս խաղն ավարտվել է ուշ գիշերով:
Իսկ բրազիլացիները պետք է կարողանան բնականոն հունի մեջ մտնել ֆուտբոլային պատմության ընթացքում ունեցած երկրորդ ողբերգությունից հետո: 1950-ին տանն անցկացված աշխարհի առաջնության եզրափափակչում նրանք 1:2 հաշվով զիջել էին Ուրուգվայի հավաքականին: Տարիներ են անցել, սակայն բրազիլացիները չեն մոռացել այդ անհաջողության մասին, և հետո էլ ամեն ձախողում համեմատում էին դրա հետ: Ստացվում է, որ, Բելու Օրիզենտիում Գերմանիայի ընտրանիից կրած խայտառակ պարտությունից հետո, այդ անելու նոր շարժառիթ կա:
Կիսաեզրափակչի խաղը բրազիլացիների համար սարսափելի` մղձավանջի 90 րոպե էր: Բրազիլացի մարզասերները ֆուտբոլային խաղին հետևում էին արտասուքն աչքերում: Արտասվում էին բոլորը` երեխաները, կանայք, տղամարդիկ: Եվ զարմանալի չի լինի, որ մի երկրում, որտեղ ֆուտբոլը գրեթե հավատքի ուժ ունի, Գերմանիայի հավաքականից կրած պարտության օրը հայտարարվի ազգային սուգ` թեկուզ ոչ պաշտոնական:
2014-ի հուլիսի 8-ին Բրազիլիայի հավաքականն աշխարհի առաջնությունների տարեգրությունում կրեց իր ամենախոշոր հաշվով պարտությունը: Նախորդ մեծ ձախողումը գրանցվել էր 1998-ին, երբ Փարիզում կայացած աշխարհի առաջնության եզրափակչում նրանք Ֆրանսիայի հերկայացուցիչներին զիջել էին 0:3 հաշվով: Բայց հիմա բրազիլացիները նոր վերք ունեն:
Ընդ որում, Բրազիլիայի հավաքականը վերջին խաղում ջախջախվեց ընդամենը կես ժամվա ընթացքում:
Թերևս, այդ ամենի մեղավորը գերմանացի ֆուտբոլիստներն են, որոնք խաղում էին ինչպես բրազիլացիները:
Ի դեպ, Գերմնաիայի նրկայացուցիչների համար ևս կատարվածն զարմանալի է: Թիմի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը խոստովանել է.«Ոչ ոք չէր սպասում, որ հաշիվն այդքան խոշոր կլինի: Ինձ համար նույնպես անակնկալ էր: Մեր բախտը որոշ առումով բերեց: Հաջողվեց արագ գոլ խփել:4:0 հաշվի ժամանակ մրցակիցը խուճապահար էր: Բրազիլիայի հավաքականի խաղը քանդվեց, և արդեն ընդմիջմանը պարզ էր, որ հաղթելու ենք: Պետք է համեստ լինել և հասկանալ, որ առջևում ամենակարևոր խաղն է»: