Մեկնարկեց Հայաստան տեղափոխված շուրջ 5000 սիրիահայերի պարենային աջակցության ծրագիրը

օգնությունՆոյեմբերի 20-ին ՀՀ  սփյուռքի նախարարության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի համագործակցության արդյունքում կողմերի միջև ստորագրված Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում, մեկնարկեց Հայաստան տեղափոխված շուրջ 5000 սիրիահայերի պարենային աջակցության ծրագիրը:

 

Ինչպես նշեց Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Լենա Հալաջյանը, ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր անձ 6 ամսվա ընթացքում կստանա ամսական 16.2 կգ պարենամթերք: Ծրագիրը ֆինանսավորում է Ռուսաստանի Դաշնության կառավարությունը:

 

Ծրագրի իրականացման նախապատրաստական աշխատանքները կատարվել են ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի և Սփյուռքի նախարարության, ՄԱԿ-ի գործընկերների և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների («Առաքելություն Հայաստան», Հայ օգնության միություն և այլն) հետ սերտ համագործակցությամբ:

 

Ծրագիրն իրականացնող գործընկեր կազմակերպությունը «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ն է, որը շարունակելու է բաժանել պարենամթերք ծրագրում ներառված սիրիահայերին:

Առաջին մի քանի օրերին անձրև կգա

եղանակը հայաստանումՀանրապետության տարածքում՝
Նոյեմբերի 20-24-ին հանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ:
Քամին արևելյան 3-8 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-ի գիշերը կբարձրանա 4-5, ցերեկը կնվազի 3-4 աստիճանով, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 8-10 աստիճանով:
Երևանում`
Նոյեմբերի 20-24-ին սպասվում է ամպամածություն, ժամանակ առ ժամանակ հնարավոր է թույլ անձրև և մառախուղ:
Երևան քաղաքի նոյեմբերի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 22.20C (1946թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -12.40C (1948 թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 5.70CՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության

Յուրի Վարդանյանի որդու փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել

 Վահան ՀայրապետյանՀայաստանի փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի՝ նոյեմբերի 15-ի որոշմամբ փաստաբան Վահան Հայրապետյանի (արտոնագիր 554) նկատմամբ  կարգապահական վարույթ է հարուցվել՝ զանգվածային լրատվամիջոցի հրապարակման հիման վրա:

«NEWS.am լրատվական կայքում հրապարակվել է հոդված «Յուրի Վարդանյանի որդին թմրանյութ է գնել Սյունիքում իր օգտագործման համար. փաստաբան» վերտառությամբ, որտեղ առկա է փաստաբան Վահան Հայրապետյանի հետեւյալ մեջբերումը

«…Իսկ թե որ մասով է նա ընդունել մեղքը, փաստաբանն առայժմ չհայտնեց՝ հավելելով, որ դեռ քննիչի մոտ լրացուցիչ հարցաքննություն չեն կազմակերպել, երբ կլինի, կասի: «Չգիտեմ՝ ինչն է նա ընդունել, իմ կարծիքով՝ կարող է ասի՝ էս ղալաթը արել եմ, ձեռք եմ բերել, ուրիշ բաներ չեմ արել»,- ասաց փաստաբանը:

Նա տեղեկացրեց, որ իր պաշտպանյալը թմրանյութ ձեռք էր բերել Սյունիքում իր օգտագործման նպատակով: Իսկ թե ինչ քանակությամբ թմրանյութ էր ձեռք բերել, Վահան Հայրապետյանը չհայտնեց՝ համարելով նախաքննական գաղտնիք:….»:

«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 39.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթներն են` պետական, տեղական ինքնակառավարման եւ ոչ պետական մարմինների, ինչպես նաեւ այլ անձանց դիմումները (բողոքները), ինչպես նաեւ զանգվածային լրատվամիջոցների հրապարակումները։

Պալատի նախագահը գտել է, որ հրապարակման մեջ նշված տեղեկությունը հաստատվելու դեպքում փաստաբան Վահան Հայրապետյանի վարքագիծն առերեւույթ կհակասի «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ կետի եւ Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 3.5.3 կետի պահանջներին՝ այն է փաստաբանը  պարտավոր  է  չկատարել  վստահորդի  շահերին  հակասող որեւէ  գործողություն,  չընդունել  դիրքորոշում՝  առանց  նրա  հետ  համաձայնեցնելու, բացառությամբ  այն  դեպքերի,  երբ  փաստաբանը  համոզված  է  պաշտպանյալի (վստահորդի)  ինքնազրպարտության  մեջ,  հակառակ  պաշտպանյալի  դիրքորոշման՝ չընդունել  դեպքի  հետ  նրա  առնչությունը  եւ  մեղավորությունը,  ինչպես  նաեւ  իրավունք չունի դրդել կամ համոզել նրան իրեն մեղավոր ճանաչել:

ՓՊ նախագահի որոշման պատճառաբանական մասում նշվել է՝ «Հրապարակումից հետեւում է, որ փաստաբան Վահան Հայրապետյանը տեղյակ չէ, թե ինչ է ընդունել իր վստահորդը, սակայն միեւնույն ժամանակ փաստաբան Վահան Հայրապետյանն ընդունում է թմրանյութ ձեռք բերելու արարքի կապակցությամբ իր վստահորդի առնչությունը։ Այս պարագայում, ըստ հրապարակման համատեքստի, ստացվում է, որ Վահան Հայրապետյանը չունենալով իր վստահորդի համաձայնությունը, ընդունել է նրա առնչությունը հնարավոր հանցագործության կատարման մեջ (ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածը հանցագործություն է համարում զգալի չափերով թմրամիջոցներ ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը)։»։

Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում:

Մոսկվայից Կազան ուղևորվող վթարի ենթարկված ինքնաթիռում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան,տեսանյութ

ինքնաթիռՆոյեմբերի 17-ին, ժամը19.25-ին Մոսկվայից Կազան ուղևորվող ինքնաթիռը վայրէջքի ժամանակ վթարի է ենթարկվել:

Կազանի օդանավակայանում տեղի ունեցած աղետալի ավիավթարի հետևանքով զոհվել են ինքնաթիռի անձնակազմի 6 անդամներ և 44 ուղևորներ:

ՌԴ ԱԻՆ-ից հայտնել են, որ վթարի ենթարկված ինքնաթիռում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան:

Տեղի է ունեցել Հանրապետական զորակոչային հանձնաժողովի խորհրդակցությունը

ՊՆ, զորակոչային հանձնաժողովՆոյեմբերի 16-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվեցին 2013 թվականի ամառային զորակոչի արդյունքները և քննարկվեցին ձմեռային զորակոչի պատշաճ կազմակերպմանն ու անցկացմանն առնչվող հարցեր:

Յուրա ԽաչատուրովԽորհրդակցությանը, որը վարում էր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, մասնակցում էին պետական պաշտոնյաներ, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, մարզպետներ, հանրապետության տարածքային  զինկոմներն ու զինկոմիսարիատների համապատասխան բաժանմունքների աշխատակիցներ, բուժհանձնաժողովների անդամներ, բարձրաստիճան զինվորականներ, զորակոչի անցկացմանն օժանդակող այլ կառույցների ներկայացուցիչներ:

Բացելով խորհրդակցությունը՝ Սեյրան Օհանյանը կարևորեց միջոցառման անհրաժեշտությունը, նշելով, որ զինված ուժերի համալրումը հանդիսանում է պաշտպանական համակարգի կարևորագույն խնդիրներից մեկը։ Նախարարը գոհունակությամբ փաստեց, որ վերջին տարիներին զորակոչի գործընթացում ներգրավված կառույցների համատեղ իրականացված աշխատանքի արդյունքում զորակոչի կազմակերպումը դրվել է որակապես նոր՝ առավել թափանցիկ հիմքերի վրա։

Հաշվետու զեկույցով հանդես եկավ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: Անդրադառնալով 2013 թ. ամառային  զորակոչի արդյունքներին և ձմեռային զորակոչի նախապատրաստական աշխատանքներին, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետն առանձնացրեց զորակոչի թե դրական դրսևորումները, թե արձանագրված որոշակի բացթողումները: Փաստելով, որ նախորդ զորակոչի ընթացքում առաջադրված խնդիրները կատարվել են, Յու. Խաչատուրովը ներկայացրեց վիճակագրական որոշ տվյալներ, անդրադարձավ զինկոմիսարիատների ու բուժհանձնաժողովների կողմից կատարված աշխատանքներին:

Ընդհանուր առմամբ` նիստի ընթացքում քննարկվեցին երիտասարդների կցագրմանը և հաշվառմանը, բուժհետազոտությանը, զորակոչից խուսափողների նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը, հանրակրթական հաստատություններում ֆիզիկական պատրաստություն առարկայի դերի բարձրացման անհրաժեշտությանը, ինչպես նաև զորակոչային գործընթացի թափանցիկությանն ու արդարության սկզբունքի պահպանմանն առնչվող մի շարք հարցեր:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները և շնորհակալություն հայտնելով ներկաներին կատարված համատեղ աշխատանքի համար` Սեյրան Օհանյանը համոզմունք հայտնեց, որ զորակոչի անցկացման համար պատասխանատու բոլոր օղակների սերտ համագործակցության արդյունքում հերթական զորակոչի աշխատանքները կիրականացվեն առավել արդյունավետ և բարձր մակարդակով: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զորակոչի հստակ կազմակերպման և անցկացման առումով տվեց  նաև որոշ ցուցումներ, որոնց ուղղությամբ պետք է համապատասխան աշխատանքներ տարվեն:

Խորհրդակցության ավարտին ամառային զորակոչն արդյունավետ կազմակերպելու և անցկացնելու, այդ գործընթացին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար զինկոմիսարիատների, բուժհանձնաժողովների, պատասխանատու այլ կառույցների մի շարք ներկայացուցիչներ և զինծառայողներ պարգևատրվեցին գերատեսչական մեդալներով, պատվոգրերով և արժեքավոր նվերներով:

 

 

 

 

 

Նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2013 թ. մրցանակի հանձնման արարողությունը

Սերժ Սարգսյան,Ցուգիո Մակիմոտո, տիկին Կումիկո Մակիմոտո,մրցանակ

 Նախագահի նստավայրում այսօր երեկոյան տեղի է ունեցել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2013 թվականի մրցանակի հանձնման արարողությունը: Ի պատիվ մրցանակի արժանացած՝ Կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության նախագահ, «Հիտաչի» ընկերության նախկին գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոյի և նրա տիկնոջ՝ Կումիկո Մակիմոտոյի, հրավիրված ընդունելությանը Համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների (ՀՏՏ) մրցանակաբաշխության կոմիտեի գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը ներկայացրել է մրցանակակրի ընտրման ընթացակարգը, նախորդ տարիներին մրցանակի արժանացածներին, ինչպես նաև ՏՏ ոլորտում Հայաստանի մրցակցային առավելությունները՝ վստահություն հայտնելով, որ տարիներ անց կարձանագրվի, որ այս մրցանակաբաշխության արդյունքում համաշխարհային տեխնոլոգիական գիտակրթական և բիզնես միջավայրի ամենալուսավոր ու հեղինակավոր մարդիկ, դառնալով մրցանակակիր, կգան Հայաստան՝ իրենց հետ բերելով բարձրագույն տեխնոլոգիական ժամանակակից մշակույթ և ամբողջ աշխարհում կբարձրացնեն մեր պետության ճանաչողությունն ու վարկանիշը՝ որպես գիտելիքին և ինտելեկտին ապավինող երկիր: Հայաստանի մրցակցային առավելությունները, Հովիկ Մուսայելյանի խոսքով, սերտորեն կապված են ՏՏ ոլորտի հետ, և Հայաստանն ունի բոլոր անհրաժեշտ նախադրյալներն ու ներուժը՝ դառնալու տարածաշրջանային կենտրոն և կարևոր դերակատար: Իր խոսքում մրցանակաբաշխության կոմիտեի գործադիր խորհրդի նախագահը մեջբերել է նաև 2011թ. ՀՀ Նախագահի մրցանակին արժանացած հանրահռչակ Սթիվ Վոզնյակի խոսքերը. ՙՉկա Նոբելյան մրցանակ ՏՏ ոլորտում, բայց այս մրցանակն ինձ համար հավասար է Նոբելյանին, այն ստանում եմ Հայաստանի Նախագահից և հպարտ եմ դրա համար՚:

Հանձնաժողովի անդամ Թոնի Մորոյանն ընդունելության մասնակիցներին համառոտ ներկայացրել է մրցանակի արժանացած Ցուգիո Մակիմոտոյի կենսագրությունը:

Ընդունելությանը մասնակցող Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Տիկահիտո Հարադան երախտագիտություն է հայտնել ՏՏ ոլորտում նշանակալի հաջողությունների հասած իր հայրենակցի՝ աշխարհահռչակ Ցուգիո Մակիմոտոյի վաստակը Հայաստանի կողմից գնահատելու և նման բարձր մակարդակով մրցանակի արժանացնելու համար, ինչը, նրա համոզմամբ, վկայում է հայ-ճապոնական դինամիկ զարգացող ամուր բարեկամական հարաբերությունների մասին:

Մրցանակի հանձնման առիթով տեղի ունեցած ընդունելության ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով:

Մրցանակակիր Ցուգիո Մակիմոտոն իր շնորհակալական խոսքում երախտագիտություն է հայտնել ՏՏ ոլորտի ամենահեղինակավոր մրցանակներից մեկին արժանանալու կապակցությամբ, ներկայացրել իր գործունեությունը և խոսել աշխարհում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հեռանկարների մասին:
***

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական խոսքը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակի շնորհման ժամանակ

 

Հարգելի՛ պարոն Մակիմոտո,
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Այսօր ես հաճելի պարտականություն եմ կատարել` դոկտոր Ցուգիո Մակիմոտոյին հանձնել եմ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակը: Դոկտոր Մակիմոտոն Ճապոնիայի Տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունաբերության ամենաակնառու դեմքերից է: Նա հեռատես է այնքան, որ նրա պատկերացումներն ու առաջարկները միշտ էլ առաջ են անցել ժամանակից: Վերջին տասնհինգ տարիների ընթացքում ականատես ենք եղել մարդկանց և նույնիսկ մասնագետների մոտեցումները հեղափոխող տարաբնույթ ապրանքների և հարթակների ստեղծմանը, ինչպիսիք են Սմարթ քարտերը, Սմարթ հեռախոսները, էլեկտրոնային գրքերը և այլն: Դրանց ակունքներում նաև պարոն Մակիմոտոյի գաղափարներն են:

Այս մրցանակով Հայաստանի ժողովուրդը իր հիացմունքն ու երախտագիտությունն է հայտնում նրանց, ովքեր առաջ են տանում մարդկային քաղաքակրթությունը և իրենք էլ դառնում են ժամանակի յուրօրինակ խորհրդանիշներ: Այս մրցանակով մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցում ոչ միայն պարոն Մակիմոտոյին, այլև նրա հայրենիքին` Ճապոնիային, որտեղ ապրում են խիզախ ու աշխատասեր, իմաստուն ու տաղանդավոր մարդիկ: Մենք վկան եղանք Ճապոնիայում տեղի ունեցած ահավոր երկրաշարժի, և հատկապես այն փաստի, թե ինչպիսի տոկունությամբ է ժողովուրդը կանգնում բնության տարերքի դեմ և ինչպիսի կազմակերպվածությամբ ու համախմբվածությամբ է բուժում իր վերքերը: Բազում երկրաշարժեր տեսած մեր երկրի ու ժողովրդի համար դա իսկական դաս էր:

Ճապոնիայի տնտեսական և տեխնոլոգիական նվաճումները տպավորիչ են և ուսանելի ոչ միայն մեր, այլև աշխարհի համար: Այս մրցանակով մենք նաև ցանկանում ենք մեր երիտասարդների հատուկ ուշադրությունը հրավիրել հաջողված գործերի և հաջողակ մարդկանց վրա: Ցանկանում ենք նրանց տալ ճիշտ ուղենիշներ և օրինակներ: Համոզված ենք, որ երկրի ամենամեծ հարստությունը մարդն է, և Ճապոնիայի օրինակն էլ դրա վառ ապացույցն է:

Հարգարժա՛ն պարոն Մակիմոտո,

Կրկին շնորհավորում եմ Ձեզ այս մրցանակին արժանանալու կապակցությամբ: Համոզված եղեք, որ, Ձեր հայտնաբերած «Մակիմոտոյի ալիքը», եթե պատկերավոր արտահայտվենք, կտրել է ծովեր ու օվկիանոսներ և հասել է Հայաստան: Մեր երկրում Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ամենաարագ զարգացող բնագավառն է, և մենք լուրջ հույսեր ենք կապում այս հեռանկարային ճյուղի հետ: Ձեզ նման մարդկանց շնորհիվ այսօր աշխարհում բոլոր գործընթացները, այդ թվում` և քաղաքական, ձեռք են բերել նոր արագություններ: Այսօրվա երիտասարդները նույնիսկ չգիտեն, թե վաղը ինչ նոր մասնագիտություններ են ի հայտ գալու: Այս պայմաններում մեծանում է առանց բացառության բոլորի պատասխանատվությունը, որը մեզ առաջնորդում է քայլել ժամանակին համընթաց:

Հարգարժա՛ն դոկտոր Մակիմոտո,

Մաղթում եմ Ձեզ և Ձեր ընտանիքին առողջություն և ամենայն բարիք, նորանոր հաջողություններ Ձեր շնորհակալ գործում: Համոզված եղեք, որ այդ հաջողություններով մենք այստեղ ուրախանալու ենք:

Շնորհակալ եմ, որ եկել եք Հայաստան: Շնորհակալ եմ նաև Ձեր այն աշխատանքի համար, որ այս 10-12 օրերի ընթացքում Դուք կատարելու եք Հայաստանում:

Շնորհակալություն:

Նախագահ Սերժ Սարգսյանն Արցախում այցելել է կենտրոնական և հարավային ուղղությամբ տեղակայված զորամասեր,լուսանկարներ

4622

 

Աշխատանքային այցի շրջանակներում Արցախում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 14-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի և հայկական երկու հանրապետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների ու բարձրագույն սպայական կազմի հետ այցելել է ՊԲ կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկը: Նախագահը շարահրապարակում անձնակազմին ողջունելուց հետո, զրուցել է զինվորների և սպայական կազմի հետ, այնուհետ դիտել հետախուզական վաշտի ցուցադրական պարապմունքը:

ՀՀ և ԼՂՀ նախագահները ծաղկեպսակ են դրել զորամասի տարածքում կառուցված զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել:

Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանը զորամասի տարածքում բանակային շինությունների բացման հանդիսավոր արարողությունից հետո դիտել են մարտական հերթապահության մեկնող անձնակազմի նախապատրաստական պարապմունքները և խրախուսել լավագույն արդյունք ցուցաբերածներին: Հայկական երկու հանրապետությունների նախագահներն այցելել են նաև հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկը, որտեղ բացվել է ծառայության համար անհրաժեշտ բոլոր հարմարություններով նորակառույց շտաբի մասնաշենքը: Նախագահներն այստեղ դիտել են նաև արգելագոտու հաղթահարման ուղղությամբ անձնակազմի վարժանքները:

Ավարտվել է հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության շրջանակներում կայացած` ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի եռօրյա աշխատանքային այցը ԼՂՀ ՊԲ զորամասեր և առաջնագիծ:

Մայրաքաղաք Ստեփանակերտում այսօր առավոտյան տեղի է ունեցել նախագահներ Սերժ Սարգսյանի և Բակո Սահակյանի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով խորհրդակցություն՝ ՀՀ պատվիրակության և ԼՂՀ վարչապետի ու կառավարության անդամների մասնակցությամբ:

Հայ հեղափոխական դաշնակցությունը 92 տարի անց Ստամբուլում է

dashnakԹուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցության հրավերով անցած շաբաթվա վերջին Ստամբուլում տեղի է ունեցել Սոցիալիստական միջազգային համաժողով, որին մասնակցել են նաև Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության ներկայացուցիչները: Համաժողովին մասնակցել են Արգենտինայից կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամներից Մարիո Նալբանդյանը, ինչպես նաև Հայ դատի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը:

Սոցիալիստական միջազգային համաժողովի փոխնախագահ ԺՀԿ-ի նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն նիստի ժամանակ նշել է, որ ՀՅԴ մասնակցությունը այս հանդիպմանը շրջադարձային նշանակություն ունի: «Բոլորին հայտնի պատճառներով 92 տարի անց տեղի ունեցած այս հանդիպումը պատմական կարևորություն ունի»,-նշել է Քըլըչդարօղլուն:
Դաշնակցության ներկայացուցիչները ժողովից հետո այցելել են «Ակօս»-ի խմբագրություն, հանդիպել թերթի գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշի և մյուս աշխատակիցների հետ: Հանդիպման ընթացքում Նալբանդյանն ու Մանոյանը ծանոթացել են Թուրքիայի հայերի խնդիրներին:

Վարչապետն անդրադարձել է հրատապ հարցերի. Տիգրան Սարգսյանի ներածական խոսքը ՀՀ կառավարության նիստում

Տիգրան Սարգսյան,ՀՀ կառավարության նիստԲարև ձեզ, հարգելի գործընկերներ: Մինչ օրակարգի ձևավորումը ուզում եմ անդրադառնալ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին: Դուք գիտեք, որ Վաշինգտոնը դրական է գնահատել Հայաստանում իրականացված այս ծրագրի արդյունքները և այն գնահատել է որպես արդյունավետ ծրագիր, քանի որ բոլոր թիրախները, որ մենք դրել էինք մեր առջև, ամբողջությամբ ի կատար են ածվել: Այս առումով մենք պետք է շնորհակալություն հայտնենք Միացյալ Նահանգների վարչակազմին, քանի որ ծրագիրն էական նշանակություն ունեցավ մեր տնտեսության համար: Այսօր ես ուզում եմ ձեզ տեղյակ պահել, որ մենք հնարավորություն ունենք ևս մեկ անգամ դիմելու «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին: Նախապայմանն այդ ծրագրից օգտվելու ցուցանիշներն էին, որոնք հրապարակվում էին և որոնց գծով մենք պետք է ունենայինք դրական արդյունքներ: Ուզում եմ ձեզ տեղյակ պահել, որ «Հազարամյակի մարտահրավերների» գրասենյակի կայքէջում տեղադրված են վերջին գնահատականները, ըստ որոնց Հայաստանի Հանրապետությունը բոլոր երեք հիմնական չափանիշներով ստացել է դրական գնահատականներ: Մեր հիմնական թույլ կողմը համարվում էր կոռուպցիոն ռիսկերը, և այսօր այդ ոլորտում ևս արձանագրվել են դրական տեղաշարժեր: Հանձնարարվում է ֆինանսների նախարարին՝ այս հարցը բարձրացնել Միացյալ Նահանգներում մեր միջկառավարական հանձնաժողովի նիստին, ինչպես նաև դիմել «Հազարամյակի մարտահրավերների» գրասենյակին նոր հայտով, որպեսզի մենք հնարավորություն ունենանք ստանալու նոր ֆինանսավորում: Իհարկե, մենք պետք է գիտակցենք, որ հավանականությունը այնքան էլ մեծ չէ, որովհետև այդ ֆինանսավորումն ստանալու հավակնություն ունեցող և դիմող երկրների թիվը բավական մեծ է, այդ ֆինանսական միջոցներից օգտվելու մրցակցությունը բավական մեծ է լինելու: Բայց մենք պարտավոր ենք օգտվել այդ հնարավորությունից:
Այնպես որ, նաև զանգվածային լրատվական միջոցների ուշադրությունն եմ հրավիրում այս հրապարակման վրա, որի համաձայն Հայաստանն առաջընթաց է արձանագրել:
Երկրորդ խնդիրը. հունվարի 1-ից մենք անցնելու ենք կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը: Շուրջ 10 տարի ենք ծախսել նախապատրաստական աշխատանքների վրա: Տեղի են ունեցել բուռն քննարկումներ, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության նախագահի մոտ երկու անգամ ընդլայնված խորհրդակցություն է տեղի ունեցել, որոնց հրավիրվել են Ազգային ժողովի պատգամավորները, մասնագետներ, տրվել են լրացուցիչ հանձնարարականներ: Բոլոր շահագրգիռ կողմերը ստացել են իրենց հետաքրքրող և մտահոգող հարցերի պատասխանները, որոնց արդյունքում էլ Ազգային ժողովն ընդունել է մի օրենսդրական փաթեթ: Քանի որ մինչև հունվարի 1-ը մնացել է բավական քիչ ժամանակ, անհրաժեշտ է, որպեսզի այս բարեփոխման համար մեր պատասխանատուներն այս ժամանակահատվածում ակտիվ լինեն և ԶԼՄ-ների միջոցով կարողանան անհրաժեշտ տեղեկություն տրամադրել մեր քաղաքացիներին և առաջին հերթին նրանց, ովքեր հունվարի 1-ից մասնակցելու են կուտակային համակարգի վճարումներին: Հասկանալի է, որ այս մեկ ամսվա ընթացքում, երբ որ սկսելու են աշխատել նաև Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից գրանցված հիմնադրամները, որոնք սպասարկելու են մեր քաղաքացիներին և կառավարելու են նրանց խնայողությունները, անհրաժեշտ է, որպեսզի շատ առարկայական հարցերի պատասխաններ տանք մեր քաղաքացիներին, թե հունվարի 1-ից հետո նրանք ինչպես են իրականացնելու այդ գործառույթը: Առաջին հերթին սա վերաբերում է ՀՀ ֆինանսների նախարարությանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, էկոնոմիկայի նախարարությանը և Կենտրոնական բանկին: Այս կառույցների մասնագետներն ավելի մեծ ժամանակ պետք է տրամադրեն ԶԼՄ-ների հետ շփվելուն, որպեսզի մենք բոլոր հարցերի սպառիչ պատասխանները կարողանանք տալ մեր քաղաքացիներին:

Այսօր շաքարային դիաբետի համաշխարհային օրն է

index Այսօր նշվում է Շաքարային դիաբետի համաշխարհային օրը:  Աշխարհում այս հիվանդությունն այլևս համարվում է ապրելակերպ:

1922 թվականի հունվարին երիտասարդ կանադացի գիտնական Ֆրեդերիկ Բանտինգը պատմության մեջ առաջին անգամ կատարում է ինսուլինի ներարկում՝ փրկելով դիաբետի ծանր ձևով տառապող 14-ամյա տղայի կյանքը: Բանտինգը ինսուլինի հայտնագործման բոլոր իրավունքները հանձնում է Տորոնտոյի համալսարանին՝ հետագայում ինսուլինի արտադրման իրավունքները փոխանցելով Բժշկական հետազոտությունների Կանադական խորհրդին: 1922-ի տարեվերջին նոր դեղամիջոցը հայտնվում է դեղերի շուկայում:

Գիտնականի ծննդյան օրը` նոյեմբերի 14-ը, Դիաբետի միջազգային դաշնության (International Diabetes Federation) և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (World Health Organization) կողմից հռչակվում է Դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օր (World Diabetes Day) և առաջին անգամ նշվում 1991 թվականին:

2007 թվականից Դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրն անցկացվում է Միացյալ ազգերի կազմակերպության հովանու ներքո: Յուրաքանչյուր տարի նոյեմբերի 14-ին իրականացվող քարոզարշավն ու իրազեկման միջոցառումները նպատակաուղղված են բարձրացնելու բնակչության զգոնությունն ու տեղեկացվածությունը շաքարային դիաբետի և դրա բարդությունների  վերաբերյալ:

ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակվել է առողջ ապրելակերպի հայեցակարգի նախագիծ, որտեղ մեծ տեղ է հատկացված շաքարային դիաբետի առաջացմանը նպաստող գործոնների կանխմանը, հատկապես ֆիզիկական ակտիվության բարձրացմանը, ավելորդ քաշից ձերբազատմանը և առողջ սննդի օգտագործմանը:

Ըստ վիճակագրական տվյալների` Հայաստանի Հանրապետությունում հաշվառված են ավելի քան 62000 շաքարային դիաբետով հիվանդ, որից ինսուլինակախյալ են 10984-ը:

ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված չափորոշիչներով հստակ ամրագրված է շաքարային դիաբետով հիվանդների վարման կարգը: Վերջին 10 տարվա ընթացքում պետության կողմից մշակվել և իրագործվել են մի շարք բարեփոխումներ, որոնք հնարավորություն են տալիս հիվանդությունը վաղ ախտորոշել և կիրառել բուժման ժամանակակից մեթոդներ:

Հաշվառված հիվանդները գտնվում են պետական հոգածության ներքո,  ներզատաբանի անմիջական հսկողությամբ տրամադրվում է անվճար հակադիաբետիկ դեղորայք` հաբեր և ազդեցության տարբեր տևողության ինսուլիններ:

ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրամադրվող ինսուլինային սրվակների քանակը հաշվառված հիվանդներին հատկացվում է 100 տոկոսով, իսկ հակադիաբետիկ հաբերով ամբողջ ծավալով ապահովման համար ձեռնարկվում են միջոցառումներ:

Միաժամանակ, ՀՀ առողջապահության նախարարությունը 2014 թվականից նախատեսում է ներդնել սկրինինգային ծրագիր ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման նպատակով, որի բաղադրիչներից մեկն էլ շաքարային դիաբետի վաղ հայտնաբերումն ու կանխարգելումն է:

 

ԼՂՀ ճանաչման մասին օրինագիծը չընդունվեց. քվերակությանը մասնակցեց ընդամենը 11 պատգամավոր

photo.php_4

Խորհրդարանում քվեարկության դրվեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհ Փոստանջյանի կողմի ներկայացված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագիծը: Մինչ քվեարկությունը ելույթի իրավունք խնդրեց Զարուհի Փոստանջյանը, սակայն Հովիկ աբրահամյանը նրան նախապես զգուշացրեց, որ եթե խոսի ոչ թե վարման կարգի վերաբերյալ, այլ նախագծի բովանդակությունից, ապա խոսափողը կանջատի:

Երբ Փոստանջյանը ելույթը սկսեց նախօրեին խորհրդարանում օրինագծի շուրջ ծավալված քննարկումից, և հայտարարեց, որ բանակցային գործընթացը ՀՀԿ-ի կողմից ի սկզբանե խաթարված է, նրա խոսափողն անջատվեց:

Այնուհետև վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նա հայտարարեց, որ իրենք չեն մասնակցելու այս հարցի քննարկմանը ոչ թե նրա համար, որ դեմ են գործընթացին (նա հիշեցրեց, որ իրենք քաղաքական դաշտ ենք եկել հենց Ղարաբաղի հարցով), այլ որովհետև դրանով իրենց տհաճությունն են ցուցաբերում քվեարկության նկատմամբ:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն իր հերթին հայտարարեց, որ չեն մասնակցելու քվեարկությանը, քանի որ ԲՀԿ-ի համար Արցախի հարցը լրջագույն խնդիր է և չի կարող դառնալ քաղաքական խաղերի մանրադրամ:

ՀԱԿ տեսակետը ներկայացրեց Լևոն Զուրաբյան` նշելով, որ իրենք էլ չեն մասնակցի քվեարկությանը, քանի որ վաղաժամ են համարում հարցը խորհրդարանում քննարկելն ու քվեարկելը:

Խոսել ցանկացավ նաև ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտը Բագրատյանը, սակայն մի քանի բառ ասելուց հետո Հովիկ Աբրահամյանն ասաց, որ անջատեն նրա խոսափողը. Բագրատյանն ինչ որ տնտեսական հաշվարկներ էր ուզում ներկայացնել…

«Ժառանգություն» խմբակցության անդամ, բայց «Ժառանգություն»-ը չներկայացնող Խաչատուր Քոքոբելյանը հայտարարեց, որ ԼՂՀ հիմնախնդիրն ամենազգայուն փուլում է, և այսօր այն խորհրդարանում քննարկման առաջկա դարձնելը ճիշտ չէ, ուստի նա նույնպես չմասնակցեց քվեարկությանը:

Խմբակցության տեսակետները չկիսող «Ժառանգության» մեկ այլ անդամ` Ալեքսանդր Արզումանյանը, հայտարարեց, որ քվեարկելու է ձեռնպահ` չնայած որ երեկ հայտարարել էր քվեարկությանը չմասնակցելու մասին:

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նույնպես ասաց, որ չի մասնակցելու քվեարկությանը, որպեսզի վտանգի տակ չդնի սահմանում կանգնած զինվորի անվտանգությունը:

Արդյունքում օրինագծի քվեարկությանը դահլիճում ներկա 109 պատգամավորներից մասնակցեց ընդամենը 11-ը, որից տասը կողմ արտահայտվեց օրինագծին, իսկ մեկը` ձեռնպահ:

Ուրախ էլ չեմ իրենց տեսնելու կամ էդ գործը քննելու համար. Վարդան Պետրոսյանի գործով քննիչի հարցազրույցը

վարդան պետրոսյանԵղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի վթարի ենթարկվելու գործով քննիչ Հայկ Հակոբյանը NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում անդրադարձել է իր հասցեին հնչող քննադատություններին, ինչպես նաեւ իր նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու, իրեն բացարկ ներկայացնելու պահանջներին:

Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը դիմել է ոստիկանապետին՝  ձեր դեմ կարգապահական վարույթ հարուցելու համար: Պատճառն այն է, որ ըստ փաստաբանի՝ դուք ասել եք, թե «դեռասանը մեյմունություն է անում», ինչպես նաեւ գնացել եք նրա մոտ եւ հայտնել, թե իր պաշտպանը խաշ ուտելու է գնացել, առանց պաշտպանի ցուցմունք տուր:

Մեյմունության բառի մասին կարող եմ ասել, որ նման բան չի եղել, իսկ խաշ ուտելու մասով ոչինչ չեմ կարող ասել, ոչինչ, թող դիմի, թող պարզեն:

Դուք մտածելու բան չունե՞ք:

Չէ, չէ, իհարկե մտածելու չունեմ, որտեղ ուզում է, թող դիմի, որտեղ օրենքով  նախատեսված է, թող դիմի:

Դեռ ղեկավարության կողմից ձեզ չեն կանչել՝ բացատրություններ պահանջելու:

Ոչ, ինձ ոչ մեկը ոչ կանչել է, ոչ էլ երեւի պատրաստվում են կանչել, ընդամենը իմ գործը կուսումնասիրեն եւ ինձ թվում է պատասխանը կտան դրա:

Քննության առաջին օրվանից Նիկոլայ Բաղդասարյանը բարձրաձայնում է ձեր կողմից թույլ տրված մի շարք խախտումների մասին:

Եթե խախտում անեի, ինձ թվում է՝ դատախազը ինձ կհեռացներ գործից կամ, չգիտեմ, նկատողություն կտային:

Օրինակ, մեղադրյալ կողմը ասում է, որ օրենքով նախատեսված փաստաթղթերը չեք տալիս, որ ծանոթանան:

Ամեն ինչը օրենքի շրջանակներում կատարվում է, դա բացառվում է:

Վարդան Պետրոսյանը եւս ձեզնից բողոքեց, որ փորձել եք դավադրաբար հարցաքննել, երբ իր փաստաբանը չկար:

Ոչինչ, դատարանում էլ ներողություն խնդրեց ինձնից իր ասածների, արածների համար:

Փաստաբանը նաեւ ասում է, որ իր միջնորդությունները չեք ստանում, բողոքի պատասխանը ոչ մի կերպ իրեն չի հասնում: Դիմել են նաեւ դատախազին ձեզ բացարկ հայտնելու պահանջով:

Դիմել են, լավ են արել, խնդիր չկա: Ես, ճիշտն ասած, ուրախ էլ կլինեմ, որ էդ գործը վերցնեն, տանեն ուրիշ տեղ քննեն, թող տեսնեն՝ ոնց է, ինչ է,  ուրախ էլ չեմ իրենց տեսնելու կամ էդ գործը քննելու համար: Եթե ինչ-որ բացարկ, նկատողություն լինի, այդ մասին բոլորն էլ կիմանան:

Պրակտիկա չկա՞, որ ինքներդ հրաժարվեք գործից:

Ոչ, նման պրակտիկա չկա, թե չէ վաղուց կհրաժարվեինք, կուղարկեինք Երեւան, էնտեղ ավելի լավ մասնագետներ կան, էդ 3D-ներ, 7D-ներ, չգիտեմ ինչեր, ավելի լավ ձեւով կպատասխանեն:

Խոսելով ձեր կողմից թույլ տրված խախտումների մասին՝ նշում են, որ Վարդան Պետրոսյանին դեռ որպես վկա չհարցաքննած, մեղադրյալ է դարձել եւ փորձաքննության եք ուղարկել միայն մի կողմի ցուցմունքները: 

Կան դեպքեր, երբ վթարի հետեւանքով մարդիկ մահանում են, ընդհուպ՝ վարորդները, ուրեմն նրանցով դատավտոտեխնիկական փորձաքննություն չե՞ն նշանակում, մենք ունենք մեր ելակետային տվյալները, որոնցով նշանակել ենք: Եթե հետագայում փոխվեն այդ ելակետային տվյալները, նորից փորձաքննություն կնշանակենք, խնդիր չկա:

Մեղադրյալ կողմը մատնանշում է, որ դուք խախտում եք Քրեական դատավարության օրենսգիրքը, օրինակ՝ ձերբակալման որոշում համար անհրաժեշտ երկու հիմքերը բացակայում էին, բայց դուք նման որոշում եք կայացրել:

Ինքը բողոքարկել է այդ որոշումները, պատասխանը ստացել է ծանուցագրով, նամակով, ըստ որի՝ քննիչը ճիշտ է կայացրել այդ որոշումները, թող դատախազի որոշումը բարձրաձայնի, կարդա:

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում:

 

Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարից տուժածների փաստաբանը ներկայացնում է իր վարկածը. հարցազրույց


Վարդան Պետրոսյան,ավտովթարԵղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի հետեւանքով տուժած Հակոբյանների ընտանիքի փաստաբանը Մարատ Գինոսյանն է: NEWS.am-ի թղթակիցը զրուցել է նրա հետ վթարի, ընթացող քննության, Վարդան Պետրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի, մեկնարկած ստորագրահավաքի մասին:

Պարոն Գինոսյան, Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը ահազանգում է քննության ընթացքում կատարված մի շարք խախտումների մասին եւ դրանց հիման վրա իր պաշտպանյալին կալանավորելու որոշումը անօրինական համարում, դուք ի՞նչ կարծիքի եք:

Ես չեմ կարծում, որ քննության ընթացքում բացթողումներ, սխալներ, խախտումներ եղած լինեն, քննիչն է որոշում կայացնում՝ ելնելով գործով ձեռքբերված ապացույցներից: Հիմնավոր է գտել, որ իր մեղքը կա, այդ իսկ պատճառով էլ միջնորդություն է ներկայացրել, որպեսզի իր նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառվի:

Գո՞հ եք այդ որոշումից եւ կարծում եք՝ արդարացի՞ էր նման որոշում կայացնելը՝ հաշվի առնելով իր առողջական վիճակը: Հակոբյանները բավարարվա՞ծ են այս որոշումից:

Գոհ կլինենք այն առումով, որ այդ մարդը ի վերջո պատասխանատվության ենթարկվի օրենքով սահմանված կարգով: Բոլորի, հասարակության պահանջն է, որ արդար քննություն լինի եւ մեղավորը պատժվի ըստ արժանավույն: Այստեղ պետք է ապահովվի նաեւ այն, որ մարդը խոչընդոտ չհանդիսանա, փախուստի չդիմի: Կալանքի կիրառման անհրաժեշտությունը կայանում է նրանում, որպեսզի անձը չխուսափի քննությունից, փախուստի չդիմի, չթաքնվի, չխոչընդոտի: Այստեղ երկու երեխա է զոհվել, մեկը կյանքի համար պայքարում է, այսպիսի վիճակ է, բարոյական առումով էլ ոնց որ տուժող կողմը կարող է մի քիչ թեթեւացած զգա, որ ի վերջո, այդ անձը կստանա իր արժանի պատիժը:

Կարծում եք իր դեպքում վտանգ  կա՞ր, որ կփախչեր երկրից կամ խուսափեր նախաքննությունից:

Ես չեմ կարող ասել, նման հիմքեր չունեմ, նման հիմքեր կարող է միայն քննիչը ունենալ կամ քննիչը որոշել՝ նման մտավախություն կարող է լինել, թե ոչ, ես չեմ կարող ասել:

Դուք անձամբ արդարացվա՞ծ եք համարում կալանքի որոշումը:

Ես կարծում եմ՝ արդարացված է կալանքի որոշումը: Բավարարված կամ գոհ լինելը չի նշանակում, որ նրան կալանքի վերցնելով բավարարված կզգա, իրենք ուզում են, որ այդ մարդը իր պատիժը կրի: Ես արդարացված եմ գտնում այն առումով, որ հիմա Վարդան Պետրոսյանը չլիներ, ով ուզում է լիներ, մարդը հանցագործություն է, թեկուզ անզգույշ հանցագործություն է կատարել, բայց  կյանք է խլել, իր գործողություններով մարդկանց կյանք է խլել:

Իսկ ձեր կարծիքով՝ վթարում Վարդան Պետրոսյանի մեղավորությունը ինչո՞ւմն է եղել: Իր փաստաբանը պնդում է, որ դերասանը ոչ արագ է վարել, ոչ քնել է ղեկին, ոչ էլ ալկոհոլ օգտագործած է եղել:

Խմածությունը ոչ կարող եմ ժխտել, ոչ էլ հիմնավորել, որքանով որ դրա վերաբերյալ փորձաքննություն է նշանակված, դեռ մենք պատասխանը չունենք, նախաքննական մարմինը այդ պատասխանը չունի: Ինչ վերաբերում է արագին, նայելով վթարի ենթարկված մեքենային՝ «Նիվա» մակնիշի մեքենային, ուղղակի մխրճվել է, դանդաղ մեքենան չէր կարող բախման հետեւանքով այդպիսի բան առաջացներ, որ մտներ մեքենայի մեջ եւ դառնար մահվան պատճառ: Ես տեսնում եմ նրա մեղավորությունը, որ արագ է եղել, իսկ խմածության վերաբերյալ այս պահին որեւէ բան չեմ կարող ասել:

Բայց հնարավոր է նաեւ մեղավորությունը չապացուցվի չէ՞: Այդ դեպքում մարդուն, ում մեղքը դեռ ապացուցված չէ կամ ամբողջովին ապացուցված չէ, ով գտնվում է վատ առողջական վիճակում, արժե՞ արդեն հանցագործ համարել:

Անմեղության կանխավարկած կա, որով ասվում է, որ մարդը անմեղ է մինչեւ դատավճիռ չլինի, այնպես որ ասել, որ մարդը միանշանակ մեղավոր է, այդպես չէ: Ինչ վերաբերում է  փորձաքննության եզրակացությանը, ես դեռ ծանոթ չեմ, պետք է հանդիպեմ քննիչին, ծանոթանամ, իր արարքում կա երթեւեկության կանոնների խախտում, որը հիմք կարող է հանդիսանալ

Այս պահի դրությամբ Վարդանի մեղավորությունը քանի՞ տոկոսով եք ապացուցված համարում:

Ինքը դեռ ցուցմունք չի տվել, դեպքի վերաբերյալ ոչինչ չի ասել կապված իր առողջական վիճակի հետ կամ օգտվելով  իր կարգավիճակից՝ հրաժարվել է ցուցմունքներ տալուց, բայց մյուս կողմի ցուցմունքները գնահատելով գտնում եմ, որ իր մեղավորությունը անժխտելի է:

Կարծիք կա, որ Վարդանի նկատմամբ քաղաքական ճնշումներ կան, դրանով են պայմանավորոմ, որ հապճեպ, առողջական վատ վիճակում նրան կալանավորել են:

Ոչ, ես այդպես չեմ կարծում, քաղաքական ենթատեքստ տալ դրան բացառում եմ, որովհետեւ նորից եմ կրկնում անկախ նրանից ով կլիներ եթե կան զոհեր, կան երթեւեկության կանոնների խախտում, ուրեմն պետք է այդ գործընթացը լիներ, չեմ վերագրում քաղաքական ենթատեքստ:

Ի պաշտպանություն Վարդան Պետրոսյանի՝ ստորագրահավաք է մեկնարկել, մարդիկ երաշխավորագրեր են ներկայացնում: Ինչպե՞ս եք վերաբերում դրան:

Դա հասարակության կարծիքն է, ես չեմ կարող դրան գնահատական տալ:

Ըստ Ձեզ՝ ինչպե՞ս է վթարը եղել:

«Նիվան» կանգնած է եղել երթեւեկության գոտուց էլ դուրս, եթե երթեւեկության գոտուց դուրս մեքենան կանգնած է եւ մեծ արագությամբ հարվածում է, դա նշանակում է, որ անժխտելի է, որ Վարդան Պետրոսյանը չի խախտել կանոններ: Բախման հետեւանքով «Նիվայի» մեջ մխրճվելը հաստատում է, որ ինքը արագությամբ է եկել, ու իր երթեւեկելի գոտին թողած հարվածել է դրանից դուրս գտնվող «Նիվա» մեքենային:  Եթե երթեւեկելի գոտին շրջանցելուց կամ կանգնած լիներ, այդպիսի բան չէր կարող լինել, բայց նման բան չի եղել:

Նիկոլայ Բաղդասարյանն ասում է, որ  «Նիվայում» վեց մարդ է եղել, ինչը անթույլատրելի է, նաեւ հիմքեր կան կարծելու, որ անչափահաս է եղել ղեկին: Դուք Հակոբյանների կողմից երթեւեկության կանոնները խախտելու նորմ տեսնո՞ւմ եք, թե՞ ոչ:

Ես չեմ տեսնում նրանց մեղավորությունը, սուտ բաներ են ասում, թե մեքենայի ղեկին անչափահաս է եղել: Մահացողներից որեւէ մեկը ղեկին չի եղել, նրանք հետեւն են նստած եղել, հարվածը, բախումը հետեւից է եղել, որը պատճառ է հանդիսացել 2 հոգու մահվան: Ինչ վերաբերում է 6 հոգով նստելուն, դա գնահատման ենթակա խնդիր է, չեմ կարծում, որ որեւէ այլ ճանապարհային երթեւեկության կանոններ է խախտել «Նիվայի» վարորդը, նա խախտում չի կատարել, նույնիսկ դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ կայանել է:

Իսկ ինչպե՞ս է հիվանդանոցում գտնվող Տաթեւի առողջական վիճակը:

Նա դեռ հիվանդանոցում է, մի անգամ վիրահատել են, նույնիսկ նորից վիրահատելու խնդիր կարող է  առաջանալ: Բազմաթիվ կոտրվածքներ ունի, 6 ամսից պարզ կլինի՝  կքայլի, թե ոչ, նոր վիրահատության կարիք կա, թե ոչ:Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում:

 

Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 37-րդ նստաշրջանի ընթացքում

Էդուարդ Նալբանդյան,ՅՈՒՆԵՍԿՕ

Էդուարդ Նալբանդյան,ՅՈՒՆԵՍԿՕ

Պարոն նախագահ,

Տիկնայք և պարոնայք,

 

Նախ և առաջ, ցանկանում եմ միանալ նախորդ բանախոսներին և շնորհավորել Չինաստանի կրթության փոխնախարար պարոն Հաո Փինգին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 37-րդ նստաշրջանի նախագահ ընտրվելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնել նախկին նախագահ տիկին Կատալին Բոգյային։

Պարոն նախագահ,

Երկու տարին մեկ անգամ մենք հավաքվում ենք վերահաստատելու այս կազմակերպության հիմնադրման տեսլականը. ձգտումը խաղաղության և մարդկության գաղափարներին` կրթության, գիտության և կայուն զարգացման, միջմշակութային և միջկրոնական երկխոսությունների միջոցով։

Անցած տարի Հայաստանը նշեց ՅՈՒՆԵՍԿՕ-ին անդամակցության 20-ամյակը։ Անդամակցությունից ի վեր Հայաստանը, որպես հանձնառու անդամ, ավելի ու ավելի է ներգրավվում կազմակերպության գործունեության և ծրագրերի մեջ՝ առաջ մղելով նրա սկզբունքները և արժեքները։ 

Պարոն նախագահ,

Հայաստանը իր աջակցությունն է հայտնում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի «Կրթությունը՝ առաջնայնություն» նախաձեռնությանը, որում ՅՈՒՆԵՍԿՕ-ն առանցքային դերակատարություն ունի։ Այս առումով, մեզ համար թե´ պատիվ, թե´ պատասխանատվություն է լինել Կրթության միջազգային բյուրոյի խորհրդի անդամ։

Մենք ողջունում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուշադրությունը ներառական սոցիալական զարգացման և միջմշակութային երկխոսության նկատմամբ, ինչն արտացոլված է կազմակերպության նոր Միջնաժամկետ ռազմավարության նպատակներում։ Դժվար է պատկերացնել ժամանակակից զարգացումն առանց կրթության, գիտության, տեխնոլոգիայի և մշակույթի ոլորտներում միջազգային համագործակցության։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն նմանատիպ համագործակցությունն առաջ մղելու գործում հիմնարար դեր է կատարում համաշխարհային ցանցերի միջոցով՝ ներառյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնները և «Ասոցացված դպրոցների ցանցերը», որոնցում Հայաստանն ակտիվորեն ներգրավված է։ Մենք համարում ենք այս ծրագրերը փոխշահավետ ՅՈՒՆԵՍԿՕ-ի և անդամ-պետությունների համար և կխրախուսեինք ծրագրերի իրականացումը տեղական ցանցերի հաղորդակցության հետագա բարելավման և դրանց հնարավորությունների ավելի արդյունավետ օգտագործման միջոցով։

 

Պարոն նախագահ,

Անցած տարին հիշարժան էր Հայաստանի համար, քանի որ Երևանը դարձավ Գրքի 12-րդ համաշխարհային մայրաքաղաքը։ Տարվա ընթացքում Երևանը հանդիպման վայր էր ամբողջ աշխարհից հայտնի գրողների, լրագրողների, հրատարակիչների, գրադարանավարների և գրքասերների համար։

 

Այս կարևոր իրադարձությունը համընկավ մեկ այլ, նշանակալի տոնակատարության՝ հայոց գրատպության 500-ամյակի հետ։ Հայերը Գուտենբերգի գյուտի առաջին օգտագործողներից էին և սկսած 1512թ.-ից տպարաններ հիմնադրեցին աշխարհով մեկ։ Առաջին հայերեն գիրքը տպագրվեց 1512թ-ին Վենետիկում, իսկ առաջին տպագիր ամսագիրը՝ 1794թ.-ին Մադրասում։ Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությունը աշխարհին ներկայացնող մեկ տարի շարունակվող միջոցառումները նշանավորվեցին ավելի քան հազարամյա «Սասունցի Դավիթ» հայկական էպոսի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառմամբ։

 

Հռչակավոր հայ բանաստեղծ և երաժիշտ Սայաթ-Նովայի 300-ամյակի տոնակատարությունները ներառվել էին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2012-2013 թթ. տարեդարձների ցանկում։ Սայաթ-Նովան նշանակալի ներդրում է ունեցել ոչ միայն հայկական, այլև մեր տարածաշրջանի մշակութային ժառանգության մեջ։

 

Այս տարվա հունիսին Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների ներառումն ՛՛Աշխարհի հիշողությունը՛՛ միջազգային գրանցամատյանում հարգանքի պատշաճ տուրք էր կոմպոզիտորի ժառանգությանը՝ 2013 թ.-ին նրա ծննդյան 110-րդ տարեդարձի կապակցությամբ։

 

Պարոն նախագահ,

 

Մենք մեծապես գնահատում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի նպատակը աշխարհում միջմշակութային երկխոսությունը, ըմբռնումը և հանդուրժողականությունը խրախուսելու գործում։

 

Այս տարվա մայիսին Հայաստանը ստանձնել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը՝ իր կարևորագույն գերակայությունը դարձնելով այլատյացության, ատելության խոսքի և անհանդուրժողականության դեմ պայքարը:

 

Մի ժամանակաշրջանում, երբ մարդու իրավունքների պաշտպանությունն ու տարածումը հանդիսանում են քաղաքակիրթ աշխարհի հիմնարար հասկացությունը, այլոց պատկանող քաղաքակրթական արժեքների նկատմամբ անհանդուրժողականությունը, մշակութային և կրոնական ժառանգության միտումնավոր, հետևողական և շարունակական  վնասումն ու ոչնչացումը պետք է դատապարտվեն նույն վճռականությամբ, ինչ մարդկանց դեմ բռնությունը:

 

Նախիջևանում ադրբեջանցիների կողմից 9-16-րդ դարերում հայ վարպետների նրբորեն պատրաստած հազարավոր խաչքարերի ոչնչացումը նման հանցագործության բացահայտ դրսևորումն է: Մի քանի հազար այսպիսի միջնադարյան խաչքարեր ոչնչացվեցին Ադրբեջանի կառավարության ամենատես աչքի հսկողության ներքո, իսկ այդ տարածքը կառավարության արտոնած ծրագրով վերածվել է ռազմական տարածքի: Այս վանդալիզմի առնչությամբ Հուշարձանների պահպանության 16-րդ միջազգային խորհուրդի (ICOMOS) Գլխավոր Ասամբլեան հայտարարել է. «այս ժառանգությունը, որը մի ժամանակ իր արժանի տեղն էր զբաղեցնում համաշխարհային գանձերի ժառանգության մեջ, այսօր այլեւս չի կարող փոխանցվել ապագա սերունդներին»:

 

Մեր բազմաթիվ կոչերը, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպությունների փորձերը՝ Նախիջևան միջազգային փաստահավաք առաքելություններ ուղարկելու, արհամարհվել, մերժվել են Ադրբեջանի կողմից:

 

Պարոն նախագահ,

 

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը և Կրթության ոլորտում խտրականության կանխման մասին ՅՈՒՆԵՍԿՕ–ի կոնվենցիան նշում են, որ «Կրթությունը պետք է տարածի փոխըմբռնում, հանդուրժողականություն և բարեկամություն բոլոր ազգերի, ռասայական կամ կրոնական խմբերի միջև»: Հաշվի առնելով ՅՈՒՆԵՍԿՕ–ի ուրույն դերը կրթության բնագավառում՝ մենք կոչ ենք անում կազմակերպությանն՝ իր կրթական ծրագրերի շրջանակներում ստեղծելու մշտադիտարկման մի մեխանիզմ, որը կուսումնասիրի և կգնահատի անդամ–պետությունների դասագրքերը, հատկապես՝ պատմության և հասարակական գիտությունների դասագրքերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ռասիզմի և այլատյացության բացառմանը:

 

Ավելի քան երեսուն դար պահպանված հայկական ժառանգությունը, մշակույթը և պատմությունը ներկայումս խեղաթյուրվում և կերպարանափոխվում են Ադրբեջանում: Այս երկրում սեփական պատմության վերաշարադրումը շարունակում է ընթանալ իրենց տարածքում գտնվող այլ մշակույթների ժառանգության յուրացման կամ ոչնչացման, ավելին՝ հարևան ազգերի մշակութային ժառանգությունը սեփականացնելու միջոցով: Պետությունը, որն աշխարհի քաղաքական քարտեզի վրա է հայտնվել ավելի քիչ, քան 100 տարի առաջ, տարածքային և մշակութային պահանջներ ունի մի ժողովրդի և երկրի նկատմամբ, որն ունի հնագույն ժամանակաշրջանից արձանագրվող հազարամյակների պատմություն:

 

Պարոն նախագահ,

 

Միայն միջազգային հանրության համակարգված ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի հետամուտ լինել խաղաղության և հումանիզմի գաղափարներին` կրթության, գիտության, կայուն զարգացման, միջմշակութային և միջկրոնական երկխոսության միջոցով:

 

Հայաստանը լիովին հավատարիմ է ՅՈՒՆԵՍԿՕ–ի արժեքներին ու նպատակներին և շարունակելու է ընդլայնել իր ներգրավվածությունը ՅՈՒՆԵՍԿՕ–ի նախաձեռնություններում և ծրագրերում:

 

Շնորհակալություն:

 

 

 

 

Հայաստանի արտգործնախարարը ելույթ ունեցավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսին

Էդուարդ Նալբանդյան,ՅՈՒՆԵՍԿՕ

Էդուարդ Նալբանդյան,ՅՈՒՆԵՍԿՕ

                          Նոյեմբերի 11-ին Փարիզում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի 37-րդ գլխավոր կոնֆերանսին, որը նվիրված է նախորդ երկու տարիների կազմակերպության աշխատանքների ամփոփմանը և առաջիկա երկու տարիներին իրականացվելիք գործունեության հիմնական ուղղությունների քննարկմանը:

                              Իր ելույթում նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը մեծապես գնահատում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նպատակը աշխարհում միջմշակութային երկխոսությունը, ըմբռնումը և հանդուրժողականությունը խրախուսելու գործում:

                              Նախարար Նալբանդյանը մասնավորապես նշեց. «Այս տարվա մայիսին Հայաստանը ստանձնել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը՝ իր կարևորագույն գերակայությունը դարձնելով այլատյացության, ատելության խոսքի և անհանդուրժողականության դեմ պայքարը:

                              Մի ժամանակաշրջանում, երբ մարդու իրավունքների պաշտպանությունն ու տարածումը հանդիսանում են քաղաքակիրթ աշխարհի հիմնարար հասկացությունը, այլոց պատկանող քաղաքակրթական արժեքների նկատմամբ անհանդուրժողականությունը, մշակութային և կրոնական ժառանգության միտումնավոր, հետևողական և շարունակական  վնասումն ու ոչնչացումը պետք է դատապարտվեն նույն վճռականությամբ, ինչ մարդկանց դեմ բռնությունը»:

                              Նախարարի խոսքերով նման հանցագործության բացահայտ դրսևորում է Նախիջևանում ադրբեջանցիների կողմից 9-16-րդ դարերում հայ վարպետների պատրաստած հազարավոր խաչքարերի ոչնչացումը: «Մի քանի հազար այսպիսի միջնադարյան խաչքարեր ոչնչացվեցին Ադրբեջանի կառավարության ամենատես աչքի հսկողության ներքո, իսկ այդ տարածքը կառավարության արտոնած ծրագրով վերածվել է ռազմական տարածքի: Այս վանդալիզմի առնչությամբ Հուշարձանների պահպանության 16-րդ միջազգային խորհրդի (ICOMOS) Գլխավոր Ասամբլեան հայտարարել է. «այս ժառանգությունը, որը մի ժամանակ իր արժանի տեղն էր զբաղեցնում համաշխարհային գանձերի ժառանգության մեջ, այսօր այլևս չի կարող փոխանցվել ապագա սերունդներին»:

                              Մեր բազմաթիվ կոչերը, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպությունների փորձերը՝ Նախիջևան միջազգային փաստահավաք առաքելություններ ուղարկելու, արհամարհվել, մերժվել են Ադրբեջանի կողմից»,-ընդգծեց Նալբանդյանը:

                              «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը և Կրթության ոլորտում խտրականության կանխման մասին ՅՈՒՆԵՍԿՕ–ի կոնվենցիան նշում են, որ «Կրթությունը պետք է տարածի փոխըմբռնում, հանդուրժողականություն և բարեկամություն բոլոր ազգերի, ռասայական կամ կրոնական խմբերի միջև»: Հաշվի առնելով ՅՈՒՆԵՍԿՕ–ի ուրույն դերը կրթության բնագավառում՝ մենք կոչ ենք անում կազմակերպությանը՝ իր կրթական ծրագրերի շրջանակներում ստեղծելու մշտադիտարկման մի մեխանիզմ, որը կուսումնասիրի և կգնահատի անդամ–պետությունների դասագրքերը, հատկապես՝ պատմության և հասարակական գիտությունների դասագրքերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ռասիզմի և այլատյացության բացառմանը:

                              Ավելի քան երեսուն դար պահպանված հայկական ժառանգությունը, մշակույթը և պատմությունը ներկայումս խեղաթյուրվում և կերպարանափոխվում են Ադրբեջանում: Այս երկրում սեփական պատմության վերաշարադրումը շարունակում է ընթանալ իրենց տարածքում գտնվող այլ մշակույթների ժառանգության յուրացման կամ ոչնչացման, ավելին՝ հարևան ազգերի մշակութային ժառանգությունը սեփականացնելու միջոցով: Պետությունը, որն աշխարհի քաղաքական քարտեզի վրա է հայտնվել ավելի քիչ, քան 100 տարի առաջ, տարածքային և մշակութային պահանջներ ունի մի ժողովրդի և երկրի նկատմամբ, որն ունի հնագույն ժամանակաշրջանից արձանագրվող հազարամյակների պատմություն»,- նշեց ԱԳ նախարարը:

Արարատի մարզի Արարատ և Նշավան համայնքերում ժամը 20.00-ին ավարտվել է համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունների քվեարկությունը:

Ընտրություններ (1)ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով փակվել են բոլոր տեղամասային կենտրոնները: Տեղամասային ընտրական հանձնաժովներն սկսել են իրականացնել քվեարկության արդյունքների ամփոփումը:

Ժամը 20.00-ի դրությամբ, տեղամասային կենտրոններից ստացված նախնական տվյալների համաձայն,  Արարատ համայնքում քվեարկության մասնակիցների թիվը 8931 կամ 67.57% Է, իսկ Նշավան համայնքում` 681 կամ 43.63%:

 

Եթե ինձ հասնում է 4-10 տարի կամ 14-20, ես նստելու եմ. Վարդան Պետրոսյան,տեսանյութ

Վարդան ՊետրոսյանԴերասան Վարդան Պետրոսյանը «Սթրես» կենտրոնից Աբովյանի դատարան տեղափոխվելուց առաջ լրագրողներին ասաց, որ իր գործում եղել են իրավախախտումներ, հաղորդում է news.am-ը:

«Ես շատ ծանր վիրահատություններ եմ տարել, մի շարք հետվիրահատական միկրովիրահատություն եմ տարել։ Ես չեմ ուզում նվնվալ։ Տուն գալու հաջորդ օրը ես վատացա, շտապօգնություն են կանչել հաջորդ օրը նույնպես, բայց այստեղ տեղի ունեցան մի շարք իրադարձություններ, որոնք ես կանվանեի իրավախախտումներ։ Ես անպայմանա այդ մասին ուզում եմ հայտարարությամբ հանդես գալ՝ արդեն վերակենդանացման բաժնում  որտեղ կյանքի եւ մահվան կռիվ է գնում ինձ մոտեցավ հարցաքննող քննիչ՝ գործը վարող քննիչ Հակոբյանը։ Ես նրան, բնականաբար, պատասխանեցի, որ  ես ի վիճակի չեմ եւ առանց փաստաբանի որեւէ պատասխաններ չեմ տալու, առողջական վիճակս ինձ թույլ չի տալիս։

Նա գրառումներ արեց, արձանագրություններ արեց եւ կարծես թե մենք բաժանվեցինք նորմալ, շատ հանգիստ, անալիզների համար վերցրեց քսուքներ եւ այլն, սակայն հաջորդ օրը նույնպես նա եկավ, նորից ես ասեցի, որ առանց փաստաբան իրավունք չունի ինձ հարցաքննելու՝ առավել եւս ես վերակենդանացման բաժնում ուժ չունեմ պատասխաններ տալու։ Ես երկար չէի կարողանում խոսել։ Այնուամենայնիվ, փորձեց հարցեր տալ, որից հետո թախանձագին խնդրեց իմ փաստաբանի անունը կամ հասցեն, մի բան, որ ինքն արդեն երկու կամ երեք օր առաջ գիտեր, որովհետեւ հարցաքննել էլ քրոջս եւ եղբորս որդուն եւ անձամբ ծանոթացել էր փաստաբանի հետ։ Ես ասեցի՝ չգիտեմ, որովհետեւ գիտակցությունս գնում – գալիս էր։ Ես  տեղից էլ չգիտեի համարը, գիտեի միայն, որ փաստաբան ունեմ։ Ավելի թախանձագին խնդրեց որեւէ մեկի համարը, որի միջոցով կապվի այդ փաստաբանի  հետ՝ հրաշալի իմանալով իմ քրոջ հեռախոսահամարը եւ իմ բոլոր կոնտակտները։ Ես էստեղ նորից հասկացա, որ զարտուղի ճանապարհներով սկսում է հարցաքննությունը։ Ոչ մի հարցի չեմ պատասխանել, որովհետեւ դա իմ իրավունքն է։ Հայտարարել եմ, որ սա իմ իրավունքն է,  նա ընդունել  է, գրառումներ է արել շատ երկար, որից հետո հարցրել է՝ արդյոք ունեմ ավելացնելու բան, ես ասել եմ՝ոչինչ չեմ ասել, ի՞նչ ավելացնեմ։ Գնացել է։Վարդան Պետրոսյանի հարցազրույցի շարունակությունը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 

Շանթ Հարությունյանի հետ ձերբակալվածներից ութը կալանավորվել են

Million Mask March in Yerevan on Freedom SquareԻնչպես տեղեկացրել էինք` նոյեմբերի 5-ին, ժամը 17.10-ի սահմաններում, «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանն իր մի խումբ կողմնակիցների հետ, մահակներով ու ձողերով զինված, փորձել էին երթ կատարել Ազատության հրապարակից: Ոստիկանության ներկայացուցիչները նրանց  հորդորել էին չխախտել հասարակական կարգը և ազատել Մաշտոցի պողոտայի երթևեկելի հատվածը, սակայն նրանք գրպաններից հանել էին ինքնաշեն պայթուցիկներ և գետնին հարվածելով` սկսել պայթեցնել, ապա մահակներով հարձակվել իրենց կարգի հրավիրող ոստիկանների վրա:
Ոստիկանական վերակարգերին հաջողվել էր կարճ ժամանակում վերականգնել հասարակական կարգը:
Ոստիկանություն բերման էր ենթարկվել 38 անձ:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով և 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել էր քրեական գործ:
Բերման ենթարկվածներից 20-ը ձերբակալվել էին՝ Հարությունյան Շանթ, Տերտերյան Աշոտ, Ավետիսյան Ավետիս, Պետրոսյան Տիգրան, Պողոսյան Ալեք, Պետրոսյան Լիպարիտ, Հովհաննիսյան Արմեն, Հարությունյան Հայկ, Վարդանյան Վարդան, Առաքելյան Միսակ, Մկրտչյան Դավիթ, Մարգարյան Ալբերտ, Գրիգորյան Անուշավան, Մխիթարյան Մխիթար, Ղազարյան Հովհաննես, Մնացականյան Սևակ, Մկրտչյան Վահե, Հովհաննիսյան Մկրտիչ, Հովիկյան Մանուկ, Մխիթարյան Արման, իսկ  18-ը ներգրավվել  որպես վկա:
Ձերբակալվածներից  Ավետիս Ավետիսյանի, Լիպարիտ Պետրոսյանի, Արմեն Հովհաննիսյանի, Վարդան Վարդանյանի, Միսակ Առաքելյանի, Ալբերտ Մարգարյանի, Անուշավան Գրիգորյանի և Մկրտիչ Հովհաննիսյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեակյան օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով և նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում նախաքննությունը շարունակվում է:

Եղանակը Հայաստանում, վաղը անձրև կգա

եղանակը հայաստանումՀանրապետության տարածքում՝
Նոյեմբերի 8-ին առանձին շրջաններում, 9-ին, 10-ին` առավելապես արևելյան շրջաններում, սպասվում են տեղումներ: 11-ին, 12-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:Քամին հարավ-արևելյան` 3-8 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 8-9-ի ցերեկը կնվազի 3-4, արևելյան շրջաններում` 6-7 աստիճանով:

Երևանում՝Նոյեմբերի 8-ին հնարավոր է թույլ անձրև:

9-10-ին կդիտվի փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է:

10-ից 12-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Երևանի  նոյեմբերի  8-ի բազմամյա կլիմայական տվյալներ`•   Օդի առավելագույն ջերմաստիճան 21.40C (1941թ.)
•   Օդի նվազագույն ջերմաստիճան -4.60C (1981թ.)
•   Օդի միջին օրական ջերմաստիճան 8.40C