Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստում Տիգրան Սարգսյանը և Մաքսիմ Սոկոլովը քննարկել են երկկողմ ռազմավարական կապերի ամրապնդման ուղիները
Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը։ Նախքան 15-րդ նիստի բացումը կայացել է հանձնաժողովի համանախագահներ` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի առանձնազրույցը։
Վարչապետը շնորհակալություն է հայտնել Մաքսիմ Սոկոլովին ջերմ հյուրընկալության համար և նշել. «Մեր երկրների միջև առևտրատնտեսական կապերը զարգանում են վերընթաց կերպով: Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը 2012 թվականին աճել է 20 տոկոսով և անցել մեկ միլիարդ դոլարի սահմանագիծը: Սա իրականում լուրջ առաջընթաց է, որը երկկողմ ջանքերի արդյունք է: Ինձ համար, որպես երկրի վարչապետի, հատկապես հաճելի է ընդգծել, որ 2012 թվականին արձանագրվել է Հայաստանից Ռուսաստան արտահանման 26 տոկոս աճ: Նման դինամիկան մեր արտահանման ուղղությամբ պահպանվում է նաև 2013 թվականին: Սակայն այս առաջընթացի հետ մեկտեղ մեր առևտրատնտեսական հարաբերություններում տեղի է ունեցել մի իրադարձություն, որն ունի հիմնարար նշանակություն: Հայաստանը որոշում է կայացրել մուտք գործել Մաքսային միություն, իսկ հետագայում նաև մասնակցել Եվրասիական տնտեսական միության կազմավորման գործընթացին: Ռուսաստանը սատարել է այս որոշմանը և պատրաստակամություն հայտնել աջակցել այդ գործընթացին»:
Վարչապետի խոսքով` այդպիսով Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական գործընկերությանը, որն ամրապնդված է երկու երկրների միասնական պաշտպանական միավորմանն անդամակցությամբ, ավելացել է նաև մասնակցությունը միասնական ինտեգրացիոն գործընթացին: Տիգրան Սարգսյանը նշել է, որ այս իրավիճակը հատուկ նշանակություն է տալիս երկկողմ հարաբերություններին և ստեղծում որակական նոր հնարավորություններ` հայ-ռուսական հետագա համագործակցության համար: «Այն պարտավորեցնում է մեզ հետևողական և նպատակային գործողությունների, որոնք պետք է նոր ուժ և բովանդակություն հաղորդեն այս ռազմավարական կարևոր որոշմանը: Նշենք, որ ինտեգրացիոն միավորումները պետք է կառուցվեն ոչ թե քաղաքական նպատակների, այլ տնտեսական նպատակադրումների հիման վրա: Մեզ ոչ ոք Մաքսային միություն չի հրավիրել: Հայաստանի` Մաքսային միությանն օգտին ընդունած որոշումն ամբողջովին գիտակցված և կշռադատված քայլ է:
Դրա հետևում մի կողմից կա պատմական փորձ, մյուս կողմից` սառը հաշվարկ` ուղղված այնպիսի պայմանների ստեղծմանը, որոնք լիովին համապատասխանում են մեր երկրի ազգային շահերին»,– ընդգծել է Հայաստանի կառավարության ղեկավարը:
Անցնելով միջկառավարական հանձնաժողովի առջև դրված խնդիրներին` վարչապետ Սարգսյանը նշել է, որ այսօր դրանք մեծ մասամբ պետք է որոշվեն երկկողմ համագործակցության զարգացման հանձնարարականներով և ուղղություններով: Խոսքը գնում է այնպիսի ծրագրերի մասին, որոնք ուղղված են արդիականացմանը, Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանը, ինչի համար կարևոր դեր կարող է խաղալ Ազատ տնտեսական գոտու լիակատար գործառնումը: «Խոսքը նաև գնում է էներգետիկ անվտանգության ամրապնդման և այնպիսի խնդիրների մասին, որոնք կապված են էներգակիրների մատակարարման և գործող ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման հետ»,– ասել է Տիգրան Սարգսյանը:
Ողջունելով Հայաստանի կառավարական պատվիրակությանը` Մաքսիմ Սոկոլովը նշել է, որ ռուսական կողմը ևս կարևոր նշանակություն է տալիս երկկողմ միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացմանը, որը լավ հնարավորություն է կառուցողական մթնոլորտում քննարկելու նոր խնդիրներն ու մարտահրավերները, առաջնահերթությունները և երկկողմ համագործակցության զարգացման ուղիները:«Ռուսաստանը և Հայաստանը երկար տարիներ պահպանում են փոխշահավետ առևտրատնտեսական կապեր`ռազմավարական կարևոր ուղղություններով: Երկու երկրների նախագահների ու նաև Ձեր, պարոն վարչապետ, ջանքերի շնորհիվ յուրաքանչյուր տարի արձանագրվում է հայ-ռուսական տնտեսական կապերի դինամիկ զարգացում, որը ամուր հիմք է հանդիսանում հետագա փոխգործակցության զարգացման համար»,– ասել է Մաքսիմ Սոկոլովը: ՌԴ տրանսպորտի նախարարը բարձր է գնահատել երկկողմ ներդրումային համագործակցությունը, որի արդյունքում իրականացվում են նոր ծրագրեր`էներգետիկայի, տրանսպորտի, գիտատեխնոլոգիական և այլ ոլորտներում:
«Ռուսական կապիտալն իր ակտիվ մասնակցությունն է բերում Հայաստանի տնտեսությունում նոր ծրագրեր իրականացնելու գործին: Երկկողմ ինտեգրացիոն կապերի խորացումը ևս կարևոր նշանակություն կունենա հետագա կապերի ամրապնդման գործում: Վերջին ամիսների ընթացքում, Հայաստանի` Մաքսային միությանը միանալու որոշումից հետո, մեր ռազմավարական կապերը բարձրանում են որակական նոր մակարդակի, ինչը նոր խթան կհանդիսանա մեր ազգային տնտեսությունների զարգացման համար»,– ասել է ռուսական կողմի համանախագահը: Մաքսիմ Սոկոլովը վստահություն է հայտնել, որ երկու երկրներին Մաքսային միության շրջանակներում կհաջողվի իրականացնել բազմաթիվ հավակնոտ ու նպատակային ծրագրեր:
Տիգրան Սարգսյանը և Մաքսիմ Սոկոլովը ստորագրել են տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստի արձանագրությունը։ Մ. Սոկոլովի անունից միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստի մասնակիցների պատվին կտրվի պաշտոնական ճաշ։
Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ ԵԽԽՎ լիագումար նիստին
Սեպտեմբերի 30-ին ԱԳ նախարար, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին։
Իր խոսքում Էդվարդ Նալբանդյանը ԵԽԽՎ անդամներին ներկայացրեց ԵԽ Նախարարների կոմիտեի անցյալ չորս ամիսների գործունեությունը, ԵԽ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունների իրականացման ընթացքը, կազմակերպված միջացառումների արդյունքները և նախատեսվողների նախապատրաստական աշխատանքները։
«Հայաստանի նախագահության չորս ամիսների ընթացքում մեզ հաջողվեց Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում հաստատել և ստորագրման ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 15-րդ և 16-րդ արձանագրությունները, ինչը ևս մեկ կարևոր քայլ է՝ ուղղված ԵԽ տարածաշրջանում մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմի կատարելագործմանը»,- ասաց ԵԽ Նախարարների կոմիտի նախագահը։
Անդրադառնալով ԵԽ-ում Հայաստանի նախագահության առաջնայնություններից Եվրոպայում ռասիզմի և այլատյացության դեմ պայքարին՝ Էդվարդ Նալբանդյանը ԵԽԽՎ անդամներին տեղեկացրեց հոկտեմբերի 21-22-ը Երևանում կազմակերպվելիք բարձր մակարդակի համաժողովի նախապատրաստական աշխատանքների, քննարկվելիք թեմաների մասին։
Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց ԵԽ-ում Հայաստանի նախագահության շրջանակներում կազմակերպվելիք միջոցառումները, մասնավորապես՝ Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին նվիրված միջազգային համաժողովը, Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի 8-րդ լիագումար նիստը, ԵԽ անդամ երկրների մայրաքաղաքների ղեկավարների հանդիպումը։
Էդվարդ Նալբանդյանը նշեց նաև, որ ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը խթանելու և պաշտպանելու գործում Եվրոպայի խորհրդի գործունեության ազդեցության ամրապնդման համատեքստում պետք է երաշխավորվի անհատների իրավունքների պաշտպանությունը Եվրոպայի խորհրդի պատասխանատվության ամբողջ տարածքում՝ անկախ այդ տարածքների կարգավիճակից, որտեղ նրանք բնակվում են։ «Կազմակերպությունը պետք է այդ միավորների հետ սերտ խորհրդակցությամբ դիտարկի կարգավիճակով չպայմանավորված մոտեցման հնարավորությունը ՝ համընդհանուր արժեքները և սկզբունքները խթանելու նպատակով»,- շեշտեց նախարար Նալբանդյանը։
ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահն անդրադարձավ հարևան տարածաշրջանների՝ ժողովրդավարացման ճանապարհին գտնվող երկրների՝ Եվրոպայի խորհրդի հետ հարաբերվելու ձևաչափերի մշակման կարևորությանը։ Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանը տեղեկացրեց, որ Նախարարների կոմիտեն որոշել է ԵԽ գրասենյակներ հիմնել Ռաբաթում և Թունիսում։
Ելույթից հետո Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց ԵԽ գործունեությանը, կազմակերպության հայկական նախագահությանը, միջազգային և տարածաշրջանային խնդիրներին վերաբերող խորհրդարանական վեհաժողովի անդամների բազմաթիվ հարցերին։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտեց, որ հայկական նախագահությունը շարունակելու է աջակցել ԵԽ Գլխավոր քարտուղարի կողմից նախաձեռնված՝ Եվրոպայի խորհրդի բարեփոխումների գործընթացին՝ կազմակերպության արդյունավետությունը բարձրացնելու համար:
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի հետ։
Հանդիպմանը քննարկվեցին ԵԽ նախարարների կոմիտեի և ԵԽԽՎ միջև համագործակցությունը։
Ժան-Կլոդ Մինյոնը տեղեկացրեց Մոլդովա կատարած իր այցելության, ունեցած հանդիպումների, քննարկումների և դրանց արդյունքների մասին, անդրադարձավ Վրաստանում նախագահական ընտրությունների գործընթացին։
Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին սիրիական ճգնաժամի վերաբերյալ, երկուստեք ողջունվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2118 բանաձևի ընդունումը և այդ հենքի վրա հանգուցալուծմանն ուղղված ջանքերի շարունակումը։
Հանդիպում Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ Քերոլայն Քոքսի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ Քերոլայն Քոքսին եւ նրան ուղեկցող անձանց:
Նախագահ Սահակյանը ողջունել է Քերոլայն Քոքսին՝ նշելով, որ նրա հոբելյանական 80-րդ այցը Արցախի հետ անկեղծ բարեկամության լավագույն խորհրդանիշներից մեկն է:
Արցախին եւ նրա ժողովրդին մատուցած ծառայությունների համար Նախագահ Սահակյանը Քերոլայն Քոքսին պարգեւատրել է “Մեսրոպ Մաշտոց” շքանշանով:
Երկրի ղեկավարը բարձր է գնահատել բարոնուհու ավանդը մեր հանրապետության զարգացման, արցախյան հիմնախնդիրը միջազգային տարբեր ատյաններում արդարացի ներկայացնելու գործում՝ համոզմունք հայտնելով, որ այսուհետ եւս Քերոլայն Քոքսը նույն եռանդով կշարունակի իր մարդասիրական առաքելությունը:
Հանդիպմանը մասնակցում էին Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, գրող-հրապարակախոս, Արցախի հերոս Զորի Բալայանը, պաշտոնատար այլ անձինք:

Միս Ֆիլիպինները ճանաչվել է միս աշխարհ
Շաբաթ օրը նոր միս աշխարհ է ճանաչվել միս Ֆիլիպինները:
23-ամյա Մեգան Յանգը, որը ցանկանում է կինոռեժիսոր դառնալ, հաղթել է Ինդոնեզիայի Բալի կղզում անցկացված մրցույթի ժամանակ:
Միս Ֆրանսիան և միս Գանան զբաղեցրել են պատվավոր երկրորդ և երրորդ հորիզոնականները:
Յանգը ծնվել է Միացյալ նահանգներում և 10 տարեկան հասակում տեղափոխվել Ֆիլիպիններ:
Այժմ նա սովորում է համալսարանում, իսկ 15 տարեկան հասակից հանդես է եկել որպես դերասանուհի և հաղորդավարուհի:
Ինդոնեզիայում՝ աշխարհի մահմեդականներով ամենախիտ բնակցված երկրում, միջոցառման կապակցությամբ բողոքի ցույցեր էին կազմակերպվել:
Հաշվի առնելով կրոնական խնդիրները՝ գեղեցկության մրցույթի լողազգեստներով մրցույթը փոխարինվել էր ծովափնյա զգեստների մրցույթով:
Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, սեպտեմբերի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1800 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերի համարժեք պատասխան գործողությունների արդյունքում՝ հակառակորդի դրսևորած ակտիվությունը կասեցվել է:
Նախագահը ներկա է գտնել Բագրատաշենի սահմանային նոր անցակետի հիմնարկեքի արարողությանը
|
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ: Նախագահը ներկա է գտնել Բագրատաշենի սահմանային նոր անցակետի կառուցումն ազդարարող հիմնարկեքի արարողությանը: Անցակետը կառուցվում է «ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի շրջանակներում: Բագրատաշենում Հանրապետության Նախագահին ներկայացրել են նաև 60.6 մլն եվրո ընդհանուր արժողությամբ վերոնշյալ ծրագրի ընթացքն ու առաջիկայում նախատեսված աշխատանքները. ելույթներով հանդես են եկել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավար Տրայան Հրիստեան, ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի սահմանային ռազմավարության իրականացման վարչության պետ Արամ Թանանյանը: Միջոցառմանը մասնակցել են նաև պետական սահմանի կառավարման ոլորտի մարմինների, միջազգային և միջազգային ֆինանսական կազմակերպությունների, դիվանագիտական կորպուսի և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցակետերի արդիականացման ծրագիրն իրականացնում է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) գրասենյակը, շինարարական աշխատանքները՝ ֆրանսիական «ՍԱԴԵ» կոնսորցիումը, իսկ ՀՀ կառավարության կողմից աշխատանքները համակարգում է ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեն: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության դրամաշնորհային և վարկային այլ միջոցների հաշվին: Ծրագրի իրականացման արդյունքում լուծում կստանան ՀՀ սահմանների համալիր կառավարման համակարգի ներդրման և զարգացման, պետական սահմանների անվտանգության մակարդակի բարձրացման ու պետական սահմանի անցման կետերով քաղաքացիների և տնտեսավարող սուբյեկտների սահմանահատման ընթացակարգերի դյուրացման, նաև միջազգային առևտրի խթանման խնդիրները: Նախատեսվում է, որ պետական սահմանի անցման կետերի արդիականացումն զգալիորեն կբարելավի նաև տեղի բնակչության կենսամակարդակը, նկատի առնելով, որ շինարարության ընթացքում կստեղծվեն ժամանակավոր, իսկ անցակետերը շահագործման անցնելուց հետո նաև մշտական աշխատատեղեր, որոնց միջոցով կապահովվի սահմանային անցակետերի առօրյա տնտեսական գործունեությունը: Բնակչության համար կբարելավվեն կապի և հաղորդակցության հետ կապված խնդիրները ևս: ՀՀ պետական սահմանի անցակետերի արդիականացման գործընթացը մեկնարկել է դեռևս 2010 թվականին՝ ՀՀ սահմանային անվտանգության և պետական սահմանի համալիր կառավարման ռազմավարություն հաստատելու մասին Նախագահի կարգադրությամբ, որին հաջորդել է 2011 թվականին այդ ռազմավարության իրականացմանն ուղղված 2011-2015թթ. միջոցառումների ծրագրի հաստատումը: Ծրագրի շրջանակներում նախատեսված է առաջնահերթորեն իրականացնել վերոնշյալ երեք՝ «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականացումը: Ս.թ. հուլիսի 22-ին Նախագահի կողմից ստորագրված մեկ այլ փաստաթղթով՝ ՀՀ Նախագահի կարգադրությամբ մեկնարկել է ՀՀ պետական սահմանի անցման կետերում արդեն իսկ կիրառվող ընթացակարգերում «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրման գործընթացը: |
Սերժ Սարգսյանը Գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրել է Գեւորգ Կոստանյանի թեկնածությունը
Հայաստանի գլխավոր դատախազ կնշանակվի Զինդատախազ Գեւորգ Կոստանյանը: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նրա թեկնածությունը այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ներկայացրել է Ազգային ժողով:
Գեւորգ Կոստանյանին Գլխավոր դատախազ նշանակելու հարցը կքննարկվի հաջորդ շաբաթ սկսվող ԱԺ քառօրյայում:
Նշենք, որ Գլխավոր դատախազին Հանրապետության nախագահի առաջարկությամբ նշանակում է Ազգային ժողովը` 6 տարի ժամկետով։ Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել գլխավոր դատախազ։
Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ
Յուրա Մովսիսյանը գրավեց իր նախկին թիմի դարպասը
Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 10-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» հյուրընկալելիս 3:2 հաշվով հաղթեց «Կրասնոդարին»։ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը 27-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ։ Նա գրավեց իր նախկին թիմի դարպասը, սակայն հաջողությունը բուռն չնշեց:
«Կրասնոդարի» մարզազգեստը կրող Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին փոխարինման դուրս եկավ հանդիպման 78-րդ րոպեին: Հայաստանի հավաքականի մեկ այլ ներկայացուցիչ, կիսապաշտպան Արազ Օզբիլիսը «Սպարտակի» պահեստայինների նստարանին էր։
Այս հաղթանակից հետո «Սպարտակը» վաստակեց 23 միավոր և շարունակում է մնալ աղյուսակի վերին հորիզոնականում:
Տեխնիկական արդյունքներ
«Սպարտակ» – «Կրասնոդար»՝ 3։2
Խոսե Մանուել Խուրադո, 5, 30, Յուրա Մովսիսյան, 27 – Մաուրիսիո Պերեյրա, 16, Իսայել, 6
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Սեպտեմբերի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
• Օդի առավելագույն ջերմաստիճան 32.00C (1977 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 4.90C (1933 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 18.60C
Տեսանկարահանող սարքեր տեղադրված խաչմերուկների և գործող արագաչափերի ցանկերը (2013 թ. սեպտեմբերի 23-ի դրությամբ)
Երևան քաղաքի խաչմերուկների ցանկը, որտեղ տեղադրված են տեսանկարահանող սարքեր
(2013 թ. սեպտեմբերի 23-ի դրությամբ)
Գործող արագաչափերի ցանկը
(2013 թ. սեպտեմբերի 23-ի դրությամբ)
Վարդան Սեդրակյանին դատապարտեցին 14 տարվա ազատազրկման
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, այսօր՝ սեպտեմբերի 23-ին 14 տարվա ազատազրկման է դատապարտել նախագահի նախկին թեկնածու, որպես էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանին:
Դատարանի վճռով Սամվել Հարությունյանը դատապարտվել է 12 տարվա ազատազրկման, իսկ Խաչատուր Պողոսյանը՝ 14 տարվա:
Նշենք, որ մեղադրող Արամ Ամիրզադյանը հուլիսի 29-ին պահանջել էր 12 տարվա ազատազրկման դատապարտել Վարդան Սեդրակյանին, ով մեղադրվում է սպանությունը պատվիրելու մեջ: Մեղադրողը նաեւ պահանջել էր 13 տարվա ազատազրկման դատապարտել մահափորձը կազմակերպելու մեջ մեղադրվող Սամվել Հարությունյանին, եւ 14 տարվա ազատազրկման՝ մահափորձի անմիջական կատարման մեջ մեղադրվող Խաչիկ Պողոսյանին:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել Երեւանի կենտրոնում` իր տան մոտ, հունվարի 31-ին, ժամը մոտ 23:20-ին: Դրանից հետո նա տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, վիրահատվել այնտեղ, իսկ վերջերս այնտեղից տեղափոխվել է Կարմիր Խաչի վերականգնողական կենտրոն: Գործը հարուցվել էր Հայաստանի ՔՕ 34-305 հոդվածով (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով մահափորձ, որը նախատեսում է 12-20 տարվա ազատազրկում կամ ցմահ դատապարտում):
Հայաստանի ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում, փետրվարի 7-ին, Հայրիկյանի վրա մահափորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել էին Խաչատուր Պողոսյանն ու Սամվել Հարությունյանը, որոնք ավելի վաղ դատապարտվել էին թմրանյութերի ապօրինի շրջանառության համար: Երկուսն էլ խոստովանական ցուցմունքներ են տվել: Ավելի ուշ նախագահի մեկ այլ թեկնածու, էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանն էր կալանավորվել, նա մեղադրվում է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ իրականացված սպանության փորձ պատվիրելու համար: Վերջինս մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-305-րդ հոդվածով՝ ՀՀ նախագահի թեկնածուի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով` նրան կյանքից զրկելու փորձը պատվիրելու համար:
Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Անկախության տոնի առթիվ
|
Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձի առթիվ այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրավիրել է տոնական ընդունելություն: Հանրապետության ղեկավարը ընդունելության ժամանակ շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ:
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Անկախության տոնի կապակցությամբ: Արդեն քսաներկու տարի մենք շարժվում ենք մի նոր ճանապարհով, որը հաճախ նեղ է ու քարքարոտ մեր լեռնային կածանների պես: Մենք քայլում ենք զգույշ ու շրջահայաց, որովհետև մեծ պատասխանատվություն ունենք մեր ուսերին: Սա Երվանդունիների ու Արտաշեսյանների Հայաստանն է, սա Արշակունիների և Բագրատունիների Հայաստանն է, սա նախորդ դարասկզբի Հայաստանի Հանրապետությունն է, որ արդեն մտել է Քրիստոսից հետո երրորդ հազարամյակ: Վերելքներով ու վայրէջքներով լի է մեր ուղին, բայց դա մե՛ր ուղին է: Աջից ու, ձախից պաշարված ենք. երբեմն՝ խրոխտ, երբեմն՝ նեղսրտած, բայց հաստատ դեպի լույսն ենք գնում: Եվ հետ ենք բերելու բոլոր նրանց, ում չկարողացանք այս ընթացքում պահել մեր կողքին: Վերականգնելու ենք բոլոր կորուստներն ու անցյալում ենք թողնելու բոլոր զրկանքները: Հետ ենք նայելու և հպարտորեն արձանագրելու ենք, որ միասին նրբորեն անցանք միակ հնարավոր նեղ կածանով: Անկասկած: Սիրելի՛ հայրենակիցներ, Մեր ժողովուրդը շատ երկար է ստիպված եղել լուծել ոչ թե զարգացման, այլ առաջին հերթին՝ գոյատևման խնդիրներ: Այսօր առաջադրանքը փոխված է. այժմ մենք կյանքի ենք կոչում Հայոց պետության ամրապնդման ու զարգացման ծրագրեր: Անշուշտ, անվտանգությունը թիվ մեկ առաջնահերթությունն է աշխարհում բոլորի համար, և մենք բացառություն չենք: Անվտանգության հարցերը միշտ լինելու են մեր առաջնային ուշադրության կենտրոնում, ինչպես որ այսօր են: Մենք անընդհատ ուղիներ ենք փնտրում վերելքի նոր լիցք հաղորդելու մեր տնտեսությանը: Արդյունքներ էլ ունենք: Հնարավորինի սահմանը ընդլայնելու նպատակներ ենք դնում, որպեսզի հստակ պարբերականությամբ ամեն տարի աշխատավարձ ու կենսաթոշակ կարողանանք բարձրացնել: Սրան զուգահեռ իրականացնում ենք բարեփոխումներ, որոնք հետևողականորեն զարգացում են ապահովում ժողովրդավարության խորացման, արդյունավետ կառավարման, իրավունքի գերակայության ապահովման և մնացած բոլոր ուղղություններով: Մեր քաղաքականությունը այս նպատակներին է միտված: Հայաստանի իշխանությունների, ինչպես նաև հասարակության կեցվածքը շատ հստակ է: Մենք կուշտ ենք պատերազմներից, ցնցումներից, կտրուկ շրջադարձերից և արկածախնդրություններից: Մեզ անհրաժեշտ է հուսալի պաշտպանություն, խաղաղ աշխատանք և կայուն զարգացում: Մենք հենց դա ենք անում: Գուցե դանդաղում ենք, գուցե սխալներ ենք անում, բայց հաստատ՝ ոչ ամենակարևորում և հաստատ ոչ ճակատագրական: Երվանդունիների Հայաստանը և Արտաշեսյանների Հայաստանը հայոց երազանք էին: Այսօր բոլորովին այլ է վիճակը, և մենք այլ երկիր ունենք: Սա նոր իրողություն է, որը մեր ժողովուրդը սկսել է կառուցել պատերազմելով ու պաշտպանվելով, բայց և հենվելով Խորհրդային Հայաստանից ստացած ծանրակշիռ ժառանգության վրա: Հետադարձ հայացքը հստակ ցույց է տալիս, թե ինչ հսկա ճանապարհ ենք անցել և ինչ հսկա վտանգներ ենք շրջանցել: Նաև համոզմունք է ներշնչում, որ մենք կարող ենք ավելի արագ շարունակել մեր ընթացքը: Հայ ժողովրդի յուրաքանչյուր զավակ իր դերակատարությունն ունի այս գործում: Եթե դեռ որևէ մեկը չգիտի այդ մասին, ապա ժամանակն է, որ իմանա: Սիրելի՛ հայրենակիցներ, Անկախությունը միաժամանակ նպատակ է և կենսակերպ: Այն պիտի նվաճել ամեն օր` յուրաքանչյուր րոպե ապրելով, որոշումներ ընդունելով ու կատարելով դրանք որպես անկախ Հայաստանի ազատ քաղաքացի: Մենք ապրում ենք ազատ երկրում, և ամեն ինչ կարող ենք քննարկման առարկա դարձնել: Մի բան, սակայն, կա և անփոփոխ է ցանկացած իրավիճակում. դա Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն է: Իրականացված երազ և պարտավորություն, որ միշտ մեզ հետ է: Տոն, որ ժառանգել ենք մեր հերոսների արյան գնով, և պարտավորություն, որ պիտի փոխանցենք մեր թոռներին: Կրկին շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին և համայն հայությանը: Մաղթում եմ բոլորիս խաղաղ աշխատանք՝ ի բարօրություն մեր ընտանիքների և մեր երկրի: Մաղթում եմ, որ մեր ուժերը ճիշտ բաշխենք մեր ճանապարհի տարբեր ոլորաններում և հաջողությամբ պսակենք մեր իղձերն ու ծրագրերը: Դրանց բոլորի հանրագումարն է հենց, որ կոչվում է Հայաստանի Հանրապետություն: Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը: |
Վարչապետի մոտ ընթանում են ՀՀ 2014 թ. պետբյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկումները
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ մեկնարկել են ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկումները: Հանրապետության գործադիր մարմինների ղեկավարները մեկ շաբաթվա ընթացքում կներկայացնեն առաջարկություններ «ՀՀ 2014թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի տեքստային մասի նախնական տարբերակի վերաբերյալ:
Ըստ ընթացակարգի՝ վարչապետի մոտ տեղի են ունենում նախնական տարբերակի քննարկումներ բոլոր գերատեսչությունների հետ, ինչի արդյունքում վերջնականացվելու է բյուջեի նախագիծը և ներկայացվելու է Ազգային Ժողով:
ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 13-ին կայացած նիստում ի գիտություն է ընդունել ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած ՀՀ 2014թ. պետբյուջեի նախագծի խոշորացված ցուցանիշների նախնական տարբերակը:
Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Մոսկվայի Հայոց առաջնորդանիստ եկեղեցու օծման և եկեղեցական համալիրի բացման արարողությանը
Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր մասնակցել են Մոսկվայի Հայոց առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպության եկեղեցու օծման և եկեղեցական համալիրի բացման արարողությանը:
Մայր Տաճարի օծման հանդիսավոր ծիսակատարությունը կատարել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Արարողությանը ներկա է եղել և իր օրհնությունն է բերել Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը, ներկա են եղել նաև Ռուսաստանի պետական և հասարակական գործիչներ, Հայ Առաքելական եկեղեցու Հայաստանի և արտերկրի խոշորագույն թեմերի առաջնորդներ, Ռուսաստանի Դաշնության կրոնական հարանվանությունների առաջնորդներ, ներկայացուցիչներ և բարերարներ:
Մոսկվայի կենտրոնում ազգային ճարտարապետական կանոններին հավատարիմ կառուցված հայկական եկեղեցական համալիրը, որի շինարարական աշխատանքներն սկսվել էին դեռևս 2006 թվականից, ընդգրկում է Մայր Տաճարը, Սուրբ Խաչ եկեղեցին, առաջնորդարանի շենքը, կրթամշակութային, վարչական և հյուրանոցային մասնաշենքերը, հանդիսությունների ու հյուրասիրությունների սրահները, թանգարանը: Եկեղեցական համալիրը կառուցված է բաց ծիրանագույն, իսկ Մայր Տաճարը` Հայոց պատմական մայրաքաղաք Անիին հարակից քարհանքերից բերված վարդագույն տուֆով և գոտևորված է խաչերով, զարդաքանդակներով ու մեսրոպատառ գրերով: Համալիրն իր ամբողջ տեսքով ու հարթաքանդակներով մոսկվացիներին և ՌԴ մայրաքաղաքի հյուրերին պատմում է հայ ժողովրդի մասին, ներկայացնում Հայոց պատմության դարակազմիկ էջերը` գրերի գյուտ, քրիստոնեության ընդունում, հավատքի ու հայրենիքի համար մղված պայքար, ոսկե դար և այլն: Զարդաքանդակներն ու պատկերաքանդակները ներդաշնակորեն համադրված են եկեղեցական համալիրով մեկ սփռված հայ քանդակագործության խորհրդանիշը դարձած բազմաթիվ խաչքարերի հետ:
Մայր Տաճարի օծման հանդիսավոր արարողությունից հետո, Նախագահ Սերժ Սարգսյանը կազմակերպիչների, բարերարների և հյուրերի հետ միասին եկեղեցու վարչական շենքի նախասրահում դիտել է «Հայերը Մոսկվայում. պատմական ուղին» ցուցահանդեսը, որը կազմակերպել են Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմը, Հայաստանի ազգային արխիվը, ՌԴ արխիվի դաշնային գործակալությունը, Մոսկվայի արխիվի գլխավոր վարչությունը և Մոսկվայի կենտրոնական պետական արխիվը:
Հարուստ ցուցադրանյութը ներկայացնում է Մոսկվայի հայ համայնքի պատմության ավելի քան հինգհարյուրամյա ժամանակաշրջանը՝ XIV դարի վերջից մինչև XX դարի սկիզբը: Ցուցահանդեսը կոչված է նպաստելու հայ ժողովրդի կյանքում եկեղեցու և համայնքի դերի ընկալմանն ու բարձրացմանը, հայկական և ռուսական մշակույթների փոխհարստացման գործընթացին:
Հանրապետության Նախագահն այցելել է նաև համալիրի կրթամշակութային և հյուրանոցային մասնաշենքեր, որից հետո եկեղեցու բակում ներկա է գտնվել հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող «Սիրո և եղբայրության» հուշաղբյուրի բացման արարողությանը:
Երկրաշարժ Վրաստանում. ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Սեպտեմբերի 17-ին, ժամը 08.56-ին «ՍՊԾ»-ից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 08.09-ին Վրաստանի Հանրապետության տարածքում` Թբիլիսի քաղաքից 102 կմ դեպի արևմուտք, Բեժտայի գյուղից 20 կմ դեպի հյուսիս-արևմուտք և Ռուսաստանի Դաշնության տարածքում՝ Մախաչկալա քաղաքից 159 կմ դեպի հարավ-արևմուտք, տեղի է ունեցել 5 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 6-7 բալ, հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 42.170 և արևելյան երկայնության 45.89:
ՀՀ տարածքում երկրաշարժը զգացվել է Նոյեմբերյան և Իջևան քաղաքներում 3 բալուժգնությամբ:
Տեղեկատվությունը փոխանցվել է Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի և ՌԴ ԱՃԿԿ ՕՀ-ներին, ըստ ստացված տեղեկատվության՝ զոհեր, տուժածներ և ավերվածություններ չկան:
Առաջին անգամ հնդկական ծագումով ամերիկուհին դարձավ “Միսս Ամերիկա-2014”-ի հաղթող
Նյու Ջերսի նահանգի Ատլանտիկ-Սիտի քաղաքում ամփոփվեց “Միսս Ամերիկա -2014” մրցույթը: Թագը նվաճեց Նյու Յորք նահանգի ներկայացուցիչ, 24-ամյա Նինա Դավուլին, որը հնդկական ծագումով ամերիկուհի է:
Դավուլին դատավորներին գրավեց ոչ միայն արտաքին տվյալներով, այլև հնդկական ազգային պարի փայլուն կատարմամբ: Աղջիկը պատմեց, որ ապագայում ուզում է դառնալ բժիշկ- թերապևտ:
Պարգևատրման արարողությանը գեղեցկության թագուհին ներկայացել էր խորը կտրվածքով երկար լիմոնագույն զգեստով: Դավուլիի գլխին բյուրեղապակյա թագը հագցրեց “Միսս Ամերիկա-2013”-ի հաղթող Մելորի Հեյգանը, որը նույնպես ներկայացնում էր Նյու Յորքը: Բացի թագից, մրցույթի հաղթողը ստացավ 50 հազար դոլար պարգևատրում:
Մրցույթի երկրորդ տեղը գրավեց “Միսս Կալիֆոռնիան”, երրորդը`Օկլահոմայի ներկայացուցիչը:Նրանք կստանան համապատասխանաբար 25 հազար և 20 հազար դոլար:
“Միսս Ամերիկա” մրցույթը, որին մասնակցել թույլատրվում է 17-24 տարեկան աղջիկներին,ԱՄՆ-ում անց է կացվում 1921 թվից: Նրա հիմնական մրցակիցը Միացյալ Նահանգներում “Միսս ԱՄՆ” է: Ինչպես պնդում են “Միսս Ամերիկա”-ի կազմակերպիչները, այս մրցույթը մյուսներից տարբերվում է նրանով, որ միայն արտաքին տվյալների ցուցադրում չի ենթադրում, այլ նաև անհատականությունների մրցույթ: Մասնակիցները ոչ միայն գրավիչ պետք է լինեն, այլև զարգացած ինտելեկտով և կարողանան արտահայտել իրենց մտքերը, լինեն հմայիչ և հավակնոտ, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Ջրհեղեղ ԱՄՆ-ում. 600 մարդ կորել են, հինգը`զոհվել,տեսանյութ
Ամերիկյան Կոլորադո նահանգում շարունակվում է պայքարը ջրհեղեղի դեմ, որը վերջին 30 տարում ամենա ավերիչն է: Հինգ մարդ զոհվել են, տասնյակները`տուժել: Մոտ 600 մարդ համարվում են անհետ կորած: Նյութական վնասը հարյուր միլիոնավոր դոլարներ է կազմում: Նախագահ Բարակ Օբաման հրամանագիր է ստորագրել Կոլորադոյի բնակիչներին դաշնային բյուջեից օգնություն տրամադրելու հա
Ամենածանրը իրավիճակը Կոլորադոյի հյուսիսային և կենտրոնական շրջաններում է. ավերվել են կամուրջները և ճանապարհները, հաղորդում է
“Россия 24”-ը:
«Մենք հաստատ չենք հրաժարվել Հայաստանից և հայ ժողովրդից». Շ. Ֆյուլե
Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն բացառիկ հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին: Զրույցը վարում է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանը:
«Ազատություն»․ – Եկեք սկսենք: Դուք երկու ժամ առաջ հանդիպում եք ունեցել Հայաստանի նախագահի հետ և բավական երկար քննարկում եք անցկացրել նրա հետ: Ինչի՞ մասին եք խոսել, Հայաստանի համար ինչ-որ լուծում կա՞, որևէ փոխզիջում կա՞ Հայաստանի համար, թե՞ ամեն ինչ վերջացած է:
Ֆյուլե․ – Ոչ, վերջացած չէ, և մենք հաստատ չենք հրաժարվել Հայաստանից և հայ ժողովրդից: Նման բան տեղի չի ունենալու: Նախ՝ մենք քննարկեցինք տեղի ունեցածը և Մաքսային միությանը միանալու նախագահի որոշումը, և ես նրան վստահեցրեցի, որ այն, ինչ մենք պահանջում ենք ուրիշներից՝ հարգել ազատ ընտրություն կատարելու իրավունքը, մենք ինքներս էլ ենք հարգում ազատ ընտրություն կատարելու այդ իրավունքը: Սա է ամբողջը: Ուզում եմ ասել՝ մենք չենք պահանջել և ակնկալել մեր հարևաններից ինչ-որ բան անել, իսկ ինքներս՝ ուրիշ կերպ վարվել:
Մենք մի փոքր խոսեցինք անցյալից՝ բանակցություններից, հավատից և փոխվստահությունից: Թերևս ավելի կարևոր է այն, որ մենք քննարկեցինք, թե ինչպես առաջ շարժվել՝ հիմնվելով մինչ այժմ մեր ունեցած ձեռքբերումների, հայաստանցիների համար շատ կարևոր մի շարք ոլորտներում՝ բարեփոխումների և արդիականացման, շարժունակության, փոխադարձ կապերի, լավ կառավարման, օրենքի գերակայության, ժողովրդավարության, կոռուպցիայի դեմ պայքարի և ոլորտային կոռուպցիայի խնդիրների շուրջ տարիների համագործակցության և բանակցությունների վրա:
Ես ասացի նախագահին, որ որոշակի սկզբունքներ կան, որոնցից մենք չենք հրաժարվելու: Դրանցից մեկն այն է, որ մեր գործընկերները իրենք են ձևակերպում իրենց հավակնությունները, այն ճանապարհը, որով իրենք հասնելու են ընտրված արժեքներին և սկզբունքներին, և մենք հնարավորը կանենք այդ հավակնություններին համարժեք կերպով պատասխանելու մեր քայլերով և աջակցությամբ:
«Ազատություն»․ – Կարո՞ղ եմ ասել, որ սա Ձեզ համար շոկ էր, որ Դուք չէիք ակնկալում ուղղության այս անսպասելի փոփոխությունը: Գիտենք, որ գոնե հայաստանցիների համար շատ անսպասելի էր սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանի արած հայտարարությունը, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը: Ձեզ այդ մասին նախապես տեղեկացրե՞լ էին՝ նախքան այս հայտարարությունը: Թե՞ դա Ձեզ համար լիակատար շոկ էր, անսպասելի մի տեղեկություն:
Ֆյուլե․ – Այսպես ասեմ՝ մենք նույն վիճակում էինք, ինչ հայաստանցիները:
«Ազատություն»․ – Եկեք խոսենք մեկ այլ խնդրի մասին: Դուք խոսում էիք Ռուսաստանի մասին: Հայաստանի ղեկավարներն ասում են, որ իրենք ռուսական կողմից սպառնալիքներ չեն ստացել, և տարբեր պաշտոնյաներ ասել են՝ սա մեր քաղաքականությունն է եղել, մենք միշտ էլ Ռուսաստանի հետ ենք եղել: Այսօր Հայաստանի արտգործնախարարը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ «պատրաստ ենք հնարավորինս սերտ, հնարավորինս խոր հարաբերություններ ունենալ Եվրամիության հետ, բայց ոչ ի վնաս և ի հաշիվ մեր դաշնակցային հարաբերություններին Ռուսաստանի հետ»: Արդյոք այս հայտարարությունը Ձեզ համար անսպասելի չէ՞ր, որևէ հակասություն չկա՞:
Ֆյուլե․ – Ոչ, այս հայտարարությունը անսպասելի չէր, որովհետև երբ որևէ մեկն ասում է՝ ա, կարելի է ակնկալել, որ նաև ասելու է՝ բ: Եվ երբ Հայաստանի նախագահը որոշեց երկիրը տանել Մաքսային միության ճանապարհով, մենք գիտեինք, որ դրան կհետևի մեկ այլ հայտարարություն, որը կպարզաբանի կամ կձևակերպի Եվրամիության հետ հարաբերությունների շրջանակը: Ինչ վերաբերում է ձեր երկրորդ հարցին…
«Ազատություն»․ – Այո, ճնշումների մասին․․․
Ֆյուլե․ – Այո, ինձ այդ բառը մտորումների տեղիք տվեց: Հայաստանյան պաշտոնյաների հետ քննարկումների ժամանակ մեզ երբևէ որևէ բան չի ասվել ճնշումների մասին: Եվ ես ինձ իրավունք չեմ վերապահում հարցականի տակ դնել այստեղ՝ Հայաստանում իմ զրուցակիցների անկեղծությունը:
Հասկանո՞ւմ եմ ես արդյոք Հայաստանի դիրքորոշումը․․․ Տեսեք, միայն քարտեզին նայելը բավական է հասկանալու համար այն որոշակի գործոնները և տեսակետները, որոնց հետ Հայաստանի իշխանությունները ստիպված են հաշվի նստել իրենց որոշումները կայացնելիս: Դրանք ակնհայտորեն ավելի նշանակալից են, քան մեր ցանկացած այլ գործընկերոջ մոտ:
Եվրամիության և Հայաստանի հարաբերություններում էական դեր է խաղում փոխվստահության գործոնը: Ես ասացի այդ մասին [նախագահին], և ասացի, որ եթե հավատ և վստահություն լինի, այդ հենքի վրա շատ բանի կարելի է հասնել: Բայց հիմա հավատ և վստահություն չկա, չկա ստեղծագործականություն և գրեթե չկա ընդառաջ գնալու ցանկություն: Բայց այսօրվա այս հանդիպումների նպատակն էր մեկմեկու հավաստիացնել, որ չնայած այս անսպասելի որոշմանը՝ առաջ գնալու տեղ դեռ կա:
Եվ իսկապես, ինչպես ես արդեն ասացի, կա որոշակի ոլորտներում համագործակցությունը խորացնելու հնարավորություն: Եվ ես այսօր նաև խոսեցի քաղաքացիական հասարակության Ազգային պլատֆորմի ներկայացուցիչների հետ և հստակորեն ասացի, որ այն փաստը, որ Հայաստանը Ասոցացման համաձայնագրից հրաժարվեց հօգուտ Մաքսային միության, չի նշանակում, թե եվրոպական օրակարգը, եվրոպական արժեքները և սկզբունքները անհետանալու են: Դա չի նշանակում, որ քաղաքացիական հասարակության ձեռքբերումները եվրոպական օրակարգն առաջ մղելու գործում, հիմնարար իրավունքների պաշտպանության արդեն ձեռք բերված մակարդակը կորչելու է: Մենք շարունակելու ենք նշանակալի ներկայություն ունենալ Հայաստանում և աջակցելու ենք քաղաքացիական հասարակությանը, աշխատելու ենք իշխանությունների հետ, որպեսզի այս ոլորտներում նահանջ չարձանագրվի, որպեսզի շարժվենք առաջ, թերևս ոչ այնքան արագ և ոչ այնքան համակողմանիորեն, բայց՝ շարժվենք առաջ:
«Ազատություն»․ – Պարոն Ֆյուլե, Դուք ասացիք, որ Ասոցացման համաձայնագրի նշանակալի մասը կազմում է Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը: Հայաստանյան պաշտոնյաներն ասում են, որ իրենք պատրաստ են ստորագրել Ասոցացման համաձայնագիրը: Մինչդեռ Դուք, կարծես թե, ասում եք, որ դա անհնար է, Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը Ասոցացման համաձայնագրից տարանջատել հնարավոր չէ: Դա այդպե՞ս է:
Ֆյուլե․ – Տեսեք, գործընկերների հետ երեքուկես տարվա ինտենսիվ բանակցություններից և համատեղ աշխատանքից հետո թերևս տեղին է ակնկալել, որ, ասենք՝ Հայաստանի պարագայում, որոշակի բաներ հստակ կլինեին այստեղի մեր ընկերների համար, բայց ես, ամեն դեպքում, օգտվեցի առիթից և իմ այսօրվա հանդիպումներում վերահաստատեցի հետևյալը․ մենք բանակցություններ ենք վարել ոչ թե երկու, այլ ընդամենը մեկ համաձայնագրի շուրջ, որը երկու մասից է կազմված՝ քաղաքական և առևտրային, որը նաև վերաբերում է իրավակարգավորիչ դաշտին, կամ օրենսդրության համապատասխանեցմանը: Այս երկու մասերի շուրջ բանակցությունները վարվել են երկու տարբեր թիմերի կողմից, սակայն մեկ մանդատի ներքո: Եվ բանակցությունների ընթացքում բանակցող թիմերը փոխադարձ կապեր են ստեղծել այս համաձայնագրի երկու մասերի միջև: Սա մեկ ամբողջական համաձայնագիր է, հնարավոր չէ դրա միջից ընտրել միայն այն մասերը, որոնք ուզում ես, և հրաժարվել այն մասերից, որոնք չես ուզում: Ես հարցրել եմ՝ գուցե ցանկանում եք վերստի՞ն բանակցել, և պատասխանն էր՝ ոչ:
Մենք պետք է ինչ-որ ձև գտնենք, որպեսզի այս երեքուկես տարիները մոռացության չմատնվեն, այսպես ասած՝ դեն չշպրտվեն: Պետք է դրանց հիմքի վրա առաջ շարժվելու ճանապարհ գտնել: Հայաստանի հետ հարաբերություններում այսօր մենք հիմնվում ենք Գործընկերության և համագործակցության համաձայնագրի վրա, որն արդեն բավական հնացած համաձայնագիր է, մեր հավակնություններն այժմ ավելին են, քան այն հնարավորությունները, որոնք ընձեռում է գործող համաձայնագիրը: Միևնույն ժամանակ, Ասոցացման համաձայնագիրն այլևս օրակարգում չէ Հայաստանի ընդունած որոշման հետևանքով:
Այնպես որ, պետք է քննարկել հայերի հավակնությունները և տեսլականը հարաբերություններն ավելի բարձր մակարդակի վրա դնելու՝ այդ թվում մեր հարաբերությունների նոր իրավական հիմքերի վերաբերյալ: Մենք միանշանակ պատրաստ ենք: Ես նախագահին վստահեցրեցի այս մասին: Ես թվարկեցի այն ոլորտները, որտեղ աշխատանքի կարիք կա:
«Չենք հրաժարվելու Հայաստանից»
«Ազատություն»․ – Այսինքն, ի վերջո կարող է լինել մի փաստաթուղթ, որը կարող է ստորագրվե՞լ Վիլնյուսում: Կա՞ նման հնարավորություն:
Ֆյուլե․ – Ես կցանկանայի զգույշ լինել այս հարցում, որովհետև մենք խոսում ենք այս Ասոցացման համաձայնագրի գործընթացի մասին, որը տևել է երեքուկես տարի: Այսինքն՝ սա լուրջ խնդիր է: Չեմ ասում, թե փոխարենը մենք ունենալու ենք համարժեք նշանակության փաստաթուղթ, բայց միևնույն է՝ խոսքը վերաբերում է շատ լուրջ գործի՝ անդամ երկրների մասնակցության, մանդատի, նոր համաձայնագրի շրջանակների․․․ Այնպես որ, եթե մինչև Վիլնյուսը մենք կարողանանք առնվազն ձևակերպել, թե ինչի ենք ուզում հասնել, դա արդեն բավական մեծ առաջընթաց կլինի:
«Ազատություն»․ – Պարոն Ֆյուլե, եթե Հայաստանը գնա Վիլնյուս և ոչ մի փաստաթուղթ չստորագրի, դա շատ մեծ հիասթափություն կլինի շատ հայաստանցիների համար, ովքեր իրենց նույնականացնում են որպես եվրոպական մշակույթի կրողների: Եվ մենք գիտենք, որ Արևմուտքը և Եվրոպան միշտ ներգրավելու կողմնակից է, որովհետև դրա այլընտրանքը Հայաստանի մեկուսացումն է, և մենք տեսնում ենք, որ Հայաստանում արդեն իսկ ավտոկրատական մշակույթ է արմատավորվում, ինչը ակնհայտորեն այն չէ, ինչ Դուք կուզենայիք տեսնել: Ի՞նչ կասեք այս մասին:
Ֆյուլե․ – Տեսեք, մենք շարունակելու ենք մեր ներգրավվածությունը: Եվ անկախ այն բանից՝ մենք Վիլնյուսի գագաթնաժողովում ինչ-որ բան կունենանք, թե ոչ, ինչ-որ մի բան կլինի, քանի որ լինելու է գագաթնաժողովի ավարտական հռչակագիր, Հայաստանի պատվիրակությունը մասնակցելու և քննարկելու է ավարտական հռչակագրի տեքստը, որը սովորաբար բարդ փաստաթուղթ է լինում, և որը ոչ միայն ամփոփում է անցյալը, այլ նաև նախանշում է ապագայի ուղենիշները: Այնպես որ, այնտեղ հաստատ Հայաստանի հետ կապված շատ բան կլինի, նույնիսկ չնայած ստեղծված նոր պայմաններին. սա՝ մեկ:
Եվ հետո՝ ինչպես ասացի, մենք հաստատակամ ենք, որ չենք հրաժարվելու Հայաստանից և աջակցելու ենք երկրի տնտեսության արդիականացմանը և բարեփոխմանը և այն ամենին, ինչը կօգնի այս երկրին մերձենալ Եվրամիությանը՝ անկախ նրանից՝ Մաքսային միության կազմում է, թե դրանից դուրս։
«Ազատություն»․ – Առաջիկայում, մինչև Վիլնյուսի գագաթնաժողովը, այլ անակնկալներ կանխատեսո՞ւմ եք՝ ասենք, օրինակ, որևէ այլ բան կարո՞ղ է տեղի ունենալ, վստա՞հ եք, որ մյուս գործընկերները նույնպես անսպասելի քայլերի չեն դիմի: Գիտենք, օրինակ, որ Ուկրաինան, Մոլդովան նույնպես մեծ ճնշման տակ են, և գիտենք, որ Եվրոպական խորհրդարանը Ռուսաստանի խստորեն քննադատող փաստաթուղթ է ընդունել, և հենց Դուք էլ Ձեր հայտարարության մեջ նշել եք մի բան, որ վերաբերում է նաև մեզ՝ հայերիս: Խոսքը հակամարտությունների՝ որպես լծակ օգտագործումն է Ռուսաստանի կողմից: Դուք հայտարարել եք, որ կանգնելու եք այն գործընկերների կողքին, որոնց նկատմամբ Ռուսաստանը ճնշումներ է գործադրում: Կմեկնաբանե՞ք սա, և կոնկրետ ի՞նչ եք անելու գործընկերներին աջակցելու համար:
Ֆյուլե․ – Կարծում եմ, մենք հստակ կարող ենք ասել, թե ինչ ենք ակնկալում Ռուսաստանից: Առաջինը՝ հարգել իր գործընկերների ցանկությունները: Եվ երկրորդը՝ մենք արդեն բավական ժամանակ է Ռուսաստանին կոչ ենք անում մեզ հետ քննարկել ոչ միայն Ասոցացման պայմանագրի և Մաքսային միության միջև հարաբերությունները, քանի որ կա մի բաղադրիչ, որը թույլ չի տալիս, որ այս երկու հասկացությունները համատեղելի լինեն, այլ նաև քննարկել ապագա հարաբերությունները ինտեգրացիոն մեկ գործընթացի, որը արդեն մի քանի տասնամյակ գործում է եվրոպական տարածքում՝ Եվրամիությունը, և մեկ այլ ինտեգրացիոն գործընթացի՝ Եվրասիական միության, որը ստեղծման փուլում է և հավանաբար 2015 թվականին արդեն իրականություն կդառնա, քանի որ այստեղ ես ակնկալում եմ, որ մենք երկուսս էլ պետք է մեծ աշխատանք կատարենք, որպեսզի մեր համագործակցության հիմքերը, երկու ինտեգրացիոն գործընթացների իրավակարգավորիչ դաշտը համատեղելի լինեն:
Կարող եմ հստակորեն ասել, որ Ասոցացման համաձայնագրից շահելու են թե՛ մեր գործընկերները, թե՛ նրանց հարևանները: Կարող եմ հստակորեն ասել, որ Ասոցացման համաձայնագիրը Եվրոպական միության անդամ երկրների նշանակալից և հստակ ներդրումն է ապագայում Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ ազատ առևտրի գոտի ստեղծելու գործում:
Եվ երբ դուք խոսում էիք գործընկերների կողքին կանգնելու մասին՝ ես անդրադարձա Ռուսաստանին, բայց նաև մենք հավաստիացրել ենք մեր գործընկերներին, որ եթե նրանք իրենց ազատ ընտրությունը կատարելու ճանապարհին ճնշումների ենթարկվեն, նրանք կարող են հույս դնել մեր համերաշխության վրա: Համերաշխությունը Եվրոպական միության համար դատարկ բառ չէ: Մենք հպարտ ենք, որ այս սկզբունքի հարցում միշտ մեր խոսքի տերն ենք եղել:
Ինչ վերաբերում է Մոլդովայի պարագային, որի մասին դուք հիշատակեցիք․․․ Ոչ միայն գինու, այլև մի շարք այլ գյուղատնտեսական ապրանքների ներմուծման արգելքի որոշումը Ռուսաստանի կողմից ընդունվել է մի քանի օր առաջ, և մենք արդեն քայլեր ենք ձեռնարկել որոշակի իրավական դաշտ ստեղծելու ուղղությամբ, որը թույլ կտա մեծացնել Եվրամիություն մոլդովական գինու ներմուծման քվոտաները:
«Ազատություն»․ – Այսինքն՝ դա փոխհատուցման պես մի բան է՝ նրանք ինչ-որ բան կորցնում են, փոխարենը շահում են ինչ-որ բան:
Ֆյուլե․ – Այո, և մենք պատրաստ ենք այլ հարցերում նույնպես օգնել, օրինակ՝ Ուկրաինայի հետ ստորագրվելիք համաձայնագիրը մենք փորձելու ենք դարձնել հնարավորինս կիրառելի և առարկայական և այնպես ենք անելու, որ դրա դրույթները հնարավորինս շուտ ուժի մեջ մտնեն: Մեկ այլ օրինակ՝ եթե մենք կարողանանք Վիլնյուսի գագաթաժողովում նախաստորագրել Ասոցացման համաձայնագրերը Մոլդովայի և Վրաստանի հետ, Եվրահանձնաժողովը հստակորեն խոստացել է, որ ամեն ինչ կանի, որպեսզի այդ փաստաթղթերի ստորագրման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները ավարտին հասցվեն մինչև այս Եվրահանձնաժողովի պատասխանատվության ժամկետի ավարտը:
Եվ սա կարևոր է, որովհետև, անկախ այն բանից՝ դա ինձ դուր է գալիս թե ոչ, Եվրամիությունում նման փաստաթղթերը ստորագրման պատրաստելու համար անհրաժեշտ ժամանակը շատ ավելի երկար է տևում, քան ցանկալի է, սակայն այս երկու երկրների դեպքում մենք պատրաստ ենք անել ամեն ինչ, գրեթե անհնարինը, որպեսզի դրանք հնարավորինս արագ ստորագրվեն:
«Ազատություն»․ – Վերադառնալով Հայաստանին, այստեղ որոշ քննադատներ, որոնց նույնիսկ կարելի է եվրոպամետ համարել, ասում են, որ Եվրամիությունը բավարար քայլեր չգործադրեց, որպեսզի Հայաստանի իշխանություններին անհրաժեշտ վստահություն, քաջություն ներշնչեր՝ ռուսական ճնշմանը դիմագրավելու համար: Նրանք ասում են, որ նույն Եվրամիությունը Արևելյան գործընկերության մյուս երկրներին ավելի մեծ աջակցություն ցուցաբերեց, քան Հայաստանին: Այս օրերին Հայաստանում այսպիսի մեկնաբանություններ են հնչում: Ի՞նչ կպատասխանեք այս քննադատություններին:
Ֆյուլե․ – Մենք մեր գործընկերների միջև տարբերություն չենք դնում, մենք նախընտրելի և պակաս նախընտրելի գործընկերներ չունենք: Դա բացարձակ անհեթեթություն է: Մենք մեր բոլոր գործընկերների նկատմամբ որդեգրել ենք նույն մոտեցումները՝ նրանց առաջարկելով Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու և որպես արդյունք՝ Եվրոպական միության հետ քաղաքական ասոցացում և տնտեսական ինտեգրացիա ունենալու այս հնարավորությունը: Եվ միևնույն ժամանակ, իհարկե, այդ բանակցությունների ընթացքում մենք հաշվի ենք առել յուրաքանչյուր գործընկերոջ առանձնահատկությունները: Այնպես որ, մենք հնարավոր ամեն ինչ արել ենք, որպեսզի այս նպատակը գրավիչ դարձնենք Հայաստանի՝ Հայաստանի ժողովրդի և իշխանությունների համար:
Նաև կարևոր է նշել, որ երկիրը պետք է հնարավորություն ունենա ազատ կերպով ընտրություն կատարել: Եվ ես չեմ կարծում, որ Եվրամիությունը պետք է փորձի ազդել այդ ընտրության վրա: Մենք պետք է զբաղվենք այլ բանով՝ մենք պետք է այնպես անենք, որ մեր գործընկերները ժամանակի ընթացքում ավելի ու ավելի ազատ լինեն իրենց սեփական կամքով ընտրություն կատարելու հարցում։ Որպեսզի նրանք հնարավորություն ունենան գնալով ավելի քիչ հաշվի նստել այլ արտաքին գործոնների հետ: Որպեսզի նրանց ներքին քաղաքական իրավիճակը և առավել ևս ազգային շահը լինեն որոշիչ գործոնը, ոչ թե ինչ-որ մեկ ուրիշի շահը: Եվ մենք զբաղվելու ենք դրանով, այլ ոչ թե փորձելով հարկադրել մեր գործընկերներին ինչ-որ որոշում կայացնել:
«Փորձում ենք կողմերին նախապատրաստել հակամարտության լուծման համար»
«Ազատություն»․ – Ես չեմ կարող չտալ այս հարցը՝ խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին: Որովհետև Եվրոպան այս բանակցային գործընթացի շատ ու շատ կարևոր մասն է կազմում: ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկիր Ֆրանսիան, օրինակի համար, ինչ-որ առումով ստանձնել է այս գործընթացում Եվրամիությունը ներկայացնելու դերակատարությունը: Բայց ես կարծում եմ, որ թերևս բավարար քայլեր չեն արվել: Ձեր հայտարարությունում, օրինակ, Դուք ասում եք, որ գործընկեր երկրներից անվտանգության երաշխիքների դուրսբերումը անընդունելի է: Դուք, թերևս, սրանով նկատի ունեք, որ Ռուսաստանը կարող էր Հայաստանին ակնարկել, որ չի տրամադրի այն աջակցությունը, որը տրամադրում էր նախկինում: Այլ կերպ ասած՝ Դուք, թերևս, բավարար քայլեր չեք ձեռնարկել ղարաբաղյան բանակցային գործընթացում առաջընթաց արձանագրելու համար, թերևս կարող էիք ավելի՞ն անել: Կա՞ ինչ-որ ծրագիր, որպեսզի Եվրոպան այս գործընթացի ավելի ուղղակի մաս կազմի, կամ ազդեցություն ունենա դրա վրա:
Ֆյուլե․ – Դա դժվար թե տեղի ունենա առկա գործընթացի հաշվին, և դժվար թե դա կարողանա տեղի ունենալ առանց հակամարտության կողմերի շահագրգռվածության: Մինսկի խումբը արդեն վստահություն վայելող ձևաչափ է այս՝ Հարավային Կովկասում վաղուց գոյություն ունեցող և շատ լուրջ հակամարտության բանակցային գործընթացում: Եվ թեև մենք կարող էինք մի կողմ քաշվել և ափսոսանք հայտնել, որ մենք ավելի մեծ դեր չենք ստանձնել, և նշեմ, որ Ֆրանսիայի ներկայացուցիչը ներկայացնում է Ֆրանսիան, այլ ոչ թե Եվրամիությունը, բայց մենք դա չենք անում: Մենք ունենք հատուկ ներկայացուցիչ, ով հնարավորն անում է՝ աշխատելով համանախագահների հետ, ինչպես նաև Երևանում և Բաքվում իշխանությունների հետ աշխատելով, որպեսզի ավելի լավ պայմաններ ստեղծվեն լուծում գտնելու համար: Եվ հետո՝ մենք անցած երկու-երեք տարիներին զգալի ջանքեր ենք ներդրել կողմերի միջև փոխվստահության մթնոլորտի ձևավորման ուղղությամբ: Բացի այդ, մենք փորձում ենք կողմերին նախապատրաստել հակամարտության հնարավոր լուծման համար: Եվ երբ հնարավորություն կլինի, որպեսզի մենք ավելին անենք, մենք առաջինը կօգտվենք այս հնարավորությունից և քայլեր կձեռնարկենք, քանի որ մեր հարևան տարածքում դժվար թե կայունություն հաստատվի, եթե այստեղ սառեցված հակամարտությունները մնան սառեցված և չհանգուցալուծվեն:
«Ազատություն»․ – Այժմ դառնալով Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտուն, ասեմ, որ այստեղ որոշ քաղաքական գործիչներ հայտարարում են, թե այնտեղ որոշակի դրույթներ կան, որոնցով նախատեսվում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև մաքսակետեր տեղադրել: Սրանք հիմնավորվա՞ծ են, եթե, իհարկե, սա գաղտնիք չէ:
Ֆյուլե․ – Նախ՝ ցանկացած մարդ, ով ցանկանում է համաձայնագրի բովանդակության մասին դատողություններ անել, պետք է բերի ու ցույց տա այդ տեքստը: Սա՝ մեկ: Եվ երկրորդ՝ մենք միշտ շատ ու շատ ուշադիր ենք եղել, որպեսզի մեր քաղաքական ասոցացման առաջարկը, ինչպես նաև մեր տնտեսական և առևտրային կապերի խորացման առաջարկը ավելի լայն հնարավորություններ ընձեռի այդ տարածքների մարդկանց համար և ստեղծի հակամարտության լուծմանը առավել նպաստող միջավայր:
Մենք միշտ ջանացել ենք, որպեսզի թե՛ ուղղակիորեն, թե՛ անուղղակիորեն որևէ նոր արհեստական խոչընդոտներ չստեղծենք հակամարտության լուծման համար, անկախ այն բանից՝ մենք խոսում ենք Հայաստանի, Վրաստանի, թե Մոլդովայի մասին: Դա միշտ շատ կարևոր նախապայման է հանդիսացել այս Ասոցացման համաձայնագրի տեքստի ստեղծման հարցում:
«Համագործակցության դուռ»` Հայաստանի և Թուրքիայի միջև
«Ազատություն»․ – Ես կցանկանայի մի հարց տալ հայ – թուրքական սահմանի վերաբերյալ: Ինչպես գիտեք՝ սահմանը փակ է, և մեր նախագահը Ձեզ ուղղված քննադատական մի հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ նախքան Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններ վարելը Դուք պետք է համոզեիք Թուրքիային բացել Հայաստանի հետ սահմանը: Չէ որ Թուրքիան նույնպես Եվրամիության հետ որոշակի համագործակցության համաձայնագիր ունի:
Ֆյուլե․ – Նախ թույլ տվեք ասել, որ մենք ի սկզբանե աջակցել ենք սահմանի բացման ուղղությամբ հայաստանյան խիզախ նախաձեռնությունները: Եվ մեր այդ աջակցությունը այժմ էլ առկա է, մենք որևէ հնարավորություն բաց չենք թողնում մեր թուրք գործընկերներին կոչ անելու՝ Երևանի հետ միասին աշխատել հարաբերությունների նորմալացման ուղղությամբ: Բացի այդ, այստեղ կատարած իմ նախորդ այցի ժամանակ՝ հուլիսին, մենք բավական ժամանակ ծախսեցինք Ասոցացման համաձայնագրի տարածաշրջանային հետևանքները քննարկելու վրա:
Մենք՝ Եվրամիությունը, Թուրքիայի հետ մաքսային միություն ունի: Եվ երբ Եվրամիությունը բանակցություններ է վարում ազատ առևտրի համաձայնագրերի շուրջ, այս մաքսային միության գոյությունը ենթադրում է, որ Թուրքիան նույնպես պետք է տվյալ գործընկերոջ հետ նույնանման համաձայնագիր կնքի: Եվ մենք իրականում քննարկել ենք, թե ինչպես կարելի է օգտագործել այս Ասոցացման համաձայնագիրը և բացել Հայաստանի և Թուրքիայի միջև համագործակցության այդ դուռը: Բայց այժմ մենք հավանաբար այդպես էլ չենք իմանա՝ դա արդյունք կտա՞ր, թե՞ ոչ:






