Ասոցացման և Մաքսային միության համաձայնագրերն իրար հակասում են, մենք չենք կարող միանալ երկուսին էլ. Ալեքսանդր Մարգարով

մարկարովԱսոցացման համաձայնագրի անբաժանելի մասերից մեկն է ԵՄ երկրների հետ ազատ առևտրի գոտու պայմանագրի կնքումը: Հայտնի է, որ պայմանագրի մեջ ներառված դրույթները հակասում են այն քաղաքական դրույթներին, որոնք կան Մաքսային միության պայմանագրի մեջ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Ալեքսանդր Մարգարովը` շեշտելով, որ  երեկ Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշման և այդ ուղղությամբ անհրաժեշտ քայլերի ձեռնարկման մասին  հայտարարությունից հետո մնում է միայն փորձել քայլեր ձեռնարկել կայացված քաղաքական որոշման իրականացման ուղղությամբ՝ հաշվի առնելով այն օբյեկտիվ սահմանափակումները, որոնց մասին բազմիցս խոսվել է:

«Քանի որ Ասոցացման և Մաքսային միության  համաձայնագրերն իրար հակասում են, մենք չենք կարող միանալ երկուսին էլ կամ չենք կարող ասել, որ Ասոցացման համաձայնագրի կետերի մի մասի հետ համաձայն ենք, մյուս մասի՝ ոչ: Որոշումն արդեն կայացված է, անհրաժեշտ է ուսումնասիրել համագործակցության առաջարկները մաքսային միության հետ, դա է այսօր գլխավոր խնդիրը: Պետք է մշակել համագործակցության համար անհրաժեշտ խողովակներն ու ուղիները»,- հայտնեց Ալեքսանդր Մարգարովը:

Հայաստանի և Ռուսաստանի նախագահներն ամփոփել են բանակցությունների արդյունքները

3670

 Այսօր Մոսկվայում կայացած Նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո, երկու երկրների ղեկավարները ստորագրել են համատեղ հայտարարություններ, որից հետո բանակցությունների արդյունքներն ամփոփել են համատեղ մամուլի ասուլիսում:
***

Համատեղ հայտարարություն
Հայաստանի Հանրապետության Նախագահի՝ Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի արդյունքների վերաբերյալ

Մոսկվա, 3 սեպտեմբերի, 2013թ.
Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վ. Վ. Պուտինի հրավերով Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Ա. Սարգսյանը 2013թ. սեպտեմբերի 3-ին աշխատանքային այց կատարեց Ռուսաստանի Դաշնություն:

Ս. Ա. Սարգսյանը և Վ. Վ. Պուտինը գոհունակությամբ նշեցին Հայաստանի և Ռուսաստանի փոխգործակցության դրական դինամիկան քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային-հումանիտար, ռազմական ու ռազմաքաղաքական ոլորտներում և հաստատեցին հավատարմությունը 1997թ. օգոստոսի 29-ին Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև կնքված՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրում և 2006թ. սեպտեմբերի 26-ին ստորագրված՝ 21-րդ դարին միտված Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրում ամրագրված սկզբունքներին:

Բանակցությունների ընթացքում պետությունների ղեկավարները համակողմանիորեն քննարկեցին երկկողմ դաշնակցային գործընկերության ներկա վիճակն ու հեռանկարները, արտաքին քաղաքական փոխգործակցության հարցերը:

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Նախագահները հաստատեցին իրենց հավատարմությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը բացառապես խաղաղ միջոցներով՝ ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների հետ համատեղ աշխատանքի ձևաչափով, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարություն և ինքնորոշման իրավունքի՝ մեկ ամբողջության կազմող սկզբունքների հիման վրա:

Տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովման ուղղությամբ համատեղ աշխատանքի համատեքստում նշվեց կողմերի փոխադարձ պատրաստակամությունը ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության հետագա ամրապնդման և փոխգործակցության կատարելագործման հարցում:

Երկու երկրների նախագահներն առանձին հայտարարությամբ հաստատեցին Հայաստանի և Ռուսաստանի վճռականությունը Եվրասիական տարածքում տնտեսական ինտեգրման գործընթացները զարգացնելու հարցում:

Արտահայտվեց երկու երկրների պատրաստակամությունը Հայաստանի տնտեսության արդիականացմանն ու դիվերսիֆիկացմանը և երկրի էներգետիկ անվտանգության ամրապնդմանն ուղղված երկկողմ ծրագրերի գործնական իրականացման հարցում:

Հայաստանի և Ռուսաստանի նախագահները նշեցին ներկայումս գործող Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգմանն ուղղված աշխատանքների, ինչպես նաև նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման նախագծի կարևորությունը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց Ռուսաստանից Հայաստան էներգակիրների մատակարարման հարցում:

Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարներն ընդգծեցին ենթակառուցվածքային ծրագրերի, այդ թվում նաև երկաթուղային հաղորդակցության, ինչպես նաև նոր լոգիստիկ և հաղորդակցման ուղիների իրագործման ուղղությամբ համատեղ ջանքերը շարունակելու կարևորությունը:

Շեշտադրվեց Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև մինչև 2020 թվականը երկարաժամկետ տնտեսական համագործակցության ծրագրի լիարժեք հետևողական իրագործման կարևորությունը, որի կապակցությամբ երկու երկրների ճյուղային գերատեսչություններին տրվել են համապատասխան հանձնարարականներ:
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Ս. Սարգսյան                                                    

Ռուսաստանի Դաշնության
Նախագահ
Վ. Պուտին

 

 

***

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Նախագահների
համատեղ հայտարարություն

 

Մոսկվա, 3-ը սեպտեմբերի, 2013 թվական

2013 թվականի սեպտեմբերի 3-ին Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Ա. Սարգսյանը և Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վ. Վ. Պուտինը հաստատեցին Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նպատակադրումը եվրասիական տարածքում տնտեսական ինտեգրման գործընթացների հետագա զարգացման ուղղությամբ:

Այդ համատեքստում Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Ա. Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության որոշման և այդ նպատակով անհրաժեշտ կատարելիք քայլերը ձեռնարկելու մասին, իսկ հետագայում՝ Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու վերաբերյալ:

Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վ. Վ. Պուտինն իր աջակցությունը հայտնեց Հայաստանի Հանրապետության այդ որոշմանը և հայտնեց այդ գործընթացին համակողմանիորեն աջակցելու՝ Ռուսական կողմի պատրաստակամությունը:
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Ս. Ա. Սարգսյան

Ռուսաստանի Դաշնության Նախագահ
Վ. Վ. Պուտին

 

 

***


ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ մամլո ասուլիսի ժամանակ

Մեծարգո՛ Վլադիմիր Վլադիմիրի,
ԶԼՄ-ների հարգելի՛ ներկայացուցիչներ,

Ցանկանում եմ սկսել Վլադիմիր Վլադիմիրովիչին ուղղված շնորհակալության խոսքով` հենց նոր ավարտված բանակցությունների բաց, վստահության մթնոլորտի և հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված պայմա-նավորվածությունների համար:

Ինչպես քիչ առաջ ասվեց, մեր հարաբերություններին բնորոշ կառուցողական մթնոլորտում ՌԴ նախագահի հետ քննարկեցինք մեր երկրների դաշնակցային գործընկերության հիմնական հարցերը` քաղաքական, առևտրատնտեսական, էներգետիկ, ռազմատեխնիկական, հումանիտար և այլ ոլորտներում:

Բնականաբար խոսեցինք տարածաշրջանային խնդիրների և ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման մասին: Ես ևս մեկ անգամ հաստատեցի խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու Հայաստանի պատրաստակամությունը` մեկ ամբողջություն կազմող` ազգերի ինքնորոշման, ուժի և դրա սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա: Ես վերահաստատեցի մեր պատրաստակամությունը շարունակել ճգնաժամից ելքի ուղիների որոնումը` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարություններում արտացոլված կարգավորման սկզբունքների և տարրերի հիման վրա:

Մեր այսօրվա բանակցությունների հիմնական թեմաներից մեկը Հայաստանում ենթակառուցվածքային վերափոխումների ապահովման անհրաժեշտությունն էր, մեր տնտեսության արդիականացման ու դիվերսիֆիկացիայի ապահովումն էր, որտեղ Ռուսաստանը ներկայացված է բազմաթիվ ձեռնարկություններով:

Մանրամասնորեն կանգ առանք մեր փոխգործակցության հորիզոններն ընդլայնող հեռանկարային ուղղությունների վրա: Դա և՛ ռազմատեխնիկական համագործակցությունն է, և՛ վառելիքաէներգետիկ համալիրը՝ ներառյալ միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցությունը, տրանսպորտի և հաղորդակցությունների բնագավառի խնդիրները:

Մենք հանգամանալի քննարկում անցկացրեցինք նաև եվրասիական ինտեգրացիայի հարցերի վերաբերյալ, և ես հաստատեցի Հայաստանի ցանկությունը՝ միանալու Մաքսային միությանը և ներգրավվելու Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում:

20 տարի առաջ Հայաստանը Ռուսաստանի և ԱՊՀ այլ երկրների հետ գործընկերությամբ ձևավորեց իր ռազմական անվտանգության համակարգը Հավաքական անվտանգության պայմանագրի ձևաչափում: Այս տասնամյակների ընթացքում համակարգն ապացուցել է իր կենսունակությունը և արդյունավետությունը: Այժմ ՀԱՊԿ-ի մեր գործընկերները ձևավորում են տնտեսական փոխգործակցության նոր հարթակ: Ես քանիցս ասել եմ, որ գտնվելով ռազմական անվտանգության մի համակարգում, անհնար է և անարդյունավետ մեկուսանալ համապատասխան աշխարհատնտեսական տարածքից:

Սա ռացիոնալ որոշում է, այս որոշումը բխում է Հայաստանի ազգային շահերից: Այս որոշումը եվրոպական կառույցների հետ մեր երկխոսությունից հրաժարում չէ: Այս տարիների ընթացքում Հայաստանը, եվրոպական գործընկերների աջակցությամբ, անցկացրել է լուրջ ինստիտուցիոնալ բարեփոխումներ: Եվ այսօրվա Հայաստանը, այս իմաստով, շատ ավելի արդյունավետ և մրցակցային պետություն է, քան տարիներ առաջ: Մենք մտադիր ենք և շարունակելու ենք բարեփոխումները:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Մեր բանակցությունների արդյունքները արտացոլված են Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ քիչ առաջ ստորագրած մեր համատեղ հայտարարություններում: Վստահ եմ, որ մեր բոլոր պայմանավորվածությունների իրականացումը նոր շունչ կհաղորդի ռազմավարական դաշնակցային գործընկերությանը:

Վլադիմիր Վլադիմիրի,

Շնորհակալ եմ ջերմ ընդունելության և ձեռք բերված պայմանավորվածությունների համար:

ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահ, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ուժի մեջ մտնելու 60-ամյակի կապակցությամբ

Էդվարդ Նալբանդյան60 տարի առաջ, 1953թ. սեպտեմբերի 3-ին ուժի մեջ մտավ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների կոնվենցիան, որն ավելի շատ հայտնի է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա անվամբ։ Այս պայմանագիրը, անկասկած, Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության անկյունաքարն է: 60 տարիների ընթացքում Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների իրավասության ներքո գտնվող անձիք օգտվել են այս եզակի իրավական գործիքից։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Կոնվենցիայի պահապանի, մի շարք շրջադարձային դատավճիռներն օգնել են նշանակալիորեն ամրապնդելու մարդու իրավունքները, իրավունքի գերակայությունը և ժողովրդավարությունը եվրոպական մայրցամաքում։

Ինչպես Պիեռ-Անրի Տայժենը՝ Եվրոպական կոնվենցիայի հիմնադիր հայրերից մեկը, ավելի քան 60 տարի առաջ նշել է՝ մեկ օրում ժողովրդավարությունները չեն վատթարանում, ոչ էլ օրենքի գերակայություն է կարող հաստատվել։ Մարդու իրավունքների խրախուսումը շարունակական գործընթաց է, և մեր ընդհանուր պատասխանատվությունն է ապահովել, որ Եվրոպական կոնվենցիան մնա եվրոպական հանրային կարգի արդյունավետ սահմանադրական գործիքը, ինչպիսին այն դարձել է տարիների ընթացքում։

Այդ պատճառով է, որ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահությունը բարձր է գնահատում վերջերս Կոնվենցիայի 15-րդ  և 16-րդ Արձանագրությունների ընդունումը, որոնք ամրապնդում են մուտքագրվող գործերին ընթացք տալու՝ Դատարանի կարողությունները և բարելավում՝ ազգային մակարդակով Կոնվենցիայի կիրառումը։  Հունիսի վերջին ստորագրման համար բացվելուց ի վեր, ոչ պակաս քան 22 անդամ պետություն ստորագրել է 15-րդ Արձանագրությունը։ Եվս մեկ կարևոր քայլ կլինի հոկտեմբերի 2-ին 16-րդ Արձանագրության բացումը ստորագրման համար։

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն շարունակելու է առավելագույնն անել ապահովելու Կոնվենցիայում ամրագրված իրավունքների հարգումը և պաշտպանությունը ողջ Եվրոպայում։

 

 

 

Մահացել է Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը

Լևոն ԱնանյանՍեպտեմբերի 2-ին 67 տարեկան հասակում կյանքից հեռացել է Հայաստանի գրողների միության նախագահ, ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ  Լևոն Անանյանը:

Լևոն Զաքարի Անանյանը ծնվել է 1946թ. հոկտեմբերի 13-ին Տավուշի մարզի Կողբ գյուղում։ 1964 թ. ավարտել է Կողբի միջնակարգ դպրոցը, 1968 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։  Աշխատել է մի շարք պաչբերականներում: 1990-ին ընտրվել է «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիր: 2001-ից մինչ օրս եղել է Հայաստանի գրողների միության նախագահը:

Լևոն Անանյանին 2008-ի մայիսի 26-ին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր Գործչի կոչումը:

«Անկախ»-ը ցավակցում է Լևոն Անանյանի ընտանիքին և հարազատներին ծանր կորստի կապակցությամբ:

Առաջին զանգով ազդարարվեց 1-ին դասարանցիների 12-ամյա դպրոցական կյանքի մեկնարկը

153 դպրոցԱյսօր շուրջ 39 հազար առաջին դասարանցիների համար հնչեց առաջին զանգը:

Հանրապետության ամեն դպրոց յուրովի դիմավորեց իր նորեկ աշակերտներին:

Երևանի Ռաֆայել Իշխանյանի 153 հիմնական դպրոց այս տարի մուտք գործեցին 72 առաջին դասարանցիներ: Փոքրիկներին ողջույնի խոսքով դիմավորեցին դպրոցի վերջին շրջանավարտներն, ովքեր այս տարի իրենց ուսումը շարունակելու են ավագ դպրոցներում: Փոքրիկներին ողջունելուց հետո միայն շրջանավարտներից ամեն մեկն իր նոր կրթօջախ գնաց:

Ուսումնական տարվա մեկնարկը ազդարարվեց դպրոցական երգչախմբի կատարմամբ և պարերով:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև դպրոցի տնօրեն Անուշ Սարգսյանը: Նաև բոլորին խորհուրդ տվեց աշխատանքը, ուսումը սկսել սիրով. «Որտեղ կա սեր, հանդուրժողականություն, հարգանք միմյանց հանդեպ, այդտեղ անպայման կլինի նաև կրթության որակ»:

153 դպրոց (1)Սարգսյանն ասում է, որ դպրոցը տեղակայված է ոչ բանուկ մասում` շրջապատված է սեփական տներով: Նման պայմաններում իրենց մոտ աշակերտ են բերում դպրոցի հեղինակության, մանկավարժական կոլեկտիվի նվիրվածության և քրտնաջան աշխատանքի շնորհիվ:

« Աշակերտների թիվը նաև պարտավորեցնող է: Եթե ծնողն ընտրում է քո դպրոցը, դա առավել լավ աշխատելու և նրա ընտրությունն արդարացնելու գործոն է»,- ասում է Սարգսյանը:

Ադրբեջանցիներն անցած շաբաթվա ընթացքում հրադադարի ռեժիմը խախտել են շուրջ 200 անգամ

հրադադարՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսի 25-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1200 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի դրսևորած ակտիվությունը կասեցվել է:

ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո իրականացվող սոցիալական բնակարանաշինության ծրագիրը՝ տապալված

շենք2012թ. հոկտեմբերի 30-ին պետք է ավարտվեր «Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը» սոցիալական ծրագրի երկրորդ փուլը, որն իրականացնում է «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությունը (ՀԿ) ՀՀ Նախագահ, «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ պարոն Ս. Սարգսյանի բարձր հովանու ներքո, ինչի արդյունքում պետք է շահագործման հանձնվեր Երևանի Ծարավ Աղբյուրի 55/6 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրը: Համաձայն շահառուների հետ կնքված նախնական պայմանագրի՝ այդ ժամկետը կարող էր երկարաձգվել վեց ամսով՝ մինչև 2013 թվականի ապրիլի 30-ը:

Անգամ հնարավոր առավելագույն երկարաձգված վրջնաժամկետից՝ ապրիլի 30-ից 4 ամիս անց, 2013թ. օգոստոսին, շենքը դեռ շահագործման չի հանձնվել: Ավելին, շահագործման կրկին երկարաձգված՝ հունիսի 30-ի վերջնաժամկետը «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի կայքում (http://www.ysugu.am/hy/1361799187/new_id/5054) 2013թ. հուլիսի 4-ին զետեղված հայտարարության համաձայն կրկին երկարաձգվել է՝ այս անգամ առանց նշելու հստակ նոր ժամկետ:

Այս ընթացքում շենքի մի խումբ շահառուներ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ, «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի նախագահ Արսեն Քարամյանին պաշտոնական նամակներով (2013թ. մայիս 17 և հուլիս 12) և հանդիպումների ընթացքում իրենց մտահոգությունն են հայտնել շենքի՝ ժամանակին չշահագործելու հետ կապված, ինչպես նաև պահանջել են հստակ տեղեկատվություն շինարարական աշխատանքների ընթացքի և շենքի բոլոր բնակարանների հանձնման և շահառուների՝ բնակարան մուտք գործելու վերջնական ժամանակացույցի մասին:

Ս.թ. մայիսի 17-ի նամակին ի պատասխան մայիսի 20-ի թիվ 01910513 նամակով Արսեն Քարամյանը հայտնել է, որ «…Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի 55/6 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի կառուցման շինարարական աշխատանքները հիմնականում ավարտվել են և ներկայումս իրավասու մարմինների կողմից իրականացվում են բնակարանների մակերեսների փաստացի չափագրման և շինարարության ավարտի փաստագրման աշխատանքները: 2013 թվականի մայիսի 27-ից, ըստ բնակարանների հերթականության, շահառուների, ԵՊՀ շրջանավարտների միավորման և շինարարական կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությամբ, կատարվելու է բնակարանների ներքին հարդարման աշխատանքների որակի և համապատասխանության զննություն, որի ընթացքում հայտնաբերված թերություններն արձանագրվելու են և այդ թերությունները շտկելու համար շինարարական կազմակերպությանը տրվելու է մինչև 7 օր ժամանակ: Դրանից հետո կատարվելու է բնակարանի գնի ընդհանուր վերահաշվարկ, շահառուի հետ ստորագրվելու է անշարժ գույքի առուվաճառքի հիմնական պայմանագիրը և հանձնման-ընդունման ակտը: Բնակարանների հանձնման-ընդունման օրվա և ժամի վերաբերյալ շահառուներն անհատապես կծանուցվեն»:  Մինչդեռ հակառակ նամակում նշվածի՝ մինչ օրս իրենց բնակարանները տեսնելու հնարավորություն են ունեցել 14 բնակելի հարկերից միայն 1-4-րդ հարկերի բնակարանների շահառուների մի մասը, որոնց հետ այլևս որևէ գործարք չի կատարվել:

Ս.թ. հուլիսի 12-ին Արսեն Քարամյանին ուղղված նամակին այդպես էլ գրավոր պատասխան չտրվեց՝ չնայած նամակում հատուկ նշված գրավոր պատասխանի պահանջին: Նույն օրը պարոն Քարամյանի հետ շենքի մի խումբ շահառուների ունեցած հանդիպման ժամանակ նա հայտնեց, որ շենքի շինարարական աշխատանքներն ավարտվելու են մինչև ս.թ. օգոստոսի 15-ը, իսկ օգոստոսի 2-ին ակնկալվող շենքի շահագործման ակտը ստանալուն պես սկսվելու է առուվաճառքի հիմնական պայմանագրի կնքման գործընթացը ԵՊՀ շրջանավարտների միավորման ԽՆԴՐԱՆՔՈՎ բնակարանի արժեքի վերջին 15 տոկոսին համարժեք գումարը պայմանագրով սահմանված ժամկետից շուտ վճարած 7 շահառուների, ապա նաև մյուսների հետ: Այս պնդումը ևս, ինչպես հետո պարզվեց, իրականության հետ որևէ առնչություն չունի: Ավելին, ս.թ. օգոստոսի 16-ին  և 26-ին աշխատանքային ժամերին շինարարության հրապարակ այցելելով շահառուները համոզվել են, որ անգամ ժամկետների այսքան ուշացման պարագայում շենքում շինարարական աշխատանքներ չեն իրականացվում։

Հաշվի առնելով այն, որ ծրագիրն իրականացվում է  ՀՀ Նախագահի բարձր հովանու ներքո՝ իրավիճակի մանրամասն նկարագրությամբ նամակ է ուղարկվել նաև Սերժ Սարգսյանին։

Սոցիալական նշանակություն ունեցող այս ծրագրին միանալը պետական բուհերի երիտասարդ մասնագետներից շատերի համար 2010թ.-ի ապրիլին թվում էր իսկական երջանկություն և գնահատվում որպես այս խմբի հանդեպ պետական հոգածության իրական դրսևորում, մինչդեռ այսօր շենքի ճակատագրի հետ կապված բացարձակ անորոշությունը, ԵՊՀ շրջանավարտների միավորման անպատասխանատվությունը և երկրի բարձրաստիճան պաշտոնյայի կողմից պարբերաբար հնչող իրարամերժ  ու ստահոդ պատասխանները հանգեցնում են ծրագրի հանդեպ անվստահության և  շահառուների հիասթափության:

 

Երևանի Ծարավ Աղբյուրի 55/6 հասցեի բազմաբնակարան շենքի մի խումբ շահառուներ

ԿԳ նախարարը բուհական կրթության գների մասին` պատրաստ եղեք լավի համար թանկ վճարել

Արմեն ԱշոտյանԱյսօր ԿԳՆ է այցելել հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և հանդիպել  նախարարության ղեկավար կազմի, աշխատակազմի և առանձնացված ստորաբաժանումների  ղեկավարների հետ:  Հանդիպման ընթացքում նախագահին ներկայացվել  են  ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքները, մանրամասնվել են միջնաժամկետ և երկարաժամկետ անելիքները. Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասած ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Նրա խոսքով` նախագահը հավաստել է, որ կրթության և գիտության ոլորտը նույնքան կարևոր է երկրի համար, որքան պաշտպանությանը:

Անդրադառնալով հարցին, թե նախագահի հետ ինչ են քննարկել բուհական կրթության գների մասին, ԿԳ նախարարը նշեց, որ բանաձևը մնում է նույնը`  լավ սովորող որևէ ուսանող չպետք է զրկվի  կրթության հնարավորությունից. «Ֆիքսվելու է ուսանողական զեղչերի մինիմալ ծավալը, որ բուհերը պարտավոր են լինելու իրենց վճարովի ծառայությունների  բյուջեից ուղղել դեպի ուսանողություն ինչպես նաև հստակեցվելու են սոցիալական խմբերը, որոնց զեղչը երաշխավորվում է օրենքով»:

Խոսելով առաջին կուրսեցիների խնդրի մասին, որոնք ուսանող չեն համարվում, մինչև չվճարեն ուսումնական առաջին կիսամյակի վարձն ամբողջությամբ, Աշոտյանը նշեց, թե մեկ քննաշրջան է հարկավոր հասկանալու ուսանողի առաջադիմությունը:

Նախարարի խոսքով`  գրեթե չկան մասնագիտություններ, որոնցով մեկ-երկու բուհեր  մենաշնորհ ունեն: Տնտեսագետներ պատրաստում են 40-ից ավել բուհեր, իրավաբաններ` 30-ից ավել բուհեր, մանկավարժներ` 20-ից ավելի բուհեր: Եթե որոշում է կայացվում ընդունվել ինչ-որ մի բուհ, ապա այդ կրթական ծրագրի կողքին կա  նմանատիպ էժանը:

«Երբ գնում եք սուպերմարկետ, ընտրում եք ոչ միայն ձեր ցանկություններից ելնելով, այլ նաև ձեր գրպանի հնարավորությամբ, մանավանդ եթե կա միևնույն մթերքի մի քանի տարբերակը, չեք վերցնում ամենաթանկ խմիչքը և փորձում վճարել տեղական արտադրողի գնագոյացման սկզբունքով, դուք ունեք ընտրության հնարավորություն:  Կրթությունը նաև շուկա է ձևավորել:,- ասում է Աշոտյանը:- Ակնհայտ է, որ բոլորի ընտրությունը պայմանավորված է երեք հանգամանքերով` ցանկություն, ունակություն և կարողություն, ընտանիքի հնարավորություն  :

Բժշկական համալսարանը թանկ բուհ է, չնայած չի բարձրացրել ուսման վարձերը: Բժշկական կրթություն մատուցում են 6 բուհեր, որոնք դեռ տալիս են պետական նմուշի դիպլոմ: Ինչո՞ւ ենք ընտրում 800 հազար դրամով բժշկական համալսարանը, եթե 400 հազարով կարող ենք սովորել Հայբուսակում:  Ուրեմն բժշկականը լավ է, չէ, որ ենթագիտակցորեն ընտրում եք բժշկականը: Դե եթե լավն է, ուրեմն պատրաստ եղեք լավի համար թանկ վճարել»:

Աշոտյանի խոսքով` հայաստանյան բարձրագույն կրթությունը շատ խայտաբղետ է`  կողք կողքի առկա են թե լավը, թե վատը. « Չենք կարող ասել, որ ունենք շատ լավ, որակյալ բարձրագույն կրթություն, բայց նաև չենք կարող ասել, որ ունենք վատ  և անորակ բարձրագույն կրթություն: Ունենք բուհեր, ֆակուլտետներ, կրթական ծրագրեր, որոնց մատուցած  կրթական ծառայությունները ամոթ  չէ ներկայացնել արտերկրում, որոնք հետաքրքիր են տեղացի և արտասահմանցի ուսանողների համար, ունենք կրթական ծրագրեր, որոնք հավատարմագրվել կամ հավատարմագրվում են եվրոպական լավագույն հավատարմագրային  գործակալություններում: Դրանց կողքին ունենք կրթական ծրագրեր, որոնց պիտանելիության ժամկետն անցել է, կրթական ծրագրեր, որոնք արդիականացման կարիք ունեն, կրթության կազմակերպման ձևեր, որոնք  այլևս մրցունակ չեն»:

Խոսելով դպրոցական կրթության մասին` Աշոտյանն ասում է, որ ըստ սոցհարցումների հանրությունը դժգոհում է 12-ամյա կրթական համակարգին անցումից, ավագ դպրոցների ստեղծումից և նոր միայն կոռուպցիայից:

« Այսինքն թոփ 3-ի մեջ երկու  բացասական լիդերները ռեֆորմներն են,- ասում է ԿԳ նախարարը:- 12-ամյա կրթության անցել ենք 2006-ից, այսինքն 2018-ին նոր կունենանք 12-ամյա համակարգի առաջին շրջանավարտները: Մինչ այդ 12-ամյա կրթությամբ ոչ մի շրջանավարտ Հայաստանում չենք ունենալու, ո՞նց եք ասում վատն է, եթե դրա պտուղը դեռ չեք քաղել»:

Ավագ դպրոցների առումով էլ, ըստ Աշոտյանի, կա նոր միջավայրին հարմարվելու հոգեբանական խնդիր, բայց դա չի նշանակում, որ համակարգը վատն է:

Նախագահը հյուրընկալել է միջազգային մրցույթներում հաղթած աշակերտներին, ուսանողներին, ինչպես նաև հանրակրթական դպրոցների մեդալակիր շրջանավարտներին

3621Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է անցած ուսումնական տարում բարձր առաջադիմություն ցուցաբերած, ինչպես նաև տարբեր օլիմպիադաներում հաջողությունների հասած մայրաքաղաքի և մարզերի բազմաթիվ աշակերտների և ուսանողների: Նախագահի նստավայրում, մասնավորապես, հյուրընկալվել են հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների 2012-2013 ուսումնական տարվա մեդալակիր շրջանավարտները, 2013թ. դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաների մեդալակիրները, 2013թ. դպրոցականների միջազգային հինգ օլիմպիադաների մեդալակիրները, «Կենգուրու-2013» միջազգային մաթեմատիկական մրցույթի հաղթող և մարզերում ու տարիքային խմբերում լավագույն արդյունք ցուցաբերած աշակերտները, ինչպես նաև ՌԴ Կազան քաղաքում կայացած 27-րդ համաշխարհային ունիվերսիադայում մեդալներ շահած ՀՀ ուսանող մարզիկները: Արդեն ավանդական դարձած այդ հանդիպման ժամանակ նրանք ստացել են իրենց պարգևները՝ մեդալները, հավաստագրերը և Հանրապետության նախագահի կողմից նվերներ:

Նախագահը շնորհավորել է պարգևատրվածներին, մաղթել նոր հաջողություններ և պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին:
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը բարձր առաջադիմություն ցուցաբերած ու օլիմպիադաներում հաջողությունների հասած աշակերտների և ուսանողների հետ հանդիպման ժամանակ
Սիրելի՛ երիտասարդներ,

Ուրախ եմ այս հանդիպման համար և հաճույքով ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում:

2008թ. ընտրվելով Հայաստանի Հանրապետության Նախագահ՝ ես խոստացել էի, որ կհանդիպեմ դպրոցների մեդալակիր շրջանավարտների և միջազգային առարկայական օլիմպիադաներում հաղթողների հետ: Հավատացեք՝ որքան էլ զբաղված լինեմ, որքան էլ մեծ ու փոքր խնդիրներ լուծելու անհրաժեշտություն լինի, այնուամենայնիվ, ես իմ խոստումը կատարելու եմ և ամեն տարի հանդիպելու եմ նման երիտասարդների հետ, որովհետև մի կողմից դուք դրան արժանի եք, մյուս կողմից՝ ինքս մշտապես դրական լիցքեր եմ ստանում այսպիսի հանդիպումների ժամանակ: Այսօր դուք իմ անձնական հյուրերն եք: Մենք այս դահլիճում մշտապես հանդիպում ենք օտարերկրյա ղեկավարների հետ: Նրանց համար այստեղ ընդունելություններ ենք կազմակերպում, բայց հավատացեք, որ այսօրվա հանդիպումը պակաս կարևոր չէ: Դուք մեր երկրի ապագան եք, դուք մեր ժամանակի հերոսներն եք, և մեր երկիրը նման հերոսների կարիք ունի: Մեծ կարիք ունի:

Ես միշտ իմ զրուցակիցների հետ հպարտությամբ եմ խոսում ձեր մասին: Հավատացեք՝ մեր երկիրն ամեն ինչ անելու է, որպեսզի գիտությունը, կրթությունը Հայաստանում զարգանան: Մի քանի ամիս առաջ ես հանձնարարել էի հանրապետության կառավարությանը միջոցներ ձեռնարկել, որպեսզի ոչ մի լավ սովորող ուսանող սոցիալական պայմանների պատճառով չզրկվի կրթություն ստանալու իր իրավունքից: Եվ արդեն այս տարվանից գործում են մի շարք ծրագրեր: Ծրագրեր, որոնք ընդհանրական են, նախատեսված են բոլորի համար և ծրագրեր, որոնք արդեն գործում են սոցիալապես անապահով ուսանողների համար:

Այս հանդիպումը սոսկ հանդիպում չէ և ձևական բնույթ չի կրում: Այս հանդիպումը քաղաքականություն է: Մեր երկրի զարգացման կարևորագույն ուղղությունն է կրթությունը: Ոչ պակաս, քան զինված ուժերը: Դուք մեր երկիրը ներկայացնում եք դրսում՝ արտասահմանում, դուք մեզ պատիվ եք բերում: Եվ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են մեզ հետ մրցել, թող մրցեն կրթության բնագավառում: Բոլոր նրանք, ովքեր խոսում են Հայաստանում կրթական համակարգի փլուզման մասին, թող աչքերը լայն բացեն, ականջներն էլ սրեն ու տեսնեն ձեր հաջողությունները:

Միջազգային առարկայական օլիմպիադաներում դուք արդեն իսկ վաստակել եք 11 մեդալ՝ 1 արծաթե և 10 բրոնզե, ինչն ուղիղ այնքան է, որքան Վրաստանի և Ադրբեջանի ձեր հասակակիցների շահած մեդալները միասին վերցրած: Ես վստահ եմ, որ աստղագիտության բնագավառում մենք դեռևս հաջողության ակնկալիքներ ունենք և ուզում եմ, որպեսզի բոլորս միասին հաջողություն մաղթենք մեր երիտասարդներին:

Ապրե՛ք: Շնորհակալ եմ: Հավատացեք՝ շատ մեծ գործ եք կատարել: Ե՛վ անցյալ տարի, և՛ այս տարի մենք հասել ենք լավագույն արդյունքների:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել Կազանի օլիմպիադայի մասնակիցներին, ովքեր շահել են 10 մրցանակ: Երբեք մենք մեր նորագույն պատմության մեջ այդքան մեդալներ ունիվերսիադաներում չէինք շահել:

Ուզում եմ առանձնահատուկ նշել բոլոր այն շրջանավարտներին, ովքեր այս տարի ստացել են ոսկե մեդալներ: Ուրախալին այն է, որ հանրակրթությունը Հայաստանում զարգանում է ոչ միայն Երևանում, ինչպես շատերն են ասում, այլ նաև մեր մարզերում: Եվ այդ մասին է խոսում մեդալակիրների թվի աճը ոչ միայն Երևանում, այլ նաև Գորիսում, Սիսիանում, Հրազդանում, Գյումրիում: Սա շատ լավ է: Վստահ եղեք, որ այս գործընթացը շարունակվելու է:

Ուզում եմ նշել մեր փոքրիկներին՝ «Կենգուրու» խաղի հաղթողներին, ովքեր իրավամբ համարվում են ձեզ փոխարինողներ: Ցանկությունս է, որպեսզի ձեզնից որևէ մեկը կանգ չառնի ձեռք բերածի վրա: Սա ձեր լուսավոր ապագայի առաջին հաստատուն քայլն է, և այն պետք է լինի հարատև: Մշտապես պետք է սովորեք: Նույնիսկ բուհ ավարտելուց հետո պետք է սովորել, մշտապես կարդալ: Կարդալ և ոչ միայն մասնագիտական գրականություն: Դուք փոքր, բայց մեծ մշակույթ ու պատմություն ունեցող ժողովրդի արժանի ներկայացուցիչներն եք: Դուք պետք է բազմակողմանի զարգացած լինեք, պետք է ուրիշներից շատ տարբերվեք: Հակառակ պարագայում, մենք բոլորս՝ մեր ժողովուրդը, չի ունենա այն ապագան, ինչի մասին մշտապես մեր նախնիները երազել են և ինչի համար շատ-շատերը տվել են իրենց կյանքը:

Ես հավատում եմ ձեզ: Հավատում եմ և ցանկանում եմ, որպեսզի մենք այս դահլիճում հաջորդ անգամ հանդիպենք այլ կարգավիճակով: Գիտեք, որ Հայաստանում գործում է մի հիմնադրամ՝ «Լույս» հիմնադրամը, որը կրթաթոշակներ է տրամադրում աշխարհի լավագույն 10 բուհերում սովորող հայ ուսանողներին: Ամեն տարի նրանց հետ էլ եմ հանդիպում: Այս տարի մի քանի շաբաթ առաջ եմ հանդիպել: Փայլուն երիտասարդներ են: Փայլուն: Կցանկանայի, որ որոշ ժամանակ հետո դուք ու նաև ձեզ հետ ուրիշները որպես «Լույսի» կրթաթոշակառուներ լինեք այս դահլիճում, և մենք արդեն խոսենք այլ թեմաների շուրջ: Ցանկանում եմ, որ մենք այս դահլիճում կրկին հանդիպենք և դուք արդեն լինեք Հայաստանի Հանրապետության Նախագահի երիտասարդ գիտնականների համար նախատեսված մրցանակների արժանացածներ: Ինքներդ էլ չեք տեսնելու, չեք զգալու, թե ինչպես անցան այդ մի քանի տարիները, և եթե շարունակեք այս տեմպով՝ դուք մեր երկիրը տանելու եք առաջ: Անցնելու է որոշ ժամանակ, հավատացեք, որ այս երկրի պատասխանատուները լինելու են կա՛մ այս դահլիճում նստածներից, կա՛մ էլ ձեզ նմաններից: Անձնապես պատասխանատու պետական բարձր պաշտոնյաներ:

Ամերիկյան քաղաքում երեք անչափահասներ փոխհրաձգության զոհ են դարձել

o_802673ԱՄՆ Վիսկոնսին նահանգի Միլոուկի քաղաքի  փողոցում տեղի ունեցած փոխհրաձգությունից մահացել են երեք անչափահասներ: Ոստիկանության նախնական տվյալների համաձայն` կրակել են բասկետբոլ խաղացող մի խումբ պատանիների վրա:

Առայժմ հայտնի չէ`  այդ հանցագործությունը մի հոգու գո՞րծ  է, թ՞ե մի խումբ չարագործների, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Մուշի հայկական թաղամասը ավերակների է վերածվել (լուսանկարներ)

մուշ  Մուշում արդեն երկար ժամանակ է, ինչ օրակարգում է գտնվում նախկինում հայերին պատկանած տների քանդման հարցը Բնակելի շենքերի վարչության կողմից: Ինչպես հաղորդում է «Ակօս»-ը, քաղաքի կենտրոնական Քալե թաղամասում տեղակայված մոտ 500 տների մեծամասնությունը ոչնչացվել է:

մուշ (2)   Հայտնի է, որ քաղաքային վերափոխման մասին որոշումից հետո, մինչև տների քանդման աշխատանքների սկսվելը, մի շարք անձինք գանձ գտնելու նպատակով սկսել էին փորել հայկական տների տակը: Արևմտյան Հայաստանում բավական տարածված այս երևույթը մուշ (5)շարունակում է մնալ տեղացիների ուշադրության կենտրոնում: «Հայկական ոսկիները» գտնելու մոլուցքով տառապող գանձ որոնողները հարմար առիթը բաց չեն թողնում, որպեսզի հերթական անգամ քանդեն ու ավերեն մի ժամանակ այստեղի բնիկ բնակչությունը հանդիսացող հայերին պատկանող տներն ու եկեղեցիները:

Ոստիկանությունը հայտարարություն է տարածելԿոմիտաս 5 հասցեում անցկացվող ակցիայի կապակցությամբ

ոստիկանությունԱրդեն տևական ժամանակ է` ոստիկանությունը, հասարակական կարգը պահպանելիս, հավատարիմ իր որդեգրած սկզբունքներին` մայրաքաղաքի տարբեր հատվածներում ակցիաներ իրականացնողներին հորդորում է գործել բացառապես օրենքի շրջանակներում, պահպանել հանրային նորմերը, հարգել այլոց իրավունքները:
Այսօր ստիպված ենք փաստել, որ ոստիկանության հանդուրժողականության և օրինահարգության հորդորը ոմանց կողմից ընկալվում է որպես ամենաթողության հնարավորություն: Որոշ ակտիվիստ-ցուցարարների օրինազանց գործողությունները խոսում են այն մասին, որ վերոհիշյալ մեթոդները սպառել են իրենց:
Արդեն մի քանի օր մայրաքաղաքի Կոմիտաս 5 հասցեում անցկացվող ակցիայի մասնակիցներն այսօր խախտել են թույլատրելիի բոլոր սահմանները` փակել են Կոմիտասի պողոտան, չեն ենթարկվել իրավապահների օրինական պահանջներին, դիմադրություն են ցույց տվել ոստիկանության ծառայողներին, ինչի հետևանքով կան վնասվածքներ ստացած ոստիկաններ:
Իրավախախտում կատարելու համար ոստիկանության Երևան քաղաքի տարածքային բաժիններ են տարվել 26 անձինք:
Նրանց գործողություններին կտրվի համապատասխան իրավական գնահատական:
Քաղաքացիական ակտիվիստների գործողությունները, մասնավորապես, խոչընդոտում են ճանապարհի երթևեկելի հատվածներում տրանսպորտի բնականոն երթևեկը, սահմանափակում մայթերից, պուրակներից, զբոսայգիներից և հանրային ժամանցի համար նախատեսված այլ վայրերից օգտվելու` քաղաքացիների իրավունքները, խաթարում են պետական հաստատությունների բնականոն աշխատանքը և այլն: Նմանատիպ գործողություններն իրենց ամբողջության մեջ խախտում են  հասարակական կարգը, ստորադասում հասարակական համակեցության կանոնները և սահմանափակում այլոց սահմանադրական իրավունքները:
ՀՀ ոստիկանությունը կրկին անգամ հորդորում է` զերծ մնալ իրավախախտումներ թույլ տալուց, կատարել հասարակական կարգի պահպանության մեջ ներգրավված  ոստիկանության  ծառայողների օրինական պահանջները և տեղիք չտալ ավելորդ լարվածության:
 Միաժամանակ, ՀՀ ոստիկանությունը նախազգուշացնում է, որ համաձայն «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի` ոստիկանության ծառայողը որպես բացառիկ միջոց գործադրում է ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ:
Չնայած այն հանգամանքին, որ արդեն մոտ երկու տարի ոստիկանության ծառայողները դրսևորել են հանդուրժողականություն և չեն տրվել սադրանքների, այնուամենայնիվ կրկին անգամ հիշեցնում ենք, որ կատարվող իրավախախտումները նախականխելու և խափանելու նպատակով, որպես ծայրահեղ միջոց, ՀՀ ոստիկանությունը իրավասու է ցանկացած պահի` օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով  կիրառել ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ:
ՀՀ ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված հատուկ միջոցների տեսակները և դրանց գործադրման իրավաչափության պայմաններն ու մարտավարական կարգը սահմանված են ՀՀ ոստիկանության պետի 2011 թվականի մայիսի 30-ի թիվ 1-Ն հրամանով:
Մասնավորապես` ոստիկանության ծառայողներն անձամբ կամ ստորաբաժանման կազմում ծառայողական պարտականությունները կատարելիս իրավունք ունեն հատուկ միջոցներ գործադրել`ոստիկանության ծառայողին կամ հասարակական կարգի պահպանության և հանցագործությունների դեմ տարվող պայքարին աջակցող, իրենց հասարակական կամ ծառայողական պարտականությունները կատարող անձանց նկատմամբ ցուցաբերվող դիմադրությունը խափանելիս կամ նրանց օրինական պահանջներին չենթարկվելու դեպքում` ռետինե մահակներ, արցունքաբեր, գրգռիչ գազ, ծխաքողարկող միջոցներ, ռետինե գնդակներով փամփուշտներ, ձեռնաշղթաներ, ուշադրությունը շեղող լուսաձայնային միջոցներ, արգելանքներ քանդելու միջոցներ, ջրանետ մեքենաներ և զրահամեքենաներ, էլեկտրահարող սարքեր, կայծային պարպիչներ, ծառայողական շներ:
Հայտարարում ենք. հասարակական կարգը խախտելու, մայրաքաղաքի կյանքի բնականոն ընթացքը խաթարելու, մյուս քաղաքացիների իրավունքները ոտնահարելու, օրենքն անտեսելու յուրաքանչյուր դեպքում ոստիկանությունը կկիրառի օրենքով իրեն վերապահված լիազորությունները` օգտագործելով նաև հատուկ միջոցներ:
ՀՀ ոստիկանություն

«Կանեփ-կակաչ-2013» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում օգոստոսի 22-ի դրությամբ

g_imageԹմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների անօրինական շրջանառության դեմ պայքարում ԱՊՀ մասնակից-պետությունների համագործակցության 2011-2013 թթ. ծրագրի իրականցմանն ուղղված ԱՊՀ մասնակից-պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի պլանի պահանջների համաձայն` օգոստոսի 5-ից 25-ը հանրապետության ողջ տարածքում անցկացվում է «Կանեփ-կակաչ-2013» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը:
Միջոցառման նպատակն է՝ հայտնաբերել և այրելու միջոցով ոչնչացնել վայրի աճած, կամ ապօրինի աճեցված կանեփի ու կակաչի բույսերը, ինչպես և հայտնաբերել, բացահայտել և կանխել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը:
«Կանեփ-կակաչ-2013» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը պատշաճ ձևով կազմակերպելու և իրականացնելու նպատակով ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչություններում ստեղծվել են օպերատիվ շտաբներ,  որոնց պատասխանատուներ են նշանակվել ոստիկանության ԿՀԴՊ Գլխավոր վարչության ծառայողները և ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանի հուլիսի 30-ի հրամանով գործուղվել մարզեր:
Ձեռնարկված համալիր օպերատիվ հետախուզական միջոցառումների, կազմակերպված ծավալուն գործողությունների և ստացված տեղեկությունների արագ իրացման շնորհիվ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները կարողացան կարճ ժամանակում ցանկալի արդյունքներ արձանագրել:
«Կանեփ-կակաչ-2013» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում օգոստոսի 22-ի դրությամբ հայտնաբերվել և այրելու միջոցով ոչնչացվել է վայրի աճած կանեփի ավելի քան 75 տոննա կանաչ զանգված: Ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում բացահայտվել է թմրամիջոցների անօրինական շրջանառության հետ կապված հանցագործության 71 դեպք, առգրավվել են մոտ 3 կգ  «մարիխուանա», ավելի քան 1,5 մլ «սուբոտեքս»  և նույնքան էլ «դեզոմորֆին» տեսակի թմրամիջոցի զանգվածներ, 43.5 գրամ «ափիոն» և հոգեմետ 24 դեղամիջոց:
Տնամերձ 140 հողամասից հայտնաբերվել և առգրավվել են նաև ապօրինի աճեցված ու մշակված մոտ երեք տոննա կանեփի թփեր:
Բացի ապօրինի թմրամիջոցներից, խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են 6 ակոսավոր հրացան, տարբեր տրամաչափի 415 փամփուշտ, 4 նռնակ և 5 միավոր սառը զենք:
Նշված փաստերով հարուցվել է 35 քրեական գործ, 5 անձ ենթարկվել է վարչական պատասխանատվության, 175 դեպքով նախապատրաստվել են նյութեր, որոնց ընթացքը կլուծվի փորձաքննության արդյունքներով:

 

ՀՀ ոստիկանության պետի տեղակալն ընդունեց ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան ներկայացուցչին

1377272762,0714Օգոստոսի 23-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն ընդունեց Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան ներկայացուցիչ Դամթյու Դեսսալենին:
Հանդիպմանը ներկա էին նաև Փախստականների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի այլ աշխատակիցներ, ՀՀ ոստիկանության շտաբի, իրավաբանական և անձնագրային ու վիզաների վարչությունների ծառայողներ:
Հանդիպման ընթացքում ներկայացվեցին Հայաստանի Հանրապետությունում ապաքաղաքացիության կրճատման նպատակով համապատասխան օրենսդրական բարեփոխումների շրջանակներում մշակված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ Միավորված ազգերի կազմակերպության փախստականների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի կողմից կատարված հետազոտությունների արդյունքում տրված գնահատականը` «Ապաքաղաքացիության կրճատման մասին» 1961 թ. կոնվենցիայի պահանջների ապահովման մասով, «Փախստականների կարգավիճակի մասին» 1951 թվականի ՄԱԿ-ի կոնվենցիային համապատասխան կենսաչափական տվյալներով նույնականացման քարտեր և ճամփորդական փաստաթղթեր տրամադրելու նպատակով նախապատրաստված «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, «Քաղաքացիություն չունեցող անձանց մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ինչպես  և ՀՀ ոստիկանության կողմից մշակվող օրինագծերում ներառելու նպատակով ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առաջարկվող նկատառումները:
Նշված հարցերի կապակցությամբ գրասենյակի կողմից վերահաստատվեց եվրոպական երկրներ ճանաչողական այց կազմակերպելու ցանկությունը, որպեսզի հնարավոր լինի տեղում ծանոթանալ առաջավոր փորձին:
Փախստականների գծով Գերագույն հանձնակատարի ներկայացուցիչը, մասնավորապես, իր գոհունակությունն ու շնորհակալությունն արտահայտեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացրած նկատառումները Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից օրինագծերում ներառելու, ինչպես  և արդյունավետ համագործակցության համար:
Ոստիկանության պետի տեղակալը և ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան ներկայացուցիչը հույս հայտնեցին, որ արդյունավետ համագործակցությունը  կշարունակվի:

Նախագահ Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ֆիլիպինների նորանշանակ դեսպանը

3608_bՆախագահ Սերժ Սարգսյանին  երեկ` օգոստոսի 23-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ֆիլիպինների Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեխանդրո Մոսկերան (նստավայրը՝ Մոսկվա):

Հանրապետության նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նա մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու տարիներին, օգտագործելով առկա ներուժը, իր անձնական ներդրումը կունենա Հայաստանի և Ֆիլիպինների միջև համագործակցությունը տարբեր ոլորտներում խթանելու և ընդլայնելու ուղղությամբ: Սերժ Սարգսյանի խոսքով, Հայաստանը կարևորում է Ֆիլիպինների հետ հարաբերությունների խորացումը և պատրաստակամ է դրան միտված  համատեղ նախաձեռնությունների և ծրագրերի իրականացմանը:

Հանդիպմանը դեսպան Ալեխանդրո Մոսկերան վստահեցրել է, որ պաշտոնավարման ընթացքում կանի ամեն հնարավորը, որպեսզի հետևողական և համատեղ աշխատանքի արդյունքում երկու երկրների միջև հարաբերությունները նոր որակ ստանան:

 

Հայկ Ինջիղուլյանի նկատմամբ կոպտորեն խախտել միջազգային իրավունքը· Դավիթ Տոնոյան

դավիթ-տոնոյանՕգոստոսի 23-ին ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը առանձին հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի Հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Դեմթյու Դեսալեյնիի և Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Լորենցո Կարաֆիի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Ադրբեջանում գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացի Հակոբ Ինջիղուլյանին վերաբերող հարցեր: Դ.Տոնոյանը մասնավորապես մտահոգություն է հայտնել, որ ադրբեջանական իշխանությունները շարունակում են Հայկ Ինջիղուլյանի նկատմամբ կոպտորեն խախտել միջազգային իրավունքը, և որ առնվազն տարակուսանք է հարուցում այն փաստը, որ իրավասու մարդասիրական միջազգային կազմակերպությունները, մարդու իրավունքների հարցերով միջազգային ակտիվիստները և միջազգային հանրությունը մինչ օրս ոչ մի կերպ չեն արձագանքում ադրբեջանական ամենաթողությանը:

Հակոբ Ինջիղուլյանի հետ օրեր առաջ տեղի ունեցած «հարցազրույցը» չդատապարտվեց ոչ մի միջազգային կազմակերպության կողմից, որից օգտվելով ադրբեջանական իշխանությունները նոր «հարցազրույց» անցկացրեցին, որի նպատակն է կասեցնել ՀՀ քաղաքացու վերադարձը: Պարզ է, որ ադրբեջանական իշխանությունների կողմից բարոյահոգեբանական և չի բացառվում նաև, որ ֆիզիկական ճնշում է գործադրվում Հակոբի վրա, ստիպելով նրան հանդես գալ հակասական հայտարարություններով: Դա համատարած անտարբերության պատճառով սպասելի գործելաոճ է: Իսկ Հակոբ Ինջիղուլյանի կարծիքը կարող է հաշվի առնվել միայն այն դեպքում, եթե ապահովվեր ազատ, անկաշկանդ ու չուղղորդված արտահայտվելու նրա իրավունքը: Ճնշումների միջոցով կորզված հարցազրույցը չի կարող հիմք հանդիսանալ նրան երրորդ երկիր տեղափոխելու համար:

Դ.Տոնոյանը նաև նշել է, որ հայկական կողմը կրկին վերահաստատում է, որ Հակոբ Ինջիղուլյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվելու՝ նրա արարքում հանցակազմի բացակայության պատճառով, և մտադրված է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարին դիմել` վերջինիս գրասենյակի ներգրավման դեպքում, Ինջիղուլյանին վերջնականապես հավաստիացնելու, որ նրա նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվելու:

Հարկ է նշել, որ նախկինում ադրբեջանական գերությունից վերադարձված ոչ մի ՀՀ քաղաքացի քրեական պատասխանատվության չի ենթարկվել:

Հայկական կողմը գտնում է, որ Հ. Ինջիղուլյանի շուտափույթ վերադարձի հարցով հնարավորինս ակտիվ ներգրավվածությամբ պետք է զբաղվեն միջազգային մարդասիրական կազմակերպությունները, ինչպես նաև դեմ է նրան երրորդ երկիր տեղափոխելու ցանկացած փորձի՝ այն համարելով անհիմն և ոչ արդարացված:

 

Ինսուլտի վտանգը երևում է աչքերից

5216d4b6-37c3-c3d3-37c3-c3dc5ba55ba7.photo.0Զարմանալի է, բայց ինսուլտի վտանգը կարելի է գուշայկել աչքերով, ավելի ստույգ` ըստ աչքերի արյունատար անոթների վիճակի: Նման տեղեկություն է հաղորդում հետազոտողների միջազգային խումբը:

Որպեսզի անցկացվեն բոլոր հետազոտությունները, ընտրվել են տարեց մարդիկ, ավելի ստույգ` 50-75 տարեկան 2907 մարդ: Կատարվել են բոլոր կամավորների ցանցաթաղանթի արյունատար անոթների նկարներ, դրանից հետո 13 տարի շարունակ գիտնականները մանրազնին հետևել են հետազոտության մասնակիցներին: Այդ ընթացքում 165 հոգի ինսուլտ է ստացել: Պարզվել է, որ հենց այդ մասնակիցների անոթների նկարներում են նկատելի եղել ուժեղ փոփոխություններ, որոնք կապված են բարձր ճնշման հետ:

Փորձագետները պատմում են, որ գլխուղեղի անոթներում տեղի ունեցող գործընթացների մի զգալի մասն անմիջականորեն կանդրադառնա աչքի ցանցաթաղանթի արյունատար անոթների վիճակի վրա: Կարող են լինել այնպիսի փոփոխություններ, ինչպիսիք են արյունահոսությունը,  ուռչելը և այլն:

Ի դեպ, աչքի հատակի անոթների լուսանկարումը բուժհաճախորդների ախտորոշման անվտանգ, արագ և էժան միջոց է: Ուստի եթե հոգ եք տանում ձեր առողջության մասին, մի ծուլացեք, գնացեք լուսանկարեք և քննարկեք  նկարը մասնագետի հետ;

Հետազոտության արդյունքները հրապարակված են Hypertension հրատարակությունում:

Ըստ` http://mednovelty.ru

Գյումրեցի չեմպիոններն ու ադրբեջանցիների 15,000 դոլարը

IMG_0865Այսօր Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց գյումրեցի երկու մարզիկների, ովքեր վերջին մի քանի օրում հայրաքաղաք բերեցին մարզական մեդալներ: Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը` աշխարհի երիտասարդների առաջնությունում: Կարապետը ըմբշամարտով սկսել է զբաղվել 2003 թվականից, հասցրել դառնալ 2010թ. Եվրոպայի պատանիների առաջնության 2-րդ մրցանակակիր, 2012 թվականի աշխարհի երիտասարդական առաջնության երրորդ մրցանակակիր, իսկ այս տարի Եվրոպայի հունահռոմեական ըմբշամարտի երիտասարդների առաջնության չեմպիոն:

Օգոստոսի 13-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում տեղի ունեցավ ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որտեղ հանդես եկավ 74 կգ քաշային կարգում գյումրեցի ըմբիշ Կարապետ Չալյանը: Նա պայքարից դուրս թողեց Ալժիրի, Սերբիայի, Մոլդովայի և Ռուսաստանի ներկայացուցիչներին: Եզրափակիչ գոտեմարտում ուժերը չափեց ուկրաինացի Անդրեյ Անտոնյուկի հետ և 20-ամյա գյումրեցին տիրացավ հաղթական ոսկուն:

“Շատ լավ մարզավիճակում էի: Ես գնացել էի միայն աշխարհի չեմպիոն դառնալու համար: Խոստումներ տալ չեմ սիրում”, – ասում է աշխարհի չեմպիոն ու շրջանցում հաղթահարելու ցանկություն ունեցած հաջորդ քայլի մասին հարցը: – “Ավելի շատ եմ աշխատելու, որ ավելի լավ արդյունքների հասնեմ”:

Իսկ ինչ պայմաններում են մարզվում չեմպիոններն ու նրանց մարզընկերները, քանի որ Գյումրիում ըմբշամարտի մարզադահլիճների վիճակը բավական վատ է: Հարցի շուրջ չեմպիոնն ու իր մարզիչը բավական լավ էին տրամադրված. “Պայմաններում գույքի պակասություն կա, բայց մենք կարևորում ենք թասիբը, նվիրումը, հավատքը”, – ասում է Չալյանի մարզիչ Արթուր Պետրոսյանը:

Իսկ մյուս գյումրեցին` բռնցքամարտիկ Հենրիկ Սարգսյանը Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության 81 կգ քաշային կարգում ադրբեջանցի ըմբիշ Ռահիլ Մամադլիին զրկել է 15000 դոլար պարգևից` հաղթելով քառորդ եզրափակչում: “Ազերիները հայ ազգի յուրաքանչյուր ներկայացուցչի, կապ չունի որ երկիրն է ներկայացնում, հաղթելու համար, մենամարտից անմիջապես  հետո նրան 15,000 դոլարով են պարգևատրում”, – ներկայացրեց քաղաքապետարանի սպորտի բաժնի պետ Մեխակ Ղազարյանը:

Հենրիկը, սակայն, կիսաեզրափակչում պարտվում է հունգարացի Ադամ Համորիին և կանգնում պատվո հարթակի երրորդ աստիճանին:

“Չորրորդ եզրափակչում հաղթեցի ադրբեջանցուն և շատ հպարտ զգացողություններ էին: Ոչինչ, որ բրոնզե մեդալակիր եղա, հաջորդ անգամ անպայման ոսկե մեդալակիր կլինեմ: Նպատակս օլիմպիական չեմպիոն լինելն է”, – նշեց Հենրիկ Սարգսյանը: Նրա հաղթանակին չէր խոչընդոտել նաև ադրբեջանցի երկրպագուների հոծ բազմության ներկայությունը դահլիճում:

Հենրիկ Սարգսյանը բռնցքամարտով սկսել է զբաղվել 2008 թվանաից, դարձել Հայաստանի պատանիների և երիտասարդների առաջնությունների հաղթող: Անձնական մարզիչն է Ռուդիկ Մկրտչյանը:

Ողջունելով մարզիկներին Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը նշեց. “Ապրեք, այսօր ևս մեկ անգամ Գյումրիին ուրախացրեցիք` և’ Չալյանը, և’ Սարգսյանը: Իմ երազանքն է, որ Գյումրի քաղաքը նորից տա օլիմպիական չեմպիոններ, այսպիսի լավ երիտասարդներ ունենք ու պարծենալու` մեծ տեղ”, – ասում է քաղաքապետն ու հավելում, որ մեծ մրցանակներն ու պարգևները մարզիկները կստանան տարեվերջյան միջոցառման ժամանակ: Ւսկ այսօր բավարարվեցին միայն խորհրդանշական պարգևներով:

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ուղերձը նվիրված Մարդասիրության համաշխարհային օրվան

9-20-2012_68411_lԱմեն տարի օգոստոսի 19-ին մենք նշում ենք Մարդասիրության համաշխարհային օրը՝ ի պատիվ մարդասիրական օգնության աշխատակիցների, ովքեր զոհաբերել են իրենց կյանքերը ծառայողական պարտքը կատարելիս:

 Մենք հիշում ենք նրանց զոհաբերությունները և վերահաստատում մեր հավատարմությունը փրկարարական աշխատանքին, որ իրականացնում են մարդասերներն ամբողջ աշխարհում, ամեն օր, հաճախ այնպիսի դժվարին և վտանգավոր պայմաններում, ուր ուրիշները չեն կարող, կամ չեն ուզում գնալ:

Այս տարվա հիշատակման օրը նվիրված է Բաղդադում ՄԱԿ-ի գրասենյակի վրա կատարված հարձակման 10-ամյակին, որի արդյունքում սպանվեցին հատուկ ներկայացուցիչ Սերջիո Վիեյրա դե Մելլոն և ՄԱԿ-ի 21 այլ  աշխատակիցներ ու գործընկերներ: Այդ  ողբերգությունը այս հիշատակի օրվա ոգեշնչումներից մեկն էր:

Սերջիոն  ՄԱԿ-ի արժեքների ու առաքելության «խոսքի դեսպանն» էր:  Նա հետք է թողնել բոլոր նրանց կյանքերում, ովքեր ճանաչել են նրան, և իր ծառայողական կյանքի ընթացքում մի շարք մայրցամաքներում օգնել է միլիոնավոր աղքատ և խոցելի մարդկանց: Նրա մահը մեծ կորուստ էր ՄԱԿ-ի համար, բայց նրա ժառանգությունը ոգեշնչել է բազմաթիվ մարդկանց ձեռնամուխ լինել մարդասիրական աշխատանքին:

Այս տարի մեր Մարդասիրության համաշխարհային օրվա քարոզարշավը կոչ է անում մարդկանց պատասխանել մեկ հարցի. «Ի՞նչ եք կարծում, աշխարհն ամենից շատ ինչի կարիք ունի»: Ես ամենուր կոչ եմ անում մարդկանց այցելել www.worldhumanitarianday.org կայքը և մի բառով հայտնել մեզ իրենց կարծիքը:

Իմ բառն է՝ «թիմային աշխատանք»:  Գլոբալ մարտահրավերների ժամանակ ժողվուրդներն ու երկրները պետք է աշխատեն միասին՝ հանուն համընդհանուր խաղաղության, արդարության, արժանապատվության ու զարգացման: Հենց դա է մարդասիրական ոգին: Դա է Միավորված ազգերի մարդասիրական հրամայականը:

 

ՄԱԿ-ը և գործընկերները նշում են Մարդասիրության համաշխարհային օրը

mak Այսօր ավելի քան 40 երեխաներ և երիտասարդներ մասնակցեցին Մարդասիրության համաշխարհային օրվան նվիրված միջոցառմանը, որը կազմակերպվել էր  Հայաստանում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից Սևանի Վինդսերֆինգի ակումբում:

Միջոցառման նպատակն էր ոգեշնչել երիտասարդությանը լինել ավելի ակտիվ մարդասիրական գործիչներ: ՄԱԿ-ի գործակալությունների ներկայացուցիչները երիտասարդների հետ քննարկեցին մարդասիրական ոլորտում ՄԱԿ-ի գործունեությունը, բաժանեցին ՄԱԿ-ի համապատասխան գրականություն, իսկ վինդսերֆինգի մրցույթի յոթ հաղթողները պարգևատրվեցին ՄԱԿ-ի խրախուսական նյութերով:

Ամեն տարի օգոստոսի 19-ին ՄԱԿ-ը նշում է Մարդասիրության համաշխարհային օրը՝ ի պատիվ մարդասիրական օգնության ոլորտում աշխատող այն մարդկանց, ովքեր իրենց կյանքն են կորցրել ծառայողական պարտքը կատարելիս, այդ թվում նաև՝ այս տարի զոհված տասնյակ մարդկանց: Այս տարի լրանում է Բաղդադում ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակի ռմբակոծման 10 տարին, որտեղ մահացան ՄԱԿ-ի և մարդասիրական ոլորտի 22 աշխատակից, այդ թվում՝ այն ժամանակ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը Իրաքում:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը նույնպես հիշատակում է նրանց զոհաբերությունը և վերահաստատում իր նվիրվածությունը մարդկանց կյանքեր փրկող այն գործին, որը կատարում են մարդասիրական ոլորտի աշխատողները ողջ աշխարհում:

Բան Կի Մունը՝ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարն, ասաց. «Այս օրը մի հնարավորություն է՝ տոնելու  այն ոգին, որը մեզ ոգեշնչում է մարդասիրական աշխատանքի: Այս տարի մեր Մարդասիրության համաշխարհային օրվա քարոզարշավը կոչ է անում մարդկանց պատասխանել մեկ հարցի. «Ի՞նչ եք կարծում, աշխարհն ամենից շատ ինչի կարիք ունի»: Ես ամենուր կոչ եմ անում մարդկանց այցելել www.worldhumanitarianday.org կայքէջը և մի բառով հայտնել մեզ իրենց կարծիքը: Իմ բառն է՝ թիմային աշխատանք: Գլոբալ մարտահրավերների ժամանակաշրջանում, մարդիկ և երկրները պետք է աշխատեն միասին՝ հանուն խաղաղության, արդարության, արժանապատվության և զարգացման ընդհանուր գործի: Դա է ՄԱԿ-ի մարդասիրական հրամայականը»:

Քննարկումից հետո, 12-ամյա Արմինեն նշեց. «Ես կցանկանամ օգնել մարդկանց, ովքեր կարիքի մեջ են և աշխարհն ավելի լավը կդարձնեմ: Երբ մեծանամ՝ կաշխատեմ ՄԱԿ-ում»:

Սևանում տեղի ունեցած այս միջացառմանն աջակցել են ՄԱԿ-ի Մշտական համակարգողը, ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը, ՄԱԿ-ի Մարդասիրական գործերի համակարգման գրասենյակը: ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակն աջակցում է Վինդսերֆինգի ակումբին՝ երիտասարդական ակտիվիզմը, առողջ ապրելակերպը և շրջակա միջավայրի պահպանությունը նպաստելու գործում: