Մահացու ելքով կրակոցներ Գյումրիում, բերման է ենթարկվել Կոլյա Ղուկասյանը

կրակոցԱյսօր՝ ապրիլի 23-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը և Արտյոմ Կարապետյանը: Վերջինս հիվանդանոցում մահացել էր:

Փաստի առթիվ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի104 հոդվածի հատկանիշներով:

Ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով, Բագրատաշենի սահմանային անցակետից ոստիկանության Գյումրիի բաժին բերման է ենթարկվել Կոլյա Ղուկասյանը:

ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (Սպանությունը, որը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) և 235 հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

«Բարև Երևան» դաշինքի անդամները ներկայացրեցին իրենց արձանագրած խախտումները

«Բարև Երևան» դաշինքԱյսօր «Փաստարկ» մամուլի ակումբում «Բարև Երևան» դաշինքի անդամներ  Սիմոն Ղունախչյանը, Անահիտ Բախշյանը և Դանիել Իոանեսյանը ներկայացրեցին քարոզարշավի ընթացքում իրենց արձանագրած խախտումները:

Դաշինքը արձանագրել է խախտումներ քարոզարշավի ամենասկզբից, երբ  տարածվեց լուրը, թե արդեն կատարվում է անձնագրերի հավաքագրում: Ըստ Դանիել Իոանեսյանի` խախտումների զգալի մասը վերաբերում է նախընտրական պաստառներին, որոնց օգտագործումը պետք է սկսվեր ապրիլի 7-ից, մինչդեռ, օրինակ, ԲՀԿ կուսակցությունը սկսել էր  պաստառների փակցնման աշխատանքները մինչև հիշյալ օրը:

Խախտվել են նաև սպիտակ տախտակների սահմանափակումները, մասնավորապես, ՕԵԿ և ԲՀԿ կուսակցությունների կողմից, այդ կուսակցությունների պաստառները նախ մեծ են թույլատրելի չափից, և հետո` 1-ից ավելի են, ինչի հետևանքով զբաղեցնում են ավելի շատ տարածք, քան տախտակի թույլատրվող 1/7 մասն է: ՀՀԿ-ի պաստառները փակցվել են  չսահմանված վայրերում:

Դաշինքի անդամները իբրև խախտում որակեցին նաև ապրիլի 7-ին` կանանց ու աղջիկներին ծաղիկներ բաժանելը: «Ծաղիկները նվիրվում էին  Տարոն Մարգարյանի կողմից` համանքային միջոցների հաշվին», -մեկնաբանեց Դանիել Իոանեսյանը:

Բանախոսները հիշեցին նաև, որ ապրիլի 9-ին ոստիկանությունը բռնության էր ենթարկել «Բարև Երևան» դաշինքի անդամներին: Մալաթիա Սեբաստիայում և Շենգավիթում ոստիկանները քաղաքացիական հագուստով նկարել էին դաշինքի անդամների քարոզարշավին մասնակցող քաղաքացիների դեմքերը, խոչընդոտել թռուցիկների բաժանմանը:

Դաշինքի անդամները ուշադրություն հրավիրեցին նաև այն փաստի վրա, որ իրենք հիշյալ և բազմաթիվ այլ դեպքերը ուրբաթ օրը ներկայացրել էին ԿԸՀ, իսկ շաբաթ օրը ՀՀԿ կուսակցության խախտումները արդեն  վերացված էին: «Միթե սա չի նշանակում, որ ԿԸՀ-ն կողմնապահ է, որովհետև կապվել և նախազգուշացրել է կուսակցություններից մեկին, իսկ, օրինակ, ՕԵԿ-ին կամ ԲՀԿ-ին տեղյակ չի պահել», – հարց բարձրացրեց Դանիել Իոանեսյանը` շեշտելով, որ խախտումների քաննարկումը կկայանա այսօր` ժամը 5-ին ԿԸՀ-ում:

 

 

Կայացել է «Տարվա լավագույն դաստիարակ» ամենամյա հանրապետական մրցույթի քաղաքային փուլը

001 (2)Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել «Տարվա լավագույն դաստիարակ» ամենամյա հանրապետական եռափուլ մրցույթի քաղաքային փուլը, որին  մասնակցել է վարչական շրջաններում տարածքային  փուլում  հաղթած  12 դաստիարակ:  Մրցույթը գնահատող հանձնաժողովում ընդգրկված են ՀՀ ԿԳ նախարարության հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ  Հ.Միտոյանը, Նորք–Մարաշ և Աջափնյակ վարչական շրջանների կրթության, մշակույթի և սպորտի բաժինների պետերը, մանկապարտեզների տնօրեններ։  Քաղաքային մրցույթն անցկացվել է երկու փուլով՝ թեստային առաջադրանք և կլոր սեղան՝ բանավեճ։

Արդյունքում հաղթող է  ճանաչվել Երևանի Էրեբունի վարչական շրջանի հ.71 մանկապարտեզ ՀՈԱԿ–ի դաստիարակ Նորա Աբելյանը, ով կմասնակցի «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթի հանրապետական փուլին։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

Հանրապետության 60 համայնքի համակարգչային տեխնիկա տրամադրվեց

ՀամակարգիչներՀանրապետության համայնքներում տեղակատվական համակարգերի ներդրման գործընթացին աջակցելու նպատակով այսօր 120 համակարգիչ, ինչպես նաեւ սքաներներ, տպիչներ, համակարգչային այլ սարքավորումներ տրամադրվեց 60 համայնքի: Տեխնիկան ձեռք է բերվել Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ֆինանսական աջակցությամբ` “Համայնքների զարգացում Հարավային Կովկասում” ծրագրի շրջանակում: Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգերի (ՀԿՏՀ) ներդրման ուղղությամբ Տարածքային կառավարման նախարարությունը համագործակցում է “Տեղեկատվական համակարգերի զարգացման եւ վերապատրաստման կենտրոն” ՀԿ-ի հետ, որի աջակցությամբ էլ իրականացվում են ՀԿՏՀ-ի ներդրման աշխատանքները:

ՀԿՏՀ-ն միասնական տեղեկատվական համակարգ է, որը նախատեսված է ապահովելու համայնքապետարանի էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունը, համայնքի բյուջեի եւ գույքի կառավարումը, ֆինանսական եւ բյուջետային հաշվետվությունների ստացումը, համայնքի բնակչության հաշվառումը եւ մի շարք այլ գործառույթներ:

Միջոցառմանը ներկա փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանը համայնքներում էլեկտրոնային համակարգերի ներդրումն ու օգտագործումը կարեւոր համարեց աշխատանքի արդյունավետության բարձրացման տեսանկյունից: “Բացի կառավարման արդյունավետությունից, այս նորամուծությունները ուղղված են նաեւ տեղական մարմինների աշխատանքի թափանցիկության բարձրացմանը, նրանց գործունեության մասին տեղեկատվությունն առավել հասանելի դարձնելուն”,-նշեց Ա. Գեւորգյանը։

Ներկայումս ՀԿՏՀ է ներդրված 350-ից ավելի համայնքում, մյուս համայնքներում համակարգի ներդրման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին

Պետք է հաշտվենք մեր պատմության հետ. Ահմեդ Ինսել

ahmet insel Թուրքական «Radikal» թերթի սյունյակագիրներից Ահմեդ Ինսելը իր այսօրվա հոդվածում, որը վերնագրված է «Հաշտվել մեր պատմության հետ», անդրադարձել է Հայոց ցեղասպանության տարիներին օսմանցիների կողմից հայ կանանց ու երեխաների առևանգման թեմային: Ահա թե ինչ է գրում հոդվածագիրը. «Վաղը՝ ապրիլի 24-ին, կլրանա 98-րդ տարին այն օրից, երբ 1915 թվականին Ստամբուլի հայկական համայքի պատգամավորներին, գրողներին, լրագրողներին, փաստաբաններին, երաժիշտներին, բժիշկներին և մտավորականների կարևոր հատվածին ձերբակալելով աքսորի ուղարկեցին: Նրանց մեծ մասը մահացավ աքսորավայրում կամ աքսորի ճանապարհին: Սրանից մեկ ամիս անց սկիզբ առավ Օսմանյան կայսրության հայ ազգաբնակչության պլանավորված ոչնչացումը: Սա միայն բնակչության հետ կապված մի քաղաքականություն չէր: Մուսուլման օսմանցիները նպատակ ունեին բռնազավթելու հայերի ունեցվածքը: 1920-ական թվականներին Անատոլիայի տարբեր քաղաքներում նկատվում է մի շարք ընտանիքների վայրկյանական հարստացում, ինչի պատճառը սրընթաց տնտեսական վերելքը չէր: Հայկական համայնքից խլվեց ոչ միայն նրանց ունեցվածքը, այլև մուսուլման օսմանցիներին բաժանվեցին հայ կանանց և երեխաների մի մասը: Նրանք իսլամացվեցին: Տեղահանությունից խուսափելու համար շատ հայեր իսլամ ընդունեցին: Վախեցնելու, ահաբեկման և փախցնելու այս քաղաքականությունը շարունակվեց նաև հանրապետության հռչակումից հետո, որի հետևանքով Անատոլիայում վերացվեց հայ ազգաբնակչությունը: Այս հողերում հայերի հազարամյա գոյության հետքերը ջնջելու համար պլանավորված այս պետական քաղաքականությունը անընդհատ շարունակվեց  մինչև վերջին տարիները»:

Հոդվածագիրը, կարևորելով պատմական անցյալում տեղի ունեցած դեպքերի ճիշտ գնահատումը, իր միտքն ավարտում է հետևյալ կերպ. «Խաղաղությունը միայն մեր օրակարգում եղած քրդական հարցը չէ: Մեր պատմության փառավոր էջերի նման այս ամոթալի էջերը հիշելն ու դրանց առերեսվելը, ինչպես նաև ամենից առաջ մեր համընդհանուր հիշողության ու խղճի հետ հաշտվելը այդ խաղաղության մի մասն է կազմում:»

 

Ստամբուլում Հայոց ցեղասպանության զոհերին կհիշեն խորհրդանշական ժամին՝ 19:15-ին

taksim  Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ տեղի կունենան ինչպես աշխարհի տարբեր երկրներում գտնվող հայկական համայնքներում, այնպես էլ Ստամբուլում: Վերջին երեք տարիների նման այս տարի ևս Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակում ապրիլի 24-ին կհիշեն Ցեղասպանության զոհերին:

«Ակօս»-ը հաղորդում է, որ «Հիշում ենք ցեղասպանության զոհերին» վերնագրով կոչի մեջ մասնավորապես ասվում է. «Վերջին հարյուր տարում այս հողերը շատ ցավ են տեսել: Ժողովուրդների խճանկար հանդիսացող Անատոլիան ամայացավ, գունազրկվեց, դալկացավ ամբողջական մի ազգ ստեղծելու կրքով: Գլխավորապես մուսուլման չլինելու համար ժողովուրդները համընդհանուր կերպով քշվում էին երկրից, նրանց ստիպում էին փախչել, նրանք հողազրկվում էին, իսկ նրանց, ովքեր կարողանում էին մնալ, ձուլում էին, հակառակ դեպքում՝ սպանում: Սակայն ամենասարսափելին պատահեց այս հողերի ամենահին տերերը հանդիսացող հայերի հետ: 2015 թվականի ապրիլի 24-ին սկսված այս կտտանքներով հայ ժողովուրդը համընդահուր վերացվեց: Այս ողբերգական հիշողությունը մոռացության չտալու համար Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին հրավիրում ենք ձեզ հարգանքի տուրք մատուցելու մեր կորցրած բոլոր հայրենակիցների հիշատակին»:

Թաքսիմ հրապարակում ապրիլի 24-ին անմեղ զոհերի ոգեկոչման արարողությունը կսկսվի խորհրդանշական ժամին՝ 19:15-ին:

Տիտանիկի նվագախմբի ղեկավարի կողմից գրված նամակը աճուրդում վաճառվել է 93,000 ֆունտ ստեռլինգով

t3Տիտանիկի նվագախմբի ղեկավարի կողմից գրված նամակը աճուրդում վաճառվել է 93,000 ֆունտ ստեռլինգով:

33-ամյա Ուոլես Հրաթլին դարձել է այդ աղետի կենտրոնական դեմքերից մեկը, քանի որ իր մյուս յոթ նվագախմբի անդամների հետո մինչև նավի խորտակման վերջին պահը շարունակում էր նվագել:

Տիտանիկում երկրորդ կարգով ճամփորդող ջութակահարը նամակը էր գրել իր ծնողներին, երբ  1912 թ-ի ապրիլի 10-ին նավը դուրս էր եկել Սաութհեմփտոնից:

Փորձագետները սպասում էին, որ նամակը կվաճառվի մոտավորապես 50,000 ֆունտ ստեռլինգով, սակայն այն կիրակի օրը Ուիլթշիրի Հենրի Էլդրիջ և Սան աճուրդում վաճառվել է 93,000 ֆունտ ստեռլինգով:

Հարթլին իր նամակում գրել էր, որ իրենք բարեհաջող ճանապարհ են ընկել, նավը շատ լավն է, սակայն ինքը կարոտել է իր ընտանիքի անդամներին և հույս ունի, որ կիրակի առավոտյան կլինի տանը:

Նավագախմբի անդամները և մասնավորապես Հարթլին Տիտանիկի խորտակման մինչև վերջին պահը նվագելու համար հերոսացվել են վիրտուալ տարբեր ձևերով՝ սկսած նամականիշերից, երգերից, գրքերից , վերջացրած թատերական ներկայացումենրում և ֆիլմերում:

Երբ Տիտանիկը բախվել է այսբերգին, նրան կարգադրել են իր նավագախմբի հետ շարունակել նվագել,  որպեսզի մարդիկ խուճապի չմատնվեն և հանգիստ տեղափոխվեն փրկարար նավակների մեջ՝ այդպիսով ութ երաժիշտները նավի վրա նվագում էին մինչ ուղևորները տեղափոխվում էին նավակներ:

Այս նամակի մասին հիշատակել է նաև Հարթլիի մայրը՝ Էլիզաբեթը, 1912թ-ի ապրիլի 27-ի Dewsbury News-ի համարում:

Աճուրդը իրականացնող Անդրյու Էլդրիջը հայտնել է, որ իրենք բացի այս նամակից նավի վրայից Հարթլիի կողմից գրված այլ նամակների մասին տեղեկություն չունեն:

Հարթլին չի փրկվել նավի խորտակման ժամանակ, նրա մարմինը հետագայում գտնվել և տեղափոխվել է իր հայրենի Քոլն քաղաք, որտեղ մեծ հյուղարկավորություն է կազմակերպվել:

Փասադենայում հաստատվել է Հայոց ցեղասպանության հուշարձանի նախագիծը

նախագիծ Կալիֆորնիայի Փասադենա քաղաքում կիրակի օրը տեղի ունեցած միջոցառման ժամանակ հաստատվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի նախագիծը: Փասադենայի «Star-News» կայքը հաղորդում է, որ նախագծի հեղինակը Դիզայնի գեղագիտական կենտրոնի 26-ամյա ուսանողուհի Քեթրին Մենարդն է: Նրա հեղինակած նախագծի համաձայն՝ 4,8 մետրանոց երեք ակնանի ցայտաղբյուր է պատրաստվելու, որից 21 վայրկյանը մեկ ջուր է հոսելու: Նախատեսվում է, որ մեկ տարվա ընթացքում աղբյուրի մեջ 1,5 միլիոն կաթիլ ջուր է հավաքվելու՝ խորհրդանշելով ցեղասպանության զոհերին:

Հուշարձանի հեղինակը պատմել է, որ մինչև այս նախագիծը ցեղասպանության մասին շատ քիչ բան գիտեր, սակայն երբ ուսումնասիրեց տեղի ունեցածը,  ցնցվեց ու սարսափահար եղավ: Հուշարձանի կանգնեցումը Փասադենայի Հայոց ցեղասպանության հիշատակման կոմիտեի նախագիծն է՝ նվիրված Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին:

Թուրքիայում այսօր միանգամից երեք տոն են նշում

tonԱյսօր ողջ Թուրքիայում նշում են Ազգային սուվերենության օրը և Երեխաների տոնը, ինչպես նաև Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հիմնման 93-րդ ամյակը: Մեջլիսի նախագահ Ջեմիլ Չիչեքը Անկարայում այցելել է Աթաթուրքի դամբարան և իր հարգանքի տուքն է մատուցել Թուրքիայի Հանրապետության հիմնադրին: Այնուհետև Չիչեքի նախագահությամբ տեղի է ունեցել թուրքական խորհրդարանի հատուկ նիստը, որին մասնակցել է երկրի նախագահ Աբդուլլահ Գյուլը:

Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը,  նիստին ելույթ է ունենալու նաև վարչապետ Էրդողանը, ինչպես նաև ԺՀԿ-ի նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն, ԱՇԿ-ի առաջնորդ Դևլեթ Բահչելին և ԽԺԿ-ի նախագահ Սելահադդին Դեմիրթաշը: Նիստից հետո տեղի է ունենալու պաշտոնական ընդունելություն՝ նվիրված խորհրդարանի հիմնադրման տարեդարձին:

ԱՄՆ ՄԶԳ «Գործընկերներ հանուն ֆինանսական կայունության» ծրագիրն ամփոփեց իր գործունեությունը Հայաստանում

USAIDԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության “Գործընկերներ հանուն Ֆինանսական կայունության” (PFS) ծրագիրը ս.թ. ապրիլի 23-ին նշեց ծրագրի հաջող ավարտը Հայաստանում: PFS ծրագիրը տարածաշրջանային եռամյա նախաձեռնություն էր (2010-2013թթ), որի նպատակն էր առճակատել վերջին տարիների գլոբալ ֆինանսական ճգնաժամին և խթանել ֆինանսական ոլորտի կայունությունն ու զարգացումը Եվրոպայի և Եվրասիայի 12 գործընկեր պետություններում, այդ թվում` Հայաստանում:

Վերջին երեք տարիների ընթացքում ծրագիրը համագործակցել է ՀՀ կառավարության, ՀՀ կենտրոնական բանկի, մասնավոր հատվածի, բիզնես ասոցիացիաների և ֆինանսական ոլորտի այլ շահագրգիռ կողմերի հետ` բարեփոխելու այն ընթացակարգերը, որոնք սահմանափակում են ձեռնարկությունների մրցունակությունը Հայաստանում: Ծրագիրը նաև օգնել է հետազոտել և փորձարկել նորարարական լուծումներ ուղղված ֆինանսական ոլորտի տարբեր հատվածներին: PFS-ը աջակցել է ՀՀ կառավարությանը հիմնել Արտահանման վարկավորման գործակալությունը, աջակցել է ՀՀ կենտրոնական բանկին մշակելու Դիլիջանի հետազոտական և ուսումնական կենտրոնի հայեցակարգը, զարգացրել է ԿԲ-ի ճգնաժամային պատրաստվածության կարողությունները, ինչպես նաև օժանդակել է ֆինանսների նախարարությանը բարելավել հաշվապահական և աուդիտորական ծառայությունների որակը:

PFS-ը աշխատել է մասնագիտական ասոցիացիաների հետ` նորացնելու ֆինանսական հաշվետվության ստանդարտները և հիմնելու էլեկտրոնային գրադարան` ֆինանսական ոլորտի մասնագետների համար: PFS-ը նաև նպաստել է պետական ​​և մասնավոր գործընկերների միջև երկխոսությանը` միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների համար ֆինանսական ծառայությունների հասանելության խնդիրների լուծման նպատակով:

Միջոցառմանը ներկա էին ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդը, ՀՀ կառավարության և ՀՀ կենտրոնական բանկի բարձրաստիճան անձինք, մասնավոր հատվածի, մասնագիտական ասոցիացիաների և այլ դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև միջազգային ֆինանսական կառույցների անդամներ, որոնք զբաղվում են մասնավոր հատվածի մրցունակությանն ու կայուն տնտեսական աճին ուղղված ֆինանսական միջնորդությամբ: PFS-ի հայաստանյան համակարգողը ներկայացրեց ծրագրի նվաճումները, քաղված դասերը և ձեռնարկությունների մրցունակությունը խոչընդոտող հիմնական ֆինանսական մարտահրավերները:

Հայաստանը նշում է «Աղջիկները ՏՀՏ ոլորտում» միջազգային օրը

girls in ictԱպրիլի 25-ին Հայաստանում կնշվի «Աղջիկները ՏՀՏ ոլորտում» օրը, որը միջազգայնորեն նշվում է 2010 թվականից: Միջոցառումը նախաձեռնվել է համաձայն Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) որոշման, որը ՄԱԿ-ի մասնագիտացված մարմին է:

Այդ օրը Հայաստանի ամերիկյան համալսարանում կանցկացվի «Տեխնոլոգիաներին անհրաժեշտ են աղջիկներ» խորագրով  ֆորում, որի նպատակն է քաջալերել հայ աղջիկներին սկսելու կարիերան տեղեկատվական և հեռահաղորդակցության ոլորտում: ՏՀՏ ոլորտի մի շարք հաջողակ կանայք, ինչպես նաև ՀՀ կառավարության, կրթական, հասարակական և մասնավոր ոլորտների ներկայացուցիչներ  գիտելիքներն ու փորձը կկիսեն ֆորումի մասնակիցների հետ: Ֆորումի ավարտին մրցանակներ կհանձնվեն այն ուսանողուհիներին, որոնք միջոցառմանը նախորդած մի քանի շաբաթների ընթացքում մասնակցել են ՏՏ ոլորտի վերաբերյալ շարադրությունների մրցույթին: Այս տարի ֆորումի աշխատանքն առաջին անգամ ուղիղ եթերով առցանց կհեռարձակվի Հայաստանի մարզերի բուհերի համար, որպեսզի շրջաններում բնակվող երիտասարդ կանանց հնարավորություն ընձեռվի մասնակցել ֆորումին:

Միջոցառումը կազմակերպվում է «Կանայք և տեղեկատվական հասարակությունը» ՀԿ-ի կողմից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության («Ի-Դի-Էմ-Սի») ծրագրի, Հայաստանի ամերիկյան  համալսարանի, Cisco ընկերության, ինչպես նաև «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի աջակցությամբ և Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) տեղեկատվական օժանդակությամբ:

Ելույթ կունենան  ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը,  Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահԲրյուս Պողոսյանը, ,«Կանայք և տեղեկատվական հասարակությունը» ՀԿ-ի տնօրեն Նարինե Աբազյանը:

Միջոցառմանը ներկա կլինեն բուհերի և քոլեջների 200 ուսանողուհիներ, Հայաստանի դպրոցների և ՏՏ կրթական հաստատությունների, այդ թվում`Հայաստանի ամերիկյան համալսարանի, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի, Հայկական վիրտուալ համալսարանի, Երևանի հեռահաղորդակցության հետազոտությունների ինստիտուտի, ինչպես նաև տեխնիկական թեքում ունեցող կրթական այլ հաստատություններիկին ներկայացուցիչներ:

ՏՀՏ ոլորտում հաջողությունների հասած ղեկավար կանայք «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամից, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից, «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան» հիմնադրամից, Գյումրիի ինֆորմացիոն տեխնոլոգիաների կենտրոնից, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ից, «Idram» ՍՊԸ-ից և այլ հաստատություններից:

Դոլարի գինը բորսայում` 413,18 դրամ

դոլարԱպրիլի 23-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 2,510,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 413.18 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 413 դրամ:

NASDAQ OMX Armenia

Ադրբեջանական բանակի զինծառայողը կախվել է

ինքնասպանությունԱդրբեջանական բանակի զինծառայողը ինքնասպան է եղել:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, Բաքվի Խոթայի շրջանի Նահիմով փողացում վարձով բնակվող, ադրբեջանական ռազմածովային ուժերի զինծառայող Իբրահիմ Ռաջաբ օղլու Գաֆարովը կախվելով ինքնասպան է եղել:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաստատել է այս տեղեկությունը:

Գործի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, սկսվել է հետաքննություն:

Ադրբեջանի Շեքի քաղաքում ոստիկանները ձախողել են ընդդիմության նիստը

Ադրբեջանի Շեքի քաղաքում ոստիկանները ձախողել են ընդդիմության նիստըԱդրբեջանական Շեքի քաղաքում այսօր ոստիկանությունը ձախողել է ընդդիմադիր Ազգային Ճակատ և “Մուսավաթ” կուսակցությունների տեղական կառույցների համատեղ նիստը:

“Ոստիկանները մտել են կենտրոնակայան, որտեղ գտնվել են երկու կազմակերպությունները, և պահանջել են ցրվել”,- ասել է Ազգային ճակատի Շեքիի կառույցի ղեկավար Ալի Աբդուլլաեւը:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Contact.az” կայքը, ոստիկաններին բացատրելու փորձերը, թե օրենքի ներկայացուցիչները խախտում են օրենսդրությունը, ոչինչ չի տվել: Բախումից խուսափելու համար հավաքի մասնակիցները դադարեցրել են հանդիպումն ու լքել են շինությունը:

Ադրբեջանում ընդդիմության ներկայացուցիչների տեղական հավաքները կասեցնելն  արդեն նորմա է դարձել: Նախօրեին արգելվել են Նախիջևանում, Լենքորանում, Սաբիրաբադում և այլուր կազմակերպված ժողովները:

Ադրբեջանում ազատազրկման են դատապարտվել հիջաբի պաշտպանության 8 ակտիվիստներ

Ադրբեջանում ազատազրկման են դատապարտվել հիջաբի պաշտպանության 8 ակտիվÕԲաքվի շրջանային դատարանը երեկ`ապրիլի 22-ին, Ադրբեջանի միջնակարգ դպրոցներում հիջաբ (գլխաշորը) կրելն արգելող որոշման դեմ պայքարի ակտիվիստներից 8-ին 5-6-ական տարվա ազատազրկման է դատապարտել, հաղորդում է ադրբեջանական “Contact.az” կայքը:

Նրանք մեղավոր են ճանաչվել “ոսստիկանության ներկայացուցիչներին դիմադրություն ցույց տալու” և “հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններ կատարելու” համար:

Ակտիվիստները ձեբակալվել էին 2012թ-ի հոկտեմբերի 5-ին տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ: Նրանք պահանջում էին չեղյալ հայտարարել 2010թ-ի որոշումը, ըստ որի՝ դպրոցների աշակերտները հանրակրթական ուսումնական հաստատություններ պետք է հաճախեն միանման դպրոցական համազգեստով և առանց հիջաբի: Ձերբակալվել էր 33 մարդ:

Բաքվի շրջանային դատարանը երեկ կայացրել է ձերբակալվածներից 8-ի դատավճիռը. նրանցից 2-ը դատապարտվել են 6-ական, 4-ը՝  5,5-ական, ևս երկուսը՝ 5-ական տարվա ազատազրկման: Նրանք իրենց մեղավոր չեն ճանաչել:

ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանի պատասխանը «Panorama.am» լրատվական կայքի հարցին

տիգրան բալայանՀարց. Մի քանի օր առաջ ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակեց մարդու իրավունքների վերաբերյալ տարեկան զեկույցը, որը քննադատություն է պարունակում Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ: Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ:

Պատասխան. Մենք բազմիցս նշել ենք, որ անկախ զեկույցներից և դրանց բովանդակությունից՝ Հայաստանի ղեկավարությունը վճռական է շարունակելու ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը, քանզի դա մեր ժողովրդի գիտակցված ընտրությունն է:

 

 

Իրանցի հոգևորական. Ադրբեջանը անբարոյականության որջ է

Իրանցի հոգևորական. Ադրբեջանը անբարոյականության որջ էԻրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի ներկայացուցիչ այաթոլլահ Սեյիդ Հասան Ամիլին Արդեբիլի շրջանում ուրբաթօրյա աղոթքի ժամանակ խստորեն քննադատել է Ադրբեջանի իշխանություններին:

 

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Haqqin.az” կայքը, հոգևորականը հայտարարել է, որ Ադրբեջանը “տարածաշրջանում անբորայականության  որջ է”: Ըստ նրա`դրանում կարելի է համոզվել`նայելով ադրբեջանական հեռուստատեսության ծրագրերը:
“Ադրբեջանի հեռուստատեսությամբ ամեն օր մերկ երգչուհիներ և դերասանուհիներ են ելույթ ունենում, անբարոյականություն է քարոզվում: Այդ իսկ պատճառով Ադրբեջանում երիտասարդները կրթությամբ և գիտությամբ չեն հետաքրքրում, քանի որ կյանքում հաջողության հասնելու ուղին նրանք համարում են անառակությունն ու անբարոյականությունը”,-նշել Ամիլին:
Այաթոլլան Ադրբեջանի իշխանություններին և պատգամավորներին կոչ է արել հակաիրանական քարոզչությամբ զբաղվելու փոխարեն ուշադրությունը սևեռել բժշկության և կրթության ոլորտներին:
“Ադրբեջանում կրթությունը սարսափելի վիճակում է, իսկ երկրի քաղաքացիներից շատերը բուժօգնություն ստանալու համար ստիպված այլ երկրներ են այցելում, այդ թվում՝ Իրան: Իսկ ամենապարադոքսայինն այն է, որ իշխանությունները քաղաքացիներին նույնիսկ թույլ չեն տալիս բարձրաձայնել իրենց հուզող  խնդիրների մասին”,- ասել է Ամիլին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Բռնության ենթարկված 5 կնոջ պատմություն

«Պատճառն այն չարաբաստիկ օրն էր»

kin«Քույրս ինձ ոչինչ չէր պատմում, բայց ես զգում էի, որ նրա հետ ինչ որ բան է կատարվում: Անընդհատ իրեն վատ էր զգում, միշտ գունատ էր, ամեն ինչի հանդեպ անտարբեր: Մի անգամ թոքաբորբով հիվանդացավ: Երբ անհանգստացած հարցրեցի, թե որտեղ է մրսել, նրա փոխարեն տղան պատասխանեց. «Պապան գիշերը մամային դուրս էր գցել, ջղայնացել էր, որ ճաշը ժամանակին չէր սարքել»:

Ամբողջ գիշեր քույրս մնացել էր սառը նկուղում: Դրանից հետո իմացանք, թե ինչքան է տառապել և ոչինչ չի ասել, ինքնասիրությունը թույլ չի տարել: Հիմա նա չկա: Մահացավ մեկ տարի առաջ: Թոքի վրա ուռուցք ուներ:

Ես անընդհատ մտածում եմ, որ պատճառն այն չարաբաստիկ օրն էր: Փեսայիս տեսնել չեմ ուզում: Ինձ տանջում է այն միտքը, որ նա էր քրոջս մահվան պատճառը:

Հիմա երեխաները սովորում են, նրանց հայրը չի ամուսնացել: Հաճախ է զղջում իր արարքների համար և հիշելիս արտասվում է: Երևի խիղճն է տանջում, անգամ հավատքի է եկել, սակայն քրոջս հետ վերադարձնել չենք կարող…»:

 

«Ապրում ենք մի հարկի տակ, բայց օտարների պես»

 Արդեն 45 տարեկան եմ, երկու տղա եմ մեծացրել, բայց այդպես էլ չհասկացա, թե ինչ բան էԸնտանեկան-բռնություն1 ամուսնական երջանկությունը: Հենց առաջին օրերից ամուսինս հարբում էր, առանց օղու կյանք չուներ: Տղաներս ինձ մեղադրում են, որ ժամանակին չեմ բաժանվել, որ այդ դեպքում իրենց կյանքն էլ ուրիշ կերպ կդասավորվեր: Բայց ամենաահավորն այն դեպքն էր, որը ճակատագրական եղավ ինձ համար:

Մարտի 8-ի կապակցությամբ մեր կոլեկտիվը երեկո էր կազմակերպել: Տղաներս ստիպեցին, որ ես էլ գնամ: «Մամ, գոնե մի անգամ քեզ լավ զգա, լավ քեֆ կանես»,-ասաց փոքր տղաս: Նույնիսկ վարսահարդարի մոտ գնացի, գեղեցիկ հագնվեցի, տեսքս փոխվեց:

Շատերը եկել էին ամուսիններով: Ասացի, որ ամուսինս այստեղ չէ: Աշխատավայրում երբեք չեմ խոսել նրա մասին: Իսկապես ինձ այդ երեկո հանգիստ էի զգում: Ինձ հաճելի էր, որ արժանանում էի ուշադրության, ինձ շատ վաղուց կին չէի զգացել:

Հանկարծ դրսում ինչ-որ իրարանցում սկսվեց. Լսեցի ամուսնուս հայհոյանքը, բղավում էր, թե դուրս կանչեք, կսպանեմ, կմորթեմ: Հետո հարբած ներս ընկավ, ինձ էր փնտրում: Բոլորը զարմացած իրար էին նայում, բայց ոչ ոք ոչինչ չասաց: Հետևի դռնից մի կերպ դուրս թռա՝ չիմանալով, թե ուր եմ գնում:

Մի քանի ժամ թափառեցի, չգիտեի՝ ինչ անել: Ամբողջ կոլեկտիվի առջև խայտառակ էի եղել: Ի՞նչ երեսով պիտի աշխատեի այնտեղ: Երբ տուն վերադարձա, արդեն քնած էր: Պարզվեց՝ հարևանն էր հանդիպել և հարցրել, թե քեֆն ինչպես անցավ: Նա էլ արդեն մինչ այդ խմածին մի քանի բաժակ էլ ավելացրել ու եկել էր պարզելու, թե քանի գլխանի եմ, որ առանց իրեն տեղ եմ գնացել:

Հաջորդ օրը, երբ աշխատանքի գնացի, ոչ ոք այդ մասին ոչինչ չխոսեց, կարծես ոչինչ էլ չէր պատահել: Բայց ես ամբողջ կյանքում չեմ կարող մոռանալ այդ վիրավորանքը: Այդ օրվանից հետը չեմ խոսում, բայց բաժանվել չեմ կարող, քանի որ գնալու տեղ չունի: Ապրում ենք մի հարկի տակ, բայց օտարների պես»:

 «Ամեն գիշեր բռնի կերպով տիրացել է ինձ»

images-1«Ամուսնացել եմ ծնողներիս դրդմամբ, ամուսնուս չեմ սիրել: Ամուսինս աղանդավոր է, և 12 տարիների ընթացքում միշտ զբաղված է եղել իր ժողովներով, իր գրքերով, անտեսել ինձ ու երեխաներիս:

Համարյա ամեն գիշեր բռնի կերպով տիրացել է ինձ: Եթե կանացի ամսական ցավերի ժամանակ հրաժարվում էի նրա հետ հարաբերություններ ունենալուց, ասում էր. «Դու դիտմամբ ես կազմակրպել»: Դա առիթ էր դառնում, որպեսզի ինձ ուժասպառ անելու չափ ծեծեր, ապա տիրանում էր ինձ»:

 

Անծանոթ քաղաքում, կիսանկուղային, կիսամութ սենյակում փակված,

«Ես ականատես չեմ եղել այն դեպքին, որի մասին կպատմեմ: Պարզապես իմ ձեռքն է ընկել մի նամակ, որը գրված է խոշտանգումների ու սովի մատնված երիտասարդ կնոջ ձեռքով:

Բարձրագույն կրթություն ստացած այդ աղջիկը ծնողների պահանջով ամուսնացել է իրեն անծանոթ մի տղամարդու հետ, որն ապրում էր հեռավոր մի քաղաքում: Շուտով այդ ամուսին կոչվածը նրան իր երկու երեխաների հետ թողնում է բախտի քմահաճույքին՝ անծանոթ քաղաքում, կիսանկուղային, կիսամութ սենյակում փակված, որի բանալին կա՛մ ամուսնու, կա՛մ տեգոր մոտ էր լինում:

Շաբաթվա մեջ մեկ-երկու անգամ նրանցից մեկն այցելում էր, ուտելու այնքան բան բերում, որ սովից չմեռնեն: Եվ եթե դժբախտ կինն ինչ որ պահանջ էր ներկայացնում, երեքն էլ ձեռք էին բարձրացնում:

Նամակը հասցեագրված էր իմ քրոջը, որովհետև նա չէր ցանկանում իր ծնողներին տխրեցնել: Նամակում գրված էր, որ խնդրելու է որևէ մեկին նամակը պատուհանից վերցնել և փոստարկղ գցել: Երևի այդպես էլ նամակը տեղ էր հասել»:

«Նա փշրեց իմ ընտանիքը, իմ երեխաների անդորրը»

 images-2«15 տարի է՝ ամուսնացած եմ: Սկզբում կարծես ամեն ինչ լավ էր, սակայն հետզհետե իմ կյանքը վերածվեց դժոխքի: Նա սկսեց հաճախակի խմել: Սկզբում միայն ինձ վրա էր ձեռք բարձրացնում, հիմա արդեն ծեծում է նաև երեխաներին: Ոչ ոք նրան չի կարող երևէ բան հասկացնել, որովհետև հաջորդ օրն արդեն ոչինչ չի հիշում:

Մի քանի անգամ փորձել եմ հեռանալ, եկել է, խնդրել, իսկ վերջին անգամ սպառնաց, որ ծնողներիս կվնասի: Վախենում եմ նաև նրանց համար:

Երեխաներս ամեն շշուկից վեր են թռչում: Հորը տեսնել չեն ուզում: Աղջիկս մի անգամ ասաց. «Մամ, ինչ լավ կլինի, որ պապան չլինի, մենք այնքան լավ կապրենք»:

Նա փշրեց իմ ընտանիքը, իմ երեխաների անդորրը: Մի՞թե ես եմ մեղավոր: Եվ եթե նույնիսկ ես եմ մեղավոր, ինչո՞ւ պիտի իմ սխալի պատճառով տուժեն երեխաները…»:

 

Պատմությունները տրամադրել է

«Կանանց իրավունքների կենտրոն»

հասարակական կազմակերպությունը

Սիրիան օգտագործել է քիմիական զենք. Իսրայելի ռազմական վերլուծաբան

A general view shows Khan al-Assal area near the northern city of Aleppo, near the site where forces loyal to Syria's President Bashar al-Assad say was Tuesday's chemical weapon attackԵրեքշաբթի Իսրայելի ռազմական հետախուզության վերլուծաբան Իտայ Բրունը ասել է, որ Սիրիայի կառավարական ուժերը քիմիական զենք են օգտագործել ապստամբների դեմ՝ նշելով, որ այն կարող է լինել գազ, որն ազդում է նյարդային համակարգի վրա:

Անվտանգության համաժողովում Բրունը ցույց է տվել զոհերի լուսանկարները՝ մատնանշելով նրանց բերանից դուրս եկող ծուխը և նեղացած բիբերը, որը վկայում է գազի օգտագործման մասին:

Նրա կարծիքով օգտագործված քիմիական զենքը Զարինն է:

Սիրիայի կառավարությունը և ապստամբները անցած ամիս միմյանց մեղադրում էին Հալեպի մոտակայքում քիմիական զենքի կիրառման մեջ:

Երկուշաբթի ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հագելը, ով գործնական այցով մեկնել է Իսրայել, ասել է, որ ԱՄՆ-ի հետախուզական գործակալությունները դեռևս ուսումնասիրում են, արդյոք Սիրիայի քաղաքացիական պատերազմի ընթացքում օգտագործվել է քիմիական զենք:

Բացվել է ևս երեք համակարգչային դասարան

002Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և UCOM ընկերության տնօրեն Հայկ Եսայանի միջև 2012թ.-ին ստորագրված հուշագրի համաձայն՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության թվով 15 դպրոցներ մինչև տարեվերջ կունենան համակարգչային տեխնիկայով հագեցած դասասենյակներ: Շարունակական այս ծրագիրը քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության լավագույն օրինակներից է մեկն է: Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցում նաև նոր գույքով համալրված ու վերանորոգված նման դասասենյակներից  մեկի բացմանը ներկա են եղել Երևանի քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանը,  քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը և UCOM ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:

Նորագույն տեխնոլոգիաներով հագեցած դասարաններից նաև ինտերակտիվ կապ կստեղծվի այլ պետությունների դպրոցների հետ: Երևանի քաղաքապետարանի և UCOM ընկերության համագործակցության արդյունքում համակարգչային առաջին դասասենյանկը բացվել էր դեռ անցյալ տարի` մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի թիվ 156 դպրոցում:  Այսօր բացի թիվ 19 դպրոցից, համակարգչային դասարաններ են բացվել նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայության թիվ 2 և 192 դպրոցներում:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն