Խոշոր ավտովթար Եղեգնաձոր-Երևան ավտոճանապարհին

ԱվտովթարՀունիսի 4-ին, ժամը 17.33-ին տեղեկություն է ստացվել, որ Եղեգնաձոր-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի 118-րդ կմ-ում բախվել են «Օպել» մակնիշի 34AL697 (վարորդ` Ս. Ա.) և «Մերսեդես» մակնիշի 87ԼԼ877 պետհամարանիշներով (վարորդ` Ա. Ս.) ավտոմեքենաները, ինչից «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ս. Ա.-ը (ծնվ 1996թ.), ուղևորներ` Ե. Դ.-ը (ծնվ 1996թ.), Ե. Ս.-ը (ծնվ 1997թ.), Լ. Ս.-ը (ծնվ 1961թ.), Օ. Ա.-ը (ծնվ 1957թ.), «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Ս.-ը (ծնվ 1987թ.), ուղևորներ` Հ. Պ.-ը (ծնվ 1960թ.), Ա. Ի.-ը (ծնվ 1998թ.) և Ս. Մ.-ը (ծնվ 1973թ.) հոսպիտալացվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները տուժածներին դուրս են բերել ավտոմեքենաներից և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Փոխառաջարկ եւ առերեսվելու հրաւեր

Շահան ԳանտահարյանՀայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի չորրորդ նիստին Հայաստանի Հանրապետության նախագահի բացման խոսքի մեջ համեմատաբար աւելի ուշագրաւ է հետեւեալ բաժինը.

«Պաշտոնական Անկարան շարունակում է խոսել պատմաբանների հանձնաժողով ստեղծելու և արխիվները բացելու մասին: Նախ և առաջ հայտնի է, որ Հայաստանի արխիվները միշտ բաց են եղել բոլոր այն հետազոտողների համար, ում հետաքրքրել է հարցի գիտական մասը: Բաց են եղել նաև գիտական հաստատություններում և թանգարաններում պահվող նյութերը: Բայց ողջ հարցը նրանում է, որ Հայոց ցեղասպանության ճշմարտությանն առերեսվելու համար արխիվային աշխատանք ընդհանրապես չի պահանջվում: Բավական է մտնել ցանկացած հայկական տուն, ցանկացած ընտանիք և վկայությունները կլցնեն ցանկացած ունկնդրի սիրտը: Բավական է լինել Ծիծեռնակաբերդում ապրիլի 24-ին և տեսնել, թե ո՞րն է այդ օրվա խորհուրդը յուրաքանչյուր հայի համար` Հայաստանում և Սփյուռքում: Բավական է գնալ Սփյուռքի ցանկացած համայնք և հարցնել` ինչպե՞ս են ձեր նախնիները հայտնվել այստեղ: Եթե Թուրքիայի իշխանություններին հետաքրքրում է ճշմարտությունը, ուրեմն նրանք պետք է գան Հայաստան և ապրիլի 24-ին լինեն հայ ժողովրդի կողքին: Չեմ կարծում, թե դրանից հետո նրանք արխիվներ այցելելու մասին միտք հնչեցնել կկարողանան: Օգտվելով այս առիթից` պաշտոնապես հրավիրում եմ Թուրքիայի Նախագահին, ով էլ որ ընտրվի առաջիկա ընտրությունների ժամանակ, այցելելու Հայաստան 2015 թվականի ապրիլի 24-ին և առերեսվելու Հայոց Ցեղասպանության պատմության խոսուն վկայություններին»:

Բնականաբար այստեղ, իր հերթին լուսարձակ գրաւողը Թուրքիայի նախագահին ուղղված հրավերն է Սերժ Սարգսյանի կողմից։ Բայց նախքան այդ, կենտրոնանանք պատմաբանների միացյալ հանձնաժողովի ստեղծման թուրքական առաջարկի` նախագահ Սարգսյանի կողմից մերժմանը եւ դրա փոխառաջարկին։ Սա հիշեցնում է արդեն նախորդ նախագահին Էրդողանի նշանաւոր նամակի դիմաց կատարած փոխառաջարկը. ու թեեւ բովանդակությունը  տարբեր է այն առումով, որ նախագահ Քոչարյանը առաջարկում էր պատմաբանների փոխարեն ստեղծել միջկառավարական հանձնաժողով, նախագահ Սարգսյանը ասում է, որ արխիվային հետազոտության կարիք չկա, այսուհանդերձ թուրքերը կարող են գալ եւ ուսումնասիրել մեր արխիւները։ Իհարկե ոչ համատեղ հանձնաժողովի տեսքով։

Այստեղ, իհարկե, երկու կարեւոր իրողություն պետք է վերհիշել. նախ այն, որ ֆուտբոլային դիւանագիտության մոսկովյան հայտարարությունը պայմանական համաձայնություն էր տվել պատմաբանների միացյալ հանձնաժողովին։ Պայմանը այն էր, որ հայկական կողմը կհամաձայնի ստեղծել այն միայն Անկարայի կողմից սահմանի բացման դեպքում։ Ինչ որ մերժումի դիւանագիտական ձեւին համահունչ արտահայտչաձեւ էր։ Իսկ երկորդը, որը աւելի վաւերականություն է հուշում, վերաբերում է Երեւան-Անկարա արձանագրություններին, որտեղ կա կողմերի համաձայնություն երկու ժողովրդների դարաւոր վեճերը համատեղ պատմագիտական քննարկման ենթարկելու։

Այժմ նախագահի հայտարարածը համազոր է սրա հերքմանը. եւ դա  կարեւոր է, որովհետեւ ասվում է մի միջավայրում, որտեղ համախմբվել է համայն հայության ներկայացուցչությունը։ Գուցե իր նախադեպը չունեցող ներկայացուցչական տարողությամբ եւ համընդգրկվածությամբ։

Այսքանը պատմաբանների միացյալ հանձնաժողով ստեղծելու թուրքական առաջարկի հրապարակային պաշտոնական մերժման վերաբերյալ։ Այս փոխառաջարկը ծառայեցվել է իբրեւ հիմնաւորում հրաւերի ուղղմանը։ Այսինքն թուրքական առաջարկի դիմաց մերժողական դիրք որոշելու փոխարեն, արխիւները բաց հայտատարելով, եւ հրաւեր հղելով թուրք հետազոտողներին գալու եւ արխիւները ուսումնասիրելու,  նախագահը շրջել է թուրքական առաջարկը։ Եւ աւելին, պատմության հետ առերեսվելու, այդ արխիւների ուսումնասիրությանը կարիքը չզգալու համար հրաւիրել է Թուրքիայի ներկայիս նախագահին ապրիլի 24-ին գալու Երեւան։

Թվում է, թե քաղաքական տրամաբանության աշխատելը ունի որոշակի հետեւողականություն։ Միացյալ հանձնաժողովի դիմաց փոխառաջարկ, հետո նաեւ Էրդողանի «ցաւակցության» դիմաց Երեւան գալու հրաւեր։ Փոխառաջարկն ու հրաւերը իրենց հիմնաւորումներով խելամիտ քայլեր են եւ փորձում են շրջել Անկարայի ճշտած խաղի կանոնները։ Երկու դիտարկում այսուհանդերձ կարող է նկատի ունենալ որոշ կետեր։

Նախ այն, որ երկու դեպքերում առաջին քայլը թուրքական կողմն է առնում եւ տպավորություն է ստեղծում որ մենք հակազդողի դիրքում ենք։ Խորքում սակայն հայկական կողմի հակակառաջարկները, կամ գուցե միջազգային ընտանիքի նկատառումով կատարվող փոխառաջարկները հայկական կողմի համար առավելություններ կապահովեն։ Եթե…

Նախագահ Սարգսյանի հայտարարությունը միայն ներքին սպառման համար չէ  եւ ոչ էլ զուտ Անկարային ուղղված, ինչպէս որ Էրդողանի կամ Դաւութօղլուի բարձրաձայնումները։ Միջազգային ընտանիքն ու միջազգային հանրային կարծիքը պիտի ընկալեն պաշտոնական Երեւանի կողմից առնվող կարեւոր քայլերը։ Դրա համար էլ հայտարարությունների եւ հրաւերի լուսաբանումն ու մեկնաբանությունները  շատ կարեւոր են։ Տեղեկատվական ոլորտի մեջ հայկական կողմը աշխույժ նախաձեռնողականությամբ հանդես գալու բոլոր պատճառներն ունի։ Մեր արխիւները բաց են, եւ Թուրքիայի նախագահը հրաւիրվել է Երեւան 100-ամյակին։ Կգա՞ն արխիւներ հետազոտելու, թե կուղարկե՞ն իրենց նախագահին 2015-ի ապրիլին, դա իրենց գործն է։ Իրենց գործն է միաժամանակ միջազգային ընտանիքին բացատրելը թե ինչու չեն գալիս։

Իսկ մեր գործը մինչեւ այդ, միջազգային հանրային կարծիքը տեղեկացված պահելն է հայկական կողմի նախաձեռնությունների մասին, կամ թե ո՞վ եւ ինչո՞ւ է մերժում կառուցողական առաջարկները։

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է Աֆղանստանում անվտանգության աջակցման զորախումբ տրամադրող երկրների պաշտպանության նախարարների նիստին

Սեյրան ՕհանյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հրավերով ս.թ. հունիսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Աֆղանստանում անվտանգության աջակցման միջազգային ուժերի կազմում զորախումբ տրամադրող երկրների պաշտպանության նախարարների նիստին:

Նիստի ընթացքում քննարկվել են 2014 թվականին ավարտվող ԱՅՍԱՖ առաքելությանը և 2015 թվականից նախատեսվող ՆԱՏՕ-ի  նոր նախաձեռնություններին, մասնավորապես «Վճռական աջակցություն» գործողությանն առնչվող հարցեր: Հայկական կողմը ևս մեկ անգամ հավաստել է, որ ունի կարողություններ և ցանկություն շարունակելու աջակցել Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող նախաձեռնություններին:

 

Պարզաբանում. շրջանառվող լուրը իրականությանը չի համապատասխանում

ՀՀ անձնագիրԸստ համացանցում հրապարակված  «Վախենում ենք այս անգամ հայի ձեռքով տուն կորցնենք» հոդվածի` Վարդենիսի տարածաշրջանի Տրետուք համայնքի` Ադրբեջանից բռնագաղթված բնակիչները վկայակոչելով իրենց հասցեներում, որպես սեփականտերեր, 20-25 հոգուց ավելի մարդկանց գրանցելու փաստը`  անհանգստած են և վախենում են կորցնել իրենց տները:
Նշվածի առնչությամբ ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է. բնակչության պետական ռեգիստրում  անձանց հաշվառման կարգը կանոնակարգվում է «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության 2005 թ. հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետությունում բնակչության պետական ռեգիստրի համակարգ ներդնելու մասին» թիվ 1231-Ն որոշմամբ: Նշված որոշմամբ հաստատված կարգի համաձայն` անձը բնակչության պետական ռեգիստրում հաշվառվում է նշված հիմքերից մեկի պարտադիր առկայության դեպքում՝ սեփականության կամ օգտագործման իրավունքի վկայական, դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ, սեփականատիրոջ համաձայնություն, ոստիկանության կողմից տրված փաստացի բնակվելը հավաստող փաստաթուղթ:
Բնակչության պետական ռեգիստրում հաշվառման վերաբերյալ դիմում ներկայացնելուց հետո վերը նշված փաստաթղթերի բացակայության դեպքում հաշվառման վերաբերյալ դիմումը մերժվում է:
Ինչ վերաբերում է որպես սեփականատեր բնակչության պետական ռեգիտրում անձանց հաշվառման մտահոգությանը, պարզաբանում ենք, որ առանց ՀՀ կառավարության առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրված սեփականության իրավունքը հավաստող համապատասխան վկայականի, անձնագրային ծառայութունը իրավասու չէ որոշելու նշված բնակելի տարածության պատկանելությունը (այդ թվում նաև գրանցված իրավունքի տեսակը) և անձին բնակչության պետական ռեգիստրում հաշվառելու հիմք դնել բնակելի տարածության սեփականության իրավունքը:
Ոստիկանության Վարդենիսի անձնագրային ծառայության կողմից իրականացրած հաշվառման գործերի ուսումնասիորւթյունից ՀՀ օրենսդրության պահանջների խախտումներ չեն հայտնաբերվել: Մասնավորապես, ընտրությունները նշանակվելուց հետո Տրետուք համայնքում բնակելի տարածության սեփականության իրավունքի վկայական ներկայացնելու հիմքով հաշվառվել է 20 անձ:

  Անկախ

Հաստատվել է արդարադատության նախարարին կից հանրային խորհրդի կազմը և աշխատակարգը

արդարադատության նախարարությունՀիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1917-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 12-րդ կետի «դ» և «ժզ» ենթակետերը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի 2014-ի հունիսի 3-ի հրամանով ստեղծվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին կից հանրային խորհուրդ: Հաստատվել է հանրային խորհրդի կազմը և աշխատակարգը:

ԿԱԶՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ

ԿԻՑ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ                «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր

(համաձայնությամբ)

 

Արշակ ԳԱՍՊԱՐՅԱՆ                «Սոցիալական արդարություն» հասարակական

կազմակերպություն (համաձայնությամբ)

Արմեն ԳԱԼՍՏՅԱՆ                      «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպություն (համաձայնությամբ)

 

Տաթևիկ ԴԱՎԹՅԱՆ                      «Քաունթերփարթ ինթերնեշնլ ինկ. Հայաստանյան ներկայացուցչություն»  ԱՍ (համաձայնությամբ)

 

Արման ԴԱՆԻԵԼՅԱՆ                «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ»

հասարակական կազմակերպություն (համաձայնությամբ)

 

Արմեն ԵՍՈՅԱՆ                                «Հարկ վճարողների և գործարարների իրավունք-ների պաշտպանության» հասարակական կազմակերպություն (համաձայնությամբ)

 

Արտակ ԶԵՅՆԱԼՅԱՆ                «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն

(համաձայնությամբ)

 

Կարեն ԶԱԴՈՅԱՆ                           «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպություն

(համաձայնությամբ)

 

Հասան ԹԱՄՈՅԱՆ                           Եզդիների ազգային միություն

(համաձայնությամբ)

 

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ                «Հայաստանի հելսինկյան կոմիտե» իրավապաշտ-պան հասարակական կազմակերպություն

(համաձայնությամբ)

 

Գեորգի ԽԱՉԱՏՐՅԱՆ           «Իրավունքի հայկական կենտրոն» հասարակական կազմակերպություն (համաձայնությամբ)

 

Արման ԽԱՉԱՏՐՅԱՆ                «Ժողովրդավարության և իրավունքի կետրոն» հասարակական կազմակերպություն

(համաձայնությամբ)

 

Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ «Քաղաքացիական զարգացման և համագոր-ծակցության հիմնադրամ Հիմնադրամ (համաձայնությամբ)

 

Սերգեյ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ «Օգնություն և իրավունք» հասարակական կազմակերպություն (համաձայնությամբ)

 

Գևորգ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ      «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպություն

(համաձայնությամբ)

 

Օվսաննա ՀՈՎՍԵՓՅԱՆ      «Կենդանիների պաշտպանության «ԴԻՆԳՈԹԻՄ» հասարակական կազմակերպություն

(համաձայնությամբ)

 

Արա ՂԱԶԱՐՅԱՆ                                «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն

(համաձայնությամբ)

 

Լարիսա ՄԻՆԱՍՅԱՆ                «Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայկական մասնաճյուղ» Հիմնադրամ (համաձայնությամբ)

Բորիս ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ      «Երևանի մամուլի ակումբ» հասարակական կազմակերպություն (համաձայնությամբ)

 

Արթուր ՍԱՔՈՒՆՑ                      «Հելսինկյան քաղաքացիական անսամբլեիայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպություն (համաձայնությամբ)

 

Օլգա ՍԱՖԱՐՅԱՆ                           «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» հասարակական կազմակերպություն

(համաձայնությամբ)

Ռիմա ՎԱՐԺԱՊԵՏՅԱՆ           «Հայաստանի հրեական համայնք» հասարակական կազմակերպություն  (համաձայնությամբ)

 

Անկախ

Ֆինլանդիայում տան նկուղում գտել են երեխաների մարմիններով տոպրակներ

o_633540Ֆիննական Օուլու քաղաքի բազմաբնակարան շենքի նկուղում գտել են պլաստիկ տոպրակներ, որոնց մեջ պահված են եղել հինգ երեխաների մարմիններ: Շուտով ոստիկանությունը բռնել է 35-ամյա մի կնոջ, որը ինչպես հետո պարզվել է, այդ բոլոր հինգ երեխաների մայրն էր:

Իրավապահներին բողոքել էին հավաքարարական ծառայությունները, նրանք հաղորդել էին, որ ահավոր տհաճ հոտ է տարածված:դեպքի վայրում ոստիկանությանը մոտեցել է տեղացի մի բնակչուհի և խոստովանել է, որ տոպրակներում երեխաների դիակներ են: Նա ասել է, որ այդ երեխաներին ծննդաբերել է 5-10 տարի առաջ, հաղորդում է  Yle.fi-ը:

Հաղորդում են նաև, որ կինը այդ տուն է տեղափոխվել մի քանի ամիս առաջ: ըստ երևույթին այդ պակետները բերել է իր նախկին բնակության վայրից: Կինը հավատացրել է, որ երեխաները ծնվել են տան պայմաններում և բոլորը լույս աշխարհ են եկել մահացած: Ինչ որ պատճառով նա որոշել է պահել մարմինները, սակայն դրա համար որևէ տրամաբանական պատասխան չի ունեցել:

Ոստիկանները պատրաստվում են հարցաքննել ձերբակալվածի հարազատներին: Երեխաների տարիքը կորոշի դատաբժշկական փորձաքննությունը: Որոշ մարմիններ սաստիկ քայքայվել են, այնպես որ փորձաքննությունը կարող է ամիսներ տևել:

Ինչպես հաղորդում են տեղական ԶԼՄ-ները, այս պահին հետաքննությունը տարվում է “Ոչ դիտավորյալ սպանություն”հոդվածով, հայտնի է, որ կինը նախկինում դատապարտված չի եղել:

Անկախ

 

Հունիսի 8-ին մայրաքաղաքում կանցկացվի «Երևան. բիզնես-վազք 2014»-ը

Untitled-1Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում  հունիսի 8-ին երրորդ տարին անընդմեջ մայրաքաղաքում կանցկացվի

«Երևան. բիզնես-վազք 2014» (Yerevan Business Run-2014) վազքի մրցույթը: Ծրագիրն իրականացվում է «Austrian Airlines» և «Օրանժ ֆիթնես» ընկերությունների հետ համատեղ, «Royal Tulip Grand Hotel Yerevan» և «Best Western Congress» հյուրանոցների աջակցությամբ:

Ծրագրի հիմնական նպատակը, տարեցտարի ընդլայնելով մասնակիցների քանակը, հասարակության շրջանում առողջ ապրելակերպի խթանումն է:

Մրցույթին կարող են մասնակցել տարբեր կազմակերպություններ, նաև անհատներ: Գրանցվելու համար անհրաժեշտ է զանգահարել հետևյալ հեռախոսահամարով` (098) 04-99-09: Հայտերն ընդունվում են մինչև սույն թվականի հունիսի 6-ը: Մրցավազքը կանցկացվի տարբեր տարիքային խմբերի միջև.

  1. 8-14 տարեկաններ երեխաները կմրցեն  1000մ վազքուղով: Սկիզբը՝ ժամը 10:00-ին:
  2. Թիմային փոխանցավազք՝ 10կմ վազքուղով (3 մասնակից՝ յուրաքանչյուր թիմում): Սկիզբը՝ ժամը 11:00-ին:
  3. Ժամը 11:00-ին կմեկնարկի նաև անհատական վազքը: Վազքուղին կկազմի 10կմ:

Հիմնական վազքուղին կմեկնարկի «Royal Tulip Yerevan» հյուրանոցից և Աբովյան փողոցով կշարունակվի դեպի  Հանրապետության հրապարակ, այնուհետև Ամիրյան փողոցով Մաշտոցի պողոտա և Սայաթ-Նովայի պողոտայով դեպի մեկնարկային կետ:

Երեխաների մասնակցությունն անվճար է:

Հաղթող թիմը կմեկնի Վիեննա՝ մասնակցելու սեպտեմբերի 4-ին կայանալիք «Վիեննա. բիզնես-վազք 2014»-ին:

Մրցավազքի մասնակիցների պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա երեկոյան ժ.19:30-ին՝  «Congress» հյուրանոցում (0010 Երևան, Իտալիայի փող. 1):

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Բավարարվել է Աշոտ Սուքիասյանին արտահանձնելու ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը

Աշոտ Սուքիասյան Վրաստանի արդարադատության նախարարի կողմից 03.06.2014թ. որոշում է կայացվել Աշոտ Սուքիասյանի արտահանձնումը թույլատրելու վերաբերյալ:

      ՀՀ գլխավոր դատախազությունը հանձնարարել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությանը կազմակերպել Աշոտ Սուքիասյանի տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն:
  Հիշեցնենք, որ ՀՀ իրավապահ մարմինների կողմից հետախուզվող Ա.Սուքիասյանը Վրաստանի իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվել և ձերբակալվել էր  31.01.2014թ-ին:
  Ա.Սուքիասյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով, ՀՀ գլխավոր դատախազությունը 03.02.2014թ. ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու միջնորդություն է ուղարկել Վրաստանի գլխավոր դատախազություն:
    Թբիլիսիի քաղաքային դատարանի քրեական գործերով կոլեգիայի դատավորի որոշմամբ 15.04.2014թ. ամբողջովին բավարարել է Ա.Սուքիասյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու թույլատրելիության վերաբերյալ Վրաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը:

Հայաստանի արտգործնախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի հանդիպումը

g_imageՀունիսի 4-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Երևան ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի համադաշնության նախագահ և Արտաքին հարաբերությունների դեպարտամենտի ղեկավար Դիդյե Բուրկհալտերին:

Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց. «Վերջին տարիներին Հայաստանը և Շվեյցարիան լուրջ առաջընթաց են արձանագրել տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնման առումով, և մենք լիահույս ենք համատեղ ջանքերով առավել խորացնելու և զարգացնելու մեր հարաբերությունները»:

«Մենք ունենք շատ լավ ու բարեկամական հարաբերություններ, ամուր իրավապայմանագրային դաշտ, ընդլայնվում են գործարար կապերը, նախատեսվում է շվեյցարացի գործարարների այցելություն Հայաստան, որի արդյունքում, հուսով եմ, հնարավոր կլինի Շվեյցարիայից ներդրումներ կատարել Հայաստանի տնտեսությունում»,- ասաց Շվեյցարիայի Նախագահը։

«Հայաստանն աջակցում է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Շվեյցարիայի նախագահությանը և պատրաստ է իր նպաստը բերել շվեյցարական նախագահության առաջնահերթությունների իրագործմանը, որոնց շարքում, անշուշտ, կարևորում է անվտանգության և կայունության խթանմանը, Հարավային Կովկասում վստահության ամրապնդման միջոցների իրականացմանն ուղղված ջանքերը»,- հավելեց նախարար Նալբանդյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԵԱՀԿ շրջանակներում համագործակցության ուղիները, անդրադարձ կատարվեց ԵԱՀԿ գործունեության օրակարգային հարցերին, կազմակերպության դերի և արդյունավետության բարձրացման նպատակով իրականացվող քայլերին։

Հայաստանի արտաքին գործերի նախարարը ԵԱՀԿ գործող նախագահին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, այդ ուղղությամբ Հայաստանի և Մինսկի խմբի համանախագահների կողմից ձեռնարկվող ջանքերը։

ԵԱՀԿ գործող նախագահը շեշտեց, որ շվեյցարական նախագահությունը անվերապահորեն սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը և ափսոսանք հայտնեց, որ առ այսօր հնարավոր չի եղել իրականացնել միջնորդների՝ միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ առաջարկությունը։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ուկրաինական ճգնաժամի և դրա կարգավորման ուղիների շուրջ։

Հանդիպմանն անդրադարձ եղավ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությանը, ինչի կապակցությամբ արտգործնախարար Նալբանդյանը բարձր գնահատեց գրասենյակի կողմից իրականացվող աշխատանքները և կարևորեց դրանց շարունակականության ապահովումը:

Հանդիպումից հետո Էդվարդ Նալբանդյանն ու Դիդյե Բուրկհալտերը Փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Շվեյցարիայի Համադաշնության արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի միջև՝ երկու գերատեսչությունների միջև խորհրդատվությունների անցկացման մասին:

Առանց անցյալի հնարավոր չէ կառուցել ապագան. լուսանկարների ցուցահանդես` նվիրված Երևանին

ասուլիսԵրևանի կամերային թատրոնի «Երկաթ» մշակութային ակումբում մայիսի 6-ին տեղի կունենա լուսանկարների ցուցահանդեսի բացման արարողությունը։

Ցուցահանդեսը կլինի նախորդ տարի անցկացված «Երևանի երեք սահմանները» ցուցահանդեսի գաղափարական շարունակությունն ու ամփոփումը: Այն կներկայացնի, թե  ցուցահանդեսից հետո ինչ փոփոխություններ են կատարվել մեկ տարում, ինչ դրական արդյունքներ կամ բացասական հետևանքներ են եղել այդ ընթացքում։

Կցուցադրվի Մարիաննա Մելիքսեթյանի հեղինակած «Երևանի բակերը» շարքը` մայրաքաղաքի հին տները` նորակառույց շենքերի ֆոնին։

Ցուցահանդեսին, ընդհանուր առմամբ, կներկայացվի 120 լուսանկար:

Ինչպես և մեկ տարի առաջ տեղի ունեցած ցուցահանդեսն, այս մեկը ևս նպատակ ունի ներկայացնելու մայրաքաղաքում առկա խնդիրները: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրուցեցին ցուցահանդեսի կազմակերպիչները` լուսանկարիչ, լրագրող Մարիաննա Մելիքսեթյանն ու լրագրող, դրամատուրգ, դերասան Ռուբեն Փաշինյանը:

«Մեր անցյալից շատ փոքր քանակի շենքեր են մնացել քաղաքում, իսկ առանց անցյալի հնարավոր չէ կառուցել ներկան և ապագան», – նշեց Մարիաննա Մելիքսեթյանը: «Մենք անընդհատ համապատասխան մարմիններից պահանջում ենք պատասխաններ, սակայն հարց չենք տալիս: Այս ցուցահադնեսը կփորձի տալ այդ հարցը»:

Լուսակարչուհուն անհանգստացնում է այն փաստը, որ հինը ոչնչացվում է առանց նորը կառուցելու.  «Անընդհատ խոսում ենք, որ Երևանը աշխարհի ամենահին քաղաքներից է, սակայն մենք դա այսօր չենք տեսնում: Այն պատշգամբը , որտեղից Արամ Մանուկյանը 1918 թվականին կարդացել է  անկախության դեկլարացիան, համարյա թե գոյություն չունի այլևս: Մի պահ կանգ առեք և տեսեք` ինչ է կատարվում քաղաքում: Ես չեմ խոսում միայն ծայրամասերից: Սա վերաբերում է նաև Կենտրոնին: Լուսանկարելու ժամանակ միայն նկատեցի, որ փլատակներում, կիսաքանդ շենքերում մարդիկ, երեխաներ են ապրում»,-ասաց նա:

Մելիքսեթյանը գտնում է, որ մայրաքաղաքում դրական փոփոխություններ կնկատվեն միայն այն դեպքում, երբ ամեն ոք վերաբերվի Երևանին այնպես, ինչպես իր տանը:

Փաշինյանը կարևորեց նման ցուցահանդեսների և ակցիաների կազմակերպումը: Նա նշեց, որ նախորդ ցուցահանդեսից հետո նկատել է դրական փոփոխություններ և հույս ունի, որ դա տեղի կունենա նաև այս տարի:

Էլեկտրաէներգիայի սակագինը կթանկանա

էլեկտրաէներգիաՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը շուրջ երկու ամիս ուսումնասիրել է էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ներկայացրած՝ լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ ծախսերի և պարտավորությունների 2014-2015 թվականների կանխատեսումները և պարզել, որ 2014-2015 թվականներին սպասվում են էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների տնտեսական գործունեության արդյունքների վրա ազդող գործոնների էական փոփոխություններ: Ուստի, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը, իր նախաձեռնությամբ սկսել է էլեկտրաէներգիայի արտադրության և ծառայությունների մատուցման, ինչպես նաև վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթացը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախնական գնահատմամբ՝ էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ֆինանսական կայունության և սպառողներին հուսալի ու անվտանգ էլեկտրամատակարարման ապահովման նպատակով անհրաժեշտ է շուրջ 20 մլրդ դրամ (առանց ԱԱՀ-ի) լրացուցիչ գումար: Ընկերություններում առաջացող ֆինանսական ճեղքվածքը փակելու համար նախատեսվում է բոլոր սպառողական խմբերին մատակարարվող էլեկտրաէներգիայի գործող սակագների բարձրացում 3,8-4,3 դրամ/կՎտժ-ի (ներառյալ ԱԱՀ-ն) սահմաններում:
Կարևորելով էլեկտրական էներգիայի սակագների վերանայման գործընթացի վերաբերյալ հանրության իրազեկվածության ապահովումը, ղեկավարվելով հանձնաժողովի գործունեության հրապարակայնության սկզբունքով, ինչպես նաև նպատակ ունենալով հնարավորություն ընձեռել յուրաքանչյուր շահագրգիռ անձի ուսումնասիրելու հանձնաժողովի կողմից կատարված հաշվարկները և դրանց համար հիմք հանդիսացող փաստաթղթերը, հանդես գալ բանավոր կամ գրավոր առաջարկություններով, հանձնաժողովը տեղեկացնում է որ բոլոր շահագրգիռ կողմերը կարող են յուրաքանչյուր աշխատանքային օր՝ մինչև ժամը 18:00-ն զանգահարել 528590 (ներքին՝ 332) հեռախոսահամարով և հանձնաժողովի աշխատակազմի պատասխանատուի հետ պայմանավորվել հանդիպման կազմակերպման վերաբերյալ: Հայտնում ենք նաև, որ նշված գործընթացի հետ կապված գրավոր և բանավոր առաջարկությունները կարելի է ներկայացնել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ք.Երևան, Սարյան 22), ինչպես նաև ուղարկել հանձնաժողովի էլեկտրոնային փոստով՝ [email protected]:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Վարչական շրջաններում արդեն իսկ կառուցվել է 64 թեքահարթակ

02Երևանը բոլոր երևանցիների, այդ թվում՝ հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար առավել հարմարավետ դարձնելու նպատակով մայրաքաղաքում ընթացքի մեջ են թեքահարթակների կառուցման աշխատանքները:

Երևանի համայնքային բյուջեից հատկացված 40 մլն դրամով նախատեսվում է այս տարի կառուցել շուրջ 200 թեքահարթակ: Շինաշխատանքներն իրականացվում են համապատասխան մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպության կողմից: Ծրագրի մեկնարկից մինչ օրս արդեն իսկ կառուցվել է 64 թեքահարթակ:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շինարարության ընթացքին, պատասխանատուներից բացի, տեղում հետևում են նաև շահառու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև անհատներ:

Քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը տեղեկացրել է, որ ստուգայցերի արդյունքում թերություններ հայտնաբերելու դեպքում տրվում են համապատասխան հանձնարարականներ և կարճ ժամկետում կատարվում են անհրաժեշտ շտկումներ:

Գնահատելով ծրագրի ընթացքը՝ շահառուները նշել են, որ կառուցվող թեքահարթակները համապատասխանում են սահմանված չափորոշիչներին և հնարավորություն են տալիս առանց որևէ մեկի օգնության հեշտությամբ տեղաշարժվել:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Օբաման խոստացել է աջակցել Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյին

Օբամա, պորոշենկոԵվրոպա կատարած այցի շրջանակներում չորեքշաբթի օրը ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր օժանդակությունն է հայտնել Ուկրաինայի նորընտիր նախագահին և կոչ արել միջազգային հանրությանը ամուր կանգնել նրա կողքին:

Օբամայի հանդիպումը նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ կարող է դիտարկվել որպես Կիևի կառավարությանը Միացյալ Նահանգների աջակցության նշան:

Երկու առաջնորդները քննարկել են Ուկրաինային ֆինանսական և քաղաքական աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաև Ռուսաստանի գործողությունների հետ կապված երկրի անվտանգությանը վերաբերող հարցեր:

Միացյալ Նահանգների նախագահը չորեքշաբթի ավելի ուշ կմեկնի Բրյուսել Մեծ յոթնյակի հանդիպմանը մասնակցելու համար:

 Անկախ

Նախագահական ընտրությունները անցկացվեցին Ասադի և Ասադի միջև. արաբագետ

Սարգիս Գրիգորյան«Սիրիայում, կարելի է ասել, որ նախագահական ընտրությունները անցկացվեցին  Ասադի և Ասադի միջև, քանի որ  մյուս երկու թեկնածուները սիրիական հասարակության շրջանում չունեին այն վստահությունը և ճանաչվածությունը, որն ունի  Բաշար ալ-Ասադը», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով Սիրիայի նախագահական ընտրություններն` ասաց արաբագետ Սարգիս Գրիգորյանը, ընդգծելով, որ Սիրիայի նախագահական ընտրություններում  հաղթանակը ակնհայտ Բաշար ալ Ասադինն է. «Ասադը երրորդ անգամ կվերընտրվի, քանի որ հավաքել է  ձայների մեծամասնությունը»:

 

Ըստ արաբագետի` ընտրությունների հիմնական նպատակը գործող իշխանություններին լեգիտիմություն ապահովելն է, սակայն գլոբալ առումով դրանք դժվար թե որևէ բան փոխեն Սիրիայի հակամարտության պայմաններում:

Միջազգային հանրությունը ևս այս ընտրությունները միանշանակ չընդունեց.  «Ընտրությունների գնահատականները տարբեր եղան՝ Ռուսաստանը հայտարարել է, որ Սիրիայում նախագահական ընտրություններն օրինական են, իսկ ԱՄՆ-ի պետդեպարտամենտը  որակել է դրանք որպես խայտառակություն և կեղծ:  Պարսից ծոցի երկրները հայտնել են, որ գործող նախագահի հաղթանակն իրենց համար վստահելի արդյունք չէ: Թուրքիան, բնականաբար, հանդես կգա Ասադի դեմ և անօրինական կհամարի ընտրությունների արդյունքները»:

Գրիգորյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ ընտրությունների ընթացքում ակտիվացան ռազմական գործողությունները. Ընդդիմադիրները ցանկանում էին կատարել իրենց խոստումը և թույլ չտալ ընտրությունների անցկացումը.   «Հայաբնակ թաղամասերում հրթիռակոծություն տեղի ունեցավ,  ցավոք եղան  զոհեր: Հալեպում տեղի ունեցած ակտիվությունը վկայում է, որ Սիրիայում չկա հակամարտող կողմերին բաժանող գիծ:  Հատկանշական է, որ Հալեպում նախագահական ընտրություններին նախորդած մի քանի օրվա ընթացքում տեղի ունեցող ռմբակոծությունները դատապարտեցին  անգամ  ընդդիմադիրները ,և նրանք  հայտարարեցին, որ   հրթիռակոծությունները ուղղված  չպետք է լինեն խաղաղ բնակչության դեմ»,-նշեց նա:

 

Անկախի այն հարցին, թե հնարավոր է արդյոք Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները ազդեն Սիրիայում առկա իրավիճակի վրա, Սարգիս Գրիգորյանը պատասխանեց. «Այո՛, հնարավոր է, քանի որ գերտերությունների միջամտությունը և նրանց դիրքորոշումը շատ կարևոր է Ուկրաինայի և Սիրիայի հարցերում: Հնարավոր է, որ  Սիրիայի որոշ տարածքներ նույնպես ցանկանան անկախանալ, ինչպես  եղավ Ուկրաինայում: Խոսքը վերաբերում է Թուրքիային սահմանակից տարածքներին,  սակայն սա հեռահար ծրագիր է: Ճակատագրական հարցերը լուծվում են հենց Սիրիայի տարածքում: Սիրիայից դուրս որևէ ֆորմատով բանակցություններն արդյունք չտվեցին»:

Անկախ

ՀՀ սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանն ընդունել է հանրաճանաչ լիտվացի բասկետբոլիստ Շարունաս Մարչուլյոնիսին

66ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն ընդունել է հանրաճանաչ լիտվացի բասկետբոլիստ, օլիմպիական չեմպիոն Շարունաս Մարչուլյոնիսին` տիկնոջ հետ:

Հանդիպմանը ներկա էին ՀԱՕԿ գլխավոր քարտուղար, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը, նախարարության աշխատակազմի ղեկավար Մհեր Անանյանը, ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը:

Նախարարը, ողջունելով հյուրերին, իր գոհունակությունն է հայտնել տիտղոսակիր բասկետբոլիստին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում հյուրընկալելու կապակցությամբ:

Գ.Ղազարյանն իր խոսքում նշել է, որ մեծ հետաքրքրությամբ և հիացմունքով է հետևում լիտվական բասկետբոլի հաջողություններին և հավելել, որ, ցավոք, մեր երկրում առավել մասսայական են մենապայքարային մարզաձևերը և որպես խաղային մարզաձև բասկետբոլի մասսայականացման ուղղությամբ նախարարության կողմից լուրջ ծրագրեր են իրականացվելու:

Շարունաս Մարչուլյոնիսն իր կողմից շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և հրավիրել նախարարին ներկա գտնվելու լիտվական բասկետբոլի մասին պատմող <<The other dream team>>  ֆիլմի երևանյան պրեմիերային, ինչին նախարարը համաձայնել է մեծ սիրով:

Հանդիպման ավարտին Գաբրիել Ղազարյանը Շարունաս Մարչուլյոնիսին է հանձնել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հուշամեդալ:

Եղվարդցի երիտասարդները կհարստացնեն մարզի հուշարձանների ցանկը

 երիտասարդներԿոտայքի մարզի 20-25 տարեկան շուրջ 20 երիտասարդներ «Բնության մոռացված արահետներ» ծրագրի շրջանակներում կբացահայտեն համայնքի տեսարժան վայրերը և կմշակեն ուղիներ`բուսական և կենդանական հազվագյուտ տեսակների անհետացման կանխման ուղղությամբ:

Ծրագիրն իրականացնում է «Եղվարդ» երիտասարդական բնապահպանական ՀԿ-ն` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ որպես ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։

Ծրագիը մեկնարկել է մայիսի 1-ից: Հունիսի 3-ին և 4-ին երիտասարդները մասնակցում են խմբային աշխատանքների, փորձագետները ոչ ֆորմալ կրթության միջոցով մասնակիցներին ներկայացնում են Բուժական, Աղվերան, Հանքավան, Գառնի, Աղավնաձոր համայնքների կենսաբազմազանության պահպանումը, տրամադրում տեղակություն հուշարձանների մասին: Առաջիկայում կմեկնարկի արշավների փուլը, երբ երիտասարդները կբացահայտեն համայնքի պատմամշակութային հուշարձանները:

Ծրագրի համակարգող Շուշան Սահակյանը նշեց, որ իրենց հիմնական նպատակը համայնքների կեսաբազմազանության պահպանումն է, ու մանրամասնեց. «Երիտասարդները պիտի տեղեկացված լինեն իրենց համայնքի կենսաբազմազանության մասին, որպեսզի ավելի կապված լինեն համայնքին: Նպատակ ունենք ինքներս բացահայտել համայնքի` մինչև այժմ անհայտ հուշարձանները և հարստացնել մարզի պատմամշակութային հուշարձանների ցանկը»: Շուշան Սահակյանը նշեց, որ արշավներին զուգահեռ երիտասարդները կունենան ճանաչողական քննարկումներ: Այնուհետև երիտասարդների «բացահայտումները» կտպագրվեն, այդ նյութերի հիման վրա կստեղծվեն պաստառներ:

Հունիսի 4-ին տեղի ունեցած քննարկման ժամանակ եղվարդցի երիտասարդները բարձրացրին այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են Թթու ջուր կոչվող աղբյուրի տարածքը զբոսաշրջային առումով ավելի գրավիչ դարձնելը, համայնքում ձկնաբուծությանն ուղղված աշխատանքների նախաձեռնումը:

Ծրագրի մասնակից, Եղվարդ քաղաքի բնակիչ Տիգրանուհի Մկրտչյանը խոստովանեց, թե մինչև ծրագրին մասնակցելն ինքը բավականին քիչ տեղեկություններ ուներ իրենց իսկ համայքնի մասին: Անդրադառնալով պատճառներին` Տիգրանուհին առանձնացրեց. «Կարծում եմ՝ այս հարցում հիմնական պատճառն այն է, որ մարզաբնակ երիտասարդներն ավելի ձգտում  են դեպի մայրաքաղաք Երևան: Առավել ևս Եղվարդը, որը մոտ է Երևանին, մշակութային և այլ առումներով կապված է մայրաքաղաքին, այստեղի երիտասարդների մեծամասնությունը ձգտում  է իր կյանքը կազմակերպել մայրաքաղաքում, այլ ոչ թե տեղում: Սակայն մասնակցելով նման ծրագրերի ու համայնքի մասին ավելի հարուստ տեղեկություններ ստանալով, մենք` երիտասարդներս, ակամա կապվում ենք մեր համայնքին»:

Տեղեկացնենք, որ ծրագրի ավարտին հավաքագրված տեղեկությունների հիման վրա կտպագրվի գրքույկ տվյալ վայրերի կենսաբազմազանության մասին և կտրամադրվի Կոտայքի մարզի ՀԿ-ներին ու համայնքապետարաններին: Երիտասարդներն իրավասու մարմիններին կներկայացնեն նաև ՀՀ Կոտայքի մարզի բնության հուշարձանների ու տեսարժան վայրերի ցանկի համալրման առաջարկությունների փաթեթ:

 

 

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Գերմանացի քաղաքական գործիչը «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի ժամանակ զանգահարել է կանցլեր Անգելա Մերկելին

Wolfgang Bosbach1Գերմանիայում «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի հայտնի մարդկանց մասնակցությամբ տարբերակի ժամանակ քաղաքական գործիչը, «Զանգ ընկերոջը» օգնության հնարավորությունից օգտվելով, զանգահարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին:

Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատական միության փոխնախագահ Վոլֆգանգ Բուսբախը հեռուստաշոուի ժամանակ երկու անգամ զանգահարել է կանցլերին:

Սակայն դժբախտաբար Մերկելը չի պատասխանել հեռախոսին:

61-ամյա Բուսբախը չէր կարողանում պատասխանել այն հարցին, թե Արևելյան Գերմանիայի WM66 լվացքի մեքենաները ինչու էին այդքան հայտնի:

Ճիշտ պատասխանելու դեպքում նա կվաստակեր 500 000 եվրո` բարեգործության նպատակով օգտագործելու համար:

Բուսբախը բացատրել է, որ կանցլերը միշտ ուրախ է իրեն տեսնել և լսել իր ձայնը:

Ամեն դեպքում, երբ երկրորդ զանգի ժամանակ ևս միացել է ձայնային հաղորդագրությունների ազդանշանը, քաղաքական գործիչը կատակել է, որ նա չափազանց զբաղված է աշխարհը փրկելով:

Վայրկյաններ անց Բուսբախը շոուից հեռացել է՝ վերցնելով 125,000 եվրո գումար:

Բուսբախը հայտնել է, որ ինքն  ավելի ուշ հաղորդագրություն է ստացել Մերկելից, որով նա ցանկանում էր իմանալ իր զանգելու պատճառը: Այնուհետև Մերկելը ջերմ բարևներ էր ուղարկել նրան:

Բուսբախը նշել էր, որ ինքը վստահ չէ` արդյո՞ք Մերկելը կիմանար հարցի պատասխանը, թե ոչ:

 

Երևանի գլխավոր ճարտարապետ. Անաստաս Միկոյանի արձանն արդեն պատրաստ է.Պանորամա

Տիգրան ԲարսեղյանԱնաստաս Միկոյանի արձանն արդեն մեկ ամսից ամբողջությամբ պատրաստ կլինի տեղադրման համար: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը,հաղորդում է Պանորաման: Նա նշեց, որ արձանը տեղադրվելու է Մոսկովյան ճեմուղում, բայց դեռևս հստակ ժամկետ չկա:

«Արձանը վերցված է Անաստաս Միկոյանի գերեզմանոցի հուշարձանից: Բայց իր կեցվածքով, ամբիոնում կանգնած ճառ արտահայտվելու պահին նրան պատկերումը բոլորովին հարիր չէ գերեզմանոցի քանդակին: Նորմալ կարող է ընկալվել ցանկացած հանրային միջավայրում»,- ասաց Տ. Բարսեղյանը:

Գլխավոր ճարտարապետի խոսքով, գերեզմանոցի հուշարձանի կրկնօրինակից կա նաև Սանահինում՝ Միկոյանի ծննդավայրում, սակայն հարազատների հորդորով Երևանի քաղաքապետարանը որոշել է հուշարձան ունենալ նաև մայրաքաղաքում, քանի որ ոչ բոլորն են կարողանում գնալ Սանահին ու տեսնել հուշարձանը:

«Անաստաս Միկոյանը հզոր, մեծամասշտաբ, խոհեմ ու հավասարակշռված քաղաքական ու հասարակական գործիչ է եղել»,- նշեց Տիգրան Բարսեղյանը:

Անկախ

Տրանսպորտի և կապի նախարարության մասնագիտական խումբը մեկնում է սողանքային գոտի

 փլուզումՀՀ տրանսպորտի և կապի նախարարության

լրատվական ծառայությունից Անկախին հաղորդեցին, որ հունիսի 4-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, Հ-24 հանրապետական նշանակության ավտոճանապարհի Մ-3 Գյուլագարակ – Կուրթան Մ-6 ճանապարհի 20-րդ կմ- ում՝ Ձորագյուղ համայնքի տարածքում, 25 մետր երկարությամբ մոտ 100 մ խորանարդ ծավալով բերվածքը փակել է ճանապարհը:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները, ձևավորված մասնագիտական խումբը, որի մեջ ընդգրկված են երկրաբաններ և ճարտարագետներ, մեկնում են սողանքային գոտի՝ տեղում ուսումնասիրություններ կատարելու և համապատասխան լուծումներ գտնելու նպատակով:

Մանրամասների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Անկախ

Ոստիկանությունը պարզել է, որ 22-ամյա երիտասարդին դանակահարել է Օսիպյանը.Պանորամա

օսիպյանՆուբարաշենում Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդու` 22-ամյա Սեդրակ Օսիպյանի մասնակցությամբ տեղի ունեցած դանակահարության վերաբերյալ ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որում նշվում է հետևյալը.

«Հունիսի 1-ին, ժամը 22.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Նուբարաշենի 11-րդ փողոցի 12-րդ շենքի մոտ երիտասարդի են դանկահարել:

Նույն օրը, ժամը 23.20-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը, որովայնի առաջին պատի բաց թափանցող վնասվածքով, բուժօգնության է տեղափոխել 22-ամյա Վանուշ Ա.-ին: Ըստ վերջինիս հոր հայտարարության` իրենց փողոցում տեղի է ունեցել դանակահարություն:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունիսի 1-ին, ժամը 22.30-ին, Նուբարաշենի 11-րդ փողոցի թիվ 12 շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, սուր ծակող-կտրող գործիքով Վանուշ Ա.-ին վնասվածքը պատճառել է 22-ամյա Ս. Օ.-ն:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկվում են միջոցառումներ Ս. Օ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն»,հաղորդում է Պանորաման:

Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Սեդրակ Օսիպյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ Դատական դեպարտամենտի Միջազգային համագործակցության և հանրային կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանն էլ տեղեկացրել էր, որ հունիսի 3-ին Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդու` 22-ամյա Սեդրակ Օսիպյանի խափանման միջոցը կալանավորումն ընտրելու միջնորդությունը: