Նախագահական ընտրությունները անցկացվեցին Ասադի և Ասադի միջև. արաբագետ

Սարգիս Գրիգորյան«Սիրիայում, կարելի է ասել, որ նախագահական ընտրությունները անցկացվեցին  Ասադի և Ասադի միջև, քանի որ  մյուս երկու թեկնածուները սիրիական հասարակության շրջանում չունեին այն վստահությունը և ճանաչվածությունը, որն ունի  Բաշար ալ-Ասադը», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով Սիրիայի նախագահական ընտրություններն` ասաց արաբագետ Սարգիս Գրիգորյանը, ընդգծելով, որ Սիրիայի նախագահական ընտրություններում  հաղթանակը ակնհայտ Բաշար ալ Ասադինն է. «Ասադը երրորդ անգամ կվերընտրվի, քանի որ հավաքել է  ձայների մեծամասնությունը»:

 

Ըստ արաբագետի` ընտրությունների հիմնական նպատակը գործող իշխանություններին լեգիտիմություն ապահովելն է, սակայն գլոբալ առումով դրանք դժվար թե որևէ բան փոխեն Սիրիայի հակամարտության պայմաններում:

Միջազգային հանրությունը ևս այս ընտրությունները միանշանակ չընդունեց.  «Ընտրությունների գնահատականները տարբեր եղան՝ Ռուսաստանը հայտարարել է, որ Սիրիայում նախագահական ընտրություններն օրինական են, իսկ ԱՄՆ-ի պետդեպարտամենտը  որակել է դրանք որպես խայտառակություն և կեղծ:  Պարսից ծոցի երկրները հայտնել են, որ գործող նախագահի հաղթանակն իրենց համար վստահելի արդյունք չէ: Թուրքիան, բնականաբար, հանդես կգա Ասադի դեմ և անօրինական կհամարի ընտրությունների արդյունքները»:

Գրիգորյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ ընտրությունների ընթացքում ակտիվացան ռազմական գործողությունները. Ընդդիմադիրները ցանկանում էին կատարել իրենց խոստումը և թույլ չտալ ընտրությունների անցկացումը.   «Հայաբնակ թաղամասերում հրթիռակոծություն տեղի ունեցավ,  ցավոք եղան  զոհեր: Հալեպում տեղի ունեցած ակտիվությունը վկայում է, որ Սիրիայում չկա հակամարտող կողմերին բաժանող գիծ:  Հատկանշական է, որ Հալեպում նախագահական ընտրություններին նախորդած մի քանի օրվա ընթացքում տեղի ունեցող ռմբակոծությունները դատապարտեցին  անգամ  ընդդիմադիրները ,և նրանք  հայտարարեցին, որ   հրթիռակոծությունները ուղղված  չպետք է լինեն խաղաղ բնակչության դեմ»,-նշեց նա:

 

Անկախի այն հարցին, թե հնարավոր է արդյոք Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները ազդեն Սիրիայում առկա իրավիճակի վրա, Սարգիս Գրիգորյանը պատասխանեց. «Այո՛, հնարավոր է, քանի որ գերտերությունների միջամտությունը և նրանց դիրքորոշումը շատ կարևոր է Ուկրաինայի և Սիրիայի հարցերում: Հնարավոր է, որ  Սիրիայի որոշ տարածքներ նույնպես ցանկանան անկախանալ, ինչպես  եղավ Ուկրաինայում: Խոսքը վերաբերում է Թուրքիային սահմանակից տարածքներին,  սակայն սա հեռահար ծրագիր է: Ճակատագրական հարցերը լուծվում են հենց Սիրիայի տարածքում: Սիրիայից դուրս որևէ ֆորմատով բանակցություններն արդյունք չտվեցին»:

Անկախ

Tags: , ,