Գորիս – Կապան ճանապարհահատվածում տեղի է ունեցել քարաթափում

ՔարաթափումՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 4- ին՝ ժամը 06:00-ի սահմաններում, միջպետական Մ-2 ավտոճանապարհի Գորիս – Կապան 247-րդ կմ- ում տեղի է ունեցել քարաթափում :

«Ոսմար» ՍՊԸ – ի ճանապարհաշինարարների ջանքերով կուտակված քարերը անմիջապես դուրս են բերվել ճանապարհի երթևեկելի մասից:

Ժամը 08:00- ի դրությամբ` ճանապարհը երկկողմանի բացվել է:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Վարչապետն Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահ Մարտին Սարգսյանին

11357_am_2Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահ Մարտին Սարգսյանին: Շնորհավորելով Սարգսյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ վարչապետը համոզմունք է հայտնել, որ կոմիտեի նախկին նախագահ Երվանդ Զախարյանի իրականացրած բարեփոխումները կկրեն շարունակական բնույթ:
«Կոմիտեում առկա է լավ աշխատակազմ, և վերջին տարիներին իրականացված բազմաթիվ սոցհարցումները ցույց են տալիս, որ ակնհայտորեն նվազել են հասարակության դժգոհությունները կոմիտեի կառույցների նկատմամբ: Համոզված եմ, որ պարոն Սարգսյանի՝ տեղական ինքնակառավարման ոլորտում և օրենսդիր մարմնում ունեցած փորձը հնարավորություն կտա, որպեսզի նա հաջողությամբ շարունակի այդ բարեփոխումները: Վստահ եմ, որ հանրապետության նախագահի և իմ հույսերը կարդարացնեք»,- ասել է վարչապետը: Կառավարության ղեկավարը կարևորել է այս բնագավառում բյուրոկրատական քաշքշուկների նվազեցումը և նշել, որ կոմիտեի աշխատանքները լինելու են իր ուշադրության կենտրոնում:
Մարտին Սարգսյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և հավաստիացրել, որ կիսատ մնացած բոլոր բարեփոխումները կհասցվեն իրենց նպատակին:
«Կփորձենք նորովի մոտեցումներով, կոմիտեի մատուցած ծառայությունների միջոցով, նվազեցնել բնակիչների խնդիրները»,- նշել է Մարտին Սարգսյանը:

Թեհրան-Վաշինգտոն. հնարավո՞ր է թշնամին դառնա «բարեկամ»

ԱՄՆ,ԻրանԵրբ հետևում ենք տարածաշրջանում Իրանի և ԱՄՆ-ի վարած քաղաքականությանը, նկատում ենք, որ այդ երկրներն ավելի շատ ընդհանուր շահեր ունեն, քան հակասություններ:  Ինքնին, հարց է ծագում, այդ դեպքում ի՞նչն է խանգարում Թեհրանին և Վաշինգտոնին հաստատել բնականոն հարաբերություններ:

Բանն այն է, որ 1978-1979-ին Իրանում կատարված իսլամական հեղափոխության գաղափարախոսության հիմքում հենց հակաամերիկյան դիրքորոշումն էր: Անցած 35 տարվա ընթացքում երկու երկրներում էլ հասարակական-քաղաքական մակարդակում անընդհատ սերմանվել է թշնամության գաղափարը, որն անկասկած խոչընդոտել է իրանաամերիկյան հարաբերությունները կարգավորելուն նպատակաուղղված ցանկացած նախաձեռնության:

Սակայն վերջին տարիներին տարածաշրջանում, մասնավորապես՝ Իրանում և ԱՄՆ-ում տեղի ունեցած հասարակական-քաղաքական փոփոխությունները կողմերին ստիպել են վերանայել իրենց քաղաքականությունը: Իրանի միջուկային խնդրիրը, որը երկար տարիներ Թեհրանի և Վաշինգտոնի միջև առկա տարաձայնությունների հիմնական պատճառ է դարձել, զարմանալիորեն միջոց հանդիսացավ երկկողմ համագործակցության և հարաբերությունների կարգավորման համար:

Ուշագրավ է այն փաստը, որ Իրանի միջուկային ծրագիրը սկսվելէ իրականացվել ԱՄՆ-ի անմիջական օժանդակությամբ: 1959-ին հիմնադրված Թեհրանի միջուկային հետազոտությունների կենտրոնն անհրաժեշտ սարքավորումներով զինվել է հենց ԱՄՆ-ի կողմից:

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադի Նեժադի պաշտոնավարման օրոք Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածությունը հասավ իր գագաթնակետին: 2012-ին նույնիսկ խոսվում էր միջուկային խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու անհրաժեշտության մասին: Ահմադի Նեժադի վարած արտաքին քաղաքականության հետևանքով, կարելի է ասել, Իրանը հայտնվեց մեկուսացման շեմին: Տնտեսության կարևորագույն այնպիսի ճյուղեր, ինչպիսիք են նավթի արդյունահանումը, մեքենաշինությունը և բանկային համակարգը, կանգնեցին լուրջ մարտահրավերների առջև:

Եվ ահա, 2013-ին Հասան Ռոհանիի Իրանի նախագահ ընտրվելուց հետո, Իրան-ԱՄՆ հարաբերություններում կատարվեցին կտրուկ փոփոխություններ: Իրանի նոր իշխանությունների համար որպես կարևորագույն խնդիր դրվեց երկիրը դուրս բերել միջազգային մեկուսացումից, հնարավորինս մեղմացնել պատժամիջոցները, կանգնեցնել տնտեսության անկման գործընթացը:

Սա նշանակում է, որ մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներ Թեհրանին և Վաշինգտոնին ստիպեցին վերանայել իրենց քաղաքականությունը և համագործակցության եզրեր գտնելու նպատակով գնալ որոշակի փոխզիջումների:

1979-ին Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխությունից հետո առաջին անգամ 2013-ի սեպտեմբերին կայացավ Իրանի և ԱՄՆ-ի նախագահներ Հասան Ռոհանիի և Բարաք Օբամայի հեռախոսազրույցը, որին հաջորդեց նոյեմբերի 24-ին Ժնևում Իրանի և «Վեցնյակի» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան և Գերմանիա) միջև  համաձայնագրի ստորագրումը:

Անդրադառնալով Իրանի և ԱՄՆ-ի տարածաշրջանում հետապնդած շահերին՝ նշենք, որ ԱՄՆ-ի ներկայացուցիչները քաջ գիտակցում են, որ առանց Իրանի Աֆղանստանում և Իրաքում չեն կարող ապահովել անվտանգությունը:

2013-ին, ժնևյան միջանկյալ համաձայնագրի ստորագրամից հետո, ԱՄՆ-ը նկատելիորեն նվազեցրեց Իրանի նկատմամբ կիրառվող ճնշումները, դրա փոխարեն Թեհրանը պակասեցրեց ուրանի հարստացմն տեխնոլոգիայի զարգացման ուղղությամբ աշխատանքները:

Իրանի քաղաքական և հոգևոր վերնախավի մի մասը գիտոկցում է, որ երկիրը գտնվում է տնտեսական  ծանր վիճակում և գնաճը, ազգային արժույթի արժեզրկումը, գործազրկությունը բարձր մակարդակի են հասել: Այդ իրավիճակից դուրս գալու միակ ելքը` միջազգային պատժամիջոցներից ազատվելն է, իսկ դա իր հերթին կախված է Իրանի միջուկային ծրագրի շուրջը ստեղծված իրավիճակի լիցքաթափումից:

Եթե Իրանի շահագրգռվածությունը հասկանալի է, ապա ԱՄՆ-ը ի՞նչ շահեր ունի Իրանի նկատմամբ ճնշումը թուլացնելու, առավելևս  այն ժամանակ, երբ ըստ ամերիկացիների` պատժամիջոցներն իրենց արդյունքը տալիս են:

Եվ ընդհանրապես, ինչքանո՞վ է իրատեսական արևմուտքի հետ հարաբերությունների վերականգնումը, ինչու՞ ԱՄՆ-ն ընտրել Սաուդյան Արաբիայի և Իսրայելի հետ հարաբերությունները փրացնելու համարձակ քայլը, որո՞նք են ամերիկացիների շահագրգռվածությունը` Մերձավոր Արևելքում նոր տեղաշարժեր և դասավորություններ նախաձեռնելու համար: Հարցեր, որոնք մտորելու տեղիք են տալիս:

Հասկանալի է, որ այստեղ կարևորվում են նաև տնտեսական ուղղությունները: Ոչ միայն Իրանի տնտեսությունը, այլ նաև ամերիկյան և եվրոպական ընկերությունները (հատկապես նավթագազային ընկերությունները) տարեկան միլիարդավոր դոլարների վնասներ են կրում` պարզապես իրանական շուկայում բացակայելու հետևանքով: Ընդ որում, միաժամանակ այս իրավիճակից շահում են Չինաստանը և Ռուսաստանը: Կարելի է ասել, որ ԱՄՆ-ը  և ԵՄ-ը, Իրանի հետ լավ հարաբերություններ ունենալու համար, ավելի շատ հիմքեր ունեն, քան առկա է վատը, թեկուզ` տնտեսական առումով: Իրանի հետ հարաբերությունների բարելավման կողմնակից են եղել նաև Մեծ Բրիտանիան և Եվրամիության առանցքային երկրները: ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի էներգետիկ և այլ բնագավառների խոշոր ընկերություններ պատրաստ են Իրանի հետ համագործակցությանը։

Իրանաամերիկյան հարաբերությունների վրա բացասաբար են ազդել ԱՄՆ-ի և տարածաշրջանի մյուս երկրների՝ հատկապես Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի, ինչպես նաև Իրանի արևելյան հարևան Պակիստանի հետ դաշնակցային կապերը: Այդ երկրները երբեք էլ շահագրգռված չեն եղել, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները բարելավվեն: Այդուհանդերձ, ԱՄՆ-ն Իրանիներբեք  չի համարել իր անվտանգությանը սպառնացող այնպիսի երկիր, որից լուրջ վտանգներ կարելի է սպասել: Պարզապես, Իրանը դիտարկվում է մի երկիր, որը եռանդուն փորձում է լուծել իր անվտանգության խնդիրները:

                                                                                                                  (շարունակելի)

                                                                                                         Արմինե Բեգլարյան

Անկախ

 

Քարաթափում Կապան քաղաքում (լրացված)

ՔարաթափումՀունիսի 4-ին, ժամը 04.18-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածում («Ծակ քարի» մոտակայք), տեղի է ունեցել քարաթափում, ինչից ավտոճանապարհը դարձել է դժվարանցանելի:

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն:

Պարզվել է, որ միջպետական Մ-2 ավտոճանապարհի Գորիս – Կապան հատվածում (10-րդ կմ) տեղի է ունեցել քարաթափում (5×17մ):

Հրշեջ-փրկարարները ճանապարհից հեռացրել են երթևեկությանը խոչընդոտող քարերը՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի:

Ժամը 08.00-ի դրությամբ դեպքի վայր են ժամանել «Գորիսի» ՃՇՇ աշխատակիցները:

Ավտոճանապարհի մաքրման աշխատանքների արդյունքում երթևեկությունը վերականգնվել է:

Անկախ

Հ-24 ավտոճանապարհի Ձորագյուղ – Կուրթան հատվածը (Ձորագյուղի ոլորաններում) ծածկվել է ջրաբերուկներով

ԱԻՆՀունիսի 4-ին, ժամը 09.00-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Ձորագյուղ – Կուրթան գյուղ ավտոճանապարհը անձրևների հետևանքով ծածկվել է ջրաբերուկներով՝ խոչընդոտելով երթևեկությունը:

Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ տեղացած հորդառատ անձրևի հետևանքով հանրապետական Հ-24 ավտոճանապարհի Ձորագյուղ – Կուրթան հատվածը (Ձորագյուղի ոլորաններում) ծածկվել է ջրաբերուկներով՝ խոչընդոտելով երթևեկությունը. ակտիվացել է սողանքային երևույթ, ինչից ճանապարհահատվածի ոլորանները (25 մետր) փակվել են:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Անկախ

Սպասվում է անձրև և ամպրոպ

եղանակը հայաստանումՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին հայտնեցին, որ հանրապետության տարածքում՝հունիսի 4-ին, 6-8-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին շրջանների մեծ մասում, 5-ին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ:Քամին հարավային` 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 23-28 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա` 4-5 աստիճանով:

Երևանում`Հունիսի 4-ին, 6-8-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ, 5-ին անձրևի հավանականությունը փոքր է:

Երևանի հունիսի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ• Օդի առավելագույն ջերմաստիճան 35.60C (2000թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 7.70C (1994թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 20.50C

Անկախ

ԿՅԱՆՔԻ ԼՈՒՅՍՆ ՈՒ ՄՈՒԹԸ «ՎԵՐՆԻՍԱԺՈՒՄ»

kazm2«Հրաշալի է, որ իջնում են ձյան ճերմակ փաթիլները: Ու սպիտակով է ծածկվում ամեն-ամենը: Եվ սպիտակում են մեր բոլոր մտքերը»:

Տոնինո Գուերա

Այս բնաբանն է ընտրել արձակագիր Լևոն Ջավախյանը այս տարվա սկզբին լույս ընծայած «Վերնիսաժ» ժողովածուի 55-րդ էջում սկսվող «Անդրադարձ» պատմվածքի համար: «Հիսունհինգ». սա 2005 թ. հրատարակված նրա երրորդ գիրքն էր: Եվ զուգադիպության ուժով էլ առաջինն այդ էջը բացեցի ու սկսեցի կարդալ հենց այդ պատմվածքը:

– …Չինգիզ խանի նման ես էլ դեպի չարն եմ գնում, որ բարին արարեմ: Իհարկե բնավորությանս որոշ գծեր նույնն են մնացել: Դրանք ողնաշարիս այն կարծր ողերն են, որոնց վրա դեռևս երևում է նախամարդը: Միշտ անդավաճան իմ ուղեկիցներն են փնթիությունը, անկեղծությունը, հետաքրքրասիրությունը, կենսախնդությունը, զարմացկոտությունը, բերանբացությունը, ճշմարտախոսությունը: Պարզապես ես չեմ կարող ստել: Օղորմածիկ Հովհաննես Մելքոնյանն ինձ ասում էր.
– Լևոն, գրականության հենքը սուտն է: Ես էլ եմ մեկ-մեկ ստում… Իսկ դու սուտը մեջից հանում ես:
«Եվ ի՞նչ: Սուտը մեծերին թողած` ես ճշմարտությունն եմ գրի առնում ու տարին տարվա վրա մեծանում», – գրում է Լևոն Ջավախյանը, ինքը դառնում իր քննադատը` հավատարիմ մնալով իր առաջին ժողովածուում («Ամենաանկեղծ մարդը») ինքնաներման ու ինքնահաստատման իր իսկ սահմանած չափորոշիչներին:

…Ահա «Վերնիսաժի առավոտ»-ը` անկախությունը եկավ և ինձ դուրս շպրտեց վերնիսաժ` արծաթ ծախելու:
Այստեղ են Աբոն, Նապոն, Վահագնը, Ջեման, Շինպիոն …մենք:

Առավոտը լույսն է: Օրը` կյանքը «Վերնիսաժ» պատմվածքում: Այստեղ երազային մեկնարկ է ու մտքում մանրածախ առևտրի խոսակցական-բացատրական բառարանը, որը, ըստ հեղինակի, ամբողջական չէ, բայց միանգամայն օգտակար է առօրյա առուծախում:
Հանրահայտ մեկնաբանությունների կողքին կարդում եմ «Դիվիդի անել»,- էլեկտրոնային կշեռքի ձեռնտու հարմարեցումը օգտագործողին, որը, ըստ ցանկության թերակշռում է կամ գերակշռում: Վայ միամիտներիս, ինձ նման քանի-քանիսներն են հավատացել այդ էլեկտրոնային սարքի անմեղությանը:
Ամենաանկեղծ, ամենամաքուր ու ճշմարիտ մարդը հենց այդպես պիտի լինի և հենց այդ են մեզ ուսուցանում իմ հայրենակից, ավագ ընկեր Լևոն Ջավախյանի պատմվածքները ու «Ժամանակի շունչը» խորագրված հրապարակախոսական հոդվածները, ակնարկները, նամակները:
Վերնիսաժ` մի կողմում Ավարայրում մարտնչած Վարդան Մամիկոնյանի ջղաձիգ արձանն է, իսկ մյուսում` պատմության թանգարանը: Սրանք Վերնիսաժի արժետիպերն են: Իսկ Վերնիսաժում մեր կյանքի լույսն ու մութն են: Այստեղ գալիս են մուրացկաններ, գնորդներ, դիտորդներ` և՛ հայազգի, և՛ օտարազգի: Շուկայում նրանք անգամ տուփերով օդ են գնում, որ տանեն որպես հուշ: Եվ անգամ դառնում են թալանչիների և գրպանահատների զոհ: Ու ծնվում է Լևոն Ջավախյանի «Ախ, վերնիսա՛ժ, վերնիսաժ»-ը` ոստիկանությանը հասցեագրված «Ի՞նչ է, նրանք, չե՞ն ճանաչում գողին» հարցադրումով ու «Գործեք, եթե գործունյա եք» կոչով:
Գրքի էջերում նաև Լևոն Ջավախյանի «Գրչեղբորս` Էքրեմ Էյլիսլիին» նամակն է` «Քարե երազներ» վիպակի համար ադրբեջանական լայն շրջանների հալածանքին արժանացած ադրբեջանցի գրողին, որի ավարտին կարդում եմ.
«Լևոն Ջավախյան (2010 թ. մայիսի 23-ին Հարավային Կովկասում հանդուրժողականություն և խաղաղություն քարոզելու անվանակարգում «Քիրվա» պատմվածքի համար արժանացել է Բաքվի հանդուրժողականության կենտրոնի մրցանակին) 07.02.2013 թ.»:
Ուզում եմ ավելացնել, որ Ջավախյանի ժողովածուն բացվում է հենց «Քիրվա» պատմվածքով, որը կյանքի մի փոքրիկ դրվագի ճշմարիտ նկարագրից այն կողմ չի անցնում: Չեմ ուզում այս թեմայով նոր քննարկում սկսել, ժամանակին դրանով ողողված էր մամուլն ու հեռուստատեսությունը:
Ոչ այս պատմվածքի հետ կապված, ուզում եմ ասել, որ ճշմարտությունը ներկայացնելու համար հաճախ նաև ծայրահեղ մոտեցումներ են պահանջվում: Լևոն Ջավախյանի տողերում մի կարևորեք դրանք: Նա դրա փոխարեն համարձակ գնահատականներ ու հարցադրումներ ունի, բնապահպանության, խաղաղության թեմաներով լուրջ մտահոգություններ: Ունի մամուլի հրապարակումների արձագանքման իրեն բնորոշ ոճը, ազատագրման իր տարբերակը, երջանկության իր բանաձևը, ճակատագրի նկատմամբ իր հավատը, նույնիսկ նիհարելու իր դեղատոմսը: Այս ամենը կգտնեք ժողովածուի էջերում, որտեղ նաև եզրահանգումներ կան` «Սիրեցե՛ք զմիմեանս», «Հայրենասիրությունը մի մարդու «գործ» չէ»: Նա չի մոռացել անգամ իր փոքրիկ թոռնիկի` Նելսոնի ծննդյան օրը (23.04.2012 թ.) բերել գրքի 63-րդ էջ ու «Համբարձում» պատմվածքով մերը դարձնել իր մանկության օրերը` ճառագելով սեր ու հավատ հայրենի եզերքի հանդեպ, մանկացնելով մեծերիս ու մեծացնելով, պաշտպանելով մանկանց:
Ես գրքի մասնագիտական գնահատականները թողնում եմ գրականագետներին, բայց ընթերցողին կոչ եմ անում, որ չսպասեն դրանց, այլ կարդան նրա գրքերը:
Որքան էլ հզոր լինեն ձյան փաթիլները ու ծածկեն ամեն-ամենը, մի օր ձնհալ է լինելու, և բաց ճակատով բոլորս մնալու ենք մեր դավանած ճշմարտության հետ: Հեռու չէ 2015 թվականը, Լևոն Ջավախյանը դառնալու է 65 տարեկան: Սպասենք նրա մտքի ու գրչի նոր առկայծումներին ու հավատանք, որ մեծ եղեռնի 100-ամյակի տարում արդար լուծում է ստանալու հայ դատի հիմնախնդիրը: Հնարավոր է նույնիսկ, որ մի գրքում տեսնենք «Քիրվա» պատմվածքն ու «Քարե երազներ» վիպակը ոչ միայն հայերենով: Ոչ ոք թող չկասկածի, որ ես կամ Լևոն Ջավախյանը ուրիշ որևէ մեկ հայից պակաս ենք ատում թուրք եղեռնագործներին, քնած սպային կացնահարող ադրբեջանցուն, ադրբեջանական կողմից կրակոցներ արձակողներին ու պատվիրողներին:
Գլուխ եմ խոնարհում մեր բոլոր զոհերի ու կորուստների հիշատակին, բայց դեռևս չեմ պատրաստվում իմ գրադարակից դեն նետել խորհրդային տարիներին ադրբեջանցու ընծայագրով ստացած ռուսալեզու գիրքը: Հավատում եմ, որ առնվազն գրականության ու մշակույթի համար սահմանները մի օր բացվելու են:
Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ

 

Հայաստանը աջակցում է Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների համակարգմանը համայն աշխարհում

 Ցեղասպանության 100-ամյակԱնցյալ շաբաթ երկու կարևոր համաժողովներ տեղի ունեցան Երևանում հաջորդ տարվա Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների նախապատրաստության շրջանակում:

 

Մայիսի 26-ին կայացած առաջին հանդիպմանը ներկա էին Ցեղասպանության հարյուրամյակի հանձնախմբերի ներկայացուցիչներ աշխարհի 40 երկրներից, որոնք տեղեկացրեցին 2015 թվականի ապրիլի 24-ի իրենց առաջիկա ծրագրերի մասին: Այս առիթով ներկայացվեցին Հարյուրամյակի խորհրդանշանը և կարգախոսը` «Ես հիշում եմ և պահանջում»: Մասնակիցների համար համաժողովը եզակի հնարավորություն էր տեղեկատվության փոխանակման և միասնական ջանքերի համախմբման քննարկման առումով:

 

Մայիսի 27-ին տեղի ունեցած երկրորդ հանդիպումը համախմբեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդամներին, տարածաշրջանային հանձնախմբերի ներկայացուցիչներին և տասնյակ հայ դիվանագետների ու հոգևոր դասի բարձրաստիճան ներկայացուցիչների համայն աշխարհից: Պետական հանձնաժողովի կազմում են Հայաստանի և Արցախի ղեկավարությունը և սփյուռքի խոշորագույն հայկական կազմակերպությունների նախագահները:

 

Նախագահ Սարգսյանը հանդուգն քայլ կատարելով հայտարարեց, որ հրավիրել է Թուրքիայի նախագահին այցելելու Հայաստան 2015 թվականի ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության ճշմարտությանն առերեսվելու նպատակով: Անակնկալի գալով, թուրքական իշխանությունները դեռևս չեն պատասխանել այս մարտահրավերին: Հայաստանի նախագահը նաև տեղեկացրեց համաժողովի մասնակիցներին, որ հրավերներ է ուղարկել մի շարք պետությունների ղեկավարներին այդ օրն այցելելու Երևան: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն արդեն հաստատել է, որ մտադիր է մասնակցել Հայաստանում Ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումներին:

 

Պետական հանձնաժողովի անդամների ելույթներից հետո, Արգենտինայի, Ֆրանսիայի, Լիբանանի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչները հնարավորություն ունեցան հանդես գալու համաժողովում: Ինձ ևս խնդրեցին ելույթ ունենալ որպես Արևմտյան ԱՄՆ-ի Հայոց ցեղասպանության 100-ամյակի հանձնախմբի համանախագահ:

 

Ելույթս սկսեցի բացատրելով, որ աշխարհասփյուռ հայությունը չպետք է համակված լինի այն ակնկալիքով, թե արդյոք նախագահ Օբաման կներառի ցեղասպանություն բառը 2015 թվականի ապրիլի 24-ի իր «հիշատակման» ուղերձում: Հակառակ տարածված թյուրըմբռնման` Միացյալ Նահանգների կառավարությունը բազմիցս ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, սկսած 1951 թվականից պաշտոնական փաստաթուղթ ներկայացնելով  Միջազգային դատարան, Ներկայացուցիչների պալատի 1975 և 1984 թվականների բանաձևերով և 1981 թվականի ապրիլի 22-ին նախագահ Ռոնալդ Ռեյգանի նախագահական հռչակագրով: Հետևաբար, խիստ անհրաժեշտություն չկա պնդելու, որ նախագահ Օբաման ևս ճանաչի Հայոց ցեղասպանությունը` բացի իր տված խոստումը հարգելու և սեփական պատիվը փրկելու համար:

 

Ես իմ ելույթում նաև առաջարկեցի, որ քանի Հայոց ցեղասպանությունը տևել է 1915-ից մինչև 1923 թվականը, ապա Հարյուրամյակի առթիվ նախատեսված միջոցառումները պետք է երկարաձգել 2015-ից մինչև 2023 թվականը: Սա իսկական մղձավանջ կլինի թուրքական կառավարության համար, որն ստիպված է լինելու դիմակայել Հարյուրամյակի ոչ թե մեկ, այլ ութ տարվա միջոցառումներին:

 

Քանի որ Հարյուրամյակը պատմական կարևոր իրադարձություն է, ուստի ես կոչ արեցի հայկական համայնքներին` կազմակերպել յուրահատուկ միջոցառումներ, որոնք զանգվածային բնույթ կկրեն և հնարավորություն կունենան ապահովել համազգային կամ համաշխարհային հրապարակայնություն Թուրքիայից հայ ժողովրդի արդար պահանջների համար: Հարյուրամյակի առթիվ չպետք է կրկնել նախկին ամենամյա միջոցառումները: Սակայն, նախքան որևէ ծրագիր նախաձեռնելը, պետք է սկզբում հստակեցնել այն նպատակները, որոնք իրականացվելու են, այնուհետև որոշել, թե արդյոք նախատեսված միջոցառումները իրագործում են այդ նպատակները:

 

Այնուհետև ես ընթերցեցի համաժողովի մասնակիցների համար Արևմտյան ԱՄՆ-ի Հայոց ցեղասպանության 100-ամյակի հանձնախմբի որդեգրած առաքելությունը.

 

«Հայոց ցեղասպանության 100-ամյակը շեշտադրում է աշխարհասփյուռ հայության և բարի կամքի տեր բոլոր մարդկանց պահանջատիրական պայքարը հանուն արդարության: 2015 թվականին հիշատակվելու է 20-րդ դարի մարդկության դեմ գործած մեծագույն հանցագործություններից մեկը` Հայոց Ցեղասպանությունը: 1915-ին թուրքական կառավարությունը սկսեց իր կանխամտածված և համակարգված արշավը՝ արմատախիլ անելու հայ բնակչությանը իր հայրենիքից և կոտորելու 1,5 միլիոն անպաշտպան տղամարդկանց, կանանց և երեխաների: Թուրքիան պետք է վերջապես ընդունի իր պատասխանատվությունը Հայոց Ցեղասպանության համար և համապատասխան բարոյական, ֆինանսական և տարածքային փոխհատուցումներ տա` ըստ հիմնարար միջազգային նորմերի ու քաղաքակիրթ հասարակության օրենքների»:

 

Ելույթս ավարտեցի առաջարկելով աշխարհասփյուռ հայությանը Հարյուրամյակի իրենց գործողություններն այնպես համակարգել, որ միևնույն ուղերձը հասանելի լինի ինչպես բարեկամին, այնպես էլ թշնամուն: Ես նաև առաջարկեցի, որ պետական հանձնաժողովի կողմից ընտրված կարգախոսը՝ «Ես հիշում եմ և պահանջում», փոփոխվի հետևյալ կերպ՝ «Մենք հիշում ենք և արդարություն պահանջում»…

 

Թեև այս հանրահավաքը պետք է ավելի վաղ տեղի ունենար, սակայն այն առավել կարևոր էր Հարյուրամյակի նախատեսված միջոցառումների համակարգման առումով: Զարմանալի չէ, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն անցյալ շաբաթ հայտարարեց, որ իր կառավարությունը ուշի ուշով հետևում է Հարյուրամյակի հանձնախմբերի երևանյան հանդիպմանը: Բարեբախտաբար, Հայաստանում կազմակերպիչները զգույշ էին Հարյուրամյակի ծրագրերը հրապարակավ չներկայացնելու և դրանք թուրքական իշխանություններից գաղտնի պահելու հարցում` հնարավորինս քիչ ժամանակ տալով նրանց հայկական նախաձեռնություններին հակազդելու համար…

 

 

Հարութ Սասունյան

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը` Ռուզաննա Ավագյանի

 

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է

 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհՀՀ տրանսպորտի և կապի նախարարության

 լրատվական ծառայությունը Անկախին տեղեկացնում է, որ «Լոռու ՃՇՇ» ՓԲԸ-ի և «ԱլավերդուՃՇՇՁ» ԲԲԸ-ի աշխատակիցների կատարած մաքրման աշխատանքների արդյունքում հունիսի 4-ին` ժամը 01:00-ի դրությամբ, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման Մ-6 ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Անկախ

Էներգետիկ հսկաները արագ լքում են Ադրբեջանը

5Ֆրանսիական Total ընկերությունը և գերմանական E.on-ը պատրաստվում են դուրս գալ Տրանսադրիատիկ գազատարի նախագծից (TAP): Այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) ներդրումների բաժնի պետ Վագիֆ Ալիևը: Վրջինս այլ մանրամասներ չի նշում, հաղորդում է “Հագին” կայքը:

Ընկերություններում այս տեղեկությունը չեն մեկնաբանում: Սակայն մի քանի օր առաջ “Total” -ը “Շահդենիզ” ծրագրի իր  10%-ը վաճառել էր թուրքական TPAO-ին: Իսկ մինչ այդ նորվեգական Statoil –ը SOCAR-ին էր վաճառել իր 10%  մասնաբաժինը:

Առաջիկա օրերին սպասվում է նաև, որ նորվեգական ընկերության տնօրենների խորհուրդը կարող է որոշում կայացնել ինչպես “Շահդենիզում”, այնպես էլ “Դարի պայմանագրում” իր մասնաբաժինները վաճառելու մասին:

Դեռ չի հաստատվել` այս ամենն ինչ-որ կերպ կապված է քաղաքականության հետ: Սակայն դրա հետ մեկտեղ հասկանալի է, որ ընկերությունները չեն ցանկանում ռիսկի դիմել: Դա կապված է ինչպես նախագծի բարձր արժեքի, այնպես էլ ապագայում հնարավոր ռիսկերի հետ:

 

 Անկախ

Բաքվում վաճառում են “Քարդաշյան” գրությամբ շապիկներ

 “Քարդաշյան” գրությամբ շապիկներԲաքվի առևտրային կրպակներում հայտնվել են “Քիմ Քարդաշյան” գրությամբ շապիկներ, տեղեկացնում է ադրբեջանական “Հագին” լրատվական կայքը:

Ըստ տեղեկության` այդ շապիկների վաճառքով զբաղվում են Սադարաք և Բինա տոնավաճառներում: Դրանք մեծ պահանջարկ ունեն բնակչության շրջանում, հատկապես` կանանց շրջանում:

Անկախ

Թուրքիայում աղե քարանձավը բուժում է ասթման և բրոնխիտը

 աղե քարանձավ   Թուրքիայի Չանքըրը քաղաքում գտնվող աղե քարանձավը գրավում են բազմաթիվ զբոսաշրջիկների ուշադրությունը, որոնք այստեղ են գալիս ինչպես շրջագայության, այնպես էլ բուժման նպատակով: Այս քարանձավում աղ էին արդյունահանում դեռ 5 հազար տարի առաջ՝ խեթերի ժամանակաշրջանում: Արդյունքում քարանձավի ներսում առաջացել են բազմաթիվ ստորգետնյա միջանցքներ և սրահներ: Այս քարանձավում են գտնվում Թուրքիայում ամենամեծ աղի պաշարները, որոնք հարուստ են մարդու օրգանիզմին անհրաժեշտ 84 քիմիական տարրերով: 150 մետր խորություն և 1,5 մետր երկարություն ունեցող քարանձավի ներսում տեղադրված են մի շարք կենդանիների մումիայացված մարմիններ:

«Անադոլու» գործակալությունը գրում է, որ Չանքըրը քաղաքի քարանձավը յուրօրինակ է նաև իր բուժիչ հատկություններով: Բազմաթիվ զբոսաշրջիկներ այստեղ են գալիս ասթմայից և բրոնխիտից ազատվելու հույսով, քանի որ քարանձավի օդը բացարձակ մաքուր է համարվում:

 

Անկախ

Գրական երեկո Պրահայում

Մայիսի 31-ին Պրահայի քաղաքային գրադարանի դահլիճում ՀՀ վաստակավոր արտիստուհի, ասմունքող Սիլվա Յուզբաշյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Համո Սահյանի 100-ամյակին և Վահագն Դավթյանի 90-ամյակին նվիրված գրական երեկո` կազմակերպված Չեխիայում ՀՀ դեսպանության, Պրահայի հայկական շաբաթօրյա դպրոցի և «Օրեր» անկախ եվրոպական ամսագրի կողմից:

Երեկոն վարում էր և բացման խոսքով հանդես եկավ «Օրեր» եվրոպական ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը: Ներկայացնելով արտիստուհուն` նա մասնավորապես հիշեց, թե ինչպես էր Համո Սահյանը բնութագրել Սիլվա Յուզբաշյանին. «Ինձ միշտ զարմացրել է, թե նա ինչպես է կարողանում ապրել քնարական մտերիմ բանաստեղծությունը, հեղինակի տվյալ տողը գրելու պահի ներշնչանքը հաղորդել ունկնդիրներին, ինչպիսի անթերի վարպետությամբ է մակերես հանում բանաստեղծության ներքին փոթորիկը: Սա է նրա արվեստի ու նրա բացառիկության հիմնական խորհուրդը»:

Այնուհետև ողջույնի խոսքով հանդես եկավ Չեխիայում ՀՀ դեսպանության խորհրդական Նունե Զաստուխովան: Շնորհակալություն հայտնվելով կազմակերպիչներին և ներկաներին երեկոյին մասնակցելու համար` նա մասնավորապես խոսեց երկու բանաստեղծների ավելի քան հիսուն տարիների երկարատև ընկերության պատմության մասին և յուրաքանչյուրին բնութագրեց հենց ընկերոջ խոսքերով:

ԱգնՆերկայացնելով Սիլվա Յուզբաշյանին` նա ընդգծեց, որ ՀՀ վաստակավոր արտիստն իր ողջ կյանքը նվիրել է գրականությանը, անզուգական կատարող է, վայելում է հայ ժողովրդի մեծ սերը, և պատահական չէ, որ նրան կոչում են «ասմունքի թագուհի»:

Ներկաներին ողջունեց նաև երեկոյի կազմակերպիչներից «Գարուն» ամսագրի հատուկ թղթակից, «Առավոտ» պարբերականի թղթակից, լրագրող, հրապարակախոս Շուշան Ղազարյանը, ով երախտագիտությամբ նշեց, որ չնայած իր առօրյա խնդիրներին` չեխահայությունը շտապել է «մեր ազգային գրականության այս հիրավի պայծառ տոնի ականատեսն ու մասնակիցը լինելու»:

Այնուհետև Սիլվա Յուզբաշյանն իր հզոր և անզուգական ձայնով ներկաներին հրամցրեց հայ մեծանուն բանաստեղծների ստեղծագործությունները, պատմեց հետաքրքիր դրվագներ նրանց կենսագրությունից, ստեղծագործական և անձնական կյանքից: Ողջ երեկոյի ընթացքում զուգահեռ ցուցադրվում էին տեսահոլովակներ բանաստեղծների կյանքից:

Միջոցառման ժամանակ երաժշտական կատարումներով հանդես եկան նաև Սոնա Քոլոյանը և Աշոտ Սողոմոնյանը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարի աշխատանքային այցը Տավուշի մարզ

03,06,2014Տավուշի մարզում գտնվող ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի աշխատանքային այցն այսօր սկսվել է մարզխորհրդի նիստին մասնակցելով: Շնորհավորելով նորանշանակ մարզպետ Հովիկ Աբովյանին բարձր ու պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, նախարարն ամփոփիչ անդրադարձ է կատարել 2013թվականին, խոսել ընթացիկ տարվա ծրագրերի և անելիքների մասին,անդրադարձել առաջիկա տարիների ռազմավարությանը:
Հաշվի առնելով մարզում առկա ներուժը, ինչպես նաև մարզի ռազմավարական նշանակությունը, Նախարարը կարևորել է պետական օժանդակման ծրագրերի իրականացմամբ գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների ավելացման անհրաժեշտությունը: Հատուկ շեշտադրվել է սահմանամերձ ու բարձր լեռնային համայնքներում պետական օժանդակման ծրագրերի իրականացումը:
Հատկապես բարձր է գնահատվել «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի դերը, որով մարզի տասը համայնքներում արդեն ստեղծված արոտօգտագործողների կոոպերատիվները կարճ ժամանակում հասել են որոշակի հաջողությունների: Ընթացիկ տարում նախատեսվում է խնայված միջոցների հաշվին մարզի ևս 6 համայնքներ ընդգրկել նշված ծրագրում: «Այն հնարավորություն կտա նաև ստեղծել վերամշակման փոքր ձեռնարկություններ,անասնաբուժական սպասարկման կետեր, համայնքային այլ ենթակառուցվածքներ»,- նշել է նախարարը:
Համայնքների ղեկավարների ուշադրությունը հրավիրելով անհանգստացնող այն փաստին, որ մարզում վարելահողերի նպատակային օգտագործման ցուցանիշը ներկայումս գրեթե 40 տոկոս է , նա հանձնարարել է ձեռնարկել գործուն միջոցներ՝ դրությունը շտկելու համար: Այս կապակցությամբ նախարարը հիշեցրել է վարչապետի հատուկ հանձնարականը, նշելով, որ աշնանացան ցորենից սկսած անհրաժեշտ է հետևողականորեն շարունակել նաև եգիպտացորենի և արևածաղկի մշակության ծավալների կտրուկ ավելացումը, մանավանդ, որ արդեն իսկ կան մթերող կազմակերպություններ, որոնք պատրաստ են իրենց օժանդակությունը բերել գյուղացուն սերմացուով, պարարտանյութով, վառելիքով և գյուղտեխնիկայով ապահովելու աշխատանքներին:
Այնուհետև նախորդ տարվա լավ աշխատանքի ու բարձր արդյունքների համար, նախարարը «Գյուղատնտեսության նվաճումների» ոսկե մեդալներով պարգևատրել է Չինարի և Այգեհովիտ համայնքների ղեկավարներ Սամվել Սաղոյանին և Լևոն Գրիգորյանին:
Մարզի գյուղատնտեսության ևս 17 առաջավորներ արժանացել են գյուղատնտեսության նախարարության շնորհակալագրերի:
Օրվա երկրորդ կեսին նախարար Սերգո Կարապետյանը մարզպետ Հովիկ Աբովյանի հետ այցելել է «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի շրջանակներում ստեղծված անասնապահական համալիր:
2011թվականից գործող համալիրն այսօր 200 գլուխ Եվրոպայից ներկրված բարձր մթերատու կենդանիներ ունի, որոնցից ստացված սերունդը տրամադրվում է մարզում ստեղծված անասնապահական կոոպերատիվներին: Նախարարը ծանոթացել է նաև կաթի վերամշակման նորաստեղծ արտադրությանը, զրուցել աշխատակիցների հետ :
Այցելության վերջին կանգառը «Դիլի» տոհմային – անասնապահական ֆերման ու վերջինիս կաթի վերամշակման արտադրությունն էին: Ի դեպ այստեղ առաջացած արտադրական մի շարք խնդիրների, մասնավորապես ֆերմայի ջրամատակարման հարցի լուծմանն օժանդակելու խնդրանքով ընկերությունը վերջերս էին դիմել նախարարությանը:Այցը իրավիճակին տեղում ծանոթանալու և նախարարության միջնորդությունից հետո հարցի լուծման ընթացքի մասին անձամբ տեղեկանալու նպատակ էր հետապնդում:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Թուրքիա մեկնող հայ զբոսաշրջիկների թիվը գնալով աճո՞ւմ է

antalia   Չնայած հայ-թուրքական սահմանը շարունակում է փակ մնալ, այնուհանդերձ այդ հանգամանքը չի խանգարում, որպեսզի հայ զբոսաշրջիկների հետաքրքրությունը Թուրքիայի նկատմամբ գնալով աճի: Միայն մայիս ամսվա տվյալներով Անթալիա մեկնած հայերի թիվը աճել է 45 տոկոսով: Ամենից շատ Անթալիա են մեկնում ռուս զբոսաշրջիկները, այնուհետև գերմանացիները, հոլանդացիները, անգլիացիները, ուկրաինացիներն ու շվեդները: Անթալիայի մշակույթի և զբոսաշրջության նահանգային վարչության տվյալների համաձայն՝ մայիս ամսին Անթալիա այցելած զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 3,68 տոկոսով:

Նշենք, որ Հայաստանից Թուրքիա շաբաթական մեկ թռիչք է գործում՝ այն էլ միայն դեպի Ստամբուլ: Անցած տարի փորձ կատարվեց բացելու Երևան-Վան թռիչքը, սակայն Ադրբեջանի ճնշման ներքո նախագիծը չեղյալ հայտարարվեց:

Նշենք նաև, որ Թուրքիայում զբոսաշրջությունից ստացված եկամտի մի մասն ուղղվում է ռազմական բյուջե: Այնպես որ Թուրքիա մեկնող ամեն հայ զբոսաշրջիկ պետք է հիշի, որ նաև իր միջոցներով է զինվում թուրքական բանակը:

 

 

 

Հունիսի 3-ից հուլիսի 3-ը կանցկացվի «Երևանյան ամառ» լուսանկարների մրցույթը

Yerevan Summer photo«Երևանյան ամառ 2014» միջոցառումների շրջանակում հունիսի 3-ից մեկնարկում է  «Երևանյան ամառ» խորագրով լուսանկարների մրցույթը:

Մրցույթին կարող են մասնակացել բոլոր ցանկացողները՝ իրենց լուսանկարներն (JPEG, 72-300dpi, 1200px-3000px) ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով կամ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի «Ավելի լավ Երևան» էջով: Հաղթողը կորոշվի ֆեյսբուքյան քվեարկության արդյունքներով:

Նկարները կարող եք ուղարկել մինչև հուլիսի 3-ը: Արդյունքները կամփոփվեն հուլիսի 12-ին՝ լուսանկարիչների միջազգային օրը, Սիրահարների այգում:

Առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժին՝ 514-230 հեռախոսահամարով։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

ավտոպատահարՀունիսի 2-ին, ժամը 21.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Արցախի փողոցի թիվ 8/3 շենքի բակում հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 23-ամյա քաղաքացուհու, որը վնասվածքով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հունիսի 2-ին, ժամը 21.00-ին, «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կոմիտասի պողոտայի և Վ. Վաղարշյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 66-ամյա տղամարդու և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հունիսի 2-ին, ժամը 02.10-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում իրար են բախվել երկու «Մերսեդես Բենց», «Տոյոտա», «Օպել» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԲՄՎ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հունիսի 2-ին, ժամը 16.00-ին, հիվանդանոցից Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ վթարի հետևանքով բուժօգնություն է ստացել 24-ամյա քաղաքացուհի:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 13.00-ին, թիվ 26 երթուղու ավտոբուսի վարորդը Երևանի Սվաճյան փողոցի թիվ 26 հասցեի մոտ բախվել է առջևի ավտոմեքենային, ինչի հետևանքով ուղևորուհին սրահում վայր է ընկել և ստացել վնասվածքներ:
Կատարվում է քննություն:

Հունիսի 2-ին, ժամը 23.00-ին, Երևանի Դավիթ Անհաղթի և Կ. Ուլնեցու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Դեյվու Նեքսիա» և «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Դեյվու Նեքսիա»-ի վարորդը և «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հունիսի 2-ին, ժամը 23.50-ի սահմաններում, Հրազդանի Միկրոշրջան թաղամասի շուկայի խաչմերուկում «ԼուԱԶ 969 Մ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-21124» մակնիշի ավտոմեքենայի:
«ԼուԱԶ 969 Մ»-ի վարորդը և «ՎԱԶ-21124»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հունիսի 2-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Առինջ գյուղի Մաշտոցի փողոցում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հունիսի 1-ին, ժամը 18.50-ին, ոստիկանության Չարենցավանի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Սևան-Երևան ճանապարհին` Չարենցավանի հատվածում, ավտովթար է տեղի ունեցել:
Հունիսի 2-ին, ժամը 13.45-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի փակ վնասվածքով բուժօգնության է դիմել 30-ամյա տղամարդ և հայտնել, որ վնասվածքը ստացել է հունիսի 1-ին, ժամը 18.40-ին, իր վարած «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենայով Սևան-Երևան ճանապարհի 29-րդ կմ-ին ծառին բախվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

Հունիսի 2-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Կումայրիի բաժին է դիմել 50-ամյա տղամարդ և հաղորդում տվել, որ նույն օրը, ժամը 12.45-ի սահմաններում, «ԳԱԶ-5312» մակնիշի ավտոմեքենայով Գյումրիի Մուսայելյան փողոցի թիվ 52 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 23-ամյա քաղաքացուհու և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

«Հոնդա»-ն Երևան-Մեղրի ճանապարհին շրջվել է. 73-ամյա ուղևորուհին մահացել է

ավտովթարՀունիսի 2-ին, ժամը 08.30-ի սահմաններում, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 116-րդ կմ-ին շրջվել է, ինչի հետևանքով 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ժամը 13.50-ին ուղևորներից մեկը` 1941 թ. ծնված Հասմիկ Պողոսյանը, մահացել է:
Կատարվում է քննություն:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունիսի 2-ից 3-ը)

Բարեփոխվող ոստիկանություն. ձեռքբերումներ և խնդիրներ (ՏԵՍԱՖԻԼՄ)Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 2-ից 3-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 16 դեպքից բացահայտվել է 12-ը, կողոպուտի 3 դեպքից` 2-ը, խարդախության` 10, ապօրինի ծառահատման և խուլիգանության 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 2 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 4, գողության 3 և խարդախության 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 23-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Դպրոցականներն այցելել են Երևան քաղաքի պատմության թանգարան

001 (3)Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների 1500 աշակերտներ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ թանգարանային էքսկուրսիաների են մասնակցել: Աշակերտներն այցելել են Երևան քաղաքի պատմության, Հայաստանի պատմության թանգարաններ, Հայաստանի ազգային պատկերասրահ, Եղիշե Չարենցի և Հովհաննես Թումանյանի տուն-թանգարաններ։ Հայաստանի հանրապետական կուսակցության կանանց խորհրդի այս նախաձեռնությանն աջակցել է Երևանի քաղաքապետարանը։

Երեխաների հետ Երևան քաղաքի պատմության թանգարան են այցելել նաև ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը, Երևան քաղաքի ավագանու անդամ Նաիրա Նահապետյանը, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը։

17-19-րդ դդ. Երևանի մասին պատմող «Հին Երևանի անցուդարձը»  եռաչափ անիմացիան դիտելուց հետո այցելուները էքսկուրսավարների ուղեկցությամբ շրջել են թանգարանի՝ Երևանի պատմությունն ըստ դարաշրջանների ներկայացնող հարկաբաժիններում, ծանոթացել Երևանի պատմության դրվագներին։

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն