Թեհրան-Վաշինգտոն. հնարավո՞ր է թշնամին դառնա «բարեկամ»

ԱՄՆ,ԻրանԵրբ հետևում ենք տարածաշրջանում Իրանի և ԱՄՆ-ի վարած քաղաքականությանը, նկատում ենք, որ այդ երկրներն ավելի շատ ընդհանուր շահեր ունեն, քան հակասություններ:  Ինքնին, հարց է ծագում, այդ դեպքում ի՞նչն է խանգարում Թեհրանին և Վաշինգտոնին հաստատել բնականոն հարաբերություններ:

Բանն այն է, որ 1978-1979-ին Իրանում կատարված իսլամական հեղափոխության գաղափարախոսության հիմքում հենց հակաամերիկյան դիրքորոշումն էր: Անցած 35 տարվա ընթացքում երկու երկրներում էլ հասարակական-քաղաքական մակարդակում անընդհատ սերմանվել է թշնամության գաղափարը, որն անկասկած խոչընդոտել է իրանաամերիկյան հարաբերությունները կարգավորելուն նպատակաուղղված ցանկացած նախաձեռնության:

Սակայն վերջին տարիներին տարածաշրջանում, մասնավորապես՝ Իրանում և ԱՄՆ-ում տեղի ունեցած հասարակական-քաղաքական փոփոխությունները կողմերին ստիպել են վերանայել իրենց քաղաքականությունը: Իրանի միջուկային խնդրիրը, որը երկար տարիներ Թեհրանի և Վաշինգտոնի միջև առկա տարաձայնությունների հիմնական պատճառ է դարձել, զարմանալիորեն միջոց հանդիսացավ երկկողմ համագործակցության և հարաբերությունների կարգավորման համար:

Ուշագրավ է այն փաստը, որ Իրանի միջուկային ծրագիրը սկսվելէ իրականացվել ԱՄՆ-ի անմիջական օժանդակությամբ: 1959-ին հիմնադրված Թեհրանի միջուկային հետազոտությունների կենտրոնն անհրաժեշտ սարքավորումներով զինվել է հենց ԱՄՆ-ի կողմից:

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադի Նեժադի պաշտոնավարման օրոք Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածությունը հասավ իր գագաթնակետին: 2012-ին նույնիսկ խոսվում էր միջուկային խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու անհրաժեշտության մասին: Ահմադի Նեժադի վարած արտաքին քաղաքականության հետևանքով, կարելի է ասել, Իրանը հայտնվեց մեկուսացման շեմին: Տնտեսության կարևորագույն այնպիսի ճյուղեր, ինչպիսիք են նավթի արդյունահանումը, մեքենաշինությունը և բանկային համակարգը, կանգնեցին լուրջ մարտահրավերների առջև:

Եվ ահա, 2013-ին Հասան Ռոհանիի Իրանի նախագահ ընտրվելուց հետո, Իրան-ԱՄՆ հարաբերություններում կատարվեցին կտրուկ փոփոխություններ: Իրանի նոր իշխանությունների համար որպես կարևորագույն խնդիր դրվեց երկիրը դուրս բերել միջազգային մեկուսացումից, հնարավորինս մեղմացնել պատժամիջոցները, կանգնեցնել տնտեսության անկման գործընթացը:

Սա նշանակում է, որ մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներ Թեհրանին և Վաշինգտոնին ստիպեցին վերանայել իրենց քաղաքականությունը և համագործակցության եզրեր գտնելու նպատակով գնալ որոշակի փոխզիջումների:

1979-ին Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխությունից հետո առաջին անգամ 2013-ի սեպտեմբերին կայացավ Իրանի և ԱՄՆ-ի նախագահներ Հասան Ռոհանիի և Բարաք Օբամայի հեռախոսազրույցը, որին հաջորդեց նոյեմբերի 24-ին Ժնևում Իրանի և «Վեցնյակի» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան և Գերմանիա) միջև  համաձայնագրի ստորագրումը:

Անդրադառնալով Իրանի և ԱՄՆ-ի տարածաշրջանում հետապնդած շահերին՝ նշենք, որ ԱՄՆ-ի ներկայացուցիչները քաջ գիտակցում են, որ առանց Իրանի Աֆղանստանում և Իրաքում չեն կարող ապահովել անվտանգությունը:

2013-ին, ժնևյան միջանկյալ համաձայնագրի ստորագրամից հետո, ԱՄՆ-ը նկատելիորեն նվազեցրեց Իրանի նկատմամբ կիրառվող ճնշումները, դրա փոխարեն Թեհրանը պակասեցրեց ուրանի հարստացմն տեխնոլոգիայի զարգացման ուղղությամբ աշխատանքները:

Իրանի քաղաքական և հոգևոր վերնախավի մի մասը գիտոկցում է, որ երկիրը գտնվում է տնտեսական  ծանր վիճակում և գնաճը, ազգային արժույթի արժեզրկումը, գործազրկությունը բարձր մակարդակի են հասել: Այդ իրավիճակից դուրս գալու միակ ելքը` միջազգային պատժամիջոցներից ազատվելն է, իսկ դա իր հերթին կախված է Իրանի միջուկային ծրագրի շուրջը ստեղծված իրավիճակի լիցքաթափումից:

Եթե Իրանի շահագրգռվածությունը հասկանալի է, ապա ԱՄՆ-ը ի՞նչ շահեր ունի Իրանի նկատմամբ ճնշումը թուլացնելու, առավելևս  այն ժամանակ, երբ ըստ ամերիկացիների` պատժամիջոցներն իրենց արդյունքը տալիս են:

Եվ ընդհանրապես, ինչքանո՞վ է իրատեսական արևմուտքի հետ հարաբերությունների վերականգնումը, ինչու՞ ԱՄՆ-ն ընտրել Սաուդյան Արաբիայի և Իսրայելի հետ հարաբերությունները փրացնելու համարձակ քայլը, որո՞նք են ամերիկացիների շահագրգռվածությունը` Մերձավոր Արևելքում նոր տեղաշարժեր և դասավորություններ նախաձեռնելու համար: Հարցեր, որոնք մտորելու տեղիք են տալիս:

Հասկանալի է, որ այստեղ կարևորվում են նաև տնտեսական ուղղությունները: Ոչ միայն Իրանի տնտեսությունը, այլ նաև ամերիկյան և եվրոպական ընկերությունները (հատկապես նավթագազային ընկերությունները) տարեկան միլիարդավոր դոլարների վնասներ են կրում` պարզապես իրանական շուկայում բացակայելու հետևանքով: Ընդ որում, միաժամանակ այս իրավիճակից շահում են Չինաստանը և Ռուսաստանը: Կարելի է ասել, որ ԱՄՆ-ը  և ԵՄ-ը, Իրանի հետ լավ հարաբերություններ ունենալու համար, ավելի շատ հիմքեր ունեն, քան առկա է վատը, թեկուզ` տնտեսական առումով: Իրանի հետ հարաբերությունների բարելավման կողմնակից են եղել նաև Մեծ Բրիտանիան և Եվրամիության առանցքային երկրները: ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի էներգետիկ և այլ բնագավառների խոշոր ընկերություններ պատրաստ են Իրանի հետ համագործակցությանը։

Իրանաամերիկյան հարաբերությունների վրա բացասաբար են ազդել ԱՄՆ-ի և տարածաշրջանի մյուս երկրների՝ հատկապես Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի, ինչպես նաև Իրանի արևելյան հարևան Պակիստանի հետ դաշնակցային կապերը: Այդ երկրները երբեք էլ շահագրգռված չեն եղել, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները բարելավվեն: Այդուհանդերձ, ԱՄՆ-ն Իրանիներբեք  չի համարել իր անվտանգությանը սպառնացող այնպիսի երկիր, որից լուրջ վտանգներ կարելի է սպասել: Պարզապես, Իրանը դիտարկվում է մի երկիր, որը եռանդուն փորձում է լուծել իր անվտանգության խնդիրները:

                                                                                                                  (շարունակելի)

                                                                                                         Արմինե Բեգլարյան

Անկախ