Վարչապետը հանդիպել է մահացած զինվորների ծնողներին

11437_am_4Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարությունում ընդունել է խաղաղ պայմաններում բանակում մահացած զինծառայողների ծնողներ Գոհար Սարգսյանին, Անահիտ Մկրտչյանին, Նանա Մուրադյանին, Իրինա Ղազարյանին, Հերիքնազ Գասպարյանին և Հովսեփ Մուրադյանին:
Կառավարության ղեկավարը զրուցել է ծնողների հետ, անհատապես լսել յուրաքանչյուր ծնողի նկատառումները և առարկությունները՝ իրենց որդիների մահվան հանգամանքների առնչությամբ:
Հանրապետության վարչապետը խոստացել է մահացած զինվորների ծնողներին՝ իր լիազորությունների շրջանակում ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն բարձրացված հարցերի պարզաբանմանը:

ՀՀ Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն աշխատանքային այց է կատարել ՀՀ Շիրակի մարզ

006 (2)ՀՀ Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզում: Մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի և ՀՀ ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանի հետ Շիրակի մարզպետարանում ունեցած աշխատանքային քննարկումից հետո Արամայիս Գրիգորյանը «Արփի լիճ›› ազգային պարկ ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Պետրոսյանի և WWF հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարեն Մանվելյանի ուղեկցությամբ այցելել է ազգային պարկի պահպանվող տարածքներ, տնտեսական գոտիներ և սահմանապահ ուղեկալ, տեղերում ծանոթացել պահպանման աշխատանքներին, եղել  Ղազանչի գյուղում տեղակայված այցելուների կենտրոնում, ծանոթացել վերջինիս պայմաններին և կարողություններին:

Տնտեսական գոտում նախարարը հանդիպել է հարևան գյուղերի մի քանի գյուղացիների ու համայնքապետերի հետ, լսել նրանց խնդիրներն ու մտահոգությունները, շնորհակալություն հայտնել ազգային պարկի ստեղծմանն աջակցելու, պահպանվող տարածքների հանդեպ ցուցաբերվող հոգատարության և զգուշության համար: Անդրադառնալով ծրագրով նախատեսված աշխատանքների վերաբերյալ գյուղացիների մոտ առկա մտահոգություններին՝ նախարարը նշել է.  «WWF հայաստանյան գրասենյակի և ՀՀ կառավարության համատեղ ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքները դեռևս ավարտված չեն, առաջիկայում վերակառուցվելու են ծրագրով նախատեսված 11 գյուղերի ջրագծերը, ստեղծվելու է արհեստական սերմնավորման և անասնաբուժական կենտրոնը: Ազգային պարկն ունի որոշակի գործառույթներով ձեռնարկատիրական իրավունքներ և իր գործունեությամբ նպաստում է տարածաշրջանի զարգացմանը, էկոտուրիզմի խթանմանը, նոր աշխատատեղերի բացմանը և համայնքային բյուջեների ավելացմանը››:

Նախարարը հանդիպել է նաև «Արփի լիճ›› ազգային պարկ ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ: Ազգային պարկի տնօրենը ներկայացրել է վերջին չորս ամիսների ընթացքում կատարված աշխատանքները, նշել, որ ազգային պարկի աշխատակիցները տարածքի պահպանությունը կատարում են պատշաճ կերպով, իրականացնում են իրազեկման և բացատրական աշխատանքներ հարակից համայնքների բնակչության  և սահմանապահ ուղեկալի զինծառայողների հետ, որպեսզի վերջիններս զգոն և հոգատար լինեն պահպանվող տարածքների նկատմամբ: Ստեղծվում են տարածքի պահպանության և պաշտպանության, ինչպես նաև այլ ենթակառուցվածքներ, հանգստի գոտիներ, հատուկ ձկնորսական տարածքներ, տեղադրվում են արգելող տեղեկատվական նշաններ:

Արամայիս Գրիգորյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել բոլոր աշխատակիցներին բարեխիղճ և պատասխանատու  աշխատանքի համար, ընդգծել ազգային պարկի ստեղծման անհրաժեշտությունն ու կարևորությունը տարածաշրջանի համար` նշելով, որ «Արփի լիճ» ազգային պարկի ստեղծման կարևորությունը տարածաշրաջնի բնակչությունը կզգա և կգնահատի ապագայում:

Այցի ավարտին նախարարը համապատասխան հանձնարարականներ է տվել  ազգային պարկի ղեկավարությանը և Բնապահպանության նախարարության տարածքային ստորաբաժանումների պատասխանատուներին:

Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքն արդեն ճանաչված է. Ալեքսանդր Մանասյան

Ալեքսանդր Մանասյան«Մինսկի խմբի համանախագահների հանդիպման նախօրյակին ադրբեջանցիները փորձում են լարվածություն մտցնել՝ որպես ճնշման միջոց», -այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով սահմանի լարվածությանը և ադրբեջանցիների կողմից հերթական դիվերսիոն գործողությանը, նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:

Անդրադառնալով հիմնախնդրի նկատմամբ գերտերությունների դիրքորոշմանը` քաղաքագետը փաստեց, որ թե՛ Արևմուտքը, թե՛ Ռուսաստանը հավասարապես շահագրգռված են Հայաստանն իրենց շարքում տեսնելու. «Թե՛ Ռուսաստանի, թե՛ ԱՄՆ-ի քաղաքականությունը արցախյան հակամարտության հարցում խաղ է: Ռուսաստանը անընդհատ հնչեցնում է, որ Ղարաբաղյան խնդիրը րոպեական լուծման հարց չէ, Միացյալ Նահանգների համանախագահը` Ուորլիքը և նրա նախորդները, միշտ ասում են` այս ստատուս քվոն այլևս տանել չի կարելի: Սրանք տարբեր մոտեցումներ են: Տարբեր բանաձևերը, որ հնչեցվում են պատասխանատու անձանց կողմից այս հարցում, ցույց են տալիս, որ ԱՄՆ-ը և ՌԴ-ը հավասարապես շահագրգռված են, սակայն տարբեր լուծումներում, տարբեր դինամիկայով», – ասաց նա` նշելով, որ Հայաստանը պետք է փորձի շահել այս դրությունից: Միևնույն ժամանակ քաղաքագետը պատահական չի համարում նաև այս մասին ՀՀ նախագահի հնչեցրած այն հայտարարությունը, որ Հայաստանը չի պատրաստվում հակադրել մեկը մյուսին:

Ալեքսանդր Մինասյանն ասաց, որ  սխալ է ասել, թե անհրաժեշտ է վերականգնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը այն դեպքում, երբ այն արդեն ճանաչված է. «Միջազգային իրավունքով բոլոր ժողովուրդներն ինքնորոշման իրավունք ունեն, և դա ոչ մեկից չի խլվել: Չի կարելի ասել, որ Լեռնային Ղարաբաղը դուրս է մղվել բանակցային գործընթացից: ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքն արդեն ճանաչված է»:

Անկախ

 

Նախագահ Սերժ Սարգսյանի բաժակաճառը Չիլիի Հանրապետության Նախագահ Միշել Բաչելետի անունից ՀՀ Նախագահի պատվին տրված պաշտոնական ճաշի ժամանակ

7555Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև Չիլիի ազգային կոնգրեսի ներկայացուցիչների պալատի նախագահի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանը Չիլիի հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում հուլիսի 11-ին հանդիպում է ունեցել Չիլիի ազգային կոնգրեսի ներկայացուցիչների պալատի նախագահ Ալդո Կոնրեխո Գոնսալեսի հետ:

Հանդիպման ընթացքում երկուստեք մեծապես կարևորվել է խորհրդարանականների դերը միջպետական կապերի, ինչպես նաև երկու ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման գործում, ընդգծվել է միջխորհրդարանական փոխգործակցության զարգացման անհրաժեշտությունը: Հայաստանի և Չիլիի խորհրդարաններում ձևավորված բարեկամության խմբերը, զրուցակիցների կարծիքով, էական աջակցություն կարող են ունենալ այդ հարցում և առաջիկայում մեծ աշխատանք ունեն իրականացնելու: Օրենսդիր մարմինների փոխգործակցությունը, Նախագահ Սերժ Սարգսյանի և Չիլիի ազգային կոնգրեսի ներկայացուցիչների պալատի նախագահ Ալդո Կոնրեխո Գոնսալեսի համոզմամբ, կխթանեն նաև առևտրատնտեսական ու մշակութային կապերը:

Հաշվի առնելով օրենսդիր գործունեության մեջ Ալդո Կորնեխո Գոնսալեսի երկարամյա փորձը, գիտելիքներն ու բարձր հեղինակությունը՝ ՀՀ Նախագահը նշել է, որ կցանկանար, որպեսզի նա անձամբ նախաձեռնող լիներ հայ-չիլիական միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման գործում:

Ալդո Կոնրեխո Գոնսալեսը վստահեցրել է, որ կներդնի բոլոր ջանքերը` իր իրավասությունների շրջանակներում սերտացնելու Հայաստանի խորհրդարանի հետ կապերը: Նա կարևորել է բարեկամության խմբի չիլիացի պատգամավորների այցը Հայաստան, ընդգծելով, որ այն անպայմանորեն պետք է ունենա հստակ օրակարգ, համագործակցությունն անհրաժեշտ է տեղափոխել գործնական հարթություն` մեկ առ մեկ լուծելով բոլոր խնդիրները:

Միջխորհրդարանական փոխգործակցության համատեքստում Նախագահ Սերժ Սարգսյանը կարևորել է 2007թ. հունիսին Չիլիի Սենատի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման որոշումը, որը, Հայաստանի Նախագահի համոզմամբ, հայ-չիլիական բազմամյա բարեկամության նոր էջ բացեց՝ միաժամանակ երկու երկրների միջխորհրդարանական կապերին հաղորդելով առանձնակի բնույթ:

***

Չիլիի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև Սանտյագոյի քաղաքապետ Կարոլինա Տոհայի հետ:

Քաղաքապետարանի հանդիսությունների սրահում տեղի ունեցած ընդունելության պաշտոնական արարողությունից հետո Քաղաքապետ Կարոլինա Տոհան Հայաստանի Նախագահին է հանձնել քաղաքի բանալին և քաղաքի պատվավոր այցելուի պատվոգիրը: Իր խոսքում նա անդրադարձել է հայ-չիլիական բարեկամական հարաբերությունների ամրապնդման կարևորությանը` ՀՀ Նախագահի այցը մեծ խթան համարելով այդ ճանապարհին. «Հեռու չեմ լինի ճշմարտությունից, եթե խոստովանեմ, որ մենք` չիլիացիներս շատ քիչ բան գիտենք Հայաստանի մասին: Գտնվելով հետու և պարփակված լինելով մեր աշխարհագրությամբ, մենք հաճախ պատկերացնում ենք, որ շատ փոքր երկրներ ենք: Եվ գտնվելով այս մեկուսացած և բարդ աշխարհագրական տարածքում` հաճախ սխալ ենք գործում և աշխարհը պարփակում ենք այն սահմաններով, որոնք մեզ ավելի մոտ են գտնվում: Այնուհանդերձ, պարոն Նախագահ, սա մի գեղեցիկ մարտահրավեր է մեզ համար, որպեսզի մենք մեր դռները բացենք մեկ այլ մշակույթի առջև և մերձենանք հայ ժողովրդի հետ: Հայաստանի Հանրապետությունը լինելով երիտասարդ պետություն` ունի հնամենի մշակութային հարուստ ժառանգություն: Եվ ինչպես շատ հնագիտական ուսումնասիրություններ են ցույց տալիս, Հայաստանը աշխարհի քաղաքակրթության բնօրրաններից է: Հայաստանը շատ հետաքրքիր մի մշակույթ է ձևավորել շնորհիվ Եվրոպայի և Ասիայի հետ իր մշտական կապի: Հայերի պարն ու երաժշտությունը ամենահինն ու ինքնատիպն են: Պատմության հազարամյակների ճանապարհին հայերը կարողացել են պահպանել իրենց ինքնությունը, և մենք` չիլիացիներս մեր մեծ հարգանքն ենք մատուցում այդ ամենի համար: Կարճ ժամանակահատված է անցել, երբ Հայաստանն ու Չիլին դիվանագիտական հարաբերութուններ հաստատեցին, որից հետո 1993թ. Պաշտոնականացվեցին հարաբերությունները միջազգային կառույցների միջոցով: Այդուհանդերձ, այս հանդիպումը երկու ժողովուրդների համար լավ խթան և հնարավորություն է ճանաչելու միմյանց և Հայաստանի հազարամյա մշակույթը»,-ասել է Սանտյագոյի քաղաքապետը:

Պատասխան խոսքում Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ ուրախ է գտնվել Լատինական Ամերիկայի իրավամբ լավագույն քաղաքներից մեկում` Սանտյագոյում, և ի դեմս քաղաքպետ Տոհայի հանդիպել մշտապես ծաղկող այս քաղաքի հմուտ ղեկավարին. «Միաժամանակ ուրախ եմ հիասքանչ Սանտյագոյի խորհրդանշական բանալին ստանալու համար: Ես ընդունում եմ այն` ի նշան Հայաստանի և Չիլիի մայրաքաղաքների միջև հարատև բարեկամության և երկկողմ հարաբերությունների հետագա սերտացման:

Անչափ տպավորված եմ Սանտյագոյի առաջընթացով` պայմանավորված ինչպես գործարարության համար ստեղծված բարենպաստ պայմաններով, քաղաքային տնտեսության արդյունավետությամբ, անվտանգության բարձր աստիճանով, Սատյագոյի բնակիչների կենսամակարդակի բարձր ցուցանիշով, այնպես էլ քաղաքային ներհատուկ կոլորիտով, որի շնորհիվ Սանտյագոն դասվում է աշխարհի ամենագրավիչ և հետաքրքիր այցելավայրերի շարքին: Հիացած եմ քաղաքի նրբագեղ ճարտարապետությամբ, քաղաքը շրջապատող Անդյան վսեմ լեռնաշղթայով, որը հիշեցնում է Երևանն ու համայն հայության խորհրդանիշ բիբլիական Արարատ լեռը:

Թեև Հայաստանի և Չիլիի միջև աշխարհագրական մեծ տարածություն է ընկած, սակայն մեր ժողովուրդները դավանում են միևնույն արժեքները: Դա էր պատճառը, որ Օսմանյան Կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունից փրկված հայությունը հասավ այս հեռավոր ափերը և Չիլիի իշխանությունների և ժողովրդի բարեհաճ վերաբերմունքի շնորհիվ կարողացավ ոչ միայն գոյատևել, այլև ապրել ու արարել: Այսօր ցանկանում եմ ևս մեկ անգամ երախտիքի խոսք հղել բարեկամ Չիլիին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու համար: Այս քայլը հատկապես կարևորվում է մեզ համար Ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին:

Հարգարժան ներկանե´ր,

Ես ժամանել եմ Չիլի, որպեսզի երկրի ղեկավարության հետ քննարկեմ մեր երկկողմ հարաբերությունների ընդլայնման և խորացման հնարավորությունները: Մենք համագործակցության խոստումնալից հեռանկարներ ենք տեսնում այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են լեռնարդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, գինեգործությունը, սեյսմիկ պաշտպանությունը, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաները:

Այս շարքը թերի կմնար, եթե դրան չավելանար ապակենտրոնացված համագործակցությունն ու հանրային դիվանագիտությունը, որոնց դերն ու նշանակությունը երկկողմ հարաբերություններում հետզհետե աճում է:

Մենք հատկապես կարևորում ենք անմիջական կապերի հաստատումը քաղաքների միջև և արդեն ունենք համագործակցության հաջողված փորձ ձեր տարածաշրջանում: Հայ-չիլիական բարեկամական հարաբերությունների զարգացման համատեքստում մենք, անշուշտ, կուզենայինք, որ մեր մայրաքաղաքների միջև հաստատվեին ամուր կապեր, պատկերավոր ասած՝ որպեսզի կամուրջ ձգվեր Անդերից Արարատ: Հենց այս ցանկությունից ելնելով՝ ես սիրով հրավիրում եմ Ձեզ, տիկին Կարոլինա Տոհա, այցելել Հայաստան:

Եզրափակելով խոսքս, թույլ տվեք կրկին շնորհակալություն հայտնել տիկի՛ն քաղաքապետին այս հրաշալի միջոցառման համար: Ես հեռանում եմ նոր հանդիպումների և համագործակցության հնարավորությունների ակնկալիքով»,-ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 11-ին այցելել է նաև Չիլիի «Պրեկոլոմբինո» թանգարան, որտեղ դիտել է այդ երկրի պատմության հնագույն ժամանակաշրջանը ներկայացնող ցուցանմուշները, դրանց միջոցով ծանոթացել տվյալ ժամանակաշրջանի պատմական իրողություններին:

Նույն օրը Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է նաև Չիլիի հայկական համայնքի կողմից տասնամյակներ առաջ հիմնված «Հայ տուն», ծաղկեպսակ դրել բակում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, ծառատունկ կատարել, որից հետո հանդիպում է ունեցել չիլիահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նախագահը հանդիպման ժամանակ խոսել է հայ-չիլիական հարաբերությունների ամրապնդման գործում փոքրաթիվ, սակայն գործունյա չիլիահայ համայնքի դերի, հայապահպանության և համազգային այլ կարևորագույն խնդիրների մասին, ներկայացրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ անցկացվող և հաջորդ տարի ու նաև դրանից հետո նախատեսվող միջոցառումները, խոսել Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին և շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար: Նախագահն ընդգծել է, որ հպարտ է նման հայրենակիցներով և վստահ, որ հայ ժողովրդի հաջողության միակ բանալին, ինչպես բազմիցս է ասվել, միասնությունն է` Հայրենիքը ուժեղ է Սփյուքով, Սփյուռքը` Հայրենիքով: Հանդիպման ավարտին Սերժ Սարգսյանը Մխիթար Գոշի մեդալով պարգևատրել է Չիլիի Հանրապետությունում ՀՀ պատվավոր հյուպատոս Էդուարդո Ռոդրիգես Գուառաչիին, Մովսես Խորենացու մեդալով` փոխծովակալ Հեռնան Կույումջյանին: Նախագահը շնորհավորել է նրանց` Հայրենիքի բարձր պարգևներին արժանանալու համար և մաղթել նորանոր հաջողություններ:

Ավարտելով տարածաշրջանային այցը Հարավային Ամերիկա` Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը վերադառնում է Երևան:

Ավարտվել է Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Չիլիի Հանրապետություն

7535Պաշտոնական այցով Չիլիի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 11-ին հանդիպում է ունեցել Չիլիի Նախագահ Միշել Բաշելեի հետ:

Մինչ այդ, Հանրապետության Նախագահը ծաղկեպսակ է դրել Չիլիի ազգային հերոս գեներալ Բեռնարդո Օ’Հիգինսի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել:

Չիլիի Նախագահի նստավայրում՝ «Մոնեդա» պալատում, ՀՀ Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է նախագահներ Սերժ Սարգսյանի և Միշել Բաշելեի հանդիպումը:

Հայաստանի և Չիլիի նախագահները քննարկել են հայ-չիլիական միջպետական կապերի ամրապնդմանն ու համագործակցության զարգացման հեռանկար ունեցող մի շարք ոլորտներում համատեղ ջանքերի ներդրման հետ կապված հարցերի լայն շրջանակ:

Ափսոսանքով նշելով, որ Հայաստանի և Չիլիի միջև հարաբերությունները Հայաստանի անկախացումից ի վեր ցանկալի տեմպով չեն ընթացել, զրուցակիցները համակարծիք են եղել, որ ժամանակակից աշխարհում նույնիսկ աշխարհագրական հեռավորությունն այլևս խոչընդոտ չէ, հատկապես այն պարագայում, երբ երկու ժողովուրդներն էլ իրենց զարգացման ուղին կառուցում են միևնույն արժեքների հիման վրա: ՀՀ Նախագահն ընդգծել է, որ իր այցը միտված է լրացնելու տարիների այս բացը և հարաբերությունների նոր փուլ սկսելու երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացման նպատակով:

Հանդիպմանը երկուստեք կարևորվել է Հայաստանի և Չիլիի միջև իրավապայմանագրային դաշտի ձևավորումը, որը, կողմերի համոզմամբ, նոր հնարավորություններ կբացի ինչպես քաղաքական, այնպես էլ առևտրատնտեսական փոխգործակցության զարգացման համար:

Այս համատեքստում Նախագահ Սերժ Սարգսյանը ողջունել է մեկ ամիս առաջ Երևանում կայացած առաջին բիզնես-սեմինարը, որի ժամանակ լատինաամերիկյան տարածաշրջանով հետաքրքրված հայ գործարարներին ներկայացվել են Չիլիի հետ գործարար կապեր հաստատելու հնարավորությունները:

Հեռանկարային է համարվել մի շարք ոլորտներում, այդ թվում` գյուղատնտեսության և հատկապես գինեգործության բնագավառում փոխգործակցությունը: Հայ-չիլիական համագործակցության ընդլայնման համատեքստում Հայաստանի և Չիլիի նախագահները ոչ պակաս կարևոր են համարել գիտակրթական, մշակութային, զբոսաշրջության ու սպորտի բնագավառներում փոխգործակցության երկուստեք խրախուսումն ու զարգացումը: Հատկապես այս ոլորտները, ըստ նրանց, կարող են նպաստել նաև երկու բարեկամ ժողովուրդների միջև ակտիվ շփումներին ու փոխճանաչելիությանը:

ՀՀ Նախագահի համոզմամբ, միջպետական կապերի ամրապնդման տեսանկյունից կարևոր է նաև այն հանգամանքը, որ Հայաստանի և Չիլիի մոտեցումներն ու դիրքորոշումները համամարդկային նշանակության կարևորագույն հարցերի շուրջ համահունչ են: Դրա վառ ապացույցը, ըստ Սերժ Սարգսյանի 2007թ. Չիլիի կողմից Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելն էր` շահելով աշխարհի համայն հայության անմնացորդ համակրանքն ու հարգանքը` որպես անկեղծ և հուսալի բարեկամ:

Երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացման գործում նախագահներն ընդգծել են Չիլիում փոքրաթիվ հայ համայնքի համեստ, բայց միևնույն ժամանակ ուրույն դերակատարումը:

Հանդիպման ավարտին երկու երկրների նախագահների ներկայությամբ Հայաստանի և Չիլիի արտաքին գործերի նախարարները ստորագրել են «ՀՀ արտաքին գործերի նախարարության և ՉՀ արտաքին գործերի նախարարության միջև համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր: Այնուհետ Չիլիի Նախագահ Միշել Բաչելետի անունից՝ ի պատիվ պաշտոնական այցով Չիլիի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի, տրվել է պաշտոնական ճաշ:

Իր բաժակաճառում Նախագահ Միշել Բաշելետը ևս մեկ անգամ ողջունել է ՀՀ Նախագահին և նրա գլխավորած պատվիրակությանը Չիլիում, ընդգծել, որ իր համար մեծ պատիվ է և ուրախություն առաջին անգամ Չիլի պաշտոնական այց կատարած Հայաստանի Հանրապետության Նախագահին հյուրընկալելը. «Ինչպես տեղյակ եք, պարոն Նախագահ, դեռևս տասնիններորդ դարից հայերը եկել են Չիլի բնակություն հաստատելու: Ընդհանրապես, Չիլին այն երկիրն է, որը միշտ հանգրվան է տալիս այստեղ եկող մարդկանց: Նրանք լայնորեն ընդգրկվել և կարողացել են լավագույնս ինտեգրվել մեր հասարակությանը, քանի որ Չիլիի հասարակությունն ունի մեծ հանդուրժողականություն և հարգանք: Ծագումով հայ չիլիացիները, ինչպես տեսաք և ես այսօր մեր զրույցի ընթացքում էլ ասացի, մեծապես նպաստել են Չիլիի հասարակության կայացմանն ու զարգացմանը` ինչպես քաղաքական, տնտեսական, գործարար շրջանակներում, այնպես էլ մշակույթի և սպորտի բնագավառներում: Փաստորեն, երբ ես պաշտպանության նախարար էի, այն ժամանակ մենք ունեինք ծովակալ Հեռնան Կույումջյան: Չիլին իր երախտագիտությունն է հայտնում այն աջակցության համար, որ հայազգի ներկայացուցիչները ցուցաբերում են:

Այսօր մեր դիվանագիտական հարաբերություններն արդեն հասել են հասունության մի շրջանի, որ մենք պետք է շարունակենք քաղաքականապես այն խորացնել: Ուզում ենք ևս մեկ քայլ անենք, որպեսզի կրճատենք այս աշխարհագրական հեռավորությունը: Պետք է չթողնենք, որ այդ հեռավորությունը մեզ իրարից բաժանի, այլ, ընդհակառակը` կարողանանք աշխատել և՛ առևտրի, և՛ տնտեսության ոլորտներում: Ինչպես ես քիչ առաջ կայացած մեր հանդիպման ժամանակ ասացի, Չիլին կարողացել է տնտեսական հարաբերություններ զարգացնել շատ երկրների հետ և կնքել ազատ առևտրի պայմանագրեր` զարգացնելով նաև իր տնտեսությունը: Եվ մենք կարող ենք շարունակել նման համագործակցությունը` հաշվի առնելով այն Փոխըմբռնման հուշագիրը, որն այսօր ստորագրվեց մեր երկու արտգործնախարարությունների միջև: Այդ հուշագիրը մեզ հնարավորություն կտա, որպեսզի ավելի պաշտոնականացնենք մեր քաղաքական հարաբերությունները և խորհրդատվությունները, ճանապարհ բացենք առևտրատնտեսական հարաբերությունների համար:

Հարգարժան պարոն Նախագահ, ուզում եմ իմ գոհունակությունը հայտնել Ձեզ՝ այցի համար, այստեղ Ձեր ներկայության համար, որը մեզ հնարավորություն է տալիս քննարկելու և նոր ուղիներ փնտրելու համագործակցության համար:

Այժմ առաջարկում եմ բոլորս բաժակ բարձրացնենք Հայաստանի Հանրապետության և Չիլիի Հանրապետության միջև բարեկամության և մեր նոր համագործակցության համար»,- բաժակաճառի ավարտին ասել է Չիլիի Նախագահը:

ԿԳՆ-ն՝ ամենաբաց կառույց

Արմեն-ԱշոտյանԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հարցմանը, ըստ որի ԿԳՆ-ն լրագրողների կողմից ճանաչվել է որպես ամենաբաց կառույցը:

Աշոտյանը գրում է.

՛՛Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2014 թվականի հունիսին հայաստանյան ԶԼՄ-ների շրջանում անցկացրեց հարցում՝ նպատակ ունենալով պարզել լրագրողների և լրատվամիջոցների կարծիքով ՀՀ ամենափակ և բաց կառույցները։

Այս հետազոտության արդյունքներով ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը լրագրողների կողմից ճանաչվել է ամենաբաց կառույց:

Շնորհակալ եմ լրագրողներին և Ինֆորմացիայի ազատության կենտրոնին իրենց գնահատականի ու համատեղ աշխատանքի համար: Թափանցիկությունն ու հաշվետվողականությունը մեր գործունեության առաջնայնություններից են:

Հանրային վստահությունը կարևորագույն նախապայման ու ոգեշնչման աղբյուր է կրթական ոլորտի բարեփոխումների արդյունավետ իրականացման համար:

Այդպես եղել է, կա և լինելու է նաև ապագայում՛՛:

Գրավախաղի կազմակերպիչներն ավելի բարձր են դասում Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի հաղթելու հնարավորությունները:

բրազիլ4444Այսօր Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում 3-րդ տեղի համար կմրցեն Բրազիլիայի և Հոլանդիայի հավաքականները։ Հանդիպումը կկայանա Բրազիլիայի Գարինչայի անվան մարզադաշտում: Խաղը կսկսվի 00:00-ին: Գլխավոր մրցավարն ալժիրցի Ջամել Հայմուին է:

Գրավախաղերի կազմակերպիչներն ավելի մեծ են համարում Բրազիլիայի հավաքականի հաղթելու հնարավորությունները: Բրազիլիայի հավաքականի հաղթանակի համար սահամանվել է 2,1. Հոլանդիայի թիմի` 3,3 գործակիցը: Ոչ-ոքին ունի 3,7 գործակիցը:

Ադրբեջանում ձերբակալվել է իշխանության հերթական քննադատը

2 (5) Մամուլի պաշտպանության միջազգային “Լրագրողներ  առանց սահմանների” կազմակերպությունը դատապարտել է ադրբեջանցի 19-ամյա բլոգեր Օմար Մամեդի` ազատազրկումը  5 տարով, տեղեկացնում է “Կոնտակտ” լրատվական կայքը:

“Օմարը քաղաքականապես մոտիվացված դատարանի զոհ է` կառավարությանը քննադատողի բերանը փակելու նպատակով”,- նշված է հայտարարությունում:

Ադրբեջանում շարունակում են բլոգերներին բանտարկել` չնայած հունիսի 25-ին ԵԱՀԿ-ի նստաշրջանում նախագահ Իլհամ Ալիևի հայտարաությանը, թե իր երկիրը ունի “ազատ ինտերնետ”: Իշխանությունները պարբերաբար հորինում են թմրանյութեր պահելու և տարածելու կեղծ մեղադրանքներ` ընդդիմադիր ակտիվիստներին պատժելու համար:

Օմար Մամեդովը ֆեյսբուքյան երկու էջերի հեղինակ է, որտեղ ծաղրի էր ենթարկում կառավարության քաղաքականությունը: Այդ էջերը շատ հայտնի են եղել և ունեցել են ամսական մինչև կես միլիոն այցելու:

“Մենք կոչ ենք անում դատական համակարգին հանել բլոգերի նկատմամբ ընդունված անհեթեթ մեղադրանքները վերաքննիչ դատարանում: Եվրոպայի խորհուրդը պետք է անհրաժեշտ հետևություններ անի այն փաստից, որ հալածանքների աճող թիվը Ադրբեջանի իշխանությունների ձեռքի գործն է”,- ասել է Յոհան Բիրը` “Լրագրողներ  առանց սահմանների” բաժանմունքի նախագահը:

Քարվաճառում փոխհրաձգությունից վիրավորված կնոջ վիճակը կայուն ծանր է. Արծրուն Հովհաննիսյան

Արծրուն ՀովհաննիսյանԵրեկ Քարվաճառի տարածքում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով վիրավորված Կարինե Արշավիրի Դավթյանի առողջական վիճակը այժմ կայուն ծանր է` դրական նախանշաններով: Կարինե Դավթյանն այժմ գտնվում է Մուրացանի հոսպիտալում: Այս մասին գրում է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում:
՛՛Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 11-ին, Քարվաճառի տարածքում հակառակորդի դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ հայ զինծառայողները ոչնչացրել են մեկ դիվերսանտի: Փոխհրաձգության ժամանակ զոհվել է հայ սպա`1972 թվականին ծնված մայոր Սարգիս Աբրահամյանը, վիրավորվել է 1977 թվականին ծնված Կարինե Դավթյանը՛՛,- գրում է Հովհաննիսյանը:

Ադրբեջանից Վրաստան է տեղափոխվել 100 միլիոն դոլար արժողությամբ հերոին

1 (3)Այսօր Վրաստանի ներքին գործերի նախարարության և ֆինանսների նախարարության աշխատակիցների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բռնագրավվել է մոտ 3 տոննա հեղուկ հերոին, տեղեկացնում է ադրբեջանական “Վեստի” գործակալությունը` հղում կատարելով Վրաստանի ՆԳՆ-ին:

Ըստ տեղեկության` սա աննախադեպ դեպք է, և երկրի իրավապահ մարմինները մինչև այսօր այս քանակությամբ թմրանյութ երբևէ չէին բռնագրավել:

Հեղուկ օճառի համար նախատեսված մոտ 100  հատ 30 լիտրանոց կոնտեյներներ` հեղուկ հերոինով, հայտնաբերվել է բեռնատար ավտոմեքենայում, որը Ադրբեջանից եկել էր Վրաստան`Թուրքիա գնալու նպատակով: Այս փաստի առնչությամբ ձերբակալվել է 2 վրացի:

Ըստ նախնական քննության` հայտնաբերված հեղուկը պարունակում է 80% մաքուր հերոին, որի շուկայական արժեքը հարյուր միլիոն դոլար է:

Փաստի առնչության տարվում է հետաքննություն:

Շաբաթվա ընթացքում ադրբեջանցիները հրադադարի ռեժիմը խախտել են շուրջ 400 անգամ

հրադադարՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հուլիսի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3500 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողություններ ձեռնարկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

Քարվաճառում ադրբեջանցի դիվերսանտի արձակած կրակոցից հայ սպա է զոհվել

Diversant-4Ինչպես հաղորդվել էր ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության կողմից Քարվաճառի ուղղությամբ ադրբեջանական դիվերսիոն հետախուզական խմբի կողմից սահմանի խախտման ժամանակ անդամների մի մասը ձերբակալվել, իսկ մյուսները դիմել էին փախուստի: Պաշտպանության բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված հատուկ գործողությունների արդյունքում հայտնաբերվել են նաև խմբի այլ անդամներ, որոնցից մեկը ցույց է տվել դիմադրություն և սպանվել: Ցավոք դիվերսանտի արձակած գնդակից հայկական ուժերը կորցրել են մեկ սպա:

Անհրաժեշտության դեպքում դեպքի այլ մանրամասներ կհաղորդենք ավելի ուշ:

 

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

2014-ի Առաջին կիսամյակում առգրավվել է 699 միավոր հրազեն

զենք2014 թ. 1-ին կիսամյակի ընթացքում ոստիկանության ստորաբաժանումների կողմից ՀՀ տարածքում առգրավվել, հայնաբերվել կամ բնակչության կողմից կամավոր հանձնվել է 699 միավոր հրազեն եւ 36 միավոր գազային և օդամղիչ ատրճանակ:
Նշված 699 միավոր հրազենից 51-ը առգրավվել է, 78-ը՝ հայտնաբերվել, իսկ 570-ը` հանձնվել է կամավոր: Այդ 699 միավոր հրազենից 51-ը եղել է ատրճանակ, 83-ը` ինքնաշեն ատրճանակ, 22-ը` ինքնաշեն կրակող սարք, 38-ը` ինքնաձիգ, 9-ը` ինքնաշեն ինքնաձիգ, 477-ը` գործարանային եւ ինքնաշեն տարբեր տեսակի հրացան, որից 390-ը` որսորդական, 16-ը` գործարանային եւ ինքնաշեն տարբեր տեսակի նռնականետ, 2-ը` գնդացիր եւ 1 այլ զենք:
Միաժամանակ` առգրավվել, հայտնաբերվել կամ կամավոր է հանձնվել տարբեր տրամաչափի 64116 փամփուշտ, 28.2 մետր դետոնացիոն քուղ, 193 միավոր սառը զենք, տարբեր տեսակի 339 նռնակ, 45 միավոր ինքնաշեն նռնակ, նռնակի 382 պայթուցիչ, 62 պայթուցիկ սարք, 13.5 կգ պայթուցիկ նյութ, 48 ական եւ արկ, 82 ճայթիչ եւ այլն:
Հաշվետու ժամանակահատվածում Երեւան քաղաքում ոստիկանության ստորաբաժանումների կողմից առգրավվել, հայտնաբերվել կամ բնակչության կողմից կամավոր է հանձնվել 83 միավոր հրազեն եւ 12 միավոր գազային ու օդամղիչ ատրճանակ: Նշված 83 միավոր հրազենից 2-ը առգրավվել է, 24-ը հայտնաբերվել, իսկ 57-ը` հանձնվել կամավոր:
Համաձայն ՀՀ ոստիկանության 2014 թ. հիմնական կազմակերպչական միջոցառումների պլանի` ապրիլի 3-ից մայիսի 3-ը ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ ոստիկանության տարածքային մարմինների ուժերով ՀՀ տարածքում անցկացվել է օպերատիվ-կանխարգելիչ «Զինանոց-2014» միջոցառման 1-ին փուլը, որի ընթացքում ոստիկանության ստորաբաժանումների կողմից առգրավվել կամ տարված բացատրական աշխատանքների շնորհիվ բնակչության կողմից կամավոր հանձնվել է ապօրինի պահվող տարբեր տեսակի 170 հրազեն:

«Ֆոլքսվագեն»-ը դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել

ավտոպատահարՀուլիսի 11-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ-Երևան ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

14 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 7-ը` առանց համապատասխան փաստաթղթերի

վարորդՀուլիսի 11-ին, ժամը 20.00-ից մինչև ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում անցկացված ստուգայցի ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 21 ավտոմեքենա. 14 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 7-ը` առանց համապատասխան փաստաթղթերի:

 

«Մերսեդես»-ը կորցնելով կառավարումը` դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել բենզալցակայանին

ապակիՀուլիսի 11-ին, ժամը 18.00-ին, Երևանի Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո երկրորդ ավտոմեքենան կորցնելով կառավարումը` դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել բենզալցակայանին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած մահվան ելքով պատահարի առնչությամբ հարուցվել է քրեական գործ

ՈստիկանությունՀուլիսի 11-ին, ժամը 23.40-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կոտայքի մարզի Արզնի գյուղի կամրջի մոտ ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Երևան-Սևան ճանապարհի 17-րդ կմ-ին իրար են բախվել 1973 թ. ծնված Արմեն Աբրահամյանի վարած «Ֆոլքսվագեն Գոլֆ-3» և 1981 թ. ծնված Հարություն Բ.-ի վարած «Միցուբիշի Պաջերո ԻՕ» մակնիշի ավտոմեքենաները:
Պատահարից հետո վարորդները և ուղևորները կանգնել են ճամփեզրին` վթարված ավտոմեքենաները զննելու: Այդ պահին Սևանից Երևան երթևեկող «ՎԱԶ-217230» մակնիշի ավտոմեքենան, որը վարում էր 1987 թ. ծնված Արայիկ Կ.-ն, վրաերթի է ենթարկել «Ֆոլքսվագեն Գոլֆ-3»-ի վարորդ Արմեն Աբրահամյանին և նույն ավտոմեքենայի ուղևոր` 1964 թ. ծնված Հրաչյա Վարդանյանին, որոնք ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել են, իսկ «Միցուբիշի Պաջերո ԻՕ» -ի երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» լուսավորիչ բժշկական կենտրոն:
Արայիկ Կ.-ն դեպքի վայրից դիմել է փախուստի, սակայն գիշերը, ժամը 02.40-ին, ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մասիսի բաժին, այնուհետև` տեղափոխվել Կոտայքի բաժին:
Հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Արայիկ Կ.-ն ձերբակալված է:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Ավտոմեքենաները տեղափոխվել են ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
Կատարվում է նախաքննություն:

Խաղաքարտեր` Ուկրաինայի թշնամիների նկարներով

1172-390x290 (1)Ուկրաինայում «Խփիր ստորին» անվանումով խաղաքարտեր են թողարկվել` Կիևի քաղաքականության հետ անհամաձայն անձնավորությունների լուսանկարներով, հաղորդում է Вести.Ru-ն:

Խաղաքարտերիին Լուգանսկի ու Դոնեցկի հանրապետությունների առաջնորդներն են, աշխարհազորային հայտնի մարտիկներ, հասարակական գործիչներ ու ռուս լրագրողներ:

Խաղաքարտերը ստեղծողները հայտնել են, որ դրանք պետք են, որ «զիվորները միշտ ձեռքի տակ ունենան այդ մարդկանց նկարները ու թույլ չտա, որ ժողովրդի թշնամիները կանացի փեշով անցնեն բլոկպոստերը»: Գաղափարը նրանք փոխառել են ԱՄՆ-ից.ամերիկացիները Սադամ Հուսեյնի սպաների դեմքերը մտապահում էին խաղաքարտերի օգնությամբ:

Ավելի վաղ Կիևում կազմել էին  Ուկրաինայի թշնամիների «գնդակահարության ցուցակ», որում նաև Ռուսաստանի լրագրողների անուններ էին ներառված:

Անկախ