Տիգրան Սարգսյանը նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Թաթուլ ՄարգարյանՍերժ Սարգսյանի հրամանագրով Թաթուլ Մարգարյանն ազատվել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Տիգրան Սարգսյանը նշանակվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վաշինգտոն):

Տիգրան Սարգսյանին նախագահի հրամանագրով MHM45634 copyշնորհվել  է Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան:

ՀՀ վարչապետ. «Չեմ հանդուրժելու ամենաթողության ցանկացած դրսևորում»

 ՀՀ կառավարության հերթական նիստԱյսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Բացելով նիստը, վարչապետը դիմել է ներկաներին. «Ուզում եմ անդրադառնալ ինձ խիստ անհանգստացնող մի երևույթի. հասարակության որոշ անդամներ սկսել են իրենց դժգոհությունն արտահայտել ծայրահեղ սանձարձակ և սադրիչ եղանակներով: Ես անընդունելի եմ համարում ամբոխային մեթոդներով իշխանության ներկայացուցիչներին նվաստացնելու և ճնշելու փորձերը: Ինչպես օրինակ՝ պատգամավորների կամ նախարարների վրա մանրադրամների նետումը: Թերևս ոմանք մոռացել են, որ իշխանության ներկայացուցիչները ևս ունեն մարդու բոլոր իրավունքներն ու ազատությունները և ենթակա են պաշտպանության նույն ձևով, ինչ հասարակության ցանկացած անդամ:
Չեմ ուզում, որ խոսքերս սխալ ընկալվեն: Ես կողմ եմ ազատությանը, կողմ եմ խոսքի ազատությանը, կողմ եմ սեփական կարծիքը տարածելու ազատությանը, կողմ եմ ազատ տեղաշարժին, կողմ եմ խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքին: Ոչ միայն կողմ եմ, այլև մինչև վերջ պաշտպանելու եմ այդ իրավունքները: Բայց այդ ազատությունը ավարտվում է այն պահին, երբ այն սկսում է ոտնահարել ուրիշի իրավունքները: Նման դեպքում դա այլևս ազատություն չէ, այլ ամենաթողություն: Եվ եթե ազատությունը ժողովրդավարական հասարակության հենասյուներից է, ապա ամենաթողությունն անարխիայի հենասյունն է: Հանդուրժել անարխիան՝ նշանակում է վտանգել երկիրը: Ի լուր բոլորի հայտնում եմ՝ ես դա չեմ հանդուրժելու: Ուստի հանձնարարում եմ Արդարադատության նախարարին ու ոստիկանապետին քննարկել այս հարցը և առաջարկել լուծումներ թե՛ օրենսդրական, թե՛ կազմակերպական:
Եթե անհրաժեշտ է, հրավիրեք ձեր եվրոպացի գործընկերներին, ուսումնասիրեք նրանց փորձը, անցկացրեք ուսուցում, բայց ապահովեք, որ հասարակական կարգը պահպանող մարմիններն իրենց գործողություններով լիակատար պաշտպանեն սահմանադրական ազատությունները, միաժամանակ կտրուկ կանխեն ամենաթողության ցանկացած դրսևորում»:

Այնուհետև հաստատվել է նիստի օրակարգը, և կառավարությունն սկսել է հարցերի քննարկումը:

 

Հայաստանի արտգործնախարարը կայցելի Լատվիա

Էդվարդ ՆալբանդյանԼատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչսի հրավերով հունիսի 26-27-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռիգա:

Լատվիայի մայրաքաղաքում նախատեսված են Հայաստանի արտգործնախարարի հանդիպումները Լատվիայի օրենսդիր և գործադիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:

Հայաստանի արտգործնախարարը ելույթ ունեցավ Աֆղանստանում անվտանգության աջակցության ուժերին մասնակցող պետությունների արտգործնախարարների հանդիպմանը

g_imageՀունիսի 25-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում ներկա գտնվեց և ելույթ ունեցավ Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերին մասնակցող երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը։
Աֆղանստանում տիրող իրավիճակին եւ միջազգային հանրության անելիքներին նվիրված հանդիպմանը մասնակցում էին ՆԱՏՕ-ի անդամ եւ Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերին մասնակցող շուրջ հինգ տասնյակ երկրների ԱԳ նախարարներ:

Ելույթ ունենալով հանդիպմանը` Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ միջազգային հանրության կողմից հետևողական ջանքեր են գործադրվել Աֆղանստանում անվտանգության և կայունության հաստատման համար, և այժմ, երբ երկրում անվտանգության ապահովման գործառույթը փոխանցվել է Աֆղանստանի անվտանգության ազգային ուժերին, կարևոր է նրանց համապատասխան օգնության ցուցաբերումը իրենց առաքելությունն արդյունավետ իրականացնելու համար։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հույս հայտնեց, որ Աֆղանստանում ի հայտ եկած հետընտրական բարդությունները հնարավոր կլինի հաղթահարել կառուցողական, կողմերի համար ընդունելի եղանակով՝ ճանապարհ հարթելով երկրում կայունության հաստատման և անվտանգության ապահովման համար։

Նախարար Նալբանդյանն իր խոսքում վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը շարունակելու օժանդակությունը Աֆղանստանում անվտանգության եւ ներազգային համերաշխության հաստատման ուղղությամբ գործադրվող միջազգային հավաքական ջանքերին:

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային

7115Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:

Զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր: Հանդիպման ընթացքում Նիկոլայ Բորդյուժան Հանրապետության Նախագահին զեկուցել է Կազմակերպության ընթացիկ գործունեության, համագործակցության շրջանակներում արձանագրված արդյունքների, այդ թվում՝ ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի զարգացման, ՀԱՊԿ անդամ-պետությունների ռազմական համագործակցության հիմնական ուղղությունների զարգացման ծրագրի իրականացման ընթացքի, ՀԱՊԿ միացյալ շտաբի ընթացիկ գործունեության, ինչպես նաև Կազմակերպության Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում անվտանգության ապահովման հետ կապված հարցեր: ՀՀ Նախագահը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախորդ նստաշրջանում ընդունված որոշումների իրագործման ընթացքը:

 

Կայացել է ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ

IMG_9404 copyՀունիսի 25-ին Հայաստանի Հանարպետություն է ժամանել ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Նույն օրը տեղի է ունեցել Ն. Բորդյուժայի հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի զարգացման ոլորտի ընթացիկ և հեռանկարային խնդիրներ, ինչպես նաև ս.թ. հուլիսի 1-ից 2-ը Երևանում կայանալիք «ՄԱԿ-ի սկզբունքների և ստանդարտների հիման վրա ազգային և տարածաշրջանային խաղաղարարական ներուժների ինտեգրումը խաղաղ օպերացիաների համընդհանուր համակարգի մեջ» խորագրով միջազգային ռազմավարական քաղաքական համաժողովի նախապատրաստման ընթացքը:

Հայաստանի վարչապետն այցելել է Արցախի պաշտպանական բանակի առաջապահ դիրքեր

11405_am_3Աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի, ԼՂՀ պաշտպանության նախարար գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի, ինչպես նաև Հայաստանի և Արցախի կառավարությունների անդամների ուղեկցությամբ այցելել է Արցախի պաշտպանական բանակի առաջին գիծ՝ պետական սահմանագիծը պահող պաշտպանական տեղամասերից մեկը:
Հանրապետության վարչապետը հանդիպել է մարտական դիրքում ծառայությունն անցկացնող զինվորներին և հրամանատարներին, շրջայց կատարել մարտական հենակետում, ծանոթացել ծառայության անցկացման և կենցաղային պայմաններին, ճաշել զինծառայողների հետ, հետաքրքրվել նրանց մարտական և հոգեբանական պատրաստվածությամբ: ՀՀ կառավարության ղեկավարը նվերներ է հանձնել մարտական հենակետը պաշտպանող բոլոր զինծառայողներին՝ անձնվիրությամբ և խիզախությամբ հայրենիքին ծառայելու համար: Մարտական առաջին գծում ծառայությունն ավարտած երկու զինծառայող զորացրվել են և Հովիկ Աբրահամյանի առաջարկությամբ իր հետ վերադարձել տուն:
11405_am_6 (2)Լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետ Աբրահամյանը բարձր է գնահատել զինծառայողների մարտական պատրաստականությունը և հոգեբանական վիճակը, ինչպես նաև գոհունակություն հայտնել զինծառայողների կենցաղային պայմաններից և սնունդից: «Շատ կարևոր է լինել զինվորների կողքին, լսել և տեղում ծանոթանալ նրանց բոլոր խնդիրներին: Այս անգամ ավելի շատ զգացի, որ զինվորների մոտ կա խանդավառություն, վստահություն և, ամենակարևորը, վիճակը լավ է: Նրանք արժանապատիվ գործ են անում՝ պաշտպանում են իրենց հայրենիքի սահմանները, ծնողներին, ընտանիքը: ԼՂՀ պաշտպանական բանակի հրամանատարը՝ պաշտպանության նախարարը սրտացավ է և մանրակրկիտ տիրապետում է ամեն ինչին: Որպես պետություն՝ պարտավոր ենք ավելի լավ պայմաններ ստեղծել զինվորների ծառայության համար: Ծառայությունն այս վտանգավոր մարտական դիրքում, երբ մի քանի հարյուր մետր այն կողմ թշնամու դիպուկահարներն են, մեծ զգուշություն և զգոնություն է պահանջում զինվորներից: Համոզված եղեք, որ մեր հայրենիքի պաշտպանների նկատմամբ մշտական ուշադրությունը, ուսուցողական աշխատանքը, վստահության ձևավորումը շարունակական են լինելու», – ասել է վարչապետը: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ անվտանգության ապահովումը մեր երկրի գերակա խնդիրն է և կարևորել է պետական բարձրաստիճան այրերի պարբերական այցերը մարտական դիրքեր: «Զինվորը պետք է հասկանա, որ իր թիկունքում կա պետություն, կա ժողովուրդ, ով գնահատում է իր ծառայությունը, ազգանվեր գործը: Աստված խաղաղություն տա մեր երկրին», – հավելել է ՀՀ կառավարության ղեկավարը:
Այնուհետև Հայաստանի վարչապետն այցելել է ԼՂՀ պաշտպանական բանակի N զորամաս, զրուցել զինծառայողների և սպայական անձնակազմի հետ, ծանոթացել ծառայողական և կենցաղային պայմաններին: Զինծառայողներին ուղղված ողջույնի խոսքում Հովիկ Աբրահամյանը, մասնավորապես, նշել է. «Ցանկանում եմ վստահեցնել ձեզ, որ մենք շատ բարձր ենք գնահատում յուրաքանչյուր զինվորի և սպայի ծառայությունը: Զինծառայողների հետ զրույցի ընթացքում զգացինք, թե ինչ անձնվիրությամբ են նրանք ծառայում՝ պաշտպանելով մեր Արցախի անվտանգությունը: Վստահ եղեք, որ իշխանություններն ամեն ինչ անելու են, որպեսզի ձեր ծառայությունը լինի ավելի որակյալ: Մենք կանդրադառնանք բոլոր այն խնդիրներին, որոնք կներկայացվեն մեր զինվորների, սպաների, հրամանատարների կողմից: Բոլորդ պետք է հասկանաք, որ Հայաստանի անվտանգությունն սկսվում է Արցախի անվտանգությունից: Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ: Համոզված եղեք՝ մենք ձեր կողքին ենք լինելու և բարձր ենք գնահատում ձեր ծառայությունը»:
11405_am_7 (1)Զինվորական բարձր կարգապահությամբ և պարտաճանաչությամբ աչքի ընկնելու համար ՀՀ կառավարության ղեկավարը մի խումբ զինծառայողների և հրամանատարների նվիրել է ժամացույց և կենցաղային տեխնիկա:
Արցախի պաշտպանական դիրքեր այցելությամբ ավարտվել է Հովիկ Աբրահամյանի աշխատանքային այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: ՀՀ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր կվերադառնա Երևան:
Անկախ

Հայաստանի և Արցախի արդարադատության նախարարությունների միջև կնքվել է գործընկերային համագործակցության մասին հուշագիր

10490159_809373992435964_418298660_nՀայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի գլխավորած պատվիրակությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած երկօրյա այցի շրջանակներում, այսօր հանդիպել է ԼՂՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանին:

Նախարարները քննարկել են արդարադատության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված հարցեր ու ծրագրեր:

Հանդիպման ընթացքում նախարարները ստորագրել են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության միջև գործընկերային համագործակցության մասին հուշագիր:

Այն ներառում և վերահաստատում է 2007 և 2010 թվականներին կնքված երկկողմ հուշագրերով նախատեսված դրույթները, ինչպես նաև նախանշում ոլորտի աշխատողների մասնագիտական որակավորման հետագա բարձրացման և վերապատրաստման ուղղությամբ համատեղ միջոցառումների՝ գիտաժողովների, դասախոսությունների, գործնական հանդիպումների կազմակերպում և անցկացումª Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Հուշագրով նախատեսված միջոցառումների իրականացման արդյունավետությունը բարձրացնելու հարցում կողմերը կարևորել են էլեկտրոնային համակարգերի ներդրումը:

ՀՀ արդարադատության նախարարը բարձր է գնահատել երկու երկրների միջև համագործակցության մակարդակը ու վստահություն հայտնել, որ այն կնպաստի ավելի զարգացած ու իրավական պետություն ունենալուն: «Ես ինձ իմ հայրենիքում եմ զգում: Այս այցը ոչ միայն արդյունավետ է փոխգործակցության համատեքստում, այլև հետաքրքիր ապրումներ է պարգևում մեզ. մենք մեր Արցախում ենք՝ մեր հողում,  որտեղ և որոշվել է մեր հայրենիքի և ժողովրդի ճակատագիրը»,- ասել է Հովհաննես Մանուկյանը:

Հովհաննես Մանուկյանը ԼՂՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանին, արդարադատության ոլորտում մատուցած նշանակալի ներդրումների համար, պարգևատրել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Ներսես Շնորհալի» հուշամեդալով:

 

Հայաստանի Հանրապետության

արդարադատության նախարարություն

Անկախ

Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

ստորագրել2Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, «Փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, «Դատական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին և «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքները:

ՀՀ վարչապետ. Հայաստանի նոր կառավարությունն ամեն ինչ անելու է Արցախի հզորացման համար

11404_am_1 (1)ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն Արցախ կատարած աշխատանքային այցի առաջին օրվա ավարտին ամփոփել է հանդիպումների և քննարկումների արդյունքները՝ պատասխանելով լրագրողների հարցերին: Մասնավորապես, կառավարության ղեկավարն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի զարգացման հեռանկարներին և ներկայացրել ձեռք բերված պայմանավորվածությունները: «Մենք իրականացնելու ենք ժամկետային ու ծրագրային բոլոր պայմանավորվածությունները, և այդ առումով այս հանդիպումներն ու այցերը կարևոր են: Հեռանկարային առումով բարձր եմ գնահատում Արցախի կառավարության աշխատանքը. կա երկնիշ տնտեսական աճ, ինչը հնարավորություն է տալիս տնտեսությունը զարգացնել, աշխատավարձերը բարձրացնել, սոցիալական, ինչպես նաև անվտանգության խնդիրները լուծել: Հայաստանի Հանրապետության նոր կառավարությունն իր առջև խնդիր է դրել, որպեսզի համագործակցությունն ամրապնդի և մենք ունենանք հզոր Արցախ և´ անվտանգության, և´ տնտեսության զարգացման առումով», – նշել է Հովիկ Աբրահամյանը:
Խոսելով, մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտում համատեղ ծրագրերի մասին՝ Հայաստանի վարչապետն ասել է. «Մեր գյուղատնտեսության նախարարություններն ունեն բազմաթիվ ծրագրեր, և Հայաստանի կառավարությունը պատրաստ է աջակցելու Արցախի կառավարությանը, որպեսզի լիարժեք օգտագործվեն հողային ռեսուրսները: ՀՀ-ում նույնպես պետք է ակտիվացնենք և զարգացնենք գյուղատնտեսությունը, քանի որ մեր հողերի մոտավորապես 30 տոկոսը չի օգտագործվում»: Ոլորտում կապերի աշխուժացման նպատակով վարչապետ Աբրահամյանը համապատասխան հանձնարարականներ է տվել ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները և ծրագրերը պետք է համապատասխանեն առկա հնարավորություններին և վստահեցրել, որ դրանք հնարավորինս շուտ կյանքի կկոչվեն: «Հայաստանի նոր կառավարությունն ամեն ինչ անելու է բոլոր ոլորտներում Արցախի հզորացման համար: Դա մեզ համար առաջնահերթություն պետք է լինի», – նշել է վարչապետ Աբրահամյանը:

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Արցախի նախագահը

11403_am_1Շարունակվում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի աշխատանքային այցը Արցախ: Հայաստանի վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակությանն իր նստավայրում ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:
ՀՀ կառավարության ղեկավարը նախ առանձնազրույց է ունեցել Արցախի նախագահի հետ, որին հաջորդել է ընդլայնված ձևաչափով հանդիպումը ՀՀ կառավարական պատվիրակության անդամների հետ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Արցախի միջև բազմաբնույթ համագործակցության ընթացքը և խորացման հեռանկարները: Վարչապետ Աբրահամյանը գոհունակություն է հայտնել Արցախի վարչապետի և կառավարության անդամների հետ քննարկումների արդյունքներից՝ տեղեկացնելով, որ արծարծվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր, ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ: Հովիկ Աբրահամյանը շեշտել է, որ Հայաստանի Հանրապետությունը կանի առավելագույնը՝ Արցախի անվտանգությունն ու տնտեսական զարգացումն ապահովելու համար:
Երկուստեք ընդգծվել է համագործակցության և կապերի շարունակական ամրապնդման անհրաժեշտությունը՝ որպես հայկական երկու հանրապետությունների համաչափ տնտեսական զարգացման կարևորագույն նախապայման:
Հանդիպումից հետո Հովիկ Աբրահամյանը և Բակո Սահակյանը շրջայց են կատարել մայրաքաղաք Ստեփանակերտում:

ԼՂՀ և ՀՀ վարչապետները Ստեփանակերտում այցելել են գործարաններ

IMG_5078ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից Անկախին հայտնեցին, որ Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանի ուղեկցությամբ Հովիկ Աբրահամյանի գլխավորած ՀՀ կառավարական պատվիրակությունն այսօր այցելել է Ստեփանակերտում գործող թեթև արդյունաբերության երկու խոշոր գործարաններ:

ԼՂՀ և ՀՀ վարչապետները Ստեփանակերտում այցելել են գործարաններ«Մետաքսկոմբինատ» ՍՊԸ-ում պատվիրակության անդամներին են ներկայացվել, մասնավորապես, բրդի մշակման, գորգի, կտորի և կարի արտադրամասերի հնարավորությունները: Վարչապետ Ա. Հարությունյանը ներկաների ուշադրությունն է հրավիրել հատկապես արցախյան գորգերի վերականգնված տեսակների վրա՝ կարևորելով դրանց դերը աշխարհին Արցախը ներկայացնելու գործում:

ԼՂՀ և ՀՀ վարչապետները Ստեփանակերտում այցելել են գործարաններ«Արցախֆրուտ» ՓԲԸ-ում ՀՀ կառավարության պատվիրակությունը ծանոթացել է պահածոների արտադրության գործընթացին: Ա. Հարությունյանը ներկայացրել է առկա ծավալների և տեսականու ընդլայման հեռանկարներն ու ծրագրերը: Վարչապետները երկու գործարաններում զրույցի են բռնվել աշխատողների հետ՝ հետաքրքրվելով աշխատանքային պայմաններից և աշխատավարձերից:

ԼՂՀ կառավարության ղեկավարի խոսքով՝ գործող արտադրամասերը ոչ միայն խթանել են Արցախի տնտեսական զարգացումը, այլև ստեղծել են հարյուրավոր նոր աշխատատեղեր՝ գլխավորապես կանանց համար:

Վարչապետ Հ. Աբրահամյանը, ողջունելով թեթև արդյունաբերությունում արձանագրված հաջողությունները, ընդգծել է դրանց դերն Արցախում նոր ներդրումների ընդգրկման գործում: Նա նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է հնարավորինս աջակցել այդ արտադրությունների ընդլայմանը և, հետևաբար, Արցախի տնտեսության զարգացմանը:

Անկախ

 

Սերժ Սարգսյանը հանդիպել է ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ

7111

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվել են սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի հանրային քննարկումների ընթացքը և միջանկյալ արդյունքները:

Հանձնաժողովի նախագահ, ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը գոհունակություն է հայտնել հանրային քննարկումների ընթացքի և բովանդակության կապակցությամբ, նշելով, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացի նկատմամբ հասարակության հետաքրքրությունը բավականին մեծ է, իսկ քննարկումների մասնակիցների ակտիվությունը՝ սպասելի բարձր: Նա նաև բարձր է գնահատել քննարկումների կազմակերպման գործում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, Հայաստանում ԵՄ պատվիրակության, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության և գերմանական միջազգային համագործակցության ընկերության («ՋԻ-ԱՅ-ԶԵԹ») ցուցաբերած օժանդակությունը:

Գագիկ Հարությունյանը հայտնել է նաև, որ կայացած հանդիպումների ժամանակ առաջարկություններ են եղել՝ հայեցակարգի նախագծի հանրային քննարկումները շարունակել տարբեր ձևաչափերով, այդ թվում՝ քննարկումներ անցկացնել մարզերում, ինչպես նաև քննարկումների արդյունքներն ամփոփել միջազգային փորձագիտական կառույցների հետ:

Հանձնաժողովի անդամները ևս անդրադարձել են լրացուցիչ քննարկումների ձևաչափը և աշխարհագրությունը ընդլայնելու հասարակական պահանջարկին: Միաժամանակ, նկատի ունենալով հայեցակարգի քննարկումների ընթացքում բարձրացված բազմաբնույթ հարցերի լայն շրջանակը, դրանք համակողմանի վերլուծելու կարևորությունը, ինչպես նաև լրացուցիչ հանրային քննարկումները պատշաճ կազմակերպելու և անցկացնելու անհրաժեշտությունը, առաջարկվել է հանրային քննարկումների ժամկետը երկարաձգել առնվազն երեք ամսով:

Սերժ Սարգսյանը նշել է, որ հայեցակարգի նախագծի հանրային քննարկումները ծառայում են այն նպատակին, ինչի համար ձեռնարկվել են: Նա նաև կարևորել է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծում արծարծված բոլոր հարցերը խորությամբ ուսումնասիրելու, ինչպես նաև երկրի համար կենսական նշանակություն ունեցող բոլոր խնդիրները պատշաճ քննարկելու անհրաժեշտությունը: Հանրապետության Նախագահը հավանություն է տվել հանձնաժողովի ներկայացրած առաջարկություններին՝ նշելով, որ դրանք կստանան համապատասխան իրավական ամրագրում:

 

Յուրի Վարդանյանը նշանակվել է Վրաստանում ՀՀարտակարգ և լիազոր դեսպան

Յուրի ՎարդանյանՂեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.

Յուրի ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ նշանակել Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի):

Երկօրյա աշխատանքային այցով Արցախ է ժամանել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակություն

ԼՂՀԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից Անկախին հայտնեցին, որ այսօր երկօրյա աշխատանքային այցով Արցախ է ժամանել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը, որի կազմում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, պաշտոնատար այլ անձինք: Ստեփանակերտի օդանավակայանում ՀՀ կառավարական պատվիրակությանը դիմավորել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը` փոխվարչապետի, կառավարության այլ անդամների հետ:
ՀՀ վարչապետը` արցախյան գործընկերոջ և պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղկեպսակ դրել Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին:
Հուշահամալիր այցից հետո կայացել է հայկական երկու պետությունների գործադիր իշխանության ղեկավարների առանձնազրույցը. քննարկվել են համագործակցության զարգացմանն ու ընլայնմանն ուղղված հարցեր ու ծրագրեր: Այնուհետև քննարկումները շարունակվել են Հայաստանի և Արցախի կառավարությունների անդամների մասնակցությամբ` ընդլայնված կազմով հանդիպմանը:
Ողջունելով ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության այցը Արցախ, ԼՂՀ վարչապետ Ա. Հարությունյանը նշել է, որ համատեղ լուծելի հարցերը բազմաթիվ են, օրախնդիր ու հեռանկարային, դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ կլինեն հստակ մոտեցումներ: Երկու կառավարությունների միջև գոյություն չունի որևէ խնդիր, որը հնարավոր չլինի լուծել միացյալ ուժերով` ընդհանուր ազգային տեսլականի շրջագծում,- նշել է Ա. Հարությունյանը:
ԼՂՀ վարչապետը էական ու հրատապ է համարել Արցախի տնտեսական ինտեգրման խորացումը Հայաստանի Հանրապետության հետ` նշելով, որ, դա է թելադրում ներկա ռազմա-քաղաքական կացությունը տարածաշրջանում, և այն բխում է մեր ընդհանուր անվտանգության շահերից:
Իր հերթին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել արցախյան գործընկերներին ջերմ ընդունելության համար և հավաստիացրել, որ ՀՀ կառավարության կողմից հետայսու ևս կգործադրվեն բոլոր ջանքերը Արցախի տնտեսության զարգացման ուղղությամբ: Նա հակված է այն մտքին, որ բոլոր ոլորտներում համագործակցությունը լինի առարկայական ու նպատակային:
Հանդիպմանը հայկական երկու հանրապետությունների գերատեսչությունների ղեկավարները, ըստ ճյուղային ոլորտների, ներկայացրել են համագործակցության շրջանակներում կատարված աշխատանքները, նշել իրագործման փուլում գնտվող ծրագրերը, ինչպես նաև ձեռքբերել նոր պայմանավորվածություններ` համագործակցության շրջանակները ընդլայնելու վերաբերյալ:
Դրական գնահատելով տարբեր ոլորտների միջև փոխգործակցությունը` վարչապետներ Արա Հարությունյանն ու Հովիկ Աբրահամյանը ոլորտների պատասխանատուներին հանձնարարել են հետամուտ լինել շոշափված խնդիրների լուծմանը, մասնավորապես, աշխատել Վարդենիս-Սոթք-Հաթերք երկրորդ օդային գծի գործարկման և հակակարկտային կայանների համակարգը ավելի արդյունավետ օգտագործելու ուղղությամբ:
Այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ առանձին գերատեսչությունների աշխատակիցների միջև, որտեղ կհստակեցվեն համագործակցության ընդլայնման վերաբերյալ հետագա անելիքները:
Անկախ

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենին

7108ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի և «Ակրոնիս» ընկերության հրավերով Հայաստանում գտնվող Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) վարկանիշային աղյուսակի թիվ 1 շախմատիստ, գրոսմայստեր, աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենին և աշխարհի գավաթակիր, շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի հաղթող, Հայաստանի ընտրանու կազմում աշխարհի թիմային առաջնության չեմպիոն, գրոսմայստեր Լևոն Արոնյանին։

Հանրապետության Նախագահը շախմատի աշխարհի չեմպիոնի հետ միասին հյուրընկալել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ»-ի նույն ծրագրի շրջանակներում մեր երկիր այցելած տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխարհում հաջողությունների հասած մի շարք ընկերությունների՝ «Պարալելս», «Ակրոնիս» ընկերությունների և «Սկոլկովո» հիմնադրամի ղեկավարներին: Հիմնադրամը նույն ծրագրի ներքո համատեղել է շախմատը և տեղեկատվական տեխնոլոգիաները՝ նկատի առնելով, որ Հայաստանում արդեն իսկ զգալի հաջողություններ արձանագրած այդ ոլորտներին մեծ նշանակություն է տրվում:

Հանդիպմանը ներկա հիմնադրամի գործադիր տնօրենը նշել է, որ ծրագրի նպատակն է՝ Հայաստանն իր հաջողություններով ու առանձնահատկություններով ներկայացնել աշխարհին և զարգացման նոր հնարավորություններ ստեղծել մեր երկրում այդ և հեռանկարային մի շարք ոլորտներում:

Սերժ ՍարգսյանՆախագահը ողջունել է հյուրերին և հիմնադրամի առաքելությունը, ընդգծելով, որ մեծ պատիվ է Հայաստանում հյուրընկալել աշխարհի հզորագույն շախմատիստ Մագնուս Կառլսենին՝ նկատի առնելով նաև շախմատի նկատմամբ Հայաստանում ձևավորված վերաբերմունքը. «Ուրախ եմ, որ այստեղ է նաև Լևոն Արոնյանը: Նա մեր ժողովրդի պարծանքն է, և կարծում եմ՝ շախմատում Մագնուսի ամենաուժեղ հակառակորդը: Մենք, անշուշտ, մեծ հույսեր ենք կապում Լևոնի հետ, և առաջին հերթին նաև նրա շնորհիվ է, որ մեր փոքրիկ երկրից ընտրված թիմը երեք անգամ դարձել է շախմատային օլիմպիադաների եռակի չեմպիոն: Շնորհակալ եմ նրան անչափ: Իհարկե, ուրախ եմ նաև, որ այստեղ հավաքված են մարդիկ, ովքեր մեծ հաջողությունների են հասել տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում: Կարծում եմ, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամն այս նախաձեռնությամբ հերթական անգամ ճիշտ կետին է ուղղել իր հայացքը, ինչը ողջունելի է»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Մագնուս Կառլսենը ևս մեծ պատիվ է համարել իր բնորոշմամբ՝ շախմատային մեծ պետությունում՝ հիասքանչ Հայաստանում գտնվելը. «Այս մի քանի օրվա ընթացքում, ինչ ես այստեղ եմ՝ Հայաստանում, տեսա այն սերը և խանդավառությունը, որ հայ ժողովուրդը տածում է շախմատի հանդեպ: Կարծում եմ, որ Հայաստանը՝ այսպիսի մոտեցմամբ և, հատկապես, շախմատը դպրոցական ծրագրի մաս դարձնելով, հրաշալի օրինակ է ծառայում ամբողջ աշխարհին: Դա շատ մեծ քայլ է»,-ասել է շախմատի աշխարհի չեմպիոնը:

Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել Հայաստանի գիտական, կրթական ներուժին, շախմատի և ՏՏ ոլորտի զարգացման ուղղությամբ մեր երկրում իրականացված աշխատանքներին ու զարգացման հեռանկարային ծրագրերին:

 Անկախ

Պատվոգրի հանձնման արարողություն Շվեյցարիայում ՀՀ դեսպանությունում

g_image (2)Հունիսի 21-ին Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրը դեսպանությունում տեղի ունեցած արարողության ժամանակ ՀՀ սփյուռքի նախարարության կողմից շնորհված պատվոգիր հանձնեց Շվեյցարիայի հայկական միության նախագահ Նժդեհ Խաչատուրյանին:

Պատվոգիրը Նժդեհ Խաչատուրյանին շնորհվել է ՀՀ սփյուռքի նախարարության 5-ամյակի կապակցությամբ «Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման բնագավառում ներդրած ավանդի, նախարարության հետ համագործակցության և իրականացված ծրագրերին ցուցաբերած աջակցության համար»:

Պարգևատրման արարողության ընթացքում դեսպան Ազնավուրը շնորհակալություն հայտնեց Նժդեհ Խաչատուրյանին հայապահպանման գործում ունեցած ավանդի համար, իսկ վերջինս էլ իր հերթին վերահաստատեց Շվեյցարիայում հայկական համայնքի պատրաստակամությունը` շարունակելու իրենց գործունեությունը` ի նպաստ հայրենիքի զարգացման և բարօրության:

Նախագահն ընդունել է Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին

7101

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին:

Հանրապետության Նախագահը և Ամենապատիվ Պատրիարքը զրուցել են ազգային-եկեղեցական հարցերի, Հայաստանի Հանրապետության և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու միջև հաստատված սերտ համագործակցության, Երուսաղեմի Հայոց Պատրիարքության գործունեության, ինչպես նաև աշխարհասփյուռ մեր ժողովրդի կյանքում Հայոց եկեղեցու դերի և նշանակության հարցերի շուրջ:

Նախագահ Սերժ Սարգսյանը մեծապես կարևորել է սուրբ հողում բազմադարյա պատմություն և հարուստ ավանդույթ ունեցող Երուսաղեմի նվիրապետական Աթոռի գործունեությունը հայոց հոգևոր և մշակութային ժառանգությունը պահպանելու և այն գալիք սերունդներին փոխանցելու գործում: Հաշվի առնելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում՝ Նախագահը վստահեցրել է, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է ըստ անհրաժեշտության աջակցություն ցուցաբերելու Երուսաղեմի Հայոց Պատրիարքությանը՝ իր այդ կարևորագույն առաքելության իրականացման ճանապարհին:

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը և պատասխանները լրագրողների հարցերին ՌԴ ԱԳ նախարար Սեյգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսին

MHM88837

Հարգելի Սերգեյ Վիկտորի,

Հարգելի բարեկամներ,

Բարի գալուստ Երեւան:

Մեր հանդիպումները կրում են կանոնավոր և միշտ բովանդակալից ու արդյունավետ բնույթ: Մեր միջեւ առկա է մշտական ինտենսիվ ​​երկխոսություն:

Նախարար Լավրովի այցը Երեւան, մեր այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է` քննարկելու այն պայմանավորվածությունների կատարումը, որոնք ձեռք են բերվել նախագահների միջև Ռուսաստանի Դաշնության նախագահի` Հայաստան կատարած պետական ​​այցի շրջանակներում, ինչպես նաև մեր երկրների ղեկավարների հետագա հանդիպումների ընթացքում։ Նախագահների յուրաքանչյուր հանդիպումը տալիս է մեզ նոր ուղեցույցներ՝ կարճաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարներով:

Մենք Ռուսաստանի իմ գործընկերոջ հետ անդրադարձանք երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի: Գոհունակությամբ նշեցինք, որ մեր երկրների միջեւ գոյություն ունեցող դաշնակցային փոխգործակցությունը քաղաքական, տնտեսական, ռազմատեխնիկական, հումանիտար, միջխորհրդարանական, ապակենտրոնացված ոլորտներում ունի դրական դինամիկա:

Բանակցությունների ընթացքում հարցերի առանձին խումբ նվիրված էր եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին։ Մենք հանգամանալից քննարկեցինք Հայաստանի` Եվրասիական միությանը անդամակցելու հետ կապված մի շարք հարցեր:

Գոհունակությամբ արձանագրեցինք տնտեսական համագործակցության և ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովների, միջխորհրդարանական հանձնաժողովի արդյունավետ գործունեությունը, ապակենտրոնացված փոխգործակցության դրական ընթացքը։ ՌԴ շուրջ յոթանասուն սուբյեկտներ գործընկերային հարաբերություններ ունեն Հայաստանի մարզերի հետ:

Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի առևտրատնտեսական առանցքային գործընկերը: 2013թ. ՌԴ և ՀՀ միջև ապրանքաշրջանառությունը ավելացել է ավելի քան 10%-ով և կազմել է մոտ 1,445 մլրդ. ԱՄՆ դոլար: Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի տնտեսության մեջ կարևոր ներդրող: Ներդրումների ընդհանուր ծավալը գերազանցում է 3,2 մլրդ. ԱՄՆ դոլարը: Այսօր Հայաստանում ռուսական կապիտալով գործում են շուրջ 1300 ձեռնարկություններ: Կան նոր մտահղացումներ, ծրագրեր, և կողմերը նպատակաուղղված աշխատում են՝ դրանք կյանքի կոչելու համար:

ՌԴ միգրացիոն օրենսդրության մեջ փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ քաղաքացիները բախվեցին որոշակի դժվարությունների հետ, ինչը նույնպես այսօր մեր քննարկումների առարկան էր հանդիսանում:

Իհարկե, հանգամանալից անդրադարձ կատարվեց ղարաբաղյան կարգավորման գործընթացին: Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում Ռուսաստանի Դաշնությանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի՝ հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված հետևողական ջանքերի համար:
Մեկ ամիս առաջ նշեցինք հրադադարի հաստատման 20-ամյակը և լավ ենք հիշում, որ հատկապես ռուսական կողմի ջանքերի, ռուսաստանյան միջնորդի քրտնաջան աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ հասնել Արցախի և Ադրբեջանի միջև հրադադարի ստորագրմանը, որին միացավ նաև Հայաստանը:

Մենք մտքեր փոխանակեցինք տարածաշրջանային և միջազգային արդի թեմաների՝ ուկրաինական ճգնաժամի, Սիրիայում, Իրաքում և, ընդհանուր առմամբ, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի շուրջ, անդրադարձանք իրանական միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցություններին:

Մենք ակտիվ և բարեհաջող համագործակցում ենք տարբեր միջազգային կազմակերպություններում, այդ թվում` ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵԽ, ՍԾՏՀԿ: Բնականաբար, սերտ փոխգործակցություն է իրականացվում ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակներում: ԱԳՆ-ների միջև հաստատված է պարբերական խորհրդատվությունների մեխանիզմ: Հաստատված ծրագրի համաձայն` յուրաքանչյուր տարի անցկացվում է շուրջ տասը խորհրդատվություն:

Սա է, ընդհանուր առմամբ, այսօրվա բանակցությունների բովանդակությունը:

Կցանկանայի կրկին ողջունել պարոն Լավրովին և նրան ուղեկցող պատվիրակությանը, և նրան փոխանցել խոսքը:
Հարց. Վլադիմիր Կոստարև, ԻՏԱՌ-ՏԱՍՍ. Պարոն Նալբանդյան, հաշվի առնելով Ռուսաստանի և Թուրքիայի միջև վերջին շրջանում հաստատված լավ հարաբերությունները` ի՞նչ եք կարծում, կարո՞ղ է Ռուսաստանը նպաստել նաև հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը: Շնորհակալություն:

Պատասխան. ՌԴ արտգործնախարարը ներկա էր գտնվում 2009թ. հոկտեմբերին հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման արարողությանը, և դա խորհրդանշում էր Ռուսաստանի աջակցությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:

Այդ գործընթացին աջակցող Ռուսաստանի և այլ պետությունների դիրքորոշումը արտահայտվել է բազմաթիվ հայտարարություններում, որտեղ ասվել է, որ պետք է առանց նախապայմանների վավերացնել և իրականացնել այն պայմանավորվածությունները, որոնք դրված էին 2009թ. հոկտեմբերին Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների հիմքում:

Այնպես որ Ռուսաստանը իրոք կարող է և փորձում է անել այն, ինչ հնարավոր է:
Հարց. News.am, Մարիամ Լևինա. Կապված ֆրանսիական կողմի առաջարկի հետ` կազմակերպելու Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում Փարիզում` Մամեդյարովը հայտնեց, որ Բաքուն սպասում է հստակության: Ինչի՞ մասին է խոսքը:

Պատասխան. Տարածաշրջան կատարած այցի ընթացքում Ֆրանսիայի նախագահը
ներկայացրել է առավել քան կոնկրետ առաջարկ, այդ թվում և բովանդակային
առումով` Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների գագաթաժողով կազմակերպելու վերաբերյալ: Երևում է` այդ հստակությունը Բաքվի սրտով չէ, ուստի այնտեղ այլ բանի են սպասում:

Չգիտես ինչու մշտապես Ադրբեջանի սրտով չեն միջազգային հանրության անունից համանախագահող երկրների կողմից արվող առաջարկները, այդ թվում `հրադադարի ռեժիմի ամրապնդման, դիպուկահարների դուրս բերման, միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ, սրտով չեն Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հինգ համատեղ հայտարարություններում որպես մեկ ամբողջություն ներկայացված առաջարկները:

Համանախագահող երկրների կողմից ներկայացվող հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված կոնկրետ առաջարկներին այլընտրանք պարզապես գոյություն չունի:

Հատուկ հսկողություն շինբարեկարգման ծրագրերի կատարման ընթացքին

001 (2)Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության շրջանակում զեկուցվել է, որ ավարտվել է համայնքային սեփականություն հանդիսացող և վերանորոգման անհրաժեշտություն ունեցող գույքի գույքագրումը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել և պարբերաբար ներկայացնել քաղաքապետարանի ենթակայության կրթական և առողջապահական հաստատությունների 2014 թվականի շինբարեկարգման ծրագրով նախատեսված վերանորոգման աշխատանքների ընթացքը:

Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև պարբերաբար հանրությանը իրազեկել բակերի բարեկարգման, խաղերի տեղադրման, ինչպես նաև բազմաբնակարան բնակելի շենքերի հարթ և թեք տանիքների վերանորոգման աշխատանքների ընթացքի մասին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն