Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Նախագահ Դիդիե Բուրկհալտերի հետ

6645ՀՀ Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել են Սերժ Սարգսյանի և Դիդիե Բուրկհալտերի նեղ կազմով բանակցությունները:

6648Նախագահ Սերժ Սարգսյանը ողջունել է բարձրաստիճան հյուրին մեր երկրում և ընդգծել, որ այս հանդիպումը հայաստանյան կողմի համար առանձնահատուկ է, որովհետև մեր երկրում հյուրընկալվում է բարեկամ և վստահելի գործընկեր Շվեյցարիայի Համադաշնության Նախագահը ու միաժամանակ նաև Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող Լեռնային Ղարաբաղի խնդրով երկար տարիներ զբաղվող կառույցի գործող նախագահը: «Մենք մեծ հաճույքով և պատրաստակամությամբ այսօր կքննարկենք ինչպես երկկողմ հարաբերություններին վերաբերող մեր օրակարգը, այնպես էլ ԵԱՀԿ շրջանակներում մեր համագործակցության տարբեր ասպեկտները: Իհարկե, ուրախ եմ, որ այսօր հանդիպելու եք նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին, և սա շատ լավ հնարավորություն է Ձեզ համար՝ հանդիպելու հակամարտության բոլոր կողմերին և լսելու նրանց կարծիքները: Բարով եք եկել Հայաստան»,- Դիդիե Բուրկհալտերի հետ հանդիպմանն ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ ուրախ է գտնվել Հայաստանում տարածաշրջանի երկու նախորդ երկրներ այցելությունից հետո: «Ինչպես Դուք նշեցիք, պարո՛ն Նախագահ, բարդ խնդիրների լուծման նպատակով անհրաժեշտ է երկխոսություն ծավալել հակամարտության բոլոր կողմերի հետ, և դա հենց այն է, ինչը կցանկանար Շվեյցարիան՝ քննարկելու և երկխոսելու, որպեսզի հակամարտությունների խնդիրներին լուծումներ գտնվեն: Շատ շնորհակալ եմ, որ պատրաստել եք երկու դրոշ, և դա հիշեցնում է մեզ, որ մենք ունենք երկու պատասխանատվություն այստեղ, և դա հիշեցնում է մեզ այն աշխատանքի մասին, որ կատարում ենք»,-Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն ասել է Դիդիե Բուրկհալտերը:

Սերժ Սարգսյանի և Դիդիե Բուրկհալտերի երկկողմ ձևաչափով բանակցություններին հաջորդել է պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը:

 

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Նախագահ Դիդիե Բուրկհալտերը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

MHM88306 copyՊաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերն այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Շվեյցարիայի Նախագահը նաև եղևնի է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում:

MHM88308 copyԴիդիե Բուրկհալտերն այնուհետև կայցելի ՀՀ Նախագահի նստավայր, որտեղ տեղի կունենա նրա դիմավորման պաշտոնական արարողությունը, ինչից հետո կմեկնարկեն պաշտոնական պատվիրակությունների բանակցությունները:

Կարինե Մինասյանն ազատվել է Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից

Կարինե ՄինասյանՀայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Կարինե Մինասյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

Վարչապետն Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահ Մարտին Սարգսյանին

11357_am_2Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահ Մարտին Սարգսյանին: Շնորհավորելով Սարգսյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ վարչապետը համոզմունք է հայտնել, որ կոմիտեի նախկին նախագահ Երվանդ Զախարյանի իրականացրած բարեփոխումները կկրեն շարունակական բնույթ:
«Կոմիտեում առկա է լավ աշխատակազմ, և վերջին տարիներին իրականացված բազմաթիվ սոցհարցումները ցույց են տալիս, որ ակնհայտորեն նվազել են հասարակության դժգոհությունները կոմիտեի կառույցների նկատմամբ: Համոզված եմ, որ պարոն Սարգսյանի՝ տեղական ինքնակառավարման ոլորտում և օրենսդիր մարմնում ունեցած փորձը հնարավորություն կտա, որպեսզի նա հաջողությամբ շարունակի այդ բարեփոխումները: Վստահ եմ, որ հանրապետության նախագահի և իմ հույսերը կարդարացնեք»,- ասել է վարչապետը: Կառավարության ղեկավարը կարևորել է այս բնագավառում բյուրոկրատական քաշքշուկների նվազեցումը և նշել, որ կոմիտեի աշխատանքները լինելու են իր ուշադրության կենտրոնում:
Մարտին Սարգսյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և հավաստիացրել, որ կիսատ մնացած բոլոր բարեփոխումները կհասցվեն իրենց նպատակին:
«Կփորձենք նորովի մոտեցումներով, կոմիտեի մատուցած ծառայությունների միջոցով, նվազեցնել բնակիչների խնդիրները»,- նշել է Մարտին Սարգսյանը:

Գրական երեկո Պրահայում

Մայիսի 31-ին Պրահայի քաղաքային գրադարանի դահլիճում ՀՀ վաստակավոր արտիստուհի, ասմունքող Սիլվա Յուզբաշյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Համո Սահյանի 100-ամյակին և Վահագն Դավթյանի 90-ամյակին նվիրված գրական երեկո` կազմակերպված Չեխիայում ՀՀ դեսպանության, Պրահայի հայկական շաբաթօրյա դպրոցի և «Օրեր» անկախ եվրոպական ամսագրի կողմից:

Երեկոն վարում էր և բացման խոսքով հանդես եկավ «Օրեր» եվրոպական ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը: Ներկայացնելով արտիստուհուն` նա մասնավորապես հիշեց, թե ինչպես էր Համո Սահյանը բնութագրել Սիլվա Յուզբաշյանին. «Ինձ միշտ զարմացրել է, թե նա ինչպես է կարողանում ապրել քնարական մտերիմ բանաստեղծությունը, հեղինակի տվյալ տողը գրելու պահի ներշնչանքը հաղորդել ունկնդիրներին, ինչպիսի անթերի վարպետությամբ է մակերես հանում բանաստեղծության ներքին փոթորիկը: Սա է նրա արվեստի ու նրա բացառիկության հիմնական խորհուրդը»:

Այնուհետև ողջույնի խոսքով հանդես եկավ Չեխիայում ՀՀ դեսպանության խորհրդական Նունե Զաստուխովան: Շնորհակալություն հայտնվելով կազմակերպիչներին և ներկաներին երեկոյին մասնակցելու համար` նա մասնավորապես խոսեց երկու բանաստեղծների ավելի քան հիսուն տարիների երկարատև ընկերության պատմության մասին և յուրաքանչյուրին բնութագրեց հենց ընկերոջ խոսքերով:

ԱգնՆերկայացնելով Սիլվա Յուզբաշյանին` նա ընդգծեց, որ ՀՀ վաստակավոր արտիստն իր ողջ կյանքը նվիրել է գրականությանը, անզուգական կատարող է, վայելում է հայ ժողովրդի մեծ սերը, և պատահական չէ, որ նրան կոչում են «ասմունքի թագուհի»:

Ներկաներին ողջունեց նաև երեկոյի կազմակերպիչներից «Գարուն» ամսագրի հատուկ թղթակից, «Առավոտ» պարբերականի թղթակից, լրագրող, հրապարակախոս Շուշան Ղազարյանը, ով երախտագիտությամբ նշեց, որ չնայած իր առօրյա խնդիրներին` չեխահայությունը շտապել է «մեր ազգային գրականության այս հիրավի պայծառ տոնի ականատեսն ու մասնակիցը լինելու»:

Այնուհետև Սիլվա Յուզբաշյանն իր հզոր և անզուգական ձայնով ներկաներին հրամցրեց հայ մեծանուն բանաստեղծների ստեղծագործությունները, պատմեց հետաքրքիր դրվագներ նրանց կենսագրությունից, ստեղծագործական և անձնական կյանքից: Ողջ երեկոյի ընթացքում զուգահեռ ցուցադրվում էին տեսահոլովակներ բանաստեղծների կյանքից:

Միջոցառման ժամանակ երաժշտական կատարումներով հանդես եկան նաև Սոնա Քոլոյանը և Աշոտ Սողոմոնյանը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարի աշխատանքային այցը Տավուշի մարզ

03,06,2014Տավուշի մարզում գտնվող ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի աշխատանքային այցն այսօր սկսվել է մարզխորհրդի նիստին մասնակցելով: Շնորհավորելով նորանշանակ մարզպետ Հովիկ Աբովյանին բարձր ու պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, նախարարն ամփոփիչ անդրադարձ է կատարել 2013թվականին, խոսել ընթացիկ տարվա ծրագրերի և անելիքների մասին,անդրադարձել առաջիկա տարիների ռազմավարությանը:
Հաշվի առնելով մարզում առկա ներուժը, ինչպես նաև մարզի ռազմավարական նշանակությունը, Նախարարը կարևորել է պետական օժանդակման ծրագրերի իրականացմամբ գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների ավելացման անհրաժեշտությունը: Հատուկ շեշտադրվել է սահմանամերձ ու բարձր լեռնային համայնքներում պետական օժանդակման ծրագրերի իրականացումը:
Հատկապես բարձր է գնահատվել «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի դերը, որով մարզի տասը համայնքներում արդեն ստեղծված արոտօգտագործողների կոոպերատիվները կարճ ժամանակում հասել են որոշակի հաջողությունների: Ընթացիկ տարում նախատեսվում է խնայված միջոցների հաշվին մարզի ևս 6 համայնքներ ընդգրկել նշված ծրագրում: «Այն հնարավորություն կտա նաև ստեղծել վերամշակման փոքր ձեռնարկություններ,անասնաբուժական սպասարկման կետեր, համայնքային այլ ենթակառուցվածքներ»,- նշել է նախարարը:
Համայնքների ղեկավարների ուշադրությունը հրավիրելով անհանգստացնող այն փաստին, որ մարզում վարելահողերի նպատակային օգտագործման ցուցանիշը ներկայումս գրեթե 40 տոկոս է , նա հանձնարարել է ձեռնարկել գործուն միջոցներ՝ դրությունը շտկելու համար: Այս կապակցությամբ նախարարը հիշեցրել է վարչապետի հատուկ հանձնարականը, նշելով, որ աշնանացան ցորենից սկսած անհրաժեշտ է հետևողականորեն շարունակել նաև եգիպտացորենի և արևածաղկի մշակության ծավալների կտրուկ ավելացումը, մանավանդ, որ արդեն իսկ կան մթերող կազմակերպություններ, որոնք պատրաստ են իրենց օժանդակությունը բերել գյուղացուն սերմացուով, պարարտանյութով, վառելիքով և գյուղտեխնիկայով ապահովելու աշխատանքներին:
Այնուհետև նախորդ տարվա լավ աշխատանքի ու բարձր արդյունքների համար, նախարարը «Գյուղատնտեսության նվաճումների» ոսկե մեդալներով պարգևատրել է Չինարի և Այգեհովիտ համայնքների ղեկավարներ Սամվել Սաղոյանին և Լևոն Գրիգորյանին:
Մարզի գյուղատնտեսության ևս 17 առաջավորներ արժանացել են գյուղատնտեսության նախարարության շնորհակալագրերի:
Օրվա երկրորդ կեսին նախարար Սերգո Կարապետյանը մարզպետ Հովիկ Աբովյանի հետ այցելել է «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի շրջանակներում ստեղծված անասնապահական համալիր:
2011թվականից գործող համալիրն այսօր 200 գլուխ Եվրոպայից ներկրված բարձր մթերատու կենդանիներ ունի, որոնցից ստացված սերունդը տրամադրվում է մարզում ստեղծված անասնապահական կոոպերատիվներին: Նախարարը ծանոթացել է նաև կաթի վերամշակման նորաստեղծ արտադրությանը, զրուցել աշխատակիցների հետ :
Այցելության վերջին կանգառը «Դիլի» տոհմային – անասնապահական ֆերման ու վերջինիս կաթի վերամշակման արտադրությունն էին: Ի դեպ այստեղ առաջացած արտադրական մի շարք խնդիրների, մասնավորապես ֆերմայի ջրամատակարման հարցի լուծմանն օժանդակելու խնդրանքով ընկերությունը վերջերս էին դիմել նախարարությանը:Այցը իրավիճակին տեղում ծանոթանալու և նախարարության միջնորդությունից հետո հարցի լուծման ընթացքի մասին անձամբ տեղեկանալու նպատակ էր հետապնդում:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի նախագահ Դիդիե Բուրկհալտերը

ԴԻԴԻԵ ԲՈՒՐԿՀԱԼՏԵՐՀունիսի 3-ի երեկոյան պաշտոնական այցով Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ, արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերը:

Այցի շրջանակներում նախատեսվում են Հայաստանի և Շվեյցարիայի նախագահների երկկողմ, ապա՝ պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները, որոնց ավարտին Սերժ Սարգսյանը և Դիդիե Բուրկհալտերը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: Դիդիե Բուրկհալտերը կայցելի նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք կմատուցի Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Մեծ Բրիտանիայի Պաշտպանական ուսումնասիրությունների Թագավորական քոլեջի ունկնդիրներին

g_imageՀունիսի 3-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստան ժամանած Մեծ Բրիտանիայի Պաշտպանական ուսումնասիրությունների Թագավորական քոլեջի (The Royal College of Defence Studies) տարբեր երկրներ ներկայացնող ունկնդիրների պատվիրակությանը։

Նախարար Նալբանդյանը Թագավորական Քոլեջի ունկնդիրներին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը, տարածաշրջանային խնդիրների և դրանց կարգավորման ուղիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, Եվրասիական Միությանը Հայաստանի անդամակցության գործընթացը, Եվրոպական Միության հետ Հայաստանի համագործակցությունը:

Վարչապետը հաջողություն է մաղթել միասնական ընդունելության քննություններ հանձնող դիմորդներին

11355_am_2Այսօր մեկնարկել են 2014 թվականի միասնական ընդունելության քննությունները: Այդ կապակցությամբ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանի ուղեկցությամբ այցելել է Երևանի պետական համալսարան՝ հանդիպելու «Կենսաբանություն» առարկայից միասնական քննություն հանձնող դիմորդներին և ծանոթանալու քննության անցկացման ընթացակարգին:
Երկրի վարչապետը հաջողություն է մաղթել երեխաներին և ընդգծել, որ արվելու է ամեն ինչ՝ արդարություն ապահովելու համար: «Մեր նպատակն է արդար մրցակցություն ապահովել: Մենք վերահսկելու ենք, որ ամեն ինչ լինի օրենքի շրջանակում: Ով գիտելիք ունի, մեզ մոտ բարձր գնահատական ունի: Մաղթում եմ, որ ձեր գիտելիքներն ազատ, համարձակ ցուցաբերեք և հաջողության հասնեք», – նշել է կառավարության ղեկավարը:
Այնուհետև Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ և ուսանողների մասնակցությամբ բացվել են 2014 թ. «Կենսաբանություն» առարկայի միասնական քննության թեստերի փակ ծրարները: Մոտենալով քննական շենքի բակում հավաքված ծնողներին՝ վարչապետը համբերություն է մաղթել նրանց և հորդորել ցանկացած մտահոգության, անարդարության պարագայում անհապաղ հայտնել իրեն: Գործադիրի ղեկավարը շեշտել է, որ այդպիսի դեպքերի արձանագրման ժամանակ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն:
Լրագրողների հետ ճեպազրույցում Հովիկ Աբրահամյանը կարևորել է պետության կողմից քննական գործընթացում արդարության ու թափանցիկության ապահովումը, ինչը թույլ կտա ազնիվ և արդար մրցակցության պայմաններ ստեղծել: Պետության նպատակն է, որպեսզի յուրաքանչյուր ուսանող կրթություն ստանալու հնարավորություն ունենա՝ անկախ սոցիալական պայմաններից:

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել դիվանագիտական ծառայության ղեկավար անձնակազմի հետ

6623ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից տեղեկցնում են՝

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հանդիպում է ունեցել ՀՀ արտգործնախարարության կենտրոնական ապարատի ղեկավար կազմի և արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ, խոսել մեր երկրի արտաքին քաղաքականության օրակարգի կարևորագույն հարցերի մասին:

«Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության ղեկավար անձնակազմի հետ մեր նախկին հանդիպումից բավական ժամանակ է անցել՝ չնայած դուք պարբերաբար տարածաշրջանային հանդիպումներ եք ունեցել, իսկ երկու ամիս առաջ ես եմ այցելել ԱԳՆ կենտրոնական ապարատ։ Բացի այդ, քանի որ վերջին ժամանակներս բավականաչափ հաճախ են դարձել այցելությունները, որոնց ընթացքում ես հնարավորություն են ունեցել ձեզնից շատերի հետ հանդիպելու և խոսելու: Այս հավաքը շատ լավ առիթ է անդրադառնալու մեր արտաքին քաղաքականության օրակարգային հարցերին, միջազգային և տարածաշրջանային ավանդաբար գոյություն ունեցող և նոր առաջացող մարտահրավերներին ու դրանց դիմակայման ուղիներին:

 Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել դիվանագիտական ծառայության ղեկավար անձնակազմի հետՑավով պետք է արձանագրենք, որ աշխարհում անկայունության լուրջ միտումներ են նկատվում: Աճում են լարվածությունն ու անորոշությունը: Դա թելադրում է մեր դիվանագիտական ներկայացուցչությունների, արտգործնախարարության և շահագրգիռ այլ գերատեսչությունների գործունեության շարունակական կատարելագործում, միջգերատեսչական փոխգործակցության ամրապնդում: Դիվանագետը պետք է կարողանա ճիշտ ուսումնասիրել, վերլուծել և գնահատել իրավիճակը, տալ զարգացման կանխատեսումներ և առաջարկել ազգային շահերից բխող լուծումներ: Մենք հաճախ ենք նշում, որ կարևորագույն ներուժը մարդկային կապիտալն է: Ուստի սպասողական դիրքորոշում որդեգրած, դեպքերին լոկ արձագանքող, գործից խուսափող դիվանագետն անթույլատրելի ճոխություն է մեզ նման պետության համար: Ձեզնից ակնկալում ենք ակտիվ ներգրավում այն բոլոր տեղերում, որտեղ ուղղակիորեն կամ միջնորդավորված շոշափվում են Հայաստանի և հայության շահերը»,- ՀՀ դիվանագիտական ծառայության ղեկավար անձնակազմի հետ հանդիպման ժամանակ ասել է Հանրապետության Նախագահը:

Սերժ Սարգսյանն իր խոսքում անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգի արդիական հարցերին, մի շարք ուղղություններով արտաքին գործերի նախարարության կողմից իրականացված և առաջիկա աշխատանքներին, մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերի իրականացման ընթացքին, առկա մարտահրավերներին, դրանց դիմակայելու գործում արտաքին քաղաքական գերատեսչության անելիքներին: Սերժ Սարգսյանը ներկայացրել է նաև գործընկեր երկրների հետ Հայաստանի Հանրապետության հարաբերությունների զարգացման ներկայիս մակարդակն ու խոսել հեռանկարների մասին: Նա անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, հրադադարի հաստատումից քսան տարի հետո առկա վիճակին: Նախագահը բանակցային գործընթացում ընդգծել է հատկապես դիվանագիտության դերը և կարևորել հանդիպմանը ներկա դիվանագետներից յուրաքանչյուրի ամենօրյա հետևողական աշխատանքը:

Սերժ Սարգսյանը խոսել է նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին համայն հայության ջանքերի համադրման և համակարգված աշխատելու, այդ խնդրին համապարփակ ու խորքային մոտեցում ցուցաբերելու և Մեծ եղեռնի հարյուրամյակին նվիրված բազմաբնույթ միջոցառումները հավուր պատշաճի կազմակերպելու անհրաժեշտության մասին:

Իր խոսքում Նախագահն անդրադարձել է տարածաշրջանային խնդիրներին, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, Հայաստանի Հանրապետության՝ Մաքսային միությանն անդամակցելու գործընթացին և այդ պարագայում տնտեսական հարաբերություններին:

Սերժ Սարգսյանը կարևորել է նաև սիրիական ճգնաժամի բոլոր ռիսկերն ու հետևանքներն իրենց վրա զգացող Սիրիայի ստվար հայկական համայնքին Հայաստանի կողմից ցուցաբերվող աջակցությունը: Նախագահն առանձնակի արժևորել է Սիրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության և Գլխավոր հյուպատոսության գործունեությունը, որոնք այս ողջ ընթացքում գործուն աջակցություն են ցուցաբերում սիրիահայությանը և շնորհակալություն է հայտնել այդ երկրում աշխատող մեր դիվանագետներին՝ խիզախ ու անձնվեր ծառայության համար:

Նախագահը խոսել է տարածաշրջանային և միջազգային անվտանգության ապահովման գործում մեր երկրի կողմից իրականացվող գործուն աջակցության քայլերի մասին՝ ընդգծելով, որ Հայաստանը մշտապես և ամբողջ ծավալով իրականացնում է իր պարտականությունները` առաջնահերթ համարելով դաշնակցային հարաբերությունները:

Սերժ Սարգսյանը կարևորել է Եվրոպական միության հետ Հայաստանի փոխգործակցությունն ու եվրոպական պետությունների հետ երկկողմ հարաբերությունների շարունակական խորացման և ամրապնդման ուղղությամբ աշխատանքները:

Հանրապետության Նախագահը ՀՀ դիվանագիտական ծառայության ղեկավար անձնակազմի ուշադրությունը հրավիրել է նաև դիվանագիտության տնտեսական բաղադրիչի ակտիվացման անհրաժեշտության վրա: Նախագահն ընդգծել է, որ մեր հանրապետությունում օտարերկրյա ներդրումներ ապահովելու համար անհրաժեշտ է առավել ճանաչելի դարձնել հայաստանյան տնտեսությունը և ճիշտ ներկայացնել Հայաստանում ներդրումներ կատարելու առավելությունները: Դրանց թվում, Նախագահի համոզմամբ, կարևոր նշանակություն ունի Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության որոշումը:

Սերժ Սարգսյանն անդրադարձել է հյուպատոսական ծառայությունների որակին ևս՝ ընդգծելով, որ չնայած հյուպատոսական ոլորտում վերջին տարիներին իրականացվել են կարևոր բարեփոխումներ՝ միտված քաղաքացիներին մատուցվող հյուպատոսական ծառայությունների ընթացակարգերի դյուրացմանը, այնուամենայնիվ դեռևս շատ անելիքներ կան: Նախագահի համոզմամբ, յուրաքանչյուր բարեփոխման կամ նորարարության ներդրման առաջին գնահատողը Հայաստանի քաղաքացիներն են, և միայն նրանց դրական գնահատականն ու գոհունակությունն է հյուպատոսական ծառայության գործի առաջնային ցուցիչը: Ցանկացած որակյալ ծառայություն իրականացնելու համար, ըստ Նախագահի, հարկավոր են որակյալ կադրեր, որի ուղղությամբ ևս աշխատանքներ է իրականացվում: Դիվանագիտական ծառայությունը որակյալ կադրերով համալրելու գործում Սերժ Սարգսյանը մեծապես կարևորել է Դիվանագիտական դպրոցի դերը:

Ելույթի ավարտին Նախագահը հաջողություններ է մաղթել դիվանագիտական ծառայության ղեկավար անձնակազմին և պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին:

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ

6600Հանրապետության Նախագահն այցելել է մարզի սահմանամերձ Ոսկեվան համայնքի նորակառույց մանկապարտեզ, ծանոթացել Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի ծրագրով կառուցված նախադպրոցական այդ հաստատության պայմաններին: Մանկապարտեզը նախատեսված է երկու խմբի՝ 50 երեխայի համար, ինչն այժմ բավարարում է գյուղի կարիքները. ներկայումս մանկապարտեզ է հաճախում 31 երեխա: Սերժ Սարգսյանը Հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորել է մանկապարտեզի սաներին, նրանց դաստիարակներին ու ծնողներին և ընդհանրապես բոլոր երեխաներին, դիտել օրվա առիթով սահմանամերձ Ոսկեվանի մանկապարտեզում կազմակերպված միջոցառումը:

Ոսկեվանում Նախագահը ծանոթացել է նաև այդ համայնքում, ինչպես նաև Նոյեմբերյանի տարածաշրջանի այլ համայնքներում՝ Ոսկեպարում, Բաղանիսում, Բարեկամավանում, Կոթիում գազաֆիկացման ուղղությամբ կատարված աշխատանքներին, որոնք իրականացվել են ՀՀ կառավարությանն առընթեր «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ» ՊՀ-ի «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի շրջանակներում՝ 31.08.2012թ.-01.05.2014թ. ժամանակահատվածում: Պատասխանատուների հավաստմամբ, կատարվել են շուրջ 3.53 մլն ԱՄՆ դոլարի աշխատանքներ, անցկացվել է ավելի քան 66 կմ գազատար, որի արդյունքում ծրագրի շահառու են դարձել շուրջ 2300 պոտենցիալ բաժանորդ տնտեսություններ (նշված համայնքների գազաֆիկացման աշխատանքներն ընդգրկված են եղել ՀՀ Նախագահի 30.07.2008թ. ՆԿ-128-Ն կարգադրության միջոցառումների ժամանակացույցում): Նախագահին զեկուցվել է, որ վերոնշյալ շինարարական աշխատանքներն ավարտված են, ներկայումս կատարվում են շահագործման փաստագրման աշխատանքները, որոնք կավարտվեն 2014թ. հունիսին, և հաջորդ երեք ամիսների ընթացքում ծրագրերի պոտենցիալ շահառուների դիմումների համաձայն, կկատարվեն տնտեսությունների փաստացի միացումները։

2014թ. ընթացքում 2012-2013թթ. գազաֆիկացման ենթածրագրերում նախատեսվում են լրացուցիչ շինարարական աշխատանքներ՝ գազաբաշխիչ ցանցերի ընդլայնմամբ։ Ընդհանուր առմամբ, նախնական հաշվարկների համաձայն, նշված համայնքներում պահանջվում է կառուցել լրացուցիչ 11.38 կմ երկարությամբ գազատար՝ շուրջ 421,208 ԱՄՆ դոլար արժեքով։ Լրացուցիչ շինարարական աշխատանքների նախագծերի կատարումն ընթացքի մեջ է, իսկ շինարարական աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ։

Աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը ներկա է գտնվել նաև Կողբ համայնքի Սբ. Հովհաննես նորակառույց եկեղեցու օծման արարողությանը, զրուցել համայնքի բնակիչների հետ՝ նրանց հուզող առաջնահերթ խնդիրների և հետաքրքրող հարցերի շուրջ:

Նշվել է Վազգեն Սարգսյանի անվան զորամասի կազմավորման տարեդարձը,լուսանկարներ

IMG_4708 copyՄայիսի 31-ին ՀՀ ՊՆ չորրորդ բանակային զորամիավորման ենթակա զորամասերից մեկը նշեց կազմավորման 18-րդ տարեդարձը: Տոնական հանդիսությանը մասնակցելու համար Սպարապետ Վազգեն Սարգսյանի անունը կրող զորամաս էին այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, ԱԺ պատգամավորներ, պաշտպանական գերատեսչության բարձրաստիճան սպաներ և քաղաքացիական հատուկ ծառայողներ, մարզային և քաղաքային իշխանություններ ներկայացուցիչներ: SIP_4412 copyՏոնական միջոցառումները մեկնարկել են Սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան զորամասում: Հանդիսության մասնակիցները ծաղիկներ դրեցին Սպարապետի կիսանդրու առաջ, այնուհետև զորամասում կայացավ մարզադահլիճի բացման արարողությունը: Հյուրերի ուշադրությանը ներկայացվեցին ռազմական թեքվանդոյի ֆեդերացիայի սաների պատրաստած ցուցադրական համարները: Հանդիսությունը շարունակվել է քաղաքի հրապարակում, որտեղ վաղ առավոտից քաղաքի բնակիչները սպասում էին տոնական զորահանդեսի մեկնարկին: Զորահանդեսը բացեց բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը: Հրապարակ բերվեցին ՀՀ պետական դրոշը, գնդի և հրետանայաին դիվիզիոնի մարտական դրոշները: Ողջույնի խոսքով հանդես եկավ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Պաշտպանության նախարարը գերատեսչական մեդալներով և թանկարժեք նվերներով պարգևատրեց ծառայության ընթացքում աչքի ընկած զինծառայողների և սպաների, ինչպես նաև մի շարք քաղաքացիական անձանց` զինված ուժերի հետ համագործակցության համար: Այնուհետև ընթերցվեց ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի ողջույնի խոսքը, հանձնվեցին պարգևներ ԵԿՄ-ի կողմից ևս: Հանդիսավոր միջոցառումն եզրափակվեց զորամասի ստորաբաժանումների շարասյուների շքերթով և տոնական համերգով: Զորամասը կազմավորվել է 1996 թվականի մայիսին: Զորամասի առաջին հրամանատարն է եղել «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ, գնդապետ Մուրադ Կիրակոսյանը: Զորամասի ներկայիս հրամանատարն է Մարտական ծառայության մեդալակիր, գնդապետ Արթուր Օհանյանը:

no images were found

 Անկախ

«Իսկ ո՞վ է ասել, որ մենք Ղարաբաղով ենք մտնելու Մաքսային միություն». Սերժ Սարգսյան

սերժ սարգսյանՀՀ Նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորում հանդիպում է ունեցել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության հերթական հաշվետու հավաքի մասնակիցների հետ:

Եռօրյա հավաքը մեկնարկել է ս.թ. մայիսի 30-ին: Նման հավաքներ ՀՀԿ ԵԿ-ն կազմակերպում է կուսակցության հերթական համագումարներից հետո, որոնց ընթացքում մանրամասն քննարկվում են այն ելույթները, թեզերն ու դրույթները, որոնք հնչել են համագումարում, նախանշվում են նաև առաջիկա անելիքները։ Հավաքի նպատակն է՝ ապահովել երիտասարդ հանրապետականների շփումն ավագ կուսակիցների, կուսակցության ղեկավար կազմի հետ, նաև ոլորտային պատասխանատուների հետ քննարկել կուսակցական աշխատանքին առնչվող խնդիրներ։ Ընդհանուր առմամբ, ծաղկաձորյան հավաքին մասնակցում է մոտ 260 երիտասարդ հանրապետական։

6592ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել երիտասարդական կազմակերպության ձևավորած աշխատանքային խմբերի՝ առանձին սրահներում ընթացող թեմատիկ քննարկումներին, որոնք վերաբերել են ՀՀԿ 15-րդ համագումարում հնչած ուղերձներին, ՀՀԿ ԵԿ հետագա անելիքներին, Կառավարության ծրագրին ՀՀԿ ԵԿ հնարավոր օժանդակությանը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ծրագրերում ՀՀԿ ԵԿ մասնակցությանը և Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին:

ՀՀԿ նախագահն այնուհետև հանդիպում է ունեցել ՀՀԿ ԵԿ խորհրդի հետ, պատասխանել խորհրդի անդամներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են ինչպես կուսակցական թեմաներին, այնպես էլ մեր երկրի ներքին և արտաքին քաղաքականությանը:

Երիտասարդ հանրապետականներից մեկը Նախագահ Սերժ Սարգսյանից հետաքրքրվել է, թե ինչ կարծիք ունի նա Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու գործընթացի վերաբերյալ՝ նկատի առնելով Աստանայում նախօրեին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստում Ղազախստանի Նախագահ Նուրսուլթան Նազարբաևի կողմից ընթերցված Ադրբեջանի Նախագահի նամակը՝ կապված միության անդամակցելու դեպքում Հայաստանի սահմանների և ԼՂՀ-ն ևս այդ սահմաններում ներառելու խնդրի հետ:

«Նախ պետք է ասեմ, որ որևէ խոչընդոտ չկա Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու մասով: Եվ երբ մենք այնտեղ ասում ենք, որ 2-3 հարց կա, այդ 2-3 հարցը զուտ տեխնիկական նշանակության հարցեր են և վերաբերում են մեր առևտրային հարաբերություններին: Ինչ վերաբերում է Նազարբաևի հնչեցրածին. նախ այն գլխից սխալ է սահմանների մասին խոսելը: Ի՞նչ սահմանների մասին ենք խոսում: Ղարաբաղի խնդիրը Մաքսային միությունում չի լուծվում: Իսկ ո՞վ է ասել, որ մենք Ղարաբաղով ենք մտնելու Մաքսային միություն: Այդպիսի բան չի եղել և չի էլ կարող լինել, որովհետև Ղարաբաղը գոնե մեր օրենսդրությամբ, գոնե մեր պատկերացումներով Հայաստանի մաս չէ այսօր կազմում: Իսկ որ Մաքսային միությանն անդամակցելը նպաստում է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը սա միանշանակ է: Իհարկե, Նազարբաևի հնչեցրածը տհաճ էր, բայց դա որևէ վնաս չի կարող մեզ տալ»,-պատասխանել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Անկախ

Հովիկ Աբրահամյանը ծանոթացել է «Այբ» ավագ դպրոցի առաջիկա ծրագրերին

Ayb7Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է «Այբ» ավագ դպրոց: Կառավարության ղեկավարը շրջել է կրթական հաստատությունով՝ ծանոթացել աշակերտների համար ստեղծված պայմաններին, կրթական գործընթացներին և առաջիկա ծրագրերին:
Վարչապետին տեղեկացրել են, որ 7 հա տարածքի վրա առաջիկա տարիների ընթացքում նախատեսվում է կառուցել կրթական ավան՝ տարրական, միջին և ավագ դպրոցի նոր մասնաշենքերով, մարզական համալիրով, արվեստի կենտրոնով: Ծրագրվում է մոտ ժամանակներս դպրոցում հիմնել արդիական սարքավորումներով համալրված լաբորատորիա, որտեղ կիրականացվեն ռոբոտաշինության և ինժեներական ծրագրեր:
Կառավարության ղեկավարին ներկայացվել է նաև դպրոցի կրթական գերազանցության կենտրոնի ծրագիրը, որը նախատեսվում է իրականացնել կառավարության հետ համատեղ:

Ayb6Տեղեկացվել է, որ այս ուսումնական տարվանից «Այբ»-ի տարրական դպրոցի աշակերտների թիվը հասել է 82-ի, իսկ ավագ դպրոցինը՝ 260-ի: Այս ուստարում կբացվի նաև միջին դպրոցը: Զեկուցվել է, որ սոցիալական ուղղվածություն ունեցող ավագ դպրոցի աշակերտների մոտ 80 տոկոսն ուսում է ստանում բարերարների հատկացրած կրթաթոշակներով:

Հովիկ Աբրահամյանը ողջունել և կարևորել է նախատեսվող ծրագրերը և հայտնել կառավարության աջակցությունը դրանց իրականացման աշխատանքներում:
Ի դեպ, «Այբ» կրթական ավանում շարունակվում են նաև Սրբոց Թարգմանչաց եկեղեցու կառուցման աշխատանքները. եկեղեցին կնվիրաբերվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին:

 

Անկախ

Տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը

SIP_4156Մայիսի 30-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը, որի ընթացքում ամփոփվել են թիկունքային ապահովման և ռազմաբժշկական ոլորտի ուղղությամբ 2013թ. ընթացքում կատարված աշխատանքները, նախանշվել են հետագա խնդիրներն ու անելիքները: Նիստը նախագահել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Բացելով նիստը և կարևորելով թիկունքային ու ռազմաբժշկական ծառայությունների արդյունավետ աշխատանքների անհրաժեշտությունը` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խոսել է սահմանային իրավիճակի մասին, անդրադարձել վերջին շրջանում արձանագրված միջադեպերին: Նշվել է, որ սահմանին կանգնած հայ զինվորը լիարժեքորեն կատարում է առաջադրված խնդիրները, զինծառայողների աչալրջության ու զգոնության շնորհիվ հակառակորդի բոլոր ոտնձգություններն արժանի պատասխան են ստացել:

SIP_4138 (1)Հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն իրականացնելիս հակառակորդի ոտնձգությունները կանխելու, զգոնություն, վճռականություն, անձնական խիզախություն ցուցաբերելու, բարդ իրավիճակում արագ կողմնորոշվելու, ինչպես նաև զինվորական բարձր կարգապահության և օրինակելի վարքի համար մի շարք զինծառայողներ կոլեգիայի նիստի ընթացքում պարգևատրվել են գերատեսչական մեդալներով:

Կոլեգիայի նիստի ընթացքում հաշվետու զեկույցով հանդես է եկել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը: Զեկույցում ներկայացվել են հաշվետու ժամանակահատվածում  թիկունքային ապահովման և ռազմաբժշկական ոլորտներում կատարված աշխատանքների առանցքային ուղղությունները, խոսվել է սննդամթերքի, վառելիքա-քսուքային նյութերի և հանդերձանքի մատակարարման, բանակային ու զորային պահեստների, նյութական ապահովման զորամասերի, ստորաբաժանումների բուժկետերի սանիտարահիգիենիկ վիճակի, բժիշկ-մասնագետների պատրաստման, դեղորայքային ապահովման խնդիրների և այլ ուղղություններին առնչվող տարաբնույթ հարցերի մասին:

SIP_4127Ելույթներ են ունեցել նաև եկել նաև թիկունքային ապահովման ու ռազմաբժշկական ոլորտների մի շարք պատասխանատուներ, զորամիավորումների հրամանատարներ, հրամանատարների թիկունքային ապահովման գծով տեղակալներ:

Հնչած զեկույցների ու ելույթների ավարտին հարցադրումներով ու  առաջարկություններով հանդես են եկել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի տեղակալներ Դավիթ Տոնոյանը, Ալիկ Միրզաբեկյանը, կոլեգիայի այլ անդամներ:

Ամփոփելով կոլեգիայի նիստ աշխատանքները և կարևորելով թիկունքային ապահովման և ռազմաբժշկական ծառայության դերն ինչպես խաղաղ պայմաններում, այնպես էլ պատերազմական իրավիճակում` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մի շարք ցուցումներ ու հանձնարարականներ է տվել ուղղությունների պատասխանատուներին` հետագա աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու և իրականացնելու համար:

 

Անկախ

Հովիկ Աբրահամյանն ամփոփել է Մինսկ կատարած աշխատանքային այցի արդյունքները

11349_am_1(1)ԱՊՀ մասնակից երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի ավարտից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանել է ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին: Լրագրողների հետ ճեպազրույցում ամփոփելով աշխատանքային այցի արդյունքները՝ վարչապետ Աբրահամյանն արդյունավետ է համարել այն և կարևորել նման ձևաչափով հանդիպումները, որտեղ երկրների վարչապետները կարող են բազմաթիվ հարցեր քննարկել: ՀՀ կառավարության ղեկավարը մանրամասներ է ներկայացրել Բելառուսի և Ռուսաստանի վարչապետների հետ հանդիպումներից: «Բելառուսի վարչապետի հետ քննարկեցինք տարբեր ոլորտներում մեր համագործակցությունն ակտիվացնելու, այդ թվում՝ Հայաստանում տրակտորների արտադրություն հիմնելու հարցը, և ես, օգտվելով առիթից, Միխայիլ Մյասնիկովիչին հրավիրեցի Հայաստան: Պայմանավորվեցինք, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին նա կայցելի մեր երկիր», – նշել է Հովիկ Աբրահամյանը:
Իր ռուս գործընկերոջ՝ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ ոչ միայն քննարկվել են Մաքսային միության և Եվրասիական տնտեսական միության հետ ՀՀ հարաբերությունները, այլև ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ:«Ռուսաստանի Դաշնությունն աջակցում է, որպեսզի մենք շատ արագ կարողանանք միանալ Եվրասիական միությանը, և որևէ սկզբունքային տարաձայնություն չունենք: Պայմանավորվեցինք ատոմակայանի վերանորոգման աշխատանքների համար ձեռք բերել 300 մլն ԱՄՆ դոլարին համարժեք վարկ: Պայմանավորվեցինք նաև սպառազինության հարցերում շատ ակտիվ համագործակցել», – հավելել է վարչապետը:
Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ Մեդվեդևի հետ քննարկել են նաև առաջիկայում երկկողմ պաշտոնական փոխայցերի կազմակերպման հարցը: «Կցանկանայի ասել, որ մենք շփումներ ենք ունեցել դեռ իմ և պարոն Մեդվեդևի փոխվարչապետ եղած ժամանակ: Համոզված եմ, որ մեր հարաբերությունները հնարավորություն կտան, որպեսզի մեր երկրների կառավարություններն արդյունավետ աշխատեն», – եզրափակել է Հայաստանի վարչապետը:
Այսօր երեկոյան վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը կվերադառնա Երևան:

Անկախ

Մինսկում հանդիպել են Հովիկ Աբրահամյանը և Դմիտրի Մեդվեդևը

աբրահամյան-մեդվեդևԲելառուսի մայրաքաղաք Մինսկում այսօր կայացել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի երկկողմ հանդիպումը:
Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների ղեկավարները բարձր են գնահատել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների ներկայիս մակարդակը և քննարկել երկու դաշնակից երկրների գործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմաքաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար և այլ բնագավառներում համատեղ նախանշված ծրագրերի հաջող իրականացումը և նոր նախագծերի մշակման ուղղությամբ աշխատանքների շարունակականության ապահովումը:
Հովիկ Աբրահամյանը և Դմիտրի Մեդվեդևն անդրադարձել են նաև Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործընթացին և իրականացվող աշխատանքներին: ՀՀ և ՌԴ վարչապետները պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել երկկողմ հանդիպումները՝ քննարկելու հայ-ռուսական հարաբերություններին առնչվող ծրագրերն ու հարցերը:
ՌԴ կառավարության ղեկավարի հետ հանդիպումով ավարտվել է ՀՀ կառավարության ղեկավարի աշխատանքային այցը Բելառուսի Հանրապետություն:

Վարչապետը մասնակցել է ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին

11347_am_1Մինսկի Անկախության պալատում այսօր Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը:
Նախ կայացել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների նեղ կազմով հանդիպումը, որի ընթացքում Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչը նիստի մասնակիցների անունից շնորհավորել է Հովիկ Աբրահամյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ, մաղթել արդյունավետ աշխատանք:
Այնուհետև ընդլայնված կազմով նիստում կառավարությունների ղեկավարները քննարկել են ԱՊՀ շրջանակում համագործակցության զարգացմանը վերաբերող շուրջ երկու տասնյակ հարցեր: Ստորագրվել են մի շարք համաձայնագրեր գիտատեխնիկական տեղեկատվության միջպետական փոխանակման, տրանսպորտային անվտանգության ապահովման, զինված ուժերի տեղագրա-երկրաբաշխական, նավիգացիոն ապահովման և հումանիտար ականազերծման ոլորտներում համագործակցության մասին, ինչպես նաև որոշ համաձայնագրերում փոփոխություններ կատարելու մասին որոշումներ: Հավանության են արժանացել մինչև 2020 թ. ընկած ժամանակահատվածում ԱՊՀ ազգային մարզաձևերի աջակցման ու զարգացման ծրագիրը` 2015-2017 թթ. միջոցառումների ծրագրով, հիդրոօդերևութաբանական գործունեության զարգացման ռազմավարության իրականացման, մինչև 2020 թ. ընկած ժամանակահատվածում դաբաղ հիվանդության կանխարգելման և դրա դեմ պայքարի ուղղությամբ համալիր միջոցառումների ծրագրերը:
Ի գիտություն է ընդունվել ԱՊՀ մասնակից պետությունների` մինչև 2020 թ. ինովացիոն ոլորտում համագործակցության միջպետական ծրագրի և 2012-2014 թթ. ծրագրի միջոցառումների համալիրի իրականացման ընթացքի, Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի, մշակութային համագործակցության խորհրդի գործունեության, ինչպես նաև ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության 2012 թ. և 2013 թ. փաստաթղթային ստուգումների արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը:
Որոշվել է ԱՊՀ մասնակից երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2014 թ. նոյեմբերի 21-ին Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում:
Նիստի ավարտից հետո ՀՀ կառավարության ղեկավարը մասնակցել է Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչի անունից ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի մասնակիցների պատվին կազմակերպված աշխատանքային ճաշին:

Մեկնարկել է ՀՀ վարչապետի աշխատանքային այցը Բելառուս

11345_am_1ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկ` ԱՊՀ մասնակից երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով: Մինչ նիստի մեկնարկը իր նստավայրում՝ Բելառուսի Անկախության պալատում, պատվիրակությունների ղեկավարներին ընդունել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Ողջունելով հյուրերին՝ նախագահ Լուկաշենկոն կարևորել է Անկախ պետությունների համագործակցության դերը որպես կայացած միջպետական միավորում, որը թույլ է տալիս մասնակից երկրներին լուծել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Այն արդյունավետ հարթակ է երկկողմ և բազմակողմ ձևաչափով համագործակցության տարբեր ուղղությունների շուրջ քննարկումների համար: Լուկաշենկոյի խոսքով՝ հենց ԱՊՀ-ի շրջանակում ձևավորված քաղաքական և տնտեսական համագործակցության հիման վրա է կազմավորվում Եվրասիական տնտեսական միությունը և միասնական տնտեսական տարածքը:
Ալեքսանդր Լուկաշենկոն նաև տեղեկացրել է, որ 2014 թվականի հոկտեմբերին Մինսկում տեղի կունենա ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների գագաթնաժողովը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովը:
Քիչ անց Մինսկում կմեկնարկի ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում է նաև Հայաստանի պատվիրակությունը՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով կմեկնի Մինսկ

Աբրահամյան հովիկՎաղը` մայիսի 30-ին, վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն աշխատանքային այցով կմեկնի Բելառուսի Հանրապետություն` մայրաքաղաք Մինսկում մասնակցելու Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին։
Կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, պաշտոնատար այլ անձինք։