Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը դպրոցական Վերջին զանգի առթիվ

տարոն մարգարյանՍիրելի շրջանավարտներ,

այսօր մայրաքաղաքի բոլոր դպրոցներում կհնչի վերջին զանգը, ու դուք հրաժեշտ կտաք ձեր սիրելի կրթօջախներին: Ամբողջ օրվա ընթացքում դուք էլի ու էլի կվերհիշեք դպրոցական ջերմ, հարազատ միջավայրում անցկացրած տարիները, դասընկերների ու ուսուցիչների հետ կապված ամենատարբեր միջադեպերը, որոնք այսուհետ հուշ դարձած ուղեկցելու են ձեզ ամբողջ կյանքի ընթացքում:

Այսօրվանից ձեր առջև նոր հեռանկարներ են բացվում, որոնց հասնելու համար դուք շատ կարևոր և պատասխանատու որոշում պետք է կայացնեք՝ ձեր ապագա մասնագիտությունն ընտրելիս: Սակայն ինչ մասնագիտություն էլ որ ընտրեք, ձեր կյանքը հետագայում ինչ ուղով էլ ընթանա, միշտ հիշեք, որ դուք ձեր հաղթանակած հայրերի ու պապերի ժառանգորդն եք, նրանց ձեռքբերումների իսկական տերն ու  շարունակողը: Համոզված եմ, որ ոչ միայն պահպանելու եք այն արժեքները, որոնք բազում դժվարություններ հաղթահարելով,  դարեդար անցնել ու ձեզ են փոխանցվել ձեր ուսուցիչների, ծնողների շնորհիվ, այլև  հարստացնելու և նոր որակներ եք հաղորդելու այդ ամենին:

Նաև վստահ եմ, որ ստեղծագործ ուժով, դժվարությունները հաղթահարելու ձեր անսասան կամքով անելու եք հնարավորը՝ շենացնելու մեր երկիրն ու մեր սիրելի մայրաքաղաքը: Եվ միշտ հիշեք, որ կյանքում ինչ հաջողությունների էլ որ հասնեք, ձեր գիտելիքների ու ձեռքբերումների համար առաջին հերթին պարտական եք ձեր ուսուցիչներին:

Հիշարժան այս օրը իմ խորին հարգանքն ու երախտիքի  խոսքն եմ ուղղում նաև բոլոր ուսուցիչներին՝ իրենց ազգաշահ ու հայրենանվեր աշխատանքի համար:

Շնորհավորում եմ նաև ձեր ծնողներին, ովքեր իսկապես բազում երազանքներ ունեն ձեզ հետ կապված, և տա՛ Աստված, որ իրականություն դարձնեք նրանց բոլոր երազանքները։

Սիրելի շրջանավարտներ,

Մաղթում եմ, որ պարզ ճակատով, արժանապատվության բարձր գիտակցումով մտնեք մեծ կյանք:  Եղեք հպարտ, որ ազատ ու անկախ Հայաստանի, նրա չքնաղ մայրաքաղաքի քաղաքացին եք: Հպարտացեք ու միշտ բարձր պահեք Հայաստանի Հանրապետության քաղաքացու, հայի, երևանցու պատիվը:

 

 

Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետ

 

Վարչական շրջաններում քաղաքացիների ընդունելությանը մասնակցել են քաղաքապետի տեղակալներն ու խորհրդականը

003Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ սահմանված հստակ ժամանակացույցով շարունակվում են վարչական շրջանների ղեկավարների կողմից յուրաքանչյուր հինգշաբթի կազմակերպվող քաղաքացիների ընդունելությունները:

Քաղաքացիների ընդունելություններին Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ այսօր մասնակցել և բնակիչներին հուզող հարցերին տեղում ծանոթացել են  քաղաքապետի տեղակալներն ու խորհրդականը:

Մասնավորապես, քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը մասնակցել է Աջափնյակ վարչական շրջանում կազմակերպված բնակիչների ընդունելությանը:

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի կողմից անցկացվող քաղաքացիների ընդունելությանն էլ մասնակցել է քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը:

Քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը ներկա է գտնվել Նոր Նորք վարչական շրջանի քաղաքացիների ընդունելությանը:

Զրուցելով բնակիչների հետ և լսելով նրանց կողմից բարձրացվող հարցերը, ինչպես նաև  այդ ուղղությամբ ներկայացվող առաջարկները, քաղաքապետի տեղակալները բարձրացված բոլոր հարցերին տեղում տվել են համապատասխան լուծումներ:

Շնորհակալություն հայտնելով խնդրին արագ արձագանքելու համար՝ բնակիչները նկատել են, որ քաղաքապետի տեղակալի ներկայությունն ու մասնակցությունն իր հերթին նպաստում է, որպեսզի տեղում լուծումներ գտնեն նաև այն խնդիրները, որոնց լուծման համար իրենք պետք է դիմեին քաղաքապետարան և որոնք որոշակի ժամանակ էին պահանջելու:

Նշենք, որ քաղաքապետի տեղակալների, ինչպես նաև քաղաքապետարանի այլ պաշտոնյաների մասնակցությունը վարչական շրջանների ղեկավարների կողմից կազմակերպվող քաղաքացիների ամենշաբաթյա ընդունելություններին լինելու է շարունակական:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Կարեն Նազարյանը նշանակվել է ԱԳ նախարարի տեղակալ

դեսպան Կարեն ՆազարյանՀՀ նախագահի հրամանագրով Կարեն Նազարյանը նշանակվել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ:

Հրամանագրում ասված է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված` Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 125-րդ կետը` որոշում եմ.

Կարեն ՆԱԶԱՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ»:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի եզրափակիչ ելույթը ՀՀ Ազգային ժողովում

աբրահամյանի ելույթը աժ-ում Ազգային ժողովի հարգարժան նախագահ,
փոխնախագահներ,
հարգելի պատգամավորներ,

նախևառաջ ուզում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել բոլոր այն պատգամավորներին, ովքեր շահագրգիռ ելույթ ունեցան ծրագրի վերաբեյալ: Շահագրգիռ ասելով ես երբեք նկատի չունեմ գովաբանական: Ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ առողջ քննադատությունը և կառուցողական ընդդիմությունն ամրապնդում է երկիրը, ուժեղացնում է կառավարությանը:
Ակնհայտ է, որ տարբեր քաղաքական ուժեր ունեն ոչ միայն գաղափարախոսական և ռազմավարական, այլև մարտավարական տարբերություններ կենսական շատ հարցերի մասին: Եվ Ազգային ժողովը հենց այդ ամբիոնն է, որտեղ պետք է հնչեցվեն հենց այդ տարբերությունները: Ես շնորհակալ եմ այն անձանցից, ովքեր հետևողականորեն փաստարկեցին իրենց առաջարկները, ինչպես նաև հնարավորություն տվեցին ինձ և կառավարության մյուս ներկայացուցիչներին առավել հստակ և դյուրացված ներկայացնել մեր տեսակետներն ու մոտեցումները: Շատ առաջարկներում և հարցերում՝ թե´ քննադատական, թե´ սատարող, ես տեսա մտահոգություն, տեսա գործնական ցանկություն՝ Հայաստանի Հանրապետության իրավիճակը դեպի լավը փոխելու:
Մենք գրանցել ենք հնչած բոլոր մտքերը և դրանց անպայման անդրադառնալու ենք քաղաքականության մշակման կամ իրականացման փուլում` բոլոր շահագրգիռ կողմերի ակտիվ ներգրավվածության անկեղծ հրավերով:
Միաժամանակ ինձ ցավ է պատճառում, որ մեր քաղաքական մշակույթում դեռևս առկա է ծրագրային փաստարկների բացակայության դեպքում հարցը քաղաքական գործիչների անհատական անվանարկման մաղձոտ դաշտը տեղափոխելու պրակտիկան: Չեմ կարծում, որ մեր ժողովուրդը դա է սպասում քաղաքական գործիչներից, և իմ կարծիքով՝ դա նշանակում է անհարգալից վերաբերմունք սեփական ընտրողների նկատմամբ:
Հարգելի գործընկերներ,
իշխանությունը և ընդդիմությունը գտնվում են մի նավում, և մենք բոլորս նավարկում ենք միասին, այսինքն՝ մեր երկրի համար յուրաքանչյուրս պատասխանատու ենք մեր չափով: Այդ տեսակետից իշխանություն-ընդդիմություն փոխհարաբերությունների դասական օրինակ կարող է համարվել Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի կեցվածքը: Բագրատյանի ելույթը ոչ թե քաղաքական գործչի, այլ պետական գործչի ելույթ էր, որովհետև քաղաքական գործիչը մտածում է հաջորդ ընտրությունների մասին, իսկ պետական գործիչը՝ պետության և ժողովրդի մասին՝ անկախ իր քաղաքական հայացքներից և իշխանության հետ իր ունեցած տարաձայնություններից: Հարգելի ընդդիմադիրներ, մտածեք այս մասին:
Ես ցանկանում եմ, ավարտելով խոսքս, ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել և բոլորին հորդորել, առաջարկել, խնդրել. իմ նպատակն է, որ մենք հանդուրժողականության, համերաշխության մթնոլորտում աշխատենք բոլորս միասին: Դա իմ ցանկությունն է և առաջարկը:
Շնորհակալ եմ:

Վարչապետը շնորհավորել է 2013-2014 թթ. ուսումնական տարվա հանրապետական օլիմպիադայի հաղթողներին

աբրահամյանԿառավարության նիստերի դահլիճում այսօր հյուրընկալվել էին Հայաստանի հանրակրթական դպրոցների մի խումբ աշակերտներ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրավիրել էր դպրոցականներին ՀՀ կառավարություն՝ 2013-2014 թթ. ուստարվա հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլում տարբեր առարկաներից ցուցաբերած խորը գիտելիքների համար նրանց շնորհավորելու և պարգևատրելու նպատակով: Միջոցառմանը մասնակցում էր նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Երկրի վարչապետը, ողջունելով երեխաներին ՀՀ կառավարությունում, նշել է. «Ուրախ եմ, որ այսօր հանդիպում եմ մեր երկրի լավագույն դպրոցականներին: Գիտության տարբեր ոլորտներում ունեցած ձեր հաջողությունները ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ Հայաստանի կրթական համակարգը միջազգային ասպարեզում մրցունակ է: Ձեր ձեռքբերումներով դուք ապացուցում եք մեր ժողովրդի՝ կրթության հանդեպ ունեցած առանձնակի վերաբերմունքը»: 
Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ՀՀ կրթության և գիտության նախարարությանը, ուսուցիչներին նվիրված և հոգատար աշխատանքի համար և անդրադարձել կրթական առաջիկա ծրագրերին: «Դուք մեր երկրի հպարտությունն եք, ապագայի մեր լավագույն նպատակների և լուսավոր ծրագրերի իրականացնողը: Մեր երկրի կայուն զարգացման և առաջընթացի գրավականը գիտելիքահեն հասարակությունն է, որի փայլուն ներկայացուցիչներն եք դուք: Համոզված եմ, որ ձեր հաղթանակները շարունակական են լինելու», – ընդգծել է Հովիկ Աբրահամյանը:
Արմեն Աշոտյանը, աշակերտների անունից շնորհակալություն հայտնելով վարչապետին հանդիսավոր ընդունելության համար, մանրամասներ է ներկայացրել հանրապետական օլիմպիադայի արդյունքների վերաբերյալ: 16 առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում մասնակցել է 1460 երեխա, որից լավագույն 62-ը (Երևանից և մարզերից) արժանացել են առաջին կարգի պարգևների: Նախարարը նաև տեղեկացրել է, որ լավագույն աշակերտներից կազմված թիմերը ՀՀ անունից կմասնակցեն օլիմպիական միջազգային աշակերտական խաղերին:
Վարչապետ Աբրահամյանը Հայաստանի 2013-2014 թթ. ուստարվա լավագույն աշակերտներին է հանձնել առաջին կարգի դիպլոմներ և խրախուսական նվերներ: Կառավարության ղեկավարը գոհունակությամբ է խոսել ՀՀ ԱԺ – ՀՀ ԿԳՆ արդյունավետ համագործակցության շրջանակում օրենսդիր մարմին աշակերտների այցելության մասին և կարևորել նաև ՀՀ կառավարությունում նման ավանդույթի ձևավորումը: Դա հնարավորություն կտա դպրոցականներին ծանոթանալու ՀՀ կառավարության պատմությանը, աշխատակազմի գործունեությանը, գործադիրի անդամների աշխատանքային առօրյային և կնպաստի էլ ավելի թափանցիկ գործունեությանը:
Հանդիպման ավարտին վարչապետը լուսանկարվել է 2013-2014 թթ. ուստարվա լավագույն դպրոցականների հետ, հորդորել նրանց շարունակել լավ սովորել և մաղթել նորանոր հաջողություններ:

Երևանի քաղաքապետի շնորհակալագրեր ու պատվոգրեր՝ ժամկետային զինծառայողների հետ երևանաբնակ ծնողների տեսակցության այցի կազմակերպման ակտիվ մասնակիցներին

2Մարտական հերթապահություն իրականացնող ժամկետային զինծառայողների հետ երևանաբնակ ծնողների տեսակցության միջոցառումը կազմակերպելու աշխատանքներին ակտիվ մասնակցության համար Երևանի քաղաքապետի շնորհակալագրերով ու պատվոգրերով են պարգևատրվալ Երևանի քաղաքապետարանի և ենթակա կառույցների, վարչական շրջանների աշխատակազմերի, Երևանի սոցիալական ծառայությունների աշխատակիցներ, ինչպես նաև Երևան քաղաքի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ, մայրաքաղաքում գործող բժշկական կենտրոնների և Երևանի շտապ բուժօգնության ծառայության բժիշկներ, ովքեր ուղեկցել են ծնողներին այցի ընթացքում։

Շնորհակալագրերն ու պատվոգրերը հանձնել են այցի կազմակերպչական աշխատանքները համակարգած Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը։

«Այցը կազմակերպելու օրերին մեր զինծառայողների ծնողները շնորհակալական բազմաթիվ խոսքեր ուղղեցին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, և քաղաքապետի հանձնարարությամբ այսօր այդ խոսքերը, ինչպես նաև անձամբ Տարոն Մարգարյանի շնորհակալությունը ձեզ՝ այցը կազմակերպելու ակտիվ մասնակիցներիդ ենք փոխանցում շնորհակալագրերով ու պատվոգրերով»,- նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանն ընդգծել է, որ, ժամկետային զինծառայողների հետ երևանաբնակ ծնողների տեսակցության այս այցն ամփոփելով, մասնակիցներից ակնկալում է ոչ պակաս ակտիվություն նաև ծրագրի հաջորդ փուլերին։

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպանի հետ

001Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպան Էլիտա Գավելեի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանը:

Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ Երևանի ու Ռիգայի միջև ձևավորված փոխգործակցությունն իսկապես հաջողված է ու հաստատված բարեկամական ջերմ հարաբերություններն էլ լավ հիմք են նախանշված բոլոր ծրագրերը կյանքի կոչելու համար. «Վերջին տարիներին հաճախակի դարձած երկկողմ այցերը նոր թափ են հաղորդել Երևանի և Ռիգայի միջև բարեկամական ու գործընկերային հարաբերությունների զարգացմանը, որը հիմնված է մեր երկրների և ժողովուրդների բարեկամության վրա: Երկու մայրաքաղաքների միջև հարաբերությունները տարեցտարի ավելի զարգանում ու ընդլայնվում են, և ես վստահ եմ, որ մենք կկարողանանք կյանքի կոչել եղբայրացման մասին համաձայնագրով նախանշված բոլոր կետերն ու իրականացնել տարբեր ծրագրեր՝ ի բարօրություն մեր մայրաքաղաքների»,- նշել է Տարոն Մարգարյանը։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ-ում Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպանն իր հերթին, կարևորելով Երևանի և Ռիգայի միջև համագործակցության ամրապնդումը, պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակում ևս ըստ ամենայնի աջակցել երկու մայրաքաղաքների միջև առկա փոխգործակցությունն ավելի ընդլայնելու հարցում. «Երևանի և Ռիգայի համագործակցությունն իսկապես կարելի է օրինակելի համարել: Երկու մայրաքաղաքների միջև ձևավորված փոխգործակցությունն այսօր ամուր հիմքերի վրա է, և ես, պարոն քաղաքապետ, իմ լիազորությունների շրջանակում կանեմ հնարավորը, որ էլ ավելի ընդլայնվի երկու քաղաքների համագործակցության շրջանակը»,- նշել է Էլիտա Գավելեն:

Հաշվի առնելով, որ Ռիգան այս տարի հռչակված է եվրոպական մշակութային մայրաքաղաք, դեսպանը քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ քննարկել է նաև այդ համատեքստում Երևանում ևս լատվիական կողմի նախաձեռնությամբ և մասնակցությամբ մշակութային միջոցառում իրականացնելու հնարավորությունը, ինչին ի պատասխան ստացել է քաղաքապետի համաձայնությունը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

ՊՆ պատվիրակությունը Բրյուսելում նիստի է մասնակցել

171st NATO Chiefs of Defence meetings -- Military Committee in Chiefs of Staff Session (MC/CS) with ISAF non-NATO Contributing NationsՄայիսի 21-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի «Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերի» գործողությանը և «Վճռական աջակցություն» ձևաչափով իրականացվելիք առաքելությանը մասնակից երկրների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի ձևաչափով հերթական նիստերին:

Նիստերի ընթացքում քննարկվել են Աֆղանստանում անցկացված նախագահական ընտրությունների 1-ին փուլից հետո ստեղծված քաղաքական իրավիճակին, Աֆղանստանի անվտանգության ուժերի կարիքներին, «Աֆղանստանում Անվտանգության աջակցության միջազգային ուժերի» վերատեղակայման ժամանակացույցին, ինչպես նաև «Վճռական աջակցություն» առաքելության օպերատիվ պլանի մշակման ընթացքին, նախնական օպերատիվ պատրաստականության ժամանակացույցին, ռազմավարական հաղորդակցություններին, առաքելության մեկնարկի իրավական խնդիրների կարգավորմանը վերաբերող հարցեր:

Սուրեն Քրմոյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ

սուրեն քրմոյանՀայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Սուրեն Քրմոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ։

Այսօր կառավարության որոշմամբ Սուրեն Քրմոյանն ազատվել էր Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:

***
Սուրեն Քրմոյան

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1977 թ., 3 փետրվարի, ք. Երևան

Կրթություն
1994 -1999 թթ. – Երևանի պետական համալսարան, իրավագիտության ֆակուլտետ
1999 – 2002 թթ. – ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի ասպիրանտ, ատենախոսսություն «Սեփականության իրավունքի սահմանադրաիրավական հիմունքները» թեմայով: Շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան
2001 թ. – կրթական ծրագիր «Գնումների գործընթացի կառավարումը Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրերում», Թուրին, Իտալիա: Շնորհվել է գնումների կառավարման մասնագետի որակավորման վկայական:

Աշխատանքային գործունեություն
1997 – 1998 թթ. – ՀՀ տրանսպորտի նախարարություն, Համաշխարհային բանկի կողմից աջակցվող վարկային ծրագրի իրականացման գրասենյակ
1998-2008 թթ. – ՀՀ կենտրոնական բանկ, իրավաբանական վարչություն, իրավաբան
1998-2000 թթ. – «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ, գործերի կառավարիչ և իրավական խորհրդական
2000-2003 թթ. – «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ, իրավական փորձագետ
2004 թ. – Առողջապահական համակարգի արդիականացման ճապոնական դրամաշնորհային ծրագիր, տեղական փորձագետ, իրավաբան
2004-2011 թթ. – «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ, իրավաբան
2001-2011 թթ. – ՀՀ առողջապահության նախարարի իրավական խորհրդական
2011-2014թթ.-ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար
2014 թ. մայիսի 22-ից՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

Այլ տվյալներ
Զինապարտ է, շարքային: Տիրապետում է անգլերենի, ռուսերենի: Շուրջ 35 գիտական հոդվածի հեղինակ, առողջապահական իրավունքի հարցերով մի շարք գրքերի, ուսումնական ձեռնարկների համահեղինակ:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու որդի:

Սուրեն Քրմոյանն ազատվել է ԱՆ աշխատակազմի ղեկավարի պաշտոնից

սուրեն քրմոյանԱյսօր կայացած նիստում Կառավարության որոշմամբ Սուրեն Քրմոյանն ազատվել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:

Գյումրու քաղաքապետն աշխատանքային այցով Լեհաստանում է

բալասանյանը լեհաստանումԼեհական կողմի հրավերով աշխատանքային այցով Կրակովում է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ով երեկ հանդիպեց Կրակովի քաղաքապետ Յացեկ Մախրովսկու հետ: Հանդիպման ընթացքում Յացեկ Մախրովսկին ողջունեց Սամվել Բալասանյանին և ներկայացրեց իրենց քաղաքի պատմությունը, ներկա վիճակը, ինչպես նաև հայտնեց տեղեկություններ Կրակովի հայ համայնքի գործունեության մասին:

Պատասխան խոսքում Սամվել Բալասանյանը շնորհակալություն հայտնեց իր լեհ գործընկերոջը ընդունելության և երկու քաղաքների միջև հարաբերությունների խորացման պատրաստակամության համար, ինչպես նաև ներկայացրեց Գյումրի քաղաքի պատմությունն ու սոցիալ-տնտեսական ներկա վիճակը:

Այնուհետև կողմերը քննարկեցին զբոսաշրջության, սպորտի, մշակույթի, քաղաքաշինության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Հանդիպման ավարտին Սամվել Բալասանյանը հրավիրեց Յացեկ Մախրովսկուն իրեն հարմար ժամանակ այցելել Գյումրի, ինչը և ընդունվեց Կրակովի քաղաքապետի կողմից:

Գյումրու քաղաքապետի աշխատանքային այցի ընթացքում նախատեսված են այլ հանդիպումներ ևս:

 

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձն աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին՝ 90-ամյա հոբելյանի առթիվ

հովիկ աբրահամյանՍիրելի´ Շառլ Ազնավուր,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 90-րդ տարեդարձի առթիվ:
Ձեր ստեղծագործություններն ու հայրենասիրական կեցվածքը սերնդեսերունդ ոգևորել ու հիացրել են միլիոնավոր մարդկանց: Մենք հպարտանում ենք բացառիկ արվեստագետի և մեծ հայի Ձեր տեսակով, ով բարձր է պահում աշխարհում հայի անունն ու պատիվը: Դուք բոլոր ժամանակների մեծագույն մարդկանցից եք, ում անվերապահորեն սիրում է ողջ հայ ժողովուրդը:
Մեծարգո շանսոնյե, ևս մեկ անգամ ընդունեք ջերմագին շնորհավորանքներս 90-ամյա հոբելյանի առթիվ: Մաղթում եմ Ձեզ, սիրելի մաեստրո, քաջառողջություն, անսպառ եռանդ և ստեղծագործական նորանոր հաջողություններ:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպանի հետ

0001Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովի հետ: Ողջունելով հյուրին՝ Տարոն Մարգարյանը, համառոտ ներկայացնելով Երևանի կառավարման հարցում իր մոտեցումներն ու առաջնահերթությունները, նաև հատկանշել է այն ոլորտները, որոնց շրջանակում Երևանի քաղաքապետարանն այսօր արդյունավետ փոխգործակցում է գործընկեր քաղաքների հետ: Քաղաքապետը հույս է հայտնել, որ համանման սերտ փոխգործակցություն կձևավորվի նաև Ղազախստանի մայրաքաղաքի հետ. «Մենք իսկապես բավականին անելիքներ ունենք ինչպես երկու մայրաքաղաքների, այնպես էլ Ղազախստանի այլ քաղաքների միջև ևս գործընկերային հարաբերություններ հաստատելու ուղղությամբ: Անշուշտ, շատ կարևոր է, որ արդեն իսկ համաձայնեցված է Երևանի և Աստանայի միջև եղբայրացման մասին համաձայնագիրը, որը, վստահ եմ, մեր համատեղ արդյունավետ աշխատանքի արդյունքում ոչ հեռու ապագայում կկնքվի, ու երկուստեք փոխշահավետ գործակցության ծավալումը կդրվի գործնական հիմքերի վրա», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Այիմդոս Բոզժիգիտովն ընդգծել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը, որպեսզի իսկապես կարճ ժամանակահատվածում երկու երկրների մայրաքաղաքները ստորագրեն եղբայրացման մասին համաձայնագիրը. «Փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործակցության եզրերն իսկապես բազմազան են, և ես վստահեցնում եմ Ձեզ, պարոն քաղաքապետ, որ իմ լիազորությունների շրջանակում կանեմ հնարավորը՝ երկուստեք գործընկերային հարաբերությունների հաստատման ու զարգացման ուղղությամբ»,- նշել է դեսպանը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

Հայաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները մասնակցեցին Հայաստան – ՆԱՏՕ համագործակցությանը նվիրված Հյուսիս-ատլանտյան խորհրդի նիստին

g_imageՄայիսի 20-ին Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, տեղի ունեցավ 28+1

ձևաչափով Հյուսիս-ատլանտյան խորհրդի նիստը, որին մասնակցում էին
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը, Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ 28 երկրների դեսպանները:

Նիստին Հայաստանի արտաքին քաղաքական և պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները հանդես եկան ելույթներով:

Իր խոսքում նախարար Նալբանդյանն անդրադարձավ Հայաստան-ՆԱՏՕ
համագործակցության տարբեր ոլորտներին, Հայաստանի արտաքին քաղաքականության
առաջնահերթություններին, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի
վերջին զարգացումներին, միջազգային հարաբերությունների օրակարգային
խնդիրների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումներին:

Անդրադառնալով Հայաստան – ՆԱՏՕ հարաբերություններին՝ Էդվարդ Նալբանդյանը դրական գնահատեց Անհատական գործընկերության գործողությունների ծրագրերի շրջանակներում հաստատված արդյունավետ փոխգործակցությունը։ Նախարար Նալբանդյանը նշեց, որ արդեն պատրաստ է Հայաստան- ՆԱՏՕ ԱԳԳԾ-ի թվով չորրորդ 2014-2016թթ. ծրագիրը և հույս հայտնեց, որ այն շուտով
կհաստատվի ու կսկսի իրականացվել։

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր ելույթում
անդրադարձավ պաշտպանական համակարգում իրականացվող բարեփոխումների
ընթացքին և այդ համատեքստում կարևորեց Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև
համագործակցությունը:
Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին ելույթ ունեցած ՆԱՏՕ-ի գլխավոր
քարտուղարը, անդամ տասնհինգ երկրների ներկայացուցիչներ դրական գնահատեցին
Հայաստանի և Դաշինքի միջև 20 տարվա պատմություն ունեցող արդյունավետ
փոխգործակցությունը և արձանագրված արդյունքները:

Ելույթ ունեցողները գոհունակություն հայտնեցին Անհատական գործընկերության
գործողությունների ծրագրի իրականացման արդյունքների, Հայաստանում
իրականացվող բարեփոխումների ընթացքի, Կոսովոյում և Աֆղանստանում
խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասնակցության կապակցությամբ:

Այնուհետև նախարարներ Նալբանդյանն ու Օհանյանը պատասխանեցին ՆԱՏՕ-ի
անդամ երկրների դեսպանների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին
Հայաստանի արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային զարգացումներին,
ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և
միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերի, Ուկրաինական ճգնաժամին,
պաշտպանության ոլորտներում Հայաստանում իրականացվող բարեփոխումներին:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու անդամ երկրների դեսպանները վերահաստատեցին
Հայաստանի հետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը:

Հյուսիս-ատլանտյան խորհրդի նիստից առաջ Հայաստանի արտաքին գործերի և
պաշտպանության նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Սեյրան Օհանյանը
հանդիպեցին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենի հետ:
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Գործընկերություն հանուն խաղաղության
Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում
Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը, մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային
խնդիրների շուրջ:

Անկախ

Սիմպոզիում ռումինական Դումբրավեն քաղաքում

Ագն Մայիսի 16-18-ին Տրանսիլվանիայի Դումբրավեն քաղաքում Ռումինիայում ՀՀ դեսպանության, տեղական իշխանության, Ռումինիայի Հայոց Միության մասնաճյուղի, Կլուժի Բաբեշ-Բոլյայի համալսարանի և Ռումինիական Ակադեմիայի Տրանսիլվանիայի մասնաճյուղի մասնակցությամբ անցկացվեց «Դումբրավենի էթնիկ և մշակութային ազդեցությունները» թեմայով սիմպոզիում: Սիմպոզիումին ներկա էին Դումբրավենի քաղաքապետ Ջորջետա Իրիմիեն, Սիբիուի նահանգային և Թարգու Մուրեշի շրջանային խորհրդի անդամներ, Ռումինիայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչը, Կլուժի Բաբեշ-Բոլյայի համալսարանի պրոռեկտոր Իոան Բոլովանը, տասնյակ հետազոտողներ:

Հաշվի առնելով հայերի 300-ամյա ներկայությունը Դումբրավենում, որ համարվում է Տրանսիլվանիայի հայկական կենտրոններց մեկը, զեկույցների գերակշռող մեծամասնությունը նվիրված էր Դումբրավենի հայկական հետքին, ժառանգությանն ու ականավոր անհատներին:

Բաբեշ-Բոլյայի համալսարանի պրոռեկտոր Իոան Բոլովանը և համալսարանի Մշակութային ժառանգության դեպարտամենտի ղեկավար Անա Վիկտորիա Սիման անգնահատելի համարեցին Տրանսիլվանիայում հաստատված հայերի ներդրումը տարածաշրջանի սոցիալ-տնտեսական և կրթա-մշակութային կյանքում, ազգային փոքրամասնությունների համերաշխ գոյակցությանը բերած նպաստին: Բանախոսները վերահաստատեցին Բաբեշ-Բոլյայի համալսարանի գիտական հետաքրքրությունը հայագիտության հանդեպ, այդ թվում նաև` Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ ժամանակի պատմական փաստերի վերհանմանը և ներկայացմանը:

Սիմպոզիումի մասնակիցներն այցելեցին քաղաքի Տրանսիլվանիայի Հայոց թանգարան և 250-ամյա «Սուրբ Եղիսաբեթ» հայ կաթողիկե եկեղեցի, որտեղ ունկնդրեցին հատվածներ հայկական պատարագից:

Դեռևս 2012թ. Դումբրավենը եղբայրացել է Հայաստանի Նոյեմբերյան քաղաքի հետ, որը լրացուցիչ խթան է քաղաքի հայկական ավանդույթների պահպանման համար:

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել իր նոր ծրագրին

կառավարությունԱյսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նիստում քննարկվել է մեկ հարց` ՀՀ կառավարության ծրագիրը: Զեկուցումով հանդես է եկել ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը: «Կառավարության նոր ծրագիրը մշակվել է` հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2013թ. ծրագրի, ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության, ՀՀ Նախագահի, Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրի հիմնական դրույթները, ինչպես նաև խորհրդարանական կուսակցությունների ծրագրերում ներկայացված` նշված փաստաթղթերի հետ համադրելի գաղափարները», – ասել է նա:
ՀՀ կառավարությունը հռչակում է, որ իր գործունեության գերակա նպատակը ՀՀ քաղաքացին է՝ նրա ազատության երաշխավորումը, անվտանգության և բարեկեցության բարձրացման ապահովումը: Կառավարության ջանքերն առավելապես ուղղվելու են ՀՀ քաղաքացու` ստեղծագործ աշխատանքով իր հայրենիքում իր ապագան կերտելուն: Հայրենիքը յուրաքանչյուր հայի համար դառնալու է ապահով հանգրվան և սեփական կարողությունների, աշխարհի տարբեր ծագերում ձեռք բերած փորձի և գիտելիքների առավելագույն դրսևորման երկիր:
Կարողությունների նման դրսևորման հնարավորություն կարող է ընձեռել միայն հավասար պայմաններ և իրական մրցակցություն ապահովող միջավայրը: Կառավարությունն ապահովելու է, որ կանոնները նույնը լինեն բոլորի համար, որ ՀՀ տնտեսությունը բաց լինի թե՛ հայրենական, թե՛ օտար ներդրողների համար:
Զեկուցողի դիտարկմամբ ծրագրում արտացոլված են ՀՀ վարչապետի և տարբեր հասարակական կազմակերպությունների, միավորումների հանդիպումների ժամանակ արտացոլված գաղափարները, մտքերը և տարբեր մոտեցումները, հատկապես գործարարությանն աջակցելու դրույթները:
Հաշվի է առնվել նաև այն հանգամանքը, որ մենք ունենք ծրագրի իրականացման ժամանակահատվածային սահմանափակում, ինչպես նաև էական են այդ բոլոր գաղափարները մեկտեղելու խնդիրը և այն, որ առկա են ռիսկեր, որոնք պայմանավորված են գլոբալ տնտեսական զարգացման միտումներով, ինչպես նաև կոնկրետ մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներով:
«ՀՀ կառավարությունը սույն ծրագրի իրականացմամբ 2014-2017 թվականների ընթացքում նպատակադրում է զարգացած երկրների համեմատ տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովում ՀՆԱ-ի միջնաժամկետ 5 տոկոս աճի միջոցով, նվազագույն աշխատավարձի աստիճանական բարձրացում մինչև 65 հազար դրամի և աղքատության կրճատման ապահովում 10 տոկոսային կետով», – ասել է փոխվարչապետը:
Ծրագրի հիմնական հատվածները վերաբերում են արդարացի վարձրատրություն ապահովող աշխատավարձերի ստեղծմանը, որտեղ էական և կարևոր նշանակություն ունի գործարար և ներդրումային միջավայրը, առանձնակի ուշադրության առարկա են լինելու գյուղատնտեսությունը և գյուղը, փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման քաղաքականությունը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին աջակցության խորացումը, զբոսաշրջությունը և մի շարք այլ ուղղություններ: Առանձնակի ուշադրություն է դարձվելու տարածքային համաչափ զարգացման խնդիրներին, ենթակառուցվածքների զարգացմանը, հատուկ ուշադրության են արժանացել նաև մարդու իրավունքների պաշտպանության և արդարադատության արդյունավետ համակարգի զարգացման խնդիրները: Նոր գործիքակազմ է առաջարկվում սոցիալական պաշտպանության, առողջապահության, կրթության և գիտության ոլորտներում: Կառավարությունը հետևողական ուշադրություն է ցուցաբերելու միգրացիոն գործընթացների կարգավորմանը:
«Տարբեր ծրագրեր են իրականացվելու նաև պետական կառավարման, տեղական ինքնակառավարման, հարկային և մաքսային համակարգերի զարգացման, մրցակցության պաշտպանության ուղղությամբ: Կառավարությունն իր գործունեության մեջ հաշվի է առնելու նաև Մաքսային միության գործընթացների հանգամանքը», – շեշտել է զեկուցողը:
Ամփոփելով նիստը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը վերստին կարևորել է այն իրողությունը, որ կառավարության նոր ծրագիրը կազմելիս հաշվի են առնվել Ազգային ժողովում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի, նախարարությունների և գերատեսչությունների ներկայացրած կարծիքները, որոնք առավելագույնս ընդգրկվել են փաստաթղթի նախագծում: «Իհարկե, ընդունվել են ողջամիտ առաջարկությունները, իսկ ֆինանսական մեծ ռեսուրս պահանջող առաջարկությունները չէին կարող ընդգրկվել», – եզրափակել է վարչապետը: 
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ կառավարության ծրագրին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով:

ՀՀ արտաքին գործերի և պաշտպանության նախարարները կմեկնեն Բրյուսել

սեյրան ՕհանյանՄայիսի 20-ին Հյուսիսատլանտյան խորհրդի “28+Հայաստան” ձևաչափով նիստին մասնակցելու նպատակով ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Կայցելեն Բրյուսել:

Տավուշի նախկին մարզպետը նշանակվել է քաղաքաշինության նախարարի տեղակալ

ղուլարյանՀայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Անուշավան Այվազյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Արմեն Ղուլարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ։
***
Արմեն Ղուլարյան

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
25 սեպտեմբերի 1954 թ., ք.Իջևան

Կրթություն
1971-1976 թթ. – Երևանի Կ. Մարքսի անվ. պոլիտեխնիկական ինստիտուտի Ճարտարապետության ֆակուլտետ, մասնագիտացումը` ճարտարապետ։

Աշխատանքային գործունեություն
1976-1980 թթ. – Իջևանի շրջանային խորհրդի գործկոմ` ճարտարապետական բաժնի խմբի ղեկավար
1980-1988 թթ. – Իջևանի շրջանի գլխավոր ճարտարապետ
1988-1990 թթ. – ՀԿԿ Իջևանի շրջկոմ` արդյունաբերության, շինարարության և տրանսպորտի բաժնի վարիչ
1990-1996 թթ. – Իջևանի քաղաքային խորհրդի գործկոմ` նախագահի պաշտոնակատար
1996-1999 թթ. – Իջևանի քաղաքապետ
1999 -2014 թթ. – ՀՀ Տավուշի մարզպետ
2014 թ. մայիսի 17-ից՝ ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ

Այլ տվյալներ
ՀՀ զինված ուժերի փոխգնդապետ է։ Պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով, «Ֆրիտյոֆ Նանսեն» և ՀՀ վարչապետի հուշամեդալներով։ Ունի շնորհակալագրեր։ Ճարտարապետների միության անդամ է։

Կուսակցական պատկանելությունը
Հայաստանի Հանրապետական կուսակցություն

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու որդի։

 

Դեսպան Մինասյանն իր հավատարմագրերը հանձնեց Մալթայի Արքայազնին

g_imageՄայիսի 14-ին Մալթայում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը (նստավայրը` Վատիկան) իր հավատարմագրերը հանձնեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և Մեծ Վարպետ Ֆրա Մեթյու Ֆեստինգին:

Հանդիսավոր արարողության ժամանակ իր ելույթում դեսպան Մինասյանը մասնավորապես անդրադարձավ հայերի և Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի միջև գոյություն ունեցող պատմական կապերին և մշակութային ժառանգությանը` վստահություն հայտնելով, որ դրանք լավ հիմք կհանդիսանան քրիստոնյաների ժամանակակից մարտահրավերները միասին հաղթահարելու համար:

Մեծ Վարպետ Ֆրա Մեթյու Ֆեստինգը պատասխան ելույթում ջերմորեն ողջունեց Սուրբ Աթոռում ՀՀ առաջին դեսպանին` մաղթելով նրան արգասաբեր աշխատանք:
Հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո դեսպան Մինասյանը և Մեծ Վարպետ Ֆրա Ֆեստինգը առանձնազրույց ունեցան:

Նույն օրը, ի պատիվ Հայաստանի նոր դեսպանի, Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և Մեծ Վարպետի անունից տրվել է ճաշ:

Արմեն Ալավերդյանը նշանակվել է ֆինանսների նախարարի տեղակալ

արմեն ալավերդյանՀայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արմեն Ալավերդյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից։ ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Արմեն Ալավերդյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ։

***
Արմեն Ալավերդյան

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1958 թ. հոկտեմբերի 9, Մարտունու շրջանի Երանոս գյուղ

Կրթություն
1966-1976 թթ. – Չարենցավանի թիվ 1 միջնակարգ դպրոց
1976-1980 թթ. – Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի պլանատնտեսագիտական ֆակուլտետ, տնտեսագետ
1983-1986 թթ. – Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրա,
1988 թ. – պաշտպանել է թեկնածուական թեզ` «Արտադրանքի որակի տեսական հիմքերը և դրա բարձրացման տնտեսական մեխանիզմները» թեմայով

Աշխատանքային գործունեություն 
1982-1990 թթ. – Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի քաղաքատնտեսության ամբիոն` ասիստենտ, ավագ դասախոս, դոցենտ
1990-1991 թթ. – ՀՀ արտաքին տնտեսական կապերի նախարարություն, գլխավոր մասնագետ
1991-1992 թթ. – ԿԱ հարկային պետական տեսչության վերլուծության բաժնի պետ
1992-1994 թթ. – Մեթոդաբանության վարչության պետի տեղակալ, այնուհետև` վարչության պետ
1995-1999 թթ. – ՀՀ ԿԱ հարկային պետական տեսչության պետի տեղակալ
1999-2000 թթ. – ՀՀ պետական եկամուտների փոխնախարար
2000-2008 թթ. – ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետի տեղակալ
2008-2012 թթ. – ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
2012 – 2014 թթ. – ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ

2014 թ. մայիսի 17-ից՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

Այլ տվյալներ 

1980-1982 թթ. ծառայել է խորհրդային բանակում: Ունի հարկային ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճան: ՀՀ Նախագահի հրամանագրով 2005 թ.պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով: ՀՀ Նախագահի հրամանագրով 2011 թ. պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով: «Ֆրիտյով Նանսենի» անվան հիմնադրամի կողմից 2002 թ. պարգևատրվել է «Ֆրիտյով Նանսենի» հուշամեդալով: Պաշտոնավարման ժամանակահատվածում ՀՀ ԱԺ ներկայացրել է մի քանի տասնյակ օրենքների նախագծեր` որպես ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ: Ունի 20-ից ավելի հրատարակված գիրք և գիտական հոդված: Տիրապետում է ռուսերենի, ֆրանսերենի:

Կուսակցական պատկանելությունը

Անկուսակցական

Անձնական տվյալներ 

Ամուսնացած է, ունի երկու որդի: