Սիմպոզիում ռումինական Դումբրավեն քաղաքում

Ագն Մայիսի 16-18-ին Տրանսիլվանիայի Դումբրավեն քաղաքում Ռումինիայում ՀՀ դեսպանության, տեղական իշխանության, Ռումինիայի Հայոց Միության մասնաճյուղի, Կլուժի Բաբեշ-Բոլյայի համալսարանի և Ռումինիական Ակադեմիայի Տրանսիլվանիայի մասնաճյուղի մասնակցությամբ անցկացվեց «Դումբրավենի էթնիկ և մշակութային ազդեցությունները» թեմայով սիմպոզիում: Սիմպոզիումին ներկա էին Դումբրավենի քաղաքապետ Ջորջետա Իրիմիեն, Սիբիուի նահանգային և Թարգու Մուրեշի շրջանային խորհրդի անդամներ, Ռումինիայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչը, Կլուժի Բաբեշ-Բոլյայի համալսարանի պրոռեկտոր Իոան Բոլովանը, տասնյակ հետազոտողներ:

Հաշվի առնելով հայերի 300-ամյա ներկայությունը Դումբրավենում, որ համարվում է Տրանսիլվանիայի հայկական կենտրոններց մեկը, զեկույցների գերակշռող մեծամասնությունը նվիրված էր Դումբրավենի հայկական հետքին, ժառանգությանն ու ականավոր անհատներին:

Բաբեշ-Բոլյայի համալսարանի պրոռեկտոր Իոան Բոլովանը և համալսարանի Մշակութային ժառանգության դեպարտամենտի ղեկավար Անա Վիկտորիա Սիման անգնահատելի համարեցին Տրանսիլվանիայում հաստատված հայերի ներդրումը տարածաշրջանի սոցիալ-տնտեսական և կրթա-մշակութային կյանքում, ազգային փոքրամասնությունների համերաշխ գոյակցությանը բերած նպաստին: Բանախոսները վերահաստատեցին Բաբեշ-Բոլյայի համալսարանի գիտական հետաքրքրությունը հայագիտության հանդեպ, այդ թվում նաև` Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ ժամանակի պատմական փաստերի վերհանմանը և ներկայացմանը:

Սիմպոզիումի մասնակիցներն այցելեցին քաղաքի Տրանսիլվանիայի Հայոց թանգարան և 250-ամյա «Սուրբ Եղիսաբեթ» հայ կաթողիկե եկեղեցի, որտեղ ունկնդրեցին հատվածներ հայկական պատարագից:

Դեռևս 2012թ. Դումբրավենը եղբայրացել է Հայաստանի Նոյեմբերյան քաղաքի հետ, որը լրացուցիչ խթան է քաղաքի հայկական ավանդույթների պահպանման համար:

Tags: