Վարչապետը ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին

11273_am_3Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմին է ներկայացրել ՀՀ բնապահպանության նորանշանակ նախարար Արամայիս Գրիգորյանին:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Արամ Հարությունյանին երկար տարիների համատեղ աշխատանքի համար և տեղեկացրել, որ նա առաջիկայում կանցնի այլ աշխատանքի: Իր հերթին Արամ Հարությունյանը նշել է, որ բնապահպանության ոլորտը շատ զգայուն է, և նախարարությունում ձևավորվել է ակտիվ, պրոֆեսիոնալ կոլեկտիվ, որն ի վիճակի կլինի նոր նախարարի գլխավորությամբ լուծելու ոլորտի խնդիրները:

Բարձր գնահատելով նորանշանակ նախարարի փորձառությունը և մասնագիտական գիտելիքները՝ կառավարության ղեկավարն ընդգծել է հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության կարևորությունը: «Համոզված եմ, որ կանեք ամեն ինչ, որ որևէ օրենքի խախտում չլինի և կաշխատեք բոլոր բարեփոխումներում ներգրավել նաև հասարակական կազմակերպություններին և քաղաքացիական հասարակությանը: Շատ եմ կարևորում, որ յուրաքանչյուր քայլ մանրակրկիտ ներկայացվի և բացատրվի, որպեսզի հանրությունը ճիշտ ընկալի յուրաքանչյուր բարեփոխում», – նշել է Հովիկ Աբրահամյանը: Վարչապետը շնորհավորել է Արամայիս Գրիգորյանին և մաղթել բեղմնավոր աշխատանք:
Նորանշանակ նախարարը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին և վարչապետին վստահության համար և հավաստիացրել, որ թիմային աշխատանքով կկարողանան հաջողություն արձանագրել:

 

Անկախ

Վարչապետը ՄԻՊ գրասենյակի բացահայտումների հետքերով այցելել է Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատություն

11271_am_8Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից ներկայացված աղմկահարույց բացահայտումների հետ կապված անակնկալ այցելել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն: Հովիկ Աբրահամյանին ուղեկցել են ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:
ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչները հաստատության տնօրենի և աշխատակիցների ներկայությամբ վարչապետին են զեկուցել իրենց կողմից բացահայտված փաստերը, ըստ որոնց՝ դասընթացների ժամանակ դաստիարակը գրչով հարվածել է աշակերտներից մեկի ձեռքերին, անվայել արտահայտություններով դիմել նրան: ՄԻՊ գրասենյակի կողմից մի քանի անգամ հաստատությունում բացահայտվել են նաև ժամկետանց սնունդ և սննդի պահման պայմանների խախտումներ:
Ներկայացվածի հետ կապված տնօրենը նշել է, որ նկատողություն են ստացել պահեստապետը և դաստիարակը:
Դիմելով տնօրենին՝ վարչապետ Աբրահամյանը նշել է. «Եթե մի բան կապված է երեխաների հետ, ի՞նչպես կարելի է նման վերաբերմունք ցուցաբերել: Օրինակ, եթե յուրաքանչյուրիս երեխան, ելնելով սոցիալական ծանր վիճակից, գնում է գիշերօթիկ դպրոց, իսկ մանկավարժները նման վերաբերմունք են ցուցաբերում: Ի՞նչ կանեիք դուք, ի՞նչպես կվարվեիք, եթե ձեր երեխայի նկատմամբ այդպիսի վերաբերմունք լիներ. նրան ժամկետանց կերակուր տային, խփեին ձեռքերին: Չեմ հասկանում, ի՞նչ մոտեցում է, ո՞վ է այդ իրավունքն ընդհանրապես ձեզ վերապահել: Ի՞նչ է նշանակում նկատողություն տալ: Պետք է անմիջապես մեղավորներին ազատեիք աշխատանքից: Ես շատ խիստ եմ լինելու ձեր բոլորի նկատմամբ և շատ մարդիկ ազատվելու են աշխատանքից»:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ հաստատություն այցելելու համար և նշել, որ դրա շնորհիվ գիշերօթիկի երեխաների ճակատագիրը կարող է փոխվել:
Իր հերթին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը զեկուցել է, որ համակարգում վերահսկողության և մոնիթորինգի հետ կապված ներդրվում է ամբողջական համակարգ, ձևավորվում է տեղեկատվական միասնական շտեմարան, որտեղ բոլոր նման հաստատությունների համար հաստատվելու է նաև միասնական սննդակարգ:
Ամփոփելով՝ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ նման վերաբերմունքը երեխաների նկատմամբ պետք է բացառել, իսկ խնդիրը գտնվելու է իր անմիջական ուշադրության կենտրոնում: Կառավարության ղեկավարը հանձնարարել է համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին՝ ներկայացված խնդրին տալ համարժեք լուծում և ձեռնարկել անհրաժեշտ գործողություններ՝ կրթական հաստատություններում նման երևույթները բացառելու համար:
Վարչապետը շրջել է նաև հաստատությունով, եղել ճաշարանում, զրուցել աշակերտների հետ:
Անկախ

Վարչապետի որոշմամբ Ֆիլարետ Բերիկյանի նկատմամբ կիրառվել է խիստ նկատողություն

Ֆիլարետ ԲերիկյանՎարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ պաշտոնեական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ֆիլարետ Բերիկյանի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ` խիստ նկատողություն։

Անկախ

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը News.am լրատվական կայքի հարցին

 Շավարշ ՔոչարյանՀարց․ Ադրբեջանի փոխարտգործնախարարը քննադատել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ուորլիքին՝ նշելով, որ հնարավոր է ադրբեջանական կողմը պահանջի ամերիկացի համանախագահի հեռացումը։ Ինչպես դա կմեկնաբանեք։

 

Պատասխան. Ադրբեջանը շարունակական քննադատությունների է ենթարկում ՄԽ համանախագահներին` ապարդյուն փորձելով վերջիններիս աջակցությունը կորզել իր ապակառուցողական դիրքորոշմանը։

Վերջին քննադատությունը ամերիկացի համախագահի դեմ Բաքվի հերթական փորձն է շանտաժի ենթարկել համանախագահներին և ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը խոչընդոտելու իր  պատասխանատվությունը նրանց վրա բարդել։

Անկախ

Հ Հ կառավարությանն առընթեր ՊԵԿ-ը միացել է ֆինանսների նախարարությանը

հրամանագիրՂեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 85-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 7-րդ կետը՝ որոշում եմ.

1. Վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն՝ միացնելով ֆինանսների նախարարությանը:

2. Վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեն՝ միացնելով քաղաքաշինության նախարարությանը:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը սահմանելու մասին» ՆՀ-1063 հրամանագրի II բաժնի 12-րդ և 13-րդ կետերը:

4. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով, «Մաքսային ծառայության մասին», «Հարկային ծառայության մասին» և Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով նախատեսված մաքսային և հարկային վերադաս մարմինների ղեկավարը ֆինանսների նախարարն է:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ մեկամսյա ժամկետում ընդունել սույն հրամանագրից բխող իրավական ակտեր:

Անկախ

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Իտալիայի քաղաքներում

219.Genocide commemoration events in the cities of Italy 30.04.2014Պեզարո

Ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի` Իտալիայի Պեզարո քաղաքի կենտրոնական հրապարակում գտնվող «Գրադարիի» պալատում կայացավ գերմանացի գրող և իրավապաշտպան Արմին Վեգների` Հայոց ցեղասպանության օրերին արված լուսանկարների ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը: Այն կազմակերպվել էր տեղի փոքրաթիվ հայ համայնքի ջանքերով: Ցուցահանդեսի բացմանը ելույթներ ունեցան Արմին Վեգների որդին` Միքելե Վեգները, և Իտալիայում ՀՀ դեսպանության խորհրդական Անահիտ Թովմասյանը:

Միքելե Վեգները խոսեց հոր` Արմին Վեգների կյանքի ու գործունեության` որպես Հայոց ցեղասպանության ականատեսի վկայությունների, հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությանը նրա նվիրվածության մասին և անընդունելի համարեց Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը:

Անահիտ Թովմասյանը Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանի անունից ողջունեց ցուցահանդեսի բացումը և այն կարևորեց որպես հարգանքի տուրք 99 տարի առաջ հայ ժողովրդի հանդեպ իրականացված ահավոր ոճրագործության` 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերի հիշատակին: Իր ելույթում նա, մասնավորապես, նկատեց, որ Թուրքիան, բազում զրկանքներ պատճառելով հայ ժողովրդին, իր ժխտողական քաղաքականությամբ այժմ էլ փորձում է հայերին զրկել հիշողության իրավունքից: Նա ընդգծեց, որ այդ քաղաքականությունը դատապարտված է ձախողման, քանի որ հայ ժողովուրդը  շարունակում է ապրել և իր անկախ պետականությամբ ու սփյուռքով հաստատակամորեն հետամուտ է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը:

 

Միլան

Իտալիայի Միլան քաղաքի Սուրբ Ամբրոջիո եկեղեցում Հայ Առաքելական Եկեղեցու սպասավոր հայր Թովմա Խաչատրյանի կողմից, ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, մատուցվեց պատարագ: Պատարագի սկզբին ելույթ ունեցավ Միլանում ՀՀ պատվո հյուպատոս Պետրո Քուչուկյանը: Ներկա էին նահանգային և քաղաքային իշխանությունների, տարբեր եկեղեցական համայնքների և հայ համայնքի ներկայացուցիչներ, Միլանում հավատարմագրված պատվո հյուպատոսներ, Իտալիայի հայ համայնքի ղեկավար, պրոֆեսոր Պայքար Սիվազլիյանը:

Ապրիլի 28-ին Միլանի քաղաքային խորհրդի նիստի ժամանակ, որին ներկա էր Միլանում ՀՀ պատվո հյուպատոս Պետրո Քուչուկյանը, խորհրդի անդամները 1 րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

 

Բարի

Իտալիայի Բարի քաղաքում տեղակայված հայկական խաչքարի մոտ, տեղի բնակիչ Ռուբեն Թիմուրյանի նախաձեռնությամբ, Մխիթարյան միաբանության հայր Գրիգորիս Սիրանյանի կողմից Հայոց ցեղասպանության զոհերի հոգեհանգստի արարողություն կատարվեց: Ներկա էին Բարիի քաղաքապետ Միքելե Էմիլիանոն, Բարիի և Կազամասսիմա քաղաքների բնակիչներ, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ: Այնուհետև քաղաքապետարանի դահլիճում ընթերցվեց Հայոց ցեղասպանության հիշատակման առթիվ Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանի ուղերձը, որից հետո ցուցադրվեց Արտույտների ագարակը ֆիլմը:

Անկախ

«Մեծ պատիվ էր ներկայացնել իմ երկիրը բարեկամ Վրաստանում». արդարադատության նորանշանակ նախարար

հովհաննես մանուկյանԱրդարադատության նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

“Մեծ պատիվ էր ներկայացնել իմ երկիրը բարեկամ Վրաստանում: Շնորհակալ եմ երկրի Նախագահին նման վստահության համար:
Ուրախ եմ, որ հնարավորություն եմ ունեցել աշխատել այնպիսի բարձր կարգի պրոֆեսիոնալի հետ, ինչպիսին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն է:

Շատ եմ կարևորում փորձառությունը, որ ստացա դիվանագիտական գործունեության ընթացքում և մասնագիտական ու անձնային շփումները, որ ունեցա դիվանագիտական ոլորտում աշխատող իմ գործընկերների հետ:

Գնահատում եմ և շնորհակալությունս եմ հայտնում Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագիտական կազմին և աշխատակազմին անցած ավելի քան երեք տարիների համատեղ աշխատանքի համար”:

Հիշեցնենք, որ այսօր նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ արդարադատության նախարար է նշանակվել Հովհաննես Մանուկյանը, որը մինչ այդ Վրաստանում ՀՀ դեսպանն էր:

 

Անկախ

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանները Ազգային ժողովում հնչած հարցերին

նալբանդյանը կառավարության նիստումԹևան Պողոսյան. Թուրքիայի վարչապետը ապրիլի 23-ին հղել է պաշտոնական ուղերձ, որին Երևանը պատասխանել է, որ դա Ցեղասպանության մերժման նոր ձև է: Բնականաբար, կիսում եմ Ձեզ հետ այս կարծիքը, իսկապես՝ շատ ցավալի է, որ 99րդ տարելիցին այդ տեսակի իրավիճակ է, բայց Ձեր պատասխանից հետո, այնուամենայնիվ, Էրդողանը շարունակում է խոսել, շարունակում է հիացած լինել իր իսկ ուղերձով, և ավելին՝ ապրիլի 29-ին արել է “հերոսական” հայտարարությունն առ այն, որ, քանի որ Թուրքիայում ապրում են հայեր, նրա ապացույցն է, որ Թուրքիայում Ցեղասպանություն տեղի չի ունեցել։ Այդ հարցով մեր կողմից դեռևս որևէ պատասխան չի եղել: Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը դրա վերաբերյալ:

Էդվարդ Նալբանդյան. Գերմանիայում այսօր մեծ թվով հրեաներ են ապրում, բայց որևէ մեկը չի հանդգնի կասկածի տակ դնել Հոլոքոստի իրողությունը։ Թուրքիան ճիշտ կաներ հետևեր Գերմանիայի օրինակին՝ ճանաչեր, դատապարտեր և ներողություն խնդրեր։

1915 թ. Թալեաթը Գերմանիայի Գլխավոր Հյուպատոսին ասում էր, թե հայկական հարց չկա, որովհետև այլևս հայ չկա:  99 տարի անց հայերը միջազգային հանրության հետ միասին պայքարում են նոր ցեղասպանությունների, մարդկության դեմ նոր հանցագործությունների բացառման համար և սպասում են Թուրքիայի կողմից քաղաքակիրթ քայլերի:

 

Թևան Պողոսյան. Շնորհակալություն: Ձեր՝ այստեղ գտնվելու առիթն օգտագործելով՝ նաև կցանկանայի Ձեր տեսակետը լսել հետևյալի մասին. մի քանի օրից Ադրբեջանը ստանձնելու է ԵԽ նախագահությունը: Վերջին մի քանի օրերին մենք տեսնում ենք, թե ինչպիսին է այնտեղ մարդու իրավունքների իրավիճակը, և քանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ են ձերբակալված, մեղադրված կամ ծեծված: Որպես արդեն նախագահած երկրի արտաքին գործերի նախարար՝ ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը դրա մասին, և չեք պատրաստվում արդյո՞ք բարձրաձայնել Եվրոպայի Խորհրդում այս խնդիրը և ի՞նչ գործողություններ եք ծրագրում իրականացնել:

 

Էդվարդ Նալբանդյան. Դրա մասին բարձրաձայնել են հենց ԵԽ բարձրաստիճան պաշտոնյաները։ Վերջին շաբաթվա ընթացքում Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարը երկու հայտարարություն է արել, որ հիմնարար ազատությունների, հատկապես խոսքի ազատության և ընդհանրապես մարդու իրավունքների ոլորտում վիճակը Ադրբեջանում վատթարանում է:

 

Մենք լավ գիտենք, որ հայատյացության, անհանդուրժողականության խտրականության դրսևորումները Ադրբեջանում սովորական երևույթ են դարձել: Ես կարծում եմ, որ նման երկրի ոչ միայն նախագահությունը Եվրախորհրդում, այլ նաև անդամակցությունը պատիվ չի բերում այդ կազմակերպությանը:

 

ԱԺ-ում հարցուպատասխանից հետո, արձագանքելով լրագրողի հարցին, թե արդյոք Հայաստանը Եվրախորհրդում բարձրաձայնում է Ադրբեջանում հայատյացության դրսևորումների մասին,  ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ասաց. “Այո, բարձրաձայնում ենք։ Սակայն այդ դրսևորումներն այնքան կոպիտ են, որ ակնհայտ են Օրինակ՝ ինչ է նշանակում ադրբեջանցի ոստիկանապետի երեկ արված հայտարարությունը, որ Լեյլա Յունուսի նկատմամբ անմարդկային վերաբերմունքը արդարացված է նրա իբրև թե հայ լինելու հանգամանքով։ Այդպիսի բազմաթիվ դրսևորումներ հայտնի են, թե Եվրախորհրդին, թե այլ կազմակերպություններին։”

 Անկախ

Վարչապետը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին

11269_am_3Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմին է ներկայացրել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նորանշանակ նախարար Երվանդ Զախարյանին:

Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Արմեն Մովսիսյանին՝ երկարատև աշխատանքի և համագործակցության համար:
«Երվանդ Զախարյանը ոլորտին ծանոթ է: Համոզված եմ, որ կանի այն ամենը, ինչ անհրաժեշտ է՝ առկա խնդիրները կարգավորելու համար»,- ասել է Հովիկ Աբրահամյանը: Վարչապետը շնորհավորել է նորանշանակ նախարարին և մաղթել բեղմնավոր աշխատանք:
Երվանդ Զախարյանը շնորհակալություն է հայտնել հանրապետության նախագահին և վարչապետին՝ վստահության համար և նշել, որ ամբողջովին գիտակցում է բնագավառի կարևորությունը երկրի տնտեսության զարգացման գործում և այն պատասխանատվությունը, որ ստանձնում է: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարը վստահեցրել է, որ համակարգի պրոֆեսիոնալների հետ կանի ամեն ինչ, որպեսզի իր առջև դրված խնդիրները հնարավորինս արդյունավետ լուծվեն:

Բնապահպանության նախարար է նշանակվել Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը

արամայիս գրիգորյանՆախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով բնապահպանության նախարար է նշանակվել Արամայիս Գրիգորյանը: Նա մինչ այս Արարատի մարզպետն էր:
Հրամանագրում ասված է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.

Արամայիս ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար»:

Երվանդ Զախարյանը նշանակվեց Էներգետիկայի և բնական պաշարների նախարար

երվանդ զախարյանՆախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Երվանդ Զախարյանին նշանակել է Էներգետիկայի և բնական պաշարների նախարար:

Հրամանագրում ասված է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.

1. Երվանդ ԶԱԽԱՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից»:

Ավելի վաղ  նախագահի մեկ այլ հրամանագրով Երվանդ Զախարյանն ազատվել էր Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնից:

 

Տեղի ունեցավ ճանապարհային ոլորտը կարգավորող խորհրդի առաջին նիստը

290414ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի նախագահությամբ ապրիլի 29-ին տեղի ունեցավ ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծված ճանապարհային ոլորտը կարգավորող խորհրդի  առաջին նիստը:

Հանձնաժողովի կազմում ընդգրկված են ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Անուշավան Այվազյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Դավիթ Կարապետյանը, ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Եղիշե Կիրակոսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գառնիկ Բադալյանը, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը: Նիստի աշխատանքներին ներկա էին նաև ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ճանապարհաշինական ոլորտի պատասխանատուներ:

Խոսելով ճանապարհային խորհրդի ստեղծման կարևորության մասին՝ նախարար Գագիկ Բեգլարյանը նշեց, որ խորհրդի գործունեությունը հնարավորություն կտա թափանցիկ և խիստ որոշակի չափանիշների հիման վրա  որոշել ճանապարհային ոլորտում կատարվող ներդրումների առաջնահերթությունը:

«Ճանապարհային ոլորտը կարգավորող հանձնաժողովի առաջին նիստում մենք քննարկման կներկայացնենք մեր ռազմավարությունը, և համոզված եմ, որ յուրաքանչյուրիդ փորձն ու առաջարկությունները ներդնելով հանձնաժողովի աշխատանքներում՝  ապագայում կկարողանանք արդյունավետ աշխատել»,-ասաց Գագիկ Բեգլարյանը:

Խորհրդի անդրանիկ նիստում քննարկվեց միջպետական, հանրապետական և տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պահպանման և զարգացման առաջնահերթությունների որոշման հայեցակարգի նախագիծը, մշակված փաստաթղթի վերաբերյալ խորհրդի անդամները ներկայացրին իրենց առաջարկություններն ու դիտողությունները:

Մանրամասները տեսանյութում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության

լրատվական ծառայություն

Քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանն այցելել է Շինարարների 15 վթարային շենք

1(1)Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Թամարա Պողոսյանի հետ այցելել է Շինարարների փողոցի 15 հասցեում գտնվող 4-րդ աստիճանի վթարայնության շենք և հանդիպել բնակարանից չտեղափոխվող ընտանիքի անդամների հետ:

Հարկ է նշել, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները մեկ անգամ չէ, որ այցելել են այս հասցեի բնակիչներին, ինչպես նաև քանիցս հանդիպումներ են ունեցել նրանց հետ նաև Երևանի քաղաքապետարանում: 2013 թվականի տարեվերջին քաղաքապետարանում կազմակերպված նման հերթական հանդիպման ընթացքում, ներկայում վթարային շենքի բնակարանը լքել հրաժարվող ընտանիքի անունից հանդես եկող լիազոր ներկայացուցիչ Խանում Հովսեփյանն իր համաձայնությունն էր տվել ամբողջությամբ ազատել բնակարանն ու տվյալ հասցեում հաշվառված ընտանիքի բոլոր անդամների հետ միասին, 4-րդ աստիճանի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման ծրագրի շրջանակում, տեղափոխվել իրենց հատկացված նոր բնակարան: Ի դեպ, նշված հանդիպումն ամբողջությամբ տեսանկարահանվել է և, անհրաժեշտության դեպքում, այդ տեսագրությունը կտրամադրվի ցանկացողներին: Ինչևէ, Երևանի քաղաքապետի որոշմամբ՝ վերը նշված 1 սենյականոց բնակարանի դիմաց տվյալ ընտանիքին հատկացվել է համարժեք 1 սենյականոց բնակարան՝ նորակառույց Մարգարյան 37 շենքում: Նշենք նաև, որ հատկացված բնակարանը, օրենսդրությամբ սահմանված կարգով, տրվել է տվյալ հասցեում հաշվառված և բնակարանի նկատմամբ իրավունքներ ունեցող բոլոր անձանց, այդ թվում նաև ընտանիքի ամուսնալուծված հորը՝ Սամվել Ադամյանին: Որոշման պահանջների համաձայն՝ սահմանված ժամկետում բնակիչները պետք է ազատեին զբաղեցրած տարածքները:

Հաշվի առնելով շենքի փլուզման սպառնալիքի հանգամանքը և անկանխատեսելի հետևանքները, որոնց դեպքում վտանգ է սպառնում շենքի հարակից ընդհանուր օգտագործման տարածքներից օգտվող այլ քաղաքացիների կյանքին ու առողջությանը, օրեր առաջ մեկնարկել էին շենքի քանդման աշխատանքները: Մինչ այդ արձանագրվել էր, որ  վերը նշված ընտանիքը տեղափոխվել է նոր բնակարան:

Ներընտանեկան խնդիրներով պայմանավորված՝ տվյալ բնակարանի նկատմամբ իրավունքներ ունեցող Սամվել Ադամյանը, սակայն, այժմ հրաժարվում է ազատել բնակարանը՝ ակնկալելով ստանալ լրացուցիչ բնակարան: Ընտանիքի մյուս անդամներն էլ հրաժարվում են վերադարձնել հատկացված բնակարանը:

Քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, զրուցելով ընտանիքի անդամների հետ, մեկ անգամ ևս բացատրել է, որ Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագիրը չի ենթադրում բնակարանային պայմանների բարելավում, այլ  վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցում է, որի շրջանակում առկա բնակարանի դիմաց տրամադրվում է համարժեք բնակարան:

«Վերաբնակեցման գործընթացի ողջ ընթացքում Երևանի քաղաքապետարանը մշտապես կարևորել է բնակիչների շահերն ու հաշվի առել ներկայացվող առաջարկները: Նաև այդ նպատակով էր, որ այս ընտանիքին հատկացվող բնակարանի և հարկաբաժնի ընտրությունը որոշեցինք թողնել հենց բնակչին: Նաև ուզում եմ հատուկ ընդգծել, որ նորակառույց շենքում այս ընտանիքին տրամադրված բնակարանի մակերեսն ավելի մեծ է, քան այն, ինչը նրանք տնօրինել են վթարային շենքում: Հավելեմ, որ, համաձայն գործող օրեսնդրության և Երևանի քաղաքապետի համապատասխան որոշման, որով հատկացվել է նոր բնակարանը, եթե սահմանված ժամկետում բնակիչներն ամբողջությամբ դատարկ վիճակում չեն հանձնում բնակարանը, ապա այդ դեպքում որոշումը մեխանիկորեն կարող է չեղյալ հայտարարվել: Բազմիցս նշել եմ ու կրկին կասեմ, որ 4-րդ աստիճանի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման ծրագրի շրջանակում բնակարանները հատկացվում են զբաղեցրած բնակարանը հաշվի առնելով»,- ընդգծել է Վահե Նիկոյանը:

Քաղաքապետի տեղակալը նաև հատկանշել է, որ Սամվել Ադամյանը կարող է վիճարկել քաղաքապետարանի գործողությունները դատարանում և ներկայացնել լրացուցիչ բնակարան ստանալու իր պահանջը, իսկ մինչ այդ, վտանգից խուսափելու նպատակով, կոչ է արել ազատել բնակարանը և հարցը չշահարկել քանդվող շենքում:

Վահե Նիկոյանը տեղում հանդիպել և զրուցել է նաև Սամվել Ադամյանի փաստաբան Տիգրան Մուրադյանի հետ: Հանգամանալից ներկայացնելով խնդրի էությունն ու վերաբնակեցման ծրագրի իրավական պահանջները՝ Վահե Նիկոյանը հորդորել է փաստաբանին զերծ մնալ քաղաքապետարանի գործողություններին որակումներ տալուց և առանց իրավական հիմնավոր փաստարկների քաղաքապետարանի գործողությունների իրավաչափությունը վիճարկելու գայթակղությունից: Ի դեպ, փաստաբանն ընդունել է, որ քաղաքապետի տեղակալի կողմից ներկայացված որոշ հիմնավորումների մասին ինքը տեղեկացված չի եղել:

Նշենք նաև, որ Շինարարների 15 հասցեում գտնվող քանդման ենթակա շենքի տեղում քաղաքապետարանի ծրագրով կառուցվելու է նոր շենք, որը տրամադրվելու է  4-րդ աստիճանի վթարային շենքերի բնակիչներին: Ելնելով ստեղծված իրավիճակից՝ աշխատանքները դադարեցվել են, և գործընթացը ժամանակավորապես կասեցվել է:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

Տեղի է ունեցել առողջապահական հարցերին նվիրված միջգերատեսչական քննարկում

IMG_1778 copyԱպրիլի 28-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել առողջապահական հարցերին նվիրված միջգերատեսչական քննարկում, որին մասնակցել են  ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալներ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը, գեներալ-մայոր Լևոն Մնացականյանը, ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը, ՀՀ զինվորական կոմիսար, գնդապետ Հենրիկ Մուրադյանը, զորակոչի խնդիրներով զբաղվող այլ կառույցների ներկայացուցիչներ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են կանխարգելիչ պատվաստումների ընթացքը, հակահամաճարակային անվտանգության ապահովման կազմակերպման, ՊՆ ենթակայության ներքո առանձին շրջանային հիվանդանոցների վերագործարկման, ԶՈւ ռազմաբժշկական ծառայության զարգացման հեռանկարներին և ՀՀ առողջապահության նախարարության հետ փոխգործակցության կազմակերպման, ինչպես նաև զինծառայողների սոցիալական ապահովման խնդիրներին առնչվող հարցեր:

Վերոնշյալ խնդիրների ուղղությամբ կատարվելիք աշխատանքներն արդյունավետ անցկացնելու համար ՀՀ պաշտպանության և առողջապահության նախարարները խորհրդակցության մասնակիցներին տվել են համապատասխան հանձնարարականներ:

 

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել 2014թ. ամառային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին

հրամանագիրՂեկավարվելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ և «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածներով` որոշում եմ.

1. 2014 թվականի մայիս-հուլիս ամիսներին անցկացնել Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը, որոնց 18 տարին լրացել է մինչև 2014 թվականի հունիսի 30-ը ներառյալ, և որոնք չեն օգտվել զորակոչի տարկետման իրավունքից կամ կորցրել են այն, ինչպես նաև մինչև 2014 թվականի հունիսի 30-ը ներառյալ 18 տարին լրացող՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված ցուցակներում ընդգրկված այն քաղաքացիների, որոնք մասնակցել են բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննություններին և մինչև 2014 թվականի հուլիսի 15-ը չեն ներկայացրել զորակոչից տարկետման իրավունքը հավաստող փաստաթուղթ:

2. 2014 թվականի մայիս-հուլիս ամիսներին զորացրել սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` երկշաբաթյա ժամկետում ընդունել սույն հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում:

4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

 Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

Անկախ

Դեսպան Գասպարյանը պարգևներ հանձնեց

210.Ambassador Gasparian awarded medals 28.04.2014Ապրիլի 27-ին Բուխարեստի «Դուդյան» մշակութային կենտրոնում Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը Ռումինիայի Հայոց միության գլխավոր քարտուղար Պերճ Մարգարյանին հանձնեց ՀՀ Սփյուռքի նախարարության Ոսկե մեդալը, որին նա արժանացել է երկարամյա հայանպաստ գործունեության և ծննդյան 90-ամյակի առթիվ: Դեսպանը ՀՀ կառավարության և Սփյուռքի նախարարության կողմից երախտիքի խոսք հղեց Ռումինիայի Հայոց միության գլխավոր քարտուղարին` հայապահպանության ոլորտում անգնահատելի ավանդի, համայնքային կյանքի կազմակերպման, կառույցների ձևավորման ու Մայր Հայրենիքի հետ կապերի ամրապնդման համար:

Նույն օրը Ռումինիայի Հայոց միության Տարեկան մրցանակին արժանացավ համայնքային կյանքի ակտիվ մասնակից, ռումինահայ վաստակավոր ինժեներ-էներգետիկ Անդրանիկ Շալջյանը:

Պարգևատրվածների մասին գնահատանքի խոսքեր ասացին Ռումինիայի Հայոց միության նախագահ, սենատոր Վարուժան Ոսկանյանը, պատգամավոր Վարուժան Փամբուկչյանը և Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթև Եպիսկոպոս Հակոբյանը:

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Արարատի ոսկու կորզման արդիականացված գործարան

 

 Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Արարատի ոսկու կորզման արդիականացված գործարանՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ: Հանրապետության Նախագահը ներկա է գտնվել «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության Արարատի ոսկու կորզման գործարանի տարածքում «Ալբիոն» նոր տեխնոլոգիական արտադրամասի շահագործման հանձնման արարողությանը, որի հիմնարկեքին Սերժ Սարգսյանը մասնակցել է դեռևս 2011թ. հուլիսին: Արտադրամասը իրականություն է դարձել «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության Արարատի ոսկու կորզման գործարանի արդիականացման ծրագրի շրջանակներում:

Հանրապետության Նախագահը, ընկերության ղեկավարության և ՀՀ համապատասխան պաշտոնատար անձանց ուղեկցությամբ, շրջել է գործարանում և ծանոթացել կատարված ներդրումներին, դրանց շրջանակներում իրականացված աշխատանքներին ու գործարանի արտադրական հզորություններին: Նախագահին ներկայացրել են, որ Հայաստանի տնտեսության խոշորագույն ներդրողներից մեկի՝ «ԳեոՊրոՄայնինգ» խմբի ներդրումների ծավալը Սոթքի հանքավայրի և Արարատի գործարանի արդիականացման համար կազմում է ավելի քան 140 մլն ԱՄՆ դոլար, իսկ ընկերության ընդհանուր ներդրումների ծավալը Հայաստանում ձեռնարկությունների ձեռքբերման և արդիականացման համար՝ ավելի քան 370 մլն ԱՄՆ դոլար:

Այսօր շահագործման հանձնված «Ալբիոն» նորարարական տեխնոլոգիան, մասնագետների հավաստմամբ, հնարավորություն է տալիս զգալիորեն մեծացնել մետաղի կորզումը սուլֆիդային դժվար կորզելի հանքաքարից, որով հարուստ է Հայաստանի հյուսիս-արևելքում գտնվող Սոթքի հանքավայրի հանքաքարը: Նշվել է, որ Հայաստանում գործող ոսկու վերամշակման գործարանը կդառնա աշխարհում երկրորդը, որը կկիրառի «Ալբիոն» տեխնոլոգիան:

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունում ներկայումս աշխատում է 976 մարդ, որոնցից 626-ը` Սոթքի հանքավայրում, 350-ը` Արարատի ոսկու կորզման գործարանում: Գործարանի արդիականացման արդյունքում բացվել է 130 լրացուցիչ աշխատատեղ: Արտադրական հատվածի միջին աշխատավարձը կազմում է 209 հազար դրամ:

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերության Արարատի ոսկու կորզման գործարան այցելելու ճանապարհին Նախագահ Սերժ Սարգսյանը մարզի Ավշար համայնքում հանդիպում է ունեցել համայնքի այն գյուղացիական տնտեսությունների սեփականատերերի հետ, ում այգեգործական տարածքները 30.03.2014-01.04.2014թթ. ժամանակահատվածում տեղի ունեցած ուժեղ ցրտահարությունից տուժել են: Նախագահը զրուցել է գյուղացիների հետ, ևս մեկ անգամ ծանոթացել կառավարության կողմից իր հանձնարարությամբ այդ տնտեսություններին հատկացվող պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքին, տեղում գյուղացիներից լսել նրանց առաջնահերթ խնդիրները, տեղեկացրել հասցված վնասները մեղմելու ուղղությամբ պետության կողմից նրանց համար նախատեսված աջակցության ծրագրերի մասին և որոշակի հանձնարարականներ տվել պատասխանատուներին:
Անկախ

Հանձնարարվել է մշտական հսկողության տակ պահել 2014թ-ի ծրագրով նախատեսված աշխատանքների ընթացքը

խորհրդակցություն քաղաքապետի մոտԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավիրած աշխատանքային խորհրդակցության շրջանակում վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է մշտական հսկողության տակ պահել Երևանի զարգացման ծրագրով նախատեսված ու 2014թ.-ին իրականացվող աշխատանքների ընթացքը: Անդրադառնալով բակերի համալիր բարեկարգման ծրագրին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է բարեկարգման բոլոր նախագծերը քննարկել և համաձայնեցնել բնակիչների հետ, հաշվի առնել նրանց առաջարկներն ու բնակիչներին դարձնել իրականացվող ծրագրերի անմիջական մասնակիցը: Հանձնարարվել նաև բակերի բարեկարգման աշխատանքների ժամանակացույցն այնպես կազմակերպել, որ բնակիչներն օր առաջ հնարավորություն ունենան իրենց հանգիստը կազմակերպելու հենց հարակից բակերում. «Երևանի համաչափ զարգացումն ունենալով որպես գերակայություն՝ մենք այս տարի ևս շարունակում ենք բակերի բարեկարգման ծրագրերի իրականացումն ու այս տարի շուրջ 600 բակեր կբարեկարգենք ու կհանձնենք մեր բնակիչների տնօրինմանը: Եվ հաշվի առնելով, որ բակերում տեղադրվող խաղային ատրակցիոնների և մարզական գույքի առաջին խմբաքանակն արդեն մեր տրամադրության տակ է, նախաձեռնեք դրանց տեղադրման աշխատանքները՝ այդ ամենը համաձայնեցնելով տարածքի բնակիչների հետ ու նաև խստորեն հետևեք, որպեսզի աշխատանքներն իրականացվեն որակով և ավարտվեն սահմանված ժամանակացույցի համաձայն»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Բացի այս, երևանցիների կարծիքներն ու առաջարկները ընդհանուր քաղաքի մասով մեկտեղելու նպատակով, քաղաքապետը հանձնարարել է մայիսի 1-ից մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների առավել մարդաշատ վայրերում կրկին տեղադրել առաջարկությունների արկղերը:

Հիմնանորոգվող փողոցների մասով, քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մեկ անգամ ևս հիշեցնելով տվյալ աշխատանքների ավարտից հետո ասֆալտի շերտի քանդման թույլտվություններ տրամադրելու բացառման պահանջը, վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է հանրային սպասարկում իրականացնող բոլոր ընկերություններին մեկ անգամ ևս տեղեկացնել, որ  նախքան բարեկարգման աշխատանքների մեկնարկն ավարտեն հաղորդուղիների հետ կապված նորոգման և հիմնանորոգման նախատեսված աշխատանքները. «Արդեն իսկ հստակ է հիմնանորոգման ենթակա փողոցների ցանկը, ուստի, այն տրամադրեք նաև «Երևանջուր», «Երևանգազ» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերություններին, որպեսզի նրանք այդ փողոցներում այս տարվա ընթացքում իրականացվելիք իրենց աշխատանքները պլանավորեն այնպես, որ հիմնանորոգումից հետո այլևս քանդման անհրաժեշտություն չառաջանա: Բացի այդ, խստորեն հետևեք նաև, որ վերոնշյալ ընկերությունները վթարների վերացման նպատակով իրականացվող աշխատանքները կատարեն սահմանված ժամկետներում և պատշաճ որակով: Ընդ որում, խստորեն վերահսկեք, որ մեր կողմից տրված թույլտվության շրջանակում ասֆալտի շերտի քանդումը իրականացնեն հենց վթարի հատվածում, այլ ոչ թե ամբողջ փողոցը վերածեն խրամատների»- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Անդրադառնալով ընթացիկ տարում նախատեսված կանաչապատման աշխատանքներին՝ քաղաքապետը հանձնարարել է նաև մշտական հսկողության տակ պահել սիզամարգերի խնամքը, ծաղկապատման գործընթացը և ոռոգման համակարգի ընդլայնմանն ու շահագործմանն ուղղված աշխատանքների ընթացքը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

Վարչապետը ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Գագիկ Խաչատրյանին

Գագիկ Խաչատրյանը կառավարությունումՎարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմին է ներկայացրել ՀՀ ֆինանսների նորանշանակ նախարար Գագիկ Խաչատրյանին: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Դավիթ Սարգսյանին՝ համատեղ աշխատանքի և համագործակցության համար:
«Համոզված եմ, որ պարոն Խաչատրյանի գիտելիքներն ու փորձը կնպաստեն, որպեսզի մենք շարունակենք այն բարեփոխումները, որոնք իրականացվում են: Այս համակարգում մենք փորձելու ենք լուրջ կառուցվածքային փոփոխություններ կատարել: Ունենք լուրջ մարտահրավերներ և ես համոզված եմ, որ բոլորս միասին դրանք հաղթահարելու ենք»,– ասել է Հովիկ Աբրահամյանը: Վարչապետը նշել է, որ ՀՀ ֆինանսների նախարարությունում հավաքվել է պրոֆեսիոնալ թիմ և համոզմունք հայտնել, որ նորանշանակ նախարարի առջև դրված խնդիրները կիրականացվեն:
Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Գագիկ Խաչատրյանին՝ նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ:

ՀՀ նախագահի հրամանագրով Արմեն Գևորգյանը նշանակվել է փոխվարչապետ

արմեն գևորգյանՂեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 85-րդ հոդվածով` որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Արմեն ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ նշանակել փոխվարչապետ: