Կանադայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերը հանձնեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Աշոտ Հովակիմյանին

Կանադայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերը հանձնեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Աշոտ ՀովակիմյանինՀունվարի 24-ին ՀՀ փոխարտգործնախարար Աշոտ Հովակիմյանն ընդունեց ՀՀ-ում Կանադայի դեսպան Ջոն Ռոնալդ Քյորին (նստավայրը` Մոսկվա) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ։

Շնորհավորելով դեսպան Քյորին՝ Աշոտ Հովակիմյանն իր գոհունակությունը հայտնեց հայ-կանադական հարաբերությունների ներկայիս մակարդակի առնչությամբ: Ընդգծելով, որ առկա է հարաբերություններն ընդլայնելու մեծ ներուժ՝ ԱԳ նախարարի տեղակալը հույս հայտնեց, որ Կանադայի նորանշանակ դեսպանն իր ավանդը կներդնի երկկողմ համագործակցության խորացման գործում:

Դեսպան Քյորը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշեց, որ եռանդ և ուժ չի խնայի հարաբերությունների հետագա զարգացման համար։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական և մշակութային համագործակցությունը որակական նոր մակարդակի հասցնելու հնարավորությունները: Անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանային հարցերին:

Ավարտվել է ՀՀ պետական կառավարման մարմինների 2013 թ. գործունեության հաշվետվությունների քննարկումը

10995_am_8 (1)Չորս պետական կառավարման մարմնի՝ 2013 թ. գործունեության արդյունքների ամփոփմամբ կառավարությունում այսօր եզրափակվել է 2013 թ. երկրորդ կիսամյակի գնահատված կատարողականի և ՀՀ կառավարության 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման հաշվետվությունների քննարկումը:

ՀՀ կրթության և գիտության, ՀՀ մշակույթի նախարարները, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահը և ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահը վարչապետին զեկուցել են հաշվետու տարում գերակա խնդիրների կատարման ուղղությամբ իրականացված միջոցառումների և աշխատանքների մասին, պարզաբանումներ ներկայացրել տրված հանձնարարականների ուշացումով կատարման կամ չկատարման պատճառների առնչությամբ, անդրադարձել աշխատակազմերի ստորաբաժանումների աշխատանքի գնահատականներին:
Կառավարության ղեկավարը ՀՀ պետական կառավարման մարմինների ղեկավարների ուշադրությունը հրավիրել է արձանագրված թերացումների վրա և համապատասխան հանձնարարականներ տվել դրանց վերացման ուղղությամբ:
Վերոհիշյալ պետական կառավարման մարմինների 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների իրականացման արդյունքների հաշվետվությունների սեղմագրերին հնարավոր է ծանոթանալ վերջիններիս պաշտոնական կայքերում:
Անկախ

Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում

SIP_9739 copyՊաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի շրջանակներում, ս.թ. հունվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը աշխատանքային հանդիպում ունեցավ հայաստանյան փորձագիտական շրջանակների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի շուրջ ձևավորված անվտանգային միջավայրի և սպառնալիքների գնահատման առնչվող հարցեր: Պայմանավորվածություններ ձեռք բերվեցին նման հանդիպումները շարունակական դարձնելու և ազգային անվտանգության ռազմական բաղադրիչի առջև ծառացած սպառնալիքների բացահայտման, պետության կենսական շահերի վրա դրանց ազդեցության աստիճանի, սպառնալիքի իրականացման հավանականության, հավանականության դինամիկայի, ինչպես նաև սպառնալիքի դեմ հակազդեցության ունակության վերլուծության վերաբերյալ հայկական փորձագիտական շրջանակների գնահատականներն ստանալու վերաբերյալ:

 Անկախ

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել ԱԱԾ-ի տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին

հհ նախագահի հրամանագիրըՌ. Հարությունյանին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին

Ղեկավարվելով «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասով՝ որոշում եմ.

Գեներալ-լեյտենանտ Ռոմիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից:

Կարեն Բաբակեխյանն ազատվել է պաշտոնից

Կարեն ԲաբակեխյանՈստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Կարեն Բաբակեխյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Երեկ տեղի է ունեցել ՀՀ ոստիկանության կոլեգիալ նիստը՝ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ:Ոստիկանության մարզային վարչությունների եւ տարածքային ստորաբաժանումների ղեկավարները հաշվետու զեկույցներ են ներկայացրել 2013 թվականի գործունեության արդյունքների, առկա խնդիրների ու խոչընդոտների մասին:
Նիստի ընթացքում մի շարք ծառայողներ տույժեր են ստացել, լավագույններն արժանացել խրախուսանքների, բարեփոխումների շրջանակում էլ կատարվել են նոր նշանակումներ, կադրային փոփոխություններ ու տեղաշարժեր: Ոստիկանության հասարակության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Անկախին փոխանցեց, որ  Կարեն Բաբակեխյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ տեղափոխվել կադրերի ռեզերվ:

Անկախ

Կամո Ադամյանը նշանակվել է Արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար

անՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար է նշանակվել Կամո Ադամյանը: Նման որոշում է կայացվել Կառավարության  այսօր տեղի ունեցած նիստում:

Անկախ

Դեսպան Ապիտոնյանն իր հավատարմագրերը հանձնեց Շվեդիայի թագավորին

21.Ambassador Apitonyan presented his credentials to the President of Sweden 23.01.2014Հունվարի 22-ին Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանն իր հավատարմագրերը հանձնեց Շվեդիայի թագավոր Կառլ 16-րդ Գուստավին։ Թագավորական պալատում տեղի ունեցած հանդիսավոր արարողությանը հաջորդեց Կառլ 16-րդ Գուստավի և դեսպան Ապիտոնյանի առանձնազրույցը:

Շնորհավորելով դեսպան Ապիտոնյանին՝ Կառլ 16-րդ Գուստավը իր գոհունակությունը հայտնեց Ստոկհոլմում Հայաստանի Հանրապետության դեսպանության բացման կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ այն, ինչպես նաև Երևանում Շվեդիայի դեսպանության բացումը մեծապես կնպաստեն երկու երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացմանը։

Դեսպան Ապիտոնյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշեց, որ մեծ պատիվ է լինել Հայաստանի Հանրապետության առաջին ռեզիդենտ դեսպանը Շվեդիայում և  ջանք չի խնայի երկու երկրների և ժողովուրդների բարեկամությունն ամրապնդելու գործում։

Երկուստեք համոզմունք հայտնվեց, որ առկա են բոլոր նախադրյալները` երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական և մշակութային համագործակցությունը որակական նոր մակարդակի հասցնելու համար։

Անկախ

Յուրի Խաչատուրովը Բրյուսելում մի շարք հանդիպումներ է ունեցել

յուրի խաչատուրովՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը ս.թ. հունվարի 21-ից 22-ը մասնակցել է Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի Եվրատլանտյան գործընկերության խորհրդի /ԵԱԳԽ/, Աֆղանստանում իրականացվող կայունության ուժերի /ԱՅՍԱՖ/ և նոր` «Վճռական աջակցություն» գործողության, ինչպես նաև Կոսովոյի ուժերի /ԿՖՈՐ/ ձևաչափով ԶՈՒ ԳՇ պետերի նիստերին: Նիստերի ընթացքում քննարկվել են ՆԱՏՕ-ի կողմից Աֆղանստանում և Կոսովոյում իրականացվող գործողությունների ընթացքը և առաջիկա ծրագրերը:

Բրյուսել կատարած այցի ընթացքում գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը հանդիպում է ունեցել Եվրոպայում դաշնակցային ուժերի գլխավոր հրամանատար, ԱՄՆ ռազմաօդային ուժերի գեներալ Ֆիլիպ Բրիդլովի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող ընթացիկ հարցեր:

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը առանձնազրույցներ է ունեցել նաև մի շարք երկրների գործընկերների հետ:

Անկախ

ԱԳ նախարարն ընդունեց Նիդեռլանդների արտգործնախարարի հատուկ բանագնացին

20. Minister Nalbandian received Netherlands' FM Special envoy 23.01.2014Հունվարի 22-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Նիդեռլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարի հատուկ բանագնաց դեսպան Հերման Շեյփերին:

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը հիշատակեց անցյալ տարվա մայիսին Ստրասբուրգում Նիդեռլանդների արտգործնախարար Ֆրանս Տիմմերմանսի հետ ունեցած հանդիպումը և երկկողմ հարաբերությունների խորացման նպատակով ձեռնարկվելիք քայլերի շուրջ ունեցած զրույցը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար դեսպան Շեյփերը նախարար Նալբանդյանին փոխանցեց Նիդեռլանդների ԱԳ նախարար Ֆրանս Տիմմերմանսի ողջույները և վերահաստատեց Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման իր երկրի շահագրգռվածությունը։

Հանդիպմանը անդրադրաձ կատարվեց տարբեր բնագավառներում երկու երկրների փոխգործակցության հարցերին, քննարկվեց միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությունը, երկուստեք կարևորվեց միմյանց թեկնածությունների սատարումը:

Էդվարդ Նալբանդյանը խնդրեց հոլանդացի գործընկերոջը փոխանցել իր բարեմաղթանքները և Հայաստան այցելելու հրավերը:

 Անկախ

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանները 2013թ. ԱԳՆ գործունեության ամփոփմանը նվիրված ասուլիսին հնչած հարցերին

Էդվարդ Նալբանդյանը,ԵՄ  դեսպաններ-«Արմենպրես». Շնորհակալություն, «Արմենպրես» լրատվական գործակալություն: Հասմիկ Հարությունյան: Պարո՛ն նախարար, հարցս վերաբերում է Մադրիդյան սկզբունքներին: Կազանում, երբ միջնորդները ներկայացրին փաստաթուղթը, որը մերժեց Ադրբեջանը, աչդյո՞ք այդ կերպ Մադրիդյան սկզբունքներն անցան, այսպես ասած, պատմության գիրկը, և կա՞ն արդյոք հակամարտության կարգավորման նոր սկզբունքներ, որոնց հիման վրա շարունակվում են բանակցությունները: Շնորհակալություն:

 

– Էդվարդ Նալբանդյան. Հիմնարար սկզբունքները, որոնք ներկայացվել են եռանախագահների կողմից, մնում են բանակցությունների սեղանին: Եռանախագահող երկրները բազմիցս կոչ են արել կողմերին` արագացնել պայմանավորվածության ձեռքբերումը հիմնարար սկզբունքների շուրջ: Դրանք հիմնված են ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, իրավահավասարության և ինքնորոշման ու տարածքային ամբողջականության սկզբունքների վրա։ Էնիսկիլենում 2013թ. Մեծ ութնյակի գագաթաժողովի շրջանակներում Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահների կողմից ընդունված Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունում, և դա անցյալ տարվա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ կարևորագույն փաստաթղութն է, կոչ է արվում վերահաստատել հավատարմությունը, հանձնառությունն այդ սկզբունքներին:

 

Եվ, ինչպես դուք գիտեք, ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանն անմիջապես վերահաստատեց իր հավատարմությունն այդ սկզբունքներին:

 

Ուրիշ բան է, որ Ադրբեջանն ապարդյուն փորձեր է շարունակում անտեսել թե՛ այդ սկզբունքները, թե՛ եռանախագահների կողմից կոչերը: Դրա վառ օրինակն է, որ 2013թ. Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության գործունեության ամփոփման մեջ, որը ներկայացվել է մի քանի օր առաջ մամուլին, որևէ խոսք չկա Էնիսկիլենում ընդունված հայտարարության վերաբերյալ։ Այնպիսի տպավորություն է, որ Ադրբեջանը ձևացնում է, թե ամենակարևոր փաստաթուղթը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ, որը ընդունվել է անցյալ տարի միջնորդության միջազգային մանդատ ունեցող երկրների կողմից, ընդհանրապես գոյություն չունի։

 

Չնայած այդ բոլորին, իհարկե, գիտեք, բանակցությունները շարունակվում են, որովհետև բանակցային գործըթնացին այլընտրանք չկա: Վաղը ես մեկնում եմ Փարիզ, որտեղ հանդիպում կլինի եռանախագահների հետ, իսկ հաջորդ օրը նաև նախատեսված է հանդիպում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Մամեդյարովի հետ:

 

-«Ինտերֆաքս» գործակալություն. Հովհաննես Քոսյան: Պարո՛ն նախարար, այս օրերին կարծիքներ են հնչում, որ Վրաստանի և Իրանի հետ Հայաստանի հարաբերություններում որոշակի լարվածություն կա: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա: Սա առաջինը: Եվ երկրորդը` վերջերս առաջարկություն հնչեց վերանվանել Հայաստանի Հանրապետությունը Արևելյան Հայաստանի Հանրապետության: Ձեր արձագանքը:

 

–Էդվարդ Նալբանդյան. Ինչ վերաբերում է մեր հարևան երկրներին` Վրաստանին և Իրանին, ապա Հայաստանը 2013թ. շարունակել է բարիդրացիական սերտ համագործակցությունն այդ երկրների հետ։ Չնայած և՛ Հայաստանում, և՛ Վրաստանում, և՛ Իրանում նախագահական ընտրությունների տարի էր 2013 թվականը, բավական ինտենսիվ փոխայցելություններ կայացան:

 

Գիտեք, որ վարչապետ Իվանիշվիլին առաջին իր այցելություններից մեկը կատարեց Հայաստան, և այդ այցելությունը բավական հագեցած էր, բովանդակալից և արդյունավետ: Կայացել է նաև Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների նախագահների հանդիպումը: Բազմաթիվ փոխայցելություններ են կատարվել նախարարական մակարդակով:

 

Արտաքին գործերի նախարարն է այցելել Թբիլիսի և Վրաստանի արտգործնախարարը` Երևան։ ԱԳ նախարարների միջև մի շարք հանդիպումներ են կայացել միջազգային կառույցների, համաժողովների շրջանակներում: Պաշտպանության նախարարներն են փոխայցելություններ կատարել, էներգետիկայի նախարարները, մշակույթի նախարարները և այլն: Այս շարքը կարելի է շարունակել։ Արտաքին գործերի նախարարը և էներգետիկայի նախարարը Թբիլիսիում էին գտնվում նորընտիր նախագահ Մարգվելաշվիլիի երդմնակալությանը, և այդ ժամանակ նաև հանդիպումներ կայացան նախագահի և վարչապետի հետ։

Նախագահ Մարգվելաշվիլին ունի Հայաստանի Հանրապետության Նախագահի հրավերը, և մենք սպասում ենք, որ մոտակայում կկայանա Վրաստանի Հանրապետության նորընտիր նախագահի այցելությունը Հայաստան:

 

Ինչ վեչաբերում է Իրանին, չնայած ընտրություններ էին, բայց տարին բավական հագեցած էր: Հայաստանի Հանրապետության նախագահը հանդիպում ունեցավ Թեհրանում նորընտիր նախագահ Ռոհանիի հետ, մասնակցեց նորընտիր նախագահի երդմնակալությանը։ Իրանի արտգործնախարարն էր այցելել Երեևան, ես ացյելեցի Թեհրան: Արտգործնախարարների միջև բազմաթիվ հանդիպումներ են կայացել տարբեր միջազգային ֆորումների և կոնֆերանսների շրջանակներում:

 

ՀՀ Էներգետիկայի նախարարը, որը նաև ղեկավարում է հայկական պատվիրակությունը միջկառավարական հանձնաժողովում, այցելել է Իրան, իր գործընկերն է եկել Հայաստան:

 

Մոտակայում` մի քանի շաբաթից, նախատեսված է միջկառավարական հանձնաժողովի նիստը, որը պետք է կայանա Թեհրանում։ Նախատեսված է արտաքին գործերի նախարարի պաշտոնական այցելությունը Թեհրան: Այսպես կարելի է բավական երկար շարունակել:

 

Դրա համար ինչ-որ ասեկոսեներ, թե խնդիրներ, չգիտեմ ինչեր կան…: Միգուցե այդ մարդիկ պրոբլեմներ ունեն ըմբռնման իմաստով։

 

Ինչ վերաբերում է պարոն Աշոտյանի հայտարարությանը, պարոն Աշոտյանն իր կարծիքն է հայտնել: Ամեն մարդ կարող է անձնական կարծիք ունենալ: Կառավարությունում այդպիսի հարց չի քննարկվել և չի քննարկվում:

 

– Արամ Արարատյան (Մեդիամաքս). Եթե հնարավոր է` երկու հարց: Ուրեմն առաջինը` վերջերս քննադատական խոսքեր հնչեցին առ այն, որ Հայաստանը մեկուսացման մեջ է, կամ որ այցելելով այս ու այն հեռավոր և Հայաստանին գուցե ոչ այդքան մոտիկ երկիր` մենք հրահրում ենք Թուրքիային և Ադրբեջանին ավելի ակտիվ գործողությունների: Ի՞նչ կպատասխանեք այդ առումով: Եվ երկրորդը` հաջորդ տարի աշխարհը կնշի ցեղասպանության 100-րդ տարելիցը: Այդ կտրվածքով սպասու՞մ եք Թուրքիայից ինչ-որ գործողություններ, կամ ինչ որ ազդակներ տեսնում եք, խոսել եք Դավութօղլուի հետ  Ձեր հանդիպման ժամանակ, բայց այնուամենայնիվ զգու՞մ եք իրենց կողմից դիրքորոշման փոփոխություն կարո՞ղ է լինել թե ոչ: Շնորհակալություն:

 

Պատասխան– Քննադատություններին ես միշտ բավական ուշադրությամբ եմ վերաբերում, հարգանքով։ Տարբեր կարծիքներ արտահայտելը լավ երևույթ է, և պետք է հարգանքով վերաբերվել: Բայց իհարկե, ոչ միշտ է, որ քննադատողները իրավացի են լինում:

 

Ես ասացի այս տարվա այցելությունների մասին, մանրամասն կարող եք տեսնել հաշվետվության մեջ մեր կայքում։ Բայց եթե նայեք ասենք  2008 թվականից, ապա Հայաստան է այցելել 40 պետության և կառավարության ղեկավար, Հայաստանի Հանրապետության նախագահը 100-ից ավելի այցելություններ է կատարել արտերկիր, Հայաստան է այցելել 120 արտգործնախարար և միջազգային կազմակերպության ղեկավար: Հայաստանի արտգործնախարարը 200-ից ավելի այցելություն է կատարել: Ստորագրվել է շուրջ 500 միջազգային պայմանագիր: Բացվել է 15 նոր դեսպանություն:

Արդյո՞ք սա նշանակում է մեկուսացում:

 

Իհարկե լսել եմ այն կարծիքները, որ պետք չէ գնալ մի երկիր, որովհետև դա կարող է հրահրել ինչ որ երրորդ երկրի` ակտիվացնել հարաբերություններն այդ այցելած երկրի հետ: Մինչև նման քննադատություն հնչեցնելը, կարծում եմ ճիշտ կլինի ծանոթանալ այդ երրորդ երկրի և այցելած երկրների միջև հարաբերությունների ինտենսիվությանը, ակտիվությանը և մակարդակին, և հետո դատողություններ անել:

 

Մեկ կողմից ասում են, որ մեկուսացման մեջ ենք, մյուս կողմից պնդում, որ պետք չէ գնալ այլ երկրներ, պետք չէ դեսպանություններ բացել:

 

Մեկ բան պարզ է՝ դիվանագիտությունը իրականացվում է այցելությունների, բանակցությունների, հանդիպումների, պայմանավորվածությունների, պայմանագրերի, դիվանագիտական ներկայացուցչությունների հիմնադրմամբ:

 

Մեկ քննադատում են, որ ինչ-որ երկրի հետ վատացել են հարաբերությունները, հետո էլ մի ժամանակ անց աղմուկ են բարձրացնում, որ չափազանց սերտացել են այդ նույն երկրի հետ հարաբերությունները:

 

Լսել եմ` անգամ ասում են, թե մեզ համար ոչ կարևոր երկիր ենք այցելում։ Դա անհեթեթ մոտեցում է։ Պետք չէ աշխարհին նայել ասեղի անցքից:

 

Ինչպես ասացի, քննադատություններին ուշադրությամբ են վերաբերվում, բայց քննադատությունները, որոնց մասին դուք հիշատակեցիք, իրար հակասող, իրարամերժ, այսինքն` տրամաբանությունից հեռու են:

 

Ինչ վերաբերում է Ցեղասպանության 100-ամյակին, և արդյոք մենք այդ քննարկվել է Թուրքիայի նախարարի հետ։ Ցեղասպանության հարցը հիշատակվել է մեր հանդիպման ժամանակ։ Այսքանը կարող եմ ասել։ Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, Թուրքիայի դիրքորոշումը մինչ այսօր չի փոխվել:

 

Թուրքիայի արտգործնախարարը եկել էր և կրկնում էր այն, ինչ որ ասել էր ինձ չորս տարի առաջ։ Այդ պատճառով փաստորեն կասեցվեցին հարաբերությունների կարգավորման ուղղությամբ քայլերը, գործընթացը։

 

Ես Դավութօղլուին ասացի, որ չորս տարի առաջ պատասխանը տվել եմ, և հիմա վերադարձել և կրկնում ես նույնը։ Ուզո՞ւմ ես ևս չորս տարի կամ ավել կորցնենք: Մենք կսպասենք, երբ Թուրքիան պատրաստ կլինի առանց նախապայմանների կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։ Մեր այս դիրքորոշումը աջակցություն է վայելում միջազգային հանրության կողմից:

 

– Հայաստանի Հանրային Ռադիո. Պարոն նախարար, Ձեր Ռուսաստանի գործընկեր պարոն Լավրովը երեկ հայտարարեց, որ կան արդեն նոր առաջարկներ։ Արդյո՞ք Քննարկվում են այդ առաջարկները Մինսկի խմբի շրջանակներում, արդյո՞ք ներկայացվել են այդ նոր առաջարկները Ձեզ: Եվ երկրորդ հարցը, հետևում եք արդյո՞ք ԱԳՆ նոր մասնաշենքի կառուցմանը և տեսել եք արդյոք` հարմա՞ր է այս շենքի հետ համեմատած:

 

Պատասխան– Կարծեմ Ռուսաստանի արտգործնախարարի խոսքերը, միջուցե թարգմանության պատճառով, մի փոքր ուրիշ ձևով է ներկայացվում: Ինքն ասել էր, որ «есть наработки», այսինքն ձևակերպումների մասին է խոսքը:

 

Ինչու՞ համար ենք մենք հանդիպում։ Անցյալ տարի չորս-հինգ անգամ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում է կայացել: Եվ դուք գիտեք, որ Վիեննայում Նախագահների հանդիպումից հետո արտգործնախարարներին հանձնարավեց շարունակել բանակցությունները, փորձել համաձայնության գալ այդ սկզբունքների շուրջ: Հիմա սկզբունքների շուրջ ո՞նց ենք համաձայնության գալու: Առանց մեկ կողմից, մյուս կողմից կամ եռանախագահների կողմից այսպես կոչված «наработканер»-ի՞: Դա աշխատանքային գործընթաց է։ Նոր առաջարկների մասին չի խոսքը։

 

Շենքի վերաբերյալ։ Այո, նոր շենքի վերաբերյալ մենք ոչ միայն ուշադրությամբ ենք հետևում, այլ նաև նախագծային փուլում մասնակցել ենք և ըստ կառուցման ընթացքի հետևում ենք ինչպես է դա ընթանում։ Ինչպիս՞ի կարիքներ և պահանջներ ունի արտգործնախարարությունը նոր կառուցվող շենքի վերաբերյալ։ Ակնկալիքը այն է, որ շենքը պետք է լինի ավելի ֆունկցիոնալ և հարմարավետ։ Նախարարությունը մոտիկից հետևում է այդ գործընթացին:

 

-«Կենտրոն» հեռուստաընկերություն. Շնորհակալ եմ: Նաիրի Հոխիկյան: Պարո՛ն նախարար, 2014թ. հունվարի 1-ից Ռուսաստանի Դաշնություն առանց մուտքի վիզա մուտք գործելու համար այլ պետությունների քաղաքացիները պետք է մնան այնտեղ 90 օր յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում: Դա նշանակում է, որ փաստորեն այլ պետությունների քաղաքացիները չեն կարող, ինչպես նախկինում, միանգամից դուրս գալ և անմիջապես վերադառնալ Ռուսաստան: Հարց` Մաքսային միություն մտնելու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար բացառություններ կարո՞ղ են լինել: Շնորհակալություն:

 

–Էդվարդ Նալբանդյան. Բոլոր երկրներն իրավունք ունեն ընդունել իրենց ընթացակարգը մուտքի արտոնագրային ռեժիմի վերաբերյալ: Ձեր կողմից հիշատակվածն ընթացակարգ է, որն ընդունված է Ռուսաստանի կողմից, և պետք է հարգել դա: Ի՞նչ բացառություն կարող է լինել Հայաստանի համար Մաքսային միությանը անդամակցության հետ կապված, հարցնում եք դուք:

Մաքսային միությունը վերաբերվում է առևտրական, տնտեսական, մաքսային կանոնակարգերին։ Չեմ կարծում, որ այլ կարգի հարցերի է վերաբերվում: Բայց չեմ բացառում, նկատի ունենալով մեր դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ, որ հետագայում այս հարցի շուրջ կարող են բանակցություններ լինել։ Չեմ բացառում, որ ապագայում այլ զարգացումներ են հնարավոր։

 

-«Առավոտ» օրաթերթ: Շնորհակալություն: էմմա Գաբրիելյան: Պարոն Նալբանդյան, հարցս մի քիչ ավելի սահմաններից դուրս է, թեև դուք այսօր 2013 թվականն եք ամփոփում, այնուամենայնիվ: Դուք 6 տարի արդեն արտգործնախարար եք եղել: Ձեր արտգործնախարար եղած ժամանակ Հայաստան – Թուրքիա արձանագրությունների գործընթացը սկսվեց, Եվրամիության հետ Ասոցացման գործընթացը, որը չստորագրվեց: 6 տարվա կտրվածքով Դուք ամենակարևոր ձեռքբերումը Հայաստանի արտգործնախարարության, Ձեր կողմից ո՞րն եք համարում:

 

–Էդվարդ Նալբանդյան: Ընդհանրապես, դիվանագիտության կարևոր ձեռբերումը կարող է լինել երկրի բարեկամների թվի ավելացումը, հարաբերությունների աշխարհագրության ընդլայնումը, և այդ իմաստով, ես քիչ առաջ մի քանի թվեր հնչեցրեցի, ներկայցրի։ Կարծում եմ, որ այս իմաստով ինչ-որ առաջընթաց կա։

 

Բայց Դուք գիտեք, որ այս 6 տարվա ընթացքում ես երբևէ առիթը չեմ օգտագործել, որ կրծքիս խփելով ասեմ. այս արեցինք, այն արեցին։ Այսինքն` պետք է համեստ և հանգիստ ձևով շարժվել առաջ, առանց փոսի վրայով թռչելուց առաջ «հոպ» ասելու։

 

Ինչպես մեկ անգամ ես նշել էի, դիվանագիտությունը դա սառցալեռ է, և սառցալեռի միայն վերևի մասն է երևում, ու եթե շուռ ես տալիս այդ սառցալեռը, ուրեմն այդ դիվանագիտությունը կկործանվի:

 

-«News.am»: Պարո՛ն նախարար, խնդրում եմ մի երկու խոսք Դիվանագիտական ակադեմիայի մասին: Ինչքանո՞վ է դա արդարացված: Ի՞նչ կադրեր է այն ստեղծում:

 

–Էդվարդ Նալբանդյան: Չգիտեմ ինչու դիվանագիտական դպրոցին մենք չենք անդրանդարձել ամփոփման մեջ։ Չնայած մեր դիվանագիտական դպրոցն արժանի է հիշատակման և ոչ միայն հիշատակման։ 4 տարի առաջ դպրոցի բացման մասին որոշումը արդարացրել է իրեն։

Այս 4 տարվա արդյունքում դիվանագիտական դպրոցը, կարծում եմ, որ արդեն կայացած կառույց է:

 

Դիվանագիտական դպրոցի մոտ 40 շրջանավարտ ադրեն աշխատում են արտգործնախարարությունում։ Նրանցից կարծեմ 15-ն արդեն գործուղվել են արտասահմանում մեր դիվանագիտական ներկայացուցչություններ։

 

Այս 4 տարվա ընթացքում 4 տասնյակ երկրներից 200-300 դասախոս է դասավանդել դպրոցում, ելույթներ են ունեցել արտգործնախարարներ, տարբեր միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, դեսպաններ։ Այսօր այդ դպրոցի շրջանավարտների բավական բարձր պահանջարկ կա ոչ միայն ԱԳՆ վարչություններում, այլ նաև արտերկրում մեր դիվանագիտական ներկայացուցչություններում:

 

Շուտով 2013թ. ունկնդիրների ավարտական քննություններն են լինելու: Ես հանդիպել եմ իրենց և տեսնել, որ խոստումնալից երիտասարդներ կան 2013թ. ավարտողների մեջ:

 

Սպասվում են նոր ունկնդիրներ, այսինքն` գործընթացը շարունակվում է ։ Ես վստահ եմ, որ այն երիտասարդներն, ովքեր ավարտել են դիվանագիտական դպրոցը և այսօր համալրել  արտգործնախարարության շարքերը, կարող են լինել բավական խոստումալից դիվանագետներ, ովքեր լավագույն ձևով կպաշտպանեն մեր երկրի, մեր պետության, մեր ժողովրդի շահերը:

 

– «Ազատություն» ռադիոկայան. Առաջինը Դուք ասացիք, որ Թուրքիայի արտգործնախարարը ձեզ կրկնեց այն խոսքերը, ինչ ասել էր 4 տարի առաջ, սակայն չնշեցիք, կասեք խնդրեմ ինչ է կրկնել ձեզ պարոն Դավութօղլուն և երկորդ հարցը. հաշվի առնելով վերջին օրերին սահմանին տեղի ունեցած միջադեպը, երբ զոհվեց հայ զինվոր, հանրության մոտ մի տեսակ քննադատական մոտեցում է ձևավորվել` սահմանին զինվորներ են զոհվում, մենք շարունակում ենք բանակցել ադրբեջանցիների հետ: Ազդեցություն չի ունենա, արդյո՞ք, սահմանին տեղի ունեցած միջադեպը բանակցային գործընթացի վրա, խոսքս այս դեպքում ոչ հայտարարություններին վերաբերում, որովհետև բազմիցս են հնչում հայտարարություններ, որ ազդեցություն կունենա, բայց սահմանին շարունակում են զոհեր լինել, մենք շարունակում ենք բանակցել։ Շնորհակալություն։

 

– Էդվարդ Նալբանդյան. Ինչ վերաբերում է Թուրքիայի արտգործնախարարի հետ հանդիպմանը, ես ասացի, որ խոսքը գնում է այն մասին, թե Թուրքիան երբ պատրաստ կլինի առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը։ Դա նշանակում է, որ թուրքական կողմից շարունակվում են նախապայմանները։ Ձևացնում են, որ իբրև նախապայմաններ չկան, բայց փաստորեն խոսում են նախապայմանների լեզվով։ Իհարկե, այդ մոտեցմամբ անհնար է առաջ շարժվել։ Ինչ վերաբերում է մնացած մանրամասներին. Գիտեք, որ դիվանագիտական հանդիպումների վերաբերյալ մամուլի համար հրապարակումներ են լինում, ըստ երկուստեք պայմանավորվածության։ Այդ կարգի պայմանավորվածությունները սովորաբար չեն խախտվում: Իմ ասածների մեջ արդեն բավականին մանրամասներ կային:

 

Ինչ վերաբերում է շփման գծում միջադեպին՝ դա առաջին անգամ չէ։ Երկու օր առաջ մենք Ղարաբաղի իմ գործընկերոջ՝  արտաքին գործերի նախարար պարոն Միրզոյանի հետ էինք հանդիպում և մեր հանդիպման մասին մամուլին տրված հաղորդագրության մեջ հստակ և պարզ ձևով նշեցինք, որ այս կարգի անպատասխանատու քայլերը խանգարում են բանակցային գործընթացին։

 

Երեկ հանդիպում կայացավ Հարավային Կովկասում Եվրամիության ներկայացուցչի` Ֆիլիպ Լըֆորի հետ, որից հետո տարածված հաղորդագրության մեջ ասվեց, որ այդպիսի սադրանքները լրացուցիչ խոչընդոտներ են ստեղծում, խանգարում են բանակցային գործընթացին։ Դուք նկատեցիք, որ եռանախագահներից նեկը իր թվիթում, մեկնաբանությունում բավական հստակ ասաց, որ այդ կարգի միջադեպերը խանգարում են բանակցային  գործընթացին։ Բայց իրականությունն այն է, որ բանակցային գործընթացին այլընտրանք չկա։ Այդ պատճառով էլ մենք շարունակում ենք  բանակցությունները։

 

Ադրբեջանն է, որ, ինչպես նախորդ հարցին պատասխանելով ասացի, ձևացնում, թե եռանախագահները, միջազգային հանրությունն ուրիշ կարծիք ունեն։

 

Հիմնախնդրի կարգավորման հարցը բարձրացվել է Միացյալ Նահանգների , Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների մակարդակի: Իրենց կողմից 5 հայտարարություն է ընդունվել։ Իսկ Ադրբեջանը ձևացնում է, որ ընդհանրապես ինչ-որ ասում են եռանախագահներն իրեն չի վերաբերում:

 

Դա միջազգային  հարաբերություններում միակ հակամարտությունն է, որի վերաբերյալ 5 հայտարարություն է ընդունվել այդ մակարդակով։ Մանրամասն ներկայացվում են մեկ ամբողջություն հանդիսացող սկզբունքներ, տարրեր, որոնց հիման վրա այդ հիմնախնդիրը պետք է կարգավորվի:

 

Հայաստանը լ՛Աքվիլայից, Մուսկոկայից, Դովիլից, Լոս Կաբոսից, Էնիսկելինից հետո րոպեներ անց ամեն անգամ հայտարարում էր, որ պատրաստ ենք գնալ կարգավորման դրանց հիման վրա։ Էնիսկիլենից հետո րոպեներ անց մենք կետ առ կետ մեկնաբանեցինք այդ հատյտարարությունը և ասացինք, որ կիսում ենք եռանախագահների մոտեցումները, այսինքն միջազգային հանրության մոտեցումը այդ հարցի կարգավորման վերաբերյալ:

 

Այսինքն` մեր մոտեցումը համահունչ է եռանախագահների՝ միջազգային հանրության մոտեցմանը։

 

Ադրբեջանը միջազգային հանրության մոտեցումները ոտքից գլխի վրա է դնում։ Ադրբեջանի արտգործնախարարության 2013 թ. հաշվետվության մեջ հիշատակվում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ առնչություն չունեցող ինչ-որ  կառույցների կարծիքներ հիմնահարցի վերաբերյալ և անտեսվում է Էնիսկիլենի հայտարարությունը։ Չեմ կարծում, որ իրենք իլյուզիաներ ունեն այդ կապակցությամբ, ուղղակի փորձում են իրենց հանրային կարծիքը, իրենց ժողովրդին մոլորության մեջ գցել, թե իբրև միջազգային հանրությունը իրենց աջակցում է:

 

-Գալա հեռուստաընկերություն. Պարոն նախարար, Ձեր գլխավորած պատվիրակությունը վերջերս եղավ Պանամայում, Պերուում, Կուբայում, արդյո՞ք ճիշտ չեք համարում դրա փոխարեն աշխատանքներ տանեիք, որպեսզի ընդգրկվեիք Ժնևյան բանակցություններում, որովհետև այնտեղ քննարկվելու է շատ կարևոր հարց՝ Սիրիայի հակամարտությունը, որը տարածաշրջանի առումով շատ ավելի է կապված Հայաստանի հետ, և այնտեղ կա հայ համայնք, որն այսօր լուրջ խնդիրներ ունի, իսկ Ձեր պատվիրակությունն առայժմ Պերու և Պանամա է գնում: Շնորհակալություն:

 

–Էդվարդ Նալբանդյան. Ձեզ ասեմ հետևյալը. ՄԱԿ-ում մեր ներկայացուցչին մի քանի հարցումներ էին եղել այդ կապակցությամբ, քանի որ Ժնև-2 կոնֆերանսը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հրավերով և իր հովանու տակ է կազմակերպվել: ՄԱԿ-ում մեր  ներկայացուցիչը պատասխան է տվել համաժողովին հրավիրյալների վերաբերյալ։ Նա նշել է, որ համաժողովին հրավիրված են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամները, Մեծ ութնյակի, Քսանի խմբի անդամ երկրները և դոնոր պետությունները:

 

Ժնևում կոնֆերանսն այսօր է տեղի ունենում։ Սա մի գործընթացի սկիզբ է, որ միջազգային հանրության, Միջին Արևելքի ժողովուրդների, Սիրիայի ժողովրդի ակնկալիքով կարող է բերել հարցերի կարգավորմանը։

Ինչ վերաբերում է լատինամերիկյան երկրների այցելությանը։ Ձեզ խորհուրդ կտամ նայեք, թե լատինամերիկյան այդ երեք երկրներում  անցած տարի ինչ է ընդունվել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ և դրանից հետո ձեր դատողությունները կանեք։  Եվ դրանից հետո միգուցե կգաք  արտգործնախարարություն, կխոսենք։ Բաներ կան, որ հրապարակային պատասխանելը ճիշտ չի լինի։ Մենք բանավեճի չենք եկել այստեղ, այլ մամուլի ասուլիսի, արտգործնախարարի ասածը պաշտոնական դիրքորոշում է արտահայտում և արձագանք է ստանում նաև արտերկրում:

 

Այն երկրները, որտեղ մենք գնացել ենք, կարևորագույն երկրներ են։ Մենք մտադիր ենք լատինամերիկյան տարածաշրջանի երկրների հետ ավելի ակտիվացնել մեր հարաբերությունները։ Առավել ընդլայնելով մեր հարաբերությունների աշխարհագրությունը` մենք մտադիր ենք այցելել այն երկրներ, որտեղ դեռևս չենք եղել՝ ակտիվացնելու մեր կապերը այդ պետությունների հետ։

 

Մենք դեռ ունենք 3 ներկայացուցչություն Լատինական Ամերիկայում՝ Բրազիլիայում, Մեքսիկայում և Արգենտինայում։ Այդ երեք երկրներից փորձելու ենք ծածկել մայրցամաքը, որը կարևորագույն մայրցամաքներից է, միջազգային հարաբերություններում  բավական մեծ կշիռ ունեցող:

 

Կարծում եմ, որ այդ այցելությունները շատ կարևոր էին, և կարող եմ ասել բավականին արդյունավետ բանակցություններ կայացան իմ գործընկերների հետ, որոնք խոստումնալից են այդ երկրների, լատինամերիկյան մայրցամաքի հետ մեր հարաբերությունների առավել զարգացման առումով։

 

Չկա աշխարհում կարևոր և ոչ կարոր երկիր: Անցյալ տարի, երբ ես Ինդոնեզիա էի այցելել, մեկն ասաց,- «չէ մի չէ Ինդոնեզիա»: Ինդոնեզիան 250 մլն բնակչություն ունեցող երկիր է… Չպատմեմ հիմա։ Ինտերնետում կարելի է նայել` հասկանալու համար, թե Ինդոնեզիան ինչ է։  Չի կարելի ոչ կոռեկտ արտահայտություններ թույլ տալ` թե մեծ, թե փոքր երկրների վերաբերյալ։ Դուք պատկերացրեք, որ մեկը մեր մասին այդպիսի բաներ ասի: Ինչպե՞ս դա կընդունեք։ Մենք պետք է փորձենք զարգացնել մեր հարաբերութնոււները բոլոր երկրների հետ, և դա է  մեր դիվանագիտության նպատակը՝ ընդլայնել Հայաստանի բարեկամների, գործընկորների թիվը:

 

 

–Civilnet. Պարոն Նալբանդյան, Դուք նշեցիք, որ Մաքսային միությանն անդամակցումը բխում է Հայաստանի ռազմավարական և տնտեսական շահերից: Ցանկանում եմ հարցնել, թե ինչու էր այդ որոշումը գաղտնի պահվում հասարակությունից մինչև սեպտեմբերի 3-ը, և արդյոք Դուք տեղյակ էիք այդ որոշումից, հաշվի առնելով այն հանգամանքը, որ սեպտեմբերի 3-ի նախօրեին Ձեր տեղակալը հայտնում էր, որ Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը հնարավոր չէ:

 

–Էդվարդ Նալբանդյան. Չեմ կարծում, որ արտգործնախարարի տեղակալը ամսի 3-ին նման բան է հայտարարել: Ես վստահ եմ, որ ամսի 3-ին այդպիսի բան չէր կարող ասել:

 

Որևէ բան գաղտնի չէր պահվում: Այն ժամանակ, երբ այդ որոշումները հասունացան, և հասունացան այն աստիճան, որ անդամակցության որոշումը հնարավոր դարձավ, ու կարելի էր համապատասխան գործընթաց սկսել, արվեց համապատասխան հայտարարություն՝ Հայաստանի և Ռուսաստանի նախագահների կողմից:

 

Դա չէր նշանակում դեռ անդամակցություն, դա նշանակում էր, որ Հայաստանն առաջին անգամ պաշտոնապես հայտարարեց, որ որոշում է ընդունել անդամակցել Մաքսային միությանը:

 

Հայաստանը բազմիցս էր արտահայտվել, որ` այո, մենք ցանկություն ունենք անդամակցել Մաքսային միությանը: Եթե Դուք ուշադիր լինեք և նայեք կայքերում Հայաստանի Հանրապետության նախագահի հարցազրույցները, Դուք կտեսնեք, որ երբ հարցրել էին, արդյոք Հայաստանը ցանկանում է լինել Մաքսային միության անդամ, Հայաստանի Հանրապետության նախագահն ասել էր՝ այո:

 

Այդ հարցազրույցը հիմա էլ կա կայքերում: Ուղղակի Հայաստանը հրավիրված չէր:

Այդպես էլ ասվել էր մեր Նախագահի կողմից:

 

Մասնագիտական, փորձագիտական մակարդակով հստակ չէր՝ արդյոք դա հնարավոր է: Երբ դա հասունացավ, համապատասխան որոշում ընդունվեց։ Վստահ եղեք, գաղտնիք պահելու կարիք չկար:

 

Իսկ ինչ վերաբերում է աշխատանքային գործընթացներին՝  փաստաթղթերին, ձևակերպումներին և այլն, դա բնական բանակցային գործընթաց է։ Եթե դա արվի մամուլի միջոցով, ապա բանակցությունները չեն ընթանա ընդհանրապես: Այդ ժամանակ բանակցություններ պետք չեն, կարելի է թերթերով հայտարարել` մեր դիրքորոշումն այս է, մյուս կողմինը՝ այն է, և արդյոք դրանից դրական արդյունք կարելի է ակնկալել։ Իհարկե՝ ոչ: Բանակցությունների ընթացքը հրապարակային չի արվում ոչ թե ինչ-որ գաղտնիքներ պահելու համար, այլ կարգն է այդպես: Բոլոր երկրները բանակցում են այդ ձևով, գոյություն ունի բանակցային գործընթացի որոշակի աշխատակարգ:

 

-Գազետա.ռու. Մի փոքրիկ հարց Շարլ Ազնավուրի մասին: Նա ոչ միայն շանսոնյե է, այլև դիվանագետ, ընդ որում ոչ միայն Շվեյցարիայում, այլ ողջ աշխարհում: Նա իր վերջին հարցազրույցում ասել էր, որ այո, իրենք լսում են այդ պրոբլեմները Հայաստանում, բայց ոչինչ չեն անում: Դուք ինչպես եք իրեն գնահատում:

 

-Էդվարդ Նալբանդյան. Շատ բարձր, ինչպես և ողջ հայ ժողովուրդը։ Պատահում է, երբ մամուլում մեկ խոսք այս կողմ, մեկ խոսք այն կողմ  աղավաղում են խոսքերը և հետո եզրակացություններ անում: Շառլ Ազնավուրը մեծ անձնավորություն է, և չի նստելու ամեն թերթի գրածին պատասխանի՝ սա այսպես եմ ասել, նա՝ այնպես: Շառլ Ազնավուրի հետ, որին ես ոչ միայն սիրում և հարգում եմ որպես Շառլ Ազնավուր, այլ ես իրեն շատ երկար ժամանակ ճանաչում եմ անձնապես, և իսկապես խոր ակնածանքով եմ վերաբերվում նրան։ Իր հետ բազմիցս ճանապարհորդել ենք, շփվել ենք, և շարունակում ենք մեր շատ սերտ հարաբերությունները ոչ միայն որպես մեր Հանրապետության դեսպանի, և ոչ միայն հռչակավոր Շառլ Ազնավուրի, մեծ հայի հետ, այլև որպես անձի՝ շատ պարզ, շատ իմաստուն և շատ ջերմ անձնավորության։

 

Կարծում եմ, որ բոլոր այն արտահայտությունները, որոնք նա արել է մեր հանդիպումների, մեր զրույցների ժամանակ, նա իհարկե ունի շատ ճիշտ, շատ իմաստուն մոտեցումներ, պետք է հարգանքով վերաբերվել այդ մարդու թե՝ ասածներին, թե՝ արածներին, այլ ոչ թե օգտագործենք Շառլ Ազնավուրի անունը շահարկումների համար։

 

Նա մեծ հայրենասեր է, լիովին և մեծապես իր Հայրենիքի կողքին է և աջակցում է այն քաղաքականությանը, որը վարում է Հայաստանի Հանրապետությունը:

 

Անկախ

 

 

 

 

 

 

 

 

 

Դեսպան Կիրակոսյանը մասնակցեց դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավար կազմի համար ընդունելությանը

դեսպան կիրակոսյան,Նախագահ Հայնց ՖիշերՀունվարի 20-ին Ավստրիայի Նախագահ Հայնց Ֆիշերը Հոֆբուրգի իր նստավայրում ընդունեց Ավստրիայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավար կազմին և ներկաների առաջ հանդես եկավ ուղերձով:

Ընդունելության շրջանակներում Ավստրիայում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանի հետ տեղի ունեցած կարճատև զրույցի ընթացքում Նախագահ Ֆիշերը նախ իր ողջույնները փոխանցեց Հայաստանի իր պաշտոնակցին, որից հետո կողմերն անդրադարձան 2014թ. հունիսին Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի Ավստրիա կատարելիք պաշտոնական այցի նախապատրաստական ընթացքին:

Անկախ

2013 թ. գործունեության արդյունքների վերաբերյալ հաշվետվություն է ներկայացրել ևս 11 գերատեսչություն

10988_am_2Կառավարությունում այսօր շարունակվել է ՀՀ պետական կառավարման մարմինների գնահատված կատարողականների և ՀՀ կառավարության 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը։
ՀՀ տարածքային կառավարման, ՀՀ քաղաքաշինության, ՀՀ բնապահպանության, ՀՀ արտաքին գործերի, ՀՀ պաշտպանության, ՀՀ արդարադատության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարները, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահները, ՀՀ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի և միգրացիոն պետական ծառայության պետերը ներկայացրել են 2013 թ. գերակա խնդիրների կատարման ուղղությամբ իրականացված միջոցառումների արդյունքները և վարչապետին զեկուցել թերացումների պատճառների մասին:
ՀՀ պետական կառավարման մարմինների ղեկավարները համապատասխան հանձնարարականներ են ստացել կառավարության ղեկավարից՝ վերացնելու արձանագրված բացթողումները: Անդրադառնալով հաշվետու տարում ըստ գերատեսչությունների տրված հանձնարարականների կատարողականին՝ վարչապետ Սարգսյանը հետաքրքրվել է դրանց ուշացումով կատարման կամ չկատարման պատճառների մասին, ծանոթացել գերատեսչությունների աշխատակազմերի ստորաբաժանումների աշխատանքի գնահատականներին:
Վերոնշյալ պետական կառավարման մարմինների 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների իրականացման արդյունքների հաշվետվությունների սեղմագրերին հնարավոր է ծանոթանալ վերջիններիս պաշտոնական կայքերում:

Անկախ

Միջազգային փորձագետները բարձր են գնահատում կառավարության որդեգրած կենսաթոշակային բարեփոխումները

10985_am_3Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներից՝ «Ցե-Կվադրատ Ամպեգա ասեթ մենեջմենթ Արմենիա» ընկերության խորհրդի նախագահ Էռնստ-Լյուդվիգ Դրայսի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների գործընթացին մասնակցելու համար: «Մենք մեծ հույսեր ենք կապում ձեզ հետ և համոզված ենք, որ միասին լավ աշխատանք ենք իրականացնելու: Կենսաթոշակային բարեփոխումների իրականացումը մեր կողմից խորապես գիտակցված որոշում է: Մեր նպատակը՝ 21-րդ դարի մարտահրավերներին ադեկվատ պատասխան տալն է»,– նշել է Տիգրան Սարգսյանը:
Հյուրերը բարձր են գնահատել կենսաթոշակային բարեփոխումների ուղղությամբ կառավարության գործունեությունն ու նպատակաղմվածությունը, և պատրասատակամություն հայտնել օժանադակել այդ աշխատանքներին: Նշելով, որ իրենց ներկայացրած ընկերությունը Եվրոպայում համարվում է առաջատարներից և խոշորագույններից մեկը՝ «Ցե-Կվադրատ AG»-ի հիմնադիր Ալեքսանդր Շյուցը նշել է, որ տպավորված են կենսաթոշակային բնագավառում խնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության կայացրած ճիշտ որոշումից: «Հայաստանը ճիշտ ուղղությամբ է առաջ շարժվում, ինչը մարդկանց կապահովի երկարատև սոցիալական և տնտեսական կայունություն»,- ասել է Շյուցը:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ կենսաթոշակային բարեփոխումների իրականացումը կնպաստի նաև երկրում քաղաքացիական հասարակության ձևավորմանը: «Ունենալու ենք 270 հազար պատասխանատու քաղաքացիներ, որոնք վերահսկելու են ոչ միայն իրենց անհատական հաշիվները, այլև ֆոնդերի կառավարիչներին և կառավարությանը»,- ասել է վարչապետը:
Այնուհետև կողմերն անդրադարձել են երկկողմ փոխգործակցությանն ու առաջիկայում նախատեսվող ծրագրերին:
Անկախ

Մեկնարկել է ՀՀ պետական կառավարման մարմինների 2013 թ. գործունեության հաշվետվությունների քննարկումը

կառավարությունումՎարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր սկսվել է ՀՀ պետական կառավարման մարմինների գնահատված կատարողականների և ՀՀ կառավարության 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը։

2013 թ. ընթացքում կատարված աշխատանքների ու դրանց արդյունքների վերաբերյալ զեկուցումներով են հանդես եկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ առողջապահության, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի, ՀՀ սփյուռքի, ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ ֆինանսների, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարները, ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության, ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության և ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետերը: Նրանք անդրադարձել են հաշվետու տարում գերակա խնդիրների կատարման ուղղությամբ իրականացված միջոցառումներին և վարչապետին զեկուցել արձանագրված բացթողումների պատճառների մասին:
Կառավարության ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել առկա թերացումների վերացման ուղղությամբ: Հաշվետվությունները լսելուց հետո վարչապետ Սարգսյանն անդրադարձել է 2013թ. ըստ գերատեսչությունների տրված հանձնարարականների, ինչպես նաև աշխատակազմերի ստորաբաժանումների կատարողականներին: Զեկուցողները պարզաբանումներ են ներկայացրել հանձնարարականների ուշացումով կատարման կամ չկատարման, տարբեր վարչությունների աշխատանքի գնահատման վերաբերյալ:
Վերոնշյալ պետական կառավարման մարմինների 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների իրականացման արդյունքների հաշվետվությունների սեղմագրերին հնարավոր է ծանոթանալ վերջիններիս պաշտոնական կայքերում:

 

Անկախ

Արտգործնախարարն ընդունեց ԵՄ հատուկ ներկայացուցչին

17. Minister Nalbandian received EU SR  21.01.2014Հունվարի  21-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց իր առաքելությունն ավարտող Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին։

 

Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Ֆիլիպ Լեֆորին Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունների զարգացմանը նպաստող երկուսուկեսամյա աշխատանքի համար և հաջողություններ մաղթեց նրա հետագա գործունեության ընթացքում։

 

Զրուցակիցները քննարկեցին Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, անդրադարձան տարածաշրջանային հակամարտությունների և դրանց հանգուցալուծման նպատակով գործադվոր ջանքերին:

 

Նախարար Նալբանդյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների և սադրիչ գործողությունների վրա։ Նախարարն ընդգծեց, որ չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրների կողմից բազմիցս հնչող հրադադարի ամրապնդման անհրաժեշտության մասին կոչերին և հորդորներին, հայ-ադրբեջանական սահմանին և Ադրբեջանի ու Արցախի միջև շփման գծում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի մշտական խախտումների զոհ են դառնում ոչ միայն զինծառայողներ։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտեց, որ նման սադրանքները խոչընդոտում են խաղաղ կարգավորման ուղղությամբ համանախագահների և Հայաստանի կողմից գործադրվող ջանքերը:

Անկախ

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին

Լեֆոր-ՍարգսյանՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին, ով Հայաստան է ժամանել հրաժեշտի այցով:

Հանրապետության Նախագահը ողջունել է այդ պաշտոնում Հայաստան վերջին այցելությունը կատարած Ֆ. Լեֆորին՝ ընդգծելով, որ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի կարևոր պաշտոնը վկայում է տարածաշրջանի անվտանգության և կայունության նկատմամբ ԵՄ հետաքրքրվածության մասին: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ֆիլիպ Լեֆորին՝ Հայաստանի և Եվրամիության միջև համագործակցության խորացման գործում նրա ներդրման, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանը նպաստելուն ուղղված ջանքերի համար և հաջողություն մաղթել հետագա աշխատանքում:

ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ հանդիպմանն անդրադառնալով նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին՝ Սերժ Սարգսյանը խորը մտահոգություն է հայտնել վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում ադրբեջանական կողմից շարունակական սադրանքների ու զինադադարի խախտման դեպքերի կապակցությամբ և ընդգծել, որ դրանք լուրջ խոչընդոտ են հանդիսանում բանակցային գործընթացի հետագա առաջընթացի համար:

Անկախ

ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձների հանձնման արարողություն Սիրիայում

              ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձների հանձնման արարողություն Սիրիայում  Հունվարի 19-ին Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը Դամասկոսի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Դամասկոսի հայկական ուսումնական հաստատությունների ղեկավարներին փոխանցեց  ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձներն ու դրամական նվիրատվությունները` Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

                Հանդիսավոր արարողությանը ներկա էին Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը, Հայ կաթողիկե համայնքի առաջնորդ Հովսեփ եպիսկոպոս Առնաուտյանը, թեմական և գավառական ժողովների ու միությունների ղեկավարներ, հոգաբարձուների խորհուրդների անդամներ և  դպրոցների տնօրեններ:

Հանդիսավոր պայմաններում դեսպան Արշակ Փոլադյանն ընթերցեց ՀՀ Նախագահի ուղերձը, ուր, ջերմորեն շնորհավորելով հայկական դպրոցների ուսուցչական կազմի ներկայացուցիչներին ու սաներին, համոզմունք է հայտնվում, որ բարեկամ Սիրիայում մոտ ապագայում կտիրի սպասված խաղաղությունը, կայունությունը և ազգային համերաշխությունը՝ ընդգծելով որ թե՛ Հայաստանը, և թե՛ համայն հայությունը աջակցում են և աջակցելու են սիրիահայերին` վերագտնելու խաղաղություն և պահպանելու իրենց օջախները:

Իրենց շնորհակալական ելույթներում Դամասկոսի հայկական դպրոցների ղեկավարներն ու հոգևոր հայրերը բարձր գնահատեցին ՀՀ Նախագահ պարոն Սերժ Սարգսյանի ջերմ վերաբերմունքն ու հոգատարությունը ծանր օրեր ապրող սիրիահայ գաղութի նկատմամբ և երախտագիտությամբ ընդունեցին ՀՀ Նախագահի կողմից ցուցաբերված դրամական օժանդակությունը:

Անկախ

Տարոն Մարգարյանը և Նիլ Ուշակովը քննարկել են համագործակցության ծրագրերի հետագա ընթացքի հետ կապված հարցեր

DSCN3105Ռիգան եվրոպական մշակութային մայրաքաղաք հռչակելու պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով Լատվիայի մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովի հետ: Ողջունելով գործընկերոջը՝ Նիլ Ուշակովը նախ շնորհակալություն է հայտնել Տարոն Մարգարյանին հրավերն ընդունելու համար և ընդգծել, որ այս այցը ևս մեկ առիթ է քննարկելու Երևանի և Ռիգայի միջև հաստատված փոխշահավետ համագործակցության ծրագրերի շրջանակում իրականցվող աշխատանքների ընթացքը.՛՛Երևանի և Ռիգայի միջև ձևավորված համագործակցությունն իսկապես մեծ ներուժ ունի: Եվ ես վստահ եմ, որ երկու մայրաքաղաքների միջև առկա ջերմ հարաբերություններն անպայման կունենան փոխշահավետ զարգացումներ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում, և մենք կունենանք շոշափելի արդյունքներ: Ինձ համար կրկնակի հաճելի է, որ ընդունել եք իմ հրավերն ու մասնակցում եք Ռիգան Եվրոպայի մշակութային մայրաքաղաք հռչակվելու պաշտոնական արարողությանը, ինչը Ձեր դեպքում, որպես նաև իմ լավ ընկերոջ, իսկապես մեծ աջակցություն է ինձ՛՛,- նշել է Նիլ Ուշակովը:

Ինչպես Անկախին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և հրավերի համար՝  քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է գործընկերոջը Ռիգան Եվրոպայի մշակութային մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ: Անդրադառնալով երկու քաղաքների միջև փոխշահավետ համագործակցության ընդլայնմանն ու գործնական հարաբերությունների զարգացմանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին նկատել է, որ այսօր առկա են բոլոր նախադրյալները Երևանի և Ռիգայի միջև բարեկամական ու գործնական հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու և զարգացնելու համար. ՛՛Երևանի և Ռիգայի միջև բարեկամական և գործընկերային հարաբերությունների զարգացումը հիմնված է մեր երկրների և ժողովուրդների բարեկամության վրա, որի ապացույցն է վերջին տարիներին հաճախակի դարձած երկկողմ այցերը: Վստահ եմ, որ մենք կկարողանանք կյանքի կոչել Ռիգայում ստորագրված եղբայրացման մասին համաձայնագրով նախատեսված բոլոր նախանշումները և իրականացնել տարբեր ծրագրեր` ի բարօրություն մեր մայրաքաղաքների՛՛,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

 

 

 

ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը հանդիպումներ է ունեցել Տոկիոյում

հայաստան-ճապոնիաՀունվարի 14-ին Հայաստանի և Ճապոնիայի արտաքին գործերի գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացման նպատակով Տոկիոյում գտնվող ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը հանդիպում ունեցավ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության փոխնախագահ Իչիկավա Մասակազուի հետ, որի ընթացքում քննարկվեցին Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանին տրամադրվող տեխնիկական աջակցության ծրագրերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացման հեռանկարներին վերաբերող հարցեր:

Սերգեյ Մանասարյանի հաջորդ հանդիպումը Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Տակեակի Մացումոտոյի  հետ էր: Հանդիպմանը կողմերն  անդրադարձան հայ-ճապոնական խորհրդարանական համագործակցության ակտիվացմանն առնչվող հարցերին՝ կարևորելով Ճապոնիա-Հայաստան բարեկամական խմբի վերջնական կազմավորումն ու փոխայցելությունների իրականացումը:

Ճապոնիայի արտաքին գործերի խորհրդարանական փոխնախարար Հիրոտակա Իշիհարայի  հետ կայացած հանդիպմանը երկուստեք արդյունավետ գնահատվեցին Հայաստանի և Ճապոնիայի արտգործնախարարությունների միջև անցկացված քաղաքական խորհրդակցությունները: Կողմերը պատրաստակամություն հայտնեցին այսուհետ ևս շարունակել համագործակցությունը հայ-ճապոնական հագեցած օրակարգի ձևավորման և հարաբերությունների խորացման ուղղությամբ:

Անկախ

Գագիկ Բեգլարյանը ծանոթացավ Վազաշեն-Պառավաքար ավտոճանապարհի կառուցման աշխատանքներին

այցՏավուշի մարզի Բերդ-Իջևան մայրուղու Վազաշեն-Պառավաքար ճանապարհահատվածի փակման հետևանքով Այգեհովիտ – Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի Վազաշեն-Պառավաքար վտանգավոր հատվածում կառուցվում է շրջանցիկ ավտոճանապարհ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության  լրատվական ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ շինարարության ընթացքին, կատարված աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը այցելեց Տավուշի մարզ, որտեղ Վազաշեն-Պառավաքար հատվածում ընթանում են նոր ճանապարհի կառուցման աշխատանքները:

Ճանապարհի շինարարությունն իրականացնող Իջևանի ճանշինի ղեկավարը  նախարարին հավաստիացրեց, որ  հողային աշխատանքները կավարտվեն մարտի կեսին, իսկ ապրիլի վերջին  ճանապարհը կհանձնվի շահագործման:

Նախարար Գագիկ Բեգլարյանն ընդգծեց, որ եղանակային բարենպաստ պայմանները ևս կնպաստեն շինարարական աշխատանքների արագ ընթացքին, և նորակառույց ճանապարհահատվածը նախանշված ժամկետներում կշահագործվի։

«Անցած տարի մեծ աղմուկ բարձրացավ այս ճանապարհի հետ կապված, բայց ես պետք է ասեմ, որ ժողովուրդը բավականին տեղին էր բողոքում, որովհետև կար ոչ անվտանգ ճանապարհ, և անցյալ տարվա ցավալի դեպքերը բոլորս լավ ենք հիշում: Դրանցից հետո ՀՀ նախագահի հանձնարարականով անմիջապես սկսեցինք այս ճանապարհի կառուցումը: Տրանսպորտի և կապի նախարարությունը պատվիրել է ճանապարհի նախագիծը, և Իջևանի ճանշինը անցած տարվանից աշխատում է››, – ասաց նախարարը:

Այլընտրանքային այս ճանապարհը կունենա 3,2 կմ երկարություն և 6-7 մետր լայնություն: Այն Վազաշեն-Պառավաքար հատվածում ճանապարհի երկարությունը կկրճատի մոտ երկու կիլոմետրով:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության առաջարկով ավտոճանապարհի նախագծման աշխատանքները, որոնցում ներառված են նաև տեղանքի երկրաբանական հետազոտությունները, իրականացրել է ‹‹Ճաննախագիծ ինստիտուտ›› ՍՊ ընկերությունը:

Նախագծման աշխատանքներն ավարտվել են, այժմ ընթանում են շինարարական աշխատանքները: Արդեն պատրաստ է ճանապարհի 1,6 կմ  հատվածի հողային պաստառը:

Կիրառված նախագծային լուծումներն ապահովվում են ճանապարհահատվածի անվտանգությունը:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության առաջարկով շինարարական աշխատանքներն իրականացնում է ‹‹ Իջևան ՃՇՇ›› ՓԲ ընկերությունը:

Մանրամասները՝ տեսանյութում…