Երաժշտարվեստի բնագավառում ունեցած նշանակալի ավանդի և հայ մշակույթի հանրահռչակման համար Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժոր, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով: Պարգևը Կարեն Դուրգարյանին ՀՀ կառավարությունում հանձնել է անձամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վարչապետը շնորհավորել է անվանի դիրիժորին արձանագրած ձեռքբերումների կապակցությամբ և մաղթել նորանոր հաջողություններ:
Կարեն Դուրգարյանի գլխավորությամբ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն ընթացիկ տարում հաջողությամբ մասնակցել է Սանկտ Պետերբուրգի Մարինյան թատրոնում անցկացված «Սպիտակ գիշերների աստղերը» փառատոնին: Արդյունքում հրավեր է ստացվել մասնակցել նաև հաջորդ տարվա փառատոնին, որը կայանալու է 2014 թվականի մայիսին: Նախատեսվում է, որ փառատոնին Դուրգարյանի բեմադրությամբ կներկայացվի Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը և հայկական միջնադարյան երաժշտությունը:
ԱԳ նախարարը հանդիպեց ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին
Հոկտեմբերի 22-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսին, ով Երևան է ժամանել «Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» բարձրաստիճան խորհրդաժողովին մասնակցելու նպատակով։
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը կարևորեց մարդու իրավունքների հանձնակատարի դերը ԵԽ անդամ երկրներում մարդու իրավունքների առաջմղման գործում։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Նիլս Մուիժնիկսը նշեց, որ Եվրոպայում Հայաստանի նախագահությունը բավականին հաջող է ընթանում և դրա վկայություններից է «Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» խորհրդաժողովի բարձր մակարդակով կազմակերպումը։
Նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ խորհրդաժողովի խորագիրը պատահական չէ ընտրված, քանի որ այդ խնդիրները այսօր ոչ միայն այժմէական են, այլև լուրջ մարտահրավեր են միջազգային հանրության համար։ Այդ համատեքստում նախարար Նալբանդյանն ասաց. «Չնայած Եվրոպայի խորհրդի և միջազգային այլ կազմակերպությունների կողմից այլատյացության, խտրականության և ատելության դեմ տարվող պայքարին, այսօր անգամ ԵԽ կազմում դեռևս կան երկրներ, որոնք ոչ միայն քարոզում են այլատյացությունը, այլև առաջնորդվում են այդ գաղափարախոսությամբ իրենց գործունեության մեջ՝ ոչ միայն անտեսելով թե ԵԽ-ի, և թե այլ հեղինակավոր միջազգային կառույցների քննադատությունը, այլև հանդիմանելով և հակադրվելով դրանց, հռչակում են իրենց հանդուրժողականության կենտրոն, որից աշխարհը պետք է օրինակ վերցնի»։
Նախարար Նալբանդյանն ու հանձնակատար Մուիժնիկսը քննարկեցին Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացման ուղղությամբ ձեռնարկվող շարունակական քայլերը։
Հյուրի խնդրանքով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձավ hայրենիքում ապաստանած սիրիահայերին օժանդակելու նպատակով իրականացվող քայլերին։
Վարչապետը մասնակցել է «Հայաստանը որպես իրականացվող հնարավորությունների երկիր» ծրագրի շրջանակում անցկացվող հանդիպմանը
Վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկա է գտնվել «Ֆինանսաբանկային կենտրոն» հիմնադրամի կողմից կազմակերպվող «Հայաստանը որպես իրականացվող հնարավորությունների երկիր» ծրագրի շրջանակում անցկացվող հերթական հանդիպմանը: Միջոցառման հյուրը Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Փիլիսոփայության ինստիտուտի փոխտնօրեն, «Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի խորհրդական, Գ.Պ. Շչեդրովիցկու անվան Զարգացման ինստիտուտի նախագահ Պյոտր Շչեդրովիցկին էր, ով հանդես է եկել «Համաշխարհային տնտեսության տեխնոլոգիական զարգացման հեռանկարները» թեմայով զեկույցով:
ՀՀ կառավարության ղեկավարը բարձր է գնահատել Պյոտր Շչեդրովիցկու գործունեությունը որպես ճանաչված փիլիսոփա և մեթոդաբան, ով ՀՀ և ՌԴ մեթոդաբանական շարժման սերտ համագործակցության շրջանակում արդեն քանիցս այցելել է մեր երկիր: «Դեռևս 1989 թ. Հայաստանի Հանրապետությունում հիմնադրվեց մեթոդաբանական շարժումը, որի ակունքներում կանգնած էր նաև Շչեդրովիցկիի հայրը՝ հայտնի մեթոդաբան Գեորգի Շչեդրովիցկին: Առաջին անգամ Ծաղկաձորում կազմակերպվել էր մեթոդաբանական խաղ, որին մասնակցում էին տաղանդավոր հետազոտողներ, երիտասարդ գիտնականներ, ովքեր էլ հիմնադրեցին մեթոդաբանական շարժումը Հայաստանում»: Ըստ վարչապետի՝ ներկայացվելիք զեկույցի մեթոդաբանական կարևոր նշանակությունն այն է, թե ինչպես են մեթոդաբանները ձևակերպում արդիական խնդիրները և ինչպիսի լուծումներ են առաջարկում:
Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի, ՀՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունների, ՀՀ ֆինանսական կազմակերպությունների միությունների, ՀՀ ՏՏ ոլորտի կազմակերպությունների, միջազգային կառույցների ներկայացուցիչներ։ «Հայաստանը որպես իրականացվող հնարավորությունների երկիր» ծրագիրը հնարավորություն է տալիս մասնակիցներին ծանոթանալ հայաստանյան և համաշխարհային տնտեսական զարգացումներին, խորացնել մասնագիտական գիտելիքները, ծանոթանալ համաշխարհային փորձին ու զարգացումներին։ Շարունակական զարգացման այս ծրագիրը նպաստում է արդիական մտածողության ձևավորմանն ու զարգացմանը։
Նշենք, որ Պյոտր Շչեդրովիցկին սեմինար է անցկացրել նաև ՀՀ կառավարությունում:
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Վոլգոգրադում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որն անմեղ մարդկանց կյանքեր է խլել:
Հանրապետության Նախագահը խնդրել է ցավակցության և զորակցության խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին ու մտերիմներին և շուտափույթ ապաքինման մաղթանքներ՝ այդ ողբերգության հետևանքով բոլոր տուժածներին:
Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Արաբական լիգայի գլխավոր քարտուղարի տեղակալին
Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Արաբական լիգայի գլխավոր քարտուղարի տեղակալ Ֆադել Մուհամեդ Ջավադին, ով Երևանում մասնակցում է «Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» բարձրաստիճան խորհրդաժողովին:
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ արաբական երկրները Ցեղասպանությունից փրկված շատ հայերի համար երկրորդ հայրենիք են դարձել և հայկական համայնքներն այսօր Հայաստանի հետ հարաբերությունների և այդ երկրների միջև կապող կամուրջ են հանդիսանում։ Նախարարը հավելեց, որ Հայաստանը առաջնային է համարում է արաբական աշխարհի հետ ավանդական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացումը և ամրապնդումը ու այդ առումով կարևորեց դիտորդի կարգավիճակով Հայաստանի ներկայությունը Արաբական պետությունների լիգայում։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ԱՊԼ գլխավոր քարտուղարի տեղակալը գոհունակությամբ նշեց, որ հայ-արաբական բարեկամությունը հարուստ է բարի ավանդույթներով և այն տարեցտարի առավել խորանում է ու Արաբական լիգան նպատակադրված է հավելյալ ջանքեր գործադրելու այդ ուղղությամբ։
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին միջինարևելյան զարգացումների, սիրիական ճգնաժամի կարգավորման նպատակով ձեռնարկվող քայլերի շուրջ։
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին, ով Հայաստան է ժամանել ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում հոկտեմբերի 21-22-ը Երևանում անցկացվող «Պայքար Եվրոպայում ռասիզմի, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» խորագրով բարձր մակարդակի խորհրդաժողովին մասնակցելու նպատակով:
Ընդգծելով ԵԽ դերակատարությունը համամարդկային արժեքների տարածման գործում՝ Սերժ Սարգսյանն այդ առումով կարևորել է խորհրդաժողովի անցկացումը Երևանում և պարոն Յագլանդի մասնակցությունը հիշյալ միջոցառմանը: Նախագահը երևանյան խորհրդաժողովը համարել է ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության առանցքային միջոցառումներից մեկը: Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահությունը նպաստել է ԵԽ գործունեությանը և շնորհակալություն է հայտնել ԵԽ գլխավոր քարտուղարին՝ ինչպես երևանյան խորհրդաժողովին, այնպես էլ նախարարների խորհրդում Հայաստանի նախագահությանը մշտապես աջակցելու համար:
ԵԽ գլխավոր քարտուղարը նշել է, որ երևանյան խորհրդաժողովի թեման իր համար չափազանց կարևոր և առաջնային նշանակություն ունի և հույս է հայտնել, որ այն արդյունավետ կլինի: Նա շնորհավորել է Հանրապետության Նախագահին՝ ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի հաջող նախագահության կապակցությամբ: Թորբյորն Յագլանդը կարևորել է նաև ԵԽ երևանյան գրասենյակի աշխատանքը:
Հանդիպմանը Նախագահը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը շարունակելու և էլ ավելի խորացնելու մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության սկզբունքների հիման վրա մեր պետության և հասարակության արդիականացմանն ուղղված բարեփոխումների գործընթացը:
Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Եվրոպայի խորհուրդը, մասնավորապես՝ Վենետիկի հանձնաժողովն իր աջակցությունը կբերի ՀՀ Սահմանադրության բարեփոխումների գործընթացին:
ՀՀ Նախագահը և ԵԽ գլխավոր քարտուղարը զրուցել են ԵԽ օրակարգի, Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացման, տարածաշրջանային խնդիրների, Հայաստանում դատաիրավական համակարգի բարեփոխումների ընթացքի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ:
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մեկնել է Բրյուսել
Ս.թ. հոկտեմբերի 21-ին ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բելգիայի Թագավորություն` մասնակցելու հոկտեմբերի 22-ից 23-ը Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայանալիք Աֆղանստանում և Կոսովոյում ընթացող ՆԱՏՕ-ի ղեկավարած առաքելություններին մասնակցող երկրների պաշտպանության նախարարների հերթական նիստերին: Այցի շրջանակներում նախատեսված են ՀՀ պաշտպանության նախարարի առանձնազրույցներ գործընկեր երկրների պաշտպանության նախարարների և ՆԱՏՕ-ի ռազմական ղեկավարության հետ:
Երևանում բացվեց «Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» բարձրաստիճան խորհրդաժողովը
Հոկտեմբերի 21-ին, ՀՀ ԱԳ նախարար, ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանը և ԵԽ Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը Երևանում բացեցին «Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» բարձրաստիճան խորհրդաժողովը:
Խորհրդաժողովը տեղի է ունենում Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում:
Միջոցառման բացման արարողությանը ներկա էին և ելույթներով հանդես եկան նաև ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսը, ԵԽ Տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի փոխնախագահ Մայքլ Օ’Բրայենը, ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի հավասարության և խտրականության բացառման հանձնաժողովի անդամ Յոնաս Գունարսոնը, Եվրոպայի խորհրդի Միջազգային ոչ-կառավարական կազմակերպությունների Կոնֆերանսի նախագահ Ժան-Մարի Հեյդտը, Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարի տեղակալ Ֆադել Մոհամեդ Ջավադը։
Խորհրդաժողովին մասնակցելու նպատակով Երևան են ժամանել Եվրոպայի խորհրդի անդամ երկրների, ԵԽ հիմնական կառույցների՝ Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի բարձրաստիճան ներկայացուցիչներ, Գլխավոր քարտուղարության, ինչպես նաև միջազգային հաստատությունների՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրոպական միության և Արաբական պետությունների լիգայի ներկայացուցիչները:
Երևանյան երկօրյա խորհրդաժողովի օրակարգում ընդգրկված են ԵԽ անդամ պետությունների հասարակություններին հուզող այպիսի հարցեր, ինչպիսիք են ռասիզմի և ատելության խոսքի դրսևորումները քաղաքական բանավեճում, քաղաքական առաջնորդների և քաղաքացիական հասարակության դերը այդ երևույթների դեմ պայքարի գործում, կանխարգելող միջոցների արդյունավետ օգտագործումը, ռասայական կարծրատիպերի հաղթահարումը, այլատյացության ու անհանդուրժողականության դրսևորումների և ատելության խոսքի տարածման բացառումը և այլն:
ՀՀ նախագահը կարգադրել է Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հարցերով խորհուրդ ստեղծել
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով՝ որոշում եմ.
1. Ստեղծել Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հարցերով խորհուրդ:
2. Հաստատել Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հարցերով խորհրդի կազմը` համաձայն 1-ին հավելվածի:
3. Հաստատել Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հարցերով խորհրդի գործունեության կարգը՝ համաձայն 2-րդ հավելվածի:
4. Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հարցերով խորհրդին՝ մեկամսյա ժամկետում ամփոփել Սևանա լճի էնդեմիկ ձկնատեսակների (գեղարքունի և ամառային իշխան) պոպուլյացիաների վերականգնման փորձնական ծրագրի արդյունքները, մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել Սևանա լճում իշխանի վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի նախագիծը:
Կայացավ Էդվարդ Նալբանդյանի և Թորբյորն Յագլանդի հանդիպումը
Հոկտեմբերի 21-ին ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահ, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին, ով Հայաստանում է գտնվում «Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» բարձրաստիճան խորհրդաժողովին մասնակցելու նպատակով։
Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց ԵԽ քարտուղարությանը և անձնապես գլխավոր քարտուղարին նախարարների կոմիտեում հայկական նախագահության աշխատանքներին համակողմանի աջակցություն ցուցաբերելու համար։
Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ հայկական նախագահության ընթացքում մեկ տասնյակից ավելի կարևոր միջոցառումներ են տեղի ունեցել և դրանցից առանձնացրեց ՀՀ Նախագահի այցելությունը Ստրասբուրգ, Երևանում անցկացված «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները եւ իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի Խորհրդի անդամ երկրներում» խորագրով խորհրդաժողովը, ԵԽ Միջմշակութային երկխոսության կրոնական հարթության հանդիպումը, Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի լիագումար նիստը, ԵԽ անդամ երկրների մայրաքաղաքների քաղաքապետերի խորհրդաժողովը, ԵԽ բարձրագույն կրթության հարցերով պատասխանատու նախարարների տարածաշրջանային հանդիպումը և այսօր բացվելիք բարձրաստիճան խորհրդաժողովը։ Արտգործնախարարը նշեց, որ Հայաստանը նույն եռանդով շարունակելու է իր ներդրումն ունենալ Եվրոպայի խորհրդի նպատակների առաջ մղման գործում:
ԵԽ գլխավոր քարտուղարը բարձր գնահատեց ԵԽ Նախարարների կոմիտեում հայկական նախագահության ծավալած գործունեությունը և արդեն իսկ կատարված աշխատանքները:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Եվրոպայի խորհրդի հետագա գործունեության, ԵԽ-ում իրականացվող բարեփոխումների և այլ օրակարգային հարցերի վերաբերյալ։
ՀՀ նախագահը հրամանագրեր է ստորագրել
Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Պոլիտեխնիկի հիմնադրման 80-րդ տարեդարձի առթիվ
|
Չնայած անցած տարիների դժվարություններին՝ Պոլիտեխնիկը կարողացավ պահպանել իր ուրույն տեղը Հայաստանի բուհական համակարգում: Ներկա փուլում Հայաստանի ամենակարևոր խնդիրների շարքում է ժամանակին համընթաց քայլելու և տեխնիկական նորագույն ձեռքբերումներին տեղեկացված լինելու անհրաժեշտությունը: Այսօր պետք է հնարավորինս արագ մեր ժողովրդին հասանելի ու մատչելի դարձնենք աշխարհի տարբեր վայրերում ստեղծվող տեխնիկական նորամուծությունները: Կրկին շնորհավորում եմ ձեզ, սիրելի՛ պոլիտեխնիկցիներ, այս նշանակալի հոբելյանի առթիվ: Մաղթում եմ ձեզ նորանոր հաջողություններ, ձեռքբերումներ կրթության ասպարեզում և գիտական նվաճումներ: Համոզված եմ, որ ձեր ներուժն ու մասնագիտական կարողությունները մշտապես պահանջված են լինելու` իրենց արժանի կիրառումը գտնելով կյանքում»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում: |
ԱԳ նախարարը հանդիպեց Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ
Հոկտեմբերի 18-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության գլխավոր քարտուղար Միշել Ժարրոյի հետ։
Հանդիպմանը, որին մասնակցում էր նաև Հայաստանի ԱԻՆ Հայպետհիդրոմետի տնօրեն Լևոն Վարդանյանը, նախարար Նալբանդյանը կարևորեց Հայաստանի փոխգործակցությունը ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալության՝ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության հետ:
Նախարար Նալբանդյանը երախտագիտություն հայտնեց ՀՕԿ մշտական աջակցության` մասնավորապես Կամավոր համագործակցության ծրագրի շրջանակում ստացված տարատեսակ տեխնիկական օժանդակության համար: Նա հավելեց, որ Հայաստանը հետաքրքրված է օդերևութաբանության ոլորտում առաջավոր փորձի և գիտելիքների ներդրմամբ և այդ ուղղությամբ ակնկալում է ՀՕԿ-ի շարունակական օժանդակությունը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՀՕԿ-ի գլխավոր քարտուղարը նշեց, որ Հայաստանը հանդիսանում է կազմակերպության ակտիվ անդամներից մեկը և մասնակցում է դրա շրջանակներում բոլոր ութ ուղղություններով իրականացվող համագործակցությանը։ Նա ընդգծեց, որ Հայաստանը հաջողությամբ համատեղել է օդերևութաբանության և հիդրոլոգիայի ոլորտները, ինչպես նաև կարևորեց, որ Հայաստանում բուհական մակարդակով դասավանդում է հիդրոօդերևութաբանություն առարկան:
ԱԳ նախարարն ընդունեց Կարմիր Խաչի Միաջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին
Հոկտեմբերի 18-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Կարմիր Խաչի Միաջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության նորանշանակ ղեկավար:
Շնորհավորելով Սարա Էպրեխտին նշանակման կապակցությամբ` նախարար Նալբանդյանը հաջողություններ մաղթեց նրան նոր պաշտոնում:
Նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի մարդասիրական գործունեությունը և Հայաստանի հետ համագործակցությունը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և ԿԽՄԿ գործունեության բարձր գնահատականի համար Սարա Էպրեխտին վստահեցրեց, որ կազմակերպությունը շարունակելու է իր չեզոք մարդասիրական գործունեությունը։
Արտգործնախարարի խոսքերով դրվատանքի է արժանի կազմակերպության Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ առնչվող մարդասիրական օժանդակությունը, մասնավորապես՝ անհետ կորածների որոնման և ռազմագերիների վերադարձի հարցերում։ Այս կապակցությամբ նախարար Նալբանդյանը հատուկ նշեց Ադրբեջանում գերության մեջ գտնվող Հակոբ Ինջիղուլյանի ազատ արձակմանն ուղղված ջանքերի ակտիվացման կարևորությունը:
Արտգործնախարարը պատրաստակամություն հայտնեց շարունակել Հայաաստանի ակտիվ փոխգործակցությունը ԿԽՄԿ-ի հետ:
Նոր նշանակումներ և պաշտոնանկություններ` Կառավարության աշխատակազմում
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Գագիկ Գագյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Տիգրան Գևորգյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արամ Բադալյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ Արամ Բադալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ։
Կայացել է Գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի խորհրդի նիստը
Կառավարությունում վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի հերթական խորհրդի նիստը:
Օրակարգային առաջին հարցով քննարկվել և հաստատվել է հիմնադրամի 2012 թվականի տարեկան հաշվետվության, բյուջեի կատարողականի և տարեկան աշխատանքային ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման վերաբերյալ հաշվետվությունը: Զեկուցվել է, որ նախորդ տարի հիմնադրամի կողմից շուրջ 10 ձեռնարկություններում իրականացվել է 1 մլրդ 314 մլն դրամի ներդրում, կատարվել` 328 մլն դրամի ստորադաս փոխառություններ: Տեղեկացվել է, որ առաջիկայում նախատեսվում է հիմնադրամի կողմից միջոցներ ներդնել ևս երեք ձեռնարկություններում:
Այնուհետև անդրադարձ է կատարվել հիմնադրամի 2012թ. ֆինանսատնտեսական գործունեության անկախ աուդիտ իրականացնող կազմակերպության կողմից ներկայացված ֆինանսական հաշվետվությունների և անկախ աուդիտորական եզրակացությանը:
Քննարկվել և հաստատվել են նաև հիմնադրամի կողմից հրապարակվող և ՀՀ արդարադատության նախարարություն ներկայացվող հաշվետվության նախագիծը, հիմնադրամի ինքնածախսածածկման մեխանիզմով իրականցվող առաջիկա 3 տարվա ծրագիրը:
Վարչապետը հանդիպել է ռուսաստանյան և եվրոպական երկրների ԶԼՄ-ների ներկայացուցիչներին
Վարչապետ Տիգրան Սարգսյանը Մատենադարանում հանդիպել է հոկտեմբերի 17-20-ը Երևանում անցկացվող «Արարատի ստորոտին» խորագրով միջազգային մեդիաֆորումի մասնակիցներին:
Վարչապետը, ժամանակակից աշխարհի արագ փոփոխությունների համատեքստում, անդրադարձել է ՀՀ կառավարության ծրագրին և քաղաքականությանը, հայ ժողովրդի առանձնահատկություններից մեկին՝ սփյուռքին, նրա դերին, Հայկական աշխարհի տեսլականին:
«Այսօր առաջին հերթին մենք պետք է հասկանանք, թե ինչպիսի փոփոխություններ են կատարվում աշխարհում և մեր ծրագրերը կառուցենք դրանց համապատասխան` հաշվի առնելով նաև գլոբալ գործընթացների ազդեցությունը մեր երկրի ու տարածաշրջանի վրա: Ակնհայտ է, որ ժամանակակից աշխարհի զարգացման հիմնական ռեսուրսն ինտելեկտն է, այսինքն` մարդը: Եթե ցանկանում ենք ունենալ զարգացում, ապա առաջին հերթին պետք է հասարակության համար ստեղծենք ինքնադրսևորման հնարավորություններ: Դա նշանակում է, որ առաջնահերթ պետք է բարեփոխումներ իրականացնել կրթական ոլորտում, մարդկանց պատրաստել ապրելու արագ փոփոխվող աշխարհում»,- ասել է վարչապետը:
Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև տարածաշրջանային զարգացումների արդյունքում ստեղծված իրավիճակին և դրան զուգահեռ Հայաստանի քայլերին: Վարչապետի խոսքով՝ մեր երկրի համար այսօր մեծ նշանակություն ունի անվտանգության ապահովումը, քանի որ, ի տարբերություն հարևան երկրների, տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը Հայաստանի վրա ավելի մեծ ազդեցություն է թողնում՝ սահմանների փակ լինելու պատճառով:
«Կարծում եմ` հասկանալի է, թե ինչու ենք մենք որոշել անդամակցել Մաքսային միությանը և ինտեգրվել Եվրասիական տնտեսական տարածքին: Դա հնարավորություն է տալիս մեր ռազմավարական գործընկերոջ և հիմնական ներդրողի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները կառուցել ավելի հիմնարար պլատֆորմի վրա, թույլ է տալիս հանել բազմաթիվ սահմանափակող գործոններ, որոնք կարող են ի հայտ գալ, եթե Հայաստանը հայտնվի Մաքսային միությունից դուրս:
Վերջին տարիներին ինտենսիվ գործընթացներ են տեղի ունենում ՄՄ-ի շրջանակներում, և եթե մենք չինտեգրվենք ՄՄ-ին, ապա դա նոր սահմաններ կստեղծի Հայաստանի և Ռուսաստանի տնտեսվարող սուբյեկտների միջև, ինչը մեզ համար անթույլատրելի շքեղություն է: Դրա համար էլ կայացվել է քաղաքական որոշում, որ մեր երկրի տնտեսության զարգացումը պետք է լինի ՄՄ-ի շրջանակներում»,- նշել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետի խոսքով՝ այդ ընտրությունը դիտարկվում է նաև աշխարհաքաղաքական, մշակութային, ազգային անվտանգության համատեքստում, քանի որ Հայաստանը խորը և դարավոր արմատներ ունի Ռուսաստանի հետ:
Մեդիաֆորումի շրջանակներում Հայաստան են ժամանել մեծ հեղինակություն վայերող ռուսաստանյան և եվրոպական երկրների ԶԼՄ-ների 36 ներկայացուցիչներ: Միջոցառման մասնակիցները կայցելեն Հայաստանի տարբեր քաղաքներ և Արցախ, կպատրաստեն հեղինակային հաղորդումներ մեր երկրի մասին:
Նախագահն ընդունել է ԵՄ Արևելյան գործընկերության և ՍԾՏՀԿ երկրների կրթության նախարարների համաժողովի մասնակիցներին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրամիության Արևելյան գործընկերության և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների կրթության նախարարների տարածաշրջանային համաժողովի մասնակիցներին:
Համաժողովը, որը նվիրված է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի զարգացման խնդիրներին, անցկացվում է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Հայաստանի նախագահության շրջանում:
Նախագահը ողջունել է համաժողովի մասնակիցներին մեր երկրում և կարևորել նման միջոցառումների անցկացումը, որոնք, նրա համոզմամբ, հնարավորություն են տալիս տարբեր ոլորտների, տվյալ դեպքում՝ կրթության և գիտության բնագավառի խնդիրները համակողմանիորեն քննարկելու և համակարգված քաղաքականություն մշակելու:
Հանրապետության Նախագահը ընդգծել է, որ Հայաստանը, ինչպես և համաժողովի մասնակից երկրները, նպատակ ունի ձևավորելու եվրոպական չափանիշներին համապատասխան կրթական տարածք, ինչն իր հերթին հնարավորություն է տալիս խթանելու գիտելիքահենք հասարակության ձևավորումը, առանց որի, ըստ Նախագահի, դժվար է պատկերացնել տնտեսական և սոցիալական զարգացում: Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ այդ առումով համաժողովը եղել է արդյունավետ: Սերժ Սարգսյանը ցանկացած պետության համար առաջնահերթ և կարևոր խնդիր է համարել կրթված ու լավ հասարակություն ունենալը, որը, նրա խոսքով, կարևոր գրավական և ամուր հիմք է այդ հասարակության բարեկեցության ու պետության զարգացման համար:
Հանդիպման մասնակիցները ՀՀ Նախագահին ներկայացրել են իրենց երկրներում կրթության և գիտության ոլորտում առկա վիճակը, իրականացված բարեփոխումները, խնդիրներն ու դրանց լուծման վերաբերյալ իրենց պատկերացումները: Նրանք բարձր են գնահատել Հայաստանում անցկացվող համաժողովը՝ ընդգծելով, որ մասնակիցների համար այն օգտակար է եղել կրթության և գիտության ոլորտի արդի խնդիրները քննարկելու, դրանց լուծման նկատմամբ համատեղ մոտեցումներ ձևավորելու և փորձի փոխանակման տեսանկյունից:
Նախագահը հաջողություններ է մաղթել համաժողովի մասնակից կրթության և գիտության նախարարներին, ինչպես նաև նրանց ղեկավարած գերատեսչություններին՝ իրենց բարդ ու պատասխանատու, բայց միևնույն ժամանակ շատ կարևոր գործում:
Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Արմպրոդէքսպո» ցուցահանդեսի բացմանը
|
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում ներկա է գտնվել ամենամյա «Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդեսի բացմանը: Նախագահը շրջել է հանրապետության ագրոպարենային ոլորտը ներկայացնող ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել իրենց արտադրատեսականին և ծառայությունները ներկայացնող շուրջ 50 հայաստանյան ընկերությունների գործունեությանը, նրանց ներկայացուցիչների հետ զրուցել այդ ընկերությունների ընթացիկ ծրագրերի, խնդիրների և զարգացման հեռանկարների շուրջ: Ցուցահանդեսային համալիրի բակում բացօթյա առանձին տաղավարներով «Արմպրոդէքսպո»-ին մասնակցել են նաև հանրապետության բոլոր մարզերը՝ իրենց բերք ու բարիքով: |



