Արտգործնախարարը հանդիպեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ղեկավարությանը

570.Minister Nalbandian received the leadership of the YSU International Relations faculty 15.10.2013 Հոկտեմբերի 15-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ղեկավար անձնակազմին՝ դեկան Գեղամ Պետրոսյանին եւ ֆակուլտետի ամբիոնների վարիչներին։

Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանը նշեց, որ ԱԳՆ-ն մեծ նշանակություն է տալիս որակյալ կադրերի պատրաստմանը եւ այդ առումով նախարարության եւ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մշտական կապն ու համագործակցությունը շատ կարեւոր են։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Մայր ԲՈւՀ-ի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանը նշեց, որ վերջին տարիներին լրջորեն ամրապնդվել է արտգործնախարարության եւ ԵՊՀ պրոֆիլային ֆակուլտետի միջեւ փոխգործակցությունը։ Գեղամ Պետրոսյանի խոսքերով` ավանդական են դարձել  ԱԳ նախարարի սեպտեմբերկյան դասախոսությունները առաջինկուրսեցիների առջեւ։ Նա նաեւ ընդգծեց, որ ֆակուլտետի դասախոսների կազմում գործող դիվանագետների թիվը շեշտակիորեն ավելացել է։

Զրույցի ընթացքում երկուստեք գոհունակությամբ նշվեց, որ Դիվանագիտական դպրոցի ունկնդիրների մեծամասնությունը կազմում են հենց Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի շրջանավարտները։

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հայաստանի արտաքին քաղաքականության տարբեր ուղությունների շուրջ, ԱԳ նախարարը հյուրերին ներկայացրեց միջազգային օրակարգային գործընթացների եւ խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։ Նախարար Նալբանդյանը հանգամանալից ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց նման հանդիպումները պարբերական անցկացնելու վերաբերյալ։

 

 

 

Քննարկվել են գործակցային կապերի ակտիվացմանն ուղղված հարցեր

001Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարներին նվիրված համաժողովի կլոր սեղանների շրջանակում քննարկվել են համագործակցության հիմնական ուղղություններով գործակցային կապերի ակտիվացմանն ուղղված հարցեր: Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը ներկայացրել է Երևանում զբոսաշրջության ենթակառուցվածքների զարգացման հնարավորություններն ու այդ ուղղությամբ իրականացված քայլերը: Սանկտ Պետերբուրգի գործընկերները, կիսվելով փորձով, ներկայացրել են իրենց կողմից տարվող աշխատանքները: Հանդիպում-քննարկման ընթացքում կարևորվել են զբոսաշրջիկների համար հարմարավետ պայմանների ապահովումը, քաղաքների մատչելիությունը, «Անվտանգ  քաղաք» ծրագրի և զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների ներդրումը, ինչպես նաև հյուրանոցային բիզնեսի զարգացմանն առնչվող հարցեր՝ քաղաքաշինական տեսանկյունից:

Աշխատանքային մյուս խմբում քննարկվել են Երևանում և Սանկտ Պետերբուրգում ներդրումային դաշտի ընդլայնման հետ կապված հարցեր: Մասնավորապես, խոսվել է սպառողական շուկայում ներդրումների ներգրավման իրատեսական ծրագրերի, այդ թվում՝ առևտրային նոր ցանցերի ստեղծման մասին:

Կլոր սեղաններին, Երևանի և Սանկտ Պետերբուրգի քաղաքային իշխանության ներկայացուցիչներից բացի, մասնակցել են Երևանի ավագանու անդամներ, ինչպես նաև ներկայացուցիչներ մասնավոր ընկերություններից:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նախագահը ներկա է գտնվել Իզմիրլյան բժշկական կենտրոնի վերաբացման արարողությանը

Իզմիրլյան բժշկական կենտրոն,Սերժ Սարգսյանը , Ռիտա Սարգսյան

 

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և շվեյցարահայ բարերարներ տեր և տիկին Տիգրան և Հելենա Իզմիրլյանների հետ ներկա են գտնվել մայրաքաղաքում Իզմիրլյան բժշկական կենտրոնի վերաբացման արարողությանը:

Հանրապետության Նախագահը շրջել է Իզմիրլյան հիմնադրամի և տիկին Լուիզ Մանուկյան Սիմոնի բարերարությամբ հիմնանորոգված ու նոր մասնաշենքով համալրված բժշկական հաստատությունում, որն իր Սուրբ Ներսես Մեծ գիտաբժշկական կենտրոնով Հայաստանի առողջապահության ոլորտում մինչ այժմ իրականացված ամենախոշոր բարեգործական ծրագրերից է: Սերժ Սարգսյանը ծանոթացել է իրականացված աշխատանքներին և հաստատության կողմից մատուցվող առողջապահական ծառայություններին:

Հանրապետության Նախագահին ներկայացրել են, որ Հայ եկեղեցու հովանու ներքո գործող Իզմիրլյան բժշկական կենտրոնի քաղաքականության հիմքում ընկած է կարևորագույն երեք սկզբունք` բժշկական ծառայությունների մատչելիություն, հասանելիություն և որակ: Նշվել է, որ հաստատությունը կարևոր տեղ է գրավում Հայ եկեղեցու կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի շարքում և նպատակ ունի ժամանակակից, բարձր տեխնոլոգիաների կիրառությամբ հնարավորինս մեծ թվով հիվանդների համար ապահովել մատչելի և հասանելի բժշկական որակյալ ծառայություններ:

Բացման հանդիսավոր արարողությունից հետո Նախագահ Սերժ Սարգսյանը Վեհափառ Հայրապետի և ազգային բարերար Տիգրան Իզմիրլյանի ու նրա ընտանիքի անդամների հետ ծառատունկ է կատարել կենտրոնի բակում:

Նախագահը հյուրընկալել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին և շվեյցարահայ բարերարներ տեր և տիկին Իզմիրլյաններին

4252Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին և շվեյցարահայ բարերարներ տեր և տիկին Տիգրան և Հելենա Իզմիրլյաններին:

Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել Հայաստանում և Արցախում տարիներ ի վեր Իզմիրլյան հիմնադրամի կողմից տարբեր ոլորտներում իրականացված բազմաթիվ բարեգործական ծրագրերը, որոնց շարքն այսօր համալրվում է ևս մեկ կարևոր նախաձեռնությամբ՝ Երևանում Հայ եկեղեցու հովանու ներքո գործող Իզմիրլյան բժշկական հաստատության վերաբացմամբ:

Նախագահ Սերժ Սարգսյանն ազգային բարերար Տիգրան Իզմիրլյանին պարգևատրել է ՀՀ պետական բարձր պարգևներից մեկով՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով՝ Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, ինչպես նաև երկարամյա ազգանվեր գործունեության համար: Պարգևատրման արարողությանը ներկա են գտնվել նաև Իզմիրլյան ընտանիքի անդամները:

Բարերար Տիգրան Իզմիրլյանը շնորհակալություն է հայտնել Նախագահին՝ Հայրենիքի բարձր պարգևին արժանացնելու և գնահատանքի խոսքերի համար՝ ընդգծելով, որ իր նվիրյալ ծնողների շնորհիվ է, որ ինքն ու իր ընտանիքը հայրենանվեր գործունեություն են ծավալում, ինչի համար անսահման հպարտ են. «Հայաստանը մեր սրտերում է և մշտապես է լինելու»,-Իզմիրլյան ընտանիքի անունից վստահեցրել է ազգային բարերարը, ով աշխարհասփյուռ հայությանը միավորելու և հայրենանվեր ձեռնարկումների մղելու գործում մեծապես կարևորել է նաև Հայ եկեղեցու դերը:

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Բրյուսելում մասնակցեց Եվրոպայի հայերի երրորդ համագումարին

1Հոկտեմբերի 14-ին Բրյուսելում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը  Բելգիայի հայկական մշակութային կենտրոնում մասնակցեց  Եվրոպայի հայերի երրորդ համագումարի բացման արարողությանը, որին մասնակցում էին մոտ 20 երկրներից ժամանած շուրջ 170 պատվիրակներ:

Ողջունելով ներկաներին` ՀՀ ԱԺ նախագահն ասաց.

«Թույլ տվեք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իմ անունից երախտագիտության խոսքեր ուղղել Եվրոպայի հայության բոլոր համայնքներին և կազմակերպություններին իրենց հայրենանվեր գործունեության համար:

Ինձ համար, իրոք, մեծ պատիվ է այսօր ներկա գտնվել և ուղերձով դիմել համագումարի մասնակիցներին, որի համար իմ շնորհակալությունն եմ հայտնում Հայ Դատի բրյուսելյան գրասենյակին՝ այս կարևոր միջոցառումը կազմակերպելու և ինձ հրավեր հղելու համար:

Ինչպես ցանկացած երկրի, առավել ևս Հայաստանի Հանրապետության համար առաջնահերթ են համարվում ազգային անվտանգությանն առնչվող հիմնախնդիրները՝ հատկապես  հաշվի առնելով մեր աշխարհաքաղաքական դիրքը, երկու տասնամյակից ավելի շարունակվող շրջափակումը, դրա հետևանքով առաջացած բարդությունները, ինչպես նաև մեր երկու անմիջական հարևանների ագրեսիվ դրսևորումները և ռազմատենչ հայտարարությունները: Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է զինվել և իր ապակառուցողական կեցվածքով լարվածության մեջ պահել ողջ տարածաշրջանը՝ դրանով իսկ խոչընդոտելով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը: Ավելին, հայատյացության խրախուսումը Ադրբեջանում դարձել է պետական քարոզարշավի հիմնական նպատակը:

Այդ ամբողջը մեզ ավելի զգայուն է դարձնում մեր արտաքին սպառնալիքների նկատմամբ, իսկ Մերձավոր Արևելքում սրված քաղաքական իրավիճակը պարտավորեցնում է անհետաձգելի քայլեր ձեռնարկել երկրի և ժողովրդի ռազմական անվտանգությունը ապահովելու համար: Հասկանալի է, որ այդ քայլերը ուղղակիորեն առնչվում են նաև Հայաստանի էներգետիկ և տնտեսական անվտանգությանը: Սա է օրվա թելադրանքը:

Սակայն մեր ժողովուրդը մեկ օրվա թելադրանքով չի կառուցում իր ապագան: Ռազմական, էներգետիկ և տնտեսական ոլորտներում կայունության և անվտանգության ապահովման խնդիրներից բացի ոչ պակաս կարևոր են նաև քաղաքական, գաղափարական և հոգևոր-մշակութային ուղղությունները, որոնք, հիմնված լինելով ընդհանուր արժեքային համակարգի վրա, ամուր կապում են մեզ Եվրոպայի հետ: Այսօր Հայաստանում և Արցախում իրականացվող ժողովրդավարական լայնածավալ բարեփոխումները դրա վառ ապացույցն են: Ցանկանում եմ հատուկ շեշտել, որ դա ոչ թե մեզ պարտադրված պահանջ է, այլ մեր ժողովրդի և իշխանությունների գիտակցված ընտրությունը:

Եվ  այս հանգամանքն է այսօր Եվրոպական միության հետ Հայաստանի մերձեցման հիմնական գրավականը: Դրան են ուղղված ինչպես պաշտոնական, այդպես էլ խորհրդարանական դիվանագիտության ջանքերը: Հայաստանի Հանրապետության կողմից ձեռնարկվող քայլերն այս ուղղությամբ ամբողջական չեն լինի առանց համայն հայության ջանքերի: Լիահույս եմ, որ համատեղելով մեր ներուժը՝ մենք հաջողություն կարձանագրենք մեր արդար նպատակներին հասնելու և ազգային իղձերն իրականացնելու պայքարում:

Ոչ վաղ անցյալում ազգային զարթոնքի վերելքի և մեզ պարտադրած պատերազմում հայ ժողովրդի տարած հաղթանակի արդյունքում Լեռնային Ղարաբաղը ձեռք բերեց իր անկախությունը: Դա հնարավոր դարձավ համայն հայության միասնության և մեր նախահայրերի՝ ազատ և անկախ ապրելու, մեր ճակատագիրն ինքնուրույն կերտելու մեզ ավետած պատգամին հավատարիմ մնալու շնորհիվ: Այսօր մենք հպարտ ենք, որ տարածաշրջանում գոյություն ունեն երկու հայկական պետություններ՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունները:

Սիրելի հայրենակիցներ,

Այսօր էլ ձեր եռանդուն և ազգանվեր աշխատանքի շնորհիվ Հայաստան ժամանող բազմաթիվ եվրոպական պատգամավորներ, որոնք ներկայացնում են իրենց ազգային խորհրդարանները, այցելում են նաև Արցախ և ականատես լինում արցախցիների հաջողություններին և համոզվում, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ոչ միայն ինքնորոշման, ալև ինքնուրույն պետականություն ունենալու իրավունք ունի: Այդ իրավունքը նա վաստակել է: Ես հավատում եմ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին, ես հավատում եմ ԼՂՀ ժողովրդին, եւ ես վստահ եմ, որ Արցախի ժողովուրդը պաշտպանել է եւ պատրաստ է ապագայում պաշտպանելու իր հայրենիքը:

Անկախ մարտավարական և այլ բնույթի տարաձայնություններից Հայաստանի, Արցախի և Սփյուռքի բոլոր քաղաքական ուժերի համատեղումը արտաքին քաղաքական ասպարեզում կարևորվում է հատկապես այսօր՝ 1915 թ. Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին, քանզի մեր միասնականությունն է Հայոց ցեղասպանության միջազգային լիարժեք ճանաչմանը հասնելու և պատմական արդարությունը վերականգնելու կարևորագույն երաշխիքը:

Հայ ժողովրդի բոլոր հատվածների միասնականությունը կարևորվում է այսօր ավելի քան երբևիցե, քանզի Թուրքիայի կառավարությունը շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման գործում, ինչը միջազգային առաջադեմ հանրության կողմից դիտվում է որպես կրկնակի ցեղասպանություն: Սակայն, համաշխարհային քաղաքականության մեջ ավելի ու ավելի է ամրապնդվում այն գաղափարը, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը և առաջին հերթին Թուրքիայի կողմից կարող է հանգեցնել տարածաշրջանային կայունության հաստատմանը և փոխվստահության մթնոլորտի ձևավորմանը: Համոզված եմ, որ միասնական ջանքերի շնորհիվ մենք կհասնենք մեր ազգային նպատակներին:

Եվս մեկ անգամ ողջունում եմ համագումարի մասնակիցներին և մաղթում արգասաբեր աշխատանք»:

Համագումարի մասնակիցներին ողջունեցին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը,  Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը, Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը, ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի համակարգող Հակոբ Տեր-Խաչատրյանը:

Բրյուսելում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը այցելեց Եվրոպական ժողովրդական կուսակցության կենտրոնական գրասենյակ եւ գրառում կատարեց ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսի մահվան կապակցությամբ բացված հուշամատյանում:

Նույն օրը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը այցելեց Բրյուսելի հայկական եկեղեցի, ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող  խաչքարին:

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

 

ՀՀ փոխվարչապետը երկկողմ հանդիպումներ ունեցավ Փարիզում

Արմեն ԳեւորգյանՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում այսօր Փարիզում երկկողմ հանդիպումներ ունեցավ ֆրանսիացի գործընկերների հետ:

Ֆրանսիայի ապակենտրոնացված համագործակցության հարցերով նախարար տիկին Մարիլիզ Լեբրանշյուի հետ հանդիպմանը զրուցակիցներն ընդգծեցին երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը` նշելով, որ քաղաքական ոլորտում երկխոսությանը զուգահեռ` ակտիվանում են նաեւ տնտեսական կապերը եւ խորանում է ապակենտրոնացված գործակցությունը: Միաժամանակ նրանք կարեւորեցին այս ոլորտում համագործակցության հետագա զարգացումը, որպեսզի այն համարժեք եւ համահունչ լինի երկկողմ քաղաքական, մշակութային հարաբերությունների բարձր մակարդակին:

Կողմերը գոհունակությամբ արձանագրեցին, որ երկու երկրների միջեւ արդեն ձեւավորվել են ապակենտրոնացված համագործակցության լուրջ ավանդույթներ, իսկ ոլորտում փոխգործակցությունը տարեց տարի ավելի է ընդլայնվում: Արդեն երկրորդ անգամ անցկացվում է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովը, որը վկայում է այս մակարդակում փոխգործակցության կայացածության մասին եւ հնարավորություն է ընձեռում, որպեսզի կողմերի վարչական միավորների եւ համայնքների միջեւ համագործակցությունն ավելի համակարգված եւ գործնական բնույթ ստանա:
Ներկայումս յուրաքանչյուր կողմից 30-ից ավելի քույր քաղաքների ու շրջանների միջև հաստատվել են բարեկամական կապեր, որոնց շրջանակում ամեն տարի իրականացվում են բազմաթիվ համատեղ ծրագրեր կրթության, մշակույթի, առողջապահության, զբոսաշրջության եւ այլ ոլորտներում: Կողմերն ընդգծեցին այս ուղղությամբ հարաբերությունները զարգացնելու երկու երկրների կառավարությունների շահագրգռվածությունը:

Փոխվարչապետն անդրադարձավ նաեւ ֆրանսիական տարբեր ընկերությունների եւ կազմակերպությունների կողմից Հայաստանի մարզերում իրականացվող ծրագրերին: Նա մասնավորապես կարեւորեց Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) կողմից աջակցության ծրագրերը, որոնք ուղղված են գյուղական համայնքների եւ գյուղատնտեսական ոլորտի զարգացմանը՝ նկատելով, որ նշված ուղղությունները կարեւոր են նաեւ Հայաստանի կառավարության համար:

Զրուցակիցները քննարկեցին նաեւ ԶՖԳ աջակցությամբ նաեւ ապակենտրոնացմանն ու տարածքների համաչափ զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման հնարավորությունը: Տիկին Լեբրանշյուն նշեց, որ իրենց նախարարությունը համագործակցում է ԶՖԳ-ի հետ եւ կարող են գործակալությանն առաջարկել, որպեսզի վերջինս իր ծրագրերում ընդգրկի նաեւ ապակենտրոնացված համագործակցության շրջանակում իրականացվող տարբեր ծրագրերը:

Հանդիպմանը քննարկվեցին նաեւ հետագա փոխգործակցության հարցեր: Տիկին Լեբրանշյուն նշեց, որ իրենց նախարարության ուսումնակրթական կենտրոնը մշակում եւ իրականացնում է վերապատրաստման ծարգրեր ոլորտի մասնագետների համար, եւ հայաստանցի գործընկերները եւս կարող են ընդգրկվել այդ ծրագրերում: Փոխվարչապետն առաջարկը ողջունելի համարեց` վստահություն հայտնելով, որ նման դասընթացներն օգտակար կլինեն հայ մասնագետների համար: Նա նաեւ ֆրանսիացի գործընկերոջը հրավիրեց այցելել Հայաստան:

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մյուս հանդիպումը Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Մանուել Վալսի հետ էր:
Կողմերը քննարկեցին ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության հետ իրականացվող ծրագրերին ու հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր: Բարձր գնահատելով երկու բարեկամ երկրների միջեւ փոխգործակցության մակարդակը` նրանք կարեւորեցին նաեւ Եվրամիության ծրագրերի շրջանակում համագործակցության խորացումը:
Զրուցակիցները մասնավորապես անդրադարձան միգրացիայի ոլորտում թե երկկողմ, եւ թե Եվրամիության հետ իրականացվող ծրագրերին: Երկուստեք դրական գնահատվեց օրերս Եվրոպական խորհրդարանի կողմից Հայաստանի հետ մուտքի արտոնագրի ռեժիմի դյուրացման եւ հետընդունման համաձայնագրերին հավանության տալու որոշումը, ինչը մարդկանց տեղաշարժի եւ նրանց ապահով վերադարձի ոլորտում նոր հնարավորություններ է ստեղծում:

Այս համատեքստում անդրադարձ եղավ ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների խնդրին: Կարեւորվեց նրանց ապահով վերադարձի համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը: Նշվեց, որ դրան է միտված Եվրամիության` «Միգրացիայի կառավարման ոլորտում Հայաստանի կարողությունների հզորացում, վերաինտեգրմանն ուղղված միջոցառումներ» ծրագիրը, որն իրականացվում է Ֆրանսիայի ներգաղթի եւ ինտեգրման գործակալության կողմից եւ ուղղված է Հայաստան վերադարձողների վերաինտեգրման աջակցմանը:
Առաջիկայում ՀՀ Ազգային ժողով կներկայացվի ապրիլին Բրյուսելում Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ ստորագրված ռեադմիսիայի (հետընդունման) մասին համաձայնագիրը, ըստ որի Հայաստանը փաստաթուղթն ստորագրած ԵՄ անդամ պետությանների հետ պետք է կազմի համաձայնագրի կիրարկման արձանագրություն: Փոխվարչապետը նշեց, որ հայկական կողմը պատրաստակամ է արդեն իսկ սկսել այդ հարցով քննարկումները ֆրանսիացի գործընկերների հետ: Նա նաեւ տեղեկացրեց, որ մի շարք աշխատանքներ են իրականացվում սահմանային կառավարման բարելավման եւ անցակետերի արդիականացման ուղղությամբ, արդեն ներդրվել է կենսաչափական անձնագրերի համակարգը:

Երկուստեք կարեւորվեց վերոնշյալ ուղղություններով համագործակցության խորացումը: Պրն Վալսը նշեց, որ ֆրանսիական կողմը պատրաստակամ է ամենայն աջակցություն ցուցաբերել հայ գործընկերներին` անհրաժեշտ աշխատանքների իրականացման հարցում:
Զրուցակիցները բարձր գնահատեցին նաեւ ապօրինի միգրացիայի, կազմակերպված հանցավորության, թրամիջոցների ապօրինի տարանցման եւ թրաֆիքինգի դեմ պայքարի հարցում, ինչպես նաեւ քաղաքացիական պաշտպանության ոլորտում առկա փոխգործակցությունը: Հանդիպման ավարտին փոխվարչապետը Մանուել Վալսին հրավիրեց այցելել Հայաստան:

Հասարակայնության հետ կապերի բաժին

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցչին

Էդվարդ Նալբանդյան

Էդվարդ Նալբանդյան

Հոկտեմբերի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի գրասենյակի նորանշանակ մշտական ներկայացուցիչ Տերեսա Դաբան Սանչեսին՝  նշանակման նամակի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով մշտական ներկայացուցչին նշանակվելու կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը համոզմունք հայտնեց, որ նրա պաշտոնավարման ընթացքում  կշարունակվի Հայաստանի արդյունավետ համագործակցությունը միջազգային տնտեսական համակարգում առանցքային դերակատարություն ունեցող այս կառույցի հետ: Նախարար Նալբանդյանը նաեւ բարձր գնահատեց 1992թ.-ից ի վեր ԱՄՀ-ի բազմակողմանի աջակցությունը Հայաստանում իրականացվող տնտեսական բարեփոխումներին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Տերեսա Դաբան Սանչեսը նշեց, որ ԱՄՀ-ն հետագայում էլ շարունակելու է օժանդակել Հայաստանի զարգացմանը, ՀՀ կառավարության կողմից տարբեր ոլորտներում ծրագրերի իրականացմանը։

Զրուցակիցներն անդրադարձան նաեւ Հայաստանի եւ ԱՄՀ-ի միջեւ հետագա համագործակցության առնչվող հարցերին։

Նախագահն ընդունել է հայտնի երգահան, դաշնակահար Ռայմոնդ Պաուլսին

 

 Ռայմոնդ Պաուլս, Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է լատվիացի հայտնի երգահան, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ռայմոնդ Պաուլսին:

Նախագահը ողջունել է հանրաճանաչ երգահանին Հայաստանում, բարձր գնահատել մշակույթի գործին նրա անձնվեր ծառայությունը՝ ընդգծելով, որ տասնամյակներ շարունակ Ռայմոնդ Պաուլսի երաժշտությամբ դաստիարակվել են միլիոնավոր մարդիկ, այդ թվում՝ բազմահազար մեր հայրենակիցներ, ովքեր այսօր էլ ջերմությամբ են ընդունում անվանի երաժշտին և մեծ տպավորություն են ստացել նրա երևանյան համերգից:

Հանդիպման ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը Ռայմոնդ Պաուլսին պարգևատրել է Պատվո շքանշանով՝ հայ-լատվիական մշակութային կապերի ամրապնդման և զարգացման գործում ներդրած ավանդի, համաշխարհային երաժշտարվեստի բնագավառում ունեցած մեծ վաստակի համար: Նախագահը շնորհավորել է անվանի երգահանին ՀՀ պետական բարձր պարգևի արժանանալու համար և մաղթել նորանոր հաջողություններ:

 

Վալանսում կկայանա հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երկրորդ համաժողովը

արմեն գևորգյանՖրանսիայի Վալանս քաղաքում կայանալիք հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երկրորդ համաժողովին մասնակցելու նպատակով Ֆրանսիա է մեկնել ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ֆրանսիական կողմի հետ համագործակցող մարզերի եւ համայնքների ղեկավարներ, ՀՀ էկոնոմիկայի, գյուղատնտեսության, կրթության եւ գիտության, մշակույթի նախարարությունների ներկայացուցիչներ:

Մինչ Վալանս մեկնելը, փոխվարչապետը հոկտեմբերի 14-ին Փարիզում երկկողմ հանդիպումներ կունենա ֆրանսիացի գործընկերների հետ: Հոկտեմբերի 15-ին նախատեսվում են փոխվարչապետի հանդիպումները Լիոնում՝ քաղաքային եւ նահանգային իշխանությունների ներկայացուցիչների հետ:

Հոկտեմբերի 16-ին հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երկրորդ համաժողովի բացմանը փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը հանդես կգա ելույթով:

Համաժողովի ընթացքում կկազմակերպվի “Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության զարգացում. ներկայի եւ ապագայի խնդիրներ ու նպատակներ” թեմայով կլոր սեղան, ինչպես նաեւ քննարկումներ կծավալվեն չորս` “Զբոսաշրջություն”, “Կրթություն եւ մշակույթ”, “Տեղական տնտեսություն” եւ “Գյուղատնտեսություն” աշխատախմբերում:

Համաժողովի շրջանակում կստորագրվի նաեւ “Հայաստանի համայնքների միության” եւ Ֆրանսիայի Ռոն Ալպ ռեգիոնի միջեւ համագործակցության նորացման համաձայնագիրը:
Աշխատախմբերի քննարկումների ամփոփումից հետո նախատեսվում է համաժողովի հռչակագրի ընդունում:

Համաժողովի աշխատանքների ավարտից հետո Հայաստանի պատվիրակության կազմում ընդգրկված մարզպետներն ու համայնքների ղեկավարները կմեկնեն գործընկեր համայնքներ եւ տարածաշրջաններ` տեղերում փոխգործակցության հեռանկարների քննարկման եւ հնարավորություններին ծանոթանալու համար:

Ֆրանսիայի հետ առկա է ապակենտրոնացված մակարդակով բավականին լայն համագործակցություն. Հայաստանի շուրջ երեք տասնյակ համայնքներ, այդ թվում` մայրաքաղաք Երեւանը, արդյունավետ փոխգործակցում են Ֆրանսիայի քույր քաղաքների հետ: Մարզերից Գեղարքունիքը համագործակցում է Ռոն Ալպի տարածաշրջանի, Շիրակը` Իզերի, Լոռին` Բուշ դյու Ռոնի հետ:

Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության առաջին համաժողովը տեղի էր ունեցել 2010թ-ին, Երեւանում: Այս ձեւաչափն ուղղված է միջտարածաշրջանային եւ միջհամայնքային կապերի ամրապնդմանն ու խորացմանը:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին

Տիգրան Սարգսյանի շնորհավորական ուղերձն Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյին

Տիգրան Սարգսյան«Ձերդ գերազանցություն

Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ Իսպանիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ՝ մաղթելով առաջընթաց, բարգավաճում և զարգացում։
Հայաստանը կարևորում է Իսպանիայի հետ բազմաբնույթ կապերի շարունակական զարգացումը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։ Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կարող ենք նոր որակ հաղորդել հայ-իսպանական բարեկամական կապերին և փոխշահավետ համագործակցությանը՝ ի նպաստ մեր երկրների բարօրության:
Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը»։

Վարչապետը մասնակցել է Գյումրիի օրվան նվիրված տոնական միջոցառումներին

10765_am_6Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Գյումրի՝ մասնակցել քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումներին: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի, ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի ուղեկցությամբ վարչապետը Գյումրիի Ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում ներկա է եղել «Գյումրին՝ 2013 թվականի ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում կազմակերպված Հացի փառատոնին, որտեղ ներկայացվել էր գյումրեցու ավանդական կենցաղն ու ազգային խոհանոցը: ՀՀ կառավարության և անձամբ իր անունից վարչապետը շնորհավորել է գյումրեցիներին քաղաքի տոնի կապակցությամբ: «Այն, որ քաղաքի տոնը նշվում է նաև Հացի փառատոնի հետ միասին, ունի մեծ խորհուրդ. Գյումրին վերականգնվում ու վերածնվում է: Այն տրամադրությունն ու ոգևորությունը, որ կա ժողովրդի մոտ, այսուհետ լինելու է շարունակական և հավերժ: Գյումրին մշտապես եղել է մեր մշակութային կենտրոնը, և ցանկացած ծրագիր, որ մենք սկսելու ենք Գյումրիում, ունենալու է նաև մշակութային բովանդակություն: Ցանկանում եմ, որ Գյումրիում և ձեր ընտանիքներում այսուհետ լինի միայն տոնական տրամադրություն»,- դիմելով գյումրեցիներին՝ նշել է Տիգրան Սարգսյանը։

Այնուհետև վարչապետը ծանոթացել է Քանդակագործության միջազգային սիմպոզիումի շրջանակներում ստեղծվող քանդակներին, որոնք ամբողջական տեսքի բերվելուց հետո կտեղադրվեն քաղաքի տարբեր այգիներում և պուրակներում:
Կառավարության ղեկավարն այցելել է «Ստիլ» պատկերասրահ, որտեղ ներկայացվել էին Գյումրիի գեղարվեստի ակադեմիայի ուսանողների և դասախոսների համատեղ աշխատանքները:
Վարչապետ Սարգսյանն այցելել է նաև Գյումրիի վերակառուցված Մարզային գրադարան՝ ծանոթացել ստեղծված պայմաններին: Տեղեկացվել է, որ գրադարանը համալրվել է նոր գրականությամբ, որի թվայնացման ուղղությամբ աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են:

Վարչապետը մասնակցել է Սրբոց Թարգմանչաց եկեղեցու հիմնարկեքի արարողությանը

10763_am_4Վարչապետ Տիգրան Սարգսյանն «Այբ» կրթական ավանում մասնակցել է Սրբոց Թարգմանչաց եկեղեցու հիմնարկեքի արարողությանը: Եկեղեցին կառուցվում է բարեգործական միջոցներով: Նախատեսվում է, որ եկեղեցու շինարարությունը կավարտվի երկու տարի անց:

Եկեղեցին, որի ճարտարապետն է Էրիկ Օհանյանը, կազմված է «մարդ-գրքերից»: Դրանք անձնավորված կենդանի գրքեր են, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է սբ Թարգմանիչներից մեկին: 10763_am_5Եկեղեցու կառույցը խորհրդանշելու է այն մարդկանց, որոնց էական գրավոր ժառանգության վրա խարսխված է հայ ինքնությունը և հոգևոր գիտակցությունը: Եկեղեցու հիմնահարկում գործելու է աստվածաբանական գրադարան:

Նախագահն ընդունել է ՌԴ հոկեյի ֆեդերացիայի նախագահ Վլադիսլավ Տրետյակին

4236

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության հոկեյի ֆեդերացիայի նախագահ, ՌԴ պետդումայի պատգամավոր, «20-րդ դարի լավագույն հոկեյիստ» տիտղոսակիր Վլադիսլավ Տրետյակին:

Հանրապետության Նախագահը ողջունել է անվանի հյուրին Հայաստանում, նշելով, որ հատկապես ավագ սերնդի ներկայացուցիչները շատ լավ են հիշում Վլադիսլավ Տրետյակին և խորհրդային տարիների լեգենդար մյուս մարզիկներին, որոնց փառահեղ հաղթանակներով հպարտանալու բազմաթիվ հրաշալի առիթներ են ունեցել: Սերժ Սարգսյանը ողջունել է Հայաստանում հոկեյի և ձմեռային այլ սպորտաձևերի զարգացման ու մասսայականացման ուղղությամբ ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության, տափօղակով հոկեյի ֆեդերացիայի հետ ՌԴ հոկեյի ֆեդերացիայի համագործակցության ցանկությունն ու պատրաստակամությունը:

Վլադիսլավ Տրետյակը, ով առաջին անգամ է Հայաստանում, և այդ այցը համընկել է մայրաքաղաք Երևանի 2795-ամյակի տոնակատարության օրերին, նշել է, որ հաճելիորեն զարմացած է երևանցիների ջերմ հյուրընկալությունից ու իրեն ուղղված գնահատանքի և մեծարանքի խոսքերից: Ընդգծելով, որ հայ-ռուսական համագործակցությունը բոլոր ոլորտներում տարեցտարի զարգանում և ավելի է ամրապնդվում, Վլադիսլավ Տրետյակը նշել է, որ ուրախ կլինի նպաստելու սպորտի բնագավառում և հատկապես ձմեռային սպորտաձևերի զարգացման գործում ՌԴ-ի հետ փոխգործակցության զարգացմանն ու խորացմանը:

Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել

489F748A-07A8-4CC6-9F9B-E637B005E83F_mw1024_n_sՀոկտեմբերի 14-16-ը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել, որտեղ կմասնակցի  Եվրոպայի հայերի երրորդ համագումարին, որի շրջանակներում հոկտեմբերի 14-ին ՀՀ ԱԺ նախագահը Բելգիայի հայկական մշակութային կենտրոնում հանդես կգա ողջույնի խոսքով, իսկ հոկտեմբերի 15-ին  ելույթ կունենա Եվրոպական խորհրդարանում: 

Բրյուսելում նախատեսված է նաեւ  ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի  հանդիպումը  Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Յացեկ Պրոտասիևիչի հետ:

 

 

Նախագահն ընդունել է Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին

4210_bՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին:

Հանրապետության Նախագահին Արա Աբրահամյանը ներկայացրել է ս.թ. հոկտեմբերի 9-13-ը Հայաստանում և Արցախում Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության օրերի շրջանակներում անցկացվող բազմաբնույթ միջոցառումները, հայկական երկու հանրապետություններում համահայկական այդ կառույցի կողմից ամեն տարի իրականացվող բարեգործական ծրագրերն ու մրցանակաբաշխությունները, Սփյուռքում հայապահպանությանն ուղղված նախաձեռնությունները, ինչպես նաև համազգային նշանակություն ունեցող ծրագրերի իրագործմանն աջակցության աշխատանքները: Արա Աբրահամյանը նշել է, որ իր գլխավորած կառույցի ուշադրության կենտրոնում են նաև երիտասարդության հիմնախնդիրները, որոնք իրենց համար ռազմավարական նշանակություն ունեն:

Այդ համատեքստում Արա Աբրահամյանը Նախագահ Սերժ Սարգսյանի հետ խոսել է Համաշխարհային հայկական կոնգրեսի երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիայի այսօրվա համագումարում, ինչպես նաև երիտասարդական պառլամենտի անդամների հետ այս օրերին ունեցած հանդիպման ժամանակ քննարկված հարցերի և նախանշված գործողությունների ծրագրի մասին, որը, ըստ նրա, միտված է համազգային նպատակների ու շահերի շուրջ հայ երիտասարդության համախմբմանը, երիտասարդների միջև համագործակցության խթանմանը, երիտասարդության դերի բարձրացմանն ու համահայկական նախաձեռնություններում ներգրավվածության մեծացմանը:

Նախագահը ողջունել և բարձր է գնահատել Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության գործունեությունը, ընդգծելով, որ համահայկական այդ կառույցի կողմից իրականացվող աշխատանքները կարևոր են Հայրենիքի հզորացման, աշխարհասփյուռ հայության, այդ թվում՝ երիտասարդության համախմբման, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման տեսանկյունից: Սերժ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել այսուհետ ևս սատարել կառույցին՝ համազգային նախաձեռնությունների իրականացման գործում:

Արա Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Նախագահին՝ միության և կոնգրեսի ծրագրերին մշտապես աջակցելու համար, կարևորել նաև պետական մարմինների և համահայկական այլ կազմակերպությունների հետ արդյունավետ համագործակցությունը:

Նախագահը շնորհավորել է Ջիվան Գասպարյանին՝ ծննդյան 85-րդ տարեդարձի առթիվ

58441Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ժողովրդական արտիստ, անվանի դուդուկահար և կոմպոզիտոր Ջիվան Գասպարյանի հետ՝ շնորհավորել նրան ծննդյան 85-րդ տարեդարձի առթիվ: Նախագահը նաև շնորհավորական ուղերձ է հղել Ջիվան Գասպարյանին.

«Սիրելի՛ Ջիվան,

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ:

Հայ երաժշտական արվեստը Դուք հասցրիք նոր բարձունքների: Հատկապես Ձեր շնորհիվ հայկական ծիրանափողը նվաճեց համաշխարհային նոր բեմեր ու էկրաններ:

Սիրելի՛ Վարպետ,

Ուրախ եմ և հպարտ, որ բախտ եմ ունեցել վայելելու Ձեր բարձրարվեստ կատարումները: Մաղթում եմ Ձեզ առողջություն և ամենայն բարիք»:

Նախագահն ընդունել է Ռիգայի քաղաքապետ, Ռիգայի քաղաքային խորհրդի նախագահ Նիլ Ուշակովին

4209_bՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռիգայի քաղաքապետ, Ռիգայի քաղաքային խորհրդի նախագահ Նիլ Ուշակովին:

Նախագահը ողջունել է Ռիգայի քաղաքապետի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան: Հանդիպմանը երկուստեք գոհունակությամբ է նշվել, որ վերջին երեք տարիներին Երևանի և Ռիգայի իշխանությունների միջև ձևավորվել են սերտ հարաբերություններ, իսկ ընթացիկ տարում ստորագրված Երևանի և Ռիգայի եղբայրացման մասին համաձայնագիրն ամուր հիմքեր է ստեղծել երկու երկրների մայրաքաղաքների համագործակցությունը տարբեր ոլորտներում զարգացնելու համար:

Հանրապետության Նախագահը ողջունել է նաև Եվրոպայի խորհրդի անդամ երկրների մայրաքաղաքների միջազգային համաժողովին Ռիգայի քաղաքապետի մասնակցությունը: Սերժ Սարգսյանի խոսքով, ԵԽ նախարարների կոմիտեում նախագահությունն ստանձնած Հայաստանի համար շատ կարևոր է նաև տեղական ինքնակառավարման մարմինների կայացումն ու զարգացումը, ապակենտրոնացված համագործակցության ընդլայնումը:

Նախագահը հաջողություններ է մաղթել քաղաքապետ Ուշակովին՝ իր ամենօրյա գործունեության մեջ և նաև Երևանի ու Ռիգայի միջև բարեկամական կապերի սերտացման գործում:

 

Տարոն Մարգարյանն ընդունել է Երևանի առաջին քույր քաղաքի պատվիրակությանը

001Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է «Էրեբունի–Երևան 2795» տոնակատարության միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Իտալիայի Կարրարա քաղաքի քաղաքապետ Անջելո Զուբբանիին և Կարրարա քաղաքի քաղաքային խորհրդի նախագահ Լուկա Ռագոնիին:

Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու և Երևանի տոնին մասնակցելու համար, Տարոն Մարգարյանը նշել է, որ Երևանի առաջին քույր քաղաքի հետ հանդիպումն առավել քան պարտավորեցնող ու առանձնահատուկ է. «Մենք ուրախ ենք մայրաքաղաքում հյուրընկալելու Երևանի առաջին քույր քաղաքի պատվիրակությանը: Երևանի և Կարրարայի բարեկամության առաջին հիմնաքարը դրվել է դեռևս 1962թ.-ին։ Նաև այս հանգամանքը հաշվի առնելով, մենք պարտավոր ենք երկու քաղաքների միջև էլ ավելի սերտացնել ու զարգացնել հարաբերություններն ու գործնական ընթացք տալ փոխգործակցությանը: Մենք բաց և պատրաստակամ ենք փոխշահավետ համագործակցության համար և համոզված եմ, որ առաջիկայում երկուստեք մեր հարաբերությունները կդրվեն նոր հիմքի վրա»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Կարրարայի  քաղաքապետ Անջելո Զուբբանին իր հերթին,  շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար, ընդգծել է, որ Երևանը ևս վստահելի գործընկեր է Կարրարայի համար և համոզմունք է հայտնել, որ առաջիկայում երկու քաղաքների միջև հարաբերություններն իսկապես էլ ավելի սերտ ու գործնական կդառնան. «Շատ ուրախ եմ գտնվել դարավոր հարուստ պատմություն ունեցող մայրաքաղաքում, որն արդեն 2795 տարեկան է: Իսկապես կա գործակցության խթանման մեծ ներուժ և մենք, հաշվի առնելով նաև հայ և իտալացի ժողովուրդների դարավոր բարեկամությունը, պետք է նոր թափ հաղորդենք մեր հարաբերություններին:»,- նշել է Անջելո Զուբբանին, ավելացնելով, որ տպավորված է Երևանի տոնական հանդերձանքով ու ընդգծել է, որ պատրաստվում է ներկա գտնվել տոնական բոլոր միջոցառումներին, ընդ որում, ոչ թե որպես հյուր, այլ լիարժեք մասնակից:

Շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի և երկուստեք բարեկամությունը խորացնելու պատրաստակամության համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանը մաղթել է հյուրերին լիարժեք վայելել 2795-ամյա Երևանի ջերմությունն ու հյուրընկալությունը:  

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

Նախագահն ընդունել է արդարադատության նախարարների խորհրդի նիստին մասնակցած պետությունների պատվիրակությունների ղեկավարներին

4201Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ս.թ. հոկտեմբերի 10-11-ը ՀՀ արդարադատության նախարարության նախագահությամբ Երևանում անցկացված ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 8–րդ նիստինմասնակցած պետությունների պատվիրակությունների ղեկավարներին:

Նախագահը ողջունել է հյուրերին մեր երկրում և կարևորել արդարադատության նախարարների խորհրդի երևանյան նիստը, այդ ձևաչափով ոլորտի պատասխանատուների սերտ համագործակցությունն ու փորձի փոխանակումը, մասնակից պետությունների համար արդարադատության ոլորտում ընդհանրական արդի խնդիրների լուծմանը միտված համատեղ աշխատանքը:

Արդարադատության նախարարները ՀՀ Նախագահին ներկայացրել են երկօրյա իրենց քննարկումների արդյունքները՝ գոհունակությամբ արձանագրելով, որ ավանդաբար անցկացվող նման հանդիպումները լավ հնարավորություն են ինտեգրացիոն փոխգործակցությունը զարգացնելու, մասնագիտական հարցեր քննարկելու և որպես իրավաբաններ, առկա խնդիրների համատեղ լուծումներով նպաստելու Համագործակցության մասնակից պետությունների քաղաքացիների համար առավել հարմարավետ պայմանների ստեղծմանը՝ կառավարման ժամանակակից մեխանիզմների, որակյալ ծառայությունների ներդրմանը:

Հանրապետության Նախագահը հաջողություններ է մաղթել հանդիպմանը մասնակցող պատվիրակությունների ղեկավարներին իրենց հետագա գործունեության մեջ:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղարի հետ

2Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 11-ին Տավրիկյան պալատում հանդիպում է ունեցել Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեեւի հետ:

Հանդիպմանը կողմերը քննարկել են քաղաքական, առեւտրատնտեսական եւ հումանիտար ոլորտներում երկկողմ համագործակցությանն առնչվող օրակարգային հարցեր:

Երկուստեք կարեւորվել է ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն գործընթացներին մասնակցելու Հայաստանի պատրաստակամությունը, ինչը կողմերի համոզմամբ՝ նոր հեռանկարներ կարող է բացել:

Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին՝ Էդուարդ Շարմազանովը եւ Ալեքսեյ Սերգեեւն ընդգծել են, որ տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման համար հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ, բանակցային ճանապարհով:

ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, մասնավորապես Ռուսաստանի Դաշնության շարունակական ջանքերը՝ ուղղված ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: Էդուարդ Շարմազանովը վերահաստատել է, որ Հայաստանը հանդես է գալիս հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման օգտին, մինչդեռ Ադրբեջանը, ապակառուցողական դիրքորոշում ցուցաբերելով, շարունակում է մերժել եռանախագահների խաղաղատենչ կոչերը:

Հանդիպման ավարտին ԱԺ փոխնախագահը շնորհակալություն է հայտնել ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղարին՝ վեհաժողովի շրջանակում հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված միջոցառում կազմակերպելու համար:

Ալեքսեյ Սերգեեւը իր հերթին նշել է, որ ԱՊՀ ՄԽՎ-ն 2014 թվականը հայտարարելու է ԱՊՀ պետությունների մշակույթի տարի: