ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի պատասխանը «ԱրմԻնֆո» լրատվական գործակալության հարցին

Տիգրան ԲալայանՀարց. Երեկ Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, թե թուրքական կողմը ցանկանում է առաջարկել նոր ստեղծագործ մոտեցումներ՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նպատակով։  Ինչպե՞ս կարձագանքեք այդ հայտարարությանը։

Պատասխան. Արձանագրությունների ստորագրումից անցել է չորս տարի և այս չորս տարիների ընթացքում մենք թուրքական կողմի նույն հին երգն ենք լսում՝ ինչ-որ ստեղծագործ մոտեցումների մասին: Դրանք ոչ այլ ինչ են, քան միջազգային հանրության կողմից ակնկալվող արձանագրությունների առանց նախապայմանների վավերացման և իրականացման գործընթացի թուրքական կողմից ձախողումը քողարկելու շարունակական փորձեր։

 

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպումներ է ունեցել ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների հետ

10761_am_3ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Մոսկվայում հանդիպել է ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովին և փոխվարչապետ Արկադի Դվորկովիչին:

Աշխատանքային հանդիպման առանցքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև տեղի ունեցած վերջին հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների օրակարգն էր: Կողմերը համաձայնության են եկել օրակարգային հարցերի իրականացմանն ուղղված քայլերի շուրջ:
ՌԴ կողմը, բացի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովից, ներկայացնում էին փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը, պաշտոնատար այլ անձինք: Տիգրան Սարգսյանի գլխավորած աշխատանքային խմբում ընդգրկված էին ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Արամյանը, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը, ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ Իոսիֆ Իսայանը, պաշտոնատար այլ անձինք:
Ռուսաստանի Դաշնության կառավարությունում հանդիպումից հետո կայացել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանդիպումը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի հետ: Կողմերը քննարկել են Հայաստանի և Մաքսային միության միջև կնքված համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի շրջանակում իրականացվող աշխատանքների ընթացքը:
ՀՀ վարչապետն այցելել է նաև Մոսկվայի Հայոց առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպության եկեղեցական համալիր, այնուհետև եղել Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնում տեղակայված Հայաստանի մշտական տաղավարում, ծանոթացել տաղավարի աշխատանքներին, ներկայացված ընկերությունների գործունեությանը:

Տեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքային զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի առաջին նիստը

001Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքային զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի առաջին նիստը, որին, օրենքով սահմանված կարգով համայնքի բնակչության մասնակցությունն ապահովելու նպատակով, մասնակցել են Երևանի ավագանու անդամներ, փորձագետներ, քաղաքապետարանի աշխատակազմի մասնագետներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ, համայնքի բնակիչներ:

Երևանի զարգացման 2014-2017թթ. քառամյա ծրագրի նախագծի վերաբերյալ օրակարգի առաջին հարցը ներկայացրել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը:

«Առաջարկված նախագծում ներկայացված են ինչպես նախորդ 4 տարիներին իրականացված ծրագրերի ամփոփ տվյալները, այնպես էլ ծրագրեր, որոնք առաջիկա 4 տարիների մեր գործունեության ուղենիշը պետք է լինեն»,- անդրադառնալով ներկայացված նախագծին՝ նշել է խորհրդի նախագահի տեղակալ, Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը: Խորհուրդը որոշել է տասնօրյա ժամկետ սահմանել նախագիծն առավել ամբողջական դարձնելու նպատակով առաջարկություններ ներկայացնելու համար, որից հետո, մինչև Երևանի ավագանու հաստատմանը ներկայացնելը, ծրագիրը նաև հանրային քննարկման կներկայացվի:

Ներկայացնելով օրակարգի երկրորդ՝ Երևան քաղաքի բյուջեի կազմման գործընթացի վերաբերյալ հարցը, Վահե Նիկոյանը խորհրդի անդամներին առաջարկել է ակտիվորեն ներգրավվել նաև բյուջեի ձևավորման գործընթացում և այս հարցի վերաբերյալ նույնպես առաջարկություններ ներկայացնել:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Քննարկվեցին կանանց առողջության խնդիրները

DSC03181 ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր ընդունեց Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ջոն  Բիլեզիկյանին և Լոս Անջելեսի Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտների ասոցիացիայի մի խումբ անդամների։ Այս մասին տեղեկացնում են ԱՆ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

«Ուրախ եմ, որ շարունակում եք Ձեր ծրագրերը Հայաստանում` ուշադրության կենտրոնում պահելով կանանց առողջության խնդիրները»,-ողջունելով  հյուրերին, ասաց նախարարը։

ԱՄՆ-ից ժամանած մասնագետները Դերենիկ Դումանյանի հետ  քննարկեցին թե՛ հերթական այցի շրջանակներում նախատեսվող միջոցառումները, թե՛ նախանշվող հետագա ծրագրերը Հայրենիքում։

Ամերիկահայ բժիշկները ելութներ կունենան Օստեոպորոզին նվիրված 7-րդ միջազգային գիտաժողովում և իրենց փորձը կհաղորդեն մեր մասնագետներին։ Կկազմակերպեն կանանց առողջությանը նվիրված կլոր սեղան, առողջության քայլարշավ, և մի շարք այլ միջոցառումներ։ ԵՊԲՀ-ի շրջանավարտների ասոցիացիայի ղեկավար Մարիամ Մանուկյանը կարևորեց «Առողջ ապագա» ակցիան, որի շրջանակներում ԱՄՆ-ից ժամանած մասնագետները հոկտեմբերի 13-ին Երևանի պետական բժշկական համալսարանի մեծ դահլիճի ճեմասրահում 50 տարեկանից բարձր 1000 և ավելի մարդկանց շրջանում անվճար հետազոտություններ և խորհրդատվություններ կիրականացնեն դիաբետի, բարձր զարկերակային ճնշման, օստեոպորոզի և այլ հիվանդությունների ախտորոշման ուղղությամբ։

«Մենք ևս չափազանց կարևորում ենք ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելումն ու վաղ հայտնաբերումը։ Այդ ուղղությամբ  2014 թվականին մեծ ծրագրեր են նախատեսվել։  Համաշխարհային բանկի դրամաշնորհով ամենից տարածված և ամենաբարձր մահացություն բերող երեք հիվանդությունների` սրտանոթային, դիաբետիկ և արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերման ուղղությամբ մեծածավալ` ազգաբնակչության 50 տոկոս ընդգրկվածությամբ, սկրինինգ ծրագրեր կիրականացվեն։ Այժմ նախապատրաստական փուլում ենք` թիրախային խմբերը և  առաջնային օղակի բուժհիմնարկների գործիքային ապահովվածությունն է ճշտվում և այլ աշխատանքներ են տարվում, որպեսզի միջոցները հնարավորինս արդյունավետ ծախսվեն»,-ասաց նախարար Դումանյանը։

Որոշվեց «Առողջ ապագա» ակցիայի արդյունքները քննարկել նախարարության սկրինինգային ծրագիրը նախապատրաստող խմբի  հետ։

Ջոն  Բիլեզիկյանն իր գոհունակությունը հայտնեց այն առթիվ, որ  իրենց կողմից Հայաստան բերված ոսկրի խտությունը որոշող 6 սարքը (դենսիտոմետր) հաջողությամբ կիրառվում են թե՛ Հայաստանում, թե՛ Լեռնային Ղարաբաղում։ Նաև տեղեկացրեց, որ անհարժեշտության դեպքում առաջիկայում ևս կարող են Հայաստանի համար նման սարքեր ձեռք բերել։ Քննարկվեցին հետագա համագործակցությունն առավել համակարգված և արդյունավետ դարձնելու հարցեր։

Նախարար Դումանյանն իր հյուրերին նաև ներկայացրեց ոլորտում իրականացվող բարեփոխումներն ու առաջիկա ծրագրերը։

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Ռիգայի քաղաքային խորհրդի նախագահ Նիլ Ուշակովի հետ

001Էրեբունի-Երևան 2795-ամյակի տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող Ռիգայի քաղաքային խորհրդի նախագահ Նիլ Ուշակովի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը հանդիպել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանը:

Ողջունելով հյուրերին` Երևանի քաղաքապետը նախ շնորհակալություն է հայտնել նրանց հրավերն ընդունելու և Երևանի տոնին մասնակցելու համար, ընդգծելով, որ Երևանի ու Ռիգայի միջև ձևավորված բարեկամական ջերմ հարաբերությունները, որոնք այս տարվա հուլիսին կնքված եղբայրացման մասին համաձայնագրով էլ ավելի ամրապնդվեցին, արդեն իսկ լավ հիմք են նախատեսված ծրագրերը կյանքի կոչելու համար. «Երևանի և Ռիգայի միջև բարեկամական և գործընկերային հարաբերությունների զարգացումը հիմնված է մեր երկրների և ժողովուրդների բարեկամության վրա, որի ապացույցն է վերջին տարիներին հաճախակի դարձած երկկողմ այցերը: Վստահ եմ, որ մենք կկարողանանք կյանքի կոչել Ռիգայում ստորագրված եղբայրացման մասին համաձայնագրով նախատեսված բոլոր կետերը և իրականացնել տարբեր ծրագրեր ի բարօրություն մեր մայրաքաղաքների: Հուսով եմ, որ հերթական Ձեր այս այցից ևս տպավորված կվերադառնաք Ռիգա»,- նշել է Տարոն Մարգարյանը։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Ռիգայի քաղաքային խորհրդի նախագահ Նիլ Ուշակովը նախ շնորհավորել է Տարոն Մարգարյանին Երևանի տոնի կապակցությամբ, ապա ընդգծել, որ երկու մայրաքաղաքների միջև առկա ջերմ հարաբերություններն անպայման կունենան փոխշահավետ զարգացումներ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում. «Երևանում, ինչպես միշտ, ընդունելությունն իսկապես ջերմ է և յուրաքանչյուր անգամ ես այստեղից հեռանում եմ հրաշալի տպավորություններով: Հենց երկու մայրաքաղաքների միջև ձևավորված այս ջերմ ու բարեկամական հարաբերությունների արդյունքում է, որ մեր համագործակցությունն իսկապես համարում եմ հաջողված»,- նշել է Ռիգայի քաղաքային խորհրդի նախագահը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

«Երևան բրենդ» ծրագրի հերթական նախագիծն է իրականացվել

001Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը մասնակցել է Երևանի բրենդի կոնցեպտի և վիզուալ հիմքերի շնորհանդես-ասուլիսին, որը «Երևան բրենդ» ծրագրի՝ մայրաքաղաքի բրենդի հեռանկարային զարգացմանն ուղղված նախագծերից հերթականն է։ Հայաստանցի ու արտերկրից ժամանած մասնագետներից բաղկացած աշխատանքային խումբը ներկայացրել է կատարած բազմաթիվ հետազոտությունների արդյունքում դուրս բերված և մշակված Երևանի տարածքային բրենդի, ինչպես նաև Երևան քաղաքի վիզուալ ոճի միասնական  կոնցեպտները, որոնք հիմք են ծառայելու քաղաքի ձևավորման հետագա քայլերի համար։  Ծրագիրը միտված է աշխարհում Երևանը հավաք խորհրդանիշով ճանաչելի դարձնելուն։ Ամիսների աշխատանքի արդյունքում արդեն հստակեցրել են մոտեցումները, մշակել են բրենդի տառատեսակը։

«Գաղափարական իմաստն արդեն հստակ է։ Իհարկե, կա դեռ շատ աշխատանք՝ ամբողջացնելու արդյունքը։ Բազմաթիվ մարդիկ են մասնակցում պրոցեսին, մասնագետներից բացի, հետաքրքրված են նաև պարզապես քաղաքացիներ։ Սոցցանցերում ևս քննարկվում է, բազմազան կարծիքներ ենք լսում, ինչը շատ արդյունավետ է։ Կարծում եմ՝ կստանանք այն, ինչը հոգեհարազատ կլինի, համոզիչ կլինի մեծամասնության համար»,- նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։

Աշխատանքային խմբի մասնակից բրիտանացի փորձագետ Ալեքսանդր Գրանդն ընդգծել է, որ նախնական այս արդյունքը 125 կարծիքներից զտված ռացիոնալ-օգտակարն է։

«Երևանը հին քաղաք է, Հռոմից էլ հին, բայց ամենակարևորը ոչ թե հնությունն է, այլ հարատևությունը։ Այստեղ ծնվել է մարդկությունը, քաղաքակրթությունը, այստեղ ամեն ինչ արվում է խորությամբ. հենց դա էլ բնորոշում է Երևանի էությունը»,- նշել է բրիտանացի փորձագետը։

«Երևան բրենդ» ծրագրի հաջորդ նախագիծը աշխատանքային խումբը նախատեսել է ներկայացնել մեկ ամսվա ընթացքում։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Երևանը և Ստավրոպոլը ստորագրել են եղբայրացման համաձայնագիր

003Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Էրեբունի-Երևան 2795» տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երևան ժամանած ՌԴ Ստավրոպոլի քաղաքապետ Գեորգի Կոլյագինի հետ:

Այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Ստավրոպոլի քաղաքապետ Գեորգի Կոլյագինը ստորագրել են եղբայրացման մասին համաձայնագիր, ըստ որի՝ կողմերը պարտավորվել են ամրապնդել և զարգացնել բարեկամական հարաբերությունները երկու մայրաքաղաքների միջև: Ըստ այդմ, համագործակցություն կծավալվի քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում, այդ թվում՝ տեղական ինքակառավարման, փորձի փոխանակման, քաղաքային ծառայությունների կառավարման, ինչպես նաև մի շարք այլ ուղղություններով:

Կարևորելով երկկողմ կապերի զարգացումն ու ընդլայնումը Երևանի և Ստավրոպոլի միջև, քաղաքապետ Տարոն Մարգարյանը ընդգծել է, որ ստորագրված համաձայնագիրը խթան կհանդիսանա երկու քաղաքների միջև բարեկամությունն առավել ամրապնդելու և այն նոր հիմքերի վրա դնելու համար. «Վստահ եմ, որ ստորագրված եղբայրացման մասին համաձայնագիրը, որով Երևանը և Ստավրոպոլը հռչակվեցին քույր-քաղաքներ, արդյունավետ ծրագրային համագործակցության սկիզբ կդնի»,- ընդգծել է Երևանի քաղաքապետը:

Ստավրոպոլի քաղաքապետ Գեորգի Կոլյագինն էլ իր հերթին նախ շնորհավորել է Տարոն Մարգարյանին Երևանի օրվա կապակցությամբ և ընդգծել, որ համագործակցության լայն հնարավորություններ և հեռանկարներ կան ինչպես տեղական ինքնակառավարման ոլորտում փորձի փոխանակման, այնպես էլ քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում. «Եղբայրացման համաձայնագիրն առավել քան պարտավորեցնող է և ես վստահ եմ, որ առաջիկայում արդեն երկու քաղաքների միջև համագործակցությունը գործնական փուլ կթևակոխի»,- նշել է Գեորգի Կոլյագինը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

Մայրաքաղաք ժամանած պաշտոնական պատվիրակություններն այցելել են Ծիծեռնակաբերդ

003«Էրեբունի-Երևան-2795»  տոնակատարություններին  և Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների մայրաքաղաքների միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Երևան ժամանած 17 երկրների 31 պատվիրակությունների անդամները Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` իրենց հարգանքի տուրքը մատուցելու  Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Պատվիրակության անդամները եղել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, գրառումներ կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

Դեսպան Սեյրանյանը հանդիպել է Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Կարդինալ Դոմինիկ Դուկայի հետ

565.Ambassador Seyranyan's meeting with Cardinal Dominik Duka 11.10.2013Հոկտեմբերի 10-ին Չեխիայում եւ Սլովակիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանն այցելեց Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդարան, ուր հանդիպում ունեցավ Պրահայի արքեպիսկոպոս, Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Կարդինալ Դոմինիկ Դուկայի հետ:

Զրուցակիցներն անդրադարձան հայ-չեխական մշակութային եւ եկեղեցական առնչություններին, քննարկեցին Հայ առաքելական եկեղեցու եւ Չեխիայի կաթոլիկ եկեղեցու գործակցության հեռանկարները, խոսեցին համատեղ մշակութային ծրագրեր իրականացնելու հնարավորության մասին:

Հանդիպման ընթացքում արծարծվեցին հայ համայնքին վերաբերող հարցեր, մասնավորապես մայրաքաղաք Պրահայում հայկական եկեղեցի կառուցելու հնարավորությունը: Կարդինալ Դոմինիկ Դուկան պատրաստակամություն հայտնեց հնարավոր օժանդակություն ցուցաբերել չեխահայերին:

Վարչապետը կմեկնի Մոսկվա

Տիգրան ՍարգսյանՎարչապետ Տիգրան Սարգսյանը հոկտեմբերի 11-ին աշխատանքային այցով կգտնվի Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում:
Այցի շրջանակում ՀՀ կառավարության ղեկավարը հանդիպում կունենա Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի առաջին տեղակալ Իգոր Շուվալովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի հետ:

Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչում շնորհելու մասին

 

հրամանագիր

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ.

Հայկական ֆուտբոլի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի և ձեռք բերած ակնառու նվաճումների համար Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի վետերաններ Արկադի Գեորգիի ԱՆԴՐԻԱՍՅԱՆԻՆ և Էդուարդ Արտյոմի ՄԱՐԿԱՐՈՎԻՆ շնորհել Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչում:

2013-10-10

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրելու մասին

հրամանագիր

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.

Հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ձեռք բերած փայլուն նվաճումների համար Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի վետերաններին պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով՝

Ալյոշա Վարոսի ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ
Սերգեյ Նիկոլայի ԲՈՆԴԱՐԵՆԿՈՅԻՆ
Հովհաննես Հարությունի ԶԱՆԱԶԱՆՅԱՆԻՆ
Լևոն Հարությունի ԻՇՏՈՅԱՆԻՆ
Արկադի Ավետիսի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ
Նիկոլայ Անդրեյի ՂԱԶԱՐՅԱՆԻՆ
Սուրիկ Լևոնի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ
Նորիկ Հապետնակի ՄԵՍՐՈՊՅԱՆԻՆ
Նազար Սամվելի ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
Սերգեյ Լազրի ՊՈՂՈՍՅԱՆԻՆ
Արմենակ Վլադիմիրի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Նիկիտա Պավելի ՍԻՄՈՆՅԱՆԻՆ:

Նախագահը մասնակցել է հայկական ֆուտբոլի լեգենդար թիմի՝ «Արարատ-73»-ի մեծարման երեկոյին,լուսանկարներ

4178

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է հայկական ֆուտբոլի լեգենդար թիմի՝ «Արարատ-73»-ի մեծարման երեկոյին: 1973 թվականին մեկ խաղաշրջանի ընթացքում ԽՍՀՄ չեմպիոնի և ԽՍՀՄ գավաթակրի տիտղոսները նվաճած թիմի փառավոր հաղթանակի 40-ամյակի առթիվ կազմակերպված երեկոյի ժամանակ Հանրապետության Նախագահը Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի վետերաններին՝ հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ձեռք բերած փայլուն նվաճումների համար, պարգևատրել է պետական բարձր պարգևներով, շնորհել պատվավոր կոչումներ:

4164Սերժ Սարգսյանը շնորհավորել է պարգևատրվածներին՝ իր ողջույնի խոսքում ընդգծելով, որ «Արարատ»-ը ոչ միայն 1973 թվականի, այլ ընդհանրապես 70-ականների մեր ժողովրդի մեծագույն նվաճումներից մեկն է: ««Արարատ»-ի փառահեղ հաղթանակները մեր ժողովուրդը համարում է ոչ միայն այդ կանաչ գորգի վրա մրցապայքարում տարած հաղթանակ, այլ որպես իր հավաքական արժանիքների արձանագրում: «Արարատ»-ը մեր ազգային հպարտությունն էր, ազգային արժանապատվությունը: Իհարկե, «Արարատ»-ը զուտ միայն ֆուտբոլ չէր խաղում. տղաները ֆուտբոլ էին խաղում, բայց դա նաև քաղաքականություն էր: Ինչպես բոլորիս հայտնի է, ցավոք, խորհրդային տարիներին Հայաստանը չէր կարողանում լիարժեքորեն ներկայանալ միջազգային հարթակներում, և «Արարատ»-ն իր ֆուտբոլային հաղթանակներով Հայաստանը դուրս էր բերում միջազգային ասպարեզ, Հայաստանը և հայերին դարձնում էր է՛լ ավելի ճանաչելի: «Արարատ»-ի հաղթանակները, «Արարատ»-ի կրկնակի հաջողությունները ես միշտ համեմատում եմ այն մեծ սխրանքի հետ, որ կատարեց Տիգրան Պետրոսյանը. Տիգրան Պետրոսյանը, դառնալով աշխարհի չեմպիոն, յուրաքանչյուր հայ ընտանիքում շախմատ խաղալ սովորեցրեց կամ գոնե՝ շախմատ սիրել, նույնը՝ տղաները: Եվ այսօրվա մեր հավաքականի խաղը ևս արդյունք է «Արարատ»-ի այն ժամանակվա հաղթանակների: «Արարատ»-ը ոգևորություն մտցրեց Հայաստանում, հայ ժողովրդի մեջ, և յուրաքանչյուր հայ, որտեղ էլ որ ապրում էր՝ Հայաստանում, Հայաստանից դուրս, շատ հպարտ էր իրեն զգում:

Ես շատ լավ հիշում եմ 73 թվականը, ես այն ժամանակ ծառայել եմ խորհրդային բանակում՝ հեռավոր Ուրալում: Նույնիսկ հիմա եմ հուզվում, ինձ թվում էր, թե ամբողջ գունդն ինձ է նայում, և բոլորը մատնացույց էին անում, ասում էին՝ տեսեք այս մարդու հայրենակիցներն են, որ այս սխրանքը կատարեցին: Պարզ է, որ Հայաստանում տոնախմբություն էր: Ես մի առիթով ասել եմ, որ մեր ժողովուրդը վերջին 50-60 տարիների ընթացքում, երևի, մի քանի անգամ է սրտանց ուրախացել: Թերևս, առաջին առիթը Հայրենական պատերազմում հաղթանակն է՝ Մայիսի 9-ը, այնուհետև Տիգրան Պետրոսյանի հաղթանակը, «Արարատ-73»-ի և մեկ էլ մեր ժամանակներում դա կարելի է համեմատել Շուշիի հաղթանակի հետ, երբ ժողովուրդն ինքնաբուխ դուրս էր եկել փողոցներ և ուրախանում էր իր զավակների մեծագույն հաղթանակով»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

70-ականների ոգևորության մասին խոսելիս Նախագահը հիշել է, թե ինչպես էր յուրաքանչյուր երեխա փորձում իրեն նմանեցնել «Արարատ-73»-ի հերոսներից մեկին:

Սերժ Սարգսյանի համոզմամբ, «Արարատ»-ը իր որոշակի ազդեցությունն ունի նաև Հայաստանի այսօրվա հավաքականի վրա, որը, Նախագահի գնահատականով, հանդիսանում է նախկին Խորհրդային միության երկրների լավագույն հավաքականներից մեկը: Հանրապետության Նախագահը հորդորել է, որպեսզի յուրաքանչյուր հայ, որտեղ էլ գտնվի, սատարի մեր ֆուտբոլի հավաքականին, որովհետև, ըստ նրա, դա զուտ միայն հաղթանակ չէ սպորտային բնագավառում՝ դա շատ ավելին է, քան պարզապես հաղթանակը:

Նախագահը իր և ամբողջ հայ ժողովրդի անունից շնորհակալություն է հայտնել «Արարատ-73»-ի վետերաններին, մաղթել առողջություն և ցանկացել, որ նրանք միշտ լինեն մեր հավաքականի, մեր ֆուտբոլիստների կողքին:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) կազմակերպած մեծարման երեկոյի ժամանակ «Արարատ-73»-ի վետերաններին ողջունել և փառահեղ հաղթանակի հոբելյանի առթիվ շնորհավորել են նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը և Հայաստանի Ֆուտբոլի ազգային հավաքականը՝ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հետ միասին:

Նախարար Յուրի Վարդանյանը «Արարատ-73»-ի մի շարք ֆուտբոլիստների շնորհել է ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետի, ինչպես նաև Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատողի կոչումներ, պարգևատրել՝ նախարարության Ոսկե մեդալով և հուշամեդալով: ՀՖՖ նախագահը թիմի բոլոր վետերաններին հանձնել է դրամական պարգևներ:

Մ. Սարգսյանին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու մասին

հրամանագիր

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով ՝ որոշում եմ.

1. Մնացական ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

2013-10-10

Նախագահն ընդունել է Լիտվայի խորհրդարանի փոխխոսնակ Գեդիմինաս Կիրկիլասին

 

 4156_bՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լիտվայի խորհրդարանի փոխխոսնակ Գեդիմինաս Կիրկիլասին:

Հանրապետության Նախագահը նշել է, որ Հայաստանը կարևորում է Լիտվայի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով համագործակցությունը:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին, Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային խնդիրներին և մարտահրավերներին:

Փոխվարչապետը ներկայացրեց Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանին

Արամայիս ԳրիգորյանՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Արարատի մարզպետարանի աշխատակազմին, մարզային կառույցների ու համայնքների ղեկավարներին ներկայացրեց նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանին:

Ա. Գեւորգյանը շնորհակալություն հայտնեց նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանին` համատեղ աշխատանքի համար:

Փոխվարչապետը նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանին հաջողություններ մաղթեց հետագա գործունեության մեջ` նկատելով, որ նա ունի թե օրենսդիր, թե գործադիր մարմիններում աշխատանքի փորձ, ինչպես նաեւ լավ ծանոթ է մարզի խնդիրներին:

Փոխվարչապետը վստահություն հայտնեց, որ մարզպետի փորձն ու հմտություններն օգտակար կլինեն տարածքային կառավարման ոլորտում աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար: Նա կարեւորեց մարզում իրականացվող տարբեր ծրագրերի պատշաճ մակարդակով իրականացումը` ընդգծելով դրանց նշանակությունը մարզի սոցիալ-տնտեսական զարգացման համար:

Հասարակայնության հետ կապերի բաժին 

ՀՀ վարչապետի ցավակցական ուղերձը ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարթենսի մահվան կապակցությամբ

Տիգրան ՍարգսյանՎարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահությանը` ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարթենսի մահվան կապակցությամբ, որում ասված է.
«Հարգելի ԵԺԿ անդամներ,
Մեծագույն վշտով տեղեկացանք ԵԺԿ նախագահ պարոն Վիլֆրիդ Մարթենսի անժամանակ մահվան մասին: Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություններս և կարեկցանքս եմ հայտնում այս անդառնալի կորստի կապակցությամբ:
Անգնահատելի է պարոն Մարթենսի ներդրումը Եվրոպայի քաղաքական միասնության, ինչպես նաև եվրոպական արժեքների տարածման գործում:
Հայաստանը բարձր է գնահատում պարոն Մարթենսի անձնական ավանդը «Արևելյան գործընկերություն» նախաձեռնության կայացման և առաջմղման հարցում:
Հիշարժան է նաև պարոն Մարթենսի անձնական նվիրումը Հայաստանի մերձեցմանը եվրոպական արժեհամակարգին և քաղաքական ընտանիքին: Նրա ջանքերի շնորհիվ էր, որ Հայաստանի երեք կուսակցություններ դարձան ԵԺԿ անդամ:
Պարոն Մարթենսի հիշատակը միշտ վառ կմնա մեր հիշողություններում»:

Նախագահը ցավակցական հեռագիր է հղել ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսի մահվան կապակցությամբ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսի ընտանիքին, մտերիմներին և ԵԺԿ համայնքի բոլոր անդամներին՝ Վիլֆրիդ Մարտենսի մահվան կապակցությամբ: Սերժ Սարգսյանը զորակցություն է հայտնել պարոն Մարտենսի ընտանիքին և մտերիմներին, իսկ ԵԺԿ համայնքի անդամներին մաղթել տոկունություն և ոգու արիություն:

«Վիլֆրիդ Մարտենսն անուրանալի ավանդ ունի Եվրոպայի ամենամեծ քաղաքական ընտանիքի՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցության հիմնադրման, կայացման և բազում հաջողությունների հարցում:

Բարձր ենք գնահատում Վիլֆրիդ Մարտենսի ներդրումը և համակողմանի աջակցությունը Հայաստանի՝ եվրոպական մերձեցման գործընթացում: Մասնավորապես, անուրանալի են պարոն Մարտենսի հետևողական ջանքերը համաեվրոպական մեծ ժողովրդականություն վայելող Եվրոպայի ժողովրդական կուսակցությանը Հայաստանի հանրապետական կուսակցության, ինչպես նաև հայաստանյան երկու այլ քաղաքական կուսակցությունների անդամակցության գործում:

Հարազատ դարձած քաղաքական գործիչ Վիլֆրիդ Մարտենսի անունը մեկընդմիշտ կմնա Հայաստանի և հայ ժողովրդի բարեկամների շարքում»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Թուրքմենստանի նորանշանակ դեսպանը

4154Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գուրբաննազար Նազարովը:

Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին և հաջողություններ մաղթել երկու բարեկամ պետությունների միջև հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործում:

Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են խոսել վերջին տարիներին հաճախակի դարձած հայ-թուրքմենական տարբեր մակարդակի փոխայցելությունների և դրանց արդյունքում միջպետական հարաբերություններում նկատելի աշխուժության մասին: Այդ համատեքստում Թուրքմենստանի դեսպանը կարևորել է ՀՀ Նախագահի հրավերով անցած տարի Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի պաշտոնական այցը Հայաստան և երկու երկրների նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ հետևողական աշխատանքը:

Դեսպան Նազարովը վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում ջանք չի խնայի առավել խորացնելու և նոր թափ հաղորդելու հայ-թուրքմենական քաղաքական երկխոսությանն ու տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցությանը:

 

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Լիտվայի խորհրդարանի փոխխոսնակին

562. Minister Nalbandian met with Deputy Speaker of Lithuanian parliament 10.10.2013Հոկտեմբերի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Լիտվայի խորհրդարանի փոխխոսնակ Գեդիմինաս Կիրկիլասին:

Ողջունելով հյուրին՝ արտգործնախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց վերջին տարիներին դինամիկ կերպով զարգացող հայ-լիտվական հարաբերությունների կապակցությամբ: Նա հատկապես կարևորեց երկու երկրների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և զարգացող հումանիտար կապերը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Լիտվայի խորհրդարանի փոխխոսնակն ասաց, որ Լիտվան շահագրգռված է Հայաստանի հետ բազմաբնույթ հարաբերությունների, այդ թվում` միջխորհրդարանական փոխգործակցության  զարգացմամբ ու ամրապնդմամբ:

Անդրադարձ կատարվեց Հայաստան-ԵՄ համագործակցությանը, Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին: Այս համատեքստում նախարար Նալբանդյանը անդրադարձավ մեկ ամիս առաջ Վիլնյուս կատարած իր այցելությանը և լիտվացի գործընկերոջ՝                Լինաս Լինկյավիչուսի հետ հանդիպմանը, որի ընթացքում նախարարները համամիտ էին, որ hարկավոր է առաջ մղել Հայաստան  – Եվրոպական Միություն հարաբերությունները՝ հիմնվելով վերջին տարիներին համատեղ արձանագրած ձեռքբերումների վրա։