Նախագահ Սերժ Սարգսյանին ՀՀ Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ Նախագահ Բարաք Օբաման

 

Բարաք Օբամա

 «Հարգելի պարոն Նախագահ,

Բոլոր ամերիկացիների անունից շնորհավորում եմ Ձեզ և Հայաստանի ժողովրդին սեպտեմբերի 21-ին նշվող Հայաստանի անկախության 22-րդ տարեդարձի առթիվ:

Միացյալ Նահանգները մեծապես կարևորում է Հայաստանի հետ հարատև հարաբերությունները և դարձել է ավելի հզոր երկիր շնորհիվ միլիոնավոր ամերիկացների, ովքեր հպարտությամբ են հիշում, որ ձեր երկիրն իրենց նախնիների երկիրն է: Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև փոխադարձ սիրո և հարգանքի կապերն ինչպես միշտ հզոր են, և մենք հետամուտ ենք լինելու գալիք տարիների ընթացքում էլ ավելի զարգացնելու մեր համագործակցությունը»,- ասված է ԱՄՆ Նախագահի շնորհավորական ուղերձում:

 

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Սոչի

 

սերժ սարգսյան

 Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 23-ին աշխատանքային այցով կմեկնի Սոչի՝ մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդի հերթական նստաշրջանին:

Նստաշրջանի նախատեսվում է քննարկել oրակարգում ընդգրկված մեկ տասնյակից ավելի հարցեր, այդ թվում՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի դաշնակցային փոխգործակցության հետագա ամրապնդման ու կատարելագործման, նախորդ նստաշրջանում ընդունված որոշումների ընթացքի, ռազմական բաղադրիչի զարգացման, մասնավորապես՝ ՀԱՊԿ ավիացիոն ուժերի ստեղծման հնարավորությունների և ՀԱՊԿ հավաքական ուժերի կառավարման մեխանիզմների վերաբերյալ:

Եգիպտոսի Նախագահի շնորհավորանքը ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ

511. Chamberlain of the presidency  21.09.2013Հայաստանի Հանրապետության Անկախության 22-ամյակի կապակցությամբ սեպտեմբերի 21-ին Կահիրեում ՀՀ դեսպանություն է այցելել ԵԱՀ անցումային շրջանի Նախագահ Ադլի Մանսուրի անձնական ներկայացուցիչ Ահմադ Մենիսին, ով Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանին է փոխանցել երկրի ղեկավարի ջերմագին շնորհավորանքները եւ բարեմաղթանքները` ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ բարեկամ հայ ժողովրդին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակություն են արտահայտել հայ-եգիպտական ջերմ հարաբերությունների ներկա մակարդակից` նշելով, որ դրանց հիմքում ընկած են երկու ժողովուրդների ավանդական բարեկամությունն ու փոխադարձ հարգանքը:

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Անկախության տոնի առթիվ

 

Սերժ Սարգսյան

 Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձի առթիվ այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրավիրել է տոնական ընդունելություն: Հանրապետության ղեկավարը ընդունելության ժամանակ շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ:

 


***
Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Անկախության տոնի առթիվ

Վեհափա՛ռ Տեր,
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեծարգո՛ Նախագահ,
Սիրելի՛ հայրենակիցներ,
Հարգարժա՛ն հյուրեր,
Տիկնա՛յք և պարոնա՛յ ք,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Անկախության տոնի կապակցությամբ:

Արդեն քսաներկու տարի մենք շարժվում ենք մի նոր ճանապարհով, որը հաճախ նեղ է ու քարքարոտ մեր լեռնային կածանների պես: Մենք քայլում ենք զգույշ ու շրջահայաց, որովհետև մեծ պատասխանատվություն ունենք մեր ուսերին: Սա Երվանդունիների ու Արտաշեսյանների Հայաստանն է, սա Արշակունիների և Բագրատունիների Հայաստանն է, սա նախորդ դարասկզբի Հայաստանի Հանրապետությունն է, որ արդեն մտել է Քրիստոսից հետո երրորդ հազարամյակ:

Վերելքներով ու վայրէջքներով լի է մեր ուղին, բայց դա մե՛ր ուղին է: Աջից ու, ձախից պաշարված ենք. երբեմն՝ խրոխտ, երբեմն՝ նեղսրտած, բայց հաստատ դեպի լույսն ենք գնում: Եվ հետ ենք բերելու բոլոր նրանց, ում չկարողացանք այս ընթացքում պահել մեր կողքին: Վերականգնելու ենք բոլոր կորուստներն ու անցյալում ենք թողնելու բոլոր զրկանքները: Հետ ենք նայելու և հպարտորեն արձանագրելու ենք, որ միասին նրբորեն անցանք միակ հնարավոր նեղ կածանով: Անկասկած:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մեր ժողովուրդը շատ երկար է ստիպված եղել լուծել ոչ թե զարգացման, այլ առաջին հերթին՝ գոյատևման խնդիրներ: Այսօր առաջադրանքը փոխված է. այժմ մենք կյանքի ենք կոչում Հայոց պետության ամրապնդման ու զարգացման ծրագրեր: Անշուշտ, անվտանգությունը թիվ մեկ առաջնահերթությունն է աշխարհում բոլորի համար, և մենք բացառություն չենք: Անվտանգության հարցերը միշտ լինելու են մեր առաջնային ուշադրության կենտրոնում, ինչպես որ այսօր են: Մենք անընդհատ ուղիներ ենք փնտրում վերելքի նոր լիցք հաղորդելու մեր տնտեսությանը: Արդյունքներ էլ ունենք: Հնարավորինի սահմանը ընդլայնելու նպատակներ ենք դնում, որպեսզի հստակ պարբերականությամբ ամեն տարի աշխատավարձ ու կենսաթոշակ կարողանանք բարձրացնել: Սրան զուգահեռ իրականացնում ենք բարեփոխումներ, որոնք հետևողականորեն զարգացում են ապահովում ժողովրդավարության խորացման, արդյունավետ կառավարման, իրավունքի գերակայության ապահովման և մնացած բոլոր ուղղություններով: Մեր քաղաքականությունը այս նպատակներին է միտված:

Հայաստանի իշխանությունների, ինչպես նաև հասարակության կեցվածքը շատ հստակ է: Մենք կուշտ ենք պատերազմներից, ցնցումներից, կտրուկ շրջադարձերից և արկածախնդրություններից: Մեզ անհրաժեշտ է հուսալի պաշտպանություն, խաղաղ աշխատանք և կայուն զարգացում: Մենք հենց դա ենք անում: Գուցե դանդաղում ենք, գուցե սխալներ ենք անում, բայց հաստատ՝ ոչ ամենակարևորում և հաստատ ոչ ճակատագրական:
Հայոց պետություն նշանակում է հայոց երազանքի իրականացում: Ահա այսօրվա տոնի մեծագույն խորհուրդը: 1991 թվականին անկախության վերականգնմամբ իրողություն դարձավ մեր ժողովրդի դարավոր երազանքը: Սփյուռքի մեր քույրերն ու եղբայրները, և առաջին հերթին՝ Հայաստանի քաղաքացիներն են սնուցիչն ու բաղկացուցիչը իրականություն դարձած սեփական երազանքի: Արդյո՞ք ներկա աշխարհում մենք ի զորու ենք նոր բարձունքների հասցնել ի կատար ածված մեր երազանքը: Այո՛, եթե չգերագնահատենք և չթերագնահատենք մեր ուժերը: Լեռնային արահետով անցնողի համար պարտադիր է ճանապարհի բոլոր հատվածների կանխավ ճիշտ գնահատելը:

Երվանդունիների Հայաստանը և Արտաշեսյանների Հայաստանը հայոց երազանք էին: Այսօր բոլորովին այլ է վիճակը, և մենք այլ երկիր ունենք: Սա նոր իրողություն է, որը մեր ժողովուրդը սկսել է կառուցել պատերազմելով ու պաշտպանվելով, բայց և հենվելով Խորհրդային Հայաստանից ստացած ծանրակշիռ ժառանգության վրա: Հետադարձ հայացքը հստակ ցույց է տալիս, թե ինչ հսկա ճանապարհ ենք անցել և ինչ հսկա վտանգներ ենք շրջանցել: Նաև համոզմունք է ներշնչում, որ մենք կարող ենք ավելի արագ շարունակել մեր ընթացքը: Հայ ժողովրդի յուրաքանչյուր զավակ իր դերակատարությունն ունի այս գործում: Եթե դեռ որևէ մեկը չգիտի այդ մասին, ապա ժամանակն է, որ իմանա:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Անկախությունը միաժամանակ նպատակ է և կենսակերպ: Այն պիտի նվաճել ամեն օր` յուրաքանչյուր րոպե ապրելով, որոշումներ ընդունելով ու կատարելով դրանք որպես անկախ Հայաստանի ազատ քաղաքացի: Մենք ապրում ենք ազատ երկրում, և ամեն ինչ կարող ենք քննարկման առարկա դարձնել: Մի բան, սակայն, կա և անփոփոխ է ցանկացած իրավիճակում. դա Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն է: Իրականացված երազ և պարտավորություն, որ միշտ մեզ հետ է: Տոն, որ ժառանգել ենք մեր հերոսների արյան գնով, և պարտավորություն, որ պիտի փոխանցենք մեր թոռներին:

Կրկին շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին և համայն հայությանը: Մաղթում եմ բոլորիս խաղաղ աշխատանք՝ ի բարօրություն մեր ընտանիքների և մեր երկրի: Մաղթում եմ, որ մեր ուժերը ճիշտ բաշխենք մեր ճանապարհի տարբեր ոլորաններում և հաջողությամբ պսակենք մեր իղձերն ու ծրագրերը: Դրանց բոլորի հանրագումարն է հենց, որ կոչվում է Հայաստանի Հանրապետություն:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:
Փա՛ռք հայ ժողովրդին:

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորանքներ է ստանում ՀՀ Անկախության տոնի առթիվ

անկախության  տարեդարձՀայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի, հոգևոր դասի ներկայացուցիչներից, անհատներից:
Հանրապետության նախագահին տոնի առթիվ շնորհավորել է Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը:

ՌԴ Նախագահի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի Սերժ Ազատի,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ազգային տոնի՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ:

Ձեր երկիրը նշանակալի հաջողությունների է հասել սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական և մշակութային զարգացման արդիական հարցերի լուծման գործում: Աճում է Հայաստանի հեղինակությունը միջազգային ասպարեզում:

Պատմական խորը արմատներ ունեցող ռուս-հայկական հարաբերություններն այսօր հասել են դաշնակցային գործընկերության մակարդակին և շարունակում են ակտիվորեն զարգանալ: Դա, մասնավորապես, հաստատեցին Մոսկվա Ձեր վերջերս կատարած այցի արդյունքները:

Վստահ եմ, որ մենք համատեղ ջանքերով կապահովենք երկկողմ հարաբերությունների ամբողջ համալիրի հետագա ամրապնդումը, կառուցողական փոխգործակցության ընդլայնումը տարբեր բազմակողմ ձևաչափերում, այդ թվում՝ Մաքսային միությանը Հայաստանի միանալու համատեքստում:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարօրություն և նոր հաջողություններ, իսկ Ձեր հայրենակիցներին՝ երջանկություն և բարգավաճում»:

 

Հանրապետության Նախագահին շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդը:

«Պարոն Նախագահ,

Հայաստանի Հանրապետության ազգային տոնի առթիվ Ձեզ և ողջ հայ ժողովրդին եմ հղում երջանկության և հաջողության բարեմաղթանքներս:

Անկախությունից ի վեր Հայաստանը հաջողությամբ առաջ է ընթացել բարգավաճման և ժողովրդավարության ուղիով, շնորհիվ, մասնավորապես, Եվրամիության հետ իր վարած երկխոսության շրջանակներում իրականացված խիզախ բարեփոխումների: Ցանկանում եմ վերահաստատել Ֆրանսիայի լիակատար աջակցությունն այդ ձեռնարկի շարունակմանը:

Ինչպես գիտեք, ես անձնապես մեծ կարևորություն եմ տալիս Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա բարեկամական հարաբերություններին և համագործակցությանը: Ցանկանում եմ այդ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ Ձեզ հետ միասին շարունակել աշխատանքն առավել որոշակի կերպով, հատկապես տնտեսական ոլորտում:

Թույլ տվեք ընդգծել նաև այն կարևորությունը, որ Ֆրանսիան՝ որպես Մինսկի խմբի համանախագահ, տալիս է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունների առաջընթացին:

Ուրախ եմ առաջիկայում Փարիզում Ձեզ հյուրընկալելու` այս թեմաները համատեղ քննարկելու նպատակով:

Ընդունեք խնդրեմ, պարոն Նախագահ, հարգանքներիս գերագույն հավաստիքը»,-ասված է Ֆրանսիայի Նախագահի շնորհավորական ուղերձում:

Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանին և բարեկամ Հայաստանի ժողովրդին Չինաստանի կառավարության, ժողովրդի և անձամբ իր անունից սրտանց շնորհավորանքներ և լավագույն մաղթանքներ է հղել ՉԺՀ Նախագահ Սի Ծինփինը:

«Որպես Հայաստանի մեծ բարեկամ և գործընկեր, չինական կողմն ուրախ է, որ այսօր Ձեր ղեկավարությամբ հայ ժողովուրդն իր ջանքերով մեծ հաջողությունների է հասել պետականաշինության մեծ գործում: Մենք անկեղծորեն Ձեր երկրի ժողովրդին մաղթում ենք ավելի մեծ հաջողություններ պետության զարգացման ճանապարհին:

Դիվանագիտական հարաբերությունների հաստատման 21 տարիների ընթացքում Չինաստանը և Հայաստանը մշտապես աջակցել և փոխադարձ հարգանք են տածել միմյանց նկատմամբ, համատեղ հաղթահարել են դժվարությունները և անկեղծորեն համագործակցել: Կողմերի միջև քաղաքական փոխգործակցությունն անընդհատ ամրապնդվում է, ամենատարբեր ոլորտներում համագործակցությունը հասել է մեծ արդյունքների: Ես մեծ ուշադրություն եմ հատկացնում հայ-չինական հարաբերությունների զարգացմանը, պատրաստ եմ Ձերդ Գերազանցության հետ ամբողջ ջանքերը ներդնել հայ-չինական հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու նպատակով՝ ի նպաստ երկու երկրների և ժողովուրդների:

Ցանկանում եմ Ձեր երկրին բարգավաճում և հզորություն, ժողովրդին՝ երջանկություն: Ցանկանում եմ քաջառողջություն և ամենայն բարիք Ձեզ»,-ասված է Չինաստանի Նախագահի ուղերձում:

Նախագահ Սերժ Սարգսյանին ՀՀ Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը

 

«Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և համայն հայությանը՝ Անկախության տոնի առթիվ:

22 տարի առաջ մեր ժողովուրդը կայացրեց պատմական որոշում, որն արմատապես փոխեց նրա հետագա զարգացման ընթացքը: Վերջապես վերականգնվեց հայոց անկախ պետականությունը, որը դարեր շարունակ թվում էր անիրականանալի, վերականգնվեց սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու, իր հողում իր երկիրը սեփական ձեռքերով կառուցելու հայի իրավունքը: Դա վճռորոշ քայլ էր, որի ճշմարտացիությունն ու անխուսափելիությունն ապացուցվել է այս բոլոր տարիների ընթացքում:

Հայաստանի Հանրապետությունն այսօր առաջ է ընթանում հաստատուն քայլերով՝ իրականացնելով տարբեր ծրագրեր՝ ուղղված ժողովրդի անվտանգության ապահովմանն ու պաշտպանունակության ամրապնդմանը, մարդկանց սոցիալ-տնտեսական և կենցաղային պայմանների բարելավմանը: Ես ավելի քան վստահ եմ, որ համատեղ ջանքերով, Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասնության շնորհիվ հայ ժողովուրդը կարձանագրի նոր ձեռքբերումներ ու կհասնի ազգային նպատակների իրագործմանը:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ ու մեր բոլոր հայրենակիցներին պետական տոնի առթիվ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք՝ ի փառս Մայր Հայաստանի զորացման ու բարգավաճման»,-ասված է ԼՂՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:

Արտաքին գործերի և Սփյուռքի նախարարներն ընդունեցին Հայկական հիմնախնդիրների իրազեկման կառույցների ներկայացուցիչների համաժողովի մասնակիցներին

510. Ministers of Foreign Affairs and Diaspora received Representatives of Organizations Raising Awareness about Armenian Issues 21.09.2013Սեպտեմբերի 21-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեցին Հայկական հիմնախնդիրների իրազեկման կառույցների ներկայացուցիչների համաժողովի մասնակիցներին։

Շնորհավորելով ներկաներին Հայաստանի անկախության 22-ամյա տարեդարձի կապակցությամբ՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ խորհրդանշական է, որ հանդիպումը կայանում է Ազգային տոնի օրը, քանի որ մեր ընդհանուր նպատակն է համադրել ջանքերը՝ ի նպաստ համահայական խնդիրների լուծման, Հայաստանի պետականության առավել ամրապնդման։

Պատասխանելով աշխարհի տարբեր երկրներից ժամանած հայկական հիմնախնդիրներով զբաղվող շուրջ 50 գործիչների հարցերին՝ Էդվարդ Նալբանդյանը հանգամանալից ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, համահայկական հիմնախնդիրների վերաբերյալ Հայաստանի կողմից իրականացվող քայլերը, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման համար Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը,  սիրիական ճգնաժամին և սիրիահայության անվտանգության ապահովմանն առնչվող հարցերը։

Արտգործնախարարը հանդիպեց Սուրբ Աթոռի Պետությունների հետ հարաբերությունների հարցերով քարտուղարին

Minister Nalbandian meets Archibishop MambertiԷդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ Հռոմի միջազգային հարաբերությունների ինստիտուտում

 

Սեպտեմբերի 20-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Սուրբ Աթոռի Պետությունների հետ հարաբերությունների հարցերով քարտուղար արքեպիսկոպոս Դոմինիկ Մամբերտիին:

Հանդիպմանը նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև սերտ հրաբերություններ են հաստատված, ձևավորված է արդյունավետ համագործակցություն բարի ավանդույթներով՝ հիմնված ընդհանուր քրիստոնեական արժեհամակարգի վրա։

Սուրբ Աթոռի Պետությունների հետ հարաբերությունների հարցերով քարտուղարը ողջունեց և կարևորեց Վատիկանում Հայաստանի դեսպանության բացումը և տեղեկացրեց, որ Սուրբ Աթոռում ևս ուսումնասիրվում  է Երևանում դիվանագիտական ներկայացուցչություն հիմնելու հարցը։

Էդվարդ Նալբանդյանն ու Դոմինիկ Մամբերտին վստահություն հայտնեցին, որ Վատիկանում ՀՀ դեսպանության բացումը նոր խթան կհանդիսանա երկկողմ փոխգործակցության առավել ամրապնդման ու ընդլայնման գործում։

Նախարար Նալբանդյանն ու արքեպիսկոպոս Մամբերտին հանգամանալից զրույց ունեցան Հայաստանի և Վատիկանի հարաբերությունների զարգացման ուղիների շուրջ։

 

Ministe Nalbandian lecture at the IRIՆույն օրը Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ծավալուն ելույթով հանդես եկավ Հռոմի միջազգային հարաբերությունների ինստիտուտում, որին ներկա էին Իտալիայի ԱԳՆ բարձրաստիճան ներկայացուցիչներ, Հռոմում հավատարմագրված բարձրաստիճան դիվանագետներ, քաղաքագետներ, վերլուծաբաններ, լրագրողներ:

Նախարար Նալբանդյանն իր ելույթում ներկայացրեց հայ-իտալական հարաբերությունները, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը, Հայաստան- Եվրոպական Միություն համագործակցությունը, միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։

Ելույթից հետո Հայաստանի արտգործնախարարը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերի։

Արձագանքելով Ադրբեջանի դեսպանության ներկայացուցչի հարցին՝ նախարար Նալբանդյանը խոսելով Ադրբեջանի բարձագույն ղեկավարության կողմից քարոզվող հայատյացության, Հայաստանի հանդեպ հնչեցվող տարածքային նկրտումների, ռազմատենչ հայտարարությունների և պատերազմի սպառնալիքի մասին, ասաց. «Նույնիսկ այսօր, մարդասպան Սաֆարովի հերոսացումից և այդ քայլի համար ողջ աշխարհի, մարդու իրավունքներով զբաղվող բոլոր  միջազգային կազմակերպությունների կողմից դատապարտվելուց մեկ տարի անց, Ադրբեջանի ղեկավարությունը իր տարակուսանքն է արտահայտում միջազգային հանրության դիրքորոշման կապակցությամբ, հակադրվում դրան և գլուխ գովում թե ճիշտ է արել։  Իսկ ի՞նչ էին նրանք ակնկալում: Որ միջազգային հանրությունը կծափահարի՞ զավեշտալի քայլին։ Այդ երկրի ղեկավարությունը պնդում է, թե այն, ինչ արվել է, շատ լավ է: Ամոթալի է, որ որևէ երկրի ղեկավար մարդասպանի հերոսացումը կարող է լավ բան համարել»։

Էդվարդ Նալբանդյանը հիշեցրեց, որ Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը զգուշացրել է, որ նման մեկի հերոսացումն ու պարգևատրումը դեմ է գնում մարդու իրավունքների բոլոր ընդունված չափանիշներին: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով բարձր հանձնակատարը նշել է, որ էթնիկական ատելության հողի վրա հանցագործությունը պետք է դատապարտվի և ըստ պատշաճի պատժվի, այլ ոչ թե հասարակավ հերոսացվի:

«Սրանում է կայանում միջազգային հանրության և Ադրբեջանի ղեկավարության ընկալումների տարբերությունը, այդ պատճառով են միջազգային հանրությունը և Ադրբեջանը խոսում տարբեր լեզուներով, այդ պատճառով է  Ադրբեջանի և միջազգային հանրության միջև խորանում քաղաքակրթական անդունդը», – շեշտեց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

 

Ընդունելություն ՀՀ Անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ

508.  Reception dedicated to the independence day of Armenia  20.09.2013            Սեպտեմբերի 19-ին Բելառուսի Հանրապետությունում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր ընդունելություն` ՀՀ անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ:

 

Միջոցառմանը մասնակցել են Բելառուսի Հանրապետության իշխանության բոլոր ճյուղերի, երկրում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների եւ միջազգային կազմակերպությունների, հայ համայնքի եւ Բելառուսի Հանրապետության մտավորականության ներկայացուցիչները:

 

ՀՀ դեսպանը հակիրճ ներկայացրել է Հայաստանի Հանրապետության 22-ամյա ուղին, բարձր է գնահատել հայ-բելառուսական հարաբերությունները: Ողջույնի խոսքով հանդես է եկել Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ա.Միխնեւիչը:

 

Միջոցառմանը հանդես է եկել հայ համայնքի ՞՞Էրեբունի՞՞ պարի համույթը, ինչպես նաեւ Հայաստանից ժամանած ջութակահարուհի Լուսինե Հարությունյանը

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսին

 

3833Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ, Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի նախագահ, բարոնուհի Քերոլայն Քոքսին:

Նախագահը ջերմորեն ողջունել է հայ ժողովրդի լավագույն ու անկեղծ բարեկամներից մեկին՝ բարոնուհի Քոքսին, ով արդեն 80-րդ այցելությունն է կատարում Հայաստան և Արցախ: Նշելով, որ բարոնուհու առաջին այցելությունից անցել է ավելի քան 22 տարի, Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այդ բոլոր տարիներին բարոնուհի Քոքսը եղել է արցախահայության կողքին, այդ թվում՝ ամենաօրհասական պահերին և հաճախ վտանգվելով կյանքը, անգնահատելի աջակցություն ցուցաբերել արցախցիներին: «Մենք անչափ բարձր ենք գնահատում Ձեր արիությունը, մարդասիրությունը, ազնվությունն ու խաղաղության և ազատության պաշտպանության դիրքերում Ձեր հաստատուն կեցվածքը, կարևորում Ձեր յուրաքանչյուր այցը: Ձեր գործադրած հսկայածավալ ջանքերը մեծ արժեք ունեն նաև Ղարաբաղյան պատերազմի տարեգրությունն ամրագրելու տեսանկյունից: Դուք վայելում եք և մշտապես վայելելու եք հայ ժողովրդի ճանաչումը, մեծարանքն ու սերը»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը: Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել բարոնուհու դերը նաև հայ-բրիտանական հարաբերությունների ամրապնդման գործում:

Բարոնուհի Քոքսը Նախագահի հետ խոսել է Արցախ և Հայաստան կատարած իր բազմաթիվ այցելություններից անկրկնելի տպավորությունների մասին և ընդգծել, որ երջանիկ է Արցախի հերոսական ժողովրդին ճանաչելու, դժվարին պահերին նրա կողքին լինելու հնարավորության և նաև Արցախի այսօրվա ձեռքբերումների ու հաջողությունների համար: Բարոնուհին պատրաստակամություն է հայտնել այսուհետ ևս իր հնարավորությունների սահմաններում աջակցել հայ ժողովրդին, նպաստել հայ-բրիտանական կապերի սերտացմանը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային խնդիրներին ու մարտահրավերներին, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին:

 

 

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Շիրակի մարզ

 3809Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ: Նախագահը Գյումրիում ներկա է գտնվել Ազատ Շիշյանի անվան «Օկտետ» թիվ 6 երաժշտական դպրոցի բացմանը, շրջել հիմնանորոգված ուսումնական հաստատությունում, ծանոթացել իրականացված վերակառուցման աշխատանքներին, որից հետո դիտել է դպրոցի սաների կատարմամբ կայացած համերգը և խորհրդանշական ծառատունկ կատարել դպրոցի բակում:

38251976թ. հիմնադրված այդ դպրոցը, որն ավերվել էր 1988թ. երկրաշարժի ժամանակ և 1990թ.-ից ուսումնական գործընթացը վերսկսել տնակային պայմաններում, կառուցվել է 2012-2013թթ. «Մեդիամաքս» մեդիա ընկերության, Հայ օգնության ֆոնդի և «Do something» կազմակերպության համատեղ «Ռոքն օգնում է Հայաստանին» ծրագրի շրջանակներում: Դպրոցի կառուցման նախաձեռնությանն աջակցել են գլխավոր նվիրատուներ Մարդիգյան ընտանիքի հիմնադրամը, համաշխարհային ճանաչում ունեցող ռոք-երաժիշտներ Իէն Գիլանը, Թոնի Այոմին, Վիվասել-ՄՏՍ ընկերությունը, նաև բազմաթիվ այլ նվիրատուներ՝ ՀՀ կառավարությունը, բարերարներ, մի շարք մասնավոր ընկերություններ:

Հանրապետության Նախագահն այնուհետև այցելել է Գյումրու «Արագած» ճեմափողոց, որտեղ նրան ներկայացվել են փողոցի հիմնանորոգման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Նախագահին զեկուցվել է, որ 1960-ական թթ. կառուցված «Արագած» ճեմափողոցը, որը միացնում է Հաղթանակի պողոտան Վարդանանց հրապարակին, 1988թ. երկրաշարժից հետո մինչև 2012թ. բարեկարգման, ասֆալտապատման աշխատանքների չի ենթարկվել: Գյումրի համայնքի բյուջեի միջոցների հաշվին 2012թ. հունիս-նոյեմբեր ժամանակահատվածում և 2013թ. իրականացվել են ճեմափողոցի հիմնանորոգման ուղղությամբ ծավալուն աշխատանքներ:
Սերժ Սարգսյանը Գյումրիում այցելել է նաև Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հարակից տարածքում բացված «Խաչքարերի պուրակ», որտեղ ներկա է գտնվել «Գյումրին 2013թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 19-22-ը անցկացվող «Արհեստների և արվեստների փառատոնին», այնուհետև Վարդանանց հրապարակում դիտել է «Արտ էքսպո» 1-ին միջազգային ցուցահանդեսը: Շրջայցի ճանապարհին Նախագահն այցելել է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի ևս, ծանոթացել իրականացվող վերանորոգման աշխատանքներին:

Շիրակի մարզ աշխատանքային այցի ավարտին Նախագահը խորհրդակցություն է անցկացրել Գյումրու քաղաքապետարանում՝ քաղաքի զարգացման ծրագրերի, իրականացված աշխատանքների, այդ թվում՝ աղետի գոտու բնակավայրերում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի և առկա խնդիրների վերաբերյալ: Ընդգծելով, որ շարունակվելու է Շիրակի մարզին, այդ թվում՝ Գյումրի քաղաքին պետական աջակցությունը բնակարանաշինության, քաղաքի բարեկարգման և մի շարք այլ ուղղություններով՝ Նախագահը միաժամանակ կարևորել է տեղական իշխանությունների ակտիվ աշխատանքը ինչպես առկա խնդիրների լուծման, այնպես էլ զարգացման ծրագրերի իրականացման գործում: Զեկույցներով հանդես են եկել Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Խորհրդակցությանը մասնակցել են նաև Շիրակի մարզից ՀՀ ԱԺ պատգամավորներ, Նախագահի աշխատակազմի, Շիրակի մարզպետարանի և Գյումրու քաղաքապետարանի պատասխանատու պաշտոնյաներ: Նախագահը պատասխանել է խորհրդակցության թեմայի վերաբերյալ մասնակիցներին հետաքրքրող հարցերին, տվել համապատասխան հանձնարարականներ:

 

Քննարկվել են հայ-չեխական տնտեսական կապերի զարգացմանն առնչվող հարցեր

10710_am_1Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Չեխիայի խորհրդարանի Սենատի Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի պատվիրակությանը՝ Սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկայի գլխավորությամբ:

Ողջունելով հյուրերին ՀՀ կառավարությունում՝ Տիգրան Սարգսյանը նշել է. «Բարձր ենք գնահատում մեր երկու երկրների միջև քաղաքական հարաբերությունների մակարդակը: Առկա է նաև տնտեսական կապերի զարգացման մեծ ներուժ, ուստի ամեն ինչ պետք է անենք այն իրացնելու համար»:
Չեխիայի Սենատի փոխնախագահը ևս կարևորել է երկկողմ տնտեսական փոխգործակցության, այդ թվում առևտրաշրջանառության ծավալի ավելացման ուղղությամբ աշխատանքների իրականացումը: Միլուշե Հորսկան նշել է, որ իր երկիրը շահագրգռված է բարեկամական Հայաստանի հետ տարբեր բնագավառներում կապերի սերտացման ու զարգացման գործում:
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին, երկու երկրների միջխորհրդարական կապերի ամրապնդման ուղղությամբ իրականացվող քայլերին և մի շարք այլ հարցերի:

ՀՀ Անկախության 22-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Արաբական Միացյալ Էմիրություններում

507. RA Independence day celebration ceremony in UAE 20.09.20132013թ. սեպտեմբերի 19-ին Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում Աբու Դաբիի, Դուբայի եւ Հյուսիսային Էմիրությունների ազգային վարչությունների մասնակցությամբ սկսվեց Հայաստանի Հանրապետության Անկախության 22-րդ տարեդարձին նվիրված հանդիսությունների շարքը:

Հայաստանի Հանրապետության օրհներգին հաջորդեցին Տերունական Աղոթքը եւ ՀՀ նորընծա քաղաքացիների անձնագրերի հանձնումը:

Օրվա պատգամով հանդես եկավ ԱՄԷ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանը: ՀՀ դեսպանն իր ելույթում ներկայացրեց Հայաստանի Հանրապետության անկախության անցած ուղին ու ձեռքբերումները եւ անդրադարձավ ՀՀ արտաքին ու ներքին քաղաքականության հարցերին:

Այնուհետև իր մաղթանքը փոխանցեց Կաթողիկոսական փոխանորդ Տ. Մեսրոպ վրդ. Սարգիսյանը:

Երեկոյի գեղարվեստական բաժնից հետո տեղի ունեցավ հյուրասիրություն:

ՀՀ կառավարությունը և ՎԶԵԲ-ը պատրաստակամ են զարգացնել ու խորացնել երկկողմ փոխգործակցությունը

10708_am_2Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարածաշրջանային տնօրեն Բրունո Բալվաներայի գլխավորած պատվիրակությանը: Պարոն Բալվաներան կառավարության ղեկավարին է ներկայացրել Հայաստանում ՎԶԵԲ-ի գրասենյակի նոր ղեկավար Մարկ Դևիսին:

Շնորհավորելով վերջինիս նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ Տիգրան Սարգսյանը նշել է. «Մենք կարևորում ենք Հայաստանի և ՎԶԵԲ-ի միջև համագործակցությունը և ցանկանում ենք հետագայում ևս խորացնել և ընդլայնել երկկողմ փոխգործակցությունը»:
Զրուցակիցները դրական և արդյունավետ գնահատելով համատեղ ծրագրերի ընթացքը՝ գոհունակություն են հայտնել ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի միջև ձևավորված համագործակցության մակարդակից:
Բրունո Բալվաներան նշել է, որ կառուցվածքային բարեփոխումների, այդ թվում բիզնես միջավայրի բարելավման տեսանկյունից Հայաստանը մեծ առաջընթաց է գրանցել և հույս հայտնել, որ դրանք կկրեն շարունակական բնույթ: ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրենը շնորհավորել է նաև ՀՀ կառավարությանը՝ եվրոբոնդերի թողարկման կապակցությամբ: «Դա կարևոր ձեռքբերում է միջազգային կապիտալ շուկաների միջավայրում, ինչը թույլ կտա Հայաստանին ներգրավել ավելի շատ ներդրում»,- ասել է Բրունո Բալվաներան:
Վերջինս նշել է, որ ՎԶԵԲ-ը պատրաստակամ է զարգացնելու Հայաստանի հետ համագործակցությունը և մշակել ու իրականացնել համատեղ նոր ծրագրեր:

Շարունակվում է արտգործնախարարի այցելությունը Իտալիա

503. Minister Nalbandian meets Mayor of Rome 20.09.2013Սեպտեմբերի 19-ին Հռոմում պաշտոնական այցելությամբ գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Իտալիայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Պյեռֆերդինանդո Կազինիի հետ։

Հանդիպմանը հանգամանալից քննարկվեց տարբեր բնագավառներում հայ-իտալական փոխգործակցությունը, մտքեր փոխանակեցին միջխորհրդարանական, ապակենտրոնացված, առևտրատնտեսական համագործակցության շուրջ, կարևորվեց խորհրդարանական դիվանագիտության դերը երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում։

Զրուցակիցները անդրադարձ կատարեցին միջազգային օրակարգի հարցերին, մտքեր փոխանակեցին սիրիական ճգնաժամի հանգուցալուծման ուղիների, Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացի վերաբերյալ։

Սենատոր Կազինիի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը։

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Հռոմի քաղաքապետ Ինյացո Մարինոյի հետ։

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց շուրջ երեքհազարամյա պատմություն ունեցող երկու մայրաքաղաքների`   Երևանի և Հռոմի միջև համագործակցության հաստատման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ։

Երկուստեք կարևորվեց Հռոմում և Երևանում համատեղ մշակութային միջոցառումների կազմակերպումը, ինչը զրուցակիցների համոզմամբ լուրջ խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների խորացման համար։

Հանդիպմանը քննարկվեց  մշակույթի, տուրիզմի և առողջապահության ոլորտներում Երևանի և Հռոմի միջև հնարավոր համագործակցության առնչվող հարցեր։

Հռոմում նախարար Նալբանդյանը հանդիպեց Իտալիայի Սենատի և Պատգամավորների պալատի Հայաստանի հետ բարեկամության խմբի անդամների հետ։

Նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ Իտալայի խորհրդարանում  հարյուրից ավելի անդամ ունեցող Հայաստանի հետ բարեկամության պատգամավորական խումբը կարևոր ներդրում կարող է ունենալ հայ-իտալական համագործակցության զարգացման գործում։

Էդվարդ Նալբանդյանը իտալացի խորհրդարանականներին ներկայացրեց Հայաստանի մոտեցումները միջազգային և տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ և պատասխանեց նրանց բազմաթիվ հարցերի։

 

Նախագահն ընդունել է Կալիֆորնիայի նահանգային ժողովի խոսնակ Ջոն Պերեզի գլխավորած պատվիրակությանը

 Սերժ ՍարգսյանՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Կալիֆորնիայի նահանգային ժողովի խոսնակ Ջոն Պերեզի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին մեր երկրում՝ Նախագահը մեծապես կարևորել է Հայաստանի բարեկամների հետ շփումները, բաց և անկեղծ երկխոսությունը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ մեր երկիրը ցանկություն ունի խորացնել ավանդական ջերմ և բարեկամական հարաբերությունները Կալիֆորնիա նահանգի հետ: Նրա խոսքով, այդ հարաբերությունների հիմքում ընկած են ինչպես երկու ժողովուրդների միջև գոյություն ունեցող պատմական սերտ առնչություններն ու ԱՄՆ­ում բնակվող ստվար հայ համայնքը, այնպես էլ ժողովրդավարության և ազատության մասին ընդհանուր պատկերացումները: Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է նշել, որ հայ-ամերիկյան հարաբերությունները ներկայումս գտնվում են պատմականորեն ամենաբարձր մակարդակի վրա: Ընդգծելով, որ Միացյալ Նահանգները կարևոր ներգրավվածություն ունի մեր տարածաշրջանի անվտանգության և կայունության ապահովման գործում և բարեփոխումների իրականացման ճանապարհին մեծապես օժանդակում է Հայաստանին՝ Նախագահը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանն ու ժողովրդին:

Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Ջոն Պերեզի գլխավորած պատվիրակության այցը լրացուցիչ խթան կհանդիսանա և նոր հեռանկարներ կբացի Հայաստանի և Կալիֆորնիայի միջև հարաբերություններում, ինչը, անկասկած, նաև լավ նախադրյալներ կստեղծի Հայաստան-ԱՄՆ կապերի խորացման համար:

Հանդիպմանը երկուստեք բարձր է գնահատվել Կալիֆորնիայի ազդեցիկ և ստվար հայ համայնքի դերն ինչպես նահանգի հասարակական-քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում, այնպես էլ երկկողմ հարաբերությունների սերտացման գործում:

Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Կալիֆորնիայի իշխանություններին, որոնք նահանգային և տեղական մակարդակներով բանաձևեր են ընդունել՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին և խստորեն դատապարտել այդ ոճրագործությունը: Նման մոտեցումը, ըստ Նախագահի, վկայում է համամարդկային արժեքներին նրանց հավատարմության մասին:

Հանրապետության Նախագահը կարևորել է նաև պատվիրակության անդամների այցը ԼՂՀ, որը թույլ կտա տեղում ծանոթանալու և հետագայում նաև այլոց ծանոթացնելու այդ հինավուրց հայկական երկրամասին, նրա հարուստ ժառանգությանն ու այսօրվա ձեռքբերումներին: Արտաքին աշխարհի համար Լեռնային Ղարաբաղի բաց, մատչելի և հյուրընկալ լինելը, Սերժ Սարգսյանի համոզմամբ, միայն նպաստում է հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:

Հյուրերի խնդրանքով, Նախագահը ներկայացրել է նաև Հայաստանի տնտեսական զարգացման առաջիկա ծրագրերը, անդրադարձել հայ-ամերիկյան տնտեսական փոխգործակցության զարգացման հեռանկարին:

Ջոն Պերեզը շնորհակալություն է հայտնել Նախագահին ջերմ հյուրընկալության, անկեղծ ու բաց երկխոսության և մի շարք կարևորագույն հարցերի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումները հանգամանալից ներկայացնելու համար: Նա իր տպավորություններն է ներկայացրել հայաստանյան այցի բավականին հագեցած օրակարգի շրջանակներում ունեցած հանդիպումներից և այցելություններից՝ ընդգծելով, որ Կալիֆորնիայի նահանգային ժողովը հավատարիմ է իր դավանած արժեքներին և հանձնառու է այսուհետ ևս շարունակելու պատմական ճշմարտություններն ու արդարությունը պաշտպանելու, աշխարհին ներկայացնելու, խաղաղությանը և կայունությանը նպաստելու իր ջանքերը՝ զարգացնելով ու ամրապնդելով նաև երկկողմ կապերը:

 

ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի ուսանողների այցը ՆԱՏՕ-ի կենտրոնակայան

499.Visit of the students of Dip.school to NATO HQ  19.09.2013Ս.թ. սեպտեմբերի 18-ին կայացավ ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի ուսանողների այցը ՆԱՏՕ-ի կենտրոնակայան` դպրոցի ռեկտոր, դեսպան Վ.Գաբրիելյանի գլխավորությամբ: Այցը կրում էր ճանաչողական-ուսումնական բնույթ, որի շրջանակներում ուսանողների առջեւ դասախոսություններով հանդես եկան ՆԱՏՕ-ի միջազգային անձնակազմի ներկայացուցիչները:

 

Այցի շրջանակներում հանդիպում տեղի ունեցավ ՆԱՏՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Եդիգարյանի հետ: Վերջինս ողջունելով ուսանողներին` կարևորեց ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի ուսանողների առաջին արտագնա ուսումնական այցը արտերկիր` հույս հայտնելով, որ դա լավ ավանդույթի սկիզբ կդառնա:

 

ՆԱՏՕ-ում ՀՀ դեսպանը ներկայացրեց ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության ներկա իրավիճակը, իրականացվող միջոցառումները եւ համագործակցության ոլորտները, ՆԱՏՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության գործունեությունը: Այնուհետեւ դեսպանը պատասխանեց ուսանողների բազմաթիվ հարցերին:

 

Հանդիպում ԱՄՆ Կոնգրեսում հայանպաստ խմբի նորանշանակ համանախագահ Մայքլ Գրիմի հետ

500.Meeting with Grimm 19.09.2013Ս.թ սեպտեմբերի 18-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թ.Մարգարյանը հանդիպում ունեցավ ԱՄՆ Կոնգրեսում հայանպաստ խմբի նորանշանակ համանախագահ Նյու Յորքից կոնգրեսական Հանրապետական կուսակցության անդամ Մայքլ Գրիմի հետ:

 

Դեսպան Մարգարյանը շնորհավորեց Մ.Գրիմին համանախագահությունը ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություն մաղթեց իր պարտականությունների իրականացման ասպարեզում:

 

Կոնգրեսական Գրիմը վերահաստատեց իր հանձնառությունը շարունակելու իր սկզբունքային դիրքորոշումը Հայաստանին եւ հայ ժողովրդին վերաբերող հարցերում:

 

Դեսպան Մարգարյանն ու կոնգրեսական Գրիմը քննարկեցին ԱՄՆ Կոնգրեսի հայանպաստ խմբի օրակարգում գտնվող հարցերի լայն շրջանակը եւ իրականացվելիք աշխատանքները:

 

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստանի արտաքին քաղաքականության, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի եւ տարածաշրջանային հարցերի շուրջ:

Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում

KONICA MINOLTA DIGITAL CAMERAՍ.թ. սեպտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն ընդունեց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Ավեսին և Հարավային Կովկասում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ռազմական կցորդ, փոխգնդապետ Ստիվ Ֆիլիփսին` վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ: Հանդիպման ընթացքում պարոն դեսպանը ներկայացրեց Հարավային Կովկասում  Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ ռազմական կցորդ փոխգնդապետ Նիկ Ուիկլիսին:

ՀՀ պաշտպանության նախարարը բարձր գնահատեց փոխգնդապետ Ստիվ Ֆիլիփսի` պաշտպանության ոլորտում հայ-բրիտանական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրումը, ինչպես նաև շնորհավորեց նորանշանակ ռազմական կցորդին` մաղթելով հաջողություններ նոր պաշտոնում:

Արագածոտնի մարզպետի տեղակալն ազատվել է աշխատանքից

Արամ ԱրսենյանՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արամ Արսենյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ Կառավարության աշխատակազմից:

Նախագահը ներկա է գտնվել ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության նոր վարչական շենքի բացման արարողությանը

3802

 

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Դավթաշեն համայնքում ներկա է գտնվել ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության նոր վարչական շենքի բացման արարողությանը: Այն հերթական կարևոր քայլն է համակարգի արդիականացման, անձնակազմի աշխատանքային պայմանների բարելավման և արդյունքում՝ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման ճանապարհին:

Նախագահը շրջայց է կատարել նորաբաց վարչական շենքում, ծանոթացել կատարված աշխատանքին, տեխնիկական հագեցվածությանն ու ստեղծված աշխատանքային պայմաններին, այցելել մի շարք ստորաբաժանումներ՝ դիմումների ընդունման, բնակչության պետ. ռեգիստրի, վիզաների, անձնագրային և ելքի փաստաթղթերի ձևակերպման և այլ բաժիններ, զրուցել աշխատակիցների հետ, ովքեր ներկայացրել են իրենց կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունները ժամանակակից եղանակով կազմակերպելու նոր հնարավորությունները:

Ոլորտի պատասխանատուները Հանրապետության Նախագահին զեկուցել են նրա հանձնարարությամբ ՀՀ քաղաքացիության վերաբերյալ դիմումների քննարկման ընթացակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ:

ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների կտրուկ աճով պայմանավորված ՝ 2012 թվականին անհրաժեշտություն էր առաջացել բարեփոխել ՀՀ քաղաքացիության վերաբերյալ դիմումների ընթացակարգերը և ենթակառուցվածքները: Դիմումների ավելացող հոսքի պարագայում, ՀՀ Նախագահի հանձնարարությամբ, 2012 թվականի հուլիսից որոշում կայացվեց առավել հստակեցնել ՀՀ քաղաքացիության վերաբերյալ դիմումների քննարկման ընթացակարգերը, արդիականացնել տեխնիկական միջոցները, ապահովել դիմումների ընթացքի վերաբերյալ դիմումատուների իրազեկվածությունը: Վերոնշյալ խնդիրների լուծման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները շրջայցի ժամանակ ներկայացվել են Հանրապետության Նախագահին: