Արտգործնախարարը հանդիպեց Սուրբ Աթոռի Պետությունների հետ հարաբերությունների հարցերով քարտուղարին

Minister Nalbandian meets Archibishop MambertiԷդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ Հռոմի միջազգային հարաբերությունների ինստիտուտում

 

Սեպտեմբերի 20-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Սուրբ Աթոռի Պետությունների հետ հարաբերությունների հարցերով քարտուղար արքեպիսկոպոս Դոմինիկ Մամբերտիին:

Հանդիպմանը նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև սերտ հրաբերություններ են հաստատված, ձևավորված է արդյունավետ համագործակցություն բարի ավանդույթներով՝ հիմնված ընդհանուր քրիստոնեական արժեհամակարգի վրա։

Սուրբ Աթոռի Պետությունների հետ հարաբերությունների հարցերով քարտուղարը ողջունեց և կարևորեց Վատիկանում Հայաստանի դեսպանության բացումը և տեղեկացրեց, որ Սուրբ Աթոռում ևս ուսումնասիրվում  է Երևանում դիվանագիտական ներկայացուցչություն հիմնելու հարցը։

Էդվարդ Նալբանդյանն ու Դոմինիկ Մամբերտին վստահություն հայտնեցին, որ Վատիկանում ՀՀ դեսպանության բացումը նոր խթան կհանդիսանա երկկողմ փոխգործակցության առավել ամրապնդման ու ընդլայնման գործում։

Նախարար Նալբանդյանն ու արքեպիսկոպոս Մամբերտին հանգամանալից զրույց ունեցան Հայաստանի և Վատիկանի հարաբերությունների զարգացման ուղիների շուրջ։

 

Ministe Nalbandian lecture at the IRIՆույն օրը Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ծավալուն ելույթով հանդես եկավ Հռոմի միջազգային հարաբերությունների ինստիտուտում, որին ներկա էին Իտալիայի ԱԳՆ բարձրաստիճան ներկայացուցիչներ, Հռոմում հավատարմագրված բարձրաստիճան դիվանագետներ, քաղաքագետներ, վերլուծաբաններ, լրագրողներ:

Նախարար Նալբանդյանն իր ելույթում ներկայացրեց հայ-իտալական հարաբերությունները, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը, Հայաստան- Եվրոպական Միություն համագործակցությունը, միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։

Ելույթից հետո Հայաստանի արտգործնախարարը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերի։

Արձագանքելով Ադրբեջանի դեսպանության ներկայացուցչի հարցին՝ նախարար Նալբանդյանը խոսելով Ադրբեջանի բարձագույն ղեկավարության կողմից քարոզվող հայատյացության, Հայաստանի հանդեպ հնչեցվող տարածքային նկրտումների, ռազմատենչ հայտարարությունների և պատերազմի սպառնալիքի մասին, ասաց. «Նույնիսկ այսօր, մարդասպան Սաֆարովի հերոսացումից և այդ քայլի համար ողջ աշխարհի, մարդու իրավունքներով զբաղվող բոլոր  միջազգային կազմակերպությունների կողմից դատապարտվելուց մեկ տարի անց, Ադրբեջանի ղեկավարությունը իր տարակուսանքն է արտահայտում միջազգային հանրության դիրքորոշման կապակցությամբ, հակադրվում դրան և գլուխ գովում թե ճիշտ է արել։  Իսկ ի՞նչ էին նրանք ակնկալում: Որ միջազգային հանրությունը կծափահարի՞ զավեշտալի քայլին։ Այդ երկրի ղեկավարությունը պնդում է, թե այն, ինչ արվել է, շատ լավ է: Ամոթալի է, որ որևէ երկրի ղեկավար մարդասպանի հերոսացումը կարող է լավ բան համարել»։

Էդվարդ Նալբանդյանը հիշեցրեց, որ Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը զգուշացրել է, որ նման մեկի հերոսացումն ու պարգևատրումը դեմ է գնում մարդու իրավունքների բոլոր ընդունված չափանիշներին: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով բարձր հանձնակատարը նշել է, որ էթնիկական ատելության հողի վրա հանցագործությունը պետք է դատապարտվի և ըստ պատշաճի պատժվի, այլ ոչ թե հասարակավ հերոսացվի:

«Սրանում է կայանում միջազգային հանրության և Ադրբեջանի ղեկավարության ընկալումների տարբերությունը, այդ պատճառով են միջազգային հանրությունը և Ադրբեջանը խոսում տարբեր լեզուներով, այդ պատճառով է  Ադրբեջանի և միջազգային հանրության միջև խորանում քաղաքակրթական անդունդը», – շեշտեց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

 

Tags: