Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Արթուր Գրիգորյանին՝ ծննդյան 55-ամյակի առթիվ

 սերժ սարգսյանՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, Հայաստանի երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանի հետ և շնորհավորել նրան ծննդյան 55-րդ տարեդարձի առթիվ, մաղթել քաջառողջություն ու ստեղծագործական նորանոր հաջողություններ:

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Մարկ Սաղաթելյանի անժամանակ մահվան կապակցությամբ

Серж Саргсян

Серж Саргсян

 Նախագահ Սերժ Սարգսյանը ճանաչված և սիրված հաղորդավար Մարկ Սաղաթելյանի անժամանակ մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքի անդամներին, հարազատներին ու մտերիմներին:

 

Սեյրան Օհանյանը ընդունել է ՀՀ-ում Ռումինիայի դեսպանին

1 (1)Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը ընդունել է  ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կրինա Ռոդիկա Պրունարիուին` վերջինիս ՀՀ-ում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Ողջունելով հյուրին` ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել ռումինական կողմի հետ ձևավորված համագործակցությունը և ընդգծել է պաշտպանական բնագավառում համագործակցության զարգացման ուղղությամբ հայկական կողմի պատրաստակամությունը:

Ի պատասխան տիկին դեսպանը շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար` նշելով, որ կշարունակի մնալ Հայաստանի բարեկամը:

Արմեն Երիցյանը ներկայացրել է ԱԻ նոր փոխնախարարին

ԱԻՀայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Դավիթ Կարապետյանը նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ:

Այսօր առավոտյան ԱԻ նախարարությունում հրավիրված խորհրդակցությանը նախարար Արմեն Երիցյանը ներկայացրեց նորանշանակ փոխնախարարին.
– Շնորհավորում եմ նոր պաշտոն ստանձնելու կապակցությամբ ու պիտի նշեմ, որ Դավիթ Կարապետյանին վաղուց եմ ճանաչում։ Կարծում եմ, որ որպես միջազգային հարաբերություններում լավ փորձառություն ունեցող գործիչ` նա շատ օգտակար կլինի մեր նախարարությանը։

Դավիթ Կարապետյանն ընդգծեց, որ իր համար մեծ պատիվ է աշխատել ԱԻ նախարարությունում.
– Սա մեր հանրապետության ամենալուրջ հեղինակություն ունեցող կառույցներից է։ Նախարարությունը կայացել է մեծապես Ձեր` պարոն Երիցյան և Ձեր թիմի ջանքերի շնորհիվ։ Ես շնորհակալ եմ ինձ ցուցաբերված վստահության համար։ Կաշխատեմ ամեն ինչ անել, որ նախարարությունն ավելի հզորանա ու ավելի արդյունավետ համագործակցություն ծավալի միջազգային հարաբերություններում։

Հայաստանի և Գերմանիայի կառավարությունների միջև համաձայնագիր է ստորագրվել

452.Signing of the agreement between the Government  of Armenia and the Government  of Germany 31.07.2013Հուլիսի 30-ին ՀՀ ԱԳՆ-ում ստորագրվեց համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ գաղտնի տեղեկատվության փոխադարձ պաշտպանության մասին:

Հայաստանի Հանրապետության կողմից այն ստորագրեց ՀՀ ԱԳ փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը, իսկ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից՝ ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելը:

Տեղի է ունեցել Տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի նիստը

արմեն գեվորգյանՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի այսօրվա նիստում ներկայացվեցին 2013 թ-ի հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ համայնքների եկամուտների հավաքագրման ցուցանիշները:
Ըստ ՏԿՆ աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանի` համայնքների ընդամենը եկամուտներն առաջին կիսամյակում կազմել են 44 մլրդ 359 մլն 664 հազար դրամ`նախատեսված 45 մլրդ 460 մլն 841 հազարի դիմաց (Երեւանը ներառյալ)` 97,6 տոկոս կատարողական, ինչը նախորդ տարվա նույն ժամակահատվածի համեմատ աճել է 9,5 տոկոսով:
Համայնքների սեփական եկամուտների կատարողականը կազմել է 96,3 տոկոս, արձանագրվել է 14,3 տոկոս աճ`2012 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Չնայած անցած տարվա համեմատ գրանցված աճին` սեփական եկամուտների հավաքագրման մասով հանրապետական միջին ցուցանիշից ցածր արդյունքներ են գրանցվել Շիրակի, Արմավիրի, Գեղարքունիքի եւ Տավուշի մարզերում:

Հողի հարկի կատարողականը կազմել է 88,7 տոկոս` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 24,2 տոկոսով, գույքահարկի կատարողականը 101,3 տոկոս է, աճը կազմել է 11,1 տոկոս:
Թեեւ գույքի վարձակալությունից ստացված եկամուտների կատարողականը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2,1 տոկոսով` կազմելով 87,5 տոկոս, այդուհանդերձ, 2012 թ-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ առանձին մարզերում ինչպես գույքի վարձակալությունից ստացված եկամուտների, այնպես էլ պետական եւ տեղական տուրքերի հավաքագրման ցուցանիշներում հավաքագրման նվազում է գրանցվել:

Նիստը վարող ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը հանձնարարեց քննարկումներ կազմակերպել սեփական եկամուտների հավաքագրման խնդիրներ ունեցող մարզերում, տեղում ուսումնասիրել պատճառները եւ հետեւողական աշխատանքներ տանել ցուցանիշների բարելավման ուղղությամբ:

Կոլեգիայում անդրադարձ կատարվեց նախորդ տարիներին կուտակված աշխատավարձերի պարտքի մարման ընթացքին եւ համայնքներում ընթացիկ պարտքերի կուտակման պատճառներին: Քննարկվեց, մասնավորապես` Սեւան քաղաքում աշխատավարձի գծով կուտակված ընթացիկ պարտքի հարցը:
Փոխվարչապետը հանձնարարեց մեկ անգամ եւս ուսումնասիրել Սեւանի քաղաքապետարանում աշխատավարձի ընթացիկ պարտքի առաջացման պատճառները, հարցը քննարկել Գեղարքունիքի մարզպետի եւ քաղաքապետի հետ:
Նա անթույլատրելի համարեց համայնքների կողմից ընթացիկ պարտքերի կուտակումը եւ նշեց, որ հնարավորինս պետք է բացառել նոր պարտքերի կուտակումը` հաշվի առնելով, որ նախորդ տարիներին կուտակված աշխատավարձերի շուրջ 2,3 մլրդ դրամ պարտքից մարվել եւ հուլիսի 15-ի դրությամբ մնացել է ընդամենը 57 մլն 720 հազար դրամ պարտք:

Նիստի ընթացքում ներկայացվեցին նաեւ 2014 թվականի պետական բյուջեից համայնքների բյուջեներին ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկներում օգտագործվող հողի հարկի եւ գույքահարկի գծով 2012 թվականի ելակետային տվյալների, հողի հարկի եւ գույքահարկի բազաների ցուցանիշների, ինչպես նաեւ 2013 թվականի համայնքների բյուջեներում հաստատված պլանային ցուցանիշների համեմատական վերլուծության արդյունքները:
Ուսումնասիրության նպատակն է եղել պարզել, թե որքանով են համայնքների բազաները համապատասխանում լիազոր մարմինների բազաներին, որքանով են իրատեսական կազմվում համայնքների բյուջեները եւ ինչ մեթոդաբանությամբ են դրանք ձեւավորվում:

Ա. Գեւորգյանն առաջարկեց ՀՀ ԿԱ ոստիկանության, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ներկայացուցիչների մասնակցությամբ առաջիկայում խորհրդակցություն հրավիրել եւ քննարկել համայնքների ու լիազոր մարմինների բազաների համապատասխանեցմանը վերաբերող հարցեր:

Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին 

Քաղաքացիների ընդունելությանը մասնակցել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը

001 (3)Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքացիների ընդունելության գործող ժամանակացույցի համաձայն նախապես հերթագրված քաղաքացիներն իրենց հուզող խնդիրներն են ներկայացրել կոմունալ-կենցաղային հարցերի շուրջ: Քաղաքացիների հերթական ընդունելությանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Տեղեկանալով բնակիչների խնդիրների մասին և լսելով նրանց առաջարկները՝ քաղաքապետի առաջին տեղակալը տեղում հանձնարարականներ է տվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանին և ոլորտի մյուս պատասխանատուներին` բարձրացված հարցերին  սահմանված կարգով արագ և օպերատիվ լուծումներ տալու համար:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Կառավարության ղեկավարն այցելել է «Էկոտոմատո» ընկերության վարդերի աճեցման տնտեսություն

10593_am_2Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Կոտայքի մարզի Գողթ համայնք` «Էկոտոմատո» ՓԲԸ-ի վարդերի աճեցման ջերմոցային տնտեսություն: ՀՀ կառավարության 2011 և 2012 թթ. համապատասխան որոշումներով ներդրումային ծրագրերի շրջանակում այս ընկերությունն ստացել էր ներմուծվող ապրանքների ավելացված արժեքի հարկի վճարումը մինչև երեք տարի ժամկետով հետաձգելու թույլտվություն և Գողթ գյուղի վարչական տարածքում կառուցել բարձր կարգի վարդերի աճեցման ջերմոցային տնտեսություն` ընդհանուր 5 հա մակերեսով:
Վարչապետ Սարգսյանը շրջել է ալյումինից և հատուկ ապակուց կառուցվող ջերմոցներում, ծանոթացել տնտեսությունում իրականացվող աշխատանքներին, զարգացման ծրագրերին: Շուրջ 9.1 մլրդ ՀՀ դրամին համարժեք ներդրման արդյունքում ջերմոցները հագեցած են ոլորտում հեղինակավոր հոլանդական «Դալսեմ» ընկերության ժամանակակից տեխնոլոգիաներով` ասիմիլացիոն լուսատու համակարգ, որակի ու միկրոկլիմայի վերահսկողության ավտոմատ համակարգեր և այլն:
2012 թ. ընկերությունն իրականացրել է շուրջ 657 մլն ՀՀ դրամին համարժեք վարդերի արտահանում (արտադրանքի 75 տոկոսը): 2013 թ. առաջին կիսամյակում արտահանման ծավալը կազմել է շուրջ 415.1 մլն ՀՀ դրամ, իսկ ներքին շուկայում իրացվել է 64.4 ՀՀ դրամին համարժեք արտադրանք: Ընկերությունում ներգրավված է շուրջ 70 աշխատակից, միջին աշխատավարձը կազմում է 128 հազար դրամ:

Իրականացվում են մայրաքաղաքի բուֆերային անտառաշերտի վերականգնման աշխատանքներ

001 (2)Երևանի զարգացման ծրագրերով մայրաքաղաքի կանաչապատմանն ուղղված աշխատանքներում քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ առանձնակի կարևորվել է Երևանն անտառաշերտի բուֆերային գոտով շրջապատելու մոտեցումը: 2013թ. ծրագրերով այս ուղղությամբ աշխատանքներն արդեն մեկնարկել են: Տարեկան ծրագրով նախատեսված շուրջ 21 կմ ոռոգման նոր համակարգի անցկացմամբ ոռոգելի են դարձել նաև «Փարոս» անտառպուրակի, «Հաղթանակ» զբոսայգու և Կոմիտասի անվան զբոսայգու տարածքները, որտեղ աշնանը նաև ծառատունկ է նախատեսվում: Ոռոգման ցանցի ընդլայնման 2013թ.  ծրագրի շրջանակում շուրջ 70 հա կանաչ զանգված արդեն լիովին ոռոգելի է դարձել:

Երևանի համաչափ զարգացման համատեքստում քաղաքապետի հանձնարարությամբ աշխատանքներ են իրականացվում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: Կանաչապատման ոլորտում իրականացված աշխատանքների արդյունքում անցած կիսամյակում տնկվել է շուրջ 40 հազար ծառ և թուփ, կրապատվել են 34 հազար և ձևավորվել 16 հազար տարբեր տեսակի ծառեր:  Մայրաքաղաքի այգիներն ու պուրակները, սիզամարգերն ու բակային տարածքներն արդեն զարդարում են շուրջ  2 մլն բազմերանգ ծաղիկներ: Այս ուղղությամբ լրացուցիչ աշխատանքները դեռևս շարունակվում են:

Կանաչապատման ծրագրի շրջանակում ընդլայնվել է նաև սիզամարգերի ծավալը:  Անցած վեց ամիսների ընթացքում ստեղծվել են շուրջ 4 հա նոր սիզամարգեր, ևս 10 հա գոյություն ունեցող սիզամարգեր էլ թարմացվել են:  Մայրաքաղաքի արտաքին տեսքի գեղեցկացմանն ուղղված աշխատանքների շրջանակում կանաչ տարածքներում և սիզամարգերում տեղադրվել են շուրջ 40 գեղարվեստական կոմպոզիցիաներ,  ևս 30-ի տեղադրման աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են:

Երևանը կանաչ տարածքներով համալրելու 2013 թվականի ծրագրի արդյունքում ընդհանուր առմամբ մայրաքաղաքի կանաչ մակերեսը կհասնի 850.0 հա-ի:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի Նախագահ Ջորջո Նապոլիտանոյին

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի Հանրապետության Նախագահ Ջորջո Նապոլիտանոյին՝ Իտալիայի հարավում տեղի ունեցած ավտոբուսի վթարի կապակցությամբ, որը մի քանի տասնյակ անմեղ մարդկային զոհերի և բազմաթիվ վիրավորների պատճառ է դարձել:

Սերժ Սարգսյանը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնել Նախագահ Ջորջո Նապոլիտանոյին և զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում:

Գնդապետ Վյաչեսլավ Դանիելյանը նշանակվել է ԼՂՀ ՊԲ հրամանատարի տեղակալ

TH_Artsakh_PNՆախագահ Բակո Սահակյանի հրամանագրով` գնդապետ Վյաչեսլավ Դանիելյանը նշանակվել է ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ`կնքելով պայմանագիր 5 տարի ժամկետով:

Նախագահը շնորհավորական հեռագիր է հղել Կոնստանտին Օրբելյանին՝ ծննդյան 85-ամյակի առթիվ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանին՝ ծննդյան 85-ամյակի կապակցությամբ: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել նրա ավանդը հայ երաժշտության զարգացման, հարստացման և հանրահռչակման գործում և հոբելյանի առթիվ մաղթել առողջություն ու ստեղծագործական եռանդ:

Մովսես Խորենացու մեդալի հանձնման արարողություն Նյու Յորքում

451.  Ceremony of awarding Movses Khorenatsi medal in New York 27.07.2013Հուլիսի 25-ին Նյու Յորքում հանդիսավոր պայմաններում տեղի է ունեցել Հայ Բարեգործական ընդհանուր միության նախագահի խորհրդական Փանոս Թիթիզյանի մեծարման երեկոն, որի ընթացքում հայ մտավորականին է հանձնվել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից շնորհված Մովսես Խորենացու մեդալը:

Ելույթ ունենալով հանձնման արարողությունից առաջ՝ ՄԱԿ-ում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը նշել է, որ տասնամյաներ ի վեր Թիթիզյանը ծառայել է հայ ազգին իր համոզմունքներին, հավատքին եւ իդեալներին համապատասխան ու իր  գործունեությամբ մշտապես արժանացել հայ հասարակայնության բացարձակ հարգանքին:

Երեկոյին ներկա էին ԱՄՆ արեւելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Հ.Բ,Ը,Մ. նախագահ Պերճ Սեդրակյանը, ազգային բարերարներ Նազար Նազարյանը, Սեմ Աիմոնյանը եւ ուրիշներ, ինչպես նաեւ ԱՄՆ արեւելյան և արեւմտյան ափերի հայ համայնքի ներկայացուցիչներ:

Հանդիպել են տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահները

10584_am_1ՀՀ վարչապետ, տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Տիգրան Սարգսյանն ընդունել է ՌԴ տրանսպորտի նախարար, տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մաքսիմ Սոկոլովին:
Ողջունելով հյուրին և բարձր գնահատելով ինտենսիվ համատեղ աշխատանքը` վարչապետ Սարգսյանը նշել է. «Մեր նախորդ հանդիպումից հետո բավական լուրջ աշխատանք է կատարվել, որը շոշափելի արդյունքներ է տալիս: Քննարկվել են բազմաբնույթ հարցեր, ինչը և մեր նպատակն էր` դիվերսիֆիկացնել տնտեսական հարաբերությունները, բացահայտել համագործակցության նոր ոլորտներ, և կարելի է փաստել, որ հայ-ռուսական հարաբերությունները դինամիկ զարգանում են»:
Ռուսաստանի տրանսպորտի նախարարը նշել է, որ միջկառավարական հանձնաժողովի նիստերից առաջ նման հանդիպումները լավ հնարավորություն են աշխատանքներն ամփոփելու և հետագա անելիքները քննարկելու առումով: Նա շնորհակալություն է հայտնել կառավարության ղեկավարին և հայ գործընկերներին փոխըմբռնման և արդյունավետ աշխատանքի համար:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ առևտրատնտեսական գործակցության զարգացման հարցերի լայն շրջանակ: Այս համատեքստում անդրադարձ է եղել հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստի օրակարգում ընդգրկվելիք հարցերին: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստն անցկացնել Սանկտ-Պետըերբուրգում այս տարի աշնանը:
Հանդիպմանը հաջորդել է քննարկման արդյունքների վերաբերյալ արձանագրության ստորագրման հանդիսավոր արարողությունը: Արձանագրությունն ստորագրել են Հայաստանի Հանրապետության անունից` ՀՀ վարչապետ, հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի նախագահ Տիգրան Սարգսյանը, Ռուսաստանի Դաշնության անունից` ՌԴ տրանսպորտի նախարար, ռուսական կողմի նախագահ Մաքսիմ Սոկոլովը:

«Ավելի մաքուր Երևան»-ը՝ Փարոսի անտառ-պուրակում

001 (4)«Ավելի մաքուր Երևան» նախաձեռնության մաքրման աշխատանքների հերթական տարածքը  Փարոսի անտառ-պուրակն էր։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնած ծրագիրով արդեն մեկ ամիս է, կամավորների ներգրավմամբ, շաբաթ օրերին սանմաքրման աշխատանքներ են իրականացվում մայրաքաղաքի  հանրային օգտագործման կանաչ տարածքներում։

Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանի խոսքով՝ արդյունքը գոհացուցիչ է։

«Մեր սպասումներն արդարացան. քաղաքացիները, յուրաքանչյուր հավաքին տարբեր կազմակերպություններ, արձագանքելով քաղաքապետի կոչին, այսօր մեր կողքին են, «Ավելի մաքուր Երևանի» աջակիցներն են և մեծ օգուտ են բերում Երևանի հանրային մեծ, կանաչ տրածքները միահամուռ մաքրելուն, քաղաքը մաքուր պահելու կոչը օրինակով տարածելուն»,– նշել է Կառլեն Ղազարյանը։

«Ավելի մաքուր Երևան» նախաձեռնության՝ Փարոսի անտառ-պուրակում կազմակերպված սանմաքրման աշխատանքներիn անդամագրվել էին շուրջ 400 քաղաքացիներ, որոնց թվում էին կրտսեր և ավագ երկրապահներ։

«Ավելի մաքուր Երևան» ծրագիրի հաջորդ  հավաքը օգոստոսի 3-ին է, Ծիծեռնակաբերդում։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

Ամփոփվել են ՀՀ պետական կառավարման մարմինների 2013 թ. առաջին կիսամյակի գործունեության արդյունքները

10580_am_2Կառավարությունում շարունակվել է ՀՀ պետական կառավարման մարմինների 2013 թ. առաջին կիսամյակի գնահատված կատարողականների և ՀՀ կառավարության 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը։

Հաշվետու տարվա հունվար-հունիս ժամանակահատվածում կատարված և ընթացիկ աշխատանքների մասին զեկուցել են ՀՀ կրթության և գիտության նախարարը, ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահը, ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահը:
Քննարկման ընթացքում վարչապետ Սարգսյանն անդրադարձել է գերատեսչություններին տրված հանձնարարականների և աշխատակազմերի ստորաբաժանումների կատարողականներին, հանձնարարել ուշադրության կենտրոնում պահել հնարավոր ռիսկային գերակա խնդիրները:

Հայաստանի արտգործնախարարը Չինաստանում քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները

Dipschools signing ceremonyՀուլիսի 25-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Չինաստանի արտգործնախարար Վան Յիի հրավերով պաշտոնական այցով ժամանեց Պեկին:

Նույն օրը կայացավ Հայաստանի և Չինաստանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Վան Յիի հանդիպումը:

Ողջունելով Հայաստանի ԱԳ նախարարին՝ Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ իր երկիրը դիտարկում է բարեկամ Հայաստանը որպես կարևոր գործընկեր ինչպես Կովկասում, այնպես էլ Անկախ պետությունների համագործակցության տարածաշրջանում։ Նա նշեց, որ Չինաստանի կառավարությունը մտադիր է շարունակել քայլերը Հայաստանի հետ հարաբերություններն էլ ավելի ընդլայնելու ուղղությամբ։

Շնորհակալություն հայտնելով իր չինացի գործընկերոջը հրավերի  և ջերմ ընդունելության համար` Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանում մեծ կարևորություն են տալիս  տարեցտարի առավել ընդգրկուն դարձող Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացմանը և ամրապնդմանը:

Հայաստանի և Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները նշեցին, որ 2010 թ. ՀՀ Նախագահի Չինաստան կատարած այցելությունից հետո երկկողմ փոխգործակցությունը որակական նոր փուլ է թևակոխել և երկու երկրների ղեկավարության միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդեն կյանքի են կոչվում։

Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին վերջին տարիներին տարբեր բնագավառներում հայ-չինական հարաբերությունների դինամիկ զարգացման կապակցությամբ և արձանագրեցին, որ երկկողմ համագործակցությունը մեծ հեռանկարներ ունի։

Էդվարդ Նալբանդյանն ու Վան Յին անդրադարձան քաղաքական, միջխորհրդարանական, ապակենտրոնացված համագործակցության, առևտրատնտեսական, մշակույթի և կրթության ոլորտներում կայուն զարգացում ապրող, արդյունավետ համագործակցությանը և նշեցին, որ առկա է երկուստեք ցանկություն առավել ակտիվ քայլեր ձեռնարկել փոխշահավետ գործընկերության խորացման ուղղությամբ՝ ընդգրկելով նորանոր բնագավառներ:

Երկուստեք ընդգծվեց, որ խորհրդարանական սերտ կապերը երկու երկրների միջև փոխգործակցության կարևոր օղակ են հանդիսանում։ Այս համատեքստում Չինաստանի արտգործնախարարը տեղեկացրեց, որ ԱԳ նախկին փոխնախարար Ֆու Ինը նշանակվել է Հայաստանի հետ միջխորհրդարանական բարեկամության խմբի չինական կողմի նախագահ։ Նախարարները կարևորեցին խորհրդարանական բարեկամության խմբերի փոխայցելությունների կազմակերպումը։

Ապակենտրոնացված համագործակցության խրախուսման առումով ընդգծվեց Երևանի և Պեկինի, Լոռու մարզի և Շանսի նահանգի միջև կապերի հաստատումն ու զարգացումը։

Կրթական փոխգործակցության ընդլայնման համատեքստում կարևորվեց Հայաստանի և Չինաստանի Նախագահների պայմանավորվածության համաձայն Երևանում չինական դպրոցի հիմնադրումը, ինչպես նաև Չինաստանի և Հայաստանի ԲՈւՀ-երում միմյանց ուսանողների ուսուցումը։ Առանձնացվեց Կոնֆուցիոսի ինստիտուտի արդյունավետ գործունեությունը Հայաստանում:

Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Հայաստանի զարգացմանը Չինաստանի կողմից տարիներ շարունակ ցուցաբերվող աջակցության համար։

Նախարարներ Նալբանդյանն ու Յին քննարկեցին միջազգային կազմակերպություններում փոխգործակցության սերտացման, Հայաստանի և Չինաստանի ԱԳՆ-ների միջև խորհրդակցությունների ակտիվացմանը վերաբերող հարցեր։ Այդ համատեքստում կարևորվեց ԱԳՆ-երի միջև խորհրդակցությունների մասին հուշագրի ստորագրումը։

Անդրադառնալով իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը՝ նախարարները պայմանավորվեցին ինվենտարիզացիայի ենթարկել անցյալ երկու տասնամյակների ընթացքում ստորագրված երկկողմ փաստաթղթերը և մշակել նոր համաձայնագրեր։  Այս համատեքստում նախարար Նալբանդյանը նշեց, որ ներկայումս նախապատրաստական փուլում են գտնվում 12 նոր փաստաթղթեր։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատեց մեկ Չինաստանի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը։ Չինաստանի արտգործնախարարը նշեց, որ իր երկիրը բարձր է գնահատում Հայաստանի այդ սկզբունքային մոտեցումը։

Հայաստանի արտգործնախարարի խնդրանքով նախարար Յին ներկայացրեց ասիական տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները, ինտեգրացիոն գործընթացները և դրանց վերաբերյալ Չինաստանի մոտեցումները։

Էդվարդ Նալբանդյանն իր չինացի գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը: Չինաստանի արտգործնախարարն իր երկրի աջակցությունը հայտնեց ղարաբաղյան հիմնախնդրի բանակցությունների միջոցով խաղաղ հանգուցալուծմանը: Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ  Չինաստանի հավասարակշռված դիրքորոշման համար:

Նախարարները շահագրգիռ քննարկում ունեցան միջազգային հարաբերությունների այժմէական խնդիրների շուրջ:

Բանակցությունների ընթացքում Հայաստանի և Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մանրամասն քննարկեցին տնտեսական փոխգործակցության խթանումը և այդ ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, անդրադարձ կատարեցին հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին, Հայաստանում չինական ներդրումների խրախուսմանը։

Արտգործնախարարների հանդիպմանը մանրամասն անդրադարձ կատարվեց կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում փոխգործակցությանը: Երկուստեք կարևորվեց Հայաստանի և Չինաստանի ԲՈւՀ-երում չինացի և հայ ուսանողների քանակն ավելացնելու անհրաժեշտությունը:

Էդվարդ Նալբանդյանն իր չինացի գործընկերոջը հրավիրեց այցելել Հայաստան։

Հանդիպումից հետո Հայաստանի և Չինաստանի արտգործնախարարները ստորագրեցին երկու երկրների ԱԳՆ-երի միջև խորհրդակցությունների մասին արձանագրությունը։

Հայաստանի և Չինաստանի դիվանագիտական կադրերի պատրաստման հաստատությունների միջև կապեր հաստատելու և երկկողմ համագործակցությունը խթանելու նպատակով ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանը և Չինաստանի արտաքին հարաբերությունների համալսարանի նախագահ Ժաո Ջինջունը ստորագրեցին երկու կրթօջախների համագործակցության վերաբերյալ հուշագիր։

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ  Չինաստանի Պետական խորհրդի անդամ Յան Ձիեչիի հետ:

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ Յան Ձիեչին ասաց, որ ջերմությամբ է հիշում 2011 թ. Երևան կատարած այցելությունը, Հայաստանում տեղի ունեցած հանդիպումները և ուրախ է, որ դրանց ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի են կոչվում։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները: Յան Ձիեչին և Էդվարդ Նալբանդյանը մանրամասն քննարկեցին երկկողմ քաղաքական, տնտեսական և մշակութային կապերին առնչվող հարցերի լայն շրջանակ:

Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին ձևավորված բարեկամական համագործակցության առնչությամբ։

Չինաստանի պետխորհրդի անդամն ու Հայաստանի արտգործնախարարը ընդգծեցին երկուստեք ցանկությունը նոր խթան հաղորդել միջգերատեսչական և ապակենտրոնացված համագործակցությանը։

Զրուցակիցները անդրադարձան Հայաստանում չինական ներդրումների խրախուսման ուղղությամբ անհրաժեշտ քայլերին։

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին միջազգային և տարածաշրջանային մի շարք արդիական խնդիրների վերաբերյալ։

Հուլիսի 25-ին երեկոյան Չինաստանի ԱԳ Նախարարը պաշտոնական ընթրիք տվեց իր հայաստանյան գործընկերոջ պատվին։

Հուլիսի 26-ին Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ծավալուն ելույթով հանդես եկավ Չինաստանի ԱԳՆ միջազգային հետազոտությունների ինստիտուտում (CIIS), որին ներկա էին Պեկինում հավատարմագրված դեսպաններ և դիվանագետներ, քաղաքագետներ, գործարար շրջանակների ներկայացուցիչներ և լրագրողներ:

Շարունակվում են մայրաքաղաքի արտաքին տեսքի ձևավորման աշխատանքները

003Մայրաքաղաքի արտաքին տեսքի ձևավորման, ինչպես նաև բնակիչների և հյուրերի համար Երևանն առավել հարմարավետ դարձնելու նպատակով  արտաքին ձևավորման և գովազդի վարչության կողմից մի շարք աշխատանքներ են իրականացվում:

2013 թվականի առաջին կիսայակում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների տարբեր հատվածներում, մարդաշատ վայրերում տեղադրվել է անվճար հայտարարությունների 200 վահանակ: Այս նախաձեռնությանը զուգահեռ, աշխատանքներ են տարվում որոշ անբարեխիղճ անձանց ու կազմակերպությունների կողմից էլեկտրասյուներին և շինությունների պատերին  հայտարարություններ փակցնելը բացառելու ուղղությամբ:

Արտաքին տեսքի ձևավորման աշխատանքների շրջանակում Հանրապետության և Ֆրանսիայի հրապարակները կահավորվել են փողոցների անվանումները հուշող 16 ուղղորդող ցուցանակով: Տեղանքի կողմնորոշման հարցում ցուցանակը Երևան այցելողներին հայերենից զատ  հուշում է  նաև անգլերենով:

Մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրվել են նաև ծառերի հիմքերը պաշտպանող ցանցեր: Ոչ միայն հետաքրիր, այլև կարևոր նորույթ են փողոցներում տեղադրված ժամացույցները: Ի դեպ, վերը նշված բոլոր կահավորանքները մշակվել են ընդհանուր՝ քաղաքի ճարտարապետական տեսքին համահունչ ոճով:

Այս տարի, որպես քաղաքի արտաքին ձևավորման նոր մոտեցում, Շառլ Ազնավուրի անվան  հրապարակում քաղաքապետարանի նախաձեռնությամբ տեղադրվեց շախմատային տախտակ:

Վարչական շրջանների կենտրոնական հատվածներից զատ, բակային տարածքներում ևս համապատասխան աշխատանքներ են կատարվել: 2013թ.-ի առաջին կիսամյակի ընթացքում բակային տարածքներում տեղադրվել է 1150՝ փայտե, պոլիմերային և երկաթե նստարան: Տեղադրվել է նաև 200 աղբաման:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Ուղեվարձը նորից 100 դրամ. Տարոն Մարգարյանի հայտարարությունը հասարակական տրանսպորտի սակագնի մասին

Տարոն ՄարգարյանԵրեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը երեւանցիներին.

Սիրելի՛ երեւանցիներ,

Երեւան քաղաքի ներքաղաքային ուղեւորափոխադրումների վարձը վերանայելու մասին որոշումը քաղաքապետի պաշտոնում կայացրած իմ` թերեւս ամենածանր որոշումն էր: Գերխնդիրը լուծում էր պահանջում շատ վաղուց: Քաղաքապետի պաշտոնն ստանձնելու առաջին իսկ օրվանից ես իմ առաջնահերթ խնդիրներից եմ համարել Երեւան քաղաքի տրանսպորտային համակարգի հետեւողական արդիականացմանը զուգահեռ անընդհատ ուղիներ գտնել ուղեվարձն անփոփոխ պահելու համար:

Աշխատել ենք շատ մանրակրկիտ, տնտեսավարողներին ցույց ենք տվել խնայողության ճանապարհները, մեր մասնագետներն անընդհատ վեր են հանել ընկերությունների ծախսերում նվազեցումներ կատարելու հոդվածները, ինչի շնորհիվ մինչեւ հիմա կարողացել ենք անփոփոխ պահել ուղեվարձը: Անկեղծ ասած ես մինչ այս ամռան սկիզբ վստահ եմ եղել, որ դեռ մի քանի տարի էլ կկարողանանք այս ռեժիմով առաջ գնալ, ու վարձավճարները չեն բարձրանա:

Հավատացնում եմ ձեզ` իմ վստահությունը պարզապես բարի ցանկություն չէր, այլ մեր ամենօրյա աշխատանքով եւ այլ հավասար պայմանների համար կանխատեսումներով հիմնավորված մոտեցում:

Ցավոք, ոլորտի հետ անմիջական կապ ունեցող շուկաներում վերջին թանկացումներն ուղղակիորեն մեզ զրկեցին անգամ կոսմետիկ ուղղումներով առաջ գնալու մեր բոլոր հնարավորություններից: Խնդրահարույց որոշման կայացումն ու արագ քայլերով առաջ գնալն այլեւս անխուսափելի էր:

Մի կողմից մարդկանց անվտանգ ու արժանապատիվ փոխադրումների կազմակերպման խնդիրն է, մյուս կողմից սոցիալական ներկա իրավիճակում մեր քաղաքացիների համար ծախսեր ավելացնելու բեռը: Մի կողմից տրանսպորտային համալիրը կործանման եզր չհասցնելու եւ իրենց դարն անցած մեքենաներով մարդասպան համակարգի չհասնելու գիտակցումն է, մյուս կողմից` երեւանցիների համար նոր հոգս չստեղծելու կարեւորությունը: Երկուսն էլ խիստ կարեւոր, երկուսն էլ խիստ մտահոգիչ են ինձ համար:

Այո, ես դժվարությամբ եմ կայացրել 150 դրամ ուղեվարձ սահմանելու որոշումը, քչերը գիտեն, թե ինչ դժվարությամբ: Բայց ես քաջ գիտակցում եմ, որ իրավունք չունեմ խուսափել անցանկալի որոշումներից` հասկանալով, որ դրա դիմաց կարող ենք վճարել մարդկային կյանքերով: Մի քանի տարի հետո ես ինձ ուղղակի չէի ների, ոչ ոք դա չէր ների:

Այս որոշումը վերջը չէ. ճիշտ հակառակը` սա սկսած մեծ գործընթացի միայն սկիզբն է:

Ավտոպարկի ամբողջական արդիականացում, միասնական վճարման ժամանակակից համակարգի ներդրում, անվտանգության մակարդակի էական բարձրացում, թիրախային խմբերի համար նպատակային քաղաքականության իրականացման գործուն մեխանիզմների ստեղծում, ի վերջո` արժանապատիվ երթեւեկի ապահովում. այս խնդիրներն են, որոնք մենք միասին պետք է շատ արագ լուծենք:

Ու լուծելու՜ ենք:

150 դրամ ուղեվարձը հենց այս խնդիրները լուծելու գինն է, որ ցավոք պետք է վճարենք: Այլընտրանք պարզապես չունենք:

Սիրելի՛ երեւանցիներ,

Միեւնույն ժամանակ ակնհայտ է, որ մեր որդեգրած սկզբունքների համատեքստում մենք չենք կարող ուղեվարձի բարձրացման բեռը նույնկերպ դնել նաեւ այն սոցիալական խմբերի վրա, որոնց համար նախատեսել ենք արտոնյալ մոտեցումներ վճարումների միասնական համակարգի կայացման շրջանակներում: Համակարգի կայացումը շուրջ մեկ տարի կտեւի, մինչդեռ կայացված որոշումն այդ բեռն այսօր է դնում մեր կենսաթոշակառուների, ուսանողների, սոցիալապես անապահով ճանաչված խավի վրա: Ես արդեն իսկ հանձնարարել եմ ստեղծել մասնագետներից եւ շահագրգիռ անձանցից կազմված հանձնաժողով, որը կհասցնի մի քանի ամիսների ընթացքում մշակել բոլոր այն մեխանիզմները, որոնք թույլ կտան ամբողջական դարձնել «Երեւան քաղաքի ներքաղաքային ուղեւորափոխադրումների վարձը վերանայելու մասին» որոշումը, իսկ մինչ այդ այս որոշման գործողությունը իմ կողմից կկասեցվի:

Սիրելի՛ համաքաղաքացիներ,

Մենք ուշադիր հետեւում ենք նաեւ այս օրերին մայրաքաղաքի կանգառներում մեր երիտասարդների կողմից կազմակերպվող ակցիաներին ու հնչեցվող կոչերին: Ինձ ուրախացնում է այն ջերմությունը, որն այսօր կրկին կա երեւանցիների միջեւ միմյանց օգնելու, իրար հանդեպ ավելի հոգատար լինելու առումով: Այս ջերմությունը արժեք է, որ պետք է կարողանանք պահել մեծ ու մնայուն գործեր անելու համար: Միեւնույն ժամանակ ափսոսում եմ երբեմն-երբեմն նկատվող տգեղ վերաբերմունքից մեր վարորդների հանդեպ. իրականում ծանրագույն աշխատանք կատարող ու ոչ համապատասխան վարձատրություն ստացող այդ մարդիկ մեծագույն հարգանքի են արժանի: Չկա մենք-դուք: Կա հինավուրց  մայրաքաղաքը ու կանք մենք` բոլորս: Ու միասին մենք արժանին ենք հատուցելու Երեւանին: Անպայման: Շնորհակալություն:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է բուհերի ուսխորհուրդների ներկայացուցիչների հետ

001Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է բուհերի ուսխորհուրդների ներկայացուցիչների հետ և ներկայացրել Երևանի քաղաքապետարանի դիրքորոշումն ու մոտեցումները մայրաքաղաքի տրանսպորտի ոլորտին և ուղևորափոխադրումների վարձավճարին առնչվող հարցերի վերաբերյալ։

«Վերջին օրերին ուշիուշով հետևել եմ տրանսպորտի ուղեվարձի բարձրացման շուրջ ծավալվող իրադարձություններին և, պետք է ասեմ, որ հատկապես երիտասարդությունը բավական ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ունի»,- նշել է քաղաքապետը։

Քաղաքապետն ուսանողներին է ներկայացրել հասարակական տրանսպորտի՝ տարիներով չփոփոխված սակագինը վերանայելու անհրաժեշտության պատճառները և հիմնավորումները՝ ընդգծելով, որ ներկայացված սակագինը հնարավորինս հավասարեցվել է տրանսպորտի ծախսատարությանը։

«Մեզ համար առաջնահերթ է քաղաքացու անվտանգ երթևեկությունը և որակյալ սպասարկումը։ Մենք փորձել ենք վերջին 2-3 տարիներին տնտեսվարող սուբյեկտներին ուղղորդել, վերահսկել, որ կարողանան իրենց ծախսերը կազմակերպել այնպես, որ սակագինն անփոփոխ մնա: Դա հնարավոր է եղել միայն շարժակազմը չթարմացնելու, պահանջված անհրաժեշտ ներդրումներ չիրականացնելու հաշվին։  150 դրամն էլ բավարար չէ լիարժեք արդյունքի համար, սակայն այս դեպքում էլ տնտեսվարողների պահանջած սակագինը զսպել ենք՝ հաշվի առնելով, որ այն սոցիալապես խոցելի խմբերի համար սոցիալական լրացուցիչ բեռ կլինի։  Մեր քաղաքականությունը նորացված շարժակազմ ունենալն է, ապա նաև վճարման միասնական համակարգի ներդնումը, որը հնարավորություն կտա արտոնություններ տրամադրել սոցիալական որոշ խմբերի, ինչպես նաև ուսանողներին: Բայց քանի որ այս գործընթացը բավական ժամանակատար է, արտոնությունների  հարցը հանձնաժողովն է քննարկելու»,- նշել է քաղաքապետը՝ ընդգծելով հարցի սոցիալական բաղկացուցիչը:

Տարոն Մարգարյանը տեղեկացրել է, որ իր հանձնարարությամբ առաջիկայում կձևավորվի հանձնաժողով՝ հարցը համակողմանի ուսումնասիրելու և լրամշակելու համար, և առաջարկել է ուսանողների ներկայացիչներին նույնպես ներգրավել հանձնաժողովի աշխատանքներին։

Ուսանողներն իրենց հերթին առաջարկել են արտոնությունների՝ իրենց վերաբերող մասով ներգրավել նաև բուհերին, որոնք խոշոր հարկատուներ են, և ընդգծել են, որ որոշ երևանյան բուհեր արդեն նախադեպ կարող են լինել։ Ընդունելով բարձրացված հարցը քննարկելու առաջարկը՝ Տարոն Մարգարյանը նշել է, որ այդ հարցը ևս օրակարգում կընդգրկվի։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն