Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է «mLab ECA» մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի նոր տարածքի բացմանը: Կառավարության ղեկավարը շրջել է տարածքով՝ ծանոթացել ստեղծված պայմաններին և լաբորատորիայում կրթություն ստացող երիտասարդների նորարական նախագծերին:
«mLab ECA» մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիան Հայաստանում գործում է 2011թ.-ից, որի նպատակն է խթանել շարժական կապին վերաբերվող նորարարությունը և ապահովել տարածաշրջանների կայուն զարգացումը: Ծրագիրն իրականացվում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից՝ ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի, Ֆինլանդիայի կառավարության և Nokia ընկերության աջակցությամբ:
Nokia-ի կողմից աշխարհում հիմնադրվել է հինգ նման մոբայլ լաբորատորիա: Հայաստանում տեղակայվել է Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի համար տարածաշրջանային լաբորատորիան: Նմանատիպ երկու լաբորատորիաներ գործում են Աֆրիկայում, ևս երկուսը՝ Ասիայում:
Գործունեության այս կարճ ժամանակահատվածում mLab-ի աջակցությամբ արդեն իսկ ձևավորվել են ավելի քան 20 թիմեր/սկսնակ ընկերություններ, ստեղծվել են 70 մոբայլ աշխատածրագրեր` ներգրավելով շուրջ 100 հազար դոլարի ներդում, որոնք տեղադրվել են Android, iOS և Windows Phone առցանց հարթակներում:
Լաբորատրիայի կազմակերպած տարբեր միջոցառումներին, մրցույթներին և աշխատաժողովներին մասնակցել են ավելի քան 50 մոբայլ ընկերություններ և շուրջ 600 մոբայլ ծրագրավորողներ և դիզայներներ:
Կազմակերպվել է ավելի քան 20 դասընթաց Երևանում և Գյումրիում, որի արդյունքում շուրջ 180 մասնագետներ հմտացել են մոբայլ տեխնոլոգիաների ոլորտում: Վերապատրաստում անցած երիտասարդների 80 տոկոսն արդեն աշխատանք է գտել Երևանում և Գյումրիում տեղակայված տարբեր կազմակերպություններում, իսկ մյուսները ներգրավված են mLab աջակցությամբ (մենթորությամբ) ձևավորված թիմերում և աշխատում են իրենց նախագծերի վրա, որպեսզի հիմնադրեն սեփական կազմակերպությունները:
Տեղեկացվել է, որ Nokia-ի և mLab-ի կողմից կազմակերպված «Մոբայլ միկրոաշխատանքի» մրցույթում ներկայացված գաղափարների թվով Հայաստանն աշխարհում առաջին տեղն է զբաղեցրել` առաջ անցնելով Հնդկաստանից, Արևելյան Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի բոլոր երկրներից:
Տարածաշրջանում մոբայլ լուծումների մրցունակությունը բարձրացնելու նպատակով «mLab ECA»-ն նախաձեռնել և կազմակերպել է նաև Մոբայլ հավելվածների տարածաշրջանային մրցույթ: Դրա նպատակն է խթանել գործարար և սոցիալական դաշտի զարգացումը մոբայլ տեխնոլոգիաներում նորարար գաղափարների միջոցով:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի ամփոփիչ ելույթն Ազգային ժողովում
Հարգարժան Ազգային ժողովի նախագահ,
Հարգելի գործընկերներ,
Թույլ տվեք շնորհակալություն հայտնել բոլոր պատգամավորներին՝ շահագրգիռ քննարկումների համար: Ես կփորձեմ խմբավորել այն ելույթները, որոնք եղել են, այն հարցադրումները, որոնք հնչել են այս երկու շաբաթների ընթացքում և կփորձեմ տալ որոշակի գնահատականներ: Առաջին խումբ հարցերին, որ պետք է անդրադառնամ, վերաբերում են իմ անձին, այն մեղադրանքներին, որոնք հնչում են իմ անձի վերաբերյալ: Կարծում եմ, քանի որ այդ թեզերը հնչել են այս դահլիճում, անհրաժեշտ է հենց այս դահլիճում էլ պատասխանել այդ հարցերին:
Վերջին 25 տարիների ընթացքում իմ մասնագիտական գործունեությունը տնտեսության ֆինանսական ոլորտում էր: Փողերի լվացման մեխանիզմները, հայեցակարգը Հայաստանի Հանրապետությունում ներդրվել է իմ անմիջական ղեկավարությամբ և պարոն Ջհանգիրյանն էլ կվկայի, քանի որ մասնակցում էր այն հանձնաժողովի աշխատանքներին, որը ես ղեկավարում էի հանրապետության նախագահի հանձնարարականով: Այս ամենը թույլ է տալիս ենթադրել, որ մի փոքր պատկերացում ունեմ, թե ինչ բան է օֆշորային գոտի, օֆշորային հաշիվներ, փողերի լվացում: Եվ հիմա, ինչում եմ ես մեղադրվում, որ օֆշորային գոտում իմ անունով ստեղծել եմ ձեռնարկություն՝ նպատակ ունենալով Հայաստանում խլել ինչ որ մեկի բիզնեսը կամ կառուցել սխեմա, որով ինձ պետք է փոխհատուցեն:
Ֆինանսական համակարգի հետ փոքր ինչ առնչություն ունեցող մարդը կհավաստի, որ սա անհեթեթություն է, որովհետև ավելի անհեթեթ սխեմա մշակել այն էլ այդ ոլորտի հետ քչից թե շատից ծանոթ մարդու համար, ուղղակի, կարծում եմ, բացատրությունների կամ հիմնավորումների կարիք էլ չկա: Այդպիսի անհեթեթություն իմ մտքով չէր կարող անցնել: Ավելին, որևէ մեկի համար այսօր դժվարություն չէ օֆշորային գոտում ստեղծել ձեռնարկություն Նիկոլ Փաշինյանի անունով, չունենալով Նիկոլ Փաշինյանի թույլտվությունը դրա համար: Եվ այդպիսի օրինակները բազմազան են:
Այո, դա օֆշորային գոտիների առանձնահատկությունն է, այդպիսի ձեռնարկություններ կարելի է ստեղծել ցանկացած մարդու անունով: Անհրաժեշտ բացատրություններ ես հրապարակային ձևով տվել եմ, համարելով, որ սա անհեթեթություն է, որ ես ինքս չեմ գրանցել որևէ օֆշորային գոտում ձեռնարկություն և որևէ մեկին լիազորություն չեմ տվել իմ անունից որևէ օֆշորային գոտում ձեռնարկություն գրանցել: Հասկանալի է, որ այս պատմությունն ունի բոլորովին այլ նպատակ: Բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ այսպիսի ձևերով փողեր չեն լվանում, ինչ որ տարօրինակ գործարքներ չեն անում: Նպատակը շատ պարզ է, եթե ուզում են մեկին վարկաբեկել, ապա սա հիասքանչ ձև է և հնարավորություն:
Ավելին, «Հայկական ժամանակ»-ն ինձ հարց էր տվել, թե որտեղ էի ես գտնվում հենց այդ օրը՝ 2010 թվականի մայիսի 6-ին, երբ գրանցվել է այդ ձեռնարկությունը: Մանրակրկիտ հաշվետվություն եմ ներկայացրել հանրությանը «Հայկական ժամանակ»-ի միջոցով, որ այդ օրը պաշտոնական այցով գտնվել եմ Պրահայում, որ բազմաթիվ լրագրողներ եղել են ինձ հետ, րոպե առ րոպես գիտեն թե ես որտեղ եմ եղել և հաշվետվությունն էլ հրապարակային ներկայացրել ենք հանրությանը: Ես միևնույն ժամանակ չէի կարող գտնվել Կիպրոսում, կամ Պրահայից թռչել Կիպրոս՝ այնտեղ ձեռնարկություն գրանցել: Ես հանգիստ եմ վերաբերվում այսպիսի մեղադրանքներին, որովհետև սա ոչ վերջին մեղադրանանքն է, ոչ էլ առաջին:
Ինչպես ճիշտ նշվեց այս դահլիճում՝ այդպիսի փորձեր՝ իմ անունը կապել տարբեր տիպի սկանդալային պատմությունների հետ, վերջին 20 տարիների ընթացքում բազմաթիվ են եղել: Երբ ես Կենտրոնական բանկի նախագահ էի, ինձ մեղադրում էին, որ ես բանկերը փակում եմ, սննկացնում եմ այդ բանկերին, ունենալով մի նպատակ՝ դառնալ այդ բանկերի սեփականատեր: Թերթերում հայտնվում էին հոդվածներ, որ Միջերկրական ծովի ափին ես ունեմ դղյակ, ավելին՝ ինչ որ լրագրողներ գնացել էին, ոչ միայն նկարներն էին բերել, այլև հարցազրույցներ էին արել հարևանների հետ, որոնք հավաստիացրել էին, ասել էին այո, այստեղ մի փոքր երեխա կար, և քանի որ վարչապետն ուներ երեխա, ուրեմն դա հենց նրա երեխան էր և այլն: Ապագայում այդ մեղադրանքներն էլ հերքվեցին: Շրջանառության մեջ դրվեցին նոր մեղադրանքներ. պարզվում է, որ Նաիրիտ գործարանի սեփականատերն եմ ես: Նմանատիպ օրինակները կարելի է շարունակել:
Ժողովրդավարական զարգացումը սա ենթադրում է և մենք գիտակցաբար գնում ենք այս ճանապարհով: Մեր կառավարության, քաղաքական մեծամասնության և մեր նախագահի հետևողական ջանքերի շնորհիվ մենք ընդունեցինք և կիրառում ենք կարևորագույն մի օրենք: Այն է, որ 500 բարձրաստիճան պաշտոնատար անձանց եկամուտները, ունեցավածքը պետք է դառնան հանրային հսկողության առարկա: Մենք ինքներս գիտակցաբար գնացինք այդ ճանապարհով և այն ժամանակ մեզ շատերն ասում էին մի արեք դա, որովհետև այն դառնալու է քաղաքական սպեկուլյացիայի առարկա: Բայց սա ճիշտ ճանապարհ է, որպեսզի ցանկացած բարձրաստիճան պաշտոնատար անձ ի սկզբանե կաշկանդված լինի՝ իմանալով, որ խոշորացույցով են նայելու նրա գործունեությանը, ունեցվածքին, եկամուտներին: Ես ուրախ եմ, որ այսօր թիրախը ես եմ և ապագայում էլ ես պատրաստ կլինեմ նմանատիպ մեղադրանքների և պատրաստ կլինեմ ներկայացնել բավարար ապացույցներ, եթե մենք գործ ունենք զրպարտության կամ տարբեր տիպի քաղաքական սպեկուլյացիաների հետ: Դեմոկրատական հասարակությունը սա ենթադրում է և սա անխուսափելի է:
Երկրորդ հարցադրումը՝ ինչպիսին պետք է լինի պետական բյուջեի հաշվետվությունը, որպեսզի մենք կարողանանք բավարարել մեր ընդդիմախոսներին, ինչպես նաև այն պատգամավորներին, որոնք ունեն հարցադրումներ:
Մենք ձեր դատին ենք ներկայացրել 2600 էջի վրա շարադրված հաշվետվություն: Ընդ որում, 1300 էջը ոչ ֆինանսական խնդիրներին վերաբերող հաշվետվություններ են: Ավելին՝ հանձնաժողովներում այս երկու շաբաթների ընթացքում եղել են բազմաթիվ լրացուցիչ հարցադրումներ, որոնց պատասխանները մենք նույնպես տվել ենք: Ուզում եմ այս ամենին ավելացնել մի կարևորագույն ձեռքբերում, որ ունի մեր երկիրը: Մենք աշխարհի պետությունների հնգյակի մեջ ենք մտնում, որ օն-լայն ռեժիմով ամեն օր հանրությանը հաշվետվություն ենք ներկայացնում բյուջեի կատարման վերաբերյալ: Ամեն օր դուք կարող եք իմանալ քանի գրիչ, քանի մատիտ, ինչ գնով և որտեղ ենք մենք ձեռք բերել: Ընդ որում, դուք կարող եք դա անել աշխարհի ցանկացած քաղաքից, որտեղ կա ինտերնետ: Սա թափանցիկության ամենաբարձր մակարդակն է, որ այսօր աշխարհում գոյություն ունի: Եվ դա նշանակում է, որ մենք նպատակ չունենք որևէ բան ձեզնից թաքցնել, բացարձակապես: Հակառակը, մենք շահագրգռված ենք լինել թափանցիկ և վերահսկելի, որովհետև դա երաշխիքներ է ստեղծում, որ բյուջետային միջոցները կծախսվեն արդյունավետ: Մենք ինքներս ենք խրախուսում, որպեսզի Վերահսկիչ պալատի քննարկումները լինեն հրապարակային, բաց ու թափանցիկ, որ բոլոր բացահայտումները, ֆինանսական միջոցների ոչ արդյունավետ ծախսումը դառնա քննարկման առարկա, որովհետև դա է երաշխիքը, որ ապագայում մենք ձեզ հետ միասին ստեղծենք զսպող մեխանիզմներ, որպեսզի չլինեն չարաշահումներ: Այլ տարբերակ մենք չունենք: Այս ամենը դեմոկրատական հասարկություն, քաղաքացիական հասարակություն կառուցելու ճանապարհին լրջագույն ձեռքբերում է: Այն երկխոսությունը, որ այսօր Ազգային ժողովում տեղի է ունենում, ես նույնպես համարում եմ կարևորագույն քայլ քաղաքացիական հասարակություն կառուցելու ճանապարհին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ընդդիմադիր գործիչներին, որ ինձ հնարավորություն տվեցին այս ամբիոնից հնչեցնել այս հարցերի պատասխանները:
Երրորդ հարցը, արդյոք տնտեսական քաղաքականությունը ճիշտ է կառուցված, թիրախները ճիշտ են ընտրված և մեխանիզմները, որոնք մենք այսօր առաջարկում ենք, ճիշտ են: Մենք ձեզ հետ միասին ապրում ենք արագ փոփոխվող աշխարհում և, ցավոք սրտի, կանխատեսելիության մակարդակն այսօր բավականին ցածր է:
Օրեցօր գնահատականները փոխվում են, ընդ որում, մեր հիմնական տնտեսական գործընկերներ հանդիսացող երկրներում կանխատեսումներն այնքան էլ պոզիտիվ չեն: Դա նշանակում է, որ միջավայրը փոփոխվելու է, այն միջավայրը, որում մենք իրականացնելու ենք տնտեսական քաղաքականությունը: Ո՞րն է այս պարագայում ելքը: Մենք ձեզ հետ միասին այն այստեղ արձանագրեցինք, երբ քննարկում էինք կառավարության ծրագիրը: Հիմնական շեշտադրումն այս փուլում պետք է դնել ներքին ռեսուրսների բացահայտման վրա, մեր պոտենցիալը պետք է կարողանանք առավելագույնս օգտագործել, մեր ներքին խնայողություններն ի գործ դնել` հաշվի առնելով, որ արտաքին շուկաներից գալու են բացասական ազդեցություններ և դա նշանակում է, որ արդյունաբերական քաղաքականությունը, որն ունի արտահանման միտում, ամբողջությամբ արդարացված է, և ես ուրախ եմ, որ նաև հիմնական ընդդիմադիր քաղաքական ուժերը նույնպես այս քաղաքականությանը տվեցին դրական գնահատական, որ այո, պետությունը պետք է իրականացնի արդյունաբերական քաղաքականություն: Մենք դա իրականացնում ենք ձեզ հետ միասին, և հաշվետվության մեջ նշված է, որ 2012 թվականին առաջին արդյունքները դարձել են մեզ համար շոշափելի, որովհետև զուտ արտահանման աճի տեմպերն այսուհետև կայուն բնույթ են կրում, և այս քաղաքականությունը պետք է շարունակել:
Երկրորդ քաղաքական խնդիրը և փոփոխությունը մեր ծրագրերում. սոցիալական ոլորտ, արտագաղթ, գործազրկություն, աղքատություն: Ինչպե՞ս լուծել այս խնդիրը: Տարեցտարի մեզանից պահանջվում է ավելացնել ֆինանսական հատկացումները սոցիալական ոլորտին: Բայց որտեղի՞ց մենք պետք է վերցնենք այդ միջոցները: Հասկանալի է, որ առաջին հերթին մենք պետք է ապահովենք տնտեսական աճ, որպեսզի կարողանանք ունենալ լրացուցիչ եկամուտներ` սոցիալական խնդիրներ լուծելու համար: Դրա համար փոփոխությունը մեր սոցիալական քաղաքականության մեջ, որը նույնպես հաշվետվության մեջ ակնհայտ երևում է, հետևյալն է. այսուհետև մենք պայքարելու ենք ոչ թե աղքատության դեմ որպես սոցիալական լուրջ մարտահրավեր, այլ այն պատճառների դեմ, որոնք ծնում են աղքատությունը: Սա է հաջողության հասնելու գաղտնիքը, մանավանդ մեր նման երկրի համար, որտեղ մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքն ընդամենը 3000 ԱՄՆ դոլար է: Ուրեմն, տնտեսական աճի խթանման ճանապարհով և ներգրավելով սոցիալապես խոցելի խմբերին այդ տնտեսական աճն ապահովելու գործընթացների մեջ: Այսինքն` աղքատություն ծնող երկու հիմնարար պատճառներն են` կրթական ցածր ցենզը, որովհետև աղքատ ընտանիքներում մենք արձանագրում ենք, որ գոյություն ունի լրջագույն խնդիր. դա կրթությունն է: Մարդիկ ժամանակին չեն ստանում անհրաժեշտ կրթություն, ապագայում չեն կարողանում իրենց տնտեսական գործունեությամբ ապահովել իրենց ընտանիքի ապահով ապագան: Նշանակում է` կրթությունը նրանց համար պետք է հասանելի լինի: Կարևորագույն քաղաքական սկզբունքներ են ֆիքսված, և մենք 2012 թվականին սկսեցինք իրականացնել այդ սկզբունքները: Ֆինանսական միջոցների բացակայությունը չպետք է լինի պատճառ, որպեսզի անապահով ընտանիքները կրթություն ստանան: Այս խնդիրը մենք հետևողականորեն լուծելու ենք, և մեր պետական բյուջեի կատարողական հաշվետվությունը վկայում է դրա մասին: Երկրորդը` եթե սոցիալապես անապահով ընտանիքներում կան աշխատունակ մարդիկ, մենք առաջին հերթին պետք է նրանց ապահովենք աշխատանքով, ոչ թե ավելացնենք նրանց սոցիալական նպաստները, այլ հնարավորություն տանք այդ մարդկանց իրենց աշխատանքով վաստակել գումարներ: Այդ տեսակետից, չափազանց կարևոր է աշխատանքի ռեֆորմը, որովհետև եթե սոցիալական նպաստների և մինիմալ աշխատավարձի միջև տարբերությունը շատ չնչին է, վերանում է աշխատելու մոտիվացիան: Այս ռազմավարությունը նույնպես ներկայացվում է ձեր դատին, և հուլիսի 1-ից մենք ձեզ հետ միասին ավելացնելու ենք մինիմալ աշխատավարձը 30 տոկոսով, իսկ հունվարի 1-ից աշխատավարձերի բարձրացումը վերաբերելու է բոլոր ոլորտներին, և այն տեղի է ունենալու համակարգված ձևով, քանի որ ներկայացվելու է ձեզ միասնական սանդղակ, որը վերջապես հնարավորություն է տալու մեզ գալու քաղաքական կոնսենսուսի, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի Հանրապետությունում աշխատավարձի քաղաքականությունը ըստ իշխանության տարբեր ճյուղերի:
Տնտեսական քաղաքականության վերաբերյալ եղան բազմաթիվ հարցադրումներ, այդ թվում նաև մեր ընդդիմադիր կուսակցությունների կողմից, որոնք ենթադրում են, թե մենք պետք է լրացուցիչ պարզաբանումներ ներկայացնենք ինչպես մասնագիտական պարզաբանումներ, կարծում եմ այդ բանավեճը կշարունակվի, այնպես էլ զուտ տեխնիկական բացատրություններ, թե բյուջեի կատարողականի ընթացքում այն շեղումները, որ արձանագրվում են օրենքի տառից են բխում, թե այստեղ կա օրենքի նորմերի խախտումներ: Մենք ձեզ հավաստիացնում ենք, որ ամեն ինչ արել ենք, որպեսզի աշխատենք օրենքի շրջանակում: Դրա համար էլ բյուջեն եկամտային մասով գերակատարվել է, իսկ ծախսային մասով` ոչ, մենք ունենք տնտեսումներ, ունենք չկատարված ծախսեր, որոնց վերաբերյալ պարզաբանումները նույնպես ներկայացվել են ձեր դատին:
Եվ հարցերի վերջին խումբը, որոնք վերաբերում են դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականություններին, արդյոք դրանք նպաստել են տնտեսական աճին, թե ոչ, և ինչպիսին է մեր ռազմավարությունը: Սկզբունքային հարցը հետևյալն է. երկարաժամկետ կայուն տնտեսական աճ ունենալու համար մենք պետք է ապահովենք մակրոտնտեսական այնպիսի միջավայր, որ գնաճը լինի կանխատեսելի տնտեսվարող սուբյեկտների համար, և դա է լավագույն նախապայմանը կայուն տնտեսական աճ ապահովելու համար: Սա աքսիոմատիկ ճշմարտություն է, որն այսօր բոլոր դասագրքերում ամրագրված է, և կարծես թե տնտեսագետների մեջ այս հարցում կա կոնսենսուս: Երկարաժամկետ կայուն տնտեսական աճի համար առավելագույն նպաստավոր պայման ստեղծում է կայուն մակրոմիջավայրը` կանխատեսելի գնաճով: Այդ տեսակետից, դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունները պետք է լինեն ճկուն: Եթե պետական բյուջեի դեֆիցիտը ծրագրվածից անհամեմատելի ցածր է, դա նշանակում է, որ դրամավարկային քաղաքականությունը պետք է լինի ավելի ճկուն, և հակառակը, եթե դրամավարկային քաղաքականությունն ունի խնդիրներ ինֆլյացիայի հետ, այդ դեպքում նաև պետական բյուջեն պետք է օգնի մակրոտնտեսական կայունությունն ապահովելու տեսակետից: Բայց այստեղ կա մի քաղաքական շահարկում, որի վրա ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել, քանի որ լինում են նաև մասնագիտական քննադատություններ մեր հասցեին, որ թող կառավարությունն իրականացնի ընդլայնողական քաղաքականություն, բայց արտաքին ու ներքին պարտքերը թող չաճեն, բյուջեի դեֆիցիտը թող լինի ցածր: Այսինքն` մեզ միևնույն ժամանակ քննադատում են նրա համար, որ մենք չափից ավելի շատ պարտք ենք վերցնում, բայց մյուս կողմից էլ մեզ քննադատում են, որ մենք զսպողական ենք: Շատ եկամուտ հավաքենք, քիչ ծախս անենք, ու լինենք ընդլայնողական: Այդպես չի լինում ուղղակի: Դրա համար մենք իրականում իրականացնում ենք հավասարակշռված քաղաքականություն և պատրաստ ենք նաև մասնագիտական պարզաբանումներ և բանավեճ ունենալ մեր ընդդիմախոսների հետ այս թեմայի շուրջ:
Ավարտելով խոսքս` հարգարժան Ազգային ժողովի նախագահ, հարգելի պատգամավորներ, ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ձեզ բոլորիդ շահագրգիռ քննարկումների համար:
Նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է կարճատև արձակուրդ
Սերժ Սարգսյանը ՌԴ պետական տոնի առթիվ շնորհավորել է ՌԴ բարձրագույն ղեկավարությանը, այցելել նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել պետական, քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին
Կառավարությունն արտագնա նիստ կանցկացնի Արմավիրում
Վարչապետը մասնակցել է Ռուսաստանի օրվա կապակցությամբ հրավիրված տոնական ընդունելությանը
Վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանի կառավարության ընդունելությունների տանը մասնակցել է Ռուսաստանի օրվա կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը:
Հայաստանի կառավարության և անձամբ իր անունից շնորհավորելով ներկաներին տոնական օրվա կապակցությամբ՝ վարչապետը Ռուսաստանի եղբայրական ժողովրդին մաղթել է խաղաղություն և երջանկություն:
«Բարի ավանդույթի համաձայն, այս օրը, բարեկամների շրջապատում, մենք նշում ենք այս երիտասարդ, սակայն կարևոր տոնը, որը կապված է ռուսական պետության նորագույն պատմության շրջադարձային իրադարձությունների հետ: Մեր ժողովուրդների կողմից պատմական ընտրություն է կատարվել՝ հօգուտ քաղաքացիական հասարակության կառուցման, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման և երկրի արդիականացման: Դրա համար այս տոնն ասոցացվում է այն հիմնարար փոխակերպումների հետ, որոնք տեղի ունեցան ողջ ռուս հասարակության քաղաքական, տնտեսական և հոգևոր կյանքում՝ նոր, ժամանակակից Ռուսաստանի կառուցմամբ:
Ռուսաստանի օրը տոն է, որը միավորում է այդ երկրի բոլոր քաղաքացիներին՝ տարբեր սերունդների և տարբեր ազգային մշակույթների: Սա յուրաքանչյուր քաղաքացու տոն է, որը հասկանում է, որ երկրի հաջողությունը կախված է նաև իր անձնական ջանքերից:
Գոհունակությամբ ցանկանում եմ ընդգծել, որ անցած երկու տասնամյակների ընթացքում մեզ ոչ միայն հաջողվել է պահպանել դարավոր եղբայրական և բարեկամական կապերը, այլև ամրապնդել այն հիմքը, որի հիման վրա հայ-ռուսական հարաբերությունները վստահորեն զարգանում են դաշնակցային փոխգործակցության մակարդակով: Կարևոր է, որ մեր հարաբերությունները տարեցտարի ընդլայնվում են՝ շնորհիվ տարբեր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային և հումանիտար բնագավառներում իրականացվող նոր նախաձեռնությունների:
Մեր հարաբերությունների առաջանցիկ զարգացումը հնարավոր է դարձել ոչ միայն բարձր մակարդակի փոխադարձ վստահելի երկխոսության, այլև այն նախաձեռնությունների և առաջարկությունների շնորհիվ, որոնք գալիս են մեր երկրների հասարակ քաղաքացիների կողմից»,– ասել է Տիգրան Սարգսյանը:
Կառավարության ղեկավարը վստահություն է հայտնել, որ ունենալով նման ընդարձակ հասարակական աջակցություն՝ երկու երկրներին կհաջողվի համատեղ ջանքերով էլ ավելի ամրապնդել երկկողմ միասնականությունը: Որպես երկու պետությունների առաջընթացի կարևոր նախապայման՝ Տիգրան Սարգսյանը նշել է մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հետագա ամրապնդման անհրաժեշտությունը:
Նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք հրամանագրեր է ստորագրել
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, գնդապետ Հենրիկ Մուրադյանը հինգ տարի պայմանագրային ժամկետով նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսար:
Նախագահի մեկ այլ հրամանագրով, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի զինվորական ծառայությունը 2013 թվականի հուլիսի 30-ից երկարաձգվել է հինգ տարի ժամկետով:
Սերժ Սարգսյանի այլ հրամանագրերով, գնդապետ Առաքել Մարտիկյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի կազմակերպչական-զորահավաքային վարչության պետի պաշտոնից: Այդ պաշտոնում նշանակվել է գեներալ-մայոր Կամո Քոչունցը, ով ազատվել է ՀՀ ՊՆ հինգերորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից:
Գեներալ-մայոր Հովիկ Օհանյանն ազատվել է ՀՀ ՊՆ երկրորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից: Այդ պաշտոնում նշանակվել է գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը՝ ազատվելով ՀՀ ՊՆ չորրորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից: Իսկ գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը նշանակվել է ՀՀ ՊՆ չորրորդ բանակային կորպուսի հրամանատար:
Երևանի քաղաքապետը հանդիպել է Ստեփանակերտի քաղաքապետի հետ
Երևանի և Ստեփանակերտի միջև հարաբերությունների ընդլայնման և փոխշահավետ համագործակցության նպատակով 2012 թվականի սեպտեմբերին ստորագրված համաձայնագրի շրջանակում իրականացված աշխատանքների ընթացքի հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հանդիպման ժամանակ:
Ողջունելով գործընկերոջը՝ Տարոն Մարգարյանը գոհունակություն է հայտնել անցած ժամանակահատվածում աշխատանքային խմբերի կողմից իրականացված աշխատանքներից և ընդգծել, որ նախանշված բոլոր առաջնահերթությունները շատ կարճ ժամանակում ծրագրային ընթացք են ստացել և երկու մայրաքաղաքների միջև այսօր քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում զգալի աշխատանքներ են իրականացվում:
<<Ստեփանակերտի հետ մեր հարաբերությունների ընդլայնումն ու ամրապնդումը մեզ համար ոչ միայն գործնական, այլև բարոյական մեծ նշանակություն ունի: Եվ մենք անում ենք հնարավորը, որպեսզի քաղաքային տնտեսության կառավարման տարբեր ոլորտներում Ստեփանակերտը ևս կարողանա ունենալ նշանակալի զարգացումներ>>,- նշել է Տարոն Մարգարյանը:
Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն իր հերթին նախ շնորհավորել է Տարոն Մարգարյանին Երևանի քաղաքապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և մաղթել է նրան նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ Երևանի կառավարման գործում: Անդրադառնալով Երևանի և Ստեփանակերտի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությանը՝ Սուրեն Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը համատեղ ծրագրերի իրականացման հարցում մշտական ուշադրության ու հետևողականության համար: Առանձնակի կարևորելով Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների միջև 2012-2014թթ. համագործակցության ծրագրի շրջանակներում իրականացվող գործնական քայլերը՝ Ստեփանակերտի քաղաքապետը նաև նկատել է, որ վերջերս Արցախում կազմակերպված համատեղ մարզաառողջարարական հետիոտն ճանաչողական արշավի անցկացումը ևս լրացուցիչ խթան կհանդիսանա երկու մայրաքաղաքների միջև համագործակցությունն էլ ավելի ընդլայնելու հարցում:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Երևանի և Ստեփանակերտի միջև ստորագրված բարեկամության համաձայնագրի հետագա ծրագրերի հետ կապված հարցեր:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Տիգրան Սարգսյանն աշխատանքային ճաշ է ունեցել ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեայի կազմակերպած աշխատանքային ճաշին, որին մասնակցել են նաև ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դեսպանները:
ԵՄ դեսպանների խնդրանքով վարչապետն անդրադարձել է վերջերս Ազգային ժողովի կողմից հաստատված ՀՀ կառավարության գործունեության ծրագրին՝ մանրամասն ներկայացնելով հիմնական առաջնայնություններն ու խնդիրները:
Մտքեր են փոխանակվել ՀՀ կառավարության կողմից իրականացվող գյուղի զարգացմանը, ինչպես նաև հակակոռուպցիոն ռազմավարությանն ուղղված աշխատանքների շուրջ:
Նախագահը դիվանագիտական աստիճաններ է շնորհել
Նախագահը հրամանագիր է ստորագրել դիվանագիտական աստիճան շնորհելու մասին: Հրամանագրում ասված է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհել՝
Արմեն ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ Եգիպտոսի Արաբական Հանրապտությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Միքայել ՄԻՆԱՍՅԱՆԻՆ Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Հրանտ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան շնորհել՝
Լևոն ԱՄԻՐՋԱՆՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչության պետի պաշտոնակատար
Արմեն ԵԳԱՆՅԱՆԻՆ Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Արմեն ԼԻԼՈՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության խորհրդական
Սարգիս ՂԱԶԱՐՅԱՆԻՆ Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Տիգրան ՄԿՐՏՉՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի խորհրդական
Արմեն ՊԱՊԻԿՅԱՆԻՆ Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ
Գևորգ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար»։
Նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իսպանիայի նորանշանակ դեսպանը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Խոսե Իգնասիո Կարբախալ Գարատեն (նստավայրը՝ Մոսկվա):
Շնորհավորելով դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը ցանկանում է Ւսպանիայի հետ հարաբերությունները զարգացնել բոլոր ուղղություններով՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, ինչի վկայությունն է նաև 2010թ. Մադրիդում ՀՀ դեսպանության գործունեությունը:
Դեսպան Խոսե Իգնասիո Կարբախալ Գարատեն վստահեցրել է, որ կանի ամեն հնարավորը երկու պետությունների միջև տարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու և հարաբերություններն առավել սերտացնելու համար:
Հանդիպմանը երկուստեք կարևորվել է Հայաստանի տնտեսության մեջ իսպանական կապիտալի և ընկերությունների ներկայացվածության ընդլայնումը, մշակութային և զբոսաշրջային ոլորտներում փոխանակումների աշխուժացումը, համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում:
Տարոն Մարգարյանը հանդիսավոր երդմնակալությամբ ստանձնել է Երևանի քաղաքապետի պարտականությունները
Հունիսի 11-ին հրավիրված Երևանի ավագանու հանդիսավոր նիստում տեղի է ունեցել Երևանի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությունը։ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Երևանի քաղաքապետն իր լիազորություններն ստանձնում է ընտրվելուց հետո, օրենքով սահմանված կարգով, երրորդ օրացուցային օրը հրավիրված ավագանու նիստում` Երևանի բնակիչներին տրված երդմամբ:
Նույն օրենքի համաձայն՝ ավագանու նիստը վարել է Երևանի ավագանու ամենատարեց անդամ Աստղիկ Գևորգյանը։ Երդմնակալության արարողությանը ներկա են եղել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին 2-րդ Ամենայն Հայոց կաթողիկոսը, ՀՀ ԱԺ նախագահը, ՀՀ վարչապետը, Սահմանադրական դատարանի նախագահը, Երևանի նախկին քաղաքապետներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական և մշակութային գործիչներ։
Երևանի 54-րդ քաղաքապետ Տարոն Մարգարյանը երդվել է քաղաքապետի լիազորություններն իրականացնելու ընթացքում պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, Երևանի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել Երևանի քաղաքապետի լիազորությունները, ծառայել Երևանի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների:
Այնուհետ Երևանի պատվավոր քաղաքացի, Երևանի ավագանու անդամ Մարտին Վարդազարյանը Երևանի քաղաքապետի խորհրդանիշ լանջաշղթան հանձնել է նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանին։
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, շնորհավորելով Երևանի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանին, Երևանի ավագանու բոլոր անդամներին, քաղաքապետարանի աշխատակազմին՝ ավագանու և քաղաքապետի ընտրությունների բարեհաջող ավարտի և նոր պատասխանատվություն ստանձնելու կապակցությամբ, համոզվածություն է հայտնել, որ այդ պատասխանատու աշխատանքը նրանք կատարելու են պատվով:
Ընդգծելով, որ Հանրապետական կուսակցությունը վստահել է Տարոն Մարգարյանին՝ Երևանի ավագանու ընտրություններում գլխավորել իր ցուցակը, Նախագահը շնորհակալություն է հայտնել բոլոր երևանցիներին՝ Տարոն Մարգարյանին նույնպիսի վստահությամբ վերաբերվելու համար: Նորընտիր քաղաքապետին երևանցիները վստահեցին, քանի որ, ըստ Հանրապետության Նախագահի, նախորդ երկու տարիների ընթացքում Տարոն Մարգարյանն իրեն դրսևորեց որպես համեստ, ազնիվ, մարդամոտ և Երևանի պրոբլեմներով մտահոգ քաղաքապետ:
«Բոլոր ընտրություններից հետո առնվազն գալիս են պատասխանատվության և տքնաջան աշխատանքի պահերը, և ես համոզված եմ, որ հիմա ճիշտ ժամանակն է, որպեսզի Տարոն Մարգարյանը և իր թիմակիցներն ավելացնեն իրենց եռանդը, ջանքերը, որպեսզի զարգացնեն այն որակները, ինչի մասին ես հիմա ասացի»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Անդրադառնալով մայրաքաղաքի խնդիրներին՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ չկան անլուծելի և լուծելի խնդիրներ, կան դժվար և աշխատանքով լուծվող խնդիրներ: Նախագահը համոզվածություն է հայտնել, որ եթե Տարոն Մարգարյանը, իր թիմակիցները, Երևանի ավագանին շարունակեն վայելել երևանցիների վստահությունը, ապա նրանք շատ բան կարող են անել. քաղաքացիների վստահությամբ, իրոք, շատ խնդիրներ կարելի է լուծել: Իբրև օրինակ, Հանրապետության Նախագահը ներկայացրել է քաղաքապետի և ավագանու տքնաջան աշխատանքի շնորհիվ ու երևանցիների օգնությամբ մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի հարյուրավոր բակեր իրենց օրինական տերերին՝ բնակիչներին և առաջին հերթին երեխաներին վերադարձնելը՝ այդպիսով վերստին շահելով երևանցիների վստահությունը: 90-ական թվականների սկզբներին, Սերժ Սարգսյանի խոսքով, այդ բակերում տեղադրված բազմաթիվ ավտոտնակները, բանջարանոցների վերածված կամ այլ նպատակներով օգտագործվող խաղահրապարակներն իրենց բուն նշանակությանը վերադարձնելու հարցում երևանցիները թերահավատ էին՝ մտածելով, որ եթե հանեն իրենց ավտոտնակը, ապա դրա փոխարեն մի պետական պաշտոնյա կամ մի մեծահարուստ իր ավտոտնակը պետք է այդտեղ տեղադրի: Վերջին տարիներին իրականացված աշխատանքները նկատի առնելով՝ Նախագահ Սերժ Սարգսյանը համոզվածություն է հայտնել, որ ապագա չորս տարիների ընթացքում Երևանում չի լինելու անբարեկարգ բակ, որովհետև գործընթացը շարունակվում է և Երևանի քաղաքապետարանը գնալով ավելացնելու է սեփական միջոցների հավաքագրումը, ավելանալու են պետության կողմից տրվող միջոցներն, ուստի, այդ պարագաներում խնդիրը կարելի է գրեթե լուծված համարել: «Ես ակնկալում եմ, որ գոնե երրորդ տարվա վերջին Տարոն Մարգարյանը կարող է բարձրաձայն ասել, որ Երևանում այլևս անխնամ ու անբարեկարգ բակ չկա: Իհարկե, ես այսօր չեմ պատրաստվում թվարկել Երևանում առկա բոլոր խնդիրները: Ես հավատում եմ, որ Երևանի ավագանին նոր ուժերով կարողանալու է մեր բոլորի կողմից սիրված Երևանը դարձնել ավելի հարմարավետ, ավելի հաճելի, ավելի գեղեցիկ և՛ երևանցիների համար, և՛ իր հյուրերի համար»,- ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը և հաջողություն մաղթել նորընտիր քաղաքապետին, Երևանի ավագանու անդամներին և քաղաքապետարանի աշխատակազմին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Երևանի նորընտիր քաղաքապետի երդմնակալության արարողությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Երևանի ավագանու հատուկ նիստում Երևանի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտոնը ստանձնելու երդման հանդիսավոր արարողությանը:
Նախագահը շնորհավորել է Տարոն Մարգարյանին, Երևանի ավագանու բոլոր անդամներին, քաղաքապետարանի աշխատակազմին՝ ավագանու և քաղաքապետի ընտրությունների բարեհաջող ավարտի և նոր պատասխանատվություն ստանձնելու կապակցությամբ, համոզվածություն հայտնել, որ այդ պատասխանատու աշխատանքը նրանք կատարելու են պատվով:
Ընդգծելով, որ Հանրապետական կուսակցությունը վստահել է Տարոն Մարգարյանին՝ Երևանի ավագանու ընտրություններում գլխավորել իր ցուցակը, Նախագահը շնորհակալություն է հայտնել բոլոր երևանցիներին՝ Տարոն Մարգարյանին նույնպիսի վստահությամբ վերաբերվելու համար: Նորընտիր քաղաքապետին երևանցիները վստահեցին, քանի որ, ըստ Հանրապետության Նախագահի, նախորդ երկու տարիների ընթացքում Տարոն Մարգարյանն իրեն դրսևորեց որպես համեստ, ազնիվ, մարդամոտ և Երևանի պրոբլեմներով մտահոգ քաղաքապետ:
«Բոլոր ընտրություններից հետո առնվազն գալիս են պատասխանատվության և տքնաջան աշխատանքի պահերը, և ես համոզված եմ, որ հիմա ճիշտ ժամանակն է, որպեսզի Տարոն Մարգարյանը և իր թիմակիցներն ավելացնեն իրենց եռանդը, ջանքերը, որպեսզի զարգացնեն այն որակները, ինչի մասին ես հիմա ասացի»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Անդրադառնալով մայրաքաղաքի խնդիրներին՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ չկան անլուծելի և լուծելի խնդիրներ, կան դժվար և աշխատանքով լուծվող խնդիրներ: Նախագահը համոզվածություն է հայտնել, որ եթե Տարոն Մարգարյանը, իր թիմակիցները, Երևանի ավագանին շարունակեն վայելել երևանցիների վստահությունը, ապա նրանք շատ բան կարող են անել. քաղաքացիների վստահությամբ, իրոք, շատ խնդիրներ կարելի է լուծել: Իբրև օրինակ, Հանրապետության Նախագահը ներկայացրել է քաղաքապետի և ավագանու տքնաջան աշխատանքի շնորհիվ ու երևանցիների օգնությամբ մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի հարյուրավոր բակեր իրենց օրինական տերերին՝ բնակիչներին և առաջին հերթին երեխաներին վերադարձնելը՝ այդպիսով վերստին շահելով երևանցիների վստահությունը: 90-ական թվականների սկզբներին, Սերժ Սարգսյանի խոսքով, այդ բակերում տեղադրված բազմաթիվ ավտոտնակները, բանջարանոցների վերածված կամ այլ նպատակներով օգտագործվող խաղահրապարակներն իրենց բուն նշանակությանը վերադարձնելու հարցում երևանցիները թերահավատ էին՝ մտածելով, որ եթե հանեն իրենց ավտոտնակը, ապա դրա փոխարեն մի պետական պաշտոնյա կամ մի մեծահարուստ իր ավտոտնակը պետք է այդտեղ տեղադրի: Վերջին տարիներին իրականացված աշխատանքները նկատի առնելով՝ Նախագահ Սերժ Սարգսյանը համոզվածություն է հայտնել, ապագա չորս տարիների ընթացքում Երևանում չի լինելու անբարեկարգ բակ, որովհետև գործընթացը շարունակվում է՝ գնալով Երևանի քաղաքապետարանն ավելացնելու է սեփական միջոցների հավաքագրումը, պետության կողմից տրվող միջոցներն ավելանալու են, ուստի, այդ պարագաներում խնդիրը կարելի է գրեթե լուծված համարել: «Ես ակնկալում եմ, որ գոնե երրորդ տարվա վերջին Տարոն Մարգարյանը կարող է բարձրաձայն ասել, որ Երևանում այլևս անխնամ ու անբարեկարգ բակ չկա: Իհարկե, ես այսօր չեմ պատրաստվում թվարկել Երևանում առկա բոլոր խնդիրները: Ես հավատում եմ, որ Երևանի ավագանին նոր ուժերով կարողանալու է մեր բոլորի կողմից սիրված Երևանը դարձնել ավելի հարմարավետ, ավելի հաճելի, ավելի գեղեցիկ և՛ երևանցիների համար, և՛ իր հյուրերի համար»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը և հաջողություն մաղթել նորընտիր քաղաքապետին, Երևանի ավագանու անդամներին և քաղաքապետարանի աշխատակազմին:
ԱԳ նախարարի տեղակալ Հովակիմյանն ընդունեց Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրենի տեղակալին
Հունիսի 10-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ընդունեց Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տնօրենի տեղակալ, միջուկային էներգիայի ստորաբաժանման տնօրեն Ալեքսանդր Բիչկովին:
Զրուցակիցները գոհունակությամբ նշեցին, որ Հայաստանի եւ ԱԷՄԳ միջեւ հարաբերությունները բարձր մակարդակի վրա են եւ ունեն ընդլայնման եւ խորացման ուղղվածություն:
Կարեւորելով իր առաջին այցը Հայաստան` Ալեքսանդր Բիչկովը նշեց, որ արդյունավետ հանդիպումներ է ունեցել իր հայաստանցի գործընկերների հետ: Նա կարեւորեց, որ Հայաստանը կարողացել է զարգացնել սեփական ատոմային էներգետիկան եւ Հայաստանի օրինակը ուսանելի է այն պետությունների համար, որոնք նոր են ընթանում այդ ոլորտի զարգացման ճանապարհով:
Իր հերթին փոխնախարար Հովակիմյանը շեշտեց, որ Հայաստանը կարեւորում է ԱԷՄԳ հետ հարաբերությունների հետագա սերտացումը` խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի զարգացման, ՀԱԷԿ-ի միջուկային անվտանգության ապահովման, տեխնիկական համագործակցության խորացման եւ հայկական ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկի կառուցման տեսանկյուններից:
ԱԳ նախարարի տեղակալը նաեւ շնորհակալություն հայտնեց ԱԷՄԳ կողմից Հայաստանին տրամադրվող տեխնիկական աջակցության եւ հայ մասնագետների շարունակական վերապատրաստման ընձեռված հնարավորությունների համար:
Իսպանիայի դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարարին
Հունիսի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Իսպանիայի թագավորության նորանշանակ դեսպան Խոսե Իգնասիո Կարբախալ Գարատեին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Շնորհավորելով դեսպանին՝ նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանը իր փորձը և գիտելիքները կներդնի ի նպաստ հայ-իսպանական բարեկամական հարաբերությունների զարգացման:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Կարբախալ Գարատեն վստահեցրեց, որ նպատակադրված է գործուն քայլեր ձեռնարկել երկկողմ համագործակցության ընդլայնման համար։
Զրույցի ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացման, միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացման, առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման, գիտակրթական փոխանակումների և մշակութային կապերի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր: Այս առումով կարևորվեց Իսպանիայի ԱԳ նախարարի հրավերով մոտակայում ՀՀ արտգործնախարարի Մադրիդ կատարելիք այցելությունը:
Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի նորանշանակ դեսպանին
Ս.թ. հունիսի 8-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ ընդունել է Ռուսաստանի Դաշնության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին:
Հանդիպման ընթացքում կողմերը, բարձր գնահատելով պաշտպանության ոլորտում հայ-ռուսական փոխհարաբերությունների մակարդակը, իրենց վստահությունն են հայտնել ռազմավարական դաշնակից երկու պետությունների միջև համագործակցության զարգացման հեռանկարների վերաբերյալ:
Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետին
Վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին՝ Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն իրականացնող վրացի զինծառայողների սպանության կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Ձերդ գերազանցություն,
Հայաստանի կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ և վրաց ժողովրդին` ահաբեկչության հետևանքով Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն իրականացնող վրացի զինծառայողների զոհվելու կապակցությամբ:
Մենք խստորեն դատապարտում ենք անհանդուրժողականության և ահաբեկչության ցանկացած դրսևորում և այս դժվարին պահին կիսում վրաց բարեկամ ժողովրդի վիշտը»,-ասված է հեռագրում:
Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ինֆոֆորում-Եվրասիա/ՍԻԹԻ» համաժողովին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ն, «ԲԻԱ էսֆերա» ընկերության աջակցությամբ, հունիսի 6-ից 7-ը Մոսկվայի կառավարության տանը մասնակցել է տեղեկատվական անվտանգության եւ տեղեկատվական փոխգործակցության «Ինֆոֆորում-Եվրասիա/ՍԻԹԻ» 9-րդ համաժողովին:
Համաժողովի շրջանակում կազմակերպված «Խելացի եւ ապահով քաղաք» (Smart & secure city ) ցուցահանդեսում երեւանյան պատվիրակությունը ներկայացրել է <<Քաղաքային տրանսպորտի էլեկտրոնային չվացուցակների բազմաֆունկցիոնալ համակարգի>> միասնական լուծումը:
Համաժողովին եւ ցուցահանդեսին մասնակցել են պատվիրակություններ ՌԴ 83 սուբյեկտներից, ինչպես նաեւ ԱՊՀ եւ Եվրասիական տարածաշրջանից հրավիրված այլ երկրներից:
Երևանի տաղավարում ներկայացված նախագիծը մեծապես հետաքրքրել է մասնակիցներին: Համաժողովի ընթացքում քննարկվել են ներկայացված նախագիծն այլ քաղաքներում ներդնելու եւ հնարավոր համագործակցության հարցեր:
Նշենք, որ նման միջոցառումներին Երևանի մասնակցությունը կնպաստի նաև քաղաքի վարկանիշի բարձրացմանը:
Համաժողովի ավարտին երևանյան պատվիրակության անդամները պարգևատրվել են դիպլոմներով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն




