ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով մայիսի 29-ի երեկոյան քառօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահ Ալի Ֆահդ Ալ-Ռաշիդի գլխավորած պատվիրակությունը:
ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի տեղեկացնում են, որ այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, ՀՀ ԱԺ Հայաստան-Քուվեյթ բարեկամության խմբի անդամների հետ: Պատվիրակությունը կհանդիպի նաեւ ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ: Նախատեսված է նաեւ մշակութային ծրագիր:
Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ Հայոց ցեղասպանության թանգարան:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արքայազն Չարլզի հետ, ով Հայաստանում է գտնվում «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հրավերով:
Սերժ Սարգսյանը ողջունել է արքայազնին Հայաստանում, որտեղ, ըստ Նախագահի, նա հնարավորություն ունի ծանոթանալու մեր երկրին, ժողովրդին, մեր պատմամշակութային ժառանգությանը: Ընդգծելով, որ հայ-բրիտանական հարաբերությունները երկար դարերի պատմություն ունեն, և հայ ժողովուրդը ջերմորեն է վերաբերվում բրիտանացի ժողովրդին ու արքայական ընտանիքին՝ Հանրապետության Նախագահը խնդրել է իր ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցել Նորին Մեծություն Թագուհի Եղիսաբեթ Երկրորդին: Սերժ Սարգսյանը նշել է, որ հաճելի զգացումներ և հիշողություններ է պահպանել 2010թ. Լոնդոնում Նորին Մեծության և արքայազնի հետ հանդիպումներից: «Ձեր նկատմամբ մեր ժողովրդի վերաբերմունքն առանձնահատուկ է, և դա պայմանավորված է նաև նրանով, որ Դուք բարեգործական մեծ գործունեություն եք ծավալում: Դրա վառ վկայությունը «Երևան, իմ սեր» ծրագրին Ձեր ակտիվ մասնակցությունն է և Ձեր ներդրումը»,-արքայազն Չարլզին ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը: Հանրապետության Նախագահը նաև շնորհակալություն է հայտնել «Երևան, իմ սեր» բարեգործական ծրագրի հիմնադիր, մեր հայրենակից Արմեն Սարգսյանին՝ այդ ծրագիրը նախաձեռնելու և Նորին Արքայական Մեծություն Ուելսի արքայազն Չարլզի այցը Հայաստան կազմակերպելու համար:
Արքայազն Չարլզը շնորհակալություն է հայտնել Նախագահին ջերմ հյուրընկալության, իսկ Արմեն Սարգսյանին՝ հրավերի համար և կարևորել «Երևան, իմ սեր» բարեգործական ծրագիրը, ինչպես նաև Դիլիջանում կառուցվող միջազգային դպրոցի ծրագիրը, նշելով, որ շուրջ 14 տարի եղել է «Աշխարհի միավորված քոլեջներ» կոնսորցիումի նախագահը: Արքայազնը շեշտել է, որ բարձր է գնահատում կրթության և երիտասարդության զարգացմանն ուղղված ծրագրերին Հայաստանի Հանրապետությունում հատկացվող ուշադրությունը և պատրաստակամություն է հայտնել ընդլայնելու երիտասարդ ձեռներեցներին աջակցության իր ծրագիրը նաև Հայաստանում:
Հանդիպմանն անդրադարձ է եղել հայ-բրիտանական բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը, երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության խորացմանը վերաբերող հարցերի:
Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարում էր Արմեն Երիցյանը. այս մասին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Խորհրդակցության ընթացքում ՓԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված արտակարգ դեպքերի ու ձեռնարկված միջոցառումների մասին։ Բացի այդ` կազմակերպվել է պատանի հրշեջ-փրկարարների առաջնություն, որի արդյունքում ընտրված լավագույն մասնակիցներից կազմված հավաքական թիմն ամռանը կմեկնի Բելառուս` մասնակցելու փրկարարների միջազգային մանկապատանեկան հավաքին։
ՍՊԾ գործակալության պետ Հ. Պետրոսյանը տեղեկացրեց, որ հունիսին Մոսկվայի Երկրի ֆիզիկայի ինստիտուտի մասնագետները կժամանեն Հայաստան` տեղում ուսումնասիրելու Գառնու դիտարանի սարքերի վիճակն ու քննարկելու դրանց վերագործարկման տարբերակները։
Խորհրդակցության ընթացքում ԱԻ նախարարը հանձնարարեց հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությանն ավելի խստացնել անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ հսկողությունը բազմամարդ օբյեկտներում։
«Ռոստելեկոմի» հետ համագործակցության արդյունքում մարզպետարաններում և ԱԻՆ մարզային ՃԿԿ-ներ-ում շուտով կներդրվի վիդեոկոնֆերանս համակարգ: Այն թույլ կտա արտակարգ իրավիճակների դեպքում օպտիկական մալուխներով ստեղծվող ցանցի օգնությամբ վիդեոկոնֆերանսներ անցկացնել` առցանց:
ԱԻՆ անձնակազմի կառավարման բաժնին հանձնարարվեց Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի լավագույն շրջանավարտներին ապահովել աշխատանքով։
Ա. Երիցյանին զեկուցեցին, որ աղետների բժշկության թեմայով դաշտային վարժանքներ են նախապատրաստվում Գեղարքունիքի մարզում։
Նախարարը հանձնարարեց խրախուսման ներկայացնել ԱԻ նախարարի գլխավոր խորհրդական Օ. Ավանեսյանին, ԱՌՆԱՊ հիմնադրամի տնօրեն Մ. Պողոսյանին, ՓԾ օպերատիվ կառավարման վարչության պետ Ա. Ցոլակյանին, ծառայության կազմակերպման վարչության պետ Ա. Խաչիկյանին և ՃԿԿ պետ Հ. Խանգելդյանին` արդյունավետ աշխատանքի և բարեխիղճ ծառայության համար։
Մայիսի 19-23-ը Շվեյցարիայի մայրաքաղաք Ժնևում տեղի ունեցավ ԱՌՆ Գլոբալ պլատֆորմի 4-րդ նստաշրջանը, որին մասնակցում էր հայկական պատվիրակությունը` ԱԻ նախարար Ա. Երիցյանի գլխավորությամբ։ Նստաշրջանի ընթացքում հայկական պատվիրակությունն ունեցել է բազմաթիվ հանդիպումներ և ձեռք բերել հետագա համագործակցության լուրջ պայմանավորվածություններ։
Վաղը` մայիսի 30-ին, վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Բելառուսի Հանրապետություն` Մինսկ քաղաքում մասնակցելու Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին։
Կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, պաշտոնատար այլ անձինք։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը Հանրապետության տոնն անցկացրել է Շիրակի մարզում: Տիգրան Սարգսյանի և «Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինի մասնակցությամբ Գյումրիում բացվել են վերակառուցված վագոնային վերանորոգման և լոկոմոտիվային դեպոները:
Տիգրան Սարգսյանը նախ շնորհավորել է բոլորին Հանրապետության տոնի կապակցությամբ և նշել, որ առաջին հանրապետության ստեղծումը մեծ նշանակություն է ունեցել հայ ժողովրդի համար, քանի որ այդպիսով սկիզբ է դրվել մեր նորագույն պատմությանը:
Անդրադառնալով Հայաստանի երկաթուղային համակարգի զարգացմանը՝ վարչապետը շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Յակունինին՝ «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ի կոնցեսիոն կառավարումն արդյունավետ իրականացնելու համար: «Տարեցտարի աճում են և բեռնափոխադրումների, և ուղևորափոխադրումների ծավալները: Մեծ աշխատանքներ են տարվում նաև երկաթուղային ճանապարհների վերանորոգման ուղղությամբ: Մեր աչքերի առջև աստիճանաբար զարգանում է Հայաստանի երկաթուղային համակարգը, ինչը հայ-ռուսական հարաբերությունների զարգացման և ամրապնդման ևս մեկ օրինակ է»,- նշել է կառավարության ղեկավարը:
Գյումրու լոկոմոտիվային դեպոյի վերակառուցման հիմնական աշխատանքները սկսվել են 2010 թվականից, որի համար ներդրվել է 93,5 մլն ռուբլի, ևս 48,4 մլն գումար ուղղվել է շարժակազմի նորոգմանն ու տեխնոլոգիական սարքավորումների ձեռքբերմանը: Լոկոմոտիվային դեպոյի սարքավորումների պարկն էապես թարմացվել է, գնվել են 25 միավոր հիմնական և 6 միավոր ախտորոշման սարքավորումներ: Ներկայում ստեղծված են անիվային զույգերի, էլեկտրական շարժիչների վերանորոգման ու օդային պահեստավորման փորձարկման համար նախատեսված նոր տեղամասեր: Այս ամենը թույլ կտա բարձրացնել լոկոմոտիվային դեպոյում իրականացվող աշխատանքների որակը` այսպիսով բարձրացնելով Հայաստանում երկաթուղու անվտանգ երթևեկության մակարդակը:
Վագոնային վերանորոգման դեպոյի վերակառուցման համար ներդրվել է 35,1 մլն ռուբլի, գնվել են 20 մլն ռուբլու տեխնոլոգիական սարքավորումներ:
Այնուհետև, Տիգրան Սարգսյանն այցելել է Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի գլխավոր մասնաշենք` ծանոթացել վերջինիս հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Վարչապետին վստահեցվել է, որ շինաշխատանքներն ընթանում են ըստ նախանշված ժամանակացույցի և բարձր որակով: Նախատեսվում է շինաշխատանքներն ավարտին հասցնել 2013 թվականի վերջին: Արդեն իսկ միջազգային տարբեր ընկերություններից տեխնոպարկում գործունեություն ծավալելու հայտեր են ստացվել:
Իր հերթին, միջազգային D-Link ընկերությունը տեխնոպարկին կից մտադիր է նոր կառույց հիմնել, որտեղ կտեղակայվեն ընկերության մասնաճյուղերը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, մասնակցել՝ Հանրապետության օրվան նվիրված տոնակատարությանը և իր շնորհավորական խոսքը հղել Հանրապետության տոնի առթիվ:
Սարդարապատում տոնի կապակցությամբ տեղի է ունեցել զորահանդես, Պատվո պահակախումբը հանդես է եկել ցուցադրական ելույթով, որից հետո Նախագահը ծաղկեպսակ է դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ
Վեհափա՛ռ Տեր,
Պարոնա՛յք գեներալներ, սպաներ, զինվորներ,
Սիրելի՛ քույրեր ու եղբայրներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հանրապետության տոնի կապակցությամբ:
95 տարի առաջ Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում և մանավանդ այստեղ՝ Սարդարապատում մենք ճակատագրական քննություն էինք հանձնում: Հանձնում էինք ազգովին՝ մեծով ու փոքրով, հոգևորականով ու զինվորականով, դաշնակցականով ու կոմունիստով, պաշտոնյայով ու շինականով: Բոլորո՛վ: Պատմական Հայաստանի գոնե մի փոքր մասի գոյության համար կռվում էր հայրենաբնակ հայության վերջին հատվածը: Այստեղ մենք դիմագրավեցինք և հետ շպրտեցինք թշնամուն, որի ռասիզմի և հակահայ ծրագրերի մասին աշխարհում ոչ ոք այլևս չուներ ո՛չ պատրանքներ և ո՛չ էլ կասկածներ: Այստեղ Արևելյան Հայաստանի հայությունը փրկվեց վերահաս աղետից: Օսմանյան Թուրքիայում սկիզբ առած Մեծ եղեռնը, որ հետևողականորեն շարունակվում էր ու տարածվում, կասեցվեց այստեղ՝ շնորհիվ մեր միասնական ոգու:
Եթե շատ ազգերի համար անկախության հռչակումը քաղաքական ակտ էր և նույնիսկ՝ հանդիսավոր արարողություն, ապա մեզ համար այն ծանր երկունք էր: Մենք նույնիսկ չգիտեինք, որ մայիսյան հերոսամարտերից մեկ-երկու օր անց անկախություն ենք հռչակելու: Հայաստանի պետականությունը մենք կերտում էինք ուղղակի կռվի դաշտում՝ մեծագույն զոհողությունների ու կորուստների գնով: Արյամբ ու հավատով, իրար թիկունք պահելով ու առաջ նայելով: Միասին:
1918 թվականի մայիսի 28-ը արձանագրումն է մեր ֆիզիկական փրկության և քաղաքական վերածննդի: Արձանագրումն է մեր ժողովրդի արիության ու բազկի ուժի, ինչը հետագայում փառահեղորեն դրսևորվեց նաև Մեծ հայրենականի ճակատներում ու Արցախյան գոյամարտում: Եվ այսօր այստեղ՝ Սարդարապատում կանգնած հայ զինվորի խրոխտ քայլերթն ու հաղթական ոգին լավագույն ապացույցն են այն բանի, որ մենք գիտենք լինելու ու հաղթելու բանաձևը:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Ինչո՞ւ ենք մենք այստեղ հուշարձան կանգնեցրել և ինչո՞ւ ենք պարբերաբար գալիս այստեղ: Սևակն ասում էր. «Սերունդնե՛ր, դուք ձեզ ճանաչեք Սարդարապատից»: Մենք կարիք ունենք հիշելու և հիշեցնելու, երիտասարդ սերունդներին նաև փոխանցելու կարևոր պատգամներ, որ մեզ թողել են Մայիսի 28-ը նախապատրաստողներն ու կերտողները:
Եղե՛ք միասնական:
Եղեք՛ պետականորեն կազմակերպված:
Ապավինե՛ք սեփական ուժերին:
Այս պարագայում մենք ի զորու ենք ոչ միայն վերականգնել դարերով ընդմիջված պետականությունն ու անկախությունը, այլև այդ պետությունը տանել դեպի լուրջ բարձունքներ: Դրանց մեկնարկը տրվել է այստեղ, և այսօր մենք այստեղ կանգնած ենք բաց ճակատով՝ որպես ազատ ու անկախ երկրի հպարտ քաղաքացիներ, որպես հերոս պապերի ժառանգորդներ:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս փառահեղ տոնի կապակցությամբ: Մեր ժողովրդին մաղթում եմ երջանկություն և հաջողություններ, իսկ մեր երկրին՝ խաղաղություն և վերելք:
Փա՛ռք մայիսյան հերոսամարտը կերտած հայ ժողովրդին:
Փա՛ռք Հայաստանի Հանրապետությանը:
Փա՛ռք Հայաստանի Հանրապետության զինված ուժերին:
Ուռա՜:
ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակովՂրղզստանի մայրաքաղաքում աշխատանքային այցելությամբ գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 27-ին երկկողմ հանդիպումներ ունեցավ։
Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Սերգեյ Լավրովի հանդիպման ժամանակ հանգամանալից քննարկվեցին հայ – ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային հարցեր՝ երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, միջազգային ու տարածաշրջանային խնդիրներ, անդրադարձ կովկասյան տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցերին:
Բիշքեկում տեղի ունեցավ նախարար Նալբանդյանի և Ղրղզստանի ԱԳ նախարար Էրլան Աբդիլդաևի հանդիպումը, որի ժամանակ բովանդակային քննարկում տեղիունեցավ երկկողմ հարաբերությունների ամրապնդման՝ բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման,իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների անցկացման, տնտեսական փոխգործակցության խթանման, միջազգային կազմակերպությունների ձևաչափերում համագործակցության խթանման շուրջ։
Բանակցությունների օրակարգում էին ՀԱՊԿ ղրղզական նախագահության առաջնահերթությունները և կազմակերպության գործունեության ոլորտներին և ուղղություններին առնչվող տարբեր հարցեր։
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:
Նախագահը շնորհավորել է ՌԴ նորանշանակ դեսպանին, հաջողություններ մաղթել այդ բարձր ու պատասխանատու պաշտոնում և հույս հայտնել, որ իր գործունեության ժամանակահատվածում դեսպան Վոլինկինն առավելագույն ջանքեր կներդնի հայ-ռուսական բարձր մակարդակի քաղաքական հարաբերությունների առավել ամրապնդման ու փոխգործակցության ընդլայնման գործում: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ մեր երկրի հարաբերությունները տարեցտարի խորանում են բոլոր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, ռազմա-տեխնիկական, հումանիտար, հաջողությամբ է զարգանում համագործակցությունը ՀԱՊԿ, ԱՊՀ, ինչպես նաև միջազգային տարբեր կազմակերպությունների շրջանակներում:
ՌԴ նորանշանակ դեսպանը վստահեցրել է, որ իր գլխավորությամբ դեսպանության ամբողջ անձնակազմը կանի ամեն հնարավորը՝ ի նպաստ Ռուսաստանի և եղբայրական Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման:
Նշելով, որ ռուս-հայկական ռազմավարական գործընկերությունն առանձնանում է փոխըմբռնման աննախադեպ մակարդակով, դեսպան Վոլինկինն ընդգծել է, որ երկկողմ հարաբերությունների բարձր դինամիկան նպաստում է հարուստ և կառուցողական քաղաքական երկխոսությանը, որի զարգացման գործում մեծ դեր ունեն երկու պետությունների ղեկավարների մակարդակով մշտական քաղաքական երկխոսությունը, տարբեր մակարդակի հաճախակի շփումներն ու փոխայցելությունները:
Մայիսի 24-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Կոնստանտին Օբոլենսկուն՝ առաքելության ավարտի կապակցությամբ։
Նախարար Նալբադյանը բարձր գնահատեց Հայաստանի և Շվեյցարիայի միջև հաստատված բարձր մակարդակի փոխհարաբերությունները, ընդգծելով, որ դեսպան Օբոլենսկին իր ուրույն ներդրումն ունի վերջին տարիներին երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում։
Շնորհակալություն հայտնելով իր առաքելության ընթացքում ցուցաբերած աջակցության և իր աշխատանքի գնահատականի համար՝ դեսպան Օբոլենսկին նշեց, որ միշտ ջերմությամբ է հիշելու Հայաստանում անցկացրած տարիները։
Նախարար Նալբանդյանն ու դեսպան Օբոլենսկին մտքեր փոխանակեցին հայ-շվեյցարական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցերի շուրջ։
Հաջողություն մաղթելով Կոնստանտին Օբոլենսկուն իր հետագա դիվանագիտական աշխատանքում՝ նախարար Նալբանդյանը՝ ի գնահատումն հայ-շվեյցարական հարաբերությունների ամրապնդման և ընդլայնման գործում ունեցած ներդրման, դեսպանին հանձնեց ԱԳՆ հուշամեդալ։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Յան Կելլիին (ԱՄՆ), Ժակ Ֆորին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:
Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլին և հետագա քայլերին վերաբերող հարցեր:
Մայիսի 24-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին և Յան Քելիին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննարկեցին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու հնարավոր ուղիները:
Համանախագահները նախարար Նալբանդյանին ներկայացրեցին Բաքվում ունեցած հանդիպումների տպավորությունները:
Էդվարդ Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրեց բանակցային գործընթացի էությունն ու բնույթը խեղաթյուրող ադրբեջանական կողմի շարունակական հայտարարությունների վրա, որոնք չեն նպաստում գործընթացի առաջխաղացմանը:
Այսօր ՀՀ ԱԻ նախարարություն էին այցելել Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչները։ ԱԻՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ այցի հիմնական նպատակն էր քննարկել ԱԻ նախարարության և Ասիական զարգացման բանկի միջև համագործակցության ուղղությունները։
ՀՀ ԱԻ փոխնախարար Հայկարամ Մխիթարյանի հետ հանդիպման ընթացքում բանկի ներկայացուցիչ նշեց, որ իրենք շատ են կարևորում աղետներին պատրաստվածության խնդիրները` մասնավորապես մեծ ուշադրություն դարձնելով սեյսմիկ անվտանգության հետ կապված հարցերին։
Փոխնախարար Հ. Մխիթարյանը, ողջունելով հյուրերին, նշեց, որ դեռևս անցյալ տարի կայացած հանդիպումից հետո ԱԻՆ ՍՊԾ գործակալությունը 2 ծրագիր էր մշակել. մեկը դպրոցներում երկրաշարժի դեպքում վարքականոնների վերաբերյալ ուսուցում անցկացնելու, մյուսը` Երևանի հատուկ և կարևոր նշանակության օբյեկտների սեյսմիկ խոցելությունը գնահատելու մասին:
ՍՊԾ գործակալության պետ Հ. Պետրոսյանը հավելեց, որ ծրագրերը փորձաքննություն են անցել և հաստատվել կառավարության կողմից։
Հայաստանում Ասիական զարգացման բանկի մշտական ներկայացուցիչ Դեյվիդ Դոուլը, ընդգծելով, որ իրենք մեծ նշանակություն են տալիս սեյսմիկ պաշտպանության բնագավառին և տեղեկացնելով, որ բանկն արդեն տեխնիկական աջակցության ծրագիր է իրականացնում ՀՀ 4 քաղաքում (Գյումրի, Վանաձոր, Դիլիջան, Ջերմուկ), առաջարկեց այդ ծրագրերի իրականացումը սկսել հենց այդ քաղաքներից, իսկ հաջողության դեպքում հետագայում տարածել նաև մյուս մարզերի վրա։ Ըստ այդմ` նախատեսվում է նշված քաղաքներում իրականացնել դպրոցների, հիվանդանոցների և պետական կառավարման մարմինների շենքերի սեյսմիկ խոցելիության գնահատում։
Պարոն Դոուլն առաջարկեց նման պիլոտային ծրագիր իրականացնել նաև մայրաքաղաքի դպրոցներից մեկում, որից հետո անհրաժեշտության դեպքում իրականացնել շենքի ամրացում և կազմակերպել աշակերտների ու անձնակազմի ուսուցում։ Արդյունքների վրա հիմնվելով` հնարավոր կլինի մշակել ավելի լայնածավալ նախագիծ։ Այս առաջարկները ներկայացվել են ԱԶԲ ղեկավարությանը և ստացել նախնական համաձայնություն։
ԱԻ փոխնախարար Հ. Մխիթարյանը հավաստեց, որ ԱԻ նախարարությունը պատրաստ է համագործակցության և հնարավորինս կաջակցի ծրագրերի արդյունավետ իրականացմանը։
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սեյֆ Մուհամմադ ալ Զաաբին (նստավայրը՝ Թեհրան):
Նախագահը շնորհավորել և հաջողություններ է մաղթել ԱՄԷ նորանշանակ դեսպանին: Սերժ Սարգսյանը և դեսպան Սեյֆ Մուհամմադ ալ Զաաբին քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու և խորացնելու հնարավորությունները: Զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ պատմականորեն ձևավորված հայ և արաբ ժողովուրդների բարեկամությունը, երկու երկրների ղեկավարների միջև ջերմ հարաբերությունները ամուր հիմք են ստեղծել քաղաքական ակտիվ երկխոսության համար:
Հանրապետության Նախագահը և ԱՄԷ դեսպանը կարևորել են առաջիկայում հայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացումն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկումը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև դիվանագիտական շփումների ակտիվացման կարևորությանը:
Շնորհավորում եմ ձեզ ձեր կյանքի ամենահիշարժան օրերից մեկի՝ դպրոցական վերջին զանգի օրվա կապակցությամբ: Օր, որի հետ կապված հիշողությունները ձեզ ուղեկցելու են ամբողջ կյանքի ընթացքում:
Դուք այսօր ձեր առաջին քայլն եք կատարում մեծ կյանքի ճանապարհին և, ինչ ուղղությամբ էլ որ ընթանա ձեր ուղին, շատ կարևոր է, որ միշտ հիշեք, որ դուք հաղթանակած սերնդի ժառանգորդ եք ու պարտավոր եք ոչ միայն պահպանել, այլև զարգացնել ու հարստացնել բոլոր այն ձեռքբերումները, որոնք ձեզ է փոխանցվել մեծ դժվարությունների նաև բազում կյանքերի գնով:
Վստահ եմ, որ ոչ միայն պահպանելու եք, այլև նոր որակներ եք հաղորդելու մեր ազգային այն արժեքներին, որոնք, դարեդար անցնելով, ձեր ծնողների և ուսուցիչների շնորհիվ փոխանցվել են ձեզ՝ դրանք հարստացած տեսնելու հավատով։
Հավատացեք, որ մենք՝ ավագներս, ոգևորվում ենք ձեր յուրաքանչյուր հաջողությամբ և համոզված ենք, որ դուք բավարար ուժ ու կամք ունեք հաղթահարելու ցանկացած դժվարություն և ձեր ներդրումն եք ունենալուք մեր երկիրի բարօրության ու մեր սիրելի մայրաքաղի շենացման ու այն ավելի լավը դարձնելու գործում։
Մեկ անգամ ևս շնորհավորելով ձեզ դպրոցն ավարտելու կապակցությամբ, ուզում եմ միշտ հիշեք, որ գիտելիքների, կյանքի ճշմարիտ դասերի, մեծ ու փոքր հաջողությունների համար բոլորս առաջին հերթին պարտական ենք մեր մանկավարժներին. խորին հարգանքով իմ շնորհակալության խոսքն եմ ուղղում նրանց՝ իրենց հայրենանվեր աշխատանքի համար: Համոզված եմ, որ դուք իրականություն կդարձնեք ձեզ հետ կապված նրանց, և իհարկե նաև ձեր ծնողների բոլոր հույսերն ու երազանքները։
Բարի ե՛րթ ձեզ, երջանկություն և նորանոր բարձունքների նվաճում եմ մազթում ձեզ, իմ պատանի բարեկամներ։
Մայիսի 23-ին Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Միացյալ արաբական էմիրությունների նորանշանակ դեսպան Սայիֆ Մոհամմեդ Ալ Զաաբիին(նստավայրը՝ Թեհրան)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ դեսպանը իր կարևոր ներդրումը կունենա Հայաստանի և ԱՄԷ-ի միջև համագործակցության հետագա զարգացման գործում: Նախարար Նալբանդյանը նաև հավելեց, որ Հայաստանը բարձր է գնահատում երկու երկրների և ժողովուրդների միջև ձևավորված հարաբերությունները և պատրաստակամություն հայտնեց աջակցել դեսպանին դրանց առավել ամրապնդման և ընդլայնմանն ուղղված նրա առաքելության մեջ։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Ալ Զաաբիին նշեց, որ Արաբական միացյալ էմիրությունները կարևորում է հարաբերությունների զարգացումը Հայաստանի հետ և վստահեցրեց, որ ջանքեր չի խնայի այդ ուղղությամբ:
Նախարար Նալբանդյանն ու դեսպան Ալ Զաաբիին քննարկեցին քաղաքական երկխոսության ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման նպատակով իրականացվելիք քայլերը։
Զրուցակիցներն արձանագրեցին, որ հայ-էմիրաթյան առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման բնագավառում մեծ ներուժ կա, որի օգտագործման համար հարկավոր են երկուստեք գործուն քայլեր։ Այս համատեքեստում նշվեց հայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի ձևավորման կարևորությունը։
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Երևանում Էմիրությունների դեսպանության բացման անհրաժեշտությանը։
Մայիսի 23-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կազմակերպած Եվրոպայի օրվան նվիրված համերգ, որին ներկա էին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն, առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, նախարարներ, ԱԺ պատգամավորներ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ։
Համերգին ողջույնի խոսքով հանդես եկավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ով մասնավորապես ասաց.
«Աշխարհում բացառիկ են այն տոները, որոնք միավորում են մի քանի տասնյակ ժողովուրդների` խորհրդանշելով նրանց խաղաղ, անվտանգ, ազատ և բարեկեցիկ ապրելու, համատեղ արժեքների վրա կառուցված ապագա կերտելու երազանքը, կամքը և վճռականությունը:
Երկու դաժան աշխարհամարտերից հետո, անիրական երազանք թվացող խաղաղ և միասնական Եվրոպայի ստեղծումն այսօր դարձել է անշրջելի իրականություն: Դրանում մեծ է եվրոպական ժողովուրդների և առաջնորդների ավանդը, նրանց հավատն ու համարձակ տեսլականը:
Ինչպես Հայաստանի Նախագահն է նշել. «Հայ ժողովուրդը եվրոպական քաղաքակրթության անբաժանելի մասն է իր անցյալով, մշակույթով, ի վերջո՝ իր ներկա նպատակադրումներով և իղձերով»:
Մենք մեծապես կարևորում ենք Եվրոպական միության հետ հարաբերությունների շարունակական զարգացումը: Այս առումով Արևելյան գործընկերությունը լավ հնարավորություններ է ընձեռում քաղաքական երկխոսությունը և առևտրատնտեսական կապերը զարգացնելու համար:
Ընդամենը մեկ շաբաթ առաջ Հայաստանը ստանձնեց Եվրոպայի ամենահին կառույցի՝ Եվրոպայի խորհրդի նախագահությունը, որի առաջնահերթություններն ուղղված են եվրոպական մայրցամաքում ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ամրապնդմանը:
Հայաստանը պատվով է ստանձնել այդ կարևոր առաքելությունը և վճռական է նպաստելու այն արժեքների ամրապնդմանը, որոնք կազմում են եվրոպական քաղաքակրթության և եվրոպական միասնության հիմքը:
Վերստին շնորհավորում եմ Եվրոպայի օրվա տոնի կապակցությամբ»։
Մայիսի 23-ին Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ռուսաստանի նորանշանակ դեսպան Իվան Վոլինկինին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ և հաջողություն մաղթելով նրան իր առաքելության մեջ՝ նախարար Նալբանդյանն ասաց. «Մեր ժողովուրդներին կապում են բազմադարյա բարեկամությունն ու փոխվստահությունը, և հենց այդ հենքի վրա ենք մենք այսօր կառուցում ապագան՝ հետևողականորեն ամրապնդելով դաշնակցային հարաբերությունները, որոնք տարեց տարի դառնում են առավել հագեցած՝ ընդգրկելով համագործակցության նոր հեռանկարային ուղղություններ։ Հարաբերությունների զարգացումն ապահովվում է շարունակական և հետևողական աշխատանքի շնորհիվ, որն իրականացվում է թե Հայաստանում, թե Ռուսաստանում` բոլոր մակարդակներով՝ համաձայն երկու երկրների Նախագահների պայմանավորվածությունների և տրված հանձնարարականների»։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Վոլինկինը վստահեցրեց, որ կանի առավելագույնը` բոլոր բնագավառներում ներկայիս բարձր մակարդակի հայ-ռուսական փոխգործակցության առավել ամրապնդման և խորացման համար:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորեց Հայաստանի և Ռուսաստանի դեսպանների դերակատարությունը` համագործակցության զարգացման վերաբերյալ երկու երկրների միջև պայմանավորվածությունների իրականացման գործում։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոնֆերանսի նախագահ Կատալին Ռադուին:
Նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում և ընդգծել, որ Հայաստանը կարևորում է Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոնֆերանսի դերը համաշխարհային և եվրոպական ավիացիայի զարգացման ու անվտանգության ապահովման գործում: Սերժ Սարգսյանի խոսքով, հատկապես արտաքին աշխարհի հետ ցամաքային ճանապարհով սահմանափակ հաղորդակցման հնարավորություններ ունեցող մեր երկրի համար ավիացիան կրկնակի կարևորություն ունի:
Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոնֆերանսի նախագահ Կատալին Ռադուն գոհունակությամբ է խոսել Հայաստանի քաղաքացիական ավիացիայի հետ իր գլխավորած կազմակերպության համագործակցության մասին, ընդգծելով, որ Հայաստանի քաղաքացիական ավիացիան առաջատարների շարքում է միջազգային չափանիշների կիրարկման բնագավառում:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանում քաղաքացիական ավիացիայի անվտանգության և ապահովության մակարդակի բարձրացման խնդիրների շուրջ:
Մայիսի 22-ին Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Սարգիս Ղազարյանն իր հավատարմագրերը հանձնեց Իտալիայի Հանրապետության նախագահ Ջորջիո Նապոլիտանոյին:
Իտալիայի նախագահական պալատում տեղի ունեցած հանդիսավոր արարողությանը հետեւեց նախագահ Նապոլիտանոյի եւ դեսպան Ղազարյանի առանձնազրույցը:
Շնորհավորելով դեսպան Ղազարյանին նշանակման կապակցությամբ՝ նախագահ Նապոլիտանոն իր գոհունակությունն արտահայտեց երկու երկրների միջեւ հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակի առնչությամբ եւ համոզմունք հայտնեց, որ Հայաստանի նորանշանակ դեսպանն իր կարեւոր ներդրումը կունենա Հայաստանի եւ Իտալիայի միջեւ բոլոր տեսակի կապերի էլ ավելի ամրապնդման գործում:
Դեսպան Ղազարյանը, շնորհակալություն հայտնելով նախագահ Նապոլիտանոյին ջերմ ընդունելության համար, նշեց, որ Հայաստանը կարեւորում է Իտալիայի հետ համակողմանի համագործակցության զարգացումը, եւ, որ ինքը որպես դեսպան ջանքեր չի խնայի երկու պետությունների միջեւ բազմակողմ հարաբերությունների հետագա զարգացման համար:
Կողմերը համոզմունք հայտնեցին առ այն, որ առկա են բոլոր նախադրյալները` երկու երկրների եւ բարեկամ ժողովուրդների միջեւ բազմադարյա պատմության նոր էջ բացելու համար:
Շուրջ կես ժամ տեւած զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաեւ հայ-իտալական քաղաքական օրակարգի, այդ թվում՝ նաեւ բարձր մակարդակով փոխադարձ այցելություններին վերաբերող հարցերին, երկկողմ տնտեսական եւ մշակությային համագործակցությանը, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Հայաստան-ԵՄ հարաբերություններին, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային մի շարք խնդիրներին: