Օգոստոսի 7-ին լրանում է ասորիների ցեղասպանության 100-ամյակը

Ռազմիկ ԽոսրոևՕգոստոսի 7-ին լրանում է ասորիների ցեղասպանության 100-ամյակը: Այս օրերին ասորական  համայնքների եկեղեցիներում պատարագներ են մատուցվում զոհերի հիշատակին:

«Շատ քչերը գիտեն, որ Թուրքիայում 850 հազար քրիստոնյա ասորի են սպանել նույն միջոցներով, ինչ հայերին: Այս տարի ամբողջ աշխարհում նշվում է Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյա տարելիցը: Շատ երկրներ, այդ թվում` Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, ուռճացնում են իրենց տված զոհերի մասին վիճակագրական տվյալները, այն դեպքում, որ ամենաշատ զոհեր այդ տարիներին տվել են հայերը և ասորիները. սպանվել է 1,5 մլն հայ և 850 հազար ասորի», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Աթուր» կազմակերպության անդամ Ռազմիկ Խոսրոևը: Նա նշեց, որ, եթե հայերի ցեղասպանությունը Թուրքիայում 20-ական թվականներին ավարտվեց, ապա ասորիների ցեղասպանությունը շարունակվում է: 1933թ.-ին Սեմել գյուղում անգլիացիների դրդմամբ դաժանաբար սպանվեց 300 հազար ասորի.«Այն, ինչ կատարվում է Մոսուլում` պատմական Նինվեի տարածքում, սարսափելի է: Իսլամիստները ասորիներին առաջարկել են կա՛մ դավանափոխ լինել, կա՛մ էլ մեծ հարկեր վճարել: Ասորիները ստիպված լքում են այն տարածքները, որտեղ ապրել են անհիշելի ժամանակներից», – նշեց Խոսրոևը:

Ամբողջ աշխարհում,  եղած տվյալների համաձայն, ապրում է մոտ 2,5 միլիոն ասորի: Սադամ Հուսեյնի օրոք միայն Իրաքում կար 2 մլն ասորի, ովքեր մշակութային բարձր վերելքի էին հասել, վերականգնել հին տաճարներ:  Ասորիների ցեղասպանությունը ընդունել են մի քանի երկրներ, որոնց շարքում են Շվեդիան, որտեղ մեծ համայնք կա, Ավստրալիան և «Ցեղասպանությունների միջազգային ասոցիացիան»:

Ռազմիկ Խոսրոևը ընդգծեց, որ  Հայաստանի Հանրապետությունը չի ճանաչել ասորիների ցեղասպանությունը, և անցած տարի էլ մերժել է համապատասխան օրենքը`  պատճառաբանելով, թե ձևակերպումն է սխալ:

Հայաստանում ասորիները քաղաքական խնդիրներ չունեն. նրանց հիմնական խնդիրները կրթամշակութային են. «Փորձել մեղադրել պետությանը չի կարելի, ընդհակառակը` ամբողջ կրթական համակարգը` ասորական լեզվի դասավանդումը, բոլորը վճարվում է և գտնվում է պետական հոգածության տակ: Արդեն 15 տարուց ավելի է՝ մեր դպրոցներում սովորում են գրել, կարդալ, պատմություն: Վերջին 15 տարում կրթական համակարգը բավականին զարգացել է», – ասաց Ռազմիկ Խոսրոևը:

Հայաստանի արևելքի ասորական կաթողիկոսության Սուրբ առաքելական եկեղեցու հոգևոր հայր Նիկադիմ Մուխանաևը պատմեց, որ ինքն ընդամենը մեկ տարի առաջ Իրաքում ուսանում էր, իսկ այսօր իր հայրենակիցներին վտարում են այնտեղից: Վերջին 2000 տարվա ընթացքում առաջին անգամ նախորդ երկու կիրակիներին Մոսուլում չեն հնչել եկեղեցու զանգերի ղողանջները. «Կոչ ենք անում գերտերություններին բացել աչքերը ու տեսնել. թե ինչ է կատարվում աշխարհում: Մեր հույսը միայն Աստծո վրա է, և աղոթում ենք, որ Աստված գթությամբ լցնի վայրագների հոգիները»,- ասաց նա:

 Անկախ

Tags: , ,