Բելառուսի գործընկերները ծանոթացել են Պետռեգիստրի աշխատանքներին

IMG_4872

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն օգոստոսի 12-ին ընդունել է Բելառուսի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի միասնական պետական ռեգիստրի պետ Դմիտրի Կովալենկոյին և իրավախորհրդատու Իննա Լեուսին:

Բելառուսի գործընկերները Հայաստանում են եռօրյա այցով, որի ընթացքում նախատեսվում է փորձի փոխանակում ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության հետ: Դմիտրի Կովալենկոն նախարարին է փոխանցել Բելառուսի Հանրապետության արդարադատության նախարար Օլեգ Սլիժևսկիի ողջույնները և առաջիկայում հանդիպելու վերաբերյալ ցանկությունը: Բելառուսի ռեգիստրի պետը շնորհակալություն է հայտնել նախարարին իրենց խնդրանքը չմերժելու և գործընկերային ձևաչափով Հայաստանի պետռեգիստրի աշխատանքներին ծանոթանալու նպատակով անհրաժեշտ պայմաններ ստեղծելու համար:

новый коллаж

Նախարարը հյուրերին մաղթել է արդյունավետ աշխատանք՝ հորդորելով քննարկումների ժամանակ վեր հանել ոչ միայն դրականը, այլև փոխանակվել երկու երկրների ռեգիստրի համակարգում առկա խնդիրներով և միասին փորձել լուծումներ գտնել: Այնուհետև հյուրերը փոխնախարար Արման Թաթոյանի և նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի հետ այցելել են ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն, ծանոթացել աշխատանքի կազմակերպման մեթոդներին, էլէկտրոնային գրանցման հնարավորություններին: Պետական ռեգիստրի գործակալության պետի տեղակալ Արմեն Մաշինյանը, Գրանցման բաժնի պետ Արմեն Առաքելյանն ու Վերակազմակերպման և հիմնադրամների գրանցման բաժնի պետ Գագիկ Մկրտչյանը հյուրերին հանգամանորեն ներկայացրել են էլեկտրոնային գրանցման կարգն ու ընթացակարգերը:  Բելառուսական պատվիրակության ներկայացուցիչները անդրադարձել են իրենց երկրում գործող պետական ռեգիստրի վարման ձևերին ու եղանակներին:

Գործընկերները քննարկել են իրենց ամենօրյա աշխատանքում ծագող խնդիրները, ինչես նաև համեմատել ոլորտին առնչվող երկու երկրների օրենսդրական կարգավորումները: Երկուստեք մտքեր են փոխանակվել կատարելագործման մեխանիզմների ներդրման, օնլայն գրանցման արդյունավետության, տվյալների բազայի վարման վերաբերյալ:  Հատուկ ուշադրություն է դարձվել ոլորտում առկա համակողմանի հարցերին, որոնք, ըստ Արմեն Առաքելյանի, անընդհատ շտկվում են աշխատանքի ընթացքում: Խոսվել է նաև էլեկտրոնային համակարգի աշխատանքի տեխնիկական հնարավորությունների մասին, որոնք օգնում են բացահայտել և ուղղել առկա սխալները: Գործընկերների ուշադրության կենտրոնում է եղել նաև քաղաքացիների սպասարկման որակի կատարելագործման մեխանիզմների քննարկումը:

Tags: , , , ,