Հայ երիտասարդները մասնակցում են «Մաշուկ-2014» միջազգային երիտասարդական ֆորումին

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ հայաստանյան հասարակական կազմակերպությունների ակտիվ ներկայացուցիչներ և ուսանողներ օգոստոսի 4-17-ը Ռուսաստանի Դաշնության Պյատիգորսկ քաղաքում մասնակցում են «Մաշուկ-2014» միջազգային երիտասարդական ֆորումին։ Երկու փուլով անցկացվող ծրագրին մասնակցում է ԱՊՀ տարածաշրջանի, ինչպես նաև այլ երկրների 18-30 տարեկան 2500 երիտասարդ։

2

Հինգերորդ հոբելյանական «Մաշուկ» երիտասարդական համաժողովը սոցիալ-կրթական նախագիծ է, որն ուղղված է տնտեսական, կրթական, քաղաքական, գիտական և այլ ոլորտներում ակտիվ երիտասարդների ու երիտասարդական խմբերի նախաձեռնությունների բացահայտմանն ու աջակցմանը։

1

Համաժողովը նպատակ ունի ինտեգրել ակտիվ երիտասարդներին արդի խնդիրների լուծման գործընթացին։

Միջազգային երիտասարդական համաժողովում հայկական պատվիրակության ներկայացուցիչ Խաչիկ Զաքարյանը տեղեկացրեց, որ ծրագիրն ունի մի քանի թեմատիկ ուղղվածություն՝ քաղաքացիական նախաձեռնություններ և քաղաքականություն, կրթություն և դաստիարակություն, ինֆորմացիոն համակարգեր, տնտեսություն և ձեռներեցություն, զբոսաշրջություն, արվեստ և մշակույթ, որոնց շուրջ անցկացվում են քննարկումներ։ Մեր պատվիրակության անդամները քննարկումների ընթացքում ներկայացնում են նշված ոլորտներում Հայաստանում իրականացվող աշխատանքներն ու ձեռքբերումները։

Օգոստոսի 12-ին «Մաշուկ-2014» համաժողովի մասնակիցների հետ հանդիպել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։ Նա մասնակցել է թեմատիկ քննարկումներին և պատասխանել երիտասարդների հարցերին։

Tags: , ,